Համարը 
N 290-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2013.09.02/26(470) Հոդ.248
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
03.07.2013
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.07.2013
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.09.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 12413317

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

3 հուլիսի 2013 թ.

N 290-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 181-րդ և 182-րդ հոդվածների համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի պարզաբանման հիմնական կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2013 թվականի հուլիսի 3-ի

N 290-Ն հրամանի

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ

 

 1. Սույն հրամանով կարգավորվում են ապրանքների դասակարգման ընթացքում արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) պարզաբանումների հիմնական կանոնների կիրառման հետ կապված հարաբերությունները:

 

I. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Սույն հրամանում օգտագործված հասկացությունները նշանակում են հետևյալը.

1) «Դասակարգային խմբավորում»` ԱՏԳ ԱԱ-ում ապրանքների համախումբ, որոնք ունեն ընդհանուր հատկանիշներ:

ա. Վերադաս դասակարգային խմբավորումներն աստիճանակարգորեն բաժանվում են ստորադաս դասակարգային խմբավորումների:

բ. Դասակարգային խմբավորման մեջ մտնող ապրանքների ընդհանուր հատկանիշները որոշվում են իրենց անվանումներում նշված հատկանիշների հիման վրա՝ հաշվի առնելով այն առանձնահատկությունները, որոնք նշված են անմիջապես վերադաս դասակարգային խմբավորումներում և ԱՏԳ ԱԱ-ում ներառվող ծանոթագրություններում:

2) «Ծածկագիր»` արաբական թվերի կանոնակարգված համակցություն, որը կիրառվում է ապրանքների դասակարգային խմբավորման նշանակության համար:

3) «Ապրանքային դիրք»՝ ապրանքների դասակարգային խմբավորում, որն ունի անգծիկային անվանում և ծածկագիր՝ բաղկացած չորս կամ ավելի թվերից` այն պայմանով, որ բոլոր թվերը՝ սկսած հինգերորդից, զրոներ են: Ապրանքային դիրքերի ծածկագրերը կարող են լինել հետևյալ տեսակների՝ XXXX, XXXX 00, XXXX 00 00, XXXX 00 000, XXXX 00 000 0, որտեղ X-ը նշանակում է ծածկագրի թիվը: «Դիրք» տերմինը կիրառվում է ապրանքային դիրքի կամ ենթադիրքի կամ ստորաենթադիրքի հատկանշման համար:

4) «Ենթադիրք»՝ ապրանքների դասակարգային խմբավորում, որը մտնում է ապրանքային դիրքի կազմի մեջ և ունի մեկգծիկային կամ երկգծիկային անվանում կամ վեց կամ ավելի թվերից բաղկացած ծածկագիր` այն պայմանով, որ ծածկագրի հինգերորդ թիվը տարբերվում է զրոյից և ծածկագրի բոլոր թվերը՝ սկսած յոթերորդից, զրոներ են, կամ ծածկագիր չունեցող` այն պայմանով, որ ստորադաս դասակարգային խմբավորումների ծածկագրերի հինգերորդ թիվը տարբերվում է զրոյից: Ենթադիրքերի ծածկագրերը կարող են լինել հետևյալ տեսակների՝ XXXX XX, XXXX XX 00, XXXX XX 000, XXXX XX 000 0, որտեղ X-ը նշանակում է ծածկագրի թիվը:

5) «Ստորաենթադիրք»՝ ապրանքների դասակարգային խմբավորում, որը մտնում է ապրանքային ենթադիրքի կազմի մեջ, իսկ վերջինիս բացակայության դեպքում մտնում է ապրանքային դիրքի կազմի մեջ, կամ ավելի քան վեց թվից բաղկացած ծածկագիր ունեցող, կամ ծածկագիր չունեցող, բայց մեկգծիկային կամ բազմագծիկային անվանում ունեցող` այն պայմանով, որ ստորադաս դասակարգային խմբավորման ծածկագրերի հինգերորդ թիվը զրո է և /կամ/ բաղկացած են ավելի քան վեց թվից: Ստորաենթադիրքերը կարող են մտնել վերադաս ստորաենթադիրքերի կազմի մեջ: Ստորաենթադիրքերի ծածկագրերը կարող են լինել հետևյալ տեսակների՝ XXXX XX XX, XXXX XX XXX, XXXX XX XXX X, XXXX 00 XX, XXXX 00 XXX, XXXX 00 XXX X, որտեղ X-ը նշանակում է ծածկագրի թիվը: «Միևնույն մակարդակի վրա գտնվող ենթադիրքեր» (ստորաենթադիրքեր)՝ անմիջապես վերադաս դասակարգային մեկ խմբավորման շրջանակներում առանձնացված և նույն քանակության գծիկներ ունեցող ենթադիրքեր և ստորաենթադիրքեր:

 

II. ԿԱՆՈՆՆԵՐ

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ

 

3. Ապրանքների դասակարգումն Արտաքին Տնտեսական Գործունեության ապրանքային անվանացանկում (ԱՏԳ ԱԱ) իրականացվում է հետևյալ Կանոններով.

1) Կանոն 1 - Բաժինների, խմբերի և ենթախմբերի անվանումները նշվում են միայն ԱՏԳ ԱԱ-ի կիրառման հարմարավետության համար: Իրավական նպատակներով ապրանքների դասակարգումն ԱՏԳ ԱԱ-ում իրականացվում է ապրանքային դիրքերի բովանդակությանը և բաժինների կամ խմբերի համապատասխան ծանոթագրություններին, ինչպես նաև այդ տեքստերում այլ բան նախատեսված չլինելու դեպքում` հետևյալ դրույթներին համապատասխան.

2) Կանոն 2.

ա. Կանոն 2 «ա» - Ապրանքային դիրքի անվանման մեջ ցանկացած հղում որևէ ապրանքին պետք է դիտարկվի թե որպես հղում ոչ ամբողջական կամ անավարտ տեսքով ապրանքին, այն պայմանով, որ ներկայացված լինելով ոչ ամբողջական կամ անավարտ տեսքով` այդ ապրանքն օժտված է ամբողջական կամ ավարտված տեսքով ապրանքի հիմնական հատկությամբ, և թե որպես հղում ամբողջական կամ ավարտված տեսքով ապրանքին (կամ դասակարգված դիտարկվող ապրանքային դիրքում` որպես ամբողջական կամ ավարտված` ըստ սույն Կանոնների)` ներկայացված չհավաքված կամ մասնատված տեսքով:

բ. Կանոն 2 «բ» - Ապրանքային դիրքի անվանման մեջ ցանկացած հղում որևէ հումքի կամ նյութի պետք է դիտարկվի նաև որպես հղում այդ հումքի կամ նյութի խառնուրդին կամ միացությանը` այլ հումքերի կամ նյութերի հետ: Ցանկացած հղում որոշակի հումքից կամ նյութից պատրաստված ապրանքին պետք է դիտարկվի նաև որպես հղում ամբողջությամբ կամ մասամբ այդ հումքից կամ նյութից պատրաստված ապրանքին: Ավելի քան մեկ հումքից կամ նյութից բաղկացած ապրանքների դասակարգումն իրականացվում է 3-րդ Կանոնի դրույթներին համապատասխան:

3) Կանոն 3 - Այն դեպքում, երբ ըստ 2-րդ Կանոնի «բ» կետի կամ որևէ այլ պատճառով առաջին հայացքից առկա է ապրանքները երկու կամ ավելի ապրանքային դիրքերին դասելու հնարավորություն, ապա այդպիսի ապրանքների դասակարգումն իրականացվում է հետևյալ կերպ.

ա. Կանոն 3 «ա» - Նախապատվությունը տրվում է այն ապրանքային դիրքին, որն առավել կոնկրետ է բնութագրում ապրանքը՝ ավելի ընդհանրական բնութագիր պարունակող ապրանքային դիրքերի համեմատությամբ: Սակայն եթե երկու կամ ավելի ապրանքային դիրքերից յուրաքանչյուրն առնչվում է խառնուրդների կամ բազմաբաղադրիչ արտադրանքների բաղադրությունը կազմող հումքերի կամ նյութերի միայն մի մասին, կամ մանրածախ վաճառքի համար նախատեսված լրակազմում ներկայացված միայն առանձին ապրանքներին, ապա տվյալ ապրանքային դիրքերը պետք է դիտարկվեն որպես տվյալ ապրանքի համար հավասարապես հատկանշական ապրանքային դիրքեր` նույնիսկ այն դեպքում, երբ դրանցից մեկը պարունակում է ապրանքի ավելի ամբողջական կամ հստակ նկարագիր:

