Համարը 
ՆԿ-234-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Կարգադրություն
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2008.12.30/76(666) Հոդ.1438
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
25.12.2008
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.12.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.04.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ.

1. Ստեղծել Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Հաստատել հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն 2-րդ հավելվածի:

3. Սահմանել, որ հանձնաժողովի նիստերի աշխատանքների կազմակերպումը ապահովում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 25

Երևան

ՆԿ-234-Ն

 

Հավելված 1

ՀՀ Նախագահի

2008 թ. դեկտեմբերի 25-ի

ՆԿ-234-Ն կարգադրության

 

Կ Ա Զ Մ

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վլադիմիր ՄՈՎՍԻՍՅԱՆ

ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն

(հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ)

Յուրի ՋԱՎԱԴՅԱՆ

«Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (030 ընտրատարածք, համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

ՀՀ Նախագահի օգնական

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)

ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ

ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն

«Հայաստանի կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ):

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար

Կ. Կարապետյան

 

 

Հավելված 2

ՀՀ Նախագահի

2008 թ. դեկտեմբերի 25-ի

ՆԿ-234-Ն կարգադրության

 

Կ Ա Ր Գ

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է Սևանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների պահպանման, վերականգնման, օգտագործման, կենդանական ու բուսական աշխարհի բնականոն զարգացման և էկոլոգիական ենթահամակարգերի հարցերով առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

2. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր խորհրդակցական մարմին է:

3. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովը իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները`

1) մասնակցել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրության և օգտագործման ծրագրերի մշակմանը.

2) ներկայացնել առաջարկություններ Սևանա լճի պահպանության բնագավառում լիազորված պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, նրանց համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների գործունեության համակարգման, լճի վերականգնման, պահպանման, վերարտադրության և օգտագործման, ինչպես նաև նշված մարմինների համատեղ գործունեության վերաբերյալ.

3) մշակել համապատասխան առաջարկություններ Սևանա լճի ծրագրային խնդիրների համալիր և տարեկան ծրագրերի հիմնախնդիրների լուծման համար.

4) ներկայացնել առաջարկություններ Սևանա լճի էկոլոգիական գոտիներում բնօգտագործման և բնական միջավայրի պահպանությանն ուղղված համապատասխան ռեժիմների իրականացման, ինչպես նաև Սևանա լճի ավազանում էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող տնտեսական գործունեության վերահսկման խնդիրների վերաբերյալ.

5) մշակել առաջարկություններ` ուղղված Սևանա լճի մակարդակի բարձրացման գիտականորեն հիմնավորված նիշի ապահովմանը, ջրի մաքրության պահպանման միջոցառումների իրականացմանը և Սևանա լճի ավազանի կենսաբազմազանության վերականգնմանն ու զարգացմանը.

6) ներկայացնել առաջարկություններ Սևանա լճի կենտրոնական գոտում քաղաքաշինական գործունեության սահմանված կարգի պահպանության, լճի էկոհամակարգի բնական վիճակի, ափամերձ ցամաքային տարածքների բնական և արհեստական լանդշաֆտների և կենսաբազմազանության ապահովման միջոցառումների իրականացումը կազմակերպելու վերաբերյալ.

7) ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ձկան պաշարների պահպանման ու վերարտադրության, ինչպես նաև դրանց արդյունագործական որսի քանակների և ձևերի կարգը պահպանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ.

8) իրականացնել մասնագիտական հետազոտություններ և տալ եզրակացություններ.

9) ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքների հիման վրա մշակել և լիազորված մարմիններին ներկայացնել համապատասխան առաջարկություններ.

10) կազմակերպել իր իրավասությունների շրջանակներում գտնվող հարցերի հասարակական քննարկումներ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Հանձնաժողովը բաղկացած է նախագահից, տեղակալից, անդամներից և քարտուղարից:

6. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

2) հանձնաժողովի գործունեության վերաբերյալ առնվազն երեք ամիսը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին.

3) հաստատում է հանձնաժողովի գործունեության հետ առնչվող հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբերի կազմերը.

4) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.

5) հրավիրում է հանձնաժողովի նիստերը, ներկայացնում հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային ծրագրի հիման վրա, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը:

8. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

9. Հանձնաժողովի նիստերը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը:

10. Հանձնաժողովի քարտուղարը պատասխանատու է հանձնաժողովի ընթացիկ գործունեության կազմակերպման, հանձնաժողովում ներգրավված պետական մարմինների հետ համատեղ նիստերի աշխատանքների համար փաստաթղթերի նախապատրաստման, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ կազմակերպական հարցերի լուծման համար:

11. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր և հրավիրել փորձագետներ այլ կազմակերպություններից:

12. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն աջակցում են հանձնաժողովին նրա իրավասությունների սահմաններում իրականացվող գործունեության ընթացքում:

13. Հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ստորագրում են նիստը նախագահողը և քարտուղարը:

14. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը:

15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Եթե հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի այլ կարծիք, ապա այն գրավոր կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը և հանդիսանում վերջինիս անբաժանելի մասը:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար

Կ. Կարապետյան