Համարը 
N 931-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2015.10.15/25(537) Հոդ.294
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվը 
26.08.2015
Ստորագրող մարմինը 
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվը 
26.08.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 սեպտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

26 օգոստոսի 2015 թ.
ք. Երևան

N 931-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1731-Ն որոշման 1-ին կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել կենդանիների հելմինթոզների դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Հայրապետյան

 

 

Հավելված

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության

պետական ծառայության պետի

2015 թվականի օգոստոսի 26-ի

N 931-Ն հրամանի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կենդանիների հելմինթոզները՝ ախտածին որդերի կողմից կենդանիների, մարդկանց և բույսերի մոտ հարուցվող հիվանդություններն են:

2. Հելմինթոզների դեմ պայքարի և կանխարգելման նպատակով իրականացվում են ընդհանուր անասնաբուժասանիտարական և բուժկանխարգելիչ համալիր միջոցառումներ հաշվի առնելով կենդանու հասակը, հիվանդության սեզոնայնությունը, տեղական աշխարհակլիմայական պայմանները, կենդանիների կերակրման և խնամքի առանձնահատկությունները:

 

II. ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

3. Հելմինթոզների նկատմամբ անապահով կետերում և սպառնալիքի ենթակա տարածքներում կատարվում են կենդանիների իմունականխարգելում և անասնաբուժասանիտարական համալիր միջոցառումներ:

4. Հելմինթոզների կանխարգելման համար անցկացվում են հետևյալ միջոցառումները.

1) կենդանիները կերակրվում են լիարժեք կերերով՝ հաշվեկշռված սպիտակուցների, հանքային աղերի և վիտամինների նորմերով: Այն գոտիներում, որտեղ արոտային հատվածներում միկրոտարրերը սակավ են, կերաբաժնում ներառվում են համապատասխան լրացումներ (պղինձ, կոբալտ, յոդ, մոլիբդեն և աղեր).

2) ստեղծվում են կենդանիներին կերակրելու, ջրելու, խնամքի պայմաններ՝ զոոհիգիենայի պահանջներին համապատասխան: Մասնավորապես՝

ա. շենքերում կենդանիները կերակրվում են միայն կերամաններից,

բ. կենդանիները ջրվում են թարմ և մաքուր ջրով ջրմուղից, ջրհորներից, գետերից և արագ հոսող առվակներից: Արհեստական լճերից և այլ կանգնած ջրամբարներից ջրելն իրականացվում է ջրհոր-զտիչների միջոցով: Չի թույլատրվում ջրել ջրափոսերից, առուներից և ջրանցքներից: Ջրաղբյուրի մատույցները պետք է լինեն չոր, հատուկ հրապարակներով՝ կարծր հատակով կամ ծածկույթով,

գ. ապահովվում են անասնապահական շենքերի, կերամանների, ջրամանների, խնամքի առարկաների, գույքի, սարքավորումների, բակերի, արածեցման տարածքների, շրջակա տարածքների մաքրությունը: Շենքերը պետք է օդափոխվեն, լինեն չոր, լուսավոր: Կենդանիները շենքերում տեղավորվում են զոոհիգիենիկ նորմերի պահանջներին համապատասխան,

դ. շենքերից և արածեցման տարածքներից գոմաղբը և թռչնաղբը կանոնավոր կերպով հավաքվում է հատուկ գոմաղբահորերում վարակազերծման համար: Գոմաղբի հավաքման համար հատկացվում են հատուկ գործիքներ և տրանսպորտային միջոցներ, որոնք օգտագործվում են միայն այդ նպատակի համար: Շների կղանքը հավաքվում և ոչնչացվում է,

ե. իրականացվում է շենքերի, արածեցման տարածքների, սարքավորումների և գործիքների դեզինվազիա (մակաբուծազերծում),

զ. չի թույլատրվում շներին պահել անասնապահական շենքերում և կերերի պահման վայրերում,

է. կազմակերպվում է ճանճերի դեմ պայքար.

3) տնտեսություններում, որտեղ կիրառվում է կենդանիների արոտային կամ մսուրաարոտային պահվածք իրականացվում են հետևյալ միջոցառումները.

ա. բարելավվում են բնական մարգագետինները և արոտավայրերը (հողը չորացվում, մաքրվում է քարերից և թփերից, անտառային արոտավայրերը՝ գետին ընկած ծառերից և չորացած կոճղերից), ստեղծվում են մշակելի արոտավայրեր,

բ. կենդանիներն արածեցվում են չոր արոտավայրերում: Կենդանիների արածեցումը արոտավայրի ճահճակալած, ցածրադաշտ հատվածներում չի թույլատրվում,

գ. հիվանդության նկատմամբ առավել ընկալունակ կենդանիները և մատղաշը արածեցվում են բարձրադիր, բարելավված արոտավայրերում,

դ. հորթերի մսուրային, մսուրաարոտային պահվածքի և վաղ (ձմեռային) ծնի ապահովում, ինչպես նաև հելմինթոզներից հնարավորինս զերծ մատղաշի աճեցում և առողջ հոտերի ստացում:

5. Հիվանդության իրավիճակը որոշելու և առողջացման միջոցառումները ժամանակին կազմակերպելու նպատակով տարին ոչ պակաս 2 անգամ ընտրողաբար հետազոտվում է յուրաքանչյուր խմբից նույնանման խնամքի պայմաններում գտնվող առնվազն 30 կենդանի (փոքր անասնագլխաքանակի դեպքում հետազոտվում են բոլոր կենդանիները): Ախտորոշիչ հետազոտման ժամկետները սահմանվում են՝ հաշվի առնելով հարուցչի կենսաբանությունը, հիվանդության անասնահամաճարակային առանձնահատկությունները և տեղական պայմաններում կենդանիների խնամքի տեխնոլոգիաները:

6. Տնտեսություն մուտք գործող նոր ընտանի և վայրի կենդանիները 30 օրվա ընթացքում ենթարկվում են կանխարգելիչ կարանտինի և հելմինթոկոպրոլոգիական հետազոտման: Հելմինթներով վարակվածության հաստատման դեպքում անցկացվում է ամբողջ անասնագլխաքանակի ճիճվաթափում:

7. Հելմինթոզների նկատմամբ ախտորոշումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկական պատկերը, բնորոշ ախտաբանաանատոմիական փոփոխությունների առկայությունը, հյուսվածքներում և ներքին օրգաններում հելմինթների կամ նրանց թրթուրների հայտնաբերումը, հելմինթոկոպրոլոգիական հետազոտման արդյունքների (անասնաբուժությունում ընդունված լաբորատոր մեթոդներով), ինչպես նաև համաճարակաբանական տվյալները: Հելմինթոզների հայտնաբերման դեպքում բոլոր կենդանիները ճիճվաթափվում են: Ճիճվաթափության անցկացման մասին համապատասխան նշում է կատարվում անասնաբուժական վկայականում:

8. Կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդությունների (էխինոկոկոզ, տրիխինելյոզ, ցիստիցերկոզներ և այլն) հայտնաբերման դեպքում անասնաբուժության բնագավառի լիազոր մարմինը այդ մասին հայտնում է առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնին՝ մարդկանց և կենդանիներին վարակումից զերծ պահելու համալիր միջոցառումներ անցկացնելու համար:

 

III. ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ԲՈՒԺՈՒՄԸ

 

9. Հելմինթոզները բուժելիս նախ կենդանիների օրգանիզմը անհրաժեշտ է ազատել հելմինթներից, այնուհետև վերականգնել նրանց գործունեության հետևանքով առաջացած խախտված ֆունկցիաները:

10. Ճիճվաթափության արդյունավետությունը կախված է ընտրված դեղամիջոցների տեսակից, ճիճվաթափության պարբերականությունից, տարածվածությունից և պլանավորումից:

11. Կենդանիների մոտ հիվանդության կլինիկական նշանների հայտնաբերման դեպքում անկախ տարվա եղանակից իրականացվում է հարկադիր ճիճվաթափություն: Երկրորդային ինֆեկցիայով կամ ոչ վարակիչ հիվանդություններով առաջացած բարդությունների դեպքում նշանակվում է նշանային բուժում երկրորդային հիվանդության դեմ և միայն դրանից հետո կենդանիներին ճիճվաթափում են: Զանգվածային բուժիչ կամ կանխարգելիչ ճիճվաթափությունից առաջ դեղամիջոցը նախապես փորձարկվում է ոչ մեծ խմբի կենդանիների վրա (15-20 գլուխ): Երկու-երեք օրվա ընթացքում բարդությունների բացակայության դեպքում ճիճվաթափության է ենթարկվում ամբողջ գլխաքանակը:

12. Ճիճվաթափության անցկացումից առաջ կենդանիները մինչև մեկ օր պահվում են սոված՝ կախված հարուցչից և օգտագործվող դեղամիջոցից:

13. Հիվանդության քիմիոկանխարգելումը արոտային պահվածքի ընթացքում իրականացվում է կենդանիներին ամեն օր փոքր քանակությամբ երկարատև ազդեցության հակաճիճվային դեղամիջոցներով խառնուրդներ կերակրելով:

14. Կենդանիների ճիճվաթափության համար օգտագործվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված անասնաբուժական դեղամիջոցները:

15. Անասնաբուժական դեղամիջոցների ներմաշկային, ենթամաշկային, ներմկանային, ներերակային, ներշնչափողային և ներկտրիչային ներարկման ժամանակ խստորեն պահպանվում են ապանեխության և հականեխության կանոնները: Հզորազդու անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման դեպքում պահպանվում են անձնական անվտանգության կանոնները:

16. Ճիճվաթափության չեն ենթարկվում էգ կենդանիները՝ ծնից առաջ և հետո երկու շաբաթվա ընթացքում, ինչպես նաև հյուծված, փքանքով, արտահայտված օստեոմալացիայով և այլ սուր ու ծանր ընթացող հիվանդություններով հիվանդ կենդանիները: Այդպիսի կենդանիները ճիճվաթափվում են առողջական վիճակի լավանալուց հետո անհատական կարգով: Ծանր հիվանդ կենդանիներն առանձնացվում են, բարելավվում կերակրման, պահվածքի պայմանները, այնուհետև բուժում անհատական կարգով:

17. Հակաճիճվային դեղամիջոցները նշանակվում են հաշվի առնելով կենդանիների մարմնի զանգվածը՝ (մգ) դոզայով, կենդանու մարմնի զանգվածի 1 կգ-ին (մգ/կգ) ազդող նյութի հաշվարկով:

 

IV. ԴԵԶԻՆՎԱԶԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

18. Շրջակա միջավայրում հելմինթների ձվերի և թրթուռների ոչնչացման նպատակով անցկացվում է շինությունների և զբոսաբակերի կանխարգելիչ դեզինվազիա:

19. Կանխարգելիչ դեզինվազիան զուգակցում են կանխարգելիչ ախտահանության հետ, որն իրականացվում է պլանային կարգով:

20. Տնտեսության զբոսաբակերի դեզինվազիան անցկացվում է կենդանիների ճիճվաթափությունից 3-5 օր անց:

21. Շինությունների և զբոսաբակերի եզրափակիչ դեզինվազիան իրականացվում է կենդանիներին հելմինթներից ազատելուց հետո՝ բոլոր կենդանիներին շինություններից դուրս հանելով:

22. Դեզինվազիային և ախտահանությանը նախորդում է շինությունների մեխանիկական մաքրումը, գոմաղբի և կերային մնացորդների հեռացումը և այլն: Դեզինվազիայից հետո շինություններն օդափոխվում են, կերամանները, ջրամանները, գույքը և կենդանիների խնամքի պարագաները լվացվում են:

23. Հաշվի առնելով կենդանատեսակը և առկա հիվանդությունը շինությունների, զբոսաբակերի և ամուր մակերեսով հարթակների դեզինվազիան իրականացվում է հետևյալ կերպ.

1) Խոզերի ասկարիդոզի և ձիերի պարասկարիդոզի դեպքում օգտագործվում է 10 %-ոց տաք (70-800) քսիլոնաֆտի ջրային էմուլսիա՝ 3 ժամ տևողությամբ, իսկ նատրիումի կամ կալիումի հիդրօքսիդի 5 %-ոց տաք (70-800) լուծույթը՝ 6 ժամ տևողությամբ: Յուրաքանչյուր ախտահանման ժամանակ նշված լուծույթները կիրառվում են երկնվագ 1 ժամ ընդմիջումով՝ 0,5 լ լուծույթը ախտահանվող տարածքի 1 մ2 հաշվարկով:

2) Թռչունների ասկարիդիոզի և հետերակիդոզի դեպքում օգտագործվում են նատրիումի հիդրօքսիդի և կարբոլաթթվի 5 %-ոց տաք լուծույթները:

3) Շների, աղվեսների և կզաքիսների տոքսոկարոզի և տոքսասկարիդոզի դեպքում 1 մ2 ախտահանվող տարածքի հաշվարկով օգտագործվում է 1 լ նատրիումի հիդրօքսիդի, կալիումի հիդրօսիդի կամ կարբոլաթթվի 5 %-ոց տաք (700C-800C) լուծույթները՝ 3 ժամ տևողությամբ: Երկաթյա իրերը, ցեմենտե հատակները, վանդակների և տնակների պատերը վարակազերծվում են այրման եղանակով (զոդման լամպի միջոցով):

4) Տրիխոցեֆալյոզների դեպքում 1 մ2 ախտահանվող տարածքի հաշվարկով օգտագործվում է 1 լ նատրիումի հիդրօքսիդի 4 %-ոց տաք և կարբոլաթթվի 5 %-ոց լուծույթները՝ 3 ժամ տևողությամբ:

5) Ստրոնգիլյատոզների դեպքում օգտագործվում է 1 մ2 ախտահանվող տարածքի հաշվարկով 1 լ կրեոլինի 5 %-ոց էմուլսիա, ծծմբակարբոլային 5 %-ոց խառնուրդ, միաքլոր յոդի 3 %-ոց լուծույթ՝ 1 ժամ տևողությամբ:

6) Ստրոնգիլոիդոզների դեպքում 1 մ2 ախտահանվող տարածքի հաշվարկով օգտագործվում է 1 լ միաքլոր յոդի և կարբոլաթթվի 3 %-ոց լուծույթները՝ 1 ժամ տևողությամբ:

7) Շների տենիիդոզների դեպքում (էխինոկոկոզ, մուլտիցեպտոզ և այլն) օգտագործվում է քլորակրի լուծույթ, 2,7 % ակտիվ քլորի պարունակությամբ՝ 1 մ2 ախտահանվող տարածքի հաշվարկով 1 լ՝ 3 ժամ տևողությամբ: Ոչ մեծ ցեմենտե հարթակները, մետաղական վանդակները, կերամանները, ջրամանները, մետաղական գույքը և խնամքի պարագաները վարակազերծվում են այրման եղանակով (զոդման լամպի միջոցով): Զոդման լամպով փայտյա մակերեսների դեզինվազիայի ժամանակ անհրաժեշտ է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: Գույքը և մյուս ոչ մետաղական խնամքի պարագաները պահվում են 3 ժամ 2,7 % ակտիվ քլոր պարունակող քլորակրի լուծույթում:

24. Զբոսահարթակների հողատարածքների, շինությունների հողային հատակի, ամառային ճամբարների և կենդանիների ժամանակավոր հարթակների և այլ ախտահարված տարածքների դեզինվազիայի համար օգտագործվում է կարբաթիոն կամ քլորակիր:

25. Կարբաթիոնը օգտագործվում է թռչնանոցներում և խոզաբուծական ֆերմաներում ասկարիդիաների և հետերակիսների, տրիխոցեֆալների ձվերի, էզոֆագոստոմների և ստրոնգիլոիդների ձվերի և թրթուռների, տենիիդների ձվերի (էխինակոկ մուլտիցեպսների և այլն), ինչպես նաև անձրևաորդերի, մետաստրոնգիլիդների միջանկյալ տերերի և ասկարիդների և հետերակիսների տերերին հողում ոչնչացնելու համար:

