Համարը 
ՀՕ-236-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.12.28/66(940) Հոդ.1399
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
19.12.2012
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2012
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 


ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում շրջանառության հարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է վճարողների շրջանակը, շրջանառության հարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգերը:

 

Հոդված 2.  Շրջանառության հարկի հասկացությունը

 

1. Շրջանառության հարկը օրենքով սահմանված կարգով, չափերով ու ժամկետներում առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից իրականացվող գործունեության համար պետական բյուջե վճարվող` ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) և (կամ) շահութահարկին փոխարինող հարկ է:

2. Առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին: Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոս:

3. Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին:

 

Հոդված 3.  Հարկային արտոնությունների կասեցումը

 

1. Շրջանառության հարկ վճարողների համար սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով կասեցվում են ԱԱՀ-ի և շահութահարկի գծով հարկային օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները:

 

Հոդված 4.  Շրջանառության հարկ վճարողները

 

1. Հայաստանի Հանրապետությունում շրջանառության հարկ վճարող են համարվում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները բավարարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, այդ թվում` նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) հարկ վճարողները (այսուհետ` անձինք):

2. Շրջանառության հարկ վճարողներ են համարվում անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի (այսուհետ` իրացման շրջանառություն), չի գերազանցել 58,35 մլն դրամը: Սույն դրույթի կիրառման առումով իրացման շրջանառությունը ներառում է նաև հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը), իսկ առևտրային կազմակերպության վերակազմակերպման (միացում, միաձուլում, առանձնացում, բաժանում, վերակազմավորում) դեպքում գործող կազմակերպության (կազմակերպությունների) իրացման շրջանառության հաշվարկման համար հիմք են ընդունվում վերակազմակերպմանը մասնակցող բոլոր կազմակերպությունների նախորդ օրացուցային տարվա իրացման շրջանառությունները:

3. Շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել`

1) «Հաստատագրված վճարների մասին» և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող անձինք` գործունեության այդ տեսակների մասով.

2) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները և (կամ) ներմուծողները.

3) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, գյուղատնտեսական արտադրանք արտադրողները, աուդիտորական ընկերությունները, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները.

4) առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները, եթե`

ա. առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող ֆիզիկական անձին,

բ. առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այն անձին, որին միաժամանակ պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը),

գ. առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը).

5) երրորդ անձանցից (այդ թվում` պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա` ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով վերադաս հարկային մարմնի սահմանած կարգով բացառապես վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված անձինք, եթե նրանց ընդհանուր իրացման շրջանառությունը գերազանցում է 58,35 մլն դրամը.

6) համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող անձինք:

4. Հարկ վճարողները համարվում են շրջանառության հարկ վճարող գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ այն տեսակների, որոնք հարկվում են հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով:

5. Սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները:

 

Հոդված 5.  Շրջանառության հարկի գործողության դադարումը

 

Շրջանառության հարկ վճարողը դադարում է այդպիսին համարվելուց, եթե`

1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված գրավոր հայտարարություն է ներկայացրել իր հաշվառման վայրի հարկային մարմին ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ` հայտարարությունում նշված օրվանից (բայց ոչ շուտ, քան հայտարարությունը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրացուցային օրվանից).

2) ընթացիկ տարում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը գերազանցել է 58,35 մլն դրամը.

3) իրականացրել է սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված գործունեություն` այդ փաստը տեղի ունենալու պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը.

4) տեղի է ունեցել սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կամ 6-րդ կետում նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը.

5) տեղի է ունեցել սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում նշված փաստը` փոխկապակցված ճանաչելու մասին վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշումը ստանալու պահից այնքան ժամանակ, քանի դեռ այդ որոշումը դատարանի վճռով չեղյալ չի համարվել:

Մինչև հարկային մարմնի ղեկավարի որոշումը ստանալը (ԱԱՀ վճարող համարվելը) ընկած ժամանակահատվածի համար հարկային պարտավորությունների վերահաշվարկներ չեն կատարվում:

Անձանց փոխկապակցված ճանաչելու մասին վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշումը դատարանի վճռով չեղյալ համարվելու դեպքում որոշման գործողության ժամանակաշրջանի համար կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

 

Հոդված 6.  Հարկվող օբյեկտը

 

1. Շրջանառության հարկով հարկվող օբյեկտ է համարվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում շրջանառության հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը), ինչպես նաև ստացվող այլ եկամուտները:

2. Սույն օրենքի իմաստով եկամուտները ճանաչվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

Հոդված 7.  Շրջանառության հարկի դրույքաչափերը և հաշվարկումը

 

1. Շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար շրջանառության հարկը հաշվարկում են հարկվող օբյեկտի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով`

Եկամուտների տեսակը

Դրույքաչափը

Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ

3.5%

Արտադրական գործունեությունից եկամուտներ

3.5%

Վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, ակտիվների (այդ թվում` անշարժ գույքի) օտարումից եկամուտներ

10%

Նոտարական գործունեությունից եկամուտներ

20%

Այլ գործունեության (եկամուտների) տեսակներից եկամուտներ

5%

2. Շրջանառության հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը:

3. Հարկ վճարողները շրջանառության հարկի գումարների հաշվարկումը կատարում են ինքնուրույն, յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով:

 

Հոդված 8. 

Հարկվող օբյեկտի հաշվառման եղանակը

 

1. Հարկվող օբյեկտը որոշելիս իրացման շրջանառության և (կամ) այլ եկամուտների հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով:

2. Հաշվեգրման եղանակով հաշվառման դեպքում շրջանառության հարկ վճարողը եկամուտների հաշվառումն իրականացնում է` ելնելով իր կողմից եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու պահից` անկախ եկամտի փաստացի ստացման ժամկետից:

3. Շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքի կատարման օրվա դրությամբ: Բացառությամբ բռնագրավման, նվիրատվության կամ այլ ձևով պետությանը օտարման դեպքերի, շրջանառության հարկով հարկվող օբյեկտը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն:

4. Շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով (բացառությամբ պետությանը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնման դեպքերի) եկամուտը որոշվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի բաժնեմասին համապատասխանող արժեքի 5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ մեծությունը, ըստ շրջանառության հարկի հաշվետու ժամանակաշրջանների, բաշխվում է հավասարաչափ և դրա չափով պակաս հատուցման դեպքում տարբերությունը դիտվում է որպես վարձակալին (փոխառուին) ներված պարտավորություն:

 

Հոդված 9. 

Հաշվարկների ներկայացման կարգը և ժամկետները

 

1. Շրջանառության հարկ վճարողները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող առաջին ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի սահմանած ձևով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում շրջանառության հարկի հաշվարկը:

 

Հոդված 10. 

Շրջանառության հարկի վճարման կարգն ու ժամկետները

 

1. Շրջանառության հարկ վճարողները շրջանառության հարկի գումարը պետական բյուջե են վճարում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող առաջին ամսվա 20-ը:

2. Շրջանառության հարկ վճարող առևտրային կազմակերպություններն այդ գործունեության մասով շահութահարկի կանխավճարներ և նվազագույն շահութահարկի վճարումներ չեն կատարում:

3. Շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը և նոտարները եկամտային հարկը հաշվարկում և վճարում են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հոդված 11.  Շրջանառության հարկ վճարողների կողմից այլ հարկերի վճարումը

 

1. Շրջանառության հարկ վճարողների համար պահպանվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում գույքահարկի, հողի հարկի վճարման, աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից, ինչպես նաև ոչ ռեզիդենտներին հայաստանյան աղբյուրներից վճարվող եկամուտներից հարկերի հաշվարկման, գանձման և վճարման (այդ թվում` որպես հարկային գործակալ), մաքսային սահմանին գանձվող ԱԱՀ-ի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների և տուրքերի հաշվարկման և վճարման կարգը:

2. Շրջանառության հարկ վճարողները ապրանքների և ծառայությունների (աշխատանքների) դիմաց մատակարարներին վճարած (ինչպես նաև ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններում վճարած) ԱԱՀ-ը գումարները միացնում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռք բերման արժեքին (ծախսերին):

3. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով շրջանառության հարկ վճարողներն ազատվում են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:

 

Հոդված 12.  Շրջանառության հարկ վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը և առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերի վարումը

 

1. Շրջանառության հարկ վճարողներն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Շրջանառության հարկ վճարողներն իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ նշում չեն կատարում (հարկային հաշիվ դուրս չեն գրում):

3. Շրջանառության հարկ վճարողները «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 4-ով նախատեսված` առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր չեն վարում:

 

Հոդված 13.  Շրջանառության հարկով հարկումից հարկման ընդհանուր կարգին անցումը

 

1. Շրջանառության հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս համախառն եկամտից նվազեցվում են գույքային (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) մնացորդի մասով շրջանառության հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում և մինչև շրջանառության հարկ վճարող համարվելը կատարված ձեռքբերումները` օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Ընդ որում, շրջանառության հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս գույքային մնացորդի արժեքը որոշելու համար հաշվի են առնվում շրջանառության հարկով հարկվող ժամանակահատվածում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումները:

2. Շրջանառության հարկի վճարման դադարեցման պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունները շահութահարկը (այդ թվում` կանխավճարները, նվազագույն շահութահարկի վճարումները) և ԱԱՀ-ն հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

3. Հարկ վճարողը նախորդ տարիների ընթացքում ստացած հարկային վնասը կարող է նվազեցնել շրջանառության հարկով հարկման դադարեցման պահից (հարկման ընդհանուր կարգին անցնելուց) հետո գործունեությունից ստացված համախառն եկամտից` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Շրջանառության հարկով հարկման ժամանակաշրջանում ստացված վնասը համախառն եկամտից նվազեցման ենթակա չէ:

 

Հոդված 14.  Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքը խախտելու համար հարկ վճարողները պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:

2. Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում գանձվում է դրա արդյունքում պակաս հաշվարկված շրջանառության հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով:

3. Եթե հարկ վճարողը սույն օրենքի համաձայն, շրջանառության հարկ վճարող լինելու պայմաններին չբավարարելու կամ շրջանառության հարկ վճարող լինելու դադարեցման հիմքերի առկայության դեպքերում համարել է իրեն շրջանառության հարկ վճարող և կատարված գործողությունները ձևակերպել է սույն օրենքով սահմանված կարգով, ապա այդ փաստերը ստուգմամբ հայտնաբերվելու դեպքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ` հիմք ընդունելով հարկման կարգերի փոփոխությունը և վճարած շրջանառության հարկի մեջ սույն օրենքով սահմանված ԱԱՀ-ի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծությունները:

Սույն մասով սահմանված հարկային պարտավորությունների վերահաշվարկի դրույթները չեն կիրառվում սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում:

4. Սույն հոդվածի համաձայն, հաշվարկված հարկային պարտավորությունները պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:

 

Հոդված 15.  Օրենքի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

1. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

 

Հոդված 16.  Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-236-Ն