Համարը 
ՀՕ-118
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 1997.06.21/14
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
14.05.1997
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.06.1997
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.1997
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Օրենքի 15-րդ հոդվածի 31, 32, 33-րդ կետերը 27.04.10 ՀՕ-57-Ն լրացմամբ ուժի մեջ կմտնեն 01.01.2014թ. կապը` համապատասխան կետերից:

ՍԽ.` ՏԵ´Ս ՀՈԴՎԱԾ 15

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
14 մայիսի 1997 թ.

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Բ Ա Ժ Ի Ն  I

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

Հոդված 1. Ավելացված արժեքի հարկը (այսուհետ` ԱԱՀ) անուղղակի հարկ է, որը սույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե` ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում:

 

Հոդված 2. Սույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարում են ԱԱՀ վճարող համարվող և (կամ) ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող անձինք:

(2-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-177, 26.12.00 ՀՕ-126, լրաց. 21.08.08 ՀՕ-146-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 3. ԱԱՀ վճարող է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող գրանցված կամ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող իրավաբանական անձը, օտարերկրյա կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղը կամ անհատ ձեռնարկատերը`

1) տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը, եթե անձը տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ օրենքի համաձայն չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առևտրային կազմակերպությունների և գյուղատնտեսական արտադրանք արտադրողների, որոնք ԱԱՀ վճարող են համարվում սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքում և կարգով.

2) օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը ԱԱՀ-ի շեմը գերազանցելու պահից մինչև օրացուցային տարվա ավարտը: Օրացուցային տարվա ընթացքում ԱԱՀ-ի շեմը գերազանցվելու դեպքում ԱԱՀ վճարվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցող գումարից.

3) օրացուցային տարվա այն պահից մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը, որ պահից անձը օրենքի համաձայն տվյալ օրացուցային տարում դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող.

4) ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունում նշված օրվանից մինչև հայտարարությունում նշած տարվա ավարտը, բայց ոչ շուտ, քան հայտարարությունը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրացուցային օրվանից, եթե անձը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող, սակայն իր հաշվառման վայրի հարկային մարմնին վերադաս հարկային մարմնի սահմանած ձևով գրավոր հայտարարություն է ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ:

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ շրջանառության հարկ վճարող համարվելու համար ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման իրացման շրջանառության չափը սույն օրենքի կիրառման առումով համարվում է ԱԱՀ-ի շեմ:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ ԱԱՀ-ի շեմը կիրառվում է սույն օրենքի 3.1 հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում և 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված դեպքերում: Սույն պարբերությունում նշված գործարքների մասով ԱԱՀ-ի պարտավորության մեծությունը որոշվում է`

ա. գույքի մատակարարման կամ ծառայության մատուցման գործարքի ընդհանուր հարկվող շրջանառությունից, եթե անձի իրականացրած ապրանքի մատակարարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների ընդհանուր շրջանառությունը նախորդ տարում գերազանցել է ԱԱՀ-ի շեմը,

բ. գույքի մատակարարման կամ ծառայության մատուցման գործարքի ընդհանուր հարկվող շրջանառության և ընթացիկ տարվա սկզբից իրականացրած բոլոր գործարքների ընդհանուր հարկվող շրջանառության հանրագումարի ԱԱՀ-ի շեմը գերազանցող գումարից, եթե անձի իրականացրած՝ ապրանքի մատակարարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների ընդհանուր շրջանառությունը նախորդ տարում չի գերազանցել ԱԱՀ-ի շեմը: 

(3-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177, փոփ., խմբ. 28.12.98 ՀՕ-276, խմբ. 26.12.00 ՀՕ-126, 14.12.01 ՀՕ-288, 11.12.02 ՀՕ-478-Ն, 27.11.06 ՀՕ-189-Ն, փոփ. 21.08.08 ՀՕ-146-Ն, լրաց., փոփ. 26.12.08 ՀՕ-246-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-192-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-208-Ն, լրաց. 15.04.11 ՀՕ-126-Ն, փոփ. 06.12.11 ՀՕ-334-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 3.1. Սույն օրենքով այլ բան սահմանված չլինելու դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) իրականացնելու դեպքում ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրում են`

1) ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք չունեցող իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունները, այդ թվում՝ հիմնարկները, օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցչությունները.

2) սույն օրենքով սահմանված դեպքերում` տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինները, այդ մարմինների ստեղծած հիմնարկները.

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե`

ա. նրանց իրականացրած գործարքները, սույն օրենքի համաձայն, համարվում են ապրանքի մատակարարում,

բ. մատուցել են այնպիսի ծառայություններ կամ մատակարարել են այնպիսի ապրանքներ, որոնց իրականացումն օրենքի համաձայն չի դիտվում որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն,

գ. նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների քանակը կամ արժեքը գերազանցում է օրենքով սահմանված չափերը:

Օրենքով սահմանված դեպքերում և կարգով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կարող է դրվել այլ անձանց վրա կամ սահմանվել համապարտ պարտավորություն՝ այլ անձի կամ անձանց խմբի կողմից իրականացված գործարքից առաջացած ավելացված արժեքի հարկի պարտավորության կատարման մասով:

 (3.1-ին հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 4.

(4-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-478-Ն)

 

 Բ Ա Ժ Ի Ն  II

 

ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 5. ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ԱԱՀ վճարողների կողմից իրականացվող սույն օրենքի 6 հոդվածով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքը (շրջանառությունը), եթե օրենքով այլ բան չի նախատեսված:

 

Հոդված 6. ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում`

1) ապրանքների մատակարարումը՝ գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով:

Ապրանքի մատակարարում չի համարվում ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողական նպատակներով օգտագործման ենթակա)` անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման գույքի (այդ թվում` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց), գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, անձնական օգտագործման ավտոմեքենայի) և ֆիզիկական անձանց կողմից գույքային իրավունքների օտարման տնտեսական գործունեություն համարվող գործարքը, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքերում`

ա. ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը,

բ. մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի` որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում,

գ. իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ֆիզիկական անձի կողմից շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց)) ներդրումը, եթե այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասը մինչև ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալը օտարվել է այլ անձի,

դ. օրենքով սահմանված կարգով որպես բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող և (կամ) սեփականատեր հանդիսացող անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարումը (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների), բացառությամբ՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների ընդհանուր մակերեսի մինչև տասը տոկոսի, սակայն ոչ ավելի, քան 500 քառակուսի մետր մակերեսի, իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում՝ մինչև 4 անհատական բնակելի տների օտարումը:

Անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց համար սույն կետում նշված` ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի պարզեցված հաշվարկների ներկայացման և գումարների վճարման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սույն կետը կիրառվում է նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ, եթե սույն կետում նշված գույքը չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության առարկա:

Անկախ սույն կետի դրույթներից` ֆիզիկական անձանց պատկանող` ժառանգության զանգվածում ներառվող գույքի` ժառանգին օտարումը ապրանքի մատակարարում չի համարվում.

2) ծառայությունների մատուցումը` ապրանքների մատակարարում չհամարվող գործարք (գործառնություն), որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց, ներառյալ ոչ նյութական ակտիվների իրացումը (փոխանցումը): Ծառայությունների մատուցում է համարվում նաև ապրանքների և անշարժ գույքի վարձակալությունը.

3) անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը` սույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող անձանց կողմից ապրանքների անհատույց հատկացում կամ ծառայությունների անհատույց մատուցում տվյալ անձանց կամ այլ անձանց կամ նրանց ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում` տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գներով, բացառությամբ օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում իրավական այլ ակտով սահմանված դեպքերի.

4) «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող ապրանքներից ԱԱՀ հաշվարկվում և գանձվում է մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանին, բացառությամբ`

ա) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` օրենքով հաստատված ցանկում ընդգրկված այն ապրանքների, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, և որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-288)

գ) այն ապրանքների, որոնց մատակարարումը սույն օրենքի 15-րդ հոդվածի 28-րդ մասի համաձայն ազատված է ԱԱՀ-ից:

5) առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեություն իրականացնելու համար որպես ներդրում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը, եթե համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին հայտարարություն հարկային մարմին չի ներկայացվել: Սույն կետում նշված դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է օրենքի 8 հոդվածի 6-րդ կետին համապատասխան:

Սույն օրենքի դրույթների կիրառման առումով գործարք է դիտվում որոշակի մեկ տեսակի ապրանքի օտարումը կամ մեկ տեսակի ծառայության մատուցումը` այն քանակով կամ ծավալով, որն իրականացվում է մեկ առաքմամբ կամ գնորդին մեկանգամյա հանձնումով (գնորդի կողմից ընդունմամբ): Ընդ որում՝ որպես մեկ առաքմամբ մատակարարված ապրանքի քանակ կամ մեկ հանձնումով ծառայության մատուցման ծավալ ընդունվում է հաշվարկային փաստաթղթում, իսկ դրա բացակայության դեպքում` վճարային փաստաթղթում, ընդունման-հանձնման կամ կատարողական ակտում կամ այլ փաստաթղթում արձանագրված քանակությունը (ծավալը):

(6-րդ հոդվածը լրաց. 08.09.97 ՀՕ-141, խմբ. 26.12.97 ՀՕ-177, 26.12.00 ՀՕ-126, փոփ. 14.12.01 ՀՕ-288, լրաց. 25.12.03 ՀՕ-54-Ն, 27.11.06 ՀՕ-189-Ն, խմբ. 21.08.08 ՀՕ-146-Ն, խմբ., լրաց. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 61. ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից ԱՏԳԱԱ 841920000, 841990150, 8422 (բացառությամբ 842211000 և 842290100 ծածկագրերի), 8426, 8429, 8430, 8435, 8441, 84431, 8452 (բացառությամբ 845210 և 845290000 ծածկագրերի), 8453, 8475, 8478, 8479, 85023100 կամ 870410 ծածկագրերին դասվող ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի`

 

1) հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը պակաս է 70 մլն դրամից.

2) հայտարարագրման օրվանից երկու տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կազմում է 70 մլն դրամ և ավելի.

3) հայտարարագրման օրվանից երեք տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցում է 300 մլն դրամը:

ԱԱՀ վճարողների կողմից ԱՏԳԱԱ 250510, 250900, 251820, 2836, 3901, 3902, 3903, 3904, 3905, 3906 ծածկագրերին դասվող ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, 300 մլն դրամը գերազանցող սույն հոդվածում նշված ապրանքներից բացի, այլ ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով: Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն մասով սահմանված ծածկագրերին դասվող ապրանքների մասով ներմուծման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կարող է չհետաձգվել` մաքսային մարմիններին ներկայացված հարկ վճարողի գրավոր հայտարարությամբ:

Սույն մասում նշված հետաձգումը դադարեցվում է սույն հոդվածի երկրորդ մասում նշված դեպքում:

2. Մինչև սույն հոդվածի առաջին մասով սահմանված հետաձգման ժամկետի լրանալը սույն հոդվածի առաջին մասում նշված ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է (ԱԱՀ-ի վճարման պարտավորությունն առաջանում է)`

1) ներմուծված ապրանքներն օտարվելու կամ օգտագործման իրավունքով այլ անձանց հանձնելու (բացառությամբ վերակազմակերպման դեպքերի) դեպքերում` օտարվելու կամ օգտագործման իրավունքով այլ անձանց հանձնելու օրվան հաջորդող օրը.

2) մաքսային մարմիններին ներկայացված` հարկ վճարողի գրավոր հայտարարությամբ` հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրը` հայտարարությունում նշված ԱԱՀ-ի գումարի չափով:

Սույն կետի կիրառման իմաստով ապրանքների օտարում չի համարվում ներմուծված հումքի օգտագործմամբ արտադրված արտադրանքի օտարման գործարքը:

3. Սույն հոդվածի առաջին մասում նշված ապրանքների մասով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները վճարվում են (բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի) պետական բյուջե`

1) մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը, եթե ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքերում չի դադարեցվել.

2) ԱԱՀ-ի վճարման հետաձգման ժամկետը դադարելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում` սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքերում:

Սույն հոդվածի առաջին մասում նշված ապրանքների մասով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները կարող են մարվել ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով օրենքի համաձայն հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին:

Սույն մասով սահմանված ժամկետում ԱԱՀ-ի գումարները չվճարվելու դեպքում օրենքով սահմանված տույժերի հաշվարկումը, իսկ հարկ վճարողի կողմից տույժերը հաշվարկված լինելու դեպքում՝ դրա նկատմամբ հսկողությունն իրականացնում է հարկային մարմինը: Մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները վճարվում են որպես մաքսային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ, իսկ սահմանված ժամկետում չվճարված գումարների նկատմամբ հաշվարկված տույժերը վճարվում են որպես հարկային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ:

4. Սույն հոդվածի երրորդ մասի համաձայն պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարներն արտացոլվում են պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկում` որպես ներմուծված ապրանքների մասով պետական բյուջեի հանդեպ պարտավորության գումարներ, որոնք հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացրած ԱԱՀ-ով հարկվող գործարքների համար ԱԱՀ-ի պարտավորության ընդհանուր գումարի հաշվարկմանը չեն մասնակցում:

ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացվում է անկախ սույն հոդվածի երրորդ մասի համաձայն պետական բյուջե վճարման պարտավորություն առաջանալու պահին հետաձգման արտոնությունից օգտված անձի ԱԱՀ վճարող համարվելու կամ չհամարվելու հանգամանքից:

5. Սույն հոդվածի երրորդ մասի համաձայն պետական բյուջե վճարված, իսկ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների դեպքում` հաշվանցված գումարները ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից հաշվանցվում են, դրանց մարման հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, որպես ներմուծված ապրանքների համար վճարված գումարներ` օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափերով:

(61-րդ հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-117-Ն, փոփ. 03.10.05 ՀՕ-181-Ն, լրաց. 13.06.06 ՀՕ-129-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-246-Ն, լրաց., խմբ. 19.03.09 ՀՕ-65-Ն, խմբ. 06.12.11 ՀՕ-334-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 7. ԱԱՀ-ով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում)`

1) պետական տուրքի գումարը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա` հարկ վճարողների կողմից`

- ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքները,

- մասնակի հատուցմամբ գործարքների իրականացման դեպքում` սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառության և ստացված հատուցման տարբերությունը.

3) հրապարակային պայմանագրերով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում իրացված ապրանքների իրացնողի կողմից անհատույց մատուցվող սպասարկման ծառայությունները, այդ ծառայությունների շրջանակներում սահմանված որակին չհամապատասխանող ապրանքների, դրանց կոմպլեկտավորող տարրերի անհատույց փոխարինումը, այն ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը, որոնց արժեքը ներառված է հրապարակային պայմանագրերի համաձայն մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների արժեքում.

4) իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում անձին պատկանող բաժնեմասի և փայի նկատմամբ սեփականության իրավունքի` այլ անձի փոխանցումը, ինչպես նաև ապապետականացման գործարքները.

5) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության` օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման գործարքները.

6) (կետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-240-Ն)

7) (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)

8) (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)

9) տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած արժեքների, գանձերի իրացման շրջանառությունը, ինչպես նաև սուբսիդիաների, սուբվենցիաների, դրամաշնորհների կամ այլ ձևով այնպիսի գումարների ստացումը, որոնց դիմաց գումարներ ստացողների մոտ, ըստ էության, ապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու պարտավորություն չի առաջանում.

9.1) պետության կամ համայնքի կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում գույքի ներդրումը.

10) բռնագրավման կամ նվիրատվության ձևով գույքի կամ գույքային իրավունքի օտարումը պետությանը, ինչպես նաև հողամասից կամովին հրաժարվելու դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի հողամասը որպես համայնքային սեփականություն` համայնքին, կամ որպես պետական սեփականություն` պետությանը փոխանցելու գործարքները.

10.1) հողամասի, այլ անշարժ գույքի փոխանակության գործարքները, երբ գործարքի կողմ է հանդիսանում պետությունը և (կամ) համայնքը.

11) Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը` այն մասով, որից հասույթն ամբողջությամբ հաշվեգրվել է պետական կամ համայնքների բյուջեների օգտին.

12) ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծումը.

13) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության մեկնող քաղաքացիների անձնական գույքի ներմուծումը:

14) Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները, և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդները, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիները ծառայության ավարտից հետո առանց ավելացված արժեքի հարկի վճարման կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը.

15) Հայաստանի Հանրապետության տարածքից «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով (բացառությամբ «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ «Վերաարտահանում» ռեժիմի կիրառման դեպքերի) ապրանքների արտահանման գործարքները.

16) կոնցեսիոների (օպերատորի) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագիր որակված գործարքի պայմանների շրջանակներում կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվները, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքը կամ գնված կամ կառուցված կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվները (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերը կոնցեսիայի պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) սեփականության իրավունքով փոխանցելու գործառնությունները, ինչպես նաև կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցումը:

Սույն օրենքի իմաստով`

ա) կոնցեդենտ (շնորհատու) է համարվում պետական կամ համայնքային մարմինը, որը որոշակի ժամանակահատվածով կոնցեսիոներին (օպերատորին) է տրամադրում հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` դրանք շահագործելու և (կամ) սպասարկելու նպատակով.

բ) կոնցեսիոներ (օպերատոր) է համարվում իրավաբանական անձ հանդիսացող ռեզիդենտ կազմակերպությունը, որին կոնցեդենտի (շնորհատուի) կողմից տրամադրվում են հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` հանրային ծառայություն մատուցելու և (կամ) այն բարելավելու նպատակով, և որը շահագործում և (կամ) սպասարկում է այդ ենթակառուցվածքները սահմանված ժամանակաշրջանի ընթացքում:

(7-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 26.12.97 ՀՕ-177, լրաց. 06.07.98 ՀՕ-242, խմբ. 28.12.98 ՀՕ-276, խմբ., փոփ. 26.12.00 ՀՕ-126, խմբ. 14.12.01 ՀՕ-288, փոփ., լրաց. 11.12.02 ՀՕ-478-Ն, լրաց. 22.03.06 ՀՕ-44-Ն, 26.12.08 ՀՕ-246-Ն, փոփ., լրաց. ՀՕ-138-Ն, լրաց. 25.05.11 ՀՕ-188-Ն, խմբ. 05.12.12 ՀՕ-230-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 8. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է հետևյալ կարգով,

1) ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքերում (բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի) ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց արժեքը դրամական արտահայտությամբ (ներառյալ` այդ արժեքին օրենքով միացվող այլ վճարումները)` առանց ԱԱՀ-ի, որը գնորդը պետք է վճարի մատակարարին որպես հատուցում:

Շրջանառելի` բազմակի օգտագործման տարայի արժեքը չի ներառվում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ, բացառությամբ ապրանքների արտահանման դեպքերի, ինչպես նաև այն դեպքի, երբ տարան իրացնում է անմիջական արտադրողը կամ ներմուծողը.

2) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների (բացառությամբ ծխախոտի արտադրանքի) համար ներմուծման պահին ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց` օրենքով սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի և գանձվող մաքսատուրքի ու ակցիզային հարկի գումարը.

3) ԱԱՀ վճարող անձանց կողմից մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով վերամշակման կամ նորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին տարածքից արտահանված ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում ապրանքների վերամշակումից կամ նորոգումից հետո ներմուծման մաքսային արժեքի և դրանց արտահանման ժամանակ հայտարարագրված մաքսային արժեքի տարբերության, օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված մաքսատուրքի և ակցիզային հարկի հանրագումարը.

4) Հայաստանի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված (չհաշվառված) օտարերկրյա անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ-ով հարկվող գործարք իրականացվելու (ներառյալ` այդ անձի սեփականությունը հանդիսացող ապրանքներ ներմուծվելու) դեպքերում այդ գործարքների մասով պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող` ԱԱՀ վճարող համարվող կամ ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող անձինք, բացառությամբ արտոնագրային կամ հաստատագրված վճար կամ շրջանառության հարկ վճարող անձանցից և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից, օտարերկրյա անձանց փոխարեն որպես հարկային գործակալ կրում են ավելացված արժեքի հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն` սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով: Սույն կետի կիրառման իմաստով գործարքը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված, եթե ապրանքի մատակարարման կամ ծառայության մատուցման վայրը Հայաստանի Հանրապետությունում է: Սույն հոդվածին համապատասխան, օտարերկրյա անձի փոխարեն ԱԱՀ-ի պարտավորություն կրելիս ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում.

5) հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա հանձնակատարի կամ գործակալի կողմից մատուցվող ծառայությունների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում համապատասխանաբար` հանձնակատարին, գործակալին հասանելիք գումարը (վարձատրության և հանձնակատարի կամ գործակալի կողմից իր անունով կատարած ծախսերի դիմաց որպես փոխհատուցում վճարվող գումարը` առանց ԱԱՀ-ի), իսկ հանձնարարողի, պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում հանձնարարության կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը` առանց ԱԱՀ-ի:

Կոմիսիոների կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի դեպքերում (բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքի) կոմիսիոների կամ գործակալի մոտ ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը (առանց ԱԱՀ-ի), իսկ կոմիտենտի կամ պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության արժեքի (առանց ԱԱՀ-ի) և համապատասխանաբար` կոմիսիոների կամ գործակալի հասանելիք գումարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը: Կոմիսիոների և գործակալի համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է ապրանքի կամ ծառայության ընդհանուր արժեքով նաև այն դեպքերում, երբ կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերին համապատասխան, կոմիսիոների կամ գործակալի կողմից երրորդ անձից ձեռք բերված ապրանքը կամ ծառայության արդյունքը հանձնվում է համապատասխանաբար՝ կոմիտենտին կամ պրինցիպալին:

Կոմիսիոների կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրով ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման դեպքում, երբ իրականացվող գործարքը ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման, այդ թվում` այն դեպքերում, երբ ֆիզիկական անձի գույքի օտարման գործարքը ապրանքի մատակարարում չի համարվում, կոմիսիոների կամ գործակալի մոտ ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում համապատասխանաբար` կոմիսիոների կամ գործակալի վարձատրության գումարը (առանց ԱԱՀ-ի).

6) ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են գործարքի իրական արժեքից 20 և ավելի տոկոսով ցածր գներ (մասնակի հատուցում), հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող՝ սույն օրենքին համապատասխան որոշվող մեծության (գործարքի արժեքի, վճարի վարձատրության, պարգևի կամ այլ դրամական հատուցման մեծության), իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծության (գործարքի իրական արժեքի) 80 տոկոսը կազմող մեծությունը:

Սույն կետի դրույթները չեն կիրառվում, եթե հրապարակային պայմանագրի համաձայն, ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձը հրապարակային պայմանագրով առևտրային զեղչերի կիրառման օրվան նախորդող առնվազն երկու աշխատանքային օր առաջ հարկային մարմին է ներկայացրել վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևի հայտարարություն՝ առևտրային զեղչեր կիրառելու վերաբերյալ.

7) փոխանակման գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը որոշվում է ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքով սահմանված կարգով` հիմք ընդունելով այդ ապրանքների մատակարարման ու ծառայությունների մատուցման պահին դրանց սովորաբար կիրառվող գինը` առանց ԱԱՀ-ի.

8) ակցիզային հարկով հարկվող ապրանքների (բացառությամբ ծխախոտի արտադրանքի) մատակարարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ ներառվում է նաև ակցիզային հարկի գումարը:

9) շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս՝ գույքահարկով հարկման նպատակով՝ դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից, բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքի:

Գերակա հանրային շահերով հասարակության և պետության կարիքների համար օտարվող (օտարված) սեփականության դիմաց սեփականատիրոջը` կառուցված բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարաններով կամ այլ տարածքներով, իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում` բնակելի տներով հատուցելու դեպքում, ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն է համարվում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով որոշվող արժեքը:

Շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս գույքահարկով հարկման նպատակով` օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի բաժնեմասին համապատասխանող արժեքի հինգ տոկոսից` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ մեծությունը, ըստ ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների, բաշխվում է հավասարաչափ.

10) եթե Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ապրանքատեսակների մատակարարման գործարքների մասով մատակարարված ապրանքի դիմաց հատուցման ենթակա գումարը կնքված պայմանագրի համաձայն ենթակա է ճշտման` ճշգրտվող տվյալների (ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա, ապրանքն ստանալուց կամ դրա վերամշակումն ավարտելուց հետո, ապա մատակարարված ապրանքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է օտարերկրյա բորսայի, հանդեսի կողմից հրապարակվող կամ այլ աղբյուրից ստացվող տվյալներով որոշվող` ապրանքի միավորի հաշվարկային գնի և տվյալ ապրանքի մատակարարման պայմանագրով նախատեսվող ճշգրտվող տվյալների (մասնավորապես` ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա (անկախ վերջնահաշվարկի արդյունքում վճարման ենթակա հատուցման գումարից): Սույն կետի կիրառման առումով հարկվող շրջանառության որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, դրանց ճշգրտման առավելագույն սահմանները, ինչպես նաև ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը (ներառյալ հաշվարկային գնի որոշման պարբերականությունը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

11) ծխախոտի արտադրանքի ներմուծման և օտարման գործարքների հարկվող շրջանառությունը որոշվում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի:

12) (կետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-240-Ն)

13) արտարժույթի առուվաճառքի գործունեության մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում արտարժույթի վաճառքի և ձեռքբերման արժեքների դրական տարբերությունը:

(8-րդ հոդվածը լրաց. 26.12.97 ՀՕ-177, լրաց., փոփ., խմբ. 26.12.00 ՀՕ-126, լրաց., խմբ. 14.12.01 ՀՕ-288, լրաց. 27.11.06 ՀՕ-189-Ն, 09.04.07 ՀՕ-157-Ն, 11.10.07 ՀՕ-211-Ն, 21.08.08 ՀՕ-146-Ն, խմբ., լրաց. 06.12.11 ՀՕ-334-Ն, փոփ., խմբ., լրաց. 19.12.12 ՀՕ-240-Ն, լրաց. 07.10.10 ՀՕ-129-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  III

 

ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 9. ԱԱՀ-ի դրույքաչափը սահմանվում է 20 տոկոս` ապրանքների ու ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ:

Ապրանքների ու ծառայությունների լրիվ արժեքով հատուցման գումարի մեջ (ներառյալ 20 տոկոս դրույքաչափը) ԱԱՀ-ի գումարը որոշվում է 16,67 տոկոս հաշվարկային դրույքաչափով: Եթե անձը օրենքի խախտմամբ իրեն չի համարել ԱԱՀ վճարող կամ ԱԱՀ վճարող համարվող անձը ԱԱՀ-ով հարկվող գործարքների գծով դուրս գրված հաշվարկային փաստաթղթում ԱԱՀ-ի գումարի առանձնացում չի կատարել կամ հաշվարկային փաստաթուղթ դուրս չի գրել և միաժամանակ նշված դեպքերում ԱԱՀ վճարող համարվող անձը ԱԱՀ-ի գումարը չի արտացոլել ԱԱՀ-ի հաշվարկի համապատասխան տողերում, ապա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափի կիրառմամբ:

(9-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 10. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ է սահմանվում սույն օրենքի 16 հոդվածում նշված ապրանքների և ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ

 

Հոդված 11. ԱԱՀ առանձին վճարողների, նրանց խմբերի, գործարքների և գործառնությունների առանձին տեսակների համար օրենքով կարող են սահմանվել ԱԱՀ-ը փոխարինող հարկեր կամ վճարներ:

(11-րդ հոդվածը փոփ. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  IV

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎԱՅՐԸ

 

Հոդված 12. Ապրանքների մատակարարման վայր է համարվում ապրանքների գտնվելու տեղը, որտեղից դրանք փաստացի մատակարարվում են: Ապրանքները համարվում են մատակարարված Հայաստանի Հանրապետությունում, եթե դրանք`

ա) առաքվել կամ հանձնվել են գնորդին (պատվիրատուին) Հայաստանի Հանրապետության տարածքում.

բ) արտահանվել են Հայաստանի Հանրապետությունից:

Ներմուծված ապրանքները համարվում են մատակարարված Հայաստանի Հանրապետությունում դրանց ներմուծման պահից:

 

Հոդված 13. Բացառությամբ սույն օրենքի 14 հոդվածով սահմանված դեպքերի, ծառայության մատուցման վայր է համարվում ծառայություն մատուցող կազմակերպության պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրը, իսկ դրանց բացակայության դեպքում` կազմակերպության հիմնադիր փաստաթղթում նշված վայրը կամ կազմակերպության մշտական ստորաբաժանման գտնվելու վայրը, եթե ծառայությունները մատուցվում են անմիջականորեն այդ ստորաբաժանման միջոցով, իսկ ծառայությունն անհատ ձեռնարկատիրոջ կողմից մատուցվելու դեպքում` նրա բնակության վայրը:

(13-րդ հոդվածը խմբ. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 14. Անշարժ գույքի հետ կապված ծառայությունների համար, այդ թվում` վարձակալության, առք ու վաճառքի գործակալների և փորձագետների ծառայությունների, շինարարության նախապատրաստման և իրականացման ծառայությունների (ներառյալ նախագծման, հետախուզման, վերահսկողության և այլ հարակից ծառայությունները) մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անշարժ գույքը կամ նախատեսվում է դրա կառուցումը:

Տրանսպորտային ծառայությունների համար մատուցման վայր է համարվում այն տեղը, որտեղից սկսվում է բեռների, փոստի, ուղևորների և ուղեբեռների փոխադրումը: Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվող՝ բեռների, փոստի, ուղևորների և ուղեբեռների տրանսպորտային փոխադրումների մասով տրանսպորտային ծառայությունների մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, եթե ծառայություն մատուցող անձի կողմից փոխադրման ծառայությունն ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

Մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության, կրթության և առողջապահության ոլորտներում մատուցվող ծառայությունների (ներառյալ դրանց կազմակերպման համար անհրաժեշտ ծառայությունները), օժանդակ տրանսպորտային ծառայությունների (ապրանքների բեռնումը, բեռնաթափումը, բեռների մշակումը, պահպանումը և այլ ծառայություններ), շարժական գույքի գնահատման, նորոգման, տեղակայման և համանման այլ ծառայությունների մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ այդ ծառայությունները փաստացի մատուցվում են:

Արտոնագրերի, լիցենզիաների, հեղինակային իրավունքի, ապրանքանշանների և համանման այլ իրավունքների` այլ անձանց փոխանցման, գովազդային, խորհրդատվական, ինժեներական, իրավաբանական, հաշվապահական, փորձագիտական, թարգմանչական և համանման այլ ծառայություններ, ինչպես նաև տվյալների մշակման, ծրագրային ապահովման իրականացման և տեղեկատվության հաղորդման ծառայություններ, բանկային, ֆինանսական և ապահովագրական (բացառությամբ չհրկիզվող պահարանների վարձակալության), շարժական գույքի վարձակալության (բացառությամբ բոլոր տեսակների փոխադրամիջոցների վարձակալության) ծառայություններ օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետությունում գրանցված անձանց կողմից (կամ հակառակը) մատուցման դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում ծառայություն ստացող կազմակերպության պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրը, իսկ դրանց բացակայության դեպքում` կազմակերպության հիմնադիր փաստաթղթում նշված վայրը կամ կազմակերպության մշտական ստորաբաժանման գտնվելու վայրը, եթե ծառայությունները ստացվում են անմիջականորեն այդ ստորաբաժանման միջոցով, իսկ ծառայությունն անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացվելու դեպքում` նրա բնակության վայրը:

Փոխադրամիջոցների վարձակալության դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ վարձատուն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն կամ դրա բացակայության դեպքում` նրա իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը:

(պարբերությունն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-240-Ն)

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում օտարերկրյա անձանց կողմից հեռուստառադիոընկերություններին մատուցվող հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների վրա:

(14-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-276, 24.12.04 ՀՕ-194-Ն, խմբ., փոփ. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  V

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՈՒՄ

 

Հոդված 15. ԱԱՀ-ից ազատելը` հարկվող շրջանառության նկատմամբ այն չհաշվարկելն է: ԱԱՀ-ից ազատվում են սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված հետևյալ գործարքները և գործառնությունները`

1) (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)

2) հանրակրթական ուսումնական հաստատությունները, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնները, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի ուսումնական հաստատությունները, մարզադպրոցները, պրոֆտեխնիկական ուսումնարանները, որակավորման և վերաորակավորման միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները` ուսման վարձի մասով.

3) դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների իրացումը, բուհերի մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների իրացումը.

4) գիտահետազոտական և հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման աշխատանքները, ինչպես նաև 2012 թվականի հունվարի 1-ից հանրակրթության ոլորտում իրականացվող` կրթության և գիտության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ճանաչված, երաշխավորված և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափորոշիչներին համապատասխանող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները՝ իրենց մասնակցության վճարի մասով.

5) (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)

6) ԱՏԳ ԱԱ դասակարգչի 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի և մասերի, 31 ապրանքախմբի ծածկագրերին դասվող պարարտանյութերի, 3808 91, 3808 92, 3808 93, 3808 94, 3808 99 ապրանքախմբի ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմացուների և տնկանյութի իրացումը.

7) (կետն ուժը կորցրել է 25.09.02 ՀՕ-420-Ն) 

8) նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատների, մանկատների, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատությունների, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունները, ինչպես նաև խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.

9) (կետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-288)

10) թերթերի և ամսագրերի իրացումը.

11) թաղման բյուրոների, գերեզմանատների, ինչպես նաև մահվան և հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ ծառայությունների մատուցումը և համապատասխան պարագաների իրացումը.

12) կրոնական ծիսակատարությունները, կրոնական կազմակերպություններին մատակարարվող կրոնական պարագաների, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների իրացումը.

13) (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)

14) (կետն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-478-Ն)

15) ապահովագրական և վերաապահովագրական գործառնությունները, ներառյալ` դրանց հետ կապված ապահովագրական միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.

16) կենսաթոշակային ապահովման գործառնությունները ներառյալ դրանց հետ կապված միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.

17) բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային կազմակերպությունները (բացառապես սույն կետով նախատեսված վճարահաշվարկային ծառայությունների մասով) և վարկային կազմակերպությունների կողմից (բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի) իրականացվող ֆինանսական հետևյալ գործառնությունները և ծառայությունները`

- ցպահանջ, ժամկետային, խնայողական և նման այլ ավանդների ընդունումը, բանկային և ինվեստիցիոն հաշիվների բացումը, վարումը ու սպասարկումը, այդ թվում նաև վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը.

- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից վարկերի (փոխառությունների) տրամադրումը, այդ թվում` պարտքերը կամ առևտրային գործարքների ֆինանսավորումը, ֆակտորինգային այլ գործառնությունները.

- երաշխավորությունների, բանկային երաշխիքների տրամադրումը, ակրեդիտիվների բացումը.

- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից արժեթղթերի օտարումը, ի պահ ընդունումը և հաշվառումը.

- մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկումը, զեղջումը, փոխանցումը, զիջումը կամ սպասարկումը, ինչպես նաև այլ անձանց կողմից մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի օտարումը.

- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից արտարժույթի (թղթադրամի և մետաղադրամի, բացառությամբ դրամագիտական նշանակություն ունեցող և այդ նպատակով օգտագործվող մետաղադրամների և բանկային տոմսերի) գնումը, վաճառքը ու փոխանակումը, հայկական դրամի և բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից արտարժույթի ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքների կատարումը.

- կանխիկի տրամադրման ծառայությունները.

- բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայությունների մատուցումը.

- ներդրումային ֆոնդի կառավարումը, ներառյալ` իր կողմից կառավարվող (այդ թվում` պատվիրակման արդյունքում) ներդրումային ֆոնդի թողարկած արժեթղթերի տեղաբաշխման և (կամ) հետգնման (մարման) արդյունքում ստացված վճարների մասով.

- ներդրումային ֆոնդի պահառությունը.

- արժեթղթերի հավատարմագրային կառավարումը.

- բանկային ոսկու վաճառքը, դրանցով արտահայտված հաշիվների բացումն ու վարումը, դրանցով այլ գործառնությունների կատարումը, ինչպես նաև բանկերին և վարկային կազմակերպություններին բանկային ձուլակտորների իրացումը.

(պարբերությունը հանվել է 26.12.00 ՀՕ-126)

- բրոքերային և միջնորդական այլ ծառայություններ.

- (պարբերությունը հանվել է 26.12.00 ՀՕ-126)

- օրենքով սահմանված կարգով բանկի և վարկային կազմակերպության սեփականություն դարձած` անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց մինչ այդ պատկանող գրավի առարկայի իրացումը. 

- գումարների (հասույթների, պարտադիր, կոմունալ և այլ վճարների) ընդունման, ինչպես նաև աշխատավարձի, թոշակների, նպաստների, ապահովագրական և այլ վճարների կատարման ծառայությունները` կնքված պայմանագրերի համաձայն.

- բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներմուծված այն ապրանքների ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրամադրումը, որոնց ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկը օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվել և չի գանձվելուղղ..

- բանկերի և վարկային կազմակերպություններիուղղ. կողմից ֆինանսական վարձակալությունից (լիզինգից) ստացված տոկոսագումարները:

ԱԱՀ-ից չեն ազատվում սույն կետով նախատեսված ծառայությունների հետ կապված քաղվածքների և այլ տեղեկությունների ձևակերպումը և տրամադրումը, արժեթղթերի, չեկերի, վճարագրերի, վճարային փաստաթղթերի, քարտերի, թղթադրամի, մետաղադրամի, բանկային ոսկու պատրաստումը, ֆաքսիմիլային ծառայությունները: 

171 ) «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով նախաձեռնողի կողմից ակտիվների վաճառքն արժեթղթավորման հիմնադրամին կամ վաճառողին, վաճառողի կողմից ակտիվների վաճառքն արժեթղթավորման հիմնադրամին, ինչպես նաև «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում նախաձեռնողի կողմից արժեթղթավորման հիմնադրամից ակտիվների հետգնումը կամ արժեթղթավորման հիմնադրամի հետ ակտիվների փոխանակումը.

18) (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)

19) դոնորային արյան, մայրական կաթի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և պարագաների, բուժօգնության, բուժսպասարկման (այդ թվում կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների, բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում բուժման հետ կապված և այդ բուժօգնության շրջանակներում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.

20) (կետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-288)

21) միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

22) հասարակական (այդ թվում` բարեգործական) և կրոնական կազմակերպությունների կողմից անհատույց սպառումը.

23) (կետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-288)

24) (կետն ուժը կորցրել է 31.12.97 ՀՕ-118)

25) (կետն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕ-118)

26) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի իրացումը.

27) թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական նշանակության կիսաֆաբրիկատների (ԱՏԳ ԱԱ ծածկագիր-7106, 7108, 7109, 7110, 7113, 7115) իրացումը.

28) օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ` բարեգործական), կրոնական և նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության ԱԱՀ վճարողների կողմից:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթի, ինչպես նաև սույն հոդվածի դրույթների համաձայն` ԱԱՀ-ից ազատվող ապրանքների և ծառայությունների շրջանակները որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը.

281) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող մշակութային արժեքները:

29. (կետն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-182-Ն)

30) Անմիջական արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված ձեռագործ գորգերի (ծածկագիրը` ըստ ԱՏԳԱԱ-ի 570110, ԱՏԳԱԱ-ի 570210) իրացումը:

31) ծխախոտի արտադրանք արտադրող չհանդիսացող և (կամ) ծխախոտի արտադրանք ներմուծող չհանդիսացող անձանց կողմից ծխախոտի արտադրանքի իրացումը.

31) (31-րդ կետը 27.04.10 ՀՕ-57-Ն լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2014թ)

32) դիզելային վառելիքի ներմուծումը և (կամ) օտարումը

(32-րդ կետը 27.04.10 ՀՕ-57-Ն լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2014թ)

33) (33-րդ կետը 27.04.10 ՀՕ-57-Ն լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2014թ)

34) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող Ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում սույն օրենքի 6 հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերության «գ» կետում չնշված գույքի ներդրումը: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության «գ» ենթակետում նշված գույքի ներդրումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասը մինչև ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալը չի օտարվել այլ անձի:

35) ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման գործարքները.

36) ազատ տնտեսական գոտու կազմակերպչին և ազատ տնտեսական գոտու շահագործողին ծառայությունների մատուցումը, ազատ տնտեսական գոտու տարածքում ապրանքների մատակարարումը:

(15-րդ հոդվածը լրաց. 30.09.97 ՀՕ-146, խմբ. 21.10.97 ՀՕ-152, լրաց., խմբ., փոփ. 26.12.97 ՀՕ-177, փոփ., լրաց. 28.12.98 ՀՕ-276, լրաց. 13.12.00 ՀՕ-137, փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-126, լրաց. 26.07.01 ՀՕ-210, փոփ. 14.12.01 ՀՕ-288, լրաց. 19.11.02 ՀՕ-461-Ն, փոփ., լրաց., խմբ. 11.12.02 ՀՕ-478-Ն, լրաց. 03.12.03 ՀՕ-45-Ն, լրաց., փոփ. 25.12.03 ՀՕ-54-Ն, լրաց. 24.11.04 ՀՕ-152-Ն, 06.12.04 ՀՕ-166-Ն, 08.12.04 ՀՕ-193-Ն, 24.12.04 ՀՕ-179-Ն, փոփ. 04.10.05 ՀՕ-182-Ն, 23.05.06 ՀՕ-87-Ն, 25.12.06 ՀՕ-42-Ն, 09.04.07 ՀՕ-147-Ն, 26.05.08 ՀՕ-101-Ն, 25.09.02 ՀՕ-420-Ն, լրաց. 19.03.09 ՀՕ-69-Ն, փոփ., լրաց. 10.07.09 ՀՕ-165-Ն, լրաց. 25.02.10 ՀՕ-28-Ն, 27.10.10 ՀՕ-151-Ն, 07.10.10 ՀՕ-129-Ն, 07.12.10 ՀՕ-179-Ն, փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-269-Ն, լրաց. 25.05.11 ՀՕ-194-Ն, խմբ. 23.06.11 ՀՕ-212-Ն, 19.03.12 ՀՕ-89-Ն, լրաց. 12.11.12 ՀՕ-210-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-240-Ն, լրաց. 07.10.10 ՀՕ-129-Ն)

Հոդված 16. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկումը` սույն հոդվածում նշված գործարքների իրացման շրջանառության (հոդվածում այսուհետ` հարկվող շրջանառություն) նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառումն է`

1) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից դուրս «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ, ինչպես նաև միջազգային երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերի լցավորման համար վառելանյութի ու ամբողջ երթուղու ընթացքում օդանավերում անձնակազմի և ուղևորների սպառման համար նախատեսվող ապրանքների մատակարարման նկատմամբ.

Օտարերկրյա անձանց կողմից հանրապետությունում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս դրանց համար հանրապետության տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարները վերադարձվում են նրանց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով:

2) օդանավակայաններում մաքսային և անձնագրային հսկողության տարածքից հետո հատուկ առանձնացված վայրերում միջազգային երթուղիներով մեկնող ուղևորներին ապրանքների մանրածախ վաճառքի նկատմամբ, եթե այդ ապրանքները մինչև վաճառքի դրվելը անցել են մաքսային ձևակերպում ներքին տարածքից ապրանքների արտահանման համար Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)

4) (կետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-288)

5) միջազգային երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցների սպասարկման (ներառյալ աերոնավիգացիոն, թռիչք-վայրեջքի), նորոգման, վերասարքավորման, ինչպես նաև միջազգային երթուղիներով փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի սպասարկման ծառայությունների և փոխադրման ընթացքում ուղևորներին մատուցվող ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ.

6) այն ծառայությունների (այդ թվում` գործակալական, միջնորդական) հարկվող շրջանառության նկատմամբ, որոնք անմիջականորեն կապված են և ապահովում են սույն հոդվածի 5-րդ կետում նշված ծառայությունների մատուցումը.

7) ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված` «վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում այն արտադրանքի մշակման կամ հավաքման, շարժական գույքի նորոգման, արդիականացման և համանման այլ ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնք արտահանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից դուրս` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում.

8) այն ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնց մատուցման վայրը, համաձայն սույն օրենքի, չի գտնվում Հայաստանի Հանրապետության ներքին տարածքում.

9) (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)

10) (կետը հանվել է 28.12.98 ՀՕ-276)

11) դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով ներմուծվող կամ հանրապետության տարածքում ձեռք բերվող ապրանքների, նրանց մատուցվող ծառայությունների նկատմամբ.

12) հանրապետության տարածքով օտարերկրյա բեռների տարանցիկ փոխադրումների նկատմամբ:

Զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ԱԱՀ վճարողների կողմից ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում և ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման և (կամ) վերադարձման օրենքով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում:

(16-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-177, 28.12.98 ՀՕ-276, 26.12.00 ՀՕ-126, խմբ., փոփ. 14.12.01 ՀՕ-288, փոփ. 26.12.08 ՀՕ-246-Ն, փոփ., խմբ. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 17. Առանձին օրենքներով կարող են սահմանվել ԱԱՀ-ից ազատման և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված այլ արտոնություններ:

(17-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177) 

 

Բ Ա Ժ Ի Ն  VI

 

ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ


Ենթաբաժին
 I. Հաշվարկային փաստաթղթերի լրացման կարգը

 

Հոդված 18. ԱԱՀ վճարող համարվող անձինք կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ապրանք մատակարարելիս կամ ծառայություն մատուցելիս պարտավոր են դուրս գրել սույն օրենքի համաձայն հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթուղթ, եթե այդ գործարքը ենթակա է ԱԱՀ-ի 20% (16.67%` հաշվարկային) դրույքաչափով հարկման: Հարկային հաշիվը դուրս է գրվում ապրանք մատակարարելու կամ ստացողի կողմից ծառայությունն ընդունելու օրը: Մանրածախ առևտրի և բնակչությանը ծառայությունների մատուցման ոլորտներում հարկային հաշիվ դուրս է գրվում միայն գնորդ կազմակերպության կամ ֆիզիկական անձի պահանջով: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, սույն օրենքի համաձայն, ապրանքի մատակարարում համարվող և ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների մասով սույն օրենքով սահմանված կարգով կարող է դուրս գրել հարկային հաշիվ` միայն գնորդ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պահանջով, և եթե այդ ֆիզիկական անձն ունի հարկ վճարողի հաշվառման համար:

Տնտեսավարող սուբյեկտի գործունեության կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված` հարկային հաշիվը կարող է դուրս գրվել նախօրոք՝ պայմանով, որ ապրանքները պետք է մատակարարվեն կամ ծառայությունները պետք է մատուցվեն հարկային հաշվում նշված համապատասխան օրը:

Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում մատակարարի անունից հարկային հաշվի դուրսգրումը սույն մասով սահմանված ժամկետում կատարելու անհնարինության դեպքում հարկային հաշիվը դուրս է գրվում մատակարարի կողմից ապրանքի կամ ծառայության արժեքի վերաբերյալ ներկայացված հաշվարկային կամ վճարային փաստաթուղթը փաստացի ստանալու օրը:

Սահմանված կարգով անվավեր ճանաչված հարկային հաշիվների փոխարեն նոր հարկային հաշիվները դուրս են գրվում նախկինում դուրս գրված հարկային հաշիվները անվավեր ճանաչելու օրը:

Հարկային հաշիվ է համարվում սույն օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով լրացված և դուրս գրված հաշվարկային թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթը: Էլեկտրոնային հարկային հաշիվը էլեկտրոնային փաստաթուղթ է և պաշտպանված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Հարկային հաշիվ չեն օրենսդրությամբ կրճատ հաշիվ համարվող հաշվարկային փաստաթղթերը:

ԱԱՀ վճարող համարվող անձինք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը հարկային հաշիվ ստանալու պահանջ է ներկայացրել) ապրանքներ մատակարարելիս կամ ծառայություններ մատուցելիս պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր կամ օրենքով սահմանված դեպքերում տրամադրել հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:

Հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով ապրանքներ մատակարարելիս կամ ծառայություններ մատուցելիս հանձնակատարի կամ գործակալի կողմից համապատասխանաբար հանձնարարողի կամ պրինցիպալի անունից կարող են դուրս գրվել հարկային հաշիվներ, եթե հանձնակատարին կամ գործակալին տրվել է հարկային հաշիվներ դուրս գրելու լիազորագիր: Հանձնակատարի կամ գործակալի կողմից դուրս գրվող՝ ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքին վերաբերող հարկային հաշիվներում, բացի դուրս գրողի տվյալներից, լրացվում են հանձնարարողին կամ պրինցիպալին վերաբերող այն տվյալները, որոնք պարտադիր են մատակարարի համար հարկային հաշիվների լրացման դեպքերում: Այդ հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են հանձնարարողի կամ պրինցիպալի կողմից:

Համատեղ գործունեության պայմանագրով համատեղ գործունեության գործերի վարումն օրենքով սահմանված կարգով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություն ստանձնած մեկ մասնակցի կողմից իրականացվելու դեպքում համատեղ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների մասով հարկային հաշիվները դուրս են գրվում հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություն ստանձնած անձի կողմից:

Համատեղ գործունեության պայմանագրով մեկից ավելի անձանց կողմից գործերի վարում նախատեսված լինելու դեպքում համատեղ գործունեության մասով իրականացված գործարքների մասով առանձին մասնակցի կողմից հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնած անձի անունով, համատեղ գործունեության բոլոր մասնակիցների համապատասխան գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Հանձնարարության, պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության կամ համատեղ գործունեության պայմանագրի շրջանակներում համապատասխանաբար հանձնարարողի, պրինցիպալի կամ հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնած անձի անունով հարկային հաշիվներ դուրս են գրվում առնվազն 3 օրինակից, որի մեկ օրինակը պարտադիր տրամադրվում է այն անձին, ում անունով այդ հաշիվները դուրս են գրվել: Հանձնարարողի, պրինցիպալի կամ հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնած անձի անունով դուրս գրված հարկային հաշիվները սույն օրենքի դրույթների կիրառման առումով համարվում են մատակարարի կողմից դուրս գրված:

(18-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177, 29.10.09 ՀՕ-203-Ն, փոփ., լրաց. 08.12.10 ՀՕ-192-Ն, 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 19. Հարկային հաշիվներ դուրս չեն գրվում`

1) ԱԱՀ վճարող չհանդիսացող անձանց կողմից.

2) այն ապրանքների և ծառայությունների համար, որոնք օրենքով ազատված են ԱԱՀ-ից.

3) սույն օրենքի համաձայն հարկման օբյեկտ չհանդիսացող կամ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) համար.

4) այն գործարքների մասով, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը (ներառյալ` շրջանառության հարկով, արտոնագրային վճարով կամ հաստատագրված վճարով հարկվող գործունեությանը վերաբերող գործարքները).

5) այն գործարքների մասով, որոնք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն, ազատվում են ԱԱՀ-ից.

6) (6-րդ կետն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-192-Ն)

Վերը նշված դեպքերում հարկային հաշվի փոխարեն լրացվում (կազմվում) են ընդհանուր կարգով սահմանված այլ հաշվարկային (այդ թվում` բեռնաառաքման) և վճարային փաստաթղթեր:

(19-րդ հոդվածը լրաց. 29.10.09 ՀՕ-203-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-192-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 20. Թղթային կամ էլեկտրոնային հարկային հաշվում պարտադիր նշվում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջներով նախատեսված տվյալները.

2) ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը` առանձին տողով.

3) հարկային հաշվի սերիան ու համարը.

4) ԱԱՀ վճարողի հաշվառման համարը:

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման դեպքում հարկային հաշվում առանձնացվում է նաև ակցիզային հարկի գումարը:

Հարկային հաշվում առանձին տվյալների բացակայության (բացառությամբ ԱԱՀ-ի գումարի) կամ սխալ լրացման դեպքերում հարկային հաշիվը համարվում է սահմանված կարգի խախտումով լրացված հարկային հաշիվ:

Հարկային հաշիվները դուրս են գրվում`

1) էլեկտրոնային եղանակով կամ

2) հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների թղթային ձևերի լրացմամբ:

Հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերը ենթակա չեն այլ անձանց օտարման կամ պատճենահանման: Հարկային հաշիվների թղթային ձևերի տրամադրման, դուրսգրման, պահպանման, ստացված հարկային հաշիվների ձևերի օգտագործման վերաբերյալ հաշվետվության ներկայացման, խոտանված, անվավեր ճանաչված և չօգտագործված հարկային հաշիվների ձևերի վերադարձման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն օրենքի համաձայն՝ ԱԱՀ վճարող համարվող անձինք եռամսյակի ավարտից հետո` մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնում են տեղեկանք եռամսյակի ընթացքում իրենց ձեռք բերած ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց մատակարարների դուրս գրած հարկային հաշիվների և իրենց մատակարարած ապրանքների և մատուցված ծառայությունների գծով դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների վերաբերյալ: Տեղեկանք ներկայացնում են նաև անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձինք, եթե նրանց կողմից տվյալ եռամսյակում իրականացվել է ապրանքի մատակարարում համարվող գործարք և այդ գործարքին վերաբերող ձեռքբերումների մասով կատարվում է հաշվանցում և (կամ) դուրս է գրվել հարկային հաշիվ: Տեղեկանքում ԱԱՀ վճարող անձը ներառում է տեղեկություններ միայն այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում տվյալ անձին հարկային հաշիվ տրամադրած կամ նրանից հարկային հաշիվ ստացած անձի համար տվյալ եռամսյակի ընթացքում ստացված կամ տրամադրված հաշիվներում ներառված հարկվող շրջանառության արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը: Սույն մասում նշված տեղեկանքը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով:

Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում հարկային պարտավորություն կրելիս ավելացված արժեքի հարկ վճարող անձինք Հայաստանի Հանրապետությունում չգրանցված օտարերկրյա անձի անունից կարող են օրենքով սահմանված կարգով դուրս գրել հարկային հաշիվներ, որոնցում որպես ապրանք առաքող կամ ծառայություն մատուցող անձի ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանված լինելու դեպքում) և հարկ վճարողի հաշվառման համար նշում են իրենց համապատասխան հաշվառման համարները: Նշված կարգով դուրս գրված հարկային հաշիվները համարվում են մատակարարի կողմից դուրս գրված:

Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններն այդ հաշիվները դուրս գրողի կողմից չեն ներառվում սույն հոդվածով սահմանված տեղեկանքում`

1) այն հաշիվների մասով, որոնք դուրս են գրվել ինտերնետային կապի միջոցով.

2) այն հաշիվների մասով, որոնք դուրս են գրվել առանց ինտերնետային կապի, և որոնց վերաբերյալ տեղեկատվությունը մինչև տեղեկանքի ներկայացման ժամկետի ավարտը էլեկտրոնային եղանակով ներկայացվել է հարկային մարմին:

Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները չեն ներառվում այդ հարկային հաշիվները ստացողի կողմից ներկայացման ենթակա` սույն հոդվածով սահմանված տեղեկանքում, եթե այդ հաշիվների ստացումը էլեկտրոնային կարգով մինչև տեղեկանքի ներկայացման ժամկետի ավարտը հավաստել է ստացողը:

Սույն հոդվածով սահմանված տեղեկանքը հարկային մարմին չի ներկայացվում, եթե այլ պայմաններում դրանում ներառվելիք բոլոր հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները սույն հոդվածի համաձայն ենթակա չեն ներառման հարկային մարմին ներկայացվող տեղեկանքում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ԱԱՀ վճարողների հաշվառման կարգը, հարկային հաշիվների դուրսգրման կարգը, հարկային մարմնից հարկային հաշիվների թղթային ձևերի ձեռքբերման գինն ու կարգը, հարկային մարմնի կողմից տրամադրվող հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային հաշվի սերիայի և համարի գեներացման կարգը:

(20-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.12.97 ՀՕ-177, լրաց. 26.12.00 ՀՕ-126, 14.12.01 ՀՕ-288, 20.05.02 ՀՕ-347-Ն, լրաց., խմբ., փոփ. 11.12.02 ՀՕ-478-Ն, խմբ. 11.10.07 ՀՕ-211-Ն, լրաց., փոփ. 29.10.09 ՀՕ-203-Ն, խմբ. 08.12.10 ՀՕ-192-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 20.1. Դուրս գրված հարկային հաշիվները և (կամ) հարկային հաշիվների սերիա-համարները անվավեր են ճանաչվում սույն հոդվածով սահմանված դեպքերում հարկային հաշիվ դուրս գրող անձի կամ հարկային մարմնի կողմից:

Հարկային մարմնի կողմից տրամադրված հարկային հաշիվների ձևերի սերիա-համարները անվավեր են ճանաչվում հարկային մարմնի կողմից` հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևերի խոտանման, չօգտագործված ձևերի վերադարձման կամ հարկ վճարողի կամքից անկախ պատճառներով կորստի դեպքերում` հարկ վճարողի ներկայացրած տվյալների (սերիա-համարների) հիման վրա: Հարկային մարմնի կողմից անվավեր ճանաչման ենթակա` հարկային հաշիվների սերիա-համարների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

Դուրս գրված հարկային հաշիվներն անվավեր են ճանաչվում հարկային հաշիվները սխալներով լրացվելու, գործարքը հարկային հաշվում նշված պայմաններով չկատարվելու, հարկային հաշվում նշված պայմանները օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոփոխվելու դեպքերում: Սույն մասով սահմանված դեպքերում հարկային հաշիվների անվավեր ճանաչման կարգը, ինչպես նաև սահմանված կարգով անվավեր ճանաչված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով հարկային հաշիվների անվավեր ճանաչման հետ կապված ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառության և հարկի գումարի նվազեցումներ չեն կատարվում, եթե`

1) չի պահպանվել հարկային հաշիվների անվավեր ճանաչման կարգը կամ

2) հարկ վճարողը չի ներկայացրել տեղեկություն հարկային հաշիվը անվավեր ճանաչելու վերաբերյալ:

(20.1-ին հոդվածը լրաց. 06.12.11 ՀՕ-334-Ն)

 

Հոդված 21. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից ԱԱՀ-ի հաշվարկումը և գանձումը հիմնավորվում է մաքսային ձևակերպման ժամանակ լրացվող մաքսային հայտարարագրերով և վճարային փաստաթղթերով (վճարման հանձնարարագիր, անդորրագիր կամ վճարումը հաստատող այլ փաստաթղթեր):

 

Հոդված 22. Հարկային հաշիվներ դուրս գրած անձինք պարտավոր են ժամանակագրական կարգով հաշվառել և առնվազն մինչև դուրսգրման տարվան անմիջապես հաջորդող հինգ տարին լրանալը պահպանել իրենց տված բոլոր հարկային հաշիվները (այդ թվում` սահմանված ձևով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները): Անձինք պարտավոր են առնվազն մինչև ստացման տարվան անմիջապես հաջորդող հինգ տարին լրանալը պահպանել ստացած հարկային հաշիվները (այդ թվում` սահմանված ձևով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները) կամ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերը:

Հարկային հաշիվների, դրանց դիմաց վճարումը հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրերի պահպանման ժամկետները չեն կարող պակաս լինել`

դուրս գրված հարկային հաշվով առաջացած պարտավորության կատարման տարվանը հաջորդող հինգ տարուց,

ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների մասով հաշվանցումների դեպքում` ԱԱՀ-ի գծով պարտավորությունների, հաշվանցումների կամ վերադարձների հաշվին հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի օրենքով սահմանված կարգով մարման ժամկետից:

(22-րդ հոդվածը խմբ. 29.10.09 ՀՕ-203-Ն, փոփ. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Ենթաբաժին II. ԱԱՀ-ի հաշվարկման կարգը 

 

Հոդված 23. Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են`

1) արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված այն ապրանքների և ստացված այն ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով (բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի), որոնց դիմաց բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին կատարվել է վճարում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

Արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց կանխիկ դրամով վճարված գումարները օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են հաշվանցվել նաև հարկային հաշիվներում, հսկիչ-դրամարկղային մեքենաների ֆիսկալային կտրոններում և (կամ) կրճատ հաշիվ ապրանքագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով, եթե այդ գործարքների գումարը (ներառյալ` ԱԱՀ-ն) յուրաքանչյուր միանվագ գործարքի համար չի գերազանցում 300 հազար դրամը, իսկ յուրաքանչյուր ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար` 3 միլիոն դրամը

(պարբերությունն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-192-Ն)

Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ կատարվել է վճարումը:

Արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին փոխանցումները մասնակիորեն կատարվելու դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումները կատարվում են վճարմանը համամասնորեն:

Միանվագ գործարքի գումարը (ներառյալ` ԱԱՀ-ն) 300 հազար դրամը գերազանցելու դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումը սահմանված կարգով կատարվում է միայն բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին փոխանցումներով վճարումների դեպքում, իսկ ամսվա ընթացքում 300 հազար դրամը չգերազանցող բոլոր միանվագ գործարքների ընդհանուր գումարը 3.0 միլիոն դրամը գերազանցելու դեպքում սահմանված կարգով հաշվանցման ենթակա է այն գործարքի ԱԱՀ-ի ամբողջ գումարը, որի արժեքի հանրագումարով չի գերազանցվել 3 միլիոն դրամի սահմանաչափը:

Անկախ սույն հոդվածի դրույթներից` 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած այն հարկ վճարողները, որոնց իրացումից հասույթը 2008 թվականի արդյունքում չի գերազանցել 50 միլիոն դրամը, 2008 թվականի հաշվետու ժամանակաշրջաններում առանց հարկային հաշիվների կարող են հաշվանցել վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների, ինչպես նաև 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա` նախկինում ԱԱՀ-ի գումարները չհաշվանցված և վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների մնացորդների մասով մատակարարներին կանխիկ կամ բանկային փոխանցումներով վճարված գումարների նկատմամբ ԱԱՀ-ի հաշվարկային դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները, եթե առկա է որևէ հաշվարկային փաստաթուղթ կամ բանկային փոխանցումը կամ կանխիկ վճարումների կատարված լինելը հիմնավորող որևէ փաստաթուղթ:

2) հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների չափով, եթե սույն օրենքով նախատեսված է ԱԱՀ-ի գանձում ապրանքների ներմուծման պահին:

3) կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա իրականացված գործարքների մասով սույն օրենքին համապատասխան որոշված հարկվող շրջանառության գումարով կոմիտենտի կամ պրինցիպալի կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները` սույն օրենքով սահմանված կարգով:

Սույն օրենքով սահմանված կարգով կոմիսիոների կամ գործակալի կողմից հաշվանցման ենթակա են կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերին համապատասխան, կոմիտենտին կամ պրինցիպալին հանձնելու համար ձեռք բերված ապրանքին կամ ծառայությանը վերաբերող՝ երրորդ անձից ստացված հարկային հաշիվներում առաձնացված ԱԱՀ-ի գումարները:

Սույն օրենքի 3 հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող անձինք այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող են հաշվանցել ԱԱՀ վճարող դառնալու պահին առկա վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների ապրանքային մնացորդի մասով մատակարարների կողմից տրամադրված հաշվարկային փաստաթղթերում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված և նախկինում չհաշվանցված ԱԱՀ-ի գումարները:

Սույն օրենքին համապատասխան ԱԱՀ վճարող համարվելուց դադարած անձանց մոտ ԱԱՀ վճարող համարվելուց դադարելու օրվա դրությամբ առկա կամ ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում առաջացած ԱԱՀ-ի դեբետային մնացորդը (առանց գերավճարի և գերավճարից տարբերվող գումարների) ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման և վերագրվում է արտադրության և շրջանառության ծախսերին: Արտադրության և շրջանառության ծախսերին վերագրված գումարի մեծության վերաբերյալ հարկ վճարողը ԱԱՀ վճարող չհամարվելու օրվան, իսկ ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի դեբետային մնացորդ առաջանալու դեպքերում՝ դրա առաջացման օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հարկային մարմնին: Նշված ժամկետում գրավոր տեղեկացում չստանալու դեպքում ԱԱՀ-ի դեբետային մնացորդը հարկային մարմնի կողմից հանվում է հաշվառումից և կարող է գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի չափով վերականգնվել, եթե այդ չափը հիմնավորվում է հարկ վճարողի կողմից ներկայացված համապատասխան գրությամբ կամ ստուգման արդյունքներով:

ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում առաջացած ԱԱՀ-ի դեբետային մնացորդը հաշվարկելիս հաշվի են առնվում վճարող համարվելուց դադարելու օրվա դրությամբ հարկ վճարողի մոտ առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդը, այդ ժամանակաշրջանում սույն օրենքով սահմանված դեպքերում ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով պետական բյուջե վճարման կամ հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները, ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում կատարված ԱԱՀ-ի վճարումները:

ԱԱՀ վճարող անձանց կողմից արտադրական և այլ առևտրային նպատակներով ձեռք բերված ապրանքների կորստի դեպքում մատակարարներին (օրենքով սահմանված դեպքում` մաքսային սահմանին) վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման, եթե այդ կորուստները շահութահարկով հարկման նպատակով չեն դիտվում որպես համախառն եկամտից նվազեցում:

Շահութահարկով հարկման նպատակով կորուստների մեծությունը տարեկան կտրվածքով սահմանված լինելու դեպքում ԱԱՀ-ի յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում կորստի տարեկան նորմայի համեմատությամբ ավել կամ պակաս հաշվարկված ԱԱՀ-ի հաշվանցվող գումարը տարեկան արդյունքներով վերահաշվարկվում է տվյալ տարվա ԱԱՀ-ի վերջին հաշվետու ժամանակաշրջանում` տարբերությունը դիտարկելով որպես վերջին հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի հաշվանցվող գումարի ավելացում կամ պակասեցում:

Սույն օրենքով սահմանված կարգով հաշվանցումներ կատարում են նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք` սույն օրենքի համաձայն ապրանքների մատակարարում համարվող գործարքների մասով պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվարկելիս:

Բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող և (կամ) սեփականատեր հանդիսացող (այսուհետ հոդվածում` կառուցապատող)` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարման դեպքերում սույն օրենքի համաձայն ապրանքների մատակարարում համարվող գործարքների մասով տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող գումարները որոշվում են կառուցապատված տարածքի ընդհանուր մակերեսում օտարվող տարածքների մակերեսի տեսակարար կշռից ելնելով:

(23-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-126, 14.12.01 ՀՕ-288, խմբ. 11.12.02 ՀՕ-478-Ն, լրաց. 25.12.03 ՀՕ-54-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.08.08 ՀՕ-146-Ն, լրաց., խմբ. 26.12.08 ՀՕ-246-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-192-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-213-Ն, լրաց. 06.12.11 ՀՕ-334-Ն, լրաց., խմբ. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 24.

(24-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)

 

Հոդված 241.

(241-ին հոդվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 242. Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերություններում հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե ենթակա է վճարման հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են`

ա) հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված էլեկտրաէներգիայի դիմաց սահմանված կարգով մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները.

բ) արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված կամ ներմուծված այլ ապրանքների (բացառությամբ էլեկտրաէներգիայի) և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները` սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով:

Եթե էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերությունները հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված էլեկտրաէներգիայի վճարումները կատարել են լիցենզիայով սահմանված ժամկետներն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանից ուշ ժամկետներում, ապա էլեկտրաէներգիայի ձեռքբերման հաշվետու ժամանակաշրջանում մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները (չվճարված մասին համապատասխան չափով) հաշվանցվում են սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:

(242 -րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-54-Ն)

 

Հոդված 25. Հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներին գերազանցելու դեպքում գերազանցող մասը հաշվանցվում է հետագա ժամանակաշրջաններում ԱԱՀ-ի հաշվարկներով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին: Սույն մասով սահմանված դրույթները չեն վերաբերում սույն հոդվածի երկրորդ մասում նշված գործարքներին:

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) իրականացման դեպքում ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում և ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարը հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին, և (կամ) պետական բյուջե հաշվեգրվող հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում վերադարձվել կամ հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց, եթե հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի դեբետային մնացորդ: Այս դեպքում հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի (առանց գերավճարի և հարկի չհաշվանցվող մնացորդների գումարների) այն մասը, որը չի գերազանցում հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոսը: Ընդ որում, ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Սույն հոդվածին համապատասխան ԱԱՀ-ի գումարների հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը որոշվում է հարկային հաշվանցումների ուսումնասիրությամբ և (կամ) ստուգմամբ՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: ԱԱՀ-ի հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի որոշման, ուսումնասիրությունների և ստուգումների իրականացման առանձնահատկությունները, հարկային մարմնին ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին հավելվածով:

Սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ԱԱՀ-ի դեբետային մնացորդը ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասում նշված գործարքների գծով հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների: Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ոչ ենթակա գումարը (հարկի չհաշվանցվող մնացորդը) դուրս է գրվում շահույթի (եկամտի) հաշվին:

(25-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-177, 28.12.98 ՀՕ-276, խմբ. 26.12.00 ՀՕ-126, 11.12.02 ՀՕ-478-Ն, խմբ., լրաց. 25.12.03 ՀՕ-54-Ն, խմբ. 11.10.07 ՀՕ-211-Ն, 26.12.08 ՀՕ-246-Ն)

 

Հոդված 26. Սույն օրենքի 23 հոդվածում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները (այդ թվում նաև` սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված` ներմուծման պահին վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները) հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն`

1) ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից.

2) սույն օրենքի 7 հոդվածի համաձայն հարկվող օբյեկտ չհամարվող և 15 հոդվածի համաձայն ԱԱՀ-ից ազատված, այդ թվում` արտոնագրային վճարով կամ հաստատագրված վճարով կամ շրջանառության հարկով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով, ինչպես նաև այն գործարքների գծով, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը: Սույն կետում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները միացվում են ապրանքները ձեռք բերելու գնին կամ արտադրության շրջանառության ծախքերին, բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի 3-րդ և 16-րդ կետերով սահմանված դեպքերի:

Բացառությամբ ապրանքների արտահանման դեպքի, սույն կետով սահմանված կարգը տարածվում է նաև շրջանառելի` բազմակի օգտագործման տարան անմիջական արտադրողից կամ անմիջական ներմուծողից ձեռք բերողների վրա` այդ տարայի մասով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ը փոխարինող հարկեր կամ վճարներ վճարողների վրա.

Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքներին ուղղակիորեն վերաբերվող ձեռքբերումների, բացառությամբ շահագործման ժամկետ ունեցող գույքի (այսուհետ` սույն մասում` գույք) մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման և պետք է միացվեն (բացառությամբ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետին համապատասխան «Վերարտահանում» մաքսային ռեժիմով ապրանքների արտահանման գործարքների մասով) ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման գնին: Սույն մասի դրույթները գործում են այն ձեռքբերումների նկատմամբ, որոնք կատարվել են 2001 թվականի դեկտեմբերի 31-ից հետո: Սույն մասին համապատասխան վերաձևակերպումներ չեն կատարվում այն դեպքերում, երբ գործարքներն իրականացվում են այն անձի կողմից, որը դադարել է համարվել ԱԱՀ վճարող:

Եթե գույքի ձեռքբերումը, ներմուծումը կամ կառուցումը (այսուհետ` սույն հոդվածի կիրառման իմաստով ձեռքբերումներ) ի սկզբանե ուղղակիորեն վերագրվում է ԱԱՀ-ով հարկվող գործարքներին կամ ի սկզբանե հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել ԱԱՀ-ով հարկվող կամ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված գործարքներին (այսուհետ` սույն հոդվածի կիրառման իմաստով ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ), ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը սահմանված կարգով կատարվում է այդ ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում:

Եթե գույքը, որի ձեռքբերման կամ ներմուծման կամ կառուցման մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցում, հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտագործվում է ԱԱՀ-ով չհարկվող գործարքների իրականացման համար, ապա`

ա) հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներից պակասեցման` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նորմաներով այդ գույքի համար հաշվարկվող ամորտիզացիայի գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով,

բ) սույն պարբերության «ա» ենթակետով սահմանված կարգով որոշվող պակասեցվող գումարը նվազեցվում է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի գումարի) ԱԱՀ-ով հարկվող գործարքների շրջանառության (առանց ԱԱՀ-ի) տեսակարար կշռին համապատասխանող գործակցով, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ գույքը միաժամանակ օգտագործվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների իրականացման համար,

գ) հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներից պակասեցման, տվյալ գույքի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում գույքի օտարումն ինքնին ԱԱՀ-ով չհարկվող գործարք է:

Եթե գույքի ձեռքբերումն ի սկզբանե ուղղակիորեն վերագրվում է ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին, ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները հաշվանցման ենթակա չեն այդ ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջաններում:

Եթե գույքը, որի ձեռքբերման մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցվող գումարների պակասեցում (ԱԱՀ-ի գումարները սահմանված կարգով միացվել են գույքի ձեռքբերման արժեքին), հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտագործվում է ԱԱՀ-ով հարկվող գործարքների իրականացման համար, ապա`

ա) հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներն ավելացվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նորմաներով այդ գույքի համար հաշվարկվող ամորտիզացիայի գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով,

բ) սույն պարբերության «ա» ենթակետով սահմանված կարգով որոշվող ավելացվող գումարը նվազեցվում է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի գումարի) ԱԱՀ-ով չհարկվող գործարքների շրջանառության (առանց ԱԱՀ-ի) տեսակարար կշռին համապատասխանող գործակցով, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ գույքը միաժամանակ օգտագործվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների իրականացման համար,

գ) պակասեցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներին ավելացման տվյալ գույքի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում գույքի օտարումն ինքնին ԱԱՀ-ով հարկվող գործարք է:

Եթե գույքի ձեռքբերման կամ ներմուծման կամ կառուցման հաշվետու ժամանակաշրջանում գույքը միաժամանակ օգտագործվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների իրականացման համար, ապա տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակասեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նորմաներով այդ գույքի համար հաշվարկվող ամորտիզացիայի գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով` նախապես նվազեցված հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի գումարի) ԱԱՀ-ով հարկվող գործարքների շրջանառության (առանց ԱԱՀ-ի) տեսակարար կշռին համապատասխանող գործակցով:

ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի համար գույքի հաշվեկշռային արժեքը և ամորտիզացիայի գումարը հաշվարկվում են` կիրառելով իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգը:

Սույն մասի կիրառման նպատակով տվյալ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ գույքի հաշվեկշռային արժեքը կամ ամորտիզացիայի գումարը որոշվում է ելնելով`

ա) տվյալ հաշվետու ժամանակաշրջանն ընդգրկող տարվա հունվարի 1-ի դրությամբ շահագործման ժամկետ ունեցող գույքի այդ խմբի հաշվեկշռային արժեքից կամ շահագործման ժամկետ ունեցող գույքի այդ խմբի ընդհանուր ամորտիզացիայի տարեկան գումարից` դրանց նկատմամբ կիրառելով շահագործման ժամկետ ունեցող գույքի սկզբնական արժեքների հանրագումարում շահագործման ժամկետ ունեցող տվյալ գույքի սկզբնական արժեքի տեսակարար կշռից, և

բ) ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանն ընդգրկող ամիսների թվի և մեկ տասներկուերորդի արտադրյալից:

3) ոչ արտադրական (ոչ առևտրային) նպատակներով ձեռք բերված և (կամ) օգտագործված ապրանքների և ծառայությունների գծով, բացառությամբ ապրանքների ու ծառայությունների անհատույց (մասնակի հատուցմամբ) հատկացման դեպքերի:

(2-րդ մասը հանվել է 14.12.01 ՀՕ-288)

(3-րդ մասը հանվել է 26.12.00 ՀՕ-126)

(4-րդ մասը հանվել է 26.12.00 ՀՕ-126)

(5-րդ մասը հանվել է 26.12.00 ՀՕ-126)

4) ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ բացասական տարբերությունն առաջանում է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կարգավորող մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման արդյունքում:

5) ոչ իրացման նպատակով ձեռք բերված (ներմուծված) մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Նշված գումարները ենթակա են վերաձևակերպման և սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցման` այդ ավտոմեքենաների հետագա իրացման պահին դրանց մնացորդային արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկված ԱԱՀ-ի գումարի չափով:

6) սույն օրենքի 34.1 հոդվածով նախատեսված փոխհատուցման գումարները: Ընդ որում, մինչև արժեթղթերի ցուցակումն ընկած հաշվետու ժամանակաշրջաններում այդ ծառայությունների ձեռքբերման մասով օրենքով սահմանված կարգով հաշվանցված ԱԱՀ-ի գումարները փոխհատուցման հաշվետու ժամանակաշրջանում ենթակա են վերաձևակերպման և պետք է միացվեն ծառայությունների ձեռքբերման արժեքին.

7) առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեության իրականացման համար համատեղ գործունեության մասնակցի կողմից կատարվող ներդրումներին վերաբերող՝ ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ-ի գումարները, բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքի: Սույն կետին համապատասխան հաշվանցման ոչ ենթակա ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նախկինում հաշվանցվել են՝ վերաձևակերպվում և նվազեցում են հաշվանցվող գումարներից այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է ներդրումը:

(26-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177, փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-126, 14.12.01 ՀՕ-288, լրաց. 11.12.02 ՀՕ-478-Ն, 19.05.05 ՀՕ-104-Ն, 19.05.05 ՀՕ-117-Ն, լրաց., փոփ. 21.08.08 ՀՕ-146-Ն, լրաց. 11.06.09 ՀՕ-154-Ն, փոփ. 25.05.11 ՀՕ-188-Ն, լրաց., փոփ. 06.12.11 ՀՕ-334-Ն, 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 27. Եթե սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ (ներառյալ՝ ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհամարվող, հաստատագրված կամ արտոնագրային վճարներով կամ շրջանառության հարկով հարկվող գործարքներ, ինչպես նաև այնպիսի գործարքներ, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը), ապա`

1) հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարից կարող են հաշվանցել (պակասեցնել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների (ձեռք բերված ապրանքների (բացառությամբ շահագործման ժամկետ ունեցող գույքի), ստացված ծառայությունների` այսուհետ սույն հոդվածում` ձեռքբերումների) հարկային հաշիվներում, օրենքով սահմանված չափի սահմաններում հսկիչ-դրամարկղային մեքենաների ֆիսկալային կտրոններում կամ կրճատ հաշիվ ապրանքագրերում (այսուհետ սույն հոդվածում` հարկային հաշիվներում), ապրանքների (բացառությամբ շահագործման ժամկետ ունեցող գույքի) ներմուծման մաքսային հայտարարագրերում (այսուհետ` ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված և սույն օրենքի այլ հոդվածներին համապատասխան հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:

Հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնց հաշվանցումը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հետաձգվել է սույն օրենքի 23 կամ 43.1 հոդվածների հիմքով, ենթակա են հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում` առանց հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների տեսակարար կշիռը հաշվի առնելու.

2) հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներից պակասեցվում են ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում, ինչպես նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները.

3) հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին ուղղակիորեն չվերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում, ինչպես նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում կամ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից պակասեցվում են հետևյալ կարգով`

ա) ձեռքբերումների գծով այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց դիմաց մատակարարներին կանխիկ վճարումները կատարվել են չպահպանելով սույն օրենքի 23-րդ հոդվածի սահմանափակումները, ամբողջությամբ պակասեցվում են վճարման հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից,

բ) ձեռքբերումների գծով այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց գծով մատակարարներին վճարումներ չեն կատարվել կամ որոնց մասով սույն օրենքի 20 հոդվածին համապատասխան տեղեկություններ չեն ներկայացվել, հետաձգվում են հետագա հաշվետու ժամանակաշրջաններ` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի) հարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխանող չափով,

գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված դեպքում ԱԱՀ-ով չհարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխանող ձեռքբերումների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները պակասեցվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից,

դ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված կարգով հետաձգված ԱԱՀ-ի գումարներին համապատասխանող գործարքների գծով հետագա հաշվետու ժամանակաշրջանում կանխիկ վճարումները սույն օրենքի 23 հոդվածի սահմանափակումները չպահպանելով կատարելու դեպքում այդ գումարները ենթակա չեն հաշվանցման (այդ գումարների գծով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպումներ չեն կատարվում),

ե) սույն կետի «բ» ենթակետով սահմանված կարգով հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման` հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում` առանց հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների տեսակարար կշիռը հաշվի առնելու,

զ) ուղղակիորեն չվերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում, ինչպես նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով օրենքի 20, 23 և 43.1 հոդվածների համաձայն առկա են հաշվանցումներ կատարելու հիմքերը, հաշվանցվում են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի) հարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխանող չափով, իսկ չհարկվող գործարքների տեսակարար կշռով ենթակա են պակասեցման հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից: 

(27-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-276, փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-126, փոփ. 25.12.03 ՀՕ-54-Ն, 25.05.11 ՀՕ-188-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 28. Եթե սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող ֆիզիկական անձինք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում իրենց բնակության վայրում սեփական սպառման հետ միաժամանակ և ձեռք բերված ապրանքների, ծառայությունների համար վճարել (ձևակերպել) են ԱԱՀ, ապա հաշվանցման (պակասեցման) ենթակա են միայն ԱԱՀ-ի այն գումարները, որոնք վճարվել (ձևակերպվել) են անմիջականորեն ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ձեռք բերված ապրանքների ծառայությունների համար:

 

Հոդված 29. Սույն օրենքի 19 հոդվածի պահանջները խախտելու և հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում անձինք պարտավոր են հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը սահմանված ընդհանուր կարգով վճարել բյուջե:

(29-րդ հոդվածը խմբ. 26.12.00 ՀՕ-126)

 

Ենթաբաժին III. ԱԱՀ-ի վճարման և հաշվարկների ներկայացման կարգը և ժամկետները

 

Հոդված 30. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում դրանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ԱԱՀ վճարվում է ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Եթե նախապես հայտարարված մաքսային ռեժիմը (որի համաձայն մաքսային սահմանով բացթողման ժամանակ ապրանքներից ԱԱՀ չի գանձվում) փոխարինվում է ազատ շրջանառության համար բացթողման (ներմուծման) ռեժիմով, ապա վճարողները (կամ մաքսային օրենսդրությամբ սահմանված վճարումների համար պատասխանատու այլ անձինք) պարտավոր են ԱԱՀ-ի չգանձված գումարները վճարել ներմուծման մաքսային ռեժիմով ապրանքների վերահայտարարագրման կամ այդ մասին հայտնի դառնալու օրվանից հետո տասնօրյա ժամկետում:

Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ապրանքների մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է իր հաստատած ցանկին համապատասխան սահմանել այդ ապրանքների համար ներմուծման պահին հետաձգված հարկային պարտավորությունների հաշվառման կարգ:

(30-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-54-Ն, 19.05.05 ՀՕ-117-Ն)

 

Հոդված 31. ԱԱՀ վճարողների կողմից հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման, ինչպես նաև դրա հետ կապված հարկային պարտավորության (ԱԱՀ-ի հաշվարկման) ծագման պահ է համարվում այն պահը, երբ տեղի է ունեցել ներքոհիշյալ դեպքերից որևէ մեկը`

1) ապրանքները առաքվել կամ հանձնվել են գնորդներին կամ ծառայությունները մատուցվել են պատվիրատուներին.

2) սույն օրենքի 24 հոդվածում նշված կարգով ԱԱՀ վճարողների համար` ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով գնորդներից (պատվիրատուներից) ստացվել է հատուցում (հաշվի առնելով հատուցման չափը).

3) անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման օրը (այդ թվում` սույն օրենքի 24 հոդվածում նշված ԱԱՀ վճարողների համար):

Իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ֆիզիկական անձի կողմից մինչև ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալն այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասը օտարվելու դեպքում սույն օրենքի 6 հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերության «գ» կետում նշված գույքի ներդրման գործարքի մասով հարկային պարտավորության (ԱԱՀ-ի հաշվարկման) ծագման պահ է համարվում բաժնեմասի օտարման պահը:

(31-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-177, լրաց. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

 Հոդված 32. Սույն օրենքի 23 և 24.2 հոդվածների համաձայն հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:

Սույն օրենքի իմաստով ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը` բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքի:

Այն անձանց համար, որոնց` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթը (առանց ԱԱՀ-ի) նախորդող օրացուցային տարում գերազանցել է 100 միլիոն դրամը, ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:

Հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

ԱԱՀ վճարող չհամարվող անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացրած գործարքի մասով սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարելու պարտավորություն կրելու դեպքերում ԱԱՀ-ի գումարները վճարվում են մինչև գործարքի իրականացմանը հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

(5-րդ մասը հանվել է 26.12.00 ՀՕ-126)

(32-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-276, փոփ. 26.12.00 ՀՕ-126, խմբ. 14.12.01 ՀՕ-288, լրաց., փոփ. 21.08.08 ՀՕ-146-Ն, 19.12.12 ՀՕ-240-Ն)

Հոդված 33. ԱԱՀ վճարողները սույն օրենքի 32 հոդվածով սահմանված ժամկետներում իրենց գրանցման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում պետական բյուջե ԱԱՀ-ի վճարման համար համապատասխան հաշվարկներ` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևով:

ԱԱՀ վճարողների կողմից ԱԱՀ-ի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ և (կամ) սույն օրենքի 20 հոդվածով սահմանված տեղեկությունների ճշգրտումներ (ճշգրտված տեղեկություններ), բացառությամբ սույն օրենքի 29 հոդվածով սահմանված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ ճշգրտված հաշվարկները և (կամ) տեղեկությունները վերաբերում են հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված հաշվետու ժամանակաշրջաններին:

Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներում ԱԱՀ վճարողների կողմից սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում ԱԱՀ վճարողները կարող են օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացնել ԱԱՀ-ի ճշտված հաշվարկներ, եթե ճշտումը կատարվել է ԱԱՀ վճարողների կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ցուցակելու նպատակով: Ընդ որում, բաժնետոմսերի ցուցակման նպատակով ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա ԱԱՀ վճարողների նկատմամբ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով տույժեր հաշվարկվում և գանձվում են միայն տվյալ ընկերության կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում չցուցակվելու կամ սույն օրենքի 34.1 հոդվածի չորրորդ պարբերությամբ սահմանված պայմաններից որևէ մեկը տեղի ունենալու դեպքում:

Սույն հոդվածով սահմանված ժամկետում ԱԱՀ հաշվարկներ ներկայացնում են նաև ԱԱՀ վճարող չհամարվող անձինք՝ օրենքի համաձայն ԱԱՀ վճարելու պարտավորություն կրելու կամ ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում հարկային հաշվի վերաբերյալ նախկինում չներկայացված տեղեկությունները ներկայացնելու, ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց վճարում կատարելու արդյունքում հաշվանցման ենթակա գումար առաջանալու դեպքերում:

(33-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-126, խմբ. 26.12.08 ՀՕ-246-Ն, լրաց. 11.06.09 ՀՕ-154-Ն, 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  VII

 

ԱԱՀ-Ի ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 34. Զբոսաշրջության գործունեության մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն օրենքի 8 հոդվածին համապատասխան՝ առանց միջազգային ուղևորափոխադրման համար զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի կողմից վճարվող գումարի: Օտարերկրյա զբոսաշրջիկին մատուցվող զբոսաշրջային ծառայությունները, ինչպես նաև զբոսաշրջիկային գործակալությունների կողմից մատուցվող գործակալական ծառայություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղևորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում: 

(34-րդ հոդվածը խմբ. 25.12.03 ՀՕ-54-Ն, 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 34.1. Եթե սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված ծառայությունների ձեռքբերման արդյունքում ընկերությունը (բացառությամբ պետության կողմից կարգավորվող սակագներ կիրառող ընկերությունների) իր կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերն օրենքով սահմանված կարգով ցուցակում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում, ապա ընկերությանը փոխհատուցվում է այդ ծառայությունների ստացման համար ծառայությունները մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված փոխհատուցումը կիրառվում է ցուցակման նպատակով ձեռք բերված հետևյալ ծառայությունների նկատմամբ.

1) իրավաբանական ծառայություններ.

2) մարքետինգային ծառայություններ.

3) տեղեկատվական ծառայություններ.

4) ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան մատուցվող աուդիտորական ծառայություններ.

5) ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան մատուցվող հաշվապահական ծառայություններ.

6) ֆոնդային բորսայում ցուցակման ծառայություններ:

Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված փոխհատուցման կիրառման նպատակով սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված ծառայությունները մատուցող և ստացող ընկերությունների միջև կնքվող պայմանագրերում և կազմվող հաշվարկային փաստաթղթերում պետք է առանձին նշվեն այն ծառայությունների տեսակը, ծավալը, ինչպես նաև ԱԱՀ-ի գումարը, որոնց վրա տարածվում է սույն հոդվածի առաջին պարբերությամբ նշված փոխհատուցումը:

Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված փոխհատուցումից օգտված ընկերությունից գանձվում է փոխհատուցված հարկի գումարը, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով հաշվարկված տույժերը` հաշվարկված փոխհատուցման օրվանից, եթե ընկերության կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի ցուցակման տարին ներառող վեց տարիների ընթացքում դրանք ապացուցակվում են (այդ թվում` ընկերության վերակազմակերպման արդյունքում), կամ ընկերությունը լուծարվում է (բացառությամբ սնանկացման արդյունքում լուծարման դեպքի):

(34.1-րդ հոդվածը լրաց. 11.06.09 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 35. Մեկից ավելի անձանց ընդհանուր սեփականությունը հանդիսացող գույքի օտարման դեպքում ԱԱՀ-ի շեմը կիրառվում է մեկ անգամ` անկախ պայմանագրով գույք օտարող կողմում հանդես եկող անձանց թվաքանակից կամ այդ գույքի նկատմամբ սեփականություն ունեցողների թվաքանակից: ԱԱՀ-ով հարկման (այդ թվում` ԱԱՀ-ի շեմի կիրառման նպատակով գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարման գործարքի` օրենքին համապատասխան որոշվող ԱԱՀ-ով հարկվող) շրջանառությանն ավելացվում է նախկինում կատարված գործարքով (գործարքներով) այդ գույքի սեփականության իրավունքում այդ անձի բաժնեմասի օտարման գործարքների ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունները: Ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի օտարման գործարքից առաջացող ավելացված արժեքի հարկի պարտավորության մասով գույքի սեփականությունում բաժնեմաս ունեցողները կրում են համապարտ պարտավորություն:

(35-րդ հոդվածը խմբ. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 36. Ապրանքների աճուրդային վաճառքի դեպքում աճուրդի կազմակերպչի համար հարկվող շրջանառություն է համարվում վաճառվող ապրանքների սեփականատիրոջ (այլ անձի) կողմից միջնորդավճարի (պարգևավճարի, տոկոսի և այլն) գումարը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 37. Հայաստանի Հանրապետության տարածքում կապի ծառայությունների մատուցման ժամանակ հարկվող շրջանառություն է համարվում դրանց արժեքը` ելնելով սահմանված սակագներից:

Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված Էլեկտրակապի օպերատորի կամ փոստային կապի օպերատորի կողմից օտարերկրյա համապատասխան օպերատորներին մատուցվող այն ծառայությունների, որոնց մասով, համապատասխանաբար` Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) կանոնադրությանը կամ Համաշխարհային փոստային միության կանոնադրությանը համապատասխան, կատարվում է միջազգային փոխկապակցման ծառայությունների շրջանակներում միմյանց մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարների փոխադարձ հաշվարկ` կիրառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ:

(37-րդ հոդվածը լրաց. 26.12.97 ՀՕ-177, խմբ. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 38. Գրավի առարկայի օտարման դեպքերում սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է գրավատուն:

(38-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-276, 19.12.12 ՀՕ-240-Ն)

Հոդված 39.

(39-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-288)

 

Հոդված 391. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 28-րդ կետում նշված արտոնության կիրառման առումով մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր իրագործողներն այդ մասին նշումներ պետք է կատարեն Հայաստանի Հանրապետությունում գտնվող մատակարարների հետ կնքվող պայմանագրերում:

Մատակարարված ապրանքների գծով ստացված հասույթները կամ ստացված (առանց ԱԱՀ-ի) ապրանքներն ու ծառայությունները կանոնադրական (ծրագրային) նպատակներով չօգտագործելու դեպքում նշված ծրագրի (գործունեության) որակավորումը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործականի կարող է փոփոխել կամ կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, որը բերում է նշված արտոնությունների գործունեության դադարմանը կամ կասեցմանը:

Նախապես բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրի որակումը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից փոփոխվելու կամ կասեցվելու դեպքում ավելացված արժեքի հարկի նախկինում չվճարված գումարը, ինչպես նաև այն ուշ վճարելու համար սահմանված տույժի գումարը վճարելու պարտավորությունը կրում է`

ա) որպես բարեգործական կամ մարդասիրական որակումը կորցրած (փոփոխված) ծրագիրն իրականացրած կազմակերպությունն այն մասով, որով իրականացվող ծրագրի շահառու կողմը եղել են ֆիզիկական անձինք կամ կազմակերպություններ, եթե նախատեսված էր, որ ծրագրի շրջանակներում նշված անձինք պետք է ստանային ապրանքներ կամ ծառայություններ, իսկ ծրագիրն իր որակումը կորցրել է այդ ապրանքները կամ ծառայությունները փաստացի ստացված չլինելու պատճառով.

բ) որպես բարեգործական կամ մարդասիրական որակումը կորցրած (փոփոխված) ծրագրի շահառուներից յուրաքանչյուրը, եթե վերջիններս կազմակերպություններ են և նախատեսված էր, որ նշված անձինք պետք է ծրագրի շրջանակներում ստացած ապրանքների կամ ծառայությունների օգտագործման արդյունքում երրորդ անձանց մատուցեին ծառայություններ, իսկ ծրագիրն իր որակումը կորցրել է այդ ծառայությունները փաստացի մատուցած չլինելու պատճառով:

Նախապես բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրի որակումը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից փոփոխվելու կամ կասեցվելու դեպքում ավելացված արժեքի հարկի պարտավորությունների մասով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 301-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետի հաշվարկման սկիզբ է համարվում ծրագրով սահմանված` դրա գործողության ժամկետի վերջը:

(391-ին հոդվածը լրաց. 19.11.02 ՀՕ-461-Ն)

 

Հոդված 40. Առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև ոչ առևտրային կոոպերատիվների լուծարման ընթացքում դրանց կողմից սեփականության իրավունքի օբյեկտների և այլ գույքային իրավունքների օտարումը, այդ թվում` պետության և երրորդ անձանց հանդեպ պարտավորությունները կատարելուց (մարելուց) հետո բաժնետերերի, հիմնադիրների, փայամասնակիցների միջև բաշխումը (օտարումը) ենթակա է ԱԱՀ-ով հարկման` սահմանված ընդհանուր կարգով:

Անհատ ձեռնարկատերերի կողմից գործունեության դադարեցման դեպքում ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների մնացորդների մասով (այդ թվում` ապրանքների, արտադրանքի, մտավոր սեփականության օբյեկտների), այլ գույքային իրավունքների գծով ձեռքբերումների դիմաց վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) և մինչև գործունեության դադարեցումը հաշվանցված ԱԱՀ-ի գումարների չափով առաջանում է լրացուցիչ հարկային պարտավորություն:

(40-րդ հոդվածը խմբ. 26.12.00 ՀՕ-126, լրաց. 26.12.08 ՀՕ-246-Ն)

 

Հոդված 401. Գույքի հավատարմագրային կառավարման արդյունքում հավատարմագրային կառավարչի կողմից իրականացված` ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում այդ գործարքների համար սույն օրենքին համապատասխան որոշվող ընդհանուր շրջանառությունը: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը, իր և կառավարման հիմնադրի փոխարեն, կրում է գույքի հավատարմագրային կառավարիչը:

Հավատարմագրային կառավարման արդյունքում իրականացված գործարքների մասով բյուջե վճարման ենթակա է այդ գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և հավատարմագրային կառավարման հանձնված գույքի կազմում ներառվող` այդ գործարքների իրականացման նպատակով ձեռքբերված (ներմուծված) ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված` սույն օրենքին համապատասխան հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների տարբերությունը:

(401-ին հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-478-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  VIII

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 41. Սույն օրենքը խախտելու համար ԱԱՀ վճարողները և նրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 42. Հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված չհամարվելու ժամանաշրջանում ԱԱՀ վճարողների կողմից հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում այդ անձանցից գանձվում է տուգանք՝ դուրս գրված հարկային հաշիվերում առանձնացված ԱԱՀ-ի գումարի տասը տոկոսի չափով:

(42-րդ հոդվածը խմբ. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 43. Հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակաս ցույց տալու կամ պետական բյուջեից հաշվանցման ենթակա գումարն ավել ցույց տալու համապատասխան դեպքերի համար հարկ վճարողից գանձվում կամ առաջադրվում է`

1) պակաս հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը.

2) ավել հաշվարկված` պետական բյուջեից հաշվանցման ենթակա գումարը.

3) պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի և հարկ վճարողի ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկով պետական բյուջեից հաշվանցման ներկայացված գումարի հանրագումարը, եթե հարկ վճարողի կողմից ներկայացվել է բյուջեից հաշվանցման ենթակա գումարով ԱԱՀ-ի հաշվարկ, սակայն ստուգման արդյունքներով առաջանում է պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար:

Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ԱԱՀ-ի համապատասխան գումարի նկատմամբ հաշվարկվում և գանձվում է տուգանք`

ա) 100 տոկոսի չափով, եթե փաստացի իրականացված գործարքի գծով առաջացող պարտավորությունը նվազեցնելու նպատակով գործարքի իրական պայմաններին համապատասխանող` դուրս գրված հարկային հաշիվը հարկ վճարողի կողմից անվավեր է ճանաչվել,

բ) սույն մասի «ա» կետում չնշված դեպքերում` սույն հոդվածին համապատասխան հաշվարկվող` պետական բյուջե վճարման ենթակա գումարի 50 տոկոսի չափով, իսկ սույն կետով սահմանված տուգանքը կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն տեսակի խախտումը կրկին կատարելու դեպքում տուգանք` բյուջե վճարման ենթակա գումարի 100 տոկոսի չափով:

Սույն հոդվածին համապատասխան հաշվարկվող` պետական բյուջե վճարման ենթակա գումարները և տուգանքները հաշվարկվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:

Ամսական ավելացված արժեքի հարկ վճարողների համար սույն հոդվածով սահմանված դրույթները (այդ թվում` պատասխանատվությունը) չեն կիրառվում, եթե չի ավարտվել այն եռամսյակի համար տեղեկությունների ներկայացման վերջնաժամկետը, որն ընդգրկում է հարկային հաշվի վերաբերյալ դուրս գրման (ստացման), իսկ հաշվանցումների կատարման մասով` փաստացի հաշվանցման ամիսը:

(43-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-126, փոփ. 14.12.01 ՀՕ-288, լրաց. 25.12.03 ՀՕ-54-Ն, 20.05.10 ՀՕ-80-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-240-Ն)

Հոդված 431. Սույն օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացվող տեղեկանքում ապրանքների մատակարարմանը կամ ձեռքբերմանը և ծառայությունների մատուցմանը կամ ստացմանը վերաբերող հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ չներառելու (չներկայացնելու) դեպքում տեղեկությունները ներկայացնող անձը վճարում է տուգանք` սխալ ներկայացված կամ չներկայացված յուրաքանչյուր տեղեկության (հարկային հաշվի) համար 5,000 դրամի չափով, բացառությամբ ճշգրտված տեղեկությունների ներկայացման դեպքերի:

Ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց վերաբերյալ, սույն օրենքի 20 հոդվածին համապատասխան, հարկային մարմին տեղեկություններ (այդ թվում` ճշգրտված) չեն ներկայացվել կամ որոնց վերաբերյալ ներկայացված կամ չներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում հարկային հաշվում արտացոլված տվյալներին (վավերապայմաններին)` հաշվանցման ենթակա չեն: Ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնք ներկայացվել են (ներառվել են տեղեկանքում) հարկային հաշվի ստացմանը հաջորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանում, հաշվանցվում են տեղեկությունների ներկայացման ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով: Տուգանքը վճարվում է հարկային մարմնի կողմից հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ չներառելու (չներկայացնելու) փաստն արձանագրող համապատասխան ակտը հարկային մարմնի կողմից ներկայացվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

(431-ին հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-126, 14.12.01 ՀՕ-288, 11.12.02 ՀՕ-478-Ն, 25.12.03 ՀՕ-54-Ն, 21.08.08 ՀՕ-146-Ն, լրաց., խմբ. 26.12.08 ՀՕ-246-Ն, փոփ., լրաց. 29.10.09 ՀՕ-203-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 432. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգի խախտմամբ կամ ապօրինի ձեռք բերված կամ պատճենահանված ձևերի լրացմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ դուրս գրողը վճարում է տուգանք` հարկային հաշվի լրիվ արժեքով հատուցման գումարի (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը) կրկնակիի չափով, բայց ոչ պակաս 5 միլիոն դրամից:

(432-րդ հոդվածը լրաց. 29.10.09 ՀՕ-203-Ն)

 

Հոդված 44.

(44-րդ հոդվածն ուժը կոցրել է 26.12.97 ՀՕ-177)

 

Հոդված 441. Օրենսդրությամբ սահմանված կարգով առ ոչինչ և անվավեր ճանաչվող գործարքների, ավելացված արժեքի հարկից ազատված կամ հարկման օբյեկտ չհանդիսացող գործարքների, շրջանառության հարկով, արտոնագրային կամ հաստատագրված վճարով հարկվող գործունեությանը վերաբերող գործարքների գծով մատակարարների կողմից դուրս գրված կամ սույն օրենքի 43.2 հոդվածում կամ անապրանք փաստաթղթում նշված, հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման: Այդպիսի հարկային հաշիվներում առանձնացված` ԱԱՀ-ի հաշվանցված գումարները ենթակա են վերաձևակերպման: Ընդ որում, ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից դուրս գրված կամ շրջանառության հարկով, արտոնագրային կամ հաստատագրված վճարով հարկվող գործունեությանը վերաբերող կամ սույն օրենքի 43.2 հոդվածում նշված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման (հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից պակասեցման) այն հաշվետու ժամանակաշրջանում, որում պարզվել կամ արձանագրվել է դրանց հաշվանցման անթույլատրելիությունը: Անապրանք փաստաթղթերի օգտագործման միջոցով, ինչպես նաև ավելացված արժեքի հարկից ազատված կամ հարկման օբյեկտ չհանդիսացող, օրենսդրությամբ սահմանված կարգով առ ոչինչ և անվավեր ճանաչվող գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման այն հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, որում իրականացվել են այդ գործարքները (կատարվել է հաշվանցում):

Հաշվանցված ԱԱՀ-ի գումարների սույն հոդվածով սահմանված կարգով չձևակերպելը (չպակասեցնելը) դիտվում է որպես օրենքով նախատեսված կարգի խախտումով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ-ի գումարների հաշվանցում (պակասեցում):

(441-ին հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-288, 11.12.02 ՀՕ-478-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-261-Ն, փոփ., լրաց. 29.10.09 ՀՕ-203-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-213-Ն, փոփ. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 45. Եթե ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձինք սույն օրենքի 3 հոդվածի պահանջներին համապատասխան պարտավոր էին, սակայն չեն վճարել ԱԱՀ` իրականացնելով հարկվող գործարքներ (գործառնություններ), ապա դա առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 451.

(451-ին հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-126, ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-478-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  IX

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 46. Սույն օրենքի դրույթներին վերաբերող հրահանգները, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումները հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, ինչպես նաև`

 - օրենքի 15 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթների վերաբերյալ պարզաբանումները` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ.

- օրենքի 15 հոդվածի 5 - 7-րդ կետերի դրույթների վերաբերյալ պարզաբանումները` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ.

- օրենքի 15 հոդվածի 8-րդ կետի դրույթների վերաբերյալ պարզաբանումները` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ.

- օրենքի 15 հոդվածի 13-րդ կետի դրույթների վերաբերյալ պարզաբանումները` Հայաստանի Հանրապետության կապի նախարարության հետ.

- օրենքի 15 հոդվածի 18-րդ կետի և 16 հոդվածի 10-րդ կետի (շինարարական և հարակից աշխատանքների գծով) դրույթների վերաբերյալ պարզաբանումները` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության հետ.

- օրենքի 15 հոդվածի 19-րդ կետի դրույթների վերաբերյալ պարզաբանումները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ:

 Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձվող ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման կարգին վերաբերող դրույթների մասով համապատասխան հրահանգը, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումները հաստատում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության հետ:

 

Հոդված 47. Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

Հոդված 48. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:

Օրենքը ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հունիսի 30-ի օրենքը:

Սույն օրենքի 15 հոդվածի 24-րդ կետն ուժի մեջ է մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Սույն օրենքի 15 հոդվածի 25-րդ կետն ուժի մեջ է մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Սույն օրենքի 15-րդ հոդվածի 29-րդ կետն ուժի մեջ է մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

 (պարբերությունն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-3-Ն)

(48-րդ հոդվածը լրաց. 30.09.97 ՀՕ-146, 04.10.05 ՀՕ-182-Ն, 19.03.09 ՀՕ-65-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-3-Ն)

 

Հավելված 1

«Ավելացված արժեքի հարկի մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

Ավելացված արժեքի հարկի հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ԵՎ (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծության որոշման կարգը

1. Սույն կարգով սահմանվում են`

ա) օրենքով սահմանված կարգով անցկացվող՝ հարկային հաշվանցումների ուսումնասիրության կամ ստուգման միջոցով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) գծով (այսուհետ՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով) հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծության որոշման, այդ նպատակով հարկ վճարողի դեբետային մնացորդում գերավճարի և չհաշվանցվող մնացորդների գումարների որոշման կարգը, ուսումնասիրությունների և ստուգումների իրականացման առանձնահատկությունները.

բ) հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար հարկ վճարողի կողմից հարկային մարմին փաստաթղթերի ներկայացման կարգն ու ժամկետները:

2. Սույն կարգին համապատասխան հաշվանցվում և (կամ) վերադարձվում են նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարները:

3. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելն իրականացված՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով գումարները հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցվում և (կամ) վերադարձվում են այդ գործարքների իրականացման պահին գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

4. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով գումարները հաշվանցվում են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց և (կամ), պետական բյուջե հաշվեգրվող հարկային պարտավորությունների բացակայության դեպքում, վերադարձվում կամ հաշվանցվում են հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու վերաբերյալ դիմում (այսուհետ՝ դիմում) ներկայացնելու դեպքում: Դիմումի ձևը սահմանում է հարկային մարմինը:

5. Հարկ վճարողի ԱԱՀ-ի դեբետային մնացորդի այն մասը, որը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սահմանված չափից ավելի վճարված գումար է (գերավճարի մնացորդը), ենթակա է այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով: Ընդ որում, գերավճարի մնացորդի մեծությունը որոշվում է հարկային պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման միջոցով:

6. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը որոշելիս որպես ԱԱՀ-ի դեբետային մնացորդ ընդունվում է հարկ վճարողի դիմումի ներկայացման ամսաթվի դրությամբ ԱԱՀ-ի փաստացի դեբետային մնացորդը, առանց գերավճարի մնացորդի և հարկի չհաշվանցվող մնացորդի գումարների: Ընդ որում, հարկի չհաշվանցվող մնացորդ են համարվում այն գումարները, որոնց հաշվանցումը և (կամ) վերադարձն անցկացվող և (կամ) նախկինում անցկացված ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ համարվել են չհիմնավորված, ինչպես նաև այն գումարները, որոնց վերաբերող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետներն օրենքով սահմանված դեպքերում կասեցվել են:

7. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով գումարները հաշվանցվում են դիմումի հիման վրա օրենքով սահմանված կարգով անցկացված՝ հարկային հաշվանցումների ուսումնասիրության կամ ստուգման (այսուհետ՝ ուսումնասիրություն կամ ստուգում) արդյունքներով: Հարկային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման իրականացման ընթացքում հարկ վճարողի կողմից դիմում ներկայացվելու դեպքում այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում են ստուգման արդյունքներով: Հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

8. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկն իրականացվում է ըստ հաշվետու ժամանակաշրջանների: Ընդ որում`

ա) եթե հարկ վճարողը ներկայացրել է որևէ (մեկ) հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու մասին դիմում, ապա որպես ԱԱՀ-ի դեբետային մնացորդ ընդունվում է դիմումի ներկայացման օրվա և այդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացմանը հաջորդող օրվա դրությամբ, սույն կարգի 6-րդ կետին համապատասխան որոշվող` դեբետային մնացորդներից նվազագույնը.

բ) եթե հարկ վճարողը ներկայացրել է երկու և ավելի հաշվետու ժամանակաշրջաններում իրականացրած՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու մասին դիմում, ապա որպես վերջին հաշվետու ժամանակաշրջանի դեբետային մնացորդ ընդունվում է սույն կետի «ա» ենթակետին համապատասխան որոշվող դեբետային մնացորդը, իսկ նախորդ հաշվետու ժամանակաշրջանների մնացորդ՝ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացմանը հաջորդող օրվա դրությամբ, սույն կարգի 6-րդ կետին համապատասխան որոշվող` դեբետային մնացորդը: 

9. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա է սույն կարգի 6-րդ կետին համապատասխան որոշվող՝ ԱԱՀ-ի դեբետային մնացորդի (այսուհետ՝ ԱԱՀ-ի դեբետային մնացորդի) այն մասը, որը չի գերազանցում այդ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոսը:

Երկու և ավելի ժամանակաշրջանների համար այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելիս հաշվանցվում և (կամ) վերադարձվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված համապատասխան գումարների հանրագումարը, սակայն ոչ ավելի հարկ վճարողի դիմումի ներկայացման օրվա դրությամբ դեբետային մնացորդից: Հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված գումարների հանրագումարը հարկ վճարողի դիմումի ներկայացման օրվա դրությամբ դեբետային մնացորդը գերազանցելու դեպքում հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն ըստ ժամանակաշրջանների բաշխելիս գերազանցող գումարը նվազեցվում է վերջին ժամանակաշրջանի համար հաշվարկված գումարից:

10. Եթե որևէ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի դեբետային մնացորդը գերազանցում է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարը, ապա գերազանցող մեծությունը վերագրվում է հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններին: Գերազանցող մեծությունը համարվում է վերագրված հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններին, եթե այն հաշվի է առնվում որևէ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարը որոշելիս (եթե այդ գումարը ներառված է հարկ վճարողի դիմում ներկայացնելու օրվա դրությամբ ԱԱՀ-ի դեբետային մնացորդում):

11. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառությունը որոշվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով: ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող շրջանառությունը հավելագրելու փաստ հայտնաբերելու դեպքերում անցկացվում է ստուգում, և հարկային մարմինն իրավասու է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող շրջանառությունը հաշվարկել անուղղակի եղանակներով՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան: ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող շրջանառությունը հավելագրելու հետևանքով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց ավել հաշվանցված և (կամ) ավել վերադարձված գումարը համարվում է հարկ վճարողի կողմից օրենքով սահմանված չափից ավելի հաշվանցված հարկային պարտավորության գումար, որի նկատմամբ ստուգման ակտով հաշվարկվում են օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ:

12. Հարկային մարմինը պարտավոր է ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու և (կամ) վերադարձնելու նպատակով կազմել և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել համապատասխան եզրակացություն, կամ ուսումնասիրության արձանագրության կամ ստուգման ակտի օրինակը հարկ վճարողին տրամադրելու միջոցով տեղեկացնել հաշվանցման կամ վերադարձման իրավունքը լրիվ կամ մասնակիորեն ճանաչելու մասին:

Ուսումնասիրության արձանագրության կամ ստուգման ակտում մասնավորապես նշվում են`

ա) որոշման կայացման իրավական հիմքերը (այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել).

բ) այն փաստաթղթերն ու փաստերը, որոնք հիմք են ծառայել նման որոշում ընդունելու համար:

13. Ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարները համարվում են չհիմնավորված, եթե չեն պահպանվել օրենքով սահմանված պահանջները: Ընդ որում, այդ գումարները համարվում են չհիմնավորված, եթե՝

ա) ԱԱՀ-ի դեբետային մնացորդն առաջացել է ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների դուրս գրած այնպիսի հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ԱԱՀ-ի գումարներից, որոնք «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով հարկային հաշիվ չեն համարվում.

բ) ԱԱՀ-ի գումարների հաշվանցում կատարվել է այնպիսի հարկային հաշիվներով, որոնցում արտացոլված ԱԱՀ-ի գումարները, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 431-րդ հոդվածի համաձայն, ենթակա չեն տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման.

գ) ԱԱՀ-ի գումարների հաշվանցում կատարվել է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածին համապատասխան անապրանք համարվող փաստաթղթերով.

դ) ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը կապված է այնպիսի գործարքների հետ, որոնք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն, անվավեր են.

ե) ԱԱՀ-ի գումարները հաշվանցվել են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ, 241-րդ, 242-րդ, 26-րդ կամ 27-րդ հոդվածներով սահմանված կարգերի խախտմամբ.

զ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 441-րդ հոդվածում նշված գործարքներին վերաբերող ձեռքբերումների (ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների) մասով մատակարարների դուրս գրած հարկային հաշիվներով կատարվել է հաշվանցում.

է) ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը թաքցնելու կամ պակաս ցույց տալու արդյունքում կատարվել է օրենքով սահմանված չափից ավելի գումարի հաշվանցում.

ը) հարկ վճարողի ներկայացրած փաստաթղթերով չի հիմնավորվել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով դիմումում նշված իրացման շրջանառությունը: Այդ դեպքում որպես ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով իրացման շրջանառություն ընդունվում է հարկ վճարողի ներկայացրած՝ փաստաթղթերով հիմնավորված մասը:

Ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման գործարքների մասով ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը չհիմնավորված համարվելու դեպքերում (սույն կետի «ա»-«դ» ենթակետերում նշված դեպքերում) այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման համար հարկ վճարողի ներկայացրած գումարը չհիմնավորված է համարվում միայն այդ գործարքների մասով:

Օրենքով և իրավական ակտերով չնախատեսված գումարով հաշվանցում կատարելու դեպքերում (սույն կետի «զ» և «է» ենթակետերում նշված դեպքերում) այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման համար հարկ վճարողի ներկայացրած գումարը չհիմնավորված է համարվում միայն այդ գումարների մասով:

14. Որևէ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի դեբետային մնացորդի և ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների իրականացման փաստը հիմք չէ այլ հարկային պարտավորությունները կատարված համարելու, ինչպես նաև հարկերի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար օրենքով սահմանված տույժերը չհաշվարկելու համար, եթե հարկ վճարողը սույն կարգին համապատասխան չի ներկայացրել դիմում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարներն այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու մասին: Հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առկայությունն արձանագրվելու (կամ հիմնավորվելու) դեպքում ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար, սույն կարգի 9-րդ կետին համապատասխան հաշվարկված գումարներով, կազմված համապատասխան եզրակացություններով, հաշվանցվում են հարկ վճարողի տվյալ հաշվետու ժամանակաշրջանի այլ հարկային պարտավորությունները: Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների գծով նախկինում հաշվարկված տույժերը վերահաշվարկվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները և ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացման ամսաթիվը:

15. ԱԱՀ-ի դեբետային մնացորդը հարկային մարմնի կողմից առանց ուսումնասիրության կամ ստուգման չի կարող ուղղվել այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման:

Սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գծով առաջացող` հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են տվյալ հարկ վճարողի կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարներից՝ օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

16. (կետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-240-Ն)

17. (կետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-240-Ն)

18. Եթե դիմում ներկայացնելու պահին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, ապա ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է օրենքով սահմանված կարգով՝ նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո:

19. ԱԱՀ-ի գումարները հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ժամկետի սկիզբ է համարվում հարկ վճարողի դիմում ներկայացնելու ժամկետը՝ դիմումում նշված գումարի այն մասով, որով սույն կարգին համապատասխան չի մերժվել և (կամ) չի կասեցվել հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը:

20. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը որոշելու նպատակով ուսումնասիրության կամ ստուգման ընթացքում մասնավորապես՝

ա) ճշտվում են դիմումի ստացման օրվա դրությամբ հարկ վճարողի հարկային պարտավորությունները` համադրելով հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում արձանագրված և հարկ վճարողի ներկայացրած տեղեկությունները՝ կազմելով փոխադարձ ստուգման ակտ.

բ) ճշտվում են հարկ վճարողի մոտ անցկացված նախորդ ուսումնասիրություններով արձանագրված այն գումարները, որոնք համարվել են չհիմնավորված և այն գումարները, որոնց վերաբերող գործարքների մասով ուսումնասիրության ժամկետի ընթացքը կասեցվել է.

գ) իրականացվում է օրենքով սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերության (գերազանցող գումարի) ուսումնասիրություն, որի ընթացքում ճշտվում է հարկ վճարողի ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկների արժանահավատությունը:

Ուսումնասիրության ժամանակ մասնավորապես ճշտվում են`

ա) ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների իրացման շրջանառությունը.

բ) ձեռքբերումների գծով հարկային հաշիվների համապատասխանությունը «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պահանջներին.

գ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան՝ դուրս գրված և ստացված հարկային հաշիվների մասին հարկ վճարողի կողմից տեղեկությունները սահմանված ժամկետում ներկայացվելու փաստը.

դ) այնպիսի հարկային հաշիվների առկայությունը, որոնք, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի համաձայն, համարվում են անապրանք, և որոնք վերաբերում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 441-րդ հոդվածում նշված գործարքներին (գործունեությանը):

Ուսումնասիրության արդյունքներով կազմված արձանագրության կամ ստուգման ակտի հիման վրա կազմվում է սահմանված ձևի համապատասխան եզրակացություն՝ այն գումարով, որի հաշվին այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցումը և (կամ) վերադարձը չի մերժվել կամ համարվել է հիմնավորված:

21. Այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումներն իրականացվում են` պահպանելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային պարտավորությունների մարման կարգը:

22. Օրենքով սահմանված կարգով կատարված հաշվանցումների (հարկային մարմնի կողմից հաշվառվող բոլոր հարկային պարտավորությունների մարման) արդյունքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի մնացորդը հարկ վճարողի ցանկությամբ կարող է ուղղվել հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքների գծով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների հաշվանցմանը, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների մասով մաքսային մարմիններին վճարման ենթակա՝ հարկերի գծով պարտավորությունների մարմանը կամ կարող է վերադարձվել:

23. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը որոշելու նպատակով ուսումնասիրությունն անցկացվում է հարկ վճարողի դիմումի ստացման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում (ներառյալ ուսումնասիրություն անցկացնելու մասին հարկային մարմնի կողմից որոշում կայացնելու համար նախատեսված ժամկետը): Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով սույն կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել ևս 10 աշխատանքային օրով, եթե ուսումնասիրության 15-օրյա ժամկետն անբավարար է ներկայացված փաստաթղթերը պատշաճ կարգով ուսումնասիրելու կամ անհրաժեշտության դեպքում հարկ վճարողի հետ գործարքներ իրականացրած այլ հարկ վճարողների մոտ օրենսդրությամբ սահմանված ուսումնասիրություններ, ստուգումներ կամ այլ գործողություններ կատարելու համար:

24. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման համար սահմանված ժամկետները սույն կարգով և օրենքով սահմանված դեպքերում կարող են կասեցվել:

25. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման մասին հարկ վճարողի դիմումը հարկային մարմնի կողմից մերժվում է, եթե`

ա) օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության կամ ստուգման արդյունքում պարզվել է, որ սույն կարգի համաձայն ներկայացվող փաստաթղթերում ներառված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

բ) ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով գործարքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, առոչինչ են: Առանձին գործարքներ առոչինչ հանդիսանալու դեպքում հաշվանցման և (կամ) վերադարձման մասին դիմումը մերժվում է միայն այդ գործարքների մասով.

գ) հարկ վճարողի կողմից ներկայացված՝ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը, սույն կարգի 13-րդ կետի համաձայն, հիմնավորված չէ:

Առանձին գործարքների մասով տեղեկություններն իրականությանը չհամապատասխանելու կամ առանձին գործարքներ առոչինչ հանդիսանալու դեպքերում հարկ վճարողի դիմումը մերժվում է այդ գործարքների մասով, իսկ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը մասնակիորեն հիմնավորված չլինելու դեպքում՝ չհիմնավորված գումարի մասով:

26. Սույն կարգի 24-րդ և 25-րդ կետերում նշված դեպքերում, եթե անցկացվում է ուսումնասիրություն, ապա հարկային մարմինը պարտավոր է որոշումն ընդունելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հարկ վճարողի դիմումի ստացման օրվան հաջորդող 21-րդ աշխատանքային օրը, հարկ վճարողին գրավոր տեղեկացնել այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ժամկետը (ուսումնասիրության ժամկետի ընթացքը) կասեցնելու մասին՝ նշելով նման որոշում կայացնելու հիմքերը: Հարկ վճարողի կողմից նման որոշման կապակցությամբ ներկայացված գրավոր առարկությունները քննարկվում են դրանց ստացման օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում՝ կայացնելով ուսումնասիրությունը շարունակելու, հարկ վճարողի դիմումը բավարարելու կամ առարկությունները մերժելու վերաբերյալ որոշում, որի մասին նշված ժամկետում տեղեկացնում է հարկ վճարողին:

27. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման նպատակով ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնող անձանց գործողությունների բողոքարկումը իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ու անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

28. Ուսումնասիրություն կամ ստուգում անցկացնելու որոշում ընդունելու, ուսումնասիրություն կամ ստուգում անցկացնելու և հարկ վճարողին գումարների վերադարձման ժամկետները (բացառությամբ սույն կարգի 24-րդ կետի համաձայն ուսումնասիրության ժամկետների կասեցման դեպքերի) խախտելու համար հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող է գանգատարկվել «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե այդ ժամկետների խախտման արդյունքում հարկ վճարողին օրենքով սահմանված ժամկետում չեն վերադարձվել ԱԱՀ-ի գումարները:»:

(հավելվածը լրաց. 11.10.07 ՀՕ-211-Ն, փոփ. 19.12.12 ՀՕ-240-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
16 հունիսի 1997 թ.
 ՀՕ-118