Համարը 
N 121
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.03.07/9(184) Հոդ.135
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
13.02.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
13.02.2002
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
13.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՔԻՆ ՈՒ ՆԵՐՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2002 թվականի N 121
քաղ. Երևան

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՔԻՆ ՈՒ ՆԵՐՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ և 28-րդ հոդվածների 1-ին կետերի, 24-րդ հոդվածի, 25-րդ հոդվածի «գ» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը (կցվում է).

բ) դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը (կցվում է).

գ) ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ հաստատել սույն որոշմամբ հաստատված ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում նշված հիվանդությունների՝ ծառայողական պարտականությունների և լիազորությունների կատարմանը խոչընդոտելու աստիճանը որոշելու կարգը և որոշել համապատասխան ստուգում իրականացնող բուժհիմնարկը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 13-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 121 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու եվ դիվանագետների փորձաշրջան անցնելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը:

2. Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար ներքին ու արտաքին մրցույթը (այսուհետև՝ մրցույթ) կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետև՝ նախարարություն) մրցութային-ատեստավորող հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով):

3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունի միայն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով տիրապետում է հայերենին, առնվազն 2 օտար լեզվի, ունի բարձրագույն կրթություն և բավարարում է նախարարության հաստատած՝ համապատասխան պաշտոնի նկարագրի պահանջները:

4. Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, ովքեր՝

ա) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել.

բ) դատական կարգով զրկվել են որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

գ) տառապում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը և ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 121 որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված ցանկում նշված հիվանդություններից որևէ մեկով.

դ) դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ չի մարվել.

ե) ապագա աշխատանքն առնչվում է մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) դիվանագետի անմիջական ենթակայությանը կամ նրա նկատմամբ վերահսկողությանը:

5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե դրան մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

6. Հանձնաժողովը մրցույթի արդյունքները պաշտոնապես հրապարակելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին կամ նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի կամ հիմնարկի ղեկավարին տալիս է մրցույթով ընտրված մասնակցի մասին եզրակացություն:

7. Մրցույթի պայմանները չբավարարած անձանց 7-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացվում է գրավոր:

 

II. Ներքին մրցույթը

 

8. Ներքին մրցույթին մասնակցել կարող են միայն այն դիվանագետները, ովքեր ունեն տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ դիվանագիտական աստիճան, ինչպես նաև, օրենքով նախատեսված դեպքերում, դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված դիվանագետները:

9. Ներքին մրցույթ անցկացնելու մասին հանձնաժողովի հայտարարությունը հրապարակվում է մրցույթի անցկացումից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

Հայտարարության մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները՝

ա) դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնի անվանումը.

բ) տվյալ թափուր պաշտոնին ներկայացվող հիմնական պահանջները.

գ) պաշտոնային դրույքաչափը.

դ) ներքին մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը.

ե) ներքին մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու վայրը, վերջնական օրը և ժամը:

10. Ներքին մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում.

բ) ծառայողական բնութագիր.

գ) 2 լուսանկար՝ 3X4 չափսի:

11. Ներքին մրցույթի մասնակիցները կարող են իրենց հայեցողությամբ ներկայացնել նաև մասնագիտական գիտելիքները և գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:

12. Ներքին մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով:

Հարցազրույցն անցկացվում է դիվանագիտական ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ մրցույթի մասնակիցների գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

13. Հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

14. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

15. Քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում առավելագույն ձայներ ստացած մրցույթի մասնակիցը: Հավասար ձայների դեպքում նախապատվությունը տրվում է ավելի բարձր դիվանագիտական աստիճան ունեցող մրցույթի մասնակցին, իսկ այդ պայմանի հավասարության դեպքում` առավել երկար աշխատանքային ստաժ ունեցողին:

16. Սույն կարգի պահանջների խախտմամբ անցկացված ներքին մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

 

III. Արտաքին մրցույթը

 

17. Արտաքին մրցույթ անցկացվում է միայն կցորդի թափուր պաշտոնն զբաղեցնելու, ինչպես նաև ներքին մրցույթով թափուր պաշտոնը չզբաղեցնելու դեպքում:

18. Արտաքին մրցույթ անցկացնելու մասին հանձնաժողովի հայտարարությունը հրապարակվում է մրցույթի անցկացումից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

Հայտարարության մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները՝

ա) դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնի անվանումը.