26. Թռչնանոցների և խոզանոցների հողի դեզինվազիան անցկացվում է ճիճվաթափությունից 5-6 օր հետո կամ շինությունների եզրափակիչ դեզինվազիայից հետո՝ սանիտարական ընդմիջման ընթացում թռչունների և խոզերի խմբաքանակների փոփոխման ժամանակ: Բացի այդ, հողի վարակազերծումը իրականացվում է նաև գարնանը թռչուններին զբոսանքի հանելուց 5 օր առաջ և խոզերին դուրս հանելուց 10 օր առաջ կամ աշնանը զբոսահարթակների օգտագործման դադարից հետո:

27. Դեզինվազիոն լուծույթները պատրաստվում են սովորական ծորակային կամ գետի ջրով 3 % խտությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումից անմիջապես առաջ: Օգտագործելուց առաջ լուծույթը խառնվում է 3 րոպե: Լուծույթը լցվում է մշակվող մակերեսին ախտահանիչ սարքի ցողարկման ապարատի օգնությամբ 40 սմ-ից ոչ ավելի բարձրությունից, 100C-200C հողի ջերմաստիճանի դեպքում:

28. Թռչնանոցների չհերկված զբոսաբակերի և հողային հատակների դեզինվազիայի համար կարբաթիոնի լուծույթը լցվում է 1 մ2 ախտահանվող տարածքի հաշվարկով 2 լիտր, հերկվող զբոսաբակերի գոմաղբով և թռչնաղբով ախտոտված, խոզաբուծական զբոսահրապարակների, թռչնանոցների, շների խնամքի և ճիճվաթափման վայրերի հողերի դեզինվազիայի համար՝ 1 մ2 ախտահանվող տարածքի հաշվարկով 4 լիտր:

29. Դեզինվազիա չի անցկացվում՝

1) անձրևից հետո՝ հողի 40 %-ից ավելի խոնավության պայմաններում,

2) տարվա տաք եղանակներին՝ 250-ից ավելի խոնավության պայմաններում: Այս դեպքում հողը մշակում են երեկոյան ժամը 1700-ից հետո կամ առավոտյան մինչև ժամը 1000:

30. Դեզիանվազիոն լուծույթի հետ աշխատելիս պահպանվում են անվտանգության կանոնները, օգտագործվում են անջրաթափանց գոգնոցներ, ռետինե երկարաճիտ կոշիկներ, ձեռնոցներ, պաշտպանիչ ակնոցներ և շնչադիմակներ: Լուծույթը մաշկին ընկնելու դեպքում այն մաքրվում է բամբակով կամ թանզիֆով և մարմնի այդ մասը մանրակրկիտ լվացվում ջրով: Աչքի մեջ ընկնելու դեպքում լվացվում է մեծ քանակությամբ ջրով: Կարբաթիոնով աշխատելու ընթացքում աշխատողների և ախտահանող սարքավորումների վրա լուծույթի թափվելը բացառելու նպատակով հաշվի է առնվում քամու ուղղությունը: Աշխատանքի ընթացքում ուտելն ու ծխելն արգելվում է:

31. Կարբաթիոնով մշակված տարածքներում թռչունների և շների մուտքը թույլատրվում է մշակումից 5 օր հետո, իսկ խոզերի մուտքը՝ 10 օր հետո:

32. Կարբաթիոնը պահվում է հերմետիկ փակ տարաներում, շինություններում, ծածկի տակ կամ բացօթյա՝ բացառելով արևի ուղիղ ճառագայթների թափանցումը 50C-ից ցածր և 250C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում: Ձմռանը 50C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում կարբաթիոնը պահվում է ջեռուցվող շենքերում, -200C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում հնարավոր է լուծույթի բյուրեղացում, որը հետագայում ջերմաստիճանի բարձրացման և խառնելու դեպքում լուծվում է: Լուծույթը կարելի է տեղափոխել ցանկացած տրանսպորտային միջոցով: Կարբաթիոնի պահպանման ժամկետը արտադրման օրվանից 2 տարի է:

33. Քլորակիրը օգտագործվում է շների պահման և ճիճվաթափության հողատարածքների (տնակների և վանդակների շուրջ) դեզինվազիայի համար, 2,7 % ակտիվ քլոր պարունակող լուծույթի տեսքով, 1 մ2 ախտահանվող տարածքի հաշվարկով 10 լ՝ 24 ժամ տևողությամբ:

34. Գոմաղբի, թռչնաղբի և շների կղանքի դեզինվազիան իրականացվում է կենսաբանական, քիմիական և ֆիզիկական եղանակներով:

35. Ցամքարային գոմաղբը և թռչնաղբը կենսաջերմային դեզինվազիայի է ենթարկվում հարթ ծածկով դարսման եղանակով: Դեզինվազիայի սկիզբ են համարում հարթածածկում 37-400C-ից մինչև 50-600C ջերմաստիճանի բարձրացումը:

36. Դեզինվազիայի նպատակով խոշոր եղջերավոր կենդանիների կիսահեղուկ և հեղուկ գոմաղբը պահվում է պահեստներում 6 ամսից, իսկ խոզի գոմաղբը՝ 12 ամսից ոչ պակաս: Կենսաջերմային վարակազերծման համար գոմաղբաջրերի ամուր ֆրակցիան դնում են ամուր ծածկով հարթակների վրա (հիմքի հատվածում՝ 2 - 2.5 մ բարձրությամբ և 3.5 - 4 մ լայնությամբ): 65 - 75 % խոնավությամբ խոզերի գոմաղբի լայնակույտը պահվում է 1 ամսից ոչ պակաս գարուն-ամառ և 2 ամիս աշուն-ձմեռ ժամանակահատվածում, 75 - 78 % խոնավության ժամանակ՝ 3 ամսից ոչ պակաս գարուն-ամառ և 6 ամիս աշուն-ձմեռ ժամանակահատվածում: Գոմաղբաջրերի հեղուկ ֆրակցիան պահվում է նստվածքակրիչներում 2 օրից ոչ պակաս, թեքվում է դեպի արհեստական լճակներ-կուտակարաններ, որից հետո ջուրը օգտագործում են ոռոգման համար:

37. Մեզոֆիլային խմորման ժամանակ (ջերմաստիճանը՝ 30 - 400C) գոմաղբը, որը պարունակում է ասկարիդների և պարասկարիդների ձվեր, պահում են մոտ 40 օր, իսկ գոմաղբն ու թռչնաղբը, որոնք պարունակում են տրիխոցեֆալների, ստրոնգիլյատների, ստրոնգիլոիդների, ասկարիդիաների, հետերաքիսների ձվեր և թրթուրներ և կոկցիդիաների օոցիստներ՝ 20 օրից ոչ պակաս:

38. Ջերմային խմորման ժամանակ (ջերմաստիճանը՝ 50-550C) գոմաղբը դեզինվազիայի է ենթարկվում մեկ օրվա ընթացքում:

39. Թռչնաֆաբրիկաներում թռչնաղբը հելմինթների ձվերից և կոկցիդիաների օոցիստներից վարակազերծվում է կենսաջերմային եղանակով սույն հրահանգի 35-րդ կետի համաձայն, կամ ջերմային եղանակով հակահոսքային և հոսքային չորացնող սարքերով (ագրեգատներով):

40. Թռչնաղբի դեզինվազիայի ժամանակ հակահոսքային չորացնող սարքերում պահպանվում է հաստատված ջերմաստիճանային ռեժիմ (540 - 7200C՝ կրակարանում, 120 - 1300C՝ թմբուկի սկզբնական մասում, ջերմաստիճանի հետագա բարձրացմամբ մինչև 550 - 6000C մինչ դրանից դուրս գալը) 60 րոպե տևողությամբ խոնավությունը հասցնելով մինչև 16 %:

41. Թռչնաղբի դեզինվազիայի ժամանակ հոսքագծերում ապահովվում է հաստատված ջերմային ռեժիմ (500 - 6000C՝ կրակարանում և թմբուկի սկզբնական մասում, 110 - 1200C՝ վերջնամասում) մինչև 60 րոպե տևողությամբ: Վերջնական արդյունքում թռչնաղբի խոնավությունը պետք է լինի 15 % մանր հատիկների և 25 % խոշոր հատիկների (14x15 մմ, 15x20 մմ, 19x25 մմ) համար:

42. Շների կղանքը տենիիդոզների (էխինոկոկոզ, մուլտիցեպտոզ) դեպքում ճիճվաթափությունից հետո հավաքվում է մետաղական տարաներում և վարակազերծվում է այրմամբ, կամ ջրում 20 րոպե եռացմամբ, կամ վրան լցվում է 2.7 % ակտիվ քլոր պարունակող քլորակրի լուծույթ՝ 100գ կղանքին 1 լ լուծույթի հաշվարկով և պահվում 3 ժամ: Տեղանքը, որտեղից հավաքվել է կղանքը, սույն հրահանգի 27-րդ և 33-րդ կետերի համաձայն ենթակա է դեզինվազիայի:

43. Արտահագուստը, գործիքները և մանր առարկաները, որոնք օգտագործվել են տենիիդներով և ասկարիդներով վարակված կենդանիների հետ աշխատելիս, եռացվում է 20 րոպե կամ ախտահանվում ավտոկլավում՝ 30 րոպե տևողությամբ:

44. Խոզանոցների, թռչնանոցների, զբոսաբակերի, արածեցման տարածքների դեզինվազիայի որակի վերահսկողության համար ընտրվում է գոմաղբի և նրա հեղուկ ֆրակցիայի նմուշներ և հետազոտվում է հելմինթների, թրթուռների և ձվերի առկայության և կենսունակության նկատմամբ: Քերված նմուշները (10 - 15 նմուշ յուրաքանչյուրը 25 - 50 գր զանգվածով) վերցվում է դեզինվազիայից 3 ժամ հետո հատակի տարբեր հատվածներից, իսկ հողի նմուշները՝ (10 - 15 նմուշ, յուրաքանչյուրը 50 - 100 գր) կենդանիների կերակրման և պահման տեղանքից: Տարածքների և զբոսաբակերի դեզինվազիայի արդյունավետությունը համարվում է բավարար, եթե նմուշներում չեն հայտնաբերվում հելմինթների կենսունակ ձվեր կամ թրթուրներ:

45. Ճիճվաբանական հետազոտությունների համար գոմաղբի նմուշները ընտրվում են հարթածածկի վերին, միջին և ներքին շերտերից, ինչպես նաև համալիրների մաքրման կառույցների գոմաղբի մշակման հոսքագծերի հիմնական կետերից և կառույցներից դուրս եկող կեղտաջրերից:

 

V. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

I. ՖԱՍՑԵԼՅՈԶՆԵՐ

 

46. Ֆասցելյոզները ոչխարների, խոշոր եղջերավոր կենդանիների, գոմեշների, զեբուների, այծերի հիվանդություններ են: Ձիերի, խոզերի, ուղտերի և մարդկանց մոտ հիվանդությունը հազվադեպ է հանդիպում: Հիվանդությունը հարուցվում է Fasciola hepatica և Fasciola gigantica տրեմատոդների կողմից, որոնք մակաբուծում են լեղուղիներում:

47. Ֆասցելյոզի նկատմամբ անապահով տնտեսություններում իրականացվում են համալիր միջոցառումներ՝ շրջակա միջավայրի պաշտպանություն հարուցչի ինվազիոն տարրերից, ճիճվաբանական գնահատում և արոտավայրերի փոփոխություն, ֆասցելյաների միջանկյալ տերերի՝ խխունջների թվաքանակի սահմանափակում, կենդանիների կանխարգելիչ ճիճվաթափություն:

48. Հարուցչից շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով կիրառվում են գոմաղբի վնասազերծման կենսաջերմային մեթոդներ, կանխվում է ֆասցելյոզով անապահով տնտեսությունների կեղտաջրերի թափվելը ջրամբարներ:

49. Ճիճվաբանական գնահատումը իրականացվում է արոտավայրերում, ինչպես նաև կենդանու տեղափոխման ուղիներում, դրենաժային ջրանցքներում, ջուր խմելու վայրերում, ձկնաբուծական լճերում և արոտային հանդամասերին հարակից այլ ջրամբարներում, քաղցրահամ ջրերում խխունջների (ֆասցելյաների միջանկյալ տերերի) առկայության հետազոտման, ինչպես նաև խխունջների թվաքանակի սահմանափակման միջոցառումների միջոցով:

50. Կենդանիները յուրաքանչյուր 2 ամիսը մեկ տեղափոխվում են նոր արոտավայրեր: Եթե դա հնարավոր չէ ապահովել, ապա տեղափոխությունը իրականացվում է մեկ անգամ, արոտավայրային սեզոնի միջնամասում (հուլիսի վերջ - օգոստոսի սկիզբ):

51. Միամյա մշակովի արոտավայրերի (այսուհետ՝ ՄՄԱ) ստեղծման համար ընտրվում են առավելապես անջրդի հովիտների վերին հողակտորները: ՄՄԱ կառուցումը սկսվում է արոտավայրային հանդավայրների ճիճվաբանական գնահատումից: Մոլյուսկոցիդներով ոչ մեծ ջրամբարները ծածկվում են հողով՝ իրականացնելով մշակման հետագա տեխնիկական աշխատանքներ: Արոտավայրերը ցանկապատվում են:

52. Չորացած հողերի օգտագործման ժամանակ մելիորատիվ (հողաբարելավման) ջրանցքները երկարատև մշակովի արոտավայրերից (այսուհետ՝ ԵՄԱ) առանձնացվում են ցանկապատներով: Ջրանցքներից կենդանիների ջուր խմեցնելն արգելվում է: Ջրելատեղը կահավորվում է ամուր ծածկույթ ունեցող հրապարակներով:

53. Խխունջների քանակի սահմանափակման համար իրականացվում են հետևյալ միջոցառումները.

1) ցածրադիր արոտներում մելիորացիայի մեթոդով իրականացվում է մշակաբույսերի տեխնիկական մակերեսային բարելավում՝ ծածկելով ջրափոսերը, ոչ մեծ ջրամբարները և հարթեցնելով հողը,

2) վերացվում են տնտեսական նշանակություն չունեցող ջրամբարները, մանր ոռոգիչ ջրանցքները և լքյալ արտեզյան հորանցերը, խորացվում են ծանծաղահուն արհեստական լճակները, ապահովելով դրանց վրա բադերի տեղակայումը: Չորացվում են արոտավայրերի ճահճացած տարածքները,

3) արոտավայրերը, մելիորատիվ ջրանցքները և այլ ջրամբարները, որոնք բնակեցված են խխունջներով, մշակվում են պղնձարջասպի կամ 5,4՛ - դիքլորսալիցիլանիլիդի լուծույթով: Մինչև խխունջներով բնակեցված վայրերի մշակումը, դրանց հարակից տեղամասի մոտ գտնվող խոտը հնարավորինս հնձվում է, օգտահանվում կամ վերամշակվում է խոտային հատիկների,

4) արոտավայրերում պղնձարջասպն օգտագործվում է խխունջի բիոտոպի 1 մ2 համար 2 գ հաշվարկով: Փոքր ջրամբարների մեջ (արհեստական լճեր, առուներ) լուծույթն ավելացվում է ստեղծելով 0,2 գ/լ խտություն, իսկ առուների և ոռոգող ջրանցքների հոսող ջրում՝ ժամում 0,2 - 0,3 գ/լ հաշվարկով,

5) 5,4՛ - դիքլորսալիցիլանիլիդն ավելացվում է արհեստական լճերի, առուների և ճահճուտների մեջ 1 մ3 ջրին 1 գ մաքուր նյութի հաշվարկով: Արոտավայրերը, որոնք օգտագործվում են որպես կենդանիների համար արոտատեղ ցողարկվում են մոլյուսկոցիդի 0,01 %-անոց լուծույթով՝ 1 մ2 բիոտոպի հաշվարկով 0,2 գ: Փոքր լճախխունջների բիոտոպերի մշակումն իրականացվում է խոնավ եղանակի ժամանակ, առավոտյան ժամերին կամ ուժեղ ցողի շրջանում, +140 ոչ ցածր ջերմաստիճանին, երբ խխունջները առավել շարժուն են: Մոլյուսկոցիդները ներարկվում են բիոտոպերի մեջ տարեկան երկու անգամ՝ մայիսին և հուլիս-օգոստոսի սկզբին: Մշակման օրն արգելվում է կենդանիների արածեցումը:

54. Արածեցվող կենդանիների հելմինթոկոպրոսկոպիկ հետազոտությունը (հասակավոր տավարի, երինջների, մատղաշի և մեկ տարեկանից բարձր ոչխարների) իրականացվում է միանվագ, մսուրային շրջանում, հունվար ամսից ոչ շուտ:

55. Կենդանիների կանխարգելիչ ճիճվաթափությունն իրականացվում է առաջին անգամ (պրեիմագինալ և իմագինալ) մսուրային պահվածքին անցնելուց 30 օր հետո հակաճիճվային դեղամիջոցներով, որոնք ազդում են ինչպես ոչ սեռահասուն, այնպես էլ սեռահասուն ֆասցելյաների վրա, երկրորդ անգամ՝ (իմագինալ)՝ ոչ ուշ, քան արոտի հանելուց 2-2,5 ամիս առաջ, հաշվի առնելով կովերի և ոչխարների ծինը, հակաճիճվային դեղամիջոցներով, որոնք ազդում են սեռահասուն ֆասցելյաների վրա: Կենդանիների ուժեղ վարակվածությամբ տնտեսություններում, որոնցում նախորդ տարվա ընթացքում նկատվել է սուր ֆասցելյոզ և կենդանիների անկման դեպքեր, ինչպես նաև ֆասցելյաներով գարնանային ինտենսիվ վարակվածության ժամանակ արածեցվող կենդանիները ճիճվաթափվում են հունիս ամսվա վերջում և հուլիս ամսվա սկզբում տրեմատոդի երիտասարդ ձևերի վրա ազդող դեղամիջոցով: Դիեցման շրջանում կովերը ճիճվաթափվում են միայն ցուցումների առկայության դեպքում: Կենդանիների ամբողջ տարվա արոտավայրային պահվածքի ժամանակ ճիճվաթափման ժամկետները սահմանվում են հաշվի առնելով ֆասցելյոզի անասնահամաճարակային առանձնահատկությունները: Ճիճվաթափման արդյունավետությունը որոշվում է կղանքի հելմինթոօվոսկոպիկ հետազոտությունների ճանապարհով, ոչ շուտ, քան ճիճվաթափությունից 45 օր հետո:

56. Հաշվի առնելով դեղամիջոցների ազդեցությունը տարբեր կենդանատեսակների վրա, ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները՝

1) Հեկսիխոլ՝ նշանակվում է խոշոր եղջերավոր կենդանիներին համակցված կերերի հետ խառնուրդում միանվագ 300 մգ/կգ դեղաչափով, իսկ ոչխարներին և այծերին՝ 200 մգ/կգ դեղաչափով: Կովերին հեկսիխոլը տրվում է 0,5-1 կգ կերի հետ, խոշոր եղջերավոր կենդանիների մատղաշին և ոչխարներին դեղի խառնուրդը տրվում է կերի հետ հետևյալ հարաբերությամբ (դեղի 1 բաժին և կերի 6 բաժին): Բարդություններից խուսափելու նպատակով հեկսիխոլով կերակրելուց մեկ օր առաջ և երկու օր հետո կերաբաժնից հանվում են դժվարամարս և անորակ կերերը: Բարդությունների դեպքում խորհուրդ է տրվում նատրիումի սելենիտի ներմաշկային ներարկում 0,1 մգ/կգ չափով 1 %-անոց ջրային լուծույթի ձևով 1 մլ/100 կգ մարմնի զանգվածի հաշվարկով: Կենդանիների սպանդը թույլատրվում է հեկսիխոլի ընդունումից 15 օր անց:

2) Պոլիտրեմ՝ նշանակվում է խոշոր եղջերավոր կենդանիներին համակցված կերերի հետ խառնուրդում միանվագ 200 մգ/կգ դեղաչափով, իսկ ոչխարներին և այծերին՝ 140 մգ/կգ դեղաչափով: Պոլիտրեմի օգտագործման համար կիրառվում է հեկսիխոլի օգտագործման համար նախատեսված կարգը:

3) Ացեմիդոֆեն՝ նշանակվում է ջրային լուծույթի տեսքով ոչխարների և խոշոր եղջերավոր կենդանիների սուր ֆասցելյոզի առկայության, ինչպես նաև կանխարգելիչ նպատակով՝ անհատական, առանց սննդակարգի սահմանափակման: Ոչխարներին դեղը ներարկվում է 150 մգ/կգ, տավարին՝ 200 մգ/կգ դեղաչափերով: Կենդանիների սպանդը թույլատրվում է ճիճվաթափությունից 15 օր անց:

4) Ռաֆոքսանիդ (ուրսովերմիտ, ռանիդ)՝ նշանակվում է 7,5 մգ/կգ դեղաչափով, ջրային լուծույթի տեսքով, միանվագ, անհատական, մինչև առավոտյան կերակրումը: Դիեցվող կենդանիներին ռաֆոքսանիդ չի նշանակվում: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է ոչ շուտ, քան ճիճվաթափությունից 28 օր անց:

5) Ֆասկովերմ (կլոզանթել)՝ նշանակվում է խոշոր եղջերավոր կենդանիներին և ոչխարներին ներմաշկային 2,5 մգ/կգ դեղաչափով: Կենդանիների կաթը և միսը բուժումից հետո 14 օրվա ընթացքում սննդում չի թույլատրվում օգտագործել:

6) Դիսալան՝ նշանակվում է միանվագ, ներքին, երկու օր տևողությամբ ոչ դիեցման շրջանում գտնվող խոշոր եղջերավոր կենդանիներին 15 մգ/կգ, իսկ ոչխարներին՝ 10 մգ/կգ դեղաչափով: Դեղը ներարկվում է ջրային լուծույթի ձևով կամ խառնվում համակցված կերի հետ: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է դեղամիջոցի օգտագործումից 28 օր անց:

7) Բիթիոնոլ՝ նշանակվում է ոչխարներին 150 մգ/կգ անհատական, միանվագ կամ 200 մգ/կգ կերակրման միջոցով, 50-100 կենդանիներից բաղկացած խմբերի համար՝ խտացրած կերախառնուրդում (մեկ կենդանու համար 150-200 գ կեր հաշվով): Մինչև ճիճվաթափությունը ոչխարները պահվում են 15-17-ժամյա սոված դիետայով: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է դեղամիջոցի օգտագործումից 12 օր անց:

8) Քառաքլորային ածխածին՝ նշանակվում է ոչխարներին և այծերին միանվագ (դեղապատիճներով): Մինչև մեկ տարեկան մատղաշներին նշանակվում է 1 մլ դեղաչափով, մեկ տարեկանից բարձր ոչխարներին՝ 2-3 մլ յուրաքանչյուր կենդանուն: Ոչ լիարժեք կերակրման հետևանքով առաջացող բարդություններից խուսափելու համար ճիճվաթափությունից երկու շաբաթ առաջ կենդանիների կերաբաժնում ավելացվում է աղերով և վիտամիններով հարուստ կեր և կերային հավելումներ: Բարդությունների դեպքում հիվանդ կենդանիներին ներերակային ներարկվում է 20 մլ 10 %-անոց քլորային կալցիումի լուծույթ օրը 3-4 անգամ, նաև նշանակվում է ախտանշական (սիմպտոմատիկ) բուժում: Խոշոր եղջերավոր կենդանիների և գոմեշների համար քառաքլորային ածխածինը նշանակվում է 50 %-անոց լուծույթի կամ բժշկական վազելինի յուղով միանվագ 100 կգ զանգվածի հաշվարկով 10 մլ դեղաչափով: Լուծույթը ներարկվում է ներմկանային գավակի տարածքում 2-3 տեղ: Բարդությունների դեպքում ներարկվում է քլորային կալցիումի 10 %-անոց լուծույթ՝ ներերակային 100 մլ, օրը 3-4 անգամ և նշանակվում է ռումինատոր միջոցներ: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է դեղի օգտագործումից 28 օր անց:

9) Ֆազինեքս (Տրիկլաբենդազոլ)՝ նշանակվում է ոչխարներին 10 մգ/կգ դեղաչափով և ոչ դիեցման շրջանում գտնվող խոշոր եղջերավոր կենդանիներին՝ կախույթի տեսքով, ներքին, միանվագ, 12 մգ/կգ դեղաչափով: Խոշոր եղջերավոր կենդանիների սպանդը մսի համար թույլատրվում է ճիճվաթափությունից հետո 14 օր անց, իսկ ոչխարների սպանդը՝ 28 օր անց:

10) Իվոմեկ պլյուս (1 % իվերմեկտինի և 10 % կլորսուլոնի բաղադրությամբ) ներարկվում է ոչ դիեցման շրջանում գտնվող խոշոր եղջերավոր կենդանիներին, ենթամաշկային, կենդանի զանգվածի 50 կգ-ին 1 մլ դեղաչափով:

 

II. ՈՐՈՃՈՂՆԵՐԻ ԴԻԿՐՈՑԵԼՅՈԶ

 

57. Դիկրոցելյոզը ոչխարների, այծերի, խոշոր եղջերավոր կենդանիների, ուղտերի, եղջերուների և մի շարք այլ կենդանիների հիվանդություն է: Հարուցվում է Dicrocoelium lanceatum (D. dendriticum) տրեմատոդով, որը մակաբուծում է լեղածորաններում: Դիկրոցելիոզով հիվանդանում է նաև մարդը:

58. Խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դիկրոցելյոզի նկատմամբ անապահով տնտեսություններում իրականացվում են հետևյալ համալիր միջոցառումները.

1) ճիճվաբանական գնահատական տալու նպատակով մանրակրկիտ հետազոտվում են արոտավայրերը,

2) դիկրոցելյաների միջանկյալ տերերի՝ ցամաքային խխունջների քանակության նվազեցման նպատակով արոտավայրերը մաքրվում են թփուտներից և քարերից, ցանվում են մշակովի խոտեր կամ մշակվում են մետալդեհիդի հատիկներով, որոնք պարունակում են 5 %-անոց մոլյուսկոցիդ՝ 40-60 կգ հատիկներ 1 հեկտարի հաշվով: Լուծույթն օգտագործվում է գարնանը, խխունջների ձմեռային քնից դուրս գալուց հետո, առավել արդյունավետ է օգտագործումը անձրևից հետո կամ խոնավ եղանակին,

3) բուժկանխարգելիչ ճիճվաթափությունն իրականացվում է դեկտեմբեր-հունվար ամիսներին: Հիվանդության կլինիկական նշանների առկայության դեպքում կենդանիները ճիճվաթափվում են տարվա բոլոր եղանակներին: Կենդանիների հելմինթոօվոսկոպիկ հետազոտություններն իրականացվում են ֆասցելյոզի համար սահմանված ժամկետներում սույն հրահանգի 54-րդ կետի համաձայն:

59. Ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Պոլիտրեմ՝ նշանակվում է խոշոր և մանր եղջերավոր կենդանիներին 300 մգ/կգ դեղաչափով, ներքին, երկնվագ, մեկամսյա ընդմիջումով: Հասակավոր խոշոր եղջերավոր կենդանիներին դեղը տրվում է անհատական 0,5-1 կգ մանրացված սերմնահատիկների կամ համակցված կերի հետ: Մատղաշ խոշոր եղջերավոր կենդանիներին և եզնուղտերին (յակերին) դեղը տրվում է 10-50 կենդանիներից բաղկացած խմբերին համակցված կերի հետ խառնուրդում: Ոչխարներին և այծերին պոլիտրեմը նշանակվում է համակցված կերի հետ խառնուրդում 1:8-1:10 հարաբերությամբ և կերակրվում է 100-150 կենդանուց բաղկացած խմբերին՝ առավոտյան կերակրման ժամանակ: Գառները և ուլերն առանձնացվում են մայրերից, թույլ և հյուծված կենդանիներն առանձնացվում են առանձին խմբերով և ենթարկվում անհատական բուժման, որի ժամանակ դեղամիջոցը տրվում է ալյուրի կախույթի հետ կամ բոլյուսների տեսքով: Բուժակերային խառնուրդը պատրաստվում է ձեռքով կամ հատուկ սարքերի օգնությամբ:

2) Հեքսիխոլ՝ նշանակվում է հասակավոր խոշոր եղջերավոր կենդանիներին 300 մգ/կգ, մատղաշներին՝ 400 մգ/կգ, ոչխարներին և այծերին՝ 400 մգ/կգ, եզնուղտերին (յակերին)՝ 200 մգ/կգ դեղաչափերով: Պոլիտրեմի և հեքսիխոլի օգտագործման ժամանակ անհրաժեշտ է պահպանել ֆասցելյոզի համար նախատեսված պայմանները և սահմանափակումները, սույն հրահանգի 56-րդ կետի համաձայն: Եթե տնտեսությունում միաժամանակ նկատվում է դիկրոցելյոզ և ֆասցելյոզ, պոլիտրեմն օգտագործվում է դիկրոցելյոզի համար սահմանված կարգով:

3) Ֆենբենդազոլ (պանակուր, ֆենկուր, սիբկուր, ֆենբենատ)՝ նշանակվում է ոչխարներին և այծերին 22 մգ/կգ դեղաչափով, երկնվագ, մեկօրյա ընդմիջումով, խմբակային եղանակով, 1:10 հարաբերությամբ կերային խառնուրդում, առավոտյան կերակրման ժամանակ: Ոչխարների քանակը խմբում չպետք է գերազանցի 100-150 գլուխը: Հասակավոր խոշոր եղջերավոր կենդանիներին լուծույթը նշանակվում է 33 մգ/կգ դեղաչափով, միանվագ, անհատական, 0.5-1 կգ մանրացված սերմնահատիկի կամ համակցված կերի հետ խառնուրդում: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է ճիճվաթափումից յոթ օր անց:

 

III. ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ՈՉԽԱՐՆԵՐԻ ՊԱՐԱՄՖԻՍՏՈՄԱՏՈԶՆԵՐ

 

60. Պարամֆիստոմատոզները խոշոր եղջերավոր կենդանիների, գոմեշների, զեբուների, ոչխարների, այծերի, հյուսիսային եղջերուների և մի շարք վայրի որոճողների հիվանդություններ են, որոնց հարուցիչները մակաբուծում են բարակ աղիքում, շրդանում և նախաստամոքսում: Սեռահասուն ձևերը տեղակայվում են նախաստամոքսում, երիտասարդները՝ տասներկումատնյա աղիքում և շրդանում: Հելմինթները զարգանում են միջանկյալ տերերի՝ քաղցրահամ ջրերում բնակվող Planorbis սեռին պատկանող խխունջների մասնակցությամբ:

61. Պարամֆիստոմատներով վարակված տնտեսություններում իրականացվում են ֆասցելյոզի ժամանակ կիրառվող կանխարգելիչ միջոցառումները: Արոտավայրերում մելիորատիվ ջրանցքները և արհեստական լճակները ցանկապատվում են: Նախիրում սուր ընթացքով հիվանդ կենդանիներ լինելու դեպքում նրանք տեղափոխվում են մսուրային պահվածքի: Պայմանական առողջ կենդանիները տեղափոխվում են անջրդի հովիտների արոտավայրեր կամ մսուրային պահվածքի: Բոլոր գլխաքանակները երկնվագ, տասնօրյա ընդմիջումով ճիճվաթափվում են: Հիվանդներին նշանակվում է սիմպտոմատիկ բուժում:

62. Բոլոր արածեցվող հիվանդ կենդանիների խմբերի կանխարգելիչ ճիճվաթափությունը իրականացվում է մսուրային պահվածքի սկզբում: Անհրաժեշտության դեպքում այն կրկնվում է, սակայն ոչ շուտ, քան առաջին ճիճվաթափությունից հետո երկու շաբաթ անց: Ամռանը (հունիս-հուլիս ամիսներին) հիվանդության հնարավոր բռնկումների ժամանակ, մինչև երկու տարեկան հորթերին և մատղաշներին ողողվող մարգագետիններում արածեցումից 3-4 շաբաթ հետո ճիճվաթափում են ցուցումների հիման վրա ճիճվաթափության երկակի, տասնօրյա ընդմիջումով:

63. Ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Բիթիոնոլ՝ նշանակվում է խոշոր եղջերավոր կենդանիներին 70 մգ/կգ դեղաչափով, անհատական, մանրացված սերմնահատիկների կամ համակցված կերի հետ խառնուրդում, 1:10 հարաբերությամբ, տասներկուժամյա սոված դիետայից հետո: Ոչխարներին բիթիոնոլը նշանակվում է 150 մգ/կգ դեղաչափով, անհատական:

2) Պլատենոլ (բիթիոնոլի 20 %-անոց հատիկներ)՝ խոշոր եղջերավոր կենդանիներին նշանակվում է համակցված կերերի հետ խառնուրդում, անհատական, 50 մգ/կգ դեղաչափով, ոչխարներին՝ կամ նույն դեղաչափով անհատական, կամ խմբակային կերակրման եղանակով մեկ կենդանու հաշվով 0,3 կգ համակցված կերի հետ խառնուրդում:

3) Պոլիտրեմ՝ օգտագործվում է 0,5 գ/կգ դեղաչափով (տասներկուժամյա սոված դիետայից հետո առավոտյան կերակրման ժամանակ) ֆասցելյոզի դեպքում օգտագործման համար սահմանված կարգով: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է համապատասխանաբար բիթիոնոլով, պլատենոլով և պոլիտրեմով ճիճվաթափելուց 12, 7 և 15 օր անց:

 

IV. ՕՐԻԵՆՏՈԲԻԼԽԱՐՑԻՈԶ

 

64. Օրիենտոբիլխարցիոզը խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, այծերի, ուղտերի, եղջերուների, գոմեշների, զեբուների, ձիերի, ավանակների, ջորիների, խոզերի, կատուների, առնետների հիվանդություն է, որը հարուցվում է տարբեր սեռերի Օrientobilharzia turkestanica տրեմատոդներով, որոնք մակաբուծում են լյարդի և այլ օրգանների երակային անոթներում:

65. Տնտեսություններում, որտեղ հաստատված է խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների և այլ կենդանիների օրիենտոբիլխարցիաներով վարակվածություն, կատարվում են հետևյալ համալիր միջոցառումները.

1) խխունջների ականջավոր լճախխունջների (օրիենտոբիլխարցիների միջանկյալ տերեր) քանակությունը որոշելու համար մանրակրկիտ հետազոտվում են արոտավայրերը և ջրամբարները,

2) խխունջների քանակության նվազման համար չորացվում են արոտավայրերի ճահճացած հատվածները: Արոտավայրերի և ջրամբարների հատվածները, որոնք բնակեցված են ականջավոր լճախխունջներով պետք է մշակվեն պղնձարջասպի կամ 5,4՛-դիքլորսալիցիլանալիդի լուծույթով սույն հրահանգի 53-րդ կետի համաձայն,

3) կազմակերպվում է կենդանիների մսուրային և մսուրաարոտային պահվածք, ինչպես նաև կենդանիների արածեցում՝ ապահով արոտավայրերում,

4) հիվանդության կլինիկական նշանների առկայության դեպքում կենդանիներին ճիճվաթափում են տարվա բոլոր եղանակներին: Ճիճվաթափության համար օգտագործվում է պրազիկվանտել (դրոնցիտ, ազինոկս) միանվագ 25 մգ/կգ դեղաչափով:

 

V. ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ՈՉԽԱՐՆԵՐԻ ՄՈՆԵԶԻՈԶ

 

66. Մոնեզիոզը ոչխարների, այծերի, խոշոր եղջերավոր կենդանիների, եղջերուների, գոմեշների, զեբուների և որոշ վայրի որոճողների հիվանդություն է, որը հարուցվում է բարակ աղիքում մակաբուծող Moniezia expansa, M. benedeni և այլ ցեստոդների կողմից: Հիմնականում հիվանդանում են մատղաշները (գառները, ուլերը, հորթերը): Մակաբույծները զարգանում են միջանկյալ տերերի՝ վահանակիր տզերի (օրիբատիդների) մասնակցությամբ: 2,5-5 ամիս անց կլանված ձվերից տզերի մոտ զարգանում են ինվազիոն թրթուրները՝ ցիստիցերկոիդները, որոնք պահպանում են կենսունակությունը մինչև 26 ամիս: Հիվանդ կենդանիների արածեցումից հետո արոտավայրերը երեք տարի դառնում են անապահով:

67. Անասնահամաճարակային իրավիճակը ճշտելու նպատակով կոպրոսկոպիկ եղանակով խոշոր եղջերավոր կենդանիների մատղաշները հետազոտվում են մեկ տարեկանից բարձր հասակում, արոտ հանելուց 45-50 օր հետո: Ընթացիկ տարում ծնված հորթերը հետազոտվում են երկնվագ՝ առաջին անգամ արոտավայր հանելուց 45-50 օր հետո և երկրորդ անգամ աշնանը, մսուրային պահվածքին անցնելուց 30 օր անց: Ոչխարները և այծերը հետազոտվում են միանվագ՝ աշնանը, մսուրային պահվածքին անցնելուց 30 օր անց, մեկ տարեկանից բարձր մատղաշները, գառները և ուլերը՝ արոտավայր հանելուց 35-40 օր անց:

68. Տնտեսություններում, որտեղ հաստատված է մոնեզիոզը, հորթերն արածեցվում են հասակավոր կենդանիներից մեկուսացած, այնպիսի արոտավայրերում, որտեղ վերջին երեք տարիների ընթացքում չեն արածեցվել վարակված կենդանիներ: Կիրառվում է կենդանիների մսուրային կամ մսուրաարոտային պահվածք: Նշված միջոցառումների իրականացման անհնարինության դեպքում իրականացվում է կանխարգելիչ ճիճվաթափություն և քիմիոպրոֆիլակտիկա:

69. Գառների և ուլերի կանխարգելիչ (պրեիմագինալ) ճիճվաթափությունն իրականացվում է առաջին անգամ արոտավայրեր կամ նախաարոտավայրեր հանելուց 25-30 օր անց (ամբողջ տարվա արոտային պահվածքի դեպքում՝ ծնվելուց հետո 25-30 օր անց), կրկնակի ճիճվաթափությունը՝ առաջինից 15-20 օր անց, երրորդը՝ երկրորդ ճիճվաթափումից 25-30 օր անց: Սեպտեմբերին գառները և ուլերը ճիճվաթափվում են միանվագ, իսկ մսուրային պահվածքի տեղափոխելուց 30 օր անց՝ ոչխարների և այծերի ամբողջ գլխաքանակը: Ամբողջ տարվա արոտային պահվածքով տնտեսություններում մեկ տարեկանից բարձր կենդանիները կանխարգելիչ նպատակով ճիճվաթափվում են աշնանը և պլանային ծնի ավարտից հետո: Ընթացիկ տարում ծնված հորթերը կանխարգելիչ ճիճվաթափվում են երկու անգամ՝ առաջին անգամ արոտավայր հանելուց 35-40 օր անց և երկրորդ անգամ՝ առաջին ճիճվաթափությունից 35-40 օր անց, իսկ մեկ տարեկանից բարձր հորթերին՝ միանվագ, արոտավայր հանելուց 35-40 օր անց: Մոնեզիոզի հայտնաբերման դեպքում հոտի կամ նախրի բոլոր կենդանիները ենթարկվում են ճիճվաթափման:

70. Ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Ֆենասալ (նիկլոզամիդ, յոմեզան)՝ նշանակվում է ոչխարներին, այծերին և հորթերին անհատական կամ խմբակային կերակրման եղանակով: Ոչխարներին և այծերին դեղը նշանակվում է անհատական 100 մգ/կգ դեղաչափով, բայց ոչ ավելի, քան 1 գ մեկ գառան համար 1 %-անոց օսլայի կամ 5 %-անոց ալյուրի կախույթի ձևով, միանվագ, խմբակային կերակրման դեպքում՝ 200 մգ/կգ մանրացված սերմնահատիկների կամ համակցված կերի հետ խառնուրդում: Դեղամիջոցը կշռվում է 100-150 ոչխարներից ոչ ավելի խմբի հաշվարկով, ավելացվում է կերին (մեկ կենդանու համար 100 գ կերի հաշվարկով), մանրակրկիտ խառնվում և հավասարաչափ բաշխվում՝ ապահովելով դրանց նկատմամբ կենդանիների ազատ օգտագործման հնարավորությունը: Հորթերին ֆենասալը նշանակվում է անհատական 150 մգ/կգ դեղաչափով 200-300 գ մանրացված սերմնահատիկի (համակցված կերի) հետ խառնուրդում, 1 %-անոց օսլայի կամ 5 %-անոց ալյուրի կախույթի ձևով, միանվագ: Խմբակային կերակրման դեպքում դեղամիջոցը տրվում է 200 մգ/կգ դեղաչափով կերային խառնուրդում 10-12 հորթերից բաղկացած խմբերին: Գոմշուկներին ֆենասալը տրվում է 200 մգ/կգ դեղաչափով, անհատական, կախույթի ձևով:

2) Ֆենալիդոն (պարունակում է 80 % ֆենասալ)՝ նշանակվում է անհատական, միանվագ, մինչև կերակրումը, 3 %-անոց ջրային կախույթի ձևով, մինչև 60-700C տաքացրած վիճակում, 45 մգ/կգ դեղաչափով, 1 մլ-ին 3 %-անոց կախույթի հաշվարկով 1,5 կգ մարմնի զանգվածի համար:

3) Ֆենապեգ (պարունակում է 45 % ֆենասալ)՝ օգտագործվում է ոչխարների անհատական և խմբակային ճիճվաթափության համար 45 մգ/կգ դեղաչափի հաշվարկով: Անհատական օգտագործման դեպքում օգտագործումից 2-3 ժամ առաջ ֆենապեգը մանրակրկիտ խառնվում է 1:1,5 հարաբերությամբ մինչև 60-650C տաքացրած ջրի հետ: Կախույթը ներարկվում է բերանով կարճ ռետինե կամ փափուկ պլաստմասսե փողակով ներարկիչի միջոցով 0,25 մլ/կգ հաշվարկով: Խմբակային կերակրման դեպքում ֆենապեգը խառնվում է 1:9 հարաբերությամբ տաք ջրի հետ: Ճիճվաթափության համար ձևավորվում է 100-150 ոչխարներից բաղկացած մոտավորապես միանման մարմնի զանգվածով խմբեր, 1 մլ/կգ հաշվարկով կախույթը մանրակրկիտ խառնվում է համակցված կերի կամ մանրացված սերմնահատիկի հետ (100 գ մեկ ոչխարի հաշվով): Ճիճվաթափությունը իրականացվում է առավոտյան, մինչև առաջին կերակրումը: Ֆենասալի, ֆենալիդոնի, ֆենապեգի օգտագործումից հետո մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է ոչ շուտ, քան ճիճվաթափությունից 20 օր անց:

4) Ֆենադեկ (պարունակում է 50 % ֆենասալ)՝ օգտագործվում է ոչխարների անհատական և խմբակային ճիճվաթափության համար: Անհատական ճիճվաթափության համար ֆենադեկը նշանակվում է ոչխարներին փոշու ձևով կամ մինչև 800C տաքացրած ջրի 5 %-անոց կախույթի ձևով (նախապես պատրաստուկի կշռուկը թրջվում է փոքր քանակությամբ սառը ջրով): Փոշի Ֆենադեկը դրվում է լեզվի արմատի վրա, պատրաստի կախույթը տրվում է բերանով Ժանե ներարկիչի կամ ռեզինե զոնդի միջոցով՝ առավոտյան սոված վիճակում 50 մգ/կգ դեղաչափով: Խմբակային ճիճվաթափության համար ֆենադեկն օգտագործվում է 100 մգ/կգ դեղաչափով: Դեղամիջոցը կշռվում է 100-150 ոչխարներից բաղկացած խմբի համար, մանրակրկիտ խառնվում համակցված կերի կամ մանրացված սերմնահատիկի հետ (100 գ մեկ կենդանու հաշվարկով) և հավասարաչափ բաշխվում կերամանների մեջ՝ ապահովելով ոչխարների կողմից կերի ազատ օգտագործման հնարավորությունը: Կենդանիների սպանդը մսի համար թույլատրվում է ճիճվաթափությունից 30 օր հետո:

5) Ֆենբենդազոլ՝ օգտագործվում է ոչխարների մոնեզիոզի ժամանակ միանվագ 10 մգ/կգ դեղաչափով: Կենդանիների սպանդը թույլատրվում է դեղամիջոցի օգտագործումից 7 օր անց:

6) Ալբենդազոլ (վալբազեն, վերմիտան)՝ նշանակվում է գառներին և խոշոր եղջերավոր կենդանիների մատղաշներին ներքին, միանվագ 3,8 մգ/կգ դեղաչափով: Դեղամիջոցը չի նշանակվում դիեցման և վերարտադրման շրջանում գտնվող կենդանիներին: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է դեղամիջոցի օգտագործումից 20 օր անց:

7) Օքսֆենդազոլ (սիստամեկս)՝ օգտագործվում է գառների և խոշոր եղջերավոր կենդանիների մատղաշների ճիճվաթափության ժամանակ ներքին, միանվագ 4,5 մգ/կգ դեղաչափով: Օքսֆենդազոլ չի նշանակվում դիեցման և վերարտադրողական շրջանում գտնվող կենդանիներին: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է դեղամիջոցի օգտագործումից 14 օր անց:

8) Պղնձի սուլֆատ՝ օգտագործվում է 1 %-անոց ջրային լուծույթի ձևով, որը պատրաստվում է ապակե կամ փայտե (բայց ոչ մետաղե) ամաններում թորած, անձրևային ջրի, ձյան կամ եռացրած ջրի 1 լիտրի հաշվարկով 1-4 մլ աղաթթվի ավելացմամբ՝ կախված ջրի կոշտությունից:

9) Պղնձարջասպի լուծույթ՝ ներարկվում է գառներին ներքին եղանակով, միանվագ, ռետինե խողովակի օգնությամբ հետևյալ չափաքանակներով. 1-1,5 ամսականներին՝ 15-20 մլ, 1,5-2 ամսականներին՝ 21-25 մլ, 2-3 ամսականներին՝ 26-30 մլ, 3-4 ամսականներին՝ 31-35 մլ, 4-5 ամսականներին՝ 36-40 մլ, 5-6 ամսականներին՝ 41-45 մլ, 6-7 ամսականներին՝ 46-50 մլ, 7-8 ամսականներին՝ 51-60 մլ, 8-10 ամսականներին՝ 61-80 մլ, իսկ 10 ամսականից բարձր ոչխարներին՝ 81-100 մլ: Պղնձարջասպի դեղաչափը այծերի համար ավելի քիչ է, քան ոչխարների համար և չպետք է գերազանցի 60 մլ, 3-6 ամսական հորթերի համար այն կազմում է 120-150 մլ: Գոմշուկներին ներարկվում է 2 %-անոց լուծույթ 2 մլ/կգ կենդանու զանգվածի հաշվարկով: Լուծույթի ներարկման ժամանակ կենդանու գլուխը պահվում է հորիզոնական դիրքով: Մոնեզիաներով գառների ինտենսիվ վարակվածության ժամանակ պղնձարջասպի լուծույթի ներարկումից 2-5 ժամ հետո տրվում է լուծողական (1 կգ գլաուբերյան աղը 2 լ տաք ջրի հաշվարկով) հետևյալ դեղաչափերով. 1-1,5 ամսականներին՝ 30 մլ, 1,5-2 ամսականներին՝ 40 մլ, 2-3 ամսականներին՝ 50 մլ, 3-4 ամսականներին՝ 60 մլ, 4-5 ամսականներին՝ 70 մլ, 5-6 ամսականներին՝ 80 մլ, 6-7 ամսականներին՝ 90 մլ, 7-8 ամսականներին՝ 100 մլ: Ճիճվաթափումից 12 ժամ առաջ գառներին և ուլերին անջատում են մայրերից: Հասակավոր կենդանիներին մինչև ներարկումը ջուր չի տրվում ամբողջ օրվա ընթացքում և 2-3 ժամ ներարկումից հետո: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է պղնձի սուլֆատի և պղնձի կարբոնատի օգտագործումից 6 օր անց:

10) Պղնձի կարբոնատ՝ օգտագործվում է 3 ամսականից բարձր գառների ճիճվաթափության համար: Դեղամիջոցը տրվում է չոր, մանրացված սերմնահատիկների հետ խառնուրդում (բայց ոչ համակցված կերի հետ) երկու օր անընդմեջ, 1 կենդանու հաշվարկով օրական հետևյալ դեղաչափերով՝ 3 ամսականից մինչև 1 տարեկան գառներին պղնձի կարբոնատը տրվում է 1-1,5 գ, մանրացված սերմնահատիկը՝ 70-100 գ, իսկ 1 տարեկանից բարձր ոչխարներին՝ 1,6-2 գ պղնձի կարբոնատ և 110-150 գ մանրացված սերմնահատիկ: Խառնուրդի ցերեկային նորման տրվում է կերամաններից՝ մոտավորապես նույն տարիք ունեցող 200-400 ոչխարներից բաղկացած խմբերին: 3 ամսականից մինչև 1 տարեկան գառների կանխարգելիչ ճիճվաթափությունը իրականացվում է կենդանիներին արոտավայրեր տանելուց 1 ամիս անց և կրկնվում է յուրաքանչյուր 15-20 օրը մեկ անգամ արոտային շրջանում, իսկ 1 տարեկանից բարձր ոչխարների համար՝ սույն հրահանգի 69-րդ կետով սահմանված ժամկետներում: Մոնեզիոզի քիմիականխարգելման համար պղնձի կարբոնատը անհրաժեշտության դեպքում տրվում է 3 ամսականից բարձր գառներին կամ հասակավոր ոչխարներին 5 %-անոց կամ 10 %-անոց կերային աղի հետ խառնուրդի ձևով: 5 %-անոց խառնուրդը կենդանիներին տրվում է 2-2,5 ամսվա ընթացքում, արոտավայր դուրս գալուց 15-20-րդ օրից սկսած յուրաքանչյուր օր և կրկնվում է մսուրային պահվածքի անցնելուց առաջ 20-30 օրվա ընթացքում: 10 %-անոց խառնուրդը տրվում է կենդանիներին արոտավայր դուրս հանելուց հետո 15-20-րդ օրից սկսած 15-20 օր անընդմեջ: Հետագայում այդ գործողությունը տասնհինգօրյա ընդմիջումով կրկնվում է 1-2 անգամ: 5 %-անոց խառնուրդը պատրաստվում է ածխաթթվային պղնձի 5 կշռային մասերի և կերակրի աղի 95 կշռային մասերի հաշվարկով, 10 %-անոց խառնուրդը՝ դեղամիջոցի 10 կշռային մասերից և կերակրի աղի 90 կշռային մասերից: Խառնուրդը պատրաստվում է որպես պաշար 1-2 ամսվա համար:

11) Աղաֆենոթիազինապղնձարջասպային խառնուրդը (1 մաս մանրացված պղնձարջասպ, 10 մաս՝ անասնաբուժական ֆենոթիազին, 10 մաս՝ կերակրի աղ) օգտագործվում է արոտային շրջանում ոչխարներին ազատ կերակրման եղանակով: Խառնուրդը հավասարաչափ խառնվում է բետոնախառնիչի օգնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձեռքով բրեզենտի վրա փայտե կամ բետոնված տարածքում և պահվում կերերի համար նախատեսված պահեստաշենքերում (բայց ոչ մետաղյա տարայով): Խառնուրդը տրվում է յուրաքանչյուր օր ամբողջ արոտավայրային շրջանում: Աղաֆենոթիազինապղնձարջասպային խառնուրդով առանց սահմանափակումների կերակրվում են բոլոր տարիքի գառներն ու հասակավոր ոչխարները, այդ թվում նաև՝ հղիները: Այն վայրերում, որտեղ անհնար է ոչխարների դուրս բերման ժամանակ խառնուրդի կանոնավոր կերակրումը, ինչպես նաև մոնեզիաներով վարակված կենդանիներով տնտեսություններում իրականացվում է գառների պրեիմագինալ ճիճվաթափություն:

 

VI. ԹԻԶԱՆԵԶԻՈԶ

 

71. Թիզանեզիոզը ոչխարների, այծերի, խոշոր եղջերավոր կենդանիների, գոմեշների և վայրի որոճողների հիվանդություն է, որը հարուցվում է բարակ աղիքներում մակաբուծող Thysaniezia giardi ցեստոդի կողմից: Թիզանեզիոզով առավելապես հիվանդանում են մեկից երկու տարեկան ոչխարները աշնան-ձմռան շրջանում:

72. Տնտեսություններում, որտեղ հաստատված է թիզանեզիոզ, տարվա ընթացքում 2 անգամ (աշնան սկզբում և ձմռանը) իրականացվում է ոչխարների ամբողջ գլխաքանակի կանխարգելիչ ճիճվաթափություն, բացառությամբ դեռ արոտի դուրս չեկած գառների: Ճիճվաթափության համար օգտագործվում է ֆենասալի դեղահաբային ձևը և ֆենբենդազոլ ոչխարների մոնեզիոզի համար նախատեսված դեղաչափերով սույն հրահանգի 70-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն:

 

VII. ԱՎԻՏԵԼԻՆՅՈԶ

 

73. Ավիտելինյոզը ոչխարների և այծերի հիվանդություն է, որը հարուցվում է բարակ աղիքում մակաբուծող Avitellina centripunctata ցեստոդի կողմից: Առավել հաճախ հիվանդանում են 1 տարեկանից մեծ կենդանիները:

74. Տնտեսություններում, որտեղ հաստատվում է ավիտելինյոզ, իրականացվում է երեք կանխարգելիչ ճիճվաթափություն: Գառներն առաջին անգամ ճիճվաթափվում են հուլիսին, երկրորդ անգամ՝ սեպտեմբերին և երրորդ անգամ՝ նոյեմբեր-դեկտեմբերին: Մեկ տարեկանից բարձր ոչխարները ճիճվաթափվում են առաջին անգամ գարնանը (ապրիլ-մայիս ամիսներին), երկրորդ անգամ՝ օգոստոսին և երրորդ անգամ՝ նոյեմբեր-դեկտեմբերին: Ճիճվաթափության համար օգտագործվում են ֆենասալի դեղահաբային ձևերը և ֆենբենդազոլ ոչխարների մոնեզիոզի համար նախատեսված դեղաչափերով սույն հրահանգի 70-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն:

 

VIII. ԷԽԻՆՈԿՈԿՈԶ

 

75. Էխինոկոկոզը առաջանում է ոչխարների, խոշոր եղջերավոր կենդանիերի, խոզերի, եղջերուների և այլ կաթնասունների, ինչպես նաև մարդու ներքին օրգաններում (մասնավորապես՝ լյարդում և թոքերում) Echinococcus granulosus ցեստոդի թրթուրների մակաբուծմամբ (էխինոկոկային բշտեր): Էխինոկոկային բշտեր կարող են հանդիպել նաև կենդանիների մկաններում: Սեռահասուն վիճակում ցեստոդը մակաբուծում է շների, գայլերի, աղվեսների և այլ շնազգի մսակերների բարակ աղիքներում: Հիվանդության հարուցչի հիմնական աղբյուրը, որից վարակվում են գյուղատնտեսական կենդանիները և մարդը՝ շունն է:

76. Տնտեսություններում, որտեղ գրանցվում է էխինոկոկոզով վարակվածություն, իրականացվում են շների վարակման, մարդու և կենդանիների վարակի կանխման միջոցառումներ: Մասնավորապես, իրականացվում են հետևյալ միջոցառումները.

1) արգելվում է կենդանիների սպանդը բակային և ֆերմաների հարակից տարածքներում (ֆերմաներում սպանդային կետերի և հրապարակների բացակայության դեպքում): Հոտերում կամ նախիրներում հարկադիր սպանդի դեպքում օրգանները և մսեղիքը պահվում են ամուր փակվող ամաններում մինչև անասնաբույժի զննումը: Անասնաբուժական զննման ժամանակ էխինոկոկային բշտերով վարակված ներքին օրգանները ոչնչացվում են այրելով կամ կենսաջերմային հորի մեջ: Առանց անասնաբուժական զննման արգելվում է շների կերակրումը հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների ներքին օրգաններով և մսով.

2) կենդանիների արոտավայրերում, կալատեղերում, կերերի և անասնապահական մթերքների պահպանման և վերամշակման վայրերում թույլատրվում են միայն ծառայողական շները, որոնք պատկանում են տնտեսություններին և գտնվում են նրանց հսկողության տակ: Մեկ հոտում պահվում է ոչ ավելի, քան երկու շուն, իսկ կենդանիների նախրում և կալատեղերում՝ մեկ շուն: Շների լողանալը ջրելատեղերում չի թույլատրում: Արգելվում է շների մուտքը անասնապահական շենքեր, կերերի և անասնապահական մթերքների պահպանման և վերամշակման վայրեր:

77. Էխինոկոկոզի նկատմամբ անապահով տնտեսությունների բոլոր ծառայողական շները, իսկ գյուղական վայրերում նաև բնակչությանը պատկանող շները (այդ թվում՝ որսորդական շները) տարվա ընթացքում չորս անգամ ենթարկվում են բրոմաջրածնային առեկոլինով պլանային ախտորոշիչ ճիճվաթափման:

78. Պլանային ախտորոշիչ ճիճվաթափությունը իրականացվում է բրոմաջրածնային առեկոլինով 4-5 մգ/կգ դեղաչափով: Դեղը նշանակվում է միանվագ 1 %-անոց ջրային լուծույթի ձևով, ներքին, հարկադրաբար կամ կերի հետ կերակրումից 12-14 ժամ անց: Առեկոլին օգտագործելուց շները 3-4 ժամից ոչ պակաս պահվում են կապած (մինչև արտաթորման 2-3 ակտը): Արտաթորման բացակայության դեպքում 2 ժամվա ընթացքում ճիճվաթափությունը կրկնում են: Առեկոլինի ընդունումից հետո շների արտաթորած կղանքը և հատկապես լորձային զանգվածը տեղում ուսումնասիրվում է անասնաբուժական գործունեություն իրականացնող անձի կողմից՝ էխինոկոկերի կամ դրանց հատվածների քանակը հայտնաբերելու համար:

79. Էխինոկոկոզի ախտորոշիչ ճիճվաթափությունն իրականացվում է հատուկ ցանկապատված և ջրանցքով ապահովված ամուր ծածկով (բետոն, ասֆալտ և այլն) հրապարակում: Կողմնակի անձանց մուտքը հրապարակ չի թույլատրվում: Ճիճվաթափությունն իրականացվում է շան տիրոջ ներկայությամբ: Բոլոր արտաթորված և հետազոտված կղանքները հավաքվում և այրվում են, իսկ հրապարակը վարակազերծվում է 10 %-անոց քլորակրի լուծույթով (2 լ/մ2) կամ հրակիզվում է:

80. Շները, որոնց կղանքում հայտնաբերվել են էխինոկոկեր կամ դրանց հատվածներ, անասնաբույժի հսկողությամբ ոչնչացնում են, իսկ բացառիկ դեպքերում շները ճիճվաթափվում են պրազիկվանթելով ՝ 5 մգ/կգ դեղաչափով:

81. Տնտեսությունը համարում են առողջացած Էխինոկոկով վարակված միջանկյալ և վերջնական տերերի բացակայության դեպքում:

 

IX. ՑԵՆՈՒՐՈԶ ԵՎ ՆՐԲԱՎԻԶ ՑԻՍՏԻՑԵՐԿՈԶ

 

82. Ցենուրոզը հարուցվում է ոչխարների և այծերի ուղեղում մակաբուծող Multiceps multiceps (Coenurus cerebralis) կողմից: Հիվանդությունը հազվադեպ է հանդիպում հորթերի, վայրի որոճողների և մարդու մոտ: Սեռահասուն ձևը բնակվում է շների, գայլերի, աղվեսների և այլ գիշատիչների բարակ աղիքներում: Նրբավիզ ցիստիցերկոզը հարուցվում է ոչխարների, այծերի, խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուների, գոմեշների, զեբուների և վայրի որոճողների ճարպոնի, շճային ծածկույթների վրա և ներքին օրգաններում մակաբուծող Taenia hydatigena ցեստոդի թրթուրների՝ Cysticercus tenuicollis կողմից: Հիվանդությունը հազվադեպ է հանդիպում ձիերի մոտ: Սեռահասուն ձևը բնակվում է շների, գայլերի, աղվեսների և այլ գիշատիչների բարակ աղիքում:

83. Տնտեսություններում, որտեղ գրանցված է ցենուրոզ կամ նրբավիզ ցիստիցերկոզ, իրականացվում են համալիր միջոցառումներ, որոնք սահմանված են հրահանգի 76-րդ, 77-րդ և 79-րդ կետերով:

84. Ցենուրոզի կլինիկական նշաններով կենդանիները մեկուսացվում են և սպանդի նպատակով ուղարկվում մսի կոմբինատներ կամ սպանդային կետեր: Բարձր արդյունավետությամբ օժտված և էլիտային կենդանիները ենթարկվում են վիրաբուժական բուժման:

85. Տնտեսությունների ծառայողական շները ճիճվաթափվում են դեկտեմբեր ամսից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր 45 օրը մեկ և մայիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր 30 օրը մեկ: Տարվա ընթացքում իրականացվում է չորս պլանային ախտորոշիչ ճիճվաթափություն սույն հրահանգի 77-րդ և 78-րդ կետերով սահմանված կարգով: Գյուղական վայրերում գտնվող արդյունաբերական ձեռնարկություններին և այլ կազմակերպություններին, ինչպես նաև բնակչությանը պատկանող շները (այդ թվում՝ որսորդական շները), ճիճվաթափվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

86. Շների ճիճվաթափության համար օգտագործվում է բրոմաջրածնային առեկոլին սույն հրահանգի 77-րդ, 78-րդ և 79-րդ կետերով սահմանված կարգով, ինչպես նաև հետևյալ դեղամիջոցները.

