Համարը 
ՀՕ-264
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2001.12.25/41(173) Հոդ.998
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.11.2001
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.12.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.12.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2001 թվականի նոյեմբերի 20-ին

ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը կարգավորում է ազգաբնակչության էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, իրավական, կազմակերպական և ֆինանսատնտեսական հիմքերը:

Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու` մարդու սահմանադրական իրավունքի և կարևորագույն պետական խնդրի` էկոլոգիական ապահովման նպատակով շրջակա բնական միջավայրի պահպանության գործում յուրաքանչյուրի սահմանադրական պարտականությունների իրականացումը պահանջում է քաղաքացիների էկոլոգիական բարձր կուլտուրա, որը ձեռք է բերվում էկոլոգիական անընդմեջ կրթության ընթացքում:

Գ Լ ՈՒ Խ  1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

պետական քաղաքականությունը ազգաբնակչության էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում` պետական կառավարման լիազորված մարմինների գործունեությունն է` նպատակաուղղված ազգաբնակչության էկոլոգիական անընդմեջ կրթության իրականացման պայմանների ստեղծմանը, պետական մարմինների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և ֆիզիկական անձանց գործունեությանը, անձի և հասարակության էկոլոգիական կուլտուրայի ձևավորմանը.

էկոլոգիական կրթություն` անընդմեջ գործընթաց է` նպատակաուղղված անձին և ազգաբնակչությանը էկոլոգիական գիտելիքների ուսուցմանը, էկոլոգիական դաստիարակությանը, էկոլոգիական կուլտուրայի արմատավորմանը, բնապահպանության և բնօգտագործման բնագավառում նրանց ճիշտ և խելամիտ կողմնորոշմանը, ունակությունների դրսևորմանը և վարքագծի ձևավորմանը.

էկոլոգիական դաստիարակություն` էկոլոգիական կուլտուրայի հիմքն ու անբաժանելի մասն է, շրջակա միջավայրի նկատմամբ բարոյագիտակցական վերաբերմունքի մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված անընդմեջ, համակարգված գործընթաց, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ձեռք բերել գիտելիքներ և կարողություններ, ձևավորել հմտություններ և բացահայտել ունակություններ, դրսևորել բարոյական չափանիշներ և վարքագիծ` բնության հետ փոխներգործության ընթացքում.

էկոլոգիական գիտելիք` հասարակական իմացության այն ոլորտն է, որը նպատակաուղղված է շրջահայաց բնօգտագործմանն ու մարդու առողջության համար անվտանգ շրջակա բնական միջավայրի ապահովմանը.

էկոլոգիական գիտելիքների նվազագույն` հասարակության ամեն մի անձին անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալը, որը ծառայում է անվնաս ու սակավաթափոն արտադրության, բնական պաշարների և էներգիայի խնայողության, տնտեսական և այլ գործունեության, ինչպես նաև շրջակա բնական միջավայրի վերականգնման և դրա նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորման նպատակին.

էկոլոգիական մշակույթ՝ մարդու և բնության ներդաշնակ փոխազդեցության զարգացման մակարդակ, որը բնութագրվում է մարդկության կողմից էկոլոգիական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման գիտակցությամբ ու գիտական հիմնավորվածությամբ, ինչը նպաստում է առողջ ապրելակերպին, սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, երկրի և յուրաքանչյուր անձի էկոլոգիական անվտանգությանը, սերունդների համերաշխությանը՝ օգտագործելով բնության հնարավորությունները:

(1-ին հոդվածը խմբ. 07.02.17 ՀՕ-42-Ն)

 

Հոդված 2. ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից և իրավական այլ ակտերից:

 

Հոդված 3. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ և ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական անընդմեջ կրթության օրենքի նպատակն է`

ա) ապահովել մարդու և հասարակության անընդմեջ, համալիր, միասնական էկոլոգիական գիտելիքների մատուցումը.

բ) նպաստել էկոլոգիական դաստիարակության և կուլտուրայի ձևավորմանը, մարդու, հասարակության ու շրջակա բնական միջավայրի փոխներգործությունների ներդաշնակմանը, համակողմանիորեն զարգացած անձի ձևավորմանը:

Օրենքի խնդիրներն են`

ա) էկոլոգիական գիտելիքների հաղորդման իրավունքի ապահովումը և պաշտպանումը.

բ) ազգաբնակչության էկոլոգիական ուսուցման, դաստիարակման և էկոլոգիական կուլտուրայի ձևավորման ու զարգացման իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական, հոգեբանական և այլ երաշխիքների ապահովումը.

գ) գոյություն ունեցող տեղեկատվական ու կրթական կառույցների համակարգում առաջադրված խնդիրների կենսագործման մեխանիզմների ապահովումը:

 

Հոդված 4.

Պետական քաղաքականության սկզբունքները էկոլոգիական անընդմեջ կրթության և դաստիարակության ոլորտներում

(վերնագիրը խմբ. 07.02.17 ՀՕ-42-Ն)

 

Էկոլոգիական անընդմեջ կրթության և դաստիարակության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝

ա) քաղաքացու էկոլոգիական գիտելիքների անհրաժեշտ նվազագույնն ստանալու պետական երաշխիքի ապահովումը.

բ) էկոլոգիական կրթության և դաստիարակության պարտադիր լինելը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, դրա շարունակականությունը և համալիր բնույթը.

գ) էկոլոգիական կրթության և դաստիարակության հարցերի ընդգրկումը էկոլոգիական նպատակային և ճյուղային բոլոր պետական ծրագրերում.

դ) էկոլոգիական կրթության և դաստիարակության ուղղվածությունը շրջակա բնական միջավայրի պահպանության խնդիրների լուծման ընթացքում.

ե) մշակույթների ու ավանդույթների բազմաձևության ապահովումը, ազգային կոլորիտի պահպանումը՝ որպես էթնոէկոլոգիական համակարգ.

զ) միասնական` բնագիտական ու մշակութաբանական փոխադարձաբար կապված արժեքների ձևավորումը մարդու և բնության համար:

(4-րդ հոդվածը խմբ. 07.02.17 ՀՕ-42-Ն)

 

Հոդված 5. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

 

Պետության էկոլոգիական կրթական և տեղեկատվական դաշտի մասն են կազմում զանգվածային տեղեկատվական միջոցների համակարգը, մարդկային գործունեության տարբեր ոլորտների (արտադրություն և ծառայություններ), մշակույթի և հանգստի, զբոսաշրջության և սպորտի, բնական (արգելոցներ, արգելավայրեր, բնական հուշարձաններ, ազգային պարկեր) և պատմաճարտարապետական համալիրների, քաղաքային և գյուղական տարածքների օբյեկտները, որոնք կրթական հաստատությունների ցանցի հետ նպատակաուղղված են ստեղծելու համապատասխան պայմաններ հասարակության և անհատի էկոլոգիական կուլտուրայի ձևավորման համար:

Սույն օրենքը տարածվում է պետական մարմինների, պետական և հասարակական կազմակերպությունների և միավորումների վրա, որոնք իրականացնում են կրթական, արտադրական, բնօգտագործման գործունեություն, զանգվածային տեղեկատվական համակարգի, ինչպես նաև անհատների և հասարակության այն շերտերի վրա, որոնք զբաղվում են էկոլոգիական կրթության հարցերով:

 

 Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

 

Հոդված 6. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգը Հայաստանի Հանրապետության միասնական կրթական համակարգի բաղադրիչն է: Այն պետական կրթական չափորոշիչների, կրթական հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի և ուղղվածության կրթական ծրագրերի, դասընթացների, ուսումնական հաստատությունների և կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջությունն է:

 

Հոդված 7. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Էկոլոգիական անընդմեջ կրթությունը ներառում է հետևյալ մակարդակները.

ա) նախադպրոցական էկոլոգիական կրթություն և դաստիարակություն (էկոլոգիական կրթությունն ընտանիքում և նախադպրոցական հաստատություններում).

բ) միջնակարգ էկոլոգիական կրթություն.

գ) միջին մասնագիտական էկոլոգիական կրթություն.

դ) բարձրագույն մասնագիտական էկոլոգիական կրթություն.

ե) հետբուհական էկոլոգիական կրթություն.

զ) հասարակության լայն խավերի էկոլոգիական կրթություն և դաստիարակություն, այդ թվում` զինված ուժերում:

Կրթության համակարգի բոլոր օղակներում էկոլոգիական ուղղվածության առարկաների դասավանդումն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:

 

Հոդված 8. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

Էկոլոգիական կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպման հիմքը էկոլոգիական կրթության պետական համալիր ծրագիրն է:

Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական կրթությունն իրականացվում է միասնական պետական ծրագրերով: Դրանք մշակում են պետական կառավարման լիազորված մարմինները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները: Հասարակական կազմակերպությունների իրավասությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Ծրագրերը մշակվում են պետական չափորոշիչների պահանջներին համապատասխան:

 

Հոդված 9. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության էկոլոգիական կրթության պետական համալիր, նպատակային, ճյուղային, տարածքային պետական ծրագրերի իրականացման, ֆինանսավորման և արտոնագրման հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Էկոլոգիական կրթության պետական ծրագրերի իրականացման ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 10. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Էկոլոգիական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

ա) այդ բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումն ու դրանց կենսագործման համար պայմանների ստեղծումը, հանրապետական մակարդակով էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի կազմակերպումը.

բ) էկոլոգիական կրթության պետական համալիր ծրագրի և էկոլոգիական կրթության հարցեր բովանդակող նպատակային և ճյուղային պետական այլ ծրագրերի մշակումն ու կենսագործումը.

գ) մասնակցությունը միջազգային էկոլոգիական կրթական ծրագրերի մշակմանը.

դ) էկոլոգիական կրթության կազմակերպման հարցերի վերաբերյալ կրթական հաստատությունների ու կազմակերպությունների գործունեության արտոնագրման և պետական հավատարմագրման կարգի սահմանումը.

ե) պետական ծառայողների և շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա վնասակար ազդեցություն ունեցող գործունեության հետ կապված մասնագետների, ինչպես նաև կրթության, առողջապահության, գիտության ու մշակույթի համակարգերի աշխատողների էկոլոգիական-մասնագիտական պատրաստվածության ստուգման և ատեստավորման կարգի սահմանումը.

զ) էկոլոգիական կրթության համակարգի համար մասնագետ-էկոլոգների, գիտական, մանկավարժական կադրերի և պետական ծառայողների պատրաստումն ու որակավորման բարձրացումը.

է) էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի տեղեկատվական ու գիտամեթոդական ապահովումը:

 

Հոդված 11. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում կարգավորվում են «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

Հոդված 12. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ

 

Էկոլոգիական կրթության բնագավառում հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիներն իրավունք ունեն`

ա) առաջարկություններ նախապատրաստել էկոլոգիական կրթության բնագավառում պետական քաղաքականության կատարելագործման ու իրագործման վերաբերյալ.

բ) մասնակցել էկոլոգիական կրթության հանրապետական նախագծերի մշակման մրցույթներին.

գ) մասնակցել էկոլոգիական կրթության բնագավառի միջազգային համագործակցության ծրագրերի նախապատրաստմանը:

Հասարակական կազմակերպությունները և քաղաքացիներն էկոլոգիական կրթության գործունեություն են իրականացնում պետական արտոնագրով, որն ստանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, էկոլոգիական կրթության պետական չափորոշիչներին համապատասխան:

Էկոլոգիական կրթության գործունեություն իրականացնող կազմակերպությունները և քաղաքացիներն իրավունք ունեն հայտ ներկայացնել և ստանալ էկոլոգիական հավաստի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կրթական գործընթացն իրականացնելու համար:

Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ էկոլոգիական կրթություն:

Ծնողները և նրանց փոխարինող անձինք պարտավոր են երեխաների մոտ դաստիարակել հոգատար և պատասխանատու վերաբերմունք բնության նկատմամբ:

 

Հոդված 13. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Էկոլոգիական կրթության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Միջազգային համագործակցությունն իրականացվում է պետական կառույցների բոլոր մակարդակներում` միջազգային համաձայնագրերին համապատասխան, ինչպես նաև կրթական հաստատությունների և ֆիզիկական անձանց հետ` պայմանագրերի միջոցով:

 

Հոդված 14. ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Օրենքի կիրարկման վերահսկողությունն իրականացնում են գործադիր իշխանության հանրապետական մարմինները, որոնք զբաղվում են կրթության, շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման հարցերով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում էկոլոգիական կրթության պետական ծրագրի իրականացման ընթացքի մասին:

 

Հոդված 15. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
           Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
17 դեկտեմբերի 2001 թ.
ՀՕ-264