Համարը 
N 1934-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2005.12.07/75(447) Հոդ.1442
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
09.11.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.11.2005
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
24.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԵԿ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2005 թվականի N 1934-Ն

ՄԵԿ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 04.08.11 N 1119-Ն)

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 24, 34, և 48-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը փոփ. 04.08.11 N 1119-Ն)

1. Սահմանել մեկ տարուց ավելի ժամկետով «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 04.08.11 N 1119-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 18
Երևան

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 9-ի N 1934-Ն որոշման

Կ Ա Ր Գ
 
ՄԵԿ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ»,  «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ
(Վերնագիրը փոփ. 04.08.11 N 1119-Ն)

1. Սույն կարգով կարգավորվում է «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով (այսուհետ` համապատասխան մաքսային ռեժիմ) ապրանքի (ապրանքների) բացթողումը` մեկ տարուց ավելի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 04.08.11 N 1119-Ն)

2. Համապատասխան մաքսային ռեժիմով ապրանքի (ապրանքների) թացթողումը մեկ տարուց ավելի ժամկետով երկարաձգելու նպատակով թույլտվություն ստանալու համար ապրանքներ տեղափոխող անձը կարող է դիմել, եթե ապրանքը (ապրանքները) արդեն իսկ համապատասխան մաքսային ռեժիմի շրջանակներում գտնվում է (գտնվում են) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում (տարածքից դուրս)` ունենալով համապատասխան մաքսային ռեժիմի համար մինչև մեկ տարի ժամկետով թույլտվություն:

3. Սույն կարգի 2-րդ կետին համապատասխան թույլտվությունն ստանալու համար դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացվում տվյալ ապրանքի` համապատասխան մաքսային ռեժիմի թույլտվության ժամկետը լրանալուց առնվազն 2 ամիս առաջ:

Դիմումին կից ներկայացվում են`

ա) ապրանքներ տեղափոխող անձի լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը,

բ) ապրանքի անվանումը, ծածկագիրն ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ),

գ) համապատասխան մաքսային ռեժիմի համար թույլտվության խնդրարկվող ժամկետը,

դ) ապրանքներ տեղափոխող անձի կողմից հիմնավորում` մեկ տարուց ավելի ժամկետով համապատասխան մաքսային ռեժիմով հայտարարագրման վերաբերյալ,

ե) մաքսային մարմինների կողմից վավերացված մաքսային հայտարարագրի պատճենը, որով թույլատրվել է ապրանքի բացթողումը համապատասխան մաքսային ռեժիմով,

զ) համապատասխան պայմանագրի պատճենը (առկայության դեպքում):

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում դիմումի մուտքագրման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ այն ուղարկվում է համապատասխան պետական կառավարման մարմին:

5. Համապատասխան պետական կառավարման մարմինը հանձնարարականն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և շրջանառության մեջ է դնում համապատասխան մաքսային ռեժիմով ապրանքների մեկ տարուց ավելի ժամկետով բացթողման թույլտվության տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն կարգի 5-րդ կետում նշված որոշման նախագծի`

ա) ընդունման դեպքում վերադաս մաքսային մարմինը երկարաձգում է տվյալ ապրանքի (ապրանքների) համապատասխան մաքսային ռեժիմով նախատեսված ժամկետը` մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետի ավարտը,

բ) չընդունվելու դեպքում սույն կարգի 4-րդ կետում նշված պետական կառավարման մարմինը մեկ շաբաթվա ընթացքում տեղեկացնում է դիմողին:

(6-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան