Համարը 
ՀՕ-135-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2004.12.28/72(371) Հոդ.1456
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.11.2004
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 24-ին

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արժութային գործարքների կնքման կարգն ու պայմանները, արժութային արժեքների տնօրինման, տիրապետման և օգտագործման դեպքերը, կարգն ու պայմանները, ինչպես նաև կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ և ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Արժութային գործարքները, արժութային գործարքներ իրականացնող անձանց գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված այլ հարաբերություններ կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:

 

Հոդված 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքի իմաստով և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով`

1) արժութային արժեքներ համարվող գույքի տեսակներն են`

ա) Հայաստանի Հանրապետության արժույթը` Հայաստանի Հանրապետության դրամը,

բ) Հայաստանի Հանրապետության արժույթով արտահայտված վճարային արժեթղթերը,

գ) օտարերկրյա արժույթը (արտարժույթը),

դ) արտարժույթով արտահայտված վճարային արժեթղթերը,

ե) բանկային ոսկին,

զ) սույն մասում նշված արժութային արժեքներից բխող իրավունքներն ու պարտավորությունները, որոնք ունեն փողային արտահայտություն.

2) Հայաստանի Հանրապետության արժույթն է`

ա) շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաև շրջանառությունից հանված կամ հանվող, սակայն փոխանակման ենթակա Հայաստանի Հանրապետության օրինական վճարամիջոցը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) թողարկած թղթադրամների և մետաղադրամների (այդ թվում՝ հուշադրամների) տեսքով,

բ) Հայաստանի Հանրապետության բանկերի, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող դրանց մասնաճյուղերի բանկային հաշիվներում և ավանդներում առկա միջոցները` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով,

գ) Հայաստանի Հանրապետության արժույթը որպես վճարման օրինական միջոց օգտագործելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա պետության համապատասխան մարմինների հետ կնքված համաձայնագրերի հիման վրա տվյալ պետության տարածքում գտնվող բանկերի և ֆինանսավարկային այլ կազմակերպությունների հաշիվներում առկա միջոցները` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով,

դ) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-39-Ն)

3) օտարերկրյա արժույթն (արտարժույթն) է`

ա) օտարերկրյա մեկ կամ մի քանի պետությունների տարածքում շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաև շրջանառությունից հանված կամ հանվող, բայց փոխանակման ենթակա օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամներն ու մետաղադրամները,

բ) բանկային հաշիվներում և ավանդներում գտնվող օտարերկրյա պետությունների դրամական միավորներով և (կամ) միջազգային դրամական միավորներով արտահայտված միջոցները.

4) բանկային ոսկի` Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի ասոցիացիայի անդամ հանդիսացող զտարկող (աֆինաժային) կազմակերպություններում արտադրված, ոսկու ձուլակտորներն են, որոնք ունեն անհատական սերտիֆիկատ և որոնց վրա դաջված է զտարկող կազմակերպության անվանիշը, քաշը, հարգը և հերթական սերիական համարը: Ոսկու բանկային ձուլակտորների քաշը կազմում է 350-ից 450 տրոյական ունցիա (10886-13996 գր.), 99.5օ-ից ոչ պակաս ոսկու պարունակությամբ և իրենց վրա լրացուցիչ դաջված է արտադրության տարեթիվը.

5) ռեզիդենտներն են`

ա) ֆիզիկական անձինք (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի), որոնք հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել են Հայաստանի Հանրապետությունում 183 օր և ավելի, կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ժամանակավորապես աշխատող ֆիզիկական անձինք,

բ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները և Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերը,

գ) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները, զորքերը,

դ) միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները,

ե) սույն կետի «բ» ենթակետում նշված ռեզիդենտների` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերը և ներկայացուցչությունները,

զ) սույն կետի «գ» և «դ» ենթակետերում նշված ռեզիդենտների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ղեկավարները, այլ աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամները.

6) ոչ ռեզիդենտներն են`

ա) ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձինք, այդ թվում օտարերկրյա պետության պետական ծառայության մեջ գտնվող` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես աշխատող ֆիզիկական անձինք,

բ) օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները ու դրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները,

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա պետությունների դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները, զորքերը և միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև դրանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ղեկավարները, այլ աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամները,

դ) սույն կետի «բ» ենթակետում նշված ոչ ռեզիդենտների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,

ե) սույն կետի «ա»-«դ» ենթակետերում չնշված և ռեզիդենտ չհանդիսացող այլ անձինք.

7) կենսական շահերի կենտրոնն այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), ուր բնակվում է անձը կամ նրա ընտանիքը, և գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը.

8) արժութային գործարքներն այն գործարքներն են, որոնք կապված են`

ա) արժութային արժեքների սեփականության իրավունքի և գույքային այլ իրավունքների փոխանցման, ինչպես նաև որպես վճարման միջոց արտարժույթով վճարային փաստաթղթերի օգտագործման հետ,

բ) որպես վճարման միջոց արտարժույթի, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության արժույթի օգտագործման հետ,

գ) արժութային արժեքների` օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք փոխադրման, ներմուծման և առաքման, Հայաստանի Հանրապետության տարածքից դրանց փոխադրման, արտահանման և առաքման հետ.

9) ընթացիկ արժութային գործարքներ են համարվում ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի միջև կատարվող գործարքները կամ վճարումները` անկախ դրանց գումարային մեծությունից (բացառությամբ սույն կետի «գ» ենթակետում նշված դեպքերի), դրանք են`

ա) ապրանքների (գույքի) օտարման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման, ծառայությունների մատուցման դիմաց կատարվող վճարումները, ինչպես նաև կարճաժամկետ վարկերի և փոխառությունների տրամադրումը,

բ) վարկերի և փոխառությունների դիմաց վճարվող տոկոսները և այլ ներդրումների դիմաց վճարվող շահաբաժիններն ու այլ վճարումները,

գ) վարկերի, փոխառությունների և ուղղակի ներդրումների մարմանն ուղղված փոքրածավալ գումարների վճարումները,

դ) ոչ առևտրային բնույթի փոխանցումները Հայաստանի Հանրապետության տարածք և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ներառյալ` աշխատավարձի, կենսաթոշակների, ժառանգությունների, ֆինանսական օգնության, նվիրատվությունների փոխանցումները.

10) կարճաժամկետ վարկերի ժամկետայնությունը և փոքրածավալ գումարների չափը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով` համաձայնեցնելով կառավարության լիազորված մարմնի հետ.

11) կապիտալի շարժի և ֆինանսական արժութային գործարքներ են համարվում ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի միջև կատարվող այն գործարքները, որոնք չեն համարվում ընթացիկ արժութային գործարքներ.

12) ֆիզիկական անձանց ռեզիդենտությունը կամ ոչ ռեզիդենտությունը որոշվում է սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի հիման վրա` տվյալ ֆիզիկական անձի կողմից ներկայացնելով իր ոչ ռեզիդենտության անհրաժեշտ հիմնավորումները կամ փաստաթղթերը: Եթե ֆիզիկական անձը չի ներկայացնում իր ոչ ռեզիդենտության անհրաժեշտ հիմնավորումները կամ փաստաթղթերը, ապա նա համարվում է ռեզիդենտ ֆիզիկական անձ.

13) մասնագիտացված անձինք են բանկերը, օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետությունում գործող մասնաճյուղերը, վարկային կազմակերպությունները, վճարահաշվարկային կազմակերպությունները, լիցենզավորած արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող անձինք (արժութային դիլերներ-բրոքերներ), արտարժույթի առուվաճառք իրականացնող անձինք (փոխանակման կետեր), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձինք.

14) գնանշում է համարվում ցանկացած ապրանքի (գույքի), ծառայության, գույքի օգտագործման, աշխատանքի կատարման կամ աշխատավարձի և (կամ) դրան հավասարեցված վճարումների գնի, արժեքի կամ վարձատրության չափի հայտարարումը, ամրագրումը, սահմանումը կամ որևէ ձևով այլ անձանց հայտնելը.

15) սպառողական փոխառություն կամ սպառողական վարկ՝ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սպառողական փոխառություն կամ սպառողական վարկ.

16) առևտրի կենտրոն՝ առևտրի իրականացման կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող առևտրի օբյեկտների համախումբ.

17) առևտրի իրականացման կազմակերպիչ՝ առևտրի կենտրոնի աշխատանքները կազմակերպող և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով առևտրի իրականացման վայրի կազմակերպչի համար սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ:

(3-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 25.12.06 ՀՕ-39-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԸՆԹԱՑԻԿ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ, ԿԱՊԻՏԱԼԻ ՇԱՐԺԻ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 4. ԸՆԹԱՑԻԿ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ, ԿԱՊԻՏԱԼԻ ՇԱՐԺԻ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

1. Ընթացիկ արժութային գործարքների իրականացման նկատմամբ որևէ սահմանափակում չի կարող կիրառվել:

2. Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի կայունության պահպանման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, տնտեսական ռիսկերի կանխարգելման և վիճագրական նպատակներով կարող է սահմանել կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքների իրականացման համար կարգ և պայմաններ:

3. Ռեզիդենտները Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կարող են առանց սահմանափակումների իրականացնել արժութային գործարքներ` օտարերկրյա պետությունների օրենսդրությանը համապատասխան:

4. Ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումների հետ կապված գործարքները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով:

(4-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 5. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ, ԱՌԱՔՈՒՄԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ և ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

 

1. Ռեզիդենտներն ու ոչ ռեզիդենտները կարող են առանց որևէ սահմանափակումների և առանց հայտարարագրման Հայաստանի Հանրապետության տարածք փոխադրել, առաքել, ներմուծել և Հայաստանի Հանրապետության տարածքից փոխադրել, առաքել, արտահանել արժութային արժեքներ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու, տնտեսական ռիսկերը կանխարգելելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ վիճակագրական նպատակներով նորմատիվ իրավական ակտով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է սահմանել արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման կարգ և պայմաններ:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման և աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները, ներառյալ` ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները և իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները, ընդունվում են և իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց կանոնադրական և բաժնեհավաք կապիտալում դրամական (փողային) ներդրումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում դրամական (փողային) շահումները կարող են գովազդվել և տրվել միայն Հայաստանի Հանրապետության դրամով:

5. Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից կամ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով չվերթեր (կանոնավոր, ոչ կանոնավոր, չարթերային) իրականացնող օդանավեր շահագործող ընկերություններին (ավիաընկերություններին) մատուցվող հետևյալ ավիացիոն ծառայությունների փողային գնանշումները կարող են կատարվել արտարժույթով`

ա) օդանավերի ուղեկցման ծառայություններ, թռիչքի, վայրէջքի և լուսավորման, կանգառների կառավարման, շարժական և մեխանիկական սանդուղքների ներդրման և գործարկման, տելեսկոպ կամուրջի, օդանավերի վերգետնյա սպասարկման ծառայություններ (այդ թվում` օդանավեր քարշակելու ծառայություն).

բ) ուղևորի, ուղեբեռի, բեռի և փոստի վերգետնյա սպասարկում և հաշվառում.

գ) ավիացիոն անվտանգության և օդանավերի պահպանման ծառայություններ.

դ) օդանավերի կոմունալ ծառայություններ.

ե) վառելիքի և հեղուկների մատակարարում.

զ) հատուկ անիվավոր փոխադրամիջոցներով մատուցվող ծառայություններ.

է) Հայաստանի Հանրապետության օդային տարածքով անցնող միջազգային օդային մայրուղիներով տարանցիկ և Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ չվերթող օդանավերին մատուցվող աերոնավիգացիոն ծառայություններ.

ը) Հայաստանի Հանրապետության օդանավակայանների 20 կմ շառավղով շրջակայքում իրականացվող թռիչք-վայրէջքի փուլում մատուցվող աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ:

Սույն մասում նշված դեպքում ավիացիոն ծառայությունների դիմաց վճարումները ոչ ռեզիդենտ ավիացիոն ընկերությունների կողմից կարող են կատարվել արտարժույթով:

6. Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից կամ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով չվերթեր իրականացնող օդանավեր շահագործող ընկերությունների կողմից մատուցվող ուղևորների, բեռի և փոստի փոխադրման ծառայությունների փողային գնանշումները համակարգչային բազայում կարող են իրականացվել արտարժույթով:

7. Անկանխիկ վճարումներ նախատեսող և գրավոր ձևով կնքված պայմանագրերում գնանշումները կարող են կատարվել արտարժույթով, եթե այդ պայմանագրերը կնքվել են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի և իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ոչ ռեզիդենտի միջև:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործարքների գնանշումները կամ վճարումները, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու շահագործողների և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի) միջև կատարվող գործարքների գնանշումները կամ անկանխիկ վճարումները` անկախ դրանց գումարային մեծությունից, կարող են իրականացվել նաև ազատ փոխարկելի արտարժույթով:

(6-րդ հոդվածը լրաց. 08.12.05 ՀՕ-253-Ն, 01.06.06 ՀՕ-111-Ն, լրաց., փոփ. 25.12.06 ՀՕ-39-Ն, լրաց. 13.11.07 ՀՕ-258-Ն, 25.05.11 ՀՕ-198-Ն)

 

Հոդված 7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտներն ու ոչ ռեզիդենտներն իրավունք ունեն առանց սահմանափակումների իրականացնելու արտարժույթի առք ու վաճառք` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու պայմանով, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արժույթով փոխանակելու իրավունքով կամ պարտականությամբ կամ որևէ այլ պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքները, այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններով գործարքները, իրականացվում են մասնագիտացված անձանց միջոցով: Մասնագիտացված անձանց կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործարքների փոխարժեքը և ծավալները սահմանում են մասնագիտացված անձինք:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, ընթացիկ արժութային գործարքների դիմաց վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքները կանխիկ և անկանխիկ իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերում նշված դեպքերի:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում ընթացիկ արժութային գործարքների դիմաց անկանխիկ վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային անկանխիկ գործարքները կարող են իրականացվել նաև արտարժույթով`

ա) իրավաբանական անձանց միջև.

բ) անհատ ձեռնարկատերերի միջև.

գ) սույն մասի «ա» և «բ» կետերում նշված սուբյեկտների միջև:

5. Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ կետի «դ» ենթակետում նշված ոչ առևտրային բնույթի գործարքները, բացառությամբ աշխատավարձի վճարումների, կարող են իրականացվել նաև արտարժույթով ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:

51. Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաև արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների, որոնք տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով:

52. Անմաքս առևտրի խանութներում ապրանքների (գույքի) իրացման դիմաց վճարումները կարող են իրականացվել արտարժույթով:

6. Ռեզիդենտների միջև նվիրաբերության, նվիրատվության գործարքները, ինչպես նաև ժառանգությունը կարող են իրականացվել արտարժույթով:

7. Միջազգային կազմակերպությունները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար գնանշումներն ու վճարումներն իրականացնել արտարժույթով` Կենտրոնական բանկի և կառավարության լիազորված մարմնի հետ համաձայնեցված կարգով սահմանված դեպքերում և կարգով:

8. Բանկերը, վարկային կազմակերպությունները, վճարահաշվարկային կազմակերպություններն իրավունք ունեն օրենքով իրենց վերապահված ֆինանսական, այդ թվում` ավանդային, վարկային գործառնություններն իրականացնելու արտարժույթով, բացառությամբ սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի:

81. Բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով:

9. Մասնագիտացված անձինք պարտավոր են իրենց հաճախորդներին Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձևով և վավերապայմաններով տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր):

(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.12.06 ՀՕ-39-Ն, լրաց. 13.11.07 ՀՕ-258-Ն)

 


Հոդված 71. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող (արժութային դիլեր-բրոքեր), արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձինք և նրանց գործունեությունը

 

1. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձը (արժութային դիլեր-բրոքերը) իրավաբանական անձ է, որն իրավունք ունի Կենտրոնական բանկի տված լիցենզիայի հիման վրա իրականացնելու արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն:

Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն է համարվում օրենքին համապատասխան կնքված հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա արտարժույթի անկանխիկ առուվաճառքը՝ անմիջապես կամ տարաժամկետ վճարելու, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արտարժույթով փոխանակելու իրավունքով կամ պարտականությամբ, կամ որևէ այլ պայմանով և (կամ) նման գործարքներ իրականացնելու առաջարկությամբ հանդես գալը: Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձինք արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքով կարող են զբաղվել նաև իրենց անունից և իրենց հաշվին:

«Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձ», «արժութային դիլեր-բրոքեր» կամ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեությունը և դրանք իրականացնողներին արտահայտող այլ բառերը կամ դրանց թարգմանություններն ու ածանցյալները, ինչպես նաև արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի փոխարժեքներն արտացոլող ցուցատախտակներ կարող են օգտագործել միայն արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնելու լիցենզիա ունեցող անձինք, դրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները:

Արգելվում է արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից «արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձ», «արժութային դիլեր-բրոքեր» կամ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեությունը և դրանք իրականացնողներին արտահայտող այլ բառերի կամ դրանց թարգմանությունների ու ածանցյալների, ինչպես նաև արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի փոխարժեքներն արտացոլող ցուցատախտակների օգտագործումը:

2. Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձը (փոխանակման կետը) իրավաբանական անձ է, որը Կենտրոնական բանկի տված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործառնություններ միայն ֆիզիկական անձանց հետ` Հայաստանի Հանրապետության դրամով:

Խանութում արտարժույթի առուվաճառքի լիցենզիա կարող է ստանալ միայն տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը, առևտրի կենտրոնում՝ միայն առևտրի իրականացման կազմակերպիչը, իսկ հյուրանոցում՝ հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական անձը:

«Արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձ», «փոխանակման կետ» կամ արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնողներին արտահայտող այլ բառերը, «արտարժույթի առուվաճառք», «տարադրամի փոխանակում» կամ արտարժույթի առուվաճառքը կամ փոխանակումը արտահայտող այլ բառերը կամ դրանց թարգմանություններն ու ածանցյալները, ինչպես նաև արտարժույթի առուվաճառքի փոխարժեքներն արտացոլող ցուցատախտակները կարող են օգտագործել միայն արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա ունեցող անձինք և դրանց մասնաճյուղերը:

Արգելվում է արտարժույթի առուվաճառքի գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից «արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձ», «փոխանակման կետ» կամ արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնողներին արտահայտող այլ բառերի, «արտարժույթի առուվաճառք», «տարադրամի փոխանակում» կամ արտարժույթի առուվաճառքը կամ փոխանակումը արտահայտող այլ բառերի կամ դրանց թարգմանությունների ու ածանցյալների, ինչպես նաև արտարժույթի առուվաճառքի փոխարժեքներն արտացոլող ցուցատախտակների օգտագործումը:

3. Արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձն իրավաբանական անձ է, որը կազմակերպում է արտարժույթի հրապարակային սակարկություններ:

4. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք, արտարժույթի առուվաճառք, արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձանց գործունեության կանոնները, կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:

(71-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 8. Արժութային շուկաներում ձևավորված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքի հրապարակումը

 

(վերնագիրը խմբ. 09.04.07 ՀՕ-152-Ն)

 

Կենտրոնական բանկը հրապարակում է արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:

(8-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-152-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 9. Արժութային վերահսկողությունը  և հսկողությունը

 

(վերնագիրը խմբ. 08.12.05 ՀՕ-253-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետությունում արժութային վերահսկողությունն իրականացնում են արժութային վերահսկողության մարմինները, իսկ արժութային հսկողությունը՝ արժութային գործակալները:

Հայաստանի Հանրապետությունում արժութային վերահսկողության մարմիններ են սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերում նշված մարմինները:

Արժութային հսկողության գործակալներ են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները: Արժութային հսկողության գործակալները հաշվետու են Կենտրոնական բանկին՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով:

2. Արժութային վերահսկողության մարմինները և արժութային հսկողության գործակալներն իրենց իրավասության սահմաններում վերահսկողություն և հսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին այդ գործարքների համապատասխանության, լիցենզիաների պայմանների պահպանման նկատմամբ: Արժութային հսկողության գործակալների կողմից արժութային հսկողություն իրականացվելու կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

3. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց՝ սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների, լիցենզիաների պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը տեղերում կամ հեռակա ստուգումների միջոցով՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կողմից լիցենզավորված անձանց՝ սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում չնշված անձանց կողմից սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Կենտրոնական բանկը սահմանում է արժութային գործարքների հաշվառման, դրանց վերաբերյալ հաշվետվության, փաստաթղթերի և վիճակագրության միասնական ձևեր, ինչպես նաև դրանք վարելու և ներկայացնելու կարգն ու ժամկետները:

(9-րդ հոդվածը խմբ. 08.12.05 ՀՕ-253-Ն, լրաց. 25.12.06 ՀՕ-39-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՅԼ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 10. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Կենտրոնական բանկի լիցենզավորած անձանց կողմից արժութային հարաբերությունները կարգավորող oրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) առաջին անգամ խախտելու դեպքում Կենտրոնական բանկը տալիս է նախազգուշացում` խախտումը վերացնելու կամ ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով:

2. Կենտրոնական բանկի լիցենզավորած անձանց կողմից արժութային oրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջի (պահանջների) խախտում թույլ տալու համար պատասխանատվության ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, արժութային հարաբերությունները կարգավորող oրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) կրկին խախտելու դեպքում Կենտրոնական բանկը մինչև մեկ տարի ժամկետով կասեցնում է գործունեության լիցենզիան կամ նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

3. Կենտրոնական բանկի լիցենզավորած անձանց կողմից արժութային oրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջի (պահանջների) խախտում թույլ տալու համար պատասխանատվության ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, արժութային հարաբերությունները կարգավորող oրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) երրորդ կամ ավելի անգամ խախտելու դեպքում Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան կամ նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով:

4. Պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կողմից լիցենզավորած անձանց նկատմամբ սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:

5. Սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերում չնշված ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ անձանց կողմից արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջների խախտումների համար կառավարության լիազորած մարմինը կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

6. Արտարժույթի դիլերային առուվաճառք իրականացնող անձանց (արժութային դիլերների), արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց (փոխանակման կետերի), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձանց կողմից իրենց հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր) չտրամադրելու դեպքում Կենտրոնական բանկը նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, կամ ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան:

Հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր) չտրամադրելու համար բանկերը և վարկային կազմակերպությունները պատասխանատվություն են կրում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

7. (մասն ուժը կորցրել է 18.03.09 ՀՕ-56-Ն)

71. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկը կարող է, որպես լրացուցիչ պատասխանատվության միջոց, զրկել լիցենզավորված անձի ղեկավարին կամ լիցենզավորված անձի աշխատակցին Կենտրոնական բանկի տված որակավորման վկայականից, որը կարող է կիրառվել յուրաքանչյուր պատասխանատվության միջոցի հետ միասին:

8. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Եթե անձը սույն հոդվածով սահմանված կարգով պատասխանատվությունը կրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների նոր խախտում թույլ չի տալիս, ապա նա համարվում է սույն հոդվածով սահմանված պատասխանատվության չենթարկված:

Սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով պատասխանատվություն կրելու պահ է համարվում անձի կողմից իր նկատմամբ պատասխանատվություն կիրառելու մասին որոշման պահանջները կատարելը:

10. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող անձի (արժութային դիլերի), արտարժույթի առուվաճառք իրականացնող անձի (փոխանակման կետի), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձի գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում (լիցենզիայի պայմանները կամ արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները խախտելու համար) անձը (այդ թվում` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահին տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում 50 և ավելի տոկոս մասնակցություն ունեցող մասնակիցը) իրավունք չունի գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահից, լիցենզավորված անձի ղեկավարի կամ լիցենզավորված անձի աշխատակցի՝ Կենտրոնական բանկի տված որակավորման վկայականից զրկելու պահից երեք տարի ժամկետով որևէ կերպ (ուղղակիորեն կամ իրավաբանական անձ հիմնադրելով կամ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում որևէ մասնակցություն ունենալով կամ առանց մասնակցության իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունենալով կամ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի և արտարժույթի առուվաճառքի սակարկությունների գործունեություն իրականացնող անձանց կողմից որպես աշխատակից ներգրավվելով) իրականացնելու արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի և արտարժույթի առուվաճառքի սակարկությունների գործունեություն:

(10-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-253-Ն, փոփ., լրաց. 25.12.06 ՀՕ-39-Ն, խմբ., փոփ. 18.03.09 ՀՕ-56-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 11. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունված «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-135-Ն