Համարը 
ՀՕ-187-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.12.20/64(519) Հոդ.1308
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.11.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.12.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիսի 1998 թվականի) 203-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 203. Հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելու արգելքը

 

1. Յուրաքանչյուր ոք ունի իր օրինական տիրապետման ներքո գտնվող հողամասը, շենքը, շինությունը և այլ անշարժ գույքի տարածք այլոց մուտք գործելուց զերծ պահելու իրավունք:

Ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք (այսուհետ՝ ներխուժում):

Ներխուժում է համարվում նաև՝

1) օրինական տիրապետողի թույլտվությամբ հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած անձի կողմից հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը.

2) օրենքով սահմանված հիմքերով հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած անձի կողմից այդ հիմքերի դադարումից կամ օրենքով նախատեսված համապատասխան գործողություններ կատարելուց հետո հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը:

2. Ներխուժում առկա չէ այն դեպքերում, երբ հողամասը ցանկապատված, պարսպապատված չէ, կամ չկա հողամասը մուտք գործելն արգելող որևէ գրավոր կամ ձայնային հայտարարություն կամ պատկերային նշան, և հողամաս մուտք գործելը վնաս չի պատճառի հողամասին:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն` առանց որևէ թույլտվության, գտնվելու պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող` բոլորի համար բաց հողամասերում և օգտվելու դրանցում եղած բնական օբյեկտներից` պահպանելով օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը:

4. Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով օրինական տիրապետողն իրավունք ունի խելամիտ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ ներխուժման հետևանքին համարժեք ուժ գործադրելու, եթե ոչ ուժային միջոցները չեն կարող կանխել կամ վերացնել ներխուժումը: Օրինական տիրապետողն իրավունք ունի հեռացնելու իր հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի գույքը: Սույն մասով նախատեսված պայմաններում ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով ձեռնարկված գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ:

5. Հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը` իր անունից կատարելու գործողություններ՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը և պայմանները սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 218-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 218. Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար

 

Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:»:

 

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 219-րդ, 220-րդ, 221-րդ և 283-րդ հոդվածները:

 

Հոդված 4. Օրենսգրքի 243-րդ հոդվածի 1-ին կետում «պետության կամ համայնքի կարիքների համար այն վերցնելու,» բառերը փոխարինել «հասարակության և պետության կարիքների համար օտարվելու,» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) սեփականության հասարակության և պետության կարիքների համար օտարվելու (հոդված 218)»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 1156-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1156. Արտոնագրի տիրոջ իրավունքների սահմանափակումը

 

Արտոնագրի տիրոջ իրավունքները սահմանափակելու հիմքերը, արտոնագիրը դադարեցնելու (չեղյալ հայտարարելու), այն անվավեր ճանաչելու, հարկադրական լիցենզիաներ տալու պայմանները uահմանվում են «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Արտոնագիրը հասարակության և պետության կարիքների համար կարող է օտարվել միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 12
Երևան
ՀՕ-187-Ն