Համարը 
N 1401-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.10.02/42(217) Հոդ.942
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.08.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.08.2002
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
17.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2002 թվականի N 1401-Ն

«ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ ու 13-րդ հոդվածներին համապատասխան և հայ ականավոր ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի հիշատակը հավերժացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ՝

ա) «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու նպատակներն են՝

Ա. Թամանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող արխիվային, լուսանկարչական, գծագրական, պատմական, անձնական և ցուցադրական այլ նյութերի հավաքումը, պահպանումը, հաշվառումը, վերականգնումը, համակարգումը և դրանց հիման վրա գիտահետազոտական աշխատանքների իրականացումը,

արվեստի, տնտեսության, Հայաստանի միջազգային ճանաչման, հնագիտության և այլ ասպարեզներում Ա. Թամանյանի գործունեության ազդեցության ուսումնասիրումը,

Ա. Թամանյանի ճարտարապետական ոճը շարունակող ճարտարապետների գործունեության ուսումնասիրումը,

խմբագրահրատարակչական գործունեության իրականացումը,

մշտական, ժամանակավոր և շրջիկ ցուցահանդեսների կազմակերպումը (նաև օտարերկրյա պետություններում),

իր ֆոնդերի համակարգչային մշակման և պահպանման ապահովումը,

ցուցանմուշների հավաքումը կամ գնումը.

բ) «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է պետական սեփականություն հանդիսացող գույք՝ բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

«Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինությանը հանձնվող շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, որի կազմը հաստատում է պետական լիազորված մարմինը, կազմակերպությանն ամրացվում են անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

3. Թույլատրել «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) վճարովի գիտամասսայական միջոցառումների (ցուցահանդեսներ, երեկոներ, դասախոսություններ և այլն) կազմակերպում.

բ) սահմանված կարգով ճարտարապետության վերաբերյալ գիտահրատարակչական աշխատանքների կատարում.

գ) ցուցահանդեսների, գրադարանի և ֆոնդային արխիվային նյութերի հիման վրա վճարովի ծառայությունների մատուցում.

դ) ցուցահանդեսների ձևավորում:

4. «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների ստեղծման և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտ» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 1125 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 29
Երևան