Համարը 
ՀՕ-135
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2001.01.15/1(133) Հոդ.1
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
05.12.2000
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
31.12.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին

 

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը սահմանում է արհեստակցական միությունների հիմնադրման կարգը, նրանց գործունեության սկզբունքները և հարաբերությունները պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, ինչպես նաև կարգավորում է արհեստակցական միությունների և նրանց մասնակիցների (անդամների) իրավունքների ու շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող արհեստակցական միությունների վրա:

 

Հոդված 2.

ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

արհեստակցական միություն` արհեստակցական կազմակերպություն կամ արհեստակցական կազմակերպությունների միություն.

արհեստակցական կազմակերպություն` հասարակական միավորում, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.

արհեստակցական կազմակերպությունների միություն` իրավաբանական անձանց միություն, որն օրենքով սահմանված կարգով միավորում է երկու և ավելի արհեստակցական կազմակերպությունների` աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.

արհեստակցական կազմակերպությունների տարածքային միություն` իրավաբանական անձանց միություն, որը միավորում է որոշակի տարածքում (մարզում կամ քաղաքում կամ որևէ առանձնահատկությամբ առանձնացված տարածքում) գործող արհեստակցական միությունների կեսից ավելիին, որոնց անդամագրված են տվյալ տարածքի առավելագույն թվով աշխատողներ` տվյալ տարածքի գործատուների միության, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման տարածքային մարմինների հետ փոխհարաբերություններում աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.

արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն` իրավաբանական անձանց միություն, որը միավորում է տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) գործող արհեստակցական միությունների կեսից ավելիին, որոնց անդամագրված են տվյալ ճյուղի առավելագույն թվով աշխատողներ` գործատուների համապատասխան ճյուղային միությունում, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման հանրապետական մարմիններում տնտեսության տվյալ ճյուղի աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.

արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միություն` իրավաբանական անձանց միություն, որը միավորում է արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունների կեսից ավելիին, որոնց անդամագրված են հանրապետությունում գործող արհեստակցական միությունների առավելագույն թվով անդամներ, իսկ անդամ կազմակերպությունները միավորում են առավելագույն թվով աշխատողների` Հայաստանի Հանրապետության կառավարության և գործատուների հանրապետական միության հետ փոխհարաբերություններում աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.

գործատու` աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմանված կարգով քաղաքացիների աշխատանքն օգտագործող աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձ` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող այլ սուբյեկտ (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, հիմնարկ, առանձնացված ստորաբաժանում և այլն): Գործատու կարող է լինել նաև յուրաքանչյուր քաղաքացի.

աշխատող` օրենքով աշխատելու իրավունք ունեցող ֆիզիկական անձ, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք է կատարում գործատուի մոտ.

արհեստակցական միության մասնակից (անդամ)` անձ, որը կամավորության սկզբունքով մասնակից է դարձել (անդամագրվել է) արհեստակցական միությանը` վերջինիս կանոնադրության համաձայն:

(2-րդ հոդվածը խմբ., լրաց. 24.10.06 ՀՕ-171-Ն)

 

Հոդված 3.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Արհեստակցական միության գործունեության հիմնական սկզբունքներն են`

ա) պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, քաղաքական, հասարակական և այլ կազմակերպություններից անկախությունը.

բ) արհեստակցական միություններին մասնակցելու (անդամակցելու) կամավորությունը.

գ) արհեստակցական միությունների իրավահավասարությունը.

դ) աշխատողի իրավունքների սահմանափակում թույլ չտալը` կապված նրա` արհեստակցական միության մասնակից (անդամ) լինելու հանգամանքի հետ:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

 

Հոդված 4.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Արհեստակցական կազմակերպությունը հիմնադրվում է նրա հիմնադիրների (առնվազն երեք աշխատողի) նախաձեռնությամբ հրավիրված հիմնադիր ժողովի (համաժողովի, համագումարի) որոշմամբ:

Հիմնադիր ժողովը հաստատում է կազմակերպության կանոնադրությունը, ընտրում է ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններ:

 

Հոդված 5.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

 

Երկու և ավելի արհեստակցական կազմակերպություններ և (կամ) արհեստակցական կազմակերպությունների միություններ իրենց ներկայացուցիչների ժողովի (համաժողովի, համագումարի) որոշմամբ կարող են հիմնադրել արհեստակցական կազմակերպությունների մեկ միություն` հաստատելով նրա կանոնադրությունը և ընտրելով ղեկավար ու վերահսկողություն իրականացնող մարմիններ:

Արհեստակցական կազմակերպությունների հանրապետական և ճյուղային հանրապետական միություններն իրավունք ունեն իրենց անվանման մեջ օգտագործել «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կամ դրա հապավումը:

 

Հոդված 6.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ (ԱՆԴԱՄՆԵՐԸ)

 

Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել տվյալ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատողները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք:

Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել նաև տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները:

Աշխատողը կարող է մասնակից (անդամ) լինել մեկից ավելի կազմակերպությունների, եթե դա չի հակասում նրանց կանոնադրություններին:

Արհեստակցական կազմակերպության մասնակից (անդամ) լինելու կարգը սահմանվում է այդ կազմակերպության կանոնադրությամբ:

Արհեստակցական կազմակերպության մասնակից (անդամ) չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողները, ինչպես նաև դատավորները և սահմանադրական դատարանի անդամները:

Գործատուն չի կարող ընտրվել այն արհեստակցական կազմակերպության ղեկավար մարմինների կազմում, որին մասնակցում (անդամակցում) է տվյալ գործատուի աշխատողը:

(6-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.10.06 ՀՕ-171-Ն)

 

Հոդված 7.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ (ԱՆԴԱՄՆԵՐԸ)

 

Արհեստակցական կազմակերպությունների միության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել արհեստակցական կազմակերպությունները և (կամ) արհեստակցական կազմակերպությունների միությունները:

Արհեստակցական կազմակերպությունը և արհեստակցական կազմակերպությունների միությունը կարող են մասնակից (անդամ) լինել արհեստակցական կազմակերպությունների մեկ միության:

Արհեստակցական միությանը մասնակից (անդամ) լինելը կարգավորվում է նրա կանոնադրությամբ:

 

Հոդված 8.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆԸ
 

Արհեստակցական միության բարձրագույն մարմինը նրա ժողովն է (համաժողովը, համագումարը), որը հրավիրվում է նրա կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան 5 տարին մեկ անգամ:

Արհեստակցական միության բարձրագույն մարմինն ունի նրա գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք: Նրա բացառիկ իրավասությունն է`

ա) արհեստակցական միության կանոնադրության հաստատումը և փոփոխումը.

բ) արհեստակցական միության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը.

գ) արհեստակցական միության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումների ընդունումը:

 

Հոդված 9.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Կանոնադրությունը պետք է բովանդակի արհեստակցական միության`

ա) անվանումը, որը պետք է ներառի համապատասխանաբար «արհեստակցական կազմակերպություն» կամ «արհեստակցական կազմակերպությունների միություն» բառերը.

բ) գործունեության առարկան և նպատակները.

գ) կառուցվածքը, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման և գործունեության կարգը, նրանց գործառույթները.

դ) մասնակից (անդամ) դառնալու և մասնակցությունից (անդամակցությունից) դուրս գալու կարգը.

ե) մասնակիցների (անդամների) իրավունքները և պարտականությունները.

զ) գտնվելու վայրը (հասցեն).

է) վերակազմակերպման և լուծարման կարգը.

ը) կանոնադրությունում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարգը.

թ) մուտքի վճարների, անդամավճարների չափը, մուծումների կարգը և գույքի ձեռքբերման այլ աղբյուրներ:

 

Հոդված 9.1.

Արհեստակցական միության պետական գրանցումը

 

Արհեստակցական միության պետական գրանցումը, վերագրանցումը, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցումը և լուծարման պետական գրանցումն իրականացվում են սույն օրենքով և իրավաբանական անձանց պետական գրանցման համար օրենքով սահմանված կարգով:

Արհեստակցական միության պետական գրանցման նպատակով պետական գրանցման մարմին են ներկայացվում`

ա) արհեստակցական միության հիմնադիրների ժողովի կողմից լիազորված անձի դիմումը.

բ) քաղվածք արհեստակցական միության հիմնադիրների ժողովի արձանագրությունից, որը պետք է նշումներ պարունակի հիմնադիրների ժողովի անցկացման վայրի, տարվա, ամսի, ամսաթվի, հիմնադիր անդամների (ժողովի մասնակիցների) թվի մասին, ինչպես նաև նշումներ` հիմնադիրների ժողովի կողմից արհեստակցական միություն հիմնադրելու, արհեստակցական միության կանոնադրությունը հաստատելու, արհեստակցական միության ղեկավար և վերահսկող մարմիններում պաշտոնատար անձանց ընտրվելու և արհեստակցական միության պետական գրանցման նպատակով գրանցման մարմին դիմելու համար լիազորված անձ ընտրելու մասին որոշումների ընդունման վերաբերյալ.

գ) լիազորված անձի և արհեստակցական միության ղեկավար մարմիններում ընտրված հիմնադիրների անձնագրային տվյալները: Արհեստակցական կազմակերպությունների միության գրանցման համար ներկայացվում են նաև հիմնադիր կազմակերպություններից յուրաքանչյուրի պետական գրանցման վկայականի պատճենը և իրավասու մարմնի որոշումը` միություն ստեղծելու և միության հիմնադիրների ժողովին մասնակցելու համար լիազորված անձինք (պատվիրակներ) ընտրելու մասին.

դ) արհեստակցական միության կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված հիմնադիրների ժողովի կողմից, սահմանված կարգով ամրակարված և ստորագրված լիազորված անձի կամ կազմակերպության ղեկավարի կողմից.

ե) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Պետական գրանցման մարմինը արհեստակցական միության գրանցման մասին դիմումն ու պահանջվող փաստաթղթերը ընդունելու մասին հաշվառման գրանցամատյանում գրառում կատարելուց հետո` 30 օրվա ընթացքում, պարտավոր է քննարկել դիմումը և գրանցել արհեստակցական միությունը կամ համապատասխան հիմնավորումներով մերժել արհեստակցական միության գրանցումը: Արհեստակցական միության պետական գրանցումը կարող է մերժվել օրենքով սահմանված կարգով և դեպքում:

(9.1-րդ հոդվածը լրաց. 24.10.06 ՀՕ-171-Ն)

 

Հոդված 10.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Արհեստակցական միության իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից և դադարում է նրա լուծարման ավարտի մասին իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառում կատարելու պահին:

Արհեստակցական միության գրանցումը և գրանցման մերժումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 11.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ և ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

Արհեստակցական միության վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը) իրականացվում է նրա բարձրագույն մարմնի որոշմամբ` օրենքով և նրա կանոնադրությամբ սահմանված կարգով:

Արհեստակցական միության վերակազմավորում չի թույլատրվում:

Արհեստակցական միության լուծարումը տեղի է ունենում օրենքով և արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված կարգով ու դեպքերում:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 12.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Արհեստակցական միությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և արհեստակցական միության կանոնադրությանը համապատասխան:

Արհեստակցական միության գործունեությունը չի կարող դադարեցվել գործատուի ցանկությամբ:

Արհեստակցական միության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` դատական կարգով:

(12-րդ հոդվածը լրաց. 24.10.06 ՀՕ-171-Ն)

 

Հոդված 13.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Արհեստակցական միությունն անկախ է պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, այլ կազմակերպություններից և կուսակցություններից. նրանց հաշվետու չէ և նրանց կողմից վերահսկողության ենթակա չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, գործատուներին, այլ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց արգելվում է խոչընդոտել կամ միջամտել արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 14.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆը

 

Արհեստակցական միությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և արհեստակցական միության կանոնադրությանը համապատասխան կարող է համագործակցել միջազգային և այլ երկրների արհեստակցական միությունների ու այլ հասարակական միավորումների հետ, ինչպես նաև մասնակցել (անդամակցել) միջազգային և այլ երկրների արհեստակցական միություններին:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 15.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Արհեստակցական միության նպատակներն են`

ա) ներկայացնել և պաշտպանել աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական ու այլ շահերը և իրավունքները գործատուի և (կամ) երրորդ անձի մոտ.

ա1) սոցիալական գործընկերության տարբեր մակարդակներում ապահովել աշխատողների և գործատուների շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում.

բ) գործատուի հրավերով մասնակցել արտադրական ծրագրերի մշակմանը և դրանց կենսագործմանը.

գ) գործատուին ներկայացնել առաջարկություններ` աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, ձեռքի աշխատանքի թեթևացման, արտադրական նորմաների վերանայման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ.

դ) գործատուի հետ համագործակցել արհեստակցական միության մասնակցի (անդամի) պարգևատրման և խրախուսման հարցերում.

ե) գործատուի ներկայացմամբ քննարկել աշխատանքային կարգապահության խախտում թույլ տված արհեստակցական միության մասնակցի (անդամի) հարցը:

(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.06 ՀՕ-171-Ն)

 

Հոդված 16.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

(վերնագիրը փոփ. 24.10.06 ՀՕ-171-Ն)

 

Արհեստակցական միությունը, ի դեմս իր ղեկավար մարմնի կամ ներկայացուցչի, իրավունք ունի կոլեկտիվ պայմանագիր կնքել (վերակնքել) գործատուի գործատուների միության հետ:

Գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում ապահովել կոլեկտիվ բանակցությունների վարումը իր աշխատողներին միավորող արհեստակցական միության հետ:

Կոլեկտիվ պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գործատուի հետ կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում արհեստակցական կազմակերպությունը կարող է հանդես գալ որպես աշխատողների ներկայացուցիչ, եթե արհեստակցական կազմակերպությանը մասնակցում է (անդամակցում է) գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողների կեսից ավելին: Այդպիսի ներկայացուցչական լիազորություններով օժտված արհեստակցական կազմակերպության կողմից գործատուի հետ կնքված կոլեկտիվ պայմանագրի դրույթները տարածվում են նաև գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած բոլոր այն աշխատողների վրա, որոնք արհեստակցական կազմակերպության մասնակից (անդամ) չեն:

Եթե կազմակերպության արհեստակցական կազմակերպությանը մասնակցում է (անդամակցում է) գործատուի հետ աշխատանքային պայմանագրեր կնքած աշխատողների ոչ ավելին, քան կեսը, ապա կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում արհեստակցական կազմակերպությունը ներկայացնում և պաշտպանում է միայն իր անդամների շահերը:

Տվյալ գործատուի մոտ արհեստակցական կազմակերպության բացակայության դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով, աշխատողների շահերի պաշտպանության գործառույթները կարող են փոխանցվել համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությանը:

Եթե արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) են տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները, ապա այդ դեպքում արհեստակցական կազմակերպությունը կարող է կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում յուրաքանչյուր գործատուի մոտ ներկայացնել և պաշտպանել աշխատողների շահերը, եթե տվյալ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողների կեսից ավելին մասնակցում է (անդամակցում է) արհեստակցական կազմակերպությանը: Հակառակ դեպքում արհեստակցական կազմակերպությունը տվյալ գործատուի մոտ կարող է ներկայացնել և պաշտպանել միայն իր անդամների շահերը:

Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կարող է բանակցել և համաձայնագիր կնքել արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը, պետական կառավարման մյուս մարմինների հետ կարող են բանակցել և համաձայնագիր կնքել արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունները:

(16-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 24.10.06 ՀՕ-171-Ն)

 

Հոդված 17.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Արհեստակցական միության ղեկավար մարմնի ներկայացուցիչները, աշխատանքի պայմանների ուսումնասիրման նպատակով, իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այցելել այն աշխատատեղերը, որտեղ աշխատում են տվյալ արհեստակցական միության մասնակիցները (անդամները):

Աշխատատեղում, աշխատանքի պայմանների հետ կապված, աշխատողի կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող իրադրություն ի հայտ գալու դեպքում արհեստակցական միությունն իրավունք ունի գործատուից միջնորդագրով պահանջել միջոցներ ձեռնարկել ի հայտ եկած վտանգը վերացնելու կամ մինչ այդ աշխատանքն այդ աշխատատեղում դադարեցնելու համար: Միջնորդագրերին ի պատասխան` գործատուն պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում արհեստակցական միությանը տեղյակ պահել ձեռնարկված միջոցառումների մասին:

 

Հոդված 18.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ և ՏԱՐԱԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Արհեստակցական միությունն իր կանոնադրական խնդիրներն իրագործելու նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունի պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից ստանալ ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք չհամարվող տեղեկություններ:

Արհեստակցական միությունն իրավունք ունի իր գործունեությունը լուսաբանել զանգվածային լրատվության միջոցներով կամ այդ նպատակով, օրենքով սահմանված կարգով, ունենալ լրատվության միջոցներ:

 

Հոդված 19.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Արհեստակցական միությունը, արհեստակցական միության մասնակցի (անդամի) իրավունքներն ու շահերը պաշտպանելու նպատակով, իրավասու է միջնորդագրով դիմել պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, գործատուին կամ այլ անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով բողոքարկել նրանց գործողությունները (անգործությունը):

 

Հոդված 20.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐ և ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Արհեստակցական միությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել հավաքներ, գործադուլներ և հանրային միջոցառումներ, դրանց հետ կապված բանակցություններ վարել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, այլ կազմակերպությունների, նրանց պաշտոնատար անձանց հետ:

(20-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-94-Ն)

 

Հոդված 21.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՁևԱՎՈՐՄԱՆԸ

 

Արհեստակցական միությունը կարող է առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին` արհեստակցական միության մասնակիցների (անդամների) աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական նորմատիվ ակտեր ընդունելու, այդ ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

 

Հոդված 22.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Կոլեկտիվ կամ այլ պարտավորություններ չկատարելու, ինչպես նաև անօրինական գործադուլներ և այլ միջոցառումներ կազմակերպելու ու անցկացնելու համար արհեստակցական միությունը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 23.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ և ՆՐԱ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ԱՆԴԱՄՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, գործատուներն ու այլ կազմակերպությունները, նրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև այլ անձինք պարտավոր են չխախտել արհեստակցական միության և նրա մասնակիցների (անդամների)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները:

Արհեստակցական միության, նրա ներկայացուցչի իրավունքները խախտելը կամ կազմակերպության կանոնադրական գործունեությանը խոչընդոտելը, արհեստակցական միության ղեկավարներին ու ներկայացուցիչներին հետապնդելն առաջ է բերում պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գործատուի նախաձեռնությամբ, այդ թվում` նաև աշխատատեղերի կրճատման դեպքում աշխատողի աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու, ինչպես նաև աշխատողին այլ աշխատանքի փոխադրելու, նրան կարգապահական տույժի ենթարկելու հետ կապված հարաբերություններին, կոլեկտիվ և անհատական վեճերին արհեստակցական միության մասնակցությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

 

Հոդված 24.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

Գործատուն, կոլեկտիվ պայմանագրով (համաձայնագրով) սահմանված կարգով, արհեստակցական միությանը տրամադրում է անհրաժեշտ պայմաններ` արհեստակցական միության կանոնադրությամբ նախատեսված աշխատանքների կազմակերպման և կատարման համար:

Արհեստակցական կազմակերպության անդամի դիմումի առկայության դեպքում գործատուն կազմակերպում է արհմիութենական անդամավճարի գանձումը և հատկացումը` արհեստակցական կազմակերպության կանոնադրությամբ և կոլեկտիվ պայմանագրով (համաձայնագրով) սահմանված կարգով ու ժամկետում:

 

Հոդված 25.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հասարակական պարտականությունների կատարման, արհմիութենական միջոցառումներին մասնակցելու ժամանակահատվածում արհեստակցական միության ընտրովի մարմինների անդամների աշխատանքից բացակայության և այդ ընթացքում նրանց վարձատրության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և գործատուի հետ կնքված կոլեկտիվ պայմանագրով (համաձայնագրով): Արհեստակցական միության ընտրովի մարմիններում ընտրված աշխատողները գործատուի նախաձեռնությամբ չեն կարող աշխատանքից ազատվել առանց աշխատանքի պետական տեսուչի նախնական համաձայնության, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Արհեստակցական միության մարմիններում ընտրված անձանց համար կոլեկտիվ պայմանագրով (համաձայնագրով) կարող են նախատեսվել այլ երաշխիքներ:

(25-րդ հոդվածը լրաց. 24.10.06 ՀՕ-171-Ն)

 

Հոդված 26.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Արհեստակցական միության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով և արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Արհեստակցական միությունների կողմից սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 27.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Արհեստակցական միության սեփականությունը գոյանում է մուտքի վճարներից, անդամավճարներից, կամավոր ներդրումներից, նվիրատվություններից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Գործատուն, կոլեկտիվ պայմանագրին (համաձայնագրին) համապատասխան, արհեստակցական միությանը տրամադրում է ֆինանսական միջոցներ և այլ գույք` աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավմանը, ինչպես նաև նրանց առողջության պահպանմանը նպատակաուղղված միջոցառումներ կազմակերպելու համար:

Պետությունը երաշխավորում է արհեստակցական միությունների սեփականության իրավունքի անձեռնմխելիությունն ու պաշտպանությունը:

 

Հոդված 28.

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Արհեստակցական միությունը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իր սեփականությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Արհեստակցական միությունը յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտից հետո` եռամսյա ժամկետում, հրապարակում է իր սեփականության օգտագործման տարեկան հաշվետվությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 29.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
31 դեկտեմբերի 2000 թ.
ՀՕ-135