Համարը 
թիվ 335-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2012.02.01/3(416) Հոդ.16
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
06.12.2011
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.02.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/04-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012010

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 դեկտեմբերի 2011 թ.

թիվ 335-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/04-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով սահմանել ներդրումային, այդ թվում` կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների գնահատման միասնական կանոններ` ֆոնդերի ակտիվների գնահատման հետ կապված չարաշահումների հնարավորինս բացառման համար, հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. դեկտեմբերի 8

ք. Երևան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի դեկտեմբերի 6-ի

թիվ 335-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  10/04

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է ներդրումային ֆոնդերի (այսուհետ` ֆոնդ), այդ թվում` կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքը որոշվում է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն կանոնակարգի և ֆոնդի կանոնների (կանոնադրության) համաձայն:

3. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքը որոշելու համար հաշվարկվում է ֆոնդի ակտիվների ընդհանուր շուկայական արժեքը, որից նվազեցվում է ֆոնդի (պայմանագրային ֆոնդի ակտիվների հաշվին` կառավարչի)` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված դեպքերում և կարգով ստանձնած պարտավորությունների գումարը:

4. Ֆոնդի ակտիվների և պարտավորությունների արժեքը որոշվում է համաձայն Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:

5. Ֆոնդի եկամուտները և ծախսերը հաշվառվում են հաշվեգրման սկզբունքով:

6. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը սահմանող` ֆոնդի կանոնները (կանոնադրությունը), ի թիվս այլ դրույթների, պետք է ներառեն նաև հետևյալը`

1) կարգավորվող շուկաները և դրանց առաջնահերթությունը կամ այդ առաջնահերթության որոշման կարգը, որոնց միջոցով ձևավորված գները (գնանշումները) հիմք են հանդիսանում արժեթղթերի շուկայական արժեքի որոշման համար (այն դեպքում, երբ արժեթուղթը թույլատրված է մեկից ավելի կարգավորվող շուկաներում առևտրին).

2) անշարժ գույքի գնահատողի ընտրության կարգն ու չափանիշները, եթե տվյալ ֆոնդի կանոնների (կանոնադրության) համաձայն ֆոնդի ակտիվների հաշվին կարող է ձեռք բերվել անշարժ գույք.

3) սույն կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված արժեթղթերի, ինչպես նաև ոչ ստանդարտացված ածանցյալ գործիքների շուկայական (արդար) գնի որոշման մեթոդը (եթե նախատեսվում են մեկից ավելի մեթոդներ, ապա նաև` դրանց կիրառման առաջնահերթությունը).

4) ֆոնդի հաշվապահական հաշվառման քաղաքականությունը:

7. Ֆոնդի կանոնների (կանոնադրության)` սույն կանոնակարգի 6-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված դրույթները արտացոլվում են նաև տվյալ ֆոնդի շահութահարկի հաշվարկի` հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող բացահայտումներում:

8. Եթե ֆոնդն ունի ենթաֆոնդեր, ապա զուտ ակտիվների արժեքի հաշվարկն իրականացվում է ըստ յուրաքանչյուր ենթաֆոնդի:

9. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքը և փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը կլորացվում են ստորակետից հետո առնվազն երկու նիշի ճշտությամբ, բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի և փայերի հաշվարկային արժեքի կլորացման կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի մայիսի 24-ի թիվ 156-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջները, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու կարգը» կանոնակարգ 10/09-ով:

(9-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 176-Ն)

10. Արտարժույթը և արտարժութային ակտիվներն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության դրամով ֆոնդի զուտ ակտիվների արժեքի որոշման օրվա (այսուհետ` գնահատման օր) դրությամբ համապատասխան կարգավորվող շուկայում տվյալ արտարժույթով վերջին գործարքի գնով, իսկ դրա բացակայության դեպքում` տվյալ արտարժույթի համար գնահատման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած հաշվարկային փոխարժեքով:

11. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կիրառվող նշանակությունը:

12. Սույն կանոնակարգով արժեթղթերի համար սահմանված դրույթները տարածվում են ֆոնդի թողարկած արժեթղթերի և ածանցյալ գործիքների վրա, եթե այլ բան սահմանված չէ սույն կանոնակարգով:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

13. Դրամական միջոցների և բանկային ավանդների արժեքը որոշվում է դրանց անվանական արժեքով:

14. Ավանդների համար հաշվարկված, սակայն դեռևս չստացված տոկոսները հաշվառվում են որպես հաշվեգրված եկամուտ գնահատման օրվա դրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

15. Կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթուղթը գնահատվում է գնահատման օրը տվյալ արժեթղթի փակման գնով, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:

16. Եթե սույն կանոնակարգի 15-րդ կետով սահմանված փակման գինը հասանելի չէ (առկա չէ), ապա կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթուղթը (բացառությամբ պարտքային արժեթղթի) գնահատվում է տվյալ արժեթղթի` գնահատման օրվան նախորդող վերջին հայտնի փակման գնով, բացառությամբ սույն կանոնակարգի 20-րդ կետով նախատեսված դեպքերի:

17. Եթե կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթի, բացառությամբ սույն Կանոնակարգի 17.1 և 17.2 կետերով նախատեսված դեպքերի, համար սույն կանոնակարգի 15-րդ կետով սահմանված փակման գինը հասանելի չէ (առկա չէ), ապա այդ արժեթուղթը գնահատվում է տվյալ շուկայում գնահատման օրը առևտրային նստաշրջանի փակման պահի դրությամբ գնման հայտերում նշված ամենաբարձր և վաճառքի հայտերում նշված ամենացածր գների միջին թվաբանականով:

(17-րդ կետը լրաց. 15.07.14 թիվ 176-Ն, փոփ. 16.06.15 թիվ 142-Ն)

17.1. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված՝ Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված պետական արժեթղթերը գնահատվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակվող Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի հիման վրա:

(17.1-ին կետը լրաց. 15.07.14 թիվ 176-Ն)

17.2. Օտարերկրյա պարտքային արժեթուղթը կարող է գնահատվել միջազգային ֆինանսական շուկայում ընդունված տեղեկատվական աղբյուրներից ստացված գնով, եթե ֆոնդի կանոնները սահմանում են այդպիսի աղբյուրները:

(17.2-րդ կետը լրաց. 16.06.15 թիվ 142-Ն)

18. Եթե պարտքային արժեթղթի համար սույն կանոնակարգի 15-րդ և 17-րդ կետերով սահմանված գները հասանելի չեն (առկա չեն), ապա այդ արժեթուղթը գնահատվում է դրա` գնահատման օրվան նախորդող վերջին հայտնի համապատասխան գնով, որը որոշվել է սույն կանոնակարգի 15-րդ և 17-րդ կետերով սահմանված հաջորդականությամբ, բացառությամբ սույն կանոնակարգի 20-րդ կետով նախատեսված դեպքերի:

19. Եթե սույն կանոնակարգի 16-րդ և 18-րդ կետերով սահմանված դեպքերում վերջին գործարքի կամ վերջին հայտնի գնի ամսաթվից հետո տեղի է ունեցել տվյալ արժեթղթի կամ թողարկողի հետ կապված որևէ էական իրադարձություն կամ ի հայտ է եկել որևէ էական փաստ կամ տեղեկություն, որը կարող է էապես ազդել տվյալ արժեթղթի գնի վրա, ապա տվյալ արժեթղթի շուկայական արժեքի գնահատման համար կարող է համապատասխանաբար ճշգրտվել այդ կետերի համաձայն որոշված գինը:

20. Եթե սույն կանոնակարգի 15-18-րդ կետերով սահմանված գները հասանելի չեն (առկա չեն) գնահատման օրվա դրությամբ վերջին 30 աշխատանքային օրերից ոչ մեկի համար, ապա կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթի արժեքը որոշվում է սույն կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված կարգով:

21. Եթե արժեթուղթը թույլատրված է մեկից ավելի կարգավորվող շուկաներում առևտրին, ապա հիմք է ընդունվում ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված կամ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված կարգով ընտրված կարգավորվող շուկայում ձևավորված գինը: Ընդ որում, սույն կետով նախատեսված դեպքերում արժեթղթի գնահատման ժամանակ չի կարող հիմք ընդունվել այն շուկայի գինը, որտեղ տվյալ արժեթղթի վաճառքն անհնար է կամ կապված է այնպիսի ծախսերի հետ, որոնք այդ շուկայում արժեթղթի վաճառքը դարձնում են տնտեսապես ոչ շահավետ այլ շուկաների համեմատ: Ֆոնդի կանոնները (կանոնադրությունը) նշում է պարունակում սույն կետով նախատեսված արգելքի մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ՉԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

22. Կարգավորվող շուկայում առևտրին չթույլատրված արժեթուղթը գնահատվում է դրա հնարավոր վաճառքի ողջամիտ գնով, որը որոշվել է բարեխղճորեն, ֆինանսների ոլորտում համընդհանուր ընդունված մեթոդների կիրառմամբ` անհրաժեշտության դեպքում հաշվի առնելով տվյալ արժեթղթի ցածր իրացվելիության համար նվազեցումը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱՅԼ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ) ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

23. Այլ ֆոնդերի փայերը (բաժնետոմսերը) գնահատվում են գնահատման օրվա դրությամբ դրանց վերջին հրապարակված հաշվարկային արժեքով, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխով:

24. Եթե փակ կամ միջակայքային ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) թույլատրված են կարգավորվող շուկայում առևտրին, ապա դրանց արժեքը որոշվում է հետևյալ արժեքներից նրանով, որն ավելի ուշ է տեղի ունեցել`

1) տվյալ ֆոնդի փայի (բաժնետոմսի) վերջին հրապարակված հաշվարկային արժեքով,

2) գնահատման օրվա դրությամբ տվյալ ֆոնդի փայի (բաժնետոմսի) վերջին հայտնի փակման գնով:

25. Ոչ հրապարակային ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) արժեքը որոշվում է սույն կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

26. Ստանդարտացված ածանցյալ գործիքի արժեքը որոշվում է սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված կարգով:

27. Ոչ ստանդարտացված ածանցյալ գործիքի արժեքը որոշվում է սույն կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՌԵՊՈ ԵՎ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

28. Ռեպո և հակադարձ ռեպո գործարքների գնահատումն իրականացվում է համաձայն Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

29. Անշարժ գույքի արժեքը դրա ձեռքբերման ժամանակ որոշվում է այդ գույքի ձեռքբերման ծախսերի հիման վրա:

30. Ձեռքբերմանը հաջորդող ժամանակաշրջանի համար անշարժ գույքի արժեքը որոշվում է սույն կանոնակարգի 31-րդ և 32-րդ կետերով սահմանված պահանջներին բավարարող անշարժ գույքի գնահատողի կողմից վերջին որոշված արժեքի հիման վրա: Ընդ որում, անշարժ գույքի արժեքը պետք է գնահատվի տարեկան առնվազն մեկ անգամ` տվյալ տարվա ավարտից ոչ շուտ, քան 30 աշխատանքային օր առաջ: Անշարժ գույքի արժեքը պետք է գնահատվի նաև դրա վաճառքից առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գույքի վերջին գնահատումն իրականացվել է վաճառքի նախատեսված ամսաթվին նախորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում:

31. Անշարժ գույքը կարող է գնահատվել միայն անշարժ գույքի գնահատման գործող արտոնագիր (որակավորման վկայական) ունեցող անձի կողմից:

32. Անշարժ գույքի գնահատող չի կարող լինել`

1) ֆոնդի կառավարչի կամ պահառուի հետ փոխկապակցված անձը,

2) ֆոնդի կառավարչի կամ նրա հետ փոխկապակցված այլ անձի ղեկավարը կամ աշխատակիցը,

3) տվյալ ֆոնդի մասնակիցը:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏՔԱՅԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԵՎ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

33. Եթե թողարկողը չի կատարում պարտքային արժեթղթի գծով իր պարտավորությունները (այդ թվում` արժեթղթի մարում, մասնակի մարում, արժեկտրոնի վճարում), ապա տվյալ պարտքային արժեթղթի գծով ստացվելիք գումարների գնահատման ժամանակ դրանք նվազեցվում են վճարման նախատեսված օրվան հաջորդող`

1) 90 օրվա ընթացքում 10 տոկոսի չափով` օրական կտրվածքով հավասարաչափ գումարի տեսքով,

2) 91 օրից 180 օրվա ընթացքում 10 տոկոսի չափով` օրական կտրվածքով հավասարաչափ գումարի տեսքով,

3) 181 օրից 270 օրվա ընթացքում 30 տոկոսի չափով` օրական կտրվածքով հավասարաչափ գումարի տեսքով,

4) 271 օրից 360 օրվա ընթացքում մնացած 50 տոկոսի չափով` օրական կտրվածքով հավասարաչափ գումարի տեսքով:

34. Ժամկետանց դեբիտորական պարտքերի գնահատումն իրականացվում է սույն կանոնակարգի 33-րդ կետով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՄԻՆՉԵՎ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՊԱՀՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

35. Այն դեպքում, երբ կառավարիչը նախատեսում է փակ ֆոնդի հաշվին ձեռքբերված արժեթուղթը պահել մինչև դրա մարման ժամկետը, ապա այդ արժեթուղթը գնահատվում է Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներով մինչև մարման ժամկետը պահվող ֆինանսական ակտիվների համար սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԱՅԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

36. Սույն կանոնակարգի 3-12-րդ գլուխներով չնախատեսված այլ ակտիվների (ստացվելիք գումարների) գնահատման ժամանակ դրանց շուկայական արժեքը որոշվում է ողջամտորեն և բարեխղճորեն` վաճառքի հնարավոր գնի (հավանական ստացվելիք գումարի) հիման վրա:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՖՈՆԴԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

 

37. Ֆոնդի ակտիվների ընդհանուր շուկայական արժեքը հավասար է սույն կանոնակարգի 3-12-րդ գլուխների համաձայն հաշվարկված ակտիվների արժեքի հանրագումարին:

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

38. Ներդրումային ֆոնդի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդի) զուտ ակտիվների արժեքը հաշվարկելիս սույն կանոնակարգի 37-րդ կետի համաձայն հաշվարկված ֆոնդի ակտիվների ընդհանուր շուկայական արժեքը նվազեցվում է ֆոնդի (պայմանագրային ֆոնդի ակտիվների հաշվին` կառավարչի)` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված դեպքերում և կարգով ստանձնած պարտավորությունների չափով, որոնք հաշվարկվում են հաշվեգրման սկզբունքով և կարող են ներառել`

1) կառավարչի պարգևավճարը,

2) պահառուի պարգևավճարը,

3) փայատերերին (բաժնետերերին) շահաբաժնի կամ նման այլ ձևով վճարման ենթակա գումարները,

4) ֆոնդի ակտիվներով գործարքների իրականացման հետ ուղղակիորեն կապված ծախսերը, այդ թվում` գործարքների իրականացման հետ կապված վճարները (միջնորդավճարները), բանկային փոխանցումների գծով վճարները,

5) ֆոնդի թողարկած արժեթղթերի հետգնման (մարման) համար ֆոնդի մասնակիցներին վճարման ենթակա գումարները,

6) ֆոնդի հաշվին ներգրավված վարկերի (փոխառությունների) գումարները,

7) ֆոնդի հաշվին ներգրավված վարկերի (փոխառությունների) գծով վճարվելիք տոկոսները, ռեպո և հակադարձ ռեպո գործարքների գծով վճարվելիք տոկոսները,

8) ֆոնդի շահութահարկի հաշվեգրված գումարը (շահութահարկի գծով ծախսը), որը հաշվարկվել է սույն կանոնակարգի 16-րդ գլխին համապատասխան, ինչպես նաև ֆոնդի ակտիվների հաշվին վճարման ենթակա այլ պարտադիր վճարները,

9) անկախ գնահատողի վճարը, այն դեպքերում, երբ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի համաձայն ակտիվները պետք է գնահատվեն անկախ գնահատողի կողմից,

10) օրենքով, ինչպես նաև ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված` ֆոնդի կառավարման և պահառության հետ ուղղակիորեն կապված այլ ծախսերը, վճարները և պարտավորությունները, որոնք ներառված չեն սույն կետի 1-9-րդ ենթակետերում:

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

39. Կենսաթոշակային ֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվարկելիս սույն կանոնակարգի 37-րդ կետի համաձայն հաշվարկված ֆոնդի ակտիվների շուկայական արժեքը նվազեցվում է ֆոնդի (պայմանագրային ֆոնդի ակտիվների հաշվին` կառավարչի)` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված դեպքերում և կարգով ստանձնած պարտավորությունների չափով, որոնք հաշվարկվում են հաշվեգրման սկզբունքով և կարող են ներառել`

1) կառավարչի պարգևավճարը,

2) պահառուի պարգևավճարը,

3) այլ կենսաթոշակային ֆոնդերին վճարման ենթակա գումարները,

4) ֆոնդի կողմից թողարկված արժեթղթերի հետգնման (մարման) համար ֆոնդի մասնակիցներին վճարման ենթակա գումարները,

5) ֆոնդի ակտիվներով գործարքների իրականացման հետ ուղղակիորեն կապված ծախսերը, այդ թվում` գործարքների իրականացման հետ կապված վճարները (միջնորդավճարները), բանկային փոխանցումների գծով վճարները,

6) ֆոնդի հաշվին ներգրավված վարկերի (փոխառությունների) գումարը,

7) ֆոնդի հաշվին ներգրավված վարկերի (փոխառությունների) գծով վճարվելիք տոկոսները, ռեպո և հակադարձ ռեպո գործարքների գծով վճարվելիք տոկոսները,

8) ֆոնդի ակտիվների հաշվին վճարման ենթակա պարտադիր վճարները,

9) օրենքով, ինչպես նաև ֆոնդի կանոններով նախատեսված` ֆոնդի կառավարման և պահառության հետ ուղղակիորեն կապված այլ ծախսերը, վճարները և պարտավորությունները, որոնք ներառված չեն սույն կետի 1-8-րդ ենթակետերում:

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ՖՈՆԴԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԵԳՐՈՒՄԸ

 

40. Տարվա ընթացքում ֆոնդի շահութահարկը հաշվեգրվում է այն պարբերականությամբ, ինչ պարբերականությամբ հաշվարկվում է ֆոնդի զուտ ակտիվների արժեքը:

41. Շահութահարկի հաշվեգրվող գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՇՀԳi   = ՀԶԱԱi   x ՀԴ / 100, որտեղ

ՇՀԳi-ը i-րդ օրը շահութահարկի հաշվեգրման ենթակա գումարն է,

ՀԴ-ը «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներդրումային ֆոնդերի համար սահմանված շահութահարկի դրույքաչափն է` տոկոսով,

ՀԶԱԱi-ը i-րդ օրվա դրությամբ ֆոնդի` հարկվող շահույթի որոշման համար հաշվարկված զուտ ակտիվների արժեքն է, որը հաշվարկվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 336-Ն որոշմամբ հաստատված «Հարկվող շահույթի որոշման համար ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/14-ի 2-րդ գլխին համապատասխան:

(հավելվածը փոփ., լրաց. 15.07.14 թիվ 176-Ն, 16.06.15 թիվ 142-Ն)