Համարը 
ՀՕ-28
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2000.01.20/1(99)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
08.12.1999
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.01.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.01.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
22.07.2006

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 Ընդունված է Ազգային ժողովի կողմից

8 դեկտեմբերի 1999 թվականի

 

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքի խնդիրները

 

Սույն օրենքը կարգավորում է գիտության, գրականության, արվեստի ոլորտների ստեղծագործությունների (հեղինակային իրավունք), կատարումների, հնչյունագրերի (ֆոնոգրամ), հեռարձակող կազմակերպությունների հաղորդումների (հարակից իրավունքներ) ստեղծման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների ոլորտում ծավալվող հասարակական հարաբերությունների իրավական կարգավորումը

 

 

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների ոլորտում ծավալվող հասարակական հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

 

Հոդված 3.  Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, ապա կիրառվում են այդ նորմերը:

 

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

բացառիկ իրավունք` մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ գույքային իրավունքներ տիրապետողի մտավոր սեփականության այդ օբյեկտն իր հայեցողությամբ ցանկացած ձևով և եղանակով օրինաչափ օգտագործելու իրավունքը: Այլ անձանց կողմից մտավոր սեփականության օբյեկտների օգտագործումը թույլատրվում է միայն բացառիկ իրավունքի իրավատիրոջ համաձայնությամբ: Բացառիկ իրավունքներ տիրապետողը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի.

բացահայտում` հեղինակի կամ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների այլ իրավատիրոջ համաձայնությամբ ստեղծագործությունը, հնչյունագիրը (կամ տեսագրությունը) հրատարակման, հրապարակային կատարման, հրապարակային ցուցադրման, հեռարձակման կամ այլ եղանակով լույսընծայման միջոցով համընդհանուր իմացության համար (անձանց անորոշ շրջանակին) առաջին անգամ մատչելի դարձնելու գործողություն.

լույսընծայում (հրապարակում)` հեղինակի կամ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների այլ իրավատիրոջ համաձայնությամբ ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) ցանկացած միջոցներով պատրաստված օրինակները շրջանառության մեջ մտցնելը, եթե վերջիններիս մատչելիությունը բավարարում է հասարակության ողջամիտ պահանջները` հաշվի առնելով ստեղծագործության կամ հնչյունագրի (կամ տեսագրության) բնույթը: Լույսընծայում է համարվում նաև ստեղծագործությունը կամ հնչյունագիրը (կամ տեսագրությունը) տեղեկատվության էլեկտրոնային համակարգերի միջոցով հասարակությանը մատչելի դարձնելը: Լույսընծայում չի համարվում դրամատիկական, երաժշտադրամատիկական, տեսալսողական կամ երաժշտական ստեղծագործության կատարումը, գրական ստեղծագործության ասմունքը, գրական կամ արվեստի ստեղծագործության հեռարձակումը, արվեստի ստեղծագործության ցուցադրումը և ճարտարապետության ստեղծագործության կառուցումը.

կոլեկտիվ ստեղծագործություն` ֆիզիկական կամ իրավաբանական անձի նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ երկու կամ ավելի անձանց ստեղծած ստեղծագործություն.

կատարող` դերասան (թատրոնի, կինոյի և այլնի), երգիչ, երաժիշտ, խմբավար, պարող կամ այլ անձ, որը դեր է կատարում, երգում է, ասմունքում, կարդում, նվագում, կատարում է արվեստի կամ գրական ստեղծագործություններ, կրկեսային, տիկնիկային, էստրադային և համանման այլ ներկայացումներ.

կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ իրականացվել է որևէ կատարման, տեսալսողական ստեղծագործության կամ հնչյունների առաջին ամրագրումը հնչյունագրի, տեսագրության կամ տեսաձայնագրության տեսքով.

հեղինակ` ֆիզիկական անձ, ում ստեղծագործական աշխատանքի արդյունքը ստեղծագործությունն է.

հնչյունագիր (ֆոնոգրամ)` կատարումների հնչյունների կամ այլ հնչյունների կամ դրանց թվային կամ որևէ այլ ձևով ներկայացման ամրագրում` բացառապես ունկնդրելու համար, ցանկացած եղանակով և ցանկացած նյութական կրիչի վրա.

հաղորդում (տեղեկացում)` ստեղծագործության կատարման, հնչյունագրի, տեսագրության, հեռարձակող կազմակերպության հաղորդման (ծրագրի) ցուցադրում, կատարում, հեռարձակում կամ որևէ այլ գործողության կատարում (բացառությամբ ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) օրինակների տարածման), որի միջոցով դրանք ունկնդրելի կամ տեսանելի են դառնում անկախ նրանից` հասարակությունը (երրորդ անձինք) դրանք իրականում ընկալում է (են), թե ոչ.

հեռարձակում` էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածում հաղորդագծով (ներառյալ` կաբելային կապով) կամ առանց հաղորդագծի (ներառյալ` ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով հեռարձակում եթեր), որ այդ պատկերները կամ հնչյուններն ընկալի հասարակությունը (երրորդ անձինք): Հեռարձակում է համարվում նաև կոդավորված ազդանշանների տարածումը, եթե դրանց ապակոդավորման միջոցները հասարակությանը (երրորդ անձանց) տրամադրվել են հեռարձակող կազմակերպության կողմից կամ նրա համաձայնությամբ.

հեռարձակող կազմակերպության հաղորդում (ծրագիր)` տարածման համար նախատեսված պատկերներ և (կամ) հնչյուններ կամ այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված նյութի ամբողջություն, որն ստեղծել է եթերային կամ կաբելային հեռարձակման կազմակերպությունը, կամ նրա պատվերով և միջոցներով` այլ կազմակերպություն.

հրապարակային կատարում` ստեղծագործության, կատարման, հնչյունագրի, հեռարձակող կազմակերպության հաղորդման մատուցում ասմունքի, խաղի, երգի, պարի կամ այլ միջոցներով և ձևերով, ինչպես անմիջական (կենդանի կատարում), այնպես էլ ցանկացած սարքերի կամ գործընթացների օգնությամբ այն տեղերում, որտեղ այդ մատուցումը կարող է ընկալվել առանց սույն հոդվածի տասնչորսերորդ մասով նախատեսված հրապարակային հաղորդում իրականացնելու անհրաժեշտության, և որտեղ ներկա են կամ կարող են ներկա գտնվել անձինք, ովքեր չեն պատկանում ընտանիքի կամ մտերիմների սովորական շրջանակին, անկախ այն բանից` նրանք միաժամանակ ներկա են նույն տեղում, թե տարբեր ժամանակ` տարբեր տեղերում.

հրապարակային ցուցադրում` ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի, կատարման, հեռարձակող կազմակերպության հաղորդման ցուցադրում անմիջականորեն կամ էկրանին ժապավենների, սլայդի, հեռուստակադրի կամ այլ սարքերի և գործընթացների օգնությամբ այն տեղերում, որտեղ այդ ցուցադրումը կարող է ընկալվել առանց սույն հոդվածի հաջորդ կետով նախատեսված հրապարակային հաղորդում իրականացնելու անհրաժեշտության, և որտեղ ներկա են կամ կարող են ներկա գտնվել անձինք, ովքեր չեն պատկանում ընտանիքի կամ մտերիմների սովորական շրջանակին, անկախ այն բանից` նրանք միաժամանակ ներկա են նույն տեղում, թե տարբեր ժամանակ` տարբեր տեղերում:

Տեսալսողական ստեղծագործության հրապարակային ցուցադրում նշանակում է նաև այդ ստեղծագործության առանձին կադրերի ցուցադրում` առանց դրանց հաջորդականությունը պահպանելու.

հրապարակային հաղորդում` ստեղծագործության, կատարման, հնչյունագրի, հեռարձակող կազմակերպության հաղորդման, պատկերների և (կամ) հնչյունների այնպիսի հաղորդում եթերում կամ հաղորդագծով կամ այլ եղանակով, երբ հիշյալ պատկերները կամ հնչյունները կարող են ընդունել այն անձինք, ովքեր չեն պատկանում ընտանիքի կամ մտերիմների սովորական շրջանակին այն տեղերում, որոնց հեռավորությունը հաղորդման սկզբնակետից այնպիսին է, որ այդ պատկերները կամ հնչյուններն առանց նշված հաղորդման չեն կարող ընդունվել նշված վայրերում կամ այլ տեղերում` անկախ այն բանից` վերոհիշյալ անձինք կարող են պատկերները կամ հնչյունները միաժամանակ ընդունել նույն տեղում, թե տարբեր ժամանակ` տարբեր տեղերում.

հնչյունագրի օրինակ` անմիջականորեն կամ անուղղակիորեն հնչյունագրից ցանկացած նյութական կրիչի վրա պատրաստված և հնչյունագրում ամրագրված բոլոր հնչյունները կամ դրանց էական մասն ընդգրկող հնչյունագրի պատճենը.

հասարակություն` անձանց բազմություն, որը չի պատկանում ընտանիքի կամ մտերիմների սովորական շրջանակին, անկախ այն բանից` նրանք միաժամանակ ներկա են նույն տեղում, թե տարբեր ժամանակ` տարբեր տեղերում.

համակարգչային ծրագրի ապաբանաքաղում (դեկոմպիլյացիա)` ծրագրի օբյեկտային կոդի վերափոխում դրա ելքային տեքստին.

հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքների իրավատեր (իրավունք կրող անձ)` գույքային իրավունքներով օժտված հեղինակ կամ կատարող, ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որին զիջվել են գույքային իրավունքները, կամ որն ի սկզբանե օժտվել է գույքային իրավունքներով.

նմանակում (կոնտրաֆակտ)` ստեղծագործության օրինակ, որի պատրաստումը կամ տարածումը հանգեցնում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման.

ներկայացման բեմադրող ռեժիսոր` անձ, որն իրականացնում է թատերական, կրկեսային, տիկնիկային, էստրադային կամ այլ ներկայացումների բեմադրությունը.

ստեղծագործություն` գիտության, գրականության կամ արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ համատեղ իրականացրած ստեղծագործական աշխատանքի ուրույն արդյունք, որն արտահայտված է որոշակի օբյեկտիվ ձևով.

ստեղծագործության օրինակ` ցանկացած առարկայական տեսքով պատրաստված ստեղծագործության պատճեն.

ստեղծագործության էական մաս` ստեղծագործության որևէ մաս, որը տվյալ ստեղծագործությանը ծանոթ որևէ անձ ինքնուրույն կարող է նույնականացնել որպես այդ ստեղծագործության մաս.

ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) օրինակների տարածում` վաճառքի, վարձույթով կամ ժամանակավոր օգտագործման հանձնման կամ դրանց նկատմամբ սեփականության կամ տիրապետման իրավունքի այլ փոխանցման միջոցով, ինչպես նաև տեղեկատվության էլեկտրոնային համակարգերի միջոցով ստեղծագործության հնչյունագրի (կամ տեսագրության) բնօրինակը կամ օրինակները հասարակությանը (երրորդ անձանց) մատչելի դարձնելը.

վերարտադրում` ամբողջ ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) կամ նրա մասի մեկ կամ մի քանի օրինակների պատրաստում` ցանկացած առարկայական տեսքով և ցանկացած նյութական կրիչի վրա, այդ թվում` ձայնագրության և տեսագրության տեսքով, ինչպես նաև` դրա գրանցում էլեկտրոնային (ներառյալ` թվային), օպտիկական կամ այլ մեքենայաընթեռնելի տեսքով մշտապես կամ ժամանակավորապես պահպանելու համար.

վերգծագրական վերարտադրություն (ռեպրոգրաֆիկական վերարտադրություն)` գրավոր կամ այլ գրաֆիկական ստեղծագործության բնօրինակի կամ պատճենի մեկ կամ մի քանի օրինակների ցանկացած չափի (մեծացված կամ փոքրացված) և ձևի ճշգրիտ վերարտադրում` ֆոտոպատճենահանման կամ տեխնիկական այլ միջոցներով, բացառությամբ տպագրական տպաձևերի կիրառման հետ կապվածների:

Վերգծագրական վերարտադրությունը չի ընդգրկում նշված պատճենի էլեկտրոնային (ներառյալ` թվային), օպտիկական կամ այլ մեքենայաընթեռնելի տեսքով պահպանում կամ վերարտադրում.

վերահեռարձակում` հեռարձակող կազմակերպության հաղորդման (ծրագրի) միաժամանակյա կամ արդեն հեռարձակված և ամրագրված հաղորդման հետագա հեռարձակում մեկ այլ հեռարձակող կազմակերպության կողմից.

վարձույթով հանձնում` ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) բնօրինակը կամ օրինակն ուղղակի կամ անուղղակի շահույթ ստանալու նպատակով ժամանակավոր տիրապետման և օգտագործման հանձնում.

տեսալսողական ստեղծագործություն` միմյանց հետ կապակցված պատկերների շարք (ձայնի ուղեկցությամբ կամ առանց դրա), որը հնարավոր է դիտել, իսկ ձայնի ուղեկցությամբ` նաև լսել: Տեսալսողական ստեղծագործություն են համարվում կինեմատոգրաֆիական և համանման միջոցներով արտահայտված այլ ստեղծագործությունները (հեռուստաֆիլմեր, տեսաֆիլմեր, դիաֆիլմեր, կինոֆիլմեր և այլն).

տեսալսողական ստեղծագործության հրապարակային կատարում` ստեղծագործության պատկերների ցուցադրում իրենց հաջորդականությամբ (այդ թվում` դա ուղեկցող ձայների վերարտադրությամբ).

տվյալների բազա` տվյալների կամ այլ նյութերի (հոդվածների, հաշվարկների, փաստերի և այլն) մեքենայաընթեռնելի կամ այլ ձևով համակարգված բանաքաղում (կոմպիլյացիա), որն ըստ իր պարունակության ընտրության կամ տեղաբաշխման ստեղծագործական աշխատանքի արդյունք է:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Հոդված 5. Հեղինակային իրավունքի օբյեկտ համարվող ստեղծագործությունները

 

Հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ոլորտների ստեղծագործությունների վրա` անկախ ստեղծագործության նշանակությունից ու արժանիքներից, ինչպես նաև դա արտահայտելու եղանակից:

Հեղինակային իրավունքի օբյեկտներն են`

- աշխարհագրությանը, տոպոգրաֆիային, երկրաբանությանը, ճարտարապետությանը և այլ գիտություններին վերաբերող աշխարհագրական, երկրաբանական և այլ քարտեզներ, նախագծեր, էսքիզներ և պլաստիկ ստեղծագործություններ.

- ածանցյալ ստեղծագործություններ, մասնավորապես`

ա) այլ ստեղծագործությունների թարգմանությունները, վերամշակումները (մշակումներ, ռեֆերատներ, համառոտ բնութագրումներ, տեսություններ, ամփոփումներ, ադապտացված ստեղծագործություններ, դաշնակումներ, բեմականացումներ, կինեմատոգրաֆիական (տեսալսողական) վերափոխումներ և գիտության, գրականության ու արվեստի ոլորտների ստեղծագործությունների այլ վերամշակումներ), որոնք սույն օրենքի 4 հոդվածի երկրորդ մասի իմաստով` ինքնուրույն ստեղծագործություն են,

բ) ստեղծագործությունների ժողովածուները (հանրագիտարանները, անթոլոգիաները, տվյալների բազաները) և այլ կազմածո կամ հավաքածո ստեղծագործությունները, որոնք, ըստ իրենց պարունակությունների ընտրության կամ տեղաբաշխման, ստեղծագործական աշխատանքի արդյունք են.

- գրական, այդ թվում` գիտական ստեղծագործությունները, բոլոր տեսակի համակարգչային ծրագրերը (որոնք կարող են արտահայտված լինել ծրագրավորման ցանկացած լեզվով և ցանկացած ձևով (ներառյալ` կիրառական ծրագրերը, գործառնական համակարգերը, ելքային տեքստը և օբյեկտային կոդը).

- գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկային և կերպարվեստի այլ ստեղծագործությունները.

- դրամատիկական և երաժշտադրամատիկական ստեղծագործությունները, սցենարները, սցենարային պլանները, լիբրետոները և բեմական ցուցադրման համար ստեղծված այլ գործեր.

- դեկորատիվ-կիրառական և բեմական գրաֆիկայի (բեմական դիզայնի) արվեստի ստեղծագործությունները.

- դիզայնի ստեղծագործությունները, տառատեսակները.

- լուսանկարչական և նման եղանակով ստեղծված ստեղծագործությունները.

- ճարտարապետության, քաղաքաշինության, այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները.

- ճարտարապետական-գեղարվեստական լուծումների ստեղծագործությունները (ինչպես ամբողջությամբ, այնպես էլ դրանց առանձին մասերը).

- պարարվեստի և մնջախաղի ստեղծագործությունները.

- սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող այլ ստեղծագործություններ.

- ստեղծագործության մասերը, հատվածները, ինչպես նաև անվանումը, որոնք ինքնուրույն ստեղծագործություն են.

- տեքստով և առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները.

- տեսալսողական ստեղծագործությունները (կինոֆիլմ, հեռուստաֆիլմեր, տեսասլայդային ֆիլմեր և այլ կինոստեղծագործություններ, հեռուստատեսային ստեղծագործություններ, ռադիոստեղծագործություններ):

Հեղինակային իրավունքի օբյեկտը պետք է արտահայտվի բանավոր, գրավոր կամ դա ընկալելու հնարավորությունը թույլատրող այլ օբյեկտիվ ձևով:

Գրավոր կամ այլ կերպ նյութական կրիչի վրա (ձեռագրի, մեքենագրի, նոտագրի, տեխնիկական միջոցների օգնությամբ ամրակայված (ներառյալ` ձայնագրության կամ տեսագրության) արտահայտված, երկչափ կամ ծավալատարածական ձևով պատկերի վրա ամրագրված և այլն) արտահայտված ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող` անկախ երրորդ անձանց համար դրա մատչելի լինելուց:

Նյութական կրիչի վրա չարտահայտված բանավոր կամ այլ ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող, եթե դա մատչելի է դարձել երրորդ անձանց ընկալման համար (հրապարակային արտասանություն, հրապարակային կատարում և այլն):

Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված (լույս ընծայված, նյութականացված), այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա:

 

Հոդված 6. Հեղինակային իրավունքի օբյեկտ չհամարվող ստեղծագործությունները

 

Հեղինակային իրավունքի օբյեկտ չեն`

- ժողովրդական ստեղծագործության երկերը.

- օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների մասին մամուլի տեղեկատվություն ներկայացնող հաղորդումները.

- պաշտոնական փաստաթղթերը (օրենքներ, որոշումներ, վճիռներ և այլն), ինչպես նաև դրանց պաշտոնական թարգմանությունները.

- պետական խորհրդանիշներն ու նշանները ( դրոշներ, զինանշաններ, շքանշաններ, դրամանիշներ և այլն).

- առանց մարդու ստեղծագործական գործունեության` տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները:

Հեղինակային իրավունքը չի տարածվում գաղափարների, սկզբունքների, մեթոդների, արարողակարգերի, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, առաջարկվող լուծումների, օբյեկտիվորեն գոյություն ունեցող երևույթների հայտնաբերման վրա:

 

Հոդված 7. Հեղինակային իրավունքի գործողությունը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության տարածքում այն ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն է գործում, որն առաջին անգամ է լույս ընծայվել (բացահայտվել) այդ տարածքում կամ թեկուզ լույս չի ընծայվել, սակայն որի բնօրինակը որևէ օբյեկտիվ ձևով գտնվում է այդ տարածքում: Այդ դեպքում հեղինակի և նրա ժառանգների, ինչպես նաև հեղինակի այլ իրավահաջորդների հեղինակային իրավունքը ճանաչվում է անկախ նրանց քաղաքացիությունից:

Ստեղծագործությունը Հայաստանի Հանրապետության տարածքում առաջին անգամ լույս ընծայված է համարվում նաև, եթե դա այլ պետության տարածքում առաջին անգամ լույս ընծայվելուց հետո` 30 օրվա ընթացքում, լույս է ընծայվում Հայաստանի Հանրապետության տարածքում:

Ճանաչվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև նրանց ժառանգների և մյուս իրավահաջորդների հեղինակային իրավունքը, որոնց ստեղծագործություններն առաջին անգամ լույս են ընծայվել կամ որևէ օբյեկտիվ ձևով գտնվում են օտարերկրյա պետության տարածքում:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է նաև`

ա) այն տեսալսողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը, որի պատրաստողի կամ պրոդյուսերի վարչական կառավարման կենտրոնը կամ նստավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված ճարտարապետական ստեղծագործության կամ այդ տարածքում գտնվող կառույցի կամ շինության մեջ ընդգրկված արվեստի այլ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն ճանաչվում է նաև այլ պետությունների քաղաքացիների, ինչպես նաև նրանց ժառանգների և մյուս իրավահաջորդների հեղինակային իրավունքը, որոնց ստեղծագործություններն առաջին անգամ լույս են ընծայվել կամ որևէ օբյեկտիվ ձևով գտնվում են օտարերկրյա պետության տարածքում: Այդ դեպքում օտարերկրյա պետության տարածքում ստեղծագործության բացահայտման փաստը որոշվում է համապատասխան միջազգային պայմանագրի դրույթների համաձայն:

Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծագործությանը, միջազգային պայմանագրերին համապատասխան, իրավական պաշտպանություն տրամադրելիս դրա նկատմամբ հեղինակային իրավունքի տիրապետման հարցը որոշվում է այն երկրի օրենսդրությամբ, որտեղ տեղի է ունեցել հեղինակային իրավունքի տիրապետման համար հիմք ծառայած գործողությունը կամ փաստը:

 

Հոդված 8. Հեղինակային իրավունքի ծագումը: Հեղինակության կանխավարկածը

 

Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է ստեղծագործության ստեղծման փաստով և կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, ստեղծագործության գրանցումից և որևէ այլ ձևականության պահպանումից:

Հեղինակային իրավունքի իրավատերն իր հեղինակային իրավունքի մասին ծանուցելու նպատակով կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշանը, որը տեղադրվում է ստեղծագործության յուրաքանչյուր օրինակի վրա և կազմված է`

- շրջանակի մեջ վերցված լատինական «C» տառից.

- հեղինակային իրավունքի իրավատիրոջ անունից.

- ստեղծագործության առաջին հրատարակության տարեթվից:

Իրավատեր է համարվում եղինակային իրավունքի պահպանության նշանում հիշատակված անձը, եթե այլ բան ապացուցված չէ:

Անանուն կամ կեղծանունով լույս ընծայված ստեղծագործության (բացառությամբ դեպքերի, երբ կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում) հրատարակիչը, որի անունը կամ անվանումը նշված է ստեղծագործության վրա, այլ ապացույցների բացակայության դեպքում համարվում է հեղինակի ներկայացուցիչ, որն իրավունք ունի պաշտպանել հեղինակի իրավունքները և ապահովել դրանց իրականացումը: Սույն դրույթը գործում է այնքան ժամանակ, մինչև նման ստեղծագործության հեղինակը կբացահայտի իր անձը և կհայտարարի իր հեղինակության մասին:

 

Հոդված 9. Հեղինակային իրավունքի և նյութական կրիչի նկատմամբ սեփականության իրավունքի հարաբերակցությունը

 

Ստեղծագործության նկատմամբ բացառիկ իրավունքը գոյություն ունի անկախ այն նյութական օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքից, որում արտահայտված է նման ստեղծագործությունը:

Հեղինակի կողմից ստեղծագործության` որպես առարկայական օբյեկտի օտարումը չի նշանակում հեղինակային իրավունքի օտարում:

 

Հոդված 10. Համահեղինակություն

 

Երկու կամ ավելի քաղաքացիների համատեղ ստեղծագործական աշխատանքով ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը հեղինակներին է պատկանում համատեղ` անկախ ստեղծագործության կառուցվածքից:

Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության առանձին մասը համարվում է ինքնուրույն նշանակություն ունեցող, եթե դա կարող է օգտագործվել ստեղծագործության մյուս մասերից անկախ:

Համահեղինակներից յուրաքանչյուրն իրավունք ունի ստեղծագործության իր ստեղծած ինքնուրույն նշանակություն ունեցող մասն օգտագործել իր հայեցողությամբ, եթե նրանց համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:

Ստեղծագործությունն ամբողջությամբ օգտագործելու իրավունքը համահեղինակներին է պատկանում համատեղ: Համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջև եղած համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը բոլոր հեղինակներին պատկանում է համատեղ, իսկ ստացվող վարձատրությունը նրանց միջև բաշխվում է հավասար:

Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ճանաչվում է, եթե համահեղինակներից թեկուզ մեկը սույն օրենքի համաձայն օգտվում է հեղինակային իրավունքից:

Համահեղինակությամբ ստեղծված և անբաժանելի ամբողջականություն համարվող ստեղծագործության համահեղինակներից ոչ մեկն իրավունք չունի առանց հիմնավորված պատճառաբանությունների արգելել ստեղծագործության օգտագործումը:

 

Հոդված 11. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները

 

Ստեղծագործության հեղինակին են պատկանում հետևյալ անձնական ոչ գույքային իրավունքները.

ա) ստեղծագործության հեղինակ ճանաչվելու իրավունքը (հեղինակության իրավունքը).

բ) ստեղծագործությունն իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ դրա օգտագործելը թույլատրելու իրավունքը (հեղինակի անվան իրավունքը).

գ) ստեղծագործության անձեռնմխելիության իրավունքը (արգելել ստեղծագործության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը, ստեղծագործության հնարավոր աղավաղումները, աղճատումները կամ այլ ոտնձգություններ):

Անկախ հեղինակի գույքային իրավունքներից և ստեղծագործության օգտագործման համար նրա բացառիկ իրավունքների զիջումից` անձնական ոչ գույքային իրավունքները պատկանում են բացառապես հեղինակին:

 

Հոդված 12. Հեղինակի կամ հեղինակային իրավունքի այլ իրավատիրոջ գույքային իրավունքները

 

Հեղինակին կամ հեղինակային իրավունքի այլ իրավատիրոջն է պատկանում ստեղծագործությունը ցանկացած ձևով, այդ թվում` ածանցյալ ստեղծագործության ձևով, և ցանկացած եղանակով օգտագործելու բացառիկ իրավունքը:

Հեղինակը կամ հեղինակային իրավունքի այլ իրավատերը բացառիկ իրավունք ունի թույլատրել կամ արգելել իր ստեղծագործության օգտագործումը: Ստեղծագործության օգտագործում է համարվում դրա վերարտադրումը, տարածումը, այդ թվում` ներմուծումն ու արտահանումը, և այլ եղանակներով իրացումը, մասնավորապես`

ա) ստեղծագործության հրապարակային ցուցադրումը.

բ) ստեղծագործության նյութական կրող համարվող օրինակը վարձույթով տալը.

գ) ստեղծագործության հրապարակային կատարումը.

դ) ստեղծագործության հեռարձակումը եթեր (ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, ներառյալ` կաբելային կամ արբանյակային կապով).

ե) ստեղծագործության տեխնիկական ձայնագրությունը և (կամ) տեսագրությունը.

զ) ստեղծագործության կամ դրա տեխնիկական ձայնագրության և (կամ) տեսագրության հրապարակային հաղորդումը.

է) ստեղծագործության տեխնիկական ձայնագրության և (կամ) տեսագրության օրինակների, արվեստի ստեղծագործությունների վերարտադրությունը.

ը) ստեղծագործության թարգմանությունը, վերամշակումը, վերադաշնակումը կամ այլ եղանակով վերափոխումը` հետագայում դրանք օգտագործելու նպատակով.

թ) քաղաքաշինական, ճարտարապետական, դիզայնի նախագծի գործնական իրացումը:

Հեղինակային իրավունքի իրավատերն իրավունք ունի նաև արգելել առանց իր թույլտվության պատրաստված ստեղծագործության օրինակների ներմուծումն ու արտահանումը:

Եթե ստեղծագործության բնօրինակը կամ օրինակներն օտարված են օրենքով սահմանված կարգով, ապա դրանց հետագա տարածումը թույլատրվում է առանց հեղինակի համաձայնության և առանց վարձատրության, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Հեղինակային իրավունքի իրավատիրոջ բացառիկ իրավունքները չեն կիրառվում կառույցի ձևով արտահայտված կամ դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով կամ ժամանակավոր հանձնման եղանակով տարածելու դեպքում:

Ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով կամ ժամանակավոր հանձնման եղանակով տարածելու իրավունքը պատկանում է հեղինակային իրավունքի իրավատիրոջը` անկախ այդ օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից: Նշված իրավունքը չի կիրառվում այն համակարգչային ծրագրերի նկատմամբ, որոնք ինքնին վարձույթի հիմնական օբյեկտ չեն կամ ընդգրկված են որևէ մեքենայի կամ արտադրանքի մեջ, որի բնականոն օգտագործման ընթացքում չեն կարող վերարտադրվել կամ պատճենահանվել:

Հեղինակն իրավունք ունի հրաժարվել ստեղծագործությունը հրապարակելու վերաբերյալ նախկինում ընդունած որոշումից (հետկանչի իրավունք)` նման որոշմամբ ստեղծագործությունն օգտագործելու իրավունք ունեցող անձանց պատճառած վնասները (ներառյալ` բաց թողնված օգուտը) հատուցելու պայմանով: Եթե ստեղծագործությունն արդեն իսկ հրապարակվել է, հեղինակը պարտավոր է հրապարակայնորեն ծանուցել դրա հետկանչի մասին: Ընդ որում, նա իրավունք ունի շրջանառությունից իր հաշվին հանել ստեղծագործության նախկինում պատրաստված օրինակները:

Սույն դրույթը տարածվում է նաև ծառայողական ստեղծագործության վրա, եթե հեղինակային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Ճարտարապետության, քաղաքաշինության, այգեպուրակային արվեստի ստեղծագործության հեղինակների բացառիկ իրավունքը դրանց պրակտիկ իրականացմանը մասնակցելն է, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Հեղինակային իրավունքի իրավատերն իրավասու է իր ստեղծագործության օգտագործման դիմաց պահանջել վարձատրություն, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են սույն օրենքի 13-18 հոդվածներով, եթե չեն հակասում ստեղծագործության բնականոն շահագործմանը և չեն ոտնահարում ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքի իրավատիրոջ օրինական շահերը:

Հեղինակային վարձատրության հաշվարկման և վճարման կարգն ու ժամկետները սահմանվում են`

ա) հեղինակային պայմանագրով.

բ) հեղինակի գույքային իրավունքներն անդամակցային հիմունքներով ապահովող կազմակերպությունների և օգտագործողների միջև կնքված պայմանագրով: Հեղինակային վարձատրության նվազագույն չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 13. Ստեղծագործության ազատ օգտագործումը

 

Առանց հեղինակի կամ հեղինակային իրավունքի այլ իրավատիրոջ համաձայնության և առանց հեղինակային վարձատրության, սակայն հեղինակի անվան և սկզբնաղբյուրի պարտադիր նշումով, թույլատրվում է`

- գիտական, հետազոտական, բանավիճական, քննադատական և տեղեկատվության նպատակով օրինական ճանապարհով բացահայտված ստեղծագործության քաղվածքների բնագիր կամ թարգմանաբար մեջբերումը (ցիտումը), այդ թվում` նաև թերթերի և ամսագրերի հոդվածներից քաղվածքների վերարտադրումը մամուլի տեսության ձևով` մեջբերման նպատակն արդարացնող ծավալով.

- օրինական ճանապարհով բացահայտված գրական և արվեստի ստեղծագործությունների ու դրանցից քաղվածքների` իբրև լուսաբանություն, օգտագործումը ուսուցողական բնույթի հրատարակություններում, հեռարձակող կազմակերպության հաղորդումներում (ծրագրերում), ձայնագրություններում և տեսագրություններում` ուսուցումը լուսաբանելու նպատակն արդարացնող ծավալով.

- ընթացիկ տնտեսական, քաղաքական, սոցիալական և կրոնական հարցերին վերաբերող ու օրինական ճանապարհով մամուլում հրատարակված հոդվածների կամ նմանօրինակ բնույթի հեռարձակված ստեղծագործությունների վերարտադրումը մամուլում և հեռարձակումը, եթե հեղինակը նման օգտագործումը նախապես չի արգելել.

- հրապարակավ արտասանված քաղաքական ելույթների, զեկույցների, հայտարարությունների և այլ նմանօրինակ ստեղծագործությունների վերարտադրումը մամուլում ու հեռարձակումը` տեղեկատվության նպատակն արդարացնող ծավալով.

- լուսանկարչության, կինոարվեստի, հեռարձակման միջոցներով ընթացիկ իրադարձությունների մասին հաղորդման նպատակով դրանց ընթացքում տեսած կամ լսած գրական և արվեստի ստեղծագործությունների վերարտադրումը և հրապարակային հաղորդումը` տեղեկատվության նպատակն արդարացնող ծավալով.

- դատական և վարչական վարույթի նպատակների համար ստեղծագործության օգտագործումը` նպատակն արդարացնող ծավալով: Այդ դեպքերում հեղինակի անվան և սկզբնաղբյուրի նշումը պարտադիր չէ.

- օրինական ճանապարհով բացահայտված երաժշտական ստեղծագործության հրապարակային կատարումը`

ա) պաշտոնական, կրոնական, ինչպես նաև ծիսակարգային արարողությունների ժամանակ` արարողության բնույթն արդարացնող ծավալով,

բ) կրթական հաստատություններում, կրթական գործունեության ընթացքում ուսուցիչների և ուսանողների մասնակցությամբ, եթե ունկնդիրներն ուսուցիչներ և ուսանողներ են, ինչպես նաև կրթական հաստատության հետ անմիջական կապ ունեցող անձինք են (ծնողներ, խնամակալներ, հոգաբարձուներ, դաստիարակներ): Այդ դեպքում հեղինակի անվան և սկզբնաղբյուրի նշումը պարտադիր չէ.

- օրինական ճանապարհով բացահայտված ստեղծագործության առանց շահույթ ստանալու վերարտադրումն ուռուցիկ-կետային տպատառերով կամ կույրերի համար նախատեսված այլ հատուկ եղանակներով, բացառությամբ վերարտադրության հատկապես այդպիսի եղանակների համար ստեղծված ստեղծագործությունների:

 

Հոդված 14. Անձնական նպատակով ստեղծագործության օգտագործումը

 

Առանց հեղինակի կամ հեղինակային իրավունքի այլ իրավատիրոջ համաձայնության և վարձատրության թույլատրվում է օրենքով սահմանված կարգով բացահայտված ստեղծագործության վերարտադրումը բացառապես անձնական կամ ընտանիքի անդամների անձնական կարիքները բավարարելու համար:

Սույն դրույթը չի տարածվում կառույցի կամ համանման կառուցվածքի ձևով ճարտարապետական ստեղծագործությունների, մեքենայաընթեռնելի տվյալների բազայի կամ դրա էական մասերի, համակարգչային ծրագրերի վերարտադրման վրա, ինչպես նաև գրքերի և նոտային տեքստերի վերգծագրական վերարտադրման վրա: Անձնական օգտագործման համար համակարգչային ծրագրի կամ մեքենայաընթեռնելի տվյալների բազայի վերարտադրման և վերափոխման վերաբերյալ համակարգչային ծրագրի կամ տվյալների բազայի օրինական ճանապարհով տնօրինող անձի իրավունքները սահմանված են սույն օրենքի 18 հոդվածում:

 

Հոդված 15. Ստեղծագործության օգտագործումը վերգծագրական վերարտադրման եղանակով

 

Առանց հեղինակի կամ հեղինակային իրավունքի այլ իրավատիրոջ համաձայնության և առանց հեղինակային վարձատրության, սակայն հեղինակի անվան և սկզբնաղբյուրի պարտադիր նշումով ու առանց շահույթ ստանալու, թույլատրվում է`

ա) օրինական ճանապարհով լույս ընծայված ստեղծագործության վերգծագրական վերարտադրում (1 օրինակ) գրադարանների և արխիվների կողմից` կորած կամ վնասված օրինակների վերականգնման կամ փոխարինման նպատակով, ինչպես նաև այլ գրադարաններում ստեղծագործության օրինակի կորստյան դեպքում դրանց օրինակ տրամադրելու համար, եթե սովորական պայմաններում այդպիսի օրինակ ձեռք բերելն այլ ճանապարհով անհնարին է.

բ) ժողովածուներում, թերթերում և այլ պարբերական հրատարակություններում օրինական ճանապարհով լույս ընծայված առանձին հոդվածների, փոքրածավալ ստեղծագործությունների և օրինական ճանապարհով լույս ընծայված այլ գրավոր ստեղծագործությունների կարճ հատվածների, բացառությամբ համակարգչային ծրագրերի, վերգծագրական վերարտադրում (1 օրինակ)` գրադարանների ու արխիվների կողմից` ուսումնական և գիտահետազոտական նպատակներով (ֆիզիկական անձանց պահանջով), ինչպես նաև կրթական հաստատությունների կողմից` լսարանային պարապմունքների համար:

 

Հոդված 16. Այցելության համար բաց վայրերում տեղադրված ստեղծագործության ազատ օգտագործումը

 

Առանց հեղինակի կամ հեղինակային իրավունքի այլ իրավատիրոջ համաձայնության և առանց հեղինակային վարձատրության թույլատրվում է վերարտադրել, հեռարձակել ճարտարապետական, լուսանկարչական կամ կերպարվեստի այն ստեղծագործությունը, որը տեղադրված է ազատ այցելության վայրում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ստեղծագործության պատկերն այդպիսի վերարտադրության կամ հեռարձակման հիմնական օբյեկտ է, և երբ ստեղծագործության պատկերն օգտագործվում է առևտրային նպատակով:

 

Հոդված 17. Հեռարձակող կազմակերպության կողմից կարճատև օգտագործման ձայնագրությունների և տեսագրությունների ազատ օգտագործումը

 

Հեռարձակող կազմակերպությունն իրավասու է առանց հեղինակի կամ հեղինակային իրավունքի այլ իրավատիրոջ համաձայնության և առանց հավելյալ վարձատրության կատարել կարճատև օգտագործման ձայնագրություն (կամ տեսագրություն) այն ստեղծագործությունից, որի վերաբերյալ ստացել է հեռարձակման իրավունք, եթե այդ ձայնագրությունը (կամ տեսագրությունը) կատարում է տվյալ կազմակերպությունն իր տեխնիկական միջոցներով և իր հաղորդումների համար:

Կազմակերպությունը պարտավոր է նման ձայնագրության (կամ տեսագրության) ստեղծումից 6 ամիս հետո ոչնչացնելու դա, եթե այդ ձայնագրության (կամ տեսագրության) հետագա օգտագործումը համաձայնեցված չէ ստեղծագործության հեղինակի հետ:

Նման ձայնագրությունը (կամ տեսագրությունը) առանց ստեղծագործության հեղինակի համաձայնության կարող է պահպանվել պաշտոնական արխիվներում, եթե դա բացառապես վավերագրական է:

 

Հոդված 18. Համակարգչային ծրագրերի և մեքենայաընթեռնելի տվյալների բազաների ազատ վերարտադրումը: Համակարգչային ծրագրերի ապաբանաքաղումը

 

Համակարգչային ծրագրի կամ մեքենայաընթեռնելի տվյալների բազայի օրինակն օրինական ճանապարհով տնօրինող անձը (օգտագործելու իրավունք ունեցող անձ, այսուհետ` օգտագործող), առանց հեղինակի կամ հեղինակային իրավունքի այլ իրավատիրոջ համաձայնության և հավելյալ վարձատրության, իրավունք ունի դա եզակի օրինակով վերարտադրել կամ վերափոխել, եթե այդ օրինակը կամ վերափոխումն անհրաժեշտ է`

ա) համակարգչային ծրագիրը կամ մեքենայաընթեռնելի տվյալների բազան օրինական օգտագործողի տեխնիկական միջոցների զուգակցությամբ օգտագործելու համար` բացառապես այն նպատակով և ծավալով, որի համար նախատեսված է ծրագիրը կամ բազան, ներառյալ` դրանում առկա ակնհայտ սխալներն ուղղելու համար.

բ) օրինական ճանապարհով ձեռք բերված համակարգչային ծրագրի կամ մեքենայաընթեռնելի տվյալների բազայի օրինակի կորստյան, ոչնչացման կամ ոչ պիտանի լինելու դեպքում դա փոխարինելու համար:

Համակարգչային ծրագրի օրինական օգտագործողը ծրագիրը լիաբեռնելու, ցուցադրելու, գործադրելու, հաղորդելու կամ հիշողության մեջ պահելու` իրեն լիազորված գործողություններից որևէ մեկը կատարելիս առանց հեղինակի կամ հեղինակային իրավունքի այլ իրավատիրոջ համաձայնության և հավելյալ վարձատրության իրավունք ունի ծրագրի ցանկացած տարրի հիմքում ընկած գաղափարներն ու սկզբունքները որոշելու նպատակով զննել, ուսումնասիրել կամ փորձարկել ծրագրի գործառնումը:

Համակարգչային ծրագրի օրինական օգտագործողը, առանց հեղինակի կամ հեղինակային իրավունքի այլ իրավատիրոջ համաձայնության և հավելյալ վարձատրության, իրավունք ունի վերարտադրել և վերափոխել ծրագրի օբյեկտային կոդը ելքային տեքստի (ապաբանաքաղել համակարգչային ծրագիրը) կամ այլ անձանց հանձնարարել այդ գործողությունների իրականացումը, եթե դրանք անհրաժեշտ են այլ ծրագրերի հետ ինքնուրույն ստեղծված համակարգչային ծրագրի փոխգործողության ունակության հասնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելու համար, եթե առկա են հետևյալ պայմանները.

ա) օրինական օգտագործողի կամ նրա հանձնարարությամբ գործող անձանց համար փոխգործողության ունակության հասնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը նախօրոք մատչելի չէր այլ աղբյուրներից.

բ) նշված գործողությունները սահմանափակված են ապաբանաքաղվող ծրագրի մասերով, որոնք անհրաժեշտ են փոխգործողության ունակության հասնելու համար: Վերոհիշյալ ապաբանաքաղման արդյունքում ստացված տեղեկատվությունը կարող է օգտագործվել միայն ինքնուրույն ստեղծված համակարգչային ծրագրի փոխգործողության ունակության հասնելու նպատակով և չի կարող`

- փոխանցվել այլ անձանց, բացառությամբ այն դեպքերի, եթե դա անհրաժեշտ է ինքնուրույն ստեղծված համակարգչային ծրագրի փոխգործողության ունակության համար, կամ

- օգտագործվել իր տեսքով ապաբանաքաղողին նման համակարգչային ծրագրի մշակման, արտադրման կամ շուկայի հետազոտման (մարքեթինգի) համար կամ հեղինակային իրավունքը խախտող որևէ այլ գործողություն իրականացնելու համար:

 

Հոդված 19. Ծառայողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

 

Ծառայողական առաջադրանքով ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է ստեղծագործության հեղինակին: Ծառայողական ստեղծագործությունն օգտագործելու իրավունքն առաջադրանքի նպատակով պայմանավորված եղանակով ու դրանից բխող սահմաններում պատկանում է այն անձին, ում հանձնարարությամբ ստեղծվել է ստեղծագործությունը, և ում հետ հեղինակը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ (գործատու), եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Գործատուն կամ ստեղծագործությունը թողարկող անձն իրավասու է ծառայողական ստեղծագործության ցանկացած օգտագործման դեպքում նշել իր անունը կամ պահանջել նման նշում:

Հեղինակի` գործատուի հետ կնքած պայմանագիրը կարող է հեղինակի համար նախատեսել ծառայողական ստեղծագործությունն օգտագործելու համար վարձատրություն և պարունակել դա օգտագործելու այլ պայմաններ:

Հեղինակի կողմից ստեղծագործությունը ներկայացնելու պահից տասը տարի անցնելուց հետո, իսկ գործատուի համաձայնության դեպքում` ավելի վաղ, ստեղծագործությունն օգտագործելու և հեղինակային վարձատրություն ստանալու իրավունքն ամբողջովին անցնում է հեղինակին` անկախ կնքված պայմանագրից:

Առաջադրանքի նպատակով չպայմանավորված եղանակով ծառայողական ստեղծագործությունն օգտագործելու հեղինակի իրավունքը չի սահմանափակվում:

Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ծառայողական հանձնարարությունների կամ պարտականությունների կարգով ստեղծված հանրագիտարանների, հանրագիտարանային բառարանների, գիտական աշխատությունների, պարբերական ու շարունակական ժողովածուների, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների վրա:

 

Հոդված 20. Տեսալսողական ստեղծագործության հեղինակային իրավունքը

 

Տեսալսողական ամբողջական ստեղծագործության հեղինակներն են` սցենարի հեղինակը, բեմադրող ռեժիսորը, հատկապես տվյալ տեսալսողական ստեղծագործության համար ստեղծված երաժշտական ստեղծագործության հեղինակը (տեքստով կամ առանց տեքստի), բեմադրող օպերատորը, ինչպես նաև ամբողջական տեսալսողական ստեղծագործության ստեղծմանը պայմանագրով մասնակցած և ստեղծագործական աշխատանքի ուրույն արդյունք ներդրած այլ անձինք:

Տեսալսողական ստեղծագործության ստեղծումը կազմակերպող անձը տվյալ ստեղծագործության հեղինակ չէ, եթե նա միաժամանակ չի պատկանում սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց թվին: Տեսալսողական ստեղծագործության մեջ որպես բաղադրիչ մաս ընդգրկված ստեղծագործությունների` ինչպես նախկինում գոյություն ունեցող (սցենարի համար հիմք հանդիսացող վեպի և այլն), այնպես էլ դրա վրա աշխատելու ընթացքում ստեղծված (բեմադրող օպերատորի, բեմադրող նկարչի և այլոց կողմից) հեղինակներից յուրաքանչյուրն օգտվում է իր ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքից և կարող է այդ ստեղծագործությունն օգտագործել ինքնուրույն` տեսալսողական ամբողջական ստեղծագործությունից անկախ, եթե տեսալսողական ստեղծագործության ստեղծումը կազմակերպող անձի հետ կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Տեսալսողական ստեղծագործությունն ստեղծելու պայմանագիր կնքելով` դրա հեղինակներն ստեղծագործությունն օգտագործելու, այդ թվում` ենթագրության և կրկնօրինակման ենթարկելու բացառիկ իրավունքը փոխանցում են ստեղծագործության ստեղծումը կազմակերպողին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Տեսալսողական ստեղծագործության հրապարակային կատարման ժամանակ ստեղծագործության հեղինակները պահպանում են տվյալ ստեղծագործության յուրաքանչյուր հրապարակային կատարման կամ օրինակները վարձույթով տալու դեպքում հեղինակային վարձատրություն ստանալու իրենց իրավունքները: Վարձատրության հավաքումը, բաշխումն ու վճարումն իրականացնում է գույքային իրավունքներն ապահովող մարմինը:

Տեսալսողական ստեղծագործության ստեղծումը կազմակերպող անձն իրավասու է այդ ստեղծագործության ցանկացած օգտագործման դեպքում նշել իր անունը կամ անվանումը կամ պահանջել այդպիսի նշում:

Առանց հեղինակների և գույքային իրավունքների այլ իրավատիրոջ համաձայնության արգելվում է տեսալսողական ստեղծագործության միակ տարբերակի (բնօրինակի կամ նեգատիվի) ոչնչացումը:

 

Հոդված 21.  Արվեստի ստեղծագործության հեղինակի իրավունքը

 

Արվեստի ստեղծագործության հեղինակն իրավունք ունի ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի սեփականատիրոջից պահանջել իրեն հնարավորություն ընձեռել վերարտադրելու իր ստեղծագործությունը, եթե դրանով չեն վնասվում սեփականատիրոջ շահերը: Ընդ որում, սեփականատերը պարտավոր չէ ստեղծագործությունը հասցնել դրա հեղինակի գտնվելու վայրը: Նշված հնարավորությունն ընձեռելիս սեփականատերը կարող է հեղինակից պահանջել ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի շուկայական գնի չափով գրավի կամ այլ համարժեք երաշխիքի ապահովում: Վերոնշյալ իրավունքից օգտվելու ծախսերը, ինչպես նաև ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի որևէ վնասի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը:

Հեղինակի կողմից արվեստի ստեղծագործության նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը (հատուցելի կամ անհատույց) այլ անձի համարվում է ստեղծագործության նկատմամբ սեփականության իրավունքի առաջին օտարում:

Հեղինակային իրավունքի գործողության ժամկետում արվեստի ստեղծագործության հեղինակը (նկարիչ, քանդակագործ, գրող, կոմպոզիտոր և այլն) կամ նրա մահից հետո իրավահաջորդն օգտվում է հեղինակի կողմից առաջին անգամ օտարված արվեստի ստեղծագործության (այդ թվում` գրողների և կոմպոզիտորների ձեռագրերի) բնօրինակի աճուրդի, պատկերասրահների, գեղարվեստական սրահների, խանութների և այլնի միջոցով յուրաքանչյուր հաջորդ վերավաճառքի գնի հինգ տոկոսը վաճառողից ստանալու անօտարելի իրավունքից, եթե վերավաճառքի գինը նախորդից գերազանցում է առնվազն 20 տոկոսով: Հեղինակին կամ նրա իրավահաջորդին հասանելիք գումարների հավաքումը, բաշխումն ու վճարումը կարող են իրականացնել հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերերի գույքային իրավունքներն ապահովող կազմակերպությունները:

Սույն հոդվածի երրորդ մասում նշված իրավունքից կարող են օգտվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նմանատիպ իրավունք ընձեռած երկրի քաղաքացիները:

 

Հոդված 22. Ժողովածու ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

 

Ժողովածու կամ այլ կազմածո կամ հավաքածո ստեղծագործության հեղինակին է պատկանում դրա պարունակությունների` իր իրականացրած և ստեղծագործական աշխատանքի արդյունք համարվող ընտրության կամ տեղաբաշխման նկատմամբ հեղինակային իրավունքը:

Ժողովածու ստեղծագործություն կազմողին է պատկանում ամբողջական ստեղծագործությունն օգտագործելու հեղինակային իրավունքը:

Ժողովածու ստեղծագործություն կազմողի հեղինակային իրավունքը չպետք է վնասի ժողովածուում ընդգրկված ստեղծագործությունների հեղինակների իրավունքները:

Ժողովածուում ընդգրկված ստեղծագործությունների հեղինակներն իրավասու են իրենց ստեղծագործություններն օգտագործել առանձին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Ժողովածուում ընդգրկված ստեղծագործությունն այլ անձինք կարող են օգտագործել նաև մեկ այլ ժողովածուի մեջ:

 

Հոդված 23. Ածանցյալ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

 

Ածանցյալ ստեղծագործության հեղինակ են այլ ստեղծագործություններ վերամշակողները, թարգմանիչները, ժողովածուներ և այլ կազմածո ստեղծագործություններ ստեղծողները:

Ածանցյալ ստեղծագործության հեղինակին է պատկանում իր աշխատանքի արդյունքն օգտագործելու հեղինակային իրավունքը, անկախ այն ստեղծագործության հեղինակային իրավունքի օբյեկտ լինելու հանգամանքից, որի վրա հիմնված է, կամ որը ներառում է ածանցյալ ստեղծագործությունը:

Ածանցյալ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը չպետք է վնասի թարգմանության, վերափոխման, վերադաշնակման կամ այլ վերամշակման ենթարկված ստեղծագործության հեղինակի իրավունքները:

Միևնույն ստեղծագործությունը կարող են թարգմանել կամ վերամշակել նաև այլ անձինք:

 

Հոդված 24. Հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքը

 

Հարցազրույցի ձայնագրության կամ տեսագրության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է ինչպես հարցազրույց տվող անձին, այնպես էլ հարցազրույց անցկացնող և ձայնագրող կամ տեսագրող անձին` որպես համահեղինակների, եթե նրանց միջև չկա այլ պայմանավորվածություն: Ձայնագրության կամ տեսագրության հրապարակումը թույլատրվում է միմիայն հարցազրույց տվող անձի համաձայնությամբ:

 

Հոդված 25. Կոլեկտիվ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

 

Հանրագիտարաններ, բառարաններ, գիտական աշխատությունների պարբերական և շարունակական ժողովածուներ, թերթեր, ամսագրեր և այլ պարբերականներ հրատարակող անձինք ունեն կոլեկտիվ ստեղծագործությունն ամբողջությամբ օգտագործելու բացառիկ իրավունք: Այդ անձինք իրավասու են նշել իրենց անունը (պարբերականի անվանումը) կամ պահանջել նման նշում` տվյալ կոլեկտիվ ստեղծագործության ցանկացած օգտագործման դեպքում:

Կոլեկտիվ ստեղծագործության մեջ ընդգրկված ստեղծագործությունների հեղինակները պահպանում են իրենց ստեղծագործություններն առանձին օգտագործելու և տնօրինելու բացառիկ իրավունքները, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Կոլեկտիվ ստեղծագործության ստեղծումը կազմակերպող անձը չի կարող լինել տվյալ ստեղծագործության հեղինակ:

 

Հոդված 26. Հեղինակային իրավունքի ժառանգումը և գործողության ժամկետը

 

Հեղինակի գույքային իրավունքները փոխանցվում են ժառանգաբար: Հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի ամբողջ կյանքի ընթացքում և նրա մահից հետո 50 տարի` հաշված հեղինակի մահվանը հաջորդող տարվա հունվարի 1-ից:

Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է համահեղինակների կյանքի ընթացքում և մյուս համահեղինակներից ավելի ապրած հեղինակի մահվանը հաջորդող տարվա հունվարի 1-ից հաշված` 50 տարվա ընթացքում:

Առաջին անգամ կեղծանվամբ կամ անանուն լույս ընծայված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է ստեղծագործության լույսընծայմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից հաշված` 50 տարվա ընթացքում: Եթե նշված ժամկետում կեղծանվամբ կամ անանուն լույս ընծայված ստեղծագործության հեղինակի անձը բացահայտվում է, ապա կիրառվում են սույն հոդվածի երկրորդ մասում նշված ժամկետները:

Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ մասերում նշված ժամկետների ընթացքում ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է հեղինակի ժառանգներին և անցնում է ժառանգաբար: Այդ նույն ժամկետներում հեղինակային իրավունքը պատկանում է այն իրավահաջորդներին, ովքեր այդ իրավունքն ստացել են հեղինակի, նրա ժառանգների և հետագա իրավահաջորդների հետ կնքված պայմանագրով:

Կոլեկտիվ և տեսալսողական ստեղծագործությունների դեպքում գույքային իրավունքների գործողության ժամկետը հաշվարկվում է սույն հոդվածի երրորդ մասում նշված կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ բուն ստեղծագործությունն ստեղծած անձինք, որպես այդպիսիք, հայտաբերվում (նույնականացվում) են ստեղծագործության բացահայտված տարբերակում: Այնուամենայնիվ, սույն դրույթը չի խոչընդոտում հայտաբերված հեղինակներին, որոնց հայտաբերելի ներդրումներն ընդգրկվում են վերոհիշյալ ստեղծագործություններում, իրականացնելու իրենց իրավունքները նշված ներդրումների նկատմամբ` համաձայն սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ մասերում նշված դրույթների:

Եթե ստեղծագործությունը հրապարակվում է մասերով, որոնք անկախ կամ ինքնուրույն չեն (հատորներով, պրակներով, շարքերով, սերիաներով, միջարկներով և այլն), ապա ամեն մի առանձին մասի համար գույքային իրավունքների գործողության ժամկետը պետք է հաշվարկվի դրա հրապարակման պահից:

Հեղինակի մահից հետո` 50 տարվա ընթացքում, առաջին անգամ լույս ընծայված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է դրա լույսընծայմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից հաշված` 50 տարվա ընթացքում: Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները պահպանվում են անժամկետ:

Հեղինակի մահից հետո ստեղծագործության անձեռնմխելիության պաշտպանությունն իրականացնում են նրա ժառանգները, եթե կտակով այլ բան նախատեսված չէ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ անձինք:

Եթե հեղինակի գույքային իրավունքների պահպանության ժամկետը լրանում է, ապա ստեղծագործությունը վերածվում է հանրության սեփականության: Հանրային սեփականություն համարվող ստեղծագործությունները կարող է ազատ օգտագործել յուրաքանչյուր անձ` առանց հեղինակային վարձատրություն վճարելու: Ընդ որում, պետք է պահպանվի հեղինակության իրավունքը, անվան իրավունքը և ստեղծագործության անձեռնմխելիության իրավունքը:

 

Հոդված 27. Գույքային իրավունքների փոխանցումը հեղինակային պայմանագրերով

 

Հեղինակային պայմանագիրը կարգավորում է հեղինակի կամ հեղինակային իրավունքի այլ իրավատիրոջ ու օգտագործողի փոխհարաբերությունները և կողմերի համար իրավաբանական երաշխիք է:

Հեղինակային պայմանագիրը կարող է կնքվել ինչպես գոյություն ունեցող ստեղծագործության, այնպես էլ այն ստեղծագործության համար, որը հեղինակը պարտավորվում է ստեղծել (պատվերի պայմանագիր):

Հեղինակային պայմանագիր է համարվում նաև հեղինակի կամ նրա իրավահաջորդների կնքած պայմանագիրը` ստեղծագործությունը որոշակի սահմաններում օգտագործելու թույլտվության մասին (հեղինակային լիցենզային պայմանագիր):

Գույքային իրավունքների փոխանցումը և ստեղծագործությունն օգտագործելու համար թույլտվությունը ձևակերպում են հեղինակային (բացառիկ կամ ոչ բացառիկ) պայմանագրով:

Բացառիկ պայմանագրով բացառիկ իրավունքների փոխանցում և որոշակի եղանակով ու պայմանագրով սահմանված կարգով ստեղծագործության օգտագործում թույլատրվում է միայն այն անձին, ում փոխանցվում են այդ իրավունքները: Վերջինս կարող է արգելել ստեղծագործության օգտագործումն այլ անձանց կողմից: Այլ անձանց կողմից ստեղծագործության օգտագործումն արգելելու իրավունքը կարող է իրականացնել հեղինակը, եթե դա չի կատարում վերոհիշյալ անձը, ում փոխանցվել են բացառիկ իրավունքները:

Ոչ բացառիկ պայմանագիրը, պահպանելով ստեղծագործությունն օգտագործելու և այլ անձանց դա թույլատրելու բացառիկ իրավունքների իրավատիրոջ իրավունքը, թույլատրում է օգտագործողին ստեղծագործությունն օգտագործել միայն պայմանագրով հաստատված սահմաններում:

Ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր եղանակի համար հեղինակային իրավունքի իրավատիրոջ թույլտվությունը պարտադիր է:

Եթե ոչ բացառիկ պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա դա ուժի մեջ է մտնում պայմանագիրը կնքելուց հետո բացառիկ իրավունքներն այլ անձի փոխանցելու դեպքում:

Հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները համարվում են ոչ բացառիկ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Հեղինակի կողմից ապագայում ստեղծվելիք ստեղծագործությունն օգտագործելու բացառիկ իրավունքը որևէ անձի տրամադրելու մասին հեղինակին պարտադրող պայմանագիրն առ ոչինչ է:

Որոշակի տեսակի կամ որոշակի բնագավառում հեղինակի` ապագայում ստեղծագործություն ստեղծելու իրավունքները սահմանափակող պայմանագրի պայմաններն առ ոչինչ են:

Հեղինակային պայմանագրի առարկա չեն կարող լինել պայմանագիրը կնքելու պահին անհայտ ստեղծագործության օգտագործման իրավունքները:

 

Հոդված 28. Հեղինակային պայմանագրի պայմանները և ձևերը

 

Հեղինակային պայմանագրում նշվում են ստեղծագործությունն օգտագործելու եղանակները, օգտագործման իրավունքի փոխանցման ժամկետն ու վարձատրության չափը կամ վարձատրության չափի որոշման կարգը, վճարման ժամկետն ու կարգը, ինչպես նաև այլ պայմաններ, որոնք կողմերը կհամարեն էական:

Հեղինակային պայմանագրում տարածքի, որի սահմաններում գործում է ստեղծագործության օգտագործման իրավունքը, վերաբերյալ պայմանի բացակայության դեպքում պայմանագրով փոխանցվող իրավունքի գործողությունը սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության տարածքով:

Ստեղծագործությունն օգտագործելու վերաբերյալ հեղինակային պայմանագրով չնախատեսված մնացած բոլոր իրավունքները պահպանվում են հօգուտ հեղինակի:

Հեղինակային պայմանագիրը կնքվում է գրավոր:

Հեղինակային լիցենզային պայմանագիրը գործում է այդ պայմանագրում նշված ժամկետում, սակայն դադարում է հեղինակային իրավունքի գործողության ժամկետը լրանալու պահից:

Անկախ պայմանագրում նշված ժամկետից` ստեղծագործության հեղինակը կամ նրա իրավահաջորդն իրավունք ունի պայմանագիրը կնքելու պահից տասը տարի հետո միակողմանի հրաժարվել պայմանագրից` այդ մասին 6 ամիս առաջ գրավոր տեղեկացնելով մյուս կողմին: Հեղինակը կամ նրա իրավահաջորդը նման իրավունք ձեռք է բերում յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ:

Պայմանագրում կարող են նախատեսվել ստեղծագործության օգտագործման այնպիսի ժամկետներ, որոնց խախտումն առաջացնում է պայմանագրի միակողմանի լուծարման իրավունք:

Պայմանագրի յուրաքանչյուր կողմ կարող է հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձանց` միայն պայմանագրով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:

 

Հոդված 29. Հեղինակային պայմանագրի խախտման դեպքում կողմերի պատասխանատվությունը

 

Հեղինակային պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարած կողմը պետք է փոխհատուցի մյուս կողմին պատճառած վնասը, (ներառյալ` բաց թողնված օգուտը):

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

Հոդված 30. ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ և ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հարակից իրավունքների սուբյեկտներն են` կատարողները, կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողները, հաղորդումներ հեռարձակող կազմակերպությունները:

Հարակից իրավունքները տարածվում են բեմադրությունների, կատարումների, հնչյունագրերի և տեսագրությունների, հեռարձակող կազմակերպությունների եթերային ու կաբելային հաղորդումների վրա:

Կատարման նկատմամբ իրավունքը պատկանում է կատարողներին, ինչպես նաև նրանց ժառանգներին: Նման կատարումն օգտագործելու իրավունքը կարող է անցնել այլ իրավահաջորդների:

Հնչյունագրերի և տեսագրությունների նկատմամբ իրավունքը պատկանում է դա ստեղծած անձանց կամ նրանց իրավահաջորդներին:

Հեռարձակելու իրավունքը պատկանում է հաղորդումն ստեղծած եթերային կամ կաբելային հեռարձակող կազմակերպությանը կամ նրա իրավահաջորդներին:

Կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողը, հեռարձակվող կազմակերպությունը սույն գլխում նշված իրենց իրավունքներն իրականացնում են ամրագրված կամ հեռարձակող ստեղծագործության հեղինակի և կատարողի հետ պայմանագրով ստացված իրավունքների շրջանակներում:

Ներկայացման բեմադրող ռեժիսորից ստացված` կատարումն օգտագործելու թույլտվությունը չի վերացնում ներկայացմանը մասնակցող այլ կատարողներից, ինչպես նաև կատարվող ստեղծագործության հեղինակից թույլտվություն ստանալու անհրաժեշտությունը:

 

Հոդված 31. ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Կատարողներն իրենց իրավունքներն իրականացնելիս պետք է պահպանեն ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքները:

Կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողները և հաղորդումներ հեռարձակող կազմակերպությունները պարտավոր են պահպանել հեղինակների և կատարողների իրավունքները:

Հաղորդումներ հեռարձակող կազմակերպությունները պարտավոր են պահպանել կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողների իրավունքները:

Հարակից իրավունքների առաջացման ու իրագործման համար որևէ ձևականության պահպանում չի պահանջվում: Կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողները և կատարողներն իրենց հարակից իրավունքների մասին ազդարարելու նպատակով կարող են ամրագրման կրիչի յուրաքանչյուր օրինակի և (կամ) դա պարունակող տուփի վրա դնել հարակից իրավունքների պահպանման նշանը, որը լատինական «P» տառն է` վերցված շրջանակի մեջ, հարակից իրավունքների տիրոջ անունը, անվանումն ու հնչյունագրի (կամ տեսագրության) առաջին անգամ լույսընծայման տարեթիվը:

 

Հոդված 32. ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Կատարողների իրավունքները պահպանվում են սույն օրենքով, եթե`

ա) կատարողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.

բ) առաջին կատարումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում.

գ) կատարումն ամրագրված է հնչյունագրի (կամ տեսագրության) տեսքով և կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողների իրավունքները պահպանվում են սույն հոդվածի երկրորդ մասով.

դ) կատարումն ամրագրված չէ հնչյունագրի (կամ տեսագրության) կամ տեսագրության տեսքով, բայց ընդգրկված է հաղորդումներ հեռարձակող կազմակերպությունների հաղորդումների մեջ, և վերջիններիս իրավունքները պահպանվում են սույն հոդվածի երրորդ մասով:

Կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողների իրավունքները պահպանվում են սույն օրենքով, եթե`

ա) կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ իրավաբանական անձ է, որը Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձ է կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված կազմակերպություն է.

բ) հնչյունագիրը կամ տեսագրությունն առաջին անգամ հրապարակվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ այդ տարածքում հրապարակվել է առաջին անգամ այլ վայրում հրապարակվելուց հետո` երեսուն օրվա ընթացքում.

գ) կատարման կամ տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրումը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում:

Հաղորդումներ հեռարձակող կազմակերպության իրավունքները պահպանվում են սույն օրենքով, եթե այդ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ է, և հաղորդումները հեռարձակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում տեղադրված հաղորդիչներով:

Այլ կատարողների, կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողների և հաղորդումներ հեռարձակող կազմակերպությունների իրավունքները Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտպանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

 

Հոդված 33. ԿԱՏԱՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Կատարողն իր կատարման նկատմամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ունի հետևյալ բացառիկ իրավունքները.

ա) իր անվան հիշատակումը պահանջելու իրավունք.

բ) կատարումը որևէ աղավաղումից կամ կատարողի համբավին և արժանապատվությանը վնաս պատճառելու ունակ ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու իրավունք (անձնական ոչ գույքային իրավունքներ) և

գ) կատարումը ցանկացած ձևով օգտագործելու իրավունք, ներառյալ` կատարման օգտագործման յուրաքանչյուր ձևի համար վարձատրություն ստանալու իրավունքը (գույքային իրավունքներ):

Կատարողի` կատարումն օգտագործելու բացառիկ իրավունքը հետևյալ գործողություններն իրականացնելը, թույլատրելը կամ արգելելն է.

ա) հեռարձակել կատարումը կամ իրականացնել դրա հրապարակային այլ հաղորդումը, եթե այդպիսի հաղորդման համար չի օգտագործվում մինչև այդ իրականացված կատարման ամրագրումը, կամ օգտագործվող կատարումը մինչև այդ չի հեռարձակվել.

բ) ամրագրել նախկինում չամրագրված կատարումը.

գ) վերարտադրել ամրագրված կատարումը.

դ) հեռարձակել ամրագրված կատարումը, եթե ի սկզբանե այդ ամրագրումն իրականացվել է ոչ առևտրային նպատակով.

ե) վաճառքի միջոցով տարածել կատարման հնչյունագրի կամ տեսագրության (ամրագրման) օրինակները.

զ) վարձույթով հանձնել կատարողի մասնակցությամբ կատարումն ընդգրկող, առևտրային նպատակով հրապարակված հնչյունագիրը (կամ տեսագրությունը):

Կատարողն իրավունք ունի նաև արգելել առանց իր թույլտվության պատրաստված կատարումների ամրագրումների օրինակների ներմուծումը:

Եթե կատարումների ամրագրումների օրինակներն օտարված են կատարողի կողմից կամ նրա համաձայնությամբ, ապա դրանց հետագա տարածումը կամ ներմուծումը թույլատրվում է առանց կատարողի համաձայնության և առանց վարձատրություն վճարելու, բացառությամբ սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված դեպքերի:

Առևտրային նպատակով հրապարակված ամրագրված կատարումների օրինակները վարձույթով հանձնելու եղանակով տարածելու իրավունքը պատկանում է կատարողին` անկախ այդ ամրագրված կատարումների օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից:

Սույն հոդվածի երկրորդ մասի «գ» կետով նախատեսված իրավունքը չի կիրառվում, եթե`

ա) կատարման սկզբնական ամրագրումն իրականացվել է կատարողի համաձայնությամբ.

բ) ամրագրված կատարման օրինակի վերարտադրումն իրականացվում է այն նույն նպատակով, որի համար կատարումն ամրագրելիս ստացվել է կատարողի համաձայնությունը.

գ) ամրագրված կատարման օրինակի վերարտադրումն իրականացվում է այն նույն նպատակով, որի համար սույն օրենքի 36 հոդվածի համաձայն իրականացվել է ամրագրումը:

Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված թույլտվությունները տալիս է կատարողը, իսկ կատարողների խմբի դեպքում` նրանց նշանակած ներկայացուցիչը կամ այդ խմբի ղեկավարը` օգտագործողի հետ գրավոր պայմանագիր կնքելու միջոցով:

Հեռարձակող կազմակերպության կողմից կատարումը հետագայում հաղորդելու, հաղորդման նպատակով ամրագրում իրականացնելու և այդպիսի ամրագրումը վերարտադրելու համար սույն հոդվածի երկրորդ մասի «ա», «բ» և «գ» կետերում նշված թույլտվությունները չեն պահանջվում, եթե դրանք նախատեսված են հեռարձակող կազմակերպության հետ կատարողի պայմանագրով: Այդպիսի օգտագործման համար կատարողի վարձատրության չափը նույնպես սահմանվում է պայմանագրով:

Տեսալսողական ստեղծագործություն ստեղծելու համար կատարողի և տեսալսողական ստեղծագործություն ստեղծողի միջև պայմանագիր կնքելը հանգեցնում է կատարողի կողմից սույն հոդվածի երկրորդ մասում նշված իրավունքների տրամադրման, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ընդ որում, կատարողը պահպանում է այդպիսի տեսալսողական ստեղծագործության օրինակները վարձույթով հանձնելու համար վարձատրություն ստանալու իր իրավունքը:

Կատարողի կողմից այդպիսի իրավունքներ տրամադրելը սահմանափակվում է բուն տեսալսողական ստեղծագործության օգտագործմամբ, և եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, այդպիսի իրավունքներ տրամադրելը չի ընդգրկում տեսալսողական ստեղծագործության մեջ ամրագրված հնչյունները կամ պատկերներն առանձին օգտագործելու իրավունքը:

Եթե կատարողն իր կատարման առաջին ամրագրումն իրականացնելիս կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողին թույլ է տալիս կատարման հետագա վերարտադրությունը, ապա վերջինս ձեռք է բերում նաև կատարման օրինակի տնօրինման իրավունքը, այդ թվում` օրինակը վարձույթով հանձնելու իրավունքը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ընդ որում, կատարողը պահպանում է այդպիսի ամրագրման օրինակները վարձույթով հանձնելու համար վարձատրություն ստանալու իր իրավունքը:

Կատարողի բացառիկ իրավունքներն այլ անձանց փոխանցվում են ժառանգաբար կամ պայմանագրային կարգով: Պայմանագրում նշվում են կատարման օգտագործման եղանակն ու ժամկետը, վարձատրման չափն ու վճարման կարգը, պայմանագրի գործողության ժամկետը և այլն:

Կատարողի կողմից ծառայողական պարտականությունների կամ գործատուի հանձնարարությունների կատարման կարգով իրականացված կատարումների նկատմամբ կատարողին են պատկանում նրա անձնական ոչ գույքային իրավունքները: Այդպիսի կատարումն օգտագործելու բացառիկ իրավունքը պատկանում է այն անձին, ում հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվում կատարողը, եթե նրանց միջև կնքված պայմանագրում այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 34. ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողին են պատկանում իր կատարած ձայնագրությունը (հնչյունագիրը) կամ տեսագրությունը (ամրագրումը) ցանկացած ձևով օգտագործելու բացառիկ իրավունքը, ներառյալ` ամրագրման օգտագործման յուրաքանչյուր ձևի համար վարձատրություն ստանալու իրավունքը (գույքային իրավունքներ):

Կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողի` ամրագրումն օգտագործելու բացառիկ իրավունքն է իրականացնել, թույլատրել կամ արգելել հետևյալ գործողությունները.

ա) ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերարտադրել ամրագրումը.

բ) վերափոխել կամ որևէ այլ եղանակով վերամշակել ամրագրումը.

գ) տարածել ամրագրման օրինակները, մասնավորապես` վաճառքի կամ վարձույթով հանձնելու եղանակով:

Կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողն իրավունք ունի նաև արգելել առանց իր թույլտվության պատրաստված ամրագրումների օրինակների ներմուծումը:

Եթե ամրագրումների օրինակներն օտարված են կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողի կողմից կամ նրա համաձայնությամբ, ապա դրանց հետագա տարածումը կամ ներմուծումը թույլատրվում է առանց կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողի համաձայնության և առանց վարձատրություն վճարելու, բացառությամբ սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված դեպքերի:

Առևտրային նպատակով հրապարակված ամրագրումների օրինակները վարձույթով հանձնելու եղանակով տարածելու իրավունքը պատկանում է կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողին` անկախ այդ ամրագրումների օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից: Կատարումների տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողի բացառիկ իրավունքները պայմանագրով կարող են փոխանցվել այլ անձանց: Պայմանագրում նշվում են հնչյունագրի կամ տեսագրության օգտագործման վայրն ու եղանակները, վարձատրության չափն ու վճարման կարգը, պայմանագրի գործողության, հնչյունագրի օգտագործման ժամկետները և այլն:

 

Հոդված 35. ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ՀԵՌԱՐՁԱԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, հաղորդումներ հեռարձակող կազմակերպությանն են պատկանում իր հաղորդումը (ծրագիրը) ցանկացած ձևով օգտագործելու բացառիկ իրավունքը, ներառյալ` հաղորդման օգտագործման յուրաքանչյուր ձևի համար վարձատրություն ստանալու իրավունքը (գույքային իրավունքներ):

Հաղորդումներ հեռարձակող կազմակերպության հաղորդումն օգտագործելու բացառիկ իրավունքն է թույլատրել կամ արգելել հետևյալ գործողությունները.

ա) ամրագրել հաղորդումը.

բ) վերարտադրել ամրագրված հաղորդումը, բացառությամբ այն դեպքի, երբ հաղորդման ամրագրումը կատարվել է հեռարձակող կազմակերպության համաձայնությամբ, և վերարտադրումն իրականացվում է այն նույն նպատակների համար, որոնց համար սույն օրենքի 36 հոդվածի համաձայն կատարվել էր ամրագրումը.

գ) տարածել ամրագրված հաղորդման օրինակները, մասնավորապես` վաճառքի կամ վարձույթով հանձնելու եղանակով.

դ) վերահեռարձակել հաղորդումը.

ե) իրականացնել հաղորդման հրապարակային հաղորդում` վճարովի մուտքով տեղերում:

Հաղորդումներ հեռարձակող կազմակերպությունն իրավունք ունի նաև արգելել առանց իր թույլտվության պատրաստված ամրագրված հաղորդման օրինակների ներմուծումը:

Եթե ամրագրված հաղորդման օրինակներն օտարված են հաղորդումներ հեռարձակող կազմակերպության կողմից կամ նրա համաձայնությամբ, ապա դրանց հետագա տարածումը կամ ներմուծումը թույլատրվում է առանց հաղորդումներ հեռարձակող կազմակերպության համաձայնության և առանց վարձատրություն վճարելու, բացառությամբ սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված դեպքերի:

Առևտրային նպատակով հրապարակված հաղորդման ամրագրման օրինակները վարձույթով հանձնման եղանակով տարածելու իրավունքը պատկանում է հաղորդումներ հեռարձակող կազմակերպությանը, անկախ այդ ամրագրման օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից:

 

Հոդված 36. ԿԱՏԱՐՈՂԻ, ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԻ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ՀԵՌԱՐՁԱԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

 

Առանց կատարողի, կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողի ու հաղորդումներ հեռարձակող կազմակերպության համաձայնության և վարձատրության թույլատրվում է օգտագործել կատարումը, հնչյունագիրը կամ տեսագրությունն ու հեռարձակող կազմակերպության հաղորդումը (ծրագիրը) սույն օրենքի 13, 14, և 17 հոդվածներով սահմանված դեպքերում համապատասխան փոփոխություններ մտցնելուց հետո (mutatis mutandis)` կիրառելով դրանց դրույթները կատարման, հնչյունագրի (կամ տեսագրության) և հեռարձակող կազմակերպության հաղորդման նկատմամբ, եթե նման օգտագործումը չի հակասում կատարման, հնչյունագրի (կամ տեսագրության) և հեռարձակող կազմակերպության հաղորդման, ինչպես նաև դրանց մեջ ընդգրկված գիտության, գրականության և արվեստի ոլորտների ստեղծագործությունների բնականոն շահագործմանը և չի ոտնահարում հարակից իրավունքների իրավատերերի և նշված ստեղծագործությունների նկատմամբ հեղինակային իրավունքների իրավատերերի օրինական շահերը:

 

Հոդված 37. ԱՌևՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՀՆՉՅՈՒՆԱԳՐԻ ԿԱՄ ՏԵՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Առանց կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողի և տվյալ հնչյունագրի (կամ տեսագրության) վրա ամրագրված կատարման կատարողի համաձայնության, սակայն վարձատրություն վճարելու պայմանով, թույլատրվում է առևտրային նպատակով հրապարակված հնչյունագրի (կամ տեսագրության) հրապարակային կատարումը, հրապարակային հաղորդումը (հաղորդագծով կամ առանց հաղորդագծի)` ամրագրման տարածմանը նպաստելու և սպառողին ընտրության հնարավորություն ընձեռելու նպատակով:

Վարձատրության վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում հասանելիք գումարը կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողի ու կատարողի միջև բաշխվում է հավասարաչափ:

 

Հոդված 38. ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

Կատարողի իրավունքները գործում են առաջին կատարման (բեմադրության) կամ առաջին ձայնագրման և տեսագրման պահից հաշված` 50 տարվա ընթացքում: Սակայն, եթե այդ ժամանակահատվածում կատարման ամրագրումն օրենքով սահմանված կարգով հրապարակվում է, կամ տեղի է ունենում այդ ամրագրման օրինական հրապարակային հաղորդում, ապա նշված իրավունքների պաշտպանության ժամկետը լրանում է առաջին այդպիսի հրապարակումից կամ առաջին այդպիսի հրապարակային հաղորդումից հետո` 50 տարվա ընթացքում, նայած` դրանցից որն է ավելի շուտ տեղի ունենում:

Կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողի իրավունքը գործում է հնչյունագրի (կամ տեսագրության) առաջին ամրագրումը կատարելուց հետո հաշված` 50 տարվա ընթացքում: Սակայն, եթե այդ ժամանակահատվածում հնչյունագիրը (կամ տեսագրությունը) օրինական ճանապարհով հրապարակվում է, կամ տեղի է ունենում այդ հնչյունագրի (կամ տեսագրության) օրինական հրապարակային հաղորդում, ապա նշված իրավունքների պաշտպանության ժամկետը լրանում է առաջին այդպիսի հրապարակումից կամ առաջին այդպիսի հրապարակային հաղորդումից հետո` 50 տարվա ընթացքում, նայած` դրանից որն է ավելի շուտ տեղի ունենում:

Եթերային կամ կաբելային հաղորդման կազմակերպության հեռարձակելու իրավունքը գործում է դրա առաջին հեռարձակման պահից հաշված` 50 տարվա ընթացքում:

Սույն հոդվածով սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ մասերում նշված իրավաբանական փաստերին հաջորդող տարվա հունվարի 1-ից:

Կատարողի, կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողի և հաղորդումներ հեռարձակող կազմակերպության իրավահաջորդներին սահմանված կարգով փոխանցվում են սույն գլխով նախատեսված իրավունքները` սույն հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերում նշված ժամկետների մնացած մասի սահմաններում:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 39. ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՆԴԱՄԱԿՑԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

Հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքների պահպանումը և պաշտպանությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը:

Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերերն իրենց իրավունքների պահպանումը և պաշտպանությունն իրականացնելու նպատակով կարող են ստեղծել ոչ առևտրային կազմակերպություններ:

Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերերն իրենց իրավունքների պահպանումն ու պաշտպանությունը, պայմանագրի հիման վրա, կարող են հանձնարարել այլ անձանց:

 

Հոդված 40. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ և ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

 

Հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքների պահպանումը և պաշտպանությունն իրականացնող կազմակերպություններն ստեղծվում են կամավորության և անդամակցության սկզբունքների հիման վրա:

Իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար նրանք կարող են համաձայնագրեր կնքել օտարերկրյա պետություններում գործող համանման կազմակերպությունների հետ:

Սույն հոդվածի առաջին մասում նշված կազմակերպությունները, իրենց լիազորությունների սահմաններում, կարող են օգտագործողներին թույլատրել օգտագործելու ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը:

Օգտագործման պայմանները նույնանման ստեղծագործություններ օգտագործողների համար պետք է լինեն միատեսակ:

Ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտն օգտագործողները պարտավոր են կազմակերպության պահանջով նրան ներկայացնել օգտագործման վերաբերյալ բոլոր նյութերը (ներառյալ` վճարվող գումարի հավաքման և բաշխման համար անհրաժեշտ ճշգրիտ տվյալներ պարունակող փաստաթղթերը):

 

Հոդված 41. ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՆԴԱՄԱԿՑԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Գույքային իրավունքներն անդամակցային հիմունքներով ապահովող կազմակերպությունները հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերի տված լիազորությունների սահմաններում իրականացնում են հետևյալ գործառույթները.

ա) հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտն օգտագործելու համար կնքում են լիցենզային պայմանագիր` կողմերի հետ համաձայնեցնելով վարձատրության չափը և օգտագործման պայմանները.

բ) գանձում, բաշխում ու վճարում են հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերին հասանելիք գումարը.

գ) գանձում, բաշխում ու վճարում իրականացնելիս առաջացած փաստացի ծախսերը ծածկելու համար գանձված գումարից սահմանված կարգով կատարում են մասհանում.

դ) պահպանվող և չպահպանվող օբյեկտների միաժամանակյա օգտագործման դեպքում, երբ հնարավոր չէ չգանձել չպահպանվող օբյեկտի օգտագործման դիմաց, գումարի այդ մասը փոխանցում են իրենց ստեղծած համապատասխան ստեղծագործական հիմնադրամներ.

ե) հեղինակի կամ հեղինակային իրավունքի այլ իրավատիրոջ կողմից քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետում չպահանջված գումարն օգտագործում են ի շահ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերի.

զ) սույն օրենքի խնդիրներն իրականացնելու նպատակով կատարում են անհրաժեշտ իրավաբանական գործողություններ.

է) հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերին օգտագործված օբյեկտների դիմաց հասանելիք գումարի վճարման հետ միաժամանակ ներկայացնում են հաշվետվություն` օբյեկտների օգտագործման վերաբերյալ:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 42. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ և ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ

 

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման համար նախատեսվում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) օրինակները, որոնց պատրաստումը կամ տարածումը հանգեցնում է հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքների խախտման, համարվում են կեղծ կամ նմանակված (կոնտրաֆակտ):

Նմանակված օրինակ է համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքով պահպանվող ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) այն օրինակը, որն առանց հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերի համաձայնության Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում այլ պետություններից, որտեղ այդ ստեղծագործությունը, հնչյունագիրը (կամ տեսագրությունը) երբևէ չի պահպանվել կամ դադարել է պահպանվելուց:

 

Հոդված 43. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ և ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելիս իրավունքը խախտողից կարող է պահանջել`

ա) իր իրավունքների ճանաչում.

բ) մինչև իրավախախտումը գոյություն ունեցող դրության վերականգնում և իրավունքը խախտող կամ խախտման վտանգ պարունակող գործողությունների կասեցում.

գ) նմանակված օրինակը, դրա բռնագրավումը կամ ոչնչացումը.

դ) վնասի հատուցումը (ներառյալ` բաց թողնված օգուտը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

ե) վնասի կամ բաց թողնված օգուտի հատուցման փոխարեն վճարել դրամական փոխհատուցում: Նշված դրամական փոխհատուցման չափը, խախտման բնույթից և հետևանքներից ելնելով, սահմանում է դատարանը.

զ) կիրառելու իր իրավունքների պաշտպանության հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներ:

Սույն հոդվածի «գ», «դ» և «ե» կետերում նշված միջոցների ընտրության իրավունքը պատկանում է հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքների իրավատիրոջը:

Իր իրավունքները պաշտպանելու համար հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքների իրավատերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է դիմել դատարան:

Հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքների իրավատերը կարող է դիմել դատարան` իրավունքը խախտողից ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) օրինակների արտադրությանը և տարածմանը մասնակցող երրորդ անձանց, ինչպես նաև դրանց ձեռքբերման աղբյուրների ու տարածման ուղիների մասին տեղեկատվության պահանջով: Նշված տեղեկատվությունը տրամադրելուց հրաժարվող իրավախախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Երրորդ անձանց կողմից օրինական ձեռք բերված ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) նմանակված օրինակները չեն բռնագրավվում:

Հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքների իրավատիրոջ չպահանջած ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) նմանակված օրինակները, ինչպես նաև դրանց ստեղծման և վերարտադրման համար օգտագործված նյութերը և սարքավորումները դատարանի վճռով կարող են ոչնչացվել:

 

Հոդված 44. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ և ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Դատարանը կարող է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով, գործին մասնակցող անձանց դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ հայցի ապահովման միջոցներ ձեռնարկել` արգելանք դնել երկերի և հնչյունագրերի ենթադրվող նմանակված բոլոր օրինակների, ինչպես նաև դրանց ստեղծման և վերարտադրման համար նախատեսված նյութերի ու սարքավորումների վրա, արգելել որոշակի գործողությունների կատարումը:

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների այնպիսի խախտման դեպքում, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, դատարանը, ներկայացված կամ հետագայում ներկայացվելիք քաղաքացիական հայցի ապահովման նպատակով, իրավունք ունի կալանք դնել ենթադրվող նմանակված բոլոր օրինակների, ինչպես նաև դրանց ստեղծման և վերարտադրման համար նախատեսված նյութերի ու սարքավորումների վրա, անհրաժեշտության դեպքում` դրանք առգրավել, իսկ հայցվորի կողմից դրանք չպահանջվելու դեպքում` ոչնչացնել:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 45. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Սույն օրենքի 26 և 38 հոդվածներում նշված հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների գործողության ժամկետները կիրառվում են նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածի համար, այն ստեղծագործությունների կամ հարակից իրավունքների օբյեկտների նկատմամբ, որոնց վերաբերյալ իրավունքի գործողության ժամկետները, նախկին օրենսդրության համապատասխան, լրացել են:

3. Ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի մայիսի 27-ի «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
12 հունվարի 2000 թ.
ՀՕ-28