Համարը 
N 1504-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.12.08/61(795) Հոդ.1414
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.11.2010
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.11.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
23.06.2018


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍԵՐԻԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՐԻ ԳԵՆԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2010 թվականի N 1504-Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍԵՐԻԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՐԻ ԳԵՆԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 18-րդ, 20-րդ և 20.1-ին հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 29.05.13 N 550-Ն)

1. Հաստատել՝

1) էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հարկային հաշիվների ձևերի տպագրության և հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) դուրս գրված հարկային հաշիվների անվավեր ճանաչման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 07.07.11 N 989-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման գնի սահմանման նպատակով յուրաքանչյուր օրացուցային տարվա սկզբից առնվազն երկու ամիս առաջ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հարկային հաշիվների ձևի տպագրության վրա կատարվող ծախսերի նախահաշիվը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 26
Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) համաձայն էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման հետ կապված հարցերը, ինչպես նաև սահմանվում են համակարգչային տեխնիկայի կիրառմամբ հարկային հաշիվների դուրսգրման ձևերը, էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների լրացման նպատակով կիրառվող համակարգչային ծրագրերի աշխատանքի հիմնական սկզբունքները, էլեկտրոնային հարկային հաշիվների վավերացման և հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգ ծրագրային միջոցներով տեղեկատվություն ներկայացնելու կարգերը:

2. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս են գրվում հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգի միջոցով: Հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգը ծրագրային համակարգ է, որում ներառվում են հարկային հաշիվների էլեկտրոնային եղանակով դուրսգրումն ապահովող, հարկային հաշիվների մասին տեղեկությունների համադրման և այլ հարակից ծրագրեր, ինչպես նաև հարկային հաշիվների, դրանց մասին և հարկային հաշիվների շրջանառությանն առնչվող այլ տեղեկությունների էլեկտրոնային դարաններ (բազաներ):

3. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվները կարող են դուրս գրվել հետևյալ ձևերով՝

1) ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվների դուրսգրում.

2) հարկային մարմնից ստացված սերիա-համարներով հարկ վճարողների կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ համակարգչային ծրագրերով հարկային հաշիվների դուրսգրում.

3) հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով։

(3-րդ կետը լրաց. 27.02.14 N 191-Ն)

4. Հարկ վճարողները կարող են հարկային հաշիվներ դուրս գրել սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ձևերով, իսկ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ համակարգչային ծրագիր կիրառողները` նաև սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ձևով: Հարկ վճարողները, բացի էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելուց, կարող են հարկային հաշիվներ դուրս գրել նաև հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների ձևերի լրացմամբ: Որևէ գործարքի վերաբերող հարկային հաշիվը դուրս է գրվում միայն մեկ եղանակով:

5. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող բոլոր հարկային հաշիվները պետք է պարունակեն չկրկնվող և սահմանված կարգով գեներացված սերիա և համար (այսուհետ` սերիա-համար), որը հաշիվը նույնականացնող հիմնական վավերապայմանն է: Էլեկտրոնային հարկային հաշիվը կարող է նաև պարունակել հարկ վճարողի կողմից վարվող հաշվառման համար անհրաժեշտ` հարկային հաշվի այլ համար և (կամ) սերիա: Հարկային հաշիվների սերիա-համարների գեներացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման N 3 հավելվածով:

6. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող բոլոր հարկային հաշիվները պարտադիր վավերացվում (հաստատվում) են նման իրավասություն ունեցող առնվազն մեկ անձի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվ դուրս գրելու իրավասություն ունեն օրենքի համաձայն ավելացված արժեքի հարկ վճարող համարվող այն անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները, որոնք, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածին համապատասխան, հարկային մարմնից ստացել են էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ:

(6-րդ կետը փոփ. 31.05.12 N 681-Ն)

7. Հարկային հաշիվներ վավերացնելու լիազորություն ունեցող անձինք (այդ թվում՝ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը) գրանցվում և հաշվառվում են հարկային մարմնում:

(7-րդ կետը փոփ. 29.05.13 N 550-Ն)

8. Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն ավելացված արժեքի հարկ վճարող համարվելը դադարելու պահից դադարում է լիազորություն ունեցող անձի՝ տվյալ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հարկային հաշիվները վավերացնելու լիազորությունը:

9. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման համար հարկ վճարողին սերիա-համարների տրամադրումը, օգտագործումը, վերադարձը և անվավեր կամ չեղյալ ճանաչումը հաշվառվում են հարկային մարմնում:

(9-րդ կետը լրաց. 31.05.12 N 681-Ն)

10. Սույն կարգին համապատասխան էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ կարող են դուրս գրել դուրսգրման պահին օրենքի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք:

(10-րդ կետը խմբ. 04.08.11 N 1084-Ն, 31.05.12 N 681-Ն, 29.05.13 N 550-Ն)

11. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հարկային հաշիվները կարող են շրջանառվել (այդ թվում` ապրանքներ ձեռք բերողին կամ ծառայություններ ստացողներին տրամադրվել) կամ պահպանվել էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակներով:

12. Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հարկային հաշիվը ենթակա չէ փոփոխման:

13. Վերադաս հարկային մարմինը պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով հնարավորություն է ստեղծում, հարկ վճարողների համար էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների սերիա-համարներից ելնելով, հարկային հաշվների վավերականության ստուգման համար:

14. Էլեկտրոնային հարկային հաշվի ստացումն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու դեպքում հարկ վճարողն այդ հարկային հաշվի վերաբերյալ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները հարկային մարմին չի ներկայացնում: Էլեկտրոնային հարկային հաշվի ստացման վավերացումը միաժամանակ դիտվում է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով՝ կապի միջոցով ստացված էլեկտրոնային հարկային հաշվի մասին տեղեկության ներկայացում:

Հանձնարարողի, պրինցիպալի կամ հարկային մարմին համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություններն ստանձնելու մասին հայտարարություն ներկայացրած անձի անունով դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվները համապատասխանաբար հանձնարարողի, պրինցիպալի կամ հարկային մարմին համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություններն ստանձնելու մասին հայտարարություն ներկայացրած անձի կողմից վավերացվելու դեպքում դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկություններ այդ անձանց կողմից հարկային մարմին չեն ներկայացվում:

(14-րդ կետը լրաց. 29.05.13 N 550-Ն)

15. Դուրս գրված հարկային հաշիվները և (կամ) դրանց սերիա-համարները անվավեր կամ չեղյալ են ճանաչվում՝

1) հարկ վճարողների կողմից` սույն կարգով նախատեսված դեպքերում, կարգով և ժամկետներում.

2) հարկային մարմնի կողմից` ստացված ձևերի ոչնչացման կամ կորստի վերաբերյալ հարկ վճարողի հայտարարության հիման վրա:

(15-րդ կետը լրաց. 31.05.12 N 681-Ն)

 

II. ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆ ժԱՄԱՆԱԿՈՒՄ` ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

16. Ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվներ (այսուհետ` ինտերնետային հարկային հաշիվներ) դուրս գրելու իրավունք ունեն սույն կարգի 6-րդ և 10-րդ կետերով սահմանված պայմանները բավարարող անձինք:

(16-րդ կետը խմբ. 31.05.12 N 681-Ն)

17. Ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրումն իրականացվում է համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով: Ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագիրը (այսուհետ` սույն բաժնում՝ ծրագիր) տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

18. Ծրագիրը բեռնվում և տեղադրվում (installation) է ավելացված արժեքի հարկ վճարողի համակարգչում (համակարգիչներում):

19. Ծրագիրն առաջին անգամ գործարկվելու համար պահանջում է հարկ վճարողի հաշվառման համարի, օգտվողի մուտքի անվան (login) և գաղտնաբառի (password) մուտքագրում:

(19-րդ կետը փոփ. 31.05.12 N 681-Ն)

20. Մեկ համակարգչում ծրագիրը կարող է տեղադրվել մեկ անգամ: Ծրագիրը հնարավոր է օգտագործել տարբեր հարկ վճարողների տվյալները (ՀՎՀՀ-ն, օգտագործողի անունը, գաղտնաբառը) մուտքագրելով: Ծրագրով հարկային հաշիվներ դուրս են գրում, դուրս գրված և ստացված հարկային հաշիվների մասին տեղեկություններ և այլ գործողություններ են կատարում այն հարկ վճարողի անվամբ, ում անվամբ ծրագիրն ակտիվացվել է կամ ակտիվացվել և մուտք է գործվել հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգ:

21. Հարկային հաշվում այն դուրս գրողին վերաբերող պարտադիր լրացման ենթակա տվյալները` անվանումը (անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն), գտնվելու վայրը լրացվում են հարկային հաշիվների համակարգի միջոցով՝ տեղեկատվական բազայում առկա տվյալներով:

(21-րդ կետը խմբ. 29.05.13 N 550-Ն)

22. Ծրագիրը գործում է ինտերնետային ցանցում և ինտերնետային ցանցից դուրս ռեժիմներում: Ինտերնետային ցանցից դուրս ռեժիմում հնարավոր է լրացնել միայն սևագիր հարկային հաշիվներ կամ խմբագրել դրանք: Հարկային հաշիվների դուրսգրումը և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացումը կատարվում են ինտերնետային ցանցին միացած լինելու դեպքում (ինտերնետային ցանցում ռեժիմում):

23. Հարկ վճարողը հարկային հաշիվ դուրս գրելու համար ծրագրում ընտրում է ծրագրով նախատեսված՝ հարկային հաշվի տեսակը (ապրանքի մատակարարման, ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման) և ձևը (հարկ վճարողի անունից, հատուկ, մատակարարի անունից, հանձնարարողի (պրինցիպալի) անունից, համատեղ գործերը վարողի անունից) և լրացնում այն: Հարկային հաշիվների ձևերը սահմանվում են վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված` ծրագրի մշակման տեխնիկական առաջադրանքով:

(23-րդ կետը խմբ. 29.05.13 N 550-Ն)

24. Ծրագիրը հնարավորություն է տալիս դուրս գրելու հատուկ հարկային հաշիվներ կամ օրենքով սահմանված դեպքում հարկային հաշիվներ դուրս գրելու մատակարարի, հանձնարարողի, պրինցիպալի կամ հարկային մարմին համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություններն ստանձնելու մասին հայտարարություն ներկայացրած անձի անունից:

(24-րդ կետը լրաց. 29.05.13 N 550-Ն)

25. Լրացված հարկային հաշիվը չի կարող վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ, եթե դրանում լրացված չէ հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա որևէ տվյալ (վավերապայման):

26. Հարկային հաշիվը ենթակա չէ վավերացման, եթե դրանում բացակայում են դրանում լրացման ենթակա նվազագույն տվյալները: Հարկային հաշվի նվազագույն տվյալներ են համարվում դրանում ավելացված արժեքի հարկով հարկված (ավելացված արժեքի հարկի գումարի և դրույքաչափի նշումով) որևէ գործարքի մասին հարկային հաշվի հաշվարկային մասում լրացվող տվյալները:

27. Լրացված ինտերնետային հարկային հաշիվը վավերացվում է ինտերնետային ցանցում վավերականությունը հաստատվող էլեկտրոնային ստորագրությամբ և ստանում է սերիա-համար:

28. Դուրս գրված ինտերնետային հարկային հաշիվները գրանցվում են հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում և տեղադրվում հարկ վճարողի համար վարվող` դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկանքում:

29. Ինտերնետային հարկային հաշիվը դուրս գրողի կողմից կարող է հայտարարվել չեղյալ` դուրսգրման պահին հաջորդող 1 ժամվա ընթացքում, եթե հարկային հաշիվը չեղյալ համարելու պահին տվյալ հարկային հաշիվը վավերացված չէ տվյալ հարկային հաշվով ապրանք ձեռք բերողի կամ ծառայություն ստացողի էլեկտրոնային ստորագրությամբ:

(29-րդ կետը փոփ. 31.05.12 N 681-Ն, 07.03.13 N 196-Ն)

30. Դուրս գրված ինտերնետային հարկային հաշիվների մասով օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները հարկային մարմին չեն ներկայացվում:

31. Ինտերնետային հարկային հաշիվ հնարավոր է դուրս գրել հաշվապահական հաշվառման կամ հարկային հաշիվներ դուրս գրող այլ ծրագրերում լրացված տվյալներն ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագրով լրացվող հարկային հաշվի ձևի մեջ ներմուծելու միջոցով, եթե այդ տվյալները գրանցված են վերադաս հարկային մարմնի սահմանած ձևաչափով: Հաշվապահական հաշվառման կամ հարկային հաշիվներ դուրս գրող այլ ծրագրերից ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագիր տվյալների արտահանման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման առկայությունն ապահովվում է հարկ վճարողների կողմից կամ հաշվապահական հաշվառման կամ հարկային հաշիվներ դուրս գրող այլ ծրագրերն սպասարկող կազմակերպությունների կողմից:

32. Ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագրում լրացված տվյալները (հարկային հաշիվները) հնարավոր է արտահանել հաշվապահական հաշվառման կամ այլ համանման ծրագրեր, եթե այդ ծրագրերն ունեն համապատասխան ծրագրային միջոցներ, որոնք ապահովում են վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևաչափով տվյալներ ընդունելու հնարավորություն: Ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագրից հաշվապահական հաշվառման կամ այլ համանման ծրագրեր տվյալների ներմուծման համար անհրաժեշտ ծրագրային միջոցների առկայությունն ապահովվում է հարկ վճարողների կողմից կամ հաշվապահական հաշվառման կամ այլ համանման ծրագրերն սպասարկող կազմակերպությունների կողմից:

33. Ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագիրն ինտերնետային ցանցում ռեժիմում հնարավորություն է տալիս դիտելու իր և այլ անձանց կողմից տվյալ հարկ վճարողի անվամբ (որպես ապրանքների գնորդ կամ ծառայություններ ստացող կամ հանձնակատարի, գործակալի կամ համատեղ գործունեության մասնակցի կողմից) դուրս գրված հարկային հաշիվները, հաստատելու էլեկտրոնային հարկային հաշվի ստացումը` հարկային հաշվում դնելով էլեկտրոնային ստորագրություն: Հարկ վճարողն իրավունք ունի հաստատման պահին հաջորդող 1 ժամվա ընթացքում հրաժարվելու էլեկտրոնային եղանակով ստացված հարկային հաշվից (հետ կանչելու էլեկտրոնային հարկային հաշվի իր ստորագրությունը):

(33-րդ կետը փոփ. 07.03.13 N 196-Ն, լրաց. 29.05.13 N 550-Ն)

34. Ծրագիրը թույլ է տալիս դուրս գրված և ստացված հարկային հաշիվների ցանկերը, հաշվետվությունը կամ տեղեկանքը վերածել «էմ էս էքսել» (MS Exel) ֆայլի` այդ ծրագրի հնարավորություններն օգտագործելով հաշվապահական և այլ հաշվառման նպատակով անհրաժեշտ հաշվարկներ կատարելու համար:

35. Հարկ վճարողի կողմից ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրումը միաժամանակ համարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշիվների մասին տեղեկությունների՝ կապի միջոցով ներկայացում: Ինտերնետային հարկային հաշիվների ստացման հավաստումը (հաստատումը) համարվում է ստացված հարկային հաշիվների մասին կապի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում:

36. Ինտերնետային հարկային հաշիվների մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հարկային հաշիվների դուրսգրում է համարվում ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագրում կամ հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում կիրառվող ծրագրերում այնպիսի ծրագրային փոփոխությունների կամ լրացումների կատարումը, որոնց արդյունքում հարկ վճարողի կողմից դուրս է գրվում հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում չգրանցվող հարկային հաշիվ կամ հարկային հաշիվների համակարգում գրանցվում է դուրս գրված հարկային հաշվում լրացված տվյալներից տարբերվող տվյալ, կամ հարկ վճարողի կողմից դուրս է գրվում հարկային մարմնի կողմից տվյալ հարկ վճարողին չտրամադրված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչված սերիա-համարով հարկային հաշիվ:

(36-րդ կետը լրաց. 31.05.12 N 681-Ն)

 

III. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ` ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍԵՐԻԱ-ՀԱՄԱՐՆԵՐՈՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

37. Հարկային մարմնից ստացված` հարկային հաշիվների սերիա-համարներով հարկ վճարողի կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգչային ծրագրերի միջոցով հարկային հաշիվների դուրսգրման դեպքում հարկ վճարողի և հարկային մարմնի միջև տեղեկատվության հոսքն իրականացվում է բացառապես ծրագրային միջոցներով (առանց մարդու միջամտության)` ինտերնետային կապի միջոցով կամ հեռահաղորդակցության այլ միջոցով (օրինակ, օպտիկա-մանրաթելային կապով), եթե հարկ վճարողն ապահովել է կապի այդ միջոցի կիրառումը: Սույն բաժնում նշվող «ուղարկում», «ստացում» կամ «տրամադրում» բառերը նշանակում են միայն կապի միջոցով, համապատասխան ծրագրային միջոցների կիրառմամբ տեղեկատվության (տվյալների) ուղարկում, ստացում կամ տրամադրում, եթե սույն կարգով ուղղակիորեն այլ բան սահմանված չէ:

38. Հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների սերիա-համարներով հարկային հաշիվներ կարող են դուրս գրել այն անձինք՝

1) ովքեր կիրառում են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագիր (ծրագրեր).

2) որոնց կողմից յուրաքանչյուր օրացուցային ամսվա որևէ (ցանկացած) օրվա ընթացքում դուրս գրվող հարկային հաշիվների թիվը գերազանցում է հազարը և՝

3) ովքեր բավարարում են սույն կարգի 6-րդ և 10-րդ կետերով սահմանված պայմանները:

(38-րդ կետը խմբ. 31.05.12 N 681-Ն)

39. Սույն կարգի կիրառման առումով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագրեր (այսուհետ` բիլինգային համակարգեր) են համարվում այն ծրագրերը, որոնք, օգտագործելով մատուցված ծառայությունների ծավալի հաշվառման (օրինակ, ծառայությունների մատուցման ժամանակահատվածի և (կամ) ծավալի հաշվառման) այլ ծրագրերի կամ հաշվիչ սարքերի հաշվարկած տվյալները կամ մատակարարված ապրանքների քանակի հաշվառման ծրագրերի կամ այլ հաշվիչ սարքերի տվյալները, գեներացնում (կազմում) են հաշվարկային փաստաթղթեր` ապրանքներ ձեռք բերողներին կամ ծառայություններ ստացողին ներկայացնելու (տրամադրելու) և հատուցում ստանալու նպատակով: Որպես հատուկ ծրագրեր չեն կարող համարվել հաշվապահական հաշվառման ծրագրերը, որոնց միջոցով ևս հնարավոր է կամ իրականացվում է հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում:

40. Հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների սերիա-համարներով հարկային հաշիվներ դուրս գրելու իրավունք ունեցող անձանց (այսուհետ` բիլինգային համակարգ կիրառող անձինք) հարկային հաշիվների սերիա-համարներ տրամադրվում են էլեկտրոնային եղանակով` բիլինգային համակարգ կիրառող անձի կողմից կիրառվող համակարգչային ծրագրով ուղարկված հայտի հիման վրա:

41. Բիլինգային համակարգ կիրառող անձի կողմից հարկային հաշիվների սերիա-համարների ստացման հայտ ներկայացնող ծրագիրը մշակվում է բիլինգային համակարգ կիրառողի կողմից։

42. Էլեկտրոնային հայտը ներկայացնելու ձևաչափը (protocol) սահմանում է հարկային մարմինը և գրավոր տրամադրում է բիլինգային համակարգ կիրառողին` բիլինգային համակարգի կիրառումից առնվազն 3 ամիս առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկ վճարողը պատրաստ է այդ համակարգը կիրառել ավելի վաղ ժամկետից կամ առանց ձևաչափ ստանալու:

43. Էլեկտրոնային հայտը պետք է ստորագրված լինի հարկային մարմնում՝ հարկային հաշիվների սերիա-համարներ ստանալու լիազորություն ունեցող անձի վավերական էլեկտրոնային ստորագրությամբ: Լիազոր անձի ստորագրությունը հարկային մարմնում գրանցվում է էլեկտրոնային հաշվետվություններն ստորագրելու լիազորություն ունեցող անձանց համար սահմանված գրանցման կարգին համապատասխան:

(43-րդ կետը փոփ. 31.05.12 N 681-Ն)

44. Հարկային մարմնի կողմից կիրառվող ծրագրով ստուգվում է հայտում պարունակվող էլեկտրոնային ստորագրության վավերականությունը, և այն վավերական լինելու դեպքում ապահովվում է հայտի հետագա ընթացքը: Եթե հայտում նշված էլեկտրոնային ստորագրությունը վավերական չէ, ապա հարկային մարմնի կողմից կիրառվող ծրագրով ուղարկվում է ստորագրության անվավեր լինելու հիմքով հայտը մերժելու վերաբերյալ հաղորդագրություն:

45. Վավերական հայտի (այսուհետ` հայտ) դեպքում ծրագիրն ստուգում է հայտով պահանջված քանակությունները տվյալ անձի համար սահմանված` հարկային հաշիվների սերիա-համարների ռեզերվային սահմանաչափում լինելու հանգամանքը:

46. Բիլինգային համակարգ կիրառող յուրաքանչյուր անձի համար սահմանվում (հաշվարկվում) է հարկային հաշիվների սերիա-համարների ռեզերվային սահմանաչափ: Հարկային մարմնից ստացվող հարկային հաշիվների սերիա-համարներով հարկային հաշիվների դուրսգրման համակարգը տվյալ հարկ վճարողի նկատմամբ կիրառելու առաջին չորս ամսում հարկային հաշիվների սերիա-համարների ռեզերվային սահմանաչափը որոշվում է հարկ վճարողի դիմումի հիման վրա, իսկ հետագա ամիսներին հաշվարկվում է նախորդ երեք ամսվա ընթացքում հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշիվների ընդհանուր քանակի 120 տոկոսի չափով:

47. Եթե հայտում պահանջված սերիա-համարների թիվը տրամադրվելու դեպքում չի խախտվում հարկային հաշիվների սերիա-համարների ռեզերվային սահմանաչափը, ապա հարկային մարմնի կողմից կիրառվող ծրագրային համակարգի միջոցով գեներացվում և հարկ վճարողի ծրագրին են ուղարկվում պահանջվող թվով սերիա-համարներ: Սերիա-համարների ռեզերվային սահմանաչափը համարվում է խախտված, եթե չմարված սերիա-համարների և հայտով պահանջված սերիա-համարների ընդհանուր թիվը գերազանցում է հարկ վճարողի համար սահմանված ռեզերվային սահմանաչափը: Սույն կետի կիրառման առումով՝ չմարված սերիա-համարներ են համարվում հարկ վճարողին տրամադրված այն սերիա-համարները, որոնցով համարակալված հարկային հաշիվների մասին հարկային մարմին չի ներկայացվել սույն կարգով սահմանված տեղեկատվությունը:

48. Սերիա-համարները կարող են տրամադրվել մաս-մաս` սերիա-համարներ պարունակող ֆայլը բաղդատելու կամ սերիա-համարների ընդհանուր թիվն առանձին խմբաքանակների բաժանելու միջոցով:

49. Եթե հայտով պահանջված սերիա-համարների քանակությունը տրամադրելու դեպքում խախտվում է հարկային հաշիվների սերիա-համարների ռեզերվային սահմանաչափը, ապա հայտը մերժվում է, և հարկ վճարողին է ուղարկվում ռեզերվային սահմանաչափը խախտելու մասին հաղորդագրություն: Մերժում ստանալուց հետո բիլինգային համակարգ կիրառողի կողմից կարող է ուղարկվել նոր հայտ:

50. Ստացված սերիա-համարները տեղադրվում են բիլինգային համակարգում՝ դրանցով համարակալված հարկային հաշիվներ դուրս գրելու համար:

51. Բիլինգային համակարգում գեներացված (կազմված) հարկային հաշիվներում արտացոլված` հարկային մարմին ներկայացման ենթակա տեղեկատվությունը, մինչև այդ հաշիվները որևէ ձևով գնորդներին (ապրանքներ ձեռք բերողներին կամ ծառայություններ ստացողներին) տրամադրումը, պետք է ուղարկվի հարկային մարմին: Մինչև հարկային մարմնի կողմից հարկային հաշիվների տվյալ (ցանկացած) սերիա-համարով հարկային հաշվի մասին ներկայացման ենթակա տեղեկատվության ստացումը՝ տվյալ սերիա-համարով հարկային հաշիվն անվավեր է, իսկ տվյալ սերիա-համարը հարկային հաշիվների համակարգի կողմից դիտվում է որպես գոյություն չունեցող:

52. Բիլինգային համակարգ կիրառողի կողմից հարկային մարմին ուղարկման ենթակա են`

1) հարկային հաշիվներում պարտադիր լրացման ենթակա տվյալները.

2) հարկային հաշվում պարտադիր լրացման ոչ ենթակա, սակայն բիլինգային համակարգի կողմից դուրս գրվող հարկային հաշվում լրացված և ապրանքներ մատակարարողին (ծառայություններ մատուցողին), ապրանքներ ձեռք բերողին (ծառայություններ ստացողին), պայմանագրին վերաբերող տվյալները.

3) տվյալ հարկային հաշվով մատակարարվող ապրանքների ընդհանուր արժեքին, հաշվարկված ավելացված արժեքի հարկի ընդհանուր գումարին, հարկային հաշվի համաձայն վճարման ենթակա ընդհանուր գումարին, իսկ ընդհանուր քանակությունը (ծավալը) հաշվարկելու հնարավորության դեպքում` նաև մատակարարված ապրանքների ընդհանուր քանակին (ծառայության ընդհանուր ծավալին) վերաբերող տվյալները:

53. Հարկային մարմին ուղարկման ենթակա տվյալների (տեղեկատվության) ցանկը սահմանում է վերադաս հարկային մարմինը` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` ծախսերը հիմնավորող փաստաթղթերին ներկայացվող պահանջներից: Հարկային մարմնի կողմից սահմանվող` հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա տվյալները պարտադիր են բիլինգային համակարգ կիրառող բոլոր հարկ վճարողների համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ, ելնելով գործունեության ոլորտի առանձնահատկություններից, առանձին հարկ վճարողների համար պարտադիր լրացման ենթակա առանձին տվյալներ ենթակա են փոփոխման:

54. Բիլինգային համակարգի միջոցով գեներացված (կազմված) հարկային հաշիվները համարվում են դուրս գրված` հարկային մարմին ուղարկման ենթակա տեղեկությունները հարկային մարմնի կողմից ստանալու պահից, անկախ այն հանգամանքից, թե այդ հաշիվներն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով տրամադրվել են ապրանքներ ձեռք բերողներին (ծառայություններ ստացողներին), թե ոչ:

55. Բիլինգային համակարգի միջոցով գեներացված (կազմված) հարկային հաշիվների վերաբերյալ ներկայացման ենթակա տեղեկատվությունը հարկային մարմին է ուղարկվում մաս-մաս` սերիա-համարներ պարունակող ֆայլը բաղդատելու կամ սերիա-համարների ընդհանուր թիվն առանձին խմբաքանակների բաժանելու միջոցով` հարկային մարմնի կողմից սահմանված ծավալներով:

56. Բիլինգային համակարգի միջոցով դուրս գրված հարկային հաշիվներում արտացոլված տեղեկատվությունը հարկային մարմին ներկայացված լինելու դեպքում՝ բիլինգային համակարգ կիրառողի կողմից այդ հարկային հաշիվների մասին օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները հարկային մարմին չեն ներկայացվում: Դուրս գրված հարկային հաշիվների մասին տեղեկություններ ներկայացնելը դիտվում է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով՝ կապի միջոցով դուրս գրված հարկային հաշիվների մասին տեղեկություններ ներկայացնել:

57. Դուրս գրված հարկային հաշիվների մասին տեղեկությունների փաթեթը պետք է ստորագրված լինի հարկային մարմնում որպես համապատասխան լիազորությամբ գրանցված անձի էլեկտրոնային ստորագրությամբ:

(57-րդ կետը փոփ. 29.05.13 N 550-Ն)

58. Հարկային մարմնի կողմից կիրառվող ծրագրի միջոցով պետք է ստուգվի էլեկտրոնային ստորագրության վավերականությունը, և այն վավերական լինելու դեպքում պետք է ապահովվի ստացված տեղեկությունների հետագա ընթացքը: Եթե տեղեկություններում նշված էլեկտրոնային ստորագրությունը վավերական չէ, ապա հարկ վճարողին ուղարկվում է համապատասխան հաղորդագրություն: Ոչ վավերական ստորագրությամբ հարկային հաշիվների մասին տեղեկությունները հարկային հաշիվների համակարգում չեն գրանցվում:

59. Ներկայացված տեղեկությունները վավերական լինելու դեպքում ստուգվում է հարկային մարմնի հարկային հաշիվների մասին ստացված տեղեկատվության մեջ հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա տվյալները յուրաքանչյուր հաշվում լրացված լինելու հանգամանքը: Այն հարկային հաշիվները, որոնցում բացակայում են պարտադիր լրացման ենթակա տվյալները, հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում չեն գրանցվում: Հարկ վճարողին ուղարկվում է հաղորդագրություն բիլինգային համակարգի միջոցով կազմված հաշիվների մասին տեղեկատվության ընդունումը մերժելու վերաբերյալ:

60. Բիլինգային համակարգ կիրառողներից ստացված և հարկային հաշիվների համակարգում գրանցված բոլոր հարկային հաշիվներն ստորագրվում են հարկային մարմնի կողմից հատուկ առանձնացված էլեկտրոնային ստորագրությամբ և գրանցվում ապրանքներ ձեռք բերողների կամ ծառայություններ ստացողների համար վարվող՝ ստացված հարկային հաշիվների էլեկտրոնային դարանում, բիլինգային համակարգ կիրառողի կողմից դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ կազմվող էլեկտրոնային տեղեկանքում: Ստացված սերիա-համարներով հարկային հաշիվները գրանցվում են վավերական հարկային հաշիվների ցանկում:

61. Բիլինգային համակարգ կիրառող հարկ վճարողների կողմից դուրս գրված հարկային հաշիվը կարող է չեղյալ ճանաչվել ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագրի միջոցով՝ դուրսգրման պահին հաջորդող 1 ժամվա ընթացքում:

(61-րդ կետը փոփ. 31.05.12 N 681-Ն, խմբ. 07.03.13 N 196-Ն)

62. Բիլինգային համակարգ կիրառողից ստացված` այն հարկային հաշիվների մասին տեղեկատվությունը, որոնցում լրացված են պարտադիր լրացման ենթակա բոլոր տվյալները, գրանցվում են հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում` դրանց հետագա ընթացքն ապահովելու համար:

63. Սերիա-համարները կարող են տրամադրվել մաս-մաս` սերիա-համարներ պարունակող ֆայլը բաղդատելու կամ սերիա-համարների ընդհանուր թիվն առանձին խմբաքանակների բաժանելու միջոցով:

64. Անհրաժեշտության դեպքում (գործունեության դադարեցում, այն գործունեության դադարեցում, որի մասով կիրառվում է բիլինգային համակարգը և այլն) հարկ վճարողի նախաձեռնությամբ նախկինում ստացված սերիա-համարները վերադարձվում են հարկային մարմին:

 

IV. ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

(բաժինը լրաց. 27.02.14 N 191-Ն)

 

65. Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու իրավունք ունեն էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն ունեցող հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող և սույն կարգի 6-րդ և 10-րդ կետերով սահմանված պայմանները բավարարող անձինք:

66. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն ունեցող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս են գրվում իրական ժամանակում՝ հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում:

67. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն ունեցող հսկիչ-դրամարկղային մեքենաները գործում են միաժամանակ որպես հսկիչ-դրամարկղային մեքենա և որպես էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրող սարք՝ այն օբյեկտներում, որոնցում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր է: Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել նաև տրանսպորտային միջոցներում տեղադրված ՀԴՄ-ների միջոցով:

(67-րդ կետը լրաց. 09.10.14 N 1104-Ն)

68. Հարկային մարմնում որպես հարկային հաշիվներ դուրս գրելու իրավասություն ունեցող գրանցված անձը հարկային հաշիվներ դուրս գրելու համար ՀԴՄ-ն գործարկելուց հետո մուտքագրում է հարկ վճարողի հաշվառման համարը, օգտվողի մուտքի անունը (login) ու գաղտնաբառը: Սույն կարգի 67-րդ կետում նշած օբյեկտներում կիրառվող ՀԴՄ-ների միջոցով հարկային հաշիվներ դուրս գրելու համար հարկ վճարողի հաշվառման համարը, օգտվողի մուտքի անվան (login) ու գաղտնաբառի մուտքագրումն իրականացվում է ՀԴՄ-ն գործարկելուց (վերագործարկումից) հետո «ՀԴՄ» և «Հարկային հաշիվներ» համակարգերից «Հարկային հաշիվներ» համակարգն ընտրելուց հետո:

69. ՀԴՄ-ի հարկային հաշիվների դուրսգրման ծրագիրը հնարավորություն է տալիս՝

1) դուրս գրելու հարկային հաշիվներ.

2) դիտելու իր կողմից դուրս գրված (այդ թվում՝ էլեկտրոնային այլ եղանակներով դուրս գրված) և ստացված հարկային հաշիվները.

3) սույն կարգով սահմանված ժամկետում չեղյալ համարելու դուրս գրված հարկային հաշիվները.

4) ՀԴՄ-ի թղթային ժապավենի օգնությամբ սույն կարգով սահմանված տվյալներով դուրս գրելու հարկային հաշիվներ.

5) էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու ստացված հարկային հաշիվները.

6) ՀԴՄ-ի միջոցով հարկային հաշիվների դուրսգրումը հեշտացնելու նպատակով ՀԴՄ-ի ստեղնաշարի կամ նախկինում դուրս գրված հարկային հաշիվների հիման վրա ստեղծելու նմուշներ (օրինակներ).

7) ՀԴՄ-ի միջոցով հարկային հաշիվների դուրսգրումը հեշտացնելու նպատակով ՀԴՄ-ի ստեղնաշարի կամ նախկինում դուրս գրված հարկային հաշիվների հիման վրա ստեղծելու հարկային հաշիվներում լրացվող տվյալների բառարաններ: Սույն կետի 1-5-րդ ենթակետերում նշված գործողությունները հնարավոր է իրականացնել միայն ինտերնետային ցանցին միացած լինելու և կապի առկայության պայմաններում (ինտերնետային ցանցի ռեժիմում), իսկ 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված գործողությունները՝ ինչպես ինտերնետային կապի առկայության, այնպես էլ դրա բացակայության պայմաններում: ՀԴՄ-ի միջոցով հարկային հաշիվները դուրս են գրվում դրանք էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու դեպքում:

69.1. Հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրված հարկային հաշվի թղթային՝ հսկիչ-դրամարկղային մեքենայի ժապավենի վրա տպագրված տարբերակը չի պահպանում հարկային հաշվի ձևը, սակայն պետք է պարունակի հարկային հաշվում լրացման ենթակա տվյալներն ու վավերապայմանները:

(69.1-ին կետը լրաց. 09.10.14 N 1104-Ն)

70. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվներն անվավեր են ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշմամբ սահմանված՝ հարկային հաշիվների անվավեր ճանաչման կարգով: ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվներ անվավեր ճանաչելու դեպքում դուրս գրված հարկային հաշիվների անվավեր ճանաչման մասին տեղեկություններ ներկայացվում են սույն կարգի 2-րդ բաժնում նշված ծրագրի միջոցով:

71. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրվող հարկային հաշիվներում պարտադիր լրացման ենթակա՝ մատակարարի (ծառայություն մատուցողի) անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), գտնվելու կամ բնակության վայրը, ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ գնորդի հարկ վճարողի հաշվառման համարը նշելու դեպքում՝ գնորդի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), գտնվելու վայրը, լրացվում են հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգի միջոցով:

72. Հարկ վճարողը հարկային հաշիվ դուրս գրելու համար ծրագրում ընտրում է ծրագրով նախատեսված հարկային հաշիվների տեսակը և լրացնում այն: Հարկային հաշիվը կարող է լրացվել հարկային հաշիվների նմուշի հիման վրա կամ բառարաններից անհրաժեշտ տվյալներ ներմուծելու միջոցով:

73. Լրացված հարկային հաշիվը չի կարող վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ, եթե դրանում լրացված չէ հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա որևէ տվյալ (վավերապայման):

74. ՀԴՄ-ի միջոցով լրացված հարկային հաշիվը ենթակա չէ վավերացման, եթե դրանում բացակայում են դրանում լրացման ենթակա նվազագույն տվյալները: Հարկային հաշվի նվազագույն տվյալներ են համարվում դրանում ավելացված արժեքի հարկով հարկված (ավելացված արժեքի հարկի գումարի և դրույքաչափի նշումով) որևէ գործարքի մասին հարկային հաշվի հաշվարկային մասում լրացվող տվյալները:

75. ՀԴՄ-ի միջոցով լրացված հարկային հաշիվը վավերացվում է ինտերնետային ցանցում վավերականությունը հաստատող էլեկտրոնային ստորագրությամբ և ստանում է սերիա-համար: Հարկային հաշիվը դուրս է գրվում հարկային հաշիվն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու դեպքում: Հարկային հաշիվը կարող է վավերացվել «CoSign» համակարգի կամ նույնականացման քարտի էլեկտրոնային ստորագրության միջոցով: Նույնականացման քարտի միջոցով հարկային հաշիվն էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրվելու դեպքում կիրառվում է ՀԴՄ-ի քարտ ընթերցող հանգույցը:

76. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմին «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները չեն ներկայացվում:

77. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվները գրանցվում են հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում և տեղադրվում հարկ վճարողի համար վարվող` դուրս գրված հարկային հաշիվների մասին օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկանքում:

78. ՀԴՄ-ի թղթային ժապավենի միջոցով տպագրվող հարկային հաշվում տպագրվում է հարկային հաշվի սերիա-համարը, հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը և ժամը, մատակարարի ԱԱՀ-ն վճարողի հաշվառման համարը, գնորդի հարկ վճարողի հաշվառման համարը մատակարարված ապրանքի (մատուցված ծառայության) ընդհանուր արժեքը, ավելացված արժեքի հարկի գումարը, հարկային հաշիվը դուրս գրողի անունը և ազգանունը:

 79. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվը դուրս գրողի կողմից կարող է հայտարարվել չեղյալ` դուրսգրման պահին հաջորդող 1 ժամվա ընթացքում, եթե հարկային հաշիվը չեղյալ համարելու պահին տվյալ հարկային հաշիվը վավերացված չէ տվյալ հարկային հաշվով ապրանք ձեռք բերողի կամ ծառայություն ստացողի էլեկտրոնային ստորագրությամբ:

80. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվների մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հարկային հաշիվների դուրսգրում է համարվում ՀԴՄ-ի հարկային հաշիվների դուրսգրման ծրագրում կամ հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում կիրառվող ծրագրերում այնպիսի ծրագրային փոփոխությունների կամ լրացումների կատարումը, որոնց արդյունքում հարկ վճարողի կողմից դուրս է գրվում հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում չգրանցվող հարկային հաշիվ կամ հարկային հաշիվների համակարգում գրանցվում է դուրսգրված հարկային հաշվում լրացված տվյալներից տարբերվող տվյալ, կամ հարկ վճարողի կողմից դուրս է գրվում հարկային մարմնի կողմից տվյալ հարկ վճարողին չտրամադրված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչված սերիա-համարով հարկային հաշիվ:

(բաժինը լրաց. 27.02.14 N 191-Ն)

(հավելվածը խմբ. 04.08.11 N 1084-Ն, փոփ., լրաց., խմբ. 31.05.12 N 681-Ն, փոփ., խմբ. 07.03.13 N 196-Ն, փոփ., խմբ., լրաց. 29.05.13 N 550-Ն, լրաց. 27.02.14 N 191-Ն, 09.10.14 N 1104-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

1. Հարկային մարմնի կողմից հարկային հաշիվների ձևերը տպագրվում են համակարգչային եղանակով` լազերային տպիչներով: Հարկային հաշիվների տպագրությունն իրականացվում է հարկ վճարողին սպասարկող հարկային (տարածքային) տեսչությունում:

2. Հարկային հաշիվների տպագրությունն իրականացվում է Ա-4 (A4) ձևաչափի թղթի վրա:

3. Հարկային մարմնի կողմից տպագրվում են պահանջված տեսակի և ձևի հարկային հաշիվների ձևաթղթեր (այսուհետ՝ ձևեր): Հարկային հաշիվների ձևերը սահմանվում են վերադաս հարկային մարմնի կողմից՝ հարկային հաշիվների տպագրության ծրագրի տեխնիկական առաջադրանքով:

(3-րդ կետը փոփ. 29.05.13 N 550-Ն)

4. Հարկային հաշիվների ձևերի տպագրության ծախսերը հարկային մարմինն իրականացնում է հարկ վճարողների կողմից կատարված վճարումներից համապատասխան գանձապետական հաշվում գոյացած միջոցների հաշվին:

5. Հարկային հաշիվների ձևերի տպագրությունն իրականացվում է հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման մասին հայտի (այսուհետ` հայտ) հիման վրա: Հայտի ձևը սահմանում է հարկային մարմինը:

6. Հայտում կարող է նշվել հարկային հաշվի ձևի հաշվարկային մասում անհրաժեշտ տողերի թիվը: Հարկային հաշվի ձևի հաշվարկային մասում անհրաժեշտ տողերի թիվն ավելացվելու արդյունքում հարկային հաշվի ձևը մեկ էջի վրա տեղադրելու անհնարինության դեպքում տպագրվում են հարկային հաշվի ձևի հաշվարկային մասի տողեր պարունակող հաջորդական թվով էջեր, որոնցում պարտադիր տպագրվում են հարկային հաշվի սերիա-համարը և էջի համարը:

7. Հարկային հաշիվների ձևերը տպագրվում են 2-ական օրինակով` նույն սերիա-համարով: Հայտում հարկային հաշիվների ձևերը 2 օրինակից ավելի օրինակով տպագրելու խնդրանքի դեպքում տպագրվող հարկային հաշիվների ձևերի վրա նշվում է տպագրված օրինակների թիվը: Հատուկ հարկային հաշիվների ձևերը տպագրվում են 5-ական օրինակով: «Հատուկ հարկային հաշիվներ» ձևերի տպագրության դեպքում հարկային հաշվի ձևի «հաշվի կարգը» վանդակում տպագրվում է «հատուկ» բառը:

8. Հարկ վճարողի կողմից ներկայացվող հայտում նշված` համապատասխան եռամսյակի համար հարկային հաշիվների ձևերի պահանջվող թիվը չպետք է գերազանցի հարկ վճարողի կողմից համապատասխան եռամսյակի ընթացքում սովորաբար դուրս գրվող հարկային հաշիվների թվի 120 տոկոսը:

9. Հարկային հաշիվների ձևերը տպագրվում են հայտ ներկայացրած հարկ վճարողին վերաբերող տվյալները (անվանումը, (անունը, ազգանունը), գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը) լրացված վիճակում:

10. Հարկային հաշիվները տպագրվում են հարկ վճարողի պահանջած ձևերով` յուրաքանչյուր ձևից պահանջված քանակությամբ:

11. Հարկային հաշիվների ձևեր ստանալու համար հարկ վճարողն անհրաժեշտ թվով հարկային հաշիվների ձևեր ձեռք բերելու համար նախապես կատարում է վճարում` համապատասխան գանձապետական հաշվին:

12. Հարկային հաշիվների ձևերի ստացման համար հարկ վճարողը հարկային մարմին ներկայացնում է՝

1) հայտ.

2) պահանջվող թվով հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի (վճարման անդորրագրի) պատճենը:

13. Պահանջվող թվով հարկային հաշիվների ձևերի արժեքը հարկ վճարողի կողմից վճարված գումարից տարբերվելու դեպքում հարկ վճարողին տրամադրվում են վճարված գումարին համապատասխանող թվով հարկային հաշիվների ձևեր:

14. Հարկային հաշիվների ձևերը տրամադրվում են հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված անձանց, ինչպես նաև հարկ վճարողի հաշվառման համար ունեցող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային հաշիվների ձեռքբերման հայտ ներկայացնում են, եթե նրանք իրականացրել կամ նախատեսում են իրականացնել օրենքի համաձայն ապրանքի մատակարարում համարվող գործարք:

(14-րդ կետը խմբ. 04.08.11 N 1084-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 04.08.11 N 1084-Ն)

16. Հարկային հաշիվների ձևերը տպագրվում և հարկ վճարողին են տրամադրվում հայտի ստացման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

17. Ներկայացված հայտով պահանջված հարկային հաշիվների ձևերը հարկ վճարողին չեն տրամադրվում, եթե վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ժամկետում հարկ վճարողի կողմից չի ներկայացվել ստացված հարկային հաշիվների ձևերի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը:

18. Հարկային հաշիվների ձևերը խիստ հաշվառման փաստաթղթեր են: Հարկ վճարողը և հարկային մարմինը վարում են ստացված (տրամադրված) հարկային հաշիվների ձևերի հաշվառում:

19. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հարկային հաշիվների դուրսգրում է համարվում հարկային մարմնից չստացված` հաշվարկային փաստաթղթի այլ ձևերի լրացմամբ հարկային հաշիվների դուրսգրումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սույն որոշմամբ սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշվի առկայության պայմաններում նույն գործարքի մասով դուրս է գրվել ապրանքի հանձնման-ընդունման կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների հանձնման-ընդունման) վերաբերյալ այլ հաշվարկային փաստաթուղթ, որը պարունակում է հարկային հաշիվ համարելու համար հիմք հանդիսացող տվյալներ ու վավերապայմաններ: Օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի խախտմամբ հարկային հաշիվների դուրսգրում է համարվում ստացված հարկային հաշիվների պատճենահանման կամ սքանավորման միջոցով բազմացված հարկային հաշիվների ձևերի լրացմամբ կամ հարկային մարմնի կողմից տրամադրված սերիա-համարն այլ փաստաթղթում օգտագործելով հարկային հաշիվների կամ անվավեր կամ չեղյալ ճանաչված սերիա-համար ունեցող հարկային հաշվի ձևերի օգտագործմամբ հարկային հաշիվների դուրսգրումը:

(19-րդ կետը փոփ. 31.05.12 N 681-Ն)

(հավելվածը խմբ., փոփ. 04.08.11 N 1084-Ն, փոփ. 31.05.12 N 681-Ն, փոփ. 29.05.13 N 550-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍԵՐԻԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՐԻ ԳԵՆԵՐԱՑՄԱՆ

 

1. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հարկային հաշիվները և հարկային մարմնի կողմից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերը համարակալվում են հարկային հաշիվների համարակալման միասնական համակարգի (ծրագրի) կողմից գեներացված սերիա-համարներով:

2. Հարկային հաշիվների կամ հարկային հաշիվների ձևերի սերիա-համարները (սույն որոշման ամբողջ տեքստում` հարկային հաշիվների սերիա-համարները) գեներացման համակարգն ապահովում է սերիայի և համարի ամբողջությամբ առնվազն երեք տարվա ընթացքում առանց կրկնվելու հարկային հաշիվների սերիա-համարների գեներացումը:

3. Սերիա-համարները բաղկացած են հայերեն այբուբենի մեկ մեծատառ ունեցող սերիայից և տասանիշ թվից բաղկացած համարից:

4. Հարկային հաշիվների համարը բաղկացած է նույնականացնող ութ նիշից և 2-նիշանոց ստուգիչ նիշերից: Ստուգիչ նիշերով հարկային հաշվի համարն ստուգվում է ծրագրի միջոցով:

5. Հարկային հաշիվների նույնականացնող նիշերում թվերը գեներացվում են ծրագրի միջոցով` գաղտնի ալգորիթմով՝ այնպես, որ հնարավոր չլինի կանխատեսել, թե որևէ համարի գեներացումից հետո որ թիվն է գեներացվելու համակարգի կողմից:

6. Հարկային հաշիվների սերիա-համարների համակարգը վարում է համակարգի կողմից գեներացված և հարկ վճարողներին տրամադրված հարկային հաշիվների սերիա-համարների հաշվառում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 4

ՀՀ կառավարության 2010 թվականի

 նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՄԱՆ

 

1. Սույն կարգը կիրառվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո հարկային մարմնից ձեռք բերված ձևերի լրացմամբ դուրս գրված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ժամկետում դուրս գրողի կողմից անվավեր չճանաչված` էլեկտրոնային կարգով դուրս գրված հարկային հաշիվների անվավեր ճանաչման դեպքերում:

2. Սույն կարգում «ապրանքների մատակարարում», «ծառայությունների մատուցում», «գործարք» հասկացությունները կիրառվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառված իմաստով, իսկ «կնքված պայմանագիր» հասկացությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով (մասնավորապես` օրենսգրքի 436-րդ, 448-րդ հոդվածներով) սահմանված իմաստով, անկախ կնքման ձևից (օրինակ` բանավոր):

3. Ապրանքներ օտարողի (այդ թվում` մատակարարման կամ մանրածախ վաճառքի պայմանագրով) կամ ծառայություններ մատուցողի կողմից դուրս գրված հարկային հաշիվներն անվավեր ճանաչելու անհրաժեշտություն կարող է առաջանալ մատակարարման կամ մանրածախ վաճառքի կամ ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված պայմանագրով (այսուհետ` պայմանագիր) նախատեսված գործարքը չկատարվելու, պայմանագրով նախատեսված պայմաններից տարբերվող պայմաններով կատարվելու կամ հարկային հաշվի լրացման (դուրսգրման) հետ կապված սխալներ թույլ տրվելու դեպքերում:

4. Կնքված պայմանագիրը կարող է չկատարվել կամ կատարվել պայմանագրով նախատեսված պայմաններից տարբերվող պայմաններով` գնորդի (ծառայություններ ստացողի) կամ ապրանք մատակարարողի (ծառայություն մատուցողի) գործողություններով պայմանավորված:

5. Կնքված պայմանագրով նախատեսված գործարքը գնորդի կամ ծառայություններ ստացողի գործողություններով պայմանավորված չկատարվելու կամ պայմանագրով նախատեսված պայմաններից տարբերվող պայմաններով կատարվելու դեպքերն են`

1) գնորդի գործողություններով պայմանավորված`

ա. գնորդը հրաժարվել է ընդունել մատակարարման կամ մանրածախ վաճառքի վերաբերյալ կնքված պայմանագրով նախատեսված մատակարարման ժամկետին, տեսականուն, արժեքին, որակին ու քանակին համապատասխանող` առաքված ապրանքները,

բ. գնորդը հրաժարվել է ընդունել ապրանքների մատակարարման կամ մանրածախ վաճառքի վերաբերյալ կնքված պայմանագրով նախատեսված մատակարարման ժամկետին, տեսականուն, արժեքին, որակին ու քանակին համապատասխանող` առաքված ապրանքների մի մասը,

գ. գնորդն ապրանքների մատակարարման կամ մանրածախ վաճառքի վերաբերյալ պայմանագրով նախատեսված մատակարարման ժամկետին, տեսականուն, արժեքին, որակին ու քանակին համապատասխանությունն ստուգելու ժամկետի ավարտից անմիջապես հետո պայմանագրի պայմաններին համապատասխան չի վճարել ստացված ապրանքի դիմաց, ինչի պատճառով գնորդին ապրանքները չեն հանձնվել (հետ են վերցվել),

դ. գնորդը պայմանագրով նախատեսված պայմաններին` ապրանքների մատակարարման ժամկետին, տեսականուն, արժեքին, որակին ու քանակին համապատասխանությունն ստուգելու ժամկետի ավարտից անմիջապես հետո ստացված ապրանքի դիմաց է կատարել մասնակի վճարում, ինչի պատճառով գնորդին առաքված ապրանքների մի մասը հետ է վերցվել.

2) ծառայություն ստացողի գործողություններով պայմանավորված`

ա. ծառայություն ստացողը (պատվիրատուն) հրաժարվել է ընդունել պայմանագրով նախատեսված մատուցման ժամկետին, արժեքին, որակին ու ծավալին համապատասխանող` ծառայությունների արդյունքները (օրինակ` անցկացված ուսումնասիրության վերաբերյալ գրավոր տեղեկանքը),

բ. ծառայություն ստացողը (պատվիրատուն) հրաժարվել է ընդունել ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված մատուցման ժամկետին, արժեքին, ծառայությունների կազմին, որակին և (կամ) ծավալին համապատասխանող ծառայությունների արդյունքների մի մասը,

գ. ծառայություն ստացողը (պատվիրատուն) ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված մատուցման ժամկետին, կազմին, արժեքին, որակին և (կամ) ծավալին համապատասխանությունն ստուգելու ժամկետի ավարտից անմիջապես հետո պայմանագրի պայմաններին համապատասխան չի վճարել ստացված ծառայությունների արդյունքների դիմաց, ինչի պատճառով դրանք ծառայություն ստացողին չեն հանձնվել (հետ են վերցվել),

դ. ծառայություն ստացողը (պատվիրատուն) պայմանագրով նախատեսված պայմաններին ծառայությունների մատուցման ժամկետին, կազմին, արժեքին, որակին և (կամ) ծավալին համապատասխանությունն ստուգելու ժամկետի ավարտից անմիջապես հետո ստացված ծառայության դիմաց է կատարել մասնակի վճարում, ինչի պատճառով ծառայությունների արդյունքների մի մասը չի հանձնվել:

6. Կնքված պայմանագրով նախատեսված գործարքն ապրանքներ օտարողի կամ ծառայություններ մատուցողի գործողություններով պայմանավորված չկատարվելու կամ պայմանագրով նախատեսված պայմաններից տարբերվող պայմաններով կատարվելու դեպքերն են`

1) ապրանքներ օտարողի գործողություններով պայմանավորված`

ա. գնորդը հրաժարվել է ընդունել փաստացի մատակարարված ապրանքները, քանի որ մատակարարված ապրանքների տեսականին, քանակությունը, արժեքը, մատակարարման ժամկետը և (կամ) որակը չեն համապատասխանում պայմանագրով նախատեսված համապատասխան պայմաններին,

բ. գնորդն ընդունել է փաստացի մատակարարված այն ապրանքները, որոնց տեսականին, քանակը, արժեքը և (կամ) որակը համապատասխանում են պայմանագրով նախատեսված տեսականուն, քանակին, արժեքին և (կամ) որակին և չի ընդունել այն ապրանքները, որոնց տեսականին, քանակը, արժեքը, մատակարարման ժամկետը և (կամ) որակը չեն համապատասխանում պայմանագրով նախատեսված համապատասխան պայմաններին.

2) ծառայություն մատուցողի գործողություններով պայմանավորված`

ա. ծառայություն ստացողը հրաժարվել է ընդունել ծառայությունները, քանի որ ստացված ծառայությունների մատուցման ժամկետը, կազմը, ծավալը, արժեքը և (կամ) որակը չեն համապատասխանում պայմանագրով նախատեսվածին,

բ. պատվիրատուն ընդունել է այն ծառայությունները, որոնց մատուցման ժամկետը, կազմը, ծավալները, արժեքը և (կամ) որակը համապատասխանում են պայմանագրով նախատեսված կազմին, ծավալին, արժեքին և (կամ) որակին և չի ընդունել այն ծառայությունները, որոնց կազմը, ծավալը, արժեքը և (կամ) որակը չեն համապատասխանում պայմանագրին:

7. Հարկային հաշվի դուրսգրման ժամանակ սխալներ թույլ տալու դեպքերն են`

1) ապրանքներն առաքվել են այն անձին, որի հետ ապրանքների մատակարարման կամ մանրածախ վաճառքի վերաբերյալ պայմանագիր չի կնքվել (ապրանքներն առաքվել են երրորդ անձի).

2) ապրանքներն առաքվել են գնորդին, սակայն հարկային հաշիվը դուրս է գրվել այլ անձի անունով.

3) ապրանքների մատակարարմանը վերաբերող հարկային հաշիվը լրացվել է սխալներով, որոնք կարող են այն դուրս գրողի կամ ստացողի համար իրավական կամ ֆինանսական հետևանքներ առաջացնել (օրինակ` տուգանք, ծախսագրման կամ հաշվանցման արգելք).

4) հարկային հաշվով մատակարարվող ապրանքի ընդհանուր արժեքի հաշվարկմանը մասնակցող որևէ տվյալ (ապրանքների քանակ, գին, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկի դրույքաչափ կամ ավելացված արժեքի հարկի գումար) լրացվել է սխալ.

5) ծառայությունները մատուցվել են այն անձին, որի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր չի կնքվել (ծառայությունները մատուցվել են երրորդ անձի).

6) ծառայությունները մատուցվել են պատվիրատուին, սակայն հարկային հաշիվը դուրս է գրվել այլ անձի անունով.

7) ծառայությունների մատուցմանը վերաբերող հարկային հաշիվը լրացվել է սխալներով, որոնք կարող են այն դուրս գրողի կամ ստացողի համար իրավական կամ ֆինանսական հետևանքներ առաջացնել (օրինակ` տուգանք, ծախսագրման կամ հաշվանցման արգելք).

8) հարկային հաշվում ծառայության ընդհանուր արժեքի հաշվարկմանը մասնակցող որևէ տվյալ (ծառայության ծավալ, գին, ավելացված արժեքի հարկի դրույքաչափ կամ ավելացված արժեքի հարկի գումար) լրացվել է սխալ:

8. Բացի սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված դեպքերից` հարկային հաշիվը կարող է անվավեր ճանաչվել նաև օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` պայմանագրով նախատեսված հիմքերով հարկային հաշվին համապատասխանող գործարքը պայմանագրով նախատեսված պայմաններով չկատարվելու կամ անվավեր համարվելու դեպքերում:

9. Գնորդի (ծառայություններ ստացողի) կամ ապրանքներ օտարողի կամ ծառայություններ մատուցողի գործողություններով պայմանավորված դեպքերում էլեկտրոնային եղանակով կամ հարկային մարմնից ձեռք բերված ձևերի լրացմամբ դուրս գրված հարկային հաշիվն անվավեր է ճանաչվում, եթե`

1) հարկային հաշվի (էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշվի դեպքում` դրա թղթային տարբերակի) վրա առկա է գրառում հարկային հաշիվն անվավեր ճանաչելու հիմքի (պատճառի) վերաբերյալ և այդ գրառումն ստորագրված է այն անձի (կազմակերպության դեպքում` հարկային հաշիվը ստորագրած կամ ստորագրության լիազորություն ունեցող անձի) ստորագրությամբ, ում գործողություններով պայմանավորված գործարքը չի կատարվել կամ կատարվել է պայմանագրով նախատեսվածից տարբերվող պայմաններով, կամ`

2) հարկային հաշիվը դուրս գրողի մոտ առկա է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վավեր համարվող էլեկտրոնային կամ թղթային այլ փաստաթուղթ, որում նշված է տվյալ հարկային հաշիվն անվավեր ճանաչելու հիմքը (պատճառը):

10. Հարկային հաշվի լրացման հետ կապված այն դեպքերում, երբ ապրանքներն առաքվել են այն անձին, որի հետ ապրանքների մատակարարման կամ մանրածախ վաճառքի վերաբերյալ պայմանագիր չի կնքվել (ապրանքներն առաքվել են երրորդ անձի) կամ ապրանքներն առաքվել են գնորդին, սակայն հարկային հաշիվը դուրս է գրվել այլ անձի անունով, հարկային հաշիվն անվավեր է ճանաչվում, եթե հարկային հաշվի վրա առկա է ապրանքներ ձեռք չբերելու կամ ծառայություններ չստանալու վերաբերյալ այն անձի (կազմակերպության դեպքում` հարկային հաշիվն ստորագրած կամ ստորագրության լիազորություն ունեցող անձի) ստորագրությամբ գրառումը, ում անունով դուրս է գրվել հարկային հաշիվը կամ հարկային հաշիվ դուրս գրողի մոտ առկա է ապրանքներ ձեռք չբերելու կամ ծառայություններ չստանալու վերաբերյալ այդ անձի կողմից տրամադրված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վավեր համարվող էլեկտրոնային կամ թղթային փաստաթուղթ: Ապրանքների մատակարարմանը վերաբերող հարկային հաշիվը սխալներով լրացված լինելու դեպքերում` հարկային հաշվում կամ առանձին փաստաթղթում պետք է առկա լինի դուրս գրողի ստորագրված գրառումն այն մասին, որ հարկային հաշիվը լրացված է սխալներով:

11. Բացի սույն կարգի 9-րդ և 10-րդ կետում նշված գրառումներից կամ վավեր փաստաթղթի առկայությունից` ստացողի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային հարկային հաշիվն անվավեր է ճանաչվում, եթե հարկային հաշվի վրա կամ առանձին` վավեր համարվող փաստաթղթում առկա է հարկային հաշվի ստացումը վավերացնելիս էլեկտրոնային հարկային հաշվի վրա դրված էլեկտրոնային ստորագրությունը հետ չկանչելու պատճառի վերաբերյալ գրառում` ստորագրված անձի (կազմակերպության դեպքում` հարկային հաշիվն ստորագրած կամ ստորագրության լիազորություն ունեցող անձի) կողմից:

12. Անկախ սույն կարգի դրույթներից` ծառայությունների մատուցմանը վերաբերող հարկային հաշիվը չի կարող անվավեր ճանաչվել, եթե այդ ծառայություններն արդեն իսկ (փաստացի) մատուցվել են պայմանագրով սահմանված պայմաններով կամ ծառայության բովանդակությունն այնպիսին է, որ ծառայության արդյունքի հետ հանձնումն ուղղակի անհնարին է: Ապրանքի մատակարարման կամ մանրածախ վաճառքի դեպքում հարկային հաշիվը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ապրանքը չի կարող վերադարձվել և պայմանագրով սահմանված պայմանների փոփոխություն չի կատարվել:

13. Այն գործարքների գծով դուրս գրված հարկային հաշիվների անվավեր ճանաչումը, որոնց մասով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ իրավական այլ ակտերով հարկային հաշիվ դուրս չեն գրվում, հարկ վճարողին չի ազատում հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունից, եթե գործարքը կատարվել է:

14. Դուրս գրված հարկային հաշիվները, սույն կարգին համապատասխան անվավեր են ճանաչվում դուրսգրման օրվան հաջորդող երկամսյա ժամկետում, կամ սույն կարգի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված անվավեր ճանաչելու պատճառները կամ հիմք առաջանալու կամ հիմքը հայտնի դառնալու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում: Երկամսյա ժամկետից հետո հարկային հաշիվն անվավեր ճանաչվելու դեպքերում հարկային հաշվի վրա կամ առանձին` վավեր համարվող փաստաթղթում նշվում է հարկային հաշվի անվավեր ճանաչման հիմքի առաջացման կամ հիմքը հայտնի դառնալու ամիսը, ամսաթիվը և տարեթիվը:

15. Հարկային մարմնից ստացված ձևերի լրացմամբ դուրս գրված հարկային հաշիվները սույն կարգին համապատասխան անվավեր ճանաչվելու դեպքերում հարկային հաշիվներ դուրս գրողն անվավեր ճանաչված հարկային հաշիվների սերիա-համարների վերաբերյալ տեղեկությունը ներկայացնում է հարկային մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և ժամկետներում: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ժամկետից հետո դուրս գրողի կողմից սույն կարգին համապատասխան անվավեր ճանաչված էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունը ներկայացվում է հարկային մարմին էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից սահմանված ձևով:

15.1 Սույն կարգին համապատասխան անմիջականորեն հարկային հաշիվներ դուրս գրած անձի (հանձնակատարի, գործակալի, համատեղ գործունեության մասնակցի) կողմից անվավեր են ճանաչվում նաև հանձնարարողի, պրինցիպալի կամ հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություններն ստանձնած անձի անունից դուրս գրված հարկային հաշիվները:

(15.1-ին կետը լրաց. 29.05.13 N 550-Ն)

16. Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը` դուրս գրված հարկային հաշիվները դուրս գրողների կողմից սույն կարգին համապատասխան անվավեր են ճանաչվում կարգն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում:

(հավելվածը լրաց. 07.07.11 N 989-Ն, 29.05.13 N 550-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան