Համարը 
N 676-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.06.28/41(1316) Հոդ.653
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.06.2017
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
21.06.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.07.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 2017 թվականի N 676-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 60.3-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանի օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

2017 թ. հունիսի 21

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 15-ի N 676-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ Ե Վ

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ

 

1. Ընդերքօգտագործման թափոնների (այսուհետ՝ թափոններ) կառավարման պլանը կազմվում և ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային տարբերակով և ներառում է՝

1) տիտղոսաթերթը.

2) տվյալներ թափոններ առաջացնող կազմակերպության վերաբերյալ.

3) թափոնների օբյեկտի տեղադիրքի և սահմանների նկարագրությունը.

4) թափոնների բնութագրման համար ներկայացվող տեղեկատվությունը՝

ա. իներտ թափոնների համար՝ թափոնների ֆիզիկական հատկությունների նկարագրությունը,

բ. ոչ վտանգավոր, ոչ իներտ թափոնների և վտանգավոր թափոնների համար՝ թափոնների կարճաժամկետ և երկարաժամկետ ֆիզիկական և քիմիական բնութագրիչների, մասնավորապես, վերգետնյա մթնոլորտային պայմաններում վերջիններիս կայունության նկարագրությունը: Պետք է ներկայացվի օգտակար հանածոների տեսակը և ցանկացած հեռացվող մակաշերտի բնույթը.

5) թափոնների բնութագրումն ըստ հետևյալ բաժինների՝

ա. ընդհանուր տեղեկություններ (թափոնների բաղադրությունը, ագրեգատային վիճակը, թափոնի տեսակը, վտանգավորության դասը, ջրում լուծելիությունը, պինդ մասնիկների չափերը, տեղադրման պահին միջին խտությունը և այլն),

բ. շահագործվող հանքավայրի և օգտակար հանածոների երկրաբանական բնութագիրը,

գ. առաջացող թափոնների բնույթը և նախատեսված մշակումը,

դ. թափոնների երկրաքիմիական հատկությունները և վարքագիծը.

6) թափոններ առաջացնող գործունեության ներկայացումը՝ նկարագրելով, թե որտեղ և ինչպես են առաջանում թափոնները: Կարող են ներկայացվել մեկ կամ մի քանի տեղամասեր, օրինակ՝ առկա ռեսուրսի գնահատման համար մակաշերտի հեռացումը և օգտակար հանածոների վերամշակման ընթացքում թափոնների առաջացումը.

7) առաջացող թափոնների ծավալների մասին բաժինը, որում ներկայացվում է տեղեկատվություն բոլոր տեղամասերի և առկա թափոնների տեսակների մասին, և նշվում են տեղադրվող թափոնների տարեկան ծավալները.

8) առաջացած թափոնների վերամշակման կամ վնասազերծման եղանակները.

9) տեղեկատվություն թափոնների օբյեկտի դասակարգման վերաբերյալ՝ նշելով, որ թափոնների օբյեկտը դասակարգվում է որպես Ա կատեգորիայի օբյեկտ կամ ներկայացնելով հիմնավորում, որ օբյեկտը չի համապատասխանում Ա կատեգորիային.

10) թափոնների փոխադրման, տեղադրման եղանակի և պահեստավորման նկարագրությունը, այդ թվում՝ տեղեկություններ՝

ա. որտեղ և ինչպես են տեղափոխվում թափոններն ընդերքօգտագործման աշխատանքների ընթացքում, օրինակ՝ բեռնատարով կամ հոսքագծով, և թափոնների վերջնական տեղադրման վայրի մասին,

բ. որտեղ և ինչպես են պահեստավորվում թափոնները, օրինակ՝ լցակույտերում կամ կուտակիչներում,

գ. թափոնների օբյեկտի տարողության մասին (թափոնների ընդունման կարողություն): Այստեղ ներկայացվում է թափոնների օբյեկտի սկզբնական (նախագծային) և մնացորդային տարողության գնահատականը,

դ. թափոնների օբյեկտում ցանկապատի, դարպասների և անվտանգության այլ միջոցների առկայության մասին,

ե. դեպի թափոնների օբյեկտ տանող հիմնական և երկրորդական ճանապարհների մասին.

11) թափոնների հետ կապված աշխատանքների կառուցվածքային սխեման, ինչին կից ներկայացվում են տարածքների հատակագծերը և թափոնների կառավարման տեղամասի կառուցվածքը ներկայացնող տեղեկանքը.

12) արտակարգ իրավիճակների առաջացման հնարավորության, դրանց հետևանքների տեղայնացման և վերացման միջոցառումների մասին տեղեկություններ.

13) արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանը.

14) անվտանգության կառավարման համակարգերի տեղակայվածությունը.

15) թափոնների հետ վարվելու և դրանց գոյացման ծավալների ու վտանգավորության աստիճանի նվազեցման մեթոդական ցուցումներ.

16) թափոնների հնարավոր բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի (մթնոլորտային օդ, հող, ջրային ռեսուրսներ, կենսաբազմազանություն) և մարդկանց առողջության վրա, ինչպես նաև դրանց կանխարգելման և մեղմման միջոցառումները, այդ թվում՝ նաև թափոնների օբյեկտների փակման ընթացքում կամ փակումից հետո.

17) թափոնների օբյեկտում և հարակից տարածքներում շրջակա միջավայրի մոնիթորինգի ծրագիրը, մոնիթորինգի տվյալների վերլուծությունը, օբյեկտի պահպանումը և հսկողությունը.

18) թափոնների կառավարման համար անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 15-ի N 676-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ Ե Վ

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆԻ

 

1. Ընդերքօգտագործման թափոնների (այսուհետ՝ թափոններ) վերամշակման պլանը կազմվում և ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային տարբերակով և ներառում է՝

1) տիտղոսաթերթը.

2) տվյալներ ընդերքօգտագործման թափոններ վերամշակող կազմակերպության վերաբերյալ.

3) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտի տեղադիրքի և սահմանների նկարագրությունը՝ հստակ նշելով, թե արդյոք տվյալ վայրում կարող են վերամշակվել ընդերքօգտագործման թափոններ.

4) թափոնները դրանց վերամշակման օբյեկտ փոխադրման համակարգի նկարագիրը.

5) թափոնների վերամշակման օբյեկտում պահեստավորվող թափոնների բնութագրումն ըստ դրանց տեսակների, վտանգավորության դասի և ծավալների.

6) տեղեկություններ թափոնների վերամշակման օբյեկտի տարողության և վերամշակվող թափոնների ընդհանուր ծավալի վերաբերյալ.

7) թափոնների վերամշակման և վնասազերծման նկարագրությունը, այդ թվում՝ տեղեկություններ՝

ա. թափոնների վերամշակման ժամանակ կիրառվող բոլոր քիմիական նյութերի և դրանց կայունության մասին,

բ. որտեղ և ինչպես են վերամշակվում թափոնները, օրինակ՝ փշրում (մանրացում), սորտավորում, լվացում և այլն: Օգտագործվող սարքավորումների մասին տվյալներ (չափերը, թողունակությունը, օգտագործման հաճախականությունը և այլն) և որտեղ են ընթանում այդ աշխատանքները,

գ. թափոնների վերամշակման օբյեկտում ցանկապատի, դարպասների և անվտանգության այլ միջոցների առկայության մասին,

դ. դեպի թափոնների վերամշակման օբյեկտ տանող հիմնական և երկրորդական ճանապարհների մասին.

8) ռիսկերի գնահատումը՝ հավանական բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի (մթնոլորտային օդ, հող, ջրային ռեսուրսներ, կենսաբազմազանություն), հարակից և (կամ) ազդակիր համայնքների, պատմական, մշակութային և բնության հուշարձանների վրա.

9) թափոնների վերամշակման համար անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների վերաբերյալ տեղեկություններ.

10) թափոնների վերամշակման օբյեկտի դիտանցի ընթացակարգերի նկարագիրը և իրականացումը՝ ներառյալ նմուշառման վայրերը, հաճախականությունը, համապատասխանության ցուցանիշները, ինչպիսիք են պատվարի կատարի նվազագույն տարողությունը, ճնշումը ծակոտիներում, գրունտային ջրերի մակարդակը, դրենաժային համակարգի գործառումը, մակերևութային ջրերի հեռացումը, պատվարի տեղաշարժը, շեպի կայունությունը.

11) շրջակա միջավայրի բաղադրիչների վրա բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված աշխատանքների նկարագրությունը.

12) բնապահպանական հսկման միջոցառումները.

13) օբյեկտի փակման, ռեկուլտիվացման և փակումից հետո ծրագիրը, որում նշվում են օբյեկտի շահագործման ավարտը, շահագործման ավարտից հետո հողերի նախատեսվող օգտագործումը և ֆիզիկական, երկրատեխնիկական ու կենսաբանական պարամետրերի երկարաժամկետ կայունության ապահովումը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, էկոհամակարգի վերականգնումը.

14) արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան