Համարը 
թիվ 315-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2013.12.28/35(479).1 Հոդ.347.42
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
27.12.2013
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՄ ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013520

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 315-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՄ ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել կառավարչի պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման փոխանցման գործընթացների արդյունքում ֆոնդի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, նշված գործընթացների իրականացման արդյունքում առաջացող ռիսկերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողությունը, ինչպես նաև նշված գործընթացների թափանցիկությունը,

Հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 4-րդ մասը, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

(նախաբանը փոփ. 15.07.14 թիվ 174-Ն)

1. Հաստատել «Պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնության ստացման կարգը և պայմանները, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման փոխանցման նպատակով կառավարչի ընտրության մրցույթի անցկացման կարգը»` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 315-Ն որոշմամբ

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՄ ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդի կառավարիչների (այսուհետ` կառավարիչ) պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու համար ՀՀ կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) նախնական համաձայնության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը, Կենտրոնական բանկի կողմից նախնական համաձայնության տրամադրման կարգը և պայմանները, ինչպես նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման նպատակով կառավարչի ընտրության մրցույթի անցկացման կարգը:

2. Կառավարիչը պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման փոխանցման նպատակով նոր կառավարչի ընտրության մրցույթը անցկացնում է ՀՀ օրենսդրությամբ, սույն որոշմամբ հաստատված կարգով և իր իրավասու մարմնի կողմից սահմանված ներքին կարգով:

3. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կիրառվող նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 2. ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՄ ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու նախնական համաձայնություն ստանալու համար կառավարիչը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) Պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու նախնական համաձայնություն ստանալու դիմում` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,

2) Պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու նպատակով Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու մասին կառավարչի իրավասու մարմնի որոշումը,

3) Պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման դադարեցման հիմնավորումը,

4) Կառավարչի ցանկությամբ այլ էական տեղեկատվություն,

5) Կենտրոնական բանկի կողմից պահանջվող այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն կետում նշված տեղեկատվության հավաստիությունը գնահատելու համար:

5. Սույն գլխով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն` պատվիրված նամակով, առձեռն կամ ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Տպագիր եղանակով ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն կառավարչի իրավասու անձի կողմից և ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:

 

ԳԼՈՒԽ 3. ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՄ ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽՆԱԿԱՆ

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելուն նախնական համաձայնություն տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին` սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դիմումը և պահանջվող այլ փաստաթղթերը ներկայացվելու պահից` 30 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Կենտրոնական բանկը մերժում է պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու համար կենտրոնական բանկի նախնական համաձայնության տրամադրումը, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքին կամ այլ իրավական ակտերին, կամ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ,

2) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու պայմանները բավարար հստակ չեն և (կամ) չեն երաշխավորում ֆոնդի մասնակիցների օրինական շահերը:

 

ԳԼՈՒԽ 4. ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

8. Կառավարիչը պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարումը փոխանցելու նպատակով նոր կառավարիչ ընտրում է հրապարակային մրցույթի միջոցով: Սույն գլխի իմաստով հրապարակային մրցույթ է հանդիսանում կառավարչի կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման փոխանցման նպատակով նոր կառավարչի ընտրության համար անցկացվող բաց մրցույթը: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման փոխանցման պայմանագիրը կնքվում է հաղթող ճանաչված այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հետ, որը մրցույթ անցկացնող կառավարչի նախաձեռնությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ համապատասխանում է սահմանված չափանիշներին և առաջարկել է հրապարակային մրցույթի լավագույն պայմաններ:

9. Մրցույթ անցկացնող կառավարիչը հրապարակային մրցույթի անցկացման մասին հայտարարությունը հրապարակում է առնվազն 1000 (հազար) տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցներով (պարբերական մամուլի), իր ինտերնետային տնային էջում և էլեկտրոնային այլ միջոցներով` հրապարակային մրցույթը սկսվելուց (մրցույթի հայտերի ընդունման վերջին օրվանից) առնվազը 30 (երեսուն) օր առաջ:

10. Մրցույթ անցկացնող կառավարիչը պետք է հրապարակային մրցույթին մասնակցելու առաջարկը (հայտարարությունը) ուղղի բոլոր ցանկացողներին:

11. Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

1) հրապարակային մրցույթի կազմակերպչի անվանումը.

2) հրապարակային մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).

3) հրապարակային մրցույթով կնքվելիք պայմանագրի առարկան.

4) հրապարակային մրցույթի հայտերի ընդունման ժամանակահատվածը.

5) հրապարակային մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը.

6) մրցութային հայտերի ընդունման կարգը.

7) հրապարակային մրցույթի հաղթողին որոշելու կարգը:

 

ԳԼՈՒԽ 6. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

12. Մրցույթի հաղթողի անվանումը մրցույթի հայտերի գնահատման օրը որոշվում է` հիմք ընդունելով առնվազն հետևյալ պայմանները, այն է, հաղթողը`

1) մրցույթ անցկացնող կառավարչից անկախ է,

2) առաջարկում է կառավարման ամենացածր պարգևավճարը,

3) ունի բարի համբավ և հանդիսանում է հեղինակավոր ընկերություն,

4) ունի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման ամենաերկար փորձը,

5) անվճարունակ չէ, լուծարման գործընթացում սնանկ ճանաչված չէ, մրցույթի հայտը ներկայացնելու պահին չունի ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ժամկետանց պարտավորություններ` հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարումների գծով:

13. Մրցույթի հայտերը գնահատելու օրը կառավարչի մոտ ստեղծված մրցութային հանձնաժողովը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն, որտեղ նշվում են`

1) մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման վայրը, ամսաթիվը և ժամը,

2) կառավարչի մոտ ստեղծված մրցութային հանձնաժողովի անդամների, նիստին մասնակցող հրավիրված անձանց անունները, ազգանունները և պաշտոնները.

3) մրցույթի մասնակիցների անվանումները.

4) մրցույթում հաղթողի անվանումը.

5) այն նախապատվության չափանիշները, որոնց հիման վրա մրցույթի մասնակիցներից մեկը հաղթող է ճանաչվել:

14. Մրցույթի հաղթողին ճանաչելու օրը կառավարչի իրավասու մարմինը և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը և ֆոնդի փոխանցման պայմանագիրը:

 

ԳԼՈՒԽ 7. ՉԿԱՅԱՑԱԾ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

 

1. Մրցույթ անցկացնող կառավարիչը չկայացած (անվավեր) է համարում մրցույթը, եթե`

1) ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի մասին հայտարարության մեջ նշված պահանջներին:

2. Կառավարիչը պարտավոր է վարել փաստաթղթային գրառումներ և պահպանել հրապարակային մրցույթի հետ կապված փաստաթղթերը (պայմանագրերը) հրապարակային մրցույթի ավարտից հետո: