Համարը 
N 452-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.05.12/20(754) Հոդ.504
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.04.2010
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.05.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.05.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2010 թվականի N 452-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներից բխող` աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներից բխող` աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք միջոցառումների կատարման հնարավորության հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության համապատասխան ժամանակաշրջանի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատված սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների շրջանակներում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 3
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 15-ի N 452-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

Ներածություն

 

Ազգային անվտանգությունը ներառում է մի շարք տեսանկյուններ. տնտեսական, ռազմաքաղաքական, արդյունաբերատեխնոլոգիական, սոցիալական: Ընդ որում, ինչպիսի գործոններով էլ պայմանավորված լինի անկայունությունը պետության ներսում, վերջին հաշվով այն դառնում է սոցիալական: Ազգային անվտանգության բաղադրիչը հանդիսացող տնտեսական անվտանգության հիմնախնդիրը չի կարող լուծվել` առանց հաշվի առնելու դրա սոցիալական բովանդակությունը և առանց մշակելու՝ հասարակության սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող չափորոշիչներ, որոնք կհամապատասխանեն հանրապետության տնտեսական անվտանգության պահանջներին:

Սոցիալական անվտանգությունը որոշվում է սոցիալական բախման ծագման հավանականությամբ, որը կարող է վտանգել հանրապետության տնտեսական, ազգային-էթնիկական և քաղաքական կայունությունը: Տնտեսական անվտանգության քաղաքականությունը նպատակ ունի կասեցնելու սոցիալական բախումները վերահսկվող և կարգավորվող մակարդակներում:

Պետության սոցիալական քաղաքականությունը պետք է կառուցվի` հաշվի առնելով մի կողմից մարդկանց խնդիրների լուծման սեփական հնարավորությունների, մյուս կողմից՝ պետության հնարավորությունների հանգամանքը:

Սոցիալական պաշտպանության քաղաքականության էությունը պետության կողմից սոցիալական ռիսկերի կառավարումն է դրանց նվազեցման նպատակով: Սոցիալական ռիսկերի կառավարման գաղափարախոսությունը ելնում է նրանից, որ անհատների, ընտանիքների, համայնքների բարեկեցությունը ենթակա է բազմաթիվ ռիսկերի, որոնք կարող են ծագել տարբեր աղբյուրներից, ինչպես բնածին՝ երկրաշարժ, ջրհեղեղ, հիվանդություններ և այլն, այնպես էլ մարդածին՝ գործազրկություն, շրջակա միջավայրի վատթարացում, պատերազմ և այլն: Տնտեսական համակարգի կենսագործունեության տեսանկյունից սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման հիմնախնդիրները կատարում են երկակի դեր:

Առաջին. տնտեսական աճի և ազգային հարստության կուտակման պայմաններում տնտեսական գործունեության գլխավոր նպատակը հանգում է մարդու կյանքի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Տնտեսական աճի նպատակները կենտրոնացվում են տնտեսական քաղաքականության մեջ, իսկ տնտեսական զարգացման մնացած տեսանկյունները դիտարկվում են որպես սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության իրականացման միջոց:

Երկրորդ. սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականությունն իր հերթին տնտեսական աճի գործոն է: Երբ տնտեսական աճը չի ուղեկցվում բնակչության բարեկեցության աճով, նվազում են արդյունավետ տնտեսական գործունեության խթանները: Միաժամանակ, ինչքան բարձր է տնտեսության զարգացման մակարդակը, այնքան բարձր են տնտեսական աճն ապահովող հասարակության անդամների նկատմամբ պահանջները: Իր հերթին, դա պահանջում է սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության հետագա բարելավում:

Այդ առումով ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտն ունի կարևոր ռազմավարական նշանակություն, քանի որ սոցիալական անվտանգությունը մարդու իրավունքների տարրերից է և սոցիալական պաշտպանության քաղաքականությունը պետք է ենթադրի մասնակցության ժողովրդավարության մեխանիզմների և միջոցների այնպիսի մտածված համակարգ, որոնց օգնությամբ հնարավոր լինի ազդել բնակչության կոնկրետ խմբերի սոցիալ-տնտեսական և մարդկանց հոգեկան վիճակի բարելավման վրա, ինչպես նաև նրանց մոտ առաջ բերել լավատեսություն ապագայի նկատմամբ:

 

I. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգը գործիքների և մեխանիզմների ամբողջություն է, որը միտված է անձի, ընտանիքի և հասարակության բնականոն կենսագործունեությանը և նյութական պահանջմունքների բավարարման ապահովմանը:

2. Սոցիալական պաշտպանության համակարգը Հայաստանի Հանրապետության համար ունի առաջնային նշանակություն: Մոտեցումը բխում է այն հանգամանքից, որ սոցիալական պաշտպանության համակարգը նախ և առաջ բավարարում է անձանց նյութական կարիքները: Իսկ նյութապես ապահովված անհատի պարագայում միայն կարելի է խոսել ժողովրդավարական արժեքներ կրող քաղաքացիական հասարակության և ժողովրդագրական կայուն իրավիճակի ձևավորման ու պահպանման մասին, ինչը նաև արտաքին և ներքին սպառնալիքներին դիմագրավելու առհավատչյա է:

3. Սոցիալական պաշտպանության համակարգի (ներառյալ պետական քաղաքականության) հիմնական տարրերն են. ժողովրդագրական իրավիճակի բարելավման, աշխատանքի անվտանգության, աշխատավարձի կազմակերպման և զբաղվածության կանոնակարգման, ինչպես նաև բնակչության կենսաթոշակային ապահովության և սոցիալական աջակցության կայուն համակարգերի ձևավորման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

4. Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող սոցիալական պաշտպանության քաղաքականությունը կրելու է համակարգային բնույթ` խարսխված լինելով սոցիալական արդարության հիմնարար սկզբունքների վրա, համահունչ տնտեսական զարգացման ընդհանրություններին` նպատակ հետապնդելով նվազեցնել, կանխել, իսկ առանձին դեպքերում` չեզոքացնել (վերացնել) սոցիալական ռիսկեր առաջացնող պատճառները կամ դրանց բացասական հետևանքները:

5. Սոցիալական պաշտպանության քաղաքականությունը պետք է հիմնվի այնպիսի սոցիալական գերակայությունների մշակման վրա, որոնք հնարավորություն կտան`

1) պետական կառավարման գործող համակարգի պայմաններում ստեղծել հավասար հնարավորություններ հանրապետության բոլոր քաղաքացիների համար.

2) հասնել սոցիալական հավասարության իշխանության պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մակարդակների միջև սոցիալական իրավունքների և պարտականությունների բաշխման, ինչպես նաև դրանց համարժեքության տեսանկյունից, որոնք ամրագրված կլինեն համապատասխան ֆինանսական և կառավարման հնարավորություններով.

3) ապահովել պետական սոցիալական երաշխիքների համակարգի արդյունավետ գործունեությունը և սոցիալական զարգացման ծրագրերի հասցեականությունը:

6. Ազգային անվտանգության տեսանկյունից հանրապետությունում իբրև սոցիալական ռիսկերի դրսևորման առավել տարածված տեսակ է վաստակի պակասը կամ դրա սպառնալիքը, որն իր ազդեցությունն է թողնում ծերության կամ աշխատունակության սահմանափակման (ներառելով, սակայն չսահմանափակվելով հաշմանդամությունը, գործազրկությունը) պատճառով չաշխատող անձանց վրա, երեխաների մեծացման և խնամքի, բուժօգնության, անհրաժեշտ կրթության, պատշաճ կենսամակարդակի ապահովման համար անհրաժեշտ միջոցների ձևավորման և այլնի համար:

7. Սոցիալական ռիսկերի դրսևորման հավանականությունն առավել սրվում է հանրապետությունում աղքատության համեմատաբար բարձր մակարդակի, անբարենպաստ ժողովրդագրական իրադրության (մասնավորապես, ծնելիության մակարդակի շեշտակի նվազման, ակտիվ վերարտադրողական տարիքի բնակչության կայացած ծավալուն միգրացիոն արտահոսքի ու դրա ավելի մեղմ սահմանանիշերով շարունակման, բնական աճը բնական նվազման վերածվելու միանգամայն առարկայական վտանգի, բնակչության սեռատարիքային համամասնությունների զգալի ձևախեղման) պարագայում, որը թելադրում է իրավիճակի բարելավման հետ կապված առկա բազմաբնույթ հիմնախնդիրների լուծումն ընդունել որպես սոցիալ-տնտեսական ու սոցիալ-ժողովրդագրական մարտահրավեր և ներառել ազգային անվտանգության ապահովման բաղադրիչներում:

8. Այս մարտահրավերների հաղթահարման ոլորտային քաղաքականությունը կառուցվում է սոցիալական աջակցության, կենսաթոշակային, զբաղվածության և աշխատանքային եկամուտների, ինչպես նաև դրանցից բխող և դրանք ծնող ժողովրդագրական քաղաքականության համալիր միջոցառումների վրա:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում հանրապետության սոցիալական պաշտպանության համակարգի ռազմավարական նպատակներն են. համակարգում սոցիալական արդարության արմատավորումը և սոցիալական պաշտպանության համակարգի հստակ գործող ու սոցիալական ծառայությունների համալիր տրամադրման մոդելի ձևավորումը, համակարգի ֆինանսական կայունությունը, համակարգի հասցեականությունը, համակարգի շրջանակներում առաջնահերթությունների հստակ սահմանումը, բնակչության կենսամակարդակի բարձրացումը և կյանքի որակի բարելավումը:

10. Կարևորագույն խնդիրը սոցիալական պաշտպանության համակարգի տիպանմուշի (մոդելի) ընտրությունն է` որպես սոցիալական պաշտպանության համակարգի հիմքում դրված սկզբունքների համախումբ:

Աշխարհում գոյություն չունի սոցիալական պաշտպանության համակարգի տիպային օրինակ, որ հավասարապես կիրառելի և արդյունավետ լինի տարբեր պետությունների համար: Այն խիստ զգայուն է պետության, հասարակության պատմության, ազգային ավանդույթների և ազգային աշխարհընկալման նկատմամբ և մեծ հաշվով կախված է պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերներից ու նպատակներից:

11. Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության համակարգը պետք է`

1) պետության, հասարակության և անհատի փոխադարձ պատասխանատվությունն ամրագրելու (սոցիալական ռիսկը պետության, հասարակության և անհատի միջև տարաբաշխելու) միջոցով նպաստի հասարակության համախմբմանը.

2) արդյունավետ կերպով համադրի սոցիալական համերաշխությունն ու սոցիալական արդարությունը.

3) ունենա տարբեր (ոչ ստանդարտ) իրավիճակներին արագ արձագանքելու հնարավորություն.

4) արդյունավետ կերպով համադրի միջազգային փորձից և ազգային ավանդույթներից բխող միջոցներն ու մեխանիզմները.

5) նպաստի ազգային ավանդույթների և առանձնահատկությունների պաշտպանությանը:

12. Առաջադրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է լուծում տալ հետևյալ հիմնական խնդիրներին`

1) սոցիալական աջակցության բնագավառում`

ա. պետական նպաստների տրամադրման ենթաոլորտում` աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն աջակցելը, ինչպես նաև ՀՀ ժողովրդագրական վիճակի բարելավումը: Ընտանեկան նպաստների համակարգի օգտագործումը բնակչության անապահով խավերի աղքատության մակարդակի կրճատման նպատակով` էականորեն բարձրացնելով դրա նպատակաուղղվածությունը դեպի աղքատ տնային տնտեսությունները և ապահովելով համակարգի վերափոխումը` այն դարձնելով ընտանիքների կայունությանը նպաստող գործոն,

բ. ընտանիքի և երեխաների հիմնահարցերի ենթաոլորտում` մինչև 18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի, դաստիարակության, կրթության, ֆիզիկական և մտավոր զարգացման համար նպաստավոր պայմանների ապահովում, մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների սոցիալական ապահովության վիճակի բարելավում և ինտեգրում հասարակությանը, երեխաների իրավունքների և շահերի պաշտպանություն, նյութական ու կենցաղային պահանջմունքների բավարարում, սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների իրականացում,

գ. հաշմանդամներին մատուցվող ծառայությունների ենթաոլորտում՝ հաշմանդամներին բժշկասոցիալական վերականգնման, պրոթեզաօրթոպեդիկ օգնության ու վերականգնողական ծառայությունների տրամադրումը, պետական պատվերի շրջանակում տրամադրվող պարագաների ցանկի ընդլայնումը, սոցիալական ենթակառուցվածքների հարմարեցումը հաշմանդամներին (շենքեր, տրանսպորտ, առողջապահական, ուսումնական, մշակութային և այլ հաստատություններ)` դրանով իսկ նպաստելով հասարակության մեջ նրանց ներառմանը,

դ. տարեցներին մատուցվող ծառայությունների ենթաոլորտում՝ տարեցների սոցիալական պաշտպանությունը՝ նրանց կյանքի որակի բարելավումը և, մասնավորապես, տարեցների այն խմբի, ովքեր միայնակ են, չունեն օրենսդրությամբ նախատեսված խնամողներ և խնամքի, սոցիալական սպասարկման ու հոգածության կարիք են զգում,

ե. սոցիալական նպատակային որակյալ ծառայությունների մատուցումը բնակչության առանձին, հատուկ պաշտպանություն պահանջող խմբերին՝ հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, փախստականներին և տեղահանված անձանց այն հաշվարկով, որ հիմնականում բավարարվի այդ ծառայությունների պահանջարկը,

զ. «Սոցիալական աշխատանք» ինստիտուտի ներդրում և զարգացում, մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմիններում, որը կնպաստի սոցիալական ծառայությունների համալիր տրամադրմանը, դրանց որակի և մատչելիության բարձրացմանը.

2) զբաղվածության բնագավառում՝ բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը, աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի միասնական կարգավորումը, զբաղվածության ծառայություններ տրամադրող ոչ պետական կազմակերպությունների գործունեության լիցենզավորումը, աշխատաշուկայի ժամանակին սերնդափոխությունը, շարունակական մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ներդրումը, պետության կողմից բնակչությանը տրամադրվող զբաղվածության ծառայությունները քաղաքացիների և գործատուների համար առավել գրավիչ և թափանցիկ դարձնելը.

3) աշխատանքի կարգավորման բնագավառում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների իրացման ապահովումը, աշխատողների իրավունքների օրենսդրական պաշտպանվածության ուժեղացումը, պետական երաշխիքների կատարելագործումը, աշխատանքի առողջ և անվտանգության պայմանների ապահովումը.

4) աշխատավարձի կարգավորման բնագավառում՝ աշխատանքի արդյունավետության աճի և աշխատանքի վարձատրության պետական երաշխիքների ապահովումը, բյուջետային և սոցիալական ենթակառուցվածքի ոլորտների ցածր վճարվող աշխատողների աշխատավարձերի առաջանցիկ աճի ապահովումն այն հաշվարկով, որ դրանք համադրելի լինեն ոչ պետական հատվածում համանման մասնագիտությամբ աշխատանք կատարող անձանց աշխատավարձերի ցուցանիշներին, ինչպես նաև օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի համապատասխանեցումը` կենսաապահովման նվազագույն բյուջեին.

5) կենսաթոշակային ապահովության բնագավառում` համակարգի ընդհանուր բարեփոխումների համատեքստում առաջիկա տարիների ընթացքում կենսաթոշակների չափերի բարձրացումն այն հաշվարկով, որ դրանք գերազանցեն ընդհանուր աղքատության գիծը` ապահովելով կենսաթոշակառուների կենսամակարդակի էական բարձրացում, կենսաթոշակների չափերի տարբերակումը` ելնելով աշխատանքային ստաժի տևողությունից և աշխատավարձերի չափերից, պետության կողմից անհրաժեշտ երաշխիքներ տրամադրել իրենց ծերությունը բավարար մակարդակով չապահոված անձանց` հստակ գործող կառուցակարգեր և պայմաններ ստեղծելով այն անձանց համար, ովքեր կարող են սեփական աշխատանքով (ներդրմամբ) ապահովել իրենց արժանապատիվ ծերությունը.

6) սոցիալական պաշտպանության ոլորտում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բնագավառում՝ տեղեկատվության փոխանակության ինքնաշխատ համակարգերի ամբողջական ներդրումը, ինչը հնարավորություն կտա պարզեցնելու քաղաքացիների սոցիալական իրավունքների իրականացման ընթացակարգերը, մեծացնելու սոցիալական պաշտպանության ծրագրերի հասցեականությունը և զարգացնելու համապատասխան պետական կառավարման մարմինների ու նրանց ստորաբաժանումների ինստիտուցիոնալ կարողությունները:

 

III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

13. Ազգային անվտանգության ապահովմանն ուղղված` սոցիալական պաշտպանության քաղաքականության ձևավորումը պետք է հիմնված լինի հետևյալ սկզբունքների վրա`

1) սոցիալական պաշտպանության քաղաքականության շրջանակներում գերակայությունների որոշում.

2) սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորում` ապահովելով սոցիալական պաշտպանության միասնական քաղաքականության իրականացումը պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մակարդակներում.

3) ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` բնակչության սոցիալական պաշտպանության նվազագույն երաշխիքների ապահովում.

4) սոցիալական պաշտպանության ոլորտը որպես ազգային անվտանգության պահպանման կարևորագույն գործոնի ճանաչում.

5) սոցիալական ռիսկերի կանխարգելման և դրանց հետևանքների վերացման արդյունավետ զուգակցում:

14. Սոցիալական պաշտպանության քաղաքականության գերակայությունների ճիշտ ընտրությունն ազգային անվտանգության խնդիրների լուծման գործում նշանակում է սոցիալական պաշտպանության համակարգի բաղկացուցիչների լավագույն ընտրություն, որը պետք է կառուցվի նպատակների դասակարգման հիման վրա:

15. Տնտեսության համեմատական կայունության պայմաններում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը պետք է ընդգրկի`

1) սոցիալական պետության կերտում և սոցիալական արդարության արմատավորումը.

2) ժողովրդագրական իրավիճակի բարելավումը.

3) զբաղվածության ակտիվ քաղաքականության իրականացումը.

4) աշխատանքի և աշխատավարձի կարգավորումը.

5) կենսաթոշակային ապահովության գործող համակարգի հետագա կատարելագործում և արժանապատիվ ծերության ապահովումը.

6) սոցիալական աջակցության գործող համակարգի զարգացումը` համալիր ծառայությունների տրամադրման միջոցով.

7) սոցիալական գործընկերության կայացումը.

8) սոցիալական պաշտպանության ոլորտի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին:

 

IV. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՈՒՄԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏԱՎՈՐՈՒՄԸ

 

16. ՀՀ Սահմանադրության դրույթն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է» նշանակում է նաև, որ պետությունը հասարակության առջև պարտավորություն է վերցրել պայմաններ ստեղծել ընտանիքի, աշխատանքային կոլեկտիվի և հասարակության մեջ յուրաքանչյուր անձի կողմից իր իսկ սեփական կյանքի կազմակերպման համար: Սոցիալական պետության հիմնական սկզբունքը տնտեսության ցանկացած կառուցվածքային և համակարգային վերափոխումների պարագայում քաղաքացիների համար կյանքի բարձր որակի ապահովման, նրանց պահանջմունքների բավարարման և գնողունակ պահանջարկի ավելացման ուղղությամբ ակտիվ քաղաքականության իրականացումն է: Այս համատեքստում մարդու իրավունքների գերակայությունը և արդյունավետ կառավարումն առավել առարկայական են դառնում, սակայն բարդությունը կայանում է դրանց առավել կարճ ժամանակահատվածում և արդյունավետ միջոցներով հասնելու մեջ: Պետական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, անկախ արհմիությունների և զանգվածային լրատվական միջոցների ազատ զարգացումը թույլատրող ազատական մոտեցումները դեռևս բավարար չեն նշյալ հիմնախնդրի լուծման համար:

17. Սոցիալական պաշտպանության համակարգի գործունեության արդյունավետության բարձրացումը նախ և առաջ պայմանավորվում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի կայուն զարգացման ռազմավարության մշակման և իրագործման համատեքստում, որի հիմնական նպատակը երկրի սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունավետ և միասնական քաղաքականություն իրականացնելն է, սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնահարցերի համակարգված լուծում ապահովելը, միջազգային չափանիշներին համապատասխանող սոցիալական պաշտպանության համակարգի ձևավորման համար նախադրյալներ ստեղծելը` ձևավորելով ամբողջ համակարգի կայուն զարգացման հիմքերը:

18. Ներկայումս Հայաստանում իրականացվող սոցիալական վերափոխումների տեղի ունեցող գործընթացները պահանջում են սոցիալական պաշտպանության քաղաքականության գերակայությունների համարժեք ընտրություն և իրացում: Դրանք պետք է որոշվեն` հիմնվելով բնակչության նյութական, մշակութային և հոգևոր պահանջմունքների, տնտեսական ռեսուրսների, ինչպես նաև սոցիալական հիմնախնդիրների տարածվածության, մասշտաբների ու սրության վրա և ելնեն կյանքի կոնկրետ պայմաններից, հասարակության և պետության զարգացման մակարդակներից: Այս համատեքստում պետության հիմնական խնդիրներն են`

1) պաշտպանել և հովանավորել ընտանիքը, մայրությունը և մանկությունը.

2) նպաստել բնակչության զբաղվածությանը և աշխատանքի պայմանների բարելավմանը.

3) իրականացնել հաշմանդամության կանխարգելման և բուժման ծրագրեր, խթանել հաշմանդամների մասնակցությունը հասարակական կյանքին.

4) ապահովել տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակը:

Այդ խնդիրների լուծման համար պետք է մշակվեն հստակ ծրագրեր, որոնք կներառեն նպատակները, խնդիրների լուծման մեխանիզմները, ակնկալվող արդյունքները և իրացման ժամանակացույցերը: Այն տվյալ իրավիճակի պայմաններում սոցիալական տնտեսության և ժողովրդավարական քաղաքական համակարգ կառուցելու ճանապարհին կծառայի որպես կողմնորոշիչ:

 

V. ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ

 

19. Ժողովրդագրական փոփոխությունների բնույթը ցույց է տալիս, որ սոցիալ-տնտեսական իրողությունների պարտադրանքով հայ հասարակությունն իր կողմից գերապատվելի 2-3 երեխայով ընտանիքի մոդելից անցում է կատարել անգամ պարզ վերարտադրության համար ոչ բավարար 1-2 երեխայով ընտանիքի մոդելին:

20. Ծնելիության առումով անբարենպաստ իրադրության ինքնակարգավորման հնարավորությունն իրատեսական չէ: Այն իրատեսական դարձնելու միակ ուղին ակտիվ, նպատակային ու հետևողական պետական միջամտությունն է: Ընդ որում, անմիջաբար ծնելիության աճի խրախուսման նպատակով ձեռնարկվող քայլերն արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, երբ դրանք ուղեկցվեն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման տեմպերի արագացմամբ, հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման միտումների խորացմամբ: Ծնելիության վրա զգալի դրական անդրադարձ կարող է ունենալ հատկապես էմիգրացիոն ալիքի սահմանափակման և ռեէմիգրացիոն ու իմիգրացիոն ալիքների (այդ թվում` հայրենադարձության) ձևավորման համար ներդրվող ջանքերը: Այդ պայմաններում նպատակային ու ակտիվ պետական ժողովրդագրական քաղաքականության մշակումը և հետևողական կենսագործումն ու դրա միջոցով ժողովրդագրական իրադրության հնարավորին չափ օպերատիվ կարգավորումը, ժողովրդագրական մարտահրավերներին համարժեք արձագանքումը, կորցրած բարենպաստ դիրքերի, եթե ոչ լիարժեք, ապա գոնե մասնակի վերականգնումը ձեռք են բերել այլընտրանք չունեցող կենսական անհրաժեշտության բնույթ:

21. Ինչ վերաբերում է ծերացման երևույթով պայմանավորված ներկա հիմնահարցերին, ապա երկրի նյութական հնարավորությունների, աշխատանքի շուկայի իրողությունների բերումով, դրանք առավել քան սրված ու հրատապ են: Խախտված է աշխատաշուկա մուտքի և ելքի հավասարակշռվածությունը, որի բազմագործոն բացասական ազդեցություններին մոտակա տարիներին կգումարվի նաև հանրապետության կենսաթոշակային համակարգի ֆինանսական անկայունության երևույթն իր սոցիալ-տնտեսական և սոցիալ-քաղաքական լրջագույն հետևանքներով:

22. Օբյեկտիվ պայմանների և սուբյեկտիվ գործոնների բերումով ստեղծված ժողովրդագրական մարտահրավերներին դիմակայելու և պետական նպատակային քաղաքականություն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 27 արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը, որով սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական պետական քաղաքականության հիմնական ուղղությունները (2009-2035 թթ.):

23. Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար սահմանվել են հետևյալ առաջնահերթությունները`

1) ծնելիության խթանում՝ երեխաներ ունենալու և մեծացնելու համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով.

2) երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության ամուսնական կառուցվածքի բարելավմանը, ամուսնաընտանեկան արժեքների համակարգի պահպանմանն ու զարգացմանը նպատակաուղղված ծրագրերի իրականացում.

3) կյանքի միջին տևողության ավելացում.

4) վերարտադրողական տարիքի անձանց արտագաղթի ծավալների նվազեցում.

5) ներգաղթի խթանմանն ուղղված համարժեք քաղաքականության մշակում.

6) բնակչության ժողովրդագրական ծերացման ազդեցության հաղթահարում.

7) բնակչության առողջության և հատկապես վերարտադրողական առողջության վիճակի բարելավում.

8) ընդհանուր կրթական մակարդակի, բնակչության գիտելիքների և սեռական ու վերարտադրողական կուլտուրայի բարձրացում.

9) սոցիալական բոլոր խմբերի վերարտադրողական առողջ կյանքի համար հավասար պայմանների ապահովում.

10) սերունդների միջև փոխհամաձայնության և համերաշխության ձևավորում.

11) բնակչության տարածքային տեղաբաշխման անհամաչափության նվազեցում և որոշ շրջանների ու գյուղական բնակավայրերի ապաբնակեցման տեմպերի սահմանափակում.

12) Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների, էթնիկ խմբերի, պատմական, հոգևոր, մշակութային արժեքների և դավանական ինքնության պահպանման համատեքստում հավասար հնարավորություններ և պայմաններ ապահովել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ պետության կողմից իրականացվող համալիր ծրագրերում մասնակցության և ընդգրկման համար.

13) օրենքների և այլ իրավական ակտերի անկախ ժողովրդագրական փորձաքննության կառուցակարգերի ձևավորում և ներդրում.

14) ժողովրդագրական քաղաքականության իրականացման, ժողովրդագրական իրադրության փոփոխման ընթացքի մոնիթորինգի ու վերահսկման մշտապես գործող համակարգի ստեղծում ու գործարկում:

24. Ժողովրդագրական նպատակաուղղված քաղաքականության իրականացմանը զուգահեռ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի ժողովրդագրական փորձաքննություն, որի արդյունքում տրված գնահատականները որոշիչ դերակատարում պետք է ունենան իրավական ակտերի ընդունման համար: Չպետք է ընդունվեն այնպիսի իրավական ակտեր, որոնք բացասական ազդեցություն կարող են ունենալ ժողովրդագրական իրավիճակի վրա: Ժողովրդագրական փորձաքննության իրականացման աշխատանքներում կներգրավվեն օրենսդիր, գործադիր մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ժողովրդագրական փորձաքննության կառուցակարգերի ներդրմամբ համակարգային մոտեցում կցուցաբերվի քաղաքացու, ընտանիքի և հասարակության հավասարակշռված և կայուն զարգացման ապահովման, հիմնավորված ժողովրդագրական քաղաքականության մշակման ու վարման համար:

25. Ռազմավարության նպատակների իրագործման համար անհրաժեշտ են զգալի ֆինանսական, ինստիտուցիոնալ և մարդկային ռեսուրսներ, պետական կառույցների ակտիվ աշխատանք և համագործակցություն տարբեր պետական հիմնարկությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների միությունների և քաղաքացիական հասարակության կառուցվածքների միջև:

 

VI. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

26. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է բնակչության կենսամակարդակի հետևողական բարձրացումը` արժանապատիվ աշխատանք և զբաղվածություն ապահովելու միջոցով: Աշխատաշուկայի զարգացման անհավասարակշռությունը, թեր և թաքնված զբաղվածությունը, աշխատանքի ոչ նորմալ պայմանները, ցածր աշխատավարձը, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի բազմաշերտությունը և նրանց սոցիալական պաշտպանության ցածր մակարդակը համարվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ներքին անհամաչափ սպառնալիքները և համապատասխան միջոցներ չձեռնարկվելու դեպքում այն կարող է վերաճել ազգային անվտանգության ուղղակի սպառնալիքի:

27. Աշխատանքի և զբաղվածության քաղաքականության ռազմավարական նպատակն է ապահովել բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածությունը` հասարակական համաձայնության, սոցիալական գործընկերության, ինչպես նաև քաղաքացիական ինստիտուտի տարբեր մակարդակների սուբյեկտների համագործակցության ճանապարհով, իսկ գործազրկության դեպքում բնակչությանը տրամադրել սոցիալական պաշտպանության կայուն երաշխիքներ:

28. Բնակչության զբաղվածության քաղաքականությունը միտված է զբաղվածության ոլորտում խտրականության բոլոր ձևերի կանխարգելմանը և վերացմանը, սոցիալական խմբերի համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական և անընդհատ խորացմանը, ինքնազբաղվածության և ձեռնարկատիրական գործունեության խրախուսմանը, աշխատուժի արտաքին և ներքին տեղաշարժի կարգավորմանը, ինչպես նաև արժանապատիվ աշխատանքի (աշխատանքի նորմալ և անվնաս պայմաններ, բարձր աշխատավարձ և այլն) համար պայմանների ստեղծմանը և այլն:

29. Զբաղվածության ոլորտի ռազմավարական նպատակի իրագործման մարտավարական խնդիրներից են`

1) նոր աշխատատեղերի ստեղծումը.

2) թափուր աշխատատեղերի համալրումը.

3) աշխատանք փնտրողների, այդ թվում` առաջին անգամ աշխատանք փնտրողների համար գործող մասնագիտական կողմնորոշման, «կարիերայի» կենտրոնների ստեղծումը.

4) աշխատողներին իրենց աշխատանքային իրավունքներին ծանոթացնելը և մասնագիտական հմտությունների կատարելագործումը.

5) աշխատաշուկայի զարգացման միտումներին համընթաց մասնագիտական կրթության իրականացման արդյունավետ ձևերի և մեթոդների ընտրությունը.

6) արդյունավետ զբաղվածության ապահովման նպատակով փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության խթանումը.

7) սոցիալական գործընկերության զարգացման արդյունավետ ձևերի ընտրությունը.

8) զբաղմունքների դասակարգչի և մասնագիտական որակավորման բնութագրերի մշակումը և ներդրման կազմակերպումը.

9) աշխատաշուկայի նպատակային հետազոտությունների կազմակերպում` տարբեր ուղղվածությամբ:

30. Արդյունավետ զբաղվածության ապահովման շրջանակներում կարևոր նշանակություն ունի զբաղմունքների դասակարգչի և մասնագիտական որակավորման բնութագրերի մշակումը (որակավորումների ազգային համակարգի ձևավորման համատեքստում), որի բացակայությունն առաջ է բերում մի շարք խնդիրներ:

31. Որակավորումների ազգային շրջանակի վրա է հիմնվում մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարական պլանավորումը, աշխատաշուկայի պահանջարկի բավարարումը, անհատի` աշխատաշուկա մուտք գործելու և դրանում առաջ գնալու հնարավորությունների կազմակերպումը, աշխատանքի վարձատրության համակարգի ձևավորումը: Որակավորումների ազգային շրջանակի հիմնական նպատակներից է աշխատաշուկայի և մասնագիտական կրթության միջև անմիջական կապի հաստատումը: Որակավորումների ազգային շրջանակի ներդրումը պետք է համապատասխանի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին և պետք է կատարելագործվի` վերջինիս փոփոխությանը համահունչ:

32. Որակավորումների ազգային շրջանակի ներդրումը թույլ կտա որակավորումների համակարգը կողմնորոշել դեպի աշխատաշուկայի պահանջարկ, այլ ոչ թե առաջարկ:

33. Նշված խնդիրների անտեսումը կամ ոչ լիարժեք իրականացումը կարող է հանգեցնել սոցիալական բացասական հետևանքների` ընդհուպ մինչև գործազրկության: Գործազրկությունը համարվում է աղքատության, պետության նկատմամբ անվստահության, հասարակությունից մեկուսացման և այլ սոցիալական անցանկալի երևույթների հիմնական աղբյուրներից մեկը: Հետևաբար, արդյունավետ զբաղվածության ապահովումը և գործազրկության դեպքում բնակչության սոցիալապես պաշտպանված լինելն ուղղակիորեն առնչվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հետ:

34. Զբաղվածության ռազմավարությունը հենված է իրար հետ շաղկապված երկու կարևորագույն հիմնադրույթների կենսագործման վրա: Դրանցից առաջինը վերաբերում է գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության այնպիսի մեխանիզմների ներդրմանը, որը հնարավորություն կտա գործազուրկին պահպանելու մինչև աշխատանքը կորցնելը եղած կենսամակարդակը, իսկ երկրորդը` ներդրված մեխանիզմները չպետք է վերածվեն սոցիալական խնամառության նպաստների, որոնք կխոչընդոտեն աշխատանքի ձգտումը, այլ ընդհակառակը, դրանք պետք է գեներացնեն գործազուրկի զբաղվածության ոլորտ վերադառնալու խթանները:

 

VII. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

35. Սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրների լուծումն անմիջականորեն կախված է երկրի հարկային, մաքսային, ֆինանսավարկային և ներդրումային քաղաքականությունից, մասնագիտական կրթության համակարգի` դեպի աշխատաշուկա ունեցած կողմնորոշման մակարդակից և այլն: Դրանց վրա էական ազդեցություն ունեն նաև աշխատանքի և աշխատանքի վարձատրության ոլորտում իրականացվող քաղաքականությունը:

36. Ազգային անվտանգության տեսանկյունից պետության կողմից վարվող աշխատանքի և աշխատավարձի քաղաքականությունը պետք է իրականացվի հետևյալ ուղղություններով`

1) աշխատողների իրավունքների օրենսդրական պաշտպանվածության ուժեղացում, պետական երաշխիքների կատարելագործում.

2) աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովում.

3) պետական երաշխիքների ապահովումն աշխատանքի վարձատրության բնագավառում.

4) անվանական աշխատավարձի փոփոխման արդյունքում իրական աշխատավարձի բարձրացումը.

5) կենսաապահովման նվազագույն բյուջեի սահմանում.

6) նվազագույն աշխատավարձի չափի սահմանում` հիմք ընդունելով կենսաապահովման նվազագույն բյուջեն.

7) բարձրորակ հանրային ծառայության ձևավորում, զարգացում, հանրային ծառայողների վարձատրության համակարգի կատարելագործում:

37. Աշխատավարձի կազմակերպման եղանակները և չափի խնդիրները ներկա պայմաններում բավականին կարևոր են ինչպես արդյունավետ տնտեսավարման, այնպես էլ սոցիալական զարգացման տեսանկյունից: Վարձատրության միասնական ռազմավարության մշակումը կհանգեցնի վարձատրության միասնական չափանիշների ներդրմանը, կապահովվի ծառայությունների մատուցման որակի բարձրացումը և կհանդիսանա աշխատանքի բարձր արդյունավետություն ապահովող մոտիվացիոն տարր:

38. Աշխատանքի որակի և աշխատավարձերի` մասնավոր հատվածի նկատմամբ մրցունակության աստիճանական բարձրացման նպատակով կներդրվի աշխատանքի կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգ, որը հնարավորություն կտա վերագնահատել պարգևատրման գործող համակարգը, ինչպես նաև կորոշվեն աշխատողների վերապատրաստման կարիքները կամ խրախուսման հնարավորությունները:

 

VIII. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏԱԳԱ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԾԵՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

39. Վերջին (նախաճգնաժամային) տարիներին արձանագրված տնտեսական աճն ուղեկցվել է բնակչության աշխատանքային եկամուտների և բնակչության համախառն եկամուտներում դրա տեսակարար կշռի աննախադեպ աճով:

40. Նույն ժամանակահատվածում արձանագրվել է նաև միջին կենսաթոշակի չափի աճ, սակայն կենսաթոշակային համակարգի փոխհատուցման գործակիցը (միջին կենսաթոշակի հարաբերակցությունը միջին աշխատավարձին) շարունակում է մնալ ցածր:

41. Արդյունքում առկա է էական տարբերություն աշխատող բնակչության և կենսաթոշակառուների կենսամակարդակների միջև, և կենսաթոշակառուները, համաձայն տնային տնտեսությունների և բնակչության խոցելի խմբերի հետազոտությունների արդյունքների, երկրի ամենախոցելի սոցիալական խմբերից են:

42. Հետևաբար, կենսաթոշակային ապահովության համակարգի հիմնական խնդիրը շարունակում է մնալ կենսաթոշակների չափերը` չնայած կենսաթոշակային ծախսերը կազմում են սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի ամենամեծ բաղադրիչը և երկրի սոցիալական պաշտպանության քաղաքականության ամենածանրակշիռ ուղղությունն են:

43. Ընդ որում, ակնհայտ է, որ կենսաթոշակների չափերի շարունակական բարձրացումը երկարաժամկետ հեռանկարում խորացնելու է համակարգի ֆինանսական կայունությունն ապահովելու խնդիրը:

44. Կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության հիմնախնդիրն առանցքային է բնակչության ծերացման միտումներ արձանագրած ցանկացած երկրի համար: Հայաստանի անկախության շրջանում ժողովրդագրական իրավիճակի փոփոխությունների վերլուծությունները վկայում են, որ բնակչության տարիքային կառուցվածքում արձանագրվել են լուրջ տեղաշարժեր: Ընդ որում, 1990 թվականի համեմատ 2008 թվականի տարեսկզբի դրությամբ բնակչության ընդհանուր թվում 1.6 անգամ նվազել է 0-14 տարեկան երեխաների և 2.1 անգամ ավելացել է 65 և բարձր տարեկանների տեսակարար կշիռները: Այս ցուցանիշներից ուղղակիորեն կախված է կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունությունը, քանի որ պակասում է համակարգին վճարումներ կատարողների քանակական ներուժը և մեծանում համակարգից «սնվող» անձանց թիվը:

45. Խնդրո առարկա է նաև այն հանգամանքը, որ համակարգի բեռնվածության գործակիցը (համակարգի շահառուների և համակարգին վճարումներ կատարողների թվաքանակների հարաբերակցությունը) ավելի մեծ է, քանի որ տարիքային կենսաթոշակառուներից բացի համակարգն ընդգրկում է նաև տարիքային կենսաթոշակի տարիքի չհասած անձանց (հաշմանդամներ, կերակրողին կորցրածներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցածներ և այլն):

46. Արդյունքում` կենսաթոշակային բեռը վերաբաշխվում է ավելի քիչ թվով աշխատունակ տարիքի բնակչության վրա, ինչը կանխորոշում է կենսաթոշակային համակարգի բեռնվածության գործակցի վատթարացման միտումը: Վերջինս 2008 թվականի դրությամբ մոտ է եղել 1-ի, այսինքն, մեկ վճարում կատարողին բաժին է ընկել մեկ կենսաթոշակառու:

47. Խնդրո առարկա է նաև կենսաթոշակի չափի և անձի աշխատանքային եկամուտների միջև կապի բացակայությունը:

48. Գործող կենսաթոշակային համակարգը չի երաշխավորում անհատի անձնական եկամտին համարժեք փոխհատուցում: Կենսաթոշակների և անհատական եկամուտների միջև կապի բացակայությունը հակախթան է համակարգին վճարումներ կատարելու առումով:

49. Ընդ որում, գործող համակարգն առավել անհրապույր է բարձր եկամուտներ ունեցողների տեսանկյունից: Միջինից բարձր աշխատավարձ ստացող անձանց կենսաթոշակները չեն գերազանցում իրենց աշխատավարձի 10%-ն այն դեպքում, երբ նվազագույն աշխատավարձ ստացողներին կենսաթոշակային համակարգն ապահովում է 75%-ից բարձր փոխհատուցման գործակից: Գործատուները նույնպես խուսափում են վճարումներ կատարելուց` թաքցնելով աշխատատեղերի իրական թիվը և թերհաշվառելով իրականում վճարված աշխատավարձերի չափը: Արդյունքում, վճարումների շուրջ 70%-ը կատարվում է նվազագույն և միջինից ցածր աշխատավարձերից:

50. Փորձագիտական գնահատականները և կանխատեսումները ցույց են տալիս, որ գործող կենսաթոշակային համակարգն ի վիճակի չէ բարելավել կենսաթոշակային համակարգի փոխհատուցման գործակցի ցուցանիշը` միաժամանակ չխաթարելով համակարգի ֆինանսական հաշվեկշռվածությունը:

51. Անհրաժեշտ են կենսաթոշակային գործող համակարգի արմատական բարեփոխումներ, որոնք պետք է իրականացվեն հետևյալ ուղղություններով`

1) կենսաթոշակների չափերի էական բարձրացում.

2) կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության ապահովում:

52. Կենսաթոշակային բարեփոխումները պետք է իրականացվեն հետևյալ ելակետային սկզբունքների ներքո`

1) հիմնական (սոցիալական, նվազագույն) կենսաթոշակի չափը բարձրացնելու միջոցով նախ` նվազագույնի հասցնել, ապա` իսպառ բացառել աղքատությունը և աղքատության ռիսկը կենսաթոշակառուների շրջանում` հիմնական (սոցիալական, նվազագույն) կենսաթոշակի չափը սահմանելով առնվազն նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի չափով.

2) կենսաթոշակների միջին չափերը բարձրացնելու միջոցով շարունակաբար նվազեցնել աշխատող բնակչության և կենսաթոշակառուների կենսամակարդակների առկա մեծ տարբերությունը` թույլ չտալով վերջինիս հետագա խորացումը, որպես թիրախային ցուցանիշ դիտարկելով առնվազն նվազագույն սպառողական զամբյուղի 150%-ը կազմող միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի չափ ապահովելը.

3) կուտակային համակարգի ներդրման միջոցով կապ ամրագրել անձի աշխատանքային եկամուտների և ապագա կենսաթոշակի չափերի միջև.

4) ներդնել կամավոր կենսաթոշակային ապահովագրության համակարգ:

53. Հաշվի առնելով նշվածը` առաջիկա տարիներին կենսաթոշակային համակարգի ֆինանսավորումը պետք է համարվի ծախսային քաղաքականության հիմնական գերակայություններից մեկը:

54. Սակայն համակարգի ֆինանսավորման ծավալների ավելացումը պետք է համահունչ լինի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման միտումներին` բյուջեի պակասուրդի թույլատրելի չափաքանակների շրջանակներում բացառելով կենսաթոշակային ապահովությանն ուղղված ծախսերի ծավալների բացասական ազդեցությունը երկրի մակրոտնտեսական իրավիճակի վրա:

55. Նշվածների շրջանակներում քայլեր կձեռնարկվեն երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակների համակարգը բարեփոխելու ուղղությամբ` նպատակ ունենալով կենսաթոշակների այդ տեսակը վճարելու ծախսերը գործատուի միջոցներից իրականացնելը, այդ թվում` ապահովագրական սխեմայի շրջանակներում:

56. Զուգահեռաբար միջոցներ կձեռնարկվեն նաև հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակների համակարգը բարեփոխելու ուղղությամբ` նպատակ ունենալով`

1) կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակը վճարել ապահովագրական ընկերությունների միջոցով.

2) վերանայել անձին հաշմանդամ ճանաչելու մոդելը` ՀՀ-ում կիրառվող հաշմանդամության սահմանման մոդելից անցում կատարելով Եվրամիությունում ընդունված` աշխատունակության աստիճանի սահմանման մոդելին, որի համատեքստում` նաև վերանայել հաշմանդամության կենսաթոշակի հաշվարկման կարգը` դրա չափը պայմանավորելով աշխատունակության կորստի աստիճանով:

57. Հանրապետության կենսաթոշակային համակարգի բարեփոխումները չի կարելի դիտարկել ամբողջ սոցիալական պաշտպանության համակարգից անջատ (մասնավորապես, սոցիալական աջակցության այլ ծրագրերից` ընտանեկան նպաստ, բնակչությանը տրամադրվող դրամական օգնություն և այլ սոցիալական ծառայություններ, զբաղվածություն և այլն):

58. Առարկայական է բնակչությանը մատուցվող համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման քաղաքականության որդեգրումը` դրա շրջանակներում ճշգրտելով և ավելի արդյունավետ դարձնելով աշխատանքի (զբաղվածության) և սոցիալական պաշտպանության բնագավառում պետության կողմից իրականացվող ծրագրերը:

 

IX. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԻՆՔՆԱՇԽԱՏ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ

 

59. Կարևորագույն խնդիր է տեղեկատվական հոսքերի կորպորատիվ ցանցի ստեղծումը, որը հնարավորություն կտա տարբեր սուբյեկտների ընդգրկել մեկ տեղեկատվական տարածության մեջ, ներդնել էլեկտրոնային փաստաշրջանառության համակարգեր՝ տեղեկատվության փոխանակման ինքնաշխատ համակարգերի միջոցով ապահովելով գործընթացների արդյունավետ կառավարումը:

60. Կորպորատիվ ցանցի ստեղծումը կենտրոնացված կառավարման/ղեկավարման համակարգերի ներդրման հնարավորություն կտա: Սուբյեկտների համախմբումը մեկ տեղեկատվական միջավայրում թույլ կտա իրականացնել տեղեկատվության օպերատիվ փոխանակում և տվյալների բազաներին հասանելիություն ցանկացած պահի:

61. Սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացումը և, մասնավորապես, ոլորտի կառավարման համակարգի բարեփոխումն անհնար է առանց ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների համակողմանի կիրառման, որի անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։

62. ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի պետական կառավարման մարմինները` իրենց կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներով, հանրապետության ամբողջ աշխարհագրությունն ընդգրկող խոշոր համակարգ է (ավելի քան 200 միավոր): Ոլորտում տարվող քաղաքականության իրականացումն ապահովվում է շուրջ տասը տեղեկատվական համակարգերի շահագործման միջոցով: Այս տեղեկատվական բազաները պարունակում են բավականին մեծ ծավալի տեղեկատվություն, որոնցում սոցիալական ապահովության քարտերի համակարգի կիրառումը ռեալ հնարավորություն է տալիս ներդնելու տեղեկատվության ինքնաշխատ փոխանակության համակարգեր և մեխանիզմներ, որն անհնար է առանց այդ համակարգերի միջև էլեկտրոնային մշտական կապի առկայության:

63. Այսօր տեղեկատվական բազաները գործում են իրարից և կենտրոնական բազաներից անկախ և պարբերաբար թարմացվում են՝ հիմնականում մագնիսական սկավառակներով։ Դրա արդյունքում`

1) կենտրոնական բազաներն ակտուալ տեղեկատվություն չեն պարունակում.

2) խախտվում է տեղեկատվության գաղտնիության սկզբունքը.

3) հնարավոր չէ կիրառել արդիական տեղեկատվական տեխնոլոգիաներ համակարգերի մշակման և ինքնաշխատ գործառույթների ներդրման համար.

4) որոշումների ընդունման համար օգտագործվող տեղեկատվությունը երբեմն չի համապատասխանում տեղերում առկա տեղեկատվությանը.

5) տեղեկատվության փոխանակության համար մեծ միջոցներ և ժամանակ է ծախսվում.

6) բոլոր տարածքային մարմիններում տեղեկատվական բազաները պահելու համար առավել հզոր տեխնիկական միջոցների, սերվերների և համապատասխան մասնագետների (բարձր վարձատրվող) կարիք է առաջանում.

7) տարածքային մարմիններում ստիպված իրականացվում են գործառույթներ, որոնցից կարելի է խուսափել կենտրոնացված կարգով այն իրականացնելու կամ, առավել ևս, դրանք ավտոմատացնելու դեպքում։

64. Տեղեկատվության փոխանակության կորպորատիվ ցանցը հնարավորություն կտա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի, սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների և նրանց ենթակառուցվածքների միջև ապահովելու մշտական էլեկտրոնային կապ, որով պետք է իրականացվի տեղեկատվության փոխանակություն և ապահովվի բոլորի հասանելիություն կենտրոնական բազաներին և ցանկացած տեղեկատվության՝ ըստ իրավասությունների:

65. Տեղեկատվական հոսքերի կորպորատիվ ցանցի ստեղծման արդյունքում կստեղծվեն առավելագույնս ճկուն և արդյունավետ կառավարման համակարգեր՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, կապահովվի որակյալ և վստահելի կապ, տեղեկատվության գաղտնիությունը, կպակասեցվեն այդ գործընթացների իրականացման վրա կատարվող ծախսերը, կտնտեսվի ժամանակ և ճիշտ որոշումներ կընդունվեն, կբարձրացվի բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների մատչելիությունը և որակը, ինչը նշանակում է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:

66. Կորպորատիվ ցանցի ստեղծումը կլուծի նաև սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքացիների իրավունքների իրականացմանն առնչվող մի շարք կարևոր խնդիրներ: Մասնավորապես`

1) սոցիալական ապահովության իրավունքը որոշելիս անհրաժեշտ չի լինի ներկայացնել տարաբնույթ տեղեկանքներ (որոնք ոչ միշտ են համապատասխանում իրականությանը)` քաղաքացու` այս կամ այն սոցիալական խմբին պատկանելու կամ սոցիալական այլ ծրագրերից օգտվելու վերաբերյալ, ինչն իր հերթին քաղաքացիներին կազատի այս կամ այն մարմիններին դիմելուն և տեղեկանք վերցնելուն առնչվող ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից` նվազեցնելով սուբյեկտիվ գործոնը և կոռուպցիոն ռիսկերը.

2) այդ տեղեկատվությունը լիարժեքորեն կօգտագործեն սոցիալական ոլորտի բոլոր մարմինները` իրենց կողմից իրականացվող ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը բարձրացնելու համար.

3) պետական կառավարման մարմինները հնարավորություն կունենան ճշգրիտ և օպերատիվ որոշումներ ընդունել թե կոնկրետ քաղաքացու իրավունքի իրականացումը և թե իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ապահովելու նպատակով:

67. Համակարգը պետք է նախագծել և կառուցել այնպես, որ հստակ զարգացման հնարավորություններ ունենա և, անհրաժեշտության դեպքում, դրանից օգտվելու հնարավորություն ունենան պետական կառավարման այլ մարմիններ։

 

X. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ` ՀԱՄԱԼԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

 

68. Սոցիալական աջակցությունը դիտվում է իբրև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, կյանքի դժվարությունները հաղթահարելու կամ մեղմելու, նրանց հիմնական պահանջմունքները բավարարելու և հասարակության մեջ ներառելու ծառայությունների ամբողջություն, որը ենթակա է կառուցման` երեխաներին աջակցության տրամադրման առաջնահերթության, հասցեականության, համագործակցության, մատչելիության, համարժեքության և շարունակականության, համալիրության, թափանցիկության, մարդու արժանապատվությունը չնվաստացնելու և սոցիալական խնամառության բացառման սկզբունքների ներքո: Սոցիալական աջակցության առավել կիրառելի մեխանիզմներ պետք է դիտվեն վերականգնողական (ներառելով, սակայն չսահմանափակվելով բժշկական, հոգեբանական և այլն), իրավաբանական, խորհրդատվական օգնությունները, բնաիրային և դրամական օգնությունները, խնամքի կազմակերպումը և այլն: Սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի հասարակության անդամներին ըստ կարիքի, դրա գնահատման արդյունքում` բավարար չափով և ձևով:

69. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդը (անհատը, ընտանիքը, սոցիալական խումբը) իր խնդիրների լուծման հարցում պետք է դրսևորի ակտիվություն և նախաձեռնություն, իսկ դրա խթանումը պետք է իրականացվի արդյունավետ գործող «սոցիալական աշխատանքի» ինստիտուտի միջոցով:

70. Անհրաժեշտություն է դարձել սոցիալական աջակցության քաղաքականության գերակայությունների տեղաշարժը` զուտ դրամական և զուտ ոչ դրամական օժանդակությունից դեպի սոցիալական ծառայությունների համալիր (լրակազմով) տրամադրում: Սոցիալական ծառայությունների լրակազմը կմշակվի` ելնելով հաճախորդի պահանջմունքներից` նրա կարիքների գնահատման արդյունքում: Փոփոխության կենթարկվի նաև հաճախորդների կազմը. աղքատության հաղթահարման խնդիրների լուծմանը զուգընթաց, ի հաշիվ աղքատ և ծայրահեղ աղքատ բնակչության թվի կրճատման, կավելանա հատուկ կարիքներ ունեցող անձանց ընդգրկվածության աստիճանը, ինչպես նաև կավելանան այլընտրանքային ծառայությունների տեսականին և դրանք տրամադրող կազմակերպությունները (պետական և ոչ պետական): Ընտանեկան նպաստները, սոցիալական աջակցության ոչ դրամական տեսակները և սոցիալական ծառայությունները կներառվեն տվյալ հաճախորդին պետության կողմից առաջարկվող սոցիալական լրակազմում կամ փաթեթում:

71. Կարևորվում է ընտանեկան նպաստների գործող համակարգի վերափոխումը` ծայրահեղ աղքատության հաղթահարման արդյունավետ գործիքից` որպես ընդհանուր աղքատության կրճատման խնդիրների լուծման և կայուն ընտանիքների ձևավորմանն օժանդակող միջոց:

 

XI. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ԵՎ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ

 

72. Բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների արդյունավետության բարձրացման համար պետք է ստեղծել ՀՀ բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների մոնիթորինգի և արդյունավետության գնահատման համակարգ: Դրա համար նախևառաջ կմշակվեն մոնիթորինգի համակարգի գիտամեթոդական նախադրյալները (համակարգի միասնական հայեցակարգ, տրամադրվող ծառայությունների արդյունավետության գնահատման քանակական և որակական ցուցիչների համակարգ, մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանություն և այլն): Հետազոտության միջոցով կիրականացվի սոցիալական ծառայությունների արդյունավետության գնահատման և վերահսկման ներկա համակարգի իրավական և փաստացի վիճակի բացահայտում, որից հետո կմշակվի մոնիթորինգի համակարգի կառուցվածքագործառութային մոդելը և տրամադրվող սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչները: Սահմանելով մոնիթորինգի համակարգում ներգրավված տարբեր սուբյեկտների վարչական-հիերարխիկ կառուցվածքը, դրանց միջև համագործակցության և շահառուների հետ հետադարձ կապի ապահովման արդյունավետ մեխանիզմները` կապահովվի համակարգի գործնական կիրառումը: Համակարգի ամբողջական ներդրման շրջանակներում իրականացվելիք հետազոտությունները կլինեն շարունակական, որոնց իրացման արդյունքում նախարարությունը կունենա սոցիալական ծառայությունների ամփոփ գնահատական, հետագա քաղաքականություն մշակելիս օգտագործելու համար, որը կբերի սոցիալական ծառայությունների ինչպես որակի, այնպես էլ մատչելիության հետևողական բարձրացման:

 

XII. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

 

73. Սոցիալական գործընկերությունը հասարակության մեջ փոխադարձ կապերի բարելավման և փոխհամաձայնության հիման վրա հասարակական-տնտեսական ինստիտուտների գործունեության ապահովման փորձարկված մեթոդ է:

74. Միջազգային փորձը վկայում է, որ սոցիալական գործընկերությունը նպաստում է ոչ միայն տնտեսության կայունացմանը, այլև սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կատարելագործմանը:

75. Գործատուների և աշխատողների միջև գոյություն ունեցող սոցիալ-աշխատանքային հարաբերությունները հանդիսանում են շուկայական տնտեսության հիմքերից մեկը:

76. Անցումային տնտեսության պայմանները սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում պետության համար նախատեսում են երկակի գործառույթներ: Մի դեպքում, կառավարությունը սոցիալական երկխոսության գործընթացում հանդես է գալիս որպես գործընկեր, իսկ մյուս դեպքում, պետությունը, որպես ինստիտուտ, պետք է մշակի սոցիալական գործընկերության իրավական հիմքերը և նպաստի դրա զարգացմանը: Որպես սոցիալական գործընկեր` պետության հիմնական գործառույթները հետևյալն են`

1) սոցիալական գործընկերության իրավական դաշտի ձևավորում, որը հնարավորություն կտա ձևակերպելու սոցիալական գործընկերության սկզբունքները.

2) մասնակցություն սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման նպատակով ստեղծված եռակողմ հանձնաժողովի աշխատանքներին.

3) սոցիալական երկխոսության մասնակիցների գործունեության համակարգում և կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման վերահսկում.

4) մասնակցություն սոցիալ-աշխատանքային հարաբերությունների ոլորտում ծագած բախումների լուծման և սոցիալական երկխոսության կողմերի հաշտեցման գործընթացին:

77. Հանրապետությունում վերաիմաստավորվում են պետության գործառույթները՝ կազմակերպության, համայնքի, մարզի և ամբողջ հանրապետության մակարդակում` ուղղված սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը:

78. Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների նոր փուլը Հայաստանում պահանջում է բոլոր շահագրգիռ կողմերի գործողությունների համաձայնեցված ծրագրի ընդունում, որի մշակումը պետք է իրականացնել սոցիալական գործընկերության բոլոր մակարդակներում, և այն դարձնել սոցիալական պաշտպանության արդարացի քաղաքականության հիմնաքարը և ՀՀ ազգային անվտանգության ապահովման երաշխիքը:

 

XIII. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ

 

79. Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում պետության կողմից վարվող քաղաքականությունը պետք է ուղղված լինի ազգային օրենսդրության կատարելագործմանը` միջազգային չափանիշներին համապատասխան: Այս առումով, միջազգային մի շարք հիմնարար փաստաթղթերի վավերացմամբ, Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է պարտավորություններ` օրենսդրության, ինչպես նաև պետության կողմից սահմանվող երաշխիքների կատարելագործման հարցերում, մասնավորապես`

1) վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի շրջանակներում`

ա. աշխատանքի արդար, անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների, արդարացի վարձատրման իրավունքի ապահովում,

բ. աշխատողի` աշխատանքից ազատելու դեպքերում պաշտպանվածության իրավունքի ապահովում,

գ. երեխաների և երիտասարդների սոցիալական, իրավական և տնտեսական պաշտպանվածության իրավունքի ապահովում,

դ. աշխատող կանանց մայրության պաշտպանվածության իրավունքի ապահովում,

ե. սոցիալական ապահովության, բժշկական և սոցիալական օգնության իրավունքի ապահովում,

զ. հաշմանդամների անկախության, սոցիալական ինտեգրացման և համայնքի կյանքում մասնակցության ապահովում,

է. միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների պաշտպանվածության ապահովում,

ը. առանց սեռական խտրականության աշխատանքի և մասնագիտական հարցերում հավասար հնարավորությունների ապահովում:

2) Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրից բխող`

ա. կատարելագործել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային համակարգը` «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխան,

բ. նվազագույն կենսաթոշակների աճի ապահովում,

գ. սոցիալական ապահովության համակարգի վարչական կարողությունների բարելավման ապահովում,

դ. եվրոպական սոցիալական ապահովության օրենսգրքին միանալու ուղղությամբ քայլերի ձեռնարկում,

ե. աշխատավայրում աշխատողների անվտանգության և առողջության ապահովման նվազագույն պահանջների սահմանում և դրանց կիրառման ապահովում,

զ. կոլեկտիվ պայմանագրերի անդամակցության ազատության ապահովում:

3) ՄԱԿ-ի աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներով կարգավորվող հարաբերությունների շրջանակներում`

ա. արդյունաբերության ոլորտում ամենշաբաթյա հանգստի ապահովում,

բ. արտադրական պատահարների, մասնագիտական հիվանդությունների դեպքում աշխատողների առողջությանը հասցված վնասի փոխհատուցման ապահովում,

գ. հարկադիր կամ պարտադիր աշխատանքի վերացում,

դ. նվազագույն աշխատավարձի սահմանում, աշխատավարձի պաշտպանության և հավասար վարձատրության ապահովում,

ե. կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու և վարելու իրավունքի ապահովում,

զ. երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի վերացում:

 

XIV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

80. Հայաստանում ներդրվող սոցիալական պաշտպանության համակարգը չի կարող առանձացված լինել երկրում իրականացվող այլ ոլորտային քաղաքականություններից, այն պետք է հաշվի առնի և միաժամանակ պայմանավորի այլ ոլորտային քաղաքականությունները` հիմնված միջազգայնորեն ընդունված, ՀՀ կողմից վավերացված պայմանագրերի դրույթները, դրանք ներպետական օրենսդրության մեջ արտացոլման և հետևողականորեն իրացման վրա:

81. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներից բխող աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ծրագիրն ուղենիշային է սոցիալական պաշտպանության ոլորտի մարտահրավերներն ու գերակայությունները սահմանելու և վերջիններս ներկայացնելու առումով:

82. Սույն ծրագրի դրույթների վերանայման հաճախականությունը պայմանավորված է սոցիալական պաշտպանության ոլորտում ընթացող գործընթացներով, ինչպես նաև բնակչության բարեկեցության և կյանքի որակի բարձրացման հիմնախնդիրներով:

83. Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականությունը, մասնավորապես, «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի կայուն զարգացման ռազմավարությունը» պետք է համահունչ լինի սույն ծրագրի դրույթներին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 15-ի N 452-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Նպատակը

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը/Ժամկետները

Իրականացման ֆինանսական աղբյուրները

1. Սոցիա-լական պաշտպանու-թյան համա-կարգի կատա-րելագործում

1.1. Աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի կայուն զարգացման ռազմավարության իրականացում

սոցիալական պաշտպանության ոլորտի կուռ և գործունակ կառավարման համակարգի ձևավորում, մասնակցային գործընթացի և սոցիալական պաշտպանության բնագավառում գործող կազմակերպությունների ու բնակչության հետ հետադարձ կապի ապահովում, բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարձրացում

 

մշակված ռազմավարություն - 2010 թ.

հաստատված ռազմավարություն - 2011թ.

ռազմավարության իրականացում -– սկսած 2012 թ-ից

ՀՀ պետական բյուջե

Միջազգային դոնոր կազմակերպու-թյուններ

1.2. Սոցիալական պաշտպանության ոլորտի մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ներհանրապետական ցանցի նախագծում և ներդրում

ինտերնետ/ինտրանետ ծառայությունների գնում մասնավոր օպերատորներից - սկսած 2010 թ-ից

ՀՀ պետական բյուջե

Միջազգային դոնոր կազմակերպու-թյուններ

1.3. Սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող տեղեկատվության տրամադրման, քարոզչության և բնակչության իրազեկման համակարգի (տեղեկատվական պորտալի) ստեղծում

տեղեկատվական պորտալի շահագործում և հետագա կատարելագործում - սկսած 2010 թ-ից

ՀՀ պետական բյուջե

Միջազգային դոնոր կազմակերպու-թյուններ

 

1.4. Բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների որակի և արդյունա-վետության գնահատման մոնիթորինգի համակարգի ներդրում

համակարգի նախնական փորձարկում և ինստիտուցիալիզացում (շահագործման նորմատիվ իրավական ակտերի փաթեթի շահագործումը, տեխնիկական սպասարկումը և անվտանգությունն ապահովող որակյալ մասնագետների առկայությունը ) - 2010-2011թթ.

համակարգի շահագործում և հետագա կատարելագործում - սկսած 2012 թ-ից

ՀՀ պետական բյուջե

Միջազգային դոնոր կազմակերպու-թյուններ

2. Բավարար կենսամակար-դակ/ կենսա-պայմաններ ապահովող կայուն կենսա-թոշակային համակարգի առկայություն

 

համակարգի ընդհանուր բարեփոխումների համատեքստում առաջիկա տարիների ընթացքում կենսաթոշակների չափերի բարձրացում այն հաշվարկով, որ դրանք գերազանցեն ընդհանուր աղքատության գիծը` ապահովելով կենսաթոշակառուների կենսամակարդակի էական բարձրացում, կենսաթոշակների չափերի տարբերակում` ելնելով աշխատանքային ստաժի տևողությունից և աշխատավարձերի չափերից, պետության կողմից անհրաժեշտ երաշխիքների տրամադրում իրենց ծերությունը բավարար մակարդակով չապահոված անձանց` հստակ գործող կառուցակարգեր և պայմաններ ստեղծելով այն անձանց համար, ովքեր կարող են սեփական աշխատանքով (ներդրմամբ) ապահովել իրենց արժանապատիվ ծերությունը

 

2.1. Կենսաթոշակային բարեփոխումների իրականացում

համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշմամբ հաստատված կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի և բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցի

ՀՀ պետական բյուջե

Միջազգային դոնոր կազմակերպու-թյուններ

2.2. Կենսաթոշակների չափերի շարունակական բարձրացում

ՆՍԶ-ի չափի նկատմամբ միջին կենսա-թոշակի չափի առաջանցիկ աճի ապահովում - 2010-2011 թթ.

ՆՍԶ-ի 100 %-ը կազմող միջին աշխատանքային կենսաթոշակի չափի ապահովում - 2012 թ.

ՀՀ պետական բյուջե

3. Սոցիալական աջակցության պետական ծրագրերի արդյունավե-տության, որակի և մատչելիու-թյան բարձրացում

3.1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և դրանց թվին պատկանող անձանց սոցիալական պաշտպանություն, մասնավորապես`
ա. բնակելի տարածքով ապահովում,
բ. մասնագիտական կողմնորոշում,
գ. մանկատների բեռնաթափում

սոցիալական նպատակային որակյալ ծառայությունների մատուցում բնակչության առանձին, հատուկ պաշտպանություն պահանջող խմբերին՝ ծնողազուրկ երեխաներին, տարեցներին, հաշմանդամներին և բնակչության անապահով խավերին այն հաշվարկով, որ հիմնականում բավարարվի այդ ծառայությունների պահանջարկը

ՀՀ պետական բյուջե

 

ա. յուրաքանչյուր տարի շուրջ 20 երեխաների (անձանց) բնակարանի տրամադրում` ըստ անհրաժեշտության -2010 թ.,
բ. շուրջ 60 առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասնագիտական կողմնորոշում-– 2010 թ.,
գ. յուրաքանչյուր տարի շուրջ 50 երեխայի տեղավորում (վերադարձ) ընտանիք -2010 թ.

ա. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և դրանց թվին պատկանող անձանց բնակա-րանների տրամա-դրում` ըստ անհրա-ժեշտության - սկսած 2011 թ-ից,
բ. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և դրանց թվին պատկանող անձանց մասնագի-տական կողմնո-րոշում` ըստ անհրա-ժեշտության - սկսած 2011 թ-ից,
գ. մանկատներում` ծնողներ (ծնող) ունեցող երեխաների թվի կրճատում և այդ կատեգորիայի նոր երեխաների` ման-կատուն մուտքի հնարավորինս բացառում - սկսած 2011 թ-ից

 

3.2. Տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրագործում (Աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի կայուն զարգացման ռազմավարության շրջանակներում)

մշակված ռազմավարություն – 2010 թ.

հաստատված ռազմավարություն - 2011 թ.

ռազմավարության իրականացում -սկսած 2012 թ-ից

ՀՀ պետական բյուջե

3.3. 2006 թ. դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված` Հաշմանդամների իրավունքների կոնվենցիայի և Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թթ. ռազմավարության դրույթների իրագործում

հաշմանդամների սոցիալական ներառման մասին օրենքի մշակված նախագիծ -2010 թ.

հաշմանդամների իրավունքների պաշտպանության նոր օրենքի ընդունում և կիրառում, հաշման-դամների` հասարա-կությանն ինտեգրման համար անհրաժեշտ պայմանների ապա-հովում, սոցիալական ենթակառուցվածք-ների հարմարեցում հաշմանդամներին (շենքեր, տրանսպորտ, առողջապահական, ուսումնական, մշակութային և այլ հաստատություններ)- սկսած 2012 թ.

ՀՀ պետական բյուջե

Միջազգային դոնոր կազմակերպություն-ներ

 

3.4. Ընտանեկան նպաստի համակարգի ուղղորդում` կայուն ընտանիքի ձևավորման ապահովմանը

նպաստառու ընտանիքներում երեխա ունեցող ընտանիքների տեսակարար կշռի աճի ապահովում - 2010 թ.

նպաստների համակարգի համապատասխա-նեցում սոցիալական ապահովության եվրոպական օրենսգրքի «Ընտանեկան նպաստ» բաժնի դրույթներին -սկսած 2011 թ-ից

ՀՀ պետական բյուջե

4. Հայաստանի Հանրապետու-թյունում տղամարդկանց և կանանց հավասար իրավունք-ների և հավա-սար հնարավո-րությունների ապահովում

4.1. Գենդերային քաղաքականության զարգացման հայեցակարգի իրագործում

կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման հստակ գործող կառուցակարգերի առկայություն, այս բնագավառում ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային պարտավորությունների կատարում

 

կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների պետական երաշխիքների ապահովմանն ուղղված կառուցակարգերի մշակում, դրանց կիրարկում - 2010-2015 թթ.

կառուցակարգերի հետագա կատարե-լագործում -սկսած 2015 թ-ից

ՀՀ պետական բյուջե

Միջազգային դոնոր կազմակերպու-թյուններ

5. Ժողովրդա-գրական իրավիճակի բարելավում

5.1. Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ամենամյա պետական ծրագրի ընդունում և իրագործում

ծնելիության մակարդակի նվազման միտումի հաղթահարում և աճման միտումի ամրապնդում, հեռանկարում` բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ ծնելիության գումարային գործակիցը 2.2 միավոր մեծության հասցնելու համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծում, մասնավորապես, ապահովելով բնակչության հավասարակշռված և համամասն սեռատարիքային կառուցվածք, երկրի կայուն և տարածքային համաչափ զարգացման համակարգի ձևավորում, ծնելիության մակարդակի աճ, մահացության մակարդակի նվազում, արտագաղթի ծավալների նվազեցում, ներգաղթի խրախուսում

 

հաստատված ծրագիր, Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությամբ ամրագրված միջոցառումների իրականացում - սկսած 2010 թ-ից

ՀՀ պետական բյուջե

Միջազգային դոնոր կազմակերպու-թյուններ

5.2. Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ամենամյա պետական ծրագրի մոնիթորինգի իրականացում

հաստատված կարգ - 2010 թ.

ըստ կարգի - սկսած - 2011 թ-ից

 

6. Արժանա-պատիվ, առողջ և անվտանգ աշխատանքի համար անհրաժեշտ երաշխիք-ների սահմա-նում

6.1. Աշխատանքի որակի և աշխատավարձերի մասնավոր հատվածի նկատմամբ մրցունակության աստիճանական բարձրացման նպատակով աշխատանքի կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգի ներդրում

աշխատանքային օրենսդրության համապատասխանեցում միջազգային ստանդարտներին, ըստ կատարված աշխատանքի վարձատրության համակարգի միասնականացում և կատարելագործում, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովում (համապատասխան նորմատիվների ընդունում և արդյունավետ ներդրման ապահովում),

 

աշխատանքի կատարողականի գնահատման համակարգի կիրառում, պետական ծառայողների և ոչ պետական հատվածում համանման մասնագետների աշխատավարձերի չափերի միջև ընդունելի համամասնության ապահովում - սկսած 2010 թ-ից

ՀՀ պետական բյուջե

Միջազգային դոնոր կազմակերպու-թյուններ

7. Բնակչության լրիվ և արդյու-նավետ զբաղ-վածության ապահովում

 

բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծում, աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի միասնական կարգավորում, աշխատաշուկայի ժամանակին սերնդափոխություն, շարունակական մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ներդրում, քաղաքացիների և գործատուների համար առավել գրավիչ և թափանցիկ զբաղվածության պետական ծառայություններ

 

7.1. Զբաղվածության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակում և իրագործում (Աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի կայուն զարգացման ռազմավարության շրջանակներում)

մշակված ռազմավարություն-2010 թ.

հաստատված ռազմավարություն-2011 թ.

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան