Համարը 
ՀՕ-93-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.07.24/40(980) Հոդ.721
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
19.06.2013
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.07.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2013 թվականի հունիսի 19-ին

 

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-63-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասը «ներմուծվող» բառից հետո լրացնել «և (կամ) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարվող» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29-րդ կետով.

«29) հաշվառված ավտոտրանսպորտային միջոց` ավտոտրանսպորտային միջոց, որը Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնի կողմից հաշվառված է որևէ անձի կամ կազմակերպության անվամբ (անվանմամբ) և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումից ժամանակավոր հանված չէ:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`

 

1) վերնագրից հանել «և ԱՊՊԱ կտրոնը» բառերը.

2) 2-րդ մասի 1-ին կետը «սեփականատիրոջ» բառից հետո լրացնել «, իսկ սեփականատիրոջ մահվան դեպքում մինչև նոր սեփականատիրոջ իրավունքի պետական գրանցումը` տիրապետող ժառանգի» բառերով, իսկ «օտարման պայմանագրով» բառերից հետո` «(ներառյալ` հետագայում ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացում կնքման ենթակա)» բառերով.

3) 4-րդ մասի երրորդ և չորրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Արգելվում է առանց գործող (ներառյալ` գրանցվող ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման պահին ուժի մեջ մտնող) ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու ավտոտրանսպորտային միջոցները հաշվառելը կամ վերահաշվառելը, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների, ինչպես նաև այն ավտոտրանսպորտային միջոցների, որոնք դրանց նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման պահին հաշվառվում են, սակայն հաշվառումից անմիջապես հետո հաշվառումից ժամանակավոր հանվում են: Արգելվում է իրավասու պետական մարմինների կողմից ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոտրանսպորտային միջոցները վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծում թույլատրելը, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների:».

4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. ԱՊՊԱ պայմանագիրը կնքելուց հետո ապահովագրական ընկերությունը (գործակալը) ապահովադրին է հանձնում պայմանագիրը և համաձայնեցված հայտարարագրի նմուշը: Համաձայնեցված հայտարարագրի ձևը, բովանդակությունը և լրացման հրահանգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Բյուրոյի խորհուրդը, ԱՊՊԱ պայմանագրից բացի, կարող է սահմանել ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ պայմանագրի հիմնական դրույթները պարունակող և Բյուրոյի խորհրդի սահմանած ձևի այլ փաստաթղթեր ապահովադրին տրամադրելու պահանջ:».

5) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

6) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. ԱՊՊԱ պայմանագրի կորստի, հափշտակման, վնասման կամ ոչնչացման դեպքում ապահովադիրն այդ մասին գրավոր տեղեկացնում է ապահովագրական ընկերությանը՝ ԱՊՊԱ պայմանագրում նշված ժամկետում և կարգով: Ապահովագրական ընկերությունը պարտավոր է ստուգել տվյալ անձի հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու փաստը և անհապաղ ապահովադրին տրամադրել պայմանագրի կրկնօրինակը:»:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «նախատեսված չէ» բառերը փոխարինել «նախատեսված չէ, բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցի օտարման պայմանագրով (ներառյալ` հետագայում ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացում կնքման ենթակա) ձեռք բերող համարվող կողմի կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի, որն ուժի մեջ է մտնում համապատասխան ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը իրավասու պետական մարմնի կողմից գրանցելու և ավտոտրանսպորտային միջոցը հաշվառելու պահից, եթե դրանում ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:».

2) 4-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ավտոտրանսպորտային միջոցը հանվել է (ներառյալ` ժամանակավոր) հաշվառումից.».

3) 7-րդ մասի «1-4-րդ» բառերը փոխարինել «1-ին, 3-րդ և 4-րդ» բառերով, ինչպես նաև նույն մասն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարում է ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու օրվան հաջորդող օրը, բացառությամբ խոտանման հիմքով հաշվառումից հանվելու, հաշվառումից ժամանակավոր հանվելու, ինչպես նաև հաշվառումից հանվելու այնպիսի դեպքերի, երբ նույն պահին ավտոտրանսպորտային միջոցը հաշվառվում է այլ անձի անվամբ (անվանմամբ), որոնց դեպքում ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարում է ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու պահին:»:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «ԱՊՊԱ կտրոնը և» բառերը, իսկ «դրանց» բառը փոխարինել «դրա» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«4) սահմանված կարգով կազմակերպում է ԱՊՊԱ պայմանագրերի հաշվառումը.»:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1-ին հոդվածով.

 

«Հոդված 52.1. Տեղեկատվական համակարգի հիման վրա հայտնաբերված պարտադիր ապահովագրության պահանջի խախտման գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները

 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների գծով վարչական վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով, եթե այլ կարգավորում նախատեսված չէ սույն հոդվածով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

3. Իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը Տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունն է` տվյալ ժամանակահատվածում ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրի բացակայության մասին, և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվությունը` ավտոտրանսպորտային միջոցը հաշվառված լինելու մասին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ապացույցները պահպանվում և վարչական ակտի հասցեատիրոջն են տրամադրվում «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Իրավախախտման հատկանիշների պարզման փուլում վարույթ իրականացնող վարչական մարմինը համադրում է Տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունները և իր տվյալների բազայում առկա տվյալներն ու վեր հանում իրավախախտման հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը:

6. Սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի շրջանակներում արձանագրություն չի կազմվում, իսկ իրավախախտման հատկանիշները հայտնաբերվում, վարչական ակտն ընդունվում և վարչական ակտի հասցեատիրոջն է հանձնվում, ինչպես նաև վարչական ակտի հասցեատիրոջ կողմից վարչական ակտը կատարվում է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի առանձնահատկությունները:

7. Վարչական ակտի հասցեատերն իրավունք ունի չվճարելու կամ պակաս վճարելու նշանակված տուգանքը, եթե վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` 30-օրյա ժամկետում, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում մինչև ենթադրյալ իրավախախտման օրը կնքված և համապատասխան ժամանակահատվածի համար գործող ԱՊՊԱ պայմանագիր:

8. Սույն հոդվածով սահմանված կարգը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումն արձանագրվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմնի աշխատակցի կողմից համապատասխան ավտոտրանսպորտային միջոցը օրենքով սահմանված կարգով կանգնեցվելու միջոցով` անկախ խախտումը նաև Տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունների հիման վրա հայտնաբերված լինելու հանգամանքից:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, 2-րդ հոդվածի 2-րդ կետի, 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի և 4-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 13

Երևան

ՀՕ-93-Ն