Համարը 
N 295-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2016.11.15/23(566) Հոդ.300
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
02.11.2016
Ստորագրող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.11.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.11.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60016362

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2 նոյեմբերի 2016 թ.

ք. Երևան

N 295-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել ջրային ոլորտում գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

1) 2005 թվականի ապրիլի 15-ի «Ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 40-Ն որոշումը,

2) 2012 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 15-ի N 40-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 205-Ն որոշումը,

3) 2012 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 15-ի N 40-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 434-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 2-ի

N 295-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից ջրային ոլորտում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման, լիցենզիայում փոփոխությունների կատարման ընթացակարգը և պայմանները:

2. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձը կարող է զբաղվել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիայի (այսուհետ` Լիցենզիա) հիման վրա, Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից և Լիցենզիայի գործողության ժամկետում:

3. Լիցենզիա չի պահանջվում, եթե լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացվում է`

1) բացառապես սեփական կարիքների համար.

2) համայնքների կամ համայնքային բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից:

4. Լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ և ամրագրվում Լիցենզիայում` ելնելով հետևյալ չափանիշներից.

1) լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքը սեփականության իրավունքով լիցենզավորվող անձին պատկանելու դեպքում` մինչև 25 տարի ժամկետով.

2) լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքը պայմանագրով լիցենզավորվող անձի տնօրինման կամ տիրապետման տակ գտնվելու դեպքում` մասնավոր կառավարման պայմանագրով նախատեսված ժամկետով:

5. Լիցենզիա ունեցող անձին (այսուհետ` լիցենզավորված անձ) իրավունք է տրվում և պարտավորեցվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, Լիցենզիայով, իրավական այլ ակտերով սահմանված դեպքերում ու կարգով խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններ մատուցել բաժանորդներին, իրականացնել խմելու ջրի մեծածախ վաճառք, ինչպես նաև իր սպասարկման տարածքում կառուցել, կառավարել, շահագործել, պահպանել, բարելավել և ընդլայնել ջրային համակարգը:

6. Այն դեպքում, երբ բաժանորդի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված է միայն խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցում կամ միայն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցում կամ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցում, ապա լիցենզավորված անձի կողմից ծառայությունների մատուցումը վերաբերում է միայն տվյալ ծառայությանը (ծառայություններին):

7. Լիցենզավորված անձն իրավունք չունի Լիցենզիան օտարել կամ այլ կերպ փոխանցել մեկ այլ անձի, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի և` պայմանով, որ նախապես ստացել է Հանձնաժողովի գրավոր թույլտվությունը:

8. Լիցենզավորված անձը պարտավոր է վարել այլ ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության առանձնացված հաշվապահական հաշվառում: Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորված գործունեությանը չառնչվող այլ ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության իրականացումը չպետք է վտանգի Լիցենզիայի պայմանների պատշաճ կատարումը:

9. Լիցենզիայի գործողությունը չի տարածվում լիցենզավորված անձի հետ համատեղ, այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող անձանց վրա:

10. Լիցենզիայի անբաժանելի մասն են համարվում լիցենզավորված գործունեության իրականացման պայմանները:

11. Լիցենզավորված գործունեության էությունը կազմող գործառույթները և սպասարկման տարածքը սահմանվում են Լիցենզիայով:

12. Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրամադրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով: Հայտատուի (լիցենզավորված անձի) կողմից պետական տուրքի վճարման և օրենքով սահմանված ժամկետում այն չվճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

13. Սույն կարգի իմաստով տեղեկացումը կամ փաստաթղթերի հանձնումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք հանձնվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով, կամ ստացականով:

 

2. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

14. Հայտատուի ներկայացրած հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում: Հայտը պետք է լրացված լինի համաձայն սույն կարգի N 1 հավելվածի և պարունակի սույն կարգի N 2 հավելվածով սահմանված փաստաթղթերը:

15. Հայտում ներառված տեղեկությունները պետք է հասանելի լինեն հանրությանը: Եթե հայտատուն միջնորդում է Հանձնաժողովին և հիմնավորում, որ հրապարակման ենթակա որոշակի տեղեկություններ կազմում են առևտրային գաղտնիք, և Հանձնաժողովն այդ փաստարկները համարում է հիմնավոր, ապա նման տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

16. Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

17. Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին:

18. Հանձնաժողովը, հայտում ոչ էական թերությունների (վրիպակների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում, դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները, որի դեպքում սույն կարգի 19-րդ և 21-րդ կետերով սահմանված ժամկետը երկարաձգվում է մինչև հայտատուի կողմից համապատասխան թերությունների վերացումը կամ դրա համար սահմանված ժամկետի ավարտը:

19. Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումները 10 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում են հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը և համապատասխանությունը սույն կարգի N 2 հավելվածին և օրենսդրության պահանջներին:

20. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե`

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին, կամ հայտատուն սույն կարգի 18-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները.

2) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով կամ գտնվում է սնանկության կամ լուծարման գործընթացում.

3) լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ լիցենզավորված անձին տրված իրավունքը կամ կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա գործունեության տեխնիկատնտեսական ցուցանիշների վրա:

21. Հանձնաժողովը հայտը ուսումնասիրության չընդունելու մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին` հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, որի դեպքում հայտը պահպանվում է Հանձնաժողովում:

22. Սկսած դիմողի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Հանձնաժողով ներկայացնելու պահից` Հանձնաժողովը 80 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է լիցենզիա տրամադրման հայտը և ընդունում հայտը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում:

23. Հայտատուն, Հանձնաժողովի կողմից հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի պատճառները վերացնելուց հետո, դրանք ներկայացնում է Հանձնաժողով: Այդ դեպքում հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 18-22-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:

24. Հանձնաժողովը հայտը մերժում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

25. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ հայտատուի` հաջորդ հայտերի քննարկման վրա:

26. Հանձնաժողովը Լիցենզիայի տրամադրման կամ հայտի մերժման մասին որոշման պատճենը որոշումն ընդունելուց հետո 3 օրվա ընթացքում ուղարկում է հայտատուին (լիցենզավորված անձին):

27. Լիցենզիա տրամադրելու մասին որոշումն ընդունելուց հետո Հանձնաժողովը 3 աշխատանքային օրվա ընթացքում Լիցենզիայի մեկ օրինակը հանձնում է լիցենզավորված անձին (ներկայացուցչին), իսկ նրա չներկայանալու դեպքում` Լիցենզիան պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում` մինչև լիցենզավորված անձի (ներկայացուցչի) ներկայանալը: Լիցենզիա ստացած անձի (ներկայացուցչի) ստորագրությամբ լիցենզիայի (լիցենզիայի պայմանների) ստացման կտրոնը` լրացված սույն կարգի N 4 հավելվածի համաձայն, պահվում է Հանձնաժողովում:

28. Հանձնաժողովում յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար կազմվում է անհատական գործ: Լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում անհատական գործը պահվում է Հանձնաժողովում` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

3. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

 

29. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման համար լիցենզավորված անձը լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից ոչ շուտ, քան 3 ամիս և ոչ ուշ, քան 25 աշխատանքային օր առաջ հայտով դիմում է Հանձնաժողով` նշելով հայցվող ժամկետը:

30. Հայտն իր մեջ պետք է պարունակի`

1) լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լիցենզավորված անձի հիմնավորումները,

2) Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթերի պատճենները,

3) ջրօգտագործման թույլտվության (թույլտվությունների) պատճենները,

4) լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքը պայմանագրով լիցենզավորվող անձի տնօրինման կամ տիրապետման տակ գտնվելու դեպքում` մասնավոր կառավարման պայմանագրի ժամկետի վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերը:

31. Մրցութային եղանակով ջրամատակարարման (ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման) համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման դեպքում հայտատուն սույն կարգի 30-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերի փոխարեն Հանձնաժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրով մասնավոր կառավարչին փոխանցված գույքի ցանկը:

32. Հանձնաժողովը, մինչև Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը, կայացնում է Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին որոշում կամ գրավոր մերժում է հայտը:

33. Հանձնաժողովը հայտը մերժում է, եթե`

1) Լիցենզավորված անձի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են կամ չեն համապատասխանում օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին.

2) Լիցենզավորված անձը, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

3) Լիցենզիան ստանալուց հետո անցած ժամանակահատվածում փոփոխվել են լիցենզավորման պայմանները, և հայտը չի բավարարում դրանց.

4) Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին.