1) Ֆենասալ՝ օգտագործվում է 250 մգ/կգ դեղաչափով, անհատական, միանվագ, փոշու ձևով կերի խառնուրդում կամ բրիկետների, բուլյուսների, հատիկների և հաբերի ձևով առանց կենդանիներին սոված դիետայի ենթարկելու:

2) Ֆենապեգ՝ օգտագործվում է 100 մգ/կգ դեղաչափով, միանվագ, մածուկի ձևով մսի կտորի, փափուկ երշիկի, խճողակի կամ շիլայի հետ (նախընտրելի է մինչև առաջին կերակրումը):

3) Պրազիկվանտել՝ օգտագործվում է 5 մգ/կգ դեղաչափով, ներքին, միանվագ փոշու, մածուկի, կախույթի կամ հաբերի ձևով առանց կենդանիներին սոված դիետայի ենթարկելու: Պրազիկվանտելի 5 %-անոց լուծույթը ներարկվում է միանվագ, ենթամաշկային կամ միջմկանային կենդանու 0,1 մլ/կգ զանգվածի հաշվարկով 5 մգ/կգ դեղաչափով:

 

X. ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՂՋԵՐՈՒՆԵՐԻ ԵՎ ԽՈԶԵՐԻ ՑԻՍՏԻՑԵՐԿՈԶ

 

87. Ցիստիցերկոզը (ֆիննոզները) խոշոր եղջերավոր կենդանիների, զեբուների, գոմեշների, յակերի, հյուսիսային եղջերուների և ընտանի ու վայրի խոզերի հիվանդություն է, որը հարուցվում է ժապավենաձև որդերի՝ երիզորդների թրթուրների կողմից: Սեռահասուն հարուցիչները մակաբուծում են միայն մարդու բարակ աղիքներում: Խոզերի, հազվադեպ շների և մարդու մկանները ախտահարվում են Taenia solium (խոզի երիզորդ) ցեստոդի Cysticercus cellulosae թրթուրներով, իսկ խոշոր եղջերավոր կենդանիների, զեբուների, գոմեշների և յակերի մկանները՝ Taeniarhynchus saginatus (եզան երիզորդ) ցեստոդի Cysticercus bovis թրթուրներով: Բացի մկաններից, Cysticercus bovis թրթուրներով կարող են ախտահարվել ենթամաշկային բջջանքը, ճարպային հյուսվածքը, լյարդը, թոքերը, սիրտը, իսկ Cysticercus cellulosae թրթուրներով՝ գլխուղեղը, աչքերը և այլ օրգաններն ու հյուսվածքները: Տարբեր տարիքի հյուսիսային եղջերուների մոտ բովիսային ցիստիցերկները ինվազիոն շրջանից առաջ (երբ կարող են վարակել մարդկանց) զարգանում են գլխուղեղի թաղանթի տակ: Եղջերուների մկաններում ցիստիցերկները մինչև ինվազիոն շրջանը չեն զարգանում:

88. Կենդանիների ցիստիցերկոզների և մարդու տենիիդոզների կանխարգելման նպատակով իրականացվում են անասնաբուժասանիտարական և բուժասանիտարական հետևյալ համալիր միջոցառումները.

1) կենդանիների սպանդը թույլատրվում է միայն մսի կոմբինատներում և սպանդանոցներում: Ցիստիցերկների հայտնաբերման դեպքում խոզերի կամ խոշոր եղջերավոր կենդանիների, զեբուների, գոմեշների, յակերի մսեղիքը և այդ կենդանիներից ստացված ենթամթերքն ամբողջությամբ ենթարկվում են վարակազերծման կամ ոչնչացման՝ մսի և մսամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության գործող կանոններին համապատասխան,

2) անասնապահական ֆերմաներում և կենդանիների սեփականատերերի բակերում սանհանգույցները պահվում են սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան, իսկ սանհանգույցների բացակայության դեպքում կազմակերպվում է դրանց կառուցումը,

3) տնտեսության կերերի պատրաստում, փոխադրում և պահպանում իրականացնող անձնակազմը յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ հետազոտվում է տենիիդոզների նկատմամբ: Հայտնաբերված հիվանդները բուժվում են,

4) ցիստիցերկոզի նկատմամբ անապահով տնտեսություններում և տարածքներում արգելվում է խոշոր եղջերավոր կենդանիների արածեցումը:

89. Սպանդանոցների և փորձարկման լաբորատորիաների ղեկավարները ցիստիցերկոզով վարակված կենդանիների հայտնաբերման դեպքերի մասին պետք է տեղեկացնեն անասնաբուժության և առողջապահության ոլորտի լիազոր մարմիններին՝ նշելով տնտեսությունները և բնակավայրերը:

 

XI. ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԴԻԿՏԻՈԿԱՈՒԼՅՈԶ

 

90. Խոշոր եղջերավոր կենդանիների, գոմեշների, զեբուների մոտ հիվանդությունը հարուցվում է թոքերում մակաբուծող Dictyocaulus viviparus նեմատոդի կողմից: Կենդանիները վարակվում են արոտային շրջանում կերի հետ ընդունելով նեմատոդի թրթուրներին: Վարակված կենդանիների մոտ նկատվում է հազ, քթանցքներից շճալորձային արտադրություն, մակերեսային արագացած շնչառություն, ախորժակի անկում, փորլուծություն կամ փորկապություն և հյուծվածություն:

91. Տնտեսություններում, որտեղ հաստատվել է դիկտիոկաուլյոզ, անցկացվում են հետևյալ միջոցառումները.

1) բտման տնտեսություններում ընթացիկ տարվա ծնված հորթերը արածեցվում են 1-1,5 ամիս արոտներում, հետո տեղափոխվում են մսուրային կամ մսուրազբոսահրապարակային պահվածքի,

2) տնտեսություն բերված բոլոր նոր կենդանիները կարանտինի ընթացքում ենթարկվում են հելմինթոլառվոսկոպիկ հետազոտման: Ամբողջ խմբի բացասական արդյունքների դեպքում կենդանիները միացվում են ընդհանուր նախրին (գլխաքանակին),

3) մսատու ցեղի կովերը և մատղաշը արոտավայր հանելուց 20 օր առաջ ենթարկվում են հելմինթոլառվոսկոպիկ հետազոտման: Ընթացիկ տարվա ծնված հորթերը, մատղաշը և մսատու ցեղի կովերը ենթարկվում են հելմինթոլառվոսկոպիկ հետազոտման ընտրողաբար՝ յուրաքանչյուր խմբից 30 գլխից ոչ պակաս, առաջին անգամ արոտ հանելուց 45-50 օր անց, այնուհետև ամեն 15 օրը մեկ մինչև արոտային շրջանի ավարտը:

92. Հոտի հիվանդ կենդանիները ճիճվաթափվում և տեղափոխվում են մսուրային պահվածքի: Անհրաժեշտության դեպքում ճիճվաթափությունը կրկնվում է ոչ շուտ, քան 12 օրից: Կենդանիներին, որոնց մոտ դիկտիոկաուլյոզը բարդացել է երկրորդային ինֆեկցիայով (թարախակատարային բրոնխոպնևմոնիա), ճիճվաթափության հետ մեկտեղ նշանակվում են հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ և այլ միջոցներ: Յոդի ջրային լուծույթի ներշնչափողային ներարկումները այդպիսի կենդանիներին հակացուցված է:

93. Ճիճվաթափության համար կիրառվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Տետրամիզոլ (նիլվերմ)՝ նշանակվում է խոշոր եղջերավոր կենդանիներին ներքին 10 մգ/կգ դեղաչափով, երկնվագ 24-ժամյա ընդմիջումով 1 %-անոց ջրային լուծույթի ձևով (անհատական տրման դեպքում) կամ կերային խառնուրդի կազմով (խմբակայինի դեպքում): Խառնուրդը պատրաստվում է դեղի 1 զանգվածային մասի և խտացրած կերերի 700 զանգվածային մասի հարաբերակցությամբ և կերակրվում միանման զանգվածով մինչև 10 գլուխ կենդանիներից կազմված խմբին:

2) Տետրամիզոլ 20 %-անոց (հատիկ դեղաձև)՝ կիրառվում է խմբակային կամ անհատական կերակրումով երկնվագ 1-5 օր ընդմիջումով հետևյալ դեղաչափերով՝ մինչև 100 կգ զանգվածով մատղաշին՝ 15 մգ/կգ, 100 կգ-ից ավելի զանգվածով մատղաշին՝ 10մգ/կգ: Դեղի միանվագ առավելագույն դեղաչափը մեկ կենդանու համար չպետք է գերազանցի 3 գրամը:

3) Ֆենբենդազոլ՝ նշանակվում է միանվագ, ներքին 10 մգ/կգ դեղաչափով: Դեղամիջոցը նշանակվում է անհատական կամ համակցված կերերի հետ խառնած:

4) Ֆեբանթել (ռինտալ)՝ նշանակվում է անհատական և խմբակային եղանակով, խտացրած կերերի հետ խառնուրդում 7,5 մգ/կգ դեղաչափով:

5) Մեբենդազոլ (մեբենվետ)՝ նշանակվում է խոշոր եղջերավոր կենդանիների մատղաշին միանվագ, ներքին 15 մգ/կգ դեղաչափով փոշու և հատիկի ձևով: Դեղամիջոցը չի նշանակվում դիեցման և վերարտադրման շրջանում գտնվող կենդանիներին: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է դեղամիջոցի օգտագործումից 7 օր անց:

6) Իվոմեկ՝ 1 %-անոց լուծույթը նշանակվում է խոշոր եղջերավոր կենդանիներին միանվագ, ենթամաշկային 0,2 մգ/կգ դեղաչափով: Լուծույթը չի նշանակվում դիեցման շրջանում գտնվող կենդանիներին: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է դեղամիջոցի օգտագործումից 28 օր անց:

7) Ալբենդազոլ՝ նշանակվում է խոշոր եղջերավոր կենդանիների մատղաշին միանվագ, ներքին, 3,8 մգ/կգ դեղաչափով կախույթի ձևով: Կախույթը չի նշանակվում դիեցման և վերարտադրման շրջանում գտնվող կենդանիներին: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է ճիճվաթափությունից 20 օր անց:

8) Օքսֆենդազոլ՝ նշանակվում է խոշոր եղջերավոր կենդանիների մատղաշին 4,5 մգ/կգ դեղաչափով կախույթի ձևով: Կախույթը չի կիրառվում դիեցման շրջանում գտնվող և վերարտադրող կենդանիներին: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է դեղամիջոցի օգտագործումից 14 օր անց:

9) Յոդի ջրային լուծույթ՝ հորթերի համար պատրաստվում է հետևյալ նյութերի հարաբերակցությամբ՝ բյուրեղային յոդ 1գ, կալիումի յոդիդ՝ 1,5գ, եռացրած կամ թորած ջուր՝ 1000 մլ: Ապակյա ամանի մեջ լցվում է բյուրեղային յոդը և կալիումի յոդիդը (կշռուկը), այնուհետև խառնուրդի վրա սկզբից լցվում է ոչ մեծ քանակությամբ ջուր մինչև յոդի լուծվելը, որից հետո ավելացվում է մնացած ջուրը: Թարմ պատրաստված յոդի լուծույթը տրվում է 0,6 մգ/կգ դեղաչափով ամեն թոքին ներշնչափողային՝ շնչափողի վերին երրորդ մասից կենդանու մեջքակողային դիրքով թեքած մարմնի առանցքից 25-300: Բուժման նպատակով ճիճվաթափությունը կիրառելիս լուծույթը տրվում է (լցվում է) մի թոքի մեջ, իսկ հաջորդ օրը՝ մյուս թոքի մեջ: Լուծույթի ջերմաստիճանը պետք է լինի 300C-ին մոտ: Լուծույթի լցնելուց հետո կենդանիները կանգնեցվում են ոչ շուտ, քան 30 վայրկյան անց:

 

XII. ՈՉԽԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԾԵՐԻ ԴԻԿՏԻՈԿԱՈՒԼՅՈԶ

 

94. Ոչխարների և այծերի դիկտիոկաուլյոզը հարուցվում է Dictyocaulus filarial նեմատոդի կողմից, որը մակաբուծվում է բրոնխներում և շնչափողում:

95. Մսուրաարոտային պահվածքով տնտեսություններում դիկտիոկաուլյոզով վարակվածության դեպքում անցկացվում են հետևյալ միջոցառումները.

1) բոլոր հոտերի կենդանիները, որոնք արածեցվել են բնական արոտավայրերում ընտրողաբար հետազոտվում են հելմինթոլավրոսկոպիկ մեթոդով՝ գարնանը (մարտ ամսին) արոտավայր հանելուց ոչ շուտ, քան 20 օր առաջ, ընթացիկ տարվա գառներին և ուլերին՝ ամռանը (հուլիսին-օգոստոս ամիսներին),

2) աշնանը՝ մինչև մսուրային շրջանին անցնելը մինչև 2 տարեկան կենդանիներին յուրաքանչյուր հոտից հետազոտում են 30 կենդանուց ոչ պակաս:

96. Հոտերի վարակված կենդանիներին ճիճվաթափում են գարնանը՝ արոտավայր հանելուց առաջ (մայրերին ծնից հետո), ամռանը (հուլիսի-օգոստոս ամիսներին)՝ գառներին, ուլերին և մայրերին, աշնանը՝ բոլոր կենդանիներին մսուրային պահվածքի անցնելուց:

97. Շուրջտարյա արոտային պահվածքի և քոչվորային ոչխարաբուծության դեպքում կենդանիների հետազոտությունը և ճիճվաթափությունն իրականացվում է հաշվի առնելով տեղանքի անասնահամաճարակային առանձնահատկությունները:

98. Կլինիկորեն արտահայտված դիկտիոկաուլյոզով հիվանդ կենդանիները անհապաղ ենթարկվում են բուժիչ ճիճվաթափման՝ անկախ տարվա եղանակից: Երկրորդային ինֆեկցիայով (կատարալ-թարախային բրոնխոպնևմոնիա) հիվանդ կենդանիները ճիճվաթափության հետ զուգահեռ բուժվում են հակամիկրոբային դեղերով, սուլֆանիլամիդներով և այլն:

99. Տնտեսության ցանկապատված կուլտուրային արոտավայրերի առկայության դեպքում առաջնահերթ արածեցվում են մայր ոչխարները և գառները կամ այծերը ուլերի հետ:

100. Դիկտոկաուլյոզի կանխարգելման համար ոչխարների և այծերի հետարածեցումը իրականացվում է այն արոտներում, որտեղ արածեցվել են խոշոր եղջերավոր կենդանիները:

101. Քիմիականխարգելման համար ոչխարները և այծերը ամեն օր կերակրվում են խառնուրդով, որը բաղկացած է 1 մաս ֆենոթիազինից և 9 մաս կերակրի աղից, իսկ աղուտներում արածեցնելիս՝ 1:6 հարաբերությամբ խառնուրդով: Ֆենոթիազինը կարելի է ավելացնել նաև համակցված կերերին օրը 1 գ դեղը 1 կենդանու հաշվարկով: Ֆենոթիազինի խառնուրդը աղի հետ կամ համակցված կերի հետ տրվում է անձրևից պաշտպանված տեղում:

102. Ոչխարների և այծերի ճիճվաթափության համար կիրառվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Տետրամիզոլ՝ կիրառվում է 5-10 %-անոց ստերիլ ջրային լուծույթի կամ փոշու կերի հետ խառնուրդում: Բուժիչ և կանխարգելիչ նպատակներով դեղամիջոցը նշանակվում է 15 մգ/կգ դեղաչափով, միանվագ, ենթամաշկային կամ ներքին, անհատական եղանակով, իսկ հյուծված ոչխարներին և գառներին՝ 10 մգ/կգ դեղաչափով, երկնվագ, 2 օր անընդմեջ, ներքին կամ ենթամաշկային: Կերային խառնուրդների ձևով տետրամիզոլը նշանակվում է ոչխարներին 10 մգ/կգ դեղաչափով, երկնվագ, 24-ժամյա ընդմիջումով: Խառնուրդը պատրաստվում է մեկ կշռային մաս պատրաստուկի և 700 կշռային մաս խտացրած կերի հարաբերությամբ և կերակրվում հասակակից կենդանիների (100-150 գլխի) խմբում:

2) Ֆենբենդազոլ՝ հիվանդության ենթակլինիկական ընթացքի դեպքում օգտագործվում է ներքին, միանվագ, 5 մգ/կգ դեղաչափով, կլինիկական ընթացքի դեպքում՝ 15 մգ/կգ դեղաչափով:

3) Ֆեբանթել՝ նշանակվում է ներքին, միանվագ, 10 մգ/կգ դեղաչափով:

4) Լևամիզոլ (վերմիզոլ, բելամիզոլ)՝ նշանակվում է ենթամաշկային, միանվագ, 7,5 մգ/կգ դեղաչափով: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է ճիճվաթափությունից 7 օր անց:

5) Մեբենդազոլը, ալբենդազոլը և օքֆենդազոլը նշանակվում են միայն գառներին՝ սույն հրահանգի 93-րդ կետի 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված կարգով:

6) Յոդի ջրային լուծույթը պատրաստվում է հետևյալ հարաբերակցությամբ՝ յոդի բյուրեղների՝ 1 գ, կալիումի յոդիդ՝ 1,5 գ և թորած ջուր՝ 1500 մլ: Լուծույթի պատրաստման և տրման ցուցումները սահմանված են սույն հրահանգի 93-րդ կետի 9-րդ ենթակետում: Յոդի լուծույթը նշանակվում է ընթացիկ տարվա ծնված գառներին և ուլերին՝ 5-8 մլ, 1-2 տարեկան մատղաշին՝ 10 մլ, հասակավոր կենդանիներին (2 տարեկանից բարձր)՝ 15-20 մլ դեղաչափով յուրաքանչյուր թոքին:

 

XIII. ՈՉԽԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԾԵՐԻ ՄՅՈՒԼԵՐՅՈԶ ԵՎ ՊՐՈՏՈՍՏՐՈՆԳԻԼՅՈԶ

 

103. Մյուլերյոզը և պրոտոստրոնգիլյոզը ոչխարների և այծերի խրոնիկ ընթացող հիվանդություններ են, որոնք հարուցվում են թոքերի պարենխիմայում, ալվեոլներում և ալվեոլների մուտքերում մակաբուծող Mullerius capillaris, միջին բրոնխներում և բրոնխիոլներում մակաբուծող Protostrongylus rufescens (P. kochi), P. raillieti և այլ նեմատոդների կողմից: Մյուլերյաներն ու պրոտոստրոնգիլները կենսահելմինթներ են և զարգանում են միջանկյալ տերերի՝ ցամաքային խխունջների մասնակցությամբ: Արտաքին միջավայր ընկած առաջին աստիճանի թրթուրները ակտիվորեն ներդրվում և ներթափանցում են ցամաքային խխունջների մարմնի մեջ, որտեղ 14-42 օրվա ընթացքում երկու անգամ մաշկափոխվելով դառնում են ինվազիոն: Դուրս գալով խխունջների մարմնից՝ բարձրանում են խոտերի վրա, որոնց հետ էլ կենդանիները կլանում են դրանց, երբեմն էլ վարակվում են անմիջականորեն՝ խոտի հետ ուտելով թրթուրներով վարակված խխունջներին:

104. Տնտեսությունում, որտեղ հաստատվել է մյուլերյաներով կամ պրոտոստրոնգիլներով վարակվածություն, կենդանիների վարակվելու սկզբնաղբյուրը հայտնաբերելու նպատակով անցկացվում է արոտավայրերի ճիճվաբանական գնահատում: Արոտավայրերում հայտնաբերվում են խխունջներով բնակեցված հատվածները: Բաց արոտավայրերում պակասեցվում է ցամաքային խխունջների թվաքանակը՝ քարերը հեռացնելու, կոճղերը, ընկած չորացած ծառերը հեռացնելու, կերային կուլտուրաներ ցանելու միջոցով: Ֆերմային հարակից տարածքներում ցամաքային խխունջների դեմ պայքարելիս կիրառվում է մեթալդեհիդի 5 %-անոց հատիկներ, խխունջասպան՝ մոլյուսկոցիդ-ատտրակտանտներ: Հատիկները շաղ են տալիս տարածքի ամբողջ մակերեսով 40-60 կգ/հա հաշվարկով: Եթե ցանելուց հետո անձրև է տեղացել, ապա մշակումը պետք է կրկնել: Մոլյուսկոցիդները կիրառվում են խխունջների ձմեռային քնից դուրս գալուց հետո, առավել արդյունավետ է անձրևից հետո կիրառումը:

105. Անտառային և թփուտային գոտիներում կիրառվում է արոտավայրերի փոփոխություն՝ մինչև հուլիսի երրորդ տասնօրյակը կենդանիները արածեցվում են մի արոտավայրում, սեզոնի երկրորդ կեսին՝ այլ: Կենդանիների վերադարձը առաջին հատված թույլատրվում է միայն հաջորդ սեզոնին: Մյուլերյոզի կանխարգելման նպատակով այծերը չեն արածեցվում ոչխարների հետ նույն արոտավայրում:

106. Ձմռանը մսուրային շրջանում կենդանիները ճիճվաթափվում են տետրամիզոլով՝ 10 մգ/կգ դեղաչափով սույն հրահանգի 102-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, մյուլերյոզի դեպքում՝ երկնվագ, պրոտոստրոնգիլյոզի դեպքում՝ եռանվագ, 24-ժամյա ընդմիջումով, իվոմեկով՝ ենթամաշկային, 0,2 մգ/կգ դեղաչափով, ֆենբենդազոլով՝ ներքին, 20 մգ/կգ դեղաչափով, ֆեբանթելով՝ ներքին, 20 մգ/կգ դեղաչափով:

 

XIV. ՈՐՈՃՈՂՆԵՐԻ ՀԵՄՈՆԽՈԶ

 

107. Հեմոնխոզը ոչխարների, այծերի, խոշոր եղջերավոր կենդանիների, զեբուների, ուղտերի, գոմեշների և վայրի կենդանիների հիվանդություն է, որը հարուցվում է շրդանում մակաբուծվող Haemonchus contortus նեմատոդով: Վարակված կենդանիների մոտ նկատվում է ախորժակի անկում, մարսողության խանգարումներ և տեսանելի լորձաթաղանթների գունատություն:

108. Տնտեսություններում, որտեղ հաստատվում է հեմոնխոզ, կենդանիներին ենթարկում են կանխարգելիչ և բուժիչ ճիճվաթափության: Կանխարգելիչ նպատակով ճիճվաթափում են՝

1) գարնանը մինչ արոտավայր հանելը՝ ամբողջ հասակավոր գլխաքանակը, հատկապես մայրերին (ծնից հետո) և նախորդ տարին արածեցված մատղաշին,

2) ամռանը՝ գառներին, ուլերին ընթացիկ տարվա ծնված հորթերին արոտավայր հանելուց 21 օր անց, հետո ևս 21 օր անց, անհրաժեշտության դեպքում (բարձր վարակվածություն) անցկացվում է երրորդ մշակում նույն ընդմիջումով,

3) աշնանը՝ ամբողջ մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը մսուրային շրջանի անցնելուց (ցուցումների առկայության դեպքում):

109. Շուրջտարյա արոտային պահվածքի և արտագնա անասնապահության դեպքում որոճողները կախված վարչատարածքային անասնահամաճարակային առանձնահատկություններից ճիճվաթափվում են հաստատված ժամանակահատվածներում: Հեմոնխոզի կլինիկական արտահայտվածության դեպքում բուժիչ ճիճվաթափության ենթարկվում են բոլոր կենդանիները, և կազմակերպվում է արոտավայրերի փոփոխություններ ամեն 4-5 օրը մեկ:

110. Ճիճվաթափության համար կիրառվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Անասնաբուժական ֆենոթիազին՝ նշանակվում է 500 մգ/կգ դեղաչափով խտացրած կերերի (սերմնահատիկ, քուսպ) հետ խառնած, ալրային բոլյուսներով կամ էմուլգատորների հետ ջրային կախույթի տեսքով (ալյուրանման եփուկ, օսլա, բենտոնիտ)՝ մինչև առավոտյան կերակրելը առանց հետագա լուծողական տալու: Ֆենոթիազինի օգտագործումից հետո նկատվում է մեզի վարդագույն գունավորում:

2) Տետրամիզոլ՝ ոչխարներին և այծերին նշանակվում է ենթամաշկային կամ ներքին, սույն հրահանգի 102-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով:

3) Ֆենբենդազոլ՝ ոչխարներին նշանակվում է 5 մգ/կգ դեղաչափով, խոշոր եղջերավոր կենդանիներին՝ 7,5 մգ/կգ միանվագ սորուն կերի խառնուրդի հետ:

4) Միկրոկապսուլային նավթամոն՝ նշանակվում է 240 մգ/կգ դեղաչափով փոքր քանակի համակցված կերի խառնուրդով, ազատ կերակրման եղանակով:

5) Իվոմեկ՝ նշանակվում է դիեցման շրջանում չգտնվող խոշոր եղջերավոր կենդանիներին սույն հրահանգի 93-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված կարգով:

6) Ալբենդազոլը, մեբենդազոլը, օքսֆենդազոլը նշանակվում են գառներին և խոշոր եղջերավոր կենդանիների մատղաշին սույն հրահանգի 93-րդ կետի 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված կարգով:

7) Լևամիզոլ՝ նշանակվում է ենթամաշկային միայն ոչխարներին և այծերին, սույն հրահանգի 102-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված կարգով:

111. Քիմոկանխարգելման նպատակով արոտային շրջանում ոչխարները ամեն օր ազատ եղանակով կերակրվում են խառնուրդով, որը բաղկացած է մեկ մաս ֆենոթիազինից և 9 մաս կերակրի աղից (աղուտ հողերով գոտիներում՝ 1:6 հարաբերությամբ) այն ժամկետներում, որոնք սահմանվել են հաշվի առնելով տարածաշրջանային անասնահամաճարակային առանձնահատկությունները:

 

XV. ՈՐՈՃՈՂՆԵՐԻ ՆԵՄԱՏՈԴԻՐՈԶ

 

112. Նեմատոդիրոզը ոչխարների, այծերի, հորթերի և վայրի որոճողների հիվանդություն է, որը հարուցվում է բարակ աղիներում մակաբուծող Nematodirus սեռի նեմատոդների կողմից (Nematodirus spathiger, N. oiratianus և այլն): Նեմատոդիրոզի ինվազիոն թրթուրներն ընկնելով կենդանու աղիքները՝ սկզբում ներդրվում են աղեպատի մեջ, որտեղ էլ երկու անգամ մաշկափոխվելով, վերադառնում են աղիքի լուսանցք և 24-26 օրում դառնում սեռահասուն: Կենդանու օրգանիզմում մակաբուծում են մինչև 5 ամիս: Կլինիկական նշաններն ի հայտ են գալիս վարակումից 11-14 օր անց, որի հետևանքով նկատվում է հևոց, փորլուծություն, ծարավի զգացում:

113. Նեմատոդիրոզի ախտորոշումը դրվում է համալիր՝ հելմինթոօվոսկոպիկ հետազոտությամբ և ախտորոշիչ ճիճվաթափությամբ, հաշվի առնելով հիվանդության կլինիկական արտահայտվածությունը:

114. Տնտեսություններում, որտեղ նախորդ տարի հաստատվել է նեմատոդիրոզ, գառներն արոտային սեզոնին ճիճվաթափվում են 3 անգամից ոչ պակաս, ինչպես հեմոնխոզի դեպքում՝ սույն հրահանգի 108-րդ կետով սահմանված կարգով: Առաջին ճիճվաթափության իրականացման ժամանակահատվածը հաստատվում է տարածքային անասնահամաճարակային տվյալների հիման վրա:

115. Ոչխարների և այծերի ճիճվաթափման համար կիրառվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Տետրամիզոլ՝ նշանակվում է ոչխարներին և այծերին ենթամաշկային կամ ներքին սույն հրահանգի 102-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով:

2) Ֆենբենդազոլը, ֆեբանթելը և լևամիզոլը կիրառվում են սույն հրահանգի 102-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով:

3) Միկրոկապսուլավորված նավթամոն՝ նշանակվում է հեմոնոխոզի համար սահմանված կարգով՝ սույն հրահանգի 110-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված կարգով:

4) Ալբենդազոլը, մեբենդազոլը և օքսֆենդազոլը նշանակվում է միայն գառներին և ուլերին սույն հրահանգի 93-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով:

116. Հիվանդության կանխարգելման համար գառներն արածեցվում են արոտներում, որտեղ անցած և ընթացիկ տարում չեն եղել նեմատոդիրոզով հիվանդ ոչխարներ:

 

XVI. ՈՐՈՃՈՂՆԵՐԻ ՄԱՐՇԱԼԱԳԻՈԶ

 

117. Մարշալագիոզը ոչխարների, այծերի և այլ որոճողների հիվանդություն է, որը հարուցվում է Marshallagia marshalli և M. mongolica նեմատոդների կողմից, որոնք մակաբուծում են շրդանում, ավելի հազվադեպ՝ բարակ աղիներում:

118. Տնտեսություններում, որտեղ հաստատվել է մարշալագիոզ, ամբողջ գլխաքանակը ենթարկվում է բուժկանխարգելիչ ճիճվաթափության, հեմոնխոզի և նեմատոդիրոզի համար սահմանված ժամանակահատվածում: Քիմիականխարգելիչ նպատակով ոչխարներն և այծերն ամեն օր կերակրվում են 1 մաս ֆենիոթիազինի և 9 մաս կերակրի աղի խառնուրդով սույն հրահանգի 111-րդ կետով սահմանված կարգով:

119. Ոչխարների և այծերի ճիճվաթափման համար կիրառվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Անասնաբուժական ֆենիոթիազին և միկրոկապսուլավորված նավթամոնը նշանակվում են հեմոնխոզի բուժման համար սահմանված կարգով՝ համաձայն սույն հրահանգի 110-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով սահմանված կարգով:

2) Տետրամիզոլը, ֆենբենդազոլը, ֆեբանթելը և լևամիզոլը նշանակվում են սույն հրահանգի 102-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված կարգով:

3) Ալբենդազոլը, մեբենդազոլը և օքսֆենդազոլը նշանակվում է միայն գառներին և ուլերին՝ սույն հրահանգի 93-րդ կետի 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված կարգով:

 

XVII. ՈՐՈՃՈՂՆԵՐԻ ՕՍՏԵՐՏԱԳԻՈԶ, ԿՈՈՊԵՐԻՈԶ ԵՎ ՏՐԻԽՈՍՏՐՈՆԳԻԼՅՈԶ

 

120. Օստերտագիոզը ոչխարների և խոշոր եղջերավոր կենդանիների հիվանդություն է, որը հարուցվում է շրդանում մակաբուծող համապատասխան Ostertagia circumcincta և Ostertagia ostertagi նեմատոդներով: Հիմնականում հիվանդանում են մինչև 2 տարեկան կենդանիները: Կոոպերիոզը որոճողների հիվանդություն է, որը հարուցվում է Cooperia սեռի մի քանի տեսակի նեմատոդների կողմից, որոնք մակաբուծում են բարակ աղիներում, շրդանում և ենթաստամոքսային գեղձում: Հիվանդությունը հիմնականում հանդիպում է խոշոր եղջերավոր կենդանիների մոտ: Տիրխոստրոնգիլյոզը որոճողների հիվանդություն է, որը հարուցվում է Trichostrongylսs սեռի մի քանի տեսակի նեմատոդների կողմից, որոնք մակաբուծում են բարակ աղիներում և հազվադեպ՝ շրդանում: Առավել հաճախ վարակվում են մինչև 2 տարեկան ոչխարները: Հիվանդ կենդանիների մոտ նկատվում է տեսանելի լորձաթաղանթների գունատություն, մարսողության խանգարումներ:

121. Տնտեսություններում, որտեղ հաստատվել է օստերտագիաներով, կոոպերիոաներով կամ տիրխոստրոնգիլներով վարակվածություն, կենդանիների կանխարգելիչ ճիճվաթափությունն իրականացվում է համաձայն սույն հրահանգի 108-րդ և 110-րդ կետերի կամ քիմիոկանխարգելում՝ համաձայն 101-րդ կետի: Ընթացիկ տարվա ծնված հորթերը ճիճվաթափվում են ամռան վերջին և աշնանը, 1 տարեկանից մեծ մատղաշը՝ գարնանը և աշնանը:

122. Ոչխարների և այծերի ճիճվաթափման համար կիրառվում է անասնաբուժական ֆենոթիազին, միկրոկապսուլավորված նավթամոն՝ սույն հրահանգի 110-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով, տետրամիզոլ, ֆենբենդազոլ, ֆեբանթել, լևամիզոլ՝ 102-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ 4-րդ ենթակետերով, ալբենդազոլ, մեբենդազոլ, օքսֆենդազոլ՝ 93-րդ կետի 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանած կարգով: Խոշոր եղջերավոր կենդանիներին նշանակվում է տետրամիզոլ, ֆենբենդազոլ, ֆեբանթել, ալբենդազոլ, մեբենդազոլ, իվոմեկ և օքսֆենդազոլ՝ սույն հրահանգի 93-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված կարգով:

 

XVIII. ՈՐՈՃՈՂՆԵՐԻ ԷԶՈՖԱԳՈՍՏՈՄՈԶ

 

123. Էզոֆագոստոմոզը ոչխարների, խոշոր եղջերավոր կենդանիների և այլ կենդանիների հիվանդություն է, որը հարուցվում է Oesophagostomum սեռի նեմատոդների կողմից: Ոչխարների մոտ մակաբուծում են O. columbianum և O. Venulosum նեմատոդները, իսկ խոշոր եղջերավոր կենդանիների մոտ հիմնական հարուցիչը հանդիսանում է O. radiatum նեմատոդը: Տեղակայում են հաստ աղիքի հատվածում: Հիվանդանում են 3 ամսականից մեծ կենդանիները: Թրթուրային փուլում էզոֆագոստոմները մակաբուծում են բարակ աղիքների լորձաթաղանթում և առաջացնում հանգույցներ, որտեղ տարիներով կենսունակ են մնում: Հանգույցներից դուրս եկած թրթուրները հաստ աղիքների լուսանցքում սեռահասուն են դառնում վարակումից 32-43 օր անց: Հիվանդության առաջին շրջանում (հանգուցային փուլ) նկատվում է ախորժակի անկում, փորլուծություն և հյուծվածություն, երկրորդ շրջանում ցայտուն կլինիկական նշանները բացակայում են:

124. Sնտեսություններում, որտեղ հաստատվել է կենդանիների Էզոֆագոստոմներով վարակվածություն, իրականացվում է բուժկանխարգելիչ ճիճվաթափություն: Նախորդ տարում արածեցված հասակավոր ոչխարների և մատղաշի կանխարգելիչ պլանային ճիճվաթափությունը իրականացվում է գարնանը՝ մինչ արոտ հանելը, երբ տեղի է ունենում թրթուրների զանգվածային դուրս գալը հանգույցներից, և աշնանը՝ մսուրային շրջանին անցնելուց 2-3 շաբաթ անց: Ընթացիկ տարվա ծնված գառները ճիճվաթափվում են 2 անգամ առաջինը՝ մորից անջատելուց հետո, երկրորդը՝ մսուրային շրջանին անցնելիս: Ընթացիկ տարվա ծնված հորթերն ու 1 տարեկանից մեծ մատղաշը ճիճվաթափվում են սույն հրահանգի 121-րդ կետով սահմանված կարգով: Քիմիականխարգելումը իրականացվում է սույն հրահանգի 111-րդ կետով սահմանված կարգով:

125. Ոչխարների և այծերի ճիճվաթափության համար կիրառվում է տետրամիզոլ, ֆենբենդազոլ, ֆեբանթել, լևամիզոլ սույն հրահանգի 102-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված կարգով և ալբենդազոլ, մեբենդազոլ, օքսֆենդազոլ սույն հրահանգի 93-րդ կետի 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված կարգով: Խոշոր եղջերավոր կենդանիների համար օգտագործվում է՝ տետրամիզոլ, ֆենբենդազոլ, ֆեբանթել, ալբենդազոլ, մեբենդազոլ, իվոմեկ և օքսֆենդազոլ սույն հրահանգի 93-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված կարգով:

 

XIX. ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԵՑԻՍՏՈՑԻՌՈԶ

 

126. Մեցիստոցիռոզը հիվանդություն է, որը հարուցվում է շրդանում մակաբուծող Mecistocirrus digitatus նեմատոդով: Կենդանիները վարակվում են արոտավայրերում կուլ տալով ինվազիոն թրթուրները:

127. Տնտեսություններում, որտեղ հաստատվել է մեցիստոցիռոզ, իրականացվում է խոշոր եղջերավոր կենդանիների ամբողջ գլխաքանակի ճիճվաթափություն: Պրեիմագինալ ճիճվաթափությունը իրականացվում է դեկտեմբեր-փետրվար ամիսներին, իմագինալը՝ մարտ-մայիս ամիսներին, բայց ոչ ուշ, քան արոտ հանելուց մեկ շաբաթ առաջ:

128. Պրեիմագինալ ճիճվաթափության համար կիրառվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Տետրամիզոլը և նրա դեղաձևը (20 %-անոց տետրամիզոլի հատիկ) նշանակվում է 10 մգ/կգ դեղաչափով երկնվագ, անհատական, ներքին:

2) Ֆենբենդազոլ՝ նշանակվում է 7,5 մգ/կգ դեղաչափով միանվագ, համակցված կերի հետ խառնած, անհատական կամ խմբակային եղանակով:

3) Իվոմեկ՝ նշանակվում է 0,2 մգ/կգ դեղաչափով ենթամաշկային, միանվագ, դեղը ազդում է ոչ սեռահասուն և սեռահասուն հարուցիչների վրա:

4) Ֆենիոթիազին՝ նշանակվում է 150 մգ/կգ դեղաչափով, միանվագ, համակցված կերի հետ խառնած, միայն իմագինալ ճիճվաթափության համար, անհատական կամ խմբակային եղանակով:

129. Կանխարգելման համար օգտագործվում է հորթերի մսուրազբոսային կամ արոտային պահվածք, երբ նրանք առանձնացված են հասակավոր կենդանիներից՝ արոտային շրջանում ֆենոթիազինաաղային 1:10 խառնուրդի ամենօրյա կերակրումով:

 

XX. ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԹԵԼԱԶԻՈԶ

 

130. Թելազիոզը խոշոր եղջերավոր կենդանիների, գոմեշների և զեբուների հիվանդություն է, որը հարուցվում է Thelazia gulosa և Thelazia skrjabini նեմատոդներով, որոնք մակաբուծում են արցունքագեղձի ծորաններում և կոպերի տակ: Երրորդ հարուցիչը՝ Thelazia rhodesi-ն տեղակայվում է շաղկապենու պարկում և երրորդ կոպի տակ: Թելազիաները զարգանում են միջանկյալ տերերի՝ արոտային ճանճերի մասնակցությամբ:

131. Տնտեսություններում, որտեղ հաստատվել է խոշոր եղջերավոր կենդանիների թելազիոզ, իրականացվում են արոտային ճանճերի կենդանիների վրա հարձակման կանխարգելման, ինչպես նաև կանխարգելիչ ճիճվաթափությանն ուղղված միջոցառումներ: Օրվա շոգ ժամերին, երբ ճանճերը առավել ակտիվ են, կենդանիները պահվում են փակ շինություններում կամ ծածկի տակ, իսկ գիշերը արածեցվում են արոտավայրերում: Հորթերը պահվում և արածեցվում են հասակավոր գլխաքանակից առանձին որոշակի հեռավորությամբ (մի քանի կմ հեռավորությամբ): Արդեն արոտում գտնվող խոշոր եղջերավոր կենդանիների կանխարգելիչ ճիճվաթափությունը անցկացվում է մսուրային շրջանում կամ գարնանը՝ մինչ արոտային ճանճերի թռիչքը:

132. Հիվանդության կլինիկական նշաններ հայտնաբերելուց հետո իրականացվում է բուժիչ ճիճվաթափություն: Թելազիոզի երկրորդային ինֆեկցիայով բարդացման դեպքում (թարախային կոնյունկտիվիտ, կերատիտ) նշանակվում է նշանային բուժում՝ հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ և այլն:

133. Ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Իվոմեկը և ֆեբանթելը նշանակվում է սույն կարգի 93-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն:

2) Քլորոֆոսի 2 %-անոց ջրային լուծույթ՝ նշանակվում է շաղկապենու խոռոչի լվացման համար:

3) Յոդի ջրային լուծույթ՝ պատրաստվում է ապակյա սպասքում 1 գ յոդի բյուրեղների, 2 գ կալիումի յոդիդի և 2000 մլ թորած ջրի հարաբերությամբ: Օգտագործելուց առաջ լուծույթն անմիջապես գոլացվում է մինչև 38-390C: Շաղկապենու խոռոչը լվացվում է այդ լուծույթով փափուկ ծայրով տանձիկի օգնությամբ թույլ ճնշման տակ, եռանվագ, 2-3 օր ընդմիջումով:

4) Իխթիոլի կամ լիզոլի էմուլսիան օգտագործվում է 2-3 մլ դեղաչափով, ռետինե տանձիկի միջոցով երրորդ կոպի տակ և շաղկապենու պարկի մեջ, կենդանու գլուխը կախած և կողք տարած դիրքում: Էմուլսիայի օգտագործումից հետո կոպերը մերսում են: Իխթիոլի էմուլսիան օգտագործելուց առաջ թափահարվում է: Կենդանիները մշակվում են երեք անգամ, 2-3 օր ընդմիջումով:

134. Արոտային ճանճերը ոչնչացվում են կենդանիների մարմինը ցողարկելով միջատասպաններով՝ էկտոմինի 0,1 %-անոց, նեոստոմազինի 0,25 %-անոց և նեոցիդոլի 0,1 %-անոց կոնցենտրացիոն դեղորայքով՝ համաձայն նրանց կիրառման հրահանգների: Առաջին ցողարկումը կազմակերպվում է կենդանիներին մինչև արոտ հանելը, կրկնվում 5-7 օր հետո կամ անհրաժեշտության դեպքում: Կովերը մշակվում են առավոտյան կիթից հետո: Այդ պատրաստուկների հետ աշխատելիս հարկավոր է խիստ պահպանել անվտանգության կանոնները: Ճանճերի դեմ կենդանիների ցողարկման համար կիրառվում են դեզինֆեկցիոն սարքեր (ЛСД և այլն), որոնք ստեղծում են 3-4 մթնոլորտային ճնշում և ապահովում մանրացող և քիչ ծավալով լուծույթի ցողարկում:

 

XXI. ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԻԳԱՐԳԻՆԵՄՈԶ

 

135. Պիգարգինեմոզը հիվանդություն է, որը հարուցվում է Pygarginema skrjabini նեմատոդով, մակաբուծելով խոշոր եղջերավոր կենդանիների, այծյամների, պտավոր եղջերուների նախաստամոքսում (կտրիչում, գրքում, ցանցում):

136. Պիգարգինեմոզը ախտորոշվում է համաճարակաբանական տվյալների հիման վրա, հաշվի առնելով կլինիկական նշանները, ախտաբանաանատոմիական փոփոխությունները, ինչպես նաև հելմինթոօվոսկոպիկ հետազոտությունների արդյունքները:

137. Տնտեսություններում, որտեղ ախտորոշվել է պիգարգինեմոզ, անցկացվում են հետևյալ համալիր միջոցառումները՝

1) արոտավայրերի հելմինթոլոգիական գնահատում՝ հետազոտվում է գոմաղբային բզեզների վարակվածությունը թրթուրներով, որոնք հանդիսանում են հիվանդության հարուցչի հիմնական միջանկյալ տերերը,

2) խոշոր եղջերավոր կենդանիների մատղաշը չի արածեցվում անապահով արոտավայրերում,

3) արոտային շրջանում կազմակերպվում է խոշոր եղջերավոր կենդանիների ամենօրյա ազատ կերակրում ֆենոթիազինի-աղի 1:9 հարաբերությամբ, կամ 1 գլխի համար օրական ֆենոթիազինի 1-2 գրամ՝ խառնված համակցված կերին,

4) մսուրային շրջանում հիվանդ կենդանիները ճիճվաթափվում են:

138. Ճիճվաթափման համար օգտագործվում է տետրամիզոլ 10 մգ/կգ դեղաչափով, ֆենբենդազոլ 10 մգ/կգ դեղաչափով սույն հրահանգի 93-րդ կետի 3-րդ ենթակետով և անասնաբուժական ֆենոթիազին՝ 300-400 մգ/կգ դեղաչափով սույն հրահանգի 110-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված կարգով:

139. Հիվանդ կենդանիներն առանձնացվում են հոտից, կազմում առանձին խմբեր, նշանակվում է ուժեղացված դիետիկ կերակրում, ախորժակի բարձրացման և մարսման միջոցներ, իրականացվում նշանային բուժում:

140. Օգտագործման նպատակով խոշոր եղջերավոր կենդանիներին առանց անասնաբույժի թույլտվության չի թույլատրվում տեղափոխել պիգարգինոզով անապահով վայրերից այլ տնտեսություններ, ինչպես նաև տնտեսության ներսում վերախմբավորման:

 

XXII. ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕՆԽՈՑԵՐԿՈԶ

 

141. Օնխոցերկոզը հարուցվում է ստամոքսափայծաղային կապանում մակաբուծող Onchocerca lienalis և պարանոցային կապանում մակաբուծող Onchocerca gutturosa նեմատոդներով:

142. Տնտեսություններում, որտեղ հայտնաբերվել է խոշոր եղջերավոր կենդանիների օնխոցերկոզ, իրականացվում են հիվանդության հարուցչի միջանկյալ տերեր հանդիսացող մժեղների հարձակումից կանխելու միջոցառումներ: Մատղաշը աճեցվում է կովերից մեկուսացված՝ 5-10 կմ հեռավորության վրա: Կենդանիների ամառային ճամբարները տեղակայվում են մժեղների բազմացման վայրերից հեռու:

143. Մժեղների թրթուրները ոչնչացվում են տնտեսությունների համար նշանակություն չունեցող ավազանների չորացման միջոցով: Ոռոգման կառույցները պահվում են սարքին վիճակում: Ամռանը յուրաքանչյուր 30 օրը մեկ իրականացվում է ոռոգման ջրանցքների փակում: Փակ ոռոգման ջրանցքներով ջրամատակարարման կազմակերպումը ամբողջությամբ բացառում է մժեղների աճը: Մժեղների թրթուրների ոչնչացման համար օգտագործվում է բակտոլարվիցիդային լուծույթը (շտամ 2477) 1 սմ3 ջրամբարի հաշվով, 0.5-1 գ դեղաչափով:

144. Մժեղների հարձակումից պաշտպանելու համար կենդանիները մշակվում են միջատասպաններով սույն հրահանգի 134-րդ կետով սահմանված կարգով: Միջատասպանները օգտագործվում են կթից անմիջապես հետո և յուրաքանչյուր կթից առաջ կուրծքը պարտադիր լվացվում է: Որպես ռեպելենտ միջոց օգտագործում են 3 %-անոց օքսամատի և բենզիմինի էմուլսիաներ՝ հասակավորին՝ 1.5-2 լ և մատղաշին՝ 0.75-1 լ հաշվարկով