Համարը 
ՀՕ-20-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.04.25/22(962) Հոդ. 336
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
19.03.2013
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.04.2013
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.05.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2013 թվականի մարտի 19-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-99 օրենքի 1-ին հոդվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) նախաբանի 2-րդ մասի առաջին նախադասությունում, 11-րդ հոդվածի 3-րդ մասում և 25-րդ հոդվածում «կանոնադրությամբ» բառը փոխարինել «կանոնագրքով» բառով:

 

Հոդված 2. Կանոնագրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում և 77-րդ հոդվածի 1-ին մասում «կանոնադրության» բառը փոխարինել «կանոնագրքի» բառով:

 

Հոդված 3. Կանոնագրքի 91-րդ հոդվածի տասնմեկերորդ պարբերությունում «, ինչպես նաև կալանատանը ձերբակալվածների պահպանությունը» բառերը հանել:

 

Հոդված 4. Կանոնագրքի 92-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) «սույն Կանոնադրության» բառերը փոխարինել «սույն Կանոնագրքի» բառերով.

2) «կանոնադրության» բառը փոխարինել «կանոնագրքի» բառով:

 

Հոդված 5. Կանոնագրքի 96-րդ հոդվածի տասնմեկերորդ պարբերությունում «, ինչպես նաև մեկուսացվածների պահպանությունը կարգապահական մեկուսարանում» բառերը հանել:

 

Հոդված 6. Կանոնագրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասում «սույն Կանոնադրության» բառերը փոխարինել «սույն Կանոնագրքի» բառերով:

 

Հոդված 7. Կանոնագիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 126.1-ին և 126.2-րդ հոդվածներով.

 

«Գնդի սպա-հոգեբանը

 

Հոդված 126.1. Գնդի սպա-հոգեբանը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է գնդում հոգեբանական աշխատանքի կազմակերպման, անձնակազմի հոգեբանական վիճակի, զինծառայողների հոգեկան կայունության պահպանմանն ուղղված աշխատանքների համար: Նա ենթարկվում է գնդի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալին, ղեկավարում է զորամասի հոգեբանական օգնության և վերականգնողական կետի աշխատանքները:

 

Հոդված 126.2. Գնդի սպա-հոգեբանը պարտավոր է`

 

- իմանալ գնդի յուրաքանչյուր սպայի և ենթասպայի հոգեբանական նկարագիրը, առանձին ստորաբաժանումների բոլոր զինծառայողներին, ինչպես նաև այն զինծառայողներին, որոնց նկատմամբ պահանջվում է հոգեբանական և մանկավարժական հատուկ ուշադրություն.

- կազմակերպել և անցկացնել գնդի զինծառայողների սոցիալ-հոգեբանական ու բարոյահոգեբանական գործընթացների և երևույթների ուսումնասիրություններ, դրանց արդյունքներով առաջարկություններ ներկայացնել զորամասի հրամանատարին և հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալին.

- առօրյա գործունեության, մարտական (ուսումնամարտական) առաջադրանքների կատարման, մարտական պատրաստականության, մարտական հերթապահության (մարտական ծառայության), պահակային և ներքին ծառայության կրման ժամանակ կազմակերպել և իրականացնել գնդի անձնակազմի հոգեբանական աշխատանքը.

- կազմել և գնդի հրամանատարի` սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական-սպայի հետ մշտապես ճշտել գնդի սոցիալ-հոգեբանական ու բարոյահոգեբանական բնութագիրը, դրա արդյունքներով համապատասխան աշխատանքների իրականացման ուղղությամբ համագործակցել զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալի և զորամասի հոգևոր սպասավորի հետ.

- մասնակցել ըստ ստորաբաժանումների և զինվորական մասնագիտությունների անձնակազմի բաշխման աշխատանքներին.

- անցկացնել զինվորական ծառայությանը և մարտական հերթապահության պայմաններին զինծառայողների հոգեբանական հարմարվողականությանն ուղղված միջոցառումներ, իրականացնել այդ պայմաններում նրանց հոգեբանական ուղեկցությունը.

- պարբերաբար վերլուծել զինվորական կոլեկտիվների հոգեբանական իրավիճակը, իրականացնել հոգեբանական կորուստների կանխատեսում և հաշվարկ, ձեռնարկել աշխատանքներ ինքնավնասման երևույթների կանխարգելման, ինքնավնասման հակված անձանց բացահայտման համար, այդ ուղղությամբ համագործակցել զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալի և զորամասի հոգևոր սպասավորի հետ.

- ենթակա անձնակազմի մոտ հոգեբանական աշխատանքի ձևերին ու մեթոդներին տիրապետելու և դրանք ճիշտ կիրառելու նպատակով կազմակերպել սպաների, ենթասպաների, սերժանտների ուսուցանում.

- կազմակերպել մշտական տեղակայման վայրերից դուրս զենքի և զինվորական տեխնիկայի հետ առնչվող անձնակազմի և առանձին զինծառայողների հետ հոգեբանական աշխատանքներ.

- իր գործունեության ընթացքում պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները.

- մշտապես համալրել հոգեբանական աշխատանքի համար նախատեսվող ուսումնանյութական բազան.

- զորամասի հրամանատարին և հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալին զեկուցել զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու գնդի քաղաքացիական անձնակազմի հոգեբանական վիճակի, առաջացած առանձին խնդիրների և իրականացվող միջոցառումների մասին, այդ ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ:»:

 

Հոդված 8. Կանոնագիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 140.1-ին և 140.2-րդ հոդվածներով.

 

«Գումարտակի հրամանատարի` հրետանու գծով օգնականը

 

Հոդված 140.1. Գումարտակի հրամանատարի` հրետանու գծով օգնականը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է գումարտակի հրետանային ստորաբաժանումների մարտական կիրառման, իր մասնագիտության գծով անձնակազմի մարտական պատրաստականության, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի, գումարտակի հրետանային ստորաբաժանումների սպառազինության և ռազմական տեխնիկայի սարքինության և ճիշտ շահագործման, ինչպես նաև իրեն վերաբերող մասով ուսումնանյութական բազայի վիճակի համար: Նա ենթարկվում է գումարտակի հրամանատարին և գումարտակի հրետանային ստորաբաժանումների անձնակազմի ուղղակի պետն է:

 

Հոդված 140.2. Գումարտակի հրամանատարի` հրետանու գծով օգնականը պարտավոր է`

 

- մասնակցել գումարտակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը, իրեն վերաբերող մասով կազմակերպել և ղեկավարել դրանց կատարումը.

- ապահովել գումարտակի սպաների և ենթասպաների պատրաստությունը հրետանու մարտական կիրառման ուղղությամբ, իրեն վերաբերող մասով ուսումնական պարապմունքներ անցկացնել գումարտակի հրետանային ստորաբաժանումների հետ.

- ուսումնասիրել գումարտակի հրետանային ստորաբաժանումների յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և սերժանտի բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես տանել անհատական դաստիարակչական աշխատանքներ.

- գումարտակի հրետանային ստորաբաժանումներում առնվազն երեք ամիսը մեկ անձամբ ստուգել սպառազինության տեխնիկական վիճակը, լրակազմությունը, հաշվառման և պահպանության կարգը.

- հսկողություն իրականացնել գումարտակի հրետանային ստորաբաժանումներում սպառազինության և ռազմամթերքի պահպանության ու սպասարկման ժամանակ հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջների կատարման նկատմամբ.

- ապահովել ենթակա անձնակազմին հրաձգության, վարժանքների, տեխնիկայի, սարքավորումների և ռազմամթերքի հետ աշխատանքների անվտանգության կանոնների պահպանության հրահանգավորումը և վերահսկել դրանց պատշաճ իրականացումը.

- ղեկավարել ուսումնանյութական բազայի սարքավորման աշխատանքները:»:

 

Հոդված 9. Կանոնագիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 159.1-ին հոդվածով.

 

«Հոդված 159.1. Սույն Կանոնագրքի 141-րդ, 142-րդ, 143-րդ, 144-րդ, 145-րդ, 146-րդ, 147-րդ, 148-րդ, 149-րդ, 150-րդ, 151-րդ, 152-րդ, 153-րդ, 154-րդ, 155-րդ և 156-րդ հոդվածներով սահմանված պաշտոնատար անձանց իրավասությունները և պարտականությունները տարածվում են նաև կարգապահական վաշտերի համապատասխան պաշտոնատար անձանց վրա: Կարգապահական վաշտում կարգապահական տույժ կրող զինծառայողները պարտավոր են խստորեն պահպանել սույն Կանոնագրքի 157-րդ և 158-րդ հոդվածների պահանջները, կարգապահական վաշտում ծառայությունը տանել օրվա խստացված կարգացուցակին համապատասխան:»:

 

Հոդված 10. Կանոնագրքի 229-րդ հոդվածի 1-ին մասը «2 ժամից ոչ քիչ» բառերից հետո լրացնել «, իսկ կարգապահական վաշտում` առնվազն 1 ժամ» բառերով:

 

Հոդված 11. Կանոնագրքի 246-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի առաջին նախադասության «եթե նրա վրա դրված չէ «հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժը,» բառերը փոխարինել «եթե նրան տրված չեն «զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կամ «կարգապահական վաշտ ուղարկելը» կարգապահական տույժերը,» բառերով.

2) 6-րդ մասի «կանոնադրության» բառը փոխարինել «կանոնագրքի» բառով:

 

Հոդված 12. Կանոնագրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունում «կանոնադրության» բառը փոխարինել «կանոնագրքի» բառով:

 

Հոդված 13. Կանոնագրքի 280-րդ հոդվածի 2-րդ մասում «կանոնադրությանը» բառը փոխարինել «կանոնագրքին» բառով:

 

Հոդված 14. Կանոնագրքի 284-րդ հոդվածի 1-ին մասում և 291-րդ հոդվածի 3-րդ մասում «կանոնադրության» բառը փոխարինել «կանոնագրքի» բառով:

 

Հոդված 15. Կանոնագրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությունում «մեկուսացվածների գրքով ճշտում է մեկուսացվածների թիվը և կարգապահական մեկուսարանում նրանց պահելու ժամկետները» բառերը փոխարինել «կարգապահական վաշտ ուղարկվածների հաշվառման մատյանով ճշտում է կարգապահական վաշտ ուղարկվածների թվաքանակը և կարգապահական վաշտում նրանց գտնվելու ժամկետները» բառերով:

 

Հոդված 16. Կանոնագրքի 295-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գնդի հերթապահը երեկոյան ստուգումից (անվանականչից) և վերկացից հետո ստորաբաժանումների հերթապահներից զեկույցներ է ընդունում զորամասից բացակայողների, այդ թվում` կարգապահական վաշտում գտնվողների կամ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողած կամ ժամանակին ծառայության չներկայացած զինծառայողների վերաբերյալ, որոնց ցուցակներն առավոտյան զեկույցից հետո ներկայացնում է գնդի հրամանատարին:»:

 

Հոդված 17. Կանոնագրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում «կանոնադրության» բառը փոխարինել «կանոնագրքի» բառով:

 

Հոդված 18. Կանոնագրքի 357-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

 

«Կարգապահական վաշտում տույժ կրող զինծառայողները բժշկական հաստատություն տեղափոխվում և բժշկական հաստատությունից կարգապահական վաշտ վերադարձվում են կարգապահական վաշտի միջոցներով:»:

 

Հոդված 19. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասը:

 

Հոդված 20. Կանոնագրքի 1-ին հավելվածի 11-րդ մասում «Կանոնադրության» բառը փոխարինել «Կանոնագրքի» բառով:

 

Հոդված 21. Կանոնագրքի 3-րդ հավելվածում`

 

1) 14-րդ մասի «ծառայությունների կանոնադրությամբ» բառերը փոխարինել «ծառայությունների կանոնագրքով» բառերով.

2) 19-րդ մասի առաջին նախադասության և 30-րդ մասի «սույն Կանոնադրության» բառերը փոխարինել «սույն Կանոնագրքի» բառերով:

 

Հոդված 22. Կանոնագրքի 10-րդ հավելվածի 3-րդ մասում`

 

1) տասնմեկերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«կարգապահական վաշտ ուղարկվածների հաշվառման մատյանը,».

2) երեսուներեքերորդ պարբերության «և կալանվածների» բառերը հանել:

 

Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 13

Երևան

ՀՕ-20-Ն