Համարը 
N 1461-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.12.21/86(1175) Հոդ.1116
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.12.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
17.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2015 թվականի N 1461-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249-րդ հոդվածի 23-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնության կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 3-ի N 1461-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնության կիրառման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առնվազն հինգ տարի անընդմեջ մշտապես բնակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 249-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ մասերով սահմանված դրույթների պահպանումն ստուգելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը մաքսային մարմիններին է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը՝ վերադաս մաքսային մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ մուտքի թույլտվություն տրամադրելու միջոցով:

3. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ունեցած առկա և նախկին հաշվառումների ու հաշվառումներից դուրս գալու փաստերի, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության իրավունքի և Հայաստանի Հանրապետությունում երբևէ ստացած՝ անձը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկատվությունը վերադաս մաքսային մարմնին է տրամադրում ոստիկանության բնագավառում լիազոր պետական կառավարման մարմինը:

 

II. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

4. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձն անձնական օգտագործման գույքն օրենքի 249-րդ հոդվածով սահմանված մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) արտոնությամբ ներմուծելու համար վերադաս մաքսային մարմին է ներկայացնում դիմում, որում նշում է տեղեկություններ տեղափոխվող ապրանքների անվանման, քաշի և քանակի վերաբերյալ, կցելով հետևյալ փաստաթղթերը՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը կամ նույնականացման քարտի պատճենը, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տրամադրած՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության իրավունքը հավաստող այլ փաստաթուղթ.

2) մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանումն օտարերկրյա պետությունում քաղաքացու մշտական բնակության փաստը հավաստող փաստաթուղթ` օտարերկրյա անձնագրի կամ կացության քարտի պատճենը, կամ օտարերկրյա պետության տրամադրած մշտական բնակության փաստի վերաբերյալ այլ փաստաթուղթ` միջազգային վավերացմամբ (ապոստիլ) կամ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոսության վավերացմամբ.

3) օտարերկրյա պետության լիազոր մարմնի տրամադրած՝ ավտոմեքենայի և (կամ) կցորդի սեփականության փաստը հավաստող փաստաթղթի պատճենը.

4) սույն կետում չնշված և «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված պայմանագրի անբաժանելի մասը համարվող Մաքսային միության մաքսային օրենսգրքի 49-րդ գլխի դրույթներով սահմանված՝ ֆիզիկական անձանց կողմից ապրանքների հայտարարագրման ժամանակ պահանջվող փաստաթղթերը.

5) անձնական օգտագործման ավտոմեքենա ներմուծելու դեպքում ավտոմեքենայի հաշվառման (գրանցման) փաստաթուղթը, որով հիմնավորվում է, որ այն նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն վեց ամիս հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով՝ այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է՝ նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը:

5. Դիմումատուն սույն կարգի 4-րդ կետում նշված օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը ներկայացնում է նոտարական կարգով վավերացմամբ կատարված թարգմանությամբ:

6. Դիմումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադաս մաքսային մարմինը Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու մասին տեղեկատվություն ստանալու նպատակով հարցում է ուղարկում ոստիկանության բնագավառում լիազոր պետական կառավարման մարմին, որը հարցումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում վերադաս մաքսային մարմնին է տրամադրում սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունը:

7. Վերադաս մաքսային մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերն ու տեղեկությունները, սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությունը և սույն կարգի 6-րդ կետում ամրագրված ժամկետից հետո եռօրյա ժամկետում թույլատրում է քաղաքացուն առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման ներմուծել իր անձնական օգտագործման գույքը, եթե պարզվում է, որ ներկայացված և առկա տեղեկությունները համապատասխանում են օրենքի 249-րդ հոդվածի 13-15-րդ և 17-րդ մասերում, իսկ անձնական օգտագործման ավտոմեքենայի ներմուծման դեպքում՝ նաև օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ութերորդ պարբերությամբ սահմանված պահանջներին, կամ նույն ժամկետում մերժում է դիմումը՝ նշելով մերժման պատճառը, եթե ներկայացված և առկա տեղեկությունները չեն համապատասխանում օրենքի նշված հոդվածներով և հոդվածների մասերով սահմանված պահանջներին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան