Համարը 
N 1849-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.12.18/56(231) Հոդ.1306
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.10.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.11.2002
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
03.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
22.09.2007

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԳԾՈՎ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 994-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

3 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2002 թվականի N 1849-Ն

 

«ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԳԾՈՎ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 994-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 994-Ա որոշման 5-րդ կետի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2րդ կետի «դ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 994-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ուսումնական նպատակներով համակարգչային ծրագրերի, ծրագրային միջոցների ստեղծում և համակարգչային ցանցերի մշակում».

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի «բ», «գ», «դ» և «զ» ենթակետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2002 թ. նոյեմբերի 29

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1849-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԳԾՈՎ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտը (այսուհետ՝ ինստիտուտ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Ինստիտուտի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Ինստիտուտն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

4. Ինստիտուտը լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է, իրականացնում է կրթության և գիտության բնագավառների գործառույթներ, ինչպես նաև հիմնադրի կողմից սահմանված ձեռնարկատիրական գործունեություն:

5. Ինստիտուտը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Ինստիտուտի սեփականությունը ձևավորվում է հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև ինստիտուտի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

7. Ինստիտուտն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, նախահաշիվ և բանկային հաշիվ:

8. Ինստիտուտն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն ու ռուսերեն անվանումներով կնիք և դրոշմակնիք: Ինստիտուտը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

9. Ինստիտուտի լրիվ անվանումն է՝

հայերեն՝ «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ռուսերեն՝ "Государственный институт повышения квалификации и переподготовки кадров по информатике" государственная некоммерческая организация,

անգլերեն՝ "State Institute of Skill Advance in Informatics" State Non Commercial Organization։

10. Ինստիտուտի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 375051, Մամիկոնյանց 52։

 

II. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

11. Ինստիտուտի գործունեության հիմնական առարկան և նպատակները ինֆորմատիկայի՝ հաշվողական տեխնիկայի ու տեղեկատվական տեխնոլոգիաների գծով միջին և բարձրագույն մասնագիտական կրթությամբ կադրերի մասնագիտական որակավորման բարձրացումը, վերապատրաստումը և վերամասնագիտացումն են:

12. Իր գործունեության նպատակներին համապատասխան՝ ինստիտուտը՝

ա) մշակում է մասնագիտական որակավորման բարձրացման, վերապատրաստման և վերամասնագիտացման կրթական ծրագրեր,

բ) ապահովում է համապատասխան կրթական ծրագրերով ուսումնառության իրականացումն ինստիտուտում, նրա ազգային ցուցադրական կենտրոնում, կենտրոնի բաժանմունքներում և համակարգչային դպրոցում,

գ) կազմակերպում է ուսումնամեթոդական և գիտամանկավարժական խորհրդակցություններ, սեմինարներ ու համաժողովներ,

դ) իրականացնում է ուսումնամեթոդական, գիտամանկավարժական և գիտափորձարարական աշխատանքներ՝ հաշվողական տեխնիկայի ու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում,

ե) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ուսումնական հաստատությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ, կնքում համապատասխան պայմանագրեր,

զ) մասնակցում է ԱՊՀ անդամ պետություններում և այլ օտար երկրներում կազմակերպվող հաշվողական տեխնիկայի ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառումներին:

13. Ինստիտուտում ուսումնական գործընթացը կազմակերպվում է դասընթացների՝ տեսական դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով, որն ավարտվում է գիտելիքների ստուգմամբ։

14. Շրջանավարտներին ինստիտուտի կողմից տրվում են մասնագիտական որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական նմուշի վկայականներ կամ դիպլոմներ:

15. Ինստիտուտի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակներն են՝

ա) ուսումնական նպատակներով համակարգչային ծրագրերի, ծրագրային միջոցների ստեղծում և համակարգչային ցանցերի մշակում.

բ) ուսումնական և մեթոդական ձեռնարկների ստեղծում ու հրատարակում։

Ձեռնարկատիրական գործունեության իրականացումից գոյացած միջոցներն օգտագործվում են ինստիտուտի կանոնադրական նպատակների իրականացման համար:

16. Ինստիտուտը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

17. Ինստիտուտը կարող է ունենալ հիմնարկներ, ներկայացուցչություններ կամ մասնաճյուղեր, որոնք ստեղծվում են հիմնադրի որոշմամբ:

18. Ինստիտուտի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) և հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

 

III. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

19. Ինստիտուտի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նախարարությունը, գործադիր մարմինը և կոլեգիալ կառավարման մարմինը:

20. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են՝

ա) ինստիտուտի հիմնադրումը,

բ) ինստիտուտի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը,

գ) ինստիտուտի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը,

դ) ինստիտուտի վերակազմակերպումը և լուծարումը:

21. Նախարարությունը՝

ա) ինստիտուտի կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է նրա կառավարման մարմինները և վաղաժամկետ դադարեցնում դրանց լիազորությունները,

բ) վերահսկողություն է իրականացնում ինստիտուտի գործունեության նկատմամբ,

գ) լսում է ինստիտուտի գործունեության մասին հաշվետվություններ, քննարկում դրա գործունեության վերստուգման արդյունքները,

դ) վերահսկողություն է իրականացնում ինստիտուտի սեփականության պահպանության նկատմամբ,

ե) հաստատում է ինստիտուտին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող՝ պետությանը պատկանող գույքի կազմը,

զ) սահմանում է ինստիտուտի կառավարման համակարգը,

է) հաստատում է ինստիտուտի տարեկան ծախսերի նախահաշիվը,

ը) իրականացնում է հիմնադրի որոշմամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

22. Ինստիտուտի ընթացիկ գործունեության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը՝ ռեկտորը, որին պայմանագրային հիմունքներով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը:

23. Պայմանագրում սահմանվում են ռեկտորի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները նախարարության հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման՝ օրենքով նախատեսված հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ:

24. Ռեկտորը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով ինստիտուտին և (կամ) պետությանը պատճառված վնասի համար:

25. Ռեկտորը՝

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս ինստիտուտի անունից, ներկայացնում նրա շահերը, կնքում պայմանագրեր և գործարքներ,

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու նախարարության որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ինստիտուտի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները,

գ) տալիս է ինստիտուտի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,

դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է ինստիտուտի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր,

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,

զ) կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,

է) սահմանում է ինստիտուտի կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները,

ը) հաստատում է ինստիտուտի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, ինչպես նաև ստորաբաժանումների կանոնակարգերը,

թ) հաստատում է ինստիտուտի ուսումնական պլանները և կրթական ծրագրերը,

ժ) հաստատում է ինստիտուտի հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները,

ժա) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ինստիտուտի հիմնարկների, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին, նրանց տալիս համապատասխան լիազորագրեր,

ժբ) օրենքով և ինստիտուտի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ,

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

26. Ինստիտուտն ունի 2 պրոռեկտոր՝ ուսումնական աշխատանքների գծով և ընդհանուր հարցերով, որոնք պայմանագրային հիմունքներով պաշտոնի նշանակվում ու պաշտոնից ազատվում են ռեկտորի կողմից:

27. Պրոռեկտորները՝

ա) կազմակերպում և ղեկավարում են լիազորված բնագավառներում կատարվող աշխատանքները,

բ) ինստիտուտի գործունեության վերաբերյալ առաջարկություններ են ներկայացնում ռեկտորին,

գ) կրում են պատասխանատվություն լիազորված բնագավառներում կատարվող աշխատանքների համար:

28. Ռեկտորն իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա:

29. Ինստիտուտի կոլեգիալ կառավարման մարմինը ինստիտուտի խորհուրդն է (այսուհետ՝ խորհուրդ), որի լիազորություններն են՝

ա) ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ նախարարություն առաջարկություններ ներկայացնելը,

բ) ինստիտուտի գործադիր մարմնի նկատմամբ ընթացիկ վերահսկողության իրականացումը,

գ) ինստիտուտի գործադիր մարմնի հաշվետվությունների քննարկումը և հաստատումը,

դ) հիմնադրի կողմից սահմանված կարգով՝ ինստիտուտի շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը,

ե) ինստիտուտի տարեկան հաշվապահական և այլ հաշվետվությունների քննարկումն ու հաստատումը,

զ) ինստիտուտի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ նախարարություն առաջարկություններ ներկայացնելը,

է) ինստիտուտի ուսումնական պլանների և կրթական ծրագրերի քննարկումը,

ը) խորհրդի նախագահ ընտրելը,

թ) իր աշխատակարգի հաստատումը:

30. Խորհրդի կազմի մեջ մտնում են ինստիտուտի պրոռեկտորները, գիտական քարտուղարը, ամբիոնների և ուսումնագիտական լաբորատորիաների վարիչները, ազգային ցուցադրական կենտրոնի տնօրենը, համակարգչային դպրոցի վարիչը, գլխավոր հաշվապահը, արհմիութենական կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ընտրված աշխատողները:

Խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել 15-ը:

Խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

31. Խորհրդի նիստերը գումարվում են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ:

Խորհրդի արտահերթ նիստեր կարող են հրավիրվել խորհրդի նախագահի կողմից՝ սեփական նախաձեռնությամբ, նախարարության, ռեկտորի, ինչպես նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով:

Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր՝ նրա անդամների 2/3-ի մասնակցության դեպքում: Որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում ռեկտորի հրամաններով:

 

IV. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

32. Ինստիտուտի գույքը բաղկացած է սեփականության իրավունքով իրեն հանձնված գույքից և անհատույց օգտագործման իրավունքով իրեն ամրացված գույքից:

33. Ինստիտուտն իրավունք ունի, օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը։

34. Հիմնադիրը սեփականության իրավունքով ինստիտուտին պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ՝ բացառությամբ ինստիտուտի լուծարումից հետո մնացած գույքի:

35. Ինստիտուտի սեփականության պահպանման հոգսը կրում է ինստիտուտը:

36. Ինստիտուտի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում՝ միայն դատական կարգով:

37. Ինստիտուտն իրավունք ունի իրեն ամրացված գույքը հանձնելու վարձակալության, նախարարության համաձայնությամբ՝ որպես սեփականություն հանձնված գույքն օտարելու կամ վարձակալության տալու: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

38. Ինստիտուտի ֆինանսական միջոցները ձևավորվում են՝

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պետական պատվերի կարգով տրամադրված միջոցներից,

բ) ձեռնարկատիրական գործունեության իրականացումից,

գ) միջազգային ծրագրերի իրականացումից,

դ) բարեգործական ներդրումներից, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց նվիրատվություններից,

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

39. Ինստիտուտի ծախսերն ու եկամուտները նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով հաստատված նախահաշվին համապատասխան:

40. Ինստիտուտի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է աուդիտի (վերստուգման)՝ լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

V. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

41. Ինստիտուտը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Ինստիտուտը կարող է վերակազմակերպվել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:

42. Ինստիտուտը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

43. Ինստիտուտը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Ինստիտուտը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

44. Ինստիտուտը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

45. Ինստիտուտի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

46. Ինստիտուտի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան