Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Արձանագրություն
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Ընդունման վայրը 
Ընդունող մարմինը 
Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
Ընդունման ամսաթիվը 
Ստորագրող մարմինը 
Ստորագրման ամսաթիվը 
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԴԱԺԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԿԱՄ ՊԱՏԺԻ ԴԵՄ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Խոշտանգումների եվ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ Կոնվենցիայի կամընտիր


Ա ր ձ ա ն ա գ ր ու թ յ ու ն

 

Ներածություն

 

Սույն Արձանագրության Մասնակից պետությունները,

վերահաստատելով, որ խոշտանգումները և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժն արգելված են և հանդիսանում են մարդու իրավունքների լուրջ խախտում,

համոզված լինելով, որ հետագա միջոցներ են անհրաժեշտ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) նպատակներն իրականացնելու և ազատազրկված անձանց` խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից պաշտպանությունն ուժեղացնելու համար,

հիշեցնելով, որ Կոնվենցիայի 2-րդ և 16-րդ հոդվածները յուրաքանչյուր Մասնակից պետության պարտավորեցնում են արդյունավետ միջոցներ ձեռնարկել խոշտանգումները և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժն իր իրավազորությանը ենթակա ցանկացած տարածքում կանխարգելելու համար,

ընդունելով, որ պետություններն ունեն առաջնային պատասխանատվություն այդ հոդվածների իրականացման համար. որ ազատազրկված անձանց պաշտպանության ուժեղացումն ու նրանց` մարդու իրավունքների լիակատար հարգումը հանդիսանում են բոլորի ընդհանուր պատասխանատվությունը, և որ միջազգային իրականացնող մարմինները լրացնում և ամրապնդում են ներպետական մակարդակով իրականացվող միջոցառումները,

հիշեցնելով, որ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արդյունավետ կանխարգելումը պահանջում է ուսուցում և տարբեր օրենսդրական, վարչական, դատական և այլ միջոցների համակցում,

հիշեցնելով նաև, որ Մարդու իրավունքների համաշխարհային համաժողովը հստակորեն հայտարարել է, որ խոշտանգումների վերացմանն ուղղված ջանքերը պետք է նախ և առաջ ուղղված լինեն կանխարգելմանը, և կոչ է արել ընդունել Կոնվենցիայի կամընտիր արձանագրություն` ազատազրկման վայրեր պարբերական այցելությունների կանխարգելման համակարգ ստեղծելու մտադրությամբ,

համոզված լինելով, որ ազատազրկված անձանց պաշտպանությունը խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից հնարավոր է ուժեղացնել ազատազրկման վայրեր պարբերական այցելությունների վրա հիմնված կանխարգելիչ բնույթի ոչ իրավական միջոցներով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Մ ա ս  I

Ընդհանուր սկզբունքներ

 

Հոդված 1

 

Սույն Արձանագրության նպատակն է ստեղծել անկախ միջազգային և ազգային մարմինների ազատազրկման վայրեր կանոնավոր այցելությունների համակարգ` խոշտանգումները և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու համար։

 

Հոդված 2

 

1. Խոշտանգումների դեմ կոմիտեի` խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ենթակոմիտե (այսուհետ` Կանխարգելման ենթակոմիտե) կստեղծվի, և այն կիրականացնի սույն Արձանագրությամբ ամրագրված գործառույթներ։

2. Կանխարգելման ենթակոմիտեն կիրականացնի իր աշխատանքները Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության շրջանակներում և կղեկավարվի նրա նպատակներով ու սկզբունքներով, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության` ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի մասին նորմերով։

3. Կանխարգելման ենթակոմիտեն հավասարապես կղեկավարվի գաղտնիության, անկողմնակալության, անաչառության, համընդհանրության և օբյեկտիվության սկզբունքներով։

4. Կանխարգելման ենթակոմիտեն և Մասնակից պետությունները կհամագործակցեն սույն Արձանագրության իրականացման հարցում։

 

Հոդված 3

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն ազգային մակարդակով կստեղծի, կնշանակի կամ կպահի խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելմամբ զբաղվող մեկ կամ մի քանի` այցելություն իրականացնող մարմին (այսուհետ` կանխարգելման ազգային մեխանիզմ)։

 

Հոդված 4

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է թույլատրի սույն Արձանագրության համաձայն, 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված մեխանիզմներով այցելությունները իր իրավազորության և հսկողության ներքո գտնվող ցանկացած վայր, որտեղ անձինք զրկված են կամ կարող են զրկվել իրենց ազատությունից (այսուհետ` կալանավայրեր) պետական մարմնի կողմից տրված հրամանով կամ նրա հրահրումով, ինչպես նաև` նրա համաձայնությամբ կամ թույլտվությամբ։ Այդ այցելությունները պետք է նախաձեռնվեն այդ անձանց` խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից պաշտպանությունը անհրաժեշտության դեպքում ուժեղացնելու նպատակով։

2. Սույն Արձանագրության նպատակների համար ազատազրկում նշանակում է` անձին ցանկացած ձևով կալանքի տակ պահել կամ բանտարկել կամ անձին հսկողության տակ պահվող հանրային կամ մասնավոր վայրում տեղավորել, որն անձին որևէ դատական, վարչական կամ այլ մարմնի որոշմամբ չի թույլատրվում կամովին թողնել։

 

Մ ա ս  II

Կանխարգելման ենթակոմիտե

 

Հոդված 5

 

1. Կանխարգելման ենթակոմիտեն պետք է կազմված լինի տասը անդամից։ Սույն Արձանագրության հիսուներորդ վավերացումից կամ նրան միանալուց հետո Կանխարգելման ենթակոմիտեի անդամների թիվը կավելանա մինչև քսանհինգը։

2. Կանխարգելման ենթակոմիտեի անդամները պետք է ընտրվեն բարձր բարոյական հատկանիշներ ունեցող անձանցից, որոնք հաստատված մասնագիտական փորձ պետք է ունենան արդարադատության իրականացման բնագավառում, մասնավորապես` քրեական իրավունքի, բանտային կամ ոստիկանության վարչակազմում կամ ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքին առնչվող տարբեր բնագավառներում։

3. Կանխարգելման ենթակոմիտեի կազմի մեջ պատշաճ կերպով պետք է հաշվի առնվի աշխարհագրական հավասար բաշխվածությունը և Մասնակից պետությունների քաղաքակրթության ու իրավական համակարգերի տարբեր ձևերի ներկայացվածությունը:

4. Այդ կազմում պետք է նաև հաշվի առնվի հավասարակշռված գենդերային ներկայացվածությունը` հիմնված հավասարության և անխտրականության սկզբունքների վրա։

5. Կանխարգելման ենթակոմիտեի անդամ կարող են լինել նույն պետության  ոչ ավելի, քան երկու քաղաքացիներ:

6. Կանխարգելման ենթակոմիտեի անդամները պետք է գործեն իրենց անհատական կարգավիճակով, պետք է լինեն անկախ ու անաչառ և հնարավորություն ունենան արդյունավետ կերպով աշխատելու Կանխարգելման ենթակոմիտեում։

 

Հոդված 6

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, առաջադրել 5-րդ հոդվածում նշված որակավորումներն ունեցող և պահանջները բավարարող մինչև երկու թեկնածու և պետք է տրամադրի թեկնածուների որակավորման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։

2. ա) Թեկնածուները պետք է ունենան սույն Արձանագրության Մասնակից պետության քաղաքացիություն.

բ) երկու թեկնածուներից առնվազն մեկը պետք է ունենա առաջադրող Մասնակից պետության քաղաքացիություն.

գ) պետք է առաջադրվի Մասնակից պետության ոչ ավելի, քան երկու քաղաքացի.

դ) մի Մասնակից պետության կողմից մեկ այլ Մասնակից պետության քաղաքացի առաջադրվելուց առաջ նա պետք է դիմի և ստանա տվյալ Մասնակից պետության համաձայնությունը։

3. Մասնակից պետությունների այն հանդիպման ժամկետից առնվազն հինգ ամիս առաջ, որի ընթացքում պետք է տեղի ունենան ընտրությունները, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Մասնակից պետություններին պետք է ուղարկի գրություն` հրավիրելով նրանց երեք ամսվա ընթացքում առաջադրել իրենց թեկնածուներին։ Գլխավոր քարտուղարը պետք է այբբենական կարգով ներկայացնի բոլոր առաջադրված թեկնածուների ցանկը` նշելով նրանց առաջադրած Մասնակից պետություններին։

 

Հոդված 7

 

1. Կանխարգելման ենթակոմիտեի անդամները պետք է ընտրվեն հետևյալ կարգով.

ա) առաջին հերթին հաշվի է առնվելու սույն Արձանագրության 5-րդ հոդվածի պահանջների և չափորոշիչների բավարարումը.

բ) նախնական ընտրությունը պետք է անցկացվի ոչ ուշ, քան սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամիս հետո.

գ) Մասնակից պետությունները պետք է Կանխարգելման ենթակոմիտեի անդամներին ընտրեն գաղտնի քվեարկությամբ.

դ) Կանխարգելման ենթակոմիտեի անդամների ընտրությունները պետք է անցկացվեն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից երկու տարին մեկ հրավիրվող` Մասնակից պետությունների հանդիպումների ընթացքում։ Այդ հանդիպումներին, որոնցում Մասնակից պետությունների երկու երրորդը կազմում է քվորում, Կանխարգելման ենթակոմիտեում ընտրված կհամարվեն այն անձինք, ովքեր կհավաքեն ձայների մեծ մասը և ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող Մասնակից պետությունների ներկայացուցիչների ձայների բացարձակ մեծ մասը։

2. Եթե ընտրության ընթացքում Կանխարգելման ենթակոմիտեի անդամ դառնալու իրավունք են ստանում Մասնակից պետության երկու քաղաքացիներ, ապա Կանխարգելման ենթակոմիտեի անդամ կարող է դառնալ ձայների առավել քանակն ստացած թեկնածուն։ Եթե երկու քաղաքացիներն էլ ստացել են նույն քանակությամբ ձայներ, ապա կիրառվում է հետևյալ ընթացակարգը.

ա) այն դեպքում, երբ Մասնակից պետության կողմից առաջադրված թեկնածուներից միայն մեկն է տվյալ պետության քաղաքացի, ապա այդ քաղաքացին պետք է դառնա Կանխարգելման ենթակոմիտեի անդամ.

բ) այն դեպքում, երբ Մասնակից պետության կողմից առաջադրված երկու թեկնածուն էլ տվյալ պետության քաղաքացի են, պետք է անցկացվի առանձին գաղտնի քվեարկություն, որի արդյունքում կորոշվի, թե քաղաքացիներից որը պետք է դառնա անդամ.

գ) այն դեպքում, երբ Մասնակից պետության կողմից առաջադրված և ոչ մի թեկնածու այդ պետության քաղաքացի չէ, ապա պետք է անցկացվի առանձին գաղտնի քվեարկություն, որի արդյունքում կորոշվի, թե որ թեկնածուն կդառնա անդամ։

 

Հոդված 8

 

Կանխարգելման ենթակոմիտեի անդամի մահվան կամ հրաժարական տալու կամ որևէ այլ պատճառով իր պարտականությունների հետագա կատարման անհնարինության դեպքում այդ անդամին առաջադրած Մասնակից պետությունը, հաշվի առնելով իրավասության տարբեր ոլորտների միջև պատշաճ հավասարակշռություն պահպանելու անհրաժեշտությունը, մինչև Մասնակից պետությունների հաջորդ ժողովը աշխատելու համար պետք է առաջադրի մեկ ուրիշ անձի, որն ունի 5-րդ հոդվածում նշված որակավորումները և բավարարում է պահանջները` Մասնակից պետություններից մեծ մասի կողմից նրա թեկնածությանը հավանություն տրվելու պայմանով։ Հավանությունը կհամարվի ստացված, եթե Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից տեղեկացվելուց հետո վեց շաբաթվա ընթացքում, Մասնակից պետությունների կեսը կամ ավելին բացասաբար չարտահայտվի առաջադրված նշանակման վերաբերյալ։

 

Հոդված 9

 

Կանխարգելման ենթակոմիտեի անդամները կընտրվեն չորս տարի ժամկետով։ Կրկին առաջադրվելու դեպքում նրանք կարող են վերընտրվել մեկ անգամ: Առաջին ընտրություններում ընտրված անդամների կեսի լիազորությունների ժամկետը պետք է լրանա երկու տարի անց. այդ անդամների անունները կորոշվեն վիճակահանությամբ` առաջին ընտրություններից անմիջապես հետո` 7-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում նշված հանդիպման նախագահողի կողմից։

 

Հոդված 10

 

1. Կանխարգելման ենթակոմիտեն պետք է ընտրի իր պաշտոնատար անձանց երկու տարի ժամկետով։ Նրանք կարող են վերընտրվել։

2. Կանխարգելման ենթակոմիտեն պետք է սահմանի իր ընթացակարգի կանոնները։ Այդ կանոնները, inter alia, պետք է նախատեսեն, որ.

ա) անդամների կեսը, գումարած մեկ անդամը, կկազմի քվորում.

բ) Կանխարգելման ենթակոմիտեի որոշումները պետք է ընդունվեն ներկա գտնվող անդամների ձայների մեծ մասով.

գ) Կանխարգելման ենթակոմիտեն իր հանդիպումներն անցկացնելու է դռնփակ։

3. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը կհրավիրի Կանխարգելման ենթակոմիտեի առաջին ժողովը։ Իր առաջին հանդիպումից հետո Կանխարգելման ենթակոմիտեն հանդիպումները կանցկացնի իր ընթացակարգի կանոններով սահմանված պարբերականությամբ։ Կանխարգելման ենթակոմիտեն և Խոշտանգումների դեմ կոմիտեն առնվազն տարին մեկ անգամ իրենց նիստերը կանցկացնեն միաժամանակ։

 

Մ ա ս  III

Կանխարգելման ենթակոմիտեի մանդատը

 

Հոդված 11

 

1. Կանխարգելման ենթակոմիտեն պետք է.

ա) այցելի 4-րդ հոդվածում նշված վայրերը և խորհրդատվություններ կազմի Մասնակից պետությունների համար` խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից ազատազրկված անձանց պաշտպանության վերաբերյալ.

բ) կանխարգելման ազգային մեխանիզմների վերաբերյալ`

i) տրամադրի խորհրդատվություն և, անհրաժեշտության դեպքում, աջակցի Մասնակից պետություններին դրանց ստեղծման գործում.

ii) ապահովի անմիջական և, անհրաժեշտության դեպքում, գաղտնի կապ կանխարգելման ազգային մեխանիզմների հետ և նրանց առաջարկի կարողությունների ուժեղացմանն ուղղված ուսուցում և տեխնիկական աջակցություն.

iii) տրամադրի խորհրդատվություն և աջակցի նրանց` խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից ազատազրկված անձանց պաշտպանությունն ուժեղացնելու համար անհրաժեշտ կարիքների և միջոցների գնահատման հարցում.

iv) կազմի խորհրդատվություններ և դիտողություններ Մասնակից պետությունների համար` նպատակ ունենալով ուժեղացնել կանխարգելման ազգային մեխանիզմների կարողությունները և մանդատը խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման համար.

գ) ընդհանրապես խոշտանգումների կանխարգելման նպատակով համագործակցի խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից բոլոր անձանց պաշտպանությունը ուժեղացնելու ուղղությամբ գործող` Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմինների և մեխանիզմների, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային և ազգային ինստիտուտների կամ կազմակերպությունների հետ։

 

Հոդված 12

 

Կանխարգելման ենթակոմիտեին 11-րդ հոդվածով ամրագրված նրա մանդատն իրականացնելու հնարավորություն ընձեռելու համար Մասնակից պետությունները պարտավորվում են.

ա) ընդունել Կանխարգելման ենթակոմիտեին իրենց տարածքում և թույլ տալ նրան մուտք գործել սույն Արձանագրության 4-րդ հոդվածով սահմանված կալանավայրեր.

բ) տրամադրել ամբողջ համապատասխան տեղեկությունները, որոնք Կանխարգելման ենթակոմիտեն կարող է պահանջել այն կարիքներն ու միջոցները գնահատելու համար, որոնք պետք է ընդունվեն` խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից ազատազրկված անձանց պաշտպանությունն ուժեղացնելու համար.

գ) խրախուսել և դյուրացնել Կանխարգելման ենթակոմիտեի և կանխարգելման ազգային մեխանիզմների միջև կապերը.

դ) ուսումնասիրել Կանխարգելման ենթակոմիտեի խորհրդատվությունները և ծավալել երկխոսություն վերջինիս հետ դրանց իրականացման հնարավոր միջոցների վերաբերյալ։

 

Հոդված 13

 

1. Կանխարգելման ենթակոմիտեն կսահմանի (սկզբում` վիճակահանությամբ) Մասնակից պետություններ կատարվելիք պարբերաբար այցելությունների ծրագիրը` 11-րդ հոդվածով ամրագրված իր մանդատը իրականացնելու նպատակով։

2. Խորհրդատվություններից հետո Կանխարգելման ենթակոմիտեն տեղեկացնում է Մասնակից պետություններին իր ծրագրի մասին, որպեսզի նրանք կարողանան անմիջապես ձեռնարկել այցելությունների իրականացման համար անհրաժեշտ գործնական նախապատրաստություններ:

3. Այցելությունները պետք է իրականացվեն Կանխարգելման ենթակոմիտեի առնվազն երկու անդամների կողմից։ Այդ անդամներին անհրաժեշտության դեպքում կարող են ուղեկցել սույն Արձանագրության առարկայի ոլորտում ակնառու մասնագիտական փորձ և գիտելիքներ ունեցող փորձագետներ, ովքեր կընտրվեն Մասնակից պետությունների, Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և Միավորված ազգերի կազմակերպության միջազգային հանցագործությունների կանխարգելման կենտրոնի կողմից արված առաջարկությունների հիման վրա կազմված փորձագետների ցուցակից։ Ցուցակը պատրաստելիս շահագրգիռ Մասնակից պետություններից յուրաքանչյուրը պետք է առաջարկի ոչ ավելի, քան հինգ ազգային փորձագետի։ Շահագրգիռ Մասնակից պետությունը կարող է առարկել այցելությանը առանձին փորձագետի ներգրավմանը, որի դեպքում Կանխարգելման ենթակոմիտեն պետք է առաջարկի մեկ այլ փորձագետի։

4. Եթե Կանխարգելման ենթակոմիտեն նպատակահարմար գտնի, կարող է առաջարկել կանոնավոր այցելությունից հետո կարճատև հետայցելություն։

 

Հոդված 14

 

1. Կանխարգելման ենթակոմիտեին իր մանդատն իրականացնելու հնարավորություն ընձեռելու նպատակով սույն Արձանագրության Մասնակից պետությունները պարտավորվում են նրան տրամադրել.

