Համարը 
ՀՕ-61-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.06.02/24(758) Հոդ.585
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.04.2010
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.05.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի ապրիլի 29-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 970-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին նախադասության «համալիր թույլտվության պայմանագիրը» բառերը փոխարինել «համալիր թույլտվությունը» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 1100-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«3) աշխարհագրական նշումները, ծագման տեղանունները և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումները:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 1106-րդ հոդվածի 4-րդ կետում՝

 

1) 2-րդ ենթակետի «(բացառիկ լիցենզիա)» բառերը փոխարինել «(եզակի լիցենզիա)» բառերով.

2) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք՝ առանց լիցենզատուի կողմից այն օգտագործելու և այլ անձանց թույլտվություն տալու իրավունքի (բացառիկ լիցենզիա).».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝

«4) oրենքով թույլատրվող լիցենզիայի այլ տեսակներ:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 1171-րդ հոդվածում՝

 

1) 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «1. Ապրանքային և սպասարկման նշանը (այսուհետ՝ ապրանքային նշան) այն նիշն է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայությունները այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար։

2. Ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է՝

1) օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման հիման վրա.

2) օրենքով սահմանված կարգով ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու հիման վրա.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն` միջազգային գրանցման հիման վրա:».

2) 4-րդ կետի «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» բառերը փոխարինել «Ապրանքային նշանների մասին» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 1172-րդ հոդվածում՝

 

 1) 1-ին կետի «սեփականատերը» բառը փոխարինել «իրավատերը» բառով.

 2) 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Գրանցված ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելելու երրորդ անձանց, առանց իր թույլտվության, առևտրային գործունեության ընթացքում օգտագործել ցանկացած նիշ, որը՝

1) նույնական է գրանցված ապրանքային նշանին և օգտագործվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը.

2) նույնական կամ նման է գրանցված ապրանքային նշանին և օգտագործվում է այնպիսի ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին և (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եթե այդ նշանի օգտագործումն սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ գրանցված ապրանքային նշանին զուգորդումը.

3) նույնական կամ նման է ապրանքային նշանին, որը գրանցված է այլ ապրանքների և (կամ) ծառայությունների համար, եթե վերջինս համբավ ունի (ճանաչված է) Հայաստանի Հանրապետությունում, և այդ նշանի օգտագործումն անհիմն առավելությունների կբերի կամ վնաս կհասցնի ապրանքային նշանի տարբերակիչ բնույթին կամ համբավին (ճանաչվածությանը):

3. Ապրանքային նշանի օգտագործում է համարվում՝

1) այդ ապրանքային նշանի զետեղումն ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա, ինչպես նաև դրա օգտագործումը որպես այդ ապրանքների փաթեթավորում՝ եռաչափ ապրանքային նշանի դեպքում.

2) այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքների վաճառքի առաջարկը, դրանց վաճառքը կամ այդ նպատակով պահեստավորումը կամ այդ ապրանքային նշանով ծառայության մատուցումը կամ դրա առաջարկը.

3) այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումը կամ արտահանումը.

4) այդ նիշի կիրառումը փաստաթղթերի վրա կամ գովազդի նպատակով.

5) այդ ապրանքային նշանի օգտագործումն ինտերնետային կամ հեռահաղորդակցության համաշխարհային համակարգչային այլ ցանցերում, մասնավորապես հասցեագրման ցանկացած միջոցներում, այդ թվում՝ դոմեն անվանումներում.

6) սույն կետի 1-4-րդ ենթակետերում նշված նպատակներով ապրանքային նշանի բազմացումը, պահեստավորումը կամ վաճառքը։».

4) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը:

 

Հոդված 6. Օրենսգրքի 1174-րդ հոդվածում «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» բառերը փոխարինել «Ապրանքային նշանների մասին» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 1175-րդ հոդվածում 1-ին կետի «նշանի սեփականատերը» բառերը փոխարինել «ապրանքային նշանի իրավատերը» բառերով։

 

Հոդված 8. Օրենսգրքի 1176-րդ և 1178-րդ հոդվածներում 1-ին կետերի «սեփականատերը» բառը փոխարինել «իրավատերը» բառով։

 

Հոդված 9. Օրենսգրքի 69-րդ գլխի 3-րդ պարագրաֆում՝

 

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«§ 3. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄԸ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆԸ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ».

 

2) բոլոր հոդվածներում «ապրանքի ծագման» բառերը փոխարինել «ծագման» բառով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 1179-րդ հոդվածում՝

 

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ծագման տեղանուն է համարվում տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի աշխարհագրական անվանումը, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, և որի յուրահատուկ որակը կամ այլ բնորոշ հատկանիշները գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են տվյալ աշխարհագրական բնապայմաններով (ներառյալ` բնական և մարդկային գործոնները), և որի արտադրությունը, վերամշակումը և պատրաստումը տեղի են ունենում տվյալ աշխարհագրական վայրում:».

2) 3-րդ կետի «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» բառերը փոխարինել «Աշխարհագրական նշումների մասին» բառերով:

 

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1179.1-րդ և 1179.2-րդ հոդվածներով՝

 

«Հոդված 1179.1.  Աշխարհագրական նշման իրավական պահպանությունը

 

1. Աշխարհագրական նշում է համարվում տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանումը, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որը արտադրվել և (կամ) վերամշակվել և (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում:

2. Աշխարհագրական նշմանն իրավական պահպանություն տրամադրվում է դրա գրանցման հիման վրա:

Գրանցման հիման վրա տրվում է աշխարհագրական անվանման օգտագործման վկայագիր:

3. Աշխարհագրական նշման գրանցման, օգտագործման վկայագիր տալու, գրանցումն ու վկայագրերն անվավեր ճանաչելու և դրանց գործողությունը դադարեցնելու կարգն ու պայմանները որոշվում են «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Աշխարհագրական նշումների իրավական պահպանության հետ կապված և սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։

 

Հոդված 1179.2.  Երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանությունը

 

1. Երաշխավորված ավանդական արտադրանք է համարվում գյուղատնտեսական արտադրանքը կամ սննդամթերքը, որի յուրահատկությունները ճանաչված են, և որը գրանցված է օրենքով սահմանված կարգով:

2. Երաշխավորված ավանդական արտադրանքին իրավական պահպանություն տրամադրվում է դրա գրանցման հիման վրա:

3. Երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման, օգտագործման իրավունքի ծագման, դրանց գործողությունը դադարեցնելու կարգն ու պայմանները որոշվում են «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության հետ կապված և սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։»։

 

Հոդված 12. Օրենսգրքի 1180-1182-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 1180.  Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունքը

 

1. Գրանցված աշխարհագրական նշումը և ծագման տեղանունը կարող են օգտագործել այն անձինք, որոնք «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստացել են դրանց օգտագործման թույլտվություն:

2. Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը կարող է օգտագործել ցանկացած անձ, եթե դա չի հակասում «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:

3. Աշխարհագրական նշման ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման oգտագործման իրավունք ունեցող անձը կարող է այդ նշումը կամ անվանումը զետեղել համապատասխան ապրանքի, դրա փաթեթավորման, գովազդի, ազդագրերի ու հաշիվների վրա կամ դա այլ կերպ oգտագործել` տվյալ ապրանքը քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելու կապակցությամբ:

 

Հոդված 1181.  Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության ոլորտը

 

1. Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության ծագմամբ աշխարհագրական նշմանը և ծագման տեղանվանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող երաշխավորված ավանդական արտադրանքին:

2. Այլ պետության ծագմամբ աշխարհագրական նշմանը և ծագման տեղանվանը, ինչպես նաև այլ պետությունում արտադրվող երաշխավորված ավանդական արտադրանքին Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն է տրամադրվում oրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

 

Հոդված 1182.  Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը

 

1. Գրանցված աշխարհագրական նշման և ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրերի գործողության ժամկետները սահմանվում են «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Գրանցված երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունքը գործում է անժամկետ՝ մինչև գրանցման գործողության դադարեցումը:»։

 

Հոդված 13. Օրենսգրքի 1182.1-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 14. Օրենսգրքի 1183-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 1183.  Պատասխանատվությունն աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման ապօրինի օգտագործման համար

 

Աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումն օգտագործելու իրավունք ունեցող անձը, ինչպես նաև ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ կարող են այդ աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումն ապօրինի օգտագործող անձից պահանջել դադարեցնել դրա կամ դրան շփոթելու աստիճան նման նշման կամ անվանման օգտագործումը, վերացնել դրանք ապրանքի, դրա փաթեթավորման վրայից, գովազդի, ազդագրերի, հաշիվների և ուղեկցող այլ փաստաթղթերից, իսկ եթե դա անհնար է՝ պահանջել օրենսդրությամբ սահմանված կարգով առգրավել և ոչնչացնել փաթեթեթավորումը կամ ապրանքը:»:

 

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. մայիսի 22
Երևան
ՀՕ-61-Ն