Համարը 
ՀՕ-413-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.10.30/46(221) Հոդ.1056
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
25.09.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.10.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է 2002 թվականի սեպտեմբերի 25-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (28 հուլիսի 1998 թվական, ՀՕ-239, այսուհետ` օրենսգիրք) 1100-րդ հոդվածի երրորդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) աշխարհագրական նշումները և ապրանքի ծագման տեղանունները։»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 1163-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերության մեջ «օգտագործման իրավունքի» բառերը փոխարինել «գրանցման» բառով։

 

Հոդված 3. Օրենսգրքի 1171-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1171. Ապրանքային նշանի (սպասարկման նշանի) իրավական պահպանության պայմանները

 

 

 

1. Ապրանքային և սպասարկման նշանները (այսուհետ` ապրանքային նշան) այն նշաններն են, որոնցով որևէ անձի ապրանքները և ծառայությունները համապատասխանաբար տարբերվում են այլ անձի նույնատիպ ապրանքներից և ծառայություններից։

2. Ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է օրենքով սահմանված կարգով՝ դրա գրանցման հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան։

3. Ապրանքային նշանի գրանցման փաստը և դրա նկատմամբ իրավունքը հավաստվում է վկայագրով։

4. Ապրանքային նշանների տեսակները, որպես ապրանքային նշան չգրանցվող նշանները, ապրանքային նշանները գրանցելու, դրանց գրանցումը չեղյալ հայտարարելու և անվավեր ճանաչելու կարգը, ինչպես նաև չգրանցված ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու դեպքերը սահմանվում են օրենքով։»։

 

Հոդված 4. Օրենսգրքի 69-րդ գլխի § 3-ի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«§ 3. Ապրանքի ծագման տեղանունը և աշխարհագրական նշումը»։

 

Հոդված 5. Օրենսգրքի 1182-րդ հոդվածից հետո լրացնել 11821-րդ հոդված՝ հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 11821.

Աշխարհագրական նշման իրավական պահպանությունը

 

1. Որպես աշխարհագրական նշում իրավական պահպանության ենթակա է այն նշանը, որն առևտրային գործունեության մեջ օգտագործվում է որևէ պետության տարածքից կամ այդ տարածքի որոշակի շրջանից կամ տեղանքից ծագող ապրանքը նույնականացնելու համար, եթե ապրանքի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնութագրերը հիմնականում վերագրվում են դրա աշխարհագրական ծագմանը։

2. Արգելվում է առևտրային գործունեության ընթացքում աշխարհագրական նշումների օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք՝

1) չեն ծագել տվյալ աշխարհագրական տեղանքից.

2) ծագել են տվյալ աշխարհագրական տեղանքից, սակայն չեն համապատասխանում նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին։

3. Աշխարհագրական նշումը ենթակա չէ իրավական պահպանության, եթե առևտրային գործունեության ընթացքում դարձել է ապրանքի ընդհանուր անվանում։»։

 

Հոդված 6. Օրենսգրքի 1183-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1183. Պատասխանատվությունն ապրանքի ծագման տեղանվան և աշխարհագրական նշման ապօրինի օգտագործման համար

 

 

 

Ապրանքի ծագման տեղանունը և աշխարհագրական նշումն օգտագործելու իրավունք ունեցող անձը, ինչպես նաև սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները կարող են այդ աշխարհագրական նշումը կամ տեղանունն ապօրինի օգտագործող անձից պահանջել դադարեցնելու դրա կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումը, ապրանքի, դրա փաթեթավորման, ձևաթղթի և այլ փաստաթղթերի վրայից վերացնել այդպիսի նշանների պատկերը, իսկ եթե դա անհնար է, պահանջել օրենսդրությամբ սահմանված կարգով առգրավել և ոչնչացնել փաթեթը կամ ապրանքը։»։

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հոկտեմբերի 21
Երևան
ՀՕ-413-Ն