բ) տվյալ թափուր պաշտոնին ներկայացվող հիմնական պահանջները.

գ) պաշտոնային դրույքաչափը.

դ) արտաքին մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը.

ե) արտաքին մրցույթի անցկացման եղանակը.

զ) տեղեկություն սույն կարգի 22-րդ կետում նշված հարցաշարին ծանոթանալու պայմանների մասին.

է) արտաքին մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու վայրը, վերջնական օրը և ժամը.

ը) սույն որոշման պաշտոնապես հրապարակված տեքստը պարունակող Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի համարը:

19. Արտաքին մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում.

բ) անձնագրի պատճենը.

գ) բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

դ) տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը և ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 121 որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված ցանկում նշված հիվանդություններով չտառապելու մասին.

ե) ինքնակենսագրություն.

զ) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածք (նախկինում աշխատած լինելու դեպքում), կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.

է) զինվորական գրքույկի պատճենը (զինապարտ լինելու դեպքում).

ը) 4 լուսանկար՝ 3X4 չափսի:

20. Արտաքին մրցույթի մասնակիցներն իրենց հայեցողությամբ կարող են ներկայացնել նաև մասնագիտական գիտելիքները և գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:

21. Հանձնաժողովն արտաքին մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնական օրվանից հետո համապատասխան իրավասու մարմիններից կատարում է պաշտոնական հարցում՝ մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց փաստաթղթերի իսկությունը ճշտելու նպատակով:

22. Արտաքին մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:

Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից սահմանված կարգով՝ համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից՝ հետևյալ բաղադրիչներով՝ մրցույթի մասնակիցների գիտելիքներն ստուգելու նպատակով՝

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, պետական կառավարման համակարգի, դիվանագիտական ծառայության հիմունքների, ներքին և արտաքին քաղաքական խնդիրների, հայ ժողովրդի պատմության, միջազգային հարաբերությունների իմացություն.

բ) վերլուծական ունակություններ.

գ) օտար լեզուների և հայերենի իմացություն:

Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ, քան արտաքին մրցույթի անցկացումից մեկ ամիս առաջ պետք է հրապարակվի զանգվածային լրատվության միջոցներով կամ տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով մատչելի լինի մրցույթի մասնակիցներին:

Թեստավորման փուլն անցկացվում է արտաքին մրցույթի մասնակիցների համար ծածկագրերի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:

23. Հարցազրույցին մասնակցելու իրավունք են ձեռք բերում սույն կարգի 22-րդ կետում նշված թեստավորման առաջադրանքների յուրաքանչյուր բաղադրիչի առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանած մրցույթի մասնակիցները:

Հարցազրույցն անցկացվում է դիվանագիտական ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ արտաքին մրցույթի մասնակիցների գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

24. Հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

Հանձնաժողովի որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

25. Քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում առավելագույն ձայներ ստացած մրցույթի մասնակիցը: Հավասար ձայների դեպքում նախապատվությունը տրվում է թեստավորման փուլում ավելի շատ միավորներ հավաքած մրցույթի մասնակցին:

26. Արտաքին մրցույթի արդյունքները պաշտոնապես հրապարակվում են մրցույթի անցկացումից հետո եռօրյա ժամկետում, առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

27. Եթե արտաքին մրցույթի արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ապա մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Եթե արտաքին մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն կարգի 4-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկը, ապա արտաքին մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ:

28. Սույն կարգի պահանջների խախտմամբ անցկացված արտաքին մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

29. Կրկնակի արտաքին մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

30. Կրկնակի արտաքին մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

31. Եթե կրկնակի արտաքին մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), կամ կրկնակի արտաքին մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա դիվանագիտական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար նոր մրցույթը հայտարարվում է կրկնակի՝ արտաքին մրցույթի անցկացումից 2 ամիս հետո:

 

IV. Դիվանագետների փորձաշրջանը

 

32. Արտաքին մրցույթով առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնում անձը նշանակվում է մինչև 6 ամիս փորձաշրջանով:

33. Փորձաշրջանի ընթացքում ստուգվում է անձի համապատասխանությունն զբաղեցվող պաշտոնին:

Փորձաշրջան անցնողի աշխատանքը գնահատվում է ըստ զբաղեցվող պաշտոնի նկարագրում սահմանված լիազորությունների շրջանակներում անմիջական ղեկավարի տված հանձնարարությունների և առաջադրանքների կատարման ամբողջականության, որակի և արագության:

34. Դիվանագետների փորձաշրջանի ամբողջ ժամանակաշրջանի մասին եզրակացություն են տալիս նախարարության կամ նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և անմիջական ղեկավարը:

35. Փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում փորձաշրջան անցնող անձին դրա մասին տեղեկացվում է գրավոր:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 121 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների

 

1. Միջազգային հարաբերություններ

2. Երկրագիտություն (արաբագիտություն, պարսկագիտություն, թուրքագիտություն և այլն)

3. Իրավագիտություն

4. Քաղաքագիտություն

5. Փիլիսոփայություն

6. Պատմություն

7. Տնտեսագիտություն և հարակից մասնագիտություններ

8. Կառավարում և հարակից մասնագիտություններ

9. Բանասիրություն

10. Լրագրություն

11. Հոգեբանություն

12. Սոցիոլոգիա

13. Օտար լեզուներ

14. Տեղեկատվական համակարգեր

15. Մաթեմատիկա և հարակից մասնագիտություններ

16. Ֆիզիկա և հարակից մասնագիտություններ

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 121 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ծառայողական պարտականությունների եվ լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների

 

I. Բացարձակորեն հակացուցված հիվանդություններ

 

Ներքին հիվանդություններ

 

1. Տարբեր օրգանների ակտիվ տուբերկուլյոզ

2. Չարորակ նորագոյացություններ (տարբեր տեղակայմամբ), բացառությամբ ռադիկալ բուժվածների` առնվազն 2 տարի անց

3. Սրտամկանի և սրտի փականների օրգանական ախտահարումներ (բնածին և ձեռքբերովի), որոնք ուղեկցվում են արյան շրջանառության (2-րդ, 3-րդ աստիճանի) և ռիթմի խանգարումներով

4. Աորտայի անևրիզմա

5. Քրոնիկ ոչ տուբերկուլյոզային հիվանդություններ, որոնք ուղեկցվում են արտահայտված սիրտ-թոքային անբավարարության երևույթներով

6. Հիպերտոնիկ հիվանդություն՝ 3-րդ աստիճանի (կրիզներով ուղեկցվող)

7. Լյարդի ցիրոզներ` անկախ ձևից և ընթացքի շրջանից

8. Երիկամների քրոնիկ հիվանդություններ (քրոնիկ նեֆրիտ, տուբերկուլյոզ, պիելոնեֆրիտ, պոլիկիստոզ, հիդրոնեֆրոզ, երիկամների ամիլոիդոզ և այլն)՝ կայուն երիկամային անբավարարության երևույթներով

9. Իցենկո-Կուշինգի հիվանդություն` անկախ հիվանդության ձևից

10. Հիպոֆիզի ուռուցքներ` էնդոկրին հիվանդությունների կլինիկայով

11. Հեմոբլաստոմաներ

12. ՄԻԱՎ / ՁԻԱՀ

13. Վիրուսային հեպատիտ C

 

Նյարդահոգեկան հիվանդություններ

 

14. Դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա` շարժողական, ինտելեկտուալ և այլ

 խանգարումներով

15. Պարկինսոնիզմ

16. Ցրված սկլերոզ

17. Նյարդային համակարգի ինֆեկցիոն ախտահարումներ` ֆունկցիայի արտահայտված խանգարումներով

18. Գանգուղեղային վնասվածքի հետևանքներ` կայուն մնացորդային երևույթներով

19. Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ

20. Ոչ փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ, որոնք առաջացնում են վարքային խանգարումներ, ընթանում են հաճախակի սրացումներով, ինչպես նաև արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով

21. Թմրամոլություն, թունամոլություն, այդ թվում՝ ալկոհոլիզմ

22. Էպիլեպսիա

23. Թորշոմած և սպաստիկ կաթված

 

Քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ

 

24. Խլություն, դժվարալսություն (լսողության կայուն իջեցումով 2 ականջում, 1 մետրից պակաս տարածության վրա շշուկով խոսակցություն լսելու աստիճանի)

 

Մաշկային և վեներական հիվանդություններ

 

25. Սիֆիլիսի բոլոր ձևերը

26. Բոր

27. Փսորիազի տարածված ձև

 

II. Հարաբերականորեն հակացուցված հիվանդություններ

 

ա) (որոնք կարող են առաջացնել հաշմանդամություն)

1. Շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդություններ (ռևմատիկ արթրիտ, սիստեմային կարմիր գայլախտ, սիստեմային սկլերոդերմիա, հանգուցային պերիարթրիտ, դերմատոմիոզիտ)

2. Բրոնխոէկտազիա

3. Քրոնիկական ակտիվ հեպատիտ՝ անկախ ընթացքի շրջանից

4. Քրոնիկական ակտիվ հեպատիտ, պերսիստացվող ակտիվ հեպատիտ

5. Ոչ շաքարային դիաբեթ

6. Շաքարային դիաբեթ (ինսուլինակախյալ ձև)

7. Ռեցիդիվող ագրանուլոցիտոզ

8. Երկու և ավելի խոշոր հոդերի անկիլոզներ ոսկրային տուբերկուլյոզից հետո` ծայրանդամի զգալի կարճացմամբ

9. Ուղեղային ինսուլտի հետևանքներ` ֆունկցիայի խանգարմամբ

10. Վեստիբուլյար ապարատի հիվանդություններ` հավասարակշռության խանգարումներով կամ Միներյան սիմպտոմակոմպլեքսի հաճախակի նոպաներով

11. Քրոնիկական վասկուլիտներ (խոցանեկրոտիկ, սիստեմային)

12. Չկոմպենսացված կամ ենթակոմպենսացված գլաուկոմա

13. Ցանցաթաղանթի դիստրոֆիկ կամ դեգեներատիվ հիվանդություններ

14. Տրախոմա, պարատրախոմա

15. Տեսադաշտի նեղացում՝ լավ տեսնող աչքում ավելի քան 25 աստիճան ֆիքսման կետից

բ) (որոնք ենթակա են բուժման կամ շտկման)

16. Հանգստի և լարվածության ստենոկարդիա

17. Ռիթմի խանգարման հաճախակի պարոքսիզմներ` ցանկացած էթիոլոգիայի

18. Պերսիստացվող հեպատիտ՝ սրացման շրջանում

19. Բրոնխիալ ասթմա և ասթմատիկ բրոնխիտ` սրացման շրջանում

20. Թոքի աբսցես, ինֆարկտ

21. Քրոնիկական էնտերոկոլիտ` սրացման շրջանում, խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն

22. Քրոնիկական պանկրեատիտ՝ սրացման շրջանում

23. Սուր պիելոնեֆրիտ, գլոմերուլոնեֆրիտ

24. Շաքարային դիաբեթ (առանց բարդությունների)

25. Վահանագեղձի հիվանդություններ

26. Հեմորագիկ դիաթեզներ

27. Դիֆթերիայի բացիլակրություն

28. Վիրուսային հեպատիտ B, C

29. Մալարիա

30. Թրոմբոֆլեբիթներ, էնդարթերիթներ` սուր և ենթասուր շրջանում, կամ հաճախակի սրացումներով անամնեզում

31. Որովայնապատի խուղակներ

32. Պարառեկտալ խուղակներ

33. Օստեոմիելիտներ (սուր և քրոնիկ` սրացման շրջանում)

34. Ուղեղի արյան շրջանառության տարբեր էթիոլոգիայի անցողիկ խանգարումներ

35. Արտահայտված վեգետաանոթային անկայունություն

36. Քրոնիկական թարախային օտիտ` սրացման շրջանում

37. Խոսակցական ապարատի խանգարումներ (կակազություն, թլատություն)

38. Աչքի եղջերաթաղանթի, անոթաթաղանթի կամ ցանցաթաղանթի սուր և ենթասուր հիվանդություններ

39. Գլխի մազածածկ մասի սնկային հիվանդություններ (միկրոսպորիա, տրիխոֆիտիա)

40. Խոր միկոզներ

41. Մաշկի վարակիչ հիվանդություններ, այդ թվում՝ մակաբուծական (մինչև բուժվելը)

42. Մաշկի բշտիկավոր հիվանդություններ

43. Գենոդերմատոզների արտահայտված ձևեր

44. Տարածուն, հաճախ կրկնվող էկզեմա, նյարդադերմիտ, կարմիր տափակ որքին՝ մինչև բուժվելը

45. Արգանդի ֆունկցիոնալ արյունահոսություններ

46. Ռեպրոդուկտիվ օրգանների նախաքաղցկեղային հիվանդություններ