Համարը 
ՀՕ-102-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2008.07.02/41(631) Հոդ.680
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.05.2008
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.06.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին

 

«ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-262 օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետը «ղեկավար» բառից հետո լրացնել «և հիփոթեքային կառավարիչ, եթե բանկը ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկող է՝ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետի «բ» ենթակետը «վաճառելը» բառից հետո լրացնել «(բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների)» բառերով.

2) 2-րդ կետի «գ» ենթակետը «բանկի ակտիվները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոց հանդիսացող ակտիվների)» բառերով.

3) 2-րդ կետի «ե» ենթակետը «ստանձնած պարտավորությունները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների)» բառերով.

4) 6-րդ կետի երկրորդ պարբերությունը «պարտավորությունների» բառից հետո լրացնել «(բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների)» բառերով.

5) 6-րդ կետի երրորդ պարբերությունը «պահանջները» բառից հետո լրացնել «(բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների)» բառերով.

6) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ, հինգերորդ և վեցերորդ պարբերություններով՝

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները կարող են հաշվանցվել դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ՝ հիփոթեքային կառավարչի համաձայնությամբ:

Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները կարող են հաշվանցվել բանկի այլ ակտիվների հետ՝ հիփոթեքային կառավարչի և ադմինիստրացիայի համաձայնությամբ:

Արգելվում է այլ պարտավորությունների հաշվանց ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ:»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 6. Ադմինիստրացիայի և հիփոթեքային կառավարչի նշանակումը».

 

2) 1-ին կետի «կոլեգիալ» բառը փոխարինել «կոլեգիալ և հիփոթեքային կառավարիչ» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

«3. Հիփոթեքային կառավարչի նշանակման և ազատման կարգը սահմանվում է «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը «ակտիվների և պարտավորությունների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների)» բառերով.

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների գույքագրումը և գնահատումն իրականացնում է հիփոթեքային կառավարիչը:»:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով՝

«1.1. Ադմինիստրացիայի ղեկավարի՝ սույն հոդվածի 1-ին կետով վերապահված իրավասությունները չեն տարածվում ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վրա:»:

 

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «ադմինիստրացիայի» բառից հետո լրացնել «և հիփոթեքային կառավարչի» բառերով.

2) առաջին պարբերությունը «ադմինիստրացիան» բառից հետո լրացնել «և հիփոթեքային կառավարիչը» բառերով.

3) երկրորդ պարբերությունը «ադմինիստրացիայի» բառից հետո լրացնել «և հիփոթեքային կառավարչի» բառերով:

 

Հոդված 7. Օրենքը 23-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ գլխով՝

 

«Գ Լ ՈՒ Խ  3.1

 

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 23.1. Հիփոթեքային կառավարիչը

 

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հիփոթեքային կառավարչի նշանակումից հետո նրան է անցնում բանկի կամ վարկային կազմակերպության ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների և դրանց ապահովման միջոցների կառավարումը:

 

Հոդված 23.2. Հիփոթեքային կառավարչի պարտականությունները, իրավասությունները

 

1. Հիփոթեքային կառավարչի պարտականությունն է ապահովման միջոցների կառավարումը և հիփոթեքային պարտատոմսերի գծով պահանջների բավարարմանն ուղղված գործողությունների իրականացումը, այդ թվում` ապահովման միջոց հանդիսացող ակտիվները և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները՝ որպես ամբողջություն այլ թողարկողի փոխանցելուն ուղղված գործողությունների իրականացումը:

2. Հիփոթեքային կառավարիչը կառավարում է ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվները՝ ելնելով հիփոթեքային պարտատոմսերում ներդրողների շահերից, իրականացնում իր իրավունքները և կատարում ներդրողների նկատմամբ իր պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով (ֆիդուցիար պարտականություն):

3. Հիփոթեքային կառավարչի նշանակման օրվանից նրան են փոխանցվում որպես պարտատոմսերի ապահովման միջոց գրանցված ակտիվների կառավարման և տնօրինման իրավունքները, ինչպես նաև որպես պարտատոմսերի ապահովման միջոց գրանցված ակտիվների հետ առնչվող համապատասխան փաստաթղթերը:

4. Ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվները համարվում են հիփոթեքային կառավարչի կառավարման և տնօրինման ներքո գտնվող ակտիվներ նույնիսկ այն դեպքում, երբ այդ ակտիվների գումարային մեծությունն ավելին է, քան սույն օրենքով հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորություններն ամբողջությամբ մարելու համար սահմանված ապահովման միջոցների անհրաժեշտ մակարդակը:

5. Թողարկողի կողմից ռեգիստրում գրանցված ակտիվների հետ կապված բոլոր գործարքները, որոնք իրականացվել են հիփոթեքային կառավարչի նշանակումից հետո, համարվում են անվավեր: Եթե թողարկողի կողմից ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ գործարքներ են իրականացվել հիփոթեքային կառավարչի նշանակման օրը, ապա դրանք համարվում են կնքված նրա նշանակումից հետո:

6. Հիփոթեքային կառավարիչն իրավասու է`

ա) հավաքագրելու ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվների հետ կապված գումարները՝ համաձայն պայմանագրերով սահմանված ժամկետների.

բ) ներկայացնելու թողարկողին իր իրավասությունների հետ կապված հարցերով դատարանում և այլ անձանց հետ հարաբերություններում.

գ) ինչպես իր նշանակման ժամանակ, այնպես էլ դրանից հետո ապահովման միջոց հանդիսացող ակտիվները՝ հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորություններին սույն օրենքով սահմանված կարգով համարժեք չլինելու դեպքում իրականացնելու ապահովման միջոցների, այդ թվում` գրավի առարկայի ողջամիտ գնով իրացման համար անհրաժեշտ բոլոր իրավական գործողությունները` հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջներն ամբողջությամբ բավարարելու նպատակով:

7. Հիփոթեքային կառավարչի նշանակման և նրա կողմից ապահովման միջոց հանդիսացող ակտիվների կառավարման կապակցությամբ առաջացող ծախսերը, այդ թվում` վարձատրությունը, կատարվում են ռեգիստրում գրանցված ակտիվներից ստացված միջոցների հաշվին՝ առաջնահերթության կարգով:

 

Հոդված 23.3. Հիփոթեքային կառավարչի անկախությունը

 

1. Հիփոթեքային կառավարիչն օրենսդրությամբ սահմանված իր իրավասություններն իրականացնելիս անկախ է և գործում է ինքնուրույն:

2. Ժամանակավոր ադմինիստրացիան և (կամ) լուծարային կառավարիչը և (կամ) լուծարային հանձնաժողովը պարտավոր են`

ա) չխոչընդոտել հիփոթեքային կառավարչի կողմից օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների իրականացմանը.

բ) օժանդակել հիփոթեքային կառավարչի կողմից օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների իրականացմանը.

գ) ձեռնպահ մնալ ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների իրացման կապակցությամբ որևէ գործողություն ձեռնարկելուց.

դ) հիփոթեքային կառավարչին տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները:

 

Հոդված 23.4. Ապահովման միջոցների և ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների կառավարումը

 

1. Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջներն ամբողջությամբ բավարարվում են ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների հաշվին:

2. Ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների գրավի առարկայի իրացումը կատարվում է բացառապես ապահովված հիփոթեքային պարտատոմսերի և ռեգիստրում գրանցված ածանցյալ արժեթղթերի գծով պարտատերերի պահանջների կատարման նպատակով:

3. Եթե ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջներն ամբողջությամբ չեն բավարարվել, ապա վերջիններս պահպանում են ապահովման միջոց հանդիսացող ակտիվներից առաջնահերթության կարգով վճարում ստանալու իրավունքը:

4. Բանկի կամ վարկային կազմակերպության մնացորդային ակտիվների նկատմամբ սնանկության գործընթացի ժամանակ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերը կարող են դրանց նկատմամբ իրենց պահանջները ներկայացնել միայն չկատարված պարտավորությունների գումարների չափով` որպես գրավով ապահովված պարտավորություն՝ արտահերթ:

Ռեգիստրում գրանցված ածանցյալ արժեթղթերի գծով պահանջներն ապահովված հիփոթեքային պարտատոմսերի նկատմամբ պահանջների հետ ընդգրկվում են պահանջների բավարարման միևնույն խմբում:

5. Թողարկողի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը և (կամ) լուծարային կառավարիչը կարող են հիփոթեքային կառավարչից ցանկացած ժամանակ պահանջել վերադարձնելու այն ակտիվները, որոնք մնացել են ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պահանջների բավարարումից հետո: Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մարումից և կառավարման ծախսերի փոխհատուցումից հետո մնացած ակտիվները վերադարձվում են թողարկողին և ներառվում լուծարային միջոցների հաշվեկշռում:

 

Հոդված 23.5. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցումը

 

1. Հիփոթեքային կառավարիչը կարող է ռեգիստրում գրանցված ակտիվները և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները որպես մեկ ամբողջություն փոխանցել այլ թողարկողի՝ Կենտրոնական բանկի թույլտվության հիման վրա և սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները փոխանցելիս այդ պարտատոմսերի սեփականատերերի համաձայնությունը չի պահանջվում:

3. Կենտրոնական բանկի կողմից փոխանցման թույլտվությունն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հիփոթեքային կառավարիչը պարտավոր է այդ մասին հայտարարություն հրապարակել Հայաստանի Հանրապետությունում առնվազն 2000 տպաքանակով տպագրվող մամուլում, Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներով՝ թողարկողի ինտերնետային տնային էջում, ինչպես նաև ծանուցել հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերին:

4. Կենտրոնական բանկի կողմից փոխանցման թույլտվությունն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հիփոթեքային կառավարիչը պարտավոր է գրանցման ներկայացնել ազդագրի փոփոխությունները՝ պայմանավորված թողարկողի փոփոխությամբ:

 

Հոդված 23.6. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման թույլտվությունը

 

1. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման թույլտվություն ստանալու համար փոխանցող թողարկողը` ի դեմս հիփոթեքային կառավարչի, և ստանձնող թողարկողը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ համատեղ ներկայացնում են՝

ա) փոխանցման թույլտվություն ստանալու դիմումը.

բ) փոխանցման պայմանագիրը.

գ) ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների ցանկը.

դ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ տեղեկություններ:

Կենտրոնական բանկն ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցմանն առարկելու կամ չառարկելու վերաբերյալ որոշում է կայացնում՝ դիմումը ներկայացնելու պահից 45 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Կենտրոնական բանկն առարկում է ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցմանը, եթե՝

ա) սույն հոդվածի 1-ին կետով սահմանված փաստաթղթերը կամ տեղեկությունները չեն համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, կամ դրանցում ներկայացվել են կեղծ, թերի կամ անարժանահավատ տեղեկություններ.

բ) հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով վտանգում կամ կարող է վտանգել հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի իրավունքները կամ օրինական շահերը.

գ) հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կարող է հանգեցնել ստանձնող թողարկողի ֆինանսական վիճակի վատթարացմանը:

3. Հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման թույլտվություն ստանալու կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

4. Կենտրոնական բանկն ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցմանն առարկելու կամ չառարկելու մասին որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է այդ մասին ծանուցել դիմումը ներկայացրած թողարկողներին, ինչպես նաև իր որոշումը տեղադրել Կենտրոնական բանկի ինտերնետային տնային էջում:

 

Հոդված 23.7. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման պայմանագիրը

 

1. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցումը` որպես մեկ ամբողջություն, իրականացվում է փոխանցման պայմանագրով, որն ուժի մեջ է մտնում փոխանցման պայմանագրում նշված ժամկետում, բայց ոչ շուտ Կենտրոնական բանկի կողմից ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցմանը չառարկելու մասին որոշման օրվանից:

2. Փոխանցման գործարքն իրականացվելուց հետո հիփոթեքային կառավարչին վերապահված՝ փոխանցված ակտիվների և պարտավորությունների մասով լիազորությունները դադարում են, և այդ լիազորություններն անցնում են փոխանցումն ստանձնած թողարկողին:

3. Փոխանցումն ստանձնած թողարկողը պատասխանատվություն է կրում հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների կատարման համար:»:

 

Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

 

«3. Բանկի սնանկության մասին դիմում ներկայացնելու հետ միաժամանակ Կենտրոնական բանկը որոշում է կայացնում հիփոթեքային կառավարիչ նշանակելու մասին (եթե մինչ այդ նշանակված չէր), որն ուժի մեջ է մտնում դատարանի կողմից բանկի սնանկության վերաբերյալ որոշման ուժի մեջ մտնելու պահից:»:

 

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով՝

 

«2.1. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն տարածվում ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վրա:

Դատարանի կողմից Կենտրոնական բանկի դիմումը բավարարելու պահից հիփոթեքային կառավարչին է անցնում հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների կառավարումը:»:

 

Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով՝

 

«10. Սույն հոդվածով սահմանված լուծարային կառավարչի իրավասությունները չեն տարածվում ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վրա:

Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվները չեն ընդգրկվում լուծարային կառավարչի կազմած և հաստատած լուծարային հաշվեկշռում:

Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվներն այլ թողարկողի չփոխանցելու դեպքում հիփոթեքային կառավարիչն իրականացնում է սույն օրենքով լուծարային կառավարչին վերապահված լիազորությունները:»:

 

Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով՝

 

«1.1. Լուծարային կառավարչի՝ սույն հոդվածի 1-ին կետով վերապահված իրավասությունները չեն տարածվում ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վրա:»:

 

Հոդված 12. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվները, դրանց գրավի առարկա հանդիսացող գույքը չեն ընդգրկվում լուծարային միջոցներում:»:

 

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունիսի 21

Երևան

ՀՕ-102-Ն