ա) անսահմանափակ հնարավորություն` ստանալու 4-րդ հոդվածում սահմանված կալանավայրերում գտնվող ազատազրկված անձանց, ինչպես նաև այդ վայրերի քանակի և դրանց գտնվելու վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը.

բ) անսահմանափակ հնարավորություն` ստանալու այդ անձանց նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև կալանավայրերում նրանց պայմանների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը.

գ) ներքոհիշյալ 2-րդ կետի պայմանի պահպանմամբ` անսահմանափակ հնարավորություն` մուտք գործելու բոլոր կալանավայրերը և դրանց կառույցներն ու շինությունները.

դ) հնարավորություն` վարելու առանձնազրույցներ ազատազրկված անձանց հետ` առանց վկաների, անձամբ կամ, անհրաժեշտության դեպքում, թարգմանչի միջոցով, ինչպես նաև ցանկացած այլ անձի հետ, ով, Կանխարգելման ենթակոմիտեի կարծիքով, կարող է համապատասխան տեղեկատվություն տրամադրել.

ե) ազատություն` ընտրելու այն վայրերը, ուր ցանկանում է այցելել, և այն անձանց, ում հետ ցանկանում է զրուցել։

2. Որևէ կալանավայր այցելություն կատարելուն կարելի է առարկել միայն անհետաձգելի և ծայրահեղ անհրաժեշտության հիմքերով` կապված պետական պաշտպանության, հասարակական անվտանգության, բնական աղետի կամ այցելության վայրում լուրջ անկարգությունների հետ, որոնք ժամանակավորապես խոչընդոտում են տվյալ այցելության իրականացմանը։ Հայտարարված արտակարգ իրավիճակի առկայությունը որպես այդպիսին չի կարող Մասնակից պետության կողմից վկայակոչվել որպես այցելությունը մերժելու պատճառ։

 

Հոդված 15

 

Ոչ մի մարմին կամ պաշտոնատար անձ չպետք է հրամայի, կիրառի, թույլատրի կամ հանդուրժի որևէ պատժամիջոց որևէ անձի կամ կազմակերպության նկատմամբ` Կանխարգելման ենթակոմիտեին կամ նրա պատվիրակներին որևէ տեղեկատվություն (ճիշտ կամ սխալ) հաղորդելու համար, և ոչ մի նման անձի կամ կազմակերպության որևէ այլ կերպ չպետք է վնաս հասցվի։

 

Հոդված 16

 

1. Կանխարգելման ենթակոմիտեն իր խորհրդատվություններն ու դիտողությունները պետք է գաղտնի կերպով հաղորդի Մասնակից պետությանը և անհրաժեշտության դեպքում` կանխարգելման ազգային մեխանիզմին։

2. Կանխարգելման ենթակոմիտեն պետք է հրապարակի իր հաշվետվությունը շահագրգիռ Մասնակից պետության ցանկացած մեկնաբանության հետ մեկտեղ` Մասնակից պետության կողմից նման խնդրանքի դեպքում։ Եթե Մասնակից պետությունը հրապարակի հաշվետվության մի մասը, ապա Կանխարգելման ենթակոմիտեն կարող է հրապարակել այդ հաշվետվությունն ամբողջությամբ կամ մասամբ։ Սակայն ոչ մի անձնական տվյալ չպետք է հրապարակվի առանց շահագրգիռ անձի բացահայտ համաձայնության։

3. Կանխարգելման ենթակոմիտեն իր գործունեության վերաբերյալ պետք է Խոշտանգումների դեմ կոմիտեին ներկայացնի տարեկան հանրային հաշվետվություն։

4. Եթե Մասնակից պետությունը հրաժարվում է 12-րդ և 14-րդ հոդվածների համաձայն համագործակցել Կանխարգելման ենթակոմիտեի հետ կամ քայլեր ձեռնարկել Կանխարգելման ենթակոմիտեի խորհրդատվությունների համաձայն իրավիճակը բարելավելու ուղղությամբ, ապա Խոշտանգումների դեմ կոմիտեն Կանխարգելման ենթակոմիտեի դիմումի հիման վրա այն բանից հետո, երբ Մասնակից պետությունը հնարավորություն է ունեցել հայտնելու իր դիրքորոշումը, իր անդամների ձայների մեծամասնությամբ որոշել հանդես գալ այդ հարցի վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ կամ հրապարակել Կանխարգելման ենթակոմիտեի հաշվետվությունը։

 

Մ ա ս  IV

Կանխարգելման ազգային մեխանիզմները

 

Հոդված 17

 

Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց կամ այն վավերացնելուց կամ նրան միանալուց ոչ ուշ, քան մեկ տարի հետո յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է հաստատի, նշանակի կամ ստեղծի մեկ կամ մի քանի` կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ` ներպետական մակարդակով խոշտանգումների կանխարգելման նպատակով։ Ապակենտրոնացված միավորումների կողմից ստեղծված մեխանիզմները կարող են, սույն Արձանագրության նպատակներից ելնելով, նշանակվել որպես կանխարգելման ազգային մեխանիզմներ, եթե դրանք համապատասխանում են նրա դրույթներին:

 

Հոդված 18

 

1. Մասնակից պետությունները պետք է երաշխավորեն կանխարգելման ազգային մեխանիզմների գործառնական անկախությունը, ինչպես նաև դրանց աշխատակազմերի անկախությունը։

2. Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ապահովեն կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների` պահանջվող ունակություններն ու մասնագիտական գիտելիքները։ Նրանք պետք է ջանան ապահովել գենդերային հավասարակշռություն և երկրում առկա էթնիկ և փոքրամասնությունների խմբերի համարժեք ներկայացվածություն։

3. Մասնակից պետությունները պարտավորվում են մատչելի դարձնել կանխարգելման ազգային մեխանիզմների գործունեության համար անհրաժեշտ միջոցները։

4. Կանխարգելման ազգային մեխանիզմներ ստեղծելիս Մասնակից պետությունները պետք է պատշաճ կերպով հաշվի առնեն մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման ազգային հաստատությունների կարգավիճակին վերաբերող սկզբունքները։

 

Հոդված 19

 

Կանխարգելման ազգային մեխանիզմներին պետք է տրվեն առնվազն հետևյալ լիազորությունները.

ա) պարբերաբար ուսումնասիրել 4-րդ հոդվածում նշված կալանավայրերում գտնվող ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը` նպատակ ունենալով անհրաժեշտության դեպքում ուժեղացնել խոշտանգումներից կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից նրանց պաշտպանությունը.

բ) խորհրդատվություններ տալ համապատասխան մարմիններին` նպատակ ունենալով բարելավել ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը ու ազատազրկման պայմանները և կանխարգելել խոշտանգումներն ու այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը` հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան նորմերը.

գ) ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ գործող կամ նախագծային փուլում գտնվող օրենսդրության վերաբերյալ։

 

Հոդված 20

 

Կանխարգելման ազգային մեխանիզմների կողմից իրենց մանդատի իրականացումն ապահովելու նպատակով սույն Արձանագրության Մասնակից պետությունները պարտավորվում են նրանց տրամադրել.

ա) հնարավորություն` ստանալու 4-րդ հոդվածում սահմանված կալանավայրերում գտնվող ազատազրկված անձանց, ինչպես նաև այդ վայրերի քանակի և դրանց գտնվելու վայրի մասին ամբողջ տեղեկատվությունը.

բ) հնարավորություն` ստանալու այդ անձանց նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև կալանավայրերում նրանց պայմանների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը.

գ) հնարավորություն` մուտք գործելու բոլոր կալանավայրերը և դրանց կառույցներն ու շինությունները.

դ) հնարավորություն` վարելու առանձնազրույցներ ազատազրկված անձանց հետ` առանց վկաների, անձամբ կամ, անհրաժեշտության դեպքում, թարգմանչի միջոցով, ինչպես նաև ցանկացած այլ անձի հետ, ով, Կանխարգելման ենթակոմիտեի կարծիքով, կարող է համապատասխան տեղեկատվություն տրամադրել.

ե) ազատություն` ընտրելու այն վայրերը, ուր ցանկանում է այցելել, և այն անձանց, ում հետ ցանկանում է զրուցել.

զ) Կանխարգելման ենթակոմիտեի հետ կապեր ունենալու, տեղեկատվություն ուղարկելու և հանդիպելու իրավունք։

 

Հոդված 21

 

1. Ոչ մի մարմին կամ պաշտոնատար անձ չպետք է հրամայի, կիրառի, թույլատրի կամ հանդուրժի որևէ պատժամիջոց որևէ անձի կամ կազմակերպության նկատմամբ` կանխարգելման ազգային մեխանիզմին տեղեկատվություն (ճիշտ կամ սխալ) հաղորդելու համար, և ոչ մի նման անձի կամ կազմակերպության որևէ այլ կերպ չպետք է վնաս հասցվի։

2. Թույլատրվում է ազգային կանխարգելման մարմնի կողմից գաղտնի տեղեկատվություն հավաքելը: Ոչ մի անձնական տվյալ չպետք է հրապարակվի առանց շահագրգիռ անձի բացահայտ համաձայնության։

 

Հոդված 22

 

Համապատասխան Մասնակից պետության իրավասու մարմինները պետք է ուսումնասիրեն կանխարգելման ազգային մեխանիզմի խորհրդատվությունները և երկխոսություն ծավալեն նրա հետ դրանց իրականացման հնարավոր միջոցների վերաբերյալ։

 

Հոդված 23

 

Սույն Արձանագրության Մասնակից պետությունները միջոցներ են ձեռնարկում Ազգային կանխարգելման մարմինների տարեկան հաշվետվությունները հրապարակելու և տարածելու համար:

 

Մ ա ս  V

Հայտարարություն

 

Հոդված 24

 

1. Վավերացման ժամանակ Մասնակից պետությունները կարող են հայտարարություն անել, որ հետաձգում են սույն Արձանագրության III կամ IV մասերով հանձն առնվող իրենց պարտավորությունների կատարումը։

2. Նման հետաձգումը պետք է վավեր համարվի առավելագույնը երեք տարի։ Մասնակից պետության կողմից պատշաճ պատճառաբանություն ներկայացվելուց և Կանխարգելման ենթակոմիտեի հետ խորհրդակցելուց հետո Խոշտանգումների դեմ կոմիտեն կարող է երկարացնել այդ ժամկետը լրացուցիչ երկու տարի ժամկետով։

 

Մ ա ս  VI

Ֆինանսական դրույթներ

 

Հոդված 25

 

1. Սույն Արձանագրության կատարման ընթացքում Կանխարգելման ենթակոմիտեի կողմից կատարված ծախսերը կհոգա Միավորված ազգերի կազմակերպությունը։

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը կապահովի անհրաժեշտ աշխատակազմ և հնարավորություններ սույն Արձանագրությամբ նախատեսված` Կանխարգելման ենթակոմիտեի գործառույթների արդյունավետ իրականացման համար։

 

Հոդված 26

 

1. Գլխավոր ասամբլեայի համապատասխան ընթացակարգի համաձայն` կստեղծվի Հատուկ հիմնադրամ, որը կկառավարվի Միավորված ազգերի կազմակերպության ֆինանսական կանոնակարգերի և կանոնների համաձայն` Մասնակից պետություն կատարած այցելության արդյունքների հիման վրա Կանխարգելման ենթակոմիտեի կողմից տրված խորհրդատվությունների իրականացման, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմների ուսուցման ծրագրերի ֆինանսավորմանը օգնելու նպատակով։

2. Հատուկ հիմնադրամը կարող է ֆինանսավորվել կառավարությունների, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների և այլ մասնավոր կամ հանրային միավորների կամավոր մուծումներից։

 

Մ ա ս  VII

Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 27

 

1. Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիան ստորագրած ցանկացած պետության կողմից ստորագրվելու համար։

2. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման Կոնվենցիան վավերացրած կամ նրան միացած ցանկացած պետության կողմից։ Վավերագրերն ի պահ պետք է հանձնվեն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

3. Սույն Արձանագրությունը բաց կլինի Կոնվենցիան վավերացրած կամ նրան միացած ցանկացած պետության միանալու համար։

4. Միանալն ուժի մեջ կմտնի միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով։

5. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Արձանագրությունը ստորագրած կամ նրան միացած բոլոր պետություններին կծանուցի յուրաքանչյուր նոր վավերագիր կամ միանալու մասին փաստաթուղթ ի պահ ստանալու մասին։

 

Հոդված 28

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի քսաներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո` երեսուներորդ օրը։

2. Քսաներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո սույն Արձանագրությունը վավերացնող կամ նրան միացող յուրաքանչյուր պետության համար սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո` երեսուներորդ օրը։

 

Հոդված 29

 

Սույն Արձանագրության դրույթներն առանց որևէ սահմանափակման կամ բացառության կտարածվեն դաշնային պետությունների բոլոր սուբյեկտների վրա։

 

Հոդված 30

 

Սույն Արձանագրությանը ոչ մի վերապահում չպետք է արվի։

 

Հոդված 31

 

Սույն Արձանագրության դրույթները չեն ազդի կալանավայրեր այցելելու համակարգ սահմանող որևէ տարածաշրջանային կոնվենցիայով Մասնակից պետությունների ստանձնած պարտավորությունների վրա։ Կանխարգելման ենթակոմիտեն և նման տարածաշրջանային կոնվենցիաներով ստեղծված մարմինները խրախուսվում են խորհրդակցել և համագործակցել` կրկնություններից խուսափելու և սույն Արձանագրության նպատակներն արդյունավետ կերպով իրականացնելու նպատակով։

 

Հոդված 32

 

Սույն Արձանագրության դրույթները չեն ազդում ոչ 1949 թվականի օգոստոսի 12-ի` Ժնևի չորս կոնվենցիաներով և 1977 թվականի հունիսի 8-ին ընդունված դրանց լրացուցիչ արձանագրություններով Մասնակից պետությունների ստանձնած պարտավորությունների և ոչ էլ միջազգային մարդասիրական իրավունքով չնախատեսված իրավիճակներում կալանավայրեր այցելելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ցանկացած Մասնակից պետության կողմից տրված լիազորության վրա։

 

Հոդված 33

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել սույն Արձանագրության գործողությունը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելու միջոցով, որը այդ մասին այնուհետև կտեղեկացնի սույն Արձանագրության և Կոնվենցիայի մյուս Մասնակից պետություններին։ Գործողության դադարեցումն ուժի մեջ կմտնի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո մեկ տարի անց։

2. Այդպիսով, գործողության դադարեցումը Մասնակից պետությանը չի ազատի սույն Արձանագրությամբ ստանձնած իր պարտավորությունների կատարումից գործողության դադարեցման ուժի մեջ մտնելու օրվանից առաջ տեղի ունեցած ցանկացած գործողության կամ իրավիճակի նկատմամբ կամ այն միջոցների նկատմամբ, որոնք Կանխարգելման ենթակոմիտեն որոշել էր կամ կարող էր որոշել ձեռնարկել համապատասխան Մասնակից պետության նկատմամբ. գործողության դադարեցումը որևէ կերպ չի խոչընդոտի մինչև գործողության դադարեցման ուժի մեջ մտնելը Կանխարգելման ենթակոմիտեի կողմից քննությանն առնված ցանկացած գործի քննարկման շարունակմանը։

3. Մասնակից պետության համար գործողության դադարեցման ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից Կանխարգելման ենթակոմիտեն չպետք է սկսի այդ պետության վերաբերյալ որևէ նոր գործի քննություն։

 

Հոդված 34

 

1. Սույն Արձանագրության յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է առաջարկել փոփոխություն և այն ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։ Գլխավոր քարտուղարը, այնուհետև, առաջարկված փոփոխությունը կուղարկի սույն Արձանագրության Մասնակից պետություններին` խնդրելով, որ նրանք իրեն տեղեկացնեն առաջարկությունները քննարկելու և դրանց վերաբերյալ քվեարկելու նպատակով Մասնակից պետությունների համաժողով հրավիրելուն իրենց հավանության մասին։ Նման հաղորդագրության օրվանից հետո` չորս ամսվա ընթացքում, Մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդի կողմից նման համաժողովի գումարմանը հավանություն տրվելու դեպքում Գլխավոր քարտուղարը հրավիրում է համաժողովը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովին ներկա և քվեարկությանը մասնակցող Մասնակից պետությունների երկու երրորդի կողմից ընդունված ցանկացած փոփոխություն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից կներկայացվի բոլոր Մասնակից պետությունների ընդունմանը։

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված փոփոխությունն ուժի մեջ կմտնի, երբ կընդունվի սույն Արձանագրության Մասնակից պետությունների երկու երրորդի կողմից` իրենց համապատասխան սահմանադրական գործընթացների համաձայն։

3. Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո դրանք պարտադիր կդառնան այն Մասնակից պետությունների համար, որոնք դրանք ընդունել են. մյուս Մասնակից պետությունների համար պարտադիր ուժ կունենան սույն Արձանագրության դրույթները և նրանց կողմից առավել վաղ ընդունված ցանկացած փոփոխությունը:

 

Հոդված 35

 

Կանխարգելման ենթակոմիտեի և կանխարգելման ազգային մեխանիզմների անդամներին իրենց գործառույթների անկախ իրականացման համար կտրվեն անհրաժեշտ արտոնություններ և անձեռնմխելիություն։ Կանխարգելման ենթակոմիտեի անդամներին կտրվեն Միավորված ազգերի կազմակերպության` 1946 թվականի փետրվարի 13-ի` Արտոնությունների և անձեռնմխելիություննների մասին կոնվենցիայի 22-րդ բաժնով նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունը` այդ կոնվենցիայի 23-րդ բաժնի դրույթների պահպանմամբ։

 

Հոդված 36

 

Մասնակից պետություն այցելություն կատարելիս Կանխարգելման ենթակոմիտեի անդամները, չվնասելով սույն Արձանագրության դրույթներն ու նպատակները և այն արտոնություններն ու անձեռնմխելիությունը, որոնք կարող են նրանց տրամադրվել, պետք է.

ա) հարգեն այցելած պետության օրենքներն ու կանոնները.

բ) ձեռնպահ մնան իրենց պարտականությունների անկողմնակալ և միջազգային բնույթի հետ անհամատեղելի որևէ գործողությունից կամ գործունեությունից։

 

Հոդված 37

 

1. Սույն Արձանագրությունը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են, ի պահ կտրվի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Արձանագրության հաստատված պատճենները կուղարկի բոլոր պետություններին:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2006 թ. հոկտեմբերի 14-ից: