Համարը 
թիվ 161-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2010.09.01/20(372) Հոդ.248
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
20.07.2010
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.07.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ (ՏՐԱՄԱԴՐՎՈՂ) ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/03.1-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 օգոստոսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010312

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 հուլիսի 2010 թ.

թիվ 161-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ (ՏՐԱՄԱԴՐՎՈՂ) ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/03.1-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 51-րդ հոդվածի 7-րդ մասը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրոյի կողմից հրապարակման ենթակա տեղեկությունների կազմը և հրապարակման (տրամադրման) կարգը, ինչպես նաև հրապարակվող (տրամադրվող) տեղեկատվության նկատմամբ ներկայացվող պահանջները» կանոնակարգ 8/03.1-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2010 թ. հուլիսի 22

ք. Երևան

 

 

 

Հավելված

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2010 թվականի հուլիսի 20-ի
թիվ 161-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  8/03.1

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ (ՏՐԱՄԱԴՐՎՈՂ) ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը տարածվում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրոյի վրա (այսուհետ` բյուրո) և սահմանում է բյուրոյի կողմից իր ինտերնետային կայքում, տեղեկատվական ամփոփագրերում և գործունեության վայրում հրապարակվող տեղեկությունների կազմը և հրապարակման (տրամադրման) կարգը, ինչպես նաև Բյուրոյի կողմից հրապարակվող (տրամադրվող) տեղեկատվությանը ներկայացվող պահանջները:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացությունները սույն կանոնակարգի իմաստով ունեն հետևյալ նշանակությունները.

1) Սպառող՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ,

2) Սույն կանոնակարգում օգտագործվող այլ հասկացություններն ունեն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ով սահմանված նշանակությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

3. Բյուրոյի կողմից տեղեկություններ հրապարակելիս պահպանվում են հետևյալ ընդհանուր պայմանները.

1) տեղեկատվությունը ներկայացվում է ճշգրիտ և արժանահավատ,

2) տեղեկատվությունը ներկայացվում է ժամանակին և ամբողջական (բավարար չափով),

3) տեղեկությունը ներկայացվում է ներկայացուցչական սպառողի համար պարզ և մատչելի լեզվով (տեքստի շարադրանքով)` առանց շփոթեցնող, խրթին կամ մոլորեցնող բառերի, արտահայտությունների, խիստ մասնագիտական, տեխնիկական եզրույթների,

4) տեղեկատվությունը ներկայացվում է հայերեն լեզվով (բացառությամբ օտար լեզուներով տպագրվող թերթերի, հատուկ հրատարակությունների): Ընդ որում, օտար լեզվով հրապարակված տեղեկատվությունը պետք է համապատասխանի դրա հայերեն տարբերակին և նշում պարունակի այն մասին, որ տարբեր լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանություն բացահայտվելու դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով, ինչպես նաև, որ նշված խնդրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կարելի է ստանալ հայերեն տարբերակից, եթե տվյալ օտար լեզվով հրապարակված տեղեկատվությունն ամբողջական չէ,

5) տեղեկատվությունը շարադրվում է ներկայացուցչական սպառողի համար հեշտ ընթեռնելի տառաչափերով և տառատեսակներով և տեսանելի ձևով (օրինակ` հայտարարության ձևով փակցվելու դեպքում տեղադրվի տեսանելի վայրերում),

6) տեղեկատվությունն այնպես է ներկայացվում, որ ներկայացուցչական սպառողը հեշտությամբ գտնի իրեն հետաքրքրող տեղեկատվությունը: Օրինակ՝ տեքստը պարունակում է վերնագրեր, առանձին բացատրական նշումներ, բովանդակության վերաբերյալ առանձին բաժին, տեքստի առավել կարևոր մասերը շեղատառերով կամ ավելի մեծ տառաչափերով են արտացոլվում՝ սպառողների ուշադրությունը դրանց վրա հրավիրելու նպատակով,

7) տեղեկատվությունում նշվում են առնվազն հետևյալ տեղեկությունները.

ա. Բյուրոյի կայքի հասցեն,

բ. Բյուրոյի հետ հաղորդակցման տվյալները (հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե կամ այլն),

8) տեղեկատվության մեջ չեն կարող օգտագործվել ապակողմնորոշող այնպիսի տեղեկություններ կամ այլ անձանց կողմից Բյուրոյի անդամների վերաբերյալ կատարված հայտարարություններ, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ Բյուրոյի անդամների ֆինանսական վիճակի, ֆինանսական շուկայում նրանց զբաղեցրած դիրքի, հեղինակության, գործարար համբավի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ,

9) տեղեկատվությունը չպետք է ազդեցություն ունենա Բյուրոյի, Երաշխավորման ֆոնդի և ապահովագրական ընկերությունների նկատմամբ սպառողի վերաբերմունքի վրա՝ անճշտության, անորոշության, չափազանցության կամ թերներկայացման միջոցով,

10) տեղեկատվությունում բովանդակվող անվանումները, տեքստերը, հղումները, կանխատեսումները, բնութագրումը կամ գովասանքը և նախազգուշացումները ներկայացվում են հստակ և մատչելի։ Դրանք չպետք է լինեն անհասկանալի և ինչ-որ ձևով քողարկված տեղեկատվության բովանդակության, դիզայնի, կառուցվածքի կամ ներկայացման տեսքով,

11) տեղեկատվության մեջ առկա տողատակի ծանոթագրությունները կամ մանր շարվածքով տեքստերը ընթեռնելի լինելու համար ներկայացվում են բավարար մեծությամբ։ Առկայության դեպքում հղում է կատարվում համապատասխան աղբյուրին՝ մանրամասներին ծանոթանալու համար,

12) տեղեկատվության մեջ չի կարող խտրականություն դրվել ԱՊՊԱ իրականացնող որևէ ապահովագրական ընկերության նկատմամբ։

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԻՆՏԵՐՆԵՏ

 

4. Սույն գլուխը սահմանում է Բյուրոյի կողմից ինտերնետում` բյուրոյի տնային էջում (այսուհետ` կայք) հրապարակման ենթակա տեղեկատվության կազմը, տեղեկատվության նկատմամբ պահանջները, հրապարակման կարգը, պայմանները: Սույն կանոնակարգով սահմանված տեղեկություններից բացի, Բյուրոն կարող է իր հայեցողությամբ իր կայքում տեղադրել օրենքով չարգելված այլ տեղեկություններ:

5. Բյուրոն իր կայքում մշտապես հրապարակում և թարմացնում է օրենքով և (կամ) սույն կանոնակարգով սահմանված տեղեկությունները և մշտապես ապահովում է դրանց հասանելիությունը:

6. Ինտերնետային էջի տեղեկատվության մշտապես թարմացումը նշանակում է, որ սահմանված տեղեկատվության փոփոխության դեպքում այն տեղադրվում է կայքում անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ, եթե օրենքով կամ սույն կանոնակարգով տվյալ տեղեկատվության համար թարմացման այլ ժամկետ է սահմանված:

7. Բյուրոն ապահովում է իր կայքում տեղակայված տեղեկատվության մշտական հասանելիությունը սպառողների համար: Եթե Բյուրոյի կայքը կամ դրա որևէ հատված գտնվում է վերակառուցման մեջ կամ ինչ-որ պատճառով չի գործելու ինչ-որ ժամանակահատվածում, ապա Բյուրոյի կայքի դիմային էջը նշում է պարունակում այդ մասին, ինչպես նաև նշում է այն ժամկետը` մինչև երբ կայքը (դրա առանձին հատվածը) չի գործելու և այն հեռախոսահամարները, որոնցով սպառողը կկարողանա սպառիչ և ճշգրիտ տեղեկություններ ստանալ սույն կանոնակարգի 5-րդ կետի համաձայն հրապարակման ենթակա ցանկացած տեղեկատվության վերաբերյալ: Ընդհանուր կայքը կամ դրա առանձին մասերը կայքի վերակառուցման կամ Բյուրոյի մեղքով առաջացած այլ պատճառներով չգործելու ժամկետը չի կարող ավելի լինել, քան 5 աշխատանքային օրը:

8. Բյուրոյի կայքում հրապարակված տեղեկությունները ներկայացվում են համակարգված՝ ըստ սույն գլխով սահմանված բաժինների: Ընդ որում, սույն գլխով սահմանված բաժինների վերնագրերը կարող են ձևափոխվել, սակայն այնպես, որ վերնագրերից ակնհայտ լինի տվյալ բաժնի բովանդակությունը:

9. Բյուրոյի կայքում այլ անձանց ինտերնետային կայքերի հղումներին զուգահեռ Բյուրոն հրապարակում է նաև հայտարարություն այն մասին, որ նա պատասխանատվություն չի կրում այդ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, և Բյուրոն պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

10. Բյուրոյի կողմից կայքում հրապարակման ենթակա տեղեկությունների բացակայության դեպքում նշվում է դրանց բացակայության վերաբերյալ:

11. Բյուրոն իր կայքի գործարկման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում կայքի հասցեն: Կայքի հասցեի փոփոխության դեպքում կայքի նոր հասցեն տրամադրվում է Կենտրոնական բանկին փոփոխությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

12. Բյուրոն կայքի յուրաքանչյուր էջի վրա` տեսանելի մասում նշում է կատարում, թե երբ է (ամսաթիվ/ամիս/տարի, ժամ, րոպե) թարմացվել տվյալ էջի տեղեկությունը:

13. Բյուրոյի կայքի` գլխավոր (առաջին) էջում ներկայացվում են հղումներ (լինքեր) առնվազն հետևյալ տեղեկությունները պարունակող էջերին.

1) Բյուրոյի մասին,

2) ԱՊՊԱ-ի մասին,

3) ԱՊՊԱ-ն կարգավորող իրավական ակտեր,

4) Ապահովագրական ընկերություններ,

5) Երաշխավորման ֆոնդ,

6) Բոնուս-Մալուս,

7) Տվյալների շտեմարան,

8) Վիճակագրություն,

9) Ձևաթերթեր,

10) Հրապարակումներ,

11) Նախագծեր,

12) Սպառողների իրավունքներ,

13) Օգտակար հղումներ,

14) Հետադարձ կապ,

15) Հարց և պատասխան,

16) Նորություններ:

14. Բյուրոյի կայքի գլխավոր (առաջին) էջ է համարվում կայքի հասցեն մուտքագրելուց հետո հայտնվող առաջին էջը: Ընդ որում, թափվող մենյուի տեղեկատվությունը չի համարվում գլխավոր էջի տեղեկատվություն:

15. «Բյուրոյի մասին» բաժնում ներկայացվում են.

1) Բյուրոյի առաքելությունը/գործունեության նպատակը,

2) Բյուրոյի մասին ընդհանուր տեղեկություններ` հիմնադրման, գրանցման և նման այլ իրադարձությունների մասին տեղեկություններ (նշել նաև այդ իրադարձությունների տարեթվերը),

3) Բյուրոյի ներքին վարչակազմակերպական կառուցվածքը գծապատկերի տեսքով,

4) Բյուրոյի, առկայության դեպքում նաև Բյուրոյի մասնաճյուղերի, ներկայացուցիչների գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռապատճենը,

5) Բյուրոյի կանոնադրությունը և Բյուրոյի գործունեությունը կարգավորող այլ ներքին կանոնակարգեր,

6) Բյուրոյի ղեկավարների (առնվազն խորհրդի անդամներ և նախագահ, գործադիր տնօրեն, գլխավոր հաշվապահ, ներքին աուդիտի ղեկավար, պատասխանատու ակտուար) վերաբերյալ ցանկը, անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, կենսագրությունը, Բյուրոյում զբաղեցրած պաշտոնը:

16. «ԱՊՊԱ-ի մասին» բաժնում ներկայացվում են.

1) Ապահովադիրների մասին` ովքեր են պարտավոր կնքել ԱՊՊԱ պայմանագիր,

2) Տուժողների վերաբերյալ` ովքեր են համարվում տուժողներ և ովքեր ունեն հատուցման իրավունք,

3) Սակագների վերաբերյալ` ԱՊՊԱ-ի համար վճարվող ապահովագրավճարների առավելագույն և նվազագույն (սահմանված լինելու դեպքում) սահմանաչափերը և դրանց հաշվարկման մեթոդաբանությունը: Այս բաժնում Բյուրոն ներկայացնում է նաև ապահովագրավճարների հաշվարկման օրինակներ,

4) Ապահովագրական գումարների վերաբերյալ.

 ա. ապահովագրական գումարների` օրենքով սահմանված նվազագույն չափերը (ըստ վնասի տեսակի),

 բ. ոչ ստանդարտ իրավիճակներում (օրինակ, երբ պատահարում ներգրավված են մի քանի տուժողներ և նրանց պատճառված վնասների ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված ապահովագրական գումարը) կիրառվող ապահովագրական հատուցումների հաշվարկման օրինակներ, բացատրություններ,

5) Պատահարի վերաբերյալ.

 ա. պատահար տեղի ունենալու դեպքում կիրառվող ընթացակարգերը` ըստ քայլերի հերթականության, ըստ մասնակիցների (տուժող, ապահովադիր, ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձ, ապահովագրական ընկերություն, այլ մասնակիցներ),

 բ. այն բոլոր կապի տվյալները, որոնք հարկավոր կլինեն պատահարի մասնակիցներին (թեժ գիծ, ապահովագրական ընկերությունների և նրանց ներկայացուցիչների հետ շուրջօրյա կապ հաստատելու հեռախոսահամարներ, այլ կապի միջոցներ),

 գ. վնասների գնահատման իրականացման ընթացակարգերը և Բյուրոյի կողմից որակավորված փորձագետների մասին տվյալներ,

6) Հատուցումների վերաբերյալ.

 ա. ապահովագրական ընկերությունների կողմից հատուցման դեպքերը,

 բ. ԱՊՊԱ գործընթացում հատուցվող և չհատուցվող վնասների ցանկը,

 գ. Բյուրոյի երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցման և մերժման դեպքերը,

 դ. Հատուցումների ստացման մեխանիզմները, կիրառվող ընթացակարգերը և ժամկետները: Այն դեպքում, երբ ապահովագրական ընկերության կողմից կիրառվող հատուցումների վճարման մեխանիզմները տարբերվում են Բյուրոյի երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին կատարվող հատուցումների վճարման մեխանիզմներից, հրապարակվում է յուրաքանչյուր մեխանիզմի մասին առանձին տեղեկատվություն,

 ե. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության ծախսերի վճարման հնարավորության վերաբերյալ տեղեկատվություն,

7) (ենթակետն ուժը կորցրել է 24.01.14 թիվ 19-Ն)

8) Համաձայնեցված հայտարարագրի վերաբերյալ. համաձայնեցված հայտարարագրի լրացման և այն ապահովագրական ընկերությանը ներկայացման ընթացակարգերը,

9) Տեղեկատվական համակարգի գործունեության նպատակի և կարգավորման մասին համառոտ նկարագիրը, նշում նաև այն մասին, թե ովքեր կարող են օգտվել տեղեկատվական համակարգից և ինչպես:

(16-րդ կետը փոփ. 24.01.14 թիվ 19-Ն)

17. «ԱՊՊԱ-ն կարգավորող իրավական ակտեր» բաժնում հրապարակում են այն բոլոր օրենքները, նորմատիվ իրավական ակտերը, կանոնները, Բյուրոյի կառավարման մարմինների կողմից ընդունված որոշումները, որոնք վերաբերում են ԱՊՊԱ համակարգին և այդ համակարգի մասնակիցների գործունեությանը:

18. «Ապահովագրական ընկերություններ» բաժնում հրապարակում են Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների և դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործակալների ցանկը, անվանումները (անունը, ազգանունը), ինտերնետային կայքի` տնային էջի հասցեն, ինտերնետային և փոստային հասցեները, հեռախոսահամարները, աշխատանքային ժամերը և կապի այլ տվյալներ: Ընդ որում, տեղեկացվում է նաև այն մասին, թե որտեղից սպառողը կարող է մանրամասն տեղեկություններ ստանալ ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող ԱՊՊԱ պայմանների, ապահովագրավճարների չափերի և ընթացակարգերի վերաբերյալ (օրինակ` «Գ» ապահովագրական ընկերության կողմից առաջարկվող ԱՊՊԱ պայմանների, սակագների և ընթացակարգերի մասին մանրամասն ծանոթանալու համար կարող եք ձեռք բերել ապահովագրական ընկերության կողմից թողարկված ԱՊՊԱ-ի վերաբերյալ տեղեկատվական ամփոփագրերը ապահովագրական ընկերության գործունեության վայրերում կամ կարող եք այցելել www.g-apahov.am հասցեով): Ընդ որում, այդ տեղեկությունները պարունակող էջը պետք է լինի այնպիսի ձևաչափով, որ հնարավոր լինի կիրառել «որոնում» գործառույթն առնվազն ըստ մարզի, ըստ ապահովագրական ընկերության (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործակալների) կամ ստեղծված լինեն այլ հարմարություններ` տեղեկատվությունն արագ գտնելու համար:

19. «Երաշխավորման ֆոնդ» բաժնում հրապարակում են.

1) Երաշխավորման ֆոնդի ստեղծման նպատակի, գոյացող գումարների աղբյուրների մասին հակիրճ նկարագրություն,

2) Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցման և մերժման դեպքերը, և նշում այն դեպքերի մասին, երբ Բյուրոն վնասը պատճառած անձանց նկատմամբ ունի հետադարձ պահանջի իրավունք,

3) Երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվող գումարների չափերը:

20. «Բոնուս-Մալուս» բաժնում հրապարակում են.

1) համակարգի էության մասին համառոտ բնութագիր` շեշտադրելով վերջինիս կարևորության և դրական հետևանքների մասին, առկայություն դեպքում նաև հնարավոր բացասական հետևանքների մասին, ինչպես նաև այն մասին, թե երբվանից է գործելու համակարգը,

2) հաշվարկման մեթոդաբանությունը,

3) բացատրական օրինակները:

21. «Տվյալների շտեմարան» բաժնում հրապարակում են Օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված տեղեկությունները: Ընդ որում, այդ տեղեկությունները պարունակող էջը պետք է լինի այնպիսի ձևաչափով, որ հնարավոր լինի կիրառել «որոնում» գործառույթն առնվազն ըստ ավտոտրանսպորտային միջոցի պետական համարանիշի, կամ ստեղծված լինեն այլ հարմարություններ` տեղեկատվությունը արագ գտնելու համար:

22. «Վիճակագրություն» բաժնում Բյուրոն ամսական կտրվածքով հրապարակում է ամփոփ հաշվետվություն, որը պարունակում է առնվազն.

1) հաշվետվության ժամանակաշրջանը,

2) հատուցում ստանալու համար Բյուրոյին ուղղված դիմումները` ըստ վնասի տեսակի և վնասի չափի,

3) Բյուրոյի կողմից տրված հատուցումները` ըստ վնասի տեսակի և վնասի չափի, մերժված հատուցումների քանակը և մերժման պատճառները:

23. «Ձևաթերթեր» բաժնում ներկայացնում են.

1) ԱՊՊԱ պայմանագրի օրինակելի նմուշը,

2) (ենթակետն ուժը կորցրել է 24.01.14 թիվ 19-Ն)

3) Համաձայնեցված հայտարարագրի նմուշը, լրացման հրահանգը և օգտագործման և ներկայացման ընթացակարգը,

4) Բյուրոյի և մասնակից ապահովագրական ընկերությունների կողմից սահմանված այլ ձևաթերթերի նմուշներ:

(23-րդ կետը փոփ. 24.01.14 թիվ 19-Ն)

24. «Հրապարակումներ» բաժնում հրապարակում են.

1) Կենտրոնական բանկի կողմից թողարկված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ)»-ի մասին բուկլետի էլեկտրոնային տարբերակը,

2) Բյուրոյի կողմից մշակված, ինչպես նաև ԱՊՊԱ համակարգին վերաբերող կրթական նյութեր,

3) Հղում` սպառողների համար ստեղծված ինտերնետային կայքին (www.abcfinance.am):

25. «Նախագծեր» բաժնում առնվազն հրապարակում են Բյուրոյի կողմից մշակված նախագծերի վերաբերյալ` նախագծերի անվանումները, նախագծերը, կարծիքների ընդունման ժամկետի սկիզբը և ավարտը, կարծիքները ներկայացնելու համար հետադարձ կապի միջոցները (էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար, այլ):

26. «Սպառողների իրավունքներ» բաժնում հրապարակում են.

1) սպառողների իրավունքների պաշտպանությունը ապահովող դրույթները, Բյուրոյի ներքին իրավական ակտերը, որոշումները, որոնք առնչվում են սպառողների իրավունքների պաշտպանությանը,

2) հեռախոսահամար(ներ)ը, էլեկտրոնային հասցեն(երը), փոստային հասցեն(երը) և այլ կապի միջոցներ, որով հաճախորդները կարող են բողոք-պահանջ ներկայացնել Բյուրոյին: Ընդ որում, եթե Բյուրոյի կողմից գործում են բողոք-պահանջ ներկայացնելու գործընթացի կարգավորման ներքին կանոններ, բողոք-պահանջի գրավոր ներկայացման օրինակելի նմուշներ, ապա Բյուրոն հրապարակում է այդ մասին:

3) Հայտարարություն այն մասին, որ ֆիզիկական անձ հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու ապահովագրական ընկերության և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին: Այն դեպքում, երբ ապահովագրական ընկերությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել, սույն կետով նախատեսված հայտարարությունում նշում է կատարվում նաև այդ մասին (համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 8/03-ի հավելված 9-ի):

4) Հղում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կայքին:

27. «Օգտակար հղումներ» բաժնում առնվազն հրապարակում են հղումներ հետևյալ կազմակերպությունների ինտերնետային կայքերին.

1) ԱՊՊԱ իրականացնող ապահովագրական ընկերությունների,

2) Ապահովագրական ընկերությունների միությունների,

3) Սպառողների շահերի պաշտպանությունն ապահովող կազմակերպությունների,

4) Սպառողների համար ստեղծված ինտերնետային կայքի (www.abcfinance.am),

5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի,

6) Հայաստանի Հանրապետության ոստիկանության,

7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի,

8) Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի:

28. «Հետադարձ կապ» բաժնում ներկայացվում են այն հեռախոսահամար(ներ)ը, էլեկտրոնային հասցեն(երը), փոստային հասցեն(երը) և այլ կապի միջոցներ, որով ցանկացած սպառող կարող է կապ հաստատել Բյուրոյի հետ:

29. «Հարց և պատասխան» բաժնում հրապարակվում են ԱՊՊԱ համակարգից օգտվողների համար ամենակարևոր հարցերի պատասխանները, ինչպես նաև սպառողների համար հարց տալու և դրա պատասխանը ստանալու հնարավորություն:

30. «Նորություններ» բաժնում հրապարակում են.

1) Բյուրոյի կողմից իրականացվող հանրակրթական միջոցառումների մասին տեղեկություններ. միջոցառումների տեսակը, բովանդակությունը, իրականացման ժամկետները և այլն.

Բյուրոյին հայտնի դարձած և ԱՊՊԱ համակարգին վերաբերող նորություններ, հայտարարություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

31. Բյուրոն (առկայության դեպքում նաև մասնաճյուղերը, ներկայացուցիչները) իր գործունեության վայրում` տեսանելի տեղում փակցնում է.

1) Հայտարարություն այն մասին, որ ֆիզիկական անձ հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու ապահովագրական ընկերության և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին: Այն դեպքում, երբ ապահովագրական ընկերությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել, սույն կետով նախատեսված հայտարարությունում նշում է կատարվում նաև այդ մասին (համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 8/03-ի հավելված 9-ի),

2) Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին ապահովագրական հատուցումների վճարման ամփոփագիրը,

3) Բյուրոյի աշխատանքային ժամերը,

4) Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների և դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործակալների ցանկը, կապի տվյալները (ինտերնետային կայքի տնային էջի հասցեն, փոստային հասցեները, հեռախոսահամարները և այլն):

32. Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարման վերաբերյալ տեղեկություններն անվճար հասանելի են դարձվում սպառողներին` Բյուրոյի գործունեության վայրում առնվազն առանձին տեղեկատվական ամփոփագրերի միջոցով:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

 

33. Բյուրոյի կողմից հաստատված` երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին ապահովագրական հատուցումների վճարման վերաբերյալ տեղեկություններ պարունակող տեղեկատվական ամփոփագիրն առնվազն պարունակում է.

1) Բյուրոյի կողմից հատուցման դեպքերը,

2) հատուցվող գումարների սահմանաչափերը,

3) հատուցման մեխանիզմները,

4) տեղեկություն այն մասին, թե որտեղ (կայքի հասցե, հեռախոսահամար կամ կապի այլ միջոց) կարելի է ծանոթանալ ԱՊՊԱ համակարգի և ԱՊՊԱ գործընթացի մասին մանրամասն տեղեկություններին,

5) ամփոփագրի դիմային էջի վրա նշվում է ամփոփագրի հրապարակման ամիսը և տարեթիվը, ինչպես նաև նշում, որ ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել և մանրամասների համար ում և ինչ կապի միջոցներով կարող են դիմել:

34. Բյուրոն ապահովում է իր կողմից հաստատված երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին ապահովագրական հատուցումների վճարման վերաբերյալ տեղեկություններ պարունակող ամփոփագրերի անվճար և բավարար քանակության առկայությունը Բյուրոյի և Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների, դրանց մասնաճյուղերի, ներկայացուցիչների, գործակալների գրասենյակներում: Ընդ որում, այդ ամփոփագրի պայմանները փոփոխվելու դեպքում, ոչ ուշ, քան այդ պայմանների կամ դրանցում փոփոխությունների ուժի մեջ մտնելը, Բյուրոն ապահովում է, որ իր և անդամ ապահովագրական ընկերությունների գրասենյակներում լինեն նոր տարբերակները:

(հավելվածը փոփ. 24.01.14 թիվ 19-Ն)