Համարը 
 
Տեսակը 
Մայր
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
 
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Գերագույն դատարանի պլենում
Ընդունման ամսաթիվը 
28.11.1991
Ստորագրող մարմինը 
 
Ստորագրման ամսաթիվը 
28.11.1991
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
 
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 


ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԼԵՆՈՒՄԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄՈՒՍՆԱ-ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎԵՃԵՐԸ ԼՈՒԾԵԼԻՍ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԼԵՆՈՒՄ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԹԻՎ

 

28 նոյեմբերի 1991 թ.
քաղ. Երևան

 

 

 

Ամուսնա-ընտանեական հարաբերություններից բխող գույքային վեճերը լուծելիս օրենսդրության կիրառման մասին

 

Քաղաքացիների սեփականության իրավունքի պաշտպանության համար կարևոր նշանակություն ունի գույքային վեճերի ճիշտ լուծումը:

Ամուսնա-ընտանեական հարաբերություններից բխող գույքային վեճերի լուծման պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանրապետության դատարանները հիմնականում ճիշտ լուծելով այդ բնույթի վեճերը, որոշ հարցերով միասնական մոտեցում չեն դրսևորում:

Կազմավորվող շուկայական հարաբերությունների պայմաններում դատարանները հաճախ հաշվի չեն առնում գների անընդհատ փոփոխությունները և այդ բնույթի վեճեր լուծելիս հիմք են ընդունում կամ ձեռք բերման պահին գույքի ունեցած արժեքը, կամ վեճի լուծման պահին գոյություն ունեցող պետական մանրածախ գինը, որի հետևանքով գույքը բնեղենով կամ ամուսիններից մեկին հանձնելու անհնարինության դեպքում խախտվում են դրամական փոխհատուցում ստացող ամուսնու շահերը:

Նշված թերությունները վերացնելու և միասնական դատական պրակտիկա ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի պլենումը որոշում է`

1. Հանրապետության դատարանների ուշադրությունը հրավիրել ամուսնա-ընտանեական հարաբերություններից բխող գույքային վեճերով օրենսդրության անշեղ կիրառման վրա, նկատի ունենալով, որ այդ վեճերի ճիշտ և ժամանակին լուծումը հանդիսանում է քաղաքացիների սեփականության իրավունքի և նրանց օրինական շահերի պաշտպանության կարևոր երաշխիքը:

2. Ամուսինների միջև հավասար բաժիններով բաժանման ենթակա է այն գույքը /այդ թվում դրամը, արժեթղթերը, ակցիաները, դրամական ավանդները/, որը նրանք ձեռք են բերել օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության ընթացքում:

Եթե դատարանը կպարզի, որ ամուսիններից որևէ մեկն իր հայեցողությամբ օտարել է ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը, կամ այն ծախսել ընտանիքի շահերին հակառակ, կամ թաքցրել է, ապա բաժանելիս հաշվի է առնվում նաև այդ գույքը:

Առանց ամուսնություն գրանցելու համատեղ ընտանեկան կյանքով ապրող անձանց միջև գույքի բաժանումը կատարվում է ոչ թե ամուսնա-ընտանեական օրենսդրությամբ սահմանված կանոններով, այլ ընդհանուր սեփականության մասին քաղաքացիական օրենսդրության նորմերով: Նման դեպքերում դատարանը հաշվի է առնում վիճելի գույքի ձեռք բերմանը կողմերից յուրաքանչյուրի մասնակցության չափը:

3. Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն չի համարվում մինչև ամուսնությունը սեփականության իրավունքով նրանցից յուրաքանչյուրին պատկանած գույքը, ինչպես նաև այն գույքը, որն ամուսնության ընթացքում ամուսիններից որևէ մեկը ստացել է նվիրատվության կամ ժառանգման կարգով, եթե մյուս ամուսնու կողմից այդ գույքի արժեքը զգալիորեն բարձրացնող ներդրումներ չեն կատարվել /ՀՀ ամ. և ընտ. օր. 22 հոդ./:

4. Անչափահաս երեխաների անվամբ ամուսինների ընդհանուր միջոցներով ներդրված դրամական ավանդները պատկանում են երեխաներին և ամուսիններին ընդհանուր սեփականություն չեն համարվում ու նրանց միջև չեն բաժանվում:

5. Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը, որպես կանոն, նրանց միջև բաժանվում է ելնելով ամուսինների բաժինների հավասարության սկզբունքից: Դատարանն այդ սկզբունքից կարող է շեղվել միայն ՀՀ ամ. և ընտ. օր. 21 հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, ընդ որում այդ շարժառիթները պետք է շարադրվեն վճռում:

6. Գույքը բնեղենով ամուսինների միջև բաժանելու կամ ամուսիններից մեկին հատկացված առարկան նրան հանձնելու անհնարինության դեպքում կողմերից մեկի օգտին կարող է վճռվել դրամական փոխհատուցում:

Գույքի արժեքի մասին կողմերի միջև համաձայնություն չկայացվելու դեպքում դատարանն իրավասու է այն շուկայական արժեքով գնահատել մասնագետի կամ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Նման եզրակացություն ստանալու համար կատարված ծախսերը հատուցվում են ՀՀ քաղ. դատ. օր. 88 հոդվածով սահմանված կարգով:

7. Ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող ավտոմեքենայի վերաբերյալ վեճը լուծելիս դատարանները ոչ միայն պետք է նկատի ունենան ամուսիններից մեկի վարորդական իրավունք ունենալու հանգամանքը, այլ նաև այն, թե ում կողմից, ինչ կարգով է այն ձեռք բերվել և ամուսիններից որն է պատրաստակամություն հայտնում մյուս կողմին փոխհատուցել ավտոմեքենայի շուկայական արժեքի նրան հասանելիք բաժինը:

Կողմերի միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը կարող է պարտավորեցնել կողմերին վաճառել ավտոմեքենան և բաժանել վաճառքից ստացված գումարը: