Համարը 
ՀՕ-23-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2008.05.14/28(618) Հոդ.451
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
08.04.2008
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.05.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.05.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի ապրիլի 8-ին

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է օրգանական գյուղատնտեսական մթերքի և հումքի արտադրության, պահպանման, վերամշակման, փոխադրման, իրացման, ինչպես նաև վայրի բույսերի մթերման հետ կապված հարաբերությունները, սահմանում է օրգանական գյուղատնտեսության վարման իրավական հիմքերը, սկզբունքները, արտադրանքի շրջանառությանը ներկայացվող հիմնական պահանջները, պետական աջակցության ուղղությունները և լիազոր մարմնի պարտավորությունները:

 

Հոդված 2. Օրգանական գյուղատնտեսության մասին օրենսդրությունը

 

1. Օրգանական գյուղատնտեսության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և իրավական այլ ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) օրգանական գյուղատնտեսություն՝ գյուղատնտեսական գործունեության յուրահատուկ տեսակ, որն առավելապես ներդաշնակ է ագրոէկոհամակարգերին և իրականացվում է համապատասխան տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան.

2) օրգանական գյուղատնտեսական արտադրանք՝ օրգանական գյուղատնտեսության վարման արդյունքում արտադրված կամ վերամշակված կենդանական ու բուսական ծագման մթերք ու հումք, ինչպես նաև վայրի բույսեր, որոնց շրջանառության փուլերում ապահովվում են տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները.

3) օրգանական գյուղատնտեսական սննդամթերք՝ մարդկանց կողմից որպես սնունդ օգտագործվող օրգանական գյուղատնտեսական արտադրանք.

4) օրգանական գյուղատնտեսության միավոր՝ արտադրական տարածք, որի վրա իրականացվում է օրգանական գյուղատնտեսական արտադրություն.

5) արտադրանքի շրջանառություն՝ արտադրության, պահպանման, վերամշակման, փոխադրման և իրացման փուլեր, ինչպես նաև արտադրությունից մինչև վերջնական սպառումն ապրանքային շարժի միջանկյալ գործառնություններ (տեսակավորում, բեռնում, բեռնաթափում, փաթեթավորում, մակնշում, պիտակավորում, առաքում, գովազդում, մատակարարում, օգտահանում և այլն).

6) անցումային շրջան՝ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի յուրաքանչյուր տեսակի համար սահմանված ժամանակահատված, որի ընթացքում սովորական (ավանդական) գյուղատնտեսական արտադրությունից անցում է կատարվում օրգանական գյուղատնտեսության լիարժեք վարման.

7) անցումային շրջանի օրգանական արտադրանքի սերտիֆիկատ՝ անցումային շրջանում օրգանական գյուղատնտեսության միավորից ստացված արտադրանքին տրվող սերտիֆիկատ.

8) բուֆերային գոտի՝ օրգանական գյուղատնտեսական միավորի և սովորական (ավանդական) գյուղատնտեսական արտադրության վարման տարածքի միջև թողնվող գոտի.

9) կենդանի վերափոխված օրգանիզմ՝ ցանկացած կենդանի օրգանիզմ, որը պարունակում է ժամանակակից կենսատեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ ստացված գենետիկական նյութի նոր համակցություն.

10) կենդանի օրգանիզմ՝ ցանկացած կենսաբանական գոյացություն, որն ունի գենետիկ նյութի փոխանցման կամ վերարտադրման (ռեպլիկացիայի) ունակություն.

11) ագրոէկոհամակարգ՝ էկոլոգիական համակարգ, որտեղ իրականացվում է գյուղատնտեսական գործունեություն.

12) տնտեսավարող սուբյեկտների գրանցամատյան` տնտեսավարողների կողմից օրգանական գյուղատնտեսության մեթոդի կիրառման վերաբերյալ ամփոփ և հավաստի տեղեկատվության հավաքման նպատակով սահմանված կարգով իրականացվող գրանցումներ:

 

Հոդված 4. Օրգանական գյուղատնտեսության հիմնական սկզբունքները

 

1. Օրգանական գյուղատնտեսության հիմնական սկզբունքներն են՝

1) բույսերի տեսակների և սորտերի ընտրասերման, տոհմային անասնաբուծության բարելավման, ինչպես նաև մարդկանց գործունեությամբ պայմանավորված ռիսկերի նվազեցման արդյունքում կենսաբազմազանության պահպանման համար նպաստավոր միջավայրի ձևավորումը.

2) բնական ճանապարհով (ցանքաշրջանառության կիրառում, օրգանական պարարտացում, հողատարման դեմ պայքարում անտառաշերտերի ստեղծում և այլն) հողի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական կազմի բարելավումը, բերրիության պահպանումը.

3) գյուղատնտեսական մթերքի վերամշակման այնպիսի եղանակների և տեխնոլոգիաների ընտրությունը, որոնք կապահովեն դրանց կենսաբանական արժեքի առավելագույն պահպանումը.

4) շրջակա միջավայրի աղտոտման բացառումը` սինթեզված քիմիական նյութերի օգտագործման դադարեցումը, գյուղատնտեսական գործունեության ընթացքում էկոլոգիապես բարենպաստ տեխնոլոգիաների կիրառումը.

5) բուսաբուծության և անասնապահության ոլորտների ներդաշնակեցումը.

6) հորմոնների, հորմոնալ պատրաստուկների, ինչպես նաև կենդանի վերափոխված օրգանիզմների, գենային ինժեներիայի ու ժամանակակից այլ կենսատեխնոլոգիաների և իոնային ճառագայթման մեթոդների կիրառման բացառումը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 5. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

1. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

1) իրականացնում է շահագրգիռ պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը.

2) ապահովում է պետական միասնական քաղաքականության մշակումը և իրականացումը.

3) ընդունում է բնագավառը կարգավորող իրավական ակտեր.

4) ընդունում է պետական նպատակային ծրագրեր և ապահովում դրանց կատարումը.

5) սահմանում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների գրանցամատյանի և օրացուցային գրանցումների վարման կարգը.

6) սահմանում է օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի և սահմանափակ թույլատրելի նյութերի, այդ թվում` պարարտանյութերի, հողի կառուցվածքի բարելավման և բերրիության բարձրացման, բույսերի պաշտպանության միջոցների, ախտահանող նյութերի անվանացանկն ու կիրառման կարգը.

7) սահմանում է պարենային հումքի վերամշակման գործընթացում օգտագործվող հավելումների և բաղադրամասերի անվանացանկն ու կիրառման կարգը.

8) սահմանում է օրգանական գյուղատնտեսության կազմակերպման, բույսերի և բուսական ծագման մթերքի, գյուղատնտեսական կենդանիների և անասնապահական ծագման մթերքի (ներառյալ` մեղվաբուծական մթերքի) արտադրության, օրգանական եղանակով վերամշակման, փաթեթավորման, պահպանման, փոխադրման, իրացման և մակնշման կարգը.

9) սահմանում է անցումային շրջանի տևողությունը, դրա կրճատման կամ երկարաձգման կարգը և տևողությունը.

10) սահմանում է օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի ներմուծման և արտահանման կարգը և ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի ձևը.

11) իրականացնում է սույն օրենքով և այլ օրենքներով վերապահված լիազորություններ:

(5-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-47-Ն)

 

Հոդված 6. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները

 

Օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)՝

1) մշակում և իրականացնում է պետական միասնական քաղաքականություն.

2) իր լիազորությունների շրջանակներում մշակում է օրգանական գյուղատնտեսական մթերքի արտադրության, պահպանման, վերամշակման, փոխադրման և իրացման կանոնները, ինչպես նաև բնագավառը կանոնակարգող նորմատիվ իրավական այլ ակտերի նախագծերը.

3) վարում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների գրանցամատյանը.

4) պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ համատեղ իրականացնում է պետական վերահսկողություն օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունից մինչև վերջնական սպառումն ապրանքային շարժի բոլոր փուլերի նկատմամբ.

5) իր իրավասությունների շրջանակներում ընդունում է կարգեր, կանոններ և այլ նորմատիվ ակտեր.

6) նպաստում է օրգանական գյուղատնտեսության բնագավառում միջազգային համագործակցության ընդլայնմանը, առաջավոր փորձի և գիտական նվաճումների ներդրմանը, կադրերի պատրաստմանը.

7) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավասություններ:

 

Հոդված 7. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության հավաստումը (սերտիֆիկացումը)

 

1. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության հավաստման (սերտիֆիկացման) մարմինը (այսուհետ՝ սերտիֆիկացման մարմին) օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացնում է «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատի տրման միջոցով: Սերտիֆիկատի տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության հավաստման աշխատանքներն իրականացվում են «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

3. Սերտիֆիկացման մարմինը յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ իրականացնում է օրգանական գյուղատնտեսական միավորի արտադրական գործընթացների և փաստաթղթավորման գնահատում:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ, ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 8. Օրգանական գյուղատնտեսությանը ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Օրգանական գյուղատնտեսական արտադրությունը հիմնվում է սույն օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված սկզբունքների վրա:

2. Օրգանական գյուղատնտեսության մեթոդները բուսական ծագման գյուղատնտեսական մթերքի արտադրության և վերամշակման, ինչպես նաև վայրի բույսերի մթերման բնագավառներում պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

1) հողի բերրիության և կենսաբանական ակտիվության պահպանում և բարձրացում՝ օպտիմալ (նպաստավոր) ցանքաշրջանառության կիրառման, օրգանական պարարտացման և այլ բնական եղանակներով: Պարարտացման նպատակով օգտագործվող գոմաղբի ձեռքբերում միայն օրգանական գյուղատնտեսության միավորներից: Թույլատրելի և սահմանափակ թույլատրելի նյութերի անվանացանկում չընդգրկված քիմիական նյութերի օգտագործման բացառում.

2) օրգանական գյուղատնտեսության մեջ միայն թույլատրելի և սահմանափակ թույլատրելի նյութերի, այդ թվում` պարարտանյութերի, հողի կառուցվածքի բարելավման և բերրիության բարձրացման, բույսերի պաշտպանության միջոցների, ախտահանող նյութերի, վերամշակման գործընթացում կիրառվող հավելումների և բաղադրամասերի օգտագործում.

3) մոլախոտերի, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի իրականացում՝

ա. հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայուն սորտերի ընտրությամբ, ինչպես նաև նպաստավոր ցանքաշրջանառության կիրառմամբ,

բ. օրգանական և սովորական գյուղատնտեսության միավորների միջև բուֆերային գոտիների ձևավորմամբ,

գ. վնասատուների դեմ պայքարի կենսաբանական և մեխանիկական միջոցների կիրառմամբ.

4) օրգանական բուսաբուծական արտադրությունում միամյա կամ երկամյա բույսերի դեպքում առնվազն մեկ սերնդի օրգանական արտադրության մեթոդով ստացված սերմանյութի, իսկ բազմամյա տնկարկների և մշակաբույսերի համար՝ առնվազն երկու վեգետացիայի ժամանակահատվածի օրգանական արտադրության արդյունքում ստացված տնկանյութի (սերմանյութի) օգտագործում.

5) վայրի դեղաբույսերի և ուտելի բույսերի հավաքը և մթերումը հավաստվում են որպես օրգանական, եթե՝

ա. բույսերի բերքահավաքին (մթերմանը) նախորդող 3 տարիների ընթացքում այդ տարածքների վրա չեն օգտագործվել այնպիսի նյութեր, որոնք արգելված են օրգանական գյուղատնտեսության վարման բնագավառում,

բ. բույսերի բերքահավաքը չի խաթարում տվյալ տարածքի կենսաբազմազանությունը և ագրոէկոհամակարգերը,

գ. բույսերի բերքահավաքի կազմակերպումն իրականացվում է այդ բնագավառը կանոնակարգող իրավական ակտերի պահանջներին համապատասխան և սերտիֆիկացման մարմնի հսկողության ներքո:

3. Օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդները գյուղատնտեսական կենդանիների բուծման, կենդանական ծագման մթերքների արտադրության և վերամշակման բնագավառներում պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

1) օրգանական անասնապահության գործունեությունը, որպես կանոն, պետք է հանդիսանա օրգանական գյուղատնտեսության միավորի անբաժանելի մասը և կապված լինի օրգանական բուսաբուծություն իրականացնող միավորի հետ.

2) բուսակեր կենդանիների համար պետք է ստեղծվեն ազատ արածեցման, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության մեթոդը բավարարող պահվածքի և խնամքի անհրաժեշտ պայմաններ.

3) լիազոր մարմինը սահմանում է արոտավայրերում ազատ արածեցման սահմանափակումներ, եթե դա պայմանավորված է կենդանիների ֆիզիոլոգիական վիճակով, կլիմայական խիստ անբարենպաստ պայմաններով, կամ մսուրային պահվածքը լիարժեք ապահովում է տվյալ ցեղի գյուղատնտեսական կենդանիների անհրաժեշտ բարեկեցությունը, ինչպես նաև կենդանիների հիվանդությունների տարածման, կանխարգելման, բռնկումների տեղայնացման ու վերացման, հիվանդությունների` կենդանիներից մարդկանց փոխանցման սպառնալիքի չեզոքացման նկատառումներով.

4) գյուղատնտեսական կենդանիների բուծման բնագավառում օրգանական գյուղատնտեսությունը պետք է նպատակաուղղվի սերտիֆիկացված արոտավայրերում կենդանիների արածեցմանը, հնարավոր ստրեսները նվազագույնի հասցնելուն, հիվանդությունների կանխարգելմանը, քիմիական բուժական միջոցների (ներառյալ՝ հակաբիոտիկների) օգտագործման բացառմանը, կենդանական ծագման հումքով, չվերամշակված ու վերամշակված մթերքով կերակրման աստիճանական կրճատմանը.

5) կենդանիների հիվանդությունների կանխման, տարածման, բռնկումների տեղայնացման և վերացման, ինչպես նաև հիվանդությունների` կենդանիներից մարդուն փոխանցման վտանգի և տնտեսական կորուստների նվազեցման առումով արգելված բուժանյութերի օգտագործման անխուսափելիության դեպքերում կիրառվում են անասունների մեկուսացում և անցումային շրջանի տևողության երկարաձգում.

6) կենդանիների ցեղի ընտրությունը պետք է կատարվի` հաշվի առնելով դրանց հարմարվողականությունը տեղական պայմաններին, կենսունակությունն ու դիմադրողականությունն առավել տարածված հիվանդությունների նկատմամբ, ինչպես նաև տվյալ ցեղին բնորոշ յուրահատուկ հիվանդությունների բացակայությունը:

4. Գյուղատնտեսական կենդանիների հոտի, անցումային շրջանի տևողության փոփոխման, կերերի և կերակրման, անասնաբուժության, սպանդի, խնամքի բնագավառների կառավարմանն առնչվող պահանջները սահմանում է լիազոր մարմինը:

5. Օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի և սահմանափակ թույլատրելի նյութերի անվանացանկում չընդգրկված, սակայն սովորական (ավանդական) գյուղատնտեսությունում օգտագործվող նյութերի ու միջոցների կիրառումը հնարավոր է բույսերի և կենդանիների կարանտին հիվանդությունների դեպքերի կանխման, տարածման, բռնկումների տեղայնացման և վերացման, հիվանդությունների` կենդանիներից մարդուն փոխանցման վտանգի առկայության դեպքում, ինչպես նաև եթե դա անհրաժեշտ է տնտեսավարող սուբյեկտների կողմից տնտեսական զգալի կորուստներից խուսափելու համար: Այդ դեպքում արտադրանքն իրացվում է որպես սովորական մթերք և չի կարող մակնշվել և պիտակավորվել որպես օրգանական գյուղատնտեսական արտադրանք:

6. Օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող է փոփոխվել՝ երկարաձգվել կամ կրճատվել, կախված տնտեսավարող սուբյեկտների գործունեության առանձնահատկություններից և միջավայրի պայմաններից:

7. Օրգանական սննդամթերքի սերտիֆիկացման պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 9. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշումը և պիտակավորումը

 

1. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման մեջ, ինչպես նաև գովազդում նշվում է «օրգանական» կամ մակնշման առումով համարժեք «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինները կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձևերը` առանձին կամ հարադիր, միայն այն դեպքում, եթե՝

1) այն օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդով արտադրված և հավաստված (սերտիֆիկացված) արտադրանք է.

2) ներմուծվող արտադրանքն ուղեկցվում է օրգանական գյուղատնտեսության կանոններով սահմանված համապատասխանության հավաստման փաստաթղթերով:

1.1. Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի արտադրություն և (կամ) շրջանառություն իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների, թողարկվող և (կամ) շրջանառվող սննդամթերքի և (կամ) սննդամթերքի մատուցման ծառայությունների անհատականացման միջոցներում արգելվում է օգտագործել «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձևերը` առանձին կամ հարադիր, բացառությամբ զուտ օրգանական գյուղատնտեսական արտադրանք արտադրող և (կամ) շրջանառող և (կամ) ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների, թողարկվող և (կամ) շրջանառվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքի և (կամ) օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ծառայությունների մատուցման անհատականացման միջոցների:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքը պետք է մակնշված լինի համապատասխան նշանով և ուղեկցվի սերտիֆիկատով: Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանում գտնվող արտադրանքի մակնշման և պիտակավորման կարգը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության արտադրանքի համապատասխանության նշանի, համապատասխանության սերտիֆիկատի և օրգանական գյուղատնտեսության ոլորտի արտադրության մեթոդների համապատասխանության սերտիֆիկատի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սովորականից (ավանդականից) օրգանական գյուղատնտեսական արտադրության անցումային շրջանում գտնվող տնտեսավարող սուբյեկտների արտադրանքը կարող է մակնշվել միայն որպես «անցումային շրջանի օրգանական արտադրանք»: Անցումային շրջանի օրգանական արտադրանքի մակնշումը թույլատրվում է անցումային շրջանի օրգանական արտադրանքի սերտիֆիկատի առկայության դեպքում:

4. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքը ենթակա է համապատասխանության պարտադիր հավաստման:

5. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վերամշակված և փաթեթավորված օրգանական սննդամթերքը, դրանց հետ շփվող նյութերը և սննդային հավելումները պետք է պարունակեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկատվություն` սերտիֆիկացման մարմնի անվանման կամ նշագրի մասին:

6. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վերամշակված և փաթեթավորված օրգանական սննդամթերքի մակնշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(9-րդ հոդվածը խմբ., լրաց. 19.03.12 ՀՕ-47-Ն)

 

Հոդված 10. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը և արտահանումը

 

1. Ներմուծվող օրգանական գյուղատնտեսական`

1) արտադրանքը պետք է ուղեկցվի արտահանող երկրի իրավասու մարմնի տրամադրած սերտիֆիկատով և պարունակի Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի ձևով սահմանված ամբողջ տեղեկատվությունը.

2) սննդամթերքը, դեղաբույսերը, տեխնիկական, կերային և ուտելի բույսերը պետք է մակնշված և պիտակավորված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջպետական համաձայնագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային կամ միջպետական ընդունված պահանջներին և նորմերին համապատասխան.

3) ներմուծողը (մատակարարը) օրգանական սերտիֆիկատի բնօրինակը պետք է պահպանի առնվազն 2 տարի:

2. Եթե ներմուծվող օրգանական գյուղատնտեսական մթերքը համաձայն «Բուսասանիտարիայի մասին» ու «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ենթարկվել է կարանտին այնպիսի միջոցառումների, որոնք համատեղելի չեն օրգանական գյուղատնտեսական սննդամթերքին ներկայացվող պահանջներին, ապա ներմուծվող խմբաքանակը կորցնում է օրգանական գյուղատնտեսական սննդամթերք համարվելու կարգավիճակը:

3. Ներմուծվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ լիազոր մարմինը իրավասու է՝

1) պահանջելու տեղեկատվություն այն նյութերի, միջոցների և մեթոդների մասին, որոնք կիրառվել են արտահանող երկրում, եթե բացակայում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը.

2) սպառողների շրջանում մոլորության բացառման նպատակով պահանջելու, որ արտահանող երկրում օրգանական գյուղատնտեսական սննդամթերքը, դեղաբույսերը և ուտելի բույսերը մակնշվեն և պիտակավորվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթները չեն տարածվում «տարանցիկ փոխադրում», «ներմուծում մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ մաքսային պահեստ» Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի խմբաքանակների վրա:

5. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքը պետք է համապատասխանի ներմուծող երկրի օրենսդրությամբ սահմանված նորմերին, իսկ դրանց բացակայության դեպքում` համապատասխան միջազգային կամ միջպետական ստանդարտներին և նորմերին:

(10-րդ հոդվածը խմբ., փոփ. 19.03.12 ՀՕ-47-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 11. Օրգանական գյուղատնտեսության բնագավառում պետական աջակցությունը

 

1. Օրգանական գյուղատնտեսության բնագավառում պետական աջակցության հիմնական ուղղություններն են՝

1) նորամուծությունների (ինովացիաների), ինչպես նաև արդիական տեխնոլոգիաների ներդրմանն օժանդակումը.

2) բիզնես-ֆորումների, ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպման և միջպետական տնտեսական համագործակցության ընդլայնման միջոցով օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանումը.

3) գյուղատնտեսության արտադրական ենթակառուցվածքների գործունեության բարելավումը.

4) կադրերի պատրաստումը և վերապատրաստումը.

5) նպատակային ծրագրերի ֆինանսավորումը.

6) իրավական այլ ակտերով նախատեսված աջակցությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 12. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

 

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 5

Երևան

ՀՕ-23-Ն