ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի բաղադրիչների պահպանությունն օրախնդիր հարց է բնական պաշարների շարունակական դեգրադացման, կենսաբազմազանության կորստի և անապատացման համընդհանուր երևույթների կանխարգելման տեսակետից:
Որպես բնական ժառանգության կարևորագույն բաղադրիչ՝ բնական պաշարների թվում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում անտառները, որոնք ունեն բնապահպանական, սոցիալ-տնտեսական, ինչպես նաև ազգային անվտանգությունն ապահովող բացառիկ ռազմավարական նշանակություն: Սակայն բնական գործոնների բացասական ազդեցության և գերշահագործման արդյունքում անտառային էկոհամակարգերը ներկայումս խիստ վտանգված են:
Հայաստանի Հանրապետության անտառային պետական ֆոնդը 1993 թվականի հաշվառման արդյունքներով կազմում է երկրի տարածքի 11.2 % - ը՝ մոտ 460 հազ. հա, որից 334,1 հազ. հա անտառածածկ տարածքներն են, այդ թվում՝ մոտ 50 հազ. հա արհեստական անտառները (այս տվյալները չեն ընդգրկում հետագա տարիներին անտառային ֆոնդում տեղի ունեցած փոփոխությունները):
Հայաստանի Հանրապետության անտառները լեռնային են, ունեն ընդգծված հողապաշտպան, ջրապաշտպան և կլիմայակարգավորիչ նշանակություն, ինչպես նաև սոցիալ-տնտեսական, գիտական բարձր արժեք և հարուստ կենսաբազմազանություն:
Ըստ նշանակության՝ Հայաստանի անտառները դասակարգվում են`
ա) պաշտպանական նշանակության անտառների (257 հազ. հա),
բ) սոցիալական նշանակության անտառների (106 հազ. հա),
գ) հատուկ նշանակության անտառների (96 հազ. հա)։
Ներկայումս հանրապետության բնական անտառների մոտ 70%-ը կազմալուծված ու ծերացած է, համեմատաբար դժվարամատչելի հասուն և գերհասուն անտառներում կենտրոնացած են փայտանյութի զգալի պաշարներ, որոնք ռելիեֆի կտրտվածության և դժվար հասանելիության պատճառով զերծ են մնում անտառօգտագործման շատ տեսակներից:
Անկանոն անտառահատումները և անտառպաշտպանական միջոցառումների բացակայությունը հանգեցրել են անտառներում կլիմայական պայմանների փոփոխությանը, ինչպես նաև հրդեհավտանգության բարձրացմանը (բարձր ջերմաստիճան, առատ լույս, հատումների հետևանքով թափված ճյուղեր և տերևներ):
Դրանք նպաստավոր պայմաններ են ստեղծել վնասատու միջատների և հիվանդությունների զանգվածային բազմացման, ինչպես նաև ծառուտների չորացման և հրդեհավտանգ պայմանների առաջացման համար:
Հայաստանի անտառային պաշարների դեգրադացիայի գործոններից են նաև վնասատուներն ու հիվանդությունները, գերարածեցումը, հողմերն ու երաշտը:
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջնահերթ խնդիր է անտառվերականգնման աշխատանքների իրականացումը, մասնավորապես, համատարած և մասնակի հատված անտառտարածքները վերականգնելու, ինչպես նաև անտառապատման աշխատանքները խթանելու համար` օպտիմալացնելով հանրապետության անտառպատվածության ներկա ցածր մակարդակը:
Հայաստանի Հանրապետության անտառի ազգային ծրագիրն էապես կնպաստի անտառների կայուն կառավարմանը` պահպանությանը, պաշտպանությանը, օգտագործմանը, ինչպես նաև անտառների տնտեսական, սոցիալական և բնապահպանական դերի բարձրացմանը:
II. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության անտառի ազգային ծրագրի հիմնական նպատակն է` անտառային էկոհամակարգերի պահպանությունը, դեգրադացված անտառային էկոհամակարգերի վերականգնումը, անտառային պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումը և անտառների կայուն կառավարման ռազմավարության ապահովումը:
2. Հայաստանի Հանրապետության անտառի ազգային ծրագրի խնդիրներն են`
ա) ծրագրել և իրականացնել Հայաստանի Հանրապետության անտառի ազգային քաղաքականությանն ու ռազմավարությանը համապատասխան անտառների և անտառային տարածքների կայուն կառավարմանը նպատակաուղղված գործողություններ,
բ) նպաստել պետական, համայնքային և սեփականության այլ ձևերի զարգացմանը,
գ) խթանել ազգային և միջազգային համագործակցությանը,
դ) նպաստել ներքին և արտաքին աղբյուրներից ներդրումներին,
ե) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան իրականացնել անտառների կայուն կառավարմանը նպաստող այլ գործողություններ:
III. ԱՆՏԱՌԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
1. Անտառային ոլորտի իրավական դաշտի ձևավորում և կատարելագործում
Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը հիմնված լինելով խորհրդային շրջանի անտառային օրենսգրքի գաղափարախոսության վրա, չի արտահայտում երկրում ձևավորված շուկայական տնտեսության պայմաններում առկա սոցիալ-տնտեսական հարաբերությունները, հողի սեփականության տարբեր ձևերը, ինչպես նաև չի ապահովում ոլորտի կառավարման մարմինների գործառույթների հստակ տարանջատումը, հասարակայնության մասնակցությունը բնագավառում որոշումների կայացման համապատասխան գործընթացներին, լիարժեք չի բավարարում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային կոնվենցիաների և պայմանագրերի պահանջները, հակասում է անտառային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի:
Ենթաօրենսդրական իրավական ակտերի բացակայությունը լուրջ խոչընդոտ է ստեղծում օրենսգրքի կիրարկման և կայուն անտառկառավարման հարցերում: Անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության նոր անտառային օրենսգրքի, որը կկարգավորի մի շարք կարևոր հարցեր՝
ա) սեփականության տարբեր ձևեր` պետական, համայնքային, իրավաբանական անձանց և քաղաքացիների,
բ) սեփականության տարբեր ձևերից բխող հարցերի կարգավորման մեխանիզմները,
գ) անտառների նոր դասակարգումն ըստ նպատակային նշանակության,
դ) անտառի տնտեսական, բնապահպանական և սոցիալական խնդիրները կարգավորող կայուն անտառկառավարմանն ուղղված նոր մեխանիզմներ` հավատարմագրային կառավարում, վարձակալություն, անհատույց օգտագործում, աճուրդ, մրցույթներ և այլն,
ե) կառավարման համակարգում գործառույթների հստակ տարանջատում,
զ) անտառածածկ տարածքների ընդլայնում, կենսաբազմազանության պահպանություն, էկոտուրիզմ, ռեկրեացիա և այլն,
է) անտառային ոլորտի որոշումների ընդունմանը հասարակության մասնակցության ապահովում:
Հայաստանի Հանրապետության նոր անտառային օրենսգրքի ընդունումից հետո դրա լիարժեք կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն կառաջանա կատարել անտառային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համապատասխանեցում` համաձայն N 3 հավելվածի:
Անտառի ազգային ծրագրի իրավական դաշտի բարելավման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցը ներկայացվում է N 2 հավելվածի 1-ին կետում:
2. Անտառային ոլորտի կառավարման կառուցվածքային հարցեր
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 7-Ն որոշմամբ պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, որն այդ լիազորություններն իրականացնում է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության և անտառտնտեսությունների միջոցով: Նույն որոշմամբ բնապահպանության նախարարությանը վերապահվել է պետական վերահսկողությունը, ինչպես նաև հատուկ պահպանվող անտառային տարածքների կառավարումը:
1992-2003 թվականների ընթացքում «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության մի շարք ստորաբաժանումներ լուծարվել են, որոնց թվում են անտառմելիորատիվ, անտառսերմնային, անտառպաշտպանական և անտառգիտափորձարարական կայանները: Նշված ստորաբաժանումների գործունեությունն ուղղված էր անտառապատման, անտառվերականգնման և անտառպաշտպանական միջոցառումների իրականացմանը և դրանց արդյունավետության բարձրացմանը:
Ֆինանսական միջոցների և վերապատրաստված կադրերի բացակայության պատճառով ներկայումս չեն գործում կենտրոնացված հակահրդեհային և անտառպաշտպանական ծառայությունները, բացակայում են անտառային մոնիտորինգի, անտառների պետական հաշվառման և անտառային պետական կադաստրի վարման համակարգերը, անտառային գիտասփյուռ ծառայությունը և այլ անհրաժեշտ կառույցներ:
Նշված կառուցվածքային փոփոխությունները, ծառայությունների բացակայությունը, ստորաբաժանումների լուծարումը, թերֆինանսավորումը և սոցիալ-տնտեսական բնույթի բազմաթիվ այլ պատճառներ բացասաբար են ազդել անտառների կառավարման համակարգի արդյունավետության վրա:
Ներկայումս անտառային համակարգում առաջացած բարդ և բազմակողմանի խնդիրների լուծումը պահանջում է անտառների կառավարման համակարգի լուրջ բարեփոխումներ, առանց որոնց անհնար է անցումը շուկայական տնտեսության:
Անտառային ոլորտի կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները ներկայացվում են N 2 հավելվածի 2-րդ կետում:
3. Անտառաշինություն (անտառկառավարման պլանավորում)
Անտառների կայուն կառավարումը պետք է հիմնված լինի անտառային պաշարների ռացիոնալ և արդյունավետ պլանավորման համակարգերի վրա: Անցյալում անտառկառավարման պլանավորման նպատակով գործում էին երեք հիմնական մակարդակներ՝
ա) անտառային տնտեսության երկարաժամկետ զարգացման պլանավորում (15 և ավելի տարիների համար),
բ) անտառաշինական նախագծերով անտառտնտեսվարման պլանավորում (10 տարի),
գ) ընթացիկ (տարեկան) պլանավորում:
Նշված պլանավորման համակարգերն ունեցել են ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր:
Անտառների կայուն կառավարման պլանավորմանն ուղղված համալիր միջոցառումները պետք է իրականացվեն`
ա) հեռանկարային զարգացման ռազմավարական անտառպլանավորում (10 տարին մեկ անգամ),
բ) մարտավարական անտառպլանավորում (5 տարին մեկ անգամ),
գ) տարեկան օպերատիվ անտառպլանավորում:
Անտառային պաշարների կայուն օգտագործման և նրանց վերարտադրմանն ուղղված ռազմավարական քայլերի նախանշման համար անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ խնդիրներին.
1) անտառային հողերի և ոչ անտառային հողերի օպտիմալ հարաբերակցությունը և տարածական տեղաբաշխվածությունը,
2) անտառների դերը գյուղական և քաղաքային բնակավայրերի երկարաժամկետ զարգացման հեռանկարում,
3) անտառների` ըստ նպատակային նշանակության դասակարգման չափանիշների գիտական հիմնավորում` հաշվի առնելով նաև երկրի զարգացման հեռանկարը,
4) անտառապատման և անտառվերականգնման նպատակներով գլխավոր ծառատեսակների ընտրությունն ըստ շրջանացման,
5) ծառուտների տնտեսական տեսանկյունից առավել նպատակահարմար կառուցվածքը և նրանցում անտառային կենսաբազմազանության պահպանության հիմունքների զարգացումը,
6) անտառային տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները,
7) հաշվարկային հատատեղերի օպտիմալ չափերը` անտառային պաշարների կայուն օգտագործման նպատակով,
8) անտառային պաշարների վերարտադրության հետ կապված համալիր միջոցառումների տնտեսական հիմնավորումը,
9) անտառային կենսաբազմազանության, առանցքային կենսատոպերի առանձնացումը և պահպանությունը,
10) անտառների հողապաշտպան, ջրապաշտպան և կլիմայակարգավորիչ ֆունկցիաների բարելավմանն ուղղված միջոցառումներ:
Անտառկառավարման պլանավորման ոլորտում իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացվում են N 2 հավելվածի 3-րդ կետում:
4. Անտառների պետական հաշվառում, անտառային պետական կադաստր և անտառի պետական մոնիտորինգ
Անտառային ոլորտի զարգացումը կապված է անտառների պետական հաշվառման և անտառային պետական կադաստրի վարման արդյունավետ համակարգերի հետ:
Անտառների պետական հաշվառումն անտառային տնտեսության վարման ընթացքում անտառների և անտառային հողերի միաժամանակյա քանակական և որակական ցուցանիշների և նրանցում տեղի ունեցող փոփոխությունների պարբերական գրանցումն է: Հայաստանում վերջին ավելի քան տասը տարիների ընթացքում անտառների պետական հաշվառում չի իրականացվել: Անտառների վիճակի և տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հավաստի տվյալները ներկայումս բացակայում են, օրինակ, հանրապետության անտառպատվածության տոկոսը:
Անտառների պետական հաշվառման, անտառային պետական կադաստրի վարման և մոնիտորինգի համակարգի ստեղծումը պայմանավորված է եղել անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությամբ, ինչպես նաև մարդկային ռեսուրսների և տեխնիկական հնարավորությունների սղությամբ:
Անտառների հաշվառման ժամանակակից համակարգերը հիմնվում են հեռազգայուն և ուղղակի դաշտային անտառգնահատման չափողական մեթոդների վրա` գործող մշտական և ժամանակավոր փորձահրապարակների ցանցում, մինչդեռ նախկին համակարգը հիմնված էր անտառշինական նախագծերի տվյալների հիմնականում գրասենյակային վերլուծության վրա: Քանի որ անտառշինական աշխատանքները կատարվում էին 10 տարին մեկ անգամ, իսկ անտառների հաշվառման աշխատանքները` 5 տարին մեկ անգամ, ապա պարզ է, որ ներկայումս անտառներում տեղի ունեցող արագ փոփոխությունները պահանջում են անտառների հաշվառման ավելի հաճախակի անհրաժեշտություն:
Ֆինանսական միջոցների առկայության դեպքում նպատակահարմար է բացի անտառների պետական հաշվառման հինգ տարին մեկ իրականացվող աշխատանքների գնահատել նաև անտառային հողերի և բնափայտի ծավալների տեղի ունեցող փոփոխությունները` ընթացիկ` տարեկան հաշվառման միջոցով:
Անտառների պետական հաշվառման բացակայությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում անտառային ոլորտի հեռանկարային զարգացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման համար: Անտառային պետական կադաստրի համակարգը բացակայում է: Այն պետք է ընդգրկի հավաստի տվյալներ անտառային տեղամասերի տեղադրության և չափսերի, նրանց տնտեսական գնահատման և այլնի վերաբերյալ:
Անտառի պետական մոնիտորինգի համակարգի բացակայությունը խոչընդոտում է անտառների վիճակի ուսումնասիրությանը և ապագա զարգացումների կանխատեսմանը` անտառների կայուն կառավարման նպատակով:
Անտառների պետական հաշվառման, անտառային պետական կադաստրի և անտառի պետական մոնիտորինգի ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացվում են N 2 հավելվածի 4-րդ կետում:
5. Անտառների պահպանություն
Ապօրինի հատումների նվազեցում
Վերջին տարիներին ապօրինի հատումները դարձել են անտառային տնտեսության զարգացմանը խոչընդոտող ամենահիմնական պատճառներից մեկը, որը պայմանավորված է ինչպես աղքատության բարձր մակարդակով, այնպես էլ հետապնդում է կոմերցիոն նպատակներ: Ապօրինի հատումների ներկայիս մակարդակն ավելի քան 10 անգամ գերազանցում է հատումների օրինական ծավալները: Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 38 արձանագրային որոշմամբ հաստատվել է ապօրինի հատումների նվազեցման գործողությունների ծրագիրը, որը նախատեսված է առաջիկա 6 տարիների համար`
1) հասարակության իրազեկության բարձրացում (1,1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ).
1) գյուղական չքավորության նվազեցում (8,2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ).
2) համայնքային անտառային ծրագրեր (11 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ).
3) այլընտրանքային վառելիքի մատակարարում (5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ).
4) օրինական փայտից արտադրանքի մատակարարման ավելացում (19,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ).
5) անտառային կազմակերպությունների վերակառուցում, տեխնիկական և մարդկային ռեսուրսների հզորացում (5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ).
6) մոնիտորինգի և վերահսկողության համակարգերի հզորությունների ամրապնդում (5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ).
7) անտառի վկայագրում (0,22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ):
1. Հասարակության իրազեկության բարձրացման նպատակն է բարձրացնել իրազեկությունը, որի արդյունքում շահագրգիռ կողմերը կհասկանան կայուն անտառարտադրության հիմնական սկզբունքները և այն վնասը, որն ապօրինի հատումները հասցնում են շրջակա միջավայրին և հասարակությանը, իրազեկված լինեն ապօրինի հատումների նվազեցմանն ուղղված այլ միջոցառումների, այլընտրանքային վառելիքի առկա աղբյուրների մասին և ապօրինի հատումները կհամարեն սոցիալապես անընդունելի՝ արդյունքում փոխելով վարքագիծը:
2. Գյուղական չքավորության նվազեցման նպատակն է անտառից 10 կմ հեռավորության սահմաններում գտնվող համայնքներում չքավորությունը կրճատել այնքանով, որպեսզի զգալիորեն նվազի կախվածությունն անտառից վառելափայտի ինքնակամ, չկանոնակարգված մթերումից: Ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ ապօրինի հատումների մեծամասնությունը պայմանավորված են չքավորությամբ և դրա հետ կապված այլ խնդիրներով, ինչպիսին օրինակ գյուղական վայրերում բնակչության զբաղվածությունն է: Այլընտրանքային ապրելամիջոցներ ստեղծելու համար առկա է գյուղական ներդրումների իրական անհրաժեշտություն: Դա կարող է լինել եկամուտ ստեղծող ցանկացած միջոցառում, ինչպիսիք են գյուղատնտեսական և անտառային արտադրանքի վերամշակումը, զբոսաշրջությունը, փոքր արտադրությունները և այլն:
3. Համայնքային անտառային ծրագրերը նպատակ ունեն դանդաղեցնելու անտառի դեգրադացիան, որի լավագույն հնարավորությունը կարող է նաև կապված լինել այն բնակչության հետ, որն ապրում է անտառին մոտ և օգտագործում է անտառը որպես վառելիքի աղբյուր և ապրելամիջոց:
4. Այլընտրանքային վառելիքի մատակարարումը դիտարկվում է որպես ապօրինի ծառահատումների մեղմման կարևորագույն եղանակներից մեկը: Գազի ներկայիս արժեքը ջերմաէկվիվալենտի առումով ավելի ցածր է, քան գնվող վառելափայտի գինը: Սակայն, աղքատ գյուղական տնտեսությունների համար ընտրությունը պարզ է՝ ավելի էժան է անվճար վերցնել վառելափայտը, քան վճարել գազի համար, նույնիսկ եթե այն էժան է: Դրա հետ կապված միակ ծախսը վառելափայտը հատելու և տուն բերելու ծախսն է:
Այլընտրանքային էներգիայի մատակարարումը ներառում է բնական գազի գյուղաբնակ սպառողների մատակարարման ծավալների մեծացումը, արևային մարտկոցների օգտագործումը, կենսագազի արտադրությունը, ինչպես նաև գյուղական տնտեսություններում էներգիայի արդյունավետության բարձրացումը:
5. Օրինական հատումներից ստացված փայտի արտադրանքի մատակարարման ավելացումը պայմանավորված է անտառտնտեսությունների կողմից արտադրության ավելացման հետ, երբ շուկա մուտք կգործի ավելի շատ վառելափայտ: Ընդ որում, խնդիրը դիտարկվում է երկու հարթությունների վրա` համայնքամերձ և համայնքներից հեռու տարածքներում: Առաջին դեպքում այն կարող է ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր գյուղաբնակների համար, որն իր հերթին կնպաստի չքավորության և ապօրինի վառելափայտից կախվածության նվազեցմանը: Երկրորդ դեպքում` ավելացած վառելափայտը կարող է վաճառվել առևտրով զբաղվողներին` անտառազուրկ քաղաքային բնակավայրեր տեղափոխելու համար` նվազեցնելով ապօրինի մթերված բնափայտային արտադրանքի պահանջարկը: Վառելափայտի որոշ քանակ կարելի է վաճառել համայնքներին ավելի ցածր գներով, որը կբերի վճարունակության բարձրացմանը և ապօրինի մատակարարման նվազեցմանը:
6. Անտառների կայուն կառավարմանը և ապօրինի հատումների նվազեցմանն ուղղված գործողությունների ծրագրի իրականացման համար պահանջվում են անտառային հզոր կազմակերպություններ, որոնք կկարողանան ապահովել անտառների կայուն կառավարումը և աջակցել համայնքային անտառկառավարմանը:
7. Մոնիտորինգի համակարգի և վերահսկողության բաղադրիչը հիմնվում է այն իրականության վրա, որ մոնիտորինգի և ստուգման ներկայիս համակարգը լիարժեք չի գործում: Առկա է ռեսուրսների պակասություն՝ անձնակազմի թվաքանակի և սարքավորումների առումով, իսկ անձնակազմի վարձատրությունը շատ ցածր է: Հետևաբար, այս բաղադրիչի նպատակն է անտառի սեկտորի համար ստեղծել մոնիտորինգի գործող և թափանցիկ համակարգ, որը կապահովի անտառային սեկտորի հուսալի վիճակագրություն, կկանխարգելի բնափայտի գողությունը, խաբեությունը և բնափայտի համար վճարելուց խուսափելը և կգործի որպես ապօրինի հատումներից հետ պահող միջոց:
8. Անտառի վկայագրումն հնարավորություն կստեղծի բարելավելու անտառների կայուն կառավարումը, ինչը ենթադրում է, որ անտառկառավարողները իրազեկված կլինեն իրենց անտառում տեղի ունեցած խախտումների մասին: Այն պահանջում է վերահսկման շղթա և խրախուսում է սպառողներին բնափայտ գնել վկայագրված աղբյուրներից՝ դրանով նվազեցնելով ապօրինի արտադրված փայտի արտադրանքի պահանջարկը: Հատկապես կարևոր է, երբ կատարվում է բնափայտային արտադրանքի շուկայավարում ավելի մեծ արժեք ապահովող արտահանման շուկաներ:
Ապօրինի հատումների դեմ պայքարի հաղթահարման գործում, բացի թվարկված ռազմավարական ուղղություններից հարկ է նշել իրավական դաշտի կատարելագործումը, որը մի կողմից կկանխի հնարավոր ապօրինի անտառհատումները, մյուս կողմից կնպաստի ապօրինի հատումների հայտնաբերմանը:
Անտառների պահպանությունը հրդեհներից և խախտումներից
Անտառների պահպանությունը հրդեհներից և անտառային խախտումներից (արածեցում, հողազավթում և այլն) անտառային տնտեսության իրականացվող հիմնական գործառույթներից է: Անհրաժեշտ է ձևավորել կառավարման այնպիսի համակարգ, որն արդյունավետ կերպով կպաշտպանի անտառները հրդեհներից և անտառային խախտումներից: Անտառներն արդյունավետ պահպանելու համար անհրաժեշտ է գործուն համակարգ, որի խնդիրներն են.
1) կանխարգելել մարդածին հրդեհները` հակահրդեհային քարոզչության և հասարակության իրազեկության բարձրացման միջոցով,
2) բարձրացնել հրդեհների օպերատիվ հայտնաբերման մակարդակը` ավելացնելով հակահրդեհային դիտարկումները, հատկապես կենտրոնանալով առավել հրդեհավտանգ անտառտարածքների վրա,
3) ուժեղացնել անտառային տնտեսությունների հակահրդեհային նյութատեխնիկական բազան,
4) համակարգել հակահրդեհային գործողությունները տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,
5) կանխարգելել ապօրինի արածեցումները, հողազավթումները և այլ անտառխախտումները` ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին:
Անտառների պահպանության ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացվում են N 1 հավելվածի 5-րդ կետում:
6. Անտառների պաշտպանություն
Բարդ բնակլիմայական պայմանները և տնտեսական գործունեությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում վնասատուների և հիվանդությունների օջախների ավելացման համար` խախտելով անտառային էկոհամակարգերի հավասարակշռությունը` հանգեցնելով ծառուտների կենսաբանական կայունության կորստի և անտառային տարածքների դեգրադացիայի:
Անտառները վնասատուներից և հիվանդություններից պաշտպանելու համար անհրաժեշտ է գործուն համակարգ, որի խնդիրներն են.
1) անտառպաշտպանական համակարգի կատարելագործումը, նյութատեխնիկական բազայի բարելավումը և անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը,
2) անտառներում պաթոգեն գործոնների օպերատիվ հայտնաբերման և ախտորոշման արդյունավետության բարձրացումը` կիրառելով անտառպաթոլոգիական մոնիտորինգի վերգետնյա և հեռազգայուն մեթոդներ,
3) անտառային վնասատուների և հիվանդությունների տարածման վերաբերյալ տվյալների բազայի ստեղծումը և արդյունավետ կիրառումը,
4) անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ակտիվ պայքարի եղանակների ինտեգրացված իրականացումը` ֆլորայի և ֆաունայի համար անվնաս մեթոդների կիրառմամբ,
5) արտադրական արտանետումների, թափոնների և այլ բացասական ազդեցությունների հետևանքով վնասված անտառային տարածքների ընդլայնման կանխարգելումը:
Անտառների պաշտպանության ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ գործողությունները ներկայացվում են N 1 հավելվածի 6-րդ կետում:
7. Անտառվերականգնում և անտառապատում
Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված ռազմավարության մշակման ընթացքում իրականացվել են ուսումնասիրություններ Հայաստանի Հանրապետության արդյունավետ անտառպատվածության վերաբերյալ, հաշվի առնելով հետևյալ գործոնները.
1) բնակլիմայական առանձնահատկությունները և հողածածկի վիճակը,
2) ջրհավաք ավազանների անտառպատվածության անհրաժեշտ մակարդակը,
3) հողապաշտպան և ջրակարգավորիչ անտառաշերտերի անհրաժեշտ չափը,
4) բնակչության խտությունը, օդի աղտոտվածության աստիճանը և բնույթը,
5) քաղաքային բնակչության համար շրջապատի անտառպատվածության անհրաժեշտ մակարդակը` մեկ շնչին ընկնող կանաչապատ տարածքը,
6) քաղաքամերձ անտառների ռեկրեացիոն հնարավորությունները, հաճախման ինտենսիվությունը:
Հաշվարկվել է, որ հանրապետության արդյունավետ անտառպատվածությունը կկազմի 20,1%, եթե անտառածածկ տարածքներն ընդլայնվեն շուրջ 266,5 հազար հեկտարով:
Հաշվի առնելով, որ հանրապետությունում առկա են մեծաթիվ էրոզացված հողատարածքներ (ընդհանուրի 1/3-ը), որոնց ավելի քան 60 %-ը խիստ էրոզացման հետևանքով դուրս են եկել տնտեսական օգտագործումից, արդյունավետ անտառպատվածությունը հաշվարկելիս գերակայությունը տրվել է լեռնալանջերի էրոզիոն պրոցեսների մեղմմանը և անտառբարելավման միջոցով գյուղատնտեսական օգտագործումից հանված հողատարածքները տնտեսական ոլորտ վերադարձնելու հնարավորությունները:
Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների նպատակն է պահպանել և ավելացնել անտառածածկ տարածքները` կանխելով էրոզիան, անտառների տեսակային կազմի անցանկալի փոփոխությունները և այլն: Անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետներում ապահովել էներգետիկ ճգնաժամի և դրան հաջորդած տարիներին հատված անտառտարածքներում երիտասարդ ծառուտների ձևավորումը: Անտառվերականգնումը և անտառապատումը պետք է իրականացվեն գիտականորեն հիմնավորված եղանակներով` հաշվի առնելով անտառների անհրաժեշտ տեսակային կազմը, անտառաճման պայմանները և օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ:
Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է.
1) ներդնել անտառվերականգնման մոնիտորինգի համակարգ` անտառվերականգնման դինամիկան և որակն օբյեկտիվորեն գնահատելու և կանխատեսելու համար,
2) կրճատել անտառում բնական վերաճի և երիտասարդ անտառմշակույթների կորուստները` անբավարար ագրոտեխնիկական միջոցառումների, արածեցման, անտառային հրդեհների և այլ գործոնների հետևանքով,
3) ներդնել ժամանակակից տեխնիկական միջոցներ և տեխնոլոգիաներ` անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար,
4) անցնել «հատում-անտառվերականգնում-անտառաճեցում» շարունակական նոր սկզբունքով գործող տեխնոլոգիաների` կոնկրետ անտառաճման պայմաններին և անտառի էկոլոգիական ֆունկցիաներին համապատասխան,
5) կիրառել տնտեսական խթանող մեխանիզմներ անտառտնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում հատատեղերում մատղաշի և հողաշերտի պահպանման, հատատեղերի մաքրման նպատակով,
6) բարձրացնել անտառվերականգնման աշխատանքների որակը` տնտեսական նոր մեթոդների կիրառման միջոցով, այդ թվում հաշվի առնելով նաև նոր հիմնվող անտառների բնապահպանական տեսանկյունով պայմանավորված լրացուցիչ տնտեսական եկամուտները,
7) կատարելագործել անտառվերականգնման իրավական բազան:
Անհրաժեշտ է վերականգնել և զարգացնել սերմնային և տնկարանային տնտեսությունները` ելնելով անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների ծավալներից և կարիքներից: Անհրաժեշտ են իրականացնել նաև անտառային սերմերի որակի ստուգման և բարձրացման միջոցառումներ, այդ թվում դրանց` վնասատուներից և հիվանդություններից պաշտպանելու ուղղությամբ:
Տնկարանային տնտեսությունները պետք է հիմնված լինեն նոր տեխնոլոգիաների և աշխատանքների մեխանիզացման վրա` բարելավելով ծառաթփատեսակային տեսականին և իջեցնելով տնկանյութի միավոր ինքնարժեքը: Տնկարաններում անհրաժեշտ է օգտագործել մշտական էլիտային անտառսերմնային պլանտացիաներից ձեռք բերված բարձրորակ սերմեր և իրականացնել անտառային սերմերի սելեկցիոն աշխատանքներ:
Հանրապետությունում արդյունավետ անտառվերականգնում և անտառապատում իրականացնելու համար կարևոր են նաև անտառների արտադրողականության բարձրացման ուղղությամբ կատարվող գործողությունները, քանի որ անտառների ներկայիս արտադրողականության մակարդակը չի համապատասխանում անտառաճման պոտենցիալ պայմաններին և բավական ցածր է:
Անտառների արտադրողականությունը հնարավոր է բարձրացնել էքստենսիվ եղանակով` անտառային պաշարների ավելացում անտառածածկ տարածքների ընդլայնման հաշվին և ինտենսիվ եղանակով` միավոր տարածքից ստացվող բնափայտի տարեկան աճի ավելացման հաշվին:
Արտադրողականության բարձրացման համար անհրաժեշտ է օպտիմալացնել անտառների լրիվությունը, աջակցել բնական վերականգնմանը, բարելավել անտառի տեսակային կազմը` ճիշտ և ժամանակին կիրառելով հատումներ (անտառվերականգնման, միջանկյալ և այլն), ինչպես նաև պահպանելով անտառային կենսաբազմազանությունը և նպաստելով անտառների բնապահպանական հատկությունների զարգացմանը:
Անտառվերականգնման և անտառպատման ոլորտում իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացվում են N 1 հավելվածի 7-րդ կետում:
8. Անտառօգտագործում
Վերջին տարիներին հանրապետությունում իրականացվող անկայուն անտառօգտագործումը մեծ վնաս է հասցնում Հայաստանի անտառներին` միաժամանակ բացասաբար անդրադառնալով անտառտնտեսվարման մյուս ոլորտների վրա: Էներգետիկ և տնտեսական ճգնաժամի հետևանքով զգալիորեն աճել է բնափայտի, այդ թվում վառելափայտի պահանջարկը, որը հիմնականում պայմանավորված է բնակչության ծանր սոցիալական վիճակով: Հատումները հիմնականում իրականացվում են բնակավայրերին հարակից անտառներում` բերելով դրանց խոցելիության բարձրացմանը:
Մյուս կողմից կոմերցիոն նպատակներով իրականացվող հատումների ընթացքում շինափայտ ստանալու համար մթերվում են տնտեսապես առավել արժեքավոր ծառատեսակներ` վտանգելով անտառների ապրանքաորակական հատկանիշները:
Ներկայիս չհամակարգված անտառօգտագործումը գերազանցում է անտառների ընդհանուր տարեկան աճը` բացասաբար անդրադառնալով անտառների արտադրողականության վրա և բերելով անտառների դեգրադացիայի:
Տնտեսական, էկոլոգիական և սոցիալական առումով անտառօգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է հիմնվել կայուն անտառկառավարման սկզբունքների և չափանիշների վրա` հստակ տարանջատելով անտառներն ըստ իրենց նպատակային նշանակության:
Հայաստանի անտառային հարուստ կենսաբազմազանությունը լայն հնարավորություններ է ստեղծում կողմնակի անտառօգտագործման համար: Բազմաթիվ դեղաբույսերի, հատապտուղների, վայրի պտուղների, սնկերի և այլ ոչ փայտային անտառային արտադրանքի հավաքումը, վերամշակումը և իրացումը, մեղվաբուծությունը, կարող են զգալի եկամուտներ ապահովել ոչ միայն անտառային տնտեսության, այլև գյուղական բնակչության համար` բարելավելով սոցիալական վիճակը, ստեղծելով աշխատատեղեր և նվազեցնելով բնափայտի օգտագործման նպատակով անտառների վրա գործադրվող ճնշումը:
Հայաստանի Հանրապետությունում կողմնակի անտառօգտագործման գերակա ուղղություններից են անտառների ռեկրեացիոն հնարավորությունների, զբոսաշրջության և որսորդական տնտեսությունների զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև ոչ անտառապատ տարածքներում գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման մեխանիզմների մշակումն ու ներդնումը:
Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել անտառամերձ համայնքներում մանր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար, ինչպես նաև խթանել ներքին և արտաքին աղբյուրներից ներդրումները:
Անտառօգտագործման ոլորտում իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացվում են N 1 հավելվածի 8-րդ կետում:
9. Անտառի վկայագրում
Անտառի վկայագրումը հավասարակշռում է անտառկառավարման գործընթացներում բնապահպանական, սոցիալական և տնտեսական ասպեկտները, ինչպես նաև կապ է ստեղծում սպառողների և կայուն անտառտնտեսվարման գործունեության միջև:
Անտառի վկայագրումը որպես մարքետինգային գործիք նպաստում է բնափայտի անհայտ և կասկածելի ծագում ունեցող աղբյուրների վերացմանը և կունենա հետևյալ բարենպաստ ազդեցությունը.
ա) անտառի վկայագրման ազգային ստանդարտի մշակումը և կիրառումը կխթանի պետական և ոչ պետական անտառների կայուն կառավարմանը,
բ) առավել լայն հնարավորություններ և նպաստավոր մրցակցային պայմաններ կստեղծի վկայագրված անտառային տեղական արտադրանքների արտաքին շուկայում սպառման համար,
գ) կկանխարգելի և կնվազեցնի ապօրինի հատումները և կնվազեցնի ստվերային անտառօգտագործումը,
դ) կնպաստի կենսաբազմազանության արդյունավետ պահպանությանը,
ե) կխթանի հասարակության մասնակցությանը անտառների կայուն անտառկառավարմանը` ապահովելով որոշումներ ընդունելու հրապարակայնությանը,
զ) կապահովի անտառային ոլորտի աշխատողների համար առավել անվտանգ և ապահով աշխատանքային պայմաններ և սոցիալական երաշխիքներ:
Անտառի վկայագրման ոլորտում իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացվում են N 1 հավելվածի 9-րդ կետում:
10. Ֆինանսատնտեսական ոլորտ
Անտառային ոլորտի ֆինանսատնտեսական ծանր վիճակը պայմանավորված է վերջին տասնամյակներում վարվող քաղաքականությամբ, երբ պետական բյուջեից հատկացումները տարիներ շարունակ մնացել են նույն մակարդակին (շուրջ 100 մլն դրամ), իսկ հիմնական մուտքերը գոյացել են սեփական եկամուտներից` հիմնականում բնափայտի իրացումից (80-90%): Այդ իսկ պատճառով անցած տարիների ընթացքում անտառային ոլորտում որևէ ներդրում չի կատարվել, իսկ եղած նյութատեխնիկական բազան ենթարկվել է բարոյական և ֆիզիկական մաշվածության:
Անցած տարիներին վարվող ֆինանսատնտեսական քաղաքականությունը հանգեցրել է մի շարք լուրջ խնդիրների.
ա) անտառային ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական և ֆինանսական միջոցների սակավություն,
բ) անտառային տնտեսությունների ծանր ֆինանսական վիճակ,
գ) ֆինանսական միջոցների տարեկան ուշացած հատկացումներ,
դ) հաշվապահական հաշվառման ոչ ժամանակակից համակարգ,
ե) շուկայական հարաբերությունների ցածր մակարդակ,
զ) անտառկառավարման պլանների բացակայություն և անարդյունավետ պլանավորում,
է) միջազգային ֆինանսական մեխանիզմների ոչ արդյունավետ օգտագործում,
ը) անտառային պաշարների ոչ արդյունավետ օգտագործում և մեծածավալ կորուստներ,
թ) անտառային պաշարների ստվերային օգտագործման մեծ ծավալներ և այլն:
Ֆինանսատնտեսական ոլորտում իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացվում են N 2 հավելվածի 10-րդ կետում:
11. Անտառային ոլորտի բնապահպանական հարցեր
Կենսաբազմազանության պահպանություն
Հայաստանի աշխարհագրական տեղադիրքը և լեռնային բարդ ռելիեֆը նպաստել են կենսաբազմազանության հարուստ տեսականու, էնդեմիզմի բարձր մակարդակի և հարուստ ագրոկենսաբազմազանության ձևավորմանը:
Անտառային կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման անհրաժեշտությունը պայմանավորված է անտառային էկոհամակարգերի բնապահպանական ֆունկցիաների կարևորությամբ, որոնցից են.
ա) ածխածնի երկօքսիդի կլանում և կլիմայի կարգավորում,
բ) հողի էրոզիայի և անապատացման կանխում,
գ) ջրային բալանսի կարգավորում,
դ) գենիտիկական նյութի մատակարարում,
ե) ռեկրեացիոն ծառայությունների տրամադրում,
զ) միջավայրի սանիտարահիգիենիկ վիճակի բարելավում և այլն:
Անտառային կենսաբազմազանությանը սպառնացող հիմնական գործոններն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են մարդու տնտեսական գործունեության հետ, որոնք են.
ա) բնակմիջավայրի մասնատումը և կորուստը, մասնավորապես անտառային հողերի գյուղատնտեսական նպատակով օգտագործման և հանքային ռեսուրսների շահագործում հետևանքով,
բ) գերարածեցումը,
գ) անտառների անկայուն կառավարումը, ներառյալ ապօրինի ծառահատումները,
դ) բնափայտային և ոչ բնափայտային ռեսուրսների գերօգտագործումը,
ե) օտարածին տեսակների ներմուծումը,
ա) ճանապարհաշինությունը, հիդրոէլեկտրակայանների կառուցումը, չկարգավորված ռեկրեացիոն գործունեությունը և այլն,
զ) միջավայրի աղտոտումը:
Նշված բոլոր գործոնները նպաստում են անտառային էկոհամակարգերի դեգրադացմանը և կենսաբազմազանության կորստին:
Կլիմայի փոփոխություն
1993 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Միացյալ Ազգերի Կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային Կոնվենցիան, որի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել կլիմայի գլոբալ փոփոխության հիմնախնդրի վրա:
Անտառները հանդիսանում են մթնոլորտից ածխածնի երկօքսիդի կլանիչ և պահպանիչ: Սակայն մի կողմից հանքային վառելանյութի օգտագործման աճը, մյուս կողմից անտառածածկ տարածքների կրճատումը հանգեցնում են մթնոլորտում ածխաթթու գազի ավելացմանը: Կլիմայի փոփոխության տեսանկյունից առաջնային հիմնախնդիրներն են.
ա) անտառային էկոհամակարգերի հնարավոր խոցելիությունը և հարմարվողականության փոփոխությունը, ինչպես նաև նշված գործընթացների կանխարգելմանն ուղղված միջոցառումների բացակայությունը,
բ) անտառների ընդհանուր կենսազանգվածի և պաշարների կորուստը,
գ) անտառային ոլորտի անբավարար ներգրավվածությունը կլիմայի փոփոխության մեղմանն ուղղված գլոբալ միջոցառումներին:
Հողի և ջրի պահպանություն
Անտառների անկայուն շահագործումը, անտառային հողերի օգտագործումը հողագործության, անասնապահության, արդյունաբերության և այլ նպատակներով արագացնում և խորացնում են էրոզիան, անտառային գետերի և ջրամբարների տղմակալման և էվտրոֆացման գործընթացները` խախտելով անտառի հիդրոլոգիական ռեժիմը, խթանելով ջրային էկոհամակարգերի դեգրադացիան։
Հողերի դեգրադացիայի և անապատեցման հանգեցնող հիմնախնդիրներից են անկայուն գյուղատնտեսական գործունեությունը, գերարածեցումը, անտառազրկումը և անտառների դեգրադացիան, թեև անտառային ոլորտին առավելապես առնչվում են վերջին երկուսը:
Գերարածեցումը հանգեցնում է խոտհարքների, արոտավայրերի բուսածածկի, անտառի բնական վերարտադրության անկման, հողաշերտի կոմպակտացման և էրոզիայի առումով հողերի խոցելիության բարձրացման:
Անտառազրկման և անտառների դեգրադացիայի պատճառ են հանդիսանում բնափայտի գերհատումները, անտառների փոխակերպումը երկրորդական ծագման կերահանդակների, անվերահսկելի անտառային հրդեհները, ինչպես նաև անտառային հողերի նպատակային նշանակության փոփոխումը:
Անտառի ոլորտի բնապահպանական ասպեկտների ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացվում են N 2 հավելվածի 11-րդ կետում:
12. Անտառային ոլորտի սոցիալական հարցեր
Հայաստանի Հանրապետության անտառները հիմնականում ունեն բնապահպանական նշանակություն և նախկինում էական դեր չեն ունեցել հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքում, բացառությամբ անտառամերձ համայնքների, որոնց թիվը հանրապետությունում հասնում է 230-ի: Անտառամերձ համայնքների համար անտառը միշտ ունեցել է կարևոր նշանակություն և հիմնականում օգտագործվել է որպես հանգստի վայր, բնակչության լրացուցիչ եկամտի աղբյուր, ոչ բնափայտային անտառային արդյունքի, անասնակերի ապահովման կայուն բազա, համայնքի ջրային ռեսուրսների պահպանման միջոց, վառելիք և այլն:
Մինչև 1990 թվականը համայնքները բնափայտը օգտագործում էին փոքր ծավալներով, հիմնականում կենցաղային կարիքների բավարարման համար: Սակայն 1990 թվականից հետո անտառանյութը հիմնականում օգտագործվում է սեփական կարիքների ապահովման համար (որպես վառելիք) և առևտրային նպատակներով:
Կարևորվում է նաև անտառի ռեկրեացիոն դերը, ինչպես նաև նրա նշանակությունը զբոսաշրջության զարգացման համար, որը կարող է նպաստել բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը և անտառների ճնշման նվազեցմանը:
Անտառային ոլորտի սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներից են.
1) համայնքներում առկա գործազրկությունը և չքավորությունը,
2) համայնքների մեծ կախվածությունն անտառային ռեսուրսներից (բնափայտ, ոչ բնափայտային անտառային արդյունք, արածեցում, խոտհունձ և այլն),
3) էներգետիկ ռեսուրսների դժվարամատչելիությունը,
4) վառելափայտը որպես գյուղական և քաղաքային բնակչության ստվար շերտերի գոյատևման մատչելի միջոց,
5) անտառամերձ բնակավայրերի ճանապարհների, հեռահաղորդակցության (և այլն) վատթար վիճակը,
6) անտառների կայուն կառավարման ոլորտում հասարակության և շահագրգիռ համայնքների մասնակցության ցածր մակարդակը (ներգրավման մեխանիզմների բացակայությունը կամ անկատարություն),
7) անտառային ոլորտի վերաբերյալ հասարակության իրազեկության ցածր մակարդակը,
8) քաղաքային անտառպուրակների և կանաչապատ տարածքների նվազումը,
9) անտառային ոլորտի աշխատողների անբավարար վարձատրությունը,
10) աշխատանքի գնահատման և խրախուսման անկատար համակարգը,
11) աշխատանքային պայմանների և անվտանգության տեխնիկայի ցածր մակարդակը,
12) ոլորտում երիտասարդ անտառային կադրերի պակասը:
Անտառային ոլորտի սոցիալական ասպեկտների ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացվում են N 2 հավելվածի 12-րդ կետում:
13. Անտառային գիտություն
Անտառային կայուն կառավարման զարգացումը հնարավոր չէ առանց անտառային գիտության զարգացման: Անտառային ոլորտի առջև ծառացած մի շարք խնդիրների լուծման և արդյունավետ միջազգային համագործակցության արդյունքում ի հայտ են եկել նախկինում չուսումնասիրված կամ անբավարար ուսումնասիրված գերակա ուղղություններ: Անտառային գիտության զարգացման նպատակով անհրաժեշտ է.
1) նախանշել անտառային ոլորտի զարգացման հեռանկարային ուղղությունները և իրականացնել թեմատիկ ուսումնասիրություններ` այդ թվում հիմնվելով երկրի ստանձնած միջազգային պայմանագրերի, ինչպես նաև թեմատիկ աշխատանքների փորձագիտական և ավարտված ուսումնասիրությունների արդյունքների վրա,
2) համակարգել անտառային ոլորտում տարվող ուսումնասիրությունները համալիր անտառային գիտական ծրագրերի իրականացման միջոցով,
3) խթանել հանրապետության տարբեր բնակլիմայական շրջաններում մոդելային գիտափորձարարական անտառների ստեղծումը` անտառային տնտեսության վարման նոր տեխնոլոգիաների և առաջավոր փորձի ներդրման նպատակով,
4) խթանել համակարգչային նոր մեթոդների, ծրագրերի և մոդելների ներդրումն անտառկառավարման համակարգում,
5) բարելավել գիտահետազոտական անտառային կազմակերպությունների նյութատեխնիկական բազան,
6) ընդլայնել անտառային գիտական ուսումնասիրությունների ավանդական շրջանակը` ներառելով տնտեսական, բնապահպանական և սոցիալական բնագավառները,
7) աշխատանքներն իրականացնել միջազգային և գլոբալ նշանակության անտառային գիտական թեմաներով:
Անտառային գիտության ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացվում են N 2 հավելվածի 13-րդ կետում:
14. Անտառագիտական կրթություն, ուսուցում և իրազեկում
Կրթություն և ուսուցում
Հայաստանի Հանրապետության անտառային ոլորտի մարդկային ռեսուրսների վերաբերյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն ապահովված չէ բավարար թվով որակյալ մասնագետներով:
1950-1990 թթ. Հայաստանում չի եղել բարձրագույն անտառագիտական կրթություն: Ներկայումս որոշ կրթական հաստատություններ (Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը) իրականացնում են անտառագետ մասնագետների պատրաստումը: Հայաստանում բացակայում են միջին մակարդակի անձնակազմի (անտառային տեխնիկ) և անտառային աշխատանքների մասնագիտական տեխնիկական կրթական հաստատությունները: Անտառային ոլորտի կառավարման համակարգում առկա է որակավորված մասնագետների խիստ պակաս (մասնագետների թիվը չի գերազանցում ընդհանուրի 4%):
Ոլորտի կրթական և ուսուցման համակարգի զարգացմանը խոչընդոտում են հետևյալ գործոնները.
1) առանձին առարկաների գծով բարձր որակավորման գիտամանկավարժական կադրերի պակասը,
2) դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների սակավությունը,
3) լաբորատոր սարքավորումների և գործիքների բացակայությունը,
4) անտառօգտագործման առևտրային բնագավառին առնչվող ուսուցման բացակայությունը,
5) գործնական ուսուցման և դաշտային ուսուցողական կենտրոնների անբավարարությունը,
6) պետական պատվերով ուսանողական տեղերի անբավարար քանակությունը և անտառային ոլորտում աշխատանքով ապահովելու մեխանիզմների անկատարությունը,
7) մասնագետների շարունակական վերապատրաստման և վերաորակավորման ուսումնական ծրագրերի և հնարավորությունների պակասը:
Իրազեկում
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համեմատաբար բարձր է բնակչության իրազեկությունը անտառների դերի և նշանակության վերաբերյալ, սակայն անհրաժեշտ է հասարակայնության լայն շրջանակներին իրազեկել անտառների կորստի բնապահպանական և սոցիալ-տնտեսական հետևանքների մասին:
Ցածր է իրավական տեղեկացվածությունը անտառկառավարման խնդիրների վերաբերյալ և բնակչության լայն զանգվածները գրեթե անտեղյակ են անտառային ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ:
Կարևոր խնդիր է նաև տեղեկատվության մատչելիության և անտառկառավարման համակարգի գործունեության թափանցիկության ապահովումը:
Անտառային կրթության, ուսուցման և իրազեկման ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացվում են N 2 հավելվածի 14-րդ և 15-րդ կետերում:
15. Միջազգային համագործակցություն
Աշխարհում ծառացած մի շարք գլոբալ բնապահպանական խնդիրների լուծումը պահանջում է բոլոր երկրների ակտիվ մասնակցություն: Անտառային ոլորտում միջազգային համագործակցության նպատակն է` անտառների կայուն կառավարումը:
Անտառային ոլորտում միջազգային համագործակցության նպատակն է.
1) խթանել այն գործողությունները, որոնք բխում են մասնավորապես անտառային սկզբունքներից և Կենսաբազմազանության, Կլիմայի Փոփոխության, Անապատեցման դեմ պայքարի միջազգային կոնվենցիաների պահանջներից,
2) բարձրացնել անտառային ոլորտի միջազգային գիտատեխնիկական համագործակցության արդյունավետությունը, նախանշելով հեռանկարային ուղղությունները,
3) ընդլայնել համատեղ իրականացվող անտառային ծրագրերի շրջանակը, ամբողջացնելով և համակարգելով միջազգային աղբյուրների առկա հնարավորությունները,
4) նպաստել անտառային ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը,
5) խթանել անտառային վերամշակված արտադրանքի արտահանման հնարավորությունները` երկրում նախաձեռնելով անտառների վկայագրման գործընթացներ,
6) նպաստել Հայաստանի Հանրապետության և միջազգային անտառային մասնագետների միջև փորձի փոխանակման, փոխայցելությունների, անտառային բնագավառի միջազգային հավաքների մասնակցության շնորհիվ:
Անտառային ոլորտի միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացվում են N 2 հավելվածի 16-րդ կետում:
IV. Անտառի ազգային ծրագրի ֆինանսավորման աղբյուրները
Անտառի ազգային ծրագրի իրականացումը պայմանավորված է առաջարկվող միջոցառումների համար անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուրներով: Այդ նպատակով պետք է համակարգել միջազգային և ազգային ֆինանսական միջոցները` դրանք նպատակաուղղելով անտառային ոլորտի զարգացման առաջնահերթ աշխատանքների իրականացմանը:
Անտառկառավարման աշխատանքների տնտեսական արդյունավետության բարձրացման շնորհիվ և ստորև նշված միջոցառումների իրականացման արդյունքում կարող են առաջանալ զգալի ներքին ֆինանսական միջոցներ.
1) պայքար անտառային ոլորտում ստվերայնության դեմ,
2) ապօրինի անտառանյութի մթերման և իրացման ներքին ծավալների կրճատում,
3) հանրապետությունից անմշակ բնափայտային հումքի արտահանման մաքսային քաղաքականության խստացում և ներկրման խրախուսում,
4) անտառին պատճառված վնասի հատուցման համակարգի կատարելագործում,
5) օրինական անտառօգտագործման արդյունքում եկամուտների ավելացում,
6) բնօգտագործման վճարների դրույքաչափերի օպտիմալացում,
7) վկայագրված բնափայտային արտադրանքի ծավալների խթանում ներքին և արտաքին շուկաներում,
8) ոչ բնափայտային անտառային արտադրանքի մասնաբաժնի ավելացում ընդհանուր անտառօգտագործման ծավալներում,
9) Հայաստանի Հանրապետությունում անտառային մարքետինգի հիմունքների զարգացում,
10) ռեկրեացիոն և այլ նպատակներով անտառային հողերի վարձակալության տրամադրման մեխանիզմների բարելավում,
11) արդյունավետ հարկային քաղաքականության իրականացում` անտառվերականգնման, անտառապատման և այլ տնտեսապես ոչ եկամտաբեր անտառտնտեսական միջոցառումների նկատմամբ,
12) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կարողությունների հզորացում,
13) անտառների բնապահպանական ֆունկցիաների (կլիմայակարգավորիչ, հողապաշտպան, ջրապաշտպան և այլն) ապահովման համար տնտեսական փոխհատուցման մեխանիզմների զարգացում,
14) հասարակական և այլ կազմակերպությունների ներգրավում:
Ելնելով անտառների բնապահպանական ազգային և գլոբալ նշանակությունից, անտառային ոլորտի խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է ապահովել միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությունը:
Անտառի ազգային ծրագրի իրականացման ֆինանսավորման միջազգային հիմնական աղբյուրներից են.
1) Գլոբալ էկոլոգիական Հիմնադրամը,
2) Կիոտոյի արձանագրության Մաքուր Զարգացման Մեխանիզմների շրջանակներում նախատեսված անտառապատման/անտառվերականգնման աշխատանքներին տրամադրվող ֆինանսական միջոցները,
3) Համաշխարհային բանկը,
4) Միջազգային զարգացման գործակալությունները,
5) Միացյալ Ազգերի Կազմակերպությունը և այլն:
V. Անտառի ազգային ծրագրի համակարգում և մոնիտորինգ
Անտառի ազգային ծրագրի հաջող իրականացման նպատակով կստեղծվի ազգային համակարգող խորհուրդ, որի կազմում կարող են ընդգրկվել հետևյալ հիմնական շահառուները` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունները, անտառային ոլորտի գիտական և հասարակական կազմակերպությունները, միջազգային դոնոր կազմակերպությունները և այլն:
Ազգային համակարգող խորհրդի խնդիրներն են`
1) նպաստել շահագրգիռ կողմերի արդյունավետ համագործակցությանը,
2) համակարգել անտառի ազգային ծրագրի կազմակերպչական գործընթացները,
3) ապահովել շահագրգիռ կողմերի միջև տեղեկատվության փոխանակումը,
4) իրականացնել անտառի ազգային ծրագրի իրականացման մոնիտորինգ,
5) ապահովել անտառի ազգային ծրագրի իրականացման թափանցիկությունը,
6) ապահովել անտառի ազգային ծրագրի աշխատանքների վերաբերյալ հասարակության իրազեկությունը և շահագրգիռ կողմերի մասնակցությունը,
7) պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ ազգային համակարգող խորհրդի գործունեության, մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսների ներդրման և իրացման ընթացքի վերաբերյալ, ապահովել դրանց օգտագործման արդյունավետությունը, ինչպես նաև նախատեսված և փաստացի արդյունքների վերլուծությունը:
|