բ. Կանոն 3 «բ» - Խառնուրդները, բազմաբաղադրիչ արտադրանքները, որոնք բաղկացած են տարբեր հումքերից կամ պատրաստված են զանազան բաղադրիչներից, ինչպես նաև մանրածախ առևտրի համար նախատեսված լրակազմերով ներկայացված ապրանքները, որոնց դասակարգումը չի կարող իրականացվել 3-րդ Կանոնի «ա» կետի դրույթներին համապատասխան, պետք է դասակարգվեն ըստ այն հումքի կամ բաղադրիչ մասի, որոնք տվյալ ապրանքներին տալիս են հիմնական հատկություններ` այն պայմանով, որ այդ չափանիշը կիրառելի է: Մետաղական հանքաքարերը և խտանյութերը, որոնք պարունակում են մեկից ավելի հանքատեսակներ, պետք է դասակարգվեն խմբաքանակում առկա մետաղների քանակությամբ՝ յուրաքանչյուրը ըստ առանձին ծածկագրի:

գ. Կանոն 3 «գ» - Այն ապրանքները, որոնց դասակարգումը չի կարող իրականացվել 3-րդ Կանոնի «ա» կամ «բ» կետերի դրույթներին համապատասխան, պետք է դասակարգվեն այն ապրանքային դիրքում, որն ըստ ծածկագրերի աճման կարգի` հանդիսանում է վերջինը այն ապրանքային դիրքերում, որոնք հավասարաչափ կիրառելի են տվյալ ապրանքների դասակարգման ընթացքում:

4) Կանոն 4 - Այն ապրանքները, որոնց դասակարգումը չի կարող իրականացվել սույն հավելվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված Կանոնների դրույթներին համապատասխան, դասակարգվում են այն ապրանքային դիրքում, որն առավելապես նման (մոտ) է դիտարկվող ապրանքներին:

5) Կանոն 5 - Ի լրումն սույն հավելվածի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված դրույթների՝ սույն ենթակետում նշված ապրանքների դասակարգման ժամանակ կիրառվում են հետևյալ Կանոնները.

ա. Կանոն 5 «ա» - Ֆոտոխցիկների, երաժշտական գործիքների, զենքերի, գծագրական պարագաների, ապարանջանների պատյանները և տուփերը, ինչպես նաև հատուկ ձև ունեցող կամ համապատասխան արտադրանքի կամ արտադրանքների հավաքածուի տեղադրման համար հարմարեցված նմանատիպ ապրանքափաթեթը, որը պիտանի է երկարաժամկետ օգտագործման համար և ներկայացված է այն արտադրանքների հետ, որոնց համար նախատեսված է, պետք է դասակարգվեն դրանցում փաթեթավորված արտադրանքի հետ միասին, եթե այդ տեսակի ապրանքափաթեթը սովորաբար վաճառվում է տվյալ արտադրանքների հետ միասին: Սակայն սույն Կանոնը կիրառելի չէ այն ապրանքափաթեթի նկատմամբ, որը փաթեթավորված արտադրանքի հետ միասին կազմելով մեկ ամբողջություն` վերջինիս տալիս է հիմնական հատկություն:

բ. Կանոն 5 «բ» - Համաձայն սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դրույթների՝ փաթեթավորման նյութերը և ապրանքափաթեթը, որոնք մատակարարվում են դրանցում գտնվող ապրանքների հետ, պետք է դասակարգվեն միասին, եթե ունեն այն տեսքը, որը սովորաբար օգտագործվում է տվյալ ապրանքների փաթեթավորման համար: Սակայն սույն դրույթը պարտադիր կիրառման ենթակա չէ, եթե նման փաթեթավորման նյութերը կամ ապրանքափաթեթը ակնհայտորեն պիտանի են կրկնակի օգտագործման համար:

6) Կանոն 6 - Իրավական նպատակներով ապրանքների դասակարգումն ապրանքային դիրքի ենթադիրքերում պետք է իրականացվի ենթադիրքերի անվանումներին և ծանոթագրություններին համապատասխան, որոնք առնչվում են ենթադիրքերի հետ, ինչպես նաև սույն հավելվածով սահմանված Կանոնների դրույթներին համապատասխան` այն պայմանով, որ միայն միևնույն մակարդակի վրա գտնվող ենթադիրքերն են համարվում համեմատելի: Սույն հավելվածով սահմանված Կանոնների նպատակներով կարող են կիրառվել նաև բաժինների և խմբերի վերաբերյալ համապատասխան ծանոթագրությունները, եթե համատեքստում այլ բան նախատեսված չէ:

 

III. ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

4. ԱՏԳ ԱԱ-ի պարզաբանման հիմնական կանոնները (այսուհետ՝ ՊՀԿ) նախատեսված են որոշակի դասակարգային խմբավորմանը որևէ կոնկրետ ապրանքի միանշանակ պատկանելության ապահովման նպատակով` կոդավորված անհրաժեշտ մակարդակով:

5. ՊՀԿ միատեսակ կիրառվում են ցանկացած ապրանքի դասակարգման դեպքում և հետևաբար՝

1) ՊՀԿ 1-ը կիրառվում է առաջին հերթին.

2) ՊՀԿ 2-ը կիրառվում է ապրանքն ըստ ՊՀԿ 1-ի դասակարգելու անհնարինության դեպքում.

3) ՊՀԿ 3-ը կիրառվում է ապրանքն ըստ ՊՀԿ 1-ի կամ ՊՀԿ 2-ի դասակարգելու անհնարինության դեպքում.

4) ՊՀԿ 4-ը կիրառվում է ապրանքն ըստ ՊՀԿ 1-ի, ՊՀԿ 2-ի կամ ՊՀԿ 3-ի դասակարգելու անհնարինության դեպքում.

5) ՊՀԿ 5-ը կիրառվում է անհրաժեշտության դեպքում` այլ ՊՀԿ-ի կիրառումից հետո.

6) ՊՀԿ 6-ը կիրառվում է ենթադիրքի (ստորաենթադիրքի) ծածկագրի որոշման անհրաժեշտության դեպքում.

7) ՊՀԿ 2-ի կիրառման դեպքում սկզբում կիրառվում է ՊՀԿ 2(ա), այնուհետ ՊՀԿ 2(բ), եթե ապրանքի դասակարգումն ըստ ՊՀԿ 2(ա)-ի անհնարին է.

8) ՊՀԿ 3-ի կիրառման դեպքում սկզբում կիրառվում է ՊՀԿ 3(ա), այնուհետ՝ ՊՀԿ 3(բ), եթե ապրանքի դասակարգումն ըստ ՊՀԿ 3(ա)-ի անհնարին է, այնուհետև՝ ՊՀԿ 3(գ), եթե անհնարին է ապրանքի դասակարգումն ըստ ՊՀԿ 3(ա)-ի կամ ՊՀԿ 3 (բ)-ի:

6. Ապրանքի դասակարգման ընթացքում գործողություններն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ մինչև դասակարգման անհրաժեշտ մակարդակին հասնելը.

1) Ապրանքային դիրքի որոշումը ՊՀԿ 1-ից ՊՀԿ 5-ի օգնությամբ, որոնք կիրառվում են սույն հավելվածի 3-րդ կետով հաստատված հերթականությամբ.

2) Ենթադիրքի (ստորաենթադիրքի) որոշումը ՊՀԿ 6-ի հիման վրա և ՊՀԿ 1-ից ՊՀԿ 5-ի օգնությամբ, որոնք կիրառվում են սույն հավելվածի 3-րդ կետով հաստատված հերթականությամբ՝ ՊՀԿ 1-ից ՊՀԿ 4-ի տեքստերում «ապրանքային դիրք» տերմինը փոխարինելով «ենթադիրք» («ստորաենթադիրք») տերմինով` համապատասխան թվով և հոլովով, եթե սույն հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն սահմանված ապրանքային դիրքն ունի ստորադաս ենթադիրքեր (ստորաենթադիրքեր).

ա. Մեկգծիկային ենթադիրքի (ստորաենթադիրքի) որոշումը տվյալ ապրանքային դիրքի շրջանակներում.

բ. Երկգծիկային ենթադիրքի (ստորաենթադիրքի) որոշումը տվյալ մեկգծիկային ենթադիրքի (ստորաենթադիրքի) շրջանակներում.

գ. Եռագծիկային ստորաենթադիրքի որոշումը տվյալ երկգծիկային ենթադիրքի (ստորաենթադիրքի) շրջանակներում և այլն, մինչև դասակարգման անհրաժեշտ մակարդակին հասնելը: