Համարը 
N 677
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.06.19/19(194) Հոդ.469
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.06.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.06.2002
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
03.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
23.06.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ (ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ) ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հունիսի 2002 թվականի N 677
քաղ. Երևան

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ (ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ) ՄԱՍԻՆ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների դասակարգումը (հասկացությունը) (կցվում է), որոնց վրա կատարված ծախսերը, հարկվող շահույթը որոշելիս, համախառն եկամտից նվազեցվում են դրանց կատարման տարվա ընթացքում ամբողջովին։

2. Սույն որոշման դրույթները տարածվում են անմիջականորեն կազմակերպության կատարած, ինչպես նաև իր կողմից պատվիրված գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա։

3. Կազմակերպությունների պատվերով իրականացվող աշխատանքները գիտահետազոտական և (կամ) փորձակոնստրուկտորական համարվող ու այլ աշխատանքներ ներառելու դեպքում պայմանագրերում, սկզբնական հաշվառման (հաշվապահական) փաստաթղթերում (հաշվարկային ու այլ փաստաթղթերում)՝ աշխատանքների ու ծառայությունների ընդհանուր արժեքից պետք է առանձնացվեն գիտահետազոտական և (կամ) փորձակոնստրուկտորական համարվող աշխատանքների համար վճարվելիք (վճարման ենթակա) գումարները։

4. Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գծով վարվում է առանձնացված հաշվառում։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ  (Հ Ա Ս Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն)

 

գիտահետազոտական եվ փորձակոնստրուկտորական աշխատանքների

 

1. Գիտահետազոտական աշխատանքներ են համարվում գիտական հետազոտություններն ու մշակումները, որոնք իրականացվում են ձեռք բերված գիտելիքների ընդլայնման և նոր գիտելիքների ստացման ու կիրառման նպատակով, ներառյալ՝

ա) հիմնարար գիտական հետազոտությունները՝ բնության օրենքների, մարդու գործունեության, հասարակության կառուցվածքի և զարգացման հիմնական օրինաչափությունների մասին ունեցած գիտելիքների ընդլայնմանն ու նոր գիտելիքների ձեռքբերմանն ուղղված տեսական կամ փորձարարական գործունեությունը.

բ) կիրառական գիտական հետազոտությունները՝ հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը նպատակաուղղված հետազոտությունները, որոնցից են գիտական հետազոտությունների կամ գործնական փորձի միջոցով ձեռք բերված գիտելիքների վրա հիմնված և մարդու կյանքի ու առողջության պահպանմանը, նոր նյութերի, արտադրանքի, ծառայությունների, համակարգերի կամ մեթոդների ստեղծմանը և դրանց հետագա կատարելագործմանն ուղղված փորձարարական մշակումները։

2. Փորձակոնստրուկտորական աշխատանքներ են համարվում ինժեներական օբյեկտի կամ տեխնիկական համակարգի որոշակի կոնստրուկցիայի մշակումը, գծագրի կամ նշանային միջոցների այլ համակարգի մակարդակով նոր օբյեկտի մտահղացումների և տարբերակների մշակումը, տեխնոլոգիական պրոցեսների մշակումը, այդ թվում՝

արտադրանքի կամ տեխնոլոգիայի այլընտրանքների գնահատումը.

արտադրանքի փորձանմուշների նախագծումը, կառուցումը և փորձարկումը.

նոր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ գործիքների, ձուլամայրերի, կաղապարների և դրոշմոցների նախագծումը։

3. Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներում չեն ներառվում, մասնավորապես, գործունեության հետևյալ տեսակները՝

ա) կրթությունը և կադրերի պատրաստումը (վերապատրաստումը),

բ) մարքետինգային գործունեությունը,

գ) ընդհանուր նշանակության տեղեկությունների հավաքումը և մշակումը,

դ) ստանդարտացումը,

ե) մասնագիտացված բժշկական ծառայությունները,

զ) գոյություն ունեցող ծրագրային ապահովման հարմարեցումը (ադապտացումը, պահպանումը և ուղեկցումը), բացառությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գոյություն ունեցող ծրագրային ապահովման հարմարեցման (ադապտացման, պահպանման և ուղեկցման),

է) արտադրության պրոցեսում նորամուծությունների ներդրումը, բացառությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում նորամուծությունների ներդրման,

ը) կառավարումը,

թ) սոցիոլոգիական և այլ հարցումների անցկացումը, դրանց արդյունքների ամփոփումը և առաջարկությունների մշակումը, գործող օրենսդրության ու վիճակագրական տվյալների վերլուծությունը,

ժ) ինովացիոն գործունեությունը, բացառությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում իրականացվող ինովացիոն գործունեության։

(3-րդ կետը լրաց. 02.02.12 N 100-Ն)