Համարը 
N 324-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.04.15/21(1110) Հոդ.262
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.01.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
08.04.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.09.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԵՍԱԾ` ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2015 թվականի N 324-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԵՍԱԾ` ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած` սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրեր աշխատելու նպատակով գործուղվող և պայմանագրային պարտավորությունը չկատարող բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների կողմից ուսման ծախսերի փոխհատուցման կարգը, չափը, ժամկետները` համաձայն N 1 հավելվածի.

2) սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացու և բարձրագույն կրթություն իրականացնող ուսումնական հաստատության ղեկավարի միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 8
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունվարի 22-ի N 324-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԵՍԱԾ` ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած՝ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրեր աշխատելու նպատակով գործուղվող և պայմանագրային պարտավորությունը չկատարող բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ` բուհ) շրջանավարտների կողմից ուսման ծախսերի փոխհատուցման կարգի, չափի և ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Բուհ ընդունված սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես այդտեղ բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու (18 տարին չլրացած անչափահասի դեպքում՝ նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի) և ուսումնական հաստատության ղեկավարի միջև, մինչև հրամանագրումը, կնքվում է պայմանագիր, որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմինը պայմանագրի օրինակելի ձևը և ուսման ծախսերի փոխհատուցման պայմանները՝ մինչև տվյալ տարվա փետրվարի 1-ը հրապարակում է իր պաշտոնական կայք-էջում:

3. Պայմանագրում ամրագրվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, սովորելու տարիների տևողությունը, տվյալ բուհում բարձրագույն կրթության յուրաքանչյուր աստիճանի համար նախատեսված ուսման վարձի ընդհանուր չափը` բաժանված ըստ ուսումնական տարիների, ինչպես նաև պարտադիր ամրագրվում է, որ ուսանողն ավարտելուց հետո առնվազն 5 տարի ժամկետով գործուղվում է աշխատելու ստացած մասնագիտությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած բնակավայրերում (այսուհետ` բնակավայր):

4. Պայմանագրում ամրագրվում է նաև, որ 5 տարի ժամկետով աշխատելու պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իր ուսումնառության համար ծախսված գումարը` սույն կարգին համապատասխան չափով և ժամկետներում:

5. Փոխհատուցման ենթակա գումարի չափը կազմում է ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի և պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը:

 

II. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

6. Բուհն ավարտելուց հետո շրջանավարտը մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 20-ը բուհ է ներկայացնում բնակավայրում գործունեություն ծավալող կազմակերպության հետ կնքած աշխատանքային պայմանագրի պատճենը, իսկ հաջորդող յուրաքանչյուր տարվա համար` տվյալ կազմակերպությունում աշխատելու մասին տեղեկանք:

7. Ուսումնառության ավարտից հետո պարտադիր զինվորական ծառայության ենթակա շրջանավարտները պետք է աշխատանքի անցնեն զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո և աշխատանքային պայմանագրի պատճենը բուհ ներկայացնեն զորացրվելուց հետո 3 ամսվա ընթացքում:

8. Սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերում նշված ժամկետներում շրջանավարտի կողմից աշխատանքային պայմանագրի պատճենը կամ յուրաքանչյուր տարվա համար աշխատելու մասին տեղեկանքը չներկայացվելու դեպքում բուհը եռօրյա ժամկետում շրջանավարտին ծանուցում է սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերում նշված փաստաթղթերը ներկայացնելու վերաբերյալ:

9. Սույն կարգի 8-րդ կետի ծանուցումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերում նշված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում բուհը շրջանավարտին ծանուցում է սույն կարգով նախատեսված՝ փոխհատուցման ենթակա գումարի չափի վերաբերյալ և այն հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի գումարը:

10. Շրջանավարտն ուսման ծախսերի՝ փոխհատուցման ենթակա գումարը ծանուցումն ստանալուց հետո եռամսյա ժամկետում վճարում է կա՛մ կանխիկ՝ բուհի հաշվապահություն, կա՛մ փոխանցմամբ՝ ծանուցման մեջ նշված հաշվեհամարին:

11. Սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետում շրջանավարտի կողմից փոխհատուցման ենթակա գումարը չվճարվելու կամ ուսման ծախսերի փոխհատուցումից հրաժարվելու դեպքում բուհը միջոցներ է ձեռնարկում` ուսման ծախսերի փոխհատուցումը դատական կարգով իրականացնելու համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջների համաձայն, և դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր (կամ պատասխանող) կողմ:

12. Փոխհատուցված գումարի 70 տոկոսը բուհը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը տնօրինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Ուսումնառության տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ուսումնառության համար ծախսված գումարը ենթակա չէ փոխհատուցման այն շրջանավարտի համար, ով ձեռք է բերել համապատասխան մասնագիտությամբ գործունեությանը կամ պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություն:

14. Սույն կարգի պահանջները չեն տարածվում ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի, ինչպես նաև պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի պատվերով ռազմական ուսումնական հաստատություններում սովորողների վրա, որոնց ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարաբերությունները կարգավորվում են համապատասխանաբար «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունվարի 22-ի N 324-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի    Ձ Ե Վ

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՎԵՐՋԻՆ ՈՒԹ ՏԱՐՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԱՅԴՏԵՂ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

_________________________________________________________________________________

 (կազմակերպության անվանումը)

 

կազմակերպությունը (այսուհետ` բուհ)` ի դեմս ղեկավարի` ռեկտոր (տնօրեն) ____

 

__________________________________________________________________-ի, մի կողմից,

 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

և բուհ ընդունված սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացին (այսուհետ` սովորող)՝ ______________

 

______________________________________________________________________________ -ը,

  (անունը, հայրանունը, ազգանունը)

 

մյուս կողմից, ովքեր ստորև հիշատակվում են որպես կողմ և միասին` որպես կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

 1. Պայմանագրի իրավական հիմքերը

 

Սույն պայմանագրի իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը, «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 324-Ն որոշումը, ____________________ կազմակերպության կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտեր:

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1. Սույն պայմանագրի առարկան բուհ ընդունված սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես այդտեղ բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կրթական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ուսումնառությունն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած բնակավայրերն աշխատելու նպատակով գործուղվող սովորողի կողմից պայմանագրային պարտավորության չկատարման համար ուսման ծախսերի փոխհատուցման կարգը, չափը և ժամկետները սահմանելու պայմաններն են:

2.2. Սովորողի ուսումնառության ժամկետը __________ տարի է (կախված համապատասխան կրթական աստիճանից):

2.3. Բուհում համապատասխան մասնագիտությամբ ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար նախատեսված ուսման վարձի ընդհանուր չափը ____________ դրամ է, որը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի և պետական կրթաթոշակի չափի հանրագումարն է: Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար այն կազմում է ___________ դրամ։

 

3. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

3.1. Բուհը պարտավորվում է՝

ա. սովորողի ուսուցումը կազմակերպել անվճար՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, համաձայն բուհի կողմից հաստատված ուսումնական պլանների և սահմանված կարգով հաստատված առարկայական ծրագրերի,

բ. սովորողի համար ստեղծել հնարավորություններ` օգտվելու բուհի գրադարանից, մարզական և առողջարարական կառույցներից, սննդի և այլ ծառայություններից,

գ. համապատասխան կրթական աստիճանով (բակալավր կամ մագիստրոս) ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած սովորողին շնորհել համապատասխան որակավորում և տալ ավարտական փաստաթուղթ (դիպլոմ)` համապատասխան ներդիրով,

դ. սույն պայմանագրի 3.3-րդ կետի «զ» և «է» ենթակետերով նախատեսված փոխհատուցման ենթակա գումարները սահմանված կարգով վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

ե. սովորողին ծանոթացնել իր լիցենզիային, կանոնադրությանը և ներքին կանոնակարգերին, ինչպես նաև սույն պայմանագրի տեքստին,

զ. սովորողի հետ կնքված պայմանագրի կրկնօրինակը դրա կնքումից հետո 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն։

3.2. Բուհն իրավունք ունի՝

ա. ուսումնական պլաններով և ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախատեսված առաջադրանքները չկատարող, ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերող, հասարակական կարգն ու կարգապահության կանոնները խախտող սովորողին ենթարկելու կարգապահական տույժի` ընդհուպ մինչև բուհից հեռացնելը,

բ. օրենքներով, բուհի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ։

3.3. Սովորողը պարտավորվում է՝

ա. հաճախել ուսումնական պլանով նախատեսված բոլոր պարապմունքներին և սահմանված ժամկետներում կատարել ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախատեսված գործառույթները,

բ. տիրապետել տվյալ մասնագիտության կրթական չափորոշիչներով սահմանված գիտելիքներին և հմտություններին,

գ. ակադեմիական պարտքեր ունենալու դեպքում դրանք հանձնել ռեկտորատի կողմից սահմանված ժամկետներում և կարգով,

դ. կատարել բուհի կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով սահմանված իր պարտականությունները,

ե. խնամքով և հոգատարությամբ վերաբերվել բուհի գույքին,

զ. բուհն ավարտելուց հետո առնվազն 5 տարի ժամկետով աշխատել ստացած մասնագիտությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած բնակավայրերում,

է. սույն կետի «զ» ենթակետի՝ 5 տարի ժամկետով աշխատելու պայմանը չկատարելու դեպքում փոխհատուցել սույն պայմանագրի 2.3-րդ կետում նշված՝ ուսումնառության տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի և պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած` սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրեր աշխատելու նպատակով գործուղվող և պայմանագրային պարտավորությունը չկատարող բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների կողմից ուսման ծախսերի փոխհատուցման կարգին համապատասխան,

ը. բուհից հեռացվելու, ազատվելու կամ այլ բուհ տեղափոխվելու դեպքում փոխհատուցել ուսումնառության ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի և պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը,

թ. պարտադիր զինվորական ծառայության ենթակա լինելու դեպքում՝ աշխատանքի անցնել զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո:

3.4. Սովորողն իրավունք ունի՝

ա. մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը` պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական չափորոշիչների պահանջները,

բ. բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից՝ յուրացնելու ցանկացած այլ ուսումնական դասընթաց, որը դասավանդվում է տվյալ կամ ցանկացած այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում` բուհի համաձայնությամբ,

գ. մասնակցելու օրենքով կամ բուհի կանոնադրությամբ նախատեսված՝ բուհի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին,

դ. բողոքարկելու բուհի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

ե. ծանոթանալու բուհի կանոնադրությանը և այլ նորմատիվ փաստաթղթերի,

զ. օրենքներով, բուհի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ։

 

4. Պայմանագրի գործողության ժամկետը

 

4.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է ստորագրման պահից և գործում է մինչև սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների ավարտը՝ բացառությամբ սույն պայմանագրի 4.2-րդ կետում նշված դեպքերի։

4.2. Սովորողի՝ բուհից հեռացումը, ազատումը կամ տեղափոխումը հիմք են սույն պայմանագրի վաղաժամկետ լուծման համար:

 

5. Եզրափակիչ դրույթներ

 

5.1. Սույն պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

5.2. Կողմերի միջև ծագած վեճերը կարգավորվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

6. Այլ պայմաններ

 

6.1. Սույն պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագրի կնքումից հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը, համապատասխան մասնագիտությամբ գործունեությանը կամ պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող հիվանդության ձեռքբերումը, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը։

6.2. Պայմանագրի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

 

7. Կողմերի գտնվելու, բնակության վայրերը, ստորագրությունները և այլ տվյալներ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան