Համարը 
 
Տեսակը 
Մայր
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.10.03/49(573)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
01.08.2007
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
01.08.2007
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ 3-1229 (ՎԴ)-Ի ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-1229(ՎԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-1622/2007թ.
Նախագահող դատավոր՝ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
դատավորներ՝ Գ. ՄԱՏԻՆՅԱՆ
Դ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

Ս. Գյուրջյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի օգոստոսի 1-ին,

 

դռնբաց դատական նիստում, քննելով Արտուշ և Հարություն Պետրոսյանների, Անժիկ Մելքոնյանի վճռաբեկ բողոքն ըստ Արտուշ Հարությունի Պետրոսյանի, Հարություն Արտուշի Պետրոսյանի և Անժիկ Մելքոնյանի հայցի ընդդեմ Անուշ Աբրահամի Պետրոսյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականները մասնակի անվավեր ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.05.2007 թվականի վճռի դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան՝ Արտուշ, Հարություն Պետրոսյանները և Անժիկ Մելքոնյանը պահանջել են մասնակի անվավեր ճանաչել Անուշ Պետրոսյանի անվամբ 08.07.2003 թվականին տրված թիվ 1003097 և թիվ 1003096 սեփականության իրավունքի գրանցման վկայականները և ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 14.02.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.05.2007 թվականի վճռով՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականները մասնակի անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճվել է, իսկ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասով հայցը մերժել է։

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Արթուր Դավթյանի միջոցով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արտուշ, Հարություն Պետրոսյանները և Անժիկ Մելքոնյանը։

Վճռաբեկ բողոքին Անուշ Պետրոսյանի կողմից ներկայացվել է պատասխան։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի, 280-րդ հոդվածի, 178-րդ հոդվածի 3-րդ կետի, 187-րդ հոդվածի 1-ին կետի և 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Հիշատակելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին կետը, դատարանը չի եկել այն տրամաբանական եզրակացությանը, որ Աբրահամ Պետրոսյանի, իսկ հետագայում նաև Սևաստյա Պետրոսյանի գործողությունները վկայում են այն մասին, որ սեփականատերերը հրաժարվել են վիճելի հասցեի գույքի՝ Արտուշ Պետրոսյանի կողմից զբաղեցվող և օգտագործվող մասի նկատմամբ իրենց սեփականության իրավունքից:

Ակնհայտ է, որ Արտուշ Պետրոսյանին վիճելի հասցեում բնակության համար 14 քմ մակերեսով սենյակ հատկացնելը, բնակմակերեսի ավելացման աշխատանքներ ձեռնարկելը թույլատրելն ու չխոչընդոտելը, հեռախոսակապի և գազի առանձին բաժանորդ դառնալը, շարունակաբար վիճելի հասցեում բնակվելն ապացուցում են Աբրահամ Պետրոսյանի, իսկ հետագայում նաև Սևաստյա Պետրոսյանի սեփականության իրավունքից հրաժարվելու և դրա դադարեցման փաստը: Ուստի դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ կետը:

Գործի նյութերով ապացուցված է, որ Արտուշ Պետրոսյանն իր ընտանիքի հետ միասին հանդիսանում է այն անձը, որը շուրջ երեսուն տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է վիճելի հասցեի գույքի մի մասին, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներն ամբողջովին կիրառելի են վիճելի գույքի՝ իր կողմից փաստացի զբաղեցվող և օգտագործվող մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու համար: Սակայն դատարանն անտեսել է հիշատակված հանգամանքը և վճիռ կայացնելիս չի կիրառել նշված հոդվածի պահանջը:

1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի նախավերջին պարբերության համաձայն՝ տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության և բնակելի տան ու դրա սպասարկման համար ՀՀ քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց՝ որպես սեփականություն: Դատարանը հաշվի չի առել, որ նշված օրենքը գործել է սույն քաղաքացիական գործով հարաբերությունների ծավալման ժամանակահատվածում և այն չի կիրառել:

Ինչ վերաբերում է հայցապահանջը սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու պահանջի մասով կարճմանը, ապա հայցվորների պահանջն ուղղված է եղել Անուշ Պետրոսյանի՝ վիճելի հասցեի նկատմամբ սեփականության իրավունքը մասնակիորեն անվավեր ճանաչելուն և ենթադրել է ինչպես գրանցման վկայականների, այնպես էլ անշարժ գույքի գրանցամատյանում իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը:

 

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.05.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

 

Պատասխանողի ներկայացուցչի կողմից վճռաբեկ բողոքի պատասխանում մասնավորապես նշվել է, որ վճռաբեկ բողոքում բերված փաստերն իրականությանը չեն համապատասխանում: Կողմերի միջև ոչ մի բարեկամական կապ չկա, իսկ գույքի հետ կապված բոլոր վճարումները կատարվում են Անուշ Պետրոսյանի կողմից, և վերջինս մշտապես բնակվել ու տիրապետել է վիճելի գույքը:

Վճռաբեկ դատարանին խնդրել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.05.2007 թվականի վճիռը թողնել անփոփոխ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևան քաղաքի Քանաքեռ 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 17 տունը պատկանել է պատասխանող Անուշ Պետրոսյանի հորը՝ Աբրահամ Պետրոսյանին, որի մահից հետո տան 1/2-րդ մասի նկատմամբ ժառանգությունն ընդունել է նրա կինը՝ Սևաստյա Պետրոսյանը:

2) 02.02.2001 թվականին՝ Սևաստյա Պետրոսյանի մահից հետո, Աբրահամ Պետրոսյանի և Սևաստյա Պետրոսյանի դուստրերից պատասխանող Անուշ Պետրոսյանը վիճելի 86,2 քմ մակերեսով տան և 320 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ստացել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 3-246 վկայագիրը:

3) Թիվ 3-246 վկայագրի և Երևան քաղաքի պետական արխիվի 27.11.2002 թվականի թիվ 01-20/402 արխիվային տեղեկանքի հիման վրա, 18.02.2003 թվականին Անուշ Պետրոսյանին տրվել է սեփականության իրավունքի գրանցման թիվ 1003862 վկայականը, համաձայն որի՝ բնակելի տան մակերեսը կազմել է 223,6 քմ, իսկ հողամասի մակերեսը՝ 618,9 քմ:

4) 08.07.2003 թվականին Անուշ Պետրոսյանին տրվել են թվով երկու սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, որոնցից թիվ 1003096 վկայականի համաձայն՝ Անուշ Պետրոսյանին է պատկանում 86,6 քմ մակերեսով բնակելի տունը, թիվ 1003097 վկայականով՝ 137 քմ մակերեսով բնակելի տունը, իսկ 618,9 քմ մակերեսով հողամասն ըստ հիշատակված վկայականների հանդիսանում է ընդհանուր սեփականություն:

5) Հայցվոր Արտուշ Պետրոսյանը՝ Աբրահամ Պետրոսյանի եղբոր որդին, 1954 թվականից իր տատի հետ բնակվել է վիճելի հասցեում՝ Աբրահամ Պետրոսյանի կողմից իրենց հատկացված 14 քմ մակերեսով սենյակում:

6) 1978 թվականին` Աբրահամ Պետրոսյանի թույլտվությամբ, Արտուշ Պետրոսյանը սկսել է բնակտարածության ընդլայնման աշխատանքներ, ինչի արդյունքում զգալիորեն ավելացրել է վիճելի հասցեի բնակմակերեսն ու արժեքը:

7) 1978 թվականից սկսած մինչ օրս Արտուշ Պետրոսյանն իր ընտանիքի հետ միասին բնակվում է վիճելի հասցեում, անընդմեջ, բացահայտ և բարեխիղճ այն տիրապետում է որպես սեփական գույք, հեռախոսակապի և գազի մատակարարման առանձին բաժանորդ է, վճարում է կոմունալ վարձերը:

8) Վիճելի գույքը փաստացի առանձնացված է: Արտուշ Պետրոսյանի ու նրա ընտանիքի կողմից փաստացի օգտագործվում է 190 քմ մակերեսով հողամաս, որից 75 քմ մակերեսով հողամասն Անուշ Պետրոսյանի հետ որպես անցում օգտագործվում է ընդհանուր, իսկ 95 քմ մակերեսով հողամասն Արտուշ Պետրոսյանի կողմից օգտագործվող բնակելի տան զբաղեցրած հողամասն է:

9) Արտուշ Պետրոսյանի կողմից օգտագործվող բնակելի տան ներքին մակերեսը կազմում է 86,6 քմ:

10) Երևան քաղաքի Քանաքեռ 6-րդ փողոցի թվով 9 բնակիչների տված և նույն թաղամասի թաղային կոմիտեի նախագահ Հ.Ղազարյանի կողմից 22.09.2006 թվականին հաստատված հայտարարության համաձայն՝ Արտուշ Պետրոսյանը 1954 թվականից բնակվում է Երևանի Քանաքեռ 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 17 տան 14 քմ մակերեսով սենյակում: Ամուսնացել և ունեցել է չորս երեխաներ ու, քանի որ իրեն հատկացված սենյակը փոքր էր 6 անձի համար, իր ուժերով ավելացրել է բնակելի մակերեսը, որը պատկանել է Արտուշ Պետրոսյանին՝ վերջինիս գիտությամբ ու համաձայնությամբ:

11) Պատասխանող Անուշ Աբրահամի Պետրոսյանի քրոջ՝ Վարդիթեր Աբրահամի Պետրոսյանի կողմից 28.09.2006 թվականին տրված և թաղային կոմիտեի նախագահ Հ.Ղազարյանի կողմից 15.01.2007 թվականին հաստատված հայտարարության համաձայն՝ իր հայրը՝ Աբրահամ Պետրոսյանն առանձնացրել է տան 14 քմ մակերեսով սենյակը և բանավոր հայտարարության հիման վրա այն հատկացրել է Արտուշ Պետրոսյանին: Վերջինս 1978 թվականին, իր ուժերով կատարել է շինարարական աշխատանքներ ու ավելացրել է բնակելի մակերեսը, այդ թվում՝ կառուցել է կոմունալ հարմարություններ: Արտուշ Պետրոսյանը մինչ օրս իր ընտանիքի անդամների հետ բնակվում է նույն տանը՝ փաստացի առանձնացված հարկաբաժնում:

12) Երևան քաղաքի Բաբաջանյան 51 շենքի թիվ 50 բնակարանի բնակչուհի Լիդա Սանասարյանի 10.01.2007 թվականին տված և թաղային կոմիտեի նախագահ Հ.Ղազարյանի կողմից 15.01.2007 թվականին հաստատված հայտարարության համաձայն՝ 1962 թվականին ամուսնացել է Անուշավան Պետրոսյանի հետ, որն այդ ժամանակահատվածում ապրել է Երևանի Քանաքեռ թաղամասի Իլյիչի 17 տանը, որտեղ բնակվում էին նաև սկեսրայրը, սկեսուրը, ամուսնու երկու քույրերը մեկ երեխայի հետ և ամուսնու տատը Հայրենական պատերազմում զոհված որդու՝ Հարություն Պետրոսյանի զավակի` Արտուշ Պետրոսյանի հետ: 1967 թվականին, մինչև Արտուշ Պետրոսյանի ամուսնությունը, սկեսրայրը տան սենյակներից մեկը հատկացրել է Արտուշ Պետրոսյանին: Արտուշ Պետրոսյանը, ընտանիքի մյուս անդամների համաձայնությամբ հետագայում ընդլայնել է իր կողմից զբաղեցված մակերեսը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածը սահմանում է սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը: Ըստ վերոհիշյալ հոդվածի 5-րդ մասի՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:

Վերոհիշյալ ընդհանուր նորմերը մասնավորեցված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք հոդվածներում, որոնցից 187-րդ հոդվածը սահմանում է սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքը՝ ձեռքբերման վաղեմության ուժով:

Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ ու անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Այսինքն՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման հնարավորությունը նախատեսվել է 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և հենց այդ պահից ծագել է որոշակի ժամանակահատվածում անշարժ գույքը, այդ թվում՝ հողը, անընդմեջ, բացահայտ բարեխիղճ, տիրապետելու ուժով դրա նկատմամբ որոշակի իրավունքների ծագման իրավական հիմքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպանական և այլ հատուկ օրենսդրությամբ: Տվյալ դեպքում իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է քաղաքացիական օրենսդրության նորմեր պարունակող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ Օրենսգրքի 187-րդ հոդվածի (ձեռքբերման վաղեմություն) գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ գույքի տիրապետումն սկսվել է 1999 թվականի հունվարի 1-ից առաջ և շարունակվում է օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահին: Հետևաբար, գույքի անընդմեջ, բարեխիղճ, բացահայտ տիրապետման ժամկետի մեջ պետք է հաշվարկել նաև մինչև 01.01.1999 թվականը սկսված և ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակվող անշարժ գույքի տիրապետման ժամկետը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելիս էական նշանակություն ունեն ոչ թե գույքի նկատմամբ այլ անձի իրավունքների վերաբերյալ ապացույցները, այլ դրա նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողի կողմից տասը տարի և ավելի բարեխղճորեն, անընդմեջ ու բացահայտ օգտագործելու և տիրապետելու հանգամանքները:

Սույն գործի փաստաթղթերով հիմնավորված է, որ վիճելի գույքի նկատմամբ պատասխանող Անուշ Պետրոսյանի սեփականության իրավունքը գրանցված է 2003 թվականից սկսած, սակայն դատարանը մերժելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հայցվորների պահանջը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա հայտարարությունները, ինչպես նաև հաշվի չի առել այն հանգամանքը, որ դեռևս Անուշ Պետրոսյանի մոր՝ Սևաստյա Պետրոսյանի կողմից 1991 թվականին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալն արդեն իսկ հայցվորների կողմից 10 և ավելի տարի անընդմեջ, բարեխիղճ և բացահայտ տիրապետվել է գույքը:

Վճռաբեկ դատարանը գտնում է հիմնավոր վճռաբեկ բողոքի պատճառաբանությունն այն մասին, որ դեռևս Աբրահամ և Սևաստյա Պետրոսյանների՝ Արտուշ Պետրոսյանին բնակության համար վիճելի հասցեում 14 քմ մակերեսով սենյակ հատկացնելը, բնակմակերեսի ավելացման աշխատանքներ ձեռնարկելը թույլատրելն ու չխոչընդոտելը, հեռախոսակապի և գազի առանձին բաժանորդ դառնալը, շարունակաբար վիճելի հասցեում բնակվելն ու գույքը տիրապետելը, ապացուցում են սեփականության իրավունքից հրաժարվելու փաստը: Իսկ գույքը փաստացի տիրապետելու հանգամանքը ևս մեկ անգամ հաստատվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման 13.02.2007 թվականի թիվ ԵԼ-148ա գրությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ավելի քան 10 տարի անընդմեջ, բացահայտ և բարեխիղճ կերպով որպես սեփականը տիրապետելու հիմքով վիճելի գույքի նկատմամբ պետք է ճանաչվեր հայցվորների սեփականության իրավունքը:

Այսպիսով, բողոքում նշված հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն՝ վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու հիմք են հանդիսանում:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված լիազորությունը հետևյալ պատճառաբանությամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք:

Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից վերը շարադրված փաստերի հիմքով ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն պատճառաբանությանը, որ սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցվորների պահանջն ուղղված է եղել Անուշ Պետրոսյանի` վիճելի հասցեի նկատմամբ սեփականության իրավունքը մասնակիորեն անվավեր ճանաչելուն և ենթադրել է ինչպես գրանցման վկայականների, այնպես էլ անշարժ գույքի գրանցամատյանում իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը, Վճռաբեկ դատարանը գտնում է անհիմն և միաժամանակ արձանագրում է, որ հիշատակված մասով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը կայացրել է ըստ էության ճիշտ` օրինական և պատճառաբանված վճիռ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.05.2007 թվականի վճռի՝ հայցապահանջը մերժելու մասը և այն փոփոխել. ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչել հայցվորներ Արտուշ, Հարություն Պետրոսյանների և Անժիկ Մելքոնյանի սեփականության իրավունքը Երևանի Քանաքեռ 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 17 բնակելի տան ըստ հատակագծի 1-ին հարկի 72.4 քմ, 2-րդ հարկի 14.2 քմ մակերեսներով շինությունների և 115 քմ մակերեսով հողի նկատմամբ, որից 95 քմ հողամասը շինությունների տակ, իսկ 75 քմ մակերեսով ընդհանուր օգտագործվող հողամասը թողնել հայցվորներին և պատասխանող Անուշ Պետրոսյանին՝ որպես ընդհանուր սեփականություն:

2. ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.05.2007 թիվ 07-1622 քաղաքացիական գործով կայացրած վճիռը՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու մասով, թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան

 

Ս. Գյուրջյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան