Համարը 
ՀՕ-135-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2008.07.25/48(638) Հոդ.800
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
10.06.2008
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.07.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.08.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի հունիսի 10-ին

 

ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գինեգործական արտադրանք արտադրելու նպատակով (այսուհետ՝ գինեգործության նպատակով) խաղողի մշակության, իրացման և խաղողի հումքով ոգելից խմիչքների արտադրության, վերամշակման, մակնշման և շուկայահանման ընթացքում ծագող հարաբերությունները:

 

Հոդված 2.

Օրենքի կիրառման ոլորտը

 

1. Սույն օրենքը տարածվում է գինեգործության նպատակով խաղողի մշակության, իրացման և խաղողի հումքով ոգելից խմիչքների արտադրության, վերամշակման, մակնշման և շուկայահանման բնագավառում ծագած հասարակական հարաբերությունների մասնակից բոլոր սուբյեկտների վրա:

2. Սույն օրենքը չի տարածվում՝

1) անձնական կամ ընտանեկան, ինչպես նաև այլ ոլորտներում օգտագործման նպատակներով խաղողի մշակության, պահվող և իրացվող խաղողի վրա.

2) անձնական կամ ընտանեկան օգտագործման համար նախատեսված տնային պայմաններում արտադրված գինեգործական արտադրանքի վրա:

 

Հոդված 3.

Խաղողի հումքով ոգելից խմիչքների արտադրության, վերամշակման, մակնշման և շուկայահանման բնագավառի օրենսդրությունը

 

1. Գինեգործության նպատակով խաղողի մշակության, իրացման և խաղողի հումքով ոգելից խմիչքների արտադրության, վերամշակման, մակնշման և շուկայահանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի դրույթները:

 

Հոդված 4.

Օրենքի հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) ամերիկա-եվրոպական հիբրիդային սորտ` խաղողի ամերիկյան վայրի տեսակի և եվրոպական կուլտուրական սորտերի խաչասերումից ստացված հիբրիդ և (կամ) սորտ.

2) աշխարհագրական նշումով խաղողի գինի՝ խաղողի գինի, որը համապատասխանում է դրա աշխարհագրական նշմանը, և որի արտադրությունն իրականացվում է տվյալ աշխարհագրական տարածքում (տարածաշրջանում, վայրում).

3) աշխարհագրական նշումով խաղողի օղի՝ խաղողի օղի, որը համապատասխանում է դրա աշխարհագրական նշմանը, և որի արտադրությունն իրականացվում է տվյալ աշխարհագրական տարածքում (տարածաշրջանում, վայրում).

4) բազմաթորում (ռեկտիֆիկացիա)` հատուկ սարքերում, եռացող բազմաբաղադրիչ (բազմակոմպոնենտ) հեղուկ արտադրատեսակից, նույն ճնշման տակ, միմյանց նկատմամբ հակառակ ուղղությամբ շարժվող և հավասարակշռության մեջ չգտնվող հեղուկ և գազային ֆազերի բազմակի շփման միջոցով իրենց եռման ջերմաստիճաններով իրար մոտ գտնվող նյութերի անջատում.

5) բնական էթանոլ՝ խաղողի քաղցուի սպիրտային խմորման ժամանակ առաջացած բնածին (էնդոգեն) սպիրտ (էթանոլ).

6) բնական սպիրտի խտությունը (ծավալային մասը)՝ սպիրտի ամբողջ ծավալային խտությունը տվյալ արտադրանքում՝ մինչև դրա որևէ եղանակով հարստացումը.

7) բրենդի` առնվազն 36 տոկոս ծավալային մասով (այսուհետ՝ ծավ. %) սպիրտի փաստացի խտությամբ և 5-ից մինչև 30 գրամ մեկ լիտրում (այսուհետ՝ գ/լ) շաքարի պարունակությամբ, յուրահատուկ փնջով և համով, խաղողի հումքով, Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) սահմանած պահանջներին համապատասխանող թունդ ոգելից խմիչք, որի տարախառնուրդում թույլատրվում է օգտագործել միայն բրենդիի սպիրտ, բրենդի, հայկական կոնյակի սպիրտ, հայկական կոնյակ, հայկական կոնյակի սպիրտաջուր, հայկական կոնյակի բուրավետ ջուր, խմելու կամ մշակման ենթարկված ջուր, այլ երկրից ներմուծված խաղողի ծագման սպիրտ և (կամ) բրենդի, կոլեր և շաքարի օշարակ.

8) բրենդիի գինենյութ` կառավարության սահմանած բրենդիի սպիրտի ստացման համար նախատեսված խաղողի սորտերից, նվազագույնը 8 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող գինենյութ.

9) բրենդիի սպիրտ` բրենդիի գինենյութի կամ բրենդիի սպիրտահումքի կամ հայկական կոնյակի գինենյութի և (կամ) հայկական կոնյակի սպիրտահումքի խմբային թորումից ստացված, յուրահատուկ փնջով և համով, 55-ից մինչև 72 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող արտադրանք.

10) բրենդիի սպիրտահումք` բրենդիի կամ հայկական կոնյակի գինենյութի մեկ փուլով (ոչ խմբային) թորումից ստացված, յուրահատուկ փնջով և համով, 23-ից մինչև 32 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող արտադրանք.

11) բրենդիի սպիրտաջուր` բրենդիի և (կամ) հայկական կոնյակի սպիրտի և ջրի խառնումից ստացված, առնվազն 3 ամիս հնացրած, յուրահատուկ փնջով և համով, 8,5-ից մինչև 25 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող արտադրանք.

12) բրենդիի բուրավետ ջուր` բրենդիի կամ հայկական կոնյակի գինենյութի, բրենդիի կամ հայկական կոնյակի սպիրտահումքի խմբային թորման հետևանքով առաջացած պոչային թորամասից ստացված, առնվազն 6 ամիս հնացված, յուրահատուկ փնջով և համով, 25-ից մինչև 30 ծավ. % էթանոլի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող արտադրանք.

13) բուրավետացված գինի՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող, 14,5-ից մինչև 22 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ և 10-ից մինչև 17,5 ծավ. % էթանոլի ընդհանուր խտությամբ բնական սպիրտով հեղուկ արտադրանք, որն արտադրված է թարմ և (կամ) գերհասունացած խաղողից ստացված գինենյութից և (կամ) գինուց խաղողի քաղցուի և (կամ) մասամբ խմորված խաղողի քաղցուի ավելացմամբ կամ առանց այդ ավելացումների, թնդեցված բուսական ծագման սպիրտով, բուրավետացնող նյութերով, քաղցրացված խաղողի խտածո քաղցուով և (կամ) բնական ծագում ունեցող քաղցրացնող այլ նյութերով, գունավորված կոլերով կամ նմանատիպ սննդային ներկանյութերով կամ առանց գունավորման.

14) գյուղատնտեսական ծագման թորվածք` բուսական արտադրանքի խմորման միջոցով ստացված արտադրատեսակների թորումից արտադրված (բացառությամբ թունդ ոգելից խմիչքներից թորվածի) յուրահատուկ փնջով և համով, սպիրտ պարունակող՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք.

15) գյուղատնտեսական ծագման սպիրտ (էթանոլ)` առանց կողմնակի համի և հոտի, բուսական հումքի, որից թորվել է, նախնական համը և հոտը չհիշեցնող, նվազագույնը 80 ծավ. % սպիրտի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք.

16) գազացված խաղուն գինի՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող, ածխածնի երկօքսիդի հավելյալ ճնշմամբ հագեցված սեղանի գինի, որտեղ ածխածնի երկօքսիդի հավելյալ ճնշումը հերմետիկ տարայում 200C ջերմաստիճանում նվազագույնը 350 կիլոպասկալ է, և տարայի ապահերմետիկացման դեպքում տեղի է ունենում ածխածնի երկօքսիդի անջատում.

17) գազացված մարգարտային (կիսախաղուն) գինի՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող, ածխածնի երկօքսիդի հավելյալ ճնշմամբ հագեցված սեղանի գինի, որտեղ ածխածնի երկօքսիդի հավելյալ ճնշումը հերմետիկ տարայում 200C ջերմաստիճանում 100-ից մինչև 250 կիլոպասկալ է, և այդ հավելյալ ճնշումը պայմանավորված է ամբողջությամբ կամ մասնակի ավելացված ածխածնի երկօքսիդով.

18) գերհասունացած խաղող` շաքարի առնվազն 272 գ/լ ընդհանուր պարունակությամբ խաղող.

19) գինեգործական արտադրանք` խաղողի քաղցուն, խաղողի խտածո քաղցուն, խաղողի գինենյութը, խաղողի գինին, բուրավետացված գինին, խաղողի բուրավետացված գինին, հայկական կոնյակը, հայկական կոնյակի գինենյութը, հայկական կոնյակի սպիրտահումքը, հայկական կոնյակի սպիրտաջուրը, հայկական կոնյակի սպիրտը, հայկական կոնյակի բուրավետ ջուրը, բրենդին, խաղողի բրենդիի սպիրտը, խաղողի բրենդիի սպիրտահումքը, խաղողի բրենդիի սպիրտաջուրը, խաղողի օղու թորվածքը, խաղողի օղու թորվածքահումքը, խաղողի օղին, խաղողի գինու սպիրտը, խաղողի գինու բազմաթոր սպիրտը, թվարկված արտադրանքի արտադրության, վերամշակման և պահման ընթացքում առաջացող մնացորդները և գինու քացախը.

20) գինեգործական արտադրանք արտադրող` օրենքով սահմանված կարգով տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար գրանցված իրավաբանական կամ անհատ ձեռնարկատեր, որը շուկայահանման նպատակով արտադրում և (կամ) վերամշակում է գինեգործական արտադրանք.

21) գինեգործական արտադրանքի մնացորդ` գինեգործական արտադրանքի արտադրության և պահման ժամանակ առաջացած, կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող ներքոհիշյալ մնացորդներ՝ խաղողի քաղցուի, խաղողի խտածո քաղցուի, խաղողի գինենյութի, խաղողի գինու, խաղողի բուրավետացված գինու նստվածքներ (դիրտ), խաղողի կնճեռ, խաղողի պտղամաշկ, խաղողի կորիզ, գինեքար, բարդա, հայկական կոնյակի, բրենդիի, խաղողի գինու և խաղողի օղու սպիրտների թորման ժամանակ առաջացած պոչային և գլխային թորամասերը (ֆրակցիաները).

22) գինենյութ` դեռևս թույլատրելի մեթոդների և վերամշակումների ենթակա նվազագույնը 8 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ գինի.

23) գինու բազմաթոր սպիրտ (գինու ռեկտիֆիկատ սպիրտ)` գինենյութի և (կամ) գինու բազմաթորման (ռեկտիֆիկացիայի) միջոցով ստացված, առանց կողմնակի համի և հոտի, նվազագույնը 96,0 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք.

24) գինու նստվածք՝ նստվածք, որն առաջանում է գինենյութ կամ գինի պարունակող տարաներում խմորումից հետո կամ պահման ընթացքում կամ թույլատրելի մշակումից հետո, ինչպես նաև այդ արտադրանքի ֆիլտրման և կենտրոնախուսակման (ցենտրիֆուգման) հետևանքով. գինու նստվածք է համարվում նաև խաղողի քաղցուով տարաներում քաղցուի նստվածքը, որն առաջանում է պահման ընթացքում կամ թույլատրելի մշակումից հետո, ինչպես նաև քաղցուի կենտրոնախուսակման և ֆիլտրման հետևանքով առաջացող նստվածքը.

25) գինու սպիրտ` գինենյութի և (կամ) գինու և (կամ) գինու թորվածքի թորման և (կամ) գինու սպիրտի կրկնակի թորման և (կամ) այդ արտադրատեսակների ռեկտիֆիկացիայի միջոցով պատրաստված յուրահատուկ փնջով և համով, 87-ից մինչև 96 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք.

26) գինու քացախ` խաղողի գինու քացախաթթվային խմորման ճանապարհով ստացված, նվազագույնը 6 ծավ. % քացախաթթու պարունակող՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք.

27) երիտասարդ գինի՝ գինի, որում սպիրտային խմորումը դեռևս չի ավարտվել կամ ավարտվել է, կամ այն կանգնեցվել է որևէ ֆիզիկական մեթոդի օգնությամբ, և դեռևս գինին չի առանձնացվել խմորասնկային նստվածքից.

28) թորում՝ հատուկ սարքերում, եռացող բազմաբաղադրիչ (բազմակոմպոնենտ) հեղուկ արտադրատեսակից, նույն ճնշման տակ, իրենց եռման ջերմաստիճաններով իրար մոտ գտնվող նյութերի խմբային (ֆրակցիոն) անջատում հեղուկի մասնակի գոլորշիացման և հետագա խտացման (կոնդենսացման) ճանապարհով.

29) թունդ ոգելից խմիչք` նվազագույնը 15 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ, յուրահատուկ փնջով և համով, կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք, որն արտադրվել է խմորման միջոցով ստացված արտադրատեսակների անմիջապես թորման միջոցով և (կամ) բուսական նյութերի էթանոլում թրմեցման միջոցով, որի կուպաժում կարող են օգտագործվել նաև բուսական ծագման սպիրտ, բուսական ծագման թորվածք, գինու սպիրտ, բուրավետացնող և (կամ) քաղցրացնող միջոցներ ու նյութեր.

30) լուսացրում (օպալեսցենցիա)՝ լույսի ցրումը գինու կախութային համակարգի կողմից, երբ այդ համակարգի մասնիկների բեկման ցուցանիշը նկատելիորեն տարբերվում է բյուրեղյա պարզ գինու բեկման ցուցանիշից.

31) խաղողագործական արտադրանք արտադրող` շուկայահանման նպատակով խաղողագործական արտադրանք արտադրող ֆիզիկական և իրավաբանական անձ.

32) խաղողագործական միկրոշրջան` խաղողագործական տարածաշրջանի մի մասը, որն այդ խաղողագործական տարածաշրջանի մյուս տարածքներից տարբերվում է իր բնակլիմայական պայմաններով, որում խաղողի և դրա վերամշակված արտադրատեսակների որակն ամբողջությամբ կամ հիմնականում պայմանավորված է այդ տեղի բնական գործոններով, և որտեղ խաղողի որոշ սորտերի առանձնահատկությունները լավագույն ձևով դրսևորվում են միայն տվյալ պայմաններում.

33) խաղողագործական տարածաշրջան` խաղողի վազի մշակության համար բնակլիմայական համապատասխան պայմաններ ունեցող` սույն օրենքով սահմանված աշխարհագրական տարածք.

34) խաղողի արտադրական տնկարկ՝ խաղողի գինեմետ և համապիտանի սորտերով տնկված այգի, որի բերքը շուկայահանվում է.

35) խաղողի բազմացման այլ ելանյութ` խաղողի գինեմետ և համապիտանի սորտի վազի կտրոն, մերիսթեմատիկ հյուսվածք (խաղողի բույսի հյուսվածք, որն ունի կիսվելու և նոր բջիջներ առաջացնելու ունակություն), խաղողի դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ).

36) խաղողի սեղանի գինի (սեղանի գինի)՝ միայն բնական ճանապարհով (էնդոգեն) առաջացած սպիրտ պարունակող գինի, որտեղ սպիրտի փաստացի խտությունը կազմում է 8-ից մինչև 15 ծավ. %.

37) խաղողի բուրավետացված գինի` թարմ և (կամ) գերհասունացած խաղողից ստացված գինենյութից և (կամ) գինուց, խաղողի քաղցուի և (կամ) մասամբ խաղողի խմորված քաղցուի ավելացմամբ կամ առանց այդ ավելացումների ստացված, բուրավետացնող միջոցներով և (կամ) նյութերով բուրավետացված, քաղցրացնող նյութեր և (կամ) միջոցներ և գյուղատնտեսական ծագման սպիրտ ավելացրած, 14,5-ից մինչև 22 ծավ. % փաստացի և 8,5-ից մինչև 14,5 ծավ. % ընդհանուր բնական էթանոլ պարունակող արտադրանք, որի բաղադրության առնվազն 75 տոկոսը խաղողի գինի է.

38) խաղողի գինեմետ սորտ՝ գինեգործական արտադրանք արտադրելու համար նախատեսված խաղող.

39) խաղողի գինի (գինի)` ջարդված կամ չջարդված խաղողի, դրա փլուշի կամ քաղցուի լրիվ կամ մասնակի խմորումից ստացված, շուկայահանումից առաջ թույլատրելի մեթոդների և մշակումների ենթարկված, 8,5-ից մինչև 22 ծավ. % սպիրտի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող արտադրանք.

40) խաղողի խտածո քաղցու` խաղողի քաղցուից ցանկացած թույլատրելի մեթոդներով (բացառությամբ կրակով անմիջական տաքացման) ջրի մասնակի հեռացմամբ խտացված, մինչև 1 ծավ. % փաստացի էթանոլ և նվազագույնը 50,9 գ/լ շաքար պարունակող չկարամելացված՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող արտադրանք.

41) խաղողի խտացված հյութ՝ խաղողի հյութից ցանկացած թույլատրելի մեթոդներով (բացառությամբ կրակով անմիջական տաքացման) ջրի մասնակի հեռացմամբ խտացված, մինչև 1 ծավ. % փաստացի էթանոլ և նվազագույնը 50,9 գ/լ շաքար պարունակող` կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող չկարամելացված հեղուկ արտադրանք.

42) խաղողի կնճեռ` ջարդված և (կամ) չջարդված խաղողի մաշկի, չանչի և ողկույզի պինդ այլ մասնիկների լրիվ և (կամ) մասնակի խմորված և (կամ) չխմորված` կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող անհամասեռ զանգված.

43) խաղողի համապիտանի սորտ՝ խաղողի սորտ, որը կարող է ծառայել ինչպես խաղողի սեղանի, այնպես էլ խաղողի գինեմետ սորտ.

44) խաղողի հյութ՝ թարմ խաղողից կամ խաղողի քաղցուից կամ խաղողի խտացված քաղցուից ստացված, մինչև 1 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ, չխմորված, բայց խմորվելու ունակ, սննդի մեջ նույն ձևով օգտագործման համար պիտանի` կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք.

45) խաղողի մայրուտ` ապրանքային խաղողի մշակության խաղողագործական տարածաշրջանում խաղողի ելանյութի (կտրոնի) մթերման համար հիմնված մաքրասորտ տնկարկ.

46) խաղողի հումքով թունդ ոգելից խմիչք` նվազագույնը 15 ծավ. % էթանոլ պարունակող խմիչք, որի արտադրության համար օգտագործվող բաղադրամասերի առնվազն 55 տոկոսը ստացվել է խաղողից.

47) խաղողի հումքով ոգելից խմիչք` նվազագունը 8 ծավ. % էթանոլ պարունակող ոգելից խմիչք, որի արտադրության ժամանակ օգտագործվող բաղադրամասերի առնվազն 55 տոկոսը ստացվել է խաղողից.

48) խաղողի սեղանի սորտ՝ սննդի մեջ թարմ վիճակում անմիջական օգտագործման համար նախատեսված և (կամ) այդ նպատակով փոխադրվող և պահվող պիտանի խաղող.

49) խաղողի օղի՝ 36 ծավ. % -ից ոչ պակաս սպիրտի փաստացի խտությամբ և 5-ից մինչև 30 գ/լ շաքարի պարունակությամբ, յուրահատուկ փնջով և համով, խաղողի հումքով, կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող թունդ ոգելից խմիչք, որի տարախառնուրդում թույլատրվում է օգտագործել խաղողի օղու թորվածք, խաղողի օղի, խմելու կամ մշակման ենթարկված ջուր, ներկանյութ, բուրավետացնող նյութ, շաքարի օշարակ և կոլեր.

50) խաղողի օղու գինենյութ՝ խաղողի օղու թորվածքահումքի և (կամ) խաղողի օղու ստացման համար նախատեսված, նվազագույնը 8 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ, նախապես խաղողի կնճեռ պարունակող և (կամ) կնճեռ ավելացրած՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող գինենյութ.

51) խաղողի օղու թորվածք` խաղողի օղու թորվածքահումքի և (կամ) խաղողի օղու գինենյութի թորման միջոցով ստացված, յուրահատուկ փնջով և համով, 52-ից մինչև 86 ծավ. % սպիրտի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք.

52) խաղողի օղու թորվածքահումք` խաղողի օղու գինենյութի մեկ փուլով թորված, թորամասերը չառանձնացված, յուրահատուկ փնջով, 20-ից մինչև 33 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք.

53) խաղողի քաղցու` խաղողից ստացված, մինչև 1 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք.

54) խաղուն գինի՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող, ածխածնի երկօքսիդի հավելյալ ճնշմամբ հագեցված սեղանի գինի, որն արտադրվել է ներքոհիշյալ արտադրանքներից որևէ մեկի կամ դրանց խառնուրդի առաջնային և երկրորդային սպիրտային խմորման ճանապարհով՝ խաղողի քաղցու, գինենյութ և գինի, որում ածխածնի երկօքսիդի հավելյալ ճնշումը հերմետիկ տարայում 200C ջերմաստիճանի դեպքում նվազագույնը 350 կիլոպասկալ է, և տարայի ապահերմետիկացման դեպքում տեղի է ունենում բացառապես բնական ծագմամբ ածխածնի երկօքսիդի անջատում.

55) ծավ. %՝ սպիրտի խտությունը` ըստ ծավալի.

56) կարամելացված շաքար՝ սախարոզայի վերահսկվող տաքացմամբ, առանց հիմնային նյութերի և անօրգանական թթուների ավելացման ստացված արտադրատեսակ.

57) կնճեռագինի (պիկետ)՝ արտադրանք, որը ստացվում է ջրի ավելացմամբ չվերամշակված խաղողի կնճեռների խմորման և (կամ) խմորված խաղողի կնճեռները ջրով լուծազտելու (էքստրակցիայի) միջոցով.

58) կոլեկցիոն գինի՝ հնացված գինի, որը շուկայահանվում է և նախատեսվում է սննդի մեջ անմիջական օգտագործման համար, պայմանով, որ այն շշերի մեջ լրացուցիչ հնացվի առնվազն երկու տարի՝ սովորական գինիների, և առնվազն երեք տարի՝ աշխարհագրական նշումով գինիների համար.

59) կոլեր՝ թունդ ոգելից խմիչքների գունավորման համար նախատեսված, մուգ բալի գույնի 25-ից մինչև 30 ծավ. % սպիրտայնությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող կարամելացված շաքար.

60) հանգիստ գինի՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող, առանց մնացորդային ածխածնի երկօքսիդի պարունակության սեղանի գինի.

61) հայկական կոնյակ (հայկական բրենդի)` 40-ից մինչև 57 ծավ. % սպիրտի փաստացի խտությամբ և 7-ից մինչև 20 գ/լ շաքարի պարունակությամբ, յուրահատուկ փնջով և համով խաղողի հումքով` կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող թունդ ոգելից խմիչք, որի տարախառնուրդում թույլատրվում է օգտագործել միայն հայկական կոնյակի սպիրտ, հայկական կոնյակ, հայկական կոնյակի սպիրտաջուր, հայկական կոնյակի բուրավետ ջուր, խմելու կամ մշակման ենթարկված ջուր, կոլեր և շաքարի օշարակ.

62) հայկական կոնյակի գինենյութ` կառավարության սահմանած հայկական կոնյակի սպիրտի ստացման համար նախատեսված խաղողի սորտերից, նվազագույնը 8 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող գինենյութ.

63) հայկական կոնյակի սպիրտ` հայկական կոնյակի գինենյութի և (կամ) հայկական կոնյակի սպիրտահումքի փուլային թորումից ստացված, թորամասերը առանձնացված, յուրահատուկ փնջով և համով, 55-ից մինչև 72 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք.

64) հայկական կոնյակի սպիրտահումք՝ հայկական կոնյակի սպիրտի ստացման համար նախատեսված, հայկական կոնյակի գինենյութի մեկ փուլով թորված, յուրահատուկ փնջով 23-ից մինչև 32 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք.

65) հայկական կոնյակի սպիրտաջուր` հայկական կոնյակի սպիրտի և ջրի խառնումից ստացված, յուրահատուկ փնջով և համով, 8,5-ից մինչև 25 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք.

66) հայկական կոնյակի բուրավետ ջուր` հայկական կոնյակի գինենյութի և (կամ) հայկական կոնյակի սպիրտահումքի խմբային թորման պոչային խմբից ստացված յուրահատուկ փնջով և համով, 25-ից մինչև 30 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասանող հեղուկ արտադրանք.

67) հարստացում՝ թարմ խաղողի, խաղողի քաղցուի, մասնակի խմորված խաղողի քաղցուի և երիտասարդ գինու, ինչպես նաև սովորական գինու արտադրության համար նախատեսված գինենյութի բնական սպիրտի պարունակության բարձրացում՝ թարմ խաղողի, մասնակի խմորված խաղողի քաղցուի կամ դեռ խմորման վիճակում գտնվող երիտասարդ գինու համար՝ խաղողի խտացված քաղցուի անմիջական ավելացմամբ, խաղողի քաղցուի համար՝ խաղողի խտացված քաղցուի ավելացմամբ կամ նրա մասնակի խտացման ճանապարհով, ներառյալ` հակադարձ օսմոսը, իսկ սովորական գինու դեպքում՝ սառեցման միջոցով մասնակի խտացմամբ.

68) հատուկ գինի` էթանոլի 15-ից մինչև 22 ծավ. % փաստացի, 12-ից մինչև 17,5 ծավ. % բնական էթանոլի ընդհանուր խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող գինի, որն ստացված է հետևյալ արտադրատեսակներից որևէ մեկից կամ դրանց խառնուրդից՝ խաղողի քաղցու, խաղողի խտածո քաղցու, խմորման փուլում գտնվող խաղողի քաղցու, գինի, խմորման փուլում գտնվող գինի, և որը թնդեցված է 52-ից մինչև 86 ծավ. % սպիրտի փաստացի խտությամբ գինու կամ գինենյութի թորումից ստացված էթանոլով և (կամ) առնվազն 96 ծավ. % սպիրտի փաստացի խտությամբ խաղողից պատրաստված այլ արտադրանքի թորումից ստացված էթանոլով.

69) հնացրած գինի՝ գինի, որը շուկայահանվում է և նախատեսված է սննդի մեջ անմիջական օգտագործման համար առնվազն մեկ և կես տարի հնացումից հետո, որից նվազագույնը կես տարի կաղնեփայտյա տակառներում կամ կաղնու փայտի առկայությամբ այլ տարաներում՝ սովորական գինիների համար, և մինչև 1000 լիտր տարողությամբ կաղնեփայտյա տակառներում՝ աշխարհագրական նշումով գինիների համար.

70) հնացում՝ բնական ճանապարհով որոշակի ֆիզիկաքիմիական գործընթացի իրականացում՝ այդ նպատակով նախատեսված տարաների մեջ, որի ընթացքում կամ հետևանքով արտադրատեսակը ձեռք է բերում բաղադրության և համազգայական (զգայաբանական) հատկանիշների նոր կազմ.

71) մարգարտային (կիսախաղուն) գինի՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող, բնական ծագման ածխածնի երկօքսիդի հավելյալ ճնշմամբ հագեցված սեղանի գինի, որում ածխածնի երկօքսիդի հավելյալ ճնշումը հերմետիկ տարայում 200C ջերմաստիճանի դեպքում 100-ից մինչև 250 կիլոպասկալ է.

72) միախառնում (էգալացիա)՝ նույն տիպի և (կամ) դասի և (կամ) տեսակի ոգելից խմիչքների կամ դրանց բաղադրամասերի խառնում, պայմանով, որ խառնման ենթակա խմիչքները կամ դրանց բաղադրամասերը արտադրվել են նույն մեթոդների կիրառմամբ, հնացվել են նույն տևողությամբ և ծագել են խաղողագործական նույն տարածաշրջանից.

73) նորելուկ գինի՝ գինի, որը շուկայահանվում է և նախատեսվում է սննդի մեջ անմիջական օգտագործման համար՝ խաղողի բերքահավաքի տարում.

74) շարքային գինի՝ գինի, որը շուկայահանվում է և նախատեսվում է սննդի մեջ անմիջական օգտագործման համար՝ խաղողի բերքահավաքի տարվան հաջորդող տարում.

75) շաքարի օշարակ՝ 30-ից մինչև 40 ծավ. % սպիրտի փաստացի խտությամբ, սախարոզայից ստացված՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող քաղցրացնող նյութ.

76) ոգելից խմիչք՝ սպիրտ պարունակող հեղուկ արտադրանք, որը շուկայահանվում է և նախատեսված է սննդի մեջ անմիջական օգտագործման համար, ունի յուրահատուկ համազգայական բնութագրեր, պարունակում է նվազագույնը 8 ծավ. % էթանոլ, արտադրված է անմիջապես խմորման միջոցով ստացված արտադրատեսակից և (կամ) ոգելից խմիչքը մեկ կամ մի քանի ոգելից այլ խմիչքների և (կամ) գյուղատնտեսական ծագման էթանոլի և (կամ) գյուղատնտեսական ծագման թորվածքի և գինու սպիրտի հետ խառնումով.

77) պղպջուն գինի՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող, ածխածնի երկօքսիդի հավելյալ ճնշմամբ հագեցված սեղանի գինի, որտեղ ածխածնի երկօքսիդի հավելյալ ճնշումը հերմետիկ տարայում 200C ջերմաստիճանում նվազագույնը 100 կիլոպասկալ է: Սույն օրենքն առանձնացնում է հետևյալ պղպջուն գինիները` խաղուն, մարգարտային (կիսախաղուն), գազացված խաղուն և գազացված մարգարտային (կիսախաղուն).

78) սովորական գինի` գինի, որը ստացվում է խաղողի մեկ սորտի գինենյութից կամ մեկ սորտի կամ սորտերի խառնուրդի (սեպաժի) վերամշակումից ստացված գինենյութերի միախառնումից կամ տարախառնումից, որի շշալցումը թույլատրվում է իրականացնել ցանկացած վայրում, և որին աշխարհագրական նշում չի տրվում.

79) սպիրտի ավելացում (սպիրտացում կամ թնդեցում)՝ գյուղատնտեսական ծագման սպիրտի ավելացում ոգելից խմիչքին և (կամ) նրա բաղադրամասերից որևէ մեկին.

80) սպիրտի ընդհանուր խտությունը ծավալում (ծավ. %)՝ 200C ջերմաստիճանում սպիրտի փաստացի և պոտենցիալ ծավալային խտությունների գումարը.

81) սպիրտի պոտենցիալ խտությունը` ըստ ծավալի (ծավ. %)՝ 200C ջերմաստիճանում մաքուր սպիրտի ծավալային միավորները, որոնք կարող են ստացվել արտադրանքի ծավալի 100 միավորում պարունակվող շաքարի լրիվ խմորման հետևանքով.

82) սպիրտի փաստացի խտությունը` ըստ ծավալի (ծավ. %)՝ 200C ջերմաստիճանում արտադրանքի ծավալի 100 միավորում պարունակվող մաքուր սպիրտի ծավալային միավորների քանակը.

83) վայրի խաղող՝ Վիտիս վինիֆերա տեսակի Սիլվեստրիս Գմել ենթատեսակի խաղող.

84) Վիտիս վինիֆերա՝ խաղողի տեսակներից մեկը, որը ներառում է եվրոպաասիական խաղողի բոլոր սորտերը և ձևերը.

85) տարախառնում (կուպաժավորում)՝ տարբեր խաղողներից և տարբեր տարիներում հավաքված բերքից արտադրված, տարբեր տիպերի և դասերի քաղցուների, գինենյութերի և գինիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրի տարբեր խաղողագործական տարածաշրջանների, միկրոշրջանների քաղցուների, գինենյութերի և գինիների միախառնումը. ինչպես նաև հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղու ստացման ժամանակ դրանց տարբեր բաղադրամասերի միախառնումը (գինիների քաղցրացումը և արտադրանքում փաստացի սպիրտի ծավալային տոկոսը բարձրացնելու նպատակով խաղողի խտածո քաղցուի ավելացումը չի համարվում տարախառնում).

86) տարախառնուրդ (կուպաժ)՝ տարախառնման միջոցով ստացված արտադրանք.

87) տարախառնուրդի հետհանգստի համար նախատեսված ժամանակահատված (հետկուպաժային հանգիստ)՝ տարախառնուրդի ֆիզիկաքիմիական չափորոշիչների կայունացման և համազգայական ցուցանիշների ներդաշնակեցման համար նախատեսված հետտարախառնուրդային ժամանակահատված.

88) ֆիլոքսերա` խաղողի վազի կարանտին վնասատու լվիճ (Viteus vitiofolii Fitch):

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԽԱՂՈՂԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ, ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՄԱԿՆՇՄԱՆ, ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 5.

Գինեգործության նպատակով խաղողի մշակության, իրացման և խաղողի հումքով ոգելից խմիչքների արտադրության, վերամշակման, մակնշման և շուկայահանման ոլորտը կանոնակարգող պետական կառավարման մարմինները

 

1. Գինեգործության նպատակով խաղողի մշակության, իրացման և խաղողի հումքով ոգելից խմիչքների արտադրության, վերամշակման, մակնշման և շուկայահանման ոլորտի կանոնակարգումն իրականացնում են կառավարության լիազորած պետական մարմինները (այսուհետ՝ լիազոր մարմին):

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԽԱՂՈՂ ԵՎ ԳԻՆԻ

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԽԱՂՈՂԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 6.

Խաղողի մշակության տարածաշրջանները և միկրոշրջանները

 

1. Հայաստանի Հանրապետությունում խաղողի մշակության տարածաշրջաններն են Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և Երևանի խաղողագործական տարածաշրջանները (այսուհետ՝ խաղողագործական տարածաշրջան):

2. Խաղողագործական տարածաշրջանների սահմաններից դուրս գտնվող տարածքներում խաղողի մշակությունը չի արգելվում:

3. Խաղողագործական տարածաշրջանում համապատասխան բնակլիմայական առանձնահատկությունների առկայության դեպքում կարող են առանձնացվել մեկ կամ մի քանի խաղողագործական միկրոշրջաններ:

4. Խաղողի մշակության տարածաշրջանների և միկրոշրջանների սահմանները սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 7.

Խաղողի տնկարկների հիմնումը խաղողի մշակության ֆիլոքսերազերծ տարածաշրջաններում

 

1. Արգելվում է խաղողի մշակության ֆիլոքսերազերծ տարածաշրջաններում խաղողի տնկարկների հիմնումը խաղողի ֆիլոքսերադիմացկուն սորտերով և ֆիլոքսերադիմացկուն սորտերով պատվաստակալների վրա պատվաստած տնկանյութերով:

2. Խաղողի մշակության ֆիլոքսերազերծ և ֆիլոքսերայով վարակված տարածաշրջանների սահմանները և խաղողի ֆիլոքսերադիմացկուն սորտերի ցանկը սահմանում է կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի սահմանափակումները չեն տարածվում գիտահետազոտական նպատակներով հիմնվող փակ կարանտին պայմաններով տնկարկների վրա:

 

Հոդված 8.

Խաղողի տնկարկները

 

1. Խաղողի տնկարկները դասակարգվում են ըստ հետևյալ տեսակների՝

1) խաղողի արտադրական տնկարկ.

2) խաղողի սորտերի տնկարան.

3) խաղողի մայրուտ.

4) խաղող արտադրողի անձնական կարիքների համար նախատեսված խաղողի տնկարկ.

5) խաղողագործության և գինեգործության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների կատարման համար նախատեսված տնկարկ:

2. Խաղողի արտադրական տնկարկները դասակարգվում են ըստ հետևյալ տեսակների՝

1) երիտասարդ արտադրական տնկարկ, երբ այն մինչև 3 տարեկան է.

2) պտղաբերության մեջ մտնող արտադրական տնկարկ, երբ այն 3 կամ 4 տարեկան է.

3) արտադրական լիարժեք տնկարկ, երբ այն նվազագույնը 5 տարեկան է:

 

Հոդված 9.

Խաղողի տնկարկների կադաստրը

 

1. Խաղողի տնկարկների կադաստրը գյուղատնտեսական հողերի կադաստրի բաղկացուցիչ մասն է:

 

Հոդված 10.

Խաղողի սորտերը

 

1. Խաղողի սորտերը դասակարգվում են ըստ`

1) օգտագործման ուղղությունների՝ գինեմետ, համապիտանի և սեղանի սորտերի.

2) մաշկի կամ պտղահյութի գույնի՝ սպիտակ, վարդագույն և սևապտուղ սորտերի.

3) պտղի բուրմունքի՝ չեզոք բուրմունքով և բուրավետ սորտերի.

4) հասունացման ժամկետների՝ վաղահաս, միջահաս և ուշահաս սորտերի:

2. Արգելվում է խաղողի տնկարկների հիմնումն ու վերանորոգումը Նոահ, Օթելլո, Իզաբելա, Ջաքեզ, Քլինթոն և Հերբեմոնթ սորտերով:

3. Խաղողի արգելված սորտերի բերքից գինեգործական արտադրանքի արտադրությունն արգելվում է:

4. Աշխարհագրական նշումով գինիներ արգելվում է պատրաստել ոչ Վիտիս վինիֆերայից կամ Վիտիս վինիֆերայի և ոչ Վիտիս վինիֆերայի խաչասերումից ստացված հիբրիդային սորտերից, ինչպես նաև ամերիկաեվրոպական հիբրիդային սորտերից: Սույն դրույթը չի տարածվում խաղողի Կարմրահյութ, Չարենցի և Մեղրաբույր սորտերի վրա:

5. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում խաղողագործության և գինեգործության բնագավառում գիտահետազոտական նպատակներով կատարվող աշխատանքների համար նախատեսված խաղողի տնկարկների հիմնման վրա:

 

Հոդված 11.

Խաղողի արգելված սորտերով տնկված տնկարկների արմատախիլ արման և (կամ) չարգելված սորտերով վերակառուցման (վերատնկման) խրախուսումը

 

1. Խաղողի արգելված սորտերով տնկված տնկարկներն արմատախիլ անելու և (կամ) չարգելված սորտերով վերակառուցման (վերատնկման) համար խաղող արտադրողին վնասները փոխհատուցելու նպատակով կառավարությունը սահմանված կարգով կարող է տրամադրել դրամական կամ տեխնիկական օգնություն:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԳԻՆԻՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ՄՇԱԿՈՒՄՆԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 12.

Գինիների և խաղողի քաղցուների դասակարգումը

 

1. Խաղողի գինիները դասակարգվում են ըստ`

1) ստացման եղանակների` սեղանի և հատուկ գինիների.

2) ծագման վերահսկման՝ սովորական և աշխարհագրական նշումով գինիների:

2. Խաղողի սեղանի գինիները դասակարգվում են ըստ՝

1) տարիքի՝ երիտասարդ, նորելուկ, շարքային (օրդինար), հնացրած և կոլեկցիոն գինիների.

2) ածխածնի երկօքսիդի մնացորդային քանակության` հանգիստ և պղպջուն գինիների.

3) գույնի՝ սպիտակ, վարդագույն և կարմիր գինիների.

4) խաղողի պտղի բուրմունքի՝ խաղողի չեզոք բուրմունքով սորտերից և խաղողի բուրավետ սորտերից ստացված գինիների:

3. Պղպջուն գինիները, ըստ ածխածնի երկօքսիդի ծագման եղանակի և հավելյալ ճնշման, դասակարգվում են՝ խաղուն, մարգարտային (կիսախաղուն), գազացված խաղուն և գազացված մարգարտային (կիսախաղուն) գինիների:

4. Խաղողի չեզոք բուրմունքով սորտերից ստացված սեղանի հանգիստ և խաղուն գինիները, ըստ դրանցում վերականգնվող շաքարի պարունակության, դասակարգվում են անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր և քաղցր գինիների:

5. Խաղողի չեզոք բուրմունքով սորտերից ստացված մարգարտային, գազացված խաղուն և գազացված մարգարտային գինիները, ըստ դրանցում վերականգնվող շաքարի պարունակության, դասակարգվում են անապակ և ոչ անապակ գինիների:

6. Խաղողի բուրավետ սորտերից ստացված սեղանի հանգիստ և խաղուն գինիները, ըստ դրանցում վերականգնվող շաքարի պարունակության, դասակարգվում են անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր և քաղցր գինիների:

7. Խաղողի բուրավետ սորտերից ստացված սեղանի գազացված խաղուն, մարգարտային և գազացված մարգարտային գինիները, ըստ դրանցում վերականգնվող շաքարի պարունակության, դասակարգվում են անապակ և ոչ անապակ գինիների:

8. Խաղողի հատուկ գինիները դասակարգվում են ըստ՝

1) տարիքի՝ շարքային (օրդինար), հնացրած և կոլեկցիոն գինիների.

2) ստացման եղանակի՝ դեղին, աղանդերային և բուրավետացված գինիների:

9. Խաղողի դեղին գինիները դասակարգվում են ըստ՝

1) վերականգնվող շաքարի պարունակության՝ անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր և քաղցր գինիների.

2) սպիրտայնության` մինչև 16 ծավ. % և 16 ծավ. %-ից ավելի էթանոլի փաստացի խտությամբ գինիների:

10. Խաղողի աղանդերային գինիները դասակարգվում են ըստ՝

1) խաղողի պտղի բուրմունքի՝ խաղողի չեզոք բուրմունքով սորտերից և խաղողի բուրավետ սորտերից ստացված գինիների.

2) վերականգնվող շաքարի պարունակության՝ անապակ, չոր, կիսաչոր, քաղցր և լիկյորային գինիների:

11. Խաղողի չեզոք բուրմունքով սորտերից ստացված խաղողի աղանդերային գինիները, ըստ սպիրտայնության, դասակարգվում են մինչև 18 ծավ. % և 18 ծավ. %-ից ավելի էթանոլի փաստացի խտությամբ գինիների:

12. Խաղողի բուրավետացված գինիները դասակարգվում են ըստ՝

1) դրանցում շաքարի պարունակության՝ անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր և քաղցր բուրավետացված գինիների.

2) պահման տևողության` շարքային (օրդինար), հնացրած և կոլեկցիոն բուրավետացված գինիների.

3) գույնի՝ սպիտակ, վարդագույն և կարմիր բուրավետացված գինիների:

13. Խաղողի քաղցուները և խաղողի խտածո քաղցուները դասակարգվում են ըստ՝

1) գույնի՝ սպիտակ, վարդագույն և կարմիր քաղցուների և խտածո քաղցուների.

2) խաղողի պտղի բուրմունքի՝ խաղողի չեզոք բուրմունքով սորտերից և խաղողի բուրավետ սորտերից ստացված խաղողի քաղցուների և խաղողի խտածո քաղցուների.

3) ծագման վերահսկման՝ սովորական և աշխարհագրական նշումով խաղողի քաղցուների և խաղողի խտածո քաղցուների:

 

Հոդված 13.

Թույլատրելի գինեգործական մեթոդները և մշակումները

 

1. Գինեգործական արտադրանք թույլատրվում է արտադրել միայն կառավարության սահմանած թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների (այսուհետ՝ թույլատրելի գինեգործական մեթոդներ ու մշակումներ) կիրառմամբ:

2. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում խաղողագործության և գինեգործության բնագավառում գիտահետազոտական նպատակներով կատարվող աշխատանքների համար ստացված գինենյութերի և գինիների վրա, պայմանով, որ մեկ փորձի սահմաններում տվյալ մեթոդի կիրառմամբ մշակված կամ ստացված գինենյութի կամ գինու ընդհանուր քանակությունը չպետք է գերազանցի 100 հեկտալիտրը՝ 4 տարի փորձի առավելագույն տևողությամբ:

 

Հոդված 14.

Գինենյութերի և գինիների արտադրությանը ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Խաղողի հյութը և խաղողի խտացված հյութը չեն կարող օգտագործվել գինենյութի ստացման համար կամ ավելացվել գինենյութին և չեն կարող ենթարկվել սպիրտային խմորման: Սույն դրույթը չի տարածվում թորման հետևանքով ստացված գինեգործական արտադրանքի վրա, որը չի նախատեսվում գինու և հայկական կոնյակի արտադրության մեջ օգտագործելու համար:

2. Արգելվում է գինի պատրաստել խաղողի կնճեռից, գինու նստվածքից կամ դրանց թորումից ստացված սպիրտներից:

3. Կնճեռագինին կարող է օգտագործվել միայն թորման նպատակով:

4. Արգելվում է կարմիր կամ վարդագույն գինի պատրաստել սպիտակ և կարմիր գինիների տարախառնումից: Սույն դրույթը չի տարածվում խաղողի բուրավետացված գինիների վրա:

5. Այլ երկրներից ներկրված թարմ խաղողը, խաղողի քաղցուն, խտածո քաղցուն և սպիրտի օգնությամբ պահածոյացված քաղցուն չեն կարող օգտագործվել աշխարհագրական նշումով գինիների արտադրության մեջ կամ ավելացվել այդ գինիների արտադրման համար անհրաժեշտ գինեգործական արտադրանքին:

6. Այլ երկրներից ներմուծված գինենյութերի տարախառնումը Հայաստանի Հանրապետությունում արտադրված գինենյութերի հետ թույլատրվում է միայն սովորական գինիների արտադրության համար նախատեսված գինենյութերի հետ:

7. Արգելվում է գինուն և գինենյութերին ավելացնել սպիրտ, բացառությամբ թարմ խաղողից խմորված քաղցուն սպիրտով պահածոյացնելու, հատուկ, խաղուն, մարգարտային և բուրավետացված գինիների արտադրության:

8. Աշխարհագրական նշումով գինիներն արտադրվում և շշալցվում են միայն տվյալ խաղողագործական տարածաշրջանում կամ միկրոշրջանում:

 

Հոդված 15.

Աշխարհագրական նշումով գինի արտադրելու համար նախատեսված արտադրանքի նշումը

 

1. Թարմ խաղողի, խաղողի քաղցուի, մասնակի խմորված խաղողի քաղցուի, դեռևս խմորման ընթացքում գտնվող երիտասարդ գինու և երիտասարդ գինու նկատմամբ կարող է կիրառվել աշխարհագրական նշում, եթե դա նախատեսված է աշխարհագրական նշումով գինիներ պատրաստելու համար:

 

Հոդված 16.

Գինիներին և դրանց արտադրության համար նախատեսված գինեգործական արտադրանքին աշխարհագրական նշում տրամադրելը և դրանից զրկելը

 

1. Գինիները և դրանց պատրաստման համար նախատեսված գինեգործական արտադրանքներն աշխարհագրական նշում են ստանում կամ այդ նշումից զրկվում են կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 17.

Աշխարհագրական նշումով գինիների արտադրության համար նախատեսված արտադրական տարածքների նկատմամբ պահանջները

 

1. Եթե գինեգործական արտադրանք արտադրողը, բացի աշխարհագրական նշումով գինիներից, արտադրում և (կամ) վերամշակում և (կամ) պահեստավորում է գինեգործական այլ արտադրանք, ապա պարտավոր է աշխարհագրական նշումով գինիների արտադրությունը և (կամ) վերամշակումը և (կամ) պահեստավորումը կատարել առանձնացված արտադրական տարածքներում:

2. Աշխարհագրական նշումով գինիների արտադրության և (կամ) վերամշակման և (կամ) պահեստավորման համար նախատեսված արտադրական տարածքների առանձնացվածության չափորոշիչները սահմանում է կառավարությունը։

 

Հոդված 18.

Աշխարհագրական նշումով գինիների արտադրության համար նախատեսված խաղողի տնկարկների մշակությունը

 

1. Աշխարհագրական նշումով գինիներ չեն կարող արտադրվել խաղողի այն տնկարկների բերքից, որոնց բերքատվությունը գերազանցում է 300 ց/հա:

2. Աշխարհագրական նշումով գինիների համար նախատեսված խաղողի տնկարկների մշակությունը (այսուհետ՝ ագրոտեխնիկական միջոցառումներ) կատարվում է լիազոր մարմնի սահմանած կարգով։

 

Հոդված 19.

Աշխարհագրական նշումով գինիների արտադրությունում խաղողագործական այլ տարածաշրջանից ծագած խաղողագործական և գինեգործական արտադրանքների թույլատրելի քանակների օգտագործումը

 

1. Աշխարհագրական նշումով գինիներում այլ խաղողագործական տարածաշրջանից ծագած գինեգործական արտադրանքների ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի տվյալ գինիների ընդհանուր ծավալի 10 տոկոսը։

 

Հոդված 20.

Աշխարհագրական նշումով գինիների արտադրության համար նախատեսված խաղողի մամլումից ստացված քաղցուի առավելագույն քանակությունը

 

1. Աշխարհագրական նշումով գինիների համար նախատեսված 100 կգ խաղողի մամլումից ստացված քաղցուի քանակությունը չպետք է գերազանցի 70 լիտրը:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ (ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԵՆԴԻ), ԲՐԵՆԴԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂԻ

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ (ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԵՆԴԻ)

 

Հոդված 21.

Հայկական կոնյակների դասակարգումը

 

1. Հայկական կոնյակները դասակարգվում են ըստ՝

1) դրանցում օգտագործված կոնյակի սպիրտների միջին տարիքի՝ սովորական և հասուն կոնյակների.

2) հետկուպաժային հանգստից հետո կաղնեփայտյա տակառներում նվազագույնը երեք տարի դրանց հնացման տևողության՝ գերհնացված (կոլեկցիոն) կոնյակների:

2. Հայկական սովորական կոնյակները, ըստ դրանցում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքի, դասակարգվում են`

1) երեք տարեկան կոնյակների, եթե դրանք արտադրված են առնվազն երեք տարի հնացրած կոնյակի սպիրտներից.

2) չորս տարեկան կոնյակների, եթե դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն չորս տարի.

3) հինգ տարեկան կոնյակների, եթե դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն հինգ տարի:

3. Հայկական հասուն կոնյակները, ըստ դրանցում օգտագործված կոնյակի սպիրտների միջին տարիքի, դասակարգվում են՝

1) միջահաս կոնյակների, եթե դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն վեց տարի.

2) հին կոնյակների, եթե դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն տասը տարի.

3) շատ հին կոնյակների, եթե դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է քսանմեկից երեսուն տարի.

4) հնագույն կոնյակների, երբ դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն երեսունմեկ տարի:

 

Հոդված 22.

Թույլատրելի գինեգործական մեթոդներն ու մշակումները

 

1. Հայկական կոնյակի գինենյութը, սպիրտը, սպիրտահումքը, սպիրտաջուրը, բուրավետ ջուրը, հայկական կոնյակի արտադրության համար նախատեսված կոլերը և շաքարի օշարակը արտադրվում են միայն կառավարության սահմանած թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների կիրառմամբ:

2. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում գիտահետազոտական նպատակներով ստացված հայկական կոնյակի կամ դրա տարախառնուրդի մեջ մտնող բաղադրամասերի վրա, պայմանով, որ մեկ փորձի սահմաններում, տվյալ մեթոդի կիրառմամբ մշակված կամ ստացված հայկական կոնյակը կամ դրա տարախառնուրդի մեջ մտնող բաղադրամասերից որևէ մեկի ընդհանուր քանակությունը չպետք է գերազանցի 100 հեկտալիտրը՝ 6 տարի փորձի առավելագույն տևողությամբ:

 

Հոդված 23.

Հայկական կոնյակների արտադրության համար նախատեսված արտադրական տարածքներին ներկայացվող պահանջները

 

1. Եթե գինեգործական արտադրանք արտադրողը, բացի հայկական կոնյակի արտադրությունից նաև արտադրում և (կամ) վերամշակում և (կամ) պահեստավորում է բացի խաղողից այլ ծագման սպիրտ և սպիրտահումք և (կամ) զբաղվում է ցանկացած նմանատիպ այլ գործունեությամբ, ապա պարտավոր է դրանք արտադրել և (կամ) վերամշակել և (կամ) պահեստավորել առանձնացված արտադրատարածքներում:

2. Խաղողից բացի, այլ ծագման սպիրտի և սպիրտահումքի արտադրության և (կամ) վերամշակման և (կամ) պահեստավորման արտադրական տարածքների՝ հայկական կոնյակի արտադրության տարածքներից առանձնացվածության չափորոշիչները սահմանում է կառավարությունը։

 

Հոդված 24.

Հայկական կոնյակներին ներկայացվող տեխնիկական պահանջները

 

1. Հայկական կոնյակի կուպաժում թույլատրվում է օգտագործել նվազագույնը երեք տարի տևողությամբ հնացրած հայկական կոնյակի սպիրտներ:

2. Հայկական կոնյակի շշալցում թույլատրվում է կատարել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում:

 

Հոդված 25.

Հայկական կոնյակի գինենյութի արտադրությանը ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Հայկական կոնյակի գինենյութը արտադրվում է միայն կառավարության սահմանած խաղողի որոշակի սորտերից:

2. Խաղողի այլ սորտերի կշռային տոկոսը հայկական կոնյակի գինենյութի պատրաստման համար պիտանի խաղողի սորտերի մեջ չպետք է գերազանցի 5 տոկոսը:

3. Հայկական կոնյակի գինենյութի համար նախատեսված 100 կգ խաղողի մամլումից ստացված քաղցուի քանակությունը չպետք է գերազանցի 88 լիտրը:

4. Հայկական կոնյակի գինենյութի ստացման ժամանակ արգելվում է օգտագործել անընդհատ գործող պտուտակավոր մամլիչ:

5. Արգելվում է հայկական կոնյակի գինենյութերի հարստացումը, քաղցրացումը, սպիրտացումը, սոսնձումը, ֆիլտրումը և կենտրոնախուսակումը:

6. Հայկական կոնյակի գինենյութի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 26.

Հայկական կոնյակի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի և բուրավետ ջրի թորմանը ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Հայկական կոնյակի գինենյութը, սպիրտահումքը, սպիրտաջուրը և բուրավետ ջուրը թորվում են պղնձից պատրաստված թորման հատուկ սարքերում և տարվա որոշակի ժամանակահատվածում:

2. Հայկական կոնյակի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի և բուրավետ ջրի թորման համար նախատեսված սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջները, թորման ժամանակահատվածները և կարգը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 27.

Հայկական կոնյակի սպիրտի հնացմանը ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Հայկական կոնյակի սպիրտի հնացումն իրականացվում է կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 28.

Հայկական կոնյակի տարախառնուրդին ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Հայկական կոնյակի տարախառնուրդում թույլատրվում է օգտագործել միայն հայկական կոնյակի սպիրտ, հայկական կոնյակ, հայկական կոնյակի սպիրտաջուր, հայկական կոնյակի բուրավետ ջուր, խմելու կամ մշակման ենթարկված ջուր, կոլեր և շաքարի օշարակ:

2. Հայկական կոնյակի տարախառնումն իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում:

3. Հասուն հայկական կոնյակի տարախառնուրդում արգելվում է օգտագործել հայկական կոնյակի բուրավետ ջուր:

4. Հասուն հայկական կոնյակի տարախառնուրդում օգտագործվող հայկական կոնյակի սպիրտները պետք է լինեն հնացված բացառապես կաղնեփայտյա տակառներում:

5. Հայկական կոնյակները շշալցվում են միայն տարախառնուրդի հանգստից հետո:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԲՐԵՆԴԻ

 

Հոդված 29.

Թույլատրելի գինեգործական մեթոդներն ու մշակումները

 

1. Բրենդիի գինենյութը, սպիրտը, սպիրտահումքը, սպիրտաջուրը, բուրավետ ջուրը, բրենդիի արտադրության համար նախատեսված կոլերը և շաքարի օշարակն արտադրվում են միայն կառավարության սահմանած թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների կիրառմամբ:

2. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում գիտահետազոտական նպատակներով ստացվող բրենդիի կամ դրա կուպաժի մեջ մտնող բաղադրամասերի վրա, պայմանով, որ մեկ փորձի սահմաններում, տվյալ մեթոդի կիրառմամբ մշակված կամ ստացված բրենդին կամ նրա տարախառնուրդի մեջ մտնող բաղադրամասերից որևէ մեկի ընդհանուր քանակությունը չպետք է գերազանցի 100 հեկտալիտրը՝ 4 տարի փորձի առավելագույն տևողությամբ, և ստացված արտադրանքը չպետք է արտահանվի:

 

Հոդված 30.

Բրենդիի արտադրությանը ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Այլ երկրների ծագման բրենդիների սպիրտները, սպիրտահումքը, սպիրտաջրերը և բուրավետ ջրերը կարող են օգտագործվել բրենդիի արտադրության մեջ, պայմանով, որ պատրաստի արտադրանքում բացարձակ սպիրտի հաշվով դրանց քանակությունը չպետք է գերազանցի 40 տոկոսը:

2. Արգելվում է այլ տոկոսային համամասնությամբ բրենդիի արտադրությունը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանվածի:

3. Բրենդիի շշալցումը թույլատրվում է կատարել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում:

4. Բրենդիի տարախառնուրդում թույլատրվում է օգտագործել նվազագույնը 2 տարի տևողությամբ հնացրած բրենդիի և (կամ) հայկական կոնյակի սպիրտներ:

 

Հոդված 31.

Բրենդիի գինենյութի արտադրությանը ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Բրենդիի գինենյութը արտադրվում է միայն կառավարության սահմանած խաղողի որոշակի սորտերից:

2. Խաղողի այլ սորտերի մասնաբաժինը բրենդիի գինենյութի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերի մեջ չպետք է գերազանցի 25 տոկոսը:

3. Բրենդիի գինենյութի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերը և բրենդիի գինենյութերում բնական սպիրտի փաստացի նվազագույն քանակությունները սահմանում է կառավարությունը:

4. Արգելվում է բրենդիի գինենյութի հարստացումը և սպիրտացումը:

5. Բրենդիի գինենյութերի թորման ժամկետները և կարգը սահմանում է կառավարությունը։

 

Հոդված 32.

Բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի և բուրավետ ջրի թորմանը ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Բրենդիի գինենյութը, սպիրտահումքը, սպիրտաջուրը և բուրավետ ջուրը թորվում են հատուկ սարքերում և տարվա որոշակի ժամանակահատվածում:

2. Բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի և բուրավետ ջրի թորման համար նախատեսված սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջները, թորման ժամանակահատվածները և կարգը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 33.

Բրենդիի սպիրտի հնացմանը ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Բրենդիի սպիրտի հնացումն իրականացվում է կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 34.

Բրենդիի տարախառնուրդին ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Բրենդիի տարախառնուրդում թույլատրվում է օգտագործել միայն բրենդիի սպիրտ, բրենդի, հայկական կոնյակի սպիրտ, հայկական կոնյակ, հայկական կոնյակի սպիրտաջուր, հայկական կոնյակի բուրավետ ջուր, խմելու կամ մշակման ենթարկված ջուր, այլ երկրից ներմուծված խաղողի ծագման սպիրտ և (կամ) բրենդի, կոլեր և շաքարի օշարակ:

2. Բրենդիի տարախառնումն իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԽԱՂՈՂԻ ՕՂԻ

 

Հոդված 35.

Խաղողի օղիների դասակարգումը

 

1. Խաղողի օղիները դասակարգվում են ըստ՝

1) պահման տևողության՝ թարմ, հնացրած և կոլեկցիոն օղիներ.

2) ծագման վերահսկման՝ սովորական և աշխարհագրական նշումով խաղողի օղիներ:

2. Աշխարհագրական նշում կրում է նաև խաղողի օղու պատրաստման համար նախատեսված խաղողի օղու թորվածքը:

 

Հոդված 36.

Խաղողի օղիներին և խաղողի օղիների արտադրման համար նախատեսված թորվածքներին աշխարհագրական նշում տալու և դրանից զրկելու կարգը

 

1. Խաղողի օղիներին և խաղողի օղիների պատրաստման համար նախատեսված թորվածքներին աշխարհագրական նշում տալու կամ այդ նշումից զրկելու կարգը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 37.

Թույլատրելի գինեգործական մեթոդներն ու մշակումները

 

1. Խաղողի օղու գինենյութը, խաղողի օղու թորվածքահումքը, խաղողի օղու թորվածքը, խաղողի կնճեռը, խաղողի օղու արտադրության համար նախատեսված կոլերը և շաքարի օշարակն արտադրվում են միայն կառավարության սահմանած թույլատրելի մեթոդների ու մշակումների կիրառմամբ:

2. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում գիտահետազոտական նպատակներով ստացված խաղողի օղու կամ նրա տարախառնուրդի մեջ մտնող բաղադրամասերի վրա, պայմանով, որ մեկ փորձի սահմաններում, տվյալ մեթոդի կիրառմամբ մշակված կամ ստացված խաղողի օղին կամ դրա տարախառնուրդի մեջ մտնող բաղադրամասերից որևէ մեկի ընդհանուր քանակությունը չպետք է գերազանցի 150 հեկտալիտրը՝ 4 տարի փորձի առավելագույն տևողությամբ, և ստացված արտադրանքը չպետք է արտահանվի:

 

Հոդված 38.

Աշխարհագրական նշումով խաղողի օղիների շշալցումը

 

1. Աշխարհագրական նշումով խաղողի օղիներն արտադրվում և շշալցվում են տվյալ խաղողագործական տարածաշրջանում:

 

Հոդված 39.

Խաղողի օղիների գինենյութերի արտադրությանը ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Խաղողի օղիների գինենյութերն արտադրվում են միայն կառավարության սահմանած խաղողի որոշակի սորտերից:

2. Խաղողի այլ սորտերի կշռային տոկոսը խաղողի օղիների գինենյութերի պատրաստման համար պիտանի խաղողի սորտերի մեջ չպետք է գերազանցի 5 տոկոսը:

3. Խաղողի օղու գինենյութը թորումից առաջ պետք է պարունակի նվազագույնը 10 կշռային տոկոս խաղողի կնճեռ:

4. Արգելվում է աշխարհագրական նշումով խաղողի օղու գինենյութին սպիրտի և խաղողի կնճեռի ավելացումը:

5. Խաղողի սովորական օղու գինենյութի սպիրտացումը թույլատրվում է մինչև 12 ծավ. % էթանոլի խտության՝ միմիայն խաղողի օղիով և (կամ) խաղողի օղու թորվածքով և (կամ) խաղողի օղու թորվածքահումքով:

6. Խաղողի օղիների գինենյութերի համար նախատեսված խաղողի սորտերը և խաղողի օղիների գինենյութերում բնական սպիրտի նվազագույն փաստացի քանակությունը սահմանում է կառավարությունը:

7. Խաղողի սովորական օղու գինենյութի սպիրտացման և թորման ժամկետներն ու կարգը սահմանում է կառավարությունը։

 

Հոդված 40.

Խաղողի օղիների գինենյութի և թորվածքահումքի թորմանը ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Խաղողի օղու գինենյութը և թորվածքահումքը թորվում են հատուկ սարքերում և տարվա որոշակի ժամանակահատվածում:

2. Խաղողի օղու գինենյութի և թորվածքահումքի թորման համար նախատեսված սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջները, թորման ժամանակահատվածները և կարգը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 41.

Խաղողի օղու թորվածքի հնացմանը ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Խաղողի օղու թորվածքը հնացվում է միայն կաղնեփայտյա տակառներում և (կամ) չեզոք նյութից պատրաստված պահամաններում` կաղնեփայտի առկայությամբ:

2. Աշխարհագրական նշումով խաղողի օղու թորվածքը հնացվում է միայն կաղնեփայտյա տակառներում:

3. Խաղողի օղու թորվածքի հնացման ռեժիմները, ժամանակահատվածները և կարգը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 42.

Խաղողի օղու տարախառնուրդին ներկայացվող տեխնիկական պահանջները

 

1. Խաղողի օղու տարախառնուրդում թույլատրվում է օգտագործել միայն խաղողի օղու թորվածք, խաղողի օղի, խմելու կամ մշակման ենթարկված ջուր, թույլատրելի ներկանյութեր ու բուրավետացնող նյութեր, շաքարի օշարակ և կոլեր:

 

Հոդված 43.

Աշխարհագրական նշումով խաղողի օղիներում խաղողագործական այլ տարածաշրջանի կամ միկրոշրջանի ծագման խաղողագործական և գինեգործական արտադրանքների թույլատրելի քանակների օգտագործումը

 

1. Աշխարհագրական նշումով խաղողի օղիներում խաղողագործական այլ տարածաշրջանի կամ միկրոշրջանի ծագման խաղողագործական և գինեգործական արտադրանքների ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի ընդհանուր ծավալի 5 տոկոսը։

 

Հոդված 44.

Աշխարհագրական նշումով խաղողի օղիների արտադրության համար նախատեսված արտադրական տարածքներին ներկայացվող պահանջները

 

1. Եթե գինեգործական արտադրանք արտադրողը, բացի աշխարհագրական նշումով խաղողի օղիներից, արտադրում և (կամ) վերամշակում և (կամ) պահեստավորում է գինեգործական այլ արտադրանք, ապա պարտավոր է աշխարհագրական նշումով խաղողի օղիների արտադրությունը և (կամ) վերամշակումը և (կամ) պահեստավորումը իրականացնել առանձնացված արտադրական տարածքներում:

2. Աշխարհագրական նշումով խաղողի օղիներից բացի, այլ ծագման գինեգործական արտադրանքի արտադրության և (կամ) վերամշակման և (կամ) պահեստավորման արտադրական տարածքների՝ աշխարհագրական նշումով խաղողի օղիների արտադրության արտադրական տարածքներից առանձնացվածության չափորոշիչները սահմանում է կառավարությունը։

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ՇՈՒԿԱՅԱՀԱՆՈՒՄ, ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ ԵՎ ՇՈՒԿԱՅԱՀԱՆՈՒՄԸ

 

Հոդված 45.

Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական արտադրանքի մակնշմանը և շուկայահանմանը ներկայացվող ընդհանուր պահանջները

 

1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված առավելագույնը 60 լ ծավալով խաղողի քաղցուի, գինու, խաղողի բուրավետացված գինու և խաղողի գինուց ծագած բուրավետացված ոգելից այլ խմիչքների, ինչպես նաև առավելագույնը 5 լ ծավալով հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղու շուկայահանվող յուրաքանչյուր տարա մակնշվում է:

2. Հայաստանի Հանրապետություն ներկրված առավելագույնը 60 լ ծավալով խաղողի քաղցուի, գինու, խաղողի բուրավետացված գինիների և խաղողի գինուց ծագած բուրավետացված այլ ոգելից խմիչքների, ինչպես նաև առավելագույնը 5 լ ծավալով կոնյակի, բրենդիի և խաղողի օղու յուրաքանչյուր տարա մակնշվում է:

3. Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական արտադրանքի մակնշումը պարունակում է պարտադիր և ոչ պարտադիր տեղեկություններ:

4. Հայաստանի Հանրապետությունում շուկայահանվող գինեգործական արտադրանքի մակնշման պարտադիր տեղեկությունները պետք է լինեն հայերեն:

5. Հայաստանի Հանրապետությունում իրացվող գինեգործական արտադրանքի մակնշման ոչ պարտադիր տեղեկությունները կարող են լինել ցանկացած լեզվով:

6. Սույն հոդվածով սահմանված մակնշման ժամանակ օգտագործվող տեղեկատվությունը չի կարող պարունակել այնպիսի նշումներ, ապրանքային նշաններ, բառեր, բառերի մասեր, նշաններ, խորհրդանիշեր կամ գրաֆիկական պատկերներ, որոնք կարող են կեղծ տպավորություն ստեղծել և մոլորության մեջ գցել սպառողներին՝ կապված խաղողի կամ խաղողագործական տարածաշրջանի կամ միկրոշրջանի կամ աշխարհագրական այլ վայրի անվան և գինեգործական արտադրանքի դասի և տեսակի բնութագրման հետ:

7. Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական արտադրանքի մակնշման սահմանված տեղեկությունները մակնիշի վրա զետեղելու կարգը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 46.

Հայաստանի Հանրապետությունում արտադրված գինեգործական արտադրանքի մակնշմանը և շուկայահանմանը ներկայացվող պարտադիր պահանջները

 

1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված գինեգործական արտադրանքի` սույն օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մակնշման ժամանակ տարայի վրա զետեղվում են հետևյալ պարտադիր տեղեկությունները և նշանները՝ առևտրային անվանում պարունակող ապրանքային նշանը, հեղուկի ծավալը, սպիրտի փաստացի պարունակությունը, գինեգործական արտադրանքի դասը կամ տեսակը՝ ըստ սույն օրենքով սահմանված դասակարգման համակարգերի, անչափահասների, հղի կանանց, մեխանիզմների հետ աշխատող օպերատորների, որոշակի առողջական խնդիրներ ունեցողների համար այդ արտադրանքի օգտագործման սահմանափակումների և պահման պայմանների մասին ցուցումներ, խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը, արտադրողի անունը և հասցեն, շշալցման ամսաթիվը և տարեթիվը, «Արտադրված է Հայաստանում» բառակապակցությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պարտադիր տեղեկություններին ավելացվում են՝

1) խաղողի քաղցուի, գինու, խաղողի բուրավետացված գինու, խաղողի գինուց ծագած բուրավետացված այլ ոգելից խմիչքների և խաղողի սովորական օղու համար՝ խաղողի բերքի տարեթիվը.

2) աշխարհագրական նշումով գինիների համար՝ «Աշխարհագրական նշումով» բառակապակցությունը և (կամ) այդ բառակապակցությանը փոխարինող նշումը և (կամ) կախված ծագման խաղողագործական տարածաշրջանից` ներքոհիշյալ բառակապակցություններից որևէ մեկը՝ «Արարատի մարզի գինի», «Արմավիրի մարզի գինի», «Արագածոտնի մարզի գինի», «Կոտայքի մարզի գինի», «Վայոց ձորի մարզի գինի», «Սյունիքի մարզի գինի», «Լոռու մարզի գինի», «Տավուշի մարզի գինի» և «Երևանի գինի».

3) աշխարհագրական նշումով խաղողի օղիների համար՝ «Աշխարհագրական նշումով» բառակապակցությունը և (կամ) այդ բառակապակցությանը փոխարինող նշումը և (կամ) կախված ծագման խաղողագործական տարածաշրջանից` ներքոհիշյալ բառակապակցություններից որևէ մեկը՝ «Արարատի մարզի խաղողի օղի», «Արմավիրի մարզի խաղողի օղի», «Արագածոտնի մարզի խաղողի օղի», «Կոտայքի մարզի խաղողի օղի», «Վայոց ձորի մարզի խաղողի օղի», «Սյունիքի մարզի խաղողի օղի», «Լոռու մարզի խաղողի օղի», «Տավուշի մարզի խաղողի օղի» և «Երևանի խաղողի օղի».

4) խաղողի սորտի անվանումը, եթե տվյալ գինու պատրաստման համար օգտագործված խաղողների մեջ տվյալ սորտի պարունակության կշռային մասն առնվազն 85 տոկոս է.

5) շաքարի պարունակությունը և այն արտահայտող ավանդական տերմինը, ինչպես նաև երկրորդային խմորման բնույթի վերաբերյալ տեղեկատվություն, եթե մակնշվող արտադրանքը պղպջուն գինի է.

6) տեղեկատվություն խաղողի բուրավետ սորտի մասին, եթե մակնշվող արտադրանքը խաղուն բուրավետ գինի է, և եթե տվյալ գինու պատրաստման համար օգտագործված խաղողների մեջ տվյալ սորտի պարունակության կշռային մասն առնվազն 85 տոկոս է.

7) տարիքը կամ այն արտահայտող ավանդական նշանակումները՝ հայկական կոնյակների, բրենդիների և խաղողի հնացրած օղիների համար.

8) աշխարհագրական նշումով գինիների և խաղողի օղիների համար՝ շշալցման վայրը.

9) Հայաստանի Հանրապետությունում արտադրված բրենդիի մակնշման ժամանակ բրենդիի արտադրության մեջ օգտագործված` ներկրված սպիրտ պարունակող բաղադրամասերի քանակի և դրանց ծագման մասին տեղեկատվությունը:

3. Հայաստանի Հանրապետությունում արտադրված վերմուտների դեպքում թույլատրվում է «բուրավետացված գինի» նշումը փոխարինել «վերմուտ» նշմամբ:

4. Գինեգործական արտադրանքի մակնշման համար արգելվում է օգտագործել «Արարատ», «Արմավիր», «Արագածոտն», «Կոտայք», «Վայոց ձոր», «Սյունիք», «Լոռի», «Տավուշ» և «Երևան» բառերը պարունակող անվանումներ: Սույն դրույթը չի տարածվում հայկական կոնյակի և բրենդիի մակնշման վրա:

5. Հայաստանի Հանրապետությունում արտադրված բրենդիի մակնշման ժամանակ բրենդի անվանումը բոլոր երկրների համար մնում է անփոփոխ և արգելվում է բրենդի բառի հետ օգտագործել ապրանքի ծագումը բնութագրող որևէ նշում, այլ բառեր և (կամ) բառակապակցություններ:

6. Սույն օրենքի պահանջներով արտադրվող բրենդին պետք է ունենա առանձին ապրանքային անվանում, որը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 47.

Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական արտադրանքի մակնշմանը ներկայացվող պարտադիր պահանջները

 

1. Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական արտադրանքի՝ սույն օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մակնշման պարտադիր տեղեկությունները և նշաններն են առևտրային անվանում պարունակող ապրանքային նշանը, հեղուկի ծավալը, սպիրտի փաստացի պարունակությունը, գինեգործական արտադրանքի տեսակը, գույնը, անչափահասների, հղի կանանց, մեքենաների հետ աշխատող օպերատորների, որոշակի առողջական խնդիրներ ունեցողների համար այդ արտադրանքի օգտագործման սահմանափակումների և պահման պայմանների մասին ցուցումները, խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը, արտադրողի և ներմուծողի անունները և հասցեները, արտադրող երկիրը, շշալցման ամսաթիվը և տարեթիվը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պարտադիր տեղեկություններին ավելացվում են՝

1) գինու համար՝ խաղողի բերքի տարեթիվը.

2) աշխարհագրական նշումով գինու համար՝ ծագման աշխարհագրական վայրը բնութագրող նշումը.

3) խաղողի սորտի անվանումը, եթե տվյալ գինու պատրաստման համար օգտագործված խաղողների մեջ տվյալ սորտի պարունակության կշռային մասն առնվազն 85 տոկոս է.

4) շաքարի պարունակությունը և այն արտահայտող ավանդական տերմինը, ինչպես նաև երկրորդային խմորման բնույթի վերաբերյալ տեղեկատվություն, եթե մակնշվող արտադրանքը խաղուն գինի է.

5) տեղեկատվություն խաղողի բուրավետ սորտի մասին, եթե մակնշվող արտադրանքը խաղուն բուրավետ գինի է, և եթե տվյալ գինու պատրաստման համար օգտագործված խաղողների մեջ տվյալ սորտի պարունակության կշռային մասն առնվազն 85 տոկոս է.

6) բրենդիների համար՝ տարիքը կամ այն արտահայտող ավանդական նշանակումները:

 

Հոդված 48.

Հայաստանի Հանրապետությունում արտադրված գինեգործական արտադրանքի մակնշմանը ներկայացվող ոչ պարտադիր պահանջները

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող գինեգործական արտադրանքի մակնշումը կարող է լրացվել հետևյալ ոչ պարտադիր տեղեկություններով` արտադրանքը շուկայահանող մեկ կամ մի քանի անձանց անունները, հասցեները և զբաղեցրած պաշտոնները, արտադրանքի տեսակը, գույնը, կոդը (EAN), արտադրման տարեթիվը, օգտագործված խաղողի մեկ կամ մի քանի սորտերի անվանումը, ստացած պարգևները, շքանշանները կամ մրցույթներին մասնակցությունը, եթե դրանք վերաբերում են վաճառքի հանված տվյալ կոնկրետ խմբաքանակին, տվյալ արտադրանքի արտադրության մեթոդների, ստացման եղանակների և շշալցման վայրի մասին, լրացուցիչ ավանդական նշանակումները և շշի (տարայի) հերթական համարը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող գինեգործական արտադրանքների մակնշումը լրացվում է ցանկացած այլ բնույթի` օրենքով չարգելված գովազդային տեղեկատվությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՈՎ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԽԱՂՈՂԻ ԳՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 49.

Աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի արտադրության նպատակով խաղողի գնումը

 

1. Աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի արտադրության նպատակով խաղողը գնվում է խաղող արտադրողի և գինեգործական արտադրանքն արտադրողի միջև՝ մինչև մշակության սեզոնի սկսելը կնքված պայմանագրի հիման վրա:

Պայմանագրում նշվում են խաղողի սորտի (սորտերի) անվանումը, խաղողի տնկարկի չափը, բերքի քանակը, ինչպես նաև դրույթ այն մասին, որ գնորդն իրավունք ունի վերահսկողություն իրականացնելու խաղողի մշակությունն ըստ լիազոր մարմնի սահմանած կարգի կատարելու նկատմամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԹՈՐՈՒՄԸ

 

Հոդված 50.

Գինեգործական արտադրանքի մնացորդների վերամշակողը

 

1. Գինեգործական արտադրանքի մնացորդները վերամշակվում և (կամ) պահեստավորվում են միայն առանձնացված արտադրական տարածքներում:

2. Գինեգործական արտադրանքի մնացորդների վերամշակման և պահեստավորման մեթոդներին ներկայացվող տեխնիկական պահանջները, ինչպես նաև գինեգործական արտադրանքի մնացորդների վերամշակման և (կամ) պահեստավորման արտադրական տարածքների՝ գինեգործական արտադրանքի արտադրության արտադրական տարածքներից առանձնացվածության չափորոշիչները սահմանում է կառավարությունը։

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՈՎ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

Հոդված 51.

Գինեգործական արտադրանքի մնացորդների և աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի քանակների հայտարարագրումը

 

1. Գինեգործական արտադրանք արտադրողը, ինչպես նաև գինեգործական արտադրանքի մնացորդների մեծածախ առուվաճառքով զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք յուրաքանչյուր տարի պարտադիր հայտարարագրում են ստացված, գնված և իրացված գինեգործական արտադրանքի մնացորդների քանակները:

2. Աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանք արտադրողը, յուրաքանչյուր տարի պարտադիր հայտարարագրում է այդ նպատակով իր արտադրած և (կամ) գնած խաղողի քանակները:

Հայտարարագիրը պետք է պարունակի նաև խաղողի սորտի և ծագման վայրի մասին տեղեկատվություն:

3. Աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանք արտադրողը, ինչպես նաև դրա մեծածախ առուվաճառքով զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, յուրաքանչյուր տարի պարտադիր հայտարարագրում են այդ նպատակով արտադրված, գնված, պահեստավորված և իրացված աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի քանակները, անկախ այն հանգամանքից, թե արտադրվել են նոր բերքից, թե նախորդ տարիների բերքից:

4. Գինեգործական արտադրանքի մնացորդների, աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանք արտադրելու նպատակով օգտագործված խաղողի և աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի քանակների հայտարարագրման կարգը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 52.

Խաղողագործական և գինեգործական արտադրանքի արտադրության, վերամշակման, պահման և փոխադրման ընթացքում առաջացող արտադրական (տեխնոլոգիական) կորուստները

 

1. Խաղողագործական և գինեգործական արտադրանքի արտադրության և վերամշակման ընթացքում առաջացող արտադրական (տեխնոլոգիական) կորուստների չափերը հաստատում է խաղողագործական և գինեգործական արտադրանք արտադրողը:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԽԱՂՈՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՊԱՀՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 53.

Խաղողագործական և գինեգործական արտադրանքի արտադրության, վերամշակման, պահման և փոխադրման փուլերի կարգավորումը

 

1. Սույն օրենքով նախատեսված խաղողագործական և գինեգործական արտադրանքն արտադրվում, վերամշակվում, պահվում և փոխադրվում է արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգների պահանջներին համապատասխան:

 

Հոդված 54.

Խաղողագործական և գինեգործական արտադրանքների իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկը

 

1. Կառավարությունը սահմանում է խաղողագործական և գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկի (այսուհետ՝ իզոտոպային տվյալների ազգային բանկ) վարման կարգը: Իզոտոպային տվյալների ազգային բանկը վարում է լիազոր մարմինը:

2. Իզոտոպային տվյալների ազգային բանկը պարտավոր է յուրաքանչյուր տարի կատարել Հայաստանի Հանրապետությունում արտադրված գինեգործական արտադրանքի և դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի որոշակի խմբաքանակների H2 և C13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննություն և գրանցել դրա արդյունքները:

3. Գինեգործական արտադրանք արտադրողները յուրաքանչյուր տարի պարտավոր են իրենց միջոցների հաշվին իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկ ուղարկել իրենց արտադրած գինեգործական և դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի նմուշներ՝ իզոտոպային բաղադրության փորձաքննության համար:

4. Եթե տվյալ տարի իզոտոպային տվյալների ազգային բանկ իզոտոպային բաղադրության փորձաքննության համար չեն ուղարկվել գինեգործական արտադրանքի և դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի նմուշներ, ապա արգելվում է տվյալ գինեգործական արտադրանքի շուկայահանումը:

5. H2 և C13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննության մեթոդը, նմուշառման կարգը և նմուշների քանակը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 55.

Խաղողագործական և գինեգործական արտադրանքի փորձաքննությունը

 

1. Եթե խաղողագործական և գինեգործական արտադրանքի որևէ բաղադրամասի փորձաքննության համար Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի փորձաքննության համապատասխան մեթոդ, ապա կիրառվում է Ստանդարտների միջազգային կազմակերպության հաստատած համապատասխան փորձաքննության մեթոդը:

 

Հոդված 56.

Խաղողի հումքով ոգելից խմիչքների անվտանգության ապահովման արտադրական հսկողությունը, համապատասխանության հավաստումը և պետական վերահսկողությունը

 

1. Խաղողի հումքով ոգելից խմիչքների անվտանգության ապահովման արտադրական հսկողությունն իրականացնում է գինեգործական արտադրանք արտադրողը:

2. Խաղողի հումքով ոգելից խմիչքների համապատասխանության հավաստումը և պետական վերահսկողությունը իրականացվում է «Համապատասխանության գնահատման մասին» և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգերին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 57.

Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը և հետևանքները

 

1. Սույն օրենքի դրույթները խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

2. Բացի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվության միջոցներից, օրենքի դրույթների խախտումներն առաջացնում են հետևյալ հետևանքները՝

1) որպես վտանգավոր սննդամթերք` կառավարության սահմանած կարգով օգտահանվում կամ ոչնչացվում է գինեգործական այն արտադրանքը, որն ստացվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի, 13-րդ հոդվածի 1-ին մասի, 22-րդ հոդվածի 1-ին մասի, 29-րդ հոդվածի 1-ին մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի, 50-րդ հոդվածի 1-ին մասի և 51-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներով.

2) թորվում է գինեգործական այն արտադրանքը, որն ստացվել է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-8-րդ մասերի, 25-րդ հոդվածի 1-5-րդ մասերի, 26-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի, 32-րդ հոդվածի 1-ին մասի, 39-րդ հոդվածի 1-3-րդ մասերի և 5-րդ մասի դրույթների խախտումներով.

3) զրկվում է աշխարհագրական նշումից գինեգործական այն արտադրանքը, որն արտադրվել է սույն օրենքի 17-20-րդ հոդվածների, 39-րդ հոդվածի 4-րդ մասի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի, 43-րդ հոդվածի, 44-րդ հոդվածի 1-ին մասի, 49-րդ հոդվածի, 51-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթների խախտումներով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված` թորման եղանակով օգտահանման և 2-րդ կետում նշված` թորման հետևանքով ստացվող գինեգործական արտադրանքում սպիրտի խտությունը չպետք է պակաս լինի 87 ծավ. %-ից:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված օգտահանման կամ ոչնչացման և 2-րդ կետում նշված թորման ծախսերը հոգում է գինեգործական արտադրանք արտադրողը:

 

Հոդված 58.

Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ`

1) 6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2013 թվականի հունվարի 1-ից.

2) 10-րդ հոդվածի 4-րդ մասի, 11-րդ հոդվածի և 14-րդ հոդվածի 8-րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից.

3) 17-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից.

4) 18-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից.

5) 23-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից.

6) 25-րդ հոդվածի 4-րդ մասի և 26-րդ հոդվածի 1-ին մասի, որոնք ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 1-ից.

7) 38-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից.

8) 46-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից, նույն հոդվածի 4-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, և նույն հոդվածի 6-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից.

9) 50-րդ հոդվածի և 51-րդ հոդվածի 1-ին մասի, որոնք ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից.

10) 51-րդ հոդվածի 2-4-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2013 թվականի հունվարի 1-ից.

11) 54-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2008 թ. հուլիսի 15
Երևան
ՀՕ-135-Ն