Համարը 
ՆՀ-174-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.07.25/37(561) Հոդ.829
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
18.07.2007
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.07.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.04.2018


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագիրը:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հուլիսի 18
Երևան
ՆՀ-174-Ն

 

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2007 թ. հուլիսի 18-ի

ՆՀ-174-Ն հրամանագրի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Հայաստանի Հանրապետության կառավարությանը (այսուհետ` կառավարություն) վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպական հիմունքները, կառավարության գործունեության կազմակերպման, նիստերի նախապատրաստման և հրավիրման, որոշումների ընդունման և դրանց կատարման ապահովման կարգը:

2. Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների: Կառավարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, կառավարության որոշումներով, ինչպես նաև սույն կարգով:

3. Կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման հանրապետության ամբողջ տարածքում:

4. Կառավարությունն իր գործունեության կազմակերպումն իրականացնում է կառավարության նիստերի միջոցով, որոնց ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը (այսուհետ` կառավարության աշխատակազմ):

5. Հայաստանի Հանրապետության վարչապետը (այսուհետ` վարչապետ) ղեկավարում է կառավարության գործունեությունը և համակարգում Հայաստանի Հանրապետության նախարարների ու նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների աշխատանքը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ինչպես նաև սույն կարգով նախատեսված դեպքերում վարչապետն ընդունում է որոշումներ կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ:

6. Հայաստանի Հանրապետության նախարարներից մեկը կարող է վարչապետի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակվել փոխվարչապետ և փոխարինել վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ:

7. Կառավարության քաղաքականությունն առանձին բնագավառներում մշակում և իրականացնում են հանրապետական գործադիր մարմինները (այսուհետ` ՀԳՄ), որոնք ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են վարչապետի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

8. ՀԳՄ-ներն են` Հայաստանի Հանրապետության նախարարությունները և կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները:

9. ՀԳՄ-ն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

10. ՀԳՄ-ն ունի կանոնադրություն, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն և այլ լեզուներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

11. ՀԳՄ-ի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է կառավարությունը: ՀԳՄ-ի կանոնադրությամբ պետք է սահմանվեն ՀԳՄ-ի`

1) լրիվ անվանումը և գտնվելու վայրը.

2) կառավարման ոլորտները և խնդիրները.

3) կառավարման և ղեկավարման կազմակերպումն ու ղեկավարների լիազորությունները.

4) կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական խնդիրները.

5) կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման կարգը.

6) գործունեության կազմակերպման վերաբերյալ այլ էական դրույթներ:

12. Հայաստանի Հանրապետության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) իր համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների նկատմամբ վերադաս մարմին է:

13. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

13.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում կարող են ստեղծվել նաև ՀԳՄ-ի աշխատակազմից դուրս կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներ, որոնք գործում են համապատասխան մարմնի ղեկավարի անմիջական ենթակայությամբ:

(13.1 կետը լրաց. 17.12.08 ՆՀ-330-Ն)

13.2. ՀԳՄ-ների առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀԳՄ-ների ղեկավարներին կից կարող են ստեղծվել խորհրդակցական մարմիններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել Հանրային խորհրդի անդամներ:

(13.2 կետը լրաց. 09.06.09 ՆՀ-141-Ն)

14. Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի համակարգը կազմված է այդ մարմնի ղեկավարից, պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալներից, պետական կառավարման մարմնի աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև այդ մարմնի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

15. ՀԳՄ-ի աշխատակազմը պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է ՀԳՄ-ին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը: ՀԳՄ-ի աշխատակազմի կառուցվածքում ընդգրկվում են կառուցվածքային ստորաբաժանումներ (վարչություն, բաժին, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումներ (գործակալություն, տեսչություն), որոնց ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը:

15.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերն աջակցում են ՀԳՄ-ի աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների գործունեության լիարժեք և արդյունավետ իրականացմանը:

(15.1 կետը լրաց. 17.12.08 ՆՀ-330-Ն)

15.2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում ՀԳՄ-ի աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներն իրենց իրավասությունների սահմաններում կարող են մասնակցել քաղաքացիական իրավահարաբերություններին և իրականացնել պետական կառավարչական հիմնարկի գործառույթներ:

(15.2 կետը լրաց. 17.12.08 ՆՀ-330-Ն)

15.3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում ՀԳՄ-ի աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումները կարող են գործել նաև դեպարտամենտի, ծառայության և այլ տեսքով, իսկ աշխատակազմի, աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների կառուցվածքային ստորաբաժանումները` վարչության, բաժնի, քարտուղարության և այլ տեսքով, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը:».

(15.3 կետը լրաց. 17.12.08 ՆՀ-330-Ն)

15.4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի հանրապետական գործադիր մարմնի համակարգում վերջինիս աշխատակազմից դուրս ստեղծված և օտարերկրյա պետություններում գործող առանձնացված ստորաբաժանումներն են՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները (օտարերկրյա պետություններում դեսպանությունները, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունները) և հյուպատոսական հիմնարկները:

(15.4 կետը լրաց. 25.07.11 ՆՀ-139-Ն)

16. Գործակալությունն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման գործառույթներ իրականացնող պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում է:

17. Տեսչությունն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վերահսկողական գործառույթներ իրականացնող և պատասխանատվության միջոցներ կիրառող պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում է:

18. Կառավարության տարածքային քաղաքականությունն իրագործում են Հայաստանի Հանրապետության մարզպետները, որոնք համակարգում են ՀԳՄ-ների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

(18-րդ կետը փոփ. 09.06.09 ՆՀ-141-Ն)

19. Հայաստանի Հանրապետության մարզպետների լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, կառավարության ու վարչապետի որոշումներով:

(19-րդ կետը փոփ. 09.06.09 ՆՀ-141-Ն)

20. Երևան քաղաքում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

 

II. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

21. Կառավարությունն իր գործունեությունը կազմակերպում է կառավարության ծրագրին համապատասխան:

22. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար, մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը, ելնելով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման իրավիճակից, հեռանկարներից, առանձին տարածքների զարգացման անհրաժեշտությունից, ինչպես նաև արտակարգ իրավիճակների առաջադրած պահանջներից, մշակում և հաստատում է կառավարության` տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները` ըստ առանձին ուղղությունների:

23. Կառավարության տարեկան գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրներում նշվում են դրանց իրականացման կոնկրետ պատասխանատուները` ըստ ժամկետների և ֆինանսավորման աղբյուրների:

24. Կառավարության տարեկան գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների նախագծի մշակումն իրականացնում է կառավարության աշխատակազմը` ՀԳՄ-ների ղեկավարների և Հայաստանի Հանրապետության մարզպետների առաջարկությունների հիման վրա:

(24-րդ կետը փոփ. 09.06.09 ՆՀ-141-Ն)

25. Կառավարության տարեկան գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կառավարության աշխատակազմը:

26. Կառավարության աշխատակազմը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում` նախապատրաստում և տեղեկանք է ներկայացնում կառավարություն տվյալ եռամսյակում քննարկված հարցերի, իսկ ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում` կառավարության գործունեության միջոցառումների տարեկան ծրագրի և գերակա խնդիրների կատարման մասին:

27. Կառավարությունն իր գործունեությանն առնչվող խնդիրների լուծման, առանձին իրավական ակտերի նախագծերի, կառավարություն ներկայացված այլ հարցերի նախապատրաստման և քննարկման կամ որոշակի իրադարձությունների և փաստերի մասին կառավարությանն առաջարկություններ, եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար կարող է ստեղծել հանձնաժողովներ:

 

III. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՐՑԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

28. Կառավարության քննարկմանն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նրա իրավասությանը վերապահված հարցեր, որոնք բխում են կառավարության կողմից հաստատված կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից և գերակա խնդիրներից: Կառավարության քննարկմանը հարցեր կարող են ներկայացվել նաև հրատապ լուծում պահանջող, ինչպես նաև սույն կարգի 120-րդ կետով նախատեսված առանձին դեպքերում:

29. Կառավարության քննարկմանը հարցեր են ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահը` արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով, վարչապետը և Հայաստանի Հանրապետության նախարարները: Նախարարի բացակայության (ժամանակավոր անաշխատունակության, գործուղման, արձակուրդի, պաշտոնի թափուր լինելու) դեպքում կառավարության քննարկմանը հարցեր կարող է ներկայացնել նախարարի համապատասխան տեղակալը:

30. Նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինները, տարածքային կառավարման մարմինները, նախարարությունների կազմում գործող գործակալությունները և տեսչությունները կառավարության քննարկմանը հարցեր են ներկայացնում տվյալ բնագավառի գործունեությունը համակարգող նախարարի միջոցով, իսկ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովները (խորհուրդները, ծառայությունները), Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը, տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև Հանրային խորհուրդը` վարչապետի միջոցով:

(30-րդ կետը փոփ., լրաց. 25.08.10 ՆՀ-184-Ն)

31. Կառավարության քննարկմանը ներկայացվում են`

1) կառավարության օրենսդրական նախաձեռնության իրավունքի իրականացման հարցերով` Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծեր.

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կամ կարգադրությունների նախագծեր.

3) կառավարության որոշումների նախագծեր.

4) կառավարության կարծիքին ներկայացված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունները:

32. Օրենսդրական և ենթաօրենսդրական լուծում չպահանջող հարցերը կառավարության քննարկմանն են ներկայացվում հաշվետվությունների, զեկուցագրերի, առաջարկությունների և գործնականում ընդունված` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհակասող այլ ձևերով, որոնք ենթակա չեն սույն կարգով նախատեսված համաձայնեցման, եթե այլ բան չի բխում նշված փաստաթղթերի հիմքը հանդիսացող հանձնարարականներից: Նման դեպքերում, ինչպես նաև սույն կարգի 31-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում կառավարությունն ընդունում է արձանագրային որոշում:

33. Կառավարության քննարկմանը ներկայացվում են միայն հիմնավորված, միմյանց չկրկնող և արդեն լուծում ստացած հարցերին սկզբունքորեն նոր լուծում տալու կամ նոր ընդունված օրենսդրության պահանջներին դրանց համապատասխանեցնելու նպատակ հետապնդող հարցեր:

34. Կառավարության քննարկմանը ներկայացվող հարցի հիմնավորվածության, ներկայացված նյութերի արժանահավատության, ամբողջականության և որակի համար պատասխանատվությունը կրում է հարցը ներկայացնողը:

35. Կառավարության քննարկմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին:

36. Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը կարող են չհամապատասխանել գործող օրենքների պահանջներին, եթե դրանք որոշակի բնագավառի իրավահարաբերությունների կարգավորման նոր սկզբունքներ են նախատեսում, ինչպես նաև նպատակ ունեն փոփոխություններ և լրացումներ առաջարկել արդեն իսկ գործող օրենքներում:

37. Կառավարության քննարկմանը ներկայացվող այլ հարցերը պետք է բխեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից և օրենքներից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներից, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերից և կարգադրություններից, կառավարության որոշումներից, եթե դրանք Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կամ կարգադրությունների և կառավարության որոշումների փոփոխություններ, լրացումներ կամ դրանցով կարգավորվող հարցերի նոր լուծումներ չեն նախատեսում:

38. Կառավարության քննարկմանը ներկայացվող հարցերին առնչվող փաստաթղթերում հստակ նշվում է, թե գործող օրենսդրության որ ակտերում և դրանց որ մասերում են առաջարկվում կատարել փոփոխություններ կամ լրացումներ, կամ որ ակտի գործողությունն է անհրաժեշտ դադարեցնել: Նման դեպքերում հարցի հետ միասին ներկայացվում է (ներկայացվում են) համապատասխան ակտի (ակտերի) մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ:

39. Կառավարության քննարկմանը ներկայացվող իրավական ակտերի նախագծերի փաթեթն իր մեջ ներառում է`

1) առաջադրվող նախագիծը.

2) նախագծի ընդունման հիմնավորումը.

3) ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին տեղեկանքը.

4) նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը.

5) օրենքի, իսկ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում նաև` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացման դեպքում` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պահանջվող փաստաթղթերը։

(39-րդ կետը լրաց. 04.07.09 ՆՀ-154-Ն)

40. Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների նախագծերը համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և շահագրգիռ նախարարների հետ, իսկ Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեությանը վերաբերող նախագծերը ներկայացվում են վերը նշված մարմինների ղեկավարներին` կարծիքի:

41. Արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին վերաբերող իրավական ակտերի նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ` կարծիքի:

(41-րդ կետը լրաց. 25.08.08 ՆՀ-230-Ն)

42. Մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին` կարծիքի:

43. Նախքան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնեցմանը ներկայացնելը, Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների նախագծերը պետք է համաձայնեցվեն մյուս շահագրգիռ մարմինների հետ` դրանք ստանալուց հետո 5-օրյա, իսկ օրենքով նախատեսված կարգավորման ազդեցության գնահատում իրականացնելու դեպքում` 15-օրյա ժամկետում:

(43-րդ կետը լրաց. 04.07.09 ՆՀ-154-Ն)

44. Կառավարության քննարկմանը ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների նախագծերը 15-օրյա ժամկետում համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ:

45. Եթե սույն կարգի 43-44-րդ կետերում նշված ժամկետներում նախագծի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեն ստացվում, ապա նախագիծն առանց դրանց կարող է ներկայացվել կառավարության աշխատակազմ:

46. Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, շահագրգիռ նախարարների, ինչպես նաև սույն կարգի 40-րդ կետում նշված մարմինների ղեկավարների առարկությունները և առաջարկությունները կցվում են այդ ակտերի նախագծերին:

47. Սույն կարգի 40-46-րդ կետերով նախատեսված համաձայնեցումները կատարում է հարցը ներկայացնողը, իսկ նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող պաշտոնատար անձը:

48. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, ինչպես նաև շահագրգիռ այլ նախարարների առարկությունների և առաջարկությունների հիման վրա կառավարության քննարկմանը հարցը ներկայացնողն անհրաժեշտ ճշգրտումներ և ուղղումներ է կատարում նախագծում և դրանք ներկայացնում կառավարության աշխատակազմ: Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, շահագրգիռ մարմինների ղեկավարներն առարկություններ և առաջարկություններ չունեն նախագծի վերաբերյալ, ապա համաձայնեցումը ձևակերպվում է նախագծի վրա նշագրում կատարելով կամ առանձին նամակով:

49. Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, շահագրգիռ մարմինների ղեկավարներն առարկություններ և առաջարկություններ ունեն նախագծի վերաբերյալ, ապա հարցը ներկայացնողը նախագծին կցում է նաև տեղեկանք ընդունված առարկությունների և առաջարկությունների, ինչպես նաև առկա տարաձայնությունների մասին` չընդունման պատճառների հիմնավորմամբ:

50. Հայաստանի Հանրապետության տնտեսության առանձին ճյուղերի զարգացման, կապիտալ ներդրումների, նյութական պաշարների և ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ առաջարկությունները կառավարության անդամները կառավարություն են ներկայացնում միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմավորման ժամանակաշրջանում:

51. Սույն կարգի 50-րդ կետի պահանջներից բացառություններ են թույլատրվում, եթե նշված հարցերը ծագում են տարվա ընթացքում` համապատասխան մարմիններից անկախ պատճառներով:

52. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը, անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով և նյութերով (էլեկտրոնային կրիչներով կամ տեղեկատվության փոխանցման այլ միջոցներով), կառավարության քննարկմանն են ներկայացվում մեկ օրինակից` հարցը ներկայացնող նախարարի ուղեկցական գրությամբ` հանձնվելով կառավարության աշխատակազմ:

53. Սույն կարգի 52-րդ կետում նշված փաստաթղթերի և ուղեկցական գրության մասին` դրանց մուտքագրման պահից ոչ ուշ, քան մեկօրյա ժամկետում` սահմանված կարգով կառավարության աշխատակազմի ղեկավարը զեկուցում է վարչապետին:

54. Կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի կամ այլ փաստաթղթերի վերաբերյալ եզրակացություն կամ կարծիք հայտնելու հանձնարարականներ կարող է տալ վարչապետը: Վարչապետի հանձնարարությամբ դրանք կարող են փոխանցել փոխվարչապետը, համապատասխան նախարարը, կառավարության աշխատակազմի ղեկավարը:

55. Կառավարության քննարկմանը ներկայացված հարցերը կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից կարող են վերադարձվել հարցը ներկայացնողին, եթե չեն համապատասխանում սույն կարգին կամ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը։

56. Սույն կարգի 54-րդ կետով նախատեսված հանձնարարականները կատարվում են վարչապետի կողմից սահմանված ժամկետներում, իսկ այդպիսի ժամկետներ սահմանված չլինելու դեպքում` 15-օրյա ժամկետում:

57. Եթե սույն կարգի 54-րդ կետով նախատեսված դեպքերում հանձնարարականը տրվում է միաժամանակ մի քանի նախարարի, տարածքային կառավարման մարմինների, ապա հանձնարարականի կատարման պատասխանատուն առաջին հասցեատերն է, որի անվան դիմաց նշվում է «հավաք» բառը: Հանձնարարական ստացած մյուս պետական կառավարման մարմինները պարտավոր են պատասխանատու կատարողին կատարման ենթակա փաստաթղթերի վերաբերյալ առաջարկություններ, առարկություններ և անհրաժեշտ նյութեր ներկայացնել այն հաշվով, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա սահմանված ժամկետում պատասխան ներկայացնել վարչապետին:

58. Եթե հանձնարարականում բացակայում է «հավաք» նշումը, ապա դրանում նշված պատասխանատու կատարողները հանձնարարականի կատարման վերաբերյալ իրենց կարծիքներն ուղղակի ներկայացնում են վարչապետին:

59. Հանձնարարականում սահմանված ժամկետները հիմնավոր պատճառներով չկատարելու դեպքում պատասխանատու կատարողը համապատասխան նամակով միջնորդում է վարչապետին` սահմանված ժամկետը երկարաձգելու համար` նշելով իր կողմից առաջարկվող վերջնական ժամկետը:

60. Կառավարություն կամ վարչապետին ներկայացված փաստաթղթերը նախապես քննության է առնում կառավարության աշխատակազմը` 15-օրյա ժամկետում: Կառավարության քննարկմանը հարցը ներկայացնողից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, նյութեր, հիմնավորումներ:

61. Անհրաժեշտության դեպքում այդ քննարկումներին հրավիրվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, տվյալ հարցով իրավասու կամ շահագրգիռ ՀԳՄ-ի կամ Հանրային խորհրդի ներկայացուցիչներ կամ այլ պաշտոնատար անձինք:

(61-րդ կետը լրաց. 25.08.10 ՆՀ-184-Ն)

62. Կառավարության քննարկմանը ներկայացված հարցերը պարտադիր համաձայնեցվում են շահագրգիռ պետական մարմինների հետ, եթե դրանցում շոշափվում են համապատասխան բնագավառներին վերաբերող հարցեր: Տարաձայնությունների առկայության դեպքում փաստաթղթերին կցվում է չհամաձայնեցված հարցերի վերաբերյալ արձանագրություն` տարաձայնության պատճառների հիմնավորմամբ:

63. Կառավարություն ներկայացված փաստաթղթերը կառավարության քննարկմանն են ներկայացվում վարչապետի մակագրությամբ` կառավարության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

64. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծերը, մինչև դրանք կառավարության նիստի օրակարգում ընդգրկելը, կառավարության աշխատակազմը հավաք կարծիքներով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ` Հայաստանի Հանրապետության Նախագահի կարծիքն ստանալու համար:

65. Սույն կարգի խախտմամբ կառավարություն կամ վարչապետին ներկայացված` Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը և դրանց վերաբերյալ մյուս նյութերը կառավարության աշխատակազմի ղեկավարը վերադարձնում է` դրանք սահմանված կարգով ներկայացնելու համար:

 

IV. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

66. Կառավարության հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են հինգշաբթի օրերին: Անհրաժեշտության դեպքում կառավարության նիստեր կարող են հրավիրվել նաև այլ, այդ թվում` ոչ աշխատանքային օրերի:

67. Կառավարության հերթական նիստերը հրավիրում և վարում է վարչապետը: Արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով կառավարության նիստ կարող է հրավիրել և վարել Հայաստանի Հանրապետության Նախագահը:

68. Կառավարության արտահերթ նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ վարչապետի նախաձեռնությամբ կամ կառավարության որոշմամբ:

69. Կառավարության նիստերի նախապատրաստման ամբողջ աշխատանքը, ինչպես նաև նիստերի անցկացումն ապահովում է կառավարության աշխատակազմը:

70. Կառավարության նիստերի ժամանակացույցը և oրակարգը հաստատում է վարչապետը:

71. Կառավարության նիստի օրակարգում կարող են փոփոխություններ կատարվել Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից` արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով, վարչապետի կողմից, ինչպես նաև կառավարության անդամների նախաձեռնությամբ` նիստը վարողի համաձայնությամբ:

72. Կառավարության նիստերի և դրանցում քննարկվելիք հարցերի մասին ոչ ուշ, քան նիստն սկսվելուց երեք օր առաջ տեղեկացվում են կառավարության անդամները, հրավիրվողները, անհրաժեշտության դեպքում` նաև այլ անձինք:

73. Հայաստանի Հանրապետության Նախագահին, վարչապետին, կառավարության անդամներին և հրավիրվող պատասխանատու անձանց սույն կարգի 72-րդ կետով նախատեսված ժամկետից ոչ ուշ տրամադրվում են նիստի oրակարգը, օրակարգում ընդգրկված հարցերը և դրանց առնչվող նյութերը:

74. Կառավարության նիստերն անցկացվում են Երևան քաղաքում, կառավարության նստավայրում` Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 1:

75. Կառավարության նիստերը կարող են անցկացվել արտագնա` Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ` արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով, կամ վարչապետի նախաձեռնությամբ:

76. Կառավարության նիստերն սկսվում են նախօրոք նշանակված ժամին և ավարտվում նույն օրը: Նիստերը կարող են անցկացվել ընդմիջումներով: Նիստերի ընդմիջումները հայտարարվում են նիստը վարողի կողմից` յուրաքանչյուր անգամ առնվազն 30 րոպե տևողությամբ: Տևական քննարկում պահանջող հարցերի քննարկումները կարող են հետաձգվել հաջորդ օրը, իսկ լրացուցիչ փաստաթղթեր կամ ուսումնասիրություններ պահանջող հարցերը` հաջորդ հերթական կամ արտահերթ նիստի օրը:

77. Կառավարության նիստերին (այդ թվում` դռնփակ) մասնակցում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և կառավարության աշխատակազմի ղեկավարները` խորհրդակցական ձայնի իրավունքով:

78. Կառավարության նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) ղեկավարները, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը, Հանրային խորհրդի կողմից լիազորված անդամը, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև այլ անձինք:

(78-րդ կետը փոփ. 09.06.09 ՆՀ-141-Ն)

79. Կառավարության նիստերին կարող են հրավիրվել վարչապետի խորհրդականները, կառավարության աշխատակազմի աշխատողներ, ինչպես նաև այլ անձինք: Կառավարության տվյալ նիստին կամ տվյալ նիստի հարցի քննարկմանը հրավիրվողների ցանկը, վարչապետի համաձայնությամբ, սահմանում և նիստին մասնակցությունն ապահովում է կառավարության աշխատակազմի ղեկավարը:

80. Կառավարության նիստերն անցկացվում են դռնփակ, եթե`

1) քննարկվում են պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկություններին առնչվող հարցեր.

2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 59-րդ հոդվածով նախատեսված դեպքերում քննարկվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով դիմելու հարցը:

81. Կառավարության նիստերին կառավարության անդամների մասնակցությունը պարտադիր է: Կառավարության անդամը կառավարության նիստերին կարող է չմասնակցել սույն կարգի 29-րդ կետում նախատեսված հիմքերի առկայության, իսկ այլ դեպքերում` վարչապետի համաձայնությամբ:

82. Կառավարության նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է կառավարության անդամների առնվազն կեսից ավելին:

83. Տվյալ նիստի օրակարգի հարցերն ընդունվում են առանց քվեարկության` նիստը վարողի հրապարակմամբ:

84. Օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը սահմանում է կառավարության նիստը վարողը:

85. Քննարկումներից առաջ տվյալ հարցի վերաբերյալ լսվում է համապատասխան զեկուցում, որով հանդես գալու իրավունք ունեն կառավարության անդամները, նրանց բացակայության կամ նիստը վարողի համաձայնության դեպքում` նրանց տեղակալները:

86. Կառավարության նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ զեկուցման համար տրվում է մինչև 20 րոպե, ելույթների համար` մինչև 5 րոպե, տեղեկանքների համար` 2 րոպե ժամանակ: Նիստը վարողը, անհրաժեշտության դեպքում, կարող է սահմանել այլ ժամկետներ:

87. Զեկուցմանը հաջորդում են հարցի շուրջ ելույթները: Նիստը վարողը քննարկվող հարցի վերաբերյալ իր կարծիքն արտահայտում է վերջում:

88. Ելույթներն ավարտված են համարվում զեկուցողի կողմից քննարկումների վերաբերյալ իր կարծիքի արտահայտումից հետո:

89. Օրակարգի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կառավարության որոշումն ընդունվում է այդ հարցի քննարկման ավարտից հետո` նախքան հաջորդ հարցի քննարկմանն անցնելը` բացառությամբ այն դեպքերի, երբ հարցի քննարկումը հետաձգվում է:

90. Կառավարության որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, եթե դրա օգտին քվեարկել է նիստին մասնակցող` կառավարության անդամների կեսից ավելին: Քվեարկությունը կատարվում է «կողմ» կամ «դեմ» ձայներով: Ձայների հավասարության դեպքում վարչապետի ձայնը վճռորոշ է:

91. Քվեարկությանը մասնակցում են միայն վարչապետը և Հայաստանի Հանրապետության նախարարները:

92. Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի ու կարգադրությունների նախագծերը կառավարության հավանությանն արժանանալու դեպքում, սույն կարգի 39-րդ կետով և օրենքով նախատեսված փաստաթղթերի հետ միասին, սահմանված կարգով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով կամ Հայաստանի Հանրապետության Նախագահին:

93. Եթե կառավարության նիստի քննարկումների ժամանակ առաջանում է նախագծի լրամշակման անհրաժեշտություն, ապա այն ներկայացնողին տրվում է համապատասխան հանձնարարական` սահմանելով պատասխանատուներին և կատարման ժամկետը:

94. Կառավարության նիստում ներկայացված նախագծի ընդունումը մերժվելու դեպքում դրա մասին կազմված արձանագրությունն ուղարկվում է նախագիծը ներկայացնողին:

95. Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով նախատեսված դեպքերում վարչապետն ստորագրում է կառավարության որոշումները և ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացմանը: Կառավարության և վարչապետի որոշումների հավելվածներն ստորագրում է կառավարության աշխատակազմի ղեկավարը:

96. Կառավարության նիստերն արձանագրվում են: Կառավարության նիստերի արձանագրման կարգը սահմանում է կառավարությունը:

Նիստերի արձանագրումն ապահովում է կառավարության աշխատակազմի ղեկավարը:

97. Կառավարության նիստերի արձանագրություններն ստորագրում է նիստը վարողը:

98. Եթե կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ են տրվել ՀԳՄ-ների ղեկավարներին, պետական այլ մարմինների ղեկավարներին ու պաշտոնատար անձանց, ապա կառավարության աշխատակազմը երկօրյա ժամկետում դրանք` կառավարության տվյալ նիստի արձանագրության քաղվածքի ձևով ուղարկում է նշված մարմիններին և պաշտոնատար անձանց:

 

V. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ՆԻՍՏԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

99. Կառավարության հրաժարականից հետո` մինչև վարչապետի նշանակումը, կառավարությունը կարող է սույն կարգի 4-րդ գլխով նախատեսված կարգով անցկացնել նիստեր և ընդունել որոշումներ:

100. Վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում` մինչև վարչապետի նշանակումը, կառավարության նիստերը հրավիրում և վարում է փոխվարչապետը:

101. Վարչապետի նշանակումից հետո կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը։

102. Հրաժարական տված կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը` մինչև այդ պաշտոններում նոր նշանակումներ կատարելը։

103. Վարչապետի պաշտոնը թափուր մնալուց հետո կառավարության դեռևս չստորագրված որոշումների առկայության դեպքում՝

1) մինչև վարչապետի նշանակումը` որոշումներն ստորագրում է փոխվարչապետը, իսկ վարչապետ նշանակվելուց հետո` վարչապետը.

2) ընդունված որոշումը (բացառությամբ նորմատիվ որոշման) վարչապետի կողմից ստորագրելուց հրաժարվելու դեպքում հարցը ներկայացվում է կառավարության քննարկմանը:

 

VI. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼԸ, ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

104. Կառավարության որոշումները կառավարության աշխատակազմում գրանցվում են կառավարության որոշումների գրանցամատյանում` դրանց տալով հերթական համարներ, նշելով ընդունման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

105. Յուրաքանչյուր տարվա համար որոշումների համարակալումներն սկսվում են հունվար ամսվա առաջին նիստի առաջին որոշումից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին որոշմամբ:

106. Կառավարության որոշումները հրապարակվում և ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով:

107. Կառավարության որոշումները վարչապետի կողմից ստորագրվելուց հետո, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով նախատեսված դեպքերում` վավերացվելուց հետո սահմանված կարգով պահվում են կառավարության աշխատակազմում:

Կառավարության աշխատակազմը ստորագրված որոշումները (վավերացված կառավարության որոշումները՝ ստանալուց հետո) երկօրյա ժամկետում` սահմանված կարգով առաքում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, ՀԳՄ-ների, տարածքային կառավարման մարմինների աշխատակազմերին: Առաքման ենթակա այլ մարմինների ցանկը սահմանում է կառավարության աշխատակազմի ղեկավարը։

108. Կառավարության այն որոշումները, դրանց առանձին կետերը կամ մասերը, որոնք պարունակում են Հայաստանի Հանրապետության պետական, ծառայողական, ինչպես նաև օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններ, հրապարակման ենթակա չեն:

 

VII. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

109. Կառավարության աշխատակազմի ղեկավարը Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից փաստաթղթեր ստանալու մասին նույն օրը զեկուցում է վարչապետին:

110. Հայաստանի Հանրապետության նախարարներից, տարածքային կառավարման մարմիններից, ինչպես նաև պետական այլ մարմիններից ու պաշտոնատար անձանցից, տեղական ինքնակառավարման մարմիններից, Հանրային խորհրդից ստացված գրություններին, նամակներին, հեռագրերին և կառավարության կամ վարչապետի որոշում չպահանջող մյուս փաստաթղթերին ընթացք է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(110-րդ կետը լրաց. 25.08.10 ՆՀ-184-Ն)

111. Կառավարության աշխատակազմում ստացված գրությունների, նամակների, հանձնարարականների, հեռագրերի ու մյուս փաստաթղթերի կապակցությամբ վարչապետը մակագրության ձևով հանձնարարականներ է տալիս գործադիր իշխանության համապատասխան մարմիններին` անմիջականորեն, կամ դրանք փոխանցում կառավարության աշխատակազմի ղեկավարի միջոցով: Անհրաժեշտության դեպքում սույն կետում նշված փաստաթղթերի առնչությամբ խորհրդակցություններ է անցկացնում վարչապետը, կամ նրա հանձնարարությամբ` համապատասխան նախարարը, կամ կառավարության աշխատակազմի ղեկավարը:

112. Սույն կարգի 110-րդ կետով նախատեսված փաստաթղթերի մասին վարչապետին զեկուցելու համար դրանք նախապատրաստելու, համապատասխան մակագրություններով հանձնարարականներ, խորհրդակցությունների արձանագրություններ ձևակերպելու, կատարողներին և պետական այլ մարմիններին տալու կարգը սահմանում է վարչապետը:

113. Սույն կարգի 112-րդ կետում նշված հանձնարարականները կարող են տրվել կառավարության կամ վարչապետի որոշումների, ինչպես նաև վարչապետի կամ նրա հանձնարարությամբ` կառավարության աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ փոխանցված հանձնարարականների կատարման ապահովման, կառավարության կամ վարչապետի որոշումների նախագծերի կամ դրանց վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման նպատակով:

114. Սույն կարգի 7-րդ գլխով նախատեսված հարցերի կապակցությամբ տրված հանձնարարականները կատարվում են դրանցում նախատեսված ժամկետներում: Հանձնարարականների կատարման ժամկետը կարող է երկարաձգել միայն կառավարության աշխատակազմի ղեկավարը` վարչապետի համաձայնությամբ:

115. Եթե սույն բաժնում նախատեսված հանձնարարականը տրվում է միաժամանակ մի քանի կատարողների, ապա հանձնարարականի կատարման պատասխանատուն առաջին հասցեատերն է, որի անվան դիմաց նշվում է «Հավաք» բառը: Հանձնարարական ստացած մյուս պետական կառավարման մարմինները պարտավոր են կատարման ենթակա փաստաթղթերի վերաբերյալ առաջարկություններ, առարկություններ և անհրաժեշտ նյութեր ներկայացնել պատասխանատու կատարողին` այն հաշվով, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա սահմանված ժամկետում պատասխան ներկայացնել վարչապետին:

116. Եթե հանձնարարականում բացակայում է «Հավաք» նշումը, ապա դրանում նշված պատասխանատու կատարողները հանձնարարականի կատարման վերաբերյալ կարծիքներն ուղղակի ներկայացնում են վարչապետին կամ կառավարության աշխատակազմի ղեկավարին:

117. Հանձնարարականը համարվում է կատարված, եթե լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը կամ դրա վերաբերյալ տրվել է ըստ էության պատասխան:

 

VIII. ՎԱՐՉԱՊԵՏԸ

 

118. Վարչապետը որոշումներ է ընդունում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և կառավարության որոշումներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

119. Վարչապետը որոշումներ ընդունում է իր նախաձեռնությամբ: Վարչապետի որոշումներ ընդունելու վերաբերյալ առաջարկություն կարող են ներկայացնել նաև կառավարության անդամները:

120. Վարչապետը, նպատակահարմարությունից ելնելով, իր իրավասության մեջ մտնող առանձին հարցերի քննարկումը կարող է կազմակերպել կառավարության նիստում:

121. Վարչապետը`

1) վերահսկում է գործադիր իշխանության մարմինների գործունեությունը.

2) ընթացիկ հարցերի լուծման նպատակով ստեղծում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

3) սահմանված կարգով որոշում է պաշտոնական գործուղումների, ընդունելությունների հետ կապված հարցերը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստորագրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր, տալիս է միջկառավարական պայմանագրեր ստորագրելու լիազորություն և հանձնարարականներ.

5) սահմանում է ՀԳՄ-ի և տարածքային կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, ՀԳՄ-ի ղեկավարի տեղակալին` խորհրդակցելով համապատասխան ՀԳՄ-ի ղեկավարի հետ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակվող անձանց, վարչապետի խորհրդականներին, մամուլի քարտուղարին, օգնականներին, ռեֆերենտներին.

7) արձակուրդ է տրամադրում Հայաստանի Հանրապետության մարզպետներին և նրանց տեղակալներին.

8) տալիս է կառավարության կամ վարչապետի անունից հանդես գալու լիազորագրեր.

9) խրախուսում է Հայաստանի Հանրապետության նախարարներին, սույն կետի 6-րդ ենթակետով նախատեսված` իր կողմից նշանակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` համապատասխան քաղաքացիական ծառայողներին և կարգապահական ներգործության միջոցներ կիրառում նրանց նկատմամբ.

10) ներկայացնում է կառավարությունն օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում.

11) նշանակում է միջազգային և միջկառավարական մարմիններում կառավարության ներկայացուցիչներ.

12) օրենքով նախատեսված դեպքերում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գերատեսչական նորմատիվ ակտերը.

13) սահմանում է կառավարության և վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության կարգը.

14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով նախատեսված լիազորություններ:

(121-րդ կետը փոփ. 09.06.09 ՆՀ-141-Ն)

122. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատողների թվաքանակը սահմանում է կառավարությունը:

123. Նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների, ինչպես նաև նախարարի տեղակալների օգնականների թվաքանակները սահմանում է կառավարությունը։

124. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի ղեկավարներին, ոստիկանության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` վարչապետի առաջարկությամբ:

(124-րդ կետը փոփ. 20.08.08 ՆՀ-227-Ն)

125. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` վարչապետի առաջարկությամբ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

(125-րդ կետը լրաց. 16.06.08 ՆՀ-158-Ն, փոփ. 09.06.09 ՆՀ-141-Ն)

126. Վարչապետի որոշումներն ստորագրում է վարչապետը:

127. Վարչապետի որոշումները գրանցվում և համարակալվում են սույն հրամանագրով կառավարության որոշումների համար սահմանված կարգով` առանձին գրանցամատյանում: Վարչապետի որոշումները պահպանվում են կառավարության աշխատակազմում:

128. Վարչապետի որոշումները հրապարակվում և ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով:

129. Վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ կառավարության աշխատակազմի ղեկավարը պարբերաբար քննության են առնում ՀԳՄ-ների, տարածքային կառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության և վարչապետի իրավական ակտերի, հանձնարարականների կատարման արդյունքներն ու ձեռնարկում միջոցներ դրանց կատարման ընթացքում առկա թերությունները վերացնելու համար:

130. Վարչապետը պարբերաբար լսում է Հայաստանի Հանրապետության նախարարների, ՀԳՄ-ների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարների հաշվետվությունները կառավարության և վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման ընթացքի և դրանց կատարման ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին:

131. Վարչապետն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար, օգնականներ և ռեֆերենտներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է վարչապետը:

 

IX. ՀԳՄ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ

 

132. ՀԳՄ-ի ղեկավարը գլխավորում է ՀԳՄ-ն և կառավարում ՀԳՄ-ի համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեությունը:

133. ՀԳՄ-ի ղեկավարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:

134. ՀԳՄ-ի ղեկավարն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի գնահատման և վերլուծության, հեռանկարային զարգացման ապահովման համար:

135. ՀԳՄ-ի ղեկավարը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, կառավարությանը և վարչապետին:

136. ՀԳՄ-ի ղեկավարը`

1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է ՀԳՄ-ի համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է ՀԳՄ-ի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված գործունեության բնագավառների, նպատակների ու խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում կառավարություն.

3) լսում և կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀԳՄ-ի համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում ՀԳՄ-ի մարմինների տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

4) իրականացնում է ՀԳՄ-ի աշխատակազմի, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում՝ նաև աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների կառավարումը` օրենքով և ՀԳՄ-ի կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀԳՄ-ի և ՀԳՄ-ի համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների կանոնադրությունները և կառուցվածքները.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ՀԳՄ-ի աշխատակազմի ղեկավարի, ՀԳՄ-ի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև ՀԳՄ-ի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և ՀԳՄ-ի կանոնադրությանը համապատասխան սահմանում է ՀԳՄ-ի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում՝ նաև աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների իրավասության սահմանները.

8) վերահսկողություն է իրականացնում ՀԳՄ-ի կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման նկատմամբ.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` կառավարության կամ վարչապետի հաստատմանն է ներկայացնում ՀԳՄ-ի համակարգի աշխատողների թիվը.

10) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀԳՄ-ի համակարգի աշխատողներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

12) կարող է կազմավորել աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

13) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր, արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ ՀԳՄ-ի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ ՀԳՄ-ի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային, հատուկ կոչումներ.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

(136 կետը լրաց. 17.12.08 ՆՀ-330-Ն)

136.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում աշխատակազմից դուրս ստեղծված առանձնացված ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատում է կառավարությունը, իսկ աշխատակազմի կառուցվածքային և աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները՝ համապատասխան ՀԳՄ-ի ղեկավարը:

(136.1 կետը լրաց. 17.12.08 ՆՀ-330-Ն)

137. ՀԳՄ-ի ղեկավարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, ՀԳՄ-ի ղեկավարի պարտականությունները կատարում է ՀԳՄ-ի ղեկավարի տեղակալներից մեկը:

138. ՀԳՄ-ի ղեկավարի տեղակալը`

1) համակարգում է ՀԳՄ-ի համակարգի աշխատանքները` ՀԳՄ-ին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է ՀԳՄ-ի` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` ՀԳՄ-ի համակարգի պետական մարմինների և ՀԳՄ-ի կառավարման ոլորտում գործող կազմակերպությունների, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում՝ նաև աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

3) ՀԳՄ-ի նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրեն հանձնարարված բնագավառներում ՀԳՄ-ի համակարգի մարմիններին տալիս է որոշակի հանձնարարականներ և առաջադրանքներ, վերահսկողություն իրականացնում դրանց կատարման նկատմամբ.

4) ՀԳՄ-ի ղեկավարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

5) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում ՀԳՄ-ի ղեկավարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում ՀԳՄ-ի ղեկավարին.

6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

(138 կետը լրաց. 17.12.08 ՆՀ-330-Ն)

139. ՀԳՄ-ի ղեկավարը և նրա տեղակալը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը և դրանով սահմանված կարգին համապատասխան ունեն արձակուրդի իրավունք: ՀԳՄ-ի ղեկավարին արձակուրդ տրամադրում է վարչապետը` Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ, իսկ ՀԳՄ-ի ղեկավարի տեղակալին` վարչապետը:

140. Պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում ՀԳՄ-ի ղեկավարի կամ նրա տեղակալի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը`

1) նկատողություն,

2) խիստ նկատողություն,

3) պաշտոնից ազատում:

141. Պաշտոնեական պարտականությունների բարեխիղճ և օրինակելի կատարման համար ՀԳՄ-ի ղեկավարի կամ նրա տեղակալի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները`

1) շնորհակալագրով պարգևատրում,

2) հուշանվերով կամ թանկարժեք նվերով պարգևատրում,

3) հուշամեդալով պարգևատրում:

142. Սույն կարգով նախատեսված կարգապահական տույժերը և խրախուսանքի միջոցները կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ վարչապետը, իսկ 140-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված կարգապահական տույժը` միայն պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

X. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

143. Կառավարությանը և վարչապետին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը, կառավարության բնականոն գործունեությունն ապահովում է կառավարության աշխատակազմը:

144. Սույն կարգի 143-րդ կետում նշված լիազորությունների իրականացման նպատակով կառավարության աշխատակազմը գործադիր իշխանության մարմիններից պահանջում է անհրաժեշտ փաստաթղթեր, հիմնավորումներ, տալիս հանձնարարականներ` փաստաթղթեր, վերլուծական ու տեղեկատվական բնույթի նյութեր, եզրակացություններ նախապատրաստելու համար։

145. Կառավարության աշխատակազմը ղեկավարում է կառավարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

(145-րդ կետը լրաց. 22.04.08 ՆՀ-98-Ն)

146. Կառավարության աշխատակազմն իրականացնում է կառավարության քննարկմանը ներկայացված հարցերի նախապատրաստումը, այդ թվում` տալիս է եզրակացություններ, վերլուծական ու տեղեկատվական բնույթի նյութեր և առաջարկություններ կառավարությունում քննարկվելիք հարցերի վերաբերյալ: Կառավարության քննարկմանը ներկայացված հարցերի նախապատրաստման նպատակով կառավարության աշխատակազմն իրականացնում է դրանց նախնական քննարկում` կառավարության աշխատակազմի ղեկավարի մոտ կառավարության յուրաքանչյուր նիստից առաջ անցկացվող նախանիստերում կամ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում, որոնց անհրաժեշտության դեպքում հրավիրվում են տվյալ հարցով իրավասու կամ շահագրգիռ ՀԳՄ-ի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հանրային խորհրդի ներկայացուցիչները կամ այլ պաշտոնատար անձինք: Կառավարության աշխատակազմն ապահովում է նաև վարչապետի քննարկմանը ներկայացված հարցերի, այդ թվում` վարչապետի որոշումների նախագծերի նախապատրաստումը:

(146-րդ կետը լրաց. 25.08.10 ՆՀ-184-Ն)

147. Կառավարության աշխատակազմն ապահովում է կառավարության ու վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողությունը, վերլուծում և ամփոփում է դրանց կատարման ընթացքն ու արդյունքների մասին պարբերաբար տեղեկատվություն ներկայացնում վարչապետին:

148. Կառավարության աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է կառավարությունը, աշխատողների թվաքանակը` վարչապետը, իսկ կառավարության աշխատակազմի հաստիքացուցակը` աշխատակազմի ղեկավարը:

149. Կառավարության աշխատակազմի ղեկավարը կառավարության աշխատակազմում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում ընդգրկված, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկում չընդգրկված անձանց:

150. Կառավարությունում և կառավարության աշխատակազմում քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև նրանց դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկումը կազմակերպում է կառավարության աշխատակազմը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Կառավարության աշխատակազմում քննարկվում և ընթացք են տրվում քաղաքացիների այն դիմումներին, բողոքներին և առաջարկություններին, որոնք լուծում չեն ստացել գործադիր իշխանության համապատասխան մարմինների կողմից, ինչպես նաև այն դեպքերում, երբ բողոքներն ուղղված են այդ մարմինների ղեկավարների դեմ:

151. Կառավարության աշխատակազմը`

1) վերլուծում և ամփոփում է կառավարությանը հասցեագրված քաղաքացիների դիմումները, բողոքները, առաջարկությունները և պարբերաբար դրանց մասին տեղեկատվություն ներկայացնում վարչապետին.

2) պարբերաբար ստուգում է քաղաքացիների ընդունելության, նրանց դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման ուղղությամբ ՀԳՄ-ների կողմից տարվող աշխատանքը, ձեռնարկում է միջոցներ` այդ աշխատանքները բարելավելու համար:

152. Կառավարության աշխատակազմում քաղաքացիների ընդունելության և նրանց դիմումների, բողոքների ու առաջարկությունների քննարկման արդյունքները, ինչպես նաև այդ աշխատանքների վիճակի մասին գործադիր իշխանության մարմինների հաշվետվությունները քննության են առնվում կառավարության նիստերում:

 

XI. ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ

 

153. Կառավարության գործավարությունը տարվում է կառավարության կողմից հաստատված` կառավարության գործավարության կարգին համապատասխան:

154. Կառավարության գործավարության կազմակերպումն իրականացնում է կառավարության աշխատակազմը:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահի աշխատակազմի

ղեկավար

Ա. Գևորգյան