Համարը 
ՀՕ-143-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.07.12/38(493) Հոդ.817
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
15.06.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.07.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 Ընդունված է 2006 թվականի հունիսի 15-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիսի 1998 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 1110-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը «իրավունքը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև թույլ տրված խախտման վերաբերյալ իրավախախտողի հաշվին՝ դատական վճռի ամբողջությամբ կամ մասնակիորեն պարտադիր հրապարակմամբ՝ իրավատիրոջ նշած Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվամիջոցում» նախադասությամբ։

 

Հոդված 2. Օրենսգրքի 1111-րդ հոդվածում՝

 

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա:».

2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում:»։

 

Հոդված 3. Օրենսգրքի 1112-րդ հոդվածում՝

 

1) 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները.».

2) 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) համակարգչային ծրագրերը.»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 1113-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում «տվյալների բազաները» բառերը դուրս հանել փակագծերից` պահպանելով կետադրական կանոնները։

 

Հոդված 5. Օրենսգրքի 1114-րդ հոդվածում`

 

1) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները.».

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետ՝

«6) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը։»։

 

Հոդված 6. Օրենսգրքի 1116-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը, որպես հեղինակ, նշված է ստեղծագործության վրա, կամ ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործությունը հրապարակելիս, կամ ում անունը որպես հեղինակ նշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում կամ նոտարի մոտ կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Սույն դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ այդ անունը կեղծանուն է, և կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում:».

2) 3-րդ կետի «հրապարակելիս» և «հրատարակողը» բառերը համապատասխանաբար փոխարինել «լույս ընծայելիս» և «լույս ընծայողը» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 1117-րդ հոդվածում՝

 

1) 3-րդ կետի «համաձայնությամբ» բառը փոխարինել «միջև կնքված պայմանագրով» բառերով.

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջև կնքված պայմանագրով: Պայմանագրի բացակայության դեպքում համահեղինակները ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն իրականացնում են համատեղ, իսկ եկամուտը նրանց միջև բաշխվում է հավասար:».

3) 5-րդ կետը «արգելել» բառից հետո լրացնել «մյուս համահեղինակներին՝» բառերով։

 

Հոդված 8. Օրենսգրքի 1118-րդ հոդվածի 3-րդ կետը «ստեղծագործությունները» բառից հետո լրացնել «եթե պահպանված է սույն հոդվածի 2-րդ կետի պայմանը» բառերով։

 

Հոդված 9. Օրենսգրքի 1120-րդ հոդվածում՝

 

1) վերնագրի «նշանները» բառը փոխարինել «նշանը» բառով.

2) 1-ին կետի «բացառիկ հեղինակային իրավունքի» բառերը փոխարինել «բացառիկ գույքային իրավունքների» բառերով, իսկ «ստեղծագործության» բառը՝ «ստեղծագործության բնօրինակի կամ» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 1121-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 1121. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները

 

1. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները ապահովում են ստեղծագործության նկատմամբ նրա մտավոր և անձնական կապերը:

2. Հեղինակին են պատկանում ստեղծագործության նկատմամբ հետևյալ անձնական ոչ գույքային իրավունքները`

1) ստեղծագործության հեղինակ ճանաչվելու (հեղինակության իրավունք).

2) ստեղծագործությունն իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ այդպիսի օգտագործումը թույլատրելու (հեղինակի անվան իրավունք).

3) ստեղծագործությունը հնարավոր աղավաղումներից, փոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու (հեղինակի համբավի և արժանապատվության իրավունք).

4) ստեղծագործությունը ցանկացած ձևով առաջին անգամ հրապարակելու կամ այդ իրավունքն այլ անձի վերապահելու (հրապարակման իրավունք).

5) ստեղծագործությունը հրապարակելու մասին նախկինում ընդունած որոշումից հրաժարվելու (հետկանչի իրավունք` դրա հետևանքով ստեղծագործությունն օգտագործելու իրավունք ունեցող անձանց պատճառած վնասները (ներառյալ` բաց թողնված օգուտը) հատուցելու պայմանով։ Եթե ստեղծագործությունն արդեն իսկ լույս է ընծայվել, ապա հեղինակը պարտավոր է հրապարակայնորեն ծանուցել դրա հետկանչի մասին: Ընդ որում, նա իրավունք ունի ստեղծագործության նախկինում պատրաստված օրինակները շրջանառությունից հանելու` հոգալով անհրաժեշտ ծախսերը: Սույն կետի դրույթները չեն տարածվում համակարգչային ծրագրերի, տեսալսողական ստեղծագործությունների, տվյալների բազաների, ինչպես նաև ծառայողական ստեղծագործությունների վրա, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

3. Անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի և անփոխանցելի են և պահպանվում են անժամկետ, բացառությամբ հետկանչի իրավունքի, որը գործում է միայն հեղինակի կյանքի ընթացքում։»։

 

Հոդված 11. Օրենսգրքի 1122-րդ և 1123-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 12. Օրենսգրքի 1124-րդ հոդվածում՝

 

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ 

«1. Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր ստեղծագործությունը ցանկացած ձևով և եղանակով, ինչպես նաև թույլատրելու կամ արգելելու երրորդ անձանց դրա օգտագործումը, մասնավորապես`

1) ստեղծագործության վերարտադրումը (վերարտադրման իրավունք).

2) ստեղծագործության տարածումը (տարածման իրավունք).

3) ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը (վարձույթով տալու իրավունք).

4) ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը (փոխատվության իրավունք).

5) ստեղծագործության թարգմանումը (թարգմանության իրավունք).

6) ստեղծագործության վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը (վերափոխման իրավունք).

7) ստեղծագործության հաղորդումը հանրությանը (հանրությանը հաղորդման իրավունք).

8) ստեղծագործության հրապարակային կատարումը (հրապարակային կատարման իրավունք).

9) ստեղծագործության հրապարակային ցուցադրումը (հրապարակային ցուցադրման իրավունք).

10) ստեղծագործության հեռարձակումը (հեռարձակման իրավունք).

11) ստեղծագործության հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակումը (վերահեռարձակման իրավունք).

12) ստեղծագործության հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով (մալուխով հաղորդման իրավունք)։

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ ձևերով ու եղանակներով օգտագործումը:».

2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Վերարտադրում է համարվում ստեղծագործության ուղղակի կամ անուղղակի, ժամանակավոր կամ մշտական ամրագրումը ցանկացած կրիչի վրա, ցանկացած միջոցներով և ձևով, ամբողջությամբ կամ մասնակի:

4. Տարածում են համարվում ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները շրջանառության մեջ դնելը վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցներով, ինչպես նաև դրանց ներմուծումը:»։

 

Հոդված 13. Օրենսգրքի 1126-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 1126. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակի հատուկ իրավունքը

 

1. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն իրավունք ունի ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի սեփականատիրոջից պահանջելու վերարտադրման կամ վերամշակման իր իրավունքն իրագործելու հնարավորություն ընձեռել իրեն, եթե դրանով չեն վնասվում սեփականատիրոջ օրինական շահերը: Ընդ որում, սեփականատերը պարտավոր չէ ստեղծագործությունը հասցնել հեղինակի գտնվելու վայրը: Նշված հնարավորությունն ընձեռելիս սեփականատերը կարող է հեղինակից պահանջել ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի շուկայական գնի չափով գրավի կամ այլ միջոցի ապահովում:

Նշված իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ ծախսերը հոգում է հեղինակը, որը պատասխանատվություն է կրում նաև ստեղծագործության բնօրինակին կամ օրինակին պատճառած որևէ վնասի համար:

2. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն օգտվում է իր կողմից օտարված կերպարվեստի ստեղծագործության բնօրինակը սեփականատիրոջ կողմից կամ աճուրդասրահի, պատկերասրահի, գեղարվեստական սրահի, խանութի և այլ գործակալի միջոցով վաճառքի մասին տեղեկացվելու և յուրաքանչյուր վերավաճառքի գնի հինգ տոկոսը վաճառողից ստանալու անօտարելի իրավունքից (վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունք)։»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 1127-րդ հոդվածում՝

 

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 1127. Գույքային իրավունքների սահմանափակումները».

 

2) 1-ին կետի «հեղինակի բացառիկ» բառերը փոխարինել «գույքային» բառով.

3) 2-րդ կետի «բացառիկ» բառը փոխարինել «գույքային» բառով։

 

Հոդված 15. Օրենսգրքի 1128-րդ հոդվածում՝

 

1) 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ կետի առաջին պարբերությունում «հեղինակային բացառիկ իրավունքի» բառերը փոխարինել «գույքային իրավունքների» բառերով.

3) 2-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագիրը հեղինակի համար կարող է նախատեսել վարձատրություն ծառայողական ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր ձևի համար, դրա հաշվարկման ու վճարման կարգը և պարունակել ստեղծագործության օգտագործման այլ պայմաններ:»։

 

Հոդված 16. Օրենսգրքի 1129-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 1129. Հեղինակային իրավունքի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում

 

1. Սույն օրենքի դրույթները կիրառվում են այն հեղինակների ստեղծագործությունների և կատարողների կատարումների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ տվյալ ստեղծագործության ստեղծման կամ հրապարակման վայրից։

2. Սույն օրենքի դրույթները կիրառվում են այն հեղինակների ստեղծագործությունների կամ կատարողների կատարումների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, սակայն նրանց ստեղծագործությունները կամ կատարումները առաջին անգամ լույս են ընծայվել Հայաստանի Հանրապետությունում, եթե հեղինակը կամ կատարողը Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձ է։

Ստեղծագործությունը Հայաստանի Հանրապետության տարածքում առաջին անգամ լույս ընծայված է համարվում նաև, եթե առաջին անգամ այլ պետության տարածքում լույս ընծայվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, լույս է ընծայվում Հայաստանի Հանրապետության տարածքում:

3. Սույն օրենքի դրույթները կիրառվում են նաև հնչյունագրերի նկատմամբ, որոնց արտադրողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են կամ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձինք։ Օտարերկրյա հնչյունագիր արտադրողի հնչյունագրերի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները։

4. Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները համապատասխանաբար կիրառվում են ֆիլմերի, ռադիոհեռուստատեսային հաղորդումների, նախկինում չհրապարակված ստեղծագործությունների հրատարակությունների, ինչպես նաև տվյալների բազաների նկատմամբ։»։

 

Հոդված 17. Օրենսգրքի 1131-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 1131. Գույքային իրավունքների գործողության ժամկետը

 

1. Հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում և շարունակում են գործել նրա մահից հետո` 70 տարի:

2. Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները գործում են համահեղինակների կյանքի ընթացքում և շարունակում են գործել համահեղինակներից վերջինի մահից հետո` 70 տարի:

3. Կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործությունների դեպքում հեղինակի գույքային իրավունքները ծագում են ստեղծագործությունն օրինական ճանապարհով հանրությանը մատչելի դառնալու պահից և գործում են 70 տարի: Եթե նշված ժամկետում կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործության հեղինակի անձը բացահայտվում է, ապա կիրառվում են սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները:

4. Սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան նշված իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի մեկից:»:

 

Հոդված 18. Օրենսգրքի 1132-րդ հոդվածում՝

 

1) 1-ին կետի «հեղինակի գույքային իրավունքի» բառերը փոխարինել «գույքային իրավունքների գործողության» բառերով.

2) 2-րդ կետի «ստեղծագործության անձեռնմխելիության» բառերը փոխարինել «հեղինակի համբավի և արժանապատվության» բառերով։

 

Հոդված 19. Օրենսգրքի 1133-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 1133. Հեղինակային իրավունքի անցումը ժառանգաբար և փոխանցումը

 

1. Հեղինակային իրավունքը փոխանցվում է ժառանգաբար:

2. Ժառանգաբար չեն փոխանցվում հեղինակության իրավունքը, անվան իրավունքը, համբավի և արժանապատվության իրավունքը, հետկանչի իրավունքը:

3. Հեղինակի ժառանգները իրավասու են իրականացնելու հեղինակության իրավունքի, անվան իրավունքի, համբավի և արժանապատվության իրավունքի պաշտպանությունը` առանց ժամկետային սահմանափակման:

Ժառանգների բացակայության դեպքում նշված իրավունքների պաշտպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:

4. Հեղինակի գույքային իրավունքները կարող են պայմանագրով փոխանցվել (զիջվել) այլ անձի՝ վերջինիս և հեղինակի, նրա ժառանգների կամ նրանց հետագա իրավահաջորդների հետ կնքած պայմանագրով:

5. Գույքային իրավունքները կարող են իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։»։

 

Հոդված 20. Օրենսգրքի 1134-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 1134. Ստեղծագործության օգտագործման թույլտվությունը: Հեղինակային պայմանագիրը

 

1. Այլ անձինք ստեղծագործությունը կարող են օգտագործել միայն ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները կրող անձի (ստեղծագործության հեղինակ կամ այլ անձ, որին այդ իրավունքներն անցել են օրենքով սահմանված կարգով, այսուհետ՝ իրավատեր) թույլտվությամբ՝ հեղինակային պայմանագրի հիման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Հեղինակային պայմանագիրը, որը կարգավորում է իրավատիրոջ և ստեղծագործության օգտագործման թույլտվություն ստացած անձի (այսուհետ՝ օգտագործող) փոխհարաբերությունները, հատուցելի է և կարող է լինել բացառիկ կամ ոչ բացառիկ:

3. Հեղինակային ոչ բացառիկ պայմանագրով իրավատերն օգտագործողին տրամադրում է ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու պայմանագրում նշված սահմաններում օգտագործելու իրավունք` պահպանելով ստեղծագործության նկատմամբ բացառիկ իրավունքները, այդ թվում՝ այլ անձանց ստեղծագործության օգտագործման թույլտվություն տալու իրավունքը:

4. Հեղինակային բացառիկ պայմանագրով իրավատերն օգտագործողին է փոխանցում ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու սահմաններում օգտագործելու բացառիկ իրավունքը` պահպանելով ստեղծագործության օգտագործման իրավունքն այն մասով, որը նախատեսված է պայմանագրով: Այս դեպքում այլ անձանց կողմից ստեղծագործության օգտագործումն արգելելու իրավունքը կարող է իրականացնել իրավատերը, եթե դա չի կատարում օգտագործողը:

5. Հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները համարվում են ոչ բացառիկ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

6. Ապագայում ստեղծագործություն ստեղծելու հեղինակի իրավունքները սահմանափակող պայմանագրի պայմաններն առ ոչինչ են:

7. Հեղինակային պայմանագրի առարկա չեն կարող լինել պայմանագիրը կնքելու պահին անհայտ ստեղծագործության օգտագործման իրավունքները:»։

 

Հոդված 21. Օրենսգրքի 1135-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 1135. Հեղինակային պայմանագրի պայմանները և ձևերը

 

1. Հեղինակային պայմանագրում նշվում են փոխանցվող իրավունքների ծավալը, ստեղծագործությունն օգտագործելու եղանակները, օգտագործման իրավունքի փոխանցման ժամկետն ու վարձատրության չափը, վարձատրության չափի որոշման կարգը, վճարման ժամկետն ու կարգը, ինչպես նաև այլ պայմաններ, որոնք կողմերը կհամարեն էական:

2. Հեղինակային պայմանագրում վարձատրությունը որոշվում է որպես ստեղծագործության համապատասխան օգտագործումից ստացված եկամտի տոկոս, իսկ ստեղծագործության բնույթով պայմանավորված դրա անհնարինության դեպքում՝ պայմանագրում ամրագրված որոշակի գումարի տեսքով կամ կողմերի համար ընդունելի այլ եղանակով:

Հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հեղինակային պայմանագրում տարածքի վերաբերյալ (որի սահմաններում գործում է ստեղծագործության օգտագործման իրավունքը) պայմանի բացակայության դեպքում պայմանագրի գործողությունը սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության տարածքով:

4. Հեղինակային պայմանագրով չնախատեսված մնացած բոլոր իրավունքները պահպանվում են հօգուտ իրավատիրոջ:

5. Հեղինակային պայմանագիրը գործում է այդ պայմանագրում նշված ժամկետում, սակայն դադարում է գույքային իրավունքների գործողության ժամկետը լրանալու պահից։ Լիցենզային պայմանագրում ժամկետի պայմանի բացակայության դեպքում դրա գործողության սահմանված ժամկետ համարվում է հինգ տարին:

6. Պայմանագրի յուրաքանչյուր կողմ կարող է հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձանց՝ միայն պայմանագրով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:

7. Հեղինակային պայմանագրի պայմանները, որոնք հակասում են սույն օրենքի դրույթներին կամ սահմանափակում են որոշակի բնագավառում կամ որոշակի տեսակի ստեղծագործություն ապագայում ստեղծելու հեղինակի իրավունքները, առ ոչինչ են:

8. Հեղինակային պայմանագիրը կնքվում է գրավոր:»։

 

Հոդված 22. Օրենսգրքի 1137-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 1137. Պատասխանատվությունը ստեղծագործությունն առանց թույլտվության օգտագործելու համար

 

1. Առանց իրավատիրոջ թույլտվության` ստեղծագործությունն օգտագործող անձը պարտավոր է իրավատիրոջը հատուցել նրա կրած վնասները։

2. Իրավատիրոջ պահանջով նրան կարող է վճարվել՝

ա) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ`

բ) խախտման հետևանքով պատճառած փաստացի վնասին համարժեք հատուցում, ներառյալ` բաց թողնված օգուտը։»:

 

Հոդված 23. Օրենսգրքի 1139-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հարակից իրավունքները տարածվում են կատարումների, հնչյունագրերի, ֆիլմերի ամրագրումների, հեռարձակող կազմակերպությունների հաղորդումների, տվյալների բազաների պարունակության, հրատարակչական ձևավորումների վրա։»։

 

Հոդված 24. Օրենսգրքի 1140-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 1140. Հարակից իրավունքների սուբյեկտները

 

1. Հարակից իրավունքների սուբյեկտներ են կատարողները, հնչյունագիր արտադրողները, ֆիլմի առաջին ամրագրման արտադրողները, հեռարձակող կազմակերպությունները, տվյալների բազաներ պատրաստողները և հրատարակիչները։

2. Կատարման նկատմամբ իրավունքը պատկանում է կատարողին:

3. Հնչյունագրի նկատմամբ իրավունքը պատկանում է հնչյունագիր արտադրողին:

4. Ֆիլմի ամրագրման նկատմամբ իրավունքը պատկանում է ֆիլմի առաջին ամրագրման արտադրողին:

5. Հեռարձակող կազմակերպության հաղորդման նկատմամբ իրավունքը պատկանում է տվյալ հեռարձակող կազմակերպությանը:

6. Տվյալների բազայի պարունակության նկատմամբ իրավունքը պատկանում է տվյալների բազան պատրաստողին:

7. Հրատարակչական ձևավորման նկատմամբ իրավունքը պատկանում է հրատարակչին:

8. Սույն հոդվածի 2-7-րդ կետերում նշված իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման իրավունքով կամ պայմանագրով անցնել այլ անձի:»:

 

Հոդված 25. Օրենսգրքի 1141-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 1141. Հնչյունագիր արտադրողի իրավունքների պահպանության նշանը

 

Հնչյունագիր արտադրողների հարակից իրավունքների մասին ծանուցելու նպատակով ամրագրման կրիչի յուրաքանչյուր օրինակի կամ դա պարունակող տուփի վրա կարող է դրվել հարակից իրավունքների պահպանության նշանը, որը կազմված է՝

1) շրջանագծի մեջ վերցված լատինական «P» տառից.

2) հարակից իրավունքների իրավատիրոջ անունից կամ անվանումից.

3) հնչյունագրի առաջին լույսընծայման տարեթվից:»։

 

Հոդված 26. Օրենսգրքի 1142-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 1142. Հարակից իրավունքների գործողության ժամկետը

 

1. Կատարողի գույքային իրավունքները ծագում են կատարման պահից և գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում կատարման ամրագրումն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի է դարձել, ապա կատարողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) և գործում են 50 տարի։

2. Հնչյունագիր արտադրողի գույքային իրավունքները ծագում են ամրագրման պահից և գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում հնչյունագիրն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի է դարձել, ապա հնչյունագիր արտադրողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) և գործում են 50 տարի։

3. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողի գույքային իրավունքները ծագում են ամրագրման պահից և գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում ֆիլմն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի դարձել, ապա ֆիլմ արտադրողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) և գործում են 50 տարի:

4. Հաղորդման նկատմամբ հեռարձակող կազմակերպության գույքային իրավունքները ծագում են առաջին հեռարձակման պահից և գործում են 50 տարի։

5. Հրատարակչի իրավունքը ծագում է ստեղծագործության հրատարակման պահից և գործում է 50 տարի:

6. Տվյալների բազա պատրաստողի իրավունքները ծագում են տվյալների բազայի պատրաստումն ավարտելու պահից և գործում են 15 տարի։

Եթե մինչև նշված ժամկետի ավարտը տվյալների բազան որևէ եղանակով մատչելի է դարձել հանրությանը, ապա տվյալների բազա պատրաստողի գույքային իրավունքների պահպանության ժամկետը հաշվարկվում է տվյալների բազան առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից:

7. Սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան նշված իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի մեկից:»։

 

Հոդված 27. Օրենսգրքի 1143-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերություններում «Հեղինակային իրավունքների» բառերը փոխարինել «Հեղինակային իրավունքի» բառերով։

 

Հոդված 28. Օրենսգրքի 1144-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

 

«Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավական պահպանության հետ կապված և սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:»:

 

Հոդված 29. Օրենսգրքի 1163-րդ հոդվածի երրորդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

 

«Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված և սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:»:

 

Հոդված 30. Օրենսգրքի 1171-րդ հոդվածի չորրորդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

 

«Ապրանքային նշանների իրավական պահպանության հետ կապված և սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:»:

 

Հոդված 31. Օրենսգրքի 1172-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 1172. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը և ապրանքային նշանի օգտագործումը

 

1. Ապրանքային նշանի սեփականատերը բացառիկ իրավունք ունի տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու ապրանքային նշանը, ինչպես նաև այլ անձանց թույլատրելու կամ արգելելու դրա օգտագործումը:

2. Գրանցված ապրանքային նշանի սեփականատերը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց առևտրային գործունեության ընթացքում արգելելու առանց իր թույլտվության ապրանքային նշանի կամ դրանով նշված ապրանքի պատրաստումը, կիրառումը, ներմուծումը, վաճառքը և դրա առաջարկը, ինչպես նաև այլ ձևերով տնտեսական շրջանառության մեջ մտցնելը կամ այդ նշանով նշված ապրանքի կամ ապրանքային նշանի նույն նպատակով պահեստավորումը, եթե այդ ապրանքային նշանը նույնական կամ շփոթելու աստիճան նման է իր ապրանքային նշանին և օգտագործված է այն ապրանքների նկատմամբ՝

1) որոնց համար գրանցված է իր ապրանքային նշանը.

2) որոնք նույնատիպ են այն ապրանքներին, որոնց համար գրանցված է իր ապրանքային նշանը:

3. Ապրանքային նշանի օգտագործում է համարվում դրա զետեղումն այն ապրանքների վրա, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, և (կամ) դրանց փաթեթավորման վրա:

4. Ապրանքային նշանի օգտագործում է համարվում նաև դրա կիրառումը գովազդներում, հրատարակություններում, ինչպես նաև պաշտոնական ձևաթղթերում, ցուցանակներում, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող ցուցահանդեսներում և տոնավաճառներում ցուցանմուշները ցուցադրելիս միայն այն դեպքերում, երբ ապրանքների և (կամ) դրանց փաթեթավորման վրա նշանի կիրառումն անհնար է:»:

 

Հոդված 32. Օրենսգրքի 1179-րդ հոդվածի երրորդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

 

«Ապրանքի ծագման տեղանվան իրավական պահպանության հետ կապված և սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:»:

 

Հոդված 33. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հուլիսի 4
Երևան
ՀՕ-143-Ն