Համարը 
N 276-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.03.24/16(471) Հոդ.366
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.03.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.03.2006
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
15.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.04.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մարտի 2006 թվականի N 276-Ն

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 3-ի N 684 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 254-Ն որոշման 1-ին կետը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ երկամսյա ժամկետում հաստատել բժշկական կազմակերպության կողմից անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման կարգը և տրվող ուղեգրի ձևը։

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` երկամսյա ժամկետում հաստատել հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի ձևը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 11
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 2-ի N 276-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան, կարգավորվում են բժշկասոցիալական փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ՝ գործակալություն) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը և տարածքային մարմինները` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները (այսուհետ` հանձնաժողով):

(2-րդ կետը փոփ. 06.12.12 N 1633-Ն)

3. Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանի որոշման, անձին հաշմանդամ ճանաչելու` «հաշմանդամ երեխա» կարգավիճակ և հաշմանդամության խումբ սահմանելու, հաշմանդամ չճանաչելու, հաշմանդամության ժամկետ, պատճառական կապ, մահվան պատճառական կապ, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու, հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիր մշակելու և հաստատելու, ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու մասին որոշում ընդունելու նպատակով:

(3-րդ կետը փոփ. 06.12.12 N 1633-Ն)

4. Անձին հաշմանդամ ճանաչելու և մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու համար հիմք են հանդիսանում հիվանդությունների, վնասվածքների կամ արատների հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով պայմանավորված կենսագործունեության այնպիսի սահմանափակումները, որոնք առաջացրել են սոցիալական անբավարարություն և սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն:

5. Անձին հաշմանդամ ճանաչելը, հաշմանդամության առաջացման պատճառական կապ և մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննությամբ` ելնելով ախտաբանական վիճակով պայմանավորված (հիվանդություն, վնասվածք կամ խեղում) օրգանիզմի ֆունկցիաների խանգարումից առաջացած կենսագործունեության սահմանափակման աստիճանից և սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունից: Փորձաքննությամբ սահմանվում է մահվան պատճառական կապի առկայությունն արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ, եթե դրանց հետևանքով առաջացած ախտաբանական պրոցեսները մահվան հետ ունեն անմիջական կապ կամ հետևանք: Հաշմանդամության պատճառական կապ սահմանվում է հաշմանդամություն առաջացնող ախտաբանական վիճակի և այդ ախտաբանական վիճակի պատճառի (անմիջական կապ կամ հետևանք) վերաբերյալ փաստաթղթերում եղած տվյալների հիման վրա:

5.1. Առաջին անգամ փորձաքննվող անձանց բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ հանձնաժողովի նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կամ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված մասնագետների ցանկում ներառված անձինք, այդ թվում` պոլիկլինիկաների տնօրենների փորձաքննության գծով տեղակալներ, Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների առողջապահության ոլորտի գլխավոր մասնագետներ (այսուհետ` մասնագետ):

Հայաստանի Հանրապետության մարզպետարանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատած մասնագետների ցանկից պատահական ընտրության միջոցով ապահովում է մասնագետի մասնակցությունը հանձնաժողովի նիստին:

Մասնագետի առաջարկությամբ` հանձնաժողովը նիստին մասնակցելու համար կարող է հրավիրել նաև անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրող բժշկին:

Հանձնաժողովների նիստերին մասնագետների մասնակցության կարգը հաստատում են Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները:

(5.1-ին կետը լրաց. 06.12.12 N 1633-Ն)

5.2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում են`

1) բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննությունների ժամանակացույցը.

2) հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ցանկը:

(5.2-րդ կետը լրաց. 06.12.12 N 1633-Ն)

5.3. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձաքննվող անձի համաձայնության կամ ցանկության դեպքում, կարող են դիտորդի կարգավիճակով մասնակցել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին:

Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

(5.3-րդ կետը լրաց. 06.12.12 N 1633-Ն)

6. Հաշմանդամ ճանաչված 18 տարին լրացած անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ կամ 3-րդ), իսկ մինչև 18 տարեկան երեխաներին՝ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ: Օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ վերականգնման ոչ ենթակա կենսագործունեության սահմանափակում ունեցող անձանց հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ:

7. Անձը կամ նրա լիազորած անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը (այսուհետ` ներկայացուցիչ), ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը, կարող են բժշկասոցիալական փորձաքննության աշխատանքներում որպես խորհրդատու ներգրավել համապատասխան մասնագետի:

8. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը պարտավոր է անձին կամ նրա ներկայացուցչին նրանց պահանջով ծանոթացնել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգին:


II. ԱՆՁԻՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԵԼԸ

 

9. Հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո (բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած` վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկի) անձին ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության: Բժշկական կազմակերպության ուղեգրում նշվում են քննվող անձի ախտորոշումը, կիրառված բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքները` մանրամասն ներկայացնելով բոլոր օրգան-համակարգերի մասին տվյալները, նշելով ֆունկցիայի խանգարման տեսակը և աստիճանը:

(9-րդ կետը խմբ. 06.12.12 N 1633-Ն)

9.1. Բժշկական կազմակերպության ուղեգիրը և դրան կից բժշկական փաստաթղթերը լրացվում են հայերենով և պետք է ունենան առնվազն հետևյալ վավերապայմանները`

1) փաստաթուղթը տալու օրը, ամիսը, տարեթիվը, հերթական համարը.

2) անձի անունը, հայրանունը, ազգանունը.

3) բժշկական կազմակերպության լրիվ անվանումը.

4) անձի բուժման ժամանակահատվածի սկիզբը և վերջը.

5) առողջական վիճակի խաթարումը նկարագրող տեղեկատվություն.

6) փաստաթուղթը տրամադրելու հիմքերը.

7) փաստաթուղթն ստորագրած պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, բժշկական կազմակերպության դրոշմակնիքը:

(9.1-ին կետը լրաց. 06.12.12 N 1633-Ն)


III. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ

(վերնագիրը խմբ. 06.12.12 N 1633-Ն)

 

10. Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում է փորձաքննվողի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն սպասարկող հանձնաժողովը: Տվյալ հանձնաժողովի կողմից փորձաքննություն իրականացնելու անհնարինության դեպքում (հանձնաժողովի անդամների արձակուրդում գտնվելը, ժամանակավոր անաշխատունակ լինելը, հանձնաժողովի կազմի դեմ բացարկ հայտնելը և նմանատիպ այլ իրավիճակներ)` գործակալության պետի հանձնարարությամբ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է այլ հանձնաժողովի կողմից: Անձի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է հանձնաժողովի նախագահին ներկայացված` անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա` ներկայացնելով անձի անձնագիրը: Եթե դիմումատուն ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաև իր անձնագիրը: Մինչև 16 տարեկան երեխաների համար ներկայացվում է ծննդյան վկայականը, ծնողներից մեկի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագիրը, իսկ 16-18 տարեկան երեխաները դիմումը գրում են անձամբ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` նաև սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով տրված ուղեգիրը: Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:

(10-րդ կետը լրաց. 06.12.12 N 1633-Ն)

11. Եթե անձը, ելնելով առողջական վիճակից, չի կարող ներկայանալ փորձաքննության անցկացման վայր և դրա մասին նշել է դիմումում, ապա հանձնաժողովը բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում (բնակության վայր կամ հիվանդանոց): Եթե հաշմանդամը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը, հաշմանդամի կամ նրա ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է հեռակա` բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի և այն բժշկական կազմակերպության տված փաստաթղթերի հիման վրա, որտեղ հաշմանդամը գտնվում է բուժման մեջ:

12. Հանձնաժողովի նախագահը, ուսումնասիրելով ներկայացված դիմումն ու համապատասխան փաստաթղթերը և հավաստիանալով փաստաթղթերի լիարժեքության մեջ, հարուցում է վարչական վարույթ` անձին կամ նրա ներկայացուցչին պատշաճ ձևով ծանուցելով փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին: Հանձնաժողովի նախագահը նշանակված փորձաքննության օրը ներկայացված փաստաթղթերը ներկայացնում է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովը զննում է անձին (բացառությամբ հեռակա փորձաքննության դեպքերի), ձևակերպում փորձաքննական ախտորոշումը, գնահատում նրա կենսագործունեության սահմանափակման աստիճանը, քննարկում ստացված արդյունքները և դրանց հիման վրա ընդունում որոշում:

13. Հանձնաժողովի նախագահը (ստորաբաժանման ղեկավարը) փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է փորձաքննական որոշումն անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու կամ ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու կամ անձի միայն մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով) սահմանելու վերաբերյալ:

Անձին հաշմանդամ ճանաչելու դեպքում հանձնաժողովի կողմից եռօրյա ժամկետում կազմվում է անձի վերականգնողական անհատական ծրագիր, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը: Վերականգնողական անհատական ծրագիրն անձի բժշկասոցիալական փորձաքննական որոշման հետ միասին` օրենքով սահմանված կարգով հանձնվում է նրան կամ նրա ներկայացուցչին: Փորձաքննվող անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր պահանջի դեպքում տրվում է նաև վարչական ակտի պատճենը:

Անձի վերականգնողական անհատական ծրագիրը եռօրյա ժամկետում ուղարկվում է նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի սահմանած` համալիր (ինտեգրված) սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:

Անձին հաշմանդամ չճանաչելու կամ միայն մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելու դեպքում անձի վերաբերյալ կայացված վարչական ակտը (բժշկասոցիալական փորձաքննական որոշումը) եռօրյա ժամկետում հանձնվում է փորձաքննվող անձին կամ նրա ներկայացուցչին:

Անձի ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո հանձնաժողովի նախագահը ժամանակավոր անաշխատունակության թերթիկում կատարում է գրառում` նշելով դիմումի մուտքագրման ամսաթիվը:

Բժշկասոցիալական փորձաքննական որոշման մասին հանձնաժողովը ծանուցում է ուղարկում անձին սպասարկող բժշկական կազմակերպություն:

Հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրի, կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմիններ ուղարկվող բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի, անձին տրվող բժշկասոցիալական փորձաքննական որոշման, նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում և սպասարկող բժշկական կազմակերպություն ուղարկվող բժշկասոցիալական փորձաքննական որոշման մասին ծանուցման ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

(13-րդ կետը խմբ. 06.12.12 N 1633-Ն)

14. Փորձաքննական որոշման քաղվածքը կամ ծանուցումը մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում է անձի հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ փաստացի բնակության վայրն սպասարկող կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմին:

(14-րդ կետը լրաց. 06.12.12 N 1633-Ն)

15. Հաշմանդամության սահմանման սկիզբ է համարվում հանձնաժողովում անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի մուտքագրման օրը: Փորձաքննական որոշումն ուժի մեջ է մտնում բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի կողմից որոշումն ստանալու հաջորդ օրվանից:

Անձը համարվում է հաշմանդամ մինչև բժշկասոցիալական փորձաքննական որոշման մեջ նշված ժամկետին հաջորդող ամսվա 1-ը:

16. Հանձնաժողովները մասնագիտական հարցերում կողմնորոշվելիս դժվարանալու դեպքում համապատասխան վարչական վարույթի վերաբերյալ գործը գրավոր հիմնավորմամբ 5 աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննական խորհրդատվության նպատակով ներկայացնում են գործակալություն: Գործակալության վերափորձաքննության բաժնի կողմից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է համապատասխան փորձաքննական խորհրդատվություն, որից հետո վարչական վարույթի վերաբերյալ գործը խորհրդատվական թերթիկի հետ միասին վերադարձվում է հանձնաժողով:

(16-րդ կետը խմբ. 06.12.12 N 1633-Ն)

17. Հանձնաժողովը բժշկասոցիալական փորձաքննական որոշումն ընդունում է բոլոր անդամների համաձայնությամբ: Եթե հանձնաժողովի նախագահը կամ անդամներից որևէ մեկը համաձայն չէ փորձաքննական որոշման հետ, ապա գրավոր ձևակերպում է իր անհամաձայնությունը` նշելով հիմքերը, որը կցվում է վարչական վարույթի վերաբերյալ գործին, և այն եռօրյա ժամկետում ներկայացվում է գործակալության պետին: Գործակալության պետը հանձնաժողովից ստացված վարչական վարույթի գործի քննությունը հանձնարարում է վերափորձաքննության բաժնին, որը տվյալ վարչական գործով իրականացնում է փորձաքննություն` սույն կարգի 10-13-րդ կետերով սահմանված կարգով, և ընդունում է որոշում:(նախադասությունը հանվել է 06.12.12 N 1633-Ն)

(17-րդ կետը խմբ., փոփ. 06.12.12 N 1633-Ն)

18. Ախտորոշման ճշտման, հետազոտման հատուկ մեթոդների կիրառում պահանջող դեպքերում, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար հանձնաժողովը կազմում է լրացուցիչ հետազոտման ծրագիր, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը և դրա մասին տեղեկացնում անձին կամ նրա ներկայացուցչին: Այդ դեպքում հանձնաժողովի նախագահի կողմից անձին տրվում է ուղեգիր, որում նշվում է բժշկական կազմակերպության անվանումը և կցվում է հետազոտման ծրագիրը: Լրացուցիչ հետազոտման ծրագրով նախատեսված տվյալներն անձի կողմից ներկայացվելուց հետո, ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովն ընդունում է փորձաքննական որոշում: Սույն կետով նշված դրույթը տարածվում է նաև գործակալության վերափորձաքննության բաժնի վրա:

(18-րդ կետը փոփ. 06.12.12 N 1633-Ն)

19. Սույն կարգի 18-րդ կետով նշված դեպքերում հանձնաժողովը կամ վերափորձաքննության բաժնի, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, վարույթը կասեցնում է:

(19-րդ կետը փոփ. 06.12.12 N 1633-Ն)

20. Հաշմանդամության առաջացման պատճառները սահմանվում են օրենքով:

21. Երբ բժշկական կամ ռազմաբժշկական փաստաթղթերում առկա չեն պատճառական կապը հաստատող փաստեր կամ բացակայում են հաշմանդամության առաջացման պատճառի մասին տվյալներ, հաշմանդամության առաջացման պատճառը սահմանվում է ընդհանուր հիվանդությամբ:

22. Երբ հաշմանդամության պատճառները մեկից ավելի են, ապա որոշման մեջ հաշմանդամության պատճառական կապը նշվում է անձի ընտրությամբ: Հաշմանդամության նոր պատճառի վերաբերյալ դիմումի և համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում` պատճառական կապը փոփոխվում է բժշկասոցիալական վերափորձաքննությամբ: Եթե վերափորձաքննության ժամանակ այլ հիմքով որոշվում է ավելի ծանր հաշմանդամության խումբ, ապա նախկին պատճառական կապը կարող է պահպանվել, եթե փորձաքննության պահին առկա է տվյալ պատճառական կապով որևիցե աստիճանի կենսագործունեության սահմանափակում:

23. Անձի բժշկասոցիալական փորձաքննական վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարումը և հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից սահմանված կարգով:

24. (կետն ուժը կորցրել է 06.12.12 N 1633-Ն)

25. Փորձաքննական որոշումն ընդունվում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին դիմումը (բողոքը) մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:


IV. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՄԱՆ, ԿԱՐՃՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

26. Վարչական վարույթը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշմամբ կարող է կասեցվել մինչև 60 օր ժամկետով, եթե`

ա) փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին պատշաճ ձևով իրազեկված անձը չի ներկայացել փորձաքննության, և բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին չի ներկայացվել հեռակա, տնային կամ հիվանդանոցային փորձաքննություն իրականացնելու հիմքեր.

բ) սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքերում:

Այդ ժամկետում կասեցման հիմքերի վերանալու դեպքում վարույթը վերսկսվում է:

27. Վարչական վարույթը կարճվում է, եթե`

ա) դիմողը գրավոր ձևով հրաժարվում է դիմումից.

բ) գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած փորձաքննական որոշում կամ դատական ակտ.

գ) դատարանի վարույթում է գտնվում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի և միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ, միևնույն հիմքերով գործ.

դ) լրացել է վարույթի կասեցման օրենքով սահմանված 60-օրյա ժամկետը, և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը:

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը վարչական վարույթի ժամկետը կասեցնելու կամ կարճելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում այդ որոշումը պատշաճ ձևով ուղարկում է բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձին կամ նրա ներկայացուցչին: Վարչական վարույթը կարճելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

(27-րդ կետը փոփ. 06.12.12 N 1633-Ն)

28. Հանձնաժողովի կամ գործակալության կառուցվածքային ստորաբաժանման մասնագետի ինքնաբացարկ և բացարկ հայտնելու հիմքերը և կարգը սահմանվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:


V. ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

29. Հաշմանդամ ճանաչված անձը կրկին անգամ բժշկասոցիալական փորձաքննության (այսուհետ` վերափորձաքննություն) է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Վերափորձաքննություն կարող է իրականացվել նաև դատարանի որոշման կամ վճռի հիման վրա: Վերափորձաքննությունն իրականացվում է սույն կարգի 10-13-րդ կետերին համապատասխան:

(29-րդ կետը լրաց. 06.12.12 N 1633-Ն)


VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

 

30. Հանձնաժողովի ընդունած որոշումները վերադասության կարգով կարող են վերանայվել`

1) գործակալության պետի հանձնարարությամբ` վերափորձաքննության բաժնի կողմից.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից:

Հանձնաժողովների աշխատանքների մոնիթորինգը և հսկողական փորձաքննություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած կարգով:

(30-րդ կետը խմբ. 06.12.12 N 1633-Ն)


VII. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼԸ
(վերնագիրը խմբ. 06.12.12 N 1633-Ն)

 

31. Անձը կարող է հանձնաժողովի ընդունած փորձաքննական որոշումը վեցամսյա ժամկետում բողոքարկել գործակալության պետին, որի հանձնարարությամբ անձը վերափորձաքննվում է վերափորձաքննության բաժնի կողմից: Վերափորձաքննության արդյունքում համապատասխան ստորաբաժանումն ընդունում է որոշում:

32. Գործակալության վերափորձաքննության բաժնի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում անձը մեկամսյա ժամկետում կարող է այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանումն ուսումնասիրում է փորձաքննված անձի բողոքը` ներառյալ բժշկասոցիալական փորձաքննական գործն ու դրան կից ներկայացված փաստաթղթերը, և տալիս է հետևյալ եզրակացություններից մեկը`

ա) ուժի մեջ թողնել հանձնաժողովի կամ վերափորձաքննության բաժնի որոշումը` հիմնավորմամբ, որ այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գործող հաշմանդամության սահմանման չափորոշիչներին.

բ) հանձնարարել հանձնաժողովին կամ վերափորձաքննության բաժնին կրկին քննել գործը և ընդունել որոշում:

Սույն կետի «բ» ենթակետում նշված եզրակացությունը տալու դեպքում անձը վերափորձաքննվում է տարածքային հանձնաժողովի կողմից` վերափորձաքննության բաժնի մասնագետի կամ մասնագետների մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից ներկայացված հիմնավորումների և առարկությունների շրջանակներում:

33. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանման առարկությունների շրջանակներում` հանձնաժողովի կողմից վերափորձաքննության արդյունքում ընդունված նոր որոշման հետ համաձայն չլինելու դեպքում անձը կարող է որոշումն օրենքով սահմանված ժամկետում բողոքարկել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին: Անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով կարող է ձևավորվել մասնագետների խումբ, որը գործի ուսումնասիրության արդյունքում տալիս է փորձագիտական եզրակացություն:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, հիմք ընդունելով մասնագետների խմբի փորձագիտական եզրակացությունը, արձակում է հրաման:

(գլուխը խմբ. 06.12.12 N 1633-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 06.12.12 N 1633-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան