Համարը 
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Պայմանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.01.21/3(1092) Հոդ.24
Ընդունման վայրը 
Աստանա
Ընդունող մարմինը 
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվը 
29.05.2014
Ստորագրող մարմինը 
Ստորագրման ամսաթիվը 
29.05.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, այսուհետ՝ Կողմեր,

 

հիմնվելով «Եվրասիական տնտեսական ինտեգրման մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի հռչակագրի վրա,

 

առաջնորդվելով պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքով, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների գերակայության սկզբունքն անվերապահորեն պահպանելու անհրաժեշտությամբ,

 

ցանկանալով ամրապնդել համերաշխությունն ու խորացնել համագործակցությունն իրենց ժողովուրդների միջև՝ պահպանելով հարգանքը նրանց պատմության, մշակույթի ու ավանդույթների նկատմամբ,

 

համոզմունք հայտնելով, որ եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացումը համահունչ է Կողմերի ազգային շահերին,

 

առաջնորդվելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսություններն ամրապնդելու և դրանց ներդաշնակ զարգացումն ու մերձեցումն ապահովելու, ինչպես նաև գործարար ակտիվության կայուն աճը, հավասարակշռված առևտուրը և բարեխիղճ մրցակցությունը երաշխավորելու ձգտումներով,

 

ապահովելով տնտեսական առաջընթաց՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առջև դրված այն ընդհանուր խնդիրների լուծմանն ուղղված համատեղ գործողությունների միջոցով, որոնք առնչվում են համաշխարհային տնտեսության շրջանակներում կայուն տնտեսական զարգացմանը, բազմակողմանի արդիականացմանը և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը,

 

հաստատելով այլ երկրների, ինչպես նաև միջազգային ինտեգրացիոն կազմավորումների ու միջազգային կազմակերպությունների հետ տնտեսական փոխշահավետ և իրավահավասար համագործակցությունը հետագայում ամրապնդելու ձգտումը,

 

հաշվի առնելով Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերը, կանոններն ու սկզբունքները,

 

հաստատելով իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող այլ սկզբունքներին և նորմերին,

 

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

 

Բաժին I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1

Եվրասիական տնտեսական միության հիմնադրումը

 

Իրավասուբյեկտությունը

 

1. Սույն Պայմանագրով Կողմերը հիմնադրում են Եվրասիական տնտեսական միությունը (այսուհետ՝ Միություն, ԵԱՏՄ), որի շրջանակներում ապահովվում են ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի տեղաշարժի ազատությունը, սույն Պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով սահմանված տնտեսության ճյուղերում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացումը։

2. Միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որն ունի միջազգային իրավասուբյեկտություն։

 

Հոդված 2

Սահմանումները

 

Սույն Պայմանագրի նպատակներով օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները, որոնք ունեն հետևյալ իմաստը`

«օրենսդրության ներդաշնակեցում»՝ անդամ պետությունների օրենսդրության մոտարկում, որն ուղղված է առանձին ոլորտներում համանման (համադրելի) նորմատիվ իրավական կարգավորում սահմանելուն,

«անդամ պետություններ»՝ Միության անդամներ և սույն Պայմանագրի կողմեր հանդիսացող պետություններ,

«պաշտոնատար անձինք»՝ անդամ պետությունների այն քաղաքացիները, որոնք նշանակված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների տնօրենների և Հանձնաժողովի դեպարտամենտների տնօրենների տեղակալների, ինչպես նաև Միության դատարանի քարտուղարության ղեկավարի, Միության դատարանի քարտուղարության ղեկավարի տեղակալների և Միության դատարանի դատավորների խորհրդականների պաշտոններում,

«միասնական տնտեսական տարածք»՝ անդամ պետությունների տարածքներից բաղկացած տարածք, որտեղ շուկայական սկզբունքների և ներդաշնակեցված կամ միասնականացված իրավական նորմերի կիրառման հիման վրա գործում են տնտեսության կարգավորման համանման (համադրելի) ու միատեսակ մեխանիզմներ և որտեղ գոյություն ունի միասնական ենթակառուցվածք,

«միասնական քաղաքականություն»՝ անդամ պետությունների կողմից սահմանված՝ սույն Պայմանագրով նախատեսված ոլորտներում իրականացվող քաղաքականություն, որը ենթադրում է անդամ պետությունների կողմից միասնականացված իրավական կարգավորում, այդ թվում՝ Միության մարմինների՝ իրենց լիազորությունների շրջանակներում կայացված որոշումների հիման վրա,

«Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրեր»՝ Միության գործունեությանը և զարգացմանն առնչվող հարցերով անդամ պետությունների միջև կնքվող միջազգային պայմանագրեր,

«երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրեր»՝ երրորդ պետությունների, նրանց ինտեգրացիոն կազմավորումների ու միջազգային կազմակերպությունների հետ կնքվող միջազգային պայմանագրեր,

«ընդհանուր (միասնական) շուկա»՝ Միության շրջանակներում ծավալվող տնտեսական հարաբերությունների ամբողջություն, որոնց դեպքում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի տեղաշարժի ազատությունը,

«կարգադրություն»՝ Միության մարմինների կողմից ընդունվող կազմակերպակարգադրական ակտ,

«որոշում»՝ Միության մարմինների կողմից ընդունվող, նորմատիվ իրավական բնույթի դրույթներ պարունակող ակտ,

«համակարգված քաղաքականություն»՝ քաղաքականություն, որը ենթադրում է անդամ պետությունների համագործակցություն Միության մարմինների շրջանակներում հավանության արժանացած ընդհանուր մոտեցումների հիման վրա, որոնք անհրաժեշտ են Միության՝ սույն Պայմանագրով նախատեսված նպատակներն իրագործելու համար,

«համաձայնեցված քաղաքականություն»՝ տարբեր ոլորտներում անդամ պետությունների կողմից իրականացվող քաղաքականություն, որը ենթադրում է իրավական կարգավորման այն չափով ներդաշնակեցում, այդ թվում՝ Միության մարմինների որոշումների հիման վրա, որն անհրաժեշտ է Միության՝ սույն Պայմանագրով նախատեսված նպատակներն իրագործելու համար,

«աշխատակիցներ»՝ անդամ պետությունների քաղաքացիներ, որոնք Միության մարմիններում աշխատում են իրենց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի հիման վրա և որոնք պաշտոնատար անձինք չեն,

«Մաքսային միություն»՝ անդամ պետությունների առևտրատնտեսական ինտեգրման ձև, որով նախատեսվում է միասնական մաքսային տարածք, որի սահմաններում փոխադարձ առևտրի մեջ չեն կիրառվում մաքսատուրքեր (համարժեք այլ տուրքեր, հարկեր և հավաքագրումներ), ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ, և որտեղ գործում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը և երրորդ կողմի հետ ապրանքների արտաքին առևտրի կարգավորման միասնական միջոցները,

«երրորդ կողմ»՝ Միության անդամ չհանդիսացող պետություն, միջազգային կազմակերպություն կամ միջազգային ինտեգրացիոն կազմավորում,

«օրենսդրության միասնականացում»՝ անդամ պետությունների օրենսդրության մոտարկում, որն ուղղված է սույն Պայմանագրով սահմանված առանձին ոլորտներում իրավական կարգավորման նույնական մեխանիզմներ սահմանելուն։

Սույն Պայմանագրում օգտագործվող այլ հասկացություններ ընկալվում են այն իմաստներով, որոնք ներկայացված են սույն Պայմանագրի և դրա հավելվածների համապատասխան բաժիններում։

 

Բաժին II

ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Հոդված 3

Միության գործունեության հիմնական սկզբունքները

 

Միությունն իր գործունեությունն իրականացնում է անդամ պետությունների կողմից սույն Պայմանագրին համապատասխան իրեն վերապահվող իրավասության շրջանակներում՝ հետևյալ սկզբունքների հիման վրա`

միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների՝ ներառյալ անդամ պետությունների ինքնիշխան հավասարության և նրանց տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ հարգանքը,

անդամ պետությունների քաղաքական կարգի առանձնահատկությունների նկատմամբ հարգանքը,

Կողմերի փոխշահավետ համագործակցությունը, իրավահավասարությունն ապահովելը և ազգային շահերը հաշվի առնելը,

շուկայական տնտեսության և բարեխիղճ մրցակցության սկզբունքների պահպանումը,

անցումային ժամանակահատվածների ավարտից հետո Մաքսային միության գործունեությունը՝ առանց բացառումների և սահմանափակումների։

Անդամ պետությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում, որպեսզի Միությունն իրականացնի իր գործառույթները, և ձեռնպահ են մնում այնպիսի միջոցներից, որոնք կարող են վտանգել Միության նպատակների իրագործումը։

 

Հոդված 4
Միության հիմնական նպատակները

 

Միության հիմնական նպատակներն են`

անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը՝ ի նպաստ դրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման շահերի,

Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի միասնական շուկա ձևավորելու ձգտումը,

համաշխարհային տնտեսության պայմաններում բազմակողմանի արդիականացումը, համագործակցությունը և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը։

 

Հոդված 5

Իրավասությունը

 

1. Միությունն օժտվում է իրավասությամբ սույն Պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված սահմաններում և ծավալներով։

2. Անդամ պետություններն իրականացնում են համակարգված կամ համաձայնեցված քաղաքականություն՝ սույն Պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված սահմաններում և ծավալներով։

3. Տնտեսության այլ ոլորտներում անդամ պետությունները ձգտում են իրականացնել համակարգված կամ համաձայնեցված քաղաքականություն` Միության հիմնական սկզբունքներին և նպատակներին համապատասխան։

Այդ նպատակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ կարող են ստեղծվել համապատասխան հարցերով օժանդակ մարմիններ (Կողմերի պետական մարմինների ղեկավարների խորհուրդներ, աշխատանքային խմբեր, հատուկ հանձնաժողովներ) և (կամ) տրվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հանձնարարականներ համապատասխան ոլորտներում Կողմերի փոխգործակցությունը համակարգելու ուղղությամբ։

 

Հոդված 6

Միության իրավունքը

 

1. Միության իրավունքի մաս են կազմում`

սույն Պայմանագիրը,

Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերը,

երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերը,

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներն ու կարգադրությունները, որոնք ընդունվել են սույն Պայմանագրով ու Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումները ենթակա են անդամ պետությունների կողմից դրանց ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով կատարման։

2. Երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերը չպետք է հակասեն Միության գործունեության հիմնական նպատակներին, սկզբունքներին ու կանոններին։

3. Սույն Պայմանագրի և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի միջև հակասություններ առաջանալու դեպքում գերակայում է սույն Պայմանագիրը։

Միության մարմինների որոշումներն ու կարգադրությունները չպետք է հակասեն սույն Պայմանագրին և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին։

4. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների միջև հակասություններ առաջանալու դեպքում՝

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումները գերակայում են Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նկատմամբ,

Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումները գերակայում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նկատմամբ։

 

Հոդված 7

Միության միջազգային գործունեությունը

 

1. Միությունն իրավունք ունի իր իրավասության շրջանակներում իրականացնելու Միության առջև դրված խնդիրների կարգավորմանն ուղղված միջազգային գործունեություն։ Այսպիսի գործունեության շրջանակներում Միությունն իրավունք ունի միջազգային համագործակցություն ծավալելու պետությունների, միջազգային կազմակերպությունների ու միջազգային ինտեգրացիոն կազմավորումների հետ և ինքնուրույն կամ անդամ պետությունների հետ կնքելու իր իրավասությանը վերապահված հարցերին առնչվող միջազգային պայմանագրեր։

Միության կողմից միջազգային համագործակցություն ծավալելու կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ։ Երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրեր կնքելու հարցերը սահմանվում են Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով։

2. Երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերի նախագծերին առնչվող բանակցությունների վարումը, ինչպես նաև դրանց ստորագրումն իրականացվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա անդամ պետությունների կողմից համապատասխան ներպետական ընթացակարգերը կատարելուց հետո։

Երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրի՝ Միության համար պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունն արտահայտելու, միջազգային պայմանագիրը դադարեցնելու, կասեցնելու կամ դրանից դուրս գալու մասին որոշումը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդն ընդունում է բոլոր անդամ պետությունների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելուց հետո։

 

Բաժին III

ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հոդված 8

Միության մարմինները

 

1. Միության մարմիններն են՝

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը (այսուհետ՝ Բարձրագույն խորհուրդ),

Եվրասիական միջկառավարական խորհուրդը (այսուհետ՝ Միջկառավարական խորհուրդ),

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով, ԵՏՀ),

Եվրասիական տնտեսական միության դատարանը (այսուհետ՝ Միության դատարան)։

2. Միության մարմինները գործում են այն լիազորությունների շրջանակներում, որոնք նրանց վերապահված են սույն Պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով։

3. Միության մարմինները գործում են սույն Պայմանագրի 3-րդ հոդվածում նշված սկզբունքների հիման վրա։

4. Բարձրագույն խորհրդում, Միջկառավարական խորհրդում և Հանձնաժողովի խորհրդում նախագահությունն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ռուսերեն այբբենական կարգով, մեկ անդամ պետության կողմից, օրացուցային մեկ տարվա ընթացքում՝ առանց երկարաձգման իրավունքի։

5. Անդամ պետությունների տարածքներում Միության մարմինների գտնվելու պայմանները սահմանվում են Միության և գտնվելու վայրի պետությունների միջև կնքվող առանձին միջազգային պայմանագրերով։

 

Հոդված 9

Միության մշտապես գործող մարմինների կառուցվածքային ստորաբաժանումներում պաշտոններ զբաղեցնելը

 

1. Միության մշտապես գործող մարմինների կառուցվածքային ստորաբաժանումներում պաշտոններ զբաղեցնելու իրավունք ունեն անդամ պետությունների այն քաղաքացիները, որոնք ունեն համապատասխան մասնագիտական կրթություն և աշխատանքային փորձ։

2. Հանձնաժողովի դեպարտամենտի պաշտոնատար անձինք չեն կարող լինել միևնույն պետության քաղաքացիներ։ Նշված պաշտոններն զբաղեցնելու համար թեկնածուների ընտրությունն իրականացվում է ԵՏՀ-ի մրցութային հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով Կողմերի հավասար ներկայացվածության սկզբունքը։ Նշված պաշտոններն զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար թեկնածությունները ներկայացնում է Հանձնաժողովի խորհրդի անդամը՝ համապատասխան Կողմից։

3. Հանձնաժողովի դեպարտամենտներում այլ պաշտոններ զբաղեցնելու համար թեկնածուների ընտրությունն իրականացվում է ԵՏՀ-ի կողմից մրցութային հիմունքով՝ հաշվի առնելով Հանձնաժողովի ֆինանսավորման մեջ Կողմերի բաժնեմասային մասնակցությունը։

4. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոններն զբաղեցնելու համար թեկնածուների ընտրության հարցերով ԵՏՀ մրցութային հանձնաժողովի կազմի մեջ մտնում են Հանձնաժողովի կոլեգիայի բոլոր անդամները՝ բացառությամբ Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի։

ԵՏՀ-ի մրցութային հանձնաժողովն իր որոշումները կայացնում է առաջարկությունների տեսքով՝ ձայների մեծամասնությամբ, և դրանք ներկայացնում Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի հաստատմանը։ Եթե Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը կոնկրետ թեկնածուի վերաբերյալ ընդունում է այնպիսի որոշում, որը հակասում է ԵՏՀ մրցութային հանձնաժողովի առաջարկությանը, ապա Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը հարցը ներկայացնում է Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը վերջնական որոշում կայացնելու նպատակով։

«ԵՏՀ մրցութային հանձնաժողովի մասին» հիմնադրույթը (ներառյալ մրցույթի անցկացման կանոնները), դրա կազմը, ինչպես նաև Հանձնաժողովի դեպարտամենտների տնօրենների և տնօրենների տեղակալների պաշտոններն զբաղեցնելու համար թեկնածուներին ներկայացվող որակավորման պահանջները հաստատվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից։

5. Թեկնածուների ընտրության կարգը և Միության դատարանի աշխատակազմում պաշտոնի նշանակումն իրականացվում են Միության դատարանի գործունեությունը կարգավորող փաստաթղթերին համապատասխան։

 

Հոդված 10

Բարձրագույն խորհուրդը

 

1. Բարձրագույն խորհուրդը Միության բարձրագույն մարմինն է։

2. Բարձրագույն խորհրդի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների ղեկավարները։

 

Հոդված 11

Բարձրագույն խորհրդի աշխատակարգը

 

1. Բարձրագույն խորհրդի նիստներն անցկացվում են տարին առնվազն մեկ անգամ։

Միության գործունեությանն առնչվող անհետաձգելի հարցերը լուծելու նպատակով կարող են գումարվել Բարձրագույն խորհրդի արտահերթ նիստեր՝ ցանկացած անդամ պետության կամ Բարձրագույն խորհրդի նախագահի նախաձեռնությամբ։

2. Բարձրագույն խորհրդի նիստերն անցկացվում են Բարձրագույն խորհրդի նախագահի ղեկավարությամբ։

Բարձրագույն խորհրդի նախագահը՝

վարում է Բարձրագույն խորհրդի նիստերը,

կազմակերպում է Բարձրագույն խորհրդի աշխատանքը,

իրականացնում է Բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացվող հարցերի նախապատրաստական գործընթացների ընդհանուր ղեկավարումը։

Բարձրագույն խորհրդի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Բարձրագույն խորհրդի՝ նախագահող անդամ պետությունը ներկայացնող նոր անդամն իրականացնում է Բարձրագույն խորհրդի նախագահի լիազորությունները մնացած ժամկետի ընթացքում։

3. Բարձրագույն խորհրդի նախագահի հրավերով Բարձրագույն խորհրդի նիստերին կարող են մասնակցել Հանձնաժողովի խորհրդի անդամները, Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը և հրավիրված այլ անձինք։

Բարձրագույն խորհրդի մասնակիցների ցուցակը և նիստերի ձևաչափը սահմանվում են Բարձրագույն խորհրդի նախագահի կողմից Բարձրագույն խորհրդի անդամների հետ համաձայնեցմամբ։

Բարձրագույն խորհրդի նիստերի օրակարգը ձևավորվում է Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա։

Բարձրագույն խորհրդի նիստերին զանգվածային լրատվամիջոցների հավատարմագրված ներկայացուցիչների ներկայության հարցը կարգավորվում է Բարձրագույն խորհրդի նախագահի կողմից։

4. Բարձրագույն խորհրդի նիստերի անցկացումը կազմակերպելու կարգը հաստատվում է Բարձրագույն խորհրդի կողմից։

5. Բարձրագույն խորհրդի նիստերի նախապատրաստման ու անցկացման կազմակերպչական, տեղեկատվական և նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից՝ ընդունող անդամ պետության աջակցությամբ։ Բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման ֆինանսական ապահովումն իրականացվում է Միության բյուջեի միջոցների հաշվին։

 

Հոդված 12

Բարձրագույն խորհրդի լիազորությունները

 

1. Բարձրագույն խորհուրդը քննարկում է Միության գործունեությանն առնչվող սկզբունքային հարցերը, սահմանում ինտեգրացիայի զարգացման ռազմավարությունը, ուղղություններն ու հեռանկարները և ընդունում Միության նպատակների իրագործմանն ուղղված որոշումներ։

2. Բարձրագույն խորհուրդն իրականացնում է հետևյալ հիմնական լիազորությունները`

1) սահմանում է Միության ձևավորման և զարգացման ռազմավարությունը, ուղղություններն ու հեռանկարները և ընդունում Միության նպատակների իրագործմանն ուղղված որոշումներ,

2) հաստատում է Հանձնաժողովի կոլեգիայի կազմը, բաշխում է պարտականությունները Հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև և դադարեցնում է նրանց լիազորությունները,

3) նշանակում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահին և ընդունում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում,

4) անդամ պետությունների ներկայացմամբ նշանակում է Միության դատարանի դատավորներին,

5) հաստատում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը,

6) հաստատում է Միության բյուջեն, «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթը և Միության բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը,

7) սահմանում է անդամ պետությունների՝ Միության բյուջե կատարած բաժնեմասային ներդրումների չափը (սանդղակը),

8) անդամ պետության առաջարկով քննարկում է այն հարցերը, որոնք վերաբերում են Միջկառավարական խորհրդի կամ Հանձնաժողովի ընդունած որոշումները չեղարկելուն կամ փոփոխելուն՝ հաշվի առնելով 16-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթները,

9) Միջկառավարական խորհրդի կամ Հանձնաժողովի առաջարկությամբ քննարկում է այն հարցերը, որոնց շուրջ որոշում ընդունելիս ընդհանուր համաձայնություն (կոնսենսուս) ձեռք չի բերվել,

10) հարցումներով դիմում է Միության դատարան,

11) հաստատում է Միության դատարանի դատավորների, Միության դատարանի աշխատակազմի պաշտոնատար անձանց ու աշխատակիցների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների եկամուտների, գույքի և գույքային բնույթի պարտավորությունների մասին տվյալների հավաստիությունն ու ամբողջականությունն ստուգելու կարգը,

12) սահմանում է Միություն նոր անդամներ ընդունելու և Միությանն անդամակցությունը դադարեցնելու կարգը,

13) ընդունում է դիտորդի կարգավիճակ կամ Միությանն անդամակցելու համար թեկնածու պետության կարգավիճակ տալու կամ այն չեղյալ համարելու մասին որոշում,

14) հաստատում է Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցություն իրականացնելու կարգը,

15) ընդունում է Միության անունից երրորդ կողմի հետ բանակցելու, այդ թվում՝ դրա հետ Միության միջազգային պայմանագրեր կնքելու և բանակցություններ վարելու իրավունք վերապահելու, ինչպես նաև երրորդ կողմի հետ կնքող միջազգային պայմանագրի՝ Միության համար պարտադիր լինելուն նրա համաձայնությունն արտահայտելու, միջազգային պայմանագիրը դադարեցնելու, կասեցնելու կամ դրանից դուրս գալու մասին որոշումներ,

16) հաստատում է Միության մարմինների ընդհանուր հաստիքների թվակազմը, Միության մարմիններում անդամ պետությունների քաղաքացիների թվից պաշտոնատար անձանց ներկայացվածության չափանիշները, որոնք մրցութային հիմունքով ուղարկվում են անդամ պետությունների ներկայացմամբ,

17) հաստատում է Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Միության դատարանի դատավորների, Միության մարմինների պաշտոնատար անձանց և աշխատակիցների աշխատանքի դիմաց վարձատրության կարգը,

18) հաստատում է «Եվրասիական տնտեսական միության մարմիններում արտաքին աուդիտի (վերահսկողության) մասին» հիմնադրույթը,

19) քննարկում է Միության մարմիններում անցկացված արտաքին աուդիտի (վերահսկողության) արդյունքները,

20) հաստատում է Միության խորհրդանշանները,

21) հանձնարարություններ է տալիս Միջկառավարական խորհրդին և Հանձնաժողովին,

22) ընդունում է համապատասխան հարցերով օժանդակ մարմիններ ստեղծելու մասին որոշումներ,

23) իրականացնում է սույն Պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված այլ լիազորություններ։

 

Հոդված 13

Բարձրագույն խորհրդի որոշումներն ու կարգադրությունները

 

1. Բարձրագույն խորհուրդն ընդունում է որոշումներ ու կարգադրություններ։

2. Բարձրագույն խորհրդի որոշումներն ու կարգադրություններն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով):

Բարձրագույն խորհրդի՝ Միությունում անդամ պետության անդամակցության դադարեցման հետ կապված որոշումներն ընդունվում են հետևյալ սկզբունքով` «ընդհանուր համաձայնություն (կոնսենսուս)՝ հանած այն անդամ պետության ձայնը, որը ծանուցել է Միությունում իր անդամակցությունը դադարեցնելու մտադրության մասին»։

 

Հոդված 14

Միջկառավարական խորհուրդը

 

Միջկառավարական խորհուրդն անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներից բաղկացած Միության մարմին է։

 

Հոդված 15

Միջկառավարական խորհրդի աշխատակարգը

 

1. Միջկառավարական խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին երկու անգամ։

Միության գործունեությանն առնչվող անհետաձգելի հարցերը լուծելու նպատակով կարող են գումարվել Միջկառավարական խորհրդի արտահերթ նիստեր ցանկացած անդամ պետության կամ Միջկառավարական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ։

2. Միջկառավարական խորհրդի նիստերն անցկացվում են Միջկառավարական խորհրդի նախագահի ղեկավարությամբ։

Միջկառավարական խորհրդի նախագահը՝

վարում է Միջկառավարական խորհրդի նիստերը,

կազմակերպում է Միջկառավարական խորհրդի աշխատանքը,

իրականացնում է Միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացվող հարցերի նախապատրաստական գործընթացների ընդհանուր ղեկավարումը։

Միջկառավարական խորհրդի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Միջկառավարական խորհրդի՝ նախագահող անդամ պետությունը ներկայացնող նոր անդամն իրականացնում է Միջկառավարական խորհրդի նախագահի լիազորությունները մնացած ժամկետի ընթացքում։

3. Միջկառավարական խորհրդի նախագահի հրավերով Միջկառավարական խորհրդի նիստերին կարող են մասնակցել Հանձնաժողովի խորհրդի անդամները, Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը և հրավիրված այլ անձինք։

Միջկառավարական խորհրդի մասնակիցների ցուցակը և նիստերի ձևաչափը սահմանվում են Միջկառավարական խորհրդի նախագահի կողմից Միջկառավարական խորհրդի անդամների հետ համաձայնեցմամբ։

Միջկառավարական խորհրդի նիստերի օրակարգը ձևավորվում է Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա։

Միջկառավարական խորհրդի նիստերին զանգվածային լրատվամիջոցների հավատարմագրված ներկայացուցիչների ներկայության հարցը կարգավորվում է Միջկառավարական խորհրդի նախագահի կողմից։

4. Միջկառավարական խորհրդի նիստերի անցկացման կարգը հաստատվում է Միջկառավարական խորհրդի կողմից։

5. Միջկառավարական խորհրդի նիստերի նախապատրաստման ու անցկացման կազմակերպչական, տեղեկատվական և նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից՝ ընդունող անդամ պետության աջակցությամբ։ Միջկառավարական խորհրդի նիստերի անցկացման ֆինանսական ապահովումն իրականացվում է Միության բյուջեի միջոցների հաշվին։

 

Հոդված 16

Միջկառավարական խորհրդի լիազորությունները

 

Միջկառավարական խորհուրդն իրականացնում է հետևյալ հիմնական լիազորությունները`

1) ապահովում է սույն Պայմանագրի, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի և Բարձրագույն խորհրդի որոշումների իրականացման ու կատարման նկատմամբ հսկողությունը,

2) Հանձնաժողովի խորհրդի առաջարկությամբ քննարկում է այն հարցերը, որոնց շուրջ Հանձնաժողովի խորհրդում որոշումներ ընդունելիս ընդհանուր համաձայնություն (կոնսենսուս) ձեռք չի բերվել,

3) հանձնարարություններ է տալիս Հանձնաժողովին,

4) Բարձրագույն խորհուրդ է ներկայացնում Խորհրդի անդամների և Հանձնաժողովի կոլեգիայի անդամների թեկնածությունները,

5) հավանություն է տալիս Միության բյուջեի, «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթի և Միության բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության նախագծերին,

6) հաստատում է «Եվրասիական տնտեսական միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման մասին» հիմնադրույթը, Միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման ստանդարտներն ու մեթոդաբանությունը, ընդունում է որոշումներ Միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեությունը վերստուգելու վերաբերյալ և սահմանում դրանց անցկացման ժամկետները,

7) անդամ պետության առաջարկությամբ քննարկում է Հանձնաժողովի ընդունած որոշումների չեղարկմանը կամ փոփոխմանն առնչվող հարցերը կամ, համաձայնություն ձեռք չբերելու դեպքում, դրանք ներկայացնում է Բարձրագույն խորհրդի քննարկմանը,

8) ընդունում է որոշում Խորհրդի կամ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումների գործողության կասեցման վերաբերյալ,

9) հաստատում է Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների եկամուտների, գույքի և գույքային բնույթի պարտավորությունների մասին տվյալների հավաստիությունն ու ամբողջականությունն ստուգելու կարգը,

10) իրականացնում է սույն Պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված այլ լիազորություններ։

 

Հոդված 17

Միջկառավարական խորհրդի որոշումներն ու կարգադրությունները

 

1. Միջկառավարական խորհուրդն ընդունում է որոշումներ ու կարգադրություններ։

2. Միջկառավարական խորհրդի որոշումներն ու կարգադրություններն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով):

 

Հոդված 18

Հանձնաժողովը

 

1. Հանձնաժողովը Միության մշտապես գործող կարգավորող մարմինն է։ Հանձնաժողովը բաղկացած է Խորհրդից ու Կոլեգիայից։

2. Հանձնաժողովն ընդունում է որոշումներ, կարգադրություններ ու առաջարկություններ։

Հանձնաժողովի խորհրդի որոշումները, կարգադրություններն ու առաջարկություններն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով):

Հանձնաժողովի Կոլեգիայի որոշումները, կարգադրություններն ու առաջարկություններն ընդունվում են որակյալ մեծամասնությամբ կամ ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով):

Բարձրագույն խորհուրդը սահմանում է «զգայուն» հարցերի ցանկը, որոնց վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով):

Ընդ որում, որակյալ մեծամասնությունը կազմում է Հանձնաժողովի կոլեգիայի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը։

3. Հանձնաժողովի կարգավիճակը, խնդիրները, կազմը, գործառույթները, լիազորություններն ու աշխատակարգը սահմանվում են սույն Պայմանագրի 1-ին հավելվածի համաձայն։

4. Հանձնաժողովի գտնվելու վայրը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքն է։

 

Հոդված 19

Միության դատարանը

 

1. Միության դատարանը Միության մշտապես գործող դատական մարմինն է։

2. Միության դատարանի կարգավիճակը, կազմը, իրավասությունը, գործունեության իրականացման ու ձևավորման կարգը սահմանվում են Եվրասիական տնտեսական միության դատարան ստատուտով՝ սույն Պայմանագրի 2-րդ հավելվածի համաձայն։

3. Միության դատարանի գտնվելու վայրը Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքն է։

 

Բաժին IV

ՄԻՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ

 

Հոդված 20

Միության բյուջեն

 

1. Միության մարմինների գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Միության բյուջեի միջոցների հաշվին, որը ձևավորվում է «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթով սահմանված կարգով։

Հերթական ֆինանսական տարվա համար Միության բյուջեն ձևավորվում է ռուսական ռուբլով՝ անդամ պետությունների բաժնեմասային ներդրումների հաշվին։ Անդամ պետությունների՝ Միության բյուջե կատարվող բաժնեմասային ներդրումների չափը (սանդղակը) սահմանվում է Բարձրագույն խորհրդի կողմից։

Միության բյուջեի եկամուտներն ու ծախսերը պետք է հավասարակշռված լինեն։ Ֆինանսական տարին սկսվում է հունվարի 1-ից և ավարտվում դեկտեմբերի 31-ին։

2. Միության բյուջեն և «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթը հաստատվում են Բարձրագույն խորհրդի կողմից։

Միության բյուջեում և «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթում փոփոխությունների կատարումն իրականացվում է Բարձրագույն խորհրդի կողմից։

 

Հոդված 21

Միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումը

 

Միության բյուջեի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով անցկացվում է Միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգում ոչ պակաս, քան երկու տարվա ընթացքում մեկ անգամ։

Ցանկացած անդամ պետության նախաձեռնությամբ Միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության հետ կապված առանձին հարցերի մասով կարող են ստուգումներ անցկացվել։

Միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումներն իրականացվում են անդամ պետությունների պետական ֆինանսական հսկողության մարմինների ներկայացուցիչներից բաղկացած վերստուգողների խմբի կողմից։

Միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումների արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են Միջկառավարական խորհրդի քննարկմանը։

 

Հոդված 22

Արտաքին աուդիտը (հսկողությունը)

 

Միության բյուջեի միջոցների ձևավորման, կառավարման ու տնօրինման արդյունավետության, Միության գույքի և այլ ակտիվների օգտագործման արդյունավետության որոշման նպատակով անցկացվում է արտաքին աուդիտ (հսկողություն): Արտաքին աուդիտը (հսկողությունը) իրականացվում է անդամ պետությունների պետական ֆինանսական հսկողության մարմինների ներկայացուցիչներից բաղկացած տեսուչների խմբի կողմից։ Արտաքին աուդիտի (հսկողության) ստանդարտներն ու մեթոդաբանությունը սահմանվում են անդամ պետությունների պետական ֆինանսական հսկողության մարմինների կողմից։

Միության մարմիններում անցկացված արտաքին աուդիտի (հսկողության) արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են Բարձրագույն խորհրդի քննարկմանը։

 

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Բաժին V

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 23

Տեղեկատվական փոխգործակցությունը Միության շրջանակներում

 

1. Միության գործունեությանն առնչվող բոլոր ոլորտներում ինտեգրացիոն գործընթացների տեղեկատվական ապահովման նպատակով մշակվում ու իրականացվում են Միության շրջանակներում տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ տեղեկատվական փոխգործակցության և վստահության անդրսահմանային տարածության ապահովմանն ուղղված միջոցառումներ։

2. Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացման դեպքում տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի կիրառմամբ, որով ապահովվում է ըստ տարածքների տեղաբաշխված պետական տեղեկատվական ռեսուրսների և լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի, ինչպես նաև Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսների ու տեղեկատվական համակարգերի ինտեգրացումը։

3. Պետական տեղեկատվական ռեսուրսների և տեղեկատվական համակարգերի արդյունավետ փոխգործակցությունն ու համակարգումն ապահովելու նպատակով տեղեկատվայնացման ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անդամ պետություններն իրականացնում են համաձայնեցված քաղաքականություն։

4. Ծրագրատեխնիկական միջոցներ ու տեղեկատվական տեխնոլոգիաներ կիրառելիս անդամ պետություններն ապահովում են փոխգործակցության ընթացքում օգտագործվող կամ ձեռք բերված մտավոր սեփականության պահպանությունը։

5. Միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության և դրա իրականացումը համակարգելու հիմնարար սկզբունքները, ինչպես նաև ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման ու զարգացման կարգը սահմանվում են սույն Պայմանագրի 3-րդ հավելվածի համաձայն։

 

Հոդված 24

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունները

 

1. Միության գործունեության ու զարգացման արդյունավետության նպատակով ձևավորվում են Միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունները։

2. Միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորումն իրականացվում է հետևյալ սկզբունքներին համապատասխան`

1) մասնագիտական անկախությունը,

2) գիտական հիմնավորվածությունն ու համադրելիությունը,

3) ամբողջականությունն ու արժանահավատությունը,

4) արդիականությունն ու յուրաժամանակությունը,

5) բաց լինելն ու հանրամատչելիությունը,

6) ծախսերի արդյունավետությունը,

7) վիճակագրական գաղտնիությունը։

3. Միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման և տարածման կարգը սահմանվում է սույն Պայմանագրի 4-րդ հավելվածի համաձայն։

 

Բաժին VI

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 25

Մաքսային միության գործունեության սկզբունքները

 

1. Անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում`

1) գործում է ապրանքների ներքին շուկա,

2) կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը և երրորդ կողմերի հետ ապրանքների արտաքին առևտրի կարգավորման այլ միասնական միջոցներ,

3) գործում է ապրանքների առևտրի միասնական ռեժիմ երրորդ կողմերի հետ հարաբերություններում,

4) իրականացվում է միասնական մաքսային կարգավորում,

5) իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ սույն Պայմանագրով նախատեսված դեպքերի։

2. Սույն Պայմանագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը`

ներմուծման մաքսատուրք՝ պարտադիր վճար, որը գանձվում է անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից Միության մաքսային տարածք ապրանքներ ներմուծելու դեպքում,

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկ (ԵԱՏՄ ԱՏԳ ՄԱԱ)՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ, որը հիմնված է Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի ու Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի վրա,

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագին (ԵԱՏՄ ՄՄՍ)՝ երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերի դրույքաչափերի ամբողջություն, որը համակարգված է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան,

սակագնային առանձնաշնորհում (պրեֆերենցիա)՝ ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատում կամ Միության հետ ազատ առևտրի գոտի ձևավորող երկրների ծագման ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցում կամ Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների և (կամ) Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցում:

 

Հոդված 26

Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) հաշվեգրումն ու բաշխումը

 

Վճարված (գանձված) ներմուծման մաքսատուրքերը ենթակա են հաշվեգրման և բաշխման անդամ պետությունների բյուջեների միջև։

Ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրումն ու բաշխումը, անդամ պետությունների բյուջեների եկամուտների կազմ դրանք փոխանցելն իրականացվում են սույն Պայմանագրի 5-րդ հավելվածի համաձայն։

 

Հոդված 27

Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ու ազատ պահեստների ստեղծումն ու գործունեությունը

 

Անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու, ներդրումներ ներգրավելու, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրություններ ստեղծելու և զարգացնելու, տրանսպորտային ենթակառուցվածքի, զբոսաշրջության ու առողջարանային-կուրորտային ոլորտը զարգացնելու նպատակով, ինչպես նաև այլ նպատակներով անդամ պետությունների տարածքներում ստեղծվում ու գործում են ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիներ ու ազատ պահեստներ։

Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ու ազատ պահեստների ստեղծման և գործունեության պայմանները սահմանվում են Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով։

 

Հոդված 28

Ներքին շուկան

 

1. Միությունը միջոցներ է ձեռնարկում սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան ներքին շուկայի գործունեությունն ապահովելու նպատակով։

2. Ներքին շուկան ընդգրկում է տնտեսական տարածք, որում, սույն Պայմանագրի դրույթների համաձայն, ապահովվում է ապրանքների, անձանց, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը։

3. Ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետությունները չեն կիրառում ներմուծման ու արտահանման մաքսատուրքեր (համարժեք այլ տուրքեր, հարկեր և հավաքագրումներ), ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ՝ բացառությամբ սույն Պայմանագրով նախատեսված դեպքերի։

 

Հոդված 29

Ապրանքների ներքին շուկայի գործունեության կարգից բացառությունները

 

1. Ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետություններն իրավունք ունեն կիրառելու սահմանափակումներ (պայմանով, որ այդ միջոցներն անհիմն խտրականության միջոց կամ առևտրի քողարկված սահմանափակում չլինեն), եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են`

1) մարդու կյանքի և առողջության պահպանման,

2) հասարակական բարոյականության և իրավակարգի պաշտպանության,

3) շրջակա միջավայրի պահպանության,

4) կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պաշտպանության,

5) միջազգային պարտավորությունների կատարման,

6) երկրի պաշտպանության և անդամ պետության անվտանգության ապահովման համար։

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերով՝ ներքին շուկայում կարող են ներմուծվել նաև սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ՝ սույն Պայմանագրի XI բաժնով սահմանվող կարգով։

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերով՝ առանձին կատեգորիայի ապրանքների շրջանառությունը կարող է սահմանափակվել։

Միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքների տեղափոխման կամ շրջանառության կարգը սահմանվում է սույն Պայմանագրի, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին համապատասխան։

 

Բաժին VII

ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 30

Դեղամիջոցների ընդհանուր շուկայի ձևավորումը

 

1. Միության շրջանակներում անդամ պետություններն ստեղծում են պատշաճ դեղագործական գործելակերպի չափանիշներին համապատասխանող դեղամիջոցների ընդհանուր շուկա՝ հիմնված հետևյալ սկզբունքների վրա`

1) դեղամիջոցների շրջանառության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության պահանջների ներդաշնակեցում և միասնականացում,

2) Միության տարածքում շրջանառության մեջ գտնվող դեղամիջոցների որակին, արդյունավետությանն ու անվտանգությանն առնչվող պարտադիր պահանջների միասնականության ապահովում,

3) դեղամիջոցների շրջանառության ոլորտում միասնական կանոնների ընդունում,

4) դեղամիջոցների որակի, արդյունավետության ու անվտանգության գնահատման համար հետազոտության և հսկողության միատեսակ կամ համադրելի մեթոդների մշակում ու կիրառում,

5) դեղամիջոցների շրջանառության նկատմամբ հսկողության (վերահսկողության) ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում,

6) դեղամիջոցների շրջանառության ոլորտում անդամ պետությունների համապատասխան լիազորված մարմինների կողմից թույլատրական և հսկողական ու վերահսկողական գործառույթների իրականացում։

2. Միության շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկայի գործունեությունն իրականացվում է Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին համապատասխան՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 100-րդ հոդվածի դրույթները։

 

Հոդված 31

Բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) ընդհանուր շուկայի ձևավորումը

 

1. Միության շրջանակներում անդամ պետություններն ստեղծում են բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) ընդհանուր շուկա՝ հիմնված հետևյալ սկզբունքների վրա`

1) բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) շրջանառության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության պահանջների ներդաշնակեցում,

2) Միության տարածքում շրջանառության մեջ գտնվող բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) արդյունավետությանն ու անվտանգությանը ներկայացվող պարտադիր պահանջների միասնականության ապահովում,

3) բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) շրջանառության ոլորտում միասնական կանոնների ընդունում,

4) բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) որակի ապահովման համակարգի ստեղծման համար միասնական մոտեցումների սահմանում,

5) բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) շրջանառության նկատմամբ հսկողության (վերահսկողության) ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում։

2. Միության շրջանակներում բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) ընդհանուր շուկայի գործունեությունն իրականացվում է Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին համապատասխան՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 100-րդ հոդվածի դրույթները։

 

Բաժին VIII

ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 32

Մաքսային կարգավորումը Միությունում

 

Միությունում իրականացվում է միասնական մաքսային կարգավորում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին և Միության իրավունքը կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան, ինչպես նաև սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան:

 

Բաժին IX

ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ընդհանուր դրույթներ արտաքին առևտրային քաղաքականության մասին

 

Հոդված 33

Միության արտաքին առևտրային քաղաքականության նպատակներն ու սկզբունքները

 

1. Միության արտաքին առևտրային քաղաքականությունն ուղղված է անդամ պետությունների կայուն տնտեսական զարգացման խթանմանը, տնտեսության բազմազանեցմանը, նորարարության զարգացմանը, առևտրի ու ներդրումների ծավալների մեծացմանը և կառուցվածքի բարելավմանը, ինտեգրացիոն գործընթացների արագացմանը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության շրջանակներում Միության՝ որպես արդյունավետ ու մրցունակ կազմակերպության հետագա զարգացման ապահովմանը:

2. Միության արտաքին առևտրային քաղաքականության իրականացման հիմնական սկզբունքներն են՝

Միության արտաքին առևտրային քաղաքականության իրականացման այնպիսի միջոցների ու մեխանիզմների կիրառումը, որոնք անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության մասնակիցների համար ծանրաբեռնող են ոչ ավելի, քան անհրաժեշտ է Միության նպատակներն արդյունավետ իրագործելու համար,

Միության արտաքին առևտրային քաղաքականության իրականացման միջոցներն ու մեխանիզմները մշակելու, ընդունելու և կիրառելու գործընթացի հրապարակայնությունը,

Միության արտաքին առևտրային քաղաքականության իրականացման միջոցներն ու մեխանիզմները կիրառելու հիմնավորվածությունն ու օբյեկտիվությունը,

անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի, ինչպես նաև ապրանքներ արտադրողների ու ծառայություններ մատուցողների ու դրանց սպառողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը,

արտաքին առևտրային գործունեության մասնակիցների իրավունքների պահպանումը:

3. Արտաքին առևտրային քաղաքականությունն իրականացվում է Միության կողմից ինքնուրույն կամ անդամ պետությունների հետ այն ոլորտներում, որտեղ Միության մարմիններն ընդունում են անդամ պետությունների կողմից պարտադիր կատարման ենթակա որոշումներ, երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրեր կնքելու, միջազգային կազմակերպություններում մասնակցելու կամ արտաքին առևտրային քաղաքականության միջոցներ ու մեխանիզմներ ինքնուրույն կիրառելու միջոցով:

Միությունը պատասխանատվություն է կրում իր կողմից կնքվող միջազգային պայմանագրերով սահմանվող պարտավորությունների կատարման համար և իրականացնում է այդ պայմանագրերով սահմանվող իր իրավունքները:

 

Հոդված 34

Առավել բարենպաստության ռեժիմը

 

Ապրանքների արտաքին առևտրի նկատմամբ Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի իմաստով (ՍԱԳՀ, 1994 թվական) առավել բարենպաստության ռեժիմը կիրառվում է այն դեպքերում և պայմաններով, երբ առավել բարենպաստության ռեժիմի կիրառումը նախատեսված է երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև անդամ պետությունների` երրորդ կողմի հետ կնքվող միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 35

Ազատ առևտրի ռեժիմը

 

ՍԱԳՀ-ի (1994 թվական) իմաստով ապրանքների ազատ առևտրի ռեժիմը սահմանվում է երրորդ կողմի հետ առևտրի նկատմամբ՝ այդպիսի երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրի հիման վրա՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 102-րդ հոդվածի դրույթները:

Երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագիրը, որով սահմանվում է ազատ առևտրի ռեժիմը, կարող է ներառել արտաքին առևտրային գործունեության հետ կապված այլ դրույթներ:

 

Հոդված 36

Զարգացող և (կամ) առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ կիրառվող սակագնային առանձնաշնորհումները

 

1. Զարգացող և (կամ) առավել թույլ զարգացած երկրների տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով Միությունը, սույն Պայմանագրին համապատասխան, կարող է տրամադրել սակագնային առանձնաշնորհումներ՝ Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների և (կամ) Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ:

2. Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների ծագման ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածք ներմուծվում են առանձնաշնորհումների տրամադրմամբ, կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի 75 տոկոսի չափով:

3. Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածք ներմուծվում են առանձնաշնորհումների տրամադրմամբ, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափեր:

 

Հոդված 37

Ապրանքների ծագումը որոշելու կանոնները

 

1. Միության մաքսային տարածքում կիրառվում են Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու միասնական կանոնները:

2. Մաքսասակագնային կարգավորման միջոցներ կիրառելու (բացառությամբ սակագնային առանձնաշնորհումների տրամադրման), ոչ սակագնային կարգավորման և շուկայի պաշտպանության միջոցներ կիրառելու, ապրանքների ծագումը դրոշմավորելուն ներկայացվող պահանջներ սահմանելու, պետական (մունիցիպալ) գնումներ իրականացնելու, ապրանքների արտաքին առևտրի վիճակագրություն վարելու նպատակներով կիրառվում են Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններ (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային (ոչ պրեֆերենցիալ) պայմաններ), որոնք սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

3. Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու նպատակով կիրառվում են զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններ, որոնք հաստատվում են Հանձնաժողովի կողմից:

4. Միության տարածք այնպիսի պետություններից ներմուծվող ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու նպատակներով, որոնց հետ առևտրատնտեսական հարաբերություններում Միության կողմից կիրառվում է ազատ առևտրի ռեժիմը, կիրառվում են ապրանքների ծագումը որոշելու այն կանոնները, որոնք հաստատվում են երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության՝ ազատ առևտրի ռեժիմի կիրառումը նախատեսող համապատասխան միջազգային պայմանագրով:

5. Եթե երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության՝ ազատ առևտրի ռեժիմի կիրառումը նախատեսող միջազգային պայմանագրով սահմանված չեն ապրանքի ծագումը որոշելու կանոններ, կամ դրանք ընդունված չեն այդպիսի պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ, ապա Միության տարածք ներմուծվող՝ այդ երկրի ծագման ապրանքների նկատմամբ, մինչև ապրանքների ծագումը որոշելու համապատասխան կանոնների ընդունումը, կիրառվում են ապրանքների ծագումը որոշելու՝ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված կանոնները:

6. Ապրանքների ծագումը որոշելու (հաստատելու) ոլորտում երրորդ կողմի բազմակի խախտումների վերաբերյալ փաստերի առկայության դեպքում Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից տվյալ պետությունից ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու (հաստատելու) ճշտության նկատմամբ դիտանցում իրականացնելու վերաբերյալ: Ապրանքների ծագումը որոշելու (հաստատելու) ոլորտում երրորդ կողմի համակարգային խախտումներ բացահայտելու դեպքում Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից ապրանքների ծագումը հաստատող փաստաթղթերի ընդունումը կասեցնելու մասին: Սույն կետի դրույթներով չեն սահմանափակվում անդամ պետությունների՝ ներմուծվող ապրանքների ծագման նկատմամբ հսկողության և դրա արդյունքների հիման վրա միջոցներ ձեռնարկելու լիազորությունները:

 

Հոդված 38

Ծառայությունների արտաքին առևտուրը

 

Երրորդ կողմերի հետ ծառայությունների առևտրի ոլորտում համակարգումն իրականացվում է անդամ պետությունների կողմից:

Համակարգում իրականացնելը չի նշանակում այդ ոլորտում Միության վերազգային իրավասություն:

 

Հոդված 39

Երրորդ կողմերի հետ առևտրում սահմանափակող միջոցների վերացումը

 

Հանձնաժողովն աջակցում է երրորդ կողմերին շուկաների հասանելիությունն ապահովելու ընթացքում, իրականացնում է անդամ պետությունների նկատմամբ երրորդ կողմի սահմանած սահմանափակող միջոցների դիտանցում, և եթե երրորդ կողմը Միության նկատմամբ որևէ միջոց է կիրառում, կամ Միության ու երրորդ կողմի միջև առևտրային վեճ է առաջանում, ապա Հանձնաժողովը, անդամ պետությունների մասնակցությամբ, համապատասխան երրորդ կողմի հետ խորհրդակցություններ է անցկացնում:

 

Հոդված 40

Երրորդ կողմի նկատմամբ պատասխան միջոցների կիրառումը

 

1. Եթե երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության և (կամ) անդամ պետությունների՝ երրորդ կողմերի հետ կնքվող միջազգային պայմանագրով նախատեսվում է պատասխան միջոցներ կիրառելու հնարավորություն, ապա Միության տարածքում պատասխան միջոցներ ներմուծելու մասին որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կողմից, այդ թվում՝ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը բարձրացնելու, քանակական սահմանափակումներ ներմուծելու, առանձնաշնորհումների տրամադրումը ժամանակավորապես կասեցնելու կամ Հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում այլ միջոցներ ընդունելու միջոցով, որոնք ազդեցություն ունեն համապատասխան պետության հետ արտաքին առևտրի վրա:

2. Մինչև 2015 թվականի հունվարի 1-ն անդամ պետությունների՝ երրորդ կողմերի հետ կնքող միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում անդամ պետություններն իրավունք ունեն միակողմանիորեն՝ որպես պատասխան միջոցներ կիրառելու ներմուծման մաքսատուրքերի՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի հետ համեմատած ավելի բարձր դրույքաչափեր, ինչպես նաև միակողմանիորեն կասեցնելու սակագնային առանձնաշնորհումների տրամադրումը՝ պայմանով, որ այդպիսի պատասխան միջոցների կիրառման մեխանիզմները չեն խախտում սույն Պայմանագրի դրույթները:

 

Հոդված 41

Արտահանումը զարգացնելուն ուղղված միջոցները

 

Միությունը, Առևտրի համաշխարհային կազմակերպության միջազգային պայմանագրերին, նորմերին ու կանոններին համապատասխան, կարող է կիրառել երրորդ կողմերի շուկաներ անդամ պետությունների ապրանքների արտահանումը զարգացնելուն ուղղված համատեղ միջոցներ:

Համատեղ միջոցները մասնավորապես ներառում են արտահանման ապահովագրությունն ու վարկավորումը, միջազգային լիզինգը, «Եվրասիական տնտեսական միության ապրանք» հասկացության խթանումը և Միության ապրանքների միասնական դրոշմավորման համակարգի ներմուծումը, արտերկրում ցուցահանդեսատոնավաճառային ու էքսպոզիցիոն գործունեությունը, գովազդային ու իմիջի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

 

2. Մաքսասակագնային կարգավորումը և ոչ սակագնային կարգավորումը

 

Հոդված 42

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը

 

1. Միության մաքսային տարածքում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկն ու Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը, որոնք հաստատվում են Հանձնաժողովի կողմից և համարվում են Միության առևտրային քաղաքականության գործիքները:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը կիրառելու հիմնական նպատակներն են՝

1) Միության՝ համաշխարհային տնտեսությանն արդյունավետ ինտեգրման համար պայմանների ապահովումը,

2) Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ապրանքային կառուցվածքի ռացիոնալացումը,

3) Միության մաքսային տարածքում ապրանքների արտահանման և ներմուծման ռացիոնալ հարաբերակցության պահպանումը,

4) Միությունում ապրանքների արտադրության և սպառման կառուցվածքում առաջընթացի ապահովմանն ուղղված փոփոխությունների համար պայմանների ստեղծումը,

5) Միության տնտեսության ճյուղերին օժանդակության տրամադրումը:

3. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի շրջանակներում կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի հետևյալ տեսակները՝

1) ադվալորային՝ հաշվարկվում է հարկման ենթակա ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ տոկոսներով,

2) յուրահատուկ՝ հաշվարկվում է ըստ ֆիզիկական հատկանիշների՝ հարկման ենթակա ապրանքների բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ),

3) խառը՝ երբ զուգակցվում են սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված երկու տեսակները:

4. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը միասնական են և ենթակա չեն փոփոխման՝ պայմանավորված Միության մաքսային սահմանով ապրանք տեղափոխող անձանցից, գործարքների տեսակներից և այլ հանգամանքներից՝ բացառությամբ սույն Պայմանագրի 35-րդ, 36-րդ և 43-րդ հոդվածներով սահմանված դեպքերի։

5. Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման օպերատիվ կարգավորման նպատակով, անհրաժեշտության դեպքում, կարող են սահմանվել սեզոնային մաքսատուրքեր, որոնց գործողության ժամկետը չի կարող գերազանցել տարվա ընթացքում 6 ամիսը, և որոնք կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով նախատեսված ներմուծման մաքսատուրքերի փոխարեն։

6. Միությանն անդամակցած պետությունն իրավունք ունի կիրառելու Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ ապրանքների անվանացանկին և դրույքաչափերին համապատասխան, որոնք հաստատվում են Հանձնաժողովի կողմից՝ Միությանն այդ անդամ պետության անդամակցության մասին միջազգային պայմանագրի հիման վրա:

Միությանն անդամակցած պետությունը պարտավոր է ապահովել այն ապրանքների՝ միայն իր տարածքի սահմաններում օգտագործումը, որոնց նկատմամբ կիրառվել են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի հետ համեմատած ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր և ձեռնարկել միջոցներ՝ թույլ չտալու համար այլ անդամ պետություններ այդպիսի ապրանքների արտահանումը՝ առանց վճարելու Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների և ապրանքները ներմուծելիս վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերության չափով ներմուծման մաքսատուրքերը:

 

Հոդված 43

Սակագնային արտոնությունները

 

1. Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների նկատմամբ կարող են կիրառվել սակագնային արտոնություններ՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու կամ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը նվազեցնելու ձևով:

2. Սակագնային արտոնությունները չեն կարող անհատական բնույթ կրել և կիրառվում են անկախ ապրանքների ծագման երկրից:

3. Սակագնային արտոնությունների տրամադրումն իրականացվում է սույն Պայմանագրի 6-րդ հավելվածի համաձայն։

 

Հոդված 44

Սակագնային քվոտաները

 

1. Միության մաքսային տարածք ներմուծվող՝ երրորդ երկրների ծագման գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների նկատմամբ թույլատրվում է սահմանել սակագնային քվոտաներ, եթե նույնանման ապրանքներ արտադրվում (արդյունահանվում, աճեցվում) են Միության մաքսային տարածքում:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածք են ներմուծվում սահմանված սակագնային քվոտայի չափի սահմաններում, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի համապատասխան դրույքաչափերը:

3. Միության մաքսային տարածք ներմուծվող՝ երրորդ երկրների ծագման գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների նկատմամբ սակագնային քվոտաների սահմանումը և սակագնային քվոտաների չափերի բաշխումն իրականացվում են սույն Պայմանագրի 6-րդ հավելվածով նախատեսված կարգով:

 

Հոդված 45

Մաքսասակագնային կարգավորման հարցերով Հանձնաժողովի լիազորությունները

 

1. Հանձնաժողովը`

իրականացնում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի վարումը,

սահմանում է ներմուծման, այդ թվում՝ սեզոնային մաքսատուրքերի դրույքաչափերը,

սահմանում է սակագնային արտոնությունների տրամադրման դեպքերն ու պայմանները,

սահմանում է սակագնային արտոնություններ կիրառելու կարգը,

սահմանում է Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգը կիրառելու պայմաններն ու կարգը, այդ թվում՝ հաստատում է՝

Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների ցանկը,

Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ առավել թույլ զարգացած երկրների ցանկը,

զարգացող երկրների կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ Միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են միասնական սակագնային առանձնաշնորհումներ,

սահմանում է սակագնային քվոտաները, բաշխում է սակագնային քվոտայի չափն անդամ պետությունների միջև, սահմանում է արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև սակագնային քվոտայի չափը բաշխելու մեթոդն ու կարգը, իսկ, անհրաժեշտության դեպքում, բաշխում է սակագնային քվոտայի չափը երրորդ երկրների միջև կամ ընդունում է ակտ, որին համապատասխան անդամ պետությունները սահմանում են արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև սակագնային քվոտայի չափը բաշխելու մեթոդն ու կարգը, իսկ, անհրաժեշտության դեպքում, բաշխում են սակագնային քվոտայի չափը երրորդ երկրների միջև:

3. «Զգայուն» ապրանքների ցանկը, որոնց համար ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունում է Հանձնաժողովի Խորհուրդը, հաստատվում է Բարձրագույն խորհրդի կողմից:

 

Հոդված 46

Ոչ սակագնային կարգավորման միջոցները

 

1. Երրորդ երկրների հետ առևտրում Միության կողմից ընդունվում են ոչ սակագնային կարգավորման հետևյալ միջոցները՝

1) ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման արգելք,

2) ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման քանակական սահմանափակումներ,

3) ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման բացառիկ իրավունք,

4) ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման ավտոմատ լիցենզավորում (հսկում),

5) ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման թույլատրական կարգ:

2. Ոչ սակագնային կարգավորման միջոցները սահմանվում և կիրառվում են հրապարակայնության ու խտրականության բացառման սկզբունքների հիման վրա՝ սույն Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով:

 

Հոդված 47

Ոչ սակագնային կարգավորման միջոցները միակողմանիորեն ներմուծելը

 

Անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն ներմուծել և կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ սույն Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով:

 

3. Ներքին շուկայի պաշտպանության միջոցները

 

Հոդված 48

Ընդհանուր դրույթներ ներքին շուկայի պաշտպանության միջոցներ ներմուծելու մասին

 

1. Ապրանքներ արտադրողների տնտեսական շահերի պաշտպանության նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող և երրորդ երկրների ծագման ապրանքների նկատմամբ Միությունում կարող են ներմուծել ներքին շուկայի պաշտպանության միջոցներ՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների, ինչպես նաև այլ միջոցների տեսքով՝ սույն Պայմանագրի 50-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

2. Հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու կամ հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցը փոփոխելու կամ չեղարկելու կամ միջոցը չկիրառելու մասին որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կողմից:

3. Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառումն իրականացվում է սույն Պայմանագրի 8-րդ հավելվածով սահմանված պայմաններով և կարգով:

4. Ապրանքը ներմուծելիս հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի կիրառմանը նախորդում է ուսումնասիրություն, որն իրականացվում է սույն Պայմանագրի 8-րդ հավելվածին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից որպես ուսումնասիրությունների իրականացման համար պատասխանատու մարմին նշանակված մարմնի կողմից (այսուհետ՝ ուսումնասիրություն իրականացնող մարմին):

5. Հատուկ պաշտպանական, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրումը և բաշխումն իրականացվում են սույն Պայմանագրի 8-րդ հավելվածին համապատասխան:

 

Հոդված 49

Հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցները կիրառելու սկզբունքները

 

1. Հատուկ պաշտպանական միջոցը կարող է ապրանքի նկատմամբ կիրառվել, եթե ուսումնասիրություն իրականացնող մարմնի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ Միության մաքսային տարածք տվյալ ապրանքի ներմուծումն իրականացվում է այնպիսի աճող ծավալներով (բացարձակ կամ անդամ պետություններում նույնանման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքի արտադրության ընդհանուր ծավալի նկատմամբ հարաբերական ցուցանիշներով) և այնպիսի պայմաններով, որոնք լուրջ վնաս են հասցնում անդամ պետության տնտեսության ճյուղին կամ ստեղծում են այդպիսի վնաս հասցնելու վտանգ:

2. Հակագնագցման միջոցը կարող է կիրառվել գնագցող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի նկատմամբ, եթե ուսումնասիրություն իրականացնող մարմնի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ Միության մաքսային տարածք տվյալ ապրանքի ներմուծումը նյութական վնաս է հասցնում անդամ պետության տնտեսության ճյուղին, ստեղծում է այդպիսի վնաս հասցնելու վտանգ կամ էականորեն դանդաղեցնում է անդամ պետության տնտեսության ճյուղի ստեղծումը։

3. Փոխհատուցման միջոցը կարող է կիրառվել ներմուծվող այն ապրանքի նկատմամբ, որի արտադրության, արտահանման կամ տրանսպորտային փոխադրման ժամանակ կիրառվել է արտահանող երրորդ երկրի հատուկ սուբսիդիա այն դեպքում, երբ ուսումնասիրություն իրականացնող մարմնի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ այդպիսի ապրանքի ներմուծումը Միության մաքսային տարածք նյութական վնաս է հասցնում անդամ պետության տնտեսության ճյուղին, ստեղծում է այդպիսի վնաս հասցնելու վտանգ կամ էականորեն կասեցնում է անդամ պետությունների տնտեսության ճյուղի ստեղծումը։

4. Ներքին շուկայի պաշտպանության միջոցներ կիրառելու նպատակներով անդամ պետությունների տնտեսության ճյուղ ասելով ենթադրվում է նույնանման ապրանքի (հակագնագցման և փոխհատուցման ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով) կամ նույնանման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքի (հատուկ պաշտպանական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով) բոլոր արտադրողները, կամ այդ արտադրողներից նրանք, որոնց մասնաբաժինն անդամ պետության համապատասխանաբար նույնանման ապրանքի կամ նույնանման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքի արտադրության ընդհանուր ծավալի մեջ կազմում է զգալի մասը, բայց ոչ պակաս, քան 25 տոկոսը:

 

Հոդված 50

Ներքին շուկայի պաշտպանության մյուս միջոցները

 

Անդամ պետությունների արտադրողների վրա երրորդ կողմից ներմուծման բացասական ազդեցությունը վերացնելու նպատակով ազատ առևտրի ռեժիմ սահմանելու մասին այդ երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրով կարող է նախատեսվել ներքին շուկայի պաշտպանության՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներից տարբերվող միջոցներ երկկողմանիորեն կիրառելու իրավունք, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման մասով։

Այդպիսի միջոցներ կիրառելու մասին որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կողմից։

 

Բաժին X

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Հոդված 51

Տեխնիկական կանոնակարգման ընդհանուր սկզբունքները

 

1. Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգումն իրականացվում է հետևյալ սկզբունքներին համապատասխան՝

1) արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ նախագծման (ներառյալ հետազննման), արտադրության, շինարարության, մոնտաժի, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող պարտադիր պահանջների սահմանում,

2) Միության տեխնիկական կանոնակարգերում միասնական պարտադիր պահանջների կամ անդամ պետությունների օրենսդրությունում ազգային պարտադիր պահանջների սահմանում ապրանքների միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի նկատմամբ, որի համար Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ (այսուհետ՝ միասնական ցանկ),

3) Միության տեխնիկական կանոնակարգերի՝ անդամ պետություններում կիրառում և կատարում առանց բացառումների,

4) Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման համապատասխանություն անդամ պետությունների տնտեսական զարգացմանն ու գիտատեխնիկական զարգացման մակարդակին,

5) անդամ պետությունների հավատարմագրման, անդամ պետությունների համապատասխանության հաստատման և անդամ պետությունների վերահսկիչ (հսկիչ) մարմինների անկախություն արտադրողներից, վաճառողներից, կատարողներից և ձեռքբերողներից, այդ թվում՝ սպառողներից,

6) համապատասխանության գնահատման պարտադիր ընթացակարգերի իրականացման ժամանակ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոնների ու մեթոդների միասնականություն,

7) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման միասնականություն՝ անկախ գործարքների տեսակներից և (կամ) առանձնահատկություններից,

8) համապատասխանության գնահատում իրականացնելու դեպքում մրցակցության սահմանափակման անթույլատրելիություն,

9) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման հիման վրա,

10) ստանդարտների կիրառման կամավորություն,

11) միջպետական ստանդարտների մշակում և կիրառում,

12) միջպետական ստանդարտների ներդաշնակեցում միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին,

13) համապատասխանության պարտադիր գնահատում իրականացնելու կանոնների և ընթացակարգերի միասնականություն,

14) անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ապահովում՝ արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության պարտադիր գնահատման կանոնների և ընթացակարգերի խախտման համար պատասխանատվության սահմանման մասով,

15) Միության շրջանակներում չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացում,

16) ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար անհարկի խոչընդոտների սահմանման անթույլատրելիություն,

17) նոր պահանջներին և փաստաթղթերին փուլ առ փուլ անցնելու նպատակներով անցումային դրույթների սահմանում։

2. Սույն բաժնի դրույթները չեն տարածվում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների սահմանման և իրականացման վրա։

3. Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման կարգը, կանոններն ու ընթացակարգերը սահմանվում են սույն Պայմանագրի 9-րդ հավելվածի համաձայն։

4. Միության շրջանակներում չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականությունն իրականացվում է սույն Պայմանագրի 10-րդ հավելվածի համաձայն։

 

Հոդված 52

Միության տեխնիկական կանոնակարգերն ու ստանդարտները

 

1. Մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների ու բույսերի կյանքի և (կամ) առողջության պաշտպանության, սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելման, ինչպես նաև էներգետիկ արդյունավետության ու ռեսուրսախնայողության ապահովման նպատակներով Միության շրջանակներում ընդունվում են Միության տեխնիկական կանոնակարգերը։

Այլ նպատակներով Միության տեխնիկական կանոնակարգերի ընդունում չի թույլատրվում։

Միության տեխնիկական կանոնակարգեր մշակելու և ընդունելու կարգը, ինչպես նաև դրանց մեջ փոփոխություններ կատարելու և դրանք չեղարկելու կարգը սահմանում է Հանձնաժողովը։

Միության տեխնիկական կանոնակարգերը կամ պարտադիր ազգային պահանջները գործում են միայն այն ապրանքների նկատմամբ, որոնք ընդգրկված են Հանձնաժողովի կողմից հաստատված միասնական ցանկում։

Միասնական ցանկի ստեղծման և վարման կարգը հաստատվում է Հանձնաժողովի կողմից։

Անդամ պետությունները թույլ չեն տալիս իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ։

2. Միության տեխնիկական կանոնակարգերը Միության տարածքում ունեն ուղղակի գործողություն։

Միության կողմից ընդունված տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու կարգը և անցումային դրույթները սահմանվում են Միության տեխնիկական կանոնակարգով և (կամ) Հանձնաժողովի ակտով։

3. Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման և Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման համար կամավոր հիմունքներով կարող են կիրառվել միջազգային, տարածաշրջանային (միջպետական) ստանդարտները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ (մինչև տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ընդունումը) անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտները։

 

Հոդված 53

Արտադրանքի շրջանառությունն ու Միության տեխնիկական կանոնակարգերի գործողությունը

 

1. Միության տարածքում շրջանառության մեջ դրվող արտադրանքը պետք է անվտանգ լինի։

Այն արտադրանքի անվտանգության ապահովման և շրջանառության կանոններն ու կարգը, որին ներկայացվող պահանջները սահմանված չեն Միության տեխնիկական կանոնակարգերով, սահմանվում են Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով։

2. Այն արտադրանքը, որի մասով ուժի մեջ է մտել Միության տեխնիկական կանոնակարգ (Միության տեխնիկական կանոնակարգեր), Միության տարածքում շրջանառության մեջ է դրվում՝ պայմանով, որ այն անցել է Միության տեխնիկական կանոնակարգով (Միության տեխնիկական կանոնակարգերով) սահմանված համապատասխանության գնահատման անհրաժեշտ ընթացակարգերը։

Անդամ պետություններն իրենց տարածքում ապահովում են Միության տեխնիկական կանոնակարգի (Միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանող արտադրանքի շրջանառությունը՝ առանց ներկայացնելու Միության տեխնիկական կանոնակարգում ներառված՝ այդ արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ և առանց իրականացնելու համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգեր։

Սույն կետի երկրորդ պարբերության դրույթները չեն տարածվում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման վրա։

3. Միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից անդամ պետությունների տարածքներում արտադրանքին, կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջների հետ կապված՝ նախագծման (ներառյալ հետազննման), արտադրության, շինարարության, մոնտաժի, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող համապատասխան պարտադիր պահանջները, որոնք սահմանված են անդամ պետությունների օրենսդրությամբ կամ Հանձնաժողովի ակտերով, գործում են միայն անցումային դրույթներով սահմանված մասով, և Միության տեխնիկական կանոնակարգով և (կամ) Հանձնաժողովի ակտով սահմանված անցումային դրույթների գործողության ավարտի ամսաթվից չեն տարածվում արտադրանքը շրջանառության մեջ դնելու, տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանությունը գնահատելու, Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) վրա։

Սույն կետի առաջին պարբերության դրույթները չեն տարածվում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման վրա։

Արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ նախագծման (ներառյալ հետազննման), արտադրության, շինարարության, մոնտաժի, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող՝ մինչև Միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը Հանձնաժողովի ակտերով սահմանված պարտադիր պահանջներն ընդգրկվում են Միության տեխնիկական կանոնակարգերում։

4. Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությունն (վերահսկողությունն) իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։

Միության տեխնիկական կանոնակարգերի պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման սկզբունքներն ու մոտեցումները սահմանվում են Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով։

5. Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները չպահպանելու, ինչպես նաև Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման ընթացակարգերը խախտելու համար պատասխանատվությունը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

 

Հոդված 54

Հավատարմագրումը

 

1. Միության շրջանակներում հավատարմագրումն իրականացվում է հետևյալ սկզբունքներին համապատասխան՝

1) հավատարմագրման ոլորտում առկա կանոնների ու մոտեցումների ներդաշնակեցում միջազգային ստանդարտներին,

2) հավատարմագրման կամավորության, հավատարմագրման ընթացակարգերի, կանոնների և արդյունքների մասին տեղեկությունների թափանցիկության ու հասանելիության ապահովում,

3) անդամ պետությունների հավատարմագրման մարմինների օբյեկտիվության, անաչառության և արհեստավարժության ապահովում,

4) հավատարմագրման համար դիմողների համար հավատարմագրման և հավատարմագրման ընթացքում ստացված տեղեկությունների գաղտնիության ապահովման մասով հավասար պայմանների ապահովում,

5) անդամ պետության մի մարմնի կողմից՝ հավատարմագրման լիազորությունները պետական հսկողության (վերահսկողության) լիազորությունների հետ համատեղելու անթույլատրելիություն՝ բացառությամբ անդամ պետությունների հավատարմագրված՝ համապատասխանության գնահատման մարմինների (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)) գործունեության նկատմամբ հսկողության իրականացման,

6) անդամ պետության մեկ մարմնի կողմից՝ հավատարմագրման և համապատասխանության գնահատման լիազորությունները համատեղելու անթույլատրելիություն։

2. Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրումն իրականացնում են անդամ պետությունների հավատարմագրման մարմինները, որոնք, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, լիազորված են իրականացնելու այդ գործունեությունը։

3. Որևէ անդամ պետության հավատարմագրման մարմին չպետք է մրցակցի մյուս անդամ պետությունների հավատարմագրման մարմինների հետ։

Անդամ պետությունների հավատարմագրման մարմինների մրցակցությունը թույլ չտալու համար անդամ պետության համապատասխանության գնահատման մարմինը հավատարմագրման նպատակով դիմում է այն անդամ պետության հավատարմագրման մարմին, որի տարածքում այն գրանցված է որպես իրավաբանական անձ։

Եթե որևէ անդամ պետության հավատարմագրման մարմին հավատարմագրման նպատակով դիմում է մյուս անդամ պետության տարածքում որպես իրավաբանական անձ գրանցված համապատասխանության գնահատման մարմին, ապա այդ հավատարմագրման մարմինը դրա մասին տեղեկացնում է այն անդամ պետության հավատարմագրման մարմնին, որի տարածքում գրանցված է համապատասխանության գնահատման մարմինը։ Նշված դեպքում անդամ պետությունների հավատարմագրման մարմինները կարող են հավատարմագրում իրականացնել, եթե այն անդամ պետության հավատարմագրման մարմինը, որի տարածքում գրանցված է համապատասխանության գնահատման տվյալ մարմինը, հավատարմագրում չի իրականացնում պահանջվող ոլորտում։ Ընդ որում, այն անդամ պետության հավատարմագրման մարմինը, որի տարածքում գրանցված է համապատասխանության գնահատման մարմինը, իրավունք ունի հանդես գալու որպես դիտորդ։

4. Անդամ պետությունների հավատարմագրման մարմիններն իրականացնում են փոխադարձ համեմատական գնահատումներ՝ նույնանման ընթացակարգեր սահմանելու նպատակով։

Անդամ պետությունների համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման աշխատանքների արդյունքների ճանաչումն իրականացվում է սույն Պայմանագրի 11-րդ հավելվածի համաձայն։

 

Հոդված 55

Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացումը

 

Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացման կարգն ու պայմանները սահմանվում են Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով։

 

Բաժին XI

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 56

Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման ընդհանուր սկզբունքները

 

1. Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներն իրականացվում են գիտական հիմնավորում ունեցող սկզբունքների հիման վրա և միայն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են մարդկանց, կենդանիների և բույսերի կյանքի ու առողջության պաշտպանության համար։

Միության շրջանակներում կիրառվող՝ սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումները հիմնվում են միջազգային ու տարածաշրջանային ստանդարտների, հրահանգների և (կամ) հանձնարարականների վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան գիտական հիմնավորմամբ ներմուծվում են սանիտարական, անասնաբուժասանիտարական կամ կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ, որոնցով ապահովվում է սանիտարական, անասնաբուժասանիտարական կամ կարանտինային բուսասանիտարական պաշտպանության ավելի բարձր մակարդակ, քան միջազգային ու տարածաշրջանային ստանդարտների, հրահանգների և (կամ) հանձնարարականների վրա հիմնված միջոցներով։

2. Բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցությունը, ինչպես նաև անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու նպատակներով Միության շրջանակներում իրականացվում է համաձայնեցված քաղաքականություն սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման ոլորտում։

3. Համաձայնեցված քաղաքականությունն իրականացվում է սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման ոլորտում միջազգային պայմանագրերի ու Հանձնաժողովի ակտերի՝ անդամ պետությունների կողմից համատեղ մշակման, ընդունման և իրականացման միջոցով։

4. Անդամ պետություններից յուրաքանչյուրն իրավունք ունի մշակելու ու ներմուծելու ժամանակավոր սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ։

Ժամանակավոր սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ ներմուծելիս անդամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցության կարգը հաստատվում է Հանձնաժողովի կողմից։

5. Կենդանիների և կենդանական ծագման մթերքի նույնականացման, գրանցման և հետագծելիության իրականացման ժամանակ համաձայնեցված մոտեցումները կիրառվում են Հանձնաժողովի ակտերին համապատասխան։

6. Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացումն ու անդամ պետությունների սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների ոլորտում լիազորված մարմինների փոխգործակցությունն իրականացվում է սույն Պայմանագրի 12-րդ հավելվածի համաձայն։

 

Հոդված 57

Սանիտարական միջոցառումների իրականացումը

 

1. Սանիտարական միջոցառումներն իրականացվում են անձանց, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) ենթակա՝ Հանձնաժողովի ակտերի համաձայն արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկում ընդգրկված և սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված արտադրանքի (ապրանքների) նկատմամբ:

2. Պետական սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) նկատմամբ սահմանվում են միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներ և ընթացակարգեր։

Այն արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջները, որոնց վերաբերյալ մշակվում են Միության տեխնիկական կանոնակարգեր, ընդգրկվում են Միության տեխնիկական կանոնակարգերում՝ Հանձնաժողովի ակտերին համապատասխան։

3. Միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջների ու ընթացակարգերի մշակման, հաստատման, փոփոխության և կիրառման կարգը հաստատվում է Հանձնաժողովի կողմից։

4. Բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցությունն ապահովելու նպատակով բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների կողմից իրականացվում է պետական սանիտարահամաճարակային վերահսկողություն (հսկողություն)՝ անդամ պետությունների օրենսդրությանը և Հանձնաժողովի ակտերին համապատասխան։

Բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինները կարող են պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնել Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ, պետական սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) շրջանակներում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

 

Հոդված 58

Անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացումը

 

1. Անասնաբուժասանիտարական միջոցառումներն իրականացվում են Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքով տեղափոխվող ապրանքների (այդ թվում՝ անձնական օգտագործման ապրանքների) նկատմամբ, որոնք ներառված են անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական ցանկում, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա օբյեկտների նկատմամբ։

2. Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների և օբյեկտների նկատմամբ կիրառվում են Հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներ։

3. Կենդանիների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հարուցիչների և միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներին չհամապատասխանող ապրանքներ ներմուծելու և տարածումը կանխարգելելու նպատակով անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) է իրականացվում անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա` հսկողության վերցված ապրանքների, այդ թվում՝ անձնական օգտագործման ապրանքների, ինչպես նաև Հանձնաժողովի ակտերին համապատասխան անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա օբյեկտների նկատմամբ։

Անդամ պետությունների՝ կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների կանխարգելմանը, ախտորոշմանը, օջախների տեղայնացմանն ու վերացմանն ուղղված փոխգործակցությունն իրականացվում է Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով։

4. Միության մաքսային տարածքով՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների տեղափոխման ժամանակ անասնաբուժության ոլորտում լիազորված մարմիններն անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) են իրականացնում անդամ պետությունների պետական սահմաններով անցման կետերում կամ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ վայրերում, որոնք անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, սարքավորվում և ապահովվում են անասնաբուժական հսկողության (վերահսկողության) միջոցներով։

5. Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակ Միության մաքսային տարածք է ներմուծվում Հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներին համապատասխան՝ պայմանով, որ առկա լինի անասնաբուժության ոլորտում այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված թույլտվությունը, որի տարածք են ներմուծվում նշված ապրանքները, և (կամ) անասնաբուժական սերտիֆիկատը, որը տրամադրվում է նշված ապրանքն ուղարկող պետության իրավասու մարմնի կողմից։

6. Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքները որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք են փոխադրվում միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներին համապատասխան։ Նշված ապրանքներն ուղեկցվում են անասնաբուժական սերտիֆիկատով, եթե այլ բան սահմանված չէ Հանձնաժողովի կողմից։

Անդամ պետությունները փոխադարձաբար ճանաչում են անասնաբուժության ոլորտում լիազորված մարմինների կողմից տրամադրվող՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական ձևի անասնաբուժական սերտիֆիկատները։

7. Երրորդ երկրներում անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների արտադրության, վերամշակման, տրանսպորտային փոխադրման և (կամ) պահպանման դեպքում դրանց անվտանգության ապահովման հիմնական սկզբունքը վերահսկման արտասահմանյան պաշտոնական համակարգի աուդիտի անցկացումն է։

Անասնաբուժության ոլորտում լիազորված մարմիններն անցկացնում են անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա օբյեկտների վերահսկողության և ստուգման (տեսչական ստուգման) արտասահմանյան պաշտոնական համակարգերի աուդիտ՝ Հանձնաժողովի ակտերին համապատասխան։

8. Անդամ պետություններն իրավունք ունեն մշակելու և ներմուծելու ժամանակավոր անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներ և միջոցառումներ՝ երրորդ երկրների կամ անդամ պետությունների տարածքներում կենդանահամաճարակային իրավիճակի վատթարացման մասին համապատասխան միջազգային կազմակերպություններից, անդամ պետություններից, ինչպես նաև երրորդ երկրներից պաշտոնական տեղեկություններ ստանալու դեպքում։

Նշված տեղեկությունների առկայության դեպքում, սակայն բավականաչափ գիտական հիմնավորվածության բացակայության կամ անհրաժեշտ ժամկետներում այն ներկայացնելու անհնարինության դեպքում անդամ պետությունները կարող են ձեռնարկել անհետաձգելի անասնաբուժասանիտարական միջոցառումներ։

 

Հոդված 59

Կարանտինային բուսասանիտարական միջոցառումները

 

1. Կարանտինային բուսասանիտարական միջոցառումներն իրականացվում են ենթակարանտինային արտադրանքի (ենթակարանտինային բեռների, ենթակարանտինային նյութերի, ենթակարանտինային ապրանքների) ցանկում (այսուհետ՝ ենթակարանտինային արտադրանքի ցանկ) ընդգրկված արտադրանքի նկատմամբ, որը Միության մաքսային սահմանի վրա և Միության մաքսային տարածքում ենթակա է կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության), ինչպես նաև Միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում ընդգրկված կարանտինային օբյեկտների և ենթակարանտինային օբյեկտների նկատմամբ։

2. Միության մաքսային տարածքում և Միության մաքսային սահմանի վրա կարանտինային բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է ենթակարանտինային արտադրանքի ցանկում ընդգրկված արտադրանքի, Միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում ընդգրկված կարանտինային օբյեկտների, ինչպես նաև ենթակարանտինային օբյեկտների նկատմամբ։

3. Ենթակարանտինային արտադրանքի ցանկը, Միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկը և միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջները հաստատվում են Հանձնաժողովի կողմից։

 

Բաժին XII

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 60

Սպառողների իրավունքների պաշտպանության երաշխիքները

 

1. Սպառողների իրավունքները և դրանց պաշտպանությունը երաշխավորվում են սպառողների իրավունքների պաշտպանության մասին անդամ պետությունների օրենսդրությամբ, ինչպես նաև սույն Պայմանագրով։

2. Անդամ պետության քաղաքացիները, ինչպես նաև դրա տարածքում բնակվող այլ անձինք մյուս անդամ պետությունների տարածքում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում օգտվում են նույն իրավական պաշտպանությունից, որից օգտվում են այդ մյուս անդամ պետությունների քաղաքացիները և իրավունք ունեն դիմելու սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպություններ, այլ կազմակերպություններ, ինչպես նաև դատարաններ և (կամ) իրականացնելու այլ ընթացակարգային գործողություններ՝ մյուս անդամ պետությունների քաղաքացիներին տրամադրվող նույն պայմաններով։

 

Հոդված 61

Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը

 

1. Անդամ պետություններն սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացնում են համաձայնեցված քաղաքականություն, որն ուղղված է անդամ պետության քաղաքացիների շահերը տնտեսավարող սուբյեկտների անբարեխիղճ գործունեությունից պաշտպանելու նպատակով հավասար պայմաններ ստեղծելուն։

2. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացումն ապահովվում է սույն Պայմանագրին և սպառողների իրավունքների պաշտպանության մասին անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ սույն Պայմանագրի 13-րդ հավելվածով սահմանված սկզբունքների հիման վրա։

 

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ

 

Բաժին XIII

ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 62

Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները

 

1. Միության շրջանակներում իրականացվում է համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն, որով նախատեսվում է անդամ պետությունների համատեղ գործողությունների մշակում և իրականացում՝ անդամ պետությունների տնտեսության հավասարակշռված զարգացում ապահովելու նպատակով։

2. Անդամ պետությունների կողմից համաձայնեցված քաղաքականության իրականացումը համակարգվում է Հանձնաժողովի կողմից՝ սույն Պայմանագրի 14-րդ հավելվածի համաձայն։

3. Անդամ պետությունների կողմից իրականացվող համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն են՝

1) անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացման ապահովումը՝ Միության ինտեգրացիոն ներուժը և յուրաքանչյուր անդամ պետության մրցակցային առավելություններն օգտագործելու միջոցով,

2) անդամ պետությունների տնտեսության գործունեության միասնական սկզբունքների ձևավորումը և դրանց արդյունավետ փոխգործակցության ապահովումը,

3) անդամ պետությունների տնտեսության ներքին կայունության բարձրացման նպատակով պայմանների ստեղծումը՝ ներառյալ մակրոտնտեսական կայունության, ինչպես նաև արտաքին ազդեցության նկատմամբ կայունության ապահովումը,

4) անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացումը կանխատեսելու համար ընդհանուր սկզբունքների և կողմնորոշիչների մշակումը։

4. Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն իրականացվում են սույն Պայմանագրի 14-րդ հավելվածին համապատասխան։

 

Հոդված 63

Տնտեսական զարգացման կայունությունը որոշող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները

 

Անդամ պետությունները տնտեսական քաղաքականությունը ձևավորում են տնտեսական զարգացման կայունությունը որոշող հետևյալ մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների շրջանակներում՝

պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի տարեկան պակասուրդը չի գերազանցում համախառն ներքին արդյունքի 3 տոկոսը,

պետական կառավարման հատվածի պարտքը չի գերազանցում համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը,

գնաճի մակարդակը (սպառողական գների ինդեքսը) տարեկան արտահայտությամբ (դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, տոկոսներով) ավելի, քան 5 տոկոսային կետով չի գերազանցում գնաճի մակարդակն այն անդամ պետությունում, որտեղ այդ ցուցանիշն ունի ամենափոքր արժեքը։

 

Բաժին XIV

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 64

Համաձայնեցված արժութային քաղաքականության նպատակներն ու սկզբունքները

 

1. Անդամ պետությունները, տնտեսական ինտեգրումը խորացնելու, արժութային-ֆինանսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու, անդամ պետությունների տարածքներում ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժն ապահովելու, արտաքին առևտրային և ներդրումային գործառնություններում անդամ պետությունների ազգային արժույթների դերակատարությունը բարձրացնելու, ինչպես նաև նշված արժույթների փոխադարձ փոխարկելիությունն ապահովելու նպատակով մշակում և իրականացնում են համաձայնեցված արժութային քաղաքականություն հետևյալ սկզբունքների հիման վրա՝

1) արժութային քաղաքականության ձևավորման և իրականացման նկատմամբ մոտեցումների փուլ առ փուլ ներդաշնակեցում ու մոտարկում այն ծավալով, որքանով դա համապատասխանում է ինտեգրացիոն համագործակցության ձևավորված մակրոտնտեսական պահանջներին,

2) ազգային և միջպետական մակարդակներում անհրաժեշտ կազմակերպաիրավական պայմանների ստեղծում արժութային ոլորտում ինտեգրացիոն գործընթացների զարգացման, արժութային քաղաքականության համակարգման և համաձայնեցման նպատակով,

3) արժութային ոլորտում այնպիսի գործողությունների բացառում, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ ինտեգրացիոն գործընթացների զարգացման վրա, իսկ դրանք ստիպված կիրառելու դեպքում՝ այդպիսի գործողությունների հետևանքների նվազեցում,

4) տնտեսական քաղաքականության իրականացում, որն ուղղված է անդամ պետությունների ազգային արժույթների նկատմամբ վստահությունը բարձրացնելուն ինչպես յուրաքանչյուր անդամ պետության ներքին արժութային շուկայում, այնպես էլ միջազգային արժութային շուկաներում։

2. Անդամ պետությունները, համաձայնեցված արժութային քաղաքականություն իրականացնելու նպատակով, միջոցներ են ձեռնարկում՝ սույն Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն։

3. Փոխարժեքային քաղաքականությունը համակարգվում է առանձին մարմնի կողմից, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի ղեկավարները, և որի գործունեության կարգը սահմանվում է Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով։

4. Արժութային իրավահարաբերությունները համակարգելու և ազատականացման միջոցներ ձեռնարկելու՝ անդամ պետությունների համաձայնեցված մոտեցումները սահմանվում են Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով։

 

Բաժին XV

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐԸ, ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 65

Նպատակները և կարգավորման առարկան, կիրառության ոլորտը

 

1. Սույն բաժնի նպատակը ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ազատության ապահովումն է Միության շրջանակներում՝ սույն բաժնի պայմաններին և սույն Պայմանագրի 16-րդ հավելվածին համապատասխան։

Անդամ պետություններում ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման կարգավորման իրավական հիմքերը սահմանվում են սույն Պայմանագրի 16-րդ հավելվածով։

2. Սույն բաժնի դրույթները կիրառվում են անդամ պետությունների կողմից իրականացվող այն միջոցների նկատմամբ, որոնք առնչվում են ծառայությունների մատուցմանն ու ստացմանը, հիմնադրմանը, գործունեությանը և ներդրումների իրականացմանը։

Սույն բաժնի դրույթները չեն կիրառվում՝

սույն Պայմանագրի XXII բաժնով կարգավորվող պետական (մունիցիպալ) գնումների նկատմամբ,

պետական իշխանության գործառույթների կատարման նպատակով մատակարարվող ծառայությունների և իրականացվող գործունեության նկատմամբ։

3. Սույն Պայմանագրի XVI, XIX, XX և XXI բաժիններում ընդգրկվող ծառայությունները համապատասխանաբար կարգավորվում են այդ բաժինների դրույթներով։ Սույն բաժնի դրույթները գործում են նշված բաժիններին չհակասող մասով։

4. Էլեկտրակապի ծառայությունների առևտրի մասով առաջացող իրավահարաբերությունների առանձնահատկությունները սահմանվում են «Էլեկտրակապի ծառայությունների առևտրի» կարգին համապատասխան (սույն Պայմանագրի 16-րդ հավելվածի 1-ին հավելված):

5. Ֆիզիկական անձանց մուտքի, ելքի, ժամանման և աշխատանքային գործունեության առանձնահատկությունները կարգավորվում են սույն Պայմանագրի XXVI բաժնով՝ սույն բաժնին չհակասող մասով։

6. Սույն բաժնում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես՝

1) ցանկացած անդամ պետությանն ուղղված՝ այնպիսի տեղեկություններ տրամադրելու պահանջ, որոնց բացահայտումն անդամ պետությունը դիտարկում է որպես իր անվտանգության կարևորագույն շահերին հակասող.

2) խոչընդոտ ցանկացած անդամ պետության համար ցանկացած գործողություններ ձեռնարկելու հարցում, որոնք անդամ պետությունն անհրաժեշտ է համարում իր անվտանգության կարևորագույն շահերը պաշտպանելու համար օրենսդրական ակտի ընդունման միջոցով, այդ թվում՝

ուղղակիորեն կամ անուղղակիորեն ռազմական հաստատությանը մատակարարելու նպատակով իրականացվող ծառայությունների մատակարարմանն առնչվող,

տրոհվող կամ ջերմամիջուկային նյութերին կամ այն նյութերին առնչվող, որոնցից դրանք ստացվել են,

պատերազմի ժամանակ կամ միջազգային հարաբերություններում այլ արտակարգ իրավիճակներում ընդունված.

3) խոչընդոտ ցանկացած անդամ պետության համար՝ միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման նպատակով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան իր պարտավորությունները կատարելու համար ցանկացած գործողություն ձեռնարկելու հարցում։

7. Սույն բաժնի դրույթները չեն խոչընդոտում անդամ պետությանը ձեռնարկելու կամ կիրառելու այնպիսի միջոցներ, որոնք`

1) անհրաժեշտ են հասարակության բարոյականության կամ հասարակական կարգի պահպանության համար։ Հասարակական կարգի նկատառումներով բացառությունները կարող են կիրառվել միայն, եթե հասարակության արմատական շահերի դեմ ուղղված իրական և բավականին լուրջ վտանգ է ստեղծվում.

2) անհրաժեշտ են մարդկանց, կենդանիների կամ բույսերի կյանքի կամ առողջության պաշտպանության համար.

3) անհրաժեշտ են անդամ պետությունների՝ սույն բաժնի դրույթներին չհակասող օրենսդրության պահպանման համար` ներառյալ այն միջոցները, որոնք վերաբերում են՝

մոլորության մեջ գցող և անբարեխիղճ գործելակերպի կամ քաղաքացիաիրավական պայմանագրերը չկատարելու հետևանքների կանխարգելմանը,

առանձին անձանց մասնավոր կյանքին միջամտելուց պաշտպանությանը անձնական բնույթի տեղեկություններ մշակելիս ու տարածելիս և անձնական կյանքի ու հաշիվների մասին տեղեկությունների գաղտնիության պաշտպանությանը,

անվտանգությանը.

4) անհամատեղելի են սույն Պայմանագրի 16-րդ հավելվածի 21-րդ և 24-րդ կետերի հետ` պայմանով, որ փաստացի տրամադրվող ռեժիմի տարբերությունը պայմանավորված է ուղղակի հարկերով արդար կամ արդյունավետ հարկումը և ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության մասով այլ անդամ պետության կամ երրորդ պետությունների անձանցից դրանց գանձումն ապահովելու ձգտումով, և այդպիսի միջոցները չպետք է հակասեն անդամ պետությունների միջազգային պայմանագրերի դրույթներին.

5) անհամատեղելի են սույն Պայմանագրի 16-րդ հավելվածի 27-րդ և 29-րդ կետերի հետ` պայմանով, որ ռեժիմի մասով տարբերությունը հարկման, այդ թվում՝ կրկնակի հարկումից խուսափելու հարցերին առնչվող այն համաձայնագրի արդյունքն է, որի մասնակիցն է համապատասխան անդամ պետությունը։

8. Սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված միջոցների ձեռնարկումը չպետք է հանգեցնի անդամ պետությունների միջև կամայական կամ չարդարացված խտրականության կամ ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման գործում քողարկված սահմանափակումների։

9. Եթե անդամ պետությունը ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասով երրորդ պետության նկատմամբ պահպանում է սահմանափակումներ կամ արգելքներ, ապա սույն բաժնում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես պարտավորեցնող այդ անդամ պետությանը՝ մյուս անդամ պետության անձանց վրա տարածելու սույն բաժնի դրույթները, եթե այդիպիսի անձը պատկանում կամ վերահսկվում է նշված երրորդ պետության անձի կողմից, իսկ սույն բաժնի դրույթների տարածումը կհանգեցնի նշված արգելքների և սահմանափակումների շրջանցմանը կամ խախտմանը։

10. Անդամ պետությունը կարող է ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասով սույն բաժնին համապատասխան ստանձնած իր պարտավորությունները չտարածել մյուս անդամ պետության անձի վրա, եթե ապացուցվի, որ մյուս անդամ պետության այդպիսի անձը էական գործնական գործառնություններ չի իրականացնում այդ մյուս անդամ պետության տարածքում և պատկանում կամ վերահսկվում է առաջին անդամ պետության անձի կամ երրորդ պետության անձի կողմից։

 

Հոդված 66

Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ազատականացումը

 

1. Անդամ պետությունները մյուս անդամ պետությունների անձանց ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության մասով չեն ներմուծի նոր խտրական միջոցներ՝ սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ գործող ռեժիմի հետ համեմատած։

2. Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ազատությունն ապահովելու նպատակով անդամ պետություններն իրականացնում են փոխադարձ ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման պայմանների փուլ առ փուլ ազատականացում։

3. Անդամ պետությունները ձգտում են հնարավորինս մեծ թվով ծառայությունների հատվածներում ապահովել սույն Պայմանագրի 16-րդ հավելվածի 38-43-րդ կետերով նախատեսված ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը և գործունեությունը։

 

Հոդված 67

Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ազատականացման սկզբունքները

 

1. Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ազատականացումն իրականացվում է միջազգային սկզբունքների ու ստանդարտների հիման վրա՝ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման և անդամ պետությունների իրավասու մարմինների փոխադարձ վարչական համագործակցության կազմակերպման միջոցով:

2. Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ազատականացման գործընթացում անդամ պետությունները ղեկավարվում են հետևյալ սկզբունքներով՝

1) ներքին կարգավորման օպտիմալացում՝ անհարկի ներքին կարգավորման, այդ թվում՝ ծառայությունների մատակարարների, ստացողների, հիմնադրում կամ գործունեություն իրականացնող անձանց և ներդրողների համար թույլատրական պահանջների և ընթացակարգերի փուլ առ փուլ պարզեցում և (կամ) վերացում՝ հաշվի առնելով ծառայությունների կոնկրետ ոլորտների կարգավորման լավագույն միջազգային փորձը, իսկ դրա բացակայության դեպքում՝ անդամ պետությունների առավել առաջադիմական մոդելներն ընտրելու և կիրառելու միջոցով.

2) համամասնություն՝ անդամ պետությունների օրենսդրության բավարար չափով ներդաշնակեցման անհրաժեշտություն ու փոխադարձ վարչական համագործակցություն ծառայությունների, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման շուկայի արդյունավետ գործունեության համար.

3) փոխշահավետություն՝ ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ազատականացում՝ օգուտների ու պարտականությունների արդար բաշխման սկզբունքի հիման վրա՝ յուրաքանչյուր անդամ պետության համար հաշվի առնելով ծառայությունների ոլորտների և գործունեության տեսակների «զգայունությունը».

4) հետևողականություն՝ ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասով ցանկացած միջոցների ձեռնարկում, այդ թվում՝ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում և վարչական համագործակցություն՝ հիմք ընդունելով հետևյալը՝

ծառայությունների ոչ մի ոլորտում և գործունեության ոչ մի տեսակի դեպքում չի թույլատրվում փոխադարձ հասանելիության պայմանների վատթարացում՝ սույն Պայմանագրի ստորագրման ամսաթվի դրությամբ գործող պայմանների և սույն Պայմանագրով ամրագրված պայմանների հետ համեմատած,

Բարձրագույն խորհրդի կողմից հաստատվող, սույն Պայմանագրի 16-րդ հավելվածի 2-րդ կետի 4-րդ պարբերությունում և 15-17-րդ, 23-րդ, 26-րդ, 28-րդ, 31-րդ, 33-րդ և 35-րդ կետերում նշված՝ սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների ու պայմանների անհատական ազգային ցանկերով նախատեսված սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների ու պայմանների փուլ առ փուլ կրճատում.

5) տնտեսական նպատակահարմարություն՝ սույն Պայմանագրի 16-րդ հավելվածի 38-43-րդ կետերով նախատեսված՝ ծառայությունների միասնական շուկայի ձևավորման շրջանակներում ծառայությունների առևտրի ազատականացում առաջնահերթության կարգով ծառայությունների այն ոլորտների մասով, որոնք ամենաշատն են ազդում Միության ներքին շուկայում արտադրվող և իրացվող ապրանքների ինքնարժեքի, մրցունակության և (կամ) ծավալների վրա։

 

Հոդված 68

Վարչական համագործակցությունը

 

1. Անդամ պետությունները սույն բաժնով կարգավորող հարցերի վերաբերյալ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով միմյանց աջակցություն են ցուցաբերում։

Համագործակցության արդյունավետությունը, այդ թվում՝ տեղեկությունների փոխանակումն ապահովելու նպատակով անդամ պետությունների իրավասու մարմինները համաձայնագրեր են կնքում։

2. Վարչական համագործակցությունը ներառում է՝

1) անդամ պետությունների իրավասու մարմինների միջև տեղեկությունների օպերատիվ փոխանակումը, ընդհանուր առմամբ, թե՛ ըստ ծառայությունների ոլորտների և թե՛ ըստ շուկայի կոնկրետ մասնակիցների,

2) ծառայություններ մատուցողների կողմից սպառողների, շուկայի բարեխիղճ սուբյեկտների իրավունքների ու օրինական շահերի, ինչպես նաև հասարակական (պետական) շահերի խախտումների կանխարգելման մեխանիզմի ստեղծումը։

3. Անդամ պետությունների իրավասու մարմինները կնքված համաձայնագրերի շրջանակներում կարող են մյուս անդամ պետությունների իրավասու մարմիններից պահանջել իրենց իրավասության ոլորտին առնչվող և սույն բաժնով նախատեսված պահանջների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում՝

1) այդ մյուս անդամ պետությունների այն անձանց վերաբերյալ, որոնք առաջին անդամ պետության տարածքում հիմնադրում են իրականացնում կամ ծառայություններ են մատակարարում և, մասնավորապես, այն տվյալների վերաբերյալ, որոնցով հաստատվում են, որ այդպիսի անձինք իսկապես հիմնադրված են իրենց տարածքներում, և որ, ըստ իրավասու մարմինների տվյալների, տվյալ անձինք իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն,

2) իրավասու մարմինների կողմից տրված թույլտվությունների և գործունեության այն տեսակների վերաբերյալ, որոնց իրականացման համար թույլտվություններ են տրվել,

3) վարչական միջոցների, քրեաիրավական պատժամիջոցների կամ անձին անվճարունակ (սնանկ) ճանաչելու մասին այն որոշումների վերաբերյալ, որոնք ընդունվել են իրավասու մարմինների կողմից այդ անձի առնչությամբ և անմիջականորեն առնչվում են նրա իրավասությանը կամ գործարար համբավին։ Որևէ անդամ պետության իրավասու մարմինները պետք է տրամադրեն մյուս անդամ պետության իրավասու մարմնի պահանջած համապատասխան տեղեկությունները, այդ թվում՝ առաջին անդամ պետության տարածքում հիմնադրում իրականացնող կամ ծառայություններ մատակարարող անձանց պատասխանատվության ենթարկելու հիմքերի մասին տեղեկությունները։

4. Անդամ պետությունների իրավասու (այդ թվում՝ գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող) մարմինները վարչական համագործակցություն են ծավալում հետևյալ նպատակներով՝

1) որևէ անդամ պետության ծառայություններ ստացողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծում մյուս անդամ պետության ծառայություններ մատակարարողի կողմից այդպիսի ծառայություններ մատակարարելու դեպքում,

2) ծառայություններ մատակարարողների և ստացողների կողմից հարկային և այլ պարտավորությունների կատարում,

3) անբարեխիղճ գործարար պրակտիկայի կանխում,

4) անդամ պետությունների ծառայությունների ծավալների մասին վիճակագրական տվյալների հավաստիության ապահովում։

5. Եթե անդամ պետությանը հայտնի է դարձել, որ ցանկացած ծառայություն մատակարարողի, հիմնադրում կամ գործունեություն իրականացնող անձի կամ ներդրողի գործողությունները կարող են վնաս հասցնել մարդկանց, կենդանիների, բույսերի առողջությանը կամ անվտանգությանը կամ շրջակա միջավայրին այդ անդամ պետության տարածքում կամ այլ անդամ պետությունների տարածքներում, ապա առաջին անդամ պետությունը սեղմ ժամկետներում դրա մասին տեղեկացնում է բոլոր անդամ պետություններին և Հանձնաժողովին։

6. Հանձնաժողովն աջակցում է Միության՝ սույն բաժնով կարգավորվող հարցերի վերաբերյալ տեղեկատվական համակարգերի ստեղծմանը և մասնակցում է դրանց գործունեության ապահովմանը։

7. Անդամ պետությունները Հանձնաժողովին կարող են տեղեկացնել մյուս անդամ պետությունների կողմից սույն հոդվածով նախատեսված պարտավորությունները չկատարելու դեպքերի մասին։

 

Հոդված 69

Թափանցիկությունը

 

1. Յուրաքանչյուր անդամ պետություն ապահովում է սույն բաժնով կարգավորվող հարցերի առնչությամբ իր օրենսդրության բաց լինելն ու հասանելիությունը:

Այդ նպատակով անդամ պետության բոլոր նորմատիվ իրավական ակտերը, որոնք առնչվում կամ կարող են առնչվել սույն բաժնով կարգավորվող հարցերին, պետք է հրապարակվեն պաշտոնական աղբյուրում, իսկ հնարավորության դեպքում նաև «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակության ցանցի (այսուհետ՝ ինտերնետ ցանց) համապատասխան կայքում այնպես, որ ցանկացած անձ, որի իրավունքներին և (կամ) պարտավորություններին այդպիսի նորմատիվ իրավական ակտերը կարող են առնչվել, ունենա դրանց ծանոթանալու հնարավորություն։

2. Անդամ պետությունների՝ սույն հոդվածի 1-ին կետում նշված նորմատիվ իրավական ակտերը պետք է հրապարակվեն իրավական որոշակիությունը և այն անձանց հիմնավորված ակնկալիքներն ապահովող ժամկետում, որոնց իրավունքներին և (կամ) պարտավորություններին այդ նորմատիվ իրավական ակտերը կարող են առնչվել, բայց, ամեն դեպքում, մինչև դրանք ուժի մեջ մտնելու (գործողության մեջ դնելու) ամսաթիվը։

3. Անդամ պետություններն ապահովում են սույն հոդվածի 1-ին կետում նշված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի նախնական հրապարակումը։

Ինտերնետ ցանցում՝ նորմատիվ իրավական ակտի նախագծի մշակման համար պատասխանատու պետական մարմինների պաշտոնական կայքերում կամ հատուկ ստեղծված կայքերում անդամ պետությունները տեղադրում են նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, դրանց վերաբերյալ անձանց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնելու կարգը, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի նախագծի հանրային քննարկում իրականացնելու ժամկետի մասին տեղեկությունները՝ բոլոր շահագրգիռ անձանց իրենց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնելու հնարավորություն ընձեռելու նպատակով։

Նշված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հրապարակվում են, որպես կանոն, դրանք ընդունելու ամսաթվից 30 օրացուցային օր առաջ։ Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը կարող են նախապես չհրապարակվել այն բացառիկ դեպքերում, երբ անհրաժեշտ է օպերատիվ կերպով արձագանքել, ինչպես նաև այն դեպքերում, երբ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի նախնական հրապարակումը կարող է խոչընդոտել դրանց կատարումը կամ այլ կերպ հակասել հանրության շահերին։

Հանրային քննարկման շրջանակներում անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից ստացված դիտողությունները և (կամ) առաջարկությունները, հնարավորության դեպքում, հաշվի են առնվում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի լրամշակման ժամանակ։

4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված նորմատիվ իրավական ակտերի (դրանց նախագծերի) հրապարակումը պետք է ուղեկցվի դրանց ընդունման և կիրառման նպատակների պարզաբանմամբ։

5. Անդամ պետությունները մեխանիզմ են ստեղծում, որը սույն հոդվածի 1-ին կետում նշված գործող և (կամ) ընդունման համար նախատեսվող նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ ցանկացած անձի գրավոր կամ էլեկտրոնային հարցումներին պատասխանելու հնարավորություն է ընձեռում։

6. Անդամ պետություններն ապահովում են մյուս անդամ պետությունների անձանց՝ սույն բաժնով կարգավորվող հարցերի վերաբերյալ դիմումների ուսումնասիրությունը՝ իրենց օրենսդրությանը համապատասխան իրենց անձանց համար սահմանված կարգով։

 

Բաժին XVI

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 70

Ֆինանսական շուկաների կարգավորման նպատակներն ու սկզբունքները

 

1. Միության շրջանակներում անդամ պետություններն իրականացնում են ֆինանսական շուկաների համաձայնեցված կարգավորում հետևյալ նպատակներին և սկզբունքներին համապատասխան՝

1) Միության շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծելու և անդամ պետությունների ֆինանսական շուկաների ոչ խտրական հասանելիություն ապահովելու նպատակով անդամ պետությունների տնտեսական ինտեգրման խորացում,

2) ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների ու օրինական շահերի երաշխավորված ու արդյունավետ պաշտպանության ապահովում,

3) բանկային և ապահովագրական ոլորտներում, ինչպես նաև արժեթղթերի շուկայում որևէ անդամ պետության լիազորված մարմինների կողմից տրված լիցենզիաների՝ այլ անդամ պետությունների տարածքներում փոխադարձ ճանաչման համար պայմանների ստեղծում,

4) անդամ պետությունների ֆինանսական շուկաներում ռիսկերի կարգավորման համար մոտեցումների սահմանում՝ միջազգային չափանիշներին համապատասխան,

5) բանկային գործունեությանը, ապահովագրական գործունեությանը և արժեթղթերի շուկայում գործունեությանը (պրուդենցիալ պահանջներ) ներկայացվող պահանջների սահմանում,

6) ֆինանսական շուկայի մասնակիցների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգի սահմանում,

7) ֆինանսական շուկայի մասնակիցների գործունեության թափանցիկության ապահովում։

2. Ֆինանսական շուկայում կապիտալի ազատ տեղաշարժն ապահովող պայմաններ ստեղծելու նպատակով անդամ պետությունները կիրառում են համագործակցության հետևյալ հիմնական ձևերը, այդ թվում՝

1) անդամ պետությունների լիազորված մարմինների միջև բանկային գործունեության, ապահովագրական գործունեության և արժեթղթերի շուկայում գործունեության կարգավորման ու զարգացման, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին համապատասխան հսկողության ու վերահսկողության հարցերով տեղեկությունների` ներառյալ գաղտնի տեղեկությունների փոխանակում,

2) ֆինանսական շուկաներում առաջացող ընթացիկ և հնարավոր խնդիրների քննարկման և դրանց լուծման համար առաջարկների մշակման վերաբերյալ համաձայնեցված միջոցառումների իրականացում,

3) անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից բանկային գործունեության, ապահովագրական գործունեության և արժեթղթերի շուկայում գործունեության կարգավորման հարցերով փոխադարձ խորհրդակցությունների անցկացում։

3. Սույն հոդվածի 1-ին կետում շարադրված նպատակներն իրագործելու նպատակով անդամ պետությունները, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին համապատասխան և հաշվի առնելով սույն Պայմանագրի 17-րդ հավելվածը և սույն Պայմանագրի 103-րդ հոդվածը, իրականացնում են ֆինանսական շուկայի ոլորտում իրենց օրենսդրության ներդաշնակեցում։

 

Բաժին XVII

ՀԱՐԿԵՐԸ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 71

Հարկման ոլորտում անդամ պետությունների փոխգործակցության սկզբունքները

 

1. Որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ներմուծվող ապրանքները հարկվում են անուղղակի հարկերով։

2. Անդամ պետությունները փոխադարձ առևտրի մեջ հարկերը, մյուս հավաքագրումներն ու վճարները գանձում են այնպես, որ հարկումն այն անդամ պետությունում, որի տարածքում իրականացվում է մյուս անդամ պետությունների ապրանքների իրացումը, լինի ոչ պակաս բարենպաստ, քան այն հարկումը, որը կիրառվում է այդ անդամ պետության կողմից նույն հանգամանքներում իր տարածքի ծագման նույնանման ապրանքների նկատմամբ։

3. Անդամ պետությունները սահմանում են փոխադարձ առևտրի վրա ազդեցություն ունեցող հարկերի մասով օրենսդրության ներդաշնակեցումն իրականացնելու ուղղությունները, ինչպես նաև ձևերն ու կարգը, որպեսզի չխախտվեն մրցակցության պայմանները, և չխոչընդոտվի ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժն ազգային մակարդակով կամ Միության մակարդակով՝ ներառյալ.

1) առավել զգայուն ենթաակցիզային ապրանքների ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը (մոտարկումը),

2) փոխադարձ առևտրում ավելացված արժեքի հարկի գանձման համակարգի հետագա կատարելագործումը (այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ)։

 

Հոդված 72

Անդամ պետություններում անուղղակի հարկերի գանձման սկզբունքները

 

1. Ապրանքների փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է նշանակման երկրի սկզբունքով, որով նախատեսվում է ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում և (կամ) ակցիզների վճարումից ազատում, ինչպես նաև ներմուծման ժամանակ դրանց հարկումն անուղղակի հարկերով։

Ապրանքների արտահանման ու ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի գանձումը և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմն իրականացվում են սույն Պայմանագրի 18-րդ հավելվածով սահմանված կարգի համաձայն։

2. Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է այն անդամ պետությունում, որի տարածքը ճանաչվում է աշխատանքների իրականացման, ծառայությունների մատուցման վայր։

Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է սույն Պայմանագրի 18-րդ հավելվածով նախատեսված կարգով։

3. Անուղղակի հարկերի լրիվ չափով վճարումն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակումն անդամ պետությունների հարկային մարմինների միջև իրականացվում է առանձին միջազգային միջգերատեսչական պայմանագրին համապատասխան, որով սահմանվում են նաև տեղեկությունների փոխանակման կարգը, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման հայտարարության ձևը, դա լրացնելու կանոններն ու փոխանակման ձևաչափի վերաբերյալ պահանջները։

4. Որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքներ ներմուծելու դեպքում անուղղակի հարկերը գանձվում են այն անդամ պետության հարկային մարմինների կողմից, որի տարածք ներմուծվում են ապրանքները, եթե ակցիզային դրոշմանիշերով (հսկիչ դրոշմապիտակներով, նշաններով) դրոշմավորման ենթակա ապրանքների մասով այդ անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ։

5. Փոխադարձ առևտրում անդամ պետության տարածք ապրանքներ ներմուծելու ժամանակ անուղղակի հարկերի դրույքաչափերը չպետք է գերազանցեն անուղղակի հարկերի այն դրույքաչափերը, որոնցով հարկվում են նույնանման ապրանքներն այդ անդամ պետության տարածքում դրանց իրացման ժամանակ։

6. Անուղղակի հարկեր չեն գանձվում, երբ անդամ պետության տարածք են ներմուծվում՝

1) ապրանքներ, որոնք այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դրա տարածք ներմուծելու դեպքում ենթակա չեն հարկման (ազատվում են հարկումից),

2) ապրանքներ, որոնք ֆիզիկական անձանց կողմից ներմուծվում են անդամ պետության տարածք ոչ ձեռնարկատիրական գործունեության նպատակով,

3) ապրանքներ, որոնց ներմուծումը որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք իրականացվում է դրանց՝ մեկ իրավաբանական անձի շրջանակներում փոխանցման հետ կապված (անդամ պետության օրենսդրությամբ կարող է սահմանվել այդպիսի ապրանքների ներմուծման (արտահանման) մասին հարկային մարմիններին ծանուցելու պարտավորություն)։

 

Հոդված 73

Ֆիզիկական անձանց եկամուտների հարկումը

 

Եթե որևէ անդամ պետություն, իր օրենսդրությանը և միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան, իրավունք ունի հարկելու մյուս անդամ պետության հարկային ռեզիդենտի (կացության մշտական վայր ունեցող անձի) կողմից՝ նշված առաջին անդամ պետությունում իրականացվող վարձու աշխատանքի հետ կապված եկամուտը, ապա այդպիսի եկամուտն առաջին անդամ պետությունում վարձու աշխատանքի առաջին օրվանից հարկվում է այդ առաջին անդամ պետության ֆիզիկական անձանց՝ հարկային ռեզիդենտների (կացության մշտական վայր ունեցող անձանց) այդպիսի եկամուտների համար նախատեսված հարկային դրույքաչափերով։

Սույն հոդվածի դրույթները կիրառվում են անդամ պետությունների քաղաքացիների կողմից վարձու աշխատանքի հետ կապված եկամուտների հարկման նկատմամբ։

 

Բաժին XVIII

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված 74

Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն բաժնի առարկան անդամ պետությունների տարածքներում հակամրցակցային գործունեության, ինչպես նաև երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա բացասաբար անդրադարձող գործունեության հայտնաբերումն ու կանխումն ապահովող մրցակցության ընդհանուր սկզբունքներ ու կանոններ սահմանելն է։

2. Սույն բաժնի դրույթները տարածվում են անդամ պետությունների տարածքներում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացման հետ կապված հարաբերությունների և այն անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մասնակցությամբ հարաբերությունների վրա, որոնք ունեն կամ կարող են ունենալ բացասական ազդեցություն երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա։ Հանձնաժողովի իրավասությունը որոշելու նպատակով շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչները սահմանվում են Բարձրագույն խորհրդի որոշմամբ։

3. Անդամ պետություններն իրավունք ունեն իրենց օրենսդրությամբ սահմանելու սույն Պայմանագրի 75-րդ և 76-րդ հոդվածներով նախատեսված արգելքների նկատմամբ լրացուցիչ արգելքներ, ինչպես նաև լրացուցիչ պահանջներ և սահմանափակումներ։

4. Անդամ պետությունները երրորդ երկրների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունների նկատմամբ իրականացնում են համաձայնեցված մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականություն, եթե այդպիսի գործողությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ անդամ պետությունների ապրանքային շուկաներում մրցակցության վիճակի վրա։

5. Սույն բաժնում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես ցանկացած անդամ պետության համար ցանկացած այնպիսի միջոց ձեռնարկելուն ուղղված խոչընդոտ, որն այն անհրաժեշտ է համարում երկրի պաշտպանության կամ պետության անվտանգության կարևորագույն շահերը պաշտպանելու համար։

6. Սույն բաժնի դրույթները կիրառվում են բնական մենաշնորհի սուբյեկտների նկատմամբ՝ հաշվի առնելով սույն Պայմանագրով նախատեսված առանձնահատկությունները։

7. Սույն բաժնի դրույթների կատարումն իրականացվում է սույն Պայմանագրի 19-րդ հավելվածի համաձայն։

 

Հոդված 75

Մրցակցության ընդհանուր սկզբունքները

 

1. Անդամ պետություններն իրենց մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության նորմերը կիրառում են անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) նկատմամբ հավասար պայմաններով նույն կերպ և հավասար չափով՝ անկախ այդպիսի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կազմակերպաիրավական ձևից և գրանցման վայրից։

2. Անդամ պետություններն իրենց օրենսդրությամբ սահմանում են նաև արգելքներ՝

1) պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների կամ դրանց և տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև համաձայնությունների առնչությամբ, եթե այդպիսի համաձայնությունները հանգեցնում կամ կարող են հանգեցնել մրցակցությունն արգելելուն, սահմանափակելուն կամ վերացնելուն՝ բացառությամբ սույն Պայմանագրով և (կամ) անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի,

2) պետական կամ մունիցիպալ առանձնաշնորհումների տրամադրման առնչությամբ՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերի և հաշվի առնելով սույն Պայմանագրով և (կամ) անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձնահատկությունները։

3. Անդամ պետությունները արդյունավետ միջոցներ են ձեռնարկում սույն հոդվածի 2-րդ կետի առաջին ենթակետով նախատեսված գործողությունների (անգործության) կանխարգելման, հայտնաբերման և կանխման ուղղությամբ։

4. Անդամ պետություններն իրենց օրենսդրությանը համապատասխան ապահովում են տնտեսական համակենտրոնացման նկատմամբ արդյունավետ հսկողություն այնքանով, որքանով դա անհրաժեշտ է յուրաքանչյուր անդամ պետության տարածքում մրցակցության պաշտպանության և զարգացման համար։

5. Յուրաքանչյուր անդամ պետություն ապահովում է պետական իշխանության այնպիսի մարմնի առկայությունը, որն իրավասու է մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացման և (կամ) անցկացման համար, ինչն, ի թիվս այլոց, ենթադրում է այդպիսի մարմնին՝ հակամրցակցային գործունեության և անբարեխիղճ մրցակցության նկատմամբ արգելքը պահպանելու, տնտեսական համակենտրոնացման նկատմամբ վերահսկողական լիազորությունների վերապահում, ինչպես նաև մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտումները կանխարգելելու և հայտնաբերելու, նշված խախտումները դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և այդպիսի խախտումների համար պատասխանատվության ենթարկելու լիազորությունների վերապահումը (այսուհետ՝ անդամ պետության լիազորված մարմին)։

6. Անդամ պետություններն իրենց օրենսդրությամբ սահմանում են տուգանային պատասխանատվության միջոց՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) ու իշխանության մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ հակամրցակցային գործունեություն իրականացնելու համար՝ հիմք ընդունելով արդյունավետության, համաչափության, ապահովվածության, անխուսափելիության և որոշակիության սկզբունքները, և ապահովում են դրանց կիրառման նկատմամբ հսկողությունը։ Ընդ որում, անդամ պետություններն ընդունում են, որ տուգանային պատասխանատվության միջոցներ կիրառելու դեպքում առավել բարձր տուգանային պատասխանատվության միջոցներ պետք է սահմանվեն մրցակցության համար ամենամեծ վտանգ ներկայացնող խախտումների համար (մրցակցությունը սահմանափակող համաձայնություններ, անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից իրենց գերիշխող դիրքի չարաշահում), ընդ որում, նախապատվությունը տրվում է տուգանային պատասխանատվության այն միջոցներին, որոնք հաշվարկվում են՝ հիմք ընդունելով իրավախախտի կողմից այն ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարից կամ իրավախախտի կողմից այն ապրանքը ձեռք բերելու համար ծախսերի գումարից, որի շուկայում կատարվել է իրավախախտումը։

7. Անդամ պետություններն իրենց օրենսդրությանը համապատասխան ապահովում են իրենց կողմից իրականացվող մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության տեղեկատվական թափանցիկությունը, այդ թվում՝ անդամ պետությունների լիազորված մարմինների գործունեության մասին տեղեկությունները զանգվածային լրատվամիջոցներում և ինտերնետ ցանցում տեղադրելու միջոցով։

8. Անդամ պետությունների լիազորված մարմիններն իրենց պետության օրենսդրությանը և սույն Պայմանագրին համապատասխան իրականացնում են փոխգործակցություն՝ ծանուցումներ, տեղեկությունների տրամադրման վերաբերյալ հարցումներ ուղարկելու, խորհրդակցություններ անցկացնելու, մյուս անդամ պետության շահերին առնչվող ուսումնասիրությունների (գործերի քննության) մասին տեղեկացնելու, անդամ պետություններից մեկի լիազորված մարմնի պահանջի հիման վրա ուսումնասիրություններ (գործերի քննություն) անցկացնելու և դրա արդյունքների մասին տեղեկացնելու միջոցով։

 

Հոդված 76

Մրցակցության ընդհանուր կանոնները

 

1. Արգելվում է գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից այնպիսի գործողությունների (անգործության) իրականացումը, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել մրցակցությունն արգելելուն, սահմանափակելուն, վերացնելուն և (կամ) այլ անձանց շահերը ոտնահարելուն, այդ թվում՝ հետևյալ գործողությունները (անգործությունը)՝

1) ապրանքի բարձր կամ ցածր մենաշնորհային գին սահմանելը, պահպանելը,

2) ապրանքը շրջանառությունից հանելը, եթե դրա արդյունքում ապրանքի գինը բարձրացել է,

3) կոնտրագենտին պայմանագրի՝ իր համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված պայմաններ պարտադրելը,

4) ապրանքի արտադրությունը տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված կրճատելը կամ դադարեցնելը, եթե այդ ապրանքը պահանջարկ ունի կամ դրա մատակարարման համար պատվերներ են տրվել՝ դրա շահութաբեր արտադրության հնարավորության առկայության դեպքում, ինչպես նաև եթե ապրանքի արտադրության այդպիսի կրճատումը կամ դադարեցումն ուղղակիորեն նախատեսված չէ սույն Պայմանագրով և (կամ) անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով,

5) առանձին գնորդների (պատվիրատուների) հետ պայմանագիր կնքելուց տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված հրաժարվելը կամ խուսափելը համապատասխան ապրանքի արտադրության կամ մատակարարման հնարավորության առկայության դեպքում՝ հաշվի առնելով սույն Պայմանագրով և (կամ) անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձնահատկությունները,

6) միևնույն ապրանքի համար տնտեսապես, տեխնոլոգիապես կամ այլ կերպ չհիմնավորված տարբեր գներ (սակագներ) սահմանելը, խտրական պայմաններ ստեղծելը՝ հաշվի առնելով սույն Պայմանագրով և (կամ) անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձնահատկությունները,

7) այլ տնտեսավարող սուբյեկտների համար ապրանքային շուկայի հասանելիության ապահովման կամ ապրանքային շուկայից դուրս գալու խոչընդոտներ ստեղծելը։

2. Չի թույլատրվում անբարեխիղճ մրցակցություն, այդ թվում՝

1) կեղծ, ոչ ճշգրիտ կամ խեղաթյուրված տեղեկություններ տարածելը, որոնց պատճառով տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) կարող է կրել կորուստներ, կամ որոնք կարող են վնաս հասցնել նրա գործարար համբավին,

2) ապրանքի արտադրության բնույթի, եղանակի և վայրի, դրա սպառողական հատկանիշների, որակի և քանակի կամ դրա արտադրողների առնչությամբ մոլորության մեջ գցելը,

3) տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից ոչ կոռեկտ համեմատություն կատարելն իր կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների և այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների միջև։

3. Մեկ ապրանքային շուկայում գործող, մրցակից հանդիսացող անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև արգելվում են այնպիսի համաձայնությունների կնքումը, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել՝

1) գների (սակագների), զեղչերի, հավելումների (հավելավճարների), հավելագների սահմանմանը կամ պահպանմանը,

2) աճուրդի ժամանակ գների բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը,

3) ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների վաճառքի կամ գնման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի,

4) ապրանքների արտադրության կրճատմանը կամ դադարեցմանը,

5) կոնկրետ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) հետ պայմանագրեր կնքելուց հրաժարվելուն։

4. Արգելվում են տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև «ուղղահայաց» համաձայնությունների կնքումը՝ բացառությամբ սույն Պայմանագրի 19-րդ հավելվածով սահմանված թույլատրելիության չափանիշներին համապատասխան թույլատրելի համարվող «ուղղահայաց» համաձայնությունների, եթե՝

1) այդպիսի համաձայնությունները հանգեցնում կամ կարող են հանգեցնել ապրանքի վերավաճառքի գնի սահմանմանը՝ բացառությամբ այն դեպքի, երբ վաճառողը գնորդի համար սահմանում է ապրանքի վերավաճառքի առավելագույն գինը,

2) այդպիսի համաձայնությամբ նախատեսվում է գնորդի` այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) ապրանքը չվաճառելու պարտավորությունը, որը վաճառողի մրցակիցն է։ Այդպիսի արգելքը չի տարածվում գնորդի կողմից՝ ապրանքային նշան կամ վաճառողի կամ արտադրողի անհատականացման այլ միջոց կրող ապրանքի վաճառքը կազմակերպելու վերաբերյալ համաձայնության վրա։

5. Տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև արգելվում են այլ համաձայնություններ՝ բացառությամբ սույն Պայմանագրի 19-րդ հավելվածով սահմանված թույլատրելիության չափանիշներին համապատասխան թույլատրելի համարվող «ուղղահայաց» համաձայնությունների, եթե սահմանված է, որ այդպիսի համաձայնությունները հանգեցնում կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը։

6. Ֆիզիկական անձանց, առևտրային կազմակերպություններին և ոչ առևտրային կազմակերպություններին արգելվում է համակարգել անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) տնտեսական գործունեությունը, եթե այդպիսի համակարգումը հանգեցնում կամ կարող է հանգեցնել սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված ցանկացած հետևանքի, որը չի կարող համարվել թույլատրելի՝ սույն Պայմանագրի 19-րդ հավելվածով սահմանված թույլատրելիության չափանիշներին համապատասխան։ Անդամ պետություններն իրավունք ունեն իրենց օրենսդրությամբ սահմանելու տնտեսական գործունեության համակարգման նկատմամբ արգելք, եթե այդպիսի համակարգումը հանգեցնում կամ կարող է հանգեցնել նաև սույն հոդվածի 5-րդ կետում նշված հետևանքներին, որոնք չեն կարող թույլատրելի համարվել՝ սույն Պայմանագրի 19-րդ հավելվածով սահմանված թույլատրելիության չափանիշներին համապատասխան։

7. Հանձնաժողովը, սույն Պայմանագրի 19-րդ հավելվածով նախատեսված կարգով, կանխում է անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), ինչպես նաև անդամ պետությունների՝ ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնող ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից սույն բաժնով սահմանված մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները, եթե այդպիսի խախտումներն ունեն կամ կարող են բացասական ազդեցություն ունենալ երկու կամ ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա՝ բացառությամբ ֆինանսական շուկաների։

 

Հոդված 77

Գների պետական կարգավորումը

 

Գների պետական կարգավորում ներմուծելու, ինչպես նաև այն ներմուծելու մասին անդամ պետությունների որոշումները վիճարկելու կարգը սահմանվում է սույն Պայմանագրի 19-րդ հավելվածով։

 

Բաժին XIX

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ

 

Հոդված 78

Բնական մենաշնորհի ոլորտները և սուբյեկտները

 

1. Անդամ պետությունները բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեությունը կարգավորելիս առաջնորդվում են սույն Պայմանագրի 20-րդ հավելվածով նախատեսված նորմերով և դրույթներով։

2. Սույն բաժնի դրույթները տարածվում են անդամ պետությունների միջև առևտրի վրա ազդող և սույն Պայմանագրի 20-րդ հավելվածի 1-ին հավելվածում նշված բնական մենաշնորհի ոլորտում անդամ պետությունների բնական մենաշնորհի սուբյեկտների, սպառողների, գործադիր իշխանության մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների վրա։

3. Բնական մենաշնորհի կոնկրետ ոլորտներում իրավահարաբերությունները սահմանվում են սույն բաժնով՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի XX և XXI բաժիններով նախատեսված առանձնահատկությունները։

4. Անդամ պետություններում բնական մենաշնորհի ոլորտներից են նաև սույն Պայմանագրի 20-րդ հավելվածի 2-րդ հավելվածում նշված բնական մենաշնորհի ոլորտները։

Սույն Պայմանագրի 20-րդ հավելվածի 2-րդ հավելվածում նշված բնական մենաշնորհի ոլորտների առնչությամբ կիրառվում են անդամ պետությունների օրենսդրության պահանջները։

5. Բնական մենաշնորհի ոլորտներին դասվող բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների ցանկը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ։

6. Անդամ պետությունները ձգտում են ներդաշնակեցնել սույն Պայմանագրի 20-րդ հավելվածի 1-ին և 2-րդ հավելվածներում նշված բնական մենաշնորհի ոլորտները՝ դրանց կրճատման և սույն Պայմանագրի XX և XXI բաժիններում անցումային շրջանի հնարավոր սահմանման միջոցով։

7. Անդամ պետություններում բնական մենաշնորհի ոլորտների ընդլայնումն իրականացվում է՝

անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, եթե անդամ պետությունը մտադիր է բնական մենաշնորհի ոլորտին դասել այն ոլորտը, որը մյուս անդամ պետությունում բնական մենաշնորհի ոլորտ է և նշված է սույն Պայմանագրի 20-րդ հավելվածի 1-ին կամ 2-րդ հավելվածում,

Հանձնաժողովի որոշմամբ, եթե անդամ պետությունը համապատասխան կերպով Հանձնաժողով դիմելուց հետո մտադիր է բնական մենաշնորհի ոլորտին դասել բնական մենաշնորհի այլ ոլորտ, որը նշված չէ սույն Պայմանագրի 20-րդ հավելվածի 1-ին կամ 2-րդ հավելվածում։

8. Սույն բաժինը չի տարածվում անդամ պետությունների միջև գործող երկկողմ միջազգային պայմանագրերով կարգավորվող հարաբերությունների վրա։ Անդամ պետությունների միջև նոր կնքվող երկկողմ միջազգային պայմանագրերը չեն կարող հակասել սույն բաժնին։

9. Սույն Պայմանագրի XVIII բաժնի դրույթները կիրառվում են բնական մենաշնորհի սուբյեկտների նկատմամբ՝ հաշվի առնելով սույն բաժնով նախատեսված առանձնահատկությունները։

 

Բաժին XX

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ

 

Հոդված 79

Անդամ պետությունների փոխգործակցությունն էներգետիկայի ոլորտում

 

1. Անդամ պետությունների վառելիքաէներգետիկ համալիրների ներուժն արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև ազգային տնտեսություններն էներգետիկ պաշարների հիմնական տեսակներով (էլեկտրաէներգիա, գազ, նավթ և նավթամթերքներ) ապահովելու նպատակով անդամ պետություններն ապահովում են էներգետիկայի ոլորտում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության զարգացումը, վարում են համակարգված էներգետիկ քաղաքականություն, իրականացնում են էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաների փուլ առ փուլ ձևավորում՝ սույն Պայմանագրի 81-րդ, 83-րդ և 84-րդ հոդվածներով նախատեսված միջազգային պայմանագրերին համապատասխան՝ հաշվի առնելով էներգետիկ անվտանգության ապահովումը՝ ըստ հետևյալ հիմնական սկզբունքների՝

1) էներգետիկ պաշարների շուկայական գնագոյացման ապահովում,

2) էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաներում մրցակցության զարգացման ապահովում,

3) էներգետիկ պաշարների, համապատասխան սարքավորումների, տեխնոլոգիաների և դրանց առնչվող այլ ծառայությունների առևտրի գործընթացում տեխնիկական, վարչական և այլ խոչընդոտների բացակայություն,

4) էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաների տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ապահովում,

5) էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաներում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների համար ոչ խտրական պայմանների ապահովում,

6) անդամ պետությունների էներգետիկ համալիրում ներդրումներ ներգրավելու համար բարենպաստ պայմանների ստեղծում,

7) էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաների տեխնոլոգիական և առևտրային ենթակառուցվածքի գործունեության ազգային նորմերի և կանոնների ներդաշնակեցում։

2. Էլեկտրաէներգետիկայի, գազի, նավթի և նավթամթերքների ոլորտներում իրենց գործունեությունն իրականացնող անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների՝ սույն բաժնով չկարգավորվող հարաբերությունների առնչությամբ կիրառվում է անդամ պետությունների օրենսդրությունը։

3. Սույն Պայմանագրի XVIII բաժնի դրույթները կիրառվում են էլեկտրաէներգետիկայի, գազի, նավթի և նավթամթերքների ոլորտներում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների գործունեության նկատմամբ՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի սույն բաժնով և XIX բաժնով նախատեսված առանձնահատկությունները։

 

Հոդված 80

Գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռները

 

1. Էներգետիկ ամբողջական ներուժի արդյունավետ օգտագործման և էներգետիկ պաշարների միջպետական մատակարարումներն օպտիմալացնելու նպատակով անդամ պետությունների լիազորված մարմինները մշակում և համաձայնեցնում են՝

Միության գազի ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռը,

Միության նավթի ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռը,

Միության նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռները։

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հաշվեկշիռների մշակումն իրականացվում է Հանձնաժողովի մասնակցությամբ և սույն Պայմանագրի 104-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում մշակվող և անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից համաձայնեցվող՝ գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռների ձևավորման մեթոդաբանությանը համապատասխան։

 

Հոդված 81

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորումը

 

1. Անդամ պետություններն իրականացնում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի փուլ առ փուլ ձևավորումը զուգահեռ աշխատող էլեկտրաէներգետիկական համակարգերի հիման վրա՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 104-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված անցումային դրույթները։

2. Անդամ պետությունները մշակում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման հայեցակարգն ու ծրագիրը, որոնք հաստատվում են Բարձրագույն խորհրդի կողմից։

3. Անդամ պետությունները Միության շրջանակներում կնքում են ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիր, որը հիմնված է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման հաստատված հայեցակարգի և ծրագրի դրույթների վրա։

 

Հոդված 82

Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովումը

 

1. Առկա տեխնիկական հնարավորության շրջանակներում անդամ պետություններն ապահովում են էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայություններից անարգել օգտվելու հնարավորություն՝ էլեկտրական էներգիայի (հզորության) մասով անդամ պետությունների ներքին պահանջներն ապահովելու համար նշված ծառայություններն առաջնահերթորեն օգտագործելու պայմանով՝ սույն Պայմանագրի 21-րդ հավելվածի համաձայն միասնական սկզբունքներին և կանոններին համապատասխան։

2. Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության սկզբունքներն ու կանոնները՝ ներառյալ սույն Պայմանագրի 21-րդ հավելվածում շարադրված գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմունքները գործում են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առնչությամբ։ Նոր անդամների՝ Միությանն անդամակցելու դեպքում նշված հավելվածում համապատասխան փոփոխություններ են կատարվում։

 

Հոդված 83

Միության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը և գազի փոխադրման ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովումը

 

1. Անդամ պետություններն իրականացնում են Միության՝ գազի ընդհանուր շուկայի փուլ առ փուլ ձևավորումը 22-րդ հավելվածի համաձայն՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 104-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված անցումային դրույթները։

2. Անդամ պետությունները մշակում են Միության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգն ու ծրագիրը, որոնք հաստատվում են Բարձրագույն խորհրդի կողմից։

3. Անդամ պետությունները Միության շրջանակներում կնքում են գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիր, որը հիմնված է Միության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման հաստատված հայեցակարգի ու ծրագրի դրույթների վրա։

4. Առկա տեխնիկական հնարավորությունների, գազափոխադրման համակարգերի ազատ հզորությունների սահմաններում, հաշվի առնելով Միության գազի համաձայնեցված ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռը և հիմք ընդունելով տնտեսավարող սուբյեկտների քաղաքացիաիրավական պայմանագրերը՝ անդամ պետությունները, սույն Պայմանագրի 22-րդ հավելվածով նախատեսված միասնական սկզբունքների, պայմանների և կանոնների հիման վրա, ապահովում են գազի փոխադրման նպատակով անդամ պետությունների տարածքներում տեղակայված գազափոխադրման համակարգերից անարգել օգտվելու՝ մյուս անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների հնարավորությունը։

 

Հոդված 84

Միության՝ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորումն ու նավթի և նավթամթերքների փոխադրման ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովումը

 

1. Անդամ պետություններն իրականացնում են Միության՝ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների փուլ առ փուլ ձևավորումը՝ սույն Պայմանագրի 23-րդ հավելվածի համաձայն՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 104-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված անցումային դրույթները։

2. Անդամ պետությունները մշակում են Միության՝ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգն ու ծրագիրը, որոնք հաստատվում են Բարձրագույն խորհրդի կողմից։

3. Անդամ պետությունները Միության շրջանակներում կնքում են նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագիր, որը հիմնված է Միության՝ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հաստատված հայեցակարգի և ծրագրի դրույթների վրա։

4. Առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում, հաշվի առնելով Միության նավթի համաձայնեցված ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռը, Միության նավթամթերքների համաձայնեցված ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռը և հիմք ընդունելով տնտեսավարող սուբյեկտների քաղաքացիաիրավական պայմանագրերը՝ անդամ պետությունները, սույն Պայմանագրի 23-րդ հավելվածով նախատեսված միասնական սկզբունքների, պայմանների և կանոնների հիման վրա, ապահովում են անդամ պետությունների տարածքներում տեղակայված նավթի և նավթամթերքների փոխադրման համակարգերից անարգել օգտվելու՝ մյուս անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների հնարավորությունը։

 

Հոդված 85

Էներգետիկայի ոլորտում Հանձնաժողովի լիազորությունները

 

Էներգետիկայի ոլորտում Հանձնաժողովն իրականացնում է սույն բաժնի կատարման դիտանցում։

 

Բաժին XXI

ՏՐԱՆՍՊՈՐՏԸ

 

Հոդված 86

Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականությունը

 

1. Միությունում իրականացվում է համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականություն, որն ուղղված է տնտեսական ինտեգրման ապահովմանը, միասնական տրանսպորտային տարածքի հետևողական և փուլ առ փուլ ձևավորմանը՝ մրցակցության, բաց լինելու, անվտանգության, հուսալիության, հասանելիության ու էկոլոգիականության սկզբունքների հիման վրա։

2. Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության խնդիրներն են՝

1) տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծումը,

2) տրանսպորտի և լավագույն փորձի կիրառման ոլորտում ընդհանուր առավելությունների ապահովմանն ուղղված համաձայնեցված միջոցների ընդունումը,

3) անդամ պետությունների տրանսպորտային համակարգերի ինտեգրումը համաշխարհային տրանսպորտային համակարգին,

4) անդամ պետությունների տարանցիկ փոխադրման ներուժի արդյունավետ օգտագործումը,

5) տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացումը,

6) տրանսպորտում անվտանգության ապահովումը,

7) շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա տրանսպորտի վնասակար ազդեցության նվազեցումը,

8) բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորումը։

3. Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական գերակայություններն են՝

1) միասնական տրանսպորտային տարածքի ձևավորումը,

2) եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծումն ու զարգացումը,

3) Միության շրջանակներում տարանցիկ փոխադրման ներուժի օգտագործումը և զարգացումը,

4) տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համակարգումը,

5) փոխադրման գործընթացների օպտիմալացումն ապահովող լոգիստիկ կենտրոնների և տրանսպորտային կազմակերպությունների ստեղծումը,

6) անդամ պետությունների կադրային ներուժի ներգրավումը և օգտագործումը,

7) տրանսպորտի ոլորտում գիտության և նորարարությունների զարգացումը։

4. Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականությունը ձևավորվում է անդամ պետությունների կողմից։

5. Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղություններն ու իրականացման փուլերը սահմանվում են Բարձրագույն խորհրդի կողմից։

6. Անդամ պետությունների կողմից համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործման դիտանցումն իրականացնում է Հանձնաժողովը։

 

Հոդված 87

Կիրառության ոլորտը

 

1. Սույն բաժնի դրույթները կիրառվում են ավտոմոբիլային, օդային, ջրային և երկաթուղային տրանսպորտի նկատմամբ՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի XVIII և XIX բաժինների դրույթները և սույն Պայմանագրի 24-րդ հավելվածով նախատեսված առանձնահատկությունները:

2. Անդամ պետությունները ձգտում են փուլ առ փուլ ազատականացնել անդամ պետությունների միջև տրանսպորտային ծառայությունները։

Ազատականացման կարգը, պայմանները և փուլայնությունը սահմանվում են Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 24-րդ հավելվածով նախատեսված առանձնահատկությունները։

3. Տրանսպորտում անվտանգության (տրանսպորտային անվտանգության և տրանսպորտի շահագործման անվտանգության) պահանջները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով։

 

Բաժին XXII

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 88

Կարգավորման նպատակներն ու սկզբունքները պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում

 

1. Անդամ պետությունները պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում (այսուհետ՝ գնումներ) սահմանում են կարգավորման հետևյալ նպատակներն ու սկզբունքները՝

գնումների ոլորտում հարաբերությունների կարգավորում անդամ պետության՝ գնումների մասին օրենսդրությամբ և անդամ պետությունների միջազգային պայմանագրերով,

անդամ պետություններում գնումների նպատակով օգտագործվող միջոցների օպտիմալ և արդյունավետ ծախսման ապահովում,

անդամ պետություններին գնումների ոլորտում ազգային ռեժիմի տրամադրում,

գնումների ոլորտում երրորդ երկրներին՝ անդամ պետություններին տրամադրվող ռեժիմից առավել բարենպաստության ռեժիմի տրամադրման անթույլատրելիություն,

գնումների մասին բաց և թափանցիկ տեղեկությունների ապահովում,

էլեկտրոնային ձևով իրականացվող գնումներին՝ հնարավոր մատակարարների և անդամ պետությունների մատակարարների անարգել մասնակցության ապահովում՝ որևէ անդամ պետության կողմից մյուս անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման միջոցով,

գնումների ոլորտում անդամ պետության իշխանության՝ կարգավորող և վերահսկող լիազորված մարմինների առկայության ապահովում (թույլատրվում է այդ ֆունկցիաների իրականացումը մեկ մարմնի կողմից),

անդամ պետությունների՝ գնումների մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվության սահմանում,

գնումների ոլորտում մրցակցության խթանում, ինչպես նաև կոռուպցիային և այլ չարաշահումների հակազդում։

2. Սույն Պայմանագրի գործողությունը չի տարածվում այն գնումների վրա, որոնց վերաբերյալ տեղեկություններն անդամ պետությունների օրենսդրությամբ պետական գաղտնիք են համարվում։

3. Գնումներն անդամ պետություններում իրականացվում են սույն Պայմանագրի 25-րդ հավելվածի համաձայն։

4. Սույն բաժնի գործողությունը չի տարածվում անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից իրականացվող գնումների վրա՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդից չորրորդ պարբերությունների դրույթները։

Անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերը գնումներ են իրականացնում վարչատնտեսական կարիքներն ապահովելու, շինարարական աշխատանքներ և կապիտալ վերանորոգում կատարելու համար՝ գնումներ իրականացնելու իրենց ներքին կանոններին (այսուհետ՝ «Գնումների մասին» հիմնադրույթ) համապատասխան։ «Գնումների մասին» հիմնադրույթը չպետք է հակասի սույն հոդվածում շարադրված նպատակներին ու սկզբունքներին, այդ թվում՝ պետք է հավասար հասանելիություն ապահովի անդամ պետությունների հավանական մատակարարների համար։ Բացառիկ դեպքերում ազգային (կենտրոնական) բանկի բարձրագույն մարմնի որոշմամբ կարող են բացառումներ սահմանվել նշված սկզբունքներից։

«Գնումների մասին» հիմնադրույթը պետք է պարունակի գնումներին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ գնումների ընթացակարգերը նախապատրաստելու և իրականացնելու կարգը (ներառյալ գնման եղանակները) և դրանք կիրառելու պայմանները, պայմանագրեր կնքելու կարգը։

Ընդ որում, «Գնումների մասին» հիմնադրույթը և անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից պլանավորվող և իրականացված գնումների վերաբերյալ տեղեկությունները տեղադրվում են ինտերնետ ցանցում՝ անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի պաշտոնական կայքերում՝ «Գնումների մասին» հիմնադրույթով սահմանված կարգով։

 

Բաժին XXIII

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 89

Ընդհանուր դրույթներ

 

1. Անդամ պետությունները համագործակցում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության ոլորտում և իրենց տարածքում ապահովում են դրանց նկատմամբ իրավունքների պահպանությունն ու պաշտպանությունը՝ Միության իրավունքը կազմող միջազգային իրավունքի նորմերին, միջազգային պայմանագրերին ու ակտերին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Անդամ պետությունների համագործակցությունն իրականացվում է հետևյալ հիմնական խնդիրները լուծելու համար՝

անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության ոլորտում,

անդամ պետությունների՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունք ունեցող անձանց շահերի պաշտպանություն։

2. Անդամ պետությունների համագործակցությունն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով՝

1) գիտական և նորարարական զարգացմանն աջակցություն,

2) մտավոր սեփականության օբյեկտների առևտրայնացման և օգտագործման մեխանիզմների կատարելագործում,

3) անդամ պետությունների՝ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերերի համար բարենպաստ պայմանների ստեղծում,

4) Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների ու սպասարկման նշանների և Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման վայրի տեղանունների գրանցման համակարգի ներդրում,

5) մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ապահովում, այդ թվում՝ ինտերնետ ցանցում,

6) մաքսային մարմնի կողմից՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովում, այդ թվում՝ անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստր վարելու միջոցով,

7) կեղծված արտադրանքի շրջանառությունը կանխարգելելուն և կանխելուն ուղղված համակարգված միջոցների իրականացում։

3. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների արդյունավետ պահպանություն ու պաշտպանություն ապահովելու նպատակներով անդամ պետությունների համար անցկացվում են Հանձնաժողովի կողմից կազմակերպվող խորհրդակցություններ։

Խորհրդակցությունների արդյունքների հիման վրա մշակվում են անդամ պետությունների համագործակցության ընթացքում հայտնաբերված խնդրահարույց հարցերի լուծմանն ուղղված առաջարկություններ։

 

Հոդված 90

Մտավոր սեփականության օբյեկտների իրավական ռեժիմը

 

1. Որևէ անդամ պետության անձանց մյուս անդամ պետության տարածքում տրամադրվում է ազգային ռեժիմ այն մասով, որը վերաբերում է մտավոր սեփականության օբյեկտների իրավական ռեժիմին։ Դատական և վարչական ընթացակարգերի մասով անդամ պետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել ազգային ռեժիմից բացառություններ՝ ներառյալ նամակագրության համար հասցեի նշումը և ներկայացուցչի նշանակումը։

2. Անդամ պետությունները կարող են իրենց օրենսդրությամբ նախատեսել այնպիսի նորմեր, որոնք ապահովում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության ավելի բարձր մակարդակ, քան նախատեսված է անդամ պետությունների նկատմամբ կիրառելի միջազգային իրավական ակտերով, ինչպես նաև Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով։

3. Անդամ պետությունները մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության ոլորտում իրականացնում են գործունեություն՝ հետևյալ հիմնարար միջազգային պայմանագրերին համապատասխան՝

«Գրական և գեղարվեստական երկերի պահպանության մասին» 1886 թվականի սեպտեմբերի 9-ի Բեռնի կոնվենցիա (1971 թվականի խմբագրությամբ),

«Արտոնագրային գործընթացի նպատակով միկրոօրգանիզմների ավանդադրման միջազգային ճանաչման մասին» 1977 թվականի ապրիլի 28-ի Բուդապեշտի պայմանագիր,

 Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության` «Հեղինակային իրավունքի մասին» 1996 թվականի դեկտեմբերի 20-ի պայմանագիր,

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության` «Կատարումների և հնչյունագրերի մասին» 1996 թվականի դեկտեմբերի 20-ի պայմանագիր,

«Արտոնագրային իրավունքի մասին» 2000 թվականի հունիսի 1-ի պայմանագիր,

«Արտոնագրային համագործակցության մասին» 1970 թվականի հունիսի 19-ի պայմանագիր,

«Հնչյունագրեր արտադրողների իրավունքները իրենց հնչյունագրերի անօրինական պատճենահանումից պաշտպանելու մասին» 1971 թվականի հոկտեմբերի 29-ի կոնվենցիա,

«Նշանների միջազգային գրանցման մասին» 1891 թվականի ապրիլի 14-ի Մադրիդյան համաձայնագիր և «Նշանների միջազգային գրանցման մասին» Մադրիդյան համաձայնագրի 1989 թվականի հունիսի 28-ի արձանագրություն,

«Կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների իրավունքների պահպանության մասին» 1961 թվականի հոկտեմբերի 26-ի միջազգային կոնվենցիա,

«Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» 1883 թվականի մարտի 20-ի Փարիզյան կոնվենցիա,

«Ապրանքային նշանների վերաբերյալ օրենքների մասին» 2006 թվականի մարտի 27-ի Սինգապուրի պայմանագիր։

Նշված միջազգային պայմանագրերի մասնակից չհանդիսացող անդամ պետություններն ստանձնում են դրանց միանալու պարտավորություն։

4. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության ոլորտում հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ մտավոր սեփականության օբյեկտների առանձին տեսակների նկատմամբ կիրառող իրավական ռեժիմի առանձնահատկությունների սահմանումն իրականացվում են սույն Պայմանագրի 26-րդ հավելվածի համաձայն։

 

Հոդված 91

Իրավունքի կիրառությունը

 

1. Անդամ պետություններն իրավակիրառ միջոցներ են իրականացնում՝ ապահովելու համար մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների արդյունավետ պաշտպանությունը:

2. Անդամ պետություններն իրականացնում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին, ինչպես նաև Միության իրավունքը կազմող այն միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան, որոնցով կարգավորվում են մաքսային իրավահարաբերությունները:

3. Անդամ պետությունների՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորություններով օժտված լիազորված մարմինները համագործակցում և փոխգործակցում են՝ անդամ պետությունների տարածքներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումները կանխարգելելուն, հայտնաբերելուն և կանխելուն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով:

 

Բաժին XXIV

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 92

Արդյունաբերական քաղաքականությունը և համագործակցությունը

 

1. Անդամ պետություններն ինքնուրույն մշակում, ձևավորում և իրականացնում են ազգային արդյունաբերական քաղաքականություն, այդ թվում՝ ձեռնարկում են արդյունաբերության զարգացման ազգային ծրագրեր և արդյունաբերական քաղաքականության այլ միջոցներ, ինչպես նաև սահմանում են արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման այնպիսի եղանակներ, ձևեր և ուղղություններ, որոնք չեն հակասում սույն Պայմանագրի 93-րդ հոդվածին:

Միության շրջանակներում անդամ պետությունները ձևավորում են արդյունաբերական քաղաքականություն՝ ըստ արդյունաբերական համագործակցության՝ Միջկառավարական խորհրդի կողմից հաստատվող հիմնական ուղղությունների, և իրականացնում են այն Հանձնաժողովի կողմից տրամադրվող խորհրդատվական աջակցության և իրականացվող համակարգման միջոցով:

2. Միության շրջանակներում անդամ պետություններն արդյունաբերական քաղաքականությունն իրականացնում են հետևյալ սկզբունքների հիման վրա՝

1) իրավահավասարություն և անդամ պետությունների ազգային շահերի հաշվի առնում,

2) փոխշահավետություն,

3) բարեխիղճ մրցակցություն,

4) անխտրականություն,

5) թափանցիկություն:

3. Միության շրջանակներում արդյունաբերական քաղաքականության իրականացման նպատակներն են արդյունաբերական զարգացման արագացումը և կայունության բարձրացումը, անդամ պետությունների արդյունաբերական համալիրների մրցունակության բարձրացումը, նորարարական ակտիվության բարձրացմանն ուղղված արդյունավետ համագործակցության իրականացումը, արդյունաբերական ոլորտում, այդ թվում՝ անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների տեղաշարժման ճանապարհին խոչընդոտների վերացումը:

4. Միության շրջանակներում արդյունաբերական քաղաքականության իրականացման նպատակներն իրագործելու համար անդամ պետությունները կարող են՝

1) միմյանց տեղեկացնել արդյունաբերության զարգացման պլանների մասին,

2) կազմակերպել անդամ պետությունների՝ ազգային արդյունաբերական քաղաքականության մշակման և իրականացման համար պատասխանատու լիազորված մարմինների ներկայացուցիչների կանոնավոր հանդիպումներ (խորհրդակցություններ), այդ թվում՝ Հանձնաժողովի շրջանակներում,

3) մշակել և իրականացնել տնտեսական գործունեության՝ արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ տեսակների զարգացման համատեղ ծրագրեր,

4) մշակել և համաձայնեցնել զգայուն ապրանքների ցանկը,

5) իրականացնել համատեղ նախագծեր, այդ թվում՝ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու և արդյունաբերական կոոպերացիան խորացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ,

6) զարգացնել տեխնոլոգիական և տեղեկատվական ռեսուրսներն արդյունաբերական համագործակցության նպատակների համար,

7) իրականացնել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային համատեղ աշխատանքներ՝ բարձր տեխնոլոգիական արտադրությունները խթանելու նպատակով,

8) իրականացնել խոչընդոտների վերացմանը և փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված այլ միջոցներ:

5. Անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի 4-րդ կետում նշված միջոցների իրականացման համապատասխան կարգեր են մշակվում՝ համաձայն Միջկառավարական խորհրդի որոշման:

6. Անդամ պետությունները մշակում են Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ), որոնք հաստատվում են Միջկառավարական խորհրդի կողմից, և որոնցում, ի թիվս այլոց, ներառված են տնտեսական գործունեության՝ արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ տեսակները և զգայուն ապրանքները:

Հանձնաժողովը կատարում է Հիմնական ուղղությունների իրականացման տարեկան դիտանցում ու վերլուծություն և, անհրաժեշտության դեպքում, անդամ պետությունների հետ համաձայնեցնելով, պատրաստում է Հիմնական ուղղությունները ճշգրտելու վերաբերյալ առաջարկություններ:

7. Առևտրային, մաքսասակագնային, մրցակցային, պետական գնումների, տեխնիկական կանոնակարգման, ձեռնարկատիրական գործունեության, տրանսպորտի ու ենթակառուցվածքի և այլ ոլորտներում քաղաքականություն մշակելիս ու իրականացնելիս հաշվի են առնվում անդամ պետությունների արդյունաբերության զարգացման շահերը:

8. Նախքան արդյունաբերական քաղաքականության շրջանակներում միջոցներ ձեռնարկելը՝ անդամ պետությունները զգայուն ապրանքների մասով խորհրդակցություններ են անցկացնում՝ միմյանց դիրքորոշումները հաշվի առնելու նպատակով:

Անդամ պետությունները, զգայուն ապրանքների հաստատված ցանկի համաձայն, նախապես միմյանց տեղեկացնում են ազգային արդյունաբերական քաղաքականության իրականացման նախանշվող ուղղությունների մասին։

Անդամ պետությունները Հանձնաժողովի հետ մշակում են նշված խորհրդակցություններն անցկացնելու և (կամ) միմյանց տեղեկացնելու կարգը, որը հաստատվում է Հանձնաժողովի Խորհրդի կողմից:

9. Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցություն իրականացնելու նպատակով անդամ պետությունները Հանձնաժողովի կողմից տրամադրվող խորհրդատվական աջակցության և համակարգման միջոցով կարող են մշակել և կիրառել հետևյալ գործիքները՝

1) փոխշահավետ արդյունաբերական կոոպերացիայի խթանում բարձր տեխնոլոգիական, նորարարական և մրցունակ արտադրանք ստեղծելու նպատակով,

2) համատեղ ծրագրեր և նախագծեր անդամ պետությունների՝ փոխշահավետ հիմունքներով մասնակցությամբ,

3) համատեղ տեխնոլոգիական հարթակներ և արդյունաբերական համախմբեր,

4) այլ գործիքներ, որոնք նպաստում են արդյունաբերական համագործակցության զարգացմանը:

10. Սույն հոդվածը կատարելու համար անդամ պետությունները Հանձնաժողովի մասնակցությամբ կարող են մշակել լրացուցիչ փաստաթղթեր և մեխանիզմներ:

11. Հանձնաժողովն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններով անդամ պետություններին տրամադրում է խորհրդատվական աջակցություն և համակարգում է նրանց գործունեությունը սույն Պայմանագրով սահմանված լիազորությունների շրջանակներում՝ համաձայն սույն Պայմանագրի 27-րդ հավելվածի:

Սույն հոդվածի նպատակների համար հասկացություններն օգտագործվում են սույն Պայմանագրի 27-րդ հավելվածին համապատասխան:

 

Հոդված 93

Արդյունաբերական սուբսիդիաները

 

1. Անդամ պետությունների տնտեսությունների կայուն և արդյունավետ զարգացման համար պայմաններ, ինչպես նաև անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի զարգացմանը և բարեխիղճ մրցակցությանը նպաստող պայմաններ ապահովելու նպատակներով անդամ պետությունների տարածքներում գործում են արդյունաբերական ապրանքների համար, այդ թվում՝ սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի համաձայն՝ արդյունաբերական ապրանքների արտադրության, իրացման և սպառման հետ անմիջականորեն կապված ծառայությունների մատուցման կամ ստացման դեպքում սուբսիդիաների տրամադրման միասնական կանոններ:

2. Սույն հոդվածից և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածից բխող՝ անդամ պետությունների պարտավորությունները չեն տարածվում անդամ պետությունների՝ երրորդ երկրների հետ իրավահարաբերությունների վրա:

3. Սույն հոդվածի նպատակներով՝ սուբսիդիա ասելով ենթադրվում է՝

ա) անդամ պետության սուբսիդիա տրամադրող մարմնի (կամ անդամ պետության կողմից լիազորված կառույցի) կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի արդյունքում առավելություններ են ստեղծվում (ապահովվում), և որն իրականացվում է՝

դրամական միջոցների ուղղակի փոխանցման (օրինակ՝ անվերադարձ տրամադրվող փոխատվությունների, վարկերի) կամ կանոնադրական կապիտալում մասնաբաժին ձեռք բերելու կամ այն մեծացնելու կամ այդպիսի միջոցներ փոխանցելու պարտավորության (օրինակ՝ վարկային երաշխիքների) միջոցով,

այն վճարների գանձումից ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու միջոցով, որոնք պետք է մուտքագրվեին անդամ պետության եկամուտների կազմի մեջ (օրինակ՝ հարկային արտոնություններ, պարտքի դուրսգրում)։ Ընդ որում, արտահանվող արդյունաբերական ապրանքն այն տուրքերից և հարկերից ազատելը, որոնք գանձվում են ներքին սպառման համար նախատեսված նույնանման ապրանքի համար, կամ այդպիսի տուրքերը և հարկերը նվազեցնելը, կամ այդպիսի տուրքերը և հարկերը փաստացի հաշվեգրված գումարը չգերազանցող չափով վերադարձնելը չի դիտարկվում որպես սուբսիդիա,

ապրանքների կամ ծառայությունների տրամադրման միջոցով (բացառությամբ ընդհանուր ենթակառուցվածքի պահպանման և զարգացման համար նախատեսված ապրանքների կամ ծառայությունների),

արդյունաբերական ապրանքներ ձեռք բերելու միջոցով.

բ) եկամուտների կամ գների պահպանման ցանկացած այլ ձև, որն (ուղղակիորեն կամ անուղղակիորեն) ազդում է ցանկացած անդամ պետության տարածքից արդյունաբերական ապրանքի ներմուծման ծավալների կրճատման կամ ցանկացած անդամ պետության տարածք արդյունաբերական ապրանքի արտահանման ծավալների մեծացման վրա, որի արդյունքում առավելություն է տրամադրվում։

Սուբսիդիաների տեսակները նախատեսվում են սույն Պայմանագրի 28-րդ հավելվածով։

4. Սուբսիդիա տրամադրող մարմինը ցանկացած այլ կազմակերպության կարող է հանձնարարել կամ պատվիրակել իրեն վերապահված մեկ կամ մի քանի՝ սուբսիդիաների տրամադրման հետ կապված գործառույթների իրականացումը։ Այդպիսի կազմակերպության գործողությունները դիտարկվում են որպես սուբսիդիա տրամադրող մարմնի գործողություններ։

Անդամ պետության ղեկավարի՝ սուբսիդիաների տրամադրման վերաբերյալ ակտերը դիտարկվում են որպես սուբսիդիա տրամադրող մարմնի գործողություններ:

5. Անդամ պետության տարածքում տրամադրվող սուբսիդիաների՝ սույն հոդվածի և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի դրույթների հետ համապատասխանության վերլուծության նպատակով ուսումնասիրությունն իրականացվում է սույն Պայմանագրի 28-րդ հավելվածով նախատեսված կարգով:

6. Հանձնաժողովն ապահովում է սույն հոդվածի և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի դրույթների կատարման նկատմամբ հսկողությունը, և դրան վերապահվում են հետևյալ լիազորությունները՝

1) անդամ պետությունների օրենսդրության՝ սուբսիդիաների տրամադրման առնչությամբ սույն Պայմանագրի դրույթներին համապատասխանության մասով դիտանցման իրականացում և համեմատական-իրավական վերլուծության անցկացում, ինչպես նաև անդամ պետությունների կողմից սույն հոդվածի և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի դրույթների պահպանման վերաբերյալ տարեկան հաշվետվությունների կազմում.

2) սուբսիդիաների տրամադրման բնագավառում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման և միասնականացման հարցերի շուրջ անդամ պետությունների համար խորհրդակցությունների կազմակերպման գործընթացում աջակցության տրամադրում.

3) անդամ պետությունների կողմից պարտադիր կատարման ենթակա՝ սույն Պայմանագրի 28-րդ հավելվածով նախատեսված որոշումների ընդունում՝ տրամադրման համար նախատեսվող և տրամադրված հատուկ սուբսիդիաների կամավոր համաձայնեցման գործընթացի արդյունքների համաձայն, այդ թվում՝

հատուկ սուբսիդիաների թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ որոշման ընդունում՝ սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի 6-րդ կետին համապատասխան սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի 7-րդ կետով նախատեսված՝ Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով սահմանված չափորոշիչների հիման վրա,

քննության անցկացում հատուկ սուբսիդիաների տրամադրման փաստերի հիման վրա և դրանց վերաբերյալ պարտադիր որոշումների ընդունում՝ սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի 7-րդ կետով նախատեսված՝ Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում,

սույն հոդվածի և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի դրույթների կատարման հետ կապված հարցերի շուրջ տարաձայնությունների լուծում և դրանց կիրառման վերաբերյալ պարզաբանումների տրամադրում.

4) սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի 7-րդ կետով նախատեսված՝ Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով սահմանվող կարգով ու պայմաններով տրամադրվող սուբսիդիաների վերաբերյալ հարցումների ուղարկում և տեղեկությունների ստացում։

Սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը կիրառվում են՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 105-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված անցումային դրույթները։

7. Սույն հոդվածի և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի դրույթների հետ կապված վեճերը կարգավորվում են, առաջին հերթին, բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով: Եթե վեճը խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով չի կարգավորվում դրանց անցկացման վերաբերյալ՝ վեճն սկսած անդամ պետության կողմից պատասխանող պետությանը հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո 60 օրացուցային օրվա ընթացքում, ապա հայցվոր պետությունն իրավունք ունի այդ վեճը հանձնելու Միության դատարանի քննությանը:

Եթե Միության դատարանի որոշումները սահմանված ժամկետում չեն կատարվում, կամ եթե Միության դատարանը որոշում է, որ այն միջոցները, որոնց մասին տեղեկացրել է պատասխանող պետությունը, չեն համապատասխանում սույն հոդվածի և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի դրույթներին, ապա հայցվոր պետությունն իրավունք ունի ձեռնարկելու համաչափ պատասխան միջոցներ:

8. Այն ժամկետը, որի ընթացքում անդամ պետությունները կարող են վիճարկել սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի խախտմամբ տրամադրված հատուկ սուբսիդիան, հատուկ սուբսիդիայի տրամադրման ամսաթվից հաշվարկված 5 տարի է:

 

Բաժին XXV

ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ

 

Հոդված 94

Համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության նպատակներն ու խնդիրները

 

1. Ագրոարդյունաբերական համալիրը և գյուղական տարածքներն ի նպաստ յուրաքանչյուր անդամ պետության և ընդհանրապես Միության բնակչության շահերի զարգացնելու, ինչպես նաև Միության շրջանակներում տնտեսական ինտեգրումն ապահովելու նպատակներով իրականացվում է համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականություն, ինչը ենթադրում է նաև սույն Պայմանագրով և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Միության շրջանակներում կնքվող միջազգային այլ պայմանագրերով նախատեսված կարգավորման մեխանիզմների կիրառում, անդամ պետությունների կողմից միմյանց և Հանձնաժողովին այն «զգայուն» գյուղատնտեսական ապրանքներից յուրաքանչյուրի արտադրության զարգացման պլանների (ծրագրերի) տրամադրում, որոնց ցանկը կազմվում է անդամ պետությունների առաջարկություների հիման վրա և հաստատվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից։

2. Համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության հիմնական նպատակը մրցունակ գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտադրության ծավալների օպտիմալացման համար անդամ պետությունների ռեսուրսային ներուժի արդյունավետ իրացումը, ընդհանուր ագրարային շուկայի կարիքների բավարարումը, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտահանման ավելացումն է։

3. Համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացմամբ ապահովվում է հետևյալ խնդիրների լուծումը՝

1) գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտադրության ու շուկաների հավասարակշռված զարգացում,

2) անդամ պետությունների սուբյեկտների միջև արդար մրցակցության, այդ թվում՝ ագրարային շուկայի հասանելիության հավասար պայմանների ապահովում,

3) գյուղատնտեսական արտադրանքի և պարենի շրջանառության հետ կապված պահանջների միասնականացում,

4) ներքին և արտաքին շուկաներում անդամ պետությունների արտադրողների շահերի պաշտպանություն։

 

Հոդված 95

Համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության հիմնական ուղղությունները և գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցները

 

1. Համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության խնդիրների լուծումը ենթադրում է միջպետական փոխգործակցության մեխանիզմների կիրառում հետևյալ հիմնական ուղղություններով`

1) ագրոարդյունաբերական համալիրում կանխատեսումների իրականացում,

2) գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցություն,

3) ընդհանուր ագրարային շուկայի կարգավորում,

4) արտադրանքի արտադրության և շրջանառության ոլորտում միասնական պահանջների մշակում,

5) գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտահանման զարգացում,

6) ագրոարդյունաբերական համալիրի գիտական ու նորարարական գործունեության զարգացում,

7) ագրոարդյունաբերական համալիրի ինտեգրացված տեղեկատվական ապահովում։

2. Համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության շրջանակներում միջոցների իրականացման նպատակով տարին մեկ անգամից ոչ պակաս անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվում են Հանձնաժողովի կողմից կազմակերպվող կանոնավոր խորհրդակցություններ, այդ թվում՝ «զգայուն» գյուղատնտեսական ապրանքների վերաբերյալ։ Խորհրդակցությունների արդյունքների հիման վրա սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմնական ուղղությունների շրջանակներում մշակվում են համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացման հետ կապված առաջարկություններ։

3. Համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականությունն իրականացնելիս անդամ պետությունները հաշվի են առնում գյուղատնտեսության ոլորտի գործունեության առանձնահատուկ բնույթը, որը պայմանավորված է ոչ միայն ճյուղի արդյունաբերական, տնտեսական, այլ նաև դրա սոցիալական նշանակությամբ, անդամ պետությունների տարածաշրջանների ու տարածքների միջև կառուցվածքային ու բնակլիմայական պայմանների տարբերություններով։

4. Ինտեգրացիոն փոխգործակցության այլ ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի և պարենի նկատմամբ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումների ապահովման ոլորտում քաղաքականությունն իրականացվում է՝ հաշվի առնելով համաձայնեցված (համակարգված) քաղաքականության ագրոարդյունաբերական նպատակները, խնդիրներն ու ուղղությունները։

5. Միության շրջանակներում գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցությունն իրականացվում է սույն Պայմանագրի 29-րդ հավելվածով սահմանված մոտեցումներին համապատասխան։

6. Սույն հոդվածի և սույն Պայմանագրի 29-րդ հավելվածի հետ կապված վեճերը կարգավորվում են, առաջին հերթին, Հանձնաժողովի մասնակցությամբ անցկացվող բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով։ Եթե վեճը խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով չի կարգավորվում դրանց անցկացման վերաբերյալ՝ վեճն սկսած անդամ պետության կողմից որպես պատասխանող պետությանը հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո 60 օրացուցային օրվա ընթացքում, ապա հայցվոր պետությունն իրավունք ունի այդ վեճը հանձնելու Միության դատարանի քննությանը։

Բանակցություններ և խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ պաշտոնական գրավոր դիմում ներկայացնելու դեպքում հայցվոր անդամ պետությունն այդպիսի դիմումը ներկայացնելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է Հանձնաժողովին։

7. Համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացման համար Հանձնաժողովը`

1) անդամ պետությունների հետ, վերապահված լիազորությունների շրջանակներում, մշակում, համակարգում և իրականացնում է համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության հիմնական ուղղությունները,

2) համակարգում է անդամ պետությունների կողմից՝ ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, գյուղատնտեսական արտադրանքի և պարենի պահանջարկի ու առաջարկի վերաբերյալ համատեղ կանխատեսումներ պատրաստելու ժամանակ իրականացվող գործունեությունը,

3) համակարգում է անդամ պետությունների կողմից ագրոարդյունաբերական համալիրի և դրա առանձին ճյուղերի զարգացման ծրագրերը միմյանց տրամադրելու գործընթացը,

4) դիտանցում է անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրների զարգացման, անդամ պետությունների կողմից ագրոարդյունաբերական համալիրների պետական կարգավորման միջոցների, այդ թվում՝ գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների կիրառումը,

5) անցկացնում է արտադրվող արտադրանքի գնի դիտարկում և մրցունակության վերլուծություն՝ ըստ անդամ պետությունների կողմից համաձայնեցված անվանացանկի,

6) աջակցում է ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության, այդ թվում՝ գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցմանը, ինչպես նաև գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ոլորտում պարտավորությունների պահպանման հետ կապված վեճերի կարգավորման հարցերով խորհրդակցությունների և բանակցությունների կազմակերպմանը,

7) իրականացնում է գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության դիտանցում և համեմատական-իրավական վերլուծություն՝ Միության շրջանակներում ստանձնված պարտավորություններին դրա համապատասխանության մասով,

8) պատրաստում և անդամ պետություններին է տրամադրում ագրոարդյունաբերության համալիրի և անդամ պետություններում գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ոլորտում պետական քաղաքականության վերաբերյալ համառոտ ակնարկներ, այդ թվում՝ գյուղատնտեսական աջակցության արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ,

9) աջակցություն է ցուցաբերում անդամ պետություններին գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ծավալների հաշվարկման հետ կապված հարցերում,

10) անդամ պետությունների հետ մշակում է ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում արտահանման ներուժի զարգացմանն ուղղված համաձայնեցված գործողությունների իրականացման վերաբերյալ առաջարկություններ,

11) համակարգում է ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում անդամ պետությունների կողմից համատեղ գիտանորարարական գործունեության իրականացման ժամանակ, այդ թվում՝ անդամ պետությունների կողմից միջպետական ծրագրերի իրագործման շրջանակներում կատարվող գործողությունները,

12) համակարգում է անդամ պետությունների կողմից` տոհմային կենդանիներից ստացվող արտադրանքի ներմուծման, արտահանման և Միության մաքսային տարածքով տեղափոխման պայմանների, տոհմային կենդանիների տոհմային արժեքի սահմանման մեթոդների, ինչպես նաև տոհմային վկայականների (հավաստագրերի, անձնագրերի) ձևերի հետ կապված միասնականացված պահանջների մշակման և կատարման գործընթացը,

13) համակարգում է գյուղատնտեսական բույսերի սորտափորձարկման և սերմնաբուծության, ինչպես նաև անդամ պետությունների կողմից՝ սերմերի սորտային ու ցանքային որակը հաստատող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման ոլորտում միասնականացված պահանջների մշակման և կատարման գործընթացը,

14) աջակցություն է ցուցաբերում համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում հավասար մրցակցային պայմանների ապահովման հարցում։

 

Բաժին XXVI

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՆ

 

Հոդված 96

Աշխատանքային միգրացիայի ոլորտում անդամ պետությունների համագործակցությունը

 

1. Անդամ պետությունները համագործակցում են՝ Միության շրջանակներում աշխատանքային միգրացիայի կարգավորման ոլորտում քաղաքականությունը համաձայնեցնելու, ինչպես նաև անդամ պետություններում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար անդամ պետությունների աշխատավորների կազմակերպված հավաքագրման և ներգրավման հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով։

2. Աշխատանքային միգրացիայի ոլորտում անդամ պետությունների համագործակցությունն իրականացվում է անդամ պետությունների այն պետական մարմինների փոխգործակցության միջոցով, որոնց իրավասության շրջանակներում են համապատասխան հարցերը։

3. Միության շրջանակներում անդամ պետությունների` աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցությունն իրականացվում է հետևյալ եղանակներով`

1) աշխատանքային միգրացիայի ոլորտում ընդհանուր մոտեցումների և սկզբունքների համաձայնեցում,

2) նորմատիվ իրավական ակտերի փոխանակում,

3) տեղեկությունների փոխանակում,

4) ոչ հավաստի տեղեկությունների տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցների իրականացում,

5) փորձի փոխանակում, ստաժավորումների, սեմինարների և վերապատրաստման դասընթացների անցկացում,

6) խորհրդատվական մարմինների շրջանակներում համագործակցություն։

4. Միգրացիայի ոլորտում անդամ պետությունների համաձայնեցմամբ կարող են համագործակցության այլ ձևեր սահմանվել։

5. Սույն բաժնում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

մուտքի պետություն՝ անդամ պետություն, որի տարածք մեկնում է մյուս անդամ պետության քաղաքացին,

մշտական բնակության պետություն՝ անդամ պետություն, որի քաղաքացին է համարվում անդամ պետության աշխատավորը,

աշխատանքի տեղավորման պետություն՝ անդամ պետություն, որի տարածքում աշխատանքային գործունեություն է իրականացվում,

կրթության մասին փաստաթղթեր՝ կրթության մասին պետական նմուշի փաստաթղթեր, ինչպես նաև կրթության մասին փաստաթղթեր, որոնք ճանաչվում են կրթության մասին պետական փաստաթղթերին համարժեք,

աշխատանքի (ծառայությունների) պատվիրատու՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն անդամ պետության աշխատավորին տրամադրում է աշխատանք նրա հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով,

միգրացիոն քարտ (թերթիկ)՝ փաստաթուղթ, որը տեղեկություններ է պարունակում մյուս անդամ պետության տարածք մուտք գործող անդամ պետության քաղաքացու մասին, և օգտագործվում է նրան հաշվառելու ու մուտքի պետության տարածքում նրա ժամանակավոր գտնվելու ընթացքում հսկողություն իրականացնելու համար,

գործատու՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն անդամ պետության աշխատավորին աշխատանք է տրամադրում նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով,

սոցիալական ապահովություն (սոցիալական ապահովագրություն)՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրանալու դեպքում պարտադիր ապահովագրություն, արտադրական դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրություն ու պարտադիր բժշկական ապահովագրություն,

աշխատանքային գործունեություն՝ աշխատանքային պայմանագրի հիման վրա իրականացվող գործունեություն կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) հետ կապված գործունեություն, որն իրականացվում է աշխատանքի տեղավորման պետության տարածքում՝ տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան,

անդամ պետության աշխատավոր՝ անդամ պետության քաղաքացի հանդիսացող անձ, որն օրինական հիմքով գտնվում և օրինական հիմքով աշխատանքային գործունեություն է իրականացնում աշխատանքի տեղավորման պետության տարածքում, սակայն այդ պետության քաղաքացին չէ և այդ պետությունում մշտական բնակություն չի հաստատել,

ընտանիքի անդամ՝ անձ, որն ամուսնացած է անդամ պետության աշխատավորի հետ, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող երեխաները և այլ անձինք, որոնք աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան համարվում են ընտանիքի անդամներ։

 

Հոդված 97

Անդամ պետությունների աշխատավորների աշխատանքային գործունեությունը

 

1. Անդամ պետության գործատուները և (կամ) աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուներն իրավունք ունեն անդամ պետությունների աշխատավորներին ներգրավելու աշխատանքային գործունեության մեջ՝ առանց հաշվի առնելու աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության մասով առկա սահմանափակումները։ Ընդ որում, անդամ պետությունների աշխատավորները կարող են աշխատանքային գործունեություն իրականացնել աշխատանքի տեղավորման պետությունում առանց աշխատանքի թույլտվության։

2. Անդամ պետությունները չեն սահմանում և չեն կիրառում աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության նպատակով իրենց օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները՝ բացառությամբ անդամ պետության աշխատավորների կողմից իրականացվող աշխատանքային գործունեության, գործունեության տեսակի և գտնվելու տարածքի առնչությամբ սույն Պայմանագրով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների, որոնք ուղղված են ազգային անվտանգության (այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսության ճյուղերում) և հասարակական կարգի ապահովմանը։

3. Աշխատանքի տեղավորման պետությունում անդամ պետությունների աշխատավորների կողմից աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով անդամ պետությունների կրթական կազմակերպությունների (կրթական հաստատությունների, կրթության ոլորտում գործող կազմակերպությունների) կողմից տրված՝ կրթության մասին փաստաթղթերը ճանաչվում են՝ առանց աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված՝ կրթության մասին փաստաթղթերի ճանաչման ընթացակարգերի անցկացման:

Որևէ անդամ պետության աշխատավորները, որոնք մյուս անդամ պետությունում հավակնում են զբաղվել մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ, անցնում են աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված կրթության մասին փաստաթղթերի ճանաչման ընթացակարգը, և արդյունքում նրանց կարող է թույլատրվել զբաղվել համապատասխանաբար մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան:

Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված գիտական աստիճանների և գիտական կոչումների մասին փաստաթղթերը ճանաչվում են աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան:

Գործատուները (աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուները) իրավունք ունեն պահանջելու կրթության մասին փաստաթղթերի՝ աշխատանքի տեղավորման պետության լեզվով՝ նոտարական կարգով վավերացված թարգմանությունը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, անդամ պետության աշխատավորի կրթության մասին փաստաթղթերի ստուգման նպատակներով հարցումներ ուղարկելու կրթության մասին փաստաթուղթ տրամադրած կրթական կազմակերպություններ (կրթական հաստատություններ, կրթության ոլորտում գործող կազմակերպություններ), այդ թվում՝ տեղեկատվական տվյալների բազայից օգտվելու միջոցով, և ստանալու համապատասխան պատասխաններ:

4. Անդամ պետության աշխատավորի աշխատանքային գործունեությունը կարգավորվում է աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի դրույթները:

5. Աշխատանքի տեղավորման պետության տարածքում անդամ պետության աշխատավորի և ընտանիքի անդամների ժամանակավոր գտնվելու (բնակության) ժամկետը որոշվում է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետով, որն անդամ պետության աշխատավորը կնքել է գործատուի կամ աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուի հետ:

6. Որևէ անդամ պետության՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ աշխատանքի տեղավորվելու նպատակներով մյուս անդամ պետության տարածք ժամանած քաղաքացիները և նրանց ընտանիքների անդամները մուտք գործելու ամսաթվից հաշվարկված 30 օր ազատվում են գրանցման (հաշվառման կանգնելու) պարտավորությունից:

Եթե անդամ պետության քաղաքացիները մյուս անդամ պետության տարածքում գտնվում են մուտք գործելու ամսաթվից հաշվարկված 30 օրից ավելի ժամկետով, ապա այդ քաղաքացիները պետք է գրանցվեն (հաշվառման կանգնեն) մուտքի պետության օրենսդրությանը համապատասխան, եթե մուտքի պետության օրենսդրությամբ այդպիսի պարտավորություն է սահմանվում:

7. Անդամ պետության քաղաքացիները մուտքի պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մյուս անդամ պետության տարածք մուտք գործելիս միգրացիոն քարտեր (թերթիկներ) են օգտագործում, եթե այլ բան նախատեսված չէ անդամ պետությունների առանձին միջազգային պայմանագրերով:

8. Եթե անդամ պետության քաղաքացիները մյուս անդամ պետության տարածք մուտք են գործում սահմանային վերահսկողության մարմնի կողմից պետական սահմանը հատելու վերաբերյալ նշում կատարելու իրավունք տվող վավեր փաստաթղթերից որևէ մեկով, ապա նրանք ազատվում են միգրացիոն քարտ (թերթիկ) օգտագործելուց, եթե նման պարտավորություն սահմանված է մուտքի պետության օրենսդրությամբ՝ պայմանով, որ նրանց գտնվելու ժամկետը չի գերազանցում մուտք գործելու ամսաթվից հաշվարկված 30 օրը։

9. Եթե աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու ամսաթվից հաշվարկված 90 օրը լրանալուց հետո աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է, ապա անդամ պետության աշխատավորն իրավունք ունի 15 օրվա ընթացքում կնքելու նոր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր՝ առանց աշխատանքի տեղավորման պետության տարածքից դուրս գալու։

 

Հոդված 98

Անդամ պետության աշխատավորի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Անդամ պետության աշխատավորն իրավունք ունի զբաղվելու մասնագիտական գործունեությամբ՝ սույն Պայմանագրի և աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան ճանաչվող՝ կրթության մասին փաստաթղթերում, գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում շնորհելու մասին փաստաթղթերում նշված մասնագիտությանը և որակավորմանը համապատասխան։

2. Անդամ պետության աշխատավորը և նրա ընտանիքի անդամներն աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են՝

1) իրենց պատկանող գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը,

2) սեփականության պաշտպանության իրավունքը,

3) դրամական միջոցներն անարգել փոխանցելու իրավունքը։

3. Անդամ պետությունների աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը (սոցիալական ապահովագրությունը) (բացի կենսաթոշակային ապահովությունից) իրականացվում է աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների նկատմամբ կիրառվող նույն պայմաններով և նույն կարգով։

Անդամ պետությունների աշխատավորների աշխատանքային (ապահովագրական) ստաժը հաշվարկվում է ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժում՝ սոցիալական ապահովության (սոցիալական ապահովագրության) նպատակներով՝ բացի կենսաթոշակային ապահովությունից՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան։

Անդամ պետությունների աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովությունը կարգավորվում է մշտական բնակության պետության օրենսդրությամբ, ինչպես նաև անդամ պետությունների միջև կնքվող առանձին միջազգային պայմանագրին համապատասխան։

4. Անդամ պետությունների աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների՝ շտապ բժշկական օգնություն (արտակարգ և անհետաձգելի վիճակներում) և այլ բժշկական օգնություն ստանալու իրավունքը կարգավորվում է 30-րդ հավելվածով, ինչպես նաև աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ և այն միջազգային պայմանագրերով սահմանված կարգով, որոնց մասնակիցն է այդ պետությունը։

5. Անդամ պետությունների աշխատավորն իրավունք ունի անդամագրվելու արհեստակցական միություններին՝ աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների հետ հավասար հիմունքներով։

6. Անդամ պետության աշխատավորն ունի աշխատանքի տեղավորման պետության պետական մարմինների (որոնց իրավասության շրջանակում են համապատասխան հարցերը) և գործատուի (աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուի) կողմից այնպիսի տեղեկություններ ստանալու իրավունք, որոնք վերաբերում են իր կացության կարգին, աշխատանքային գործունեության իրականացման պայմաններին, ինչպես նաև աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ նախատեսված իրավունքներին ու պարտականություններին։

7. Անդամ պետության աշխատավորի (այդ թվում՝ նախկին աշխատավորի) պահանջով գործատուն (աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուն) պարտավոր է նրան անհատույց տրամադրել տեղեկանք (տեղեկանքներ) և (կամ) տեղեկանքի (տեղեկանքների) հաստատված պատճենը՝ նշելով մասնագիտության (մասնագիտացման, որակավորման և պաշտոնի), աշխատանքի ժամանակահատվածի և աշխատավարձի չափի մասին՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։

8. Անդամ պետության աշխատավորի երեխաները, որոնք նրա հետ բնակվում են աշխատանքի տեղավորման պետության տարածքում, իրավունք ունեն հաճախելու նախադպրոցական հաստատություններ, ստանալու կրթություն՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան։

9. Անդամ պետության աշխատավորները և նրանց ընտանիքների անդամները պարտավոր են պահպանել աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությունը, հարգել աշխատանքի տեղավորման պետության ժողովրդների մշակույթն ու ավանդույթները, պատասխանատվություն կրել իրավախախտումներ կատարելու համար՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան։

10. Անդամ պետության աշխատավորի եկամուտները, որոնք նա ստացել է աշխատանքի տեղավորման պետության տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, ենթակա են հարկման միջազգային պայմանագրերի և աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի դրույթները։

 

ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԲԱԺԻՆ XXVII

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 99

Ընդհանուր անցումային դրույթներ

 

1. Անդամ պետությունների միջազգային պայմանագրերը, որոնք կնքվել են Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում և գործում են սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ, կազմում են Միության իրավունքի մաս՝ որպես Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրեր և կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն Պայմանագրին։

2. Պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդունած որոշումները, կառավարությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած որոշումները, որոնք գործում են սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ, պահպանում են իրենց իրավաբանական ուժը և կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն Պայմանագրին։

3. Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից՝

պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և կառավարությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գործառույթներն ու լիազորությունները, որոնք գործում էին «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրին համապատասխան, իրականացվում են համապատասխանաբար սույն Պայմանագրին համապատասխան գործող Բարձրագույն խորհրդի և Միջկառավարական խորհրդի կողմից,

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրին համապատասխան ստեղծված Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրականացնում է իր գործունեությունը՝ սույն Պայմանագրին համապատասխան,

Հանձնաժողովի կոլեգիայի անդամները, որոնք նշանակվել են սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց առաջ, շարունակում են իրականացնել իրենց գործառույթները մինչև իրենց լիազորությունների այն ժամկետի ավարտը, որով նրանք նշանակվել են,

դեպարտամենտների տնօրենները և տնօրենների տեղակալները, որոնց հետ աշխատանքային պայմանագրերը կնքվել են մինչև սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելը, շարունակում են կատարել իրենց վերապահված պարտականությունները մինչև աշխատանքային պայմանագրերով նախատեսված ժամկետի ավարտը,

Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներում թափուր հաստիքների համալրումն իրականացվում է սույն Պայմանագրով նախատեսված կարգով։

4. Միության շրջանակներում գործում են նաև սույն Պայմանագրի 31-րդ հավելվածում նշված միջազգային պայմանագրերը։

 

Հոդված 100

VII բաժնին առնչվող անցումային դրույթներ

 

1. Միության շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկան սկսում է գործել 2016 թվականի հունվարի 1-ից Միության շրջանակներում կնքվող՝ դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքներ և կանոններ սահմանող միջազգային պայմանագրին համապատասխան, որը պետք է կնքվի անդամ պետությունների կողմից ոչ ուշ, քան 2015 թվականի հունվարի 1-ը։

2. Միության շրջանակներում բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) ընդհանուր շուկան սկսում է գործել 2016 թվականի հունվարի 1-ից Միության շրջանակներում կնքվող՝ բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքներ և կանոններ սահմանող միջազգային պայմանագրին համապատասխան, որը պետք է կնքվի անդամ պետությունների կողմից ոչ ուշ, քան 2015 թվականի հունվարի 1-ը։

 

Հոդված 101

VIII բաժնին առնչվող անցումային դրույթներ

 

1. Նախքան Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ Միությունում մաքսային կարգավորումն իրականացվում է «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրին և անդամ պետությունների՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնք կնքվել են Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում և որոնք, սույն Պայմանագրի 99-րդ հոդվածին համապատասխան, կազմում են Միության իրավունքի մաս՝ հաշվի առնելով սույն հոդվածի դրույթները։

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված միջազգային պայմանագրերի կիրառման նպատակներով դրանցում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

Մաքսային միության անդամ պետություններ՝ անդամ պետություններ՝ սույն Պայմանագրով սահմանված իմաստով,

Մաքսային միության միասնական մաքսային տարածք (Մաքսային միության մաքսային տարածք)՝ Միության մաքսային տարածք,

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ)՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ,

Մաքսային միության միասնական մաքսային սակագին՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագին,

Մաքսային միության հանձնաժողով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով,

Մաքսային միության անդամ պետությունների կողմից կնքվող միջազգային պայմանագրեր՝ Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրեր, այդ թվում՝ անդամ պետությունների կողմից կնքվող միջազգային պայմանագրեր, որոնք, սույն Պայմանագրի 99-րդ հոդվածին համապատասխան, կազմում եմ Միության իրավունքի մասը,

Մաքսային միության մաքսային սահման (մաքսային սահման)՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահման,

Մաքսային միության ապրանք՝ Եվրասիական տնտեսական միության ապրանք։

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված միջազգային պայմանագրերի կիրառման նպատակներով ոչ սակագնային կարգավորման միջոցները (այդ թվում՝ ընդհանուր բացառությունների, արտաքին ֆինանսական վիճակի պաշտպանության և վճարային հաշվեկշռի հավասարակշռության միակողմանիորեն ապահովման նպատակներով ներմուծվող միջոցները), տեխնիկական կանոնակարգման միջոցները, արտահանման վերահսկողության միջոցներն ու ռազմական նշանակության արտադրանքի նկատմամբ կիրառվող միջոցները, ինչպես նաև սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներն ու ճառագայթային անվտանգության պահանջները համարվում են Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառվող արգելքներ և սահմանափակումներ։

Ընդ որում, ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում՝ ընդհանուր բացառությունների, արտաքին ֆինանսական վիճակի պաշտպանության և վճարային հաշվեկշռի հավասարակշռության միակողմանիորեն ապահովման նպատակներով ներմուծվող միջոցներին են դասվում սույն Պայմանագրի 46-րդ և 47-րդ հոդվածներով սահմանված միջոցները։

Սույն հոդվածի 1-ին կետում նշված միջազգային պայմանագրերի դրույթները չեն կիրառվում՝ բացառությամբ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի, որոնք վերաբերում են արգելքներ և սահմանափակումներ սահմանելուն և կիրառելուն (չկիրառելուն)։

Միության մաքսային սահմանով ապրանքների, այդ թվում՝ անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման դեպքում և (կամ) ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատվում է Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում և կարգով կամ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով՝ սույն Պայմանագրին համապատասխան կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված դեպքերում և կարգով արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ներկայացնելու միջոցով։

Միության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելիս անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական, սանիտարահամաճարակային, ճառագայթային և պետական հսկողության (վերահսկողության) մյուս եղանակներն իրականացվում և ձևակերպվում են՝ սույն Պայմանագրին կամ Պայմանագրին համապատասխան ընդունված՝ Հանձնաժողովի ակտերին կամ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերին կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

4. Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը վարելու մասով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 51-րդ հոդվածը կիրառվում է՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 45-րդ հոդվածի դրույթները։

5. Մաքսային միության մաքսային օրենսգրքի 7-րդ գլուխը կիրառվում է՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 37-րդ հոդվածի դրույթները:

6. Մաքսային միության մաքսային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ կետը չի կիրառվում:

Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը սահմանվում են սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան և գանձվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքով նախատեսված կարգով ներմուծման մաքսատուրք գանձելու նպատակով՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 48-րդ և 49-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև հաշվի առնելով հետևյալը՝

հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս, որոնց պայմաններով, սույն հոդվածի 1-ին կետում նշված միջազգային պայմանագրերին համապատասխան, սահմանափակումներ են նախատեսվում հատուկ պաշտպանական, հակագնագցման, փոխհատուցման միջոցներ կիրառելիս,

հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկը, այդ տուրքերի վճարման պարտավորությունների առաջացումը և դադարումը, դրանց վճարման կարգի և ժամկետների սահմանումն իրականացվում է Մաքսային միության մաքսային օրենսգրքով ներմուծման մաքսատուրքերի համար նախատեսված կարգով՝ հաշվի առնելով սույն Պայմանագրով սահմանված առանձնահատկությունները:

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության 104-րդ և 169-րդ կետերին համապատասխան (սույն Պայմանագրի 8-րդ հավելված) հակագնագցման կամ փոխհատուցման տուրքեր կիրառելիս հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման «Հակագնագցման կամ փոխհատուցման տուրքերի կիրառման մասին» Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 աշխատանքային օրվանից ոչ ուշ, ինչպես նաև հաշվեգրման ու բաշխման՝ նշված Արձանագրության հավելվածով սահմանված կարգով։

Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետների փոփոխություն՝ վճարումը երկարաձգելու կամ տարաժամկետ կատարելու ձևով, չի թույլատրվում:

Սահմանված ժամկետներում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չվճարելու կամ ոչ ամբողջությամբ վճարելու դեպքում դրանց գանձումն իրականացվում է այն անդամ պետության՝ ներմուծման մաքսատուրքերի գանձման համար օրենսդրությամբ նախատեսված կարգով, որի մաքսային մարմինն իրականացնում է մաքսատուրքերի, հարկերի գանձում՝ տույժերի հավելագրմամբ։ Ընդ որում, տույժերի հաշվարկման, վճարման, գանձման և վերադարձման կարգը նույնանման է այն կարգին, որը սահմանված է ներմուծման մաքսատուրքերը չվճարելու կամ ոչ ամբողջությամբ վճարելու հետ կապված վճարվող, գանձվող տույժերի համար:

Սույն կետի դրույթները տարածվում են նախնական հատուկ, նախնական հակագնագցման, նախնական փոխհատուցման տուրքերի հաշվարկման, վճարման և գանձման վրա:

7. Սակագնային արտոնությունների մասով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 74-րդ հոդվածը կիրառվում է՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 43-րդ հոդվածի դրույթները:

8. Մաքսային միության մաքսային օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ մասը չի կիրառվում։

Արտահանման մաքսատուրքերի հաշվարկման նպատակով կիրառվում են այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերը, որի տարածքում ապրանքները ձևակերպվում են մաքսային ընթացակարգով, կամ որի տարածքում հայտնաբերվել է Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման փաստ, եթե այլ բան սահմանված չէ Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների միջև կնքվող երկկողմ միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 102

IX բաժնին առնչվող անցումային դրույթներ

 

1. Անկախ սույն Պայմանագրի 35-րդ հոդվածի դրույթներից՝ անդամ պետություններն իրավունք ունեն երրորդ կողմի հետ առևտրում միակողմանիորեն առանձնաշնորհումներ տրամադրելու՝ այդ անդամ պետության կողմից այդպիսի երրորդ կողմի հետ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքվող միջազգային պայմանագրի կամ այն միջազգային պայմանագրի հիման վրա, որի մասնակիցներ են բոլոր անդամ պետությունները։

Անդամ պետություններն իրականացնում են այն պայմանագրերի միասնականացումը, որոնց հիման վրա առանձնաշնորհումներ են տրամադրվում։

2. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան գործող հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների վերանայման միջոցով Միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների նկատմամբ սահմանված հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցները կիրառվում են նախքան նշված միջոցների՝ Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ սահմանված գործողության ժամկետի ավարտը և կարող են վերանայվել սույն Պայմանագրի IX բաժնի դրույթներին և Պայմանագրին կից 8-րդ հավելվածին համապատասխան։

3. Սույն Պայմանագրի 36-րդ հոդվածի դրույթները կատարելու նպատակներով, նախքան զարգացող երկրների և (կամ) առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգերի կիրառման պայմաններն ու կարգը սահմանող՝ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելը, կիրառվում է «Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի մասին» 2008 թվականի դեկտեմբերի 12-ի արձանագրությունը։

4. Նախքան սույն Պայմանագրի 37-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող՝ ապրանքների ծագումը որոշելու կանոններ սահմանող՝ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելը՝ կիրառվում է «Ապրանքների ծագման երկիրը որոշելու միասնական կանոնների մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագիրը։

5. Նախքան սույն Պայմանագրի 37-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ապրանքների ծագումը որոշելու կանոններ սահմանող՝ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելը՝ կիրառվում է «Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոնների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 12-ի համաձայնագիրը։

 

Հոդված 103

XVI բաժնին առնչվող անցումային դրույթներ

 

1. Սույն Պայմանագրի 70-րդ հոդվածի 1-ին կետում շարադրված նպատակներն իրագործելու համար անդամ պետությունները մինչև 2025 թվականը կներդաշնակեցնեն ֆինանսական շուկայի ոլորտում իրենց օրենսդրությունը՝ Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին և «Ֆինանսական ծառայությունների մասին» արձանագրությանը համապատասխան (սույն Պայմանագրի 17-րդ հավելված)։

2. Ֆինանսական շուկաների ոլորտում օրենսդրության ներդաշնակեցումն ավարտելուց հետո անդամ պետությունները որոշում կկայացնեն ֆինանսական շուկայի կարգավորման հարցերով զբաղվող վերազգային մարմնի լիազորությունների ու գործառույթների մասին, 2025 թվականին այն կստեղծեն, և դրա գտնվելու վայրը կլինի Ալմաթա քաղաքը։

 

Հոդված 104

XX բաժնին առնչվող անցումային դրույթներ

 

1. Միասնական էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործմանը և ջերմաէներգետիկական ռեսուրսների միջպետական մատակարարումների օպտիմալացմանը նպաստող՝ Միության գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռների մշակումն ապահովելու նպատակներով անդամ պետությունների լիազորված մարմինները մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը մշակում և հաստատում են գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռների կազմման մեթոդաբանությունը։

2. Միության՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման նպատակներով Բարձրագույն խորհուրդը մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը կհաստատի հայեցակարգ, իսկ մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման ծրագիր՝ սահմանելով ծրագրի միջոցառումների իրականացման ժամկետը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը։

3. Միության՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման ծրագրի միջոցառումների իրականացումն ավարտվելուն պես անդամ պետությունները Միության շրջանակներում կկնքեն «Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման մասին» Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագիր, որը կներառի նաև էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիությունն ապահովող կանոններ, և կապահովեն դրա ուժի մեջ մտնելը ոչ ուշ, քան 2019 թվականի հուլիսի 1-ը։

4. Միության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման նպատակով Բարձրագույն խորհուրդը մինչև 2016 թվականի հունվարի 1-ը կհաստատի հայեցակարգը, իսկ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ Միության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը՝ սահմանելով ծրագրի միջոցառումների իրականացման ժամկետը մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։

5. Միության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի միջոցառումների իրականացումն ավարտելուն պես անդամ պետությունները Միության շրջանակներում կկնքեն «Միության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագիր, որը կներառի նաև անդամ պետությունների տարածքներում տեղակայված գազափոխադրման համակարգերի հասանելիությունն ապահովող կանոններ, և կապահովեն դրա ուժի մեջ մտնելը ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարի 1-ը։

6. Նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման նպատակով Բարձրագույն խորհուրդը մինչև 2016 թվականի հունվարի 1-ը կհաստատի հայեցակարգը, իսկ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ Միության՝ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը՝ սահմանելով ծրագրի միջոցառումների իրականացման ժամկետը մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։

7. Միության՝ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման ծրագրի միջոցառումների իրականացումն ավարտելուն պես անդամ պետությունները կկնքեն «Միության՝ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագիր, որը կներառի նաև անդամ պետությունների տարածքներում տեղակայված նավթի և նավթամթերքների փոխադրման համակարգերի հասանելիությունն ապահովող միասնական կանոններ, և կապահովեն դրա ուժի մեջ մտնելը ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարի 1-ը։

8. «Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովման, այդ թվում՝ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմունքների մասին» արձանագրությունը (սույն Պայմանագրի 21-րդ հավելված) գործում է մինչև սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը։

9. «Գազափոխադրման համակարգերով գազի փոխադրման ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության կանոնների, այդ թվում՝ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմունքների մասին» արձանագրությունը (սույն Պայմանագրի 22-րդ հավելված), գործում է մինչև սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը։

10. «Նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների կազմակերպման, կառավարման, գործունեության և զարգացման կարգի մասին» արձանագրությունը (սույն Պայմանագրի 23-րդ հավելված) գործում է մինչև սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը։

 

Հոդված 105

XXIV բաժնին առնչվող անցումային դրույթներ

 

1. Անդամ պետությունները 2017 թվականի հունվարի 1-ից կապահովեն «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» արձանագրության (սույն Պայմանագրի 28-րդ հավելված) 7-րդ կետով նախատեսված՝ Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը։

Նշված միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ուժի մեջ են մտնում սույն Պայմանագրի 93-րդ հոդվածի 6-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի, «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» արձանագրության (սույն Պայմանագրի 28-րդ հավելված) 6-րդ, 15-րդ, 20-րդ, 87-րդ և 97-րդ կետերի դրույթները։

2. Սույն Պայմանագրի 93-րդ հոդվածի և «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» արձանագրության (սույն Պայմանագրի 28-րդ հավելված) դրույթները չեն տարածվում անդամ պետությունների տարածքներում մինչև 2012 թվականի հունվարի 1-ը տրամադրվող սուբսիդիաների վրա։

 

Հոդված 106

XXV բաժնին առնչվող անցումային դրույթներ

 

1. «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների մասին» արձանագրության (սույն Պայմանագրի 29-րդ հավելված) 8-րդ կետի առաջին պարբերության դրույթների մասով Բելառուսի Հանրապետության համար մինչև 2016 թվականը անցումային ժամանակաշրջան է սահմանվում, որի ընթացքում Բելառուսի Հանրապետությունը պարտավորվում է նվազեցնել գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության թույլատրելի ծավալը հետևյալ չափով՝

2015 թվականին՝ 12 տոկոսով,

2016 թվականին՝ 10 տոկոսով։

2. Առևտրի վրա խաթարող ազդեցություն ունեցող միջոցների թույլատրված մակարդակի հաշվարկման մեթոդաբանությունը, որը նախատեսված է «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների մասին» արձանագրության (սույն Պայմանագրի 29-րդ հավելված) 8-րդ կետի երկրորդ պարբերությամբ, մշակվում և հաստատվում է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը։

3. «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների մասին» արձանագրության (սույն Պայմանագրի 29-րդ հավելված) 8-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված պարտավորությունները Բելառուսի Հանրապետության համար ուժի մեջ են մտնում ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարի 1-ը։

 

Բաժին XXVIII

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 107

Սոցիալական երաշխիքները, արտոնություններն ու անձեռնմխելիությունները

 

Անդամ պետություններից յուրաքանչյուրի տարածքում Միությունը, Հանձնաժողովի խորհրդի և Հանձնաժողովի կոլեգիայի անդամները, Միության դատարանի դատավորները, Հանձնաժողովի և Միության դատարանի պաշտոնատար անձինք և աշխատակիցներն օգտվում են իրենց վերապահված լիազորություններն ու պաշտոնական (ծառայողական) պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ սոցիալական երաշխիքներից, արտոնություններից և անձեռնմխելիություններից։ Նշված սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների ծավալը որոշվում է սույն Պայմանագրի 32-րդ հավելվածի համաձայն։

 

Հոդված 108

Միությանն անդամակցելը

 

1 Միությանը կարող է անդամակցել Միության նպատակները և սկզբունքները կիսող ցանկացած պետություն՝ անդամ պետությունների կողմից համաձայնեցված պայմաններով։

2. Միությանն անդամակցելու համար թեկնածու պետության կարգավիճակ ստանալու համար շահագրգիռ պետությունը Բարձրագույն խորհրդի նախագահի անունով համապատասխան դիմում է ուղարկում։

3. Միությանն անդամակցելու համար պետությանը թեկնածու պետության կարգավիճակ տալու մասին որոշումն ընդունվում է Բարձրագույն խորհրդի կողմից՝ ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով)։

4. Բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա ձևավորվում է թեկնածու պետության, անդամ պետությունների և Միության մարմինների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)՝ Միության իրավունքից բխող պարտավորություններն ստանձնելու մասով թեկնածու պետության պատրաստվածության աստիճանն ուսումնասիրելու, թեկնածու պետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն ուղղված գործողությունների ծրագրի նախագիծը, ինչպես նաև համապատասխան պետության՝ Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրի նախագիծը մշակելու համար, որով սահմանվում են թեկնածու պետության իրավունքների ու պարտականությունների ծավալը, այդ թվում՝ Միության մարմինների աշխատանքում դրա մասնակցության ձևաչափը։

5. Թեկնածու պետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն ուղղված գործողությունների ծրագիրը հաստատվում է Բարձրագույն խորհրդի կողմից։

6. Աշխատանքային խումբը կանոնավոր կերպով Բարձրագույն խորհրդի քննարկմանն է ներկայացնում հաշվետվություն՝ թեկնածու պետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն ուղղված գործողությունների ծրագրի՝ թեկնածու պետության կողմից իրականացման ընթացքի մասին։ Աշխատանքային խմբի այն եզրակացության հիման վրա, համաձայն որի թեկնածու պետությունն ամբողջությամբ կատարել է Միության իրավունքից բխող պարտավորությունները, Բարձրագույն խորհուրդն ընդունում է Միությանն անդամակցելու մասին թեկնածու պետության հետ միջազգային պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշում։ Նշված միջազգային պայմանագիրը ենթակա է վավերացման։

 

Հոդված 109

Դիտորդ պետությունները

 

1. Ցանկացած պետություն իրավասու է դիմելու Բարձրագույն խորհրդի նախագահին՝ իրեն Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու խնդրանքով։

2. Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու կամ նման կարգավիճակ տալը մերժելու մասին որոշումն ընդունվում է Բարձրագույն խորհրդի կողմից՝ հաշվի առնելով ինտեգրացիայի զարգացման շահերը և սույն Պայմանագրի նպատակների իրագործումը։

3. Միությանն առընթեր դիտորդ պետության լիազորված ներկայացուցիչները կարող են հրավերի հիման վրա ներկա գտնվել Միության մարմինների նիստերին, ստանալ Միության մարմինների կողմից ընդունվող՝ գաղտնի չհամարվող փաստաթղթերը։

4. Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակը չի տալիս Միության մարմիններում որոշումներ կայացնելու գործընթացին մասնակցելու իրավունք։

5. Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստացող պետությունը պարտավոր է ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի գործողությունից, որը կարող է վնասել Միության և անդամ պետությունների շահերին, սույն Պայմանագրի առարկային և նպատակներին։

Հոդված 110

Միության մարմինների աշխատանքային լեզուն։

Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի և Հանձնաժողովի որոշումների լեզուն

 

1. Միության մարմինների աշխատանքային լեզուն ռուսերենն է։

2. Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերը և Հանձնաժողովի որոշումները, որոնք պարտադիր են անդամ պետությունների համար, ընդունվում են ռուսերենով՝ հետագայում թարգմանվելով անդամ պետությունների պետական լեզուներով, եթե դա նախատեսված է դրանց օրենսդրությամբ Հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով։

Անդամ պետությունների պետական լեզուներով թարգմանությունն իրականացվում է այդ նպատակի համար Միության բյուջեով նախատեսված միջոցների հաշվին։

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված միջազգային պայմանագրերի և որոշումների մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալիս կիրառվում է ռուսերենով կազմված տեքստը։

 

Հոդված 111

Հասանելիությունը և հրապարակումը

 

1. Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերը, երրորդ կողմի հետ կնքվող՝ միջազգային պայմանագրերը և Միության մարմինների որոշումները ենթակա են ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում պաշտոնական հրապարակման Միջկառավարական խորհրդի կողմից սահմանված կարգով։

Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում Միության մարմնի որոշումը հրապարակելու ամսաթիվը համարվում է տվյալ որոշման պաշտոնական հրապարակման ամսաթիվը։

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ոչ մի որոշում չի կարող ուժի մեջ մտնել՝ մինչև այն պաշտոնապես չհրապարակվի։

3. Միության մարմինների որոշումներն ուղարկվում են անդամ պետություններին ոչ ուշ, քան որոշումը կայացնելու օրվանից հաշվարկված 3 օրացուցային օրվա ընթացքում։

4. Միության մարմինները ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում ապահովում են որոշումների նախագծերի նախնական հրապարակումը տվյալ որոշումն ընդունելու ամսաթվից առնվազն 30 օրացուցային օր առաջ։ Միության մարմինների որոշումների նախագծերը, որոնք ընդունվում են բացառիկ դեպքերում և պահանջում են օպերատիվ արձագանք, կարող են հրապարակվել այլ ժամկետներում։

Շահագրգիռ անձինք կարող են տվյալ մարմին ներկայացնել իրենց մեկնաբանություններն ու առաջարկությունները։

Այդպիսի մեկնաբանություններն ու առաջարկությունները հավաքելու, վերլուծելու և հաշվառելու կարգը սահմանվում է Միության համապատասխան մարմնի աշխատանքային կանոնակարգով։

5. Միության մարմինների՝ այնպիսի տեղեկություններ պարունակող որոշումները, որոնց տարածումը սահմանափակված է, և այդ որոշումների նախագծերը ենթակա չեն պաշտոնական հրապարակման։

6. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում Միության դատարանի այն որոշումների նկատմամբ, որոնց ուժի մեջ մտնելու և հրապարակվելու կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնադրությամբ (սույն Պայմանագրի 2-րդ հավելված)։

7. Սույն հոդվածի 4-րդ կետի դրույթները չեն կիրառվում Միության մարմինների որոշումների նկատմամբ, եթե այդ որոշումների նախագծերի նախնական հրապարակումը կարող է խոչընդոտել դրանց կատարումը կամ այլ կերպ հակասել հանրային շահերին։

 

Հոդված 112

Վեճերի կարգավորումը

 

Սույն Պայմանագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով։

Խորհրդակցությունների ու բանակցությունների անցկացման վերաբերյալ վեճի մի կողմից վեճի մյուս կողմին հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում, եթե Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտով (սույն Պայմանագրի 2-րդ հավելված) այլ ժամկետ նախատեսված չէ, վեճի կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ վեճը հանձնել Միության դատարանի քննությանը, եթե վեճի կարգավորման եղանակների վերաբերյալ կողմերի միջև այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

 

Հոդված 113

Պայմանագիրն ուժի մեջ մտնելը

 

Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից։

Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու դեպքում դադարեցվում է Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի ձևավորման շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի գործողությունը՝ սույն Պայմանագրի 33-րդ հավելվածի համաձայն։

 

Հոդված 114

Սույն Պայմանագրի փոխադարձ կապը միջազգային այլ պայմանագրերի հետ

 

1. Սույն Պայմանագիրը չի խոչընդոտում անդամ պետությունների կողմից միջազգային այնպիսի պայմանագրեր կնքելը, որոնք չեն հակասում սույն Պայմանագրի նպատակներին և սկզբունքներին։

2. Անդամ պետությունների միջև երկկողմ միջազգային պայմանագրերը, որոնցով սույն Պայմանագրի կամ Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի դրույթների հետ համեմատությամբ նախատեսվում է ինտեգրման ավելի խոր մակարդակ, կամ որոնցով հօգուտ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց ապահովվում են լրացուցիչ առավելություններ, կիրառվում են դրանք կնքած պետությունների միջև հարաբերություններում և կարող են կնքվել՝ պայմանով, որ դրանք չեն տարածվելու այդ և մյուս անդամ պետությունների կողմից սույն Պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված իրենց իրավունքների ու պարտավորությունների կատարման վրա։

 

Հոդված 115

Պայմանագրում փոփոխություններ կատարելը

 

Սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը։

 

Հոդված 116

Պայմանագրի գրանցումը Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում

 

Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան՝ սույն Պայմանագիրը ենթակա է Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում գրանցման։

 

Հոդված 117

Վերապահումները

 

Սույն Պայմանագրի մասով վերապահումներ չեն թույլատրվում։

 

Հոդված 118

Պայմանագրից դուրս գալը

 

1. Ցանկացած անդամ պետություն իրավունք ունի դուրս գալու սույն Պայմանագրից՝ դիվանագիտական ուղիներով սույն Պայմանագրի ավանդապահին ուղարկելով գրավոր ծանուցում սույն Պայմանագրից դուրս գալու իր մտադրության մասին։ Այդ պետության մասով սույն Պայմանագրի գործողությունը դադարում է սույն Պայմանագրի ավանդապահի կողմից այդ ծանուցումն ստանալու օրվանից 12 ամիս հետո։

2. Անդամ պետությունը, որը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ծանուցել է սույն Պայմանագրից դուրս գալու իր մտադրության մասին, պարտավոր է կարգավորել սույն Պայմանագրին իր մասնակցության առնչությամբ ծագած ֆինանսական պարտավորությունները։ Տվյալ պարտավորությունն ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ այդ պարտավորությունն ամբողջովին չի կատարվել՝ անկախ սույն Պայմանագրից պետության դուրս գալու հանգամանքից։

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ծանուցման հիման վրա Բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունում սույն Պայմանագրին անդամ պետության մասնակցության առնչությամբ ծագած ֆինանսական պարտավորությունները կարգավորելու գործընթացն սկսելու մասին։

4. Սույն Պայմանագրից դուրս գալն ինքնաբերաբար հանգեցնում է Միության անդամակցության դադարմանը և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերից դուրս գալուն։

Կատարված է Աստանա քաղաքում, 2014 թվականի մայիսի 29-ին, մեկ օրինակից՝ բելառուսերենով, ղազախերենով և ռուսերենով, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։

Սույն Պայմանագրի մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալիս կիրառվում է ռուսերենով կազմված տեքստը։

Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Պայմանագրի ավանդապահ, յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը։

 

Բելառուսի
Հանրապետության
կողմից

Ղազախստանի
Հանրապետության
կողմից

Ռուսաստանի
Դաշնության
կողմից

     

/ստորագրություն/

/ստորագրություն/

/ստորագրություն/

ՀԱՎԵԼՎԱԾ 1
«Եվրասիական տնտեսական
միության մասին» պայմանագրի

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 18-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Հանձնաժողովը Միության մշտապես գործող կարգավորող մարմինն է։

Հանձնաժողովի հիմնական խնդիրները Միության գործունեության և զարգացման պայմանների ապահովումն է, ինչպես նաև Միության շրջանակներում տնտեսական ինտեգրման ոլորտում առաջարկների մշակումը։

2. Հանձնաժողովն իրականացնում է իր գործունեությունը՝ հիմնվելով հետևյալ սկզբունքների վրա.

1) անդամ պետությունների ազգային շահերը հաշվի առնելու, իրավահավասարության և փոխշահավետության ապահովում,

2) ընդունվող որոշումների տնտեսական հիմնավորվածություն,

3) բաց լինելը, հրապարակայնություն և օբյեկտիվություն։

3. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Միության շրջանակներում կնքված Պայմանագրով և միջազգային պայմանագրերով նախատեսված լիազորությունների սահմաններում՝ հետևյալ ոլորտներում.

1) մաքսասակագնային և ոչ սակագնային կանոնակարգում,

2) մաքսային կանոնակարգում,

3) տեխնիկական կանոնակարգում,

4) սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ,

5) ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրում ու բաշխում,

6) երրորդ երկրների նկատմամբ առևտրային ռեժիմի սահմանում,

7) արտաքին ու փոխադարձ առևտրի վիճակագրություն,

8) մակրոտնտեսական քաղաքականություն,

9) մրցակցային քաղաքականություն,

10) արդյունաբերական և գյուղատնտեսական սուբսիդիաներ,

11) էներգետիկ քաղաքականություն,

12) բնական մենաշնորհներ,

13) պետական և (կամ) մունիցիպալ գնումներ,

14) ծառայությունների փոխադարձ առևտուր և ներդրումներ,

15) տրանսպորտ և փոխադրումներ,

16) արժութային քաղաքականություն,

17) մտավոր սեփականություն,

18) աշխատանքային միգրացիա,

19) ֆինանսական շուկաներ (բանկային ոլորտ, ապահովագրության ոլորտ, արժութային շուկա, արժեթղթերի շուկա),

20) Միության շրջանակներում կնքված Պայմանագրով և միջազգային պայմանագրերով սահմանված այլ ոլորտներ։

4. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ապահովում է Միության իրավունքում ներառված միջազգային պայմանագրերի կիրարկումը։

5. Հանձնաժողովն իրականացնում է Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի, Բարձրագույն խորհրդի և Միջկառավարական խորհրդի որոշումների ավանդապահի գործառույթները։

6. Բարձրագույն խորհուրդը կարող է Հանձնաժողովին իրավունք վերապահել ստորագրելու վերջինիս իրավասության սահմաններում գտնվող հարցերին առնչվող միջազգային պայմանագրեր։

7. Միության արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով Հանձնաժողովն իրավունք ունի ստեղծելու խորհրդատվական մարմիններ այն առանձին հարցերի մասով խորհրդատվություն տրամադրելու համար, որոնց վերաբերյալ որոշումներ ընդունելը Հանձնաժողովի իրավասության սահմաններում է։

8. Հանձնաժողովն իրավունք ունի անդամ պետություններից պահանջելու Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը։ Դիրքորոշումը ներկայացնելու վերաբերյալ հարցումն ուղարկվում է անդամ պետությունների կառավարություններ։ Հանձնաժողովը նաև իրավունք ունի անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջելու իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ։ Հանձնաժողովի՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց հասցեագրված հարցումների պատճենները, բացառությամբ գաղտնի տեղեկություններ պարունակող հարցումների, միաժամանակ ուղարկվում են անդամ պետության գործադիր իշխանության լիազոր մարմին։ Դիրքորոշումը ներկայացնելու կամ տեղեկություններ տրամադրելու մասին հարցումը Հանձնաժողովի անունից ուղարկվում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կամ Հանձնաժողովի կոլեգիայի անդամի կողմից, եթե Պայմանագրով այլ բան սահմանված չէ։

Անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններն ապահովում են պահանջվող տեղեկությունների տրամադրումը Հանձնաժողովի աշխատանքի Կանոնակարգով սահմանված ժամկետում՝ պայմանով, որ այդ տեղեկությունները չեն պարունակում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիք համարվող կամ սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկություններ։

Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ պետական գաղտնիք համարվող տեղեկություններ կամ սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկություններ պարունակող տեղեկատվություն փոխանակելու կարգը սահմանվում է Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով։

9. Հանձնաժողովը պատասխանատու է Միության բյուջեն կազմելու և դրա կատարողականի մասին հաշվետվություն պատրաստելու համար, այն Հանձնաժողովի բյուջետային նախահաշվի միջոցների կարգադրիչն է։

10. Հանձնաժողովն օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից։

11. Հանձնաժողովը բաղկացած է Հանձնաժողովի խորհրդից ու Հանձնաժողովի կոլեգիայից։ Հանձնաժողովի խորհրդի և Հանձնաժողովի կոլեգիայի գործունեության կարգը կարգավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակարգով, որը հաստատվում է Բարձրագույն խորհրդի կողմից (այսուհետ՝ Աշխատակարգ)։

12 Հանձնաժողովի խորհուրդն իրավունք ունի ստեղծելու կառուցվածքային ստորաբաժանումներ (այսուհետ՝ Հանձնաժողովի դեպարտամենտներ)։

13. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է նորմատիվ իրավական բնույթի և անդամ պետությունների համար պարտադիր որոշումներ, կազմակերպչական ու կարգադրիչային բնույթի կարգադրություններ և ոչ պարտադիր բնույթի հանձնարարականներ։

Հանձնաժողովի որոշումներն ընդգրկվում են Միության իրավունքի մեջ և ենթակա են անմիջական կիրառության անդամ պետությունների տարածքներում։

14. Հանձնաժողովի որոշումները, կարգադրությունները և հանձնարարականներն ընդունվում են Հանձնաժողովի խորհրդի և Հանձնաժողովի կոլեգիայի կողմից՝ Պայմանագրով ու Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված լիազորությունների սահմաններում և Պայմանագրով ու Կանոնակարգով նախատեսված կարգով։

Հանձնաժողովի խորհրդի և Հանձնաժողովի կոլեգիայի լիազորությունների ու գործառույթների սահմանագծումը սահմանվում է Կանոնակարգով։

15. Հանձնաժողովի այն որոշումները, որոնք կարող են ազդեցություն ունենալ ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանների վրա, ընդունվում են՝ հաշվի առնելով այդ որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման արդյունքները։

Հանձնաժողովի՝ նշված որոշումների նախագծերի կարգավորող ազդեցությունը գնահատելու ընթացակարգի իրականացման կարգը սահմանվում է Կանոնակարգով։

16. Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 30 օրացուցային օրը լրանալուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով։

Հանձնաժողովի՝ սույն Կանոնակարգի 18-րդ կետում նշված որոշումներով, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից բացառիկ դեպքերում ընդունվող և արագ արձագանք պահանջող որոշումներով կարող է նախատեսվել ուժի մեջ մտնելու այլ ժամկետ, սակայն դրանց պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 10 օրացուցային օր հետո։

Հանձնաժողովի՝ սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված որոշումների ընդունման և դրանց ուժի մեջ մտնելու կարգը սահմանվում է Կանոնակարգով։

Հանձնաժողովի՝ սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկություններ պարունակող որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետում։

Հանձնաժողովի հանձնարարականներն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետում։

17. Հանձնաժողովի այն որոշումները, որոնցով վատթարացվում է ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կարգավիճակը, հետադարձ ուժ չունեն։

18. Հանձնաժողովի այն որոշումները, որոնցով բարելավվում է ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կարգավիճակը, կարող են հետադարձ ուժ ունենալ, եթե դա ուղղակիորեն նախատեսված է այդ որոշումներով։

19. Հանձնաժողովի որոշումների հրապարակումը և դրանց մատչելիության ապահովումն իրականացվում է Պայմանագրի 111-րդ հոդվածով սահմանված կարգով։

20. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Պայմանագրի 18-րդ հոդվածին և սույն Կանոնակարգին համապատասխան՝ Հանձնաժողովի խորհրդի անդամների կամ Հանձնաժողովի կոլեգիայի անդամների քվեարկության միջոցով։

21. Հանձնաժողովում ձայները բաշխվում են հետևյալ կերպ.

1) Հանձնաժողովի խորհրդում՝ Հանձնաժողովի խորհրդի անդամի մեկ ձայնը համարվում է մեկ ձայն,

2) Հանձնաժողովի կոլեգիայում՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամի մեկ ձայնը համարվում է մեկ ձայն։

 

II. Հանձնաժողովի Խորհուրդը

 

22. Հանձնաժողովի խորհուրդն իրականացնում է Միությունում ինտեգրացիոն գործընթացների ընդհանուր կարգավորումը, ինչպես նաև Հանձնաժողովի գործունեության ընդհանուր ղեկավարումը։

23. Հանձնաժողովի խորհրդի կազմում ընդգրկվում է յուրաքանչյուր անդամ պետությունից՝ կառավարության ղեկավարի տեղակալի մակարդակով և իր պետության օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ լիազորություններով օժտված մեկական ներկայացուցիչ։

Անդամ պետությունները Կանոնակարգով սահմանված կարգով տեղեկացնում են միմյանց, ինչպես նաև Հանձնաժողովի կոլեգիային՝ Հանձնաժողովի խորհրդի կազմում ընդգրկված ներկայացուցչի մասին:

24. Հանձնաժողովի խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթներն ու լիազորությունները.

1) կազմակերպում է Միության գործունեության իրավական կարգավորման բարելավմանն ուղղված աշխատանքներ,

2) Բարձրագույն խորհրդի հաստատմանն է ներկայացնում Միության շրջանակներում ինտեգրման հիմնական ուղղությունները,

3) քննարկում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ընդունված Հանձնաժողովի որոշումները սույն Պայմանագրի 30-րդ կետով նախատեսված կարգով չեղյալ հայտարարելու կամ դրանցում փոփոխություններ կատարելու հարցը,

4) քննարկում է Միության իրավունքում ներառված միջազգային պայմանագրերի կիրարկման մոնիթորինգի և վերահսկողության արդյունքները,

5) Միջկառավարական խորհրդի քննարկմանն է ներկայացնում կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգի իրականացման մոնիթորինգի մասին տարեկան հաշվետվություն,

6) հաստատում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կողմից ներկայացվող՝ Հանձնաժողովի դեպարտամենտների ցանկը, դրանց կառուցվածքը և հաստիքների թիվը, ինչպես նաև դրանց բաշխումը Հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև,

7) հաստատում է Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցներին ներկայացվող որակավորման պահանջները,

8) ընդունում է Հանձնաժողովի աշխատակիցներին արտոնություններից և անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում՝ Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների ու անձեռնմխելիության մասին Կանոնակարգով նախատեսված հիմքերով (Պայմանագրի 32-րդ հավելված),

9) հաստատում է Միության բյուջեի նախագիծը,

10) հաստատում է Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների աշխատանքի վարձատրության կարգը,

11) հաստատում է Հանձնաժողովի դեպարտամենտների հաստիքների ընդհանուր առավելագույն թիվը,

12) հաստատում է Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման և զարգացման ծրագիրը,

13) անդամ պետությունների քաղաքացիների՝ Հանձնաժողովի դեպարտամենտներում աշխատանքի տեղավորվելու՝ Պայմանագրով նախատեսված իրավունքների պահպանումն ապահովելու նպատակով Հանձնաժողովի խորհրդին կից ստեղծում է էթիկայի հանձնաժողով և հաստատում է դրա վերաբերյալ կանոնակարգը,

14) հանձնարարություններ է տալիս Հանձնաժողովի կոլեգիային,

15) իրականացնում է այլ գործառույթներ և լիազորություններ՝ Պայմանագրին, Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին և Կանոնակարգին համապատասխան։

25. Հանձնաժողովի խորհուրդն իրավունք ունի սահմանելու այն հարցերը, որոնց մասով Հանձնաժողովի կոլեգիան պարտավոր է խորհրդատվություններ անցկացնելու սույն Կանոնակարգի 44-րդ կետին համապատասխան ստեղծված խորհրդատվական մարմնի շրջանակներում՝ Հանձնաժողովի խորհրդի կամ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ընդունելուց առաջ։

26. Հանձնաժողովի խորհրդի նիստերն անցկացվում են Կանոնակարգին համապատասխան։ Հանձնաժողովի խորհրդի յուրաքանչյուր անդամ կարող է նախաձեռնել Հանձնաժողովի խորհրդի նիստի անցկացում, ինչպես նաև ներկայացնել Հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգին վերաբերող առաջարկություններ։

Հանձնաժողովի խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին ներկա են Հանձնաժողովի խորհրդի բոլոր անդամները։

27. Հանձնաժողովի խորհրդի նիստերին մասնակցում են Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, ինչպես նաև Հանձնաժողովի կոլեգիայի անդամները՝ Հանձնաժողովի խորհրդի հրավերով։ Հանձնաժողովի խորհրդի անդամները Հանձնաժողովի խորհրդի նիստերին կարող են հրավիրել անդամ պետությունների ներկայացուցիչներին և այլ անձանց։

Հանձնաժողովի խորհրդի նիստերին կարող են մասնակցել երրորդ երկրների ներկայացուցիչներ՝ Պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով։

28. Հանձնաժողովի խորհրդում նախագահությունն իրականացվում է Պայմանագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան։

Հանձնաժողովի խորհրդի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում նախագահող անդամ պետությունը ներկայացնող՝ Հանձնաժողովի խորհրդի նոր անդամն իրականացնում է Հանձնաժողովի խորհրդի նախագահի լիազորությունները մնացած ժամանակահատվածում։

Հանձնաժողովի խորհրդի նախագահը.

իրականացնում է Հանձնաժողովի խորհրդի հերթական նիստում քննարկման ներկայացվող հարցերի մասով նախապատրաստական աշխատանքների ընդհանուր ղեկավարումը,

սահմանում է օրակարգը,

բացում, վարում և փակում է Հանձնաժողովի խորհրդի նիստերը։

29. Հանձնաժողովի խորհուրդը որոշումները, կարգադրությունները և հանձնարարականներն ընդունում է իր լիազորությունների շրջանակներում։

Հանձնաժողովի խորհուրդը որոշումները, կարգադրությունները և հանձնարարականներն ընդունում է ընդհանուր համաձայնութան (կոնսենսուսի) հիման վրա։

Ընդհանուր համաձայնութան (կոնսենսուսի) չհասնելու դեպքում Հանձնաժողովի խորհրդի ցանկացած անդամի առաջարկով հարցը քննարկման է ներկայացվում Բարձրագույն խորհուրդ կամ Միջկառավարական խորհուրդ։

30. Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը հրապարակելու օրվանից հետո՝ 15 օրացուցային օրվա ընթացքում, անդամ պետությունը կամ Հանձնաժողովի խորհրդի անդամն իրավունք ունի այն չեղյալ հայտարարելու կամ դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկ ներկայացնելու Հանձնաժողովի կոլեգիա։

Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը նշված առաջարկությունն ստանալու օրը Հանձնաժողովի խորհրդի անդամներին ուղարկում է համապատասխան որոշմանն առնչվող նյութեր։

Այդ նյութերն ստանալուց հետո Հանձնաժողովի խորհուրդը քննարկում է դրանք և որոշում է կայացնում 10 օրացուցային օրվա ընթացքում։

Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը չեղյալ հայտարարելու կամ դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցի քննարկման արդյունքներով Հանձնաժողովի խորհրդի կողմից կայացված որոշման հետ չհամաձայնելու դեպքում կամ սույն կետի երրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետն ավարտվելու դեպքում անդամ պետությունը Հանձնաժողովի խորհրդի որոշման պաշտոնական հրապարակումից ոչ ուշ, քան 30 օրացուցային օր հետո կարող է կառավարության ղեկավարի ստորագրությամբ նամակ ուղարկել Հանձնաժողով՝ համապատասխան հարցը Միջկառավարական խորհրդի և (կամ) Բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնելու առաջարկով։

Անդամ պետության կառավարության ղեկավարն իրավունք ունի դիմելու Հանձնաժողով սույն Կանոնակարգի 16-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ Հանձնաժողովի որոշումների վերաբերյալ հարցը Միջկառավարական խորհրդի և (կամ) Բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնելու առաջարկով՝ ցանկացած փուլում՝ նախքան դրանց ուժի մեջ մտնելը։

Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը սույն կետին համապատասխան չեղյալ հայտարարելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին առաջարկ ներկայացնելու դեպքում այդ որոշումը ուժի մեջ չի մտնում և կասեցվում է Միջկառավարական խորհրդի և (կամ) Բարձրագույն խորհրդի կողմից որոշման վերաբերյալ հարցը քննարկելու և այդ քննարկման արդյունքներով համապատասխան որոշում կայացնելու համար անհրաժեշտ ժամկետով։

 

III. Հանձնաժողովի Կոլեգիան

 

31. Հանձնաժողովի կոլեգիան հանդիսանում է Հանձնաժողովի գործադիր մարմինը։

Հանձնաժողովի կոլեգիան բաղկացած է Կոլեգիայի անդամներից, որոնցից մեկը Հանձնաժողովի կոլեգիայի նախագահն է։

Հանձնաժողովի կոլեգիան կազմավորվում է անդամ պետությունների ներկայացուցիչներից՝ ելնելով անդամ պետությունների հավասար ներկայացուցչության սկզբունքից։

Հանձնաժողովի կոլեգիայի քանակական կազմը և Հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխումը սահմանում է Բարձրագույն խորհուրդը։

Հանձնաժողովի կոլեգիան իրականացնում է Հանձնաժողովի դեպարտամենտների ղեկավարում։

32. Հանձնաժողովի կոլեգիայի անդամը պետք է լինի իր կողմից ներկայացվող անդամ պետության քաղաքացի։

Հանձնաժողովի կոլեգիայի անդամները պետք է բավարարեն հետևյալ պահանջները. ունենան պաշտոնեական պարտականություններին համապատասխանող մասնագիտական պատրաստվածություն (որակավորում), ինչպես նաև պաշտոնեական պարտականությունների գծով առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ, այդ թվում՝ առնվազն 1 տարի ղեկավար պաշտոն զբաղեցնեն անդամ պետությունների պետական մարմիններում։

33. Հանձնաժողովի կոլեգիայի անդամներին նշանակում է Բարձրագույն խորհուրդը՝ 4 տարի ժամկետով, լիազորությունների ժամկետի հնարավոր երկարաձգմամբ։

Հանձնաժողովի կոլեգիայի նախագահին նշանակում է Բարձրագույն խորհուրդը՝ 4 տարի ժամկետով, ռոտացիոն հիմունքով, առանց երկարաձգման իրավունքի։ Ռոտացիան իրականացվում է հերթականությամբ՝ ռուսերենի այբբենական կարգով՝ ըստ անդամ պետության անվանման։

34. Հանձնաժողովի կոլեգիայի անդամները Հանձնաժողովում աշխատում են մշտական հիմունքներով։ Հանձնաժողովի կոլեգիայի անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են անդամ պետությունների պետական մարմիններից ու պաշտոնատար անձանցից և չեն կարող պահանջել կամ ստանալ ցուցումներ անդամ պետությունների իշխանության մարմիններից կամ պաշտոնատար անձանցից։

Միջազգային գործունեության հարցերով անդամ պետությունների հետ Հանձնաժողովի կոլեգիայի անդամների փոխգործակցության մեխանիզմը սահմանվում է Բարձրագույն խորհրդի կողմից հաստատվող՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցություն իրականացնելու Կարգին համապատասխան։

35. Հանձնաժողովի կոլեգիայի անդամներն իրենց լիազորությունների գործողության ամբողջ ժամկետի ընթացքում իրավունք չունեն Հանձնաժողովի կոլեգիայում աշխատանքը համատեղելու այլ աշխատանքի հետ կամ զբաղվելու մեկ այլ վարձատրվող գործունեությամբ՝ բացի մանկավարժական, գիտական կամ այլ ստեղծագործական գործունեությունից։

36. Հանձնաժողովի կոլեգիայի անդամներն իրավունք չունեն.

1) վճարովի հիմունքներով մասնակցելու առևտրային կազմակերպության կառավարման մարմնի գործունեությանը,

2) իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն,

3) լիազորությունների իրականացման հետ կապված՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ստանալու փոխհատուցումներ (նվերներ, դրամական փոխհատուցում, փոխատվություններ, ծառայություններ, ժամանցի, հանգստի, տրանսպորտային ծախսերի վճարում և այլ փոխհատուցումներ). Հանձնաժողովի կոլեգիայի անդամի կողմից արարողակարգային միջոցառումների, ծառայողական գործողումների և այլ պաշտոնական միջոցառումների առթիվ ստացված նվերները (խորհրդանշական նվերներից բացի) համարվում են Հանձնաժողովի սեփականությունը և ակտի հիման վրա փոխանցվում են Հանձնաժողովին: Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որն այդպիսի նվեր է փոխանցել, կարող է այն հետ գնել Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատված կարգով,

4) ուղևորություններ կատարելու ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցների հաշվին՝ պաշտոնեական պարտականությունների կատարման նպատակով,

5) լիազորությունների իրականացման հետ կապ չունեցող նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական և այլ ապահովման միջոցներ, Հանձնաժողովի այլ գույք, ինչպես նաև դրանք փոխանցելու այլ անձանց,

6) լիազորությունների իրականացման հետ կապ չունեցող նպատակներով հրապարակելու կամ օգտագործելու գաղտնի բնույթի տվյալներ կամ լիազորությունների իրականացման առնչությամբ իրեն հայտնի դարձած ծառայողական տեղեկություններ,

7) Հանձնաժողովի կոլեգիայի անդամի լիազորություններն օգտագործելու հօգուտ քաղաքական կուսակցությունների, հասարակական միավորումների, կրոնական միավորումների և այլ կազմակերպությունների շահերի, ինչպես նաև որպես Հանձնաժողովի կոլեգիայի անդամ հրապարակայնորեն արտահայտելու իր վերաբերմունքը նշված միավորումների ու կազմակերպությունների նկատմամբ (եթե դա իր լիազորությունների մեջ ներառված չէ),

8) Հանձնաժողովում ստեղծելու քաղաքական կուսակցությունների, այլ հասարակական միավորումների (բացառությամբ արհմիությունների, վետերանների և հասարակական ինքնագործունեության այլ մարմինների) և կրոնական միավորումների կառույցներ կամ նպաստելու նշված կառույցների ստեղծմանը։

37. Եթե Հանձնաժողովի կոլեգիայի անդամի տնօրինության տակ գտնվում են եկամուտ բերող արժեթղթեր և (կամ) բաժնետոմսեր (կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցության բաժնեմասեր), ապա նա պարտավոր է ողջամիտ ժամկետներում իրեն պատկանող արժեթղթերը և (կամ) բաժնետոմսերը (կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցության բաժնեմասերը) փոխանցել հավատարմագրային կառավարման։

38. Սույն Կանոնակարգի 35-ից 37-րդ կետերով սահմանված սահմանափակումները կիրառվում են նաև Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների նկատմամբ։

39. Սույն Կանոնակարգի 35-ից 37-րդ կետերով սահմանված սահմանափակումների ցանկացած խախտում Հանձնաժողովի կոլեգիայի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, Հանձնաժողովի պաշտոնատար անձի, աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիրը խզելու հիմք է։

40. Յուրաքանչյուր անդամ պետություն Բարձրագույն խորհուրդ է ներկայացնում Հանձնաժողովի կոլեգիայի անդամի պաշտոնի թեկնածուներին։

Բարձրագույն խորհուրդը, անդամ պետությունների ներկայացմամբ, հաստատում է Հանձնաժողովի կոլեգիայի անհատական կազմը՝ ներառյալ Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։

Եթե Բարձրագույն խորհուրդը չի հաստատում Հանձնաժողովի կոլեգիայի անդամի թեկնածությունը, ապա անդամ պետությունը 30 օրացուցային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածություն։

41. Անդամ պետություններն իրավունք չունեն Հանձնաժողովի կոլեգիայի անդամին հետ կանչելու՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս անբարեխղճորեն է կատարում իր պաշտոնեական պարտականությունները, կամ սույն Կանոնակարգի 35-ից 37-րդ կետերում նշված դեպքերի։

Հանձնաժողովի կոլեգիայի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը (բացառությամբ կամավոր հրաժարականի) իրականացվում է Բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա՝ անդամ պետության ներկայացմամբ։

Հանձնաժողովի կոլեգիայի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Հանձնաժողովի կոլեգիայի նախկին անդամի լիազորությունների մնացած ժամանակահատվածի համար Հանձնաժողովի կոլեգիայի նոր անդամը նշանակվում է այն նույն անդամ պետության ներկայացմամբ, որի կողմից ներկայացվել էր լիազորությունները դադարեցրած Հանձնաժողովի կոլեգիայի անդամը։

42. Հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխումը, ինչպես նաև Հանձնաժողովի դեպարտամենտների հաստիքների ընդհանուր առավելագույն թիվը և Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց ու աշխատակիցների աշխատանքի վարձատրության կարգը (այդ թվում՝ դրանց դրամական պարունակությունը) հաստատում է Բարձրագույն խորհուրդը։

43. Հանձնաժողովի կոլեգիան ապահովում է հետևյալ գործառույթների ու լիազորությունների իրականացումը.

1) իրականացնում է Միության շրջանակներում ինտեգրման ոլորտում առաջարկությունների մշակում և անդամ պետությունների կողմից ներկայացված առաջարկությունների ամփոփում (ներառյալ ինտեգրման հիմնական ուղղությունների մշակումն ու իրականացումը),

2) ընդունում է որոշումներ, կարգադրություններ և հանձնարարականներ,

3) կատարում է Բարձրագույն խորհրդի և Միջկառավարական խորհրդի կողմից ընդունված որոշումներն ու կարգադրությունները և Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունված որոշումները,

4) իրականացնում է Միության իրավունքում ներառված միջազգային պայմանագրերի և Հանձնաժողովի որոշումների կատարման նկատմամբ մոնիթորինգ և հսկողություն, ինչպես նաև տեղեկացնում է անդամ պետություններին դրանց կատարման անհրաժեշտության մասին,

5) յուրաքանչյուր տարի կատարված աշխատանքի մասին հաշվետվություն է ներկայացնում Հանձնաժողովի խորհրդի ուսումնասիրմանը,

6) մշակում է հանձնարարականներ՝ Միության ձևավորմանը, գործունեությանը և զարգացմանն առնչվող հարցերի վերաբերյալ,

7) պատրաստում է փորձագիտական (գրավոր) եզրակացություններ՝ անդամ պետությունների կողմից Հանձնաժողով ներկայացված առաջարկների վերաբերյալ,

8) աջակցում է անդամ պետություններին Միության շրջանակներում վեճերի կարգավորման հարցում՝ նախքան Միության դատարան դիմելը,

9) ապահովում է Հանձնաժողովի շահերը ներկայացնելը դատական ատյաններում, այդ թվում՝ Միության դատարանում,

10) իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է համագործակցություն անդամ պետությունների պետական իշխանության մարմինների հետ,

11) ուսումնասիրում է Հանձնաժողով ներկայացվող հարցումները,

12) Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ներկայացմամբ՝ հաստատում է Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների արտասահմանյան գործողումների հերթական տարվա ծրագիրը,

13) Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ներկայացմամբ՝ հաստատում է հերթական տարվա գիտահետազոտական աշխատանքների ծրագիրը՝ խորհրդատվական կոմիտեներում այն քննարկելուց հետո, տեղեկացնում է Հանձնաժողովի խորհրդին նշված ծրագրի մասին,

14) իրականացնում է Միության բյուջեի նախագծի մշակումը և դրա կատարողականի մասին հաշվետվության նախագծերի պատրաստումը, ապահովում է Հանձնաժողովի բյուջետային նախահաշվի կատարումը,

15) մշակում է միջազգային պայմանագրերի և Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունվող՝ Հանձնաժողովի որոշումների նախագծերը, ինչպես նաև Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր,

16) սահմանված կարգով իրականացնում է կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգը և ապահովում է այդ ընթացակարգի իրականացման մոնիթորինգի մասին տարեկան հաշվետվության պատրաստումը,

17) ապահովում է Հանձնաժողովի խորհրդի, Միջկառավարական խորհրդի և Բարձրագույն խորհրդի, ինչպես նաև Պայմանագրի 5-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան ստեղծվող օժանդակ մարմինների նիստերի անցկացումը,

18) Հանձնաժողովի պաշտոնտար անձանց և աշխատակիցներին արտոնություններից ու անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը,

19) տեղաբաշխում է պատվերներ և կնքում պայմանագրեր Հանձնաժողովի կարիքներից բխող ապրանքների մատակարարման, աշխատանքների իրականացման և ծառայությունների մատուցման վերաբերյալ՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված կարգով,

20) ապահովում է սահմանափակ հասանելիություն ունեցող (գաղտնի և ծառայողական օգտագործման) փաստաթղթերի հետ աշխատելու կարգի պահպանումը, որը հաստատվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից։

44. Հանձնաժողովի կոլեգիան իրավունք ունի Հանձնաժողովի կոլեգիային կից ստեղծելու խորհրդատվական մարմիններ, որոնց գործունեությունն ու աշխատանքի կարգը սահմանվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատվող համապատասխան կանոնակարգերով։ Ընդ որում, Հանձնաժողովի կոլեգիայի կողմից սահմանված հարցերի քննարկման համար Հանձնաժողովի կոլեգիան պարտադիր կարգով ստեղծում է համապատասխան խորհրդատվական մարմին։

45. Հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական մարմինների կազմում ընդգրկված են անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազոր ներկայացուցիչները։

Անդամ պետությունների առաջարկով Հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական մարմինների կազմում ընդգրկվում են գործարար համայնքի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ։

46. Հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական մարմիններն իրենց լիազորությունների սահմաններում Հանձնաժողովի համար հանձնարարականներ են պատրաստում իրենց իրավասությանը վերաբերող հարցերի մասով։ Խորհրդատվական մարմինների նիստերին ներկայացված՝ խորհրդատվական մարմինների անդամների առաջարկությունները չեն կարող դիտարկվել որպես անդամ պետությունների վերջնական դիրքորոշում։

47. Հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական մարմինների գործունեության կազմակերպչական և տեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից։

Հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական մարմինների աշխատանքին անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների լիազոր ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը հոգում են ուղարկող անդամ պետությունները։ Հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական մարմինների աշխատանքում գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, այլ անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք հոգում են ինքնուրույն։

48. Հանձնաժողովի կոլեգիան իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, կարգադրություններ և հանձնարարականներ։

Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումները, կարգադրությունները և հանձնարարականները ստորագրում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։

49. Հանձնաժողովի կոլեգիայի նիստերը, որպես կանոն, անցկացվում են առնվազն շաբաթական մեկ անգամ։

Հանձնաժողովի կոլեգիայի անդամները Հանձնաժողովի կոլեգիայի նիստին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։

Եթե Հանձնաժողովի կոլեգիայի անդամի մասնակցությունը Հանձնաժողովի կոլեգիայի նիստին օբյեկտիվորեն անհնար է, ապա Կանոնակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի կոլեգիայի անդամն իրավունք ունի գրավոր ներկայացնելու իր դիրքորոշումը կամ Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի լիազորագրով և համաձայնությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու իրավունքը պատվիրակելու Հանձնաժողովի այն դեպարտամենտի տնօրենին, որի իրավասության սահմաններում է գտնվում քննարկվող հարցը։ Ընդ որում, Հանձնաժողովի դեպարտամենտի տնօրենը քվեարկելիս ձայնի իրավունք չունի։

Կոլեգիայի նիստերին կարող են մասնակցել անդամ պետություններից մեկական ներկայացուցիչ։

Հանձնաժողովի կոլեգիայի անդամներից նույնիսկ մեկի խնդրանքով Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի որոշման հիման վրա կարող են անցկացվել արտահերթ նիստեր։ Հանձնաժողովի կոլեգիայի նիստերի անցկացման կարգը և քվեարկության ընթացակարգը սահմանվում են Կանոնակարգով։

50. Հանձնաժողովի կոլեգիայի նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերից յուրաքանչյուրին առնչվող փաստաթղթերի և նյութերի փաթեթը պարտադիր կարգով ուղարկվում է անդամ պետություններ՝ Կանոնակարգին համապատասխան, սակայն ոչ ուշ, քան Հանձնաժողովի կոլեգիայի նիստից 30 օրացուցային օր առաջ։

51. Հանձնաժողովի խորհրդի նախագահը.

1) կազմակերպում է Հանձնաժողովի կոլեգիայի գործունեությունը և պատասխանատվություն է կրում վերջինիս վրա դրված գործառույթների իրականացման համար,

2) սահմանված կարգով կազմում է Հանձնաժողովի կոլեգիայի և Հանձնաժողովի խորհրդի նիստերի ծրագրերի նախագծերը հերթական ժամանակահատվածի համար և Հանձնաժողովի կոլեգիայի, Հանձնաժողովի խորհրդի նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաև Բարձրագույն խորհրդի և Միջկառավարական խորհրդի նիստերի օրակարգերի այն նախագծերը, որոնք ենթակա են հաստատման Հանձնաժողովի խորհրդի նիստում և ուղարկվում են անդամ պետություններին համապատասխան նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 20 օրացուցային օր առաջ՝ անհրաժեշտ նյութերի կցմամբ,

3) Հանձնաժողովի խորհրդին, Միջկառավարական խորհրդին և Բարձրագույն խորհրդին զեկուցում է վերջիններիս կողմից լուծում պահանջող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև այլ փաստաթղթերի վերաբերյալ՝ ներկայացնելով համապատասխան առաջարկներ՝ ըստ Հանձնաժողովի կոլեգիայի նիստում դրանց քննարկման արդյունքների,

4) սահմանում է Հանձնաժողովի դեպարտամենտների աշխատանքի կարգը, ինչպես նաև Հանձնաժողովի դեպարտամենտների կառավարմանն առնչվող հարցերը,

5) կազմակերպում է Հանձնաժողովի կոլեգիայի, Հանձնաժողովի խորհրդի, Միջկառավարական խորհրդի և Բարձրագույն խորհրդի նիստերի նախապատրաստման աշխատանքը,

6) վարում է Հանձնաժողովի կոլեգիայի նիստերը,

7) մասնակցում է Հանձնաժողովի խորհրդի նիստերին,

8) Հանձնաժողովի խորհրդում ներկայացնում է Հանձնաժողովի կոլեգիան,

9) Հանձնաժողովի կոլեգիայի անդամների հետ համաձայնեցմամբ՝ Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնում է առաջարկներ Հանձնաժողովի դեպարտամենտները Հանձնաժողովի անդամներին կցելու վերաբերյալ,

10) սահմանում է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ փոխգործակցության կարգը, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների հրապարակային ելույթների ու ծառայողական տեղեկությունների տրամադրման կանոնները,

11) Հանձնաժողովի անունից ներկայանում է որպես Միության բյուջեի կառավարիչ, Հանձնաժողովի բյուջետային նախահաշվի միջոցների կարգադրիչ է, տնօրինում է Հանձնաժողովի նյութական միջոցները, կնքում է քաղաքացիաիրավական պայմանագրեր և հանդես է գալիս դատարանում,

12) ըստ մրցույթի արդյունքների՝ նշանակում է Հանձնաժողովի դեպարտամենտների տնօրեններին և նրանց տեղակալներին ու նրանց հետ պայմանագրեր կնքում,

13) ըստ մրցույթի արդյունքների՝ Հանձնաժողովի անունից աշխատանքային պայմանագրեր է կնքում Հանձնաժողովի աշխատակիցների հետ,

14) հաստատում է Հանձնաժողովի դեպարտամենտների վերաբերյալ կանոնակարգերը,

15) նշանակում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամների թվից,

16) Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների նկատմամբ իրականացնում է գործատիրոջ ներկայացուցչի լիազորությունները, հաստատում է պաշտոնեական պարտականությունները (պաշտոնի անձնագրերը), արձակուրդների տրամադրման ժամանակացույցը, տրամադրում է արձակուրդներ և որոշումներ է ընդունում գործողումների վերաբերյալ,

17) ապահովում է այն փաստերի ստուգումը, որոնք ներկայացված են սույն Կանոնակարգի 35-ից 37-րդ կետերում նշված հիմքերով Հանձնաժողովի կոլեգիայի անդամին հետ կանչելու մասին անդամ պետության դիմումի մեջ՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատված կարգով,

18) իրականացնում է Հանձնաժողովի կոլեգիայի և Հանձնաժողովի դեպարտամենտների՝ Կանոնակարգին համապատասխան գործունեություն ապահովելու համար անհրաժեշտ այլ գործառույթներ։

52. Պարտականությունների բաշխմանը համապատասխան՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամը.

1) իրականացնում է իր իրավասության սահմաններում գտնվող հարցերի վերաբերյալ առաջարկությունների պատրաստում,

2) Հանձնաժողովի կոլեգիայի և Հանձնաժողովի խորհրդի նիստերին ներկայացնում է զեկույցներ՝ իր իրավասության սահմաններում գտնվող հարցերի վերաբերյալ,

3) համակարգում և հսկում է Հանձնաժողովի կողմից վերահսկվող դեպարտամենտների գործունեությունը,

4) պատրաստում է Հանձնաժողովի կոլեգիայի որոշումների, կարգադրությունների և հանձնարարականների նախագծերն այն հարցերի վերաբերյալ, որոնք գտնվում են իր իրավասության սահմաններում,

5) իրականացնում է անդամ պետությունների կողմից Միության իրավունքում ներառված միջազգային պայմանագրերի կատարման մոնիթորինգ՝ իր իրավասության սահմաններում գտնվող հարցերի մասով,

6) իրականացնում է անդամ պետությունների կողմից Հանձնաժողովի՝ իր իրավասության սահմաններում գտնվող հարցերի վերաբերյալ որոշումների կատարման մոնիթորինգ,

7) պատրաստում է փորձագիտական (գրավոր) եզրակացությունների նախագծեր անդամ պետությունների կողմից Հանձնաժողով ներկայացված՝ իր իրավասության սահմաններում գտնվող հարցերին առնչվող առաջարկների վերաբերյալ,

8) Հանձնաժողովի կոլեգիայի լիազորությունների շրջանակներում իրականացնում է փոխգործակցություն անդամ պետությունների պետական իշխանության մարմինների հետ իր իրավասության սահմաններում գտնվող հարցերի մասով (այդ թվում՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջում է իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ),

9) ապահովում է միջազգային պայմանագրերի և Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունվող՝ Հանձնաժողովի որոշումների, կարգադրությունների և հանձնարարականների նախագծերի, ինչպես նաև Հանձնաժողովի՝ իր իրավասության սահմաններում գտնվող հարցերին առնչվող լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի մշակումը,

10) ապահովում է Հանձնաժողովի վերահսկվող դեպարտամենտների մասնակցությունը կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգը սահմանված կարգով անցկացնելուն,

11) Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում Հանձնաժողովի կոլեգիային կից՝ վերջինիս իրավասության սահմաններում գտնվող հարցերի գծով խորհրդատվական մարմիններ ստեղծելու վերաբերյալ։

53. Հանձնաժողովի կոլեգիայի անդամներին արտոնություններ ու անձեռնմխելիություն, սոցիալական երաշխիքներ տրամադրելու հետ կապված հարցերը, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների և պարտադիր պետական սոցիալական ու կենսաթոշակային ապահովման հետ կապված հարցերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիության մասին» Կանոնակարգին համապատասխան (Պայմանագրի 32-րդ հավելված)։

 

IV. Հանձնաժողովի դեպարտամենտները

 

54. Հանձնաժողովի խորհրդի և Հանձնաժողովի կոլեգիայի գործունեության ապահովումն իրականացնում են Հանձնաժողովի դեպարտամենտները։

Հանձնաժողովի դեպարտամենտների կազմի մեջ են մտնում պաշտոնատար անձինք և աշխատակիցները։

Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների աշխատանքի ընդունումն իրականացվում է Պայմանագրի 9-րդ հոդվածին համապատասխան։

Հանձնաժողովի դեպարտամենտների տնօրենները և նրանց տեղակալները նշանակվում են Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կողմից 4 տարի ժամկետով՝ մրցութային հանձնաժողովի առաջարկի հիման վրա։

Հանձնաժողովի դեպարտամենտների տնօրենները և նրանց տեղակալները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.

ունենան անդամ պետություններից մեկի քաղաքացիությունը,

ունենան պաշտոնեական պարտականություններին համապատասխան մասնագիտական պատրաստվածություն (որակավորում), ինչպես նաև առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։

Հանձնաժողովի դեպարտամենտները մրցույթային հիմունքներով համալրվում են անդամ պետությունների այն քաղաքացիների թվից, որոնք համապատասխանում են զբաղեցվող հաստիքին ներկայացվող՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող որակավորման պահանջներին։

Հանձնաժողովի աշխատակիցներն աշխատանքի ընդունվում են Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի հիման վրա։

Աշխատանքային պայմանագիր կնքելու, դրա գործողության ժամկետի երկարաձգելու կարգը և լուծարման հիմքերը հաստատվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից։

Թեկնածուներին կարող են ներկայացվել հավելյալ պահանջներ, որոնք նշվում են մրցույթի անցկացման կարգում։

Հանձնաժողովի աշխատակիցներն անցնում են ատեստավորում՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված կարգով։

55. Հանձնաժողովի դեպարտամենտներն իրականացնում են հետևյալ գործառույթները.

1) իրականացնում են Միության գործունեության հարցերով նյութերի, որոշումների, կարգադրությունների և հանձնարարականների նախագծերի պատրաստում (այդ թվում՝ միջազգային պայմանագրեր կնքելու և դրանցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ)՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամների քննարկմանը ներկայացնելու նպատակով,

2) իրականացնում են անդամ պետությունների կողմից Միության իրավունքում ներառված միջազգային պայմանագրերի, Հանձնաժողովի կոլեգիայի, Հանձնաժողովի խորհրդի, Միջկառավարական խորհրդի և Բարձրագույն խորհրդի որոշումների և կարգադրությունների կատարման մոնիթորինգ՝ արդյունքները Հանձնաժողովի կոլեգիայի անդամների քննարկմանը ներկայացնելու նպատակով,

3) իրականացնում են Միության իրավունքով կարգավորվող ոլորտներում անդամ պետությունների օրենսդրությունների մոնիթորինգի և վերլուծության արդյունքների հիման վրա առաջարկությունների պատրաստում՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամների քննարկմանը ներկայացնելու համար,

4) իրականացնում են Միության գործունեության համար անհրաժեշտ միջազգային պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծերի պատրաստումը,

5) փոխգործակցում են անդամ պետությունների պետական իշխանության մարմինների հետ,

6) իրականացնում են Միության բյուջեի նախագծերի և դրա կատարողականի վերաբերյալ հաշվետվության պատրաստում, մշակում են Հանձնաժողովի բյուջեի նախահաշվի նախագիծը և ապահովում դրա կատարումը,

7) ապահովում են Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի ավանդապահի գործառույթների իրականացումը Հանձնաժողովի կողմից,

8) սահմանված կարգով մասնակցում են կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգի անցկացմանը և իրականացնում են այդ ընթացակարգի անցկացման մոնիթորինգ,

9) իրականացնում են Միության իրավունքում ներառված միջազգային պայմանագրերով, Բարձրագույն խորհրդի, Միջկառավարական խորհրդի և Հանձնաժողովի որոշումներով սահմանված այլ գործառույթներ (այդ թվում՝ Միության մարմինների աշխատանքի կազմակերպմանը և Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական-տեխնիկական ապահովմանն ուղղված գործառույթներ)։

56. Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները միջազգային ծառայողներ են։

Իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցներն անկախ են անդամ պետությունների պետական մարմիններից ու պաշտոնատար անձանցից և չեն կարող պահանջել կամ ստանալ ցուցումներ անդամ պետությունների իշխանության մարմիններից կամ պաշտոնատար անձանցից։

Յուրաքանչյուր անդամ պետություն պարտավորվում է հարգել Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների կարգավիճակն ու նրանց վրա ազդեցություն չգործել ծառայողական պարտականությունները կատարելիս։

Հանձնաժողովի կազմում աշխատելու ժամանակահատվածում Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցներն իրենց պաշտոնեական և ծառայողական պարտականությունների գործողության ամբողջ ժամկետի ընթացքում իրավունք չունեն Հանձնաժողովում աշխատանքը համատեղելու այլ աշխատանքի հետ կամ զբաղվելու մեկ այլ վարձատրվող գործունեությամբ՝ բացի մանկավարժական, գիտական կամ այլ ստեղծագործական գործունեությունից։

57. Հանձնաժողովի կոլեգիայի անդամները, Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները յուրաքանչյուր տարի, Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված կարգով և ժամկետներում, Հանձնաժողով են ներկայացնում իրենց եկամուտների, գույքի և գույքային բնույթի պարտավորությունների, ինչպես նաև իրենց ընտանիքի անդամների եկամուտների, գույքի և գույքային բնույթի պարտավորությունների մասին տեղեկություններ (ամուսնու (կնոջ) և անչափահաս երեխաների)։

58. Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, ինչպես նաև Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների կողմից եկամուտների, գույքի և գույքային բնույթի պարտավորությունների մասին սույն Կանոնակարգին համապատասխան տրամադրվող տեղեկությունները համարվում են գաղտնի։

59. Սույն Կանոնակարգի 57-րդ և 58-րդ կետերում նշված տեղեկությունների հրապարակման մեջ մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

60. Սույն Կանոնակարգի 57-րդ և 58-րդ կետերում նշված տեղեկությունների հավաստիության ու ամբողջականության ստուգումն իրականացվում է Միջկառավարական խորհրդի կողմից հաստատված կարգով։

61. Հանձնաժողովի կոլեգիայի անդամները, Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները պարտավոր են միջոցներ ձեռնարկել կարգավորելու կամ կանխելու համար շահերի բախումը, որը կարող է առաջանալ Հանձնաժողովի կոլեգիայի անդամի, Հանձնաժողովի պաշտոնատար անձի կամ աշխատակցի անձնական շահագրգռվածության առկայության պատճառով։

62. Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցներին արտոնություններ ու անձեռնմխելիություն, սոցիալական երաշխիքներ տրամադրելու հետ կապված հարցերը, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների և պարտադիր պետական սոցիալական ու կենսաթոշակային ապահովման հետ կապված հարցերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիության մասին» Կանոնակարգին համապատասխան (Պայմանագրի 32-րդ հավելված)։

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2
«Եվրասիական տնտեսական
միության մասին» պայմանագրի

 

ՍՏԱՏՈՒՏ

Եվրասիական տնտեսական միության դատարանի

 

ԳԼՈՒԽ I. Ընդհանուր դրույթներ

Դատարանի իրավական կարգավիճակը

 

1. Եվրասիական տնտեսական միության դատարանը (այսուհետ՝ Դատարան) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) դատական մարմինն է, որը կազմավորվում և գործում է մշտական հիմունքներով՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին (այսուհետ՝ Պայմանագիր) և սույն Կանոնադրությանը համապատասխան։

2. Դատարանի գործունեության նպատակը, սույն Կանոնադրության դրույթների համաձայն, Պայմանագրի, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի, երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերի և Միության մարմինների որոշումների միատեսակ կիրառությունն ապահովելն է անդամ պետությունների և Միության մարմինների կողմից։

Սույն Կանոնադրության նպատակների համար Միության մարմիններ ասելով՝ ենթադրվում են Միության մարմինները՝ բացի Դատարանից։

3. Դատարանն օժտված է իրավաբանական անձի համար նախատեսված իրավունքներով։

4. Դատարանն իրականացնում է սեփական փաստաթղթաշրջանառությունը, ունի սեփական կնիք ու ձևաթուղթ՝ իր անվամբ, ստեղծում է պաշտոնական համացանցային կայք ու պաշտոնական տեղեկագիր։

5. Դատարանը մշակում է Դատարանի գործունեության ֆինանսավորման առաջարկներ և տնօրինում է այն միջոցները, որոնք «Միության բյուջեի մասին» Կանոնակարգի համաձայն տրամադրվում են Դատարանի գործունեության ապահովման համար։

6. Դատավորների, պաշտոնատար անձանց և Դատարանի աշխատակիցների վարձատրության պայմանները սահմանվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից։

 

ԳԼՈՒԽ II. Դատարանի կազմը

 

7. Դատարանի կազմում յուրաքանչյուր անդամ պետությունից ընդգրկվում է երկու դատավոր։

8. Դատավորի լիազորությունների ժամկետն ինը տարի է։

9. Դատավորները պետք է ունենան բարձր բարոյական հատկանիշներ, լինեն միջազգային և ներպետական իրավունքի ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաև, որպես կանոն, պետք է համապատասխանեն անդամ պետությունների բարձրագույն դատական մարմիններին ներկայացվող պահանջներին։

10. Դատավորները նշանակվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից՝ անդամ պետությունների ներկայացմամբ։ Դատավորը պաշտոնը ստանձնելիս երդում է տալիս։

11. Դատավորները պաշտոնից ազատվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից։

12. Դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել հետևյալ հիմքերով՝

1) Դատարանի գործունեության դադարեցումը.

2) դատավորի լիազորությունների ժամկետը լրանալը.

3) դատավորի գրավոր դիմումի առկայությունը՝ իր լիազորությունները վայր դնելու մասին՝ կապված այլ աշխատանքի անցնելու հետ կամ այլ պատճառներով.

4) առողջական վիճակի կամ այլ հարգելի պատճառներով դատավորի լիազորությունների կատարման անընդունակությունը.

5) դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի գործունեությամբ զբաղվելը.

6) Միությունում այն պետության անդամակցության դադարեցումը, որի կողմից ներկայացված է դատավորը.

7) դատավորի կողմից այն անդամ պետության քաղաքացիությունը կորցնելը, որի կողմից նա ներկայացված է.

8) դատավորի կողմից այնպիսի լուրջ իրավախախտում կատարելը, որն անհամատեղելի է դատավորի բարձր կարգավիճակի հետ.

9) դատավորի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն ուժի մեջ մտնելը կամ դատավորի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշման առկայությունը.

10) դատավորի գործունակությունը սահմանափակելու կամ նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելը.

11) դատավորի մահը կամ նրան մահացած հայտարարելու կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելը։

13. Սույն Կանոնադրության 12-րդ կետում նշված հիմքերով դատավորի լիազորությունների դադարեցման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ դատավորին ներկայացրած անդամ պետությունը, Դատարանը կամ ինքը՝ դատավորը։

Դատավորի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ հանդես գալու հարցերը սահմանվում են Եվրասիական տնտեսական միության դատարանի աշխատակարգով (այսուհետ՝ Աշխատակարգ), որը հաստատվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից։

14. Դատարանի գործունեության ղեկավարումն իրականացնում է Դատարանի նախագահը։ Դատարանի նախագահն ունի տեղակալ։

Դատարանի գործունեությանը Դատարանի նախագահի մասնակցության ժամանակավոր անհնարինության դեպքում այդ պարտականությունները կատարում է Դատարանի նախագահի տեղակալը։

15. Դատարանի նախագահը և նրա տեղակալն ընտրվում են Դատարանի կազմից՝ Աշխատակարգի համաձայն և հաստատվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից։

Դատարանի նախագահը և նրա տեղակալը չեն կարող լինել միևնույն անդամ պետության քաղաքացի։

Լիազորությունների դադարեցման դեպքում Դատարանի նախագահը և նրա տեղակալն ընտրվում են այլ անդամ պետությունների կողմից ներկայացված դատավորներից՝ բացառությամբ այն անդամ պետությունների, որոնց կողմից ներկայացվել են համապատասխանաբար Դատարանի նախորդ նախագահը և նրա տեղակալը։

16. Դատարանի նախագահի և նրա տեղակալի լիազորությունների իրականացման ժամկետը երեք տարի է։

17. Դատարանի նախագահը՝

1) հաստատում է դատավորների և դատարանի գործունեության ու կազմավորման կարգը.

2) կազմակերպում է Դատարանի գործունեությունը.

3) լիազորությունների սահմաններում ապահովում է Դատարանի համագործակցությունն անդամ պետությունների լիազորված մարմինների, օտարերկրյա և միջազգային դատական մարմինների հետ.

4) սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով Դատարանի աշխատակիցներին ու պաշտոնատար անձանց նշանակում է պաշտոնի և ազատում է պաշտոնից.

5) կազմակերպում է Դատարանի գործունեության մասին տեղեկությունների տրամադրումը զանգվածային լրատվության միջոցներին.

6) սույն Կանոնադրության սահմաններում իրականացնում է այլ լիազորություններ։

18. Դատավորները չեն կարող ներկայացնել պետական կամ միջպետական մարմինների կամ կազմակերպությունների, առևտրային կառույցների, քաղաքական կուսակցությունների և շարժումների, ինչպես նաև տարածքների, ազգերի, ժողովուրդների, սոցիալական կամ կրոնական խմբերի ու առանձին անհատների շահեր։

Դատավորներն իրավունք չունեն զբաղվելու ցանկացած այնպիսի գործունեությամբ, որը կապված է շահույթ ստանալու հետ՝ բացի գիտական, ստեղծագործական և մանկավարժական գործունեությունից։

19. Դատավորը չի կարող մասնակցել որևէ այնպիսի գործի լուծմանը, որին նա ավելի վաղ մասնակցել է որպես վեճի կողմերից մեկի ներկայացուցիչ, լիազորված անձ կամ փաստաբան, ազգային կամ միջազգային դատարանի, քննչական հանձնաժողովի անդամ կամ որևէ այլ կարգավիճակով։

20. Դատավորները արդարադատություն իրականացնելիս հավասար են և օժտված են միևնույն կարգավիճակով։ Դատարանի նախագահը և նրա տեղակալն իրավասու չեն ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են այլ դատավորների նկատմամբ ցանկացած ոչ իրավաչափ առավելություն ձեռք բերելուն։

21. Ինչպես իր լիազորություններն իրականացնելիս, այնպես էլ արտածառայողական հարաբերություններում դատավորը պետք է խուսափի շահերի բախումից, ինչպես նաև այն ամենից, ինչը կարող է նսեմացնել դատական իշխանության հեղինակությունը, դատավորի արժանապատվությունը կամ կասկածի տակ դնել իր անկողմնակալությունը, արդարությունն ու անաչառությունը։

 

ԳԼՈՒԽ III. Դատարանի աշխատակազմը
Պաշտոնատար անձանց և աշխատակիցների կարգավիճակը

 

22. Դատարանի գործունեությունն ապահովում է Դատարանի աշխատակազմը։

23. Դատարանի աշխատակազմի կառուցվածքում ընդգրկվում են դատավորների քարտուղարությունները և Դատարանի քարտուղարությունը:

24. Դատավորի քարտուղարությունը կազմված է դատավորի խորհրդականից և դատավորի օգնականից։

25. Դատարանի քարտուղարության կողմից իրականացվում է իրավական, կազմակերպական, նյութատեխնիկական և Դատարանի գործունեության այլ ապահովում։

26. Դատարանի քարտուղարության կառուցվածքն ու թվակազմը հաստատվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից։

27. Դատարանի քարտուղարությունը ղեկավարում է Դատարանի քարտուղարության ղեկավարը։ Դատարանի քարտուղարության ղեկավարն ունի երկու տեղակալ։ Դատարանի քարտուղարության ղեկավարն ու նրա տեղակալները համարվում են Դատարանի պաշտոնատար անձինք, որոնք նշանակվում են պաշտոնի և ազատվում են պաշտոնից սույն Կանոնադրությանը և Պայմանագրին համապատասխան։ Դատարանի քարտուղարության ղեկավարն ու նրա տեղակալները չեն կարող լինել միևնույն անդամ պետության քաղաքացիներ։

28. Աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորվում են Պայմանագրով, Միության շրջանակներում կնքվող կիրառելի միջազգային պայմանագրերով և Դատարանի գտնվելու վայրի պետության օրենսդրությամբ։

29. Դատավորի խորհրդականը համարվում է Դատարանի պաշտոնատար անձ, որը նշանակվում է պաշտոնի և ազատվում է պաշտոնից Դատարանի նախագահի կողմից համապատասխան դատավորի առաջարկով։

30. Դատավորի խորհրդականն իրականացնում է դատավորի գործունեության տեղեկատվական և վերլուծական ապահովումը։

31. Դատավորի խորհրդականը պետք է ունենա բարձր բարոյական հատկանիշներ, լինի միջազգային իրավունքի և (կամ) արտաքին տնտեսական գործունեության ոլորտներում փորձառու մասնագետ։

32. Դատավորի օգնականը Դատարանի աշխատակից է, որը Դատարանի նախագահի կողմից նշանակվում է պաշտոնի և ազատվում է պաշտոնից համապատասխան դատավորի առաջարկով։

33. Դատավորի օգնականն իրականացնում է դատավորի գործունեության կազմակերպական ապահովում։

34. Դատարանի քարտուղարության ղեկավարի և նրա տեղակալների պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուների ընտրությունը Դատարանի մրցութային հանձնաժողովի կողմից իրականացվում է մրցութային հիմունքներով՝ հաշվի առնելով անդամ պետությունների հավասար ներկայացվածության սկզբունքը։

Նշված պաշտոնները զբաղեցնելու մրցույթին մասնակցության համար նախատեսված թեկնածությունները ներկայացվում են անդամ պետությունների կողմից։

35. Դատարանի քարտուղարությունը մրցութային հիմունքներով կազմավորվում է անդամ պետությունների քաղաքացիներից՝ հաշվի առնելով Միության բյուջեում անդամ պետությունների մասնաբաժինը։

Դատարանի քարտուղարության աշխատակիցներն աշխատանքի են ընդունվում իրենց հետ կնքվող աշխատանքային պայմանագրի հիման վրա։

36. Դատարանի քարտուղարությունում պաշտոն զբաղեցնելու համար թեկնածուների ընտրության հարցերով Դատարանի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Դատարանի բոլոր դատավորները՝ բացառությամբ Դատարանի նախագահի։

Մրցութային հանձնաժողովի անդամներն ընտրում են Մրցութային հանձնաժողովի նախագահ։

Մրցութային հանձնաժողովն իր որոշումներն ընդունում է ձայների մեծամասնությամբ հանձնարարականների տեսքով և ներկայացնում է դրանք Դատարանի նախագահին՝ նշանակման համար։

37. Դատարանի քարտուղարությունում թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթի անցկացման կարգը սահմանվում է Դատարանի կողմից և հաստատվում է Դատարանի նախագահի կողմից՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից սահմանվող մրցույթի անցկացման հիմնական կանոնների համաձայն։

38. Դատարանի քարտուղարության տեխնիկական անձնակազմն աշխատանքի է ընդունվում Դատարանի քարտուղարության ղեկավարի կողմից՝ նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի հիման վրա։

 

ԳԼՈՒԽ IV. Դատարանի իրավասությունը

 

39. Դատարանը քննում է այն վեճերը, որոնք ծագում են Պայմանագրի, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի և (կամ) Միության մարմինների որոշումների կիրարկման հարցերի շուրջ.

1) անդամ պետության դիմումի համաձայն՝

Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագիրը կամ դրա առանձին դրույթները Պայմանագրին համապատասխանելու մասին,

այլ անդամ պետության (այլ անդամ պետությունների) կողմից Պայմանագիրը, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերը և (կամ) Միության մարմինների որոշումները, ինչպես նաև նշված միջազգային պայմանագրերի և (կամ) որոշումների առանձին դրույթները պահպանելու մասին,

Հանձնաժողովի որոշումների կամ դրա առանձին դրույթները Պայմանագրին, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին և (կամ) Միության մարմինների որոշումներին համապատասխանելու մասին,

Հանձնաժողովի գործողությունը (անգործությունը) վիճարկելու մասին.

2) տնտեսավարող սուբյեկտի դիմումի համաձայն՝

ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեության ոլորտում անմիջականորեն տնտեսավարող սուբյեկտի իրավունքներին և օրինական շահերին առնչվող Հանձնաժողովի որոշումը կամ դրա առանձին դրույթները Պայմանագրին և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին համապատասխանելու մասին, եթե այդպիսի որոշումը կամ դրա առանձին դրույթները հանգեցրել են Պայմանագրով և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով տնտեսավարող սուբյեկտի համար նախատեսված իրավունքների և օրինական շահերի խախտմանը,

Հանձնաժողովի՝ ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեության ոլորտում անմիջականորեն տնտեսավարող սուբյեկտի իրավունքներին և օրինական շահերին առնչվող գործողությունը (անգործությունը) վիճարկելու մասին, եթե այդպիսի գործողությունը (անգործությունը) հանգեցրել է Պայմանագրով և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով տնտեսավարող սուբյեկտի համար նախատեսված իրավունքների և օրինական շահերի խախտմանը։

Սույն Կանոնադրության նպատակների համար տնտեսավարող սուբյեկտ ասելով՝ ենթադրվում է իրավաբանական անձ, որը գրանցված է անդամ պետության կամ երրորդ պետության օրենսդրության համաձայն, կամ ֆիզիկական անձ, որը գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր՝ անդամ պետության կամ երրորդ պետության օրենսդրության համաձայն։

40. Անդամ պետությունները կարող են Դատարանի իրավասությանը վերապահել այլ վեճեր, որոնց լուծումը Դատարանի կողմից անմիջականորեն նախատեսված է Պայմանագրով, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով, երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերով կամ անդամ պետությունների միջև կնքվող այլ միջազգային պայմանագրերով։

41. Վեճի լուծման մասով Դատարանի իրավասության առկայության հարցը որոշվում է Դատարանի կողմից։ Դատարանը վեճի քննության համար իր կողմից իրավասություններով օժտված լինելու հարցը որոշելիս առաջնորդվում է Պայմանագրով, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով և (կամ) երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերով։

42. Դատարանի իրավասության մեջ չի մտնում Միության մարմիններին Պայմանագրով և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով ուղղակիորեն նախատեսված իրավասություններից բացի լրացուցիչ իրավասություններով օժտելը։

43. Վեճը Դատարանի կողմից վարույթ չի ընդունվում առանց Պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված խորհրդատվությունների, բանակցությունների կամ այլ եղանակներով հարցը նախադատական կարգով կարգավորելու համար հայտատուի կողմից անդամ պետությանը կամ Հանձնաժողովին դիմելու՝ բացառությամբ Պայմանագրով ուղղակիորեն սահմանված դեպքերի։

44. Եթե անդամ պետությունը կամ Հանձնաժողովը հայտատուի դիմումն ընդունելու պահից 3 ամսվա ընթացքում համապատասխան միջոցներ չի ձեռնարկում հարցը նախադատական կարգով կարգավորելու համար, ապա վեճը քննելու վերաբերյալ դիմումը կարող է ուղարկվել Դատարան։

45. Վեճի կողմերի փոխադարձ համաձայնությամբ վեճը կարող է հանձնվել Դատարանի քննությանը՝ մինչև սույն Կանոնադրության 44-րդ կետում նշված ժամկետը լրանալը։

46. Դատարանը, անդամ պետության կամ Միության մարմնի դիմումի համաձայն, իրականացնում է Պայմանագրի, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի և Միության մարմինների որոշումների դրույթների պարզաբանում, ինչպես նաև, Միության մարմինների և Դատարանի աշխատակիցների և պաշտոնատար անձանց դիմումի համաձայն, աշխատանքային իրավահարաբերությունների հետ կապված՝ Պայմանագրի, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի և Միության մարմինների որոշումների դրույթների պարզաբանում (այսուհետ՝ պարզաբանում)։

47. Դատարանի կողմից պարզաբանում իրականացնելը ենթադրում է խորհրդատվական եզրակացության ներկայացում և անդամ պետություններին չի զրկում միջազգային պայմանագրերը համատեղ մեկնաբանելու իրավունքից։

48. Դատարանն իրականացնում է երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերի դրույթների պարզաբանում, եթե դա նախատեսված է այդպիսի միջազգային պայմանագրերով։

49. Վեճի քննության կամ պարզաբանման համար անդամ պետության անունից Դատարան դիմելն իրականացվում է անդամ պետության լիազորված մարմինների և կազմակերպությունների կողմից, որոնց ցանկը սահմանվում է յուրաքանչյուր անդամ պետության կողմից և դիվանագիտական ուղիներով ուղարկվում է Դատարան։

50. Դատարանն արդարադատություն իրականացնելիս կիրառում է՝

1) միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքները և նորմերը.

2) Պայմանագիրը, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերը և այլ միջազգային պայմանագրեր, որոնց մասնակիցները վեճի կողմ հանդիսացող պետություններն են.

3) Միության մարմինների որոշումներն ու կարգադրությունները.

4) միջազգային սովորույթը՝ որպես համընդհանուր գործելակերպի ապացույց, որը ճանաչված է որպես իրավական նորմ։

51. Պայմանագրի, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի և երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերի դրույթները, կապված վեճերի կարգավորման, պարզաբանման և մեկնաբանման հետ, կիրառվում են սույն Կանոնադրությանը չհակասող մասում։

 

ԳԼՈՒԽ V. Վարույթը

 

Բաժին 1

Վեճերի կարգավորման գործերով վարույթը

 

52. Դատարանում վեճերի կարգավորման վերաբերյալ գործերի քննության կարգը սահմանվում է Աշխատակարգով։

53. Դատարանը վարույթն իրականացնում է՝ հիմնվելով հետևյալ սկզբունքների վրա՝

դատավորների անկախություն.

քննության հրապարակայնություն.

հրապարակայնություն.

վեճի կողմերի հավասարություն.

մրցակցություն.

կոլեգիալություն։

Վարույթի իրականացման սկզբունքների կիրարկման կարգը սահմանվում է Աշխատակարգով։

54. Միության շրջանակներում կնքվող որևէ միջազգային պայմանագրի և (կամ) Հանձնաժողովի որոշման կապակցությամբ դիմումը Դատարանի կողմից ընդունելը հիմք չէ այդ միջազգային պայմանագրի և (կամ) որոշման և (կամ) դրա առանձին դրույթների գործողության դադարեցման համար՝ բացառությամբ այն դեպքերի, որոնք ուղղակիորեն նախատեսված են Պայմանագրով։

55. Դատարանը կարող է Դատարան դիմում ներկայացրած տնտեսավարող սուբյեկտներից, անդամ պետությունների լիազորված մարմիններից կամ կազմակերպություններից, ինչպես նաև Միության մարմիններից պահանջել գործի քննության համար անհրաժեշտ նյութերը։

56. Սահմանափակ տարածման տեղեկությունները կարող են ընդունվել Դատարանի կողմից կամ ներկայացվել գործին մասնակցող անձի կողմից՝ Պայմանագրի, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի, Աշխատակարգի և անդամ պետությունների օրենսդրության համաձայն։ Դատարանը ձեռնարկում է համապատասխան միջոցներ՝ այդպիսի տեղեկությունների պաշտպանության համար։

57. Դատարանում վարույթն իրականացվում է վեճի կողմերի, հայտատուի, նրանց ներկայացուցիչների, փորձագետների, այդ թվում՝ մասնագիտացված խմբերի փորձագետների, մասնագետների, վկաների և թարգմանիչների մասնակցությամբ։

58. Գործին մասնակցող անձինք օգտվում են դատավարական իրավունքներից և կրում են դատավարական պարտականություններ՝ Աշխատակարգի համաձայն։

59. Մասնագիտացված խմբերի փորձագետներին շնորհվում է անձեռնմխելիություն վարչական, քաղաքացիական և քրեական իրավազորությունից, ամբողջ ասվածի և գրածի առնչությամբ՝ կապված Դատարանի կողմից գործի քննության գործընթացում նրանց մասնակցության հետ։ Այս անձինք անձեռնմխելիությունը կորցնում են Աշխատակարգով սահմանված սահմանափակ տարածման տեղեկատվության օգտագործման և պաշտպանության կարգի խախտման դեպքում։

60. Եթե անդամ պետությունը կամ Հանձնաժողովը գտնում են, որ վեճի առնչությամբ որոշումը կարող է վնաս հասցնել իրենց շահերին, ապա այդ անդամ պետությունը կամ Հանձնաժողովը կարող է ներկայացնել միջնորդություն՝ գործում որպես վեճի շահագրգիռ մասնակից հանդես գալը թույլատրելու մասին։

61. Դատարանն առանց քննության է թողնում վնասների փոխհատուցման կամ այլ գույքային բնույթի պահանջները։

62. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Դատարան դիմելու դեպքում գանձվում է տուրք։

63. Տուրքը տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարվում է նախքան Դատարան դիմում ներկայացնելը։

64. Դատարանի կողմից տնտեսավարող սուբյեկտի դիմումի մեջ ներկայացված պահանջները բավարարելու դեպքում տուրքը վերադարձվում է։

65. Տուրքի չափը, վճարման արժույթը, հաշվեգրման, օգտագործման և վերադարձնելու կարգը սահմանվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից։

66. Գործի քննության ընթացքում յուրաքանչյուր կողմ ինքնուրույն է կրում իր դատական ծախսերը։

67. Գործի քննության ցանկացած փուլում կողմերը կարող են վեճը կարգավորել հաշտության համաձայնության կնքմամբ՝ հայտատուի կողմից իր պահանջներից հրաժարվելու կամ դիմումը հետ վերցնելու միջոցով։

 

Բաժին 2

Պարզաբանման գործերով վարույթը

 

68. Պարզաբանման գործերով քննության կարգը սահմանվում է Աշխատակարգով։

69. Դատարանն իրականացնում է պարզաբանման գործերով վարույթ՝ դատավորների անկախության և կոլեգիալության սկզբունքների հիման վրա։

 

Բաժին 3

Դատարանի կազմը

 

70. Դատարանը գործը քննում է Դատարանի մեծ կոլեգիայի, Դատարանի կոլեգիայի և Դատարանի բողոքարկման պալատի կազմով։

71. Դատարանը վեճերի լուծման վերաբերյալ գործերը քննում է Դատարանի մեծ կոլեգիայի նիստերին սույն Կանոնադրության 39-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում։

72. Մեծ կոլեգիան քննում է Աշխատակարգով նախատեսված ընթացակարգային հարցեր։

73. Դատարանը պարզաբանման մասին գործեր է քննում Դատարանի մեծ կոլեգիայի նիստերին։

74. Դատարանի մեծ կոլեգիայի կազմում ընդգրկվում են Դատարանի բոլոր դատավորները։

75. Դատարանի մեծ կոլեգիայի դատական նիստը իրավազոր է համարվում այն դեպքում, երբ նիստին ներկա են Դատարանի բոլոր դատավորները։

76. Դատարանը նիստ է գումարում Դատարանի կոլեգիայի կազմով սույն Կանոնադրության 39-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում։

77. Դատարանի կոլեգիայի կազմում ընդգրկվում է յուրաքանչյուր անդամ պետությունից մեկ դատավոր՝ ըստ դատավորների ազգանունների հերթականության՝ ռուսերենի այբուբենի առաջին տառից սկսած։

78. Դատարանի կոլեգիայի դատական նիստը իրավազոր է համարվում այն դեպքում, երբ նիստին ներկա է յուրաքանչյուր անդամ պետությունից մեկ դատավոր։

79. Դատարանի կոլեգիայի որոշումների բողոքարկման մասին դիմումներ քննելիս Դատարանը նիստ է գումարում Դատարանի բողոքարկման պալատի կազմով։

80. Դատարանի բողոքարկման պալատի կազմում ընդգրկվում են Դատարանի՝ անդամ պետությունների կողմից ներկայացված դատավորները, որոնք մասնակցություն չեն ունեցել այն գործի քննությանը, որի առնչությամբ Դատարանի կոլեգիայի կայացրած որոշումը բողոքարկվում է։

81. Դատարանի բողոքարկման պալատի դատական նիստն իրավազոր է համարվում, եթե դրան յուրաքանչյուր անդամ պետությունից մասնակցում է մեկ դատավոր։

 

ԳԼՈՒԽ VI. Մասնագիտացված խմբերը

 

82. Կոնկրետ վեճի քննության ընթացքում, որի առարկան արդյունաբերական լրավճարների, գյուղատնտեսության պետական աջակցության միջոցների, հատուկ պաշտպանողական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների տրամադրման հարցերն են, ստեղծվում է մասնագիտացված խումբ։

83. Մասնագիտացված խումբը կազմված է երեք փորձագետից՝ յուրաքանչյուր ցուցակից մեկ փորձագետ՝ ներկայացված յուրաքանչյուր անդամ պետության կողմից՝ ըստ համապատասխան վեճի տեսակի։

84. Մասնագիտացված խմբի կազմը հաստատվում է Դատարանի կողմից։

85. Գործի քննությունն իրականացնելուց հետո մասնագիտացված խումբը կազմալուծվում է։

86. Անդամ պետությունները Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 60 օրացուցային օր հետո Դատարան են ուղարկում նվազագույնը երեք այնպիսի փորձագետից կազմված ցանկ, ըստ սույն Կանոնադրության 82-րդ կետով նախատեսված վեճի յուրաքանչյուր տեսակի, որոնք պատրաստ են և կարող են հանդես գալ որպես մասնագիտացված խմբերի անդամներ։

Անդամ պետությունները կանոնավոր հիմունքներով, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ թարմացնում են փորձագետների ցանկը։

87. Որպես փորձագետներ հանդես են գալիս ֆիզիկական անձինք, որոնք բարձր որակավորման մասնագետներ են և ունեն հատուկ գիտելիքներ ու փորձ սույն Կանոնադրության 82-րդ կետում նշված՝ վեճերի առարկան կազմող հարցերում։

88. Փորձագետները հանդես են գալիս որպես անհատներ, գործում են անկախ, ինչպես նաև կապված չեն վեճի կողմերից որևէ մեկի հետ և նրանցից որևէ ցուցում չեն կարող ստանալ։

89. Փորձագետը շահերի բախման առկայության դեպքում չի կարող հանդես գալ որպես մասնագիտացված խմբի անդամ։

90. Մասնագիտացված խումբը պատրաստում է եզրակացություն, որը պարունակում է գործի փաստական հանգամանքների անկողմնակալ գնահատականը, և Աշխատակարգով սահմանված ժամկետներում այն ներկայացնում է Դատարան։

91. Մասնագիտացված խմբի եզրակացությունը կրում է խորհրդատվական բնույթ, բացառությամբ սույն Կանոնադրության 92-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի, և Դատարանի կողմից գնահատվում է սույն Կանոնադրության 104-110-րդ կետերով նախատեսված որոշումներից մեկն ընդունելիս։

92. Մասնագիտացված խմբի կողմից վեճի վերաբերյալ պատրաստած եզրակացությունը, որի առարկան արդյունաբերական լրավճարների կամ գյուղատնտեսության պետական աջակցության միջոցների տրամադրման հարցերն են, պետք է պարունակի խախտման առկայության կամ բացակայության մասին եզրահանգումներ, ինչպես նաև խախտման առկայության դեպքում՝ համապատասխան փոխհատուցման միջոցների կիրառման մասին եզրահանգումներ։

Եզրահանգումների՝ խախտման առկայության կամ բացակայության մասով մասնագիտացված խմբի եզրակացությունը կրում է խորհրդատվական բնույթ և Դատարանի կողմից գնահատվում է սույն Կանոնադրության 104-110-րդ կետերով նախատեսված որոշումներից մեկն ընդունելիս։

Մասնագիտացված խմբի՝ եզրահանգումների համապատասխան փոխհատուցման միջոցների կիրառման մասով եզրակացությունը պարտադիր է Դատարանի համար որոշումներ ընդունելիս։

93. Մասնագիտացված խմբերի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Աշխատակարգով։

94. Մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների վճարման կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից։

 

ԳԼՈՒԽ VII. Դատարանի ակտերը

 

95. Դատարանը Աշխատակարգով սահմանված ժամկետներում ընդունում է Դատարանի գործունեության ընթացակարգային հարցերով որոշումներ՝ ներառյալ որոշումներ՝

1) դիմումը վարույթ ընդունելու կամ ընդունելը մերժելու մասին.

2) գործով վարույթը կասեցնելու կամ վերականգնելու մասին.

3) գործով վարույթը դադարեցնելու մասին։

96. Դիմումն ընդունելու օրվանից ոչ ուշ, քան 90 օրվա ընթացքում Դատարանը վեճի քննության արդյունքներով ընդունում է որոշում, իսկ պարզաբանման մասին դիմումի դեպքում ներկայացնում է խորհրդատվական եզրակացություն։

97. Աշխատակարգով նախատեսված դեպքերում որոշում ընդունելու ժամկետը կարող է երկարաձգվել։

98. Պարզաբանման մասին դիմումի համաձայն տրամադրված խորհրդատվական եզրակացությունը կրում է խորհրդատվական բնույթ։

99. Սույն Կանոնադրության 39-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված վեճերի քննության արդյունքներով Դատարանն ընդունում է որոշում, որը վեճի կողմերի կողմից կատարման համար պարտադիր է։

100. Սույն Կանոնադրության 39-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված վեճերի քննության արդյունքներով Դատարանն ընդունում է որոշում, որը Հանձնաժողովի կողմից կատարման համար պարտադիր է։

101. Դատարանի որոշումը չի կարող դուրս գալ դիմումի մեջ նշված հարցերի շրջանակից։

102. Դատարանի որոշումը չի փոփոխում և (կամ) չի վերացնում Միության գործող իրավունքի նորմերը, անդամ պետությունների օրենսդրությունները և չի ստեղծում նորը։

103. Առանց սույն Կանոնադրության 111-113-րդ կետերի դրույթներին հակասելու՝ վեճի կողմերը կարող են ինքնուրույն սահմանել Դատարանի որոշման կատարման ձևն ու եղանակը։

104. Անդամ պետության դիմումի համաձայն Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագիրը կամ դրա առանձին դրույթները Պայմանագրին համապատասխանելու վերաբերյալ գործի քննության արդյունքներով Դատարանի մեծ կոլեգիան ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագիրը կամ դրա առանձին դրույթները Պայմանագրին չհամապատասխանելու մասին.

2) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագիրը կամ դրա առանձին դրույթները Պայմանագրին համապատասխանելու մասին։

105. Անդամ պետության դիմումի համաձայն Պայմանագիրը, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերը և (կամ) Միության մարմինների որոշումները, ինչպես նաև նշված միջազգային պայմանագրերի և (կամ) որոշումների առանձին դրույթներն այլ անդամ պետության (այլ անդամ պետությունների) կողմից պահպանելու վերաբերյալ գործի քննության արդյունքներով Դատարանի մեծ կոլեգիան ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) Պայմանագիրը, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերը և (կամ) Միության մարմինների որոշումները, ինչպես նաև նշված միջազգային պայմանագրերի և (կամ) որոշումների առանձին դրույթներն անդամ պետության (անդամ պետությունների) կողմից պահպանելու փաստն արձանագրելու մասին.

2) Պայմանագիրը, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերը և (կամ) Միության մարմինների որոշումները, ինչպես նաև նշված միջազգային պայմանագրերի և (կամ) որոշումների առանձին դրույթներն անդամ պետության (անդամ պետությունների) կողմից չպահպանելու փաստն արձանագրելու մասին։

106. Անդամ պետության դիմումի համաձայն Հանձնաժողովի որոշումը կամ դրա առանձին դրույթները Պայմանագրին, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին և (կամ) Միության մարմինների որոշումներին համապատասխանելու վերաբերյալ գործի քննության արդյունքներով Դատարանի մեծ կոլեգիան ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) Հանձնաժողովի որոշման կամ դրա առանձին դրույթների՝ Պայմանագրին, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին և (կամ) Միության մարմինների որոշումներին չհամապատասխանելու մասին.

2) Հանձնաժողովի որոշման կամ դրա առանձին դրույթների՝ Պայմանագրին, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին և (կամ) Միության մարմինների որոշումներին համապատասխանելու մասին։

107. Անդամ պետության դիմումի համաձայն Հանձնաժողովի գործողության (անգործության) բողոքարկման վերաբերյալ գործի քննության արդյունքներով Դատարանի մեծ կոլեգիան ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) բողոքարկվող գործողությունը (անգործությունը) Պայմանագրին և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին չհամապատասխանող ճանաչելու մասին.

2) բողոքարկվող գործողությունը (անգործությունը) Պայմանագրին և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին համապատասխանող ճանաչելու մասին։

108. Տնտեսավարող սուբյեկտի դիմումի համաձայն ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեության ոլորտում անմիջականորեն տնտեսավարող սուբյեկտի իրավունքներին ու օրինական շահերին առնչվող Հանձնաժողովի որոշումը կամ դրա առանձին դրույթները Պայմանագրին և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին համապատասխանելու վերաբերյալ գործի քննության արդյունքներով Դատարանի կոլեգիան, եթե տվյալ որոշումը կամ դրա առանձին դրույթները հանգեցրել են Պայմանագրով և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված՝ տնտեսավարող սուբյեկտի իրավունքների ու օրինական շահերի խախտմանը, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) Հանձնաժողովի որոշումը կամ դրա առանձին դրույթները Պայմանագրին և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին համապատասխանող ճանաչելու մասին.

2) Հանձնաժողովի որոշումը կամ դրա առանձին դրույթները Պայմանագրին և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին չհամապատասխանող ճանաչելու մասին։

109. Տնտեսավարող սուբյեկտի դիմումի համաձայն Հանձնաժողովի գործողության (անգործության) բողոքարկման վերաբերյալ գործի քննության արդյունքներով Դատարանի մեծ կոլեգիան ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) Հանձնաժողովի բողոքարկվող գործողությունը (անգործությունը) Պայմանագրին և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին չհամապատասխանող ու ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեության ոլորտում տնտեսավարող սուբյեկտի իրավունքներն ու օրինական շահերը խախտող ճանաչելու մասին.

2) Հանձնաժողովի բողոքարկվող գործողությունը (անգործությունը) Պայմանագրին և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին համապատասխանող ու ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեության ոլորտում տնտեսավարող սուբյեկտի իրավունքներն ու օրինական շահերը չխախտող ճանաչելու մասին։

110. Տնտեսավարող սուբյեկտի դիմումի համաձայն Դատարանի կոլեգիայի որոշման բողոքարկման վերաբերյալ գործի քննության արդյունքներով Դատարանի բողոքարկման պալատն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) Դատարանի կոլեգիայի որոշումն անփոփոխ թողնելու, իսկ բողոքարկման մասին դիմումը չբավարարելու մասին.

2) Դատարանի կոլեգիայի որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու կամ այն փոփոխելու, սույն Կանոնադրության 108-րդ և 109-րդ կետերին համապատասխան նոր որոշում կայացնելու մասին։

111. Հանձնաժողովի որոշումը կամ դրա առանձին դրույթները, որոնք Դատարանի կողմից ճանաչվել են Պայմանագրին և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին չհամապատասխանող, շարունակում են գործողության մեջ մնալ Դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ նախքան Հանձնաժողովի կողմից տվյալ որոշումը կատարելը։

Հանձնաժողովի որոշումը կամ դրա առանձին դրույթները, որոնք Դատարանի կողմից ճանաչվել են Պայմանագրին և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին չհամապատասխանող, Հանձնաժողովի կողմից համապատասխանեցվում են Պայմանագրին և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին ողջամիտ, սակայն Դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում, եթե այլ ժամկետ սահմանված չէ Դատարանի որոշմամբ։

Դատարանը, հաշվի առնելով Պայմանագրի և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի դրույթները, իր որոշման մեջ կարող է Հանձնաժողովի որոշումը Պայմանագրին և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին համապատասխանեցնելու համար սահմանել այլ ժամկետ։

112. Վեճի կողմերից մեկի հիմնավորված միջնորդության առկայության դեպքում Հանձնաժողովի որոշման կամ դրա առանձին դրույթների գործողությունը, որոնք Դատարանի կողմից ճանաչվել են Պայմանագրին և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին չհամապատասխանող, կարող է Դատարանի որոշմամբ կասեցվել այդպիսի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

113. Դատարանի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում Հանձնաժողովը պարտավոր է ողջամիտ, սակայն Դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում կատարել Դատարանի ուժի մեջ մտած այն որոշումը, որով Դատարանը սահմանել է, որ Հանձնաժողովի բողոքարկվող գործողությունը (անգործությունը) չի համապատասխանում Պայմանագրին և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին և որ Հանձնաժողովի այդպիսի գործողությամբ (անգործությամբ) խախտվել են տնտեսավարող սուբյեկտների իրավունքներն ու օրինական շահերը, որոնք նախատեսված են Պայմանագրով և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով։

114. Դատարանի որոշումը չկատարելու դեպքում անդամ պետությունն իրավասու է դիմել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ՝ դրա կատարման հետ կապված անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով։

115. Հանձնաժողովի կողմից Դատարանի որոշումը չկատարելու դեպքում տնտեսավարող սուբյեկտն իրավասու է Դատարան դիմել դրա կատարման համար միջոցներ ձեռնարկելու միջնորդությամբ։

Դատարանը, տնտեսավարող սուբյեկտի միջնորդությամբ, այն ստանալու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում դիմում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ՝ տվյալ հարցով որոշում ընդունելու համար։

116. Դատարանի ակտերը ենթակա են հրապարակման Դատարանի պաշտոնական տեղեկագրում և Դատարանի պաշտոնական համացանցային կայքում։

117. Դատարանի որոշումը գործի կողմերի հիմնավորված միջնորդության առկայության դեպքում կարող է պարզաբանվել միայն Դատարանի կողմից՝ առանց դրա էության և բովանդակության փոփոխման։

 

ԳԼՈՒԽ VIII. Եզրափակիչ դրույթներ

 

118. Դատավորները, պաշտոնատար անձինք, Դատարանի աշխատակիցները, գործին մասնակցող անձինք, մասնագիտացված խմբերի փորձագետները գործի քննության ընթացքում իրենց կողմից ստացված տեղեկությունները չեն հրապարակում և երրորդ կողմին չեն փոխանցում առանց տվյալ տեղեկությունները տրամադրած անձի գրավոր համաձայնության։

119. Սահմանափակ տարածման տեղեկություններն օգտագործելու ու պաշտպանելու կարգը սահմանվում է Աշխատակարգով։

120. Դատարանն իր գործունեության մասին յուրաքանչյուր տարի հաշվետվություն է ներկայացնում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ։

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3
«Եվրասիական տնտեսական
միության մասին» պայմանագրի

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին

 

1. Սույն Արձանագրությունը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 23-րդ հոդվածին համապատասխան` տեղեկատվական փոխգործակցության հիմնարար սկզբունքները սահմանելու և Միության շրջանակներում դրա իրագործումը համակարգելու, ինչպես նաև ինտեգրված տեղեկատվական համակարգը ստեղծելու և զարգացման կարգը սահմանելու նպատակներով։

2. Սույն Արձանագրության մեջ գործածվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

«էլեկտրոնային փաստաթղթի թղթային օրինակ»՝ թղթային կրիչով էլեկտրոնային փաստաթղթի օրինակը, որը հաստատվել է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով.

«վստահված երրորդ կողմ»՝ կազմակերպություն, որին անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան վերապահված է էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրած անձի առնչությամբ ժամանակի ֆիքսված պահին էլեկտրոնային փաստաթղթերում էլեկտրոնային թվային ստորագրությունը (էլեկտրոնային ստորագրությունը) ստուգելու մասով գործունեություն իրականացնելու իրավունք.

«անդամ պետության ազգային հատվածի պատվիրատու»՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող՝ անդամ պետության պետական մարմին, որն իրականացնում է անդամ պետության ազգային հատվածի ձևավորման, զարգացման և շահագործման աշխատանքների պատվիրատուի ու կազմակերպչի գործառույթներ.

«տեղեկությունների պաշտպանություն»՝ տեղեկությունների և դրանց մշակման միջոցների գաղտնիությունը, ամբողջականությունն ու հասանելիությունը սահմանելու, դրանց հասնելու և պահպանելու վերաբերյալ իրավական, կազմակերպական և տեխնիկական միջոցների ամբողջության ընդունումը և իրագործումը՝ սուբյեկտների տեղեկատվական փոխգործակցության համար անթույլատրելի ռիսկերի բացառման կամ նվազեցման նպատակով.

«Միության ինտեգրված տեղեկատվական համակարգ»՝ անդամ պետությունների ազգային հատվածներով և Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածով միավորված, ըստ տարածքների տեղաբաշխված՝ լիազոր մարմինների պետական տեղեկատվական ռեսուրսների և տեղեկատվական համակարգերի, Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսների և տեղեկատվական համակարգերի կազմակերպական ամբողջություն.

«տեղեկատվական համակարգ»՝ տեղեկատվական ռեսուրսների մշակումն ապահովող տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ամբողջություն.

«տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ»՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության գործընթացների իրագործման մեթոդների ու միջոցների ամբողջություն.

«տեղեկատվական տեխնոլոգիաներ»՝ տեղեկություններ փնտրելու, հավաքագրելու, կուտակելու, համակարգելու, պահպանելու, ճշտելու, մշակելու, տրամադրելու, տարածելու և վերացնելու (ոչնչացնելու) գործընթացները, մեթոդները, ինչպես նաև այդ գործընթացներն ու մեթոդներն իրականացնելու եղանակները.

«տեղեկատվական ռեսուրս»՝ տեղեկատվական համակարգերում ընդգրկված փաստաթղթավորված տեղեկությունների (տվյալների բազաներ, տեղեկությունների այլ զանգվածներ) կանոնակարգված ամբողջություն.

«դասակարգիչ»՝ դասակարգման օբյեկտների անվանումների համակարգված, կառուցվածքավորված և կոդիֆիկացված ցանկ.

«անդամ պետության ազգային հատված, Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված»՝ տեղեկատվական համակարգեր, որոնցով ապահովվում է լիազոր մարմինների տեղեկատվական համակարգերի և Հանձնաժողովի տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվական փոխգործակցությունը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում.

«նորմատիվ-տեղեկատվական տեղեկություններ»՝ լիազոր մարմինների միջև տեղեկատվական փոխանակումն իրականացնելու ժամանակ օգտագործվող տեղեկագրքերի և դասակարգիչների ամբողջություն.

«տեղեկություններն էլեկտրոնային տեսքով փաստաթղթավորելու ընդհանուր ենթակառուցվածք»՝ Միության շրջանակներում օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերին իրավաբանական ուժ տալու նպատակներով իրականացվող տեղեկատվական-տեխնոլոգիական և կազմակերպաիրավական միջոցառումների, կանոնների ու որոշումների ամբողջություն.

«ընդհանուր տեղեկատվական ռեսուրս»՝ Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրս, որը ձևավորվում է կենտրոնացված վարման միջոցով կամ անդամ պետությունների տեղեկատվական փոխգործակցության հիման վրա.

«Միության շրջանակներում ընդհանուր գործընթաց»՝ անդամ պետություններից մեկի տարածքում սկսվող, իսկ մեկ այլ անդամ պետության տարածքում ավարտվող (փոփոխվող) գործառնություններ և ընթացակարգեր, որոնք կանոնակարգված (սահմանված) են Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով ու անդամ պետությունների օրենսդրությամբ.

«տեղեկագիրք»՝ համակարգված, կառուցվածքավորված և կոդիֆիկացված ցանկ, որն իր բովանդակությամբ կամ տեղեկությունների բնույթով համանման է.

«էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտներ»՝ պետական մարմիններ, ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք փոխգործակցում են էլեկտրոնային փաստաթղթեր, ինչպես նաև էլեկտրոնային տեսքով տեղեկություններ կազմելիս, ուղարկելիս, փոխանցելիս, ստանալիս, պահպանելիս և օգտագործելիս ծագող հարաբերությունների շրջանակներում.

«վստահության անդրսահմանային տարածք»՝ անդամ պետությունների կողմից՝ լիազոր մարմինների միջև տվյալների և էլեկտրոնային փաստաթղթերի միջպետական փոխանակման ժամանակ վստահության ապահովման նպատակով համաձայնեցված իրավական, կազմակերպական և տեխնոլոգիական պայմանների ամբողջություն.

«տեղեկությունների դասակարգման և ծածկագրման միասնականացված համակարգ»՝ նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների տեղեկագրքերի, դասակարգիչների, ինչպես նաև դրանց մշակման, վարման և կիրառման կարգի ու մեթոդաբանության ամբողջություն.

«լիազոր մարմին»՝ անդամ պետության պետական մարմին կամ դրա կողմից սահմանված կազմակերպություն, որն օժտված է առանձին ոլորտներում պետական քաղաքականություն իրականացնելու լիազորություններով.

«հաշվառման համակարգ»՝ տեղեկատվական համակարգ, որը տեղեկություններ է պարունակում էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների իրավահաստատող փաստաթղթերից, և որի օգտագործման միջոցով կազմվում կամ տրվում են իրավաբանական նշանակությամբ էլեկտրոնային փաստաթղթեր.

«փոխգործակցության էլեկտրոնային ձև»՝ տեղեկատվական փոխգործակցության եղանակ, որը հիմնված է տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման վրա.

«փաստաթղթի էլեկտրոնային տեսք»՝ տեղեկություններ, տեղեկույթ, տվյալներ, որոնք ներկայացված են էլեկտրոնային հաշվիչ մեքենաների օգտագործմամբ մարդու կողմից ընկալելի, ինչպես նաև տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ դրանց փոխանցման և մշակման համար պիտանի տարբերակով՝ պահպանելով ձևաչափի և կառուցվածքի սահմանված պահանջները.

«էլեկտրոնային փաստաթուղթ»՝ էլեկտրոնային տեսքով փաստաթուղթ, որը հաստատված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ (էլեկտրոնային ստորագրությամբ), և որը համապատասխանում է տեղեկություններն էլեկտրոնային տեսքով փաստաթղթավորելու ընդհանուր ենթակառուցվածքի պահանջներին։

3. Արտաքին և փոխադարձ առևտրի՝ ինտեգրված տեղեկատվական համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնման հիման վրա աշխատանքներ են իրականացվում Միության ինտեգրված տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ ինտեգրված համակարգ) ստեղծելու, դրա գործունեությունն ու զարգացումն ապահովելու նպատակով, որը տեղեկատվական աջակցություն է ապահովում հետևյալ հարցերով՝

1) մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում,

2) մաքսային կարգավորում,

3) սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների տեխնիկական կանոնակարգում, կիրառում,

4) ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրում ու բաշխում,

5) հակագնագցման և փոխհատուցման տուրքերի հաշվեգրում ու բաշխում,

6) վիճակագրություն,

7) մրցակցային քաղաքականություն,

8) էներգետիկ քաղաքականություն,

9) արժութային քաղաքականություն,

10) մտավոր սեփականություն,

11) ֆինանսական շուկաներ (բանկային ոլորտ, ապահովագրական ոլորտ, արժութային շուկա, արժեթղթերի շուկա),

12) Միության մարմինների գործունեության ապահովում,

13) մակրոտնտեսական քաղաքականություն,

14) արդյունաբերական և ագրոարդյունաբերական քաղաքականություն,

15) դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառություն,

16) Միության լիազորությունների սահմաններում այլ հարցեր (իր զարգացմանը զուգահեռ ինտեգրված համակարգի ընդգրկման տիրույթում ներառվող)։

4. Ինտեգրված համակարգի ձևավորման հիմնական խնդիրներն են՝

1) Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգ ստեղծելն ու վարելը դասակարգման և ծածկագրման միասնականացված համակարգի հիման վրա,

2) Միության շրջանակներում տվյալների և էլեկտրոնային փաստաթղթերի միջպետական փոխանակման ինտեգրված տեղեկատվական կառուցվածք ստեղծելը,

3) անդամ պետությունների համար ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներ ստեղծելը,

4) ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորումն ապահովելու, պետական հսկողություն իրականացնող լիազոր մարմինների տեղեկատվական ապահովումն իրականացնելու, ինչպես նաև Միության շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրականացնելու համար Պայմանագրի դրույթների հիման վրա տեղեկատվական փոխգործակցություն ապահովելը,

5) Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի ու Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի նախագծերի տեքստերին, ինչպես նաև ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին ու անդամ պետությունների տեղեկատվական ռեսուրսներին հասանելիություն ապահովելը,

6) տեղեկություններն էլեկտրոնային տեսքով փաստաթղթավորելու ընդհանուր ենթակառուցվածք ստեղծելը և դրա գործունեությունն ապահովելը։

5. Ինտեգրված համակարգի շրջանակներում ձևավորվում են ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներ, որոնք պարունակում են՝

1) անդամ պետությունների օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտեր, Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրեր և ակտեր,

2) նորմատիվ-տեղեկատվական տեղեկություններ, որոնք կազմվում են տվյալների բազայի կենտրոնացված վարման միջոցով կամ անդամ պետությունների տեղեկատվական փոխգործակցության հիման վրա,

3) անդամ պետությունների և Հանձնաժողովի տեղեկատվական փոխգործակցության հիման վրա ձևավորվող ռեեստրներ,

4) պաշտոնական վիճակագրական տեղեկություններ,

5) անդամ պետությունների տեղեկատվական-մեթոդական, գիտական, տեխնիկական և այլ տեղեկատվական-վերլուծական նյութեր,

6) ինտեգրված համակարգի զարգացմանը զուգահեռ ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների կազմում ներառվող այլ տեղեկություններ։

6. Ինտեգրված համակարգ ձևավորելիս անդամ պետությունները ելնում են հետևյալ սկզբունքներից՝

1) շահերի ընդհանրություն և փոխշահավետություն,

2) ինտեգրված համակարգի համար տեղեկությունների նախապատրաստման վերաբերյալ միասնական մեթոդաբանական մոտեցումների կիրառում տվյալների ընդհանուր մոդելի հիման վրա,

3) տեղեկությունների մատչելիություն, հավաստիություն և ամբողջականություն,

4) տեղեկությունները ժամանակին ներկայացնելը,

5) ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների մակարդակին համապատասխանություն,

6) անդամ պետությունների տեղեկատվական համակարգերին ինտեգրում,

7) ինտեգրված համակարգում առկա տեղեկատվական ռեսուրսներին անդամ պետությունների հավասար հասանելիության ապահովում,

8) ներկայացված տեղեկությունները միայն հայտարարված նպատակներով օգտագործելն առանց այն տրամադրած անդամ պետությանը վնաս հասցնելու,

9) ինտեգրված համակարգի բաց լինելը օգտվողների բոլոր կատեգորիաների համար՝ հաշվի առնելով տեղեկությունների օգտագործմանը ներկայացվող պահանջի պահպանումը՝ հայտարարված նպատակներին համապատասխան,

10) լիազոր մարմինների, լիազոր մարմինների և Հանձնաժողովի միջև ինտեգրված համակարգի օգտագործմամբ տեղեկությունների փոխանակման իրականացում անհատույց հիմքով։

7. Նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների կազմն ու բովանդակությունը, Պայմանագրին և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան, սահմանվում են Հանձնաժողովի կողմից լիազոր մարմինների հետ համաձայնեցմամբ։

8. Ինտեգրված համակարգ ձևավորելիս անդամ պետություններն առաջնորդվում են միջազգային ստանդարտներով և առաջարկություններով։

9. Ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներ ձևավորելու, Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացումը ապահովելու և ինտեգրված համակարգի միջոցների օգտագործմամբ պետական հսկողության տարբեր տեսակներն արդյունավետ իրականացնելու նպատակներով ապահովվում է լիազոր մարմինների, լիազոր մարմինների և Հանձնաժողովի, ինչպես նաև Հանձնաժողովի ու ինտեգրացիոն միավորումների, միջազգային կազմակերպությունների միջև փոխգործակցության էլեկտրոնային ձև։ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկը, Միության շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրականացնելու տեխնոլոգիան, փոխգործակցության ընթացքում հաղորդագրություններ (հարցումներ) ուղարկելու և ստանալու կարգն ու կանոնակարգը, փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակին (էլեկտրոնային փաստաթուղթ) ներկայացվող պահանջները սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ Պայմանագրով սահմանված կարգով։

10. Էլեկտրոնային ձևով փոխգործակցության ընթացքում ներկայացվող տեղեկությունների ցանկը սահմանվում է Պայմանագրով կամ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով։

11. Լիազոր մարմիններին տեղեկություններ ներկայացնելու առնչությամբ տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց համար հավասար պայմաններ ստեղծելու, լիազոր մարմինների, տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց միջև փոխգործակցության էլեկտրոնային ձևերը համաձայնեցված կերպով զարգացնելու նպատակով Հանձնաժողովն իրավասու է փոխգործակցության նշված տեսակների համար Միության շրջանակներում փաստաթղթերի, էլեկտրոնային տարբերակի (էլեկտրոնային փաստաթղթերի), փոխգործակցության ընթացքում հաղորդագրություններ (հարցումներ) ուղարկելու և ստանալու կարգի նկատմամբ սահմանելու միասնական, միասնականացված պահանջներ կամ երաշխավորելու դրանց կիրառումը։

12. Էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործմամբ փոխգործակցության էլեկտրոնային ձևի դեպքում, ինչպես նաև տեղեկատվական համակարգերում դրանց մշակման դեպքում պահպանվում են հետևյալ սկզբունքները՝

1) եթե անդամ պետության օրենսդրությամբ պահանջվում է փաստաթուղթը ձևակերպել թղթային կրիչով, ապա Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ փաստաթղթավորման կանոնների և պահանջների համաձայն ձևակերպված էլեկտրոնային փաստաթուղթը համարվում է այդ կանոններին և պահանջներին համապատասխանող.

2) Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ փաստաթղթավորման կանոնների և պահանջների համաձայն ձևակերպված էլեկտրոնային փաստաթուղթն ըստ իրավաբանական ուժի հավասարազոր է ճանաչվում ստորագրությամբ կամ ստորագրությամբ և կնիքով հաստատված՝ թղթային կրիչով համանման փաստաթղթին.

3) փաստաթուղթը չի կարող զրկվել իրավաբանական ուժից միայն այն հիմքով, որ այն կազմված է էլեկտրոնային փաստաթղթի ձևով.

4) էլեկտրոնային փաստաթղթերից տեղեկություններ վերցնելու դեպքում, այդ թվում՝ ձևաչափերը և կառուցվածքները վերափոխելու դեպքում դրանց մշակման նպատակով տեղեկատվական համակարգերում ապահովվում է դրանց նույնականությունն էլեկտրոնային փաստաթղթերում նշված համանման տեղեկություններին.

5) Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով կամ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հաշվառման համակարգի օգտագործմամբ հնարավոր է ապահովել էլեկտրոնային փաստաթղթերի թղթային օրինակների ձևակերպումը։

13. Վստահության անդրսահմանային տարածքի զարգացումն իրականացվում է Հանձնաժողովի և անդամ պետությունների կողմից՝ միջպետական տեղեկատվական փոխգործակցության ժամանակ իրավաբանական ուժ ունեցող էլեկտրոնային փաստաթղթերի և ծառայությունների օգտագործման ռազմավարությանն ու հայեցակարգին համապատասխան։

14. Տեղեկություններն էլեկտրոնային տեսքով փաստաթղթավորելու ընդհանուր ենթակառուցվածքը բաղկացած է պետական բաղադրիչներից և ինտեգրացիոն բաղադրիչից։

15. Տեղեկություններն էլեկտրոնային տեսքով փաստաթղթավորելու ընդհանուր ենթակառուցվածքի ինտեգրացիոն բաղադրիչի օպերատորը Հանձնաժողովն է։

16. Տեղեկություններն էլեկտրոնային տեսքով փաստաթղթավորելու ընդհանուր ենթակառուցվածքի պետական բաղադրիչների օպերատորները լիազոր մարմիններն են կամ դրանց կողմից սահմանված կազմակերպությունները՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

17. Տեղեկություններն էլեկտրոնային տեսքով փաստաթղթավորելու ընդհանուր ենթակառուցվածքի ինտեգրացիոն բաղադրիչը հանդիսանում է վստահության անդրսահմանային տարածքի տարրերի ամբողջություն, որոնք ապահովում են անդրսահմանային էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրականացումը՝ համաձայնեցված ստանդարտների և ենթակառուցվածքային որոշումների հիման վրա։

18. Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանն ուղղված պահանջները մշակվում են Հանձնաժողովի կողմից՝ լիազոր մարմինների հետ փոխգործակցությամբ և հաստատվում են Հանձնաժողովի կողմից։ Տեղեկություններն էլեկտրոնային տեսքով փաստաթղթավորելու ընդհանուր ենթակառուցվածքի բաղադրիչների ստուգումը նշված պահանջներին համապատասխանության վերաբերյալ իրականացվում է անդամ պետությունների և Հանձնաժողովի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովի մասին դրույթը, որը ներառում է դրա ձևավորման և գործունեության իրականացման կարգը, սահմանվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից։

19. Էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանության տարբեր մեխանիզմներ օգտագործող էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների միջև էլեկտրոնային փաստաթղթերով տեղեկատական փոխանակումն ապահովվում է տեղեկություններն էլեկտրոնային տեսքով փաստաթղթավորելու ընդհանուր ենթակառուցվածքի օպերատորների կողմից տրամադրվող ծառայությունների, այդ թվում՝ վստահված երրորդ կողմի ծառայությունների օգտագործմամբ։

20. Վստահված երրորդ կողմի ծառայությունները տրամադրվում են անդամ պետությունների և Հանձնաժողովի կողմից։ Անդամ պետությունների վստահված երրորդ կողմի ծառայությունների օպերատորները լիազոր մարմիններն են կամ դրանց կողմից սահմանված (հավատարմագրված) կազմակերպությունները։ Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ծառայությունների օպերատորը Հանձնաժողովն է։ Անդամ պետություններն ապահովում են վստահված երրորդ կողմերի ծառայություններից օգտվելու՝ էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների իրավունքը։

21. Վստահված երրորդ կողմի հիմնական խնդիրներն են՝

1) էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների (էլեկտրոնային ստորագրությունների) օրինականացման իրականացում (իսկության հաստատում)՝ ժամանակի ֆիքսված պահին,

2) էլեկտրոնային փաստաթղթերի միջազգային (անդրսահմանային) փոխանակման ժամանակ վստահության երաշխիքների ապահովում,

3) ելից և (կամ) մտից էլեկտրոնային փաստաթղթերում էլեկտրոնային թվային ստորագրությունների (էլեկտրոնային ստորագրությունների) կիրառման իրավաչափության ապահովում՝ անդամ պետությունների օրենսդրությանը և Հանձնաժողովի ակտերին համապատասխան։

22. Հաշվառման համակարգի շրջանակներում տեղեկատվական ռեսուրսների վարման և օգտագործման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ։

23. Էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործմամբ փոխգործակցության էլեկտրոնային ձևի ապահովման առնչությամբ Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝

1) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում տեղեկությունների պաշտպանության՝ անդամ պետությունների համար փոխընդունելի մակարդակի ապահովում,

2) հաշվառման համակարգերում տեղեկությունների և տեղեկություններն էլեկտրոնային տեսքով փաստաթղթավորելու ընդհանուր ենթակառուցվածքի, այդ թվում՝ տեղեկատվական փոխգործակցության սուբյեկտների հասանելիության միջոցների պաշտպանության ապահովման նպատակով որոշումների մշակում,

3) տեղեկություններն էլեկտրոնային տեսքով փաստաթղթավորելու ընդհանուր ենթակառուցվածքի բաղադրիչների կազմի սահմանում անդամ պետությունների միջպետական ստանդարտների, միջազգային ստանդարտների և առաջարկությունների հիման վրա,

4) տիպային տեղեկատվական-տեխնոլոգիական որոշումների և ծրագրա-ապարատային համալիրների մշակման ու փորձարկումների համակարգում՝ տեղեկություններն էլեկտրոնային տեսքով փաստաթղթավորելու ընդհանուր ենթակառուցվածքի շրջանակներում,

5) տեղեկություններն էլեկտրոնային տեսքով փաստաթղթավորելու կանոնների, տեղեկություններն էլեկտրոնային տեսքով փաստաթղթավորելու ընդհանուր ենթակառուցվածքի առանձին բաղադրիչների և ծառայությունների աշխատանքի կանոնակարգերի, ինչպես նաև էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների համար դրանց կիրառման վերաբերյալ առաջարկությունների մշակման համակարգում,

6) Միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության ընթացքում էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործման դեպքում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման, ինչպես նաև հաշվառման համակարգերի միջև տեղեկատվական փոխգործակցության միջերեսների միասնականացման համար առաջարկությունների նախապատրաստում,

7) վստահության անդրսահմանային տարածքի ձևավորման առանձին հարցերով անդամ պետությունների՝ երրորդ կողմի հետ փոխգործակցության համակարգում։

24. Անդամ պետություններն ապահովում են լիազոր մարմինների տեղեկատվական ռեսուրսներում, տեղեկատվական համակարգերում և տեղեկատվահեռահաղորդակցական ցանցերում առկա տեղեկությունների պաշտպանությունը՝ անդամ պետությունների օրենսդրության պահանջներին համապատասխան։

25. Անդամ պետությունների օրենսդրությամբ պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) կամ սահմանափակ տարածում (հասանելիություն) ունեցող տեղեկատվություն համարվող տեղեկությունների փոխանակումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրության՝ դրանց պաշտպանությանը վերաբերող պահանջների պահպանմամբ։

26. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ պետական գաղտնիք կամ սահմանափակ տարածում (հասանելիություն) ունեցող տեղեկատվություն համարվող տվյալներ պարունակող տեղեկությունների փոխանակման կարգը սահմանվում է Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով։

27. Ինտեգրված համակարգի ստեղծումը համակարգվում է Հանձնաժողովի կողմից, որն ապահովում է դրա գործունեությունն ու զարգացումը անդամ պետությունների ազգային հատվածի պատվիրատուների հետ փոխգործակցության արդյունքում՝ հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից մշակվող և Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող ինտեգրված համակարգի զարգացման ռազմավարությունը։ Ինտեգրված համակարգի ստեղծման, դրա գործունեության ապահովման և զարգացման աշխատանքներն իրականացվում են Հանձնաժողովի՝ լիազոր մարմինների հետ փոխգործակցության արդյունքում մշակող և Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող ծրագրերի հիման վրա (նշելով Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման աշխատանքների ժամկետներն ու արժեքները)։

28. Հանձնաժողովը սեփականատիրոջ իր իրավունքներն իրականացնում և պարտականությունները կատարում է ինտեգրման համակարգի այնպիսի բաղադրիչների առնչությամբ, ինչպիսիք Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածը, Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսներն ու տեղեկատվական համակարգերն են, ինչպես նաև կազմակերպում է դրանց նախագծումը, մշակումը, ներդնումը, աշխատանքների արդյունքների ընդունումն ու հետագա պահպանումը։

29. Հանձնաժողովն իրականացնում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվերներ (գնումներ), ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվերներ (գնումներ) կատարելու ժամանակ ներկայացված մրցույթային առաջարկների գնահատում և սույն Արձանագրության 28-րդ կետում նշված ինտեգրված համակարգի բաղկացուցիչների առնչությամբ գույքային իրավունքների ձեռքբերում։

30. Ինտեգրված համակարգի հատվածների ստեղծման, զարգացման և գործունեության ժամանակ կազմակերպական ու տեխնիկական որոշումների կիրառման միասնականացումն ապահովելու, տեղեկությունների պաշտպանության պատշաճ մակարդակը պահպանելու նպատակներով Հանձնաժողովը համակարգում է տեխնիկական, տեխնոլոգիական, մեթոդական և կազմակերպչական փաստաթղթերի նախագծերի մշակումն ու հաստատում դրանք։

31. Անդամ պետությունը սահմանում է անդամ պետության ազգային հատվածի պատվիրատուին, որն իրականացնում է իրավունքներ և կատարում պարտականություններ՝ այն ստեղծելու, գործունեությունն ու զարգացումն ապահովելու մասով։

32. Անդամ պետություններն ունեն ինտեգրված համակարգից օգտվելու հավասար իրավունքներ։

33. Սույն Արձանագրության 28-րդ կետում նշված ինտեգրված համակարգի բաղկացուցիչների ստեղծման, զարգացման և գործունեության ապահովման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է Միության բյուջեի միջոցների հաշվին, ընդ որում, դրանց ստեղծման և զարգացման աշխատանքների առնչությամբ՝ ելնելով սույն Արձանագրության 27-րդ կետում նշված ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ ծավալներից։

34. Պետական տեղեկատվական ռեսուրսների և լիազոր մարմինների տեղեկատվական համակարգերի, ինչպես նաև անդամ պետությունների ազգային հատվածների ստեղծման, զարգացման և գործունեության ապահովման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է անդամ պետությունների բյուջեի՝ լիազոր մարմինների գործունեության ապահովման համար նախատեսված միջոցների հաշվին։

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4
«Եվրասիական տնտեսական
միության մասին» պայմանագրի

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման և տարածման կարգի մասին

 

1. Սույն Արձանագրությունը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 23-րդ հոդվածի համաձայն` Միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման և տարածման կարգը սահմանելու նպատակով։

2. Սույն Արձանագրության մեջ օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

«անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկություններ»՝ վիճակագրական տեղեկություններ, որոնք ձևավորվում են լիազոր մարմինների կողմից վիճակագրական աշխատանքների ազգային ծրագրերի շրջանակներում և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

«Միության պաշտոնական վիճակագրական տեղեկություններ»՝ վիճակագրական տեղեկություններ, որոնք ձևավորվում են Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկությունների, միջազգային կազմակերպությունների պաշտոնական վիճակագրական տեղեկությունների և անդամ պետությունների օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից ստացված այլ տեղեկությունների հիման վրա.

«լիազոր մարմիններ»՝ անդամ պետությունների պետական մարմիններ, այդ թվում՝ ազգային (կենտրոնական) բանկեր, որոնց վերապահված են անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկությունները ձևավորելու գործառույթները։

3. Անդամ պետություններին և Հանձնաժողովին փոխադարձ առևտրում անդամ պետությունների միջև փոխադրվող ապրանքների վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տեղեկություններ ապահովելու նպատակով լիազոր մարմիններն իրականացնում են այլ անդամ պետությունների հետ ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության վարում։

4. Ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության վարումն իրականացվում է լիազոր մարմինների հետ՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող մեթոդաբանությանը համապատասխան։

5. Լիազոր մարմինները Հանձնաժողով են ներկայացնում անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկությունները՝ վիճակագրական ցուցանիշների ցանկի համաձայն։

6. Վիճակագրական ցուցանիշների ցանկը, անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկությունները ներկայացնելու ժամկետները և ձևաչափերը հաստատվում են Հանձնաժողովի կողմից՝ լիազոր մարմինների համաձայնությամբ։

7. Հանձնաժողովն իրավունք ունի լիազոր մարմիններից պահանջելու անդամ պետությունների այլ պաշտոնական վիճակագրական տեղեկություններ, որոնք ներառված չեն վիճակագրական ցուցանիշների ցանկում։

8. Լիազոր մարմինները ձեռնարկում են միջոցներ՝ ապահովելու անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ամբողջականությունը, հավաստիությունը և Հանձնաժողովին ժամանակին ներկայացնելը, տեղեկացնում են Հանձնաժողովին պաշտոնական վիճակագրական տեղեկությունները սահմանված ժամկետներում ներկայացնելու անհնարինության մասին։

9. Սույն Արձանագրության դրույթները չեն տարածվում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիք կամ սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկություն համարվող՝ անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկությունների վրա։

10. Հանձնաժողովն իրականացնում է Միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների հավաքագրում, կուտակում, համակարգում, վերլուծություն և տարածում, լիազոր մարմինների հարցումների հիման վրա նշված տեղեկությունների տրամադրում, ինչպես նաև վիճակագրության ոլորտում լիազոր մարմինների տեղեկատվական և մեթոդաբանական փոխգործակցության համակարգում սույն Արձանագրության շրջանակներում։

11. Հանձնաժողովը մշակում և հաստատում է Միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման մեթոդաբանությունը, որը կազմվում է Հանձնաժողովին տրամադրվող՝ անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկությունների հիման վրա։

12. Հանձնաժողովը ձեռնարկում է միջոցներ՝ ուղղված անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկությունների համադրելիությունն ապահովելուն՝ լիազոր մարմինների կողմից միջազգային մակարդակում միասնական, համադրելի ստանդարտների, այդ թվում՝ դասակարգումների և մեթոդաբանության կիրառման առնչությամբ համապատասխան առաջարկություններ ընդունելու միջոցով։

13. Միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների տարածումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից` վերջինիս հաստատած վիճակագրական աշխատանքների ծրագրին համապատասխան Հանձնաժողովի պաշտոնական հրատարակություններում հրապարակելու և ինտերնետ ցանցում Միության պաշտոնական կայքում տեղադրելու միջոցով։

14. Հանձնաժողովը լիազոր մարմինների հետ համատեղ մշակում և հաստատում է վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման ծրագրեր։

 

ՀԱՎԵԼՎԱԾ 5
«Եվրասիական տնտեսական
միության մասին» պայմանագրի

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ (ՀԱՄԱՐԺԵՔ ԱՅԼ ՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄՆԵՐԻ) ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԵԳՐԵԼՈՒ ԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ՈՐՊԵՍ ԵԿԱՄՈՒՏ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Արձանագրությունը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 26-րդ հոդվածին համապատասխան և սահմանում է անդամ պետությունների միջև այն ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման ու բաշխման կարգը, որոնց վճարման պարտավորությունը Միության տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ առաջացել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ից:

Սույն Արձանագրությունը կիրառվում է նաև այն տույժերի (տոկոսների) գումարների նկատմամբ, որոնք հաշվեգրվել են ներմուծման մաքսատուրքերի գումարներին՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով նախատեսված դեպքերում ու կարգով:

2. Սույն Համաձայնագրում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

«լիազոր մարմնի միասնական հաշիվ»՝ լիազոր մարմնի համար ազգային (կենտրոնական) բանկում կամ ազգային (կենտրոնական) բանկում թղթակցային հաշիվ ունեցող լիազոր մարմնում բացված հաշիվ՝ տվյալ անդամ պետության բյուջեների միջև մուտքերի հաշվեգրման և բաշխման համար.

«հաշվետու օր»՝ անդամ պետության այն աշխատանքային օրը, որի ընթացքում կատարվում է ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրում լիազոր մարմնի միասնական հաշվին.

«կետանցի դիմաց տոկոս»՝ գումար, որն անդամ պետությունը մյուս անդամ պետություններին պետք է փոխանցի սույն Արձանագրության դրույթների այնպիսի խախտման համար, որի հետևանքով անդամ պետության՝ ներմուծման մաքսատուրքերի բաշխումից ստացված գումարները փոխանցելու մասով պարտավորությունները չեն կատարվել, ամբողջությամբ չեն կատարվել և (կամ) ժամանակին չեն կատարվել.

«արտարժութային հաշիվ»՝ մեկ անդամ պետության լիազոր մարմնի համար ազգային (կենտրոնական) բանկում մյուս անդամ պետության արժույթով բացված հաշիվ՝ այդ մյուս անդամ պետության կողմից ներմուծման մաքսատուրքերի բաշխումից ստացված մուտքերը հաշվեգրելու համար.

«ընթացիկ օր»՝ անդամ պետության այն աշխատանքային օրը, որը հաջորդում է հաշվետու օրվան և որի ընթացքում իրականացվում են հաշվետու օրվա համար ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման հետ կապված գործառնությունները.

«լիազոր մարմին»՝ անդամ պետության այն պետական մարմինը, որն իրականացնում է տվյալ անդամ պետության բյուջեի կատարման դրամարկղային սպասարկումը:

Սույն Արձանագրության մեջ օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով և Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքով սահմանված իմաստներով:

 

II. Անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրման և բաշխման կարգը

 

3. Ներմուծման մաքսատուրքերի գումարները ենթակա են ազգային արժույթով հաշվեգրման այն անդամ պետության լիազոր մարմնի միասնական հաշվին, որտեղ դրանք ենթակա են վճարման՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան, այդ թվում՝ ներմուծման մաքսատուրքերի գանձման դեպքում:

Վճարողները լիազոր մարմնի միասնական հաշվին ներմուծման մաքսատուրքերը փոխանցում են առանձին հաշվարկային (վճարային) փաստաթղթերով (հանձնարարականներով)։

Ներմուծման մաքսատուրքերի վճարման դիմաց կարող են հաշվանցվել անդամ պետության օրենսդրությանը համապատասխան վճարման ենթակա հարկերը և տուրքերը, ինչպես նաև այլ վճարներ (բացառությամբ հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի), որոնք մուտքագրվել են լիազոր մարմնի միասնական հաշիվ։

«Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի հաշվեգրման ու բաշխման մասին» Կանոնակարգին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 8-րդ հավելվածի հավելված)՝ կարող են գանձվել հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր՝ ներմուծման մաքսատուրքերի վճարման մասով վճարողների պարտքի մարման դիմաց:

Ներմուծման մաքսատուրքերի գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, եթե մաքսային իրավահարաբերությունները կարգավորող և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով այլ բան նախատեսված չէ, հաշվի առնելով սույն Արձանագրության դրույթները:

Ներմուծման մաքսատուրքերի գումարները չեն կարող հաշվանցվել այլ վճարների կատարման դիմաց՝ բացառությամբ այնպիսի հաշվանցման, որը կատարվում է մաքսավճարների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև տույժերի (տոկոսների) վճարման մասով վճարողների պարտքի մարման դիմաց (այսուհետ՝ պարտքի մարման դիմաց հաշվանցում):

4. Լիազոր մարմնի միասնական հաշվին գտնվող դրամական միջոցների վրա չի կարող բռնագանձում տարածվել դատական ակտերի կատարման կարգով կամ որևէ այլ ձևով՝ բացառությամբ մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև տույժերի (տոկոսների) վճարման մասով վճարողների պարտքի մարման դեպքերի:

5. Անդամ պետությունների լիազոր մարմիններն առանձին-առանձին հաշվառում են հետևյալ մուտքերը՝

լիազոր մարմնի միասնական հաշվին գտնվող ներմուծման մաքսատուրքերի մուտքերի (վերադարձի, պարտքի մարման դիմաց հաշվանցումների) գումարները.

ներմուծման մաքսատուրքերի բաշխված գումարները, որոնք փոխանցվել են մյուս անդամ պետությունների արտարժութային հաշիվներին.

անդամ պետության բյուջե տվյալ անդամ պետության կողմից ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման արդյունքում հաշվեգրված եկամտի գումարները.

ներմուծման մաքսատուրքերի այն գումարները, որոնք անդամ պետության բյուջե մուտքագրվել են մյուս անդամ պետությունների կողմից.

կետանցի դիմաց անդամ պետության բյուջե մուտքագրված տոկոսագումարները, որոնք սահմանված են սույն Արձանագրությամբ.

բաշխված ներմուծման մաքսատուրքերի այն գումարները, որոնց փոխանցումը մյուս անդամ պետությունների արտարժութային հաշիվներին կասեցվել է։

Մուտքագրվող նշված գումարներն առանձին արտացոլվում են յուրաքանչյուր անդամ պետության բյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ։

6. Անդամ պետության լիազոր մարմնի միասնական հաշիվ օրացուցային տարվա վերջին աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրված ներմուծման մաքսատուրքերի գումարներն արտացոլվում են տվյալ անդամ պետության հաշվետու տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ։

Անդամ պետության օրացուցային տարվա վերջին աշխատանքային օրը բաշխված ներմուծման մաքսատուրքերի գումարները փոխանցվում են տվյալ անդամ պետության բյուջե և մյուս անդամ պետությունների արտարժութային հաշիվներին՝ ոչ ուշ, քան անդամ պետության ընթացիկ տարվա երկրորդ աշխատանքային օրը, ինչպես նաև արտացոլվում են հաշվետու տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ։

Մյուս անդամ պետությունների օրացուցային տարվա վերջին աշխատանքային օրվա ընթացքում մյուս անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից տվյալ անդամ պետության բյուջե մուտքագրված՝ ներմուծման մաքսատուրքերի բաշխումից ստացված եկամուտների գումարներն արտացոլվում են ընթացիկ տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ։

7. Վճարողին ներմուծման մաքսատուրքերի գումարների վերադարձը, պարտքի մարման դիմաց դրանց հաշվանցումն իրականացվում են ընթացիկ օրը լիազոր մարմնի միասնական հաշվից լիազոր մարմնի միասնական հաշիվ մուտքագրված, ինչպես նաև հաշվետու օրը ներմուծման մաքսատուրքերի վճարման դիմաց հաշվանցված ներմուծման մաքսատուրքերի գումարների սահմաններում՝ հաշվի առնելով վերադարձման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարները, որոնք հաշվետու օրը կատարման համար չեն ընդունվել ազգային (կենտրոնական) բանկի կողմից։

Վճարողին ներմուծման մաքսատուրքերի գումարների վերադարձը, պարտքի մարման դիմաց դրանց հաշվանցումն իրականացվում են հաշվետու օրը Ղազախստանի Հանրապետության լիազոր մարմնի միասնական հաշվից վերադարձը (հաշվանցումը) իրականացնելու օրը՝ այդ լիազոր մարմնի միասնական հաշիվ մուտքագրված (հաշվեգրված) ներմուծման մաքսատուրքերի գումարների սահմաններում։

8. Վերադարձի և (կամ) պարտքի մարման դիմաց հաշվանցման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարների սահմանումն ընթացիկ օրվա ընթացքում իրականացվում է մինչև մուտքագրված ներմուծման մաքսատուրքերի գումարները անդամ պետությունների միջև բաշխելը:

9. Սույն Արձանագրության 7-րդ կետին համապատասխան` ներմուծման մաքսատուրքերի վերադարձ և (կամ) պարտքի մարման դիմաց հաշվանցում իրականացնելու համար բավարար միջոցների բացակայության դեպքում անդամ պետությունը տվյալ վերադարձը (հաշվանցումը) իրականացնում է հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։

Վճարողին ներմուծման մաքսատուրքերի գումարները ժամանակին չվերադարձնելու համար տույժերը (տոկոսները) վճարողին վճարվում են այդ անդամ պետության բյուջեից և չեն ներառվում ներմուծման մաքսատուրքերում։

10. Անդամ պետության լիազոր մարմնի կողմից անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխումն իրականացվում է անդամ պետության հաշվետու օրվան հաջորդող այն աշխատանքային օրը, որի ընթացքում ներմուծման մաքսատուրքերի գումարները հաշվեգրվել են լիազոր մարմնի միասնական հաշվին։

Ղազախստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխումն իրականացվում է լիազոր մարմնի միասնական հաշվին ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման հաշվետու օրը։

11. Անդամ պետության լիազոր մարմնի միասնական հաշվից տվյալ անդամ պետության բյուջե, ինչպես նաև մյուս անդամ պետությունների արտարժութային հաշիվներին փոխանցման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարի հաշվարկն իրականացվում է անդամ պետությունների միջև բաշխման ենթակա ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր գումարը տոկոսներով սահմանվող բաշխման նորմատիվներով բազմապատկելու միջոցով։

Ընդ որում՝ անդամ պետությունների միջև բաշխման ենթակա ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր գումարը որոշվում է հաշվետու օրը մուտքագրված (հաշվանցման միջոցով լիազոր մարմնի կողմից կատարված) ներմուծման մաքսատուրքերի գումարից հանելով հաշվետու օրը վճարողներին վերադարձման և պարտքի մարման դիմաց հաշվանցման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարները՝ հաշվի առնելով հաշվետու օրը ազգային (կենտրոնական) բանկի կողմից կատարման համար չընդունված՝ ներմուծման մաքսատուրքերի վերադարձի գումարների փոխանցման մասին հաշվարկային (վճարման) փաստաթղթերը (հանձնարարականները)։

Այն դեպքում, եթե ընթացիկ օրը կատարման ենթակա՝ վճարողին ներմուծման մաքսատուրքի գումարի վերադարձման վերաբերյալ հաշվարկային (վճարման) փաստաթուղթը (հանձնարարականը) կատարման համար չի ընդունվել ազգային (կենտրոնական) բանկի կողմից, տվյալ գումարը ենթակա է անդամ պետությունների միջև բաշխման հաջորդ աշխատանքային օրը: Ընդ որում՝ ներմուծման մաքսատուրքերի այն գումարը, որը սույն կետին համապատասխան չի փոխանցվել մյուս անդամ պետությունների արտարժութային հաշիվներին, ճանաչվում է մեկ օրով ժամկետանց։

12. Յուրաքանչյուր անդամ պետության համար ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվները սահմանվում են հետևյալ չափերով՝

Հայաստանի Հանրապետություն՝ 1,13%,

Բելառուսի Հանրապետություն՝ 4,65%,

Ղազախստանի Հանրապետություն՝ 7,25%,

Ռուսաստանի Դաշնություն՝ 86,97%:

(12-րդ կետը խմբ. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)

13. Անդամ պետություններին ներմուծման մաքսատուրքերի գումարների փոխանցումն իրականացվում է անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից մյուս անդամ պետությունների արտարժութային հաշիվներին անդամ պետության՝ լիազոր մարմնի միասնական հաշվին հաշվեգրման օրվան հաջորդող աշխատանքային օրը։

Յուրաքանչյուր օր՝ ոչ ուշ, քան մինչև տեղական ժամանակով ժամը 14-ը, անդամ պետություններին ներմուծման մաքսատուրքերի գումարների փոխանցման վերաբերյալ հաշվարկային (վճարման) փաստաթուղթը (հանձնարարականը) լիազոր մարմնի կողմից ուղարկվում է ազգային (կենտրոնական) բանկ՝ մյուս անդամ պետությունների արտարժութային հաշիվներին հետագա փոխանցման համար։ Նշված հաշվարկային (վճարման) փաստաթղթում (հանձնարարականում) նշվում է այն ամսաթիվը, որի համար իրականացվում է ներմուծման մաքսատուրքերի բաշխումը, ինչպես նաև անդամ պետությունների միջև բաշխման ենթակա գումարը՝ ազգային արժույթով։

Եթե նշված հաշվարկային (վճարման) փաստաթուղթը (հանձնարարականը) անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկ ուղարկվել է ընթացիկ օրը՝ տեղական ժամանակով ժամը 14-ից հետո, ապա համապատասխան վճարումը համարվում է մեկ օրով ժամկետանց։

14. Անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից արտարժութային հաշիվներ մուտքագրված ներմուծման մաքսատուրքերի գումարներն անդամ պետության բյուջե որպես եկամուտ փոխանցելու կարգը կարգավորվում է սույն Արձանագրության III մասով։

15. Բաշխված և անդամ պետությունների բյուջեներ փոխանցված ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվառումն իրականացվում է անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից:

16. Հերթական օրացուցային տարվա սկզբից ոչ ուշ, քան տասն օրացուցային օր առաջ անդամ պետության լիազոր մարմինը մյուս անդամ պետությունների լիազոր մարմիններին տեղեկացնում է տվյալ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ոչ աշխատանքային օրերի մասին։

Ոչ աշխատանքային օրերի փոփոխության դեպքում այն անդամ պետության լիազոր մարմինը, որտեղ տեղի են ունենալու նման փոփոխություններ, մյուս անդամ պետությունների լիազոր մարմիններին տեղեկացնում է նշված փոփոխությունների մասին՝ դրանք ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան երկու օրացուցային օր առաջ։

17. Այն արտարժութային հաշվի վավերապայմանների փոփոխման դեպքում, որին պետք է փոխանցվեն ներմուծման մաքսատուրքերի գումարները, այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան տասն օրացուցային օր առաջ տվյալ անդամ պետության լիազոր մարմինը մյուս անդամ պետությունների լիազոր մարմիններին ծանուցում է հաշվի ճշգրտված վավերապայմանների մասին։

Սույն Արձանագրության կատարման համար անհրաժեշտ այլ տվյալների փոփոխման դեպքում լիազոր մարմինն այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 3 օրացուցային օր առաջ մյուս անդամ պետությունների լիազոր մարմիններին տեղեկացնում է նշված փոփոխությունների մասին։

18. Անդամ պետությունների միջև բաշխման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարների բացակայության դեպքում մյուս անդամ պետությունների արտարժութային հաշիվներին դրամական միջոցներ փոխանցելու վերաբերյալ հաշվարկային (վճարման) փաստաթուղթը (հանձնարարականը) ազգային (կենտրոնական) բանկ ուղարկելու համար անդամ պետության լիազոր մարմինը սույն Արձանագրությամբ սահմանված ժամկետում համապատասխան տեղեկությունները մյուս անդամ պետությունների լիազոր մարմիններ է ուղարկում էլեկտրոնային եղանակով՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, իսկ մինչև նշված համակարգի ներմուծումը՝ կապի էլեկտրոնային ուղիներով՝ այդ տեղեկությունները պարունակող փաստաթղթի գրաֆիկական էլեկտրոնային պատճենների տեսքով։

19. Անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմիններն ապահովում են ներմուծման մաքսատուրքերի հաշվառումը հաշվեգրման մեթոդով իրականացնելու միասնական սկզբունքների կիրառումը՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կանոններին համապատասխան:

20. Սույն բաժնով սահմանված ժամկետներում որևէ անդամ պետության արտարժութային հաշվին դրամական միջոցներ չփոխանցելու կամ ոչ ամբողջությամբ փոխանցելու և այդ անդամ պետության լիազոր մարմնից բաշխման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարների բացակայության մասին տեղեկություններ չստանալու դեպքում այն անդամ պետության լիազոր մարմինը, որի արտարժութային հաշիվ դրամական միջոցներ չեն մուտքագրվել, դրամական միջոցները չփոխանցելու կամ ոչ ամբողջությամբ փոխանցելու մասին տեղեկացնում է անդամ պետությունների լիազոր մարմիններին և Հանձնաժողովին։

21. Այն անդամ պետությունը, որը մյուս անդամ պետություններին չի փոխանցել ներմուծման մաքսատուրքերի բաշխված գումարները, այդ մյուս անդամ պետություններին կետանցի համար գոյացած պարտքի ամբողջ գումարի դիմաց վճարում է տոկոսներ՝ կետանցի յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 0,1 տոկոս դրույքաչափով՝ ներառյալ այն օրը, երբ ներմուծման մաքսատուրքի բաշխումից ստացված գումարը չի փոխանցվել մյուս անդամ պետությանը (անդամ պետություններին):

22. Եթե նշված գումարների փաստացի առկայության դեպքում անդամ պետությունը տեղեկացնում է բաշխման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարների բացակայության մասին և եթե լիազոր մարմնի միասնական հաշվից դրամական միջոցները ոչ ամբողջությամբ են փոխանցվում մյուս անդամ պետությունների արտարժութային հաշիվներին, ապա նման խախտում կատարած անդամ պետությունը պարտավոր է ոչ ուշ, քան անդամ պետության հաջորդ աշխատանքային օրը մյուս անդամ պետություններին փոխանցել ներմուծման մաքսատուրքերի բաշխումից ստացված գումարները, որոնք սույն բաժնին համապատասխան ենթակա են մյուս անդամ պետությունների բյուջեներ հաշվեգրման՝ հիմք ընդունելով այն գումարը, որը չէր փոխանցվել մյուս անդամ պետությունների արտարժութային հաշիվներին։

Ընդ որում՝ նման խախտում կատարած անդամ պետությունը կետանցի համար տոկոսներ է վճարում սույն Արձանագրության 21-րդ կետով սահմանված չափով կետանցի յուրաքանչյուր օրացուցային օրվա համար, որը համարվում է խախտման օրվանից հաշվարկված ժամանակահատվածը՝ չներառելով այն օրը, երբ դրամական միջոցները սույն կետին համապատասխան փոխանցվել են անդամ պետություններին։

23. Եթե որևէ անդամ պետությունից դրամական միջոցներ չեն մուտքագրվել (ոչ ամբողջությամբ են մուտքագրվել) և այդ անդամ պետության լիազոր մարմինը չի տեղեկացրել անդամ պետությունների միջև բաշխման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարների բացակայության մասին, ապա այն անդամ պետության լիազոր մարմինը, որի արտարժութային հաշիվ դրամական միջոցներ չեն մուտքագրվել, չմուտքագրելու (ոչ ամբողջությամբ մուտքագրելու) օրվանից հետո անդամ պետության երրորդ աշխատանքային օրն իրավասու է կասեցնել իր միասնական հաշվից առաջին անդամ պետության արտարժութային հաշվին կատարվող ներմուծման մաքսատուրքերի գումարների փոխանցումը։

24. Եթե անդամ պետությունը որոշում է կայացնում ներմուծման մաքսատուրքերի գումարների փոխանցումը կասեցնելու մասին, ապա այն դրամական միջոցները, որոնք ենթակա են փոխանցման մյուս անդամ պետության արտարժութային հաշվին, ենթակա են առաջին անդամ պետության բյուջեի եկամուտներին հաշվեգրման մինչև փոխանցումները կասեցնելու մասին որոշումը չեղյալ հայտարարելը, և դրանք առանձին-առանձին հաշվառվում են այդ անդամ պետության բյուջեում։

Այն անդամ պետության լիազոր մարմինը, որը կասեցրել է ներմուծման մաքսատուրքերի գումարների փոխանցումը մյուս անդամ պետության արտարժութային հաշվին, ընդունված որոշման մասին անհապաղ տեղեկացնում է մյուս անդամ պետությունների լիազոր մարմիններին և Հանձնաժողովին:

25. Հանձնաժողովը ներմուծման մաքսատուրքերի գումարների փոխանցումը կասեցնելու մասին որոշումը կայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների հետ խորհրդակցություններ է անցկացնում՝ ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման մեխանիզմի աշխատանքները հնարավորինս շուտ ամբողջությամբ վերականգնելու համար։

26. Այն դեպքում, երբ սույն Արձանագրության 25-րդ կետում նշված խորհրդակցությունների արդյունքում ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման մեխանիզմի աշխատանքները վերականգնելու մասին որոշում չի ընդունվում, այդ հարցը ներկայացվում է Հանձնաժողովի քննարկմանը:

Հանձնաժողովի կողմից ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման մեխանիզմի աշխատանքները վերականգնելու մասին որոշումն ընդունելու անհնարինության դեպքում այդ հարցը ներկայացվում է Միջկառավարական խորհրդի քննարկմանը:

27. Ներմուծման մաքսատուրքերի գումարների փոխանցումը վերականգնելու դեպքում սույն Արձանագրության 24-րդ կետում նշված գումարները ենթակա են փոխանցման այն անդամ պետությունների արտարժութային հաշիվներին, որոնց համար դրանք նախատեսված էին սույն Արձանագրությանը համապատասխան, ոչ ուշ, քան անդամ պետության՝ որոշում կայացնելու մասին ծանուցումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը, ընդ որում՝ նշված գումարի համար կետանցի դեպքում տոկոսներ չեն հաշվարկվում։

28. Անդամ պետություններից որևէ մեկի կողմից արտարժութային հաշիվներին չփոխանցված՝ բաշխված ներմուծման մաքսատուրքերի գումարները, ինչպես նաև ԱՄՆ դոլարով դրամական միջոցների փոխանցման մասով սույն Արձանագրության III բաժնով նախատեսված՝ անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից չկատարված պարտավորությունների գումարներն ավելացվում են պետական պարտքին։

 

III. Անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից արտարժութային հաշիվներ մուտքագրված ներմուծման մաքսատուրքերի գումարներն անդամ պետության բյուջե որպես եկամուտ փոխանցելու կարգը

 

29. Մեկ (առաջին) անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկը պարտավոր է մյուս (երկրորդ) անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկին ԱՄՆ դոլարով դրամական միջոցներ վաճառել առաջին անդամ պետության ազգային արժույթի գումարի դիմաց, որը հավասար է առաջին անդամ պետության ազգային արժույթի այն գումարին, որը սույն Արձանագրությանը համապատասխան փոխանցվել է երկրորդ անդամ պետության լիազոր մարմնի արտարժութային հաշվին: Վաճառվող ԱՄՆ դոլարի գումարը որոշվում է ԱՄՆ դոլարի նկատմամբ առաջին անդամ պետության ազգային արժույթի պաշտոնական փոխարժեքով, որը սահմանվում է առաջին անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից երկրորդ անդամ պետության արտարժութային հաշվին առաջին անդամ պետության ազգային արժույթով դրամական միջոցների փոխանցման ամսաթվին հաջորդող աշխատանքային օրվա համար։

ԱՄՆ դոլարով դրամական միջոցներ վաճառելու պարտավորությունը պետք է կատարվի առաջին անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից ոչ ուշ, քան երկրորդ անդամ պետության արտարժութային հաշվին առաջին անդամ պետության ազգային արժույթով համարժեք գումարի փոխանցման օրվան հաջորդող աշխատանքային օրը։

Ընդ որում՝ ԱՄՆ դոլարով դրամական միջոցներ վաճառելու պարտավորությունը յուրաքանչյուր անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից պետք է կատարվի մյուս անդամ պետությունների միջև հարաբերություններում նմանատիպ իրավունքների իրականացումից և պարտավորությունների կատարումից անկախ:

Երկու անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերը կարող են առանձին պայմանագրով սահմանել, որ ԱՄՆ դոլարով դրամական միջոցների փոխանցման մասով հանդիպակաց պարտավորության, այդ թվում՝ սույն կետի երկրորդ պարբերության մեջ սահմանված ժամկետում չկատարված պարտավորությունների և սույն Արձանագրության 31-րդ կետին համապատասխան տույժերի վճարման պարտավորությունների կատարումն ապահովվում է այն ազգային (կենտրոնական) բանկի կողմից, որի պարտավորության չափն ԱՄՆ դոլարով գերազանցում է մյուս ազգային (կենտրոնական) բանկի հանդիպակաց պարտավորությունների չափն ԱՄՆ դոլարով, մյուս ազգային (կենտրոնական) բանկին ԱՄՆ դոլարով նշված հանդիպակաց պարտավորությունների չափերի տարբերությանը հավասար գումարին համարժեք դրամական միջոցներ փոխանցելու միջոցով։

ԱՄՆ դոլարով դրամական պարտավորությունների մասով սույն կետում նշված պահանջների կատարումն ապահովվում է հետևյալ հերթականությամբ՝

առաջին հերթին բավարարվում են սույն Արձանագրության 31-րդ կետին համապատասխան տույժերի վճարման մասով պահանջները.

երկրորդ հերթին բավարարվում են այն պարտավորությունների մասով պահանջները, որոնց կատարման ժամկետը լրացել է և որոնք ժամկետանց չեն համարվում.

երրորդ հերթին բավարարվում են այն պարտավորությունների մասով պահանջները, որոնք չեն կատարվել սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետում։

Առաջին անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի՝ երկրորդ անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկին ԱՄՆ դոլարով դրամական միջոցներ վաճառելու՝ սույն կետում նշված պարտավորության առնչությամբ առաջին անդամ պետությունն առաջին անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի հետ համապարտ պատասխանատվություն է կրում երկրորդ անդամ պետության նկատմամբ:

30. Առաջին և երկրորդ անդամ պետությունների միջև հետագա փոխհաշվարկներ իրականացնելու նպատակով առաջին անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի՝ երկրորդ անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկին ԱՄՆ դոլարով դրամական միջոցներ վաճառելու՝ սույն Արձանագրության 29-րդ կետում նշված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճորեն կատարելու դեպքում առաջին անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկին ներկայացվող պահանջները սահմանվում են ԱՄՆ դոլարով՝ առաջին անդամ պետության ազգային արժույթով երկրորդ անդամ պետության արտարժութային հաշվին դրամական միջոցներ փոխանցելու օրվան հաջորդող օրվա համար առաջին անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված փոխարժեքով։

31. Առաջին անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի՝ երկրորդ անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկին ԱՄՆ դոլարով դրամական միջոցներ վաճառելու՝ սույն Արձանագրության 29-րդ կետում նշված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճորեն կատարելու համար առաջին անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկը կամ առաջին անդամ պետությունը վճարում է տույժեր, որոնց չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 


Տույժ

=

Գումար USD

x

LIBORUSD, o/n +2%
___________

Օրեր

x

Օրեր
360  
 

որտեղ՝

Գումար USD ՝ առաջին անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից երկրորդ անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկին փոխանցման ենթակա գումար (ԱՄՆ դոլարով).

LIBՕR USD, o/n՝ Բրիտանական բանկային ասոցիացիայի կողմից (British Bankers Association, BBA) պարտավորությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կերպով կատարելն սկսելու օրվա համար սահմանված մեկօրյա LIBOR դրույքը՝ ԱՄՆ դոլարի համար (տարեկան տոկոսադրույքով).

Օրեր՝ օրացուցային օրերի քանակը, որոնք հաշվարկվում են պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու օրվանից (ներառյալ) մինչև պարտավորությունը պատշաճ կերպով կատարելու օրը (բացառելով պարտավորությունը պատշաճ կերպով կատարելու օրը)։

32. Սույն Արձանագրության 29-րդ կետում նշված՝ առաջին անդամ պետության պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու դեպքում երկրորդ անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկը, որի նկատմամբ պարտավորությունը չի կատարվել կամ ոչ պատշաճ կերպով է կատարվել, իրավասու է չկատարված կամ ոչ պատշաճ կերպով կատարված պարտավորության վերաբերյալ պահանջը՝ ներառյալ սույն Արձանագրության 31-րդ կետին համապատասխան տույժերի վճարման պահանջը հատուցման հիմունքներով փոխանցելու երկրորդ անդամ պետությանը՝ առանց առաջին անդամ պետության և առաջին անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի համաձայնության կամ դրանց նախապես ծանուցելու։

33. Անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկը անդամ պետության Կառավարության կամ լիազոր մարմնի առջև պատասխանատվություն չի կրում մյուս անդամ պետության կողմից պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճորեն կատարելու համար, այդ թվում՝ մյուս անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճորեն կատարելու համար։

34. Առաջին անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կրած ծախսերն ու վնասները՝ կապված իր կողմից սույն բաժնով նախատեսված հաշվարկների իրականացման հետ՝ ներառյալ այն ծախքերն ու վնասները, որոնք առաջացել են արժույթների փոխարժեքների փոփոխության, մյուս անդամ պետությունների և մյուս անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի կողմից պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու հետևանքով, մյուս անդամ պետությունների կողմից ենթակա չեն փոխհատուցման: Առաջին անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկին նշված ծախսերի ու վնասների փոխհատուցման պայմաններն ու կարգը սահմանվում են առաջին անդամ պետության կողմից։

35. Սույն մասի նպատակներից ելնելով՝ երկու անդամ պետությունների միջև հաշվարկների (այդ թվում՝ երկու անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի միջև հաշվարկների) իրականացման աշխատանքային օր է համարվում այն օրը, որը միաժամանակ աշխատանքային օր է համարվում այդ երկու անդամ պետությունների և Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։

36. Սույն Արձանագրությանը համապատասխան հաշվարկներ իրականացնելու նպատակով մեկ (առաջին) անդամ պետության կենտրոնական (ազգային) բանկի՝ մյուս (երկրորդ) անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկում բացված թղթակցային հաշվի, ինչպես նաև այդ թղթակցային հաշվին գտնվող դրամական միջոցների նկատմամբ երկրորդ անդամ պետության դատական ու իշխանության մյուս մարմինները չեն կարող կիրառել արգելանք, արգելափակում, հայցի ապահովման, արգելման կամ սահմանափակման այլ միջոցներ, որոնց արդյունքում թղթակցային հաշվին գտնվող դրամական միջոցների օգտագործումն անհնար է դառնում։

37. Սույն Արձանագրությանը համապատասխան հաշվարկներ իրականացնելու նպատակով մեկ (առաջին) անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի՝ մյուս (երկրորդ) անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկում բացված թղթակցային հաշվին գտնվող դրամական միջոցների դուրսգրումն առանց առաջին անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի համաձայնության չի թույլատրվում, եթե թղթակցային հաշվի պայմանագրի պայմաններով այլ բան նախատեսված չէ։

38. Եթե առաջին անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից ԱՄՆ դոլարով դրամական միջոցներ վաճառելու՝ սույն Արձանագրության 29-րդ կետում նշված պարտավորությունը 30 օրացուցային օրվա ընթացքում ամբողջությամբ կամ մասամբ չի կատարվում, ապա նախքան առաջին անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից այդ պարտավորության լիարժեք կատարումը երկրորդ անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկն իրավասու է առանց սահմանափակումների օգտագործելու առաջին անդամ պետության ազգային արժույթով այն դրամական միջոցները, որոնք գտնվում են երկրորդ անդամ պետության կենտրոնական (ազգային) բանկի՝ սույն Արձանագրությանը համապատասխան հաշվարկների իրականացման համար նախատեսված թղթակցային հաշվին, որը բացված է առաջին անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկում:

39. Մեկ (առաջին) անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկն անհատույց հիմունքներով իրականացնում է իրավունքներ և կատարում պարտավորություններ, որոնք նախատեսված են մյուս (երկրորդ) անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի հետ իր կնքած պայմանագրերով՝ ի կատարումն սույն Արձանագրության և դրան համապատասխան։

 

IV. Անդամ պետությունների լիազոր մարմինների միջև տեղեկությունների փոխանակման կարգը

 

40. Անդամ պետության լիազոր մարմինը յուրաքանչյուր օր՝ ոչ ուշ, քան տեղական ժամանակով ընթացիկ օրվա ժամը 16։00-ը (Հայաստանի Հանրապետության համար` Երևան քաղաքի ժամանակով, Բելառուսի Հանրապետության համար՝ Մինսկ քաղաքի ժամանակով, Ղազախստանի Հանրապետության համար՝ Աստանա քաղաքի ժամանակով, Ռուսաստանի Դաշնության համար՝ Մոսկվա քաղաքի ժամանակով), մյուս անդամ պետությունների լիազոր մարմիններ է ուղարկում հետևյալ տեղեկությունները՝ հաշվետու օրվա դրությամբ՝

1) ներմուծման մաքսատուրքերի գումարները, որոնք հաշվեգրվել են անդամ պետության լիազոր մարմնի միասնական հաշվին.

2) հաշվետու օրը լիազոր մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքերի վճարման դիմաց հաշվանցված գումարները.

3) ներմուծման մաքսատուրքերի գումարները, որոնք հաշվանցվել են հաշվետու օրը պարտքի մարման դիմաց, և առանձին՝ ներմուծման մաքսատուրքերի գումարները, որոնք հաշվանցվել են ընթացիկ օրը պարտքի մարման դիմաց.

4) ներմուծման մաքսատուրքերի այն գումարները, որոնք վերադարձվել են հաշվետու օրը, և առանձին՝ ընթացիկ օրը վերադարձման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարները.

5) հաշվետու օրն ազգային (կենտրոնական) բանկի կողմից կատարման համար չընդունված՝ ներմուծման մաքսատուրքերի վերադարձվելիք գումարները.

6) անդամ պետությունների միջև բաշխման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարները.

7) բաշխված ներմուծման մաքսատուրքերի գումարները, որոնք փոխանցվել են մյուս անդամ պետությունների արտարժութային հաշիվներին.

8) անդամ պետության բյուջե մուտքագրված եկամտի այն գումարները, որոնք ստացվել են այդ անդամ պետության լիազոր մարմնի միասնական հաշվից փոխանցված ներմուծման մաքսատուրքերի բաշխումից.

9) անդամ պետության բյուջե մուտքագրված եկամտի այն գումարները, որոնք ստացվել են լիազոր մարմնի արտարժութային հաշիվներ մուտքագրված ներմուծման մաքսատուրքերի բաշխումից.

10) բաշխված ներմուծման մաքսատուրքերի այն գումարները, որոնց փոխանցումը մյուս անդամ պետությունների արտարժութային հաշիվներին կասեցվել է.

11) անդամ պետությանը մյուս անդամ պետությունների կողմից սույն Արձանագրությամբ նախատեսված պահանջները խախտելու դեպքում կետանցի դիմաց փոխանցված տոկոսագումարները:

(40-րդ կետը փոփ. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)

41. Յուրաքանչյուր ամիս՝ հաշվետու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը, անդամ պետության լիազոր մարմինը մյուս անդամ պետությունների լիազոր մարմիններին, ինչպես նաև Հանձնաժողով է ուղարկում սույն Արձանագրության 40-րդ կետով նախատեսված տեղեկությունները՝ աճողական կարգով՝ սկսած օրացուցային տարվա սկզբից՝ էլեկտրոնային տարբերակով, Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, իսկ մինչև նշված համակարգի ներմուծումը՝ կապի էլեկտրոնային ուղիներով՝ այդ տեղեկությունները պարունակող փաստաթղթերի գրաֆիկական էլեկտրոնային պատճենների տեսքով։

42. Սույն Արձանագրության 40-րդ և 41-րդ կետերով նախատեսված տեղեկությունների տրամադրման կարգը համաձայնեցվում է լիազոր մարմինների կողմից և հաստատվում է Հանձնաժողովի կողմից:

43. Անդամ պետությունների լիազոր մարմիններն իրականացնում են սույն Արձանագրության 40-րդ և 41-րդ կետերին համապատասխան ստացված տեղեկությունների օպերատիվ ստուգում:

Անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում կազմվում է արձանագրություն, և անդամ պետությունները ձեռնարկում են միջոցներ՝ անհամապատասխանությունները կարգավորելու նպատակով։

44. Մեկ անդամ պետության լիազոր մարմնի կողմից մյուս անդամ պետությունների լիազոր մարմիններին սույն Արձանագրության 40-րդ և 41-րդ կետերին համապատասխան ուղարկվող տեղեկությունները ստորագրվում են տվյալ լիազոր մարմնի ղեկավարի կամ իր կողմից լիազորված անձի կողմից:

 

V. Ներմուծման մաքսատուրքերի վճարման հետ կապված տեղեկությունների փոխանակման կարգը

 

45. Անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինները միմյանց, ինչպես նաև Հանձնաժողովին էլեկտրոնային տարբերակով պարբերաբար տրամադրում են ներմուծման մաքսատուրքերի վճարման հետ կապված տեղեկությունները, որոնք չեն առնչվում պետական գաղտնիք կազմող տվյալներին (պետական գաղտնիքներ):

46. Ներմուծման մաքսատուրքերի վճարման հետ կապված տեղեկությունները ձևավորվում են հետևյալ առկա աղբյուրներից՝

1) անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ապրանքների մասին կազմված հայտարարագրերի էլեկտրոնային պատճենների տվյալների բազայից.

2) անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից մաքսային մուտքի օրդերների էլեկտրոնային պատճենների տվյալների բազայից, եթե անդամ պետությունը մաքսային մուտքի օրդերն օգտագործում է ներմուծման մաքսատուրքերի վճարումն արտացոլելու համար.

3) անձնական հաշիվների, ռեեստրների և այլ փաստաթղթերի բազայից, որոնք պարունակում են փաստացի վճարված և անդամ պետությունների բյուջեներ որպես եկամուտ փոխանցված ներմուծման մաքսատուրքերի գումարների մասին տվյալներ և որոնք կազմվել են անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ ներմուծման մաքսատուրքերի հաշվառման իրականացման միասնական սկզբունքներին համապատասխան, Հանձնաժողովի կողմից հաստատված կանոնների վրա հիմնված հաշվեգրման մեթոդով:

47. Սույն Արձանագրության 46-րդ կետում նշված տեղեկությունները չեն ներառում անձնական օգտագործման նպատակով ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծման և մաքսային վճարների կատարման մասին տվյալներ:

48. Ներմուծման մաքսատուրքերի վճարման հետ կապված տեղեկությունները (չափման միավորը՝ ԱՄՆ դոլար, ազգային արժույթով գումարները ԱՄՆ դոլարով վերահաշվարկի համար կիրառվում է անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի ազգային արժույթի նկատմամբ հաշվետու ամսվա համար ԱՄՆ դոլարի միջին ամսական փոխարժեքը) տրամադրվում են անհատույց հիմունքներով ռուսերենով (առանձին կետերի համար թույլատրվում է լատինական այբուբենի գործածումը) և պարունակում են հետևյալ տվյալները հաշվետու ժամանակահատվածի համար՝

1) ներմուծման մաքսատուրքերի տեղափոխվող մնացորդների գումարները՝ հաշվետու ժամանակահատվածի սկզբի և վերջի դրությամբ.

2) ներմուծման մաքսատուրքերի վճարման (գանձման) մասին ձևակերպված մաքսային փաստաթղթերում ներմուծման մաքսատուրքերի՝ փաստաթղթերով արտացոլված գումարները.

3) պարտքի մարման դիմաց հաշվանցված ներմուծման մաքսատուրքերի գումարները.

4) վճարողներին վերադարձված ներմուծման մաքսատուրքերի գումարները.

5) հետաձգված կամ տարաժամկետ վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարները.

6) այլ տվյալներ, որոնք կապված են ներմուծման մաքսատուրքերի վճարման հետ:

49. Ներմուծման մաքսատուրքերի վճարման հետ կապված տեղեկությունների փոխանակման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերը մշակվում և հաստատվում են Հանձնաժողովի կողմից:

Նշված տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են սույն Արձանագրության 48-րդ կետում նշված տեղեկությունների կառուցվածքն ու ձևաչափը, ինչպես նաև դրանց փոխանակման կարգը, ժամկետները և միջոցները:

50. Անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկությունների փոխանակումը, ինչպես նաև Հանձնաժողովին դրանց տրամադրումն իրականացվում են այդ մաքսային մարմինների և Հանձնաժողովի տեխնիկական պատրաստվածությունն ապահովելուց հետո, ինչի մասին նրանք գրավոր տեղեկացնում են միմյանց: Միության ինտեգրված տեղեկատվական համակարգը ներմուծելուց հետո անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների միջև տեղեկությունների փոխանակումը և դրանց տրամադրումը Հանձնաժողովին իրականացվում են էլեկտրոնային եղանակով՝ նշված համակարգի օգտագործմամբ:

51. Մինչև ներմուծման մաքսատուրքերի վճարման հետ կապված տեղեկությունների փոխանակման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերի հաստատումը անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինները ոչ ուշ, քան հաշվետու ամսին հաջորդող ամսվա վերջին օրը միմյանց, ինչպես նաև Հանձնաժողովին են տրամադրում սույն Արձանագրության 48-րդ կետում նշված տեղեկությունները՝ Հանձնաժողովի կողմից հաստատված ձևով:

52. Անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինները, ինչպես նաև Հանձնաժողովը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ սույն բաժնին համապատասխան ստացվող տեղեկությունների անօրինական տարածումը կանխելու նպատակով:

Անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմիններն ապահովում են այն անձանց շրջանակի սահմանափակումը, որոնց հասանելի են նշված տեղեկությունները, ինչպես նաև դրանց պաշտպանությունը՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Հանձնաժողովը սույն բաժնին համապատասխան ստացված տեղեկություններն օգտագործում է սույն Արձանագրության 54-րդ կետի պահանջների կատարման նպատակով:

 

VI. Դիտանցումը և հսկողությունը

 

53. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը, Բելառուսի Հանրապետության պետական հսկողության կոմիտեն, Ղազախստանի Հանրապետության հանրապետական բյուջեի կատարման վերահսկողության հարցերով հաշվիչ կոմիտեն, Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատը համատեղ հսկողական միջոցառումների շրջանակներում յուրաքանչյուր տարի ստուգում են անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից սույն Արձանագրության դրույթների կատարումը։

(53-րդ կետը փոփ. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)

54. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի Միջկառավարական կոմիտե հաշվետվություն է ներկայացնում ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման վերաբերյալ:

55. Հանձնաժողովի որոշմամբ անդամ պետությունների լիազոր, մաքսային և այլ պետական մարմինների աշխատողներից, ինչպես նաև այլ ներգրավված մասնագետներից կարող է ստեղծվել հատուկ կոմիտե՝ անդամ պետությունների կողմից ներմուծման մաքսատուրքերի մուտքագրված գումարների հաշվեգրման և բաշխման կարգի պահպանումը հսկելու (աուդիտ իրականացնելու) համար։

(հավելվածը խմբ., փոփ. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 6
«Եվրասիական տնտեսական
միության մասին» պայմանագրի

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Արձանագրությունը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի IX բաժնի համաձայն, և դրանով սահմանվում են Միության մաքսային տարածքում մաքսասակագնային կարգավորման միջոցների կիրառման սկզբունքներն ու կարգը։

2. Սույն Արձանագրության մեջ օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

«նույնանման ապրանք»՝ ապրանք, որն իր գործառական նշանակությամբ, կիրառությամբ, որակական և տեխնիկական հատկանիշներով ամբողջությամբ նույնական է սակագնային քվոտայի շրջանակներում Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքին, կամ (ամբողջությամբ նույնական այդպիսի ապրանքի բացակայության դեպքում) այն ապրանքը, որն ունի սակագնային քվոտայի շրջանակներում Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքի հատկանիշներին նման հատկանիշներ, որոնք հնարավորություն են տալիս այդ ապրանքն օգտագործելու սակագնային քվոտայի շրջանակներում Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքի գործառական նշանակությանը նույնանման նշանակությամբ, և որը առևտրային տեսանկյունից կարող է դրանով փոխարինվել.

«երրորդ երկրներից նշանակալից մատակարարներ»՝ ապրանքների մատակարարներ, որոնք Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծումից ունեն 10 և ավելի տոկոս բաժին.

«սակագնային քվոտայի ծավալ»՝ բնաիրային կամ դրամական արտահայտությամբ ապրանքի քանակ՝ սահմանված ներմուծման համար սակագնային քվոտայի շրջանակներում.

«նախորդող ժամանակահատված»՝ ժամանակահատված, որի համար կատարվում է Միության մաքսային տարածքում ապրանքների սպառման ծավալների և Միության մաքսային տարածքում նույնանման ապրանքների արտադրության ծավալների վերլուծություն.

«ներմուծման իրական ծավալ»՝ ներմուծման ծավալ՝ դրա սահմանափակումների բացակայության պայմաններում.

«գյուղատնտեսական ապրանքներ»՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1-24-րդ խմբերում դասակարգվող ապրանքներ, ինչպես նաև այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են մաննիտը, D-գլյուցիտը (սորբիտ), եթերայուղերը, կազեինը, ալբումինները, դոնդողանյութը, դեքստրինները, վերափոխված օսլաները, սորբիտը, մորթիները, կաշին, մուշտակամորթ հումքը, մետաքս-հումքը, մետաքսե թափոնները, կենդանիների բուրդը, բամբակ-հումքը, բամբակի թափոնները, բամբակի մանրաթելը՝ սանդրքած, վուշ-հումքը և կանեփաթել-հումքը.

«սակագնային քվոտա»՝ Միության մաքսային տարածք երրորդ երկրներից ծագող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների ներմուծումը կարգավորող միջոց, որով նախատեսվում է կիրառել ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքերի տարբերակված դրույքաչափեր՝ որոշակի ժամանակահատվածում սահմանված քանակությամբ (բնաիրային կամ դրամական արտահայտությամբ) և այդ քանակից ավելի ներմուծվող ապրանքների դեպքում։

 

II. Սակագնային արտոնություններ

 

3. Ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու հնարավորություն նախատեսող սակագնային արտոնությունները տրվում են երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) հետևյալ ապրանքների դեպքում՝

1) ապրանքներ՝ որպես օտարերկրյա հիմնադրի ներդրում կանոնադրական (պահուստային) կապիտալում (ֆոնդում)՝ այդ կապիտալի (ֆոնդի) ձևավորման համար հիմնադիր փաստաթղթերում նախատեսված ժամկետների սահմաններում։ Այդպիսի ապրանքների դեպքում սակագնային արտոնությունների կիրառման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից.

2) ապրանքներ, որոնք ներմուծվում են տիեզերական տարածքի հետազոտման և օգտագործման, այդ թվում՝ տիեզերական ապարատները տիեզերք բաց թողնելու առնչությամբ ծառայությունների մատուցման բնագավառում միջազգային համագործակցության շրջանակներում՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկի համաձայն.

3) անդամ պետությունների նավերի, ինչպես նաև անդամ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից վարձակալված (վարձված) նավերի՝ խորջրյա գոտիներում արդյունագործական ձկնորսության արտադրանք.

4) անդամ պետությունների արժույթ, երրորդ երկրների արժույթ (բացառությամբ դրամագիտական նպատակներով օգտագործվող արժույթի), ինչպես նաև արժեթղթերի արժույթ՝ անդամ պետությունների օրենսդրության համաձայն.

5) մարդասիրական օգնության շրջանակներում և (կամ) տարերային աղետների, վթարների և աղետների հետևանքները վերացնելու նպատակով ներմուծվող ապրանքներ.

6) երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների, կառավարությունների գծով բարեգործական նպատակներով ներմուծվող և (կամ) անդամ պետությունների օրենսդրություններին համապատասխան որպես անհատույց օգնություն (աջակցություն), այդ թվում՝ տեխնիկական օգնություն (աջակցություն) ճանաչվող ապրանքներ՝ բացի ենթաակցիզային ապրանքներից (բացառությամբ թեթև մարդատար մեքենաների, որոնք հատուկ նախատեսված են բժշկական նպատակների համար)։

4. Երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների դեպքում սակագնային արտոնություններ կարող են տրվել նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով, երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերով, Հանձնաժողովի որոշումներով սահմանված այլ դեպքերում։

 

III. Սակագնային քվոտաները կիրառելու պայմաններն ու մեխանիզմը

 

5. Երրորդ երկրներից ծագող և Միության մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակի համար սակագնային քվոտայի ծավալը սահմանվում է Հանձնաժողովի կողմից և չի կարող գերազանցել Միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքի սպառման ծավալի և Միության մաքսային տարածքում նույնանման ապրանքի արտադրության ծավալի միջև եղած տարբերությունը։

Ընդ որում, եթե մի անդամ պետության դեպքում նույնանման ապրանքի արտադրության ծավալը հավասար է այդ ապրանքի սպառման ծավալին կամ գերազանցում է այդ ապրանքի սպառման ծավալը, ապա այդ տարբերությունը կարող է հաշվի չառնվել Միության մաքսային տարածքի համար սակագնային քվոտայի ծավալը հաշվարկելիս։

6. Եթե Միության մաքսային տարածքում նույնանման ապրանքի արտադրության ծավալը հավասար է Միության մաքսային տարածքում այդ ապրանքի սպառման ծավալին կամ գերազանցում է այդ ապրանքի սպառման ծավալը, ապա սակագնային քվոտա սահմանել չի թույլատրվում։

7. Սակագնային քվոտա սահմանելու մասին որոշում ընդունելիս պետք է պահպանվեն հետևյալ պայմանները.

1) սակագնային քվոտա սահմանելը որոշակի ժամկետով (անկախ երրորդ երկրների միջև սակագնային քվոտայի ծավալի բաշխման հարցի քննարկման արդյունքներից).

2) բոլոր շահագրգիռ երրորդ երկրներին սակագնային քվոտայի՝ իրենց հատկացված ծավալի վերաբերյալ տեղեկացնելը (երրորդ երկրների միջև սակագնային քվոտայի ծավալի բաշխման մասին որոշում կայացնելու դեպքում).

3) սակագնային քվոտայի սահմանման, դրա գործողության ժամկետի ու ծավալի, այդ թվում՝ երրորդ երկրներին հատկացված՝ սակագնային քվոտայի ծավալի (երրորդ երկրների միջև սակագնային քվոտայի ծավալի բաշխման մասին որոշում կայացնելու դեպքում), ինչպես նաև սակագնային քվոտայի ծավալի սահմաններում ներմուծվող ապրանքների դեպքում կիրառվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը։

8. Անդամ պետության արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային քվոտայի ծավալի բաշխումն իրականացվում է սակագնային քվոտա ստանալու հարցում նրանց իրավահավասարության և սեփականության ձևի, գրանցման վայրի կամ շուկայում ունեցած դիրքի հիմքով խտրականության բացառման հիման վրա:

9. Սակագնային քվոտայի ծավալն անդամ պետությունների միջև բաշխվում է Միության մաքսային տարածքի համար, սույն Արձանագրության 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան, սակագնային քվոտայի ծավալը հաշվարկելիս հաշվի առնված՝ յուրաքանչյուր անդամ պետությունում սպառման և արտադրության ծավալների միջև տարբերության սահմաններում։

Ընդ որում, Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ հանդիսացող անդամ պետության դեպքում սակագնային քվոտայի ծավալը կարող է սահմանվել՝ հաշվի առնելով այդ անդամ պետության՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության նկատմամբ ունեցած պարտավորությունները։

10. Երրորդ երկրների միջև սակագնային քվոտայի ծավալի բաշխումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից կամ Հանձնաժողովի որոշման համաձայն՝ անդամ պետության կողմից երրորդ երկրներից բոլոր նշանակալից մատակարարների հետ խորհրդակցությունների արդյունքների հիման վրա, եթե այլ բան սահմանված չէ Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով, երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերով կամ Բարձրագույն խորհրդի որոշումներով։

Երրորդ երկրներից բոլոր նշանակալից մատակարարների հետ խորհրդակցությունների արդյունքների հիման վրա սակագնային քվոտայի ծավալը բաշխելու անհնարինության դեպքում երրորդ երկրների միջև սակագնային քվոտայի ծավալը բաշխելու վերաբերյալ որոշումն ընդունվում է՝ հաշվի առնելով նախորդող ժամանակահատվածում այդ երկրներից ապրանքի մատակարարման ծավալը։

Որպես կանոն՝ նախորդող ժամանակահատված են համարվում նախորդող այն երեք տարիները, որոնց վերաբերյալ առկա են ներմուծման իրական ծավալներն արտացոլող տեղեկություններ։

Այդպիսի նախորդող ժամանակահատված ընտրելու անհնարինության դեպքում սակագնային քվոտայի ծավալը բաշխվում է ներմուծման իրական ծավալի առավել հավանական բաշխումը գնահատելու հիման վրա։

11. Սակագնային քվոտայի գործողության ժամկետի ընթացքում ապրանքի մատակարարման դեպքում այնպիսի պայմաններ և (կամ) ձևական պահանջներ չեն սահմանվում, որոնք խոչընդոտում են ցանկացած երրորդ երկրի՝ իրեն հատկացված սակագնային քվոտայի ծավալն ամբողջությամբ օգտագործելու հարցում։

12. Ապրանքի մատակարարման հարցում շահագրգռված երրորդ երկրի խնդրանքով Հանձնաժողովն անցկացնում է խորհրդակցություններ հետևյալ հարցերի վերաբերյալ.

1) հատկացված սակագնային քվոտայի ծավալի վերաբաշխման անհրաժեշտությունը.

2) ընտրված նախորդող ժամանակահատվածի փոփոխությունը.

3) սակագնային քվոտայի բաշխված ծավալի կամ դրա անսահմանափակ օգտագործման հետ կապված` միակողմանիորեն սահմանված պայմանները, ձևական պահանջները կամ ցանկացած այլ դրույթ վերացնելու անհրաժեշտությունը։

13. Սակագնային քվոտաների սահմանման առնչությամբ Հանձնաժողովը.

1) ապրանքի մատակարարման հարցում շահագրգռված երրորդ երկրի խնդրանքով տրամադրում է տեղեկություններ՝ արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև սակագնային քվոտայի ծավալի բաշխման մեթոդի ու կարգի, ինչպես նաև սակագնային քվոտայի այն ծավալի վերաբերյալ, որի համար տրամադրվել են լիցենզիաներ.

2) հրապարակում է տեղեկություններ՝ հատկացված սակագնային քվոտայի ծավալի շրջանակներում մատակարարման համար նախատեսված ապրանքի ընդհանուր քանակի կամ արժեքի, սակագնային քվոտայի գործողության ժամկետի սկզբի ու ավարտի ու դրանց ցանկացած փոփոխության վերաբերյալ։

14. Բացի երրորդ երկրների միջև սակագնային քվոտայի ծավալը բաշխելու դեպքերից՝ Հանձնաժողովն իրավասու չէ պահանջելու, որ լիցենզիաներն օգտագործվեն որևէ սահմանված երրորդ երկրից ապրանք ներմուծելու համար։

 

ՀԱՎԵԼՎԱԾ 7
«Եվրասիական տնտեսական
միության մասին» պայմանագրի

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Արձանագրությունը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի IX բաժնի համաձայն, և դրանով սահմանվում են երրորդ երկրների առնչությամբ Միության կողմից ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման կարգն ու դեպքերը։

Սույն Արձանագրության գործողությունը չի տարածվում տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական պահանջների, արտահանումը վերահսկելու և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ձեռնարկվող միջոցների կիրառման հետ կապված հարցերին առնչվող հարաբերությունների վրա։

2. Սույն Արձանագրության մեջ օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

«ավտոմատ լիցենզավորում (հսկողություն)»՝ ժամանակավոր միջոց, որը սահմանվում է ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման դինամիկան դիտանցելու նպատակով.

«հիմնական լիցենզիա»՝ լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին լիցենզիայով սահմանված քանակությամբ լիցենզավորման ենթակա ապրանքի առանձին տեսակի արտահանման և (կամ) ներմուծման իրավունք է տալիս.

«արգելք»՝ ապրանքների առանձին տեսակների ներմուծումը և (կամ) արտահանումն արգելող միջոց.

«ներմուծում»՝ երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ապրանքի ներսբերում առանց հետադարձ արտահանման պարտավորության.

«բացառիկ լիցենզիա»՝ լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին ապրանքի առանձին տեսակի արտահանման և (կամ) ներմուծման բացառիկ իրավունք է տալիս.

«բացառիկ իրավունք»՝ արտաքին առևտրային գործունեության մասնակիցների կողմից ապրանքների առանձին տեսակների արտահանում և (կամ) ներմուծում իրականացնելու իրավունք, որը տրվում է բացառիկ լիցենզիայի հիման վրա.

«քանակական սահմանափակումներ»՝ ապրանքների արտաքին առևտրի քանակական սահմանափակմանն ուղղված միջոցներ, որոնք սահմանվում են քվոտաների սահմանման միջոցով.

«լիցենզավորում»՝ վարչական միջոցների ամբողջություն, որով սահմանվում է լիցենզիայի և (կամ) թույլտվության տրամադրման կարգը.

«լիցենզիա»՝ ապրանքների արտահանումը և (կամ) ներմուծումն իրականացնելու իրավունքը հավաստող հատուկ փաստաթուղթ.

«միանգամյա լիցենզիա»՝ լիցենզիա, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան լիցենզավորման ենթակա ապրանքն է, և որը տվյալ ապրանքի որոշակի քանակության արտահանման և (կամ) ներմուծման իրավունք է տալիս.

«թույլտվություն»՝ հատուկ փաստաթուղթ, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան այն ապրանքն է, որի համար սահմանված է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն).

«թույլատրման փաստաթուղթ»՝ փաստաթուղթ, որով արտաքին առևտրային գործունեության մասնակցին կամ ֆիզիկական անձին տրվում է Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման իրավունք.

«լիազորված մարմին»՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմին, որին վերապահված է լիցենզիա և (կամ) թույլտվություն տրամադրելու իրավունք.

«արտաքին առևտրային գործունեության մասնակիցներ»՝ իրավաբանական անձինք և իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ, որոնք գրանցված են անդամ պետություններից որևէ մեկում և ստեղծվել են այդ պետության օրենսդրությանը համապատասխան, ֆիզիկական անձինք, որոնց մշտապես կամ առավելապես բնակվելու վայրը անդամ պետություններից մեկի տարածքում է, որոնք այդ պետության քաղաքացի են կամ այդ պետությունում մշտական բնակության իրավունք ունեն կամ, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, գրանցված են որպես անհատ ձեռնարկատերեր.

«արտահանում»՝ Միության մաքսային տարածքից ապրանքի դուրսհանումը երրորդ երկրների տարածք առանց հետադարձ ներմուծման պարտավորության։

 

II. Ոչ սակագնային կարգավորման միջոցների սահմանումն ու կիրառումը

 

3. Միության տարածքում երրորդ երկրների հետ առևտուր իրականացնելիս կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցներ (այսուհետ՝ միջոցներ):

4. Միջոցների սահմանման, կիրառման, երկարաձգման և վերացման մասին որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի կողմից։

Այն ապրանքները, որոնց առնչությամբ միջոցներ կիրառելու որոշում է ընդունվել, ներառվում են այն ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ (այսուհետ՝ ապրանքների միասնական ցանկ):

Ապրանքների միասնական ցանկում ներառվում են նաև այն ապրանքները, որոնց առնչությամբ Հանձնաժողովը սակագնային կամ ներմուծման քվոտա՝ որպես հատուկ պաշտպանական միջոց, սահմանելու և լիցենզիա տրամադրելու որոշում է ընդունել։

5. Միջոցների սահմանման կամ վերացման վերաբերյալ առաջարկները կարող են ներկայացվել ինչպես անդամ պետության, այնպես էլ Հանձնաժողովի կողմից։

6. Միջոցների սահմանման, կիրառման, երկարաձգման կամ վերացման վերաբերյալ Հանձնաժողովի որոշում նախապատրաստելիս Հանձնաժողովն անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության այն մասնակիցներին, որոնց տնտեսական շահերի վրա կարող է անդրադառնալ նման որոշման ընդունումը, տեղեկացնում է Հանձնաժողով տվյալ հարցի վերաբերյալ առաջարկներ ու դիտողություններ ներկայացնելու և խորհրդակցություններ անցկացնելու հնարավորության մասին։

7. Հանձնաժողովը որոշում է խորհրդակցություններ անցկացնելու եղանակը և ձևաչափը, ինչպես նաև առաջարկներ և դիտողություններ ներկայացրած շահագրգիռ անձանց խորհրդակցությունների ընթացքի ու արդյունքների մասին տեղեկություններ տրամադրելու եղանակն ու ձևը։

Խորհրդակցություններ չանցկացնելը չի կարող հիմք ծառայել Հանձնաժողովի՝ արտաքին առևտրային գործունեություն իրականացնելու իրավունքին առնչվող որոշումն անվավեր ճանաչելու համար։

8. Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել խորհրդակցություն չանցկացնելու մասին՝ հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում.

1) արտաքին առևտրային գործունեություն իրականացնելու իրավունքին առնչվող՝ Հանձնաժողովի որոշման նախագծով նախատեսված միջոցները չպետք է հայտնի լինեն մինչև որոշումն ուժի մեջ մտնելու օրը, իսկ խորհրդակցության անցկացումը կհանգեցնի կամ կարող է հանգեցնել այդպիսի որոշմամբ նախատեսված նպատակների չիրագործմանը.

2) խորհրդակցությունների անցկացումը հանգեցնելու է արտաքին առևտրային գործունեություն իրականացնելու իրավունքին առնչվող՝ Հանձնաժողովի որոշման ընդունման հետաձգմանը, ինչը կարող է զգալի վնաս հասցնել անդամ պետությունների շահերին.

3) արտաքին առևտրային գործունեություն իրականացնելու իրավունքին առնչվող՝ Հանձնաժողովի որոշման նախագծով նախատեսվում է բացառիկ իրավունքի տրամադրում։

9. Միջոցների սահմանման ու վերացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից։

10. Միջոցներ սահմանելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշմամբ կարող են սահմանվել մաքսային ընթացակարգեր, որոնցով ապրանքների ձևակերպման դեպքում մաքսային մարմինների կողմից վերահսկվում է այդ միջոցի պահպանումը, ինչպես նաև մաքսային ընթացակարգեր, որոնցով չի թույլատրվում ձևակերպել այն ապրանքները, որոնց նկատմամբ սահմանվում է միջոցը։

 

III. Ապրանքների արտահանման ու ներմուծման արգելքներն ու քանակական սահմանափակումները

 

11. Ապրանքների արտահանումն ու ներմուծումն իրականացվում է առանց արգելքների ու քանակական սահմանափակումների կիրառման՝ բացառությամբ սույն Արձանագրության 12-րդ կետով նախատեսված դեպքերի։

12. Բացառիկ դեպքերում կարող են սահմանվել.

1) արտահանման ժամանակավոր արգելքներ կամ ժամանակավոր քանակական սահմանափակումներ՝ ներքին շուկայում պարենային կամ Միության ներքին շուկայի համար զգալի նշանակություն ունեցող այլ ապրանքների խիստ պակասը կանխելու կամ նվազեցնելու համար.

2) արտահանման ու ներմուծման արգելքներ կամ քանակական սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ են միջազգային առևտրում ապրանքների դասակարգման, տեսակավորման և վաճառքի չափանիշների ու կանոնների կիրառման առնչությամբ.

3) ջրային կենսաբանական պաշարների ներմուծման սահմանափակումներ՝ ցանկացած տեսքով դրանք ներմուծելու դեպքում, եթե անհրաժեշտ է.

սահմանափակել Միության տարածքից ծագող նույնանման ապրանքի արտադրությունը կամ վաճառքը.

սահմանափակել Միության տարածքից ծագող այն նույնանման ապրանքի արտադրությունը կամ վաճառքը, որը կարող է ուղղակիորեն փոխարինվել ներկրվող ապրանքով, եթե Միությունում նույնանման ապրանքը բավարար ծավալով չի արտադրվում.

շուկայից հանել Միության տարածքից ծագող նույնանման ապրանքի ժամանակավոր ավելցուկը՝ սպառողների որոշ խմբերի այդ ավելցուկն անվճար կամ շուկայական գներից ավելի ցածր գներով տրամադրելու միջոցով.

շուկայից հանել Միության տարածքից ծագող այն ապրանքի ժամանակավոր ավելցուկը, որը կարող է ուղղակիորեն փոխարինվել ներկրվող ապրանքով, եթե Միությունում նույնանման ապրանքը բավարար ծավալով չի արտադրվում՝ սպառողների որոշ խմբերի այդ ավելցուկն անվճար կամ շուկայական գներից ավելի ցածր գներով տրամադրելու միջոցով։

13. Հանձնաժողովի կողմից Միության տարածքում քանակական սահմանափակումներ սահմանելիս կիրառվում են արտահանման և (կամ) ներմուծման քվոտաներ:

Քանակական սահմանափակումներ կիրառվում են՝

արտահանման ժամանակ՝ միայն այն ապրանքների նկատմամբ, որոնք ծագում են անդամ պետությունների տարածքից,

ներմուծման ժամանակ՝ միայն այն ապրանքների նկատմամբ, որոնք ծագում են երրորդ երկրներից։

Քանակական սահմանափակումներ չեն կիրառվում որևէ երրորդ երկրի տարածքից ապրանքի ներմուծման կամ որևէ երրորդ երկրի համար նախատեսված ապրանքի արտահանման ժամանակ, եթե այդ քանակական սահմանափակումները չեն կիրառվում բոլոր երրորդ երկրներից ներմուծման կամ բոլոր երրորդ երկրներ արտահանման դեպքում: Սույն դրույթը չի խոչընդոտում, միջազգային պայմանագրերին համապատասխան, անդամ պետությունների պարտավորությունների կատարումը:

14. Արտահանման արգելքներն ու քանակական սահմանափակումները կարող են սահմանվել միայն Միության ներքին շուկայի համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների ցանկում ներառված ապրանքների դեպքում, որոնց նկատմամբ բացառիկ դեպքերում կարող են սահմանվել արտահանման ժամանակավոր արգելքներ կամ քանակական սահմանափակումներ, որոնք հաստատվում են Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների առաջարկների հիման վրա։

15. Սույն Արձանագրության 12-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ Միության ներքին շուկայի համար զգալի նշանակություն ունեցող գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքի կամ քանակական սահմանափակման սահմանման դեպքում Հանձնաժողովը՝

հաշվի է առնում արգելքի կամ քանակական սահմանափակման հետևանքները՝ Միության տարածքից այդպիսի գյուղատնտեսական ապրանքներ ներմուծող երրորդ երկրների պարենային անվտանգության համար,

նախօրոք տեղեկացնում է Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ գյուղատնտեսական հարցերով կոմիտեին արտահանման արգելքի կամ քանակական սահմանափակման կիրառման բնույթի և տևողության մասին,

ցանկացած ներմուծող երկրի խնդրանքով կազմակերպում է խորհրդակցություններ կամ տրամադրում է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ քննարկվող միջոցին առնչվող հարցերի վերաբերյալ։

Սույն կետում օգտագործվող «ներմուծող երկիր» հասկացությունը նշանակում է երկիր, որի ներմուծման ծավալում անդամ պետությունների տարածքից ծագող այն գյուղատնտեսական ապրանքի մասնաբաժինը, որի արտահանման համար նախատեսվում է սահմանել արգելք կամ քանակական սահմանափակում, կազմում է 5 տոկոսից ոչ պակաս։

16. Հանձնաժողովը բաշխում է արտահանման և (կամ) ներմուծման քվոտաների ծավալը անդամ պետությունների միջև և սահմանում է անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև արտահանման և (կամ) ներմուծման քվոտաների մասնաբաժինների բաշխման մեթոդը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բաշխում է ներմուծման քվոտայի ծավալը երրորդ երկրների միջև:

Անդամ պետությունների միջև արտահանման և (կամ) ներմուծման քվոտաների ծավալների բաշխումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից՝ կախված այն խնդիրներից, որոնք նախատեսվում է լուծել քանակական սահմանափակումներ սահմանելու միջոցով՝ հաշվի առնելով անդամ պետությունների առաջարկները և ելնելով յուրաքանչյուր անդամ պետությունում ապրանքների արտադրության և (կամ) սպառման ծավալներից:

17. Արտահանման և (կամ) ներմուծման քվոտաներ կիրառելու մասին որոշում ընդունելիս Հանձնաժողովը՝

1) արտահանման և (կամ) ներմուծման քվոտաները սահմանում է որոշակի ժամկետով (անկախ այն հանգամանքից՝ դրանք բաշխվելու են երրորդ երկրների միջև, թե՝ ոչ),

2) բոլոր շահագրգիռ երրորդ երկրներին տեղեկացնում է իրենց հատկացված ներմուծման քվոտայի ծավալի մասին (այն դեպքում, երբ ներմուծման քվոտան բաշխվում է երրորդ երկրների միջև),

3) հրապարակում է տեղեկություններ արտահանման և (կամ) ներմուծման քվոտաների կիրառման, դրանց ծավալի և գործողության ժամկետների, ինչպես նաև երրորդ երկրների միջև ներմուծման քվոտայի բաշխման մասին:

18. Երրորդ երկրների միջև ներմուծման քվոտաների բաշխումը, որպես կանոն, իրականացվում է Հանձնաժողովի կողմից երրորդ երկրներից բոլոր նշանակալից մատակարարների հետ խորհրդակցությունների արդյունքների հիման վրա։

Ընդ որում, «երրորդ երկրից նշանակալից մատակարար» հասկացությունը նշանակում է մատակարար, որը Միության տարածք տվյալ ապրանքի ներմուծումից ունի 5 և ավելի տոկոս բաժին։

19. Այն դեպքում, երբ ներմուծման քվոտաների բաշխում հնարավոր չէ իրականացնել երրորդ երկրներից բոլոր նշանակալից մատակարարների հետ խորհրդակցության արդյունքների հիման վրա, երրորդ երկրների միջև քվոտաների բաշխման մասին Հանձնաժողովի որոշումն ընդունվում է՝ հաշվի առնելով նախորդող ժամանակահատվածում այդ երկրներից ապրանքի մատակարարման ծավալը:

20. Հանձնաժողովը չի սահմանում այնպիսի պայմաններ կամ ձևական պահանջներ, որոնք կարող են խոչընդոտել ցանկացած երրորդ երկրի՝ իրեն հատկացված ներմուծման քվոտան ամբողջությամբ օգտագործելու հարցում՝ պայմանով, որ համապատասխան ապրանքի մատակարարումն իրականացվելու է ներմուծման քվոտայի գործողության ժամկետի ընթացքում:

21. Նախորդող ժամանակահատվածի ընտրությունն այն ապրանքի մատակարարման ծավալը որոշելու համար, որի առնչությամբ սահմանվում են արտահանման և (կամ) ներմուծման քվոտաներ, իրականացվում է Հանձնաժողովի կողմից: Ընդ որում, որպես կանոն, այդպիսի ժամանակահատված են համարվում նախորդող այն երեք տարիները, որոնց վերաբերյալ առկա են արտահանման և (կամ) ներմուծման իրական ծավալներն արտացոլող տեղեկություններ: Նախորդող ժամանակահատված ընտրելու անհնարինության դեպքում արտահանման և (կամ) ներմուծման քվոտաները բաշխվում են արտահանման և (կամ) ներմուծման իրական ծավալների առավել հավանական բաշխումը գնահատելու հիման վրա:

Սույն կետում օգտագործվող «արտահանման և (կամ) ներմուծման իրական ծավալներ» հասկացությունը նշանակում է արտահանման և (կամ) ներմուծման ծավալներ՝ դրանց սահմանափակումների բացակայության պայմաններում:

22. Ապրանքի մատակարարման հարցում շահագրգռված ցանկացած երրորդ երկրի խնդրանքով Հանձնաժողովն այդ երկրի հետ անցկացնում է խորհրդակցություններ հետևյալ հարցերի վերաբերյալ.

1) սահմանված ներմուծման քվոտայի վերաբաշխման անհրաժեշտությունը,

2) ընտրված նախորդող ժամանակահատվածի փոփոխությունը,

3) ներմուծման քվոտայի բաշխման կամ դրա անսահմանափակ օգտագործման հետ կապված՝ միակողմանիորեն սահմանված պայմանները, ձևական պահանջները կամ ցանկացած այլ դրույթ վերացնելու անհրաժեշտությունը։

23. Արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև արտահանման և (կամ) ներմուծման քվոտաների մասնաբաժինների բաշխումն իրականացվում է անդամ պետությունների կողմից Հանձնաժողովի սահմանած մեթոդով՝ արտահանման և (կամ) ներմուծման քվոտայի մասնաբաժին ստանալու հարցում արտաքին առևտրային գործունեության մասնակիցների իրավահավասարության, ինչպես նաև սեփականության ձևի, գրանցման վայրի կամ շուկայում ունեցած դիրքի հիմքով խտրականության բացառման հիման վրա:

24. Բացի երրորդ երկրների միջև ներմուծման քվոտաներ բաշխելու դեպքերից՝ որևէ սահմանված երկիր կամ որևէ սահմանված երկրից համապատասխան ապրանքի արտահանման և (կամ) ներմուծման համար լիցենզիաներն օգտագործելու պահանջ չի թույլատրվում ներկայացնել:

25. Արտահանման և (կամ) ներմուծման քվոտաներ կիրառելիս Հանձնաժողովը՝

1) ապրանքի որոշակի տեսակի առևտրով շահագրգռված երրորդ երկրի պահանջով տրամադրում է տեղեկություններ՝ արտահանման և (կամ) ներմուծման քվոտաների բաշխման կարգի, արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև դրանց բաշխման մեխանիզմի և քվոտաների այն ծավալների վերաբերյալ, որոնց համար տրամադրվել են լիցենզիաներ.

2) հրապարակում է տեղեկություններ այն ապրանքի ընդհանուր քանակի և արժեքի մասին, որի արտահանումը և (կամ) ներմուծումը թույլատրվելու է որոշակի ապագա ժամանակահատվածի ընթացքում, ինչպես նաև արտահանման և (կամ) ներմուծման քվոտաների գործողության ժամկետի սկզբի և ավարտի ու դրանց ցանկացած փոփոխության վերաբերյալ:

 

III. Բացառիկ իրավունք

 

26. Արտաքին առևտրային գործունեության իրականացումը կարող է սահմանափակվել բացառիկ իրավունք շնորհելու միջոցով։

27. Այն ապրանքները, որոնց արտահանման և (կամ) ներմուծման համար շնորհվում է բացառիկ իրավունք, ինչպես նաև այդպիսի բացառիկ իրավունք ստացող՝ արտաքին առևտրային գործունեության մասնակիցներին անդամ պետությունների կողմից որոշելու կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից։

Արտաքին առևտրային գործունեության այն մասնակիցների ցանկը, որոնց անդամ պետությունների կողմից շնորհվել է բացառիկ իրավունք՝ Հանձնաժողովի որոշման հիման վրա, ենթակա է հրապարակման ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում։

28. Բացառիկ իրավունք շնորհելու միջոցով արտաքին առևտրային գործունեության իրականացման սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետության առաջարկությամբ։

Բացառիկ իրավունք սահմանելու անհրաժեշտության հիմնավորումը պետք է ներառի ֆինանսատնտեսական հաշվարկներ և տվյալ միջոցի կիրառման նպատակահարմարությունը հաստատող այլ տեղեկություններ։

29. Արտաքին առևտրային գործունեության այն մասնակիցները, որոնց Հանձնաժողովի որոշման հիման վրա անդամ պետությունների կողմից շնորհվել է բացառիկ իրավունք, կատարում են համապատասխան ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման հետ կապված գործարքներ՝ հիմք ընդունելով խտրականության բացառման սկզբունքը և առաջնորդվելով միայն առևտրային նկատառումներով՝ ներառյալ գնման կամ վաճառքի պայմանները, և երրորդ երկրների կազմակերպություններին տրամադրում են պատշաճ հնարավորություն (գործարար շրջանառության սովորույթներին համապատասխան)՝ այդպիսի գնումներին կամ վաճառքներին մասնակցելու հարցում մրցակցելու համար:

30. Այն ապրանքների արտահանումը և (կամ) ներմուծումը, որոնց մասով արտաքին առևտրային գործունեության մասնակիցներին շնորհվել է բացառիկ իրավունք, իրականացվում է լիազորված մարմնի կողմից տրամադրվող բացառիկ լիցենզիաների հիման վրա։

 

IV. Ավտոմատ լիցենզավորումը (հսկողությունը)

 

31. Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման դինամիկան դիտանցելու նպատակով Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու ավտոմատ լիցենզավորում (հսկողություն)։

32. Ավտոմատ լիցենզավորում (հսկողություն) սահմանվում է ինչպես անդամ պետության, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ։

Ավտոմատ լիցենզավորում (հսկողություն) սահմանելու անհրաժեշտության հիմնավորումը պետք է ներառի տեղեկություններ՝ այլ եղանակներով ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման քանակական ցուցանիշներին ու դրանց փոփոխություններին հետևելու անհնարինության մասին:

33. Այն ապրանքների առանձին տեսակների ցանկը, որոնց նկատմամբ սահմանվում է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն), ինչպես նաև ավտոմատ լիցենզավորման (հսկողության) ժամկետները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

Այն ապրանքները, որոնց նկատմամբ սահմանված է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն), ներառվում են ապրանքների միասնական ցանկում։

34. Այն ապրանքների արտահանումը և (կամ) ներմուծումը, որոնց նկատմամբ սահմանված է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն), իրականացվում է լիազորված մարմնի կողմից տրամադրված թույլտվությունների առկայության դեպքում՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով։

35. Ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվությունների տրամադրումն իրականացվում է՝ հավելվածով նախատեսված կանոնների համաձայն։

 

V. Թույլատրման կարգը

 

36. Ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման թույլատրման կարգն իրագործվում է լիցենզավորման սահմանման կամ արտաքին առևտրային գործունեության կարգավորման այլ վարչական միջոցների կիրառման միջոցով։

37. Թույլատրման կարգի սահմանման, կիրառման և վերացման վերաբերյալ որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կողմից։

 

VI. Ընդհանուր բացառությունները

 

38. Միջոցներ կարող են սահմանվել ապրանքների առանձին տեսակների ներմուծման և (կամ) արտահանման դեպքում, այդ թվում՝ սույն Արձանագրության III և IV բաժիններում նշվածներից տարբերվող հիմքերով, եթե այդ միջոցները՝

1) անհրաժեշտ են հասարակության բարոյական արժեքների կամ իրավակարգի պահպանման համար.

2) անհրաժեշտ են մարդու կյանքի և առողջության, շրջակա միջավայրի, կենդանիների և բույսերի պաշտպանության համար.

3) վերաբերում են ոսկու կամ արծաթի արտահանմանը և (կամ) ներմուծմանը.

4) կիրառվում են մշակութային արժեքների և մշակութային ժառանգության պաշտպանության համար.

5) անհրաժեշտ են չվերականգնվող բնական ռեսուրսների սպառումը կանխելու համար և կիրառվում են չվերականգնվող բնական ռեսուրսների օգտագործման հետ կապված ներքին արտադրության կամ սպառման սահմանափակումների հետ միաժամանակ.

6) կապված են անդամ պետությունների տարածքներից ծագող ապրանքների արտահանումը սահմանափակելու հետ՝ այն ժամանակահատվածում ներքին մշակող արդյունաբերության այդ ապրանքների բավարար քանակ ապահովելու նպատակով, երբ կառավարության կողմից իրականացվող կայունացման ծրագրի արդյունքում այդ ապրանքների ներքին գինն ավելի ցածր է դրանց համաշխարհային գնից.

7) անհրաժեշտ են ապրանքների ձեռքբերման կամ բաշխման համար դրանց՝ ընդհանուր կամ տեղական պակասուրդի դեպքում.

8) անհրաժեշտ են միջազգային պարտավորությունների կատարման համար.

9) անհրաժեշտ են պաշտպանության և անվտանգության ապահովման համար.

10) անհրաժեշտ են միջազգային պարտավորություններին չհակասող՝ մաքսային օրենսդրության կիրառմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, մտավոր սեփականության պաշտպանությանն առնչվող իրավական ակտերի և այլ իրավական ակտերի կատարումն ապահովելու համար։

39. Սույն Արձանագրության 38-րդ կետում նշված միջոցները սահմանվում են Հանձնաժողովի որոշման հիման վրա և չեն կարող ծառայել որպես երրորդ երկրների նկատմամբ կամայական կամ չհիմնավորված խտրականություն ցուցաբերելու, ինչպես նաև ապրանքների արտաքին առևտրի քողարկված սահմանափակման միջոց։

40. Սույն Արձանագրության 38-րդ կետով նախատեսված հիմքերով ապրանքի առանձին տեսակի նկատմամբ միջոցների սահմանման կամ վերացման նպատակով անդամ պետությունը Հանձնաժողով է ներկայացնում փաստաթղթեր, որոնք տեղեկություններ են պարունակում ապրանքի անվանման, դրա ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի, առաջարկվող միջոցների բնույթի և դրանց գործողության ենթադրվող ժամկետի մասին, ինչպես նաև միջոցների սահմանման կամ վերացման անհրաժեշտության հիմնավորում։

41. Եթե Հանձնաժողովը չի ընդունում սույն Արձանագրության 38-րդ կետով նախատեսված հիմքերով միջոցների սահմանման վերաբերյալ անդամ պետության առաջարկը, ապա դրանց սահմանումը նախաձեռնած անդամ պետությունը կարող է միակողմանիորեն սահմանել այդպիսի միջոցներ սույն Արձանագրության X բաժնում սահմանված կարգով։

 

VIII. Արտաքին ֆինանսական վիճակի պաշտպանությունը և վճարային հաշվեկշռի հավասարակշռության ապահովումը

 

42. Ապրանքների առանձին տեսակների ներմուծման դեպքում միջոցներ կարող են սահմանվել նաև սույն Արձանագրության III և IV բաժիններում նշվածներից տարբերվող հիմքերով, եթե դա անհրաժեշտ է արտաքին ֆինանսական վիճակի պաշտպանության և վճարային հաշվեկշռի հավասարակշռության ապահովման համար։

Այդպիսի միջոցներ կարող են սահմանվել միայն այն դեպքում, երբ վճարային հաշվեկշռի կրիտիկական վիճակից ելնելով՝ այլ միջոցներով հնարավոր չէ կանխել արտաքին հաշիվների հետ կապված իրավիճակի կտրուկ վատթարացումը։

43. Միջոցները, որոնք սահմանվում են այդ թվում սույն Արձանագրության III և IV բաժիններում նշված հիմքերից տարբերվող հիմքերով, կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների մատակարարման համար վճարները կատարվում են այն արժույթով, որով ձևավորվում են անդամ պետությունների՝ սույն Արձանագրության 44-րդ կետում նշված արժութային պահուստները։

44. Ներմուծման հետ կապված սահմանափակումները չպետք է լինեն ավելի խիստ, քան անհրաժեշտ է՝ անդամ պետությունների արժութային պահուստների կտրուկ կրճատման անխուսափելի վտանգը կանխելու կամ անդամ պետությունների արժութային պահուստների խելամիտ աճի տեմպը վերականգնելու համար։

45. Հանձնաժողովն ուսումնասիրում է սույն Արձանագրության 42-րդ կետում նշված միջոցների սահմանման վերաբերյալ անդամ պետության առաջարկը։

46. Եթե Հանձնաժողովը չի ընդունում միջոցների սահմանման վերաբերյալ անդամ պետության առաջարկը, ապա անդամ պետությունը կարող է որոշում ընդունել սույն Արձանագրության 42-րդ կետում նշված միջոցները միակողմանիորեն սահմանելու վերաբերյալ՝ սույն Արձանագրության X բաժնի համաձայն։

 

IX. Լիցենզավորումը ապրանքների արտաքին առևտրի ոլորտում

 

47. Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում լիցենզավորում կիրառվում է ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման պարագայում, եթե այդ ապրանքների նկատմամբ սահմանված են.

քանակական սահմանափակումներ,

բացառիկ իրավունք,

թույլատրման կարգ,

սակագնային քվոտա,

ներմուծման քվոտա՝ որպես հատուկ պաշտպանական միջոց։

Լիցենզավորումն իրագործվում է լիազորված մարմնի կողմից արտաքին առևտրային գործունեության մասնակցին ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա տրամադրելու միջոցով։

Մի անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրամադրված լիցենզիաները ճանաչվում են մյուս բոլոր անդամ պետությունների կողմից։

48. Ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզավորումն իրականացվում է սույն Արձանագրության հավելվածով նախատեսված կանոնների համաձայն։

49. Լիազորված մարմինների կողմից տրամադրվում են լիցենզիաների հետևյալ տեսակները.

մեկանգամյա լիցենզիա,

հիմնական լիցենզիա,

բացառիկ լիցենզիա:

Հիմնական և բացառիկ լիցենզիաների տրամադրումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում։

 

X. Միակողմանիորեն միջոցների կիրառումը

 

50. Բացառիկ դեպքերում սույն Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ, այդ թվում՝ սույն Արձանագրության III և IV բաժիններում նշվածներից տարբերվող հիմքերով։

51. Ժամանակավոր միջոց սահմանող անդամ պետությունը նախօրոք, սակայն ոչ ուշ, քան միջոցի սահմանման օրվանից 3 օրացուցային օր հետո, Հանձնաժողովին ծանուցում է դրա մասին և Միության մաքսային տարածքում այդ միջոցի սահմանման վերաբերյալ առաջարկ է ներկայացնում։

52. Հանձնաժողովն ուսումնասիրում է ժամանակավոր միջոց սահմանելու վերաբերյալ անդամ պետության առաջարկը և անդամ պետության առաջարկի ուսումնասիրման արդյունքների հիման վրա կարող է Միության մաքսային տարածքում այդ միջոցի սահմանման վերաբերյալ որոշում ընդունել։

53. Այդպիսի միջոցի գործողության ժամկետը տվյալ դեպքում սահմանվում է Հանձնաժողովի կողմից։

54. Եթե Միության մաքսային տարածքում ժամանակավոր միջոց սահմանելու մասին որոշում չի ընդունվում, ապա Հանձնաժողովը ժամանակավոր միջոցը սահմանած անդամ պետությանը և անդամ պետությունների մաքսային մարմիններին տեղեկացնում է, որ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։

55. Ժամանակավոր միջոց սահմանելու վերաբերյալ անդամ պետությունից ստացված ծանուցման հիման վրա Հանձնաժողովն անհապաղ տեղեկացնում է անդամ պետությունների մաքսային մարմիններին անդամ պետություններից մեկի կողմից ժամանակավոր միջոցի սահմանման մասին՝ նշելով.

1) անդամ պետության այն նորմատիվ իրավական ակտի անվանումը, որի համաձայն սահմանվում է ժամանակավոր միջոցը,

2) ապրանքի անվանումը և դրա ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը,

3) ժամանակավոր միջոցի սահմանման ամսաթիվը և դրա գործողության ժամկետը։

56. Սույն Արձանագրության 55-րդ կետում նշված տեղեկություններն ստանալուց հետո անդամ պետությունների մաքսային մարմինները չեն թույլատրում.

ժամանակավոր միջոցը կիրառած անդամ պետության տարածքից ծագող համապատասխան այն ապրանքների արտահանումը, որոնց վերաբերյալ տվյալները ներառված են տվյալ տեղեկություններում՝ առանց այդ անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրամադրված լիցենզիայի,

ժամանակավոր միջոցը կիրառած անդամ պետության համար նախատեսված համապատասխան այն ապրանքների ներմուծումը, որոնց վերաբերյալ տվյալները ներառված են տվյալ տեղեկություններում՝ առանց այդ անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրամադրված լիցենզիայի: Ընդ որում, ժամանակավոր միջոցը չկիրառող անդամ պետություններն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում՝ ժամանակավոր միջոցը կիրառած անդամ պետության տարածք համապատասխան ապրանքների ներմուծումը չթույլատրելու համար։

 

Հավելված
Երրորդ երկրների առնչությամբ ոչ
սակագնային կարգավորման
միջոցների մասին արձանագրության

 

Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնները

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Կանոններով սահմանվում է այն ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կարգը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ։

2. Սույն Կանոններում օգտագործվում են Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին արձանագրությամբ սահմանված հասկացությունները («Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելված), ինչպես նաև հետևյալ հասկացությունները.

«հայտատու»՝ արտաքին առևտրային գործունեության մասնակից, որը լիցենզիայի կամ թույլտվության ձևակերպման նպատակով լիազորված մարմին է ներկայացնում փաստաթղթեր.

«լիցենզիայի կատարում»՝ Միության մաքսային տարածք այն ապրանքների փաստացի ներմուծում կամ Միության մաքսային տարածքից այն ապրանքների փաստացի արտահանում, որոնց բացթողումն իրականացվել է մաքսային մարմինների կողմից՝ տրամադրված (ձևակերպված) լիցենզիայի հիման վրա։

3. Լիցենզիա կամ լիցենզիայի կրկնօրինակ տրամադրելու (ձևակերպելու) համար լիազորված մարմնի կողմից գանձվում է պետական տուրք (լիցենզավորման վճար)՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և չափով։

4. Լիցենզիաներ ու թույլտվություններ տրամադրվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող յուրաքանչյուր այն ապրանքի համար, որի առնչությամբ սահմանված է լիցենզավորում կամ ավտոմատ լիցենզավորում (հսկողություն):

5. Լիցենզիաներն ու թույլտվությունները ստորագրելու իրավունք ունեցող՝ լիազորված մարմինների պաշտոնատար անձանց ստորագրությունների նմուշները, ինչպես նաև լիազորված մարմինների կնիքների դրոշմների նմուշներն ուղարկվում են Հանձնաժողով՝ անդամ պետությունների մաքսային մարմիններին տեղեկացնելու համար։

6. Լիցենզիան կամ թույլտվությունը ձևակերպելու համար ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև լիցենզիայի կատարումը հավաստող փաստաթղթերը պետք է պահվեն լիազորված մարմիններում լիցենզիայի կամ թույլտվության գործողության ժամկետի ավարտի օրվանից կամ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու մասին որոշումն ընդունելու օրվանից հետո՝ 3 տարվա ընթացքում։

Նշված ժամկետը լրանալուց հետո փաստաթղթերը ոչնչացվում են այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որտեղ տրամադրվել է այդ լիցենզիան կամ թույլտվությունը։

7. Լիազորված մարմինները վարում են տրամադրված լիցենզիաների և թույլտվությունների վերաբերյալ տվյալների շտեմարան ու Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետներում նշված տեղեկությունները տրամադրում են Հանձնաժողովին։ Հանձնաժողովը տրամադրված լիցենզիաների մասին տվյալները տրամադրում է անդամ պետությունների մաքսային մարմիններին։

 

II. Լիցենզիաների տրամադրման կարգը

 

8. Լիցենզիա ստանալու համար հայտի ձևակերպումն ու լիցենզիայի ձևակերպումն իրականացվում են՝ ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա ստանալու համար հայտի ձևակերպման և Հանձնաժողովի կողմից հաստատվող այդպիսի լիցենզիայի ձևակերպման վերաբերյալ հրահանգների համաձայն։

Լիցենզիա կարող է տրամադրվել (ձևակերպվել) էլեկտրոնային փաստաթղթի ձևով՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, իսկ մինչև դրա սահմանումը՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսվող կարգով։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով լիցենզիայի կառուցվածքն ու ձևաչափը հաստատվում են Հանձնաժողովի կողմից, իսկ մինչև դրանց հաստատումը՝ անդամ պետության օրենսդրության համաձայն։

9. Մեկանգամյա լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին` դրա գործողության մեջ մտնելու օրվանից հաշվարկված։ Մեկանգամյա լիցենզիայի գործողության ժամկետը կարող է սահմանափակվել արտաքին առևտրային պայմանագրի գործողության ժամկետով կամ լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացող փաստաթղթի գործողության ժամկետով։

Այն ապրանքների դեպքում, որոնց նկատմամբ սահմանվել են արտահանման և (կամ) ներմուծման քանակական սահմանափակումներ կամ ներմուծման քվոտա՝ որպես հատուկ պաշտպանական միջոց, կամ սակագնային քվոտաներ, լիցենզիայի գործողության ժամկետն ավարտվում է այն օրացուցային տարվա ընթացքում, որի համար սահմանվել է քվոտան։

Հիմնական լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին՝ դրա գործողության մեջ մտնելու օրվանից հաշվարկված, իսկ այն ապրանքների դեպքում, որոնց նկատմամբ սահմանվել են արտահանման և (կամ) ներմուծման քանակական սահմանափակումներ կամ սակագնային քվոտաներ, այդ ժամկետն ավարտվում է այն օրացուցային տարվա ընթացքում, որի համար սահմանվել է քվոտան, եթե այլ բան նախատեսված չէ Հանձնաժողովի կողմից։

Բացառիկ լիցենզիայի գործողության ժամկետը Հանձնաժողովի կողմից սահմանվում է յուրաքանչյուր առանձին դեպքում։

10. Հայտատուի կամ համապատասխան լիազորությունների գրավոր հաստատում ունեցող՝ նրա ներկայացուցչի կողմից լիցենզիայի ձևակերպման համար լիազորված մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները.

1) լիցենզիա ստանալու համար հայտը՝ լրացված և ձևակերպված ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա ստանալու համար հայտի ձևակերպման և այդպիսի լիցենզիայի ձևակերպման համար սահմանված հրահանգներին համապատասխան (այսուհետ՝ հայտ),

2) հայտի էլեկտրոնային պատճենը՝ Հանձնաժողովի կողմից հաստատված ձևաչափով, իսկ մինչև դրա հաստատումը՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

3) արտաքին առևտրային պայմանագրի պատճենը, դրա հավելվածները և (կամ) լրացումները (մեկանգամյա լիցենզիայի համար), իսկ արտաքին առևտրային պայմանագրի բացակայության դեպքում՝ Կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը,

4) հարկային մարմնում հաշվառման կամ պետական գրանցման մասին փաստաթղթի պատճենը (տեղեկություններ, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ),

5) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար տրամադրված լիցենզիայի պատճենը կամ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար լիցենզիայի առկայության մասին տեղեկությունները (եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ), եթե գործունեության այդ տեսակը կապված է այն ապրանքի շրջանառության հետ, որի համար Միության մաքսային տարածքում սահմանվել է լիցենզավորման պահանջ,

6) այլ փաստաթղթեր (տեղեկություններ), եթե դրանք սահմանվել են Հանձնաժողովի այն որոշմամբ, որի հիման վրա նախատեսվել է համապատասխան ապրանքի լիցենզավորում։

11. Փաստաթղթերի ներկայացված պատճենների յուրաքանչյուր թերթ պետք է հաստատված լինի հայտատուի ստորագրությամբ և կնիքով, կամ փաստաթղթերի պատճենները պետք է կարված լինեն, իսկ դրանց վերջին էջերը հաստատված լինեն հայտատուի ստորագրությամբ և կնիքով։

Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը պետք է հաշվառվեն լիազորված մարմնում։

Հայտն ու փաստաթղթերը (տեղեկությունները) կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով։ Թույլատրվում է փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնել նաև հայտատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված տեսագրված փաստաթղթերի ձևով, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։

Լիցենզիան տրամադրվում է այն պետական տուրքի (լիցենզավորման վճարի) վճարումը հաստատող փաստաթուղթը հայտատուի կողմից ներկայացվելուց հետո, որը գանձվում է լիցենզիայի տրամադրման (ձևակերպման) համար անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ու չափով։

12. Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում մինչև լիազորված մարմին հայտ ներկայացնելը հայտատուն կամ լիազորված մարմինը համաձայնեցման նպատակով այն ուղարկում են անդամ պետության գործադիր իշխանության՝ անդամ պետության կողմից սահմանված համապատասխան մարմին, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։

13. Լիցենզիան տրամադրվում է կամ լիցենզիայի տրամադրումը մերժվում է լիազորված մարմնի կողմից սույն Կանոնների 10-րդ կետով նախատեսված փաստաթղթերի հիման վրա փաստաթղթերը ներկայացնելու օրվանից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Հանձնաժողովի որոշմամբ այլ ժամկետներ սահմանված չեն:

14. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝

1) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերում թերի կամ անարժանահավատ տեղեկությունների առկայությունը.

2) սույն Կանոնների 10-12 կետերով նախատեսված պահանջները չկատարելը.

3) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցումը կամ կասեցումը.

4) անդամ պետությունների միջազգային պարտավորությունների խախտումը, որը կարող է տեղի ունենալ այն պայմանագրի կատարման հետևանքով, որի իրագործման համար հայցվում է լիցենզիան.

5) քվոտայի, ինչպես նաև սակագնային քվոտայի սպառումը կամ դրանց բացակայությունը (քվոտավորման ենթակա ապրանքների համար լիցենզիայի ձևակերպման դեպքում).

6) Հանձնաժողովի ակտով նախատեսված այլ հիմքերով։

15. Լիցենզիայի տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված և հայտատուին տրամադրվի գրավոր կամ էլեկտրոնային փաստաթղթի ձևով, եթե դա նախատեսված է Հանձնաժողովի որոշմամբ, իսկ նշված որոշման բացակայության դեպքում՝ անդամ պետության օրենսդրությամբ։

16. Լիազորված մարմինը ձևակերպում է լիցենզիայի բնօրինակը, որը տրամադրվում է հայտատուին: Նախքան ապրանքների մաքսային հայտարարագրումը` հայտատուն ներկայացնում է լիցենզիայի բնօրինակը համապատասխան մաքսային մարմին, որը լիցենզիան վերահսկողության վերցնելիս հայտատուին է տրամադրում դրա պատճենը՝ այն վերահսկողության վերցնելու մասին մաքսային մարմնի կողմից կատարված նշումով:

Եթե լիազորված մարմնի կողմից լիցենզիան տրամադրվում (ձևակերպվում) է էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ապա հայտատուից չի պահանջվում իր պետության մաքսային մարմին ներկայացնել լիցենզիայի բնօրինակը՝ թղթային կրիչով։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով տրամադրված լիցենզիաների կատարումը վերահսկելու հարցում լիազորված մարմինների ու մաքսային մարմինների համագործակցության կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ։

17. Տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխությունների կատարում, այդ թվում՝ տեխնիկական բնույթի պատճառներով, չի թույլատրվում:

18. Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (կազմակերպաիրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն) կամ փոխվել են ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուի անձնագրային տվյալները, հայտատուն պարտավոր է տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և նոր լիցենզիա ձևակերպելու դիմում ներկայացնել՝ կցելով հայտը և նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:

19. Լիազորված մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու մասին որոշում կայացնելու իրավունք ունի հետևյալ դեպքերում.

1) հայտատուի կողմից գրավոր կամ էլեկտրոնային փաստաթղթի միջոցով դիմումի ներկայացում, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ,

2) որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների կատարում (կազմակերպաիրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխությունը) կամ ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուի անձնագրային տվյալների փոփոխություն,

3) լիցենզիա ստանալու նպատակով հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերում անարժանահավատ տեղեկությունների հայտնաբերում,

4) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայած մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցում կամ կասեցում,

5) անդամ պետության միջազգային պարտավորությունների խախտում այն պայմանագրի կատարման ժամանակ, որի հիման վրա տրամադրվել է լիցենզիան,

6) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար տրամադրված լիցենզիայի անվավեր ճանաչում, եթե գործունեության այդ տեսակը կապված է այն ապրանքի շրջանառության հետ, որի համար լիցենզավորում է նախատեսվել,

7) լիցենզիայի տրամադրման ժամանակ թույլ տրված այնպիսի խախտումների հայտնաբերում, որոնց հետևանքով տրամադրվել է լիցենզիան, որը չէր կարող տրամադրվել սահմանված կարգը պահպանելու դեպքում,

8) լիցենզառուի կողմից միջազգային նորմատիվ իրավական ակտերով կամ անդամ պետության նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ լիցենզիայի տրամադրման պայմանների չկատարում,

9) դատական որոշման առկայություն,

10) լիցենզառուի կողմից սույն Կանոնների 22-րդ կետի չկատարում։

20. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է դրա մասին լիազորված մարմնի կողմից որոշում կայացնելու օրվանից։

Կասեցված լիցենզիայի գործողությունը կարող է վերականգնվել լիազորված մարմնի կողմից դրա գործողության կասեցմանը հանգեցրած պատճառների վերացումից հետո։ Ընդ որում, լիցենզիայի գործողության կասեցումը հիմք չէ դրա երկարաձգման համար։

Լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից։

21. Լիցենզիայի կորստի դեպքում լիազորված մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ու չափով պետական տուրքի (լիցենզավորման վճար) վճարումից հետո, տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը, որը ձևակերպվում է այնպես, ինչպես բնօրինակը, և պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։

Դիմումը, որով պարզաբանվում են լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։

Լիցենզիայի կրկնօրինակը լիազորված մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

22. Հիմնական և բացառիկ լիցենզիա ունեցողները պարտավոր են եռամսյակը մեկ՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, լիազորված մարմին ներկայացնել հաշվետվություն՝ լիցենզիայի կատարման ընթացքի վերաբերյալ։

Մեկանգամյա լիցենզիա ունեցողները պարտավոր են լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց հետո՝ 15 օրացուցային օրվա ընթացքում, լիազորված մարմին ներկայացնել լիցենզիայի կատարման մասին տեղեկանք։

23. Լիցենզիան վերահսկողությունից հանելու դեպքում անդամ պետության համապատասխան լիազորված մարմինը հայտատուին տրամադրում է լիցենզիայի կատարման մասին տեղեկանք նրա գրավոր դիմումի հիման վրա՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Տեղեկանքի ձևը և տրամադրման կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից։

24. Մաքսային մարմինները լիցենզիաների կատարման վերաբերյալ տեղեկություններն էլեկտրոնային տարբերակով ուղղակիորեն ներկայացնում են լիազորված մարմին, եթե այդ տեղեկությունների տրամադրումը մաքսային մարմինների կողմից նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ։

Եթե լիցենզիաների կատարման վերաբերյալ տեղեկությունները մաքսային մարմինների կողմից էլեկտրոնային տարբերակով ուղղակիորեն ներկայացվում են լիազորված մարմին, ապա լիցենզիա ունեցողները լիցենզիաների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվություններ ու լիցենզիաների կատարման վերաբերյալ տեղեկանքներ չեն ներկայացնում լիազորված մարմիններ։

 

III. Թույլտվությունների տրամադրման կարգը

 

25. Թույլտվության ձևակերպումն իրականացվում է ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվության ձևակերպման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից հաստատվող հրահանգների համաձայն։

Թույլտվությունը կարող է տրամադրվել (ձևակերպվել) էլեկտրոնային փաստաթղթի ձևով՝ Հանձնաժողովի կողմից հաստատված կարգով, իսկ մինչև դրա հաստատումը՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով թույլտվության կառուցվածքն ու ձևաչափը հաստատվում են Հանձնաժողովի կողմից, իսկ մինչև դրանց հաստատումը՝ անդամ պետության օրենսդրության համաձայն։

Մի անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրամադրված թույլտվությունները ճանաչվում են մյուս բոլոր անդամ պետությունների կողմից։

26. Թույլտվությունների տրամադրման ժամկետը չի կարող գերազանցել հայտը ներկայացնելու օրվանից հաշվարկված 3 աշխատանքային օրը։

Թույլտվությունները տրամադրվում են արտաքին առևտրային գործընթացի բոլոր մասնակիցներին՝ առանց սահմանափակումների, լիազորված մարմին ներկայացվող հետևյալ փաստաթղթերի հիման վրա՝

գրավոր դիմում,

թույլտվության նախագիծ՝ թղթային կրիչի վրա,

թույլտվության նախագծի էլեկտրոնային պատճենն այն ձևաչափով, որը հաստատվում է Հանձնաժողովի կողմից, իսկ մինչև դրա հաստատումը՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

27. Թույլտվության գործողության ժամկետը սահմանափակվում է այն օրացուցային տարով, որի ընթացքում տրամադրվել է թույլտվությունը։

28. Լիազորված մարմինը ձևակերպում է թույլտվության բնօրինակը, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին կամ նրա՝ թույլտվության բնօրինակը ստանալու համար գրավոր լիազորագիր ունեցող ներկայացուցչին։

Նախքան ապրանքների մաքսային հայտարարագրումը՝ արտաքին առևտրային գործունեության մասնակիցը ներկայացնում է թույլտվության բնօրինակը համապատասխան մաքսային մարմին, որը թույլտվությունը վերահսկողության վերցնելիս արտաքին առևտրային գործունեության մասնակցին է տրամադրում դրա պատճենը՝ այն վերահսկողության վերցնելու մասին մաքսային մարմնի կողմից կատարված նշումով:

Եթե լիազորված մարմնի կողմից թույլտվությունը տրամադրվել (ձևակերպվել) է էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ապա արտաքին առևտրային գործունեության մասնակցից չի պահանջվում իր պետության մաքսային մարմին ներկայացնել թույլտվության բնօրինակը՝ թղթային կրիչով։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով տրամադրված թույլտվությունների կատարումը վերահսկելու հարցում լիազորված մարմինների ու մաքսային մարմինների համագործակցության կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ։

29. Տրամադրված թույլտվությունները չեն կարող վերաձևակերպվել արտաքին առևտրային գործունեության այլ մասնակիցների անունով։

Տրամադրված թույլտվությունների մեջ փոփոխությունների կատարում չի թույլատրվում։

30. Տրամադրված թույլտվության կորստի դեպքում լիազորված մարմինը կարող է 3 աշխատանքային օրվա ընթացքում արտաքին առևտրային գործունեության մասնակցի գրավոր դիմումի հիման վրա տրամադրել թույլտվության կրկնօրինակը, որը ձևակերպվում է այնպես, ինչպես բնօրինակը, և պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Ընդ որում, դիմումի մեջ պետք է պարզաբանվեն թույլտվության կորստի պատճառներն ու հանգամանքները։ Դիմումը շարադրվում է ազատ ձևով։

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8
«Եվրասիական տնտեսական
միության մասին» պայմանագրի

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Արձանագրությունը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 48-րդ և 49-րդ հոդվածներին համապատասխան և դրանով սահմանվում է Միությունում ապրանքներ արտադրողների տնտեսական շահերի պաշտպանության նպատակով երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառումը։

2. Սույն Արձանագրության մեջ օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

«նույնանման ապրանք»՝ ապրանք, որն ամբողջությամբ նույնական է այն ապրանքի հետ, որն ուսումնասիրության (կրկնակի ուսումնասիրության) առարկա է կամ կարող է դառնալ ուսումնասիրության առարկա, կամ այդպիսի ապրանքի բացակայության դեպքում՝ այլ ապրանք, որն իր հատկանիշներով մոտ է այն ապրանքի հատկանիշներին, որն ուսումնասիրության առարկա է կամ կարող է դառնալ ուսումնասիրության առարկա.

«հակագնագցման (հակադեմփինգային) միջոց»՝ գնագցող ներմուծմանը հակազդելու միջոց, որը կիրառվում է Հանձնաժողովի որոշմամբ՝ հակագնագցման տուրք, այդ թվում՝ նախնական հակագնագցման տուրք սահմանելու կամ արտահանողի կողմից ընդունված կամավոր գնային պարտավորությունները հաստատելու միջոցով.

«հակագնագցման տուրք»՝ տուրք, որը կիրառվում է հակագնագցման միջոցի սահմանման դեպքում և որը գանձվում է անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ ներմուծման մաքսատուրքից անկախ.

«գնագցման չափ»՝ ապրանքի սովորական արժեքի և այդ ապրանքի արտահանման գնի՝ տոկոսներով արտահայտված հարաբերակցությունը՝ առանց այդ ապրանքի արտահանման գնի, կամ ապրանքի սովորական արժեքի և դրա արտահանման գնի՝ բացարձակ ցուցանիշներով արտահայտված տարբերությունը.

«ներմուծման քվոտա»՝ Միության մաքսային տարածք ապրանքի ներմուծման սահմանափակում՝ վերջինիս քանակի և (կամ) արժեքի առումով.

«փոխհատուցման միջոց»՝ անդամ պետությունների տնտեսության ճյուղի վրա` արտահանող երրորդ երկրի հատուկ սուբսիդիաների (լրավճարների) ունեցած ազդեցությունը չեզոքացնելու միջոց, որը կիրառվում է Հանձնաժողովի որոշմամբ՝ փոխհատուցման տուրք (այդ թվում՝ նախնական փոխհատուցման տուրք) սահմանելու կամ սուբսիդավորող երրորդ երկրի լիազոր մարմնի կամ արտահանողի կողմից ընդունված կամավոր պարտավորությունները հաստատելու միջոցով.

«փոխհատուցման տուրք»՝ տուրք, որը կիրառվում է փոխհատուցման միջոց սահմանելու դեպքում և գանձվում է անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ ներմուծման մաքսատուրքից անկախ.

«անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված նյութական վնաս»՝ անդամ պետությունների տնտեսության ճյուղի վիճակի՝ ապացույցներով հաստատված վատթարացում, որը, մասնավորապես, կարող է արտահայտվել անդամ պետություններում նույնանման ապրանքի արտադրության ծավալի և անդամ պետությունների շուկայում դրա իրացման ծավալի կրճատմամբ, այդ ապրանքի արտադրության եկամտաբերության նվազեցմամբ, ինչպես նաև անդամ պետությունների տնտեսության տվյալ ճյուղում ապրանքային պաշարների, զբաղվածության, աշխատավարձի մակարդակի և անդամ պետությունների տնտեսության տվյալ ճյուղում ներդրումների կատարման մակարդակի վրա ունեցած բացասական ազդեցությամբ.

«ուղղակիորեն մրցակցող ապրանք»՝ ապրանք, որը համադրելի է այն ապրանքի հետ, որն ուսումնասիրության (կրկնակի ուսումնասիրության) առարկա է կամ կարող է դառնալ ուսումնասիրության առարկա՝ իր նշանակությամբ, կիրառմամբ, որակական և տեխնիկական հատկանիշներով, նաև՝ այլ հիմնական հատկություններով այնպես, որ գնորդն սպառման ընթացքում փոխարինում է կամ պատրաստ է դրանով փոխարինել այն ապրանքը, որը ուսումնասիրության (կրկնակի ուսումնասիրության) առարկա է կամ կարող է դառնալ ուսումնասիրության առարկա.

«առևտրի բնականոն ընթացք»՝ արտահանող երրորդ երկրի շուկայում նույնանման ապրանքի առքուվաճառքը՝ վերջինիս ինքնարժեքի կշռված միջինից ոչ ցածր այնպիսի գնով, որը սահմանվում է արտադրության ծախքերի կշռված միջինի և առևտրային, վարչական ու ընդհանուր ծախքերի կշռված միջինի հիման վրա.

«վճարողներ»՝ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքին համապատասխան որոշված անձինք.

«նախնական հակագնագցման տուրք»՝ տուրք, որը կիրառելի է Միության մաքսային տարածք այնպիսի ապրանք ներմուծելիս, որի մասով ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից ուսումնասիրությունն իրականացնելու ընթացքում կազմվել է նախնական եզրակացություն` գնագցող ներմուծման և դրանով պայմանավորված` անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված նյութական վնասի, վնաս հասցնելու վտանգի առկայության կամ անդամ պետությունների տնտեսության ճյուղի ստեղծման էական կասեցման մասին.

«նախնական փոխհատուցման տուրք»՝ տուրք, որը կիրառելի է Միության մաքսային տարածք այնպիսի ապրանք ներմուծելիս, որի մասով ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից ուսումնասիրությունն իրականացնելու ընթացքում կազմվել է նախնական եզրակացություն՝ սուբսիդավորվող ներմուծման և դրանով պայմանավորված՝ անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված նյութական վնասի, վնաս հասցնելու վտանգի առկայության կամ անդամ պետությունների տնտեսության ճյուղի ստեղծման էական կասեցման մասին.

«նախնական հատուկ տուրք»՝ տուրք, որը կիրառելի է Միության մաքսային տարածք այնպիսի ապրանք ներմուծելիս, որի մասով ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից ուսումնասիրությունն անցկացնելու ընթացքում կազմվել է նախնական եզրակացություն ներմուծման այն ավելացած ծավալի առկայության մասին, որը լուրջ վնաս է հասցրել կամ սպառնում է այդպիսի վնաս հասցնել անդամ պետությունների տնտեսության ճյուղին.

«նախորդող ժամանակահատված»՝ ուսումնասիրություն անցկացնելու մասին դիմումը ներկայացնելու օրվան անմիջապես նախորդող 3 օրացուցային տարի, որի համար առկա են անհրաժեշտ վիճակագրական տվյալներ.

«փոխկապակցված անձինք»՝ անձինք, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներից մեկին կամ մի քանիսին՝

այս անձանցից յուրաքանչյուրը հանդիսանում է մյուս անձի մասնակցությամբ ստեղծված կազմակերպության աշխատակիցը կամ ղեկավարը.

անձինք հանդիսանում են աշխատանքային գործընկերներ, այսինքն՝ կապված են միմյանց հետ պայմանագրային հարաբերություններով, գործում են եկամուտ ստանալու նպատակով և համատեղ են կրում համատեղ գործունեության իրականացման հետ կապված ծախսերն ու կորուստները.

անձինք հանդիսանում են մեկ կազմակերպության գործատուներ և աշխատողներ.

անձանցից որևէ մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում, վերահսկում է երկու անձանց քվեարկող բաժնետոմսերի կամ մասնաբաժինների 5 և ավելի տոկոսը կամ հանդիսանում է դրանց անվանատերը.

անձանցից մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է մյուս անձին.

երկու անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում են երրորդ անձի կողմից.

երկու անձինք միասին ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում են երրորդ անձին.

անձինք գտնվում են ամուսնական հարաբերությունների մեջ, հանդիսանում են արյունակիցներ կամ մերձավորներ, որդեգրող և որդեգրված, ինչպես նաև՝ խնամակալ և խնամարկյալ։

Ընդ որում, ուղղակի վերահսկողություն ասելով ենթադրվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի՝ իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները ներքոնշյալ գործողություններից մեկի կամ մի քանիսի իրականացման միջոցով սահմանելու հնարավորությունը,

վերջինիս գործադիր մարմնի գործառույթների իրականացում.

իրավաբանական անձի ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանները սահմանելու իրավունքի ձեռքբերում.

իրավաբանական անձի կանոնադրական (պահուստային) կապիտալը (ֆոնդը) կազմող բաժնետոմսերով (բաժնեմասերով) ապահովվող ձայների ընդհանուր թվի 5-ից ավելի տոկոսի տնօրինում։

Անուղղակի վերահսկողություն ասելով ենթադրվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի՝ իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները սահմանելու հնարավորությունը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջոցով կամ մի քանի իրավաբանական անձանց միջոցով, որոնց միջև առկա է ուղղակի վերահսկողություն.

«անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնաս»՝ անդամ պետություններում նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանքի արտադրության հետ կապված իրավիճակի՝ ապացույցներով հաստատված ընդհանուր վատթարացում, որն արտահայտվում է, որպես կանոն, նախորդող ժամանակահատվածում անդամ պետությունների տնտեսության ճյուղի արտադրական, առևտրային և ֆինանսական դրության էական վատթարացմամբ.

«հատուկ պաշտպանական միջոց»՝ Միության մաքսային տարածք ներմուծման ավելացած ծավալը սահմանափակելու միջոց, որը կիրառվում է Հանձնաժողովի որոշմամբ՝ ներմուծման քվոտա, հատուկ քվոտա կամ հատուկ տուրք, այդ թվում՝ նախնական հատուկ տուրք սահմանելու միջոցով.

«հատուկ քվոտա»՝ Միության մաքսային տարածք ապրանքի ներմուծման որոշակի ծավալի սահմանում, որի շրջանակներում ապրանքը մատակարարվում է Միության մաքսային տարածք առանց հատուկ տուրքի վճարման, իսկ այն գերազանցելու դեպքում՝ հատուկ տուրքի վճարմամբ.

«հատուկ տուրք»՝ տուրք, որը կիրառվում է հատուկ պաշտպանական միջոց սահմանելու դեպքում և գանձվում է անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ ներմուծման մաքսատուրքից անկախ.

«սուբսիդավորվող ներմուծում»՝ ապրանքի ներմուծում Միության մաքսային տարածք, որի արտադրության, արտահանման կամ տրանսպորտային փոխադրման համար օգտագործվել է արտահանող երրորդ երկրի հատուկ սուբսիդիա.

«երրորդ երկրներ»՝ Պայմանագրի մասնակից չհանդիսացող պետություններ և (կամ) երկրների միություն, ինչպես նաև այն տարածքը, որն ընդգրկված է Հանձնաժողովի կողմից հաստատվող Աշխարհի երկրների դասակարգչի մեջ.

«սուբսիդավորող մարմին»՝ արտահանող երրորդ երկրի պետական մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ անձ, որը գործում է համապատասխան պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի հանձնարարությամբ, կամ որը լիազորված է համապատասխան պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից՝ իրավական ակտին համապատասխան կամ ելնելով փաստացի հանգամանքներից».

«անդամ պետությունների տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգ»՝ անդամ պետությունների տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու՝ ապացույցներով հաստատված անխուսափելիությունը.

«անդամ պետությունների տնտեսության ճյուղին լուրջ վնաս հասցնելու վտանգ»՝ անդամ պետությունների տնտեսության ճյուղին լուրջ վնաս հասցնելու՝ ապացույցներով հաստատված անխուսափելիությունը.

«արտահանման գին»՝ գին, որը վճարվել է կամ պետք է վճարվի ապրանքը Միության մաքսային տարածք ներմուծելու դեպքում։

 

II. Ուսումնասիրություն

 

1. Ուսումնասիրության իրականացման նպատակները

 

3. Ապրանքի ներմուծման դեպքում հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոց սահմանելուն նախորդում է ուսումնասիրություն, որի նպատակն է հաստատել հետևյալը՝

Միության մաքսային տարածք ներմուծման ավելացած ծավալի և դրանով պայմանավորված` անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասի կամ այդպիսի վնաս հասցնելու վտանգի առկայությունը.

Միության մաքսային տարածք գնագցող կամ սուբսիդավորվող ներմուծման և դրանով պայմանավորված` անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված նյութական վնասի կամ այդպիսի վնաս հասցնելու վտանգի առկայությունը կամ անդամ պետությունների տնտեսության ճյուղի ստեղծման էական կասեցումը։

 

2. Ուսումնասիրություն իրականացնող մարմինը

 

4. Ուսումնասիրություն իրականացնող մարմինը գործում է Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում։

5. Ուսումնասիրություն իրականացնող մարմինը ուսումնասիրության արդյունքների հիման վրա Հանձնաժողով է ներկայացնում հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու կամ դրա գործողության ժամկետը երկարաձգելու կամ հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցը վերանայելու կամ չեղյալ հայտարարելու նպատակահարմարության մասին առաջարկություններ պարունակող զեկույց՝ դրան կցելով Հանձնաժողովի համապատասխան որոշման նախագիծը։

6. Հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի վերանայմամբ նախատեսվում է դրա փոփոխությունը, չեղյալ հայտարարումը կամ ազատականացումը՝ կրկնակի ուսումնասիրության արդյունքներին համապատասխան։

7. Սույն Արձանագրության 15-22-րդ, 78-89-րդ, 143-153-րդ կետերով նախատեսված դեպքերում ուսումնասիրություն իրականացնող մարմինը, նախքան ուսումնասիրության ավարտը, Հանձնաժողով է ներկայացնում նախնական հատուկ պաշտպանական, նախնական հակագնագցման կամ նախնական փոխհատուցման միջոց սահմանելու և կիրառելու նպատակահարմարության մասին առաջարկություններ պարունակող զեկույց՝ դրան կցելով Հանձնաժողովի համապատասխան որոշման նախագիծը։

8. Ուսումնասիրություն իրականացնող մարմնին ապացույցների և տեղեկությունների տրամադրումը, ինչպես նաև ուսումնասիրություն իրականացնող մարմնի հետ նամակագրությունն իրականացվում են ռուսերենով, իսկ օտար լեզվով կազմված փաստաթղթերի բնօրինակներին պետք է կցված լինի դրանց ռուսերեն թարգմանությունը (այդ թարգմանության հաստատմամբ)։

 

III. Հատուկ պաշտպանական միջոցներ

1. Հատուկ պաշտպանական միջոցի կիրառման ընդհանուր սկզբունքները

 

9. Հատուկ պաշտպանական միջոցը կիրառվում է արտահանող երրորդ երկրից Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքի նկատմամբ՝ անկախ վերջինիս ծագման երկրից, բացառությամբ՝

1) այն ապրանքի, որը ծագում է Միության սակագնային առանձնաշնորհումների համակարգից օգտվող զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրից, եթե այդպիսի երկրից ծագող տվյալ ապրանքի ներմուծման մասնաբաժինը չի գերազանցում Միության մաքսային տարածք այդ ապրանքի ներմուծման ամբողջ ծավալի 3 տոկոսը՝ պայմանով, որ զարգացող և առավել թույլ զարգացած այն երրորդ երկրներից տվյալ ապրանքի ներմուծման ընդհանուր մասնաբաժինը, որոնցից յուրաքանչյուրի մասնաբաժինը կազմում է Միության մաքսային տարածք այդ ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալի 3 տոկոսից ոչ ավելին, չի գերազանցում Միության մաքսային տարածք տվյալ ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալի 9 տոկոսը.

2) այն ապրանքի, որը ծագում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից, «Ազատ առևտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի կողմ հանդիսացող պետությունից՝ նշված պայմանագրի 8-րդ հոդվածով սահմանված պայմանները կատարելու դեպքում։

10. Հանձնաժողովը զարգացող կամ առավել թույլ զարգացած երրորդ երկրից ծագող և սույն Արձանագրության 9-րդ կետին համապատասխան հատուկ պաշտպանական միջոցի գործողության շրջանակից բացառված ապրանքի նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց կիրառելու վերաբերյալ որոշում է կայացնում այն դեպքում, եթե սույն Արձանագրության 31-րդ, 33-րդ կամ 34-րդ կետերին համապատասխան ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից իրականացված կրկնակի ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ այդ զարգացող կամ առավել թույլ զարգացած երրորդ երկրից ապրանքի ներմուծման մասնաբաժինը գերազանցում է սույն Արձանագրության 9-րդ կետով սահմանված ցուցանիշները։

11. Հանձնաժողովը Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից, «Ազատ առևտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի կողմ հանդիսացող պետությունից ծագող, սույն Արձանագրության 9-րդ կետին համապատասխան հատուկ պաշտպանական միջոցի գործողության շրջանակից բացառված ապրանքի նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց կիրառելու վերաբերյալ որոշում է կայացնում այն դեպքում, եթե սույն Արձանագրության 31-րդ, 33-րդ կամ 34-րդ կետերին համապատասխան ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից իրականացված կրկնակի ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ նշված պայմանագրի 8-րդ հոդվածում նշված պայմաններն այլևս չեն պահպանվում։

 

2. Ներմուծման ավելացած ծավալի հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասի կամ այդպիսի վնաս հասցնելու վտանգը որոշելը

 

12. Միության մաքսային տարածք ներմուծման ավելացած ծավալի հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասի կամ այդպիսի վնաս հասցնելու վտանգը որոշելու նպատակով ուսումնասիրություն իրականացնող մարմինը ուսումնասիրության ընթացքում գնահատում է այն օբյեկտիվ գործոնները, որոնք կարող են արտահայտված լինել քանակական ցուցանիշներով և որոնք ազդեցություն են թողնում անդամ պետությունների տնտեսության ճյուղի տնտեսական վիճակի վրա, այդ թվում՝

1) ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի ներմուծման աճի՝ բացարձակ ցուցանիշներով և հարաբերական ցուցանիշներով արտահայտված տեմպերը և ծավալը՝ անդամ պետություններում նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանքի արտադրության կամ սպառման ընդհանուր ծավալի հետ համեմատած.

2) ուսումնասիրության առարկա հանդիսացող ներմուծվող ապրանքի մասնաբաժինը՝ անդամ պետությունների շուկայում տվյալ ապրանքի և նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանքի վաճառքի ընդհանուր ծավալի մեջ.

3) ուսումնասիրության առարկա հանդիսացող ներմուծվող ապրանքի գների մակարդակը՝ անդամ պետություններում արտադրվող նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանքի գների մակարդակի հետ համեմատությամբ.

4) անդամ պետություններում արտադրվող նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանքի՝ անդամ պետությունների շուկայում վաճառքի ծավալի փոփոխությունը.

5) նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանքի արտադրության ծավալի, արտադրողականության, արտադրական կարողությունների օգտագործման, շահույթների և վնասների չափի, ինչպես նաև զբաղվածության մակարդակի փոփոխությունը անդամ պետությունների տնտեսության ճյուղում։

13. Ներմուծման ավելացած ծավալի հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասը կամ այդպիսի վնաս հասցնելու վտանգը որոշվում է գործին առնչվող և ուսումնասիրություն իրականացնող մարմնի ունեցած բոլոր ապացույցների և տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա։

14. Ուսումնասիրություն իրականացնող մարմինը ներմուծման ավելացած ծավալից բացի` վերլուծում է այնպիսի հայտնի գործոններ, որոնց հետևանքով միևնույն ժամանակահատվածում անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցվում է լուրջ վնաս կամ առաջանում է այդպիսի վնաս հասցնելու վտանգ։ Տվյալ վնասը չպետք է համարվի Միության մաքսային տարածք ներմուծման ավելացած ծավալի հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնաս կամ այդպիսի վնաս հասցնելու վտանգ։

 

3. Նախնական հատուկ տուրք սահմանելը

 

15. Ծայրահեղ դեպքերում, երբ հատուկ պաշտպանական միջոցի կիրառումն ուշացնելն այնպիսի լուրջ վնաս կհասցներ անդամ պետությունների տնտեսության ճյուղին, որը հետագայում դժվար կլիներ վերացնել, Հանձնաժողովը, նախքան համապատասխան ուսումնասիրության ավարտը, կարող է 200 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով նախնական հատուկ տուրք սահմանելու և կիրառելու մասին որոշում կայացնել՝ հիմք ընդունելով ուսումնասիրություն իրականացնող մարմնի նախնական եզրակացությունը, համաձայն որի առկա են ակնհայտ ապացույցներ, որ ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի ներմուծման ավելացած ծավալը հասցրել կամ կարող է լուրջ վնաս հասցնել անդամ պետությունների տնտեսության ճյուղին։ Ուսումնասիրությունը պետք է շարունակվի ուսումնասիրություն իրականացնող մարմնի վերջնական եզրակացությունն ստանալու նպատակով։

16. Ուսումնասիրություն իրականացնող մարմինը գրավոր տեղյակ է պահում արտահանող երրորդ երկրի լիազոր մարմնին, ինչպես նաև իրեն հայտնի այլ շահագրգիռ անձանց նախնական հատուկ միջոցի հնարավոր սահմանման մասին։

17. Նախնական հատուկ տուրք սահմանելու վերաբերյալ խորհրդակցություն անցկացնելու մասին արտահանող երրորդ երկրի լիազոր մարմնի կողմից հարցում ներկայացվելու դեպքում այդ խորհրդակցությունները պետք է սկսվեն Հանձնաժողովի կողմից նախնական հատուկ տուրք սահմանելու մասին որոշումն ընդունելուց հետո։

18. Այն դեպքում, եթե ուսումնասիրություն իրականացնող մարմնի ուսումնասիրության արդյունքներով որոշվել է, որ հատուկ պաշտպանական միջոց սահմանելու հիմքերը բացակայում են կամ սույն Արձանագրության 272-րդ կետին համապատասխան՝ կայացվել է հատուկ պաշտպանական միջոց չկիրառելու մասին որոշում, ապա նախնական հատուկ տուրքի գումարները ենթակա են վճարողին վերադարձման` սույն Արձանագրության հավելվածին համապատասխան կարգով։

Ուսումնասիրություն իրականացնող մարմինը ժամանակին տեղեկացնում է անդամ պետությունների մաքսային մարմիններին հատուկ պաշտպանական միջոց սահմանելու հիմքերի բացակայության կամ հատուկ պաշտպանական միջոց չկիրառելու մասին Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելու վերաբերյալ։

19. Այն դեպքում, եթե ուսումնասիրության արդյունքներով հատուկ պաշտպանական միջոցի կիրառման մասին որոշում է ընդունվել (այդ թվում՝ ներմուծման կամ հատուկ քվոտա սահմանելու միջոցով), նախնական հատուկ տուրքի գործողության ժամկետն ընդգրկվում է հատուկ պաշտպանական միջոցի գործողության ընդհանուր ժամկետի մեջ, իսկ նախնական հատուկ տուրքի գումարները հատուկ պաշտպանական միջոց կիրառելու մասին՝ ուսումնասիրության արդյունքներով ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած ենթակա են հաշվեգրման և բաշխման սույն Արձանագրության հավելվածով նախատեսված կարգով՝ հաշվի առնելով սույն Արձանագրության 20-րդ և 21-րդ կետերի դրույթները։

20. Այն դեպքում, եթե ուսումնասիրության արդյունքներով նպատակահարմար է համարվում սահմանել հատուկ տուրքի՝ նախնական հատուկ տուրքի դրույքաչափից ավելի ցածր դրույքաչափ, ապա նախնական հատուկ տուրքի գումարները, որոնք համապատասխանում են հատուկ տուրքի սահմանված դրույքաչափով հաշվարկված հատուկ տուրքի գումարին, ենթակա են հաշվեգրման և բաշխման՝ սույն Արձանագրության հավելվածով սահմանված կարգով։

Նախնական հատուկ տուրքի գումարները, որոնք գերազանցում են հատուկ տուրքի սահմանված դրույքաչափով հաշվարկված հատուկ տուրքի գումարը, ենթակա են վճարողին վերադարձման` սույն Արձանագրության հավելվածով սահմանված կարգով։

21. Այն դեպքում, եթե ուսումնասիրության արդյունքներով նպատակահարմար է համարվում սահմանել հատուկ տուրքի՝ նախնական հատուկ տուրքի դրույքաչափը գերազանցող դրույքաչափ, ապա հատուկ տուրքի և նախնական հատուկ տուրքի գումարների միջև տարբերությունը չի գանձվում։

22. Նախնական հատուկ տուրք սահմանելու մասին որոշումն ընդունվում է, որպես կանոն, ուսումնասիրությունն սկսելու ամսաթվից սկսած 6 ամսից ոչ ուշ։

 

4. Հատուկ պաշտպանական միջոցի կիրառումը

 

23. Հատուկ պաշտպանական միջոցը կիրառվում է Հանձնաժողովի որոշմամբ այն չափով և ժամկետով, որոնք անհրաժեշտ են` անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասը կանխարգելելու կամ վերացնելու, ինչպես նաև անդամ պետությունների տնտեսության ճյուղը՝ փոփոխվող տնտեսական պայմաններին հարմարեցնելու գործընթացը հեշտացնելու համար։

24. Այն դեպքում, եթե հատուկ պաշտպանական միջոցը կիրառվում է ներմուծման քվոտա սահմանելու միջոցով, ապա այդ ներմուծման քվոտայի չափը չպետք է պակաս լինի ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի ներմուծման միջին տարեկան ծավալից (քանակական կամ արժեքային արտահայտությամբ) նախորդող ժամանակահատվածի կտրվածքով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է սահմանել ներմուծման քվոտայի ավելի փոքր չափ՝ անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասը կամ այդ վնասը հասցնելու վտանգը վերացնելու համար։

25. Արտահանող երրորդ երկրների միջև ներմուծման քվոտան բաշխելիս Միության մաքսային տարածք ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի մատակարարում իրականացնելու հարցում շահագրգիռ երկրներին տրվում է ներմուծման քվոտան իրենց միջև բաշխելու հարցի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու հնարավորություն։

26. Այն դեպքում, եթե հնարավոր չէ անցկացնել սույն Արձանագրության 25-րդ կետով նախատեսված խորհրդակցությունները կամ դրա անցկացման ընթացքում այդպիսի բաշխման վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվում, ապա ներմուծման քվոտան բաշխվում է ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի՝ Միության մաքսային տարածք արտահանելու հարցում շահագրգիռ արտահանող երրորդ երկրների միջև այն համամասնությամբ, որը ձևավորվել է նախորդող ժամանակահատվածում այդ ապրանքն այդպիսի արտահանող երրորդ երկրներից ներմուծելիս՝ այդ ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալի հիման վրա՝ քանակական կամ արժեքային արտահայտությամբ։

Ընդ որում, հաշվի է առնվում ցանկացած հատուկ գործոն, որը կարող էր կամ կարող է ազդել տվյալ ապրանքի առևտրի ընթացքի վրա։

27. Այն դեպքում, եթե ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի առանձին արտահանող երրորդ երկրներից ներմուծման ծավալի աճը՝ տոկոսային հարաբերությամբ ոչ համամասնորեն ավելացել է այդ ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալի աճի նկատմամբ ուսումնասիրություն անցկացնելու մասին դիմում ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում, Հանձնաժողովը կարող է բաշխել ներմուծման քվոտան այդպիսի արտահանող երրորդ երկրների միջև` հաշվի առնելով այդպիսի արտահանող երրորդ երկրներից այդ ապրանքի` Միության մաքսային տարածք ներմուծման ծավալի աճի բացարձակ և հարաբերական ցուցանիշները:

Սույն կետի դրույթները կիրառելի են բացառապես այն դեպքում, երբ ուսումնասիրություն իրականացնող մարմինը որոշում է անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասի առկայությունը:

28. Ներմուծման քվոտայի ձևով հատուկ պաշտպանական միջոցի կիրառման կարգը հաստատվում է Հանձնաժողովի որոշմամբ։ Այն դեպքում, եթե այդ որոշմամբ նախատեսվում է ներմուծման լիցենզավորում, ապա լիցենզիաները տրամադրվում են Պայմանագրի 46-րդ հոդվածով սահմանված կարգով։

29. Այն դեպքում, եթե հատուկ պաշտպանական միջոցը կիրառվում է հատուկ քվոտա սահմանելու միջոցով, ապա այդպիսի քվոտայի չափի որոշումը, բաշխումը և կիրառումն իրականացվում են սույն Արձանագրության 24-28-րդ կետերով ներմուծման քվոտայի համար նախատեսված կարգով։

 

5. Հատուկ պաշտպանական միջոցի գործողության ժամկետն ու վերանայումը

 

30. Հատուկ պաշտպանական միջոցի գործողության ժամկետը չպետք է գերազանցի 4 տարին` բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ միջոցի գործողության ժամկետը երկարաձգվում է սույն Արձանագրության 31-րդ կետին համապատասխան:

31. Սույն Արձանագրության 30-րդ կետում նշված հատուկ պաշտպանական միջոցի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել Հանձնաժողովի որոշմամբ այն դեպքում, եթե ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից անցկացված կրկնակի ուսումնասիրության արդյունքների հիման վրա որոշվել է, որ անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասը կամ այդպիսի վնաս հասցնելու վտանգը վերացնելու համար անհրաժեշտ է երկարաձգել հատուկ պաշտպանական միջոցի գործողության ժամկետը, և առկա են ապացույցներ այն մասին, որ անդամ պետությունների տնտեսության համապատասխան ճյուղում ձեռնարկվում են այդ ճյուղը փոփոխվող տնտեսական պայմաններին հարմարեցնելու գործընթացը խթանող միջոցառումներ:

32. Հատուկ պաշտպանական միջոցի գործողության ժամկետի երկարաձգման մասին Հանձնաժողովի կողմից որոշում ընդունվելու դեպքում տվյալ միջոցը չի կարող լինել ավելի սահմանափակող, քան այդ որոշումն ընդունելու օրվա դրությամբ գործող հատուկ պաշտպանական միջոցը:

33. Այն դեպքում, եթե հատուկ պաշտպանական միջոցի գործողության ժամկետը գերազանցում է 1 տարին, ապա Հանձնաժողովն աստիճանաբար մեղմացնում է այդ հատուկ պաշտպանական միջոցը` դրա գործողության ժամկետի ընթացքում ժամանակային հավասար դադարներով:

Այն դեպքում, եթե հատուկ պաշտպանական միջոցի գործողության ժամկետը գերազանցում է 3 տարին, ապա ուսումնասիրություն իրականացնող մարմինն այդ միջոցի գործողության ժամկետի կեսը լրանալուց ոչ ուշ անցկացնում է կրկնակի ուսումնասիրություն, որի արդյունքներով հատուկ պաշտպանական միջոցը կարող է պահպանվել, մեղմացվել կամ չեղյալ հայտարարվել:

Սույն կետի նպատակներով հատուկ պաշտպանական միջոցի մեղմացում ասելով ենթադրվում է ներմուծման քվոտայի կամ հատուկ քվոտայի ծավալի ավելացում կամ հատուկ տուրքի դրույքաչափի նվազեցում:

34. Բացի սույն Արձանագրության 33-րդ կետում նշված կրկնակի ուսումնասիրությունից՝ ուսումնասիրություն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ կամ շահագրգիռ անձի դիմումի հիման վրա կարող է անցկացվել կրկնակի ուսումնասիրություն հետևյալ նպատակներով՝

1) հատուկ պաշտպանական միջոցի փոփոխման, ազատականացման կամ չեղյալ հայտարարման նպատակահարմարությունը որոշելու նպատակով, ինչը կապված է փոփոխված հանգամանքների, այդ թվում` հատուկ պաշտպանական միջոցի առարկա հանդիսացող ապրանքի ճշգրտման հետ, եթե հիմքեր կան ենթադրելու, որ այդպիսի ապրանքը չի կարող արտադրվել Միությունում տվյալ հատուկ պաշտպանական միջոցի կիրառման ընթացքում.

2) Միության մաքսային տարածք ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալի մեջ զարգացող կամ առավել թույլ զարգացած երրորդ երկրների մասնաբաժինը սահմանելու նպատակով.

3) Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից, «Ազատ առևտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի կողմ հանդիսացող պետության համար նշված պայմանագրի 8-րդ հոդվածով սահմանված չափորոշիչների պահպանման փաստը հաստատելու նպատակով։

35. Սույն Արձանագրության 34-րդ կետի 1-ին ենթակետում նշված նպատակներով կրկնակի ուսումնասիրություն անցկացնելու մասին դիմումը կարող է ընդունվել ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից, եթե հատուկ պաշտպանական միջոցը սահմանելուց հետո անցել է առնվազն 1 տարի։

36. Կրկնակի ուսումնասիրություն իրականացնելիս, համապատասխան տարբերությունները հաշվի առնելով, կիրառվում են ուսումնասիրության իրականացմանը վերաբերող դրույթները։

37. Հատուկ պաշտպանական միջոցի գործողության ընդհանուր ժամկետը՝ ներառյալ նախնական հատուկ տուրքի գործողության ժամկետը և այն ժամկետը, որով երկարաձգվում է հատուկ պաշտպանական միջոցի գործողությունը, չպետք է գերազանցի 8 տարին:

38. Այն ապրանքի նկատմամբ, որի համար ավելի վաղ արդեն կիրառվել է հատուկ պաշտպանական միջոց, չի կարող կրկնակի անգամ կիրառվել հատուկ պաշտպանական միջոցը՝ նախորդ հատուկ պաշտպանական միջոցի գործողության ժամկետին հավասար ժամանակահատվածի ընթացքում: Ընդ որում, այն ժամկետը, որի ընթացքում հատուկ պաշտպանական միջոցը չի կիրառվում, չի կարող 2 տարուց պակաս լինել:

39. Հատուկ պաշտպանական միջոցը, որի գործողության ժամկետը կազմում է 180-ից ոչ ավելի օրացուցային օր, անկախ սույն Արձանագրության 38-րդ կետով սահմանված դրույթներից, կարող է կրկին կիրառվել միևնույն ապրանքի նկատմամբ, եթե նախորդ հատուկ պաշտպանական միջոցի սահմանման օրվանից անցել է ոչ պակաս, քան 1 տարի, և նոր հատուկ պաշտպանական միջոց սահմանելու օրվան նախորդող 5 տարվա ընթացքում այդ ապրանքի նկատմամբ հատուկ պաշտպանական միջոցը 2 անգամից ավելի չի կիրառվել:

 

IV. Հակագնագցման միջոցներ

1. Հակագնագցման միջոցների կիրառման ընդհանուր սկզբունքները

 

40. Ապրանքը գնագցող ներմուծման առարկա է այն դեպքում, եթե այդ ապրանքի արտահանման գինը ցածր է դրա սովորական արժեքից։

41. Ուսումնասիրության ժամանակահատվածը, որի ընթացքում գնագցող ներմուծման առկայությունը որոշելու նպատակով վերլուծվում են տվյալներ, սահմանվում է ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից։ Ընդ որում, այդ ժամանակահատվածը սահմանվում է, որպես կանոն, ուսումնասիրության անցկացման մասին դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսներին հավասար ժամկետով, որոնց համար առկա են վիճակագրական տվյալներ, սակայն ցանկացած պարագայում այդ տևողությունը չպետք է 6 ամսից պակաս լինի։

 

2. Գնագցման չափի որոշումը

 

42. Գնագցման չափը որոշվում է ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից՝ հիմք ընդունելով հետևյալ համադրությունները՝

1) ապրանքի միջին կշռված սովորական արժեքը՝ ապրանքի միջին կշռված արտահանման գնի հետ.

2) առանձին գործարքներով ապրանքի սովորական արժեքը՝ առանձին գործարքներով ապրանքի արտահանման գների հետ.

3) ապրանքի միջին կշռված սովորական արժեքը՝ առանձին գործարքներով ապրանքի արտահանման գների հետ այն դեպքում, երբ ապրանքի գնի մեջ առկա են էական տարբերություններ՝ կախված գնորդներից, տարածաշրջաններից կամ ապրանքի մատակարարման տևողությունից։

43. Ապրանքի արտահանման գնի համադրումը դրա սովորական արժեքի հետ իրականացվում է առևտրային գործառնության միևնույն փուլում և, հնարավորինս՝ միևնույն ժամանակ իրականացված ապրանքի վաճառքի դեպքերի մասով։

44. Ապրանքի արտահանման գինը դրա սովորական արժեքի հետ համադրելիս իրականացվում է դրանց ճշգրտում՝ հաշվի առնելով գների համադրելիության վրա ազդող տարբերությունները, այդ թվում՝ մատակարարումների պայմանները և առանձնահատկությունները, հարկման, առևտրային գործառնությունների փուլերը, քանակական ցուցանիշները, ֆիզիկական առանձնահատկությունները, ինչպես նաև ցանկացած այլ տարբերություն, որի մասով ներկայացվում են դրանց՝ գների համադրելիության վրա ունեցած ազդեցության ապացույցներ։

Ուսումնասիրություն իրականացնող մարմինը հավաստիանում է, որ նշված տարբերությունները հաշվի առնելով կատարվող ճշգրտումները չեն կրկնօրինակում մեկը մյուսին և այդպիսով չեն խեղաթյուրում ապրանքի արտահանման գինը դրա սովորական արժեքի հետ համադրելու արդյունքը։

Ուսումնասիրություն իրականացնող մարմինն իրավունք ունի շահագրգիռ անձանցից պահանջելու այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է ապրանքի արտահանման գնի՝ դրա սովորական արժեքի հետ պատշաճ կերպով համադրումն ապահովելու համար։

45. Արտահանող երրորդ երկրի շուկայում առևտրի բնականոն ընթացքի պայմաններում նույնանման ապրանքի առքուվաճառքի գործարքների բացակայության դեպքում, կամ այն դեպքում, եթե առևտրի բնականոն ընթացքի պայմաններում նույնանման ապրանքի վաճառքի փոքր ծավալի կամ արտահանող երրորդ երկրի շուկայում հատուկ դրության պատճառով հնարավոր չէ իրականացնել ապրանքի արտահանման գնի և նույնանման ապրանքի արժեքի պատշաճ համադրում՝ արտահանող երրորդ երկրի շուկայում վաճառք իրականացնելու ընթացքում, ապա ապրանքի արտահանման գինը կամ համադրվում է արտահանող երրորդ երկրից այլ երրորդ երկիր ներմուծվող նույնանման ապրանքի համեմատելի գնի հետ (այն պայմանով, որ նույնանման ապրանքի գինը ներկայացուցչական է), կամ ապրանքի արտադրության ծախքերի հետ վերջինիս ծագման երկրում՝ հաշվի առնելով անհրաժեշտ վարչական, առևտրային և ընդհանուր ծախքերն ու շահույթը:

46. Այն դեպքում, եթե ապրանքը ներմուծվում է Միության մաքսային տարածք երրորդ այն երկրից, որը վերջինիս ծագման երկիրը չէ, այդ ապրանքի արտահանման գինը համադրվում է երրորդ երկրի շուկայում նույնանման ապրանքի համեմատելի գնի հետ։

Ապրանքի արտահանման գինը կարող է համադրվել նույնանման ապրանքի համեմատելի գնի հետ վերջինիս ծագման երկրում, եթե այդ ապրանքը միայն ուղարկվում է այն երրորդ երկրի տարածքով, որտեղից այն արտահանվում է Միության մաքսային տարածք, կամ դրա արտադրությունը չի իրականացվում այդ երրորդ երկրում, կամ այդ երկրում գոյություն չունի նույնանման ապրանքի համեմատելի գին։

47. Այն դեպքում, եթե ապրանքի արտահանման գինը դրա սովորական արժեքի հետ համադրելիս անհրաժեշտ է վերահաշվարկել դրանց արժեքները՝ մի արժույթից մյուսը փոխարկելու համար, ապա այդպիսի հաշվարկն իրականացվում է` կիրառելով ապրանքի վաճառքի օրվա դրությամբ գործող արժույթի պաշտոնական փոխարժեքը։

Այն դեպքում, եթե արտարժույթի վաճառքն անմիջականորեն կապված է եղել ապրանքի՝ համապատասխան արտահանման ռեժիմով մատակարարման հետ և իրականացվել է որոշակի ժամկետով, ապա օգտագործվում է արժույթի այն փոխարժեքը, որը կիրառվում էր արժույթի վաճառքն այդ ժամկետում իրականացնելու ժամանակ։

Ուսումնասիրություն իրականացնող մարմինը հաշվի չի առնում արժույթի փոխարժեքների տատանումները և ուսումնասիրության ընթացքում արտահանողներին տրամադրում է 60 օրացուցային օրվանից ոչ պակաս ժամկետ՝ իրենց արտահանման գները ճշգրտելու համար՝ հաշվի առնելով ուսումնասիրության ընթացքում արժույթի փոխարժեքների հաստատուն փոփոխությունները։

48. Ուսումնասիրություն իրականացնող մարմինը, որպես կանոն, սահմանում է առանձին գնագցման չափ` ապրանքի յուրաքանչյուր հայտնի արտահանողի և (կամ) արտադրողի համար, որը ներկայացրել է առանձին գնագցման չափ սահմանելու համար անհրաժեշտ տեղեկություններ։

49. Եթե ուսումնասիրություն իրականացնող մարմինը հանգում է այն եզրակացության, որ ապրանքի յուրաքանչյուր հայտնի արտահանողի և (կամ) արտադրողի համար առանձին գնագցման չափի սահմանումն անընդունելի է ապրանքն արտահանողների, արտադրողների կամ ներմուծողների ընդհանուր թվի, ապրանքի բազմազանության կամ որևէ այլ պատճառով, ապա նա կարող է սահմանափակում կիրառել առանձին գնագցման չափ սահմանելու առումով՝ ելնելով շահագրգիռ անձանց ընդունելի թվից, կամ սահմանել գնագցման չափ յուրաքանչյուր արտահանող երրորդ երկրից ապրանքի նմուշի մասով, որը ուսումնասիրություն իրականացնող մարմնի տրամադրության տակ եղած տեղեկությունների համաձայն՝ վիճակագրական առումով ներկայացուցչական է և կարող է քննության առնվել՝ չխաթարելով ուսումնասիրության ընթացքը։

Առանձին գնագցման չափի սահմանումը սահմանափակելու նպատակով շահագրգիռ անձանց ընտրությունն իրականացվում է ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից, նախընտրելիորեն՝ ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի համապատասխան օտարերկրյա արտահանողների, արտադրողների ու ներմուծողների հետ խորհրդակցության հիման վրա և նրանց համաձայնությամբ:

Եթե ուսումնասիրություն իրականացնող մարմինը, սույն կետին համապատասխան, սահմանափակում է կիրառում, ապա այն նաև որոշում է գնագցման առանձին չափ՝ յուրաքանչյուր այն օտարերկրյա արտահանողի կամ օտարերկրյա արտադրողի համար, որն ի սկզբանե չէր ընտրվել, սակայն ներկայացրել էր անհրաժեշտ այնպիսի տեղեկություններ, որոնց միջոցով հնարավոր էր որոշել առանձին գնագցման չափը դրանք քննության առնելու համար սահմանված ժամկետում` բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրյա արտահանողների և (կամ) օտարերկրյա արտադրողների թիվն այնքան մեծ է, որ դրանք առանձին քննության առնելը կարող է հանգեցնել համապատասխան ուսումնասիրություն իրականացնելու ժամկետի՝ ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից խախտման:

Այդ օտարերկրյա արտահանողների և (կամ) օտարերկրյա արտադրողների կողմից կամավոր ներկայացված պատասխանները չպետք է մերժվեն ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից:

50. Եթե ուսումնասիրություն իրականացնող մարմինը, սույն Արձանագրության 49-րդ կետին համապատասխան, գնագցման առանձին չափ որոշելու մասով սահմանափակում է կիրառում, ապա գնագցման չափը, որը հաշվարկվում է գնագցող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի այն օտարերկրյա արտահանողների կամ օտարերկրյա արտադրողների համար, որոնք չեն ընտրվել գնագցման առանձին չափ որոշելու համար, սակայն համաձայնվել են ընտրությանը մասնակցելուն և ուսումնասիրության ընթացքում նախատեսված ժամկետում դրա համար անհրաժեշտ տեղեկություններ են ներկայացրել, չպետք է գերազանցի գնագցման այն միջին կշռված չափը, որը որոշվել է գնագցման առանձին չափ որոշելու համար ընտրված` գնագցող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի օտարերկրյա արտահանողների կամ օտարերկրյա արտադրողների համար:

51. Եթե ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի արտահանողները կամ արտադրողները համապատասխան տեղեկատվությունը պահանջվող ձևով և սահմանված ժամկետում չեն ներկայացնում ուսումնասիրություն իրականացնող մարմին, կամ նրանց կողմից ներկայացված տեղեկատվությունը չի կարող ստուգվել կամ չի համապատասխանում իրականությանը, ապա ուսումնասիրություն իրականացնող մարմինը կարող է որոշել գնագցման չափը` հիմք ընդունելով իր տրամադրության տակ եղած այլ տեղեկատվություն:

52. Գնագցման առանձին չափ որոշելու համար անհրաժեշտ տեղեկություններ ներկայացրած՝ ապրանքի յուրաքանչյուր հայտնի արտահանողի և (կամ) արտադրողի համար գնագցման առանձին չափ որոշելուց բացի՝ ուսումնասիրություն իրականացնող մարմինը կարող է գնագցման չափ որոշել ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի մյուս բոլոր արտահանողների և (կամ) արտադրողների համար` ուսումնասիրության ընթացքում սահմանված գնագցման ամենաբարձր չափի հիման վրա:

 

3. Ապրանքի սովորական արժեքը որոշելը

 

53. Ապրանքի սովորական արժեքը որոշվում է ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից` հիմք ընդունելով նույնանման ապրանքի այն գները, որոնք գործում են ուսումնասիրությունն իրականացնելու ժամանակահատվածում արտահանող երրորդ երկրի ներքին շուկայում առևտրի բնականոն ընթացքի դեպքում այդ ապրանքն արտահանող երրորդ երկրի մաքսային տարածքում օգտագործելու նպատակով այն գնորդներին վաճառելիս, որոնք այդ երրորդ երկրի ռեզիդենտ հանդիսացող արտադրողների կամ արտահանողների հետ չփոխկապակցված անձինք են:

Սովորական արժեքը որոշելու նպատակով կարող են հաշվի առնվել նույնանման ապրանքի այն գները, որոնք գործում են այդ ապրանքն արտահանող երրորդ երկրի ներքին շուկայում այն գնորդներին վաճառելիս, որոնք այդ երրորդ երկրի ռեզիդենտ հանդիսացող արտադրողների և արտահանողների հետ փոխկապակցված անձինք են, այն դեպքում, երբ հաստատվում է, որ նշված փոխկապակցվածությունը չի ազդում օտարերկրյա արտադրողի և (կամ) արտահանողի գնային քաղաքականության վրա:

54. Արտահանող երրորդ երկրի ներքին շուկայում առևտրի բնականոն ընթացքի պայմաններում նույնանման ապրանքի վաճառքի ծավալը դիտարկվում է որպես բավարար՝ ապրանքի սովորական արժեքը որոշելու համար, եթե այդ ծավալը կազմում է ոչ պակաս, քան արտահանող երրորդ երկրից Միության մաքսային տարածք ապրանքի արտահանման ընդհանուր ծավալի 5 տոկոսը:

Առևտրի բնականոն ընթացքի պայմաններում նույնանման ապրանքի վաճառքի ավելի փոքր ծավալը համարվում է ընդունելի` ապրանքի սովորական արժեքը որոշելու համար, եթե առկա են ապացույցներ, որ այդպիսի ծավալը բավարար է` առևտրի բնականոն ընթացքի պայմաններում ապրանքի արտահանման գնի և նույնանման ապրանքի գնի պատշաճ համադրումն ապահովելու համար:

55. Սույն Արձանագրության 53-րդ կետին համապատասխան ապրանքի սովորական արժեքը որոշելիս` արտահանող երրորդ երկրի ներքին շուկայում ապրանքը գնորդներին վաճառելու ժամանակ ապրանքի գին է համարվում այն միջին կշռված գինը, որով նույնանման ապրանքը գնորդներին վաճառվել է ուսումնասիրության ժամանակահատվածում կամ ապրանքի այն գինը, որով այդ ժամանակահատվածում իրականացվել է դրա ցանկացած առանձին վաճառք գնորդներին:

56. Նույնանման ապրանքի վաճառքն արտահանող երրորդ երկրի շուկայում կամ արտահանող երրորդ երկրից մեկ այլ երրորդ երկիր՝ նույնանման ապրանքի մեկ միավորի արտադրության ինքնարժեքից ցածր գներով` հաշվի առնելով վարչական, առևտրային և ընդհանուր ծախքերը, կարող է հաշվի չառնվել ապրանքի սովորական արժեքը որոշելիս միայն այն դեպքում, եթե ուսումնասիրություն իրականացնող մարմինը հաստատի, որ այդպիսի վաճառքն իրականացվում է ուսումնասիրության ժամանակահատվածում զգալի ծավալով և այնպիսի գներով, որոնցով չի ապահովվում այդ ժամանակահատվածում առաջացած բոլոր ծախքերի փոխհատուցումը:

57. Եթե նույնանման ապրանքի գինը, որը վաճառքի պահին ցածր է նույնանման ապրանքի միավորի արտադրության ինքնարժեքից` հաշվի առնելով վարչական, առևտրային և ընդհանուր ծախքերը, գերազանցում է ապրանքի միավորի արտադրության միջին կշռված ինքնարժեքը` հաշվի առնելով վարչական, առևտրային և ընդհանուր ծախքերը ուսումնասիրության ժամանակահատվածում, ապա այդ գինը դիտարկվում է որպես ուսումնասիրության ժամանակահատվածում բոլոր ծախքերի փոխհատուցումն ապահովող գին:

58. Նույնանման ապրանքի վաճառքը նույնանման ապրանքի միավորի արտադրության ինքնարժեքից ցածր գներով` հաշվի առնելով վարչական, առևտրային և ընդհանուր ծախքերը, համարվում է զգալի ծավալով իրականացվող այն դեպքում, եթե ապրանքի սովորական արժեքը որոշելիս հաշվի առնվող գործարքներով նույնանման ապրանքի միջին կշռված գինը ցածր է նույնանման ապրանքի միավորի արտադրության միջին կշռված ինքնարժեքից` հաշվի առնելով վարչական, առևտրային և ընդհանուր ծախքերը, կամ այդ ինքնարժեքից ցածր գներով վաճառքի ծավալը կազմում է ոչ պակաս, քան ապրանքի սովորական արժեքը որոշելիս հաշվի առնվող գործարքներով վաճառքի ծավալի 20 տոկոսը:

59. Նույնանման ապրանքի միավորի արտադրության ինքնարժեքը, հաշվի առնելով վարչական, առևտրային և ընդհանուր ծախքերը, հաշվարկվում է ապրանքն արտահանողի կամ արտադրողի կողմից տրամադրված տվյալների հիման վրա` պայմանով, որ այդ տվյալները համապատասխանում են արտահանող երրորդ երկրի հաշվապահական հաշվառման և հաշվետվողականության համընդհանուր սկզբունքներին ու կանոններին և լիովին արտացոլում են ապրանքի արտադրության ու վաճառքի հետ կապված ծախքերը:

60. Ուսումնասիրություն իրականացնող մարմինը հաշվի է առնում իր տրամադրության տակ եղած՝ արտադրության, վարչական, առևտրային և ընդհանուր ծախքերը ճիշտ բաշխելու ապացույցները՝ ներառյալ ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքն արտահանողի կամ արտադրողի կողմից տրամադրված տվյալները` պայմանով, որ ծախքերի այդպիսի բաշխումը սովորաբար կիրառվում է ապրանքի այդ արտահանողի կամ արտադրողի կողմից` մասնավորապես մաշվածության համապատասխան ժամանակահատվածը սահմանելու, կապիտալի ներդրումների գծով մասնահանումների և արտադրության զարգացմանն ուղղված այլ ծախքեր ծածկելու մասով:

61. Արտադրության, վարչական, առևտրային և ընդհանուր ծախքերը ճշգրտվում են` հաշվի առնելով արտադրության զարգացման հետ կապված մեկանգամյա ծախսերը, կամ այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում ուսումնասիրությունն անցկացնելու ընթացքում ծախքերի վրա ազդեցություն են թողնում արտադրությունը կազմակերպելու ժամանակահատվածում իրականացվող գործողությունները: Այդպիսի ճշգրտումները պետք է արտացոլեն ծախքերը՝ արտադրությունը կազմակերպելու ժամանակահատվածի ավարտի դրությամբ, իսկ այն դեպքում, եթե արտադրությունը կազմակերպելու ժամանակահատվածը գերազանցում է ուսումնասիրության ժամանակահատվածը` արտադրությունը կազմակերպելու ամենավերջին փուլի դրությամբ, որի ընթացքում իրականացվել է ուսումնասիրությունը:

62. Վարչական, առևտրային և ընդհանուր ծախքերի ու շահույթի՝ տնտեսության տվյալ ճյուղի համար բնորոշ գումարային քանակական ցուցանիշները որոշվում են` հիմք ընդունելով առևտրի բնականոն ընթացքի պայմաններում նույնանման ապրանքի արտադրության և վաճառքի մասին փաստացի տվյալները, որոնք ներկայացվում են գնագցող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքն արտահանողի կամ արտադրողի կողմից: Եթե այդպիսի գումարային քանակական ցուցանիշները հնարավոր չէ որոշել նշված եղանակով, ապա դրանք կարող են որոշվել՝ հիմք ընդունելով`

1) ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքն արտահանողի կամ արտադրողի կողմից՝ միևնույն կատեգորիայի ապրանքի արտադրության և արտահանող երրորդ երկրի ներքին շուկայում դրա վաճառքի առնչությամբ ստացված և ծախսված փաստացի գումարները.

2) նույնանման ապրանքի արտադրության և արտահանող երրորդ երկրի ներքին շուկայում դրա վաճառքի առնչությամբ՝ նույնանման ապրանքի այլ արտահանողների կամ արտադրողների կողմից ստացված ու ծախսված փաստացի գումարների կշռված միջինը.

3) որևէ այլ մեթոդ՝ պայմանով, որ այդ կերպով սահմանված շահույթի գումարը չի գերազանցում միևնույն կատեգորիայի ապրանքի այլ արտահանողների կամ արտադրողների կողմից՝ արտահանող երրորդ երկրի ներքին շուկայում դրա վաճառքից սովորաբար ստացվող շահույթը:

63. Այն դեպքում, եթե գնագցող ներմուծումն իրականացվում է այն արտահանող երրորդ երկրից, որտեղ ներքին շուկայում գները կարգավորվում են անմիջապես պետության կողմից կամ առկա է արտաքին առևտրի պետական մենաշնորհ, ապա ապրանքի սովորական արժեքը կարող է որոշվել` հիմք ընդունելով համապատասխան երրորդ երկրում նույնանման ապրանքի գինը կամ հաշվարկված արժեքը (որն ուսումնասիրության նպատակով համեմատելի է նշված արտահանող երրորդ երկրի հետ) կամ նույնանման ապրանքի արտահանման գինը` այդ երրորդ երկրից դրա մատակարարման ժամանակ:

Այն դեպքում, եթե ապրանքի սովորական արժեքը հնարավոր չէ որոշել սույն կետին համապատասխան, ապա ապրանքի սովորական արժեքը կարող է որոշվել՝ հիմք ընդունելով Միության մաքսային տարածքում նույնանման ապրանքի համար վճարված կամ վճարման ենթակա և շահույթի հիման վրա ճշգրտված գինը։

 

4. Ապրանքի արտահանման գինը որոշելը

 

64. Ապրանքի արտահանման գինը որոշվում է դրա՝ ուսումնասիրության ընթացքում վաճառքի տվյալների հիման վրա։

65. Գնագցող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի արտահանման գնի մասին տվյալների բացակայության դեպքում, կամ եթե ուսումնասիրություն իրականացնող մարմինը հիմնավոր կասկածներ ունի այդ ապրանքի արտահանման գնի մասին տեղեկությունների արժանահավատության վերաբերյալ այն պատճառով, որ ապրանքն արտահանողը և ներմուծողը փոխկապակցված անձինք են (այդ թվում` երրորդ անձի հետ նրանցից յուրաքանչյուրի փոխկապակցվածության պատճառով) կամ եթե այդ ապրանքի արտահանման գնի մասով իրականացվում են սահմանափակող բնույթի գործողություններ՝ գաղտնի համաձայնության ձևով, ապա այդ ապրանքի արտահանման գինը կարող է հաշվարկվել՝ հիմք ընդունելով այն գինը, որով ներմուծված ապրանքն առաջին անգամ վերավաճառվում է անկախ գնորդի, կամ այլ եղանակով, որը կարող է որոշվել ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից, եթե ներմուծված ապրանքը չի վերավաճառվում անկախ գնորդի կամ չի վերավաճառվում այն տեսքով, որով ներմուծվել է Միության մաքսային տարածք։ Ընդ որում, ապրանքի արտահանման գինը դրա սովորական արժեքի հետ համադրելու նպատակով հաշվի են առնվում նաև ապրանքի ներմուծման և վերավաճառքի միջև ընկած ժամանակահատվածում կատարված ծախսերը (այդ թվում՝ վճարված մաքսատուրքերը և հարկերը), ինչպես նաև՝ շահույթը։

 

5. Գնագցող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասը որոշելը

 

66. Սույն բաժնի նպատակներով անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնաս ասելով՝ ենթադրվում է անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված նյութական վնասը, այդպիսի վնաս հասցնելու վտանգը կամ անդամ պետությունների տնտեսության ճյուղի ստեղծման էական կասեցումը։

67. Գնագցող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասը որոշվում է՝ հիմք ընդունելով գնագցող ներմուծման ծավալի վերլուծության արդյունքները և անդամ պետությունների շուկայում նույնանման ապրանքի գների և անդամ պետություններում նույնանման ապրանքն արտադրողների վրա այդ ներմուծման ազդեցությունը։

68. Ուսումնասիրության այն ժամանակահատվածը, որի ընթացքում վերլուծվում են տեղեկությունները՝ գնագցող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասի առկայությունը որոշելու նպատակով, սահմանվում է ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից։

69. Գնագցող ներմուծման ծավալը վերլուծելիս ուսումնասիրություն իրականացնող մարմինը որոշում է, թե արդյոք տեղի է ունեցել ուսումնասիրություն առարկա հանդիսացող ապրանքի գնագցող ներմուծման ծավալի զգալի աճ (բացարձակ ցուցանիշներով կամ անդամ պետություններում նույնանման ապրանքի արտադրության կամ սպառման ծավալի հետ համեմատած)։

70. Անդամ պետությունների շուկայում նույնանման ապրանքի գների վրա գնագցող ներմուծման ունեցած ազդեցությունը վերլուծելիս ուսումնասիրություն իրականացնող մարմինը որոշում է՝

1) արդյոք գնագցող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի գներն էականորեն ցածր են եղել անդամ պետությունների շուկայում նույնանման ապրանքի գներից.

2) արդյոք գնագցող ներմուծումը հանգեցրել է անդամ պետությունների շուկայում նույնանման ապրանքի գների էական նվազեցման.

3) արդյոք գնագցող ներմուծումն էականորեն խոչընդոտել է անդամ պետությունների շուկայում նույնանման ապրանքի գների աճը, որը տեղի կունենար այդպիսի ներմուծման բացակայության դեպքում։

71. Եթե միաժամանակ իրականացվող ուսումնասիրությունների առարկան Միության մաքսային տարածք ապրանքի ներմուծումն է մեկից ավելի արտահանող երրորդ երկրներից, ապա ուսումնասիրություն իրականացնող մարմինը կարող է գնահատել այդպիսի ներմուծման ընդհանուր ազդեցությունը միայն այն դեպքում, եթե որոշվում է, որ.

1) յուրաքանչյուր արտահանող երրորդ երկրից ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի ներմուծման համար սահմանված գնագցման չափը գերազանցում է նվազագույն թույլատրելի գնագցման չափը, իսկ այդ ապրանքի ներմուծման ծավալը յուրաքանչյուր արտահանող երրորդ երկրից աննշան չէ՝ հաշվի առնելով սույն Արձանագրության 223-րդ կետի դրույթները,

2) ապրանքի ներմուծման ընդհանուր ազդեցության գնահատումը հնարավոր է՝ ելնելով ներմուծվող ապրանքների միջև մրցակցության պայմաններից, ինչպես նաև ներմուծվող ապրանքի և անդամ պետություններում արտադրված նույնանման ապրանքի միջև մրցակցության պայմաններից։

72. Անդամ պետությունների տնտեսության ճյուղի վրա գնագցող ներմուծման ունեցած ազդեցության վերլուծությունը անդամ պետությունների տնտեսության ճյուղի վիճակի հետ կապված բոլոր տնտեսական գործոնների գնահատումն է՝ ներառյալ.

անդամ պետությունների տնտեսության ճյուղի տնտեսական դրությունը վերականգնելու մակարդակը՝ դրա վրա նախկինում իրականացված գնագցող կամ սուբսիդավորվող ներմուծման ունեցած ազդեցությունից հետո.

ապրանքի արտադրության, վաճառքի, անդամ պետությունների շուկայում դրա մասնաբաժնի, շահույթի, արտադրողականության, ներգրավված ներդրումներից կամ արտադրական հզորությունների օգտագործումից ստացված եկամտի՝ տեղի ունեցած կամ հետագայում հնարավոր կրճատումը.

անդամ պետությունների շուկայում ապրանքի գների վրա ազդող գործոնները.

գնագցման չափը.

ապրանքի արտադրության աճի տեմպերի, ապրանքի պաշարների, զբաղվածության մակարդակի, աշխատավարձի, ներդրումներ ներգրավելու հնարավորության և ֆինանսական դրության վրա տեղի ունեցած կամ հետագայում հնարավոր բացասական ազդեցությունը։

Ընդ որում, այս գործոններից ոչ մեկը, ոչ մի քանիսը չեն կարող վճռորոշ նշանակություն ունենալ գնագցող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասը որոշելու համար։

73. Անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասի և գնագցող ներմուծման միջև պատճառահետևանքային կապի առկայության մասին եզրակացությունը պետք է հիմնված լինի ուսումնասիրություն իրականացնող մարմնի տրամադրության տակ եղած՝ գործին վերաբերող բոլոր ապացույցների և տեղեկությունների վերլուծության վրա։

74. Ուսումնասիրություն իրականացնող մարմինը, գնագցող ներմուծումից բացի, վերլուծում է նաև հայտնի այլ գործոններ, որոնց հետևանքով միևնույն ժամանակահատվածում անդամ պետությունների տնտեսության ճյուղին վնաս է հասցվում։

Այն գործոնները, որոնք դիտարկվում են որպես գործին առնչվող գործոններ, ներառում են, մասնավորապես, գնագցման գներով չվաճառված ներմուծվող ապրանքի ծավալն ու գները, պահանջարկի կրճատումը կամ սպառման կառուցվածքի փոփոխությունը, առևտրի ոլորտում սահմանափակող գործողությունները, տեխնոլոգիական նվաճումները, ինչպես նաև անդամ պետությունների տնտեսության ճյուղի արտադրողականությունը և արտահանման ցուցանիշները։

Այս գործոնների հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասը չպետք է համարվի Միության մաքսային տարածք գնագցող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնաս։

75. Անդամ պետությունների տնտեսության ճյուղի վրա գնագցող ներմուծման ունեցած ազդեցությունը գնահատվում է անդամ պետություններում նույնանման ապրանքի արտադրության մասով, եթե առկա տվյալներով հնարավոր է առանձին հատկորոշել նույնանման ապրանքի արտադրությունն այնպիսի չափորոշիչների հիման վրա, ինչպիսիք են արտադրական գործընթացը, նույնանման ապրանքի վաճառքը` դրա արտադրողների կողմից և շահույթը։

Եթե առկա տվյալներով հնարավոր չէ առանձին հատկորոշել նույնանման ապրանքի արտադրությունը, ապա գնագցող ներմուծման ունեցած ազդեցությունը անդամ պետությունների տնտեսության ճյուղի վրա գնահատվում է ապրանքների հնարավոր այն ամենանեղ խմբի արտադրության կամ անվանացանկի մասով, որոնք ներառում են նույնանման ապրանքը և որոնց մասին առկա են անհրաժեշտ տվյալներ։

76. Գնագցող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգի առկայությունը որոշելու դեպքում ուսումնասիրություն իրականացնող մարմինը հաշվի է առնում բոլոր առկա գործոնները, այդ թվում`

1) գնագցող ներմուծման ծավալի աճի տեմպերը, որոնք վկայում են այդ ներմուծման ծավալի հետագա աճի իրական հնարավորության մասին.

2) գնագցող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի արտահանման համար արտահանողի ունեցած բավարար հնարավորությունները կամ դրանց ընդլայնման ակնհայտ անխուսափելիությունը, որոնք վկայում են տվյալ ապրանքի գնագցող ներմուծման ծավալի աճի իրական հնարավորության մասին՝ հաշվի առնելով այլ արտահանման շուկաների՝ տվյալ ապրանքի արտահանման ցանկացած հավելյալ ծավալ ընդունելու հնարավորությունը.

3) ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի գների մակարդակը, եթե գների այդ մակարդակը կարող է հանգեցնել անդամ պետությունների շուկայում նույնանման ապրանքի գների նվազմանը կամ զսպմանը և ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի պահանջարկի հետագա աճին.

4) արտահանողի մոտ ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի պաշարների առկայությունը:

77. Անդամ պետությունների տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգի առկայության մասին որոշումն ընդունվում է այն դեպքում, եթե սույն Արձանագրության 76-րդ կետում նշված գործոնների վերլուծության արդյունքներով իրականացված ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրություն իրականացնող մարմինը հանգել է այն եզրակացության, որ գնագցող ներմուծումն անխուսափելիորեն շարունակվելու է, և հակագնագցման միջոց չկիրառելու դեպքում այդ ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելն անխուսափելի կլինի։

 

6. Նախնական հակագնագցման տուրքի սահմանումը

 

78. Եթե ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից նախքան ուսումնասիրության ավարտն ստացված տեղեկությունները վկայում են գնագցող ներմուծման և դրանով պայմանավորված՝ անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասի առկայության մասին, ապա սույն Արձանագրության 7-րդ կետում նշված զեկույցի հիման վրա Հանձնաժողովն ընդունում է որոշում նախնական հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոցի կիրառման մասին` անդամ պետությունների տնտեսության ճյուղին` ուսումնասիրությունն անցկացնելու ընթացքում գնագցող ներմուծման հետևանքով հասցվող վնասը կանխելու նպատակով:

79. Նախնական հակագնագցման տուրքը չի կարող սահմանվել ուսումնասիրությունն սկսելու ամսաթվից հետո 60 օրացուցային օրվանից շուտ:

80. Նախնական հակագնագցման տուրքի դրույքաչափը պետք է բավարար լինի անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասը վերացնելու համար, սակայն չպետք է գերազանցի նախապես հաշվարկված գնագցման չափը:

81. Այն դեպքում, եթե նախնական հակագնագցման տուրքի դրույքաչափը հավասար է նախապես հաշվարկված գնագցման չափին, ապա նախնական հակագնագցման տուրքի գործողության ժամկետը չպետք է գերազանցի 4 ամիսը` բացառությամբ այն դեպքի, եթե այդ ժամկետը երկարաձգվում է մինչև 6 ամսով այն արտահանողների խնդրանքով, որոնց մասնաբաժինն ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի գնագցող ներմուծման ծավալի մեծ մասն է կազմում:

82. Այն դեպքում, եթե նախնական հակագնագցման տուրքի դրույքաչափը փոքր է նախապես հաշվարկված գնագցման չափից, ապա նախնական հակագնագցման տուրքի գործողության ժամկետը չպետք է գերազանցի 6 ամիսը` բացառությամբ այն դեպքի, եթե այդ ժամկետը երկարաձգվում է մինչև 9 ամսով այն արտահանողների խնդրանքով, որոնց մասնաբաժինն ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի գնագցող ներմուծման ծավալի մեծ մասն է կազմում:

83. Այն դեպքում, եթե ուսումնասիրություն իրականացնող մարմնի ուսումնասիրության արդյունքներով որոշվել է, որ հակագնագցման միջոց սահմանելու հիմքերը բացակայում են կամ սույն Արձանագրության 272-րդ կետին համապատասխան հակագնագցման միջոց չկիրառելու մասին որոշում է կայացվել, ապա նախնական հակագնագցման տուրքի գումարները ենթակա են վերադարձման վճարողին` սույն Արձանագրության հավելվածով նախատեսված կարգով:

Ուսումնասիրություն իրականացնող մարմինը ժամանակին տեղեկացնում է անդամ պետությունների մաքսային մարմիններին հակագնագցման միջոց սահմանելու հիմքերի բացակայության կամ հակագնագցման միջոց չկիրառելու մասին Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելու վերաբերյալ։

84. Այն դեպքում, եթե ուսումնասիրության արդյունքներով՝ անդամ պետությունների տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգի առկայության կամ անդամ պետությունների տնտեսության ճյուղի ստեղծման էական կասեցման հիման վրա ընդունված է հակագնագցման միջոցի կիրառման մասին որոշում, ապա նախնական հակագնագցման տուրքի գումարները ենթակա են վերադարձման վճարողին՝ սույն Արձանագրության հավելվածով նախատեսված կարգով:

85. Այն դեպքում, եթե ուսումնասիրության արդյունքներով անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված նյութական վնասի կամ այն հասցնելու վտանգի առկայության հիման վրա ընդունված է հակագնագցման միջոցի կիրառման մասին որոշում (պայմանով, որ նախնական հակագնագցման տուրք չսահմանելը կհանգեցներ անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված նյութական վնասի առկայությունը որոշելուն), ապա նախնական հակագնագցման տուրքի գումարները, սկսած հակագնագցման միջոցը կիրառելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից, ենթակա են հաշվեգրման և բաշխման՝ սույն Արձանագրության հավելվածով նախատեսված կարգով՝ հաշվի առնելով սույն Արձանագրության 86-րդ և 87-րդ կետերի դրույթները։

86. Այն դեպքում, եթե ուսումնասիրության արդյունքներով նպատակահարմար է համարվում սահմանել հակագնագցման տուրքի՝ նախնական հակագնագցման տուրքի դրույքաչափից ավելի ցածր դրույքաչափ, ապա նախնական գնագցման տուրքի գումարները, որոնք համապատասխանում են հակագնագցման տուրքի սահմանված դրույքաչափով հաշվարկված հակագնագցման տուրքի գումարին, ենթակա են հաշվեգրման և բաշխման` սույն Արձանագրության հավելվածով նախատեսված կարգով։

Նախնական հակագնագցման տուրքի գումարները, որոնք գերազանցում են հակագնագցման տուրքի սահմանված դրույքաչափով հաշվարկված հակագնագցման տուրքի գումարը, պետք է վերադարձվեն վճարողին` սույն Արձանագրության հավելվածով նախատեսված կարգով։

87. Այն դեպքում, եթե ուսումնասիրության արդյունքներով նպատակահարմար է համարվում սահմանել հակագնագցման տուրքի՝ նախնական հակագնագցման տուրքի դրույքաչափից ավելի բարձր դրույքաչափ, ապա հակագնագցման տուրքի և նախնական հակագնագցման տուրքի գումարների միջև տարբերությունը չի գանձվում։

88. Նախնական հակագնագցման տուրքը կիրառվում է՝ ուսումնասիրությունը միաժամանակ շարունակելու պայմանով։

89. Նախնական հակագնագցման տուրք սահմանելու մասին որոշումն ընդունվում է, որպես կանոն, ուսումնասիրությունն սկսելու ամսաթվից հետո 7 ամսից ոչ ուշ։

 

7. Ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքն արտահանողի կողմից գնային պարտավորությունների ստանձնումը

 

90. Ուսումնասիրությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից՝ առանց նախնական հակագնագցման տուրք կամ հակագնագցման տուրք սահմանելու, այն դեպքում, եթե նշված մարմինն ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքն արտահանողից ստանում է գնային պարտավորություններ ստանձնելու մասին գրավոր տեղեկություններ՝ այդ ապրանքի գները վերանայելու կամ Միության մաքսային տարածք այդ ապրանքի՝ դրա սովորական արժեքից ցածր գներով արտահանումը դադարեցնելու առումով (անդամ պետություններում արտահանողի հետ փոխկապակցված անձանց առկայության դեպքում անհրաժեշտ է նաև այդ անձանց՝ այդպիսի պարտավորություններին կողմ լինելու մասին հայտարարությունները), եթե ուսումնասիրություն իրականացնող մարմինը հանգի այն եզրակացության, որ նշված պարտավորություններն ստանձնելու արդյունքում կվերանա գնագցող ներմուծման հետևանքով հասցված վնասը, և Հանձնաժողովը դրանք հավանության արժանացնելու մասին որոշում ընդունի։

Այս պարտավորությունների համաձայն` ապրանքի գների մակարդակը պետք է չլինի ավելի բարձր, քան անհրաժեշտ է` գնագցման չափը վերացնելու համար։

Ապրանքի գնի բարձրացումը կարող է գնագցման չափից ավելի պակաս լինել, եթե այդ բարձրացումը բավարար է անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասը վերացնելու համար։

91. Գնային պարտավորությունները հավանության արժանացնելու մասին որոշումը Հանձնաժողովը չի ընդունում այնքան ժամանակ, քանի դեռ ուսումնասիրություն իրականացնող մարմինը չի հանգում գնագցող ներմուծման և դրանով պայմանավորված` անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասի առկայության մասին նախնական եզրակացությանը։

92. Գնային պարտավորությունները հավանության արժանացնելու մասին որոշումը Հանձնաժողովը չի ընդունում, եթե ուսումնասիրություն իրականացնող մարմինը հանգում է այն եզրակացության, որ դրանք հավանության արժանացնելն անընդունելի է՝ ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի մեծ թվով իրական կամ հավանական արտահանողների առկայության կամ այլ պատճառներով։

Ուսումնասիրություն իրականացնող մարմինը, հնարավորության դեպքում, արտահանողներին հայտնում է այն պատճառների մասին, որոնց հիման վրա նրանց գնային պարտավորությունները հավանության արժանացնելը համարվել է անընդունելի, և նրանց ընձեռում է դրա հետ կապված մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն։

93. Ուսումնասիրություն իրականացնող մարմինը դրանց ոչ գաղտնի տարբերակը տրամադրելու մասին հարցում է ուղարկում գնային պարտավորություններն ստանձնած յուրաքանչյուր արտահանողի, որպեսզի այն շահագրգիռ անձանց տրամադրելու հնարավորություն ունենա։

94. Ուսումնասիրություն իրականացնող մարմինը կարող է առաջարկել արտահանողներին ստանձնել գնային պարտավորություններ, սակայն չի կարող պահանջել դրանց ստանձնումը։

95. Գնային պարտավորությունները հավանության արժանացնելու մասին Հանձնաժողովի կողմից որոշում ընդունելու դեպքում հակագնագցման ուսումնասիրությունը կարող է շարունակվել ապրանքն արտահանողի խնդրանքով կամ ուսումնասիրություն իրականացնող մարմնի որոշմամբ։

Եթե ուսումնասիրության արդյունքներով ուսումնասիրություն իրականացնող մարմինը հանգում է գնագցող ներմուծման կամ դրանով պայմանավորված` անդամ պետությունների տնտեսության ճյուղին վնաս հասցնելու բացակայության մասին եզրակացությանը, ապա գնային պարտավորություններ ստանձնած արտահանողն ինքնաբերաբար ազատվում է այդպիսի պարտավորություններից՝ բացառությամբ այն դեպքի, երբ նշված եզրակացությունը գլխավորապես այդպիսի պարտավորությունների առկայության արդյունք է։ Այն դեպքում, եթե արված եզրակացությունը գլխավորապես գնային պարտավորությունների առկայության արդյունք է, ապա Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել այն մասին, որ այդպիսի պարտավորությունները պետք է ուժի մեջ մնան անհրաժեշտ ժամկետով։

96. Այն դեպքում, եթե ուսումնասիրության արդյունքներով ուսումնասիրություն իրականացնող մարմինը հանգում է գնագցող ներմուծման և դրանով պայմանավորված՝ անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասի առկայության մասին եզրակացությանը, ապա արտահանողի կողմից ստանձնած գնային պարտավորությունները շարունակում են գործել՝ դրանց պայմանների և սույն Արձանագրության դրույթներին համապատասխան։

97. Ուսումնասիրություն իրականացնող մարմինն իրավունք ունի այն արտահանողին, որի գնային պարտավորությունները հավանության են արժանացել Հանձնաժողովի կողմից, դիմելու դրանց կատարմանը վերաբերող տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այդ տեղեկություններն ստուգելու համար նրա համաձայնությունն ստանալու հարցմամբ։

Ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից սահմանված ժամկետում պահանջվող տեղեկությունները չներկայացնելը, ինչպես նաև այդ տեղեկություններն ստուգելու համար համաձայնություն չտալը համարվում են արտահանողի կողմից ստանձնած գնային պարտավորությունների խախտում։

98. Եթե արտահանողը խախտում կամ չեղարկում է գնային պարտավորությունները, ապա Հանձնաժողովը կարող է հակագնագցման միջոցի կիրառման մասին որոշում ընդունել՝ նախնական հակագնագցման տուրք սահմանելու միջոցով (եթե ուսումնասիրությունը դեռ չի ավարտվել) կամ հակագնագցման տուրք սահմանելու միջոցով (եթե ուսումնասիրության վերջնական արդյունքները վկայում են դա սահմանելու հիմքերի առկայության մասին):

Ստանձնած գնային պարտավորություններն արտահանողի կողմից խախտելու դեպքում վերջինիս տրվում է այդ խախտման հետ կապված մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն:

99. Գնային պարտավորությունները հավանության արժանացնելու մասին Հանձնաժողովի որոշման մեջ պետք է սահմանված լինի նախնական հակագնագցման տուրքի կամ հակագնագցման տուրքի դրույքաչափը, որը կարող է սահմանվել` սույն Արձանագրության 98-րդ կետին համապատասխան:

 

8. Հակագնագցման տուրքի սահմանումը և կիրառումը

 

100. Հակագնագցման տուրքը կիրառվում է բոլոր արտահանողների կողմից մատակարարվող և անդամ պետությունների տնտեսության ճյուղին վնաս հասցնող՝ գնագցող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի նկատմամբ (բացառությամբ ապրանքի, որը մատակարարվում է այն արտահանողների կողմից, որոնց գնային պարտավորությունները հավանության են արժանացել Հանձնաժողովի կողմից` սույն Արձանագրության 90-99-րդ կետերին համապատասխան):

101. Հակագնագցման տուրքի չափը պետք է բավարար լինի` անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասը վերացնելու համար, սակայն չպետք է գերազանցի հաշվարկված գնագցման չափը:

Հանձնաժողովը կարող է հաշվարկված գնագցման չափից ավելի փոքր չափով հակագնագցման տուրք սահմանելու մասին որոշում ընդունել այն դեպքում, եթե այդ չափը բավարար է անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասը վերացնելու համար:

102. Հանձնաժողովը սահմանում է հակագնագցման տուրքի առանձին դրույքաչափ այն ապրանքի համար, որը մատակարարվում է գնագցող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի յուրաքանչյուր այն արտահանողի կամ արտադրողի կողմից, որի համար հաշվարկվել է գնագցման առանձին չափ:

103. Բացի սույն Արձանագրության 102-րդ կետում նշված հակագնագցման տուրքի առանձին դրույքաչափից` Հանձնաժողովն ուսումնասիրության ընթացքում հաշվարկված ամենաբարձր գնագցման չափի հիման վրա սահմանում է հակագնագցման տուրքի միասնական դրույքաչափ այն ապրանքի համար, որը մատակարարվում է արտահանող երրորդ երկրից մյուս բոլոր այն արտահանողների կամ արտադրողների կողմից, որոնց համար գնագցման առանձին չափ չի հաշվարկվել։

104. Հակագնագցման տուրքը կարող է կիրառվել նախնական հակագնագցման տուրք սահմանելու ամսաթվից ոչ շուտ, քան 90 օր առաջ մաքսային այնպիսի ընթացակարգերով ձևակերպված ապրանքների նկատմամբ, որոնցով ձևակերպելու պայման է համարվում հակագնագցման տուրքերի վճարումը, եթե ուսումնասիրություն իրականացնող մարմնի ուսումնասիրության արդյունքներով այդ ապրանքի մասով միաժամանակ հաստատվել է, որ՝

1) նախկինում իրականացվել է գնագցող ներմուծում, որը վնաս է հասցրել, կամ ներմուծողը իմացել է կամ պետք է իմանար, որ արտահանողն ապրանքը մատակարարում է դրա սովորական գնից ավելի ցածր գնով, և որ ապրանքի այդպիսի ներմուծումը կարող է վնաս հասցնել անդամ պետությունների տնտեսության ճյուղին.

2) անդամ պետությունների տնտեսության ճյուղին վնասը հասցվել է գլխավորապես գնագցող ներմուծման ավելացած ծավալի հետևանքով համեմատաբար կարճ ժամանակահատվածի ընթացքում, որը, հաշվի առնելով տևողությունն ու ծավալները, ինչպես նաև այլ հանգամանքներ (այդ թվում՝ ներմուծվող ապրանքի պահուստային պաշարների արագ աճը), կարող է էապես նվազեցնել հակագնագցման տուրքի սահմանման վերականգնողական ազդեցությունը՝ պայմանով, որ տվյալ ապրանքի ներմուծողներին մինչև ուսումնասիրության ավարտն ընձեռվել է մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն։

105. Ուսումնասիրություն իրականացնող մարմինը ուսումնասիրությունն սկսելու ամսաթվից հետո Պայմանագրով նախատեսված պաշտոնական աղբյուրներում հրապարակում է ծանուցում, որը պարունակում է նախազգուշացում՝ ուսումնասիրության առարկան հանդիսացող ապրանքի նկատմամբ սույն Արձանագրության 104-րդ կետին համապատասխան հակագնագցման տուրքի հնարավոր կիրառման մասին։

Այդ ծանուցումը հրապարակելու մասին որոշումն ընդունվում է ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից անդամ պետությունների տնտեսության ճյուղի մասով՝ սույն Արձանագրության 104-րդ կետում նշված պայմանները կատարելու վերաբերյալ բավարար ապացույցներ պարունակող հարցման հիման վրա, կամ սեփական նախաձեռնությամբ՝ ուսումնասիրություն իրականացնող մարմնի տրամադրության տակ այդպիսի ապացույցների առկայության դեպքում։

Հակագնագցման տուրք չի կարող կիրառվել մինչև սույն կետում նշված ծանուցման պաշտոնական հրապարակման ամսաթիվը` մաքսային այնպիսի ընթացակարգերով ձևակերպված ապրանքների նկատմամբ, որոնցով ձևակերպելու պայման է համարվում հակագնագցման տուրքերի վճարումը։

106. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն Արձանագրության 104-րդ կետին համապատասխան հակագնագցման տուրքի հնարավոր կիրառման մասին շահագրգիռ անձանց ծանուցելու լրացուցիչ եղանակներ։

 

9. Հակագնագցման միջոցի գործողության ժամկետը և դրա վերանայումը

 

107. Հակագնագցման միջոցը կիրառվում է Հանձնաժողովի որոշմամբ այնպիսի չափով և ժամկետով, որոնք անհրաժեշտ են գնագցող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասը վերացնելու համար:

108. Հակագնագցման միջոցի գործողության ժամկետը չպետք է գերազանցի 5 տարին՝ այդ միջոցի կիրառումն սկսելու ամսաթվից կամ կրկնակի ուսումնասիրությունն ավարտելու ամսաթվից սկսած, որն անցկացվել է փոփոխված հանգամանքների պատճառով և, միաժամանակ, վերաբերել է գնագցող ներմուծման և դրա հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասի վերլուծությանը, կամ որն անցկացվել է հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու պատճառով:

109. Հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու առնչությամբ կրկնակի ուսումնասիրությունն անցկացվում է սույն Արձանագրության 186-198-րդ կետերին համապատասխան ներկայացված գրավոր դիմումի հիման վրա կամ ուսումնասիրություն իրականացնող մարմնի սեփական նախաձեռնությամբ:

Հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու առնչությամբ կրկնակի ուսումնասիրությունն անցկացվում է այն դեպքում, եթե դիմումի մեջ առկա են տեղեկություններ այն մասին, որ գնագցող ներմուծումը հնարավոր է՝ վերսկսվի կամ շարունակվի, և հակագնագցման միջոցի գործողությունը դադարեցնելու դեպքում հնարավոր է՝ վնաս հասցվի անդամ պետությունների տնտեսության ճյուղին:

Հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու առնչությամբ կրկնակի ուսումնասիրություն անցկացնելու մասին դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ:

Կրկնակի ուսումնասիրությունը պետք է սկսվի նախքան հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալը և ավարտվի դրա սկսելու ամսաթվից սկսած 12 ամսվա ընթացքում:

Նախքան սույն կետին համապատասխան անցկացվող կրկնակի ուսումնասիրության ավարտը` հակագնագցման միջոցի կիրառումը երկարաձգվում է Հանձնաժողովի որոշմամբ: Այն ժամկետի ընթացքում, որով երկարաձգվում է համապատասխան հակագնագցման միջոցի կիրառումը, նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով վճարվում են հակագնագցման տուրքեր` հակագնագցման տուրքերի այնպիսի դրույքաչափերով, որոնք սահմանվել են այն հակագնագցման միջոցը կիրառելու մասով, որի գործողության ժամկետը կրկնակի ուսումնասիրություն անցկացնելու հետ կապված երկարաձգվում է:

Այն դեպքում, եթե հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու առնչությամբ անցկացված կրկնակի ուսումնասիրության արդյունքներով ուսումնասիրություն իրականացնող մարմինը որոշում է, որ հակագնագցման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են, կամ սույն Արձանագրության 272-րդ կետին համապատասխան` կայացվել է հակագնագցման միջոցը չկիրառելու մասին որոշում, ապա նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով գանձվող հակագնագցման տուրքի գումարները հակագնագցման միջոցի կիրառումը երկարաձգելու ժամկետի ընթացքում ենթակա են վերադարձման վճարողին` սույն Արձանագրության հավելվածով նախատեսված կարգով։

Ուսումնասիրություն իրականացնող մարմինը ժամանակին տեղեկացնում է անդամ պետությունների մաքսային մարմիններին հակագնագցման միջոց կիրառելու հիմքերի բացակայության կամ հակագնագցման միջոց չկիրառելու մասին Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելու վերաբերյալ։

Հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգվում է Հանձնաժողովի կողմից այն դեպքում, եթե հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու հետ կապված անցկացված կրկնակի ուսումնասիրության արդյունքներով ուսումնասիրություն իրականացնող մարմինը որոշի, որ առկա է գնագցող ներմուծումը վերսկսելու կամ շարունակելու և անդամ պետությունների տնտեսության ճյուղին վնաս հասցնելու հավանականություն։ Հակագնագցման միջոցը երկարաձգելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով գանձվող հակագնագցման տուրքի գումարները հակագնագցման միջոցի կիրառումը երկարաձգելու ժամկետի ընթացքում ենթակա են հաշվեգրման և բաշխման՝ սույն Արձանագրության հավելվածով նախատեսված կարգով։

110. Շահագրգիռ անձի դիմումի հիման վրա այն դեպքում, եթե հակագնագցման միջոց սահմանելուց հետո անցել է առնվազն 1 տարի, կամ ուսումնասիրություն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ կարող է անցկացվել կրկնակի ուսումնասիրություն` փոփոխված հանգամանքների կապակցությամբ հակագնագցման միջոցի կիրառումը շարունակելու և (կամ) դա վերանայելու նպատակահարմարությունը որոշելու համար (այդ թվում՝ հակագնագցման տուրքի առանձին դրույքաչափը վերանայելը)։

Կախված կրկնակի ուսումնասիրություն անցկացնելու մասին դիմումը նե