Համարը 
N 1650-XI
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
01.12.1989
Ստորագրող մարմինը 
Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.12.1989
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-Ի ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-Ի ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա և արձագանքելով հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են.

1. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր-ներկայացուցիչների 1989 թվականի օգոստոսի 16-ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում:

2. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր-ներկայացուցիչների համագումարը և նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես մարզի ներկայումս գործող միակ օրինական իշխանություն:

3. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները:

4. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը ստեղծում են համատեղ հանձնաժողով (իր աշխատանքային ապարատով)` Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումն իրագործելու ուղղությամբ գործնական քայլեր մշակելու համար:

5. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը պարտավորվում են ներկայացնել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության ազգային շահերը:

6. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին և ԼՂԻՄ-ի Ազգային խորհրդի նախագահությանը հանձնարարվում է գործադրել սույն որոշումից բխող բոլոր անհրաժեշտ միջոցառումները` իրականացնելու համար Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական, տնտեսական և մշակութային կառուցվածքների իրական միաձուլումը միասնական պետական-քաղաքական համակարգում:

 

 

1 դեկտեմբերի 1989 թվականի,
քաղ. Երևան
N 1650-XI.