Համարը 
N 18-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2003.02.03/3(121) Հոդ.31
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվը 
14.01.2003
Ստորագրող մարմինը 
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
14.01.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԲԱՂԱԴՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հունվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11003022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 հունվարի 2003 թ. 
ք. Երևան

N 18-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԲԱՂԱԴՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն հաստատելու նպատակով, ղեկավարվելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 5-րդ հոդվածներով և հիմք ընդունելով ՀՀ ԿԳՆ կանոնադրության 10-րդ կետի «ի» ենթակետի 2-րդ պարբերությունը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Բաղադրյալ հատուկ անուններում մեծատառերի գործածության մասին» կանոնները (հավելված).

2. «Բաղադրյալ հատուկ անուններում մեծատառերի գործածության մասին» կանոնները կրթական ոլորտում ուժի մեջ մտցնել ծրագրեր ու դասագրքեր ներառելուց հետո.

3. Ապահովել վերոնշյալ կանոնների պետական գրանցումը։

 

Նախարար՝

Լ. Մկրտչյան

 

Հավելված

 

 

Հաստատված է 
ՀՀ կրթության և գիտության նախարարի
հմ. __ հրամանով __  _____ 2002 թ.

 

ԲԱՂԱԴՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Նկատի առնելով բաղադրյալ հատուկ անունների մեջ մեծատառերի գործածության անմիօրինակությունն ու սահմանված կանոնների անհետևողական կիրառությունը, ինչպես նաև բաղադրյալ անունների ու անվանումների ավելացման հետևանքով սրանց գրության ուսուցման և տպագրական գործում ստեղծված դժվարությունները` վերջիններս հաղթահարելու և մեծատառերի գրության մեջ միասնություն հաստատելու նպատակով ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը սահմանում է հետևյալ կանոնները.

 

1. Բոլոր բառերն սկսել մեծատառով.

 

Ա. Բոլոր պետությունների պաշտոնական բաղադրյալ հատուկ անուններում.

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Արաբական Միացյալ Ամիրայություններ, Աֆղանստանի Իսլամական Պետություն, Բելառուսի Հանրապետություն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (նախկինում` Գերմանական Դեմոկրատական Հանրապետություն և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), Հայաստանի Հանրապետություն (նախկինում` Հայկական Խորհրդային Սոցալիստական Հանրապետություն), Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Ռուսաստանի Դաշնություն (այսպես նաև` Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն և Խորհրդային Սոցալիստական Հանրապետությունների Միություն), Օսեթ-Ալանիայի Հանրապետություն և այլն:

Պետությունների (պետություն, ամիրայություն, թագավորություն, կայսրություն, խանություն, մելիքություն և այլն) պատմական անուններում մեծատառ է գրվում բաղադրյալ անվան միայն առաջին բաղադրիչը (տե ,ս իր տեղում):

 

Բ. Բոլոր բաղադրյալ այն անձնանուններում և մականուններում ու ծածկանուններում, որոնց մեջ՝

 

ա) բոլոր բաղադրիչներն առանձին-առանձին հատուկ անուն են. օրինակ` Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկին, Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան (Ակսել Բակունց), Եղիշե Աբգարի Սողոմոնյան (Եղիշե Չարենց), Խոսե Ռաուլ Կապաբլանկա, Կիմ Իր Սեն, Հո Շի Մին, Մաո Ցզեդուն, Մելիք-Հակոբյան Հակոբ Մելիք-Միրզայի (Րաֆֆի), Նիկոլայ Անդրեևիչ Ռիմսկի-Կորսակով, Ջորջ Նոել Գորդոն Բայրոն, այսպես նաև` Գամառ-Քաթիպա, Նար-Դոս, Սայաթ-Նովա և այլն.

 

բ) լրացյալը հատուկ անուն է, իսկ լրացումը (նախադաս թե հետադաս)` մականուն. օրինակ` Աշոտ Երկաթ, Արա Գեղեցիկ, Գայոս Սեկունդոս, Դավիթ Անհաղթ, Իվան Ահեղ, Մխիթար Սպարապետ, Պետրոս Առաջին, Պլինիոս Ավագ, Ջորջ Բուշ Կրտսեր, Սահակ Պարթև, Տիգրան Մեծ, Անանիա Շիրակացի, Ներսես Աշտարակեցի, Սողոմոն Իմաստուն, Հայկ Նահապետ, այսպես նաև` Առյուծաձև Մհեր, Գայլ Վահան, Ձախորդ Փանոս, Ձենով Օհան, Մայր Թերեզ, Քաջ Նազար, Անբան Հուռի, Միկիտան Սաքո և այլն:

 

Գ. Բոլոր բաղադրյալ այն աշխարհագրական անուններում, որոնց մեջ՝

 

ա) բոլոր բաղադրիչներն առանձին-առանձին հատուկ անուն են. օրինակ՝ Անի-Կամախ, Արփա-Սևան, Բաղք-Քաշունիք, Դոնի Ռոստով, Էլզաս-Լոթարինգիա, Խութ-Բռնաշեն, Մայնի Ֆրանկֆուրտ, Վան-Տոսպ, Վոլգա-Դոն և այլն.

բ) հասարակ անուն լրացումը նախադաս է, իսկ հատուկ անուն լրացյալը՝ հետադաս. օրինակ՝ Արևելյան Եփրատ, Արևմտյան Բեռլին, Բարձր Հայք, Կենտրոնական Աֆրիկա, Հարավային Ամերիկա, Մեծ Մասիս, Նոր Արեշ, Փոքր Ասիա, Ներքին Թալին, Վերին Արտաշատ, այսպես նաև՝ Հին Հունաստան, Հին Հռոմ և այլն.

գ) լրացումն ու լրացյալը օտարալեզու, բոլոր բաղադրիչները մեծատառով գրվող (վերոհիշյալ որևէ տեսակի) անուններ են. օրինակ՝ Ադիս Աբեբա, Ալմա Աթա (այժմ՝ Ալմաթի), Բուենոս Այրես, Իսիկ Կուլ, Խալխին Գոլ, Կրիվոյ Ռոգ, Ղարա Բողազ Գյոլ, Մատոչկին Շար, Միներալնիե Վոդի, Յասնայա Պոլյանա, Նիժնի Նովգորոդ, Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո և այլն.

դ) երկու բաղադրիչներն էլ հասարակ անուններ են, բայց պայմանական կամ փոխաբերական գործածությամբ դառնում են հատուկ անվան բաղադրիչ և գրվում մեծատառ. օրինակ՝ Ծիր Կաթին (աստղակույտ), Նոր Երկիր, Հեռավոր Արևելք, Հին Արևելք, Մերձավոր Արևելք (երկրամասեր), Հայկական Պար (լեռնաշղթա), Մեծ Արջ, Փոքր Արջ (համաստեղություններ). այսպես նաև՝ հատուկ անվան և նրան հաջորդող պայմանական գործածության անվան բաղադրություններում. օրինակ՝ Աֆրիկայի Եղջյուր (թերակղզի), Վիեննայի Անտառ (լեռնազանգված), Բերենիկեի Վարսեր (համաստեղություն) և այլն:

 

Դ. Հոգևոր-պատմամշակութային այն բաղադրյալ հատուկ անուններում, որոնց մեջ բոլոր բաղադրիչներն առանձին-առանձին կամ «Սուրբ» մականվան հետ միասին հատուկ անուն են. օրինակ՝ Անգղա Սուրբ Նշան, Արգյազի Սուրբ Ստեփանոս Նախավկա, Դարաշամբի Սուրբ Ստեփանոս, Ընծայից Սուրբ Աստվածածին, Մաստարայի Սուրբ Հովհաննես, Մուղնու Սուրբ Գևորգ, Վասպուրականի Մոկաց Սուրբ Մինաս, կամ նաև՝ Սուրբ Նշան, Սուրբ Ստեփանոս Նախավկա, Սուրբ Աստվածածին, Սուրբ Հովհաննես, Սուրբ Գևորգ, Սուրբ Մինաս (վանք, եկեղեցի):

Հայերեն թե օտարալեզու բաղադրյալ անձնանուններում և աշխարհագրական անուններում գործածված միջադաս և վերջադաս մեկնական-լրացական բառերն ու քերականական-վերաբերական նշանակության բառ-մասնիկները (նախդիր, հոդ, կապ, շաղկապ), ինչպես այլ լեզուներում, այնպես էլ հայերենում, գրվում են փոքրատառ. օրինակ՝ Աբդ էլ Քերիմ, Անդրեա դել Սարտո, Անդրեա դըլլա Ռոբիա, Բոդուեն դե Կուրտենե, Ժաննա դ, Արկ, Լեոնարդո դա Վինչի, Հարուն ալ Ռաշիդ, Միրզա Մելքում խան (Հովսեփ Մելքոնյան), Միրզո Թուրսուն-զադե, Մուքիմի Մուհամադ Ամին-խոջա, Նուր ադ դին ալ Հալաբի, Շառլ դը Գոլ, Վիլհելմ ֆոն Հումբոլդտ, Օմար Խայամ Ղիասսադդին Աբու-լ-Ֆաթի իբն Իբրահիմ, Մահարի Աբու-լ-Ալա, Ադրիան վան Օստադե, Մուհամեդ Սուլեյման օղլի Ֆիզուլի (Ֆուզուլի). այսպես նաև աշխարհագրական բաղադրյալ անուններում՝ Անտիոք առ Եփրատավ, Անտիոք առ Տավրոսիվ, Իլ դը Ֆրանս (պատմական մարզ Ֆրանսիայում), Մեծ կամ Խաղաղ օվկիանոս, Նահր էլ Արդեն (Հորդանան գետի արաբերեն անվանումը), Ռիո դե Ժանեյրո (քաղաք), Սեն Պիեռ և Միքելոն (կղզեխումբ), Տուլլա դե Համդոն, Տալլ իբն Համտուն (Թիլ Համտուն բերդավանի ֆրանսերեն և արաբերեն անվանումները), Ջաբալ ալ Հարիթ (Արարադի՝ Ջուդի լեռան արաբերեն անվանումը) և այլն:

Սակայն բաղադրյալ հատուկ անվան սկզբում կամ նախադաս դիրքում (թե՜ հայերենում, թե՜ այլ լեզուներում) այդ կարգի մեկնական-լրացական բառերն ու կապակցական բառ-մասնիկները գրվում են մեծատառ. օրինակ՝ Իբն էլ ֆաքի, Լա Կրոզ Մաթյուրեն Վեյսիե, Լա Վալե Պուսեն Շառլ Ժան, Վան Գոգ Վինսենտ, Վան Դեյք Անտոնիս, Օ, Ռիորդան Մայքլ, Օ,Նեյլ (Օ,Նիլ) Յուջին, այսպես նաև աշխարհագրական անուններում՝ Լա Մանշ (նեղուց), Լա Պլատա (քաղաք), Լե Կրեզո (քաղաք), Սեն Գոթարդ (լեռնանցք), Սեն Պիեռ (նավահանգիստ) և այլն:

Հատուկ անձնանվան զբաղմունքը, մասնագիտությունը, պաշտոնը (բանաստեղծ, վիպասան, նկարիչ, երգիչ, ուսուցիչ, երկրագործ, կոշկակար, թագավոր և այլն) և տեղանվան տեսակը (գետ, լիճ, ծով, լեռ, դաշտ, գյուղ, քաղաք և այլն) որոշող հիմնաբառերը, բոլոր բառերը մեծատառով գրվող հատուկ անունների հետ գործածվելիս, գրվում են փոքրատառ. օրինակ՝ Աշոտ Երկաթ թագավորը, Խրիմյան Հայրիկ կաթողիկոսը, Դերենիկ Դեմիրճյան վիպասանը, Եղիշե Չարենց բանաստեղծը, Մարտիրոս Սարյան նկարիչը, Անի-Կամախ քաղաքը, Արփա-Սևան ջրատարը, Արևմտյան Եփրատ գետը, Բարձր Հայք աշխարհը, Խալխին Գոլ գետը, Հայկական Պար լեռնաշղթան, Մեծ Մասիս լեռը, Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցին, Վասպուրականի Մոկաց Սուրբ Մինաս վանքը և այլն:

 

2. Միայն առաջին բառն սկսել մեծատառով (դրանց կազմում հատուկ անուն լինելու դեպքում պահպանելով նաև այդ անվան մեծատառով գրությունը).

 

Ա. Ֆիզիկաաշխարհագրական այն բաղադրյալ հատուկ անուններում, որոնց մեջ լրացյալը, առանձին վերցված, հատուկ անուն չէ.

 

Աղթամար կղզի, Արայի լեռ, Արարատյան դաշտ, Բաղակի քար (բերդ-ամրոց), Գեղամա լեռներ, Լոռու հրաբխային բարձրավանդակ, Կասպից (Վրկանա) ծով, Կովկասի լեռնաշղթա, Հիմալայան լեռներ, Հրազդանի ձոր, Հյուսիսային սառուցյալ օվկիանոս (կամ՝ Սառուցյալ օվկիանոս), Մեծ կամ Խաղաղ օվկիանոս (կամ՝ Խաղաղ օվկիանոս), Որոտանի լեռնանցք, Պարսից ծոց, Սև ծով, Սևանա լիճ, Տրդատի թախտ (բերդավան, դաստակերտ), Ուրմիա (Կապուտան) լիճ և այլն:

Այս կարգի աշխարհագրական բաղադրյալ հատուկ անունները գրաբարում ունեն այլ շարադասություն, որի հետևանքով հասարակ անուն լրացյալները լինում են նախադաս և նույնպես գրվում են մեծատառ. այն է՝ Աթոռ Անահտա(յ), Դուռն Անտիոքա(յ), Քարն Բաղակու, Թախտ Տրդատա(յ) և այլն:

 

Բ. Պետությունների վարչատարածքային հին ու նոր այն անվանումներում, որոնց մեջ լրացյալն, առանձին վերցված, հատուկ անուն չէ.

 

Արագածոտնի մարզ, Վայոց ձորի մարզ, Տամբովի մարզ, Լոձի վոյեվոդություն, Կրակովի վոյեվոդություն, Վանի նահանգ, Փենսիլվանիայի նահանգ, Մասյացոտն գավառ, Մուշի գավառ, Կրասնոյարսկի երկրամաս, Ստավրոպոլի երկրամաս, Լանկաշիրի կոմսություն, Քենտի կոմսություն, Հոկայդոյի պրեֆեկտուրա, այսպես նաև՝ պետությունների, ավատական (ֆեոդալական) ինքնավար իշխանությունների պատմական անվանումներում՝ Կիլիկիայի հայկական պետություն (կամ թագավորություն), Կարսի թագավորություն, Սյունիքի թագավորություն, Վասպուրականի թագավորություն (բայց նաև՝ Կարսի Բագրատունիների թագավորություն, Վասպուրականի Արծրունյաց թագավորություն), Բյուզանդական կայսրություն, Հռոմեական կայսրություն, Խամսայի մելիքություն, Հուլիսյան միապետություն, Հայաստանի առաջին հանրապետություն կամ Առաջին հանրապետություն, Ֆրանսիայի հինգերորդ հանրապետություն կամ Հինգերորդ հանրապետություն և այլն:

 

Գ. Պետությունների խմբերի (դաշինքների, միավորումների) այն անուններում, որոնց մեջ լրացյալը (նաև սրան նախորդող միջադաս բաղադրիչը), առանձին վերցված, հատուկ անուն չէ.

 

Արաբական պետությունների լիգա, Երեք կայսրերի դաշինք, Եռյակ դաշինք, Սրբազան դաշինք, Նավթ արտահանող երկրների կազմակերպություն, Բրիտանիայի ազգերի համագործակցություն (բայց՝ Անկախ Պետությունների Համագործակցություն) և այլն:

 

Դ. Չակերտների մեջ առնվող անվանումներում.

 

ա) գրական, գիտական, արվեստի և այլ երկերի ու ստեղծագործությունների, լրագրերի, պարբերականների բաղադրյալ անուններ՝

«Պատերազմ և խաղաղություն», «Հացի խնդիր», «Իններորդ ալիք», «Ամբոխները խելագարված», «Գրական թերթ», «Հայկական բանակ» (ամսագիր), «Հայոց աշխարհ» (թերթ), «Իմ ընկեր Նեսոն», «Մենք ենք, մեր սարերը», «Մամուլի տեսություն» (հեռուստածրագիր), «Հողի արյուն» (գինի), «Անհաղթ աքլոր» (կոնֆետ), «Արգումենտի ի ֆակտի» (շաբաթաթերթ), «Ռեսպուբլիկա Արմենիա» և այլն.

բ) հիմնարկներին, կուսակցություններին, կազմակերպություններին և զանազան այլ հաստատություններին ու առարկաներին (տարբերանշաններ, շքանշաններ և այլն) տրվող բաղադրյալ անուններ՝

«Մուրճ և մանգաղ» գործարան, «Նաիրիտ» գործարան, «Ազգային միաբանություն» կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն, «Հզոր հայրենիք» կուսակցություն, «Հող և ազատություն» կուսակցություն, «Միացյալ Հայաստան» կուսակցություն, «Միություն և առաջադիմություն» կուսակցություն, «Օրինաց երկիր» կուսակցություն (բայց նաև՝ Գերմանիայի սոցիալ-ժողովրդավարական կուսակցություն, Ավստրալիայի լեյբորիստական կուսակցություն, Ճապոնիայի ազատական-ժողովրդավարական կուսակցություն, Հայաստանի ժողովրդական կուսակցություն, Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն), «Աշխատանք», «Դինամո», «Սպարտակ» (մարզական ընկերություններ), «Զինվորի մայր» կազմակերպություն, «Պատվո նշան» շքանշան, «Մարտական ծառայությունների համար» մեդալ, «Մայրական փառք» շքանշան, «Գերազանցիկ ֆինանսիստ» կրծքանշան և այլն:

 

Ե. Համաշխարհային կամ համապետական ճանաչման հաստատության, մրցանակի կամ բարձրագույն պատվավոր կոչման, ինչպես նաև պետություններից շնորհվող շքանշանների և մեդալների բաղադրյալ անուններում.

 

(Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան) Մատենադարան, (ՀՀ) Գիտությունների ազգային ակադեմիա, Նոբելյան մրցանակ, ԽՍՀՄ Լենինյան մրցանակ, ՀԽՍՀ Պետական մրցանակ, Հայաստանի Ազգային հերոս, Հերոսուհի մայր, այսպես նաև՝ Հայրենիքի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան, Փառքի (առաջին աստիճանի, երկրորդ աստիճանի) շքանշան, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան, Կարմիր աստղի շքանշան, Մարտական խաչի երկրորդ աստիճանի շքանշան, Արիության մեդալ, Պատվո լեգեոնի շքանշան (բայց նաև՝ Անանիա Շիրակացու մեդալ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան) և այլն:

 

Զ. Համաշխարհային կազմակերպությունների, միությունների, հաստատությունների, եզակի քաղաքական, արհմիութենական և հասարակական մարմինների ընդարձակ և համառոտ բաղադրյալ անուններում.

 

Միավորված ազգերի կազմակերպություն, Անվտանգության խորհուրդ, Խաղաղության համաշխարհային խորհուրդ, Արհեստակցական միությունների համաշխարհային ֆեդերացիա, Շախմատի միջազգային ֆեդերացիա, Ազգերի լիգա և այլն:

 

Է. Բոլոր պետությունների կենտրոնական ղեկավար օրենսդիր, գործադիր և դատական բարձրագույն մարմինների բաղադրյալ անուններում.

 

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ և Սենատ, Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողով և Նախարարների խորհուրդ, Լեհաստանի Հանրապետության Սեյմ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և Կառավարություն, ՀՀ Վճռաբեկ դատարան և Սահմանադրական դատարան, Մեծ Բրիտանիայի Պառլամենտի Համայնքների պալատ և Լորդերի պալատ, (ԱՄՆ, ՌԴ) Գերագույն դատարան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտե, ՉԺՀ Պետական խորհուրդ, Ռուսաստանի Դաշնության Պետդումա (Պետական դումա կամ Դումա), Ֆրանսիայի Ազգային ժողով և այլն:

Պաշտոնական փաստաթղթերում և հաղորդագրություններում մեծատառով գրվող Պառլամենտ, Կոնգրես, Սենատ, Սեյմ, Մեջլիս, Դումա, Ռադա, Խուրալ, հայերեն՝ Կառավարություն և այլ անունները՝ իբրև պետական կենտրոնական ղեկավար մարմնի՝ տեսակ անվանող բառեր գործածվելիս գրվում են փոքրատառ և մտնում են բառարան՝ որպես հասարակ անուն:

 

Ը. Պատմահասարակական նշանավոր անցքերի ու շրջափուլերի և պաշտոնական ու ազգային-ավանդական տոների անուններում.

 

ա) պատմահասարակական նշանավոր անցքեր՝

 

Առաջին համաշխարհային պատերազմ (Առաջին աշխարհամարտ), Երկրորդ համաշխարհային պատերազմ (Երկրորդ աշխարհամարտ), Դիմադրության շարժում, Երեսնամյա պատերազմ, Թոնդրակյան շարժում, (հայկական) Մեծ եղեռն, Հայրենական մեծ պատերազմ (Մեծ Հայրենական), Հարյուրամյա պատերազմ, Հյուսիսային պատերազմ, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն, Ռուսաստանի 1812 թ. Հայրենական պատերազմ, 1920 թ. Մայիսյան ապստամբություն, Յոթնամյա պատերազմ, 1917 թ. Փետրվարյան հեղափոխություն, 1848 թ. Ֆրանսիական բուրժուադեմոկրատական հեղափոխություն, 1789-1794 թթ. Ֆրանսիական մեծ հեղափոխություն, Գրիգորյան տոմար, Հուլյան տոմար և այլն.

բ) պետական-պաշտոնական և միջազգային տոներ՝

 

Թարգմանչաց տոն, Հաղթանակի տոն, Մայիսի մեկ, Ապրիլի յոթ (Մայրության և գեղեցկության տոն), Մարտի ութ (Կանանց միջազգային օր), Նոր տարի կամ Ամանոր, Անկախության օր, Երեխաների պաշտպանության միջազգային օր, Ռազմաօդային ուժերի օր, Սահմանադրության օր, Երկաթուղայինի օր և այլն.

գ) եկեղեցական-ծիսական և ժողովրդական, ավանդական դարձած տոներ՝

 

Քրիստոսի հարության կամ պայծառակերպության տոն, Սուրբ ծննդի տոն (Սուրբ ծնունդ), Տյառնընդառաջի տոն, ինչպես նաև՝ Կանաչ կիրակի, Կարմիր կիրակի, Մեծ պաս (տոն օրեր), Զատկի տոն (Զատիկ), Ծաղկազարդի տոն (Ծաղկազարդ), Համբարձման տոն (Համբարձում), Ջրօրհնեքի տոն (Ջրօրհնեք), Վարդավառի տոն (Վարդավառ) և այլն:

 

3. Դիվանագիտական և պաշտոնական փաստաթղթերի ու հաղորդագրությունների մեջ, Հայոց եկեղեցու պաշտոնական լեզվում, հեղինակային վերաբերմունքի՝ քաղաքավարական և մեծարման ոճերում թույլատրվում է մեծատառի ազատ գործածություն՝ ըստ ընդունված կարգի:

 

4. Վերոհիշյալ կանոնների մեջ չմտնող բաղադրյալ անվանումները, եթե չեն տեղայնացված, որպես հասարակ անուններ գրել փոքրատառով.

 

(ՀՀ) արտաքին գործերի նախարարություն, գիտության և կրթության նախարարություն, պետական գիտատնտեսական խորհուրդ, գազի արդյունաբերության գլխավոր վարչություն, լեզվի պետական տեսչություն, գլխավոր դատախազություն, ռազմածովային ուժեր, գրողների միություն, նկարիչների միություն, արհեստակցական միությունների կենտրոնական խորհուրդ, երիտասարդության միություն, մարզական ընկերությունների և կազմակերպությունների միություն, պետական համալսարան, բժշկական համալսարան, պետական հումանիտար քոլեջ, կաուչուկի գործարան, քաղաքային դեպարտամենտ, ազգային գրադարան, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն, պատմության պետական թանգարան:

 

Այսպես են գրվում կուսակցությունների՝ չակերտներում չառնվող բաղադրյալ անունները. օրինակ՝ կոմունիստական կուսակցություն, բանվորական կուսակցություն, դեմոկրատական կուսակցություն, սոցիալիստական միասնական կուսակցություն, լեյբորիստական կուսակցություն, քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն: Այսպես են գրվում նաև պետական, զինվորական, գիտական պաշտոնների, պատվավոր և այլ կոչումների բաղադրյալ անունները. օրինակ՝ գերագույն գլխավոր հրամանատար, գլխավոր դատախազ, ավիացիայի մարշալ, ժողովրդական արտիստ, գիտության վաստակավոր գործիչ, վաստակավոր ուսուցիչ, վաստակավոր շինարար, այսպես նաև՝ հանրապետության նախագահ, կուսակցության կենտկոմի քարտուղար, երկրի վարչապետ և այլն:

 

Եթե բաղադրյալ անվան վերադիր ածականը տեղայնացնող կամ մասնավորող նշանակություն ունի և օտարաբանությամբ գործածված է տեղանվան սեռական հոլովի իմաստով ու կարող է փոխարինվել այդ ձևով, գրվում է մեծատառով. օրինակ՝ Լեհական (փոխանակ Լեհաստանի) միացյալ բանվորական կուսակցություն, Հայ (Հայկական կամ Հայաստանի) ռամկավար ազատական կուսակցություն, այսպես նաև՝ Երևանյան լիճ, Թբիլիսյան խճուղի, Կիևյան փողոց և այլն:

 

5. Հապավումների մեջ մեծատառով գրել.

 

Ա. Հատուկ և հասարակ բաղադրյալ անունների տառային հապավումներն ամբողջությամբ.

 

ՌԴ, ԱՄՆ, ՉԺՀ, ՄԱԿ, ՀԳՄ, ՀԺԿ, ՀԴԿ, ԳԱԱ (Գիտությունների ազգային ակադեմիա), ՄՏԿ, ՀՕՊ, ՊԱՊ և այլն:

Հասարակ գոյականի արժեք ստացած բուհ, նէպ, հէկ, զագս և նման տառային հապավումները գրել փոքրատառով:

 

Բ. Բաղադրյալ հատուկ անունների ոչ տառային հապավումների միայն առաջին տառը.

 

(Լեհաստանի Հանրապետության) Պետխորհուրդ, (Ռուսաստանի Դաշնության) Պետդումա, Անդրֆեդերացիա և այլն:

 

Գ. Հասարակ անվան գործածություն ունեցող բաղադրյալ անունների տեղայնացնող բաղադրիչի առաջին տառը.

 

Հայկինո, Հայպետհրատ, Գրոզնեֆտ, Լենֆիլմ, Մոսֆիլմ, Հայոսկի և այլն:

 

Դ. Խառը տիպի հապավումների՝ նաև առանձին բաղադրիչների առաջին տառը.

 

ԱՄ Նահանգներ, ՌԴ Դումա (Պետդումա), ԼՂ Հանրապետություն, ՀՀ Կառավարություն, Երևանյան հէկ, ՀամԼԿԵՄ, ՀամԿ(բ)Կ և այլն:

 

Ե. Օտարազգի տառանուններով հատուկ անունների յուրաքանչյուր տառանվան առաջին տառը.

 

ԱյԲիԷմ, ԲիԲիՍի, ԷյԲիՍի, ԷյՍիԲիԷյ, ԷֆԷմ, ՍիԷնԷն և այլն: