Համարը 
թիվ 1
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2014.02.17/4(483)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
14.01.2014
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.01.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

14 հունվարի 2014 թվականի թիվ 1

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը, ստանալով պաշտոնական պարզաբանում տալու միջնորդություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթների վերաբերյալ, մասնավորապես. ո՞ր դեպքերում, ի՞նչ պայմաններում և ի՞նչ չափով կարող է ծագել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարչի (այսուհետ՝ Կառավարիչ) պարտավորությունը հատուցում վճարած Հայաստանի Հանրապետության և Երաշխիքային ֆոնդի նկատմամբ,

հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով իրեն վերապահված Պաշտոնական պարզաբանումներ տալու իրավասությունը,

 

բարձրացված խնդիրների տեսանկյունից անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցերին.

 Ո՞վ է երաշխավորում մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիությունը

 Ո՞վ է իրականացնում հատուցումը և ե՞րբ է ծագում հետադարձ պահանջի իրավունքը Կառավարչի նկատմամբ

 Կառավարչի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունքի ծագման դեպքում ո՞վ է կրում ապացուցման պարտականությունը

 Որքա՞ն է հետադարձ պահանջի ծավալը

Ո՞րն է ֆիդուցիար պարտականության շրջանակը:

 

1. Ո՞վ է երաշխավորում մասնակիցների կատարած կուտակային վճարների վերադարձելիությունը.

Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի՝ ճշգրտված տարեկան գնաճով, վերադարձելիությունը երաշխավորվում է Երաշխիքային ֆոնդի կողմից (20 տոկոսով) և Հայաստանի Հանրապետության կողմից (80 տոկոսով):

2. Ո՞վ է իրականացնում հատուցումը և ե՞րբ է ծագում հետադարձ պահանջի իրավունքը Կառավարչի նկատմամբ.

Օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն երաշխավորված պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով հատուցումն իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը և Երաշխիքային ֆոնդը հատուցած գումարի և հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերի չափով հետադարձ պահանջի իրավունք են ձեռք բերում համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կառավարչի նկատմամբ, եթե հատուցման դեպքն առաջացել է տվյալ կառավարչի գործողությունների կամ անգործության հետևանքով, բացառությամբ՝ երբ կառավարիչն ապացուցում է, որ գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջանում պարզաբանել վերը նշված հարցերը հետևյալի լույսի ներքո՝

 մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի վերադարձելիությունը երաշխավորում է Հայաստանի Հանրապետությունը և Երաշխիքային ֆոնդը

 վերջիններս պարտավորվում են իրականացնել հատուցում

 հատուցումն իրականացնելուց հետո ձեռք են բերում հետադարձ պահանջի իրավունք համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կառավարչի նկատմամբ հետևյալ պայմանների առկայության պարագայում.

օ Հատուցման դեպքն առաջացել է որպես հետևանք Կառավարչի գործողության կամ անգործության, որով խախտվել է կիրառելի օրենք, կանոնակարգ կամ վերջինիս կողմից ստանձնած պայմանագրային պարտավորություն (այսուհետ՝ Կառավարչի Գործողություն), ինչն էլ ապացուցում են Հայաստանի Հանրապետությունը և Երաշխիքային ֆոնդը

օ Կառավարիչը չի ապացուցել, որ գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում:

3. Կառավարչի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունքի ծագման դեպքում ո՞վ է կրում ապացուցման պարտականությունը.

Կառավարչի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունքն ապացուցման կարիք ունի, որի համար գործում է երկաստիճան կարգ:

1) Կառավարչի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունքի ծագման դեպքում հիմք է ընդունվում այն հանգամանքը, թե արդյոք հատուցման դեպքն առաջացել է կառավարչի գործողության կամ անգործության հետևանքով: Այսպիսով, առաջին փուլում հատուցումը կատարած Հայաստանի Հանրապետությունը և Երաշխիքային ֆոնդը կրում են հատուցման դեպքի՝ Կառավարչի Գործողության հետևանքով առաջացած լինելը ապացուցելու պարտականություն: Անհրաժեշտություն է առաջանում հաստատելու պատճառահետևանքային կապը Կառավարչի Գործողության և առաջացած հետևանքի՝ այն է, հատուցման դեպքի միջև:

Նշված հոդվածների բովանդակությունից բխում է նաև, որ այն փաստը, որ մասնակցին վերադարձվող գումարը պակաս է ճշգրտված տարեկան գնաճով կատարած պարտադիր կուտակային վճարների գումարից, ինքնին չի հանգեցնում Կառավարչի պատասխանատվության ոչ պատշաճ գործելու համար:

Արդյունքում Կառավարչի պարտավորությունը հատուցում վճարած կողմերի նկատմամբ չի առաջանում, քանի դեռ հատուցում իրականացրած Հայաստանի Հանրապետությունը և Երաշխիքային ֆոնդը չեն ապացուցում, որ հատուցման դեպքը վրա է հասել Կառավարչի Գործողության հետևանքով:

2) Վերոնշյալն ապացուցելուց հետո ապացուցման բեռը դրվում է Կառավարչի վրա և երկրորդ փուլում նա պետք է ապացուցի, որ իր գործողությունների կամ անգործության ժամանակ գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում, ինչի դեպքում ազատվում է վճարում կատարելու պարտականությունից:

Այսպիսով, Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Երաշխիքային ֆոնդը Կառավարչի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք են ձեռք բերում, եթե ապացուցում են, որ հատուցման դեպքը առաջացել է Կառավարչի Գործողության հետևանքով, իսկ Կառավարիչն էլ իր հերթին չի ապացուցում, որ գործում էր Օրենքով սահմանված իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակներում:

Ընդ որում, վերը նշված 2-րդ կետով սահմանված դրույթը չի կիրառվում ՀՀ կենտրոնական բանկի՝ որպես վերահսկող մարմնի և Կառավարչի միջև ծագած վարչաիրավական հարաբերությունների նկատմամբ: Մասնավորապես, Կենտրոնական բանկի կողմից Կառավարչի նկատմամբ իր ֆիդուցիար պարտականությունների խախտման համար վարչական վարույթի հարուցման դեպքում Կառավարչի ֆիդուցիար պարտականությունների խախտման ապացուցման պարտականությունը կրում է ՀՀ կենտրոնական բանկը:

 

4. Ո՞րքան է հետադարձ պահանջի ծավալը.

Օրենքի 49-րդ հոդվածով երաշխավորելով մասնակցի կուտակային վճարների ամբողջ գումարի վերադարձելիությունը (ճշգրտված տարեկան գնաճով) և սահմանելով հատուցումը կատարած Հայաստանի Հանրապետության և Երաշխիքային ֆոնդի կողմից հետադարձ պահանջի իրավունքը՝ Օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն վերջիններիս պահանջի իրավունքը սահմանափակվում է հատուցված գումարի և հատուցումը տրամադրելու հետ կապված ծախսերի չափով:

Ավելին՝ Հայաստանի Հանրապետության և Երաշխիքային ֆոնդի հետադարձ պահանջի իրավունքը կիրառվում է հատուցման այն մասի նկատմամբ, որը հանդիսանում է Կառավարչի Գործողության հետևանք, ինչպես նաև հատուցման այդ մասը տրամադրելու հետ կապված Հայաստանի Հանրապետության և Երաշխիքային ֆոնդի կրած իրական ծախսերի նկատմամբ:

5. Ո՞րն է ֆիդուցիար պարտականության շրջանակը.

Ֆիդուցիար պարտականությունը անձի պարտականությունն է գործել ի շահ այլ անձի՝ դրսևորելով բարեխղճություն և ողջամտություն: Կառավարիչների՝ ֆիդուցիար պարտականությունների շրջանակը ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում:

Մասնավորապես, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի համաձայն կառավարիչը պարտավոր է՝

ü իր պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով ֆոնդի մասնակիցների և իր հաճախորդների շահերից, իրականացնել իր իրավունքները և կատարել ֆոնդի մասնակիցների և իր հաճախորդների նկատմամբ իր պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով.

ü ձեռնպահ մնալ իր և ֆոնդի մասնակիցների կամ իր հաճախորդների միջև շահերի բախման առարկա համարվող գործարքների կնքումից` դրա անհնարինության դեպքում նախապատվությունը տալով ֆոնդի մասնակիցների և հաճախորդի շահերին.

ü իր գործունեության իրականացման ընթացքում ձեռնարկել բավարար միջոցներ իր և ֆոնդի մասնակիցների ու իր հաճախորդների, ինչպես նաև իր տարբեր հաճախորդների, վերջինների և իր կողմից կառավարվող ֆոնդերի և տարբեր ֆոնդերի միջև շահերի հնարավոր բախումները կանխելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք նվազեցնելու համար.

ü ներդնել կազմակերպական և կառավարչական արդյունավետ միջոցներ` իր կողմից ներդրումային առաջարկությունների կազմման և տարածման հետ կապված շահերի բախումները կանխելու համար.

ü ներդրումային ծառայություններ մատուցելու դեպքում պահպանել ՀՀ օրենսդրությամբ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց համար սահմանված այլ պարտականությունները:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Կառավարիչների կողմից իրենց ֆիդուցիար պարտականությունների շրջանակի վերաբերյալ Կենտրոնական բանկ դիմելու դեպքում Կենտրոնական բանկը պատրաստակամ է հայտնել Կառավարչի/կառավարիչների ֆիդուցիար պարտականությունների ծավալի վերաբերյալ իր մասնագիտական կարծիքը և դիրքորոշումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դատարանում հանդես գալ որպես amicus curae:

 

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը՝

հատուցում իրականացրած Հայաստանի Հանրապետության և Երաշխիքային ֆոնդի՝ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի նկատմամբ ձեռք բերվող հետադարձ պահանջի իրավունքի վերաբերյալ պաշտոնապես պարզաբանում է.

Օրենքով սահմանված հատուցման իրավիճակի վրա հասնելու դեպքում հատուցումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Երաշխիքային ֆոնդի կողմից, որոնք էլ իրենց հերթին հատուցված գումարի և հատուցման հետ կապված ծախսերի չափով հետադարձ պահանջի իրավունք են ձեռք բերում համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կառավարչի նկատմամբ այն դեպքում, երբ ապացուցում են, որ հատուցման դեպքը Կառավարչի Գործողության հետևանք է, իսկ Կառավարիչն էլ չի ապացուցում, որ գործում էր Օրենքով սահմանված իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում: Մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի հաշվարկային արժեքների հանրագումարի՝ սահմանված չափից պակաս լինելը ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության և Երաշխիքային ֆոնդի նկատմամբ Կառավարչի պարտավորության: Ավելին, Կառավարչի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունքը կիրառելի է հատուցման այն մասի նկատմամբ, որը հանդիսանում է Կառավարչի Գործողության հետևանք, ինչպես նաև հատուցման այդ մասը տրամադրելու հետ կապված Հայաստանի Հանրապետության և Երաշխիքային ֆոնդի կրած իրական ծախսերի նկատմամբ:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. հունվարի 23

Երևան