Համարը 
ՀՕ-159-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2004.12.28/72(371) Հոդ.1480
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.11.2004
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 24-ին

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1.

ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է թափոնների հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, ծավալների կրճատման և դրանց հետ կապված այլ հարաբերությունների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման իրավական և տնտեսական հիմքերը:

 

ՀՈԴՎԱԾ 2.

ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԸ և ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման ընթացքում գոյացած թափոնների գործածության վրա:

2. Օրենքի գործողությունը չի տարածվում`

ա) ռադիոակտիվ թափոնների,

բ) հոսքաջրերին խառնվող և բնական ջրատարներ թափվող նյութերի,

գ) արտանետման աղբյուրներից անջատվող գազային խառնուրդների հետ մթնոլորտ արտանետվող նյութերի,

դ) (կետն ուժը կորցրել է 22.06.15 ՀՕ-105-Ն)

Սույն մասով նախատեսված` թափոնների գործածության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:

3. Սույն օրենքի գործողությունը ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների մշակման հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում է այնքանով, որքանով չի հակասում Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված կարգավորումներին:

(2-րդ հոդվածը փոփ. 22.06.15 ՀՕ-105-Ն, լրաց. 18.10.16 ՀՕ-163-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 3.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների գործածության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(3-րդ հոդվածը փոփ. 22.06.15 ՀՕ-105-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 4.

ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոններ (այսուհետ` թափոններ)` արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) կամ սպառման ընթացքում գոյացած հումքի, նյութերի, արգասիքների, այլ արտադրանքի կամ մթերքի մնացորդներ, ինչպես նաև ապրանքներ (արտադրանք), որոնք կորցրել են իրենց սկզբնական սպառողական հատկությունները.

թափոններ առաջացնող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որի գործունեության ընթացքում գոյանում են թափոններ.

թափոնների գործածություն` գործողություններ, որոնք ուղղված են թափոնների գոյացման կանխարգելմանը, դրանց հավաքմանը, փոխադրմանը, պահմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, հեռացմանը, վնասազերծմանը և թաղմանը.

վտանգավոր թափոններ` թափոններ, որոնք իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով վտանգ են ստեղծում կամ կարող են ստեղծել մարդու առողջության և շրջակա միջավայրի համար, և պահանջվում են դրանց հետ վարվելու հատուկ մեթոդներ, եղանակներ, միջոցներ.

թափոնների հավաքում` գործունեություն, որը կապված է թափոնների հեռացման և հատուկ հատկացված տեղերում կամ օբյեկտներում դրանց տեղադրման հետ, ներառյալ` թափոնների տեսակավորումը` հետագա օգտահանման կամ հեռացման նպատակով.

թափոնների պահում` թափոնների ժամանակավոր տեղադրում հատուկ հատկացված տեղերում կամ օբյեկտներում` դրանց հետագա օգտահանման կամ հեռացման նպատակով.

թափոնների օգտագործում` թափոնների կիրառումն ապրանքների արտադրության, էներգիայի ստացման կամ այլ նպատակներով.

թափոնների մշակում, վերամշակում` տեխնոլոգիական գործողությունների իրականացում, որոնք կապված են թափոնների ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկությունների փոփոխման հետ.

թափոնների օգտահանում` թափոնների օգտագործում` որպես երկրորդային նյութական կամ էներգետիկ ռեսուրս.

թափոնների հեռացում` թափոնների հետ կապված գործողություններ, որոնք չեն հանգեցնում դրանց օգտահանմանը.

թափոնների վնասազերծում` թափոնների վտանգավոր հատկությունների նվազեցում կամ վերացում մեխանիկական, ֆիզիկաքիմիական կամ կենսաբանական մշակման միջոցով.

թափոնների տեղադրում` թափոնների մեկուսացում, որը բացառում է թափոնների հետագա օգտագործումը և ուղղված է դրանց չեզոքացմանն ու շրջակա միջավայրում վտանգավոր նյութերի հետագա տարածման կանխարգելմանը.

թափոնների թաղում` թափոնների վերջնական տեղադրում հատուկ առանձնացված տեղերում կամ օբյեկտներում, որը բացառում է դրանց վտանգավոր ներգործությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.

թափոնների գործածության օբյեկտներ` թափոնների հավաքման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման և թաղման համար օգտագործվող տեղեր կամ օբյեկտներ.

հատուկ հատկացված տեղեր` թափոնների գործածության համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված վայրեր՝ թափոնների տեղաբաշխման տեղեր, պոլիգոններ, թափոնակուտակիչներ, աղբավայրեր, համալիրներ, շինություններ, արդյունաբերական հրապարակներ, պոչամբարներ, արտադրական լցակույտերի, մակաբացման ապարների տեղամասեր..

թափոնների փոխադրում` թափոնների տեղափոխում դրանց գոյացման կամ պահման վայրերից դեպի մշակման, օգտահանման կամ հեռացման վայրեր կամ օբյեկտներ.

թափոնների անդրսահմանային փոխադրում` թափոնների փոխադրում որևէ պետության տարածքից այլ պետության տարածք կամ որևէ պետության իրավասության ներքո չգտնվող տարածքով` պայմանով, որ թափոնների նման փոխադրումը առնչվում է առնվազն երկու պետության շահերի.

թափոնների պետական դասակարգիչ` թափոնների ծածկագրերի և անվանումների համակարգված ցանկ, որը նախատեսված է պետական կամ վարչական վիճակագրությունում օգտագործելու համար` թափոնների գոյացման, կուտակման, մշակման (վերամշակման), վնասազերծման և հեռացման մասին բազմակողմանի հիմնավորված տեղեկատվություն տրամադրելու նպատակով.

արտոնագրված աղբավայրեր` աղբավայրեր, որոնց գործունեության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կա թույլտվություն.

թափոնների տեղադրման սահմանաքանակ` որոշակի տեսակի թափոնների սահմանային թույլատրելի քանակ, որը օրենսդրությամբ սահմանված ձևով, որոշակի ժամկետով կարելի է տեղաբաշխել թափոնների տեղադրման օբյեկտներում` հաշվի առնելով տվյալ տարածքի էկոլոգիական իրավիճակը.

թափոնների գոյացման նորմատիվ` որոշակի տեսակի թափոնների սահմանաքանակ` արտադրանքի որոշակի միավորի ստացման դեպքում.

թափոնների անձնագիր` թափոնների տեսակը և վտանգավորության դասը հավաստող փաստաթուղթ, որը տեղեկություններ է պարունակում դրանց կազմի վերաբերյալ.

թափոնների տեսակ` թափոնների դասակարգման համակարգին համապատասխան` ընդհանուր հատկություններ ունեցող թափոնների խումբ.

թափոնների անձնագրավորում` ռեսուրսախնայման և թափոնների անվտանգ գործածությունն ապահովելու նպատակով թափոնների անձնագրի տվյալների հիման վրա իրականացվող` թափոնների նույնականացմանն ուղղված գործողություններ.

արգելված թափոններ` թափոններ, որոնց հետագա գործածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամրագրվի արգելման մասին որոշում.

թափոնների պետական կադաստր` թափոնների դասակարգչի, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրների, թափոնների և դրանց օգտահանման ու վնասազերծման տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալների ամբողջություն.

ընդերքօգտագործման թափոններ` օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման, վերամշակման և հարստացման արդյունքում առաջացած մակաբացման ապարներ և այլ թափոններ.

մակաբացման ապարներ` անքամարմինները կողքերից պարփակող և վրայից ծածկող, ինչպես նաև հանքամարմինների սահմաններում գտնվող դատարկ ապարներ և ոչ հաշվեկշռային պաշարներին դասվող օգտակար հանածոներ, որոնք ենթակա են դեպի հատուկ հատկացված տեղեր փոխադրման:

(4-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 22.06.15 ՀՕ-105-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 5.

ՕՐԵՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Օրենքի հիմնական խնդիրներն են`

ա) թափոնների գործածության ոլորտում պետական միասնական քաղաքականության հիմնական սկզբունքների սահմանումը.

բ) թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության վերաբերյալ հիմնական պայմանների, պահանջների և կանոնների, ինչպես նաև ռեսուրսախնայողության համար տնտեսական խթանման միջոցների սահմանումը.

գ) թափոնների նվազագույն քանակությամբ գոյացման ապահովումը, տնտեսական գործունեության մեջ դրանց օգտագործման ընդլայնումը, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա թափոնների վտանգավոր ներգործության նվազեցումը.

դ) թափոնների գործածության ոլորտին վերաբերող հարաբերությունների իրավական կարգավորումը:

 

ՀՈԴՎԱԾ 6.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

ա) մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունը թափոնների բացասական ներգործությունից.

բ) նյութահումքային և էներգետիկ ռեսուրսների բանական օգտագործման ապահովումը.

գ) թափոնների գործածության վերաբերյալ հասարակության էկոլոգիական, տնտեսական և սոցիալական շահերի զուգակցումը:

2. Թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունը թափոնների գոյացման և դրանց վտանգավորության նվազեցումն է հետևյալ միջոցներով.

ա) անթափոն և սակավաթափոն տեխնոլոգիաների ներդրման նպատակով գիտատեխնիկական նորագույն նվաճումների օգտագործում.

բ) թափոնների քանակի նվազեցման նպատակով նյութահումքային ռեսուրսների համալիր օգտագործում.

գ) հումքային արժեք ունեցող թափոնների առավելագույն սպառում ուղղակի, կրկնակի կամ այլընտրանքային օգտագործումով.

դ) օգտահանման համար ոչ պիտանի թափոնների անվտանգ հեռացման ապահովում` թափոնների վնասազերծման և ոչնչացման համապատասխան տեխնոլոգիաների, էկոլոգիապես անվտանգ մեթոդների և միջոցների մշակմամբ.

ե) թափոնների գործածության ոլորտում տեղեկատվության մատչելիության ապահովում.

զ) տնտեսական խթանման մեխանիզմների սահմանում:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 7.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Թափոնների գործածության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

ա) թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության մշակումը և իրականացման ապահովումը.

բ) թափոնների գործածության ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը.

գ) սակավաթափոն տեխնոլոգիաների ներդրման, թափոնների հավաքման և օգտահանման խթանման տնտեսական մեխանիզմների ապահովումը.

դ) թափոնների հաշվառման, գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման կարգի սահմանումը.

ե) վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորումը և լիցենզավորման կարգի սահմանումը.

զ) վտանգավոր և արգելված թափոնների ցանկերի սահմանումը.

է) թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման կարգի սահմանումը.

ը) վնասազերծված և օգտահանման ոչ ենթակա թափոնների տեղադրման օբյեկտների ստեղծման ապահովումը.

թ) թափոնների գործածության ոլորտում միջազգային համագործակցության իրականացումը.

ժ) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 8.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Թափոնների գործածության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են`

ա) մասնակցությունը թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության ձևավորմանը.

բ) թափոնների գործածության ոլորտում նպատակային ծրագրերի կազմումը.

գ) թափոնների պետական հաշվառման իրականացումը.

դ) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար թափոնների տեղադրման սահմանաքանակների հաստատումը.

ե) վտանգավոր և արգելված թափոնների ցանկերի կազմումը.

զ) ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկի սահմանումը.

է) վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների թույլտվությունների տրամադրման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ը) թափոնների գործածության օբյեկտների տեղադրման վայրերի վերաբերյալ համաձայնություն տալը.

թ) թափոններ առաջացնողների կազմած` թափոնների անձնագրերի համաձայնեցումը.

ժ) թափոնների գոյացման ծավալների վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծումը.

ժա) օրենքով սահմանված կարգով թափոնների գոյացման, մշակման, օգտահանման, տեղադրման և հեռացման ժամանակ պոլիգոնների, համալիրների, շինությունների և այլ հատուկ հատկացված վայրերի կամ օբյեկտների շինարարության, վերակառուցման և շահագործման նախագծային փաստաթղթերի ու համալիր ծրագրերի պետական բնապահպանական փորձաքննության իրականացումը.

ժբ) թափոնների պետական կադաստրի վարումը.

ժգ) սակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն այլ գերատեսչությունների հետ.

ժդ) թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրների կազմման, վարման, ինչպես նաև մոնիթորինգի (մշտադիտարկում) իրականացումը.

ժե) թափոնների գործածության ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը և իր իրավասության սահմաններում գերատեսչական իրավական ակտերի ընդունումը.

ժզ) թափոնների գործածության ոլորտում միջազգային համագործակցության և թափոնների անդրսահմանային փոխադրման հարցերով միջգերատեսչական միջազգային պայմանագրերի կնքումը.

ժէ) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա իրավասու պետությունների հետ թափոնների գործածության ոլորտում տեղեկությունների փոխանակումը.

ժը) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

(8-րդ հոդվածը փոփ. 22.06.15 ՀՕ-105-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 9.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Թափոնների գործածության ոլորտում առողջապահության բնագավառի կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են`

ա) թափոնների գործածությանը վերաբերող նորմատիվատեխնիկական փաստաթղթերում մարդու առողջության համար անվտանգության պահանջների մշակումը և թափոնների գոյացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման և թաղման ընթացքում մարդու օրգանիզմի վրա վնասակար ու վտանգավոր ազդեցության բացառման նպատակով սանիտարական և հակահամաճարակային կանոնների ու նորմերի, հիգիենիկ նորմատիվների մշակումը և դրանց պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

բ) թափոնների բացասական ներգործությունից մարդու առողջության պաշտպանության միջոցառումների գերակա ուղղությունների մշակումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

գ) թափոնների գործածության օբյեկտների տեղադրման վայրերի սահմանման վերաբերյալ համաձայնություն տալը.

դ) թափոններից ստացվող արտադրանքի նկատմամբ սանիտարահիգիենիկ պահանջների սահմանումը և հիգիենիկ եզրակացության տրամադրումը.

ե) ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկի կազմմանը մասնակցելը.

զ) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 10.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Թափոնների գործածության ոլորտում տարածքային կառավարման մարմինների իրավասություններն են`

ա) մասնակցություն թափոնների գործածության ոլորտի պետական քաղաքականության ձևավորմանը.

բ) մասնակցություն թափոնների գործածության ոլորտի պետական ծրագրերի կազմմանը.

գ) թափոնների գործածության ոլորտում իրենց վարչական տարածքի սահմաններում տարածքային նշանակության ծրագրերի կազմումը և դրանց իրականացման համակարգումը.

դ) իրենց վարչական սահմաններում թափոնների տեղադրման վայրերի լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված թույլտվություններ տալը.

ե) իրենց վարչական տարածքի սահմաններում սանիտարական մաքրման սխեմաների կազմումը և աղբահանության նկատմամբ հսկողության իրականացումը.

զ) թափոնների գոյացման, մշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի գրանցամատյանների կազմումը և վարումը.

է) թափոնների գոյացման, մշակման, վնասազերծման, օգտահանման ու հեռացման հաշվառման և դրանց անձնագրավորման կազմակերպումը.

ը) իրենց վարչական տարածքի սահմաններում չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացումը (լիկվիդացումը).

թ) իրենց վարչական տարածքի սահմաններում ռեսուրսային արժեք ունեցող ոչ վտանգավոր թափոնների հավաքման գործընթացին բնակչության ներգրավման կազմակերպումը.

ժ) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 11.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Թափոնների գործածության ոլորտում համայնքի ղեկավարը համայնքի վարչական սահմաններում`

ա) իրականացնում է հսկողություն աղբահանման նկատմամբ.

բ) կազմում է տարածքների սանիտարական մաքրման սխեմաները.

գ) իրականացնում է չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացումը (լիկվիդացումը).

դ) կազմակերպում է ռեսուրսային արժեք ունեցող ոչ վտանգավոր թափոնների հավաքման գործընթացին բնակչության մասնակցությունը:

2. Թափոնների գործածության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ իրավասություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ, ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 12.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության ու թափոնների ծավալների նվազեցման նպատակով թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում են թափոնների տեղադրման սահմանաքանակներ:

2. Թափոնների տեղադրման սահմանաքանակները սահմանում են թափոնների գործածության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմինները` շրջակա միջավայրի վրա սահմանային թույլատրելի վտանգավոր ներգործությունների նորմատիվներին համապատասխան:

3. Թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի հաստատմանն են ներկայացնում թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծեր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 13.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ և ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

1. Թափոնների պետական հաշվառումը և անձնագրավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

1.1. Վտանգավոր թափոններ առաջացնողները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում և հաստատում են ոլորտում լիազորված մարմնի հետ համաձայնեցված թափոնների անձնագրերը:

2. Թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձինք (ներառյալ` օտարերկրյա և անհատ ձեռնարկատերերը), պարտավոր են օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել գոյացող, օգտագործվող, վնասազերծվող, այլ անձանց փոխանցվող կամ այլ անձանցից ստացվող, ինչպես նաև տեղադրվող թափոնների սկզբնական հաշվառում:

3. Վտանգավոր թափոններ առաջացնող և թափոնների տեղադրում իրականացնող իրավաբանական անձինք (ներառյալ` օտարերկրյա և անհատ ձեռներեցները), օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ոլորտում լիազորված մարմնին պարտավոր են ներկայացնել վարչական վիճակագրական հաշվետվություններ:

4. Թափոնների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և դրա լրացման հրահանգը թափոնների պետական դասակարգչի հիման վրա սահմանում է բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը:

(13-րդ հոդվածը լրաց. 22.06.15 ՀՕ-105-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 14.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԸ

 

1. Թափոնների պետական կադաստրը ներառում է թափոնների դասակարգիչը, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրները, ինչպես նաև թափոնների և դրանց օգտագործման ու վնասազերծման տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալների բանկը:

2. Թափոնների պետական կադաստրը վարում է բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 15.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ և ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ

 

1. Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների մասին տեղեկատվության հավաքման, մշակման, պահպանման և վերլուծության ապահովման նպատակով վարվում է դրանց ռեեստրը, որը ներառում է թափոնների անվանացանկը, գոյացման ծավալները, որակական և քանակական բնութագրերը, տեղեկություններ` թափոնների հետ վարվելու և դրանց գոյացման ծավալների ու վտանգավորության աստիճանի նվազեցման վերաբերյալ: Ռեեստրի տվյալները ենթակա են ամենամյա ճշգրտման:

2. Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարումն իրականացնում է բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը, որին թափոններ առաջացնող, վերամշակող և օգտահանող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում ներկայացնում են ռեեստրային գրանցման հաշվետվություն:

3. Թափոնների առաջացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(15-րդ հոդվածը խմբ. 22.06.15 ՀՕ-105-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 16.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

1. Թափոնների հեռացման վայրերի (ինչպես գործող, այնպես էլ փակված կամ կոնսերվացված) հաշվառման և նկարագրման նպատակով բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վարում է թափոնների հեռացման վայրերի ռեեստրը:

2. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման նպատակով թափոնների տեղադրման, վնասազերծման և թաղման գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին են ներկայացնում ռեեստրային գրանցման թերթիկ:

3. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի տվյալները ենթակա են ամենամյա ճշգրտման:

(16-րդ հոդվածը խմբ. 22.06.15 ՀՕ-105-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 17.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

Շրջակա միջավայրի վրա թափոնների ներգործությունը որոշելու և կանխատեսելու, դրանց բացասական հետևանքները ժամանակին բացահայտելու և կանխարգելելու նպատակով թափոններ առաջացնողներն ու տնօրինողները, ինչպես նաև բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը իրականացնում են պարբերական մոնիթորինգ:

Թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգը շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի միացյալ համակարգի բաղկացուցիչ մասն է:

(17-րդ հոդվածը փոփ. 22.06.15 ՀՕ-105-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 18.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Թափոնների գործածության ոլորտում ֆիզիկական անձինք իրավունք ունեն`

ա) թափոնների գործածության հետ կապված գործողություններ իրականացնելիս ունենալու իրենց կյանքի և առողջության համար անվտանգ պայմաններ.

բ) թափոնների գործածության շահագործվող, կառուցվող կամ կառուցվելիք օբյեկտների անվտանգության վերաբերյալ ստանալու տեղեկատվություն.

գ) թափոնների վերաբերյալ օրենսդրության խախտման հետևանքով իրենց առողջությանը և ունեցվածքին պատճառված վնասի համար օրենքով սահմանված կարգով հատուցում պահանջելու:

 

ՀՈԴՎԱԾ 19.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ և ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Թափոնների գործածության ոլորտում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն իրավունք ունեն`

ա) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով համապատասխան պետական կառավարման մարմիններից տեղեկատվություն ստանալու թափոնների օգտահանման տեխնոլոգիաների, թափոնների օբյեկտների շինարարության և շահագործման վերաբերյալ.

բ) առաջարկություններ ներկայացնելու իրավասու կառավարման մարմին` թափոնների գործածության օբյեկտների տեղադրման, նախագծման, շինարարության և շահագործման վերաբերյալ.

գ) թափոնների գործածության օբյեկտներ ստեղծելիս Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և դեպքերում ստանալու արտոնություններ.

դ) մասնակցելու թափոնների գործածության տեղական, տարածքային և պետական ծրագրերի մշակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 20.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ և ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Թափոնների գործածության ոլորտում իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք պարտավոր են`

ա) թափոնների գործածության ոլորտում պահպանել սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջները.

բ) թափոնները տեղաբաշխել միայն սույն օրենքով նախատեսված` դրանց համար հատուկ հատկացված տեղերում.

գ) տեղեկացնել թափոնների գործածության ընթացքում առաջացած` մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին վտանգ սպառնացող վթարային իրավիճակների մասին և միջոցներ ձեռնարկել դրանց հետևանքների վերացման ուղղությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՅԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 21.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ և ԴՐԱՆՑ ԳՈՅԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ և ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Թափոնների օգտահանման և դրանց գոյացման ծավալների նվազեցման ապահովմանն ուղղված միջոցառումները նախատեսում են`

ա) թափոնների գոյացման և տեղադրման ծավալների սահմանաքանակների սահմանում.

բ) շրջակա միջավայրում թափոնների տեղադրման համար բնապահպանական վճարի սահմանում` տարբերակելով դրանց վճարման դրույքաչափերը` ելնելով թափոնների վտանգավորության աստիճանից և տեղադրման տարածքի տնտեսական` հողի կադաստրային արժեքից.

գ) թափոնների գոյացման ծավալները նվազեցնող և արտադրության մեջ սակավաթափոն տեխնոլոգիաներ ներդնող, ինչպես նաև երկրորդային հումք համարվող թափոնների հավաքման, պահեստավորման և հանձնման գործառույթներով զբաղվող ընկերություններին և կազմակերպություններին օրենքով սահմանված դեպքում և կարգով արտոնությունների տրամադրում.

դ) ռեսուրսային արժեք ներկայացնող թափոնների ցանկի ստեղծում, որոնց համար սահմանվում է հատուկ ռեժիմ` դրանց հավաքումը, պահեստավորումը և օգտագործումը խթանելու նպատակով.

ե) թափոնների օգտահանման և դրանց գոյացման նվազեցմանը նպատակաուղղված գիտահետազոտական աշխատանքների` օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային ֆինանսավորում.

զ) շրջակա միջավայրում թափոնների տեղադրման համար օրենսդրությամբ սահմանված բնապահպանական վճարներից ստացված միջոցների նպատակային օգտագործում` թափոնների օգտահանմանն ու դրանց ծավալների նվազեցմանը նպատակաուղղված միջոցառումների ֆինանսավորման համար.

է) թափոնների օգտահանման միջոցառումների համար ֆինանսավորման հիմնադրամների ստեղծում` թափոններ առաջացնողների, դրանց սեփականատերերի, հայրենական և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց կամավոր մուծումների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին:

(21-րդ հոդվածը փոփ. 22.06.15 ՀՕ-105-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 22.

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Շրջակա միջավայրում թափոնների տեղադրման համար սահմանվում են բնապահպանական վճարներ` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 23.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԳՈՅԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄԸ

 

Թափոնների օգտահանմանն ու դրանց գոյացման ծավալների նվազեցմանն ուղղված միջոցառումների խթանման նպատակով թափոնների գոյացման նվազեցմանն ուղղված տեխնոլոգիաներ ներդնող կազմակերպությունները, որոնք թափոններ են օգտահանում արտադրանքի արտադրման (աշխատանքի կատարման, ծառայությունների մատուցման) ընթացքում, իրականացնում են դրանց հավաքումը, պահեստավորումը, արտադրամասերի շինարարությունը, ինչպես նաև կազմակերպում են թափոնների օգտահանման համար սարքավորումների արտադրություն, փայատիրական մասնակցություն են ունենում թափոնների օգտահանմանը և դրանց գոյացման ծավալների նվազեցմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորմանը, կարող են ստանալ արտոնություն օրենքով սահմանված դեպքում:

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 24.

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը թափոնների գործածության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 25.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 26.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Մինչև սույն օրենքից բխող համապատասխան իրավական ակտերի ընդունումը գործում են հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի նորմերը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-159-Ն