5) Լիցենզիայով նախատեսված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի և ջրային ռեսուրսների նկատմամբ (ջրային ռեսուրսից օգտվելու) լիցենզավորված անձի իրավունքները դադարել են:

34. Եթե Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը տրվել է Լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հարցը քննվում է միայն կասեցումը վերացվելուց հետո:

 

4. ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

35. Լիցենզիայում փոփոխություններ կարող են կատարվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

36. Լիցենզավորված անձը Լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար դիմում է Հանձնաժողով` ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը և դրանք հիմնավորող փաստաթղթերը:

37. Հանձնաժողովը, դիմումն ստանալուց հետո 25 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է լիցենզավորված անձի Լիցենզիայի պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համապատասխան որոշում կամ գրավոր մերժում է դիմումը` սույն կարգի 20-րդ կետով սահմանված հիմքերով:

38. Հանձնաժողովի նախաձեռնությամբ Լիցենզիայում փոփոխություններ կատարվում են լիցենզավորված անձի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության օրենքների պատշաճ կատարումն ապահովելու համար:

39. Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է լիցենզավորված անձին` հիմնավորելով փոփոխությունների անհրաժեշտությունը:

40. Լիցենզավորված անձն իր դիրքորոշումը հայտնում է Հանձնաժողովի սահմանած ժամկետում` անհամաձայնության դեպքում ներկայացնելով իր հիմնավորումները:

41. Լիցենզիայի գործողության կասեցումը կամ դադարեցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

42. Ի լրումն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Լիցենզավորված անձի նախաձեռնությամբ լիցենզիայի գործողության կասեցման դեպքերի` լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ դիմումը Հանձնաժողովը կարող է մերժել նաև, եթե կասեցումը կարող է հանգեցնել ջրային ոլորտում հուսալիության և անվտանգության խաթարման:

 

5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

43. Լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման, կամ գտնվելու (բնակության) վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ ներկայացնել Հանձնաժողով` կցելով տեղեկություններ պետական գրանցման (հաշվառման) համարի վերաբերյալ:

44. Հայտը բավարարվում կամ մերժվում է Հանձնաժողովի կողմից ոչ ուշ, քան հայտն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

45. Հայտը մերժվում է, եթե`

1) Լիցենզավորված անձի ներկայացրած փաստաթղթերը թերի են կամ չեն համապատասխանում օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին.

2) Լիցենզավորված անձը օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից:

 

Հավելված N 1
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 2-ի
N 295-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական (ֆիզիկական) անձի անվանումը (անունը, ազգանունը)

_________________________________________________________________________________

2. Գտնվելու վայրը (բնակության հասցեն)

_________________________________________________________________________________

3. Հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն

_________________________________________________________________________________

4. Պետական գրանցման (հաշվառման) համարը

________________________________________________________________________________

5. Գործունեության տեսակը

_________________________________________________________________________________

6. Լիցենզիայի հայցվող ժամկետը

_________________________________________________________________________________

7. Կից ներկայացվում է`

1) ________________________________________________________________________

2) ________________________________________________________________________

3) ________________________________________________________________________

4) ________________________________________________________________________

5) ________________________________________________________________________

8. Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ

___________________________________________ «__» ________ 20__ թվական

(պաշտոն, անուն, հայրանուն, ազգանուն)

 

Հավելված N 2
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 2-ի
N 295-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայտատուն հայտի հետ միասին Հանձնաժողով է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) Գործարար ծրագիր կամ մրցութային եղանակով ջրամատակարարման (ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման) համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրի պատճենը,

2) Ջրօգտագործման թույլտվության (թույլտվությունների) պատճենը (ները),

3) Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթերի պատճենները,

4) Լիցենզավորված գործունեությունն իրականացնելու սպասարկման տարածքի ցանկը,

5) Հայտարարություն մամուլում` առնվազն 2000 տպաքանակ ունեցող 2 թերթերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային հttp://www.azdarar.am/ կայքում` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի:

2. Մրցութային եղանակով ջրամատակարարման (ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման) համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման դեպքում հայտատուն սույն հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերի փոխարեն Հանձնաժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրով մասնավոր կառավարչին փոխանցված գույքի ցանկը:

Հավելված N 3
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 2-ի
N 295-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

 

_________________________________________________________________________________

(Լիցենզավորվող անձի անվանումը)

 

դիմել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`

 

_________________________________________________________________________________

(լիցենզավորվող գործունեության սպասարկման տարածքը)

 

_________________________________________________________________________________

(լիցենզավորվող գործունեության տեսակը)

 

ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար:

_________________________________________________________________________________

(Լիցենզավորվող անձի գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսը, էլեկտրոնային փոստը)

 

Հավելված N 4
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 2-ի
N 295-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 20__ թվականի __________ «___»-ի N____ Ա որոշում

2. Լիցենզավորված գործունեության տեսակը

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

3. Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը «___»_____________20 __ թվական

4. Լիցենզիայի համարը N_________

5. Ստացված էջերի քանակը` ________________

6. Լիցենզավորված անձի անվանումը (անունը, ազգանունը)

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

7. Լիցենզիա ստացող անձի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

8. Լիցենզիան ստացվել է` «____»________________20__ թվական

9. Լիցենզիա ստացողի ստորագրությունը _______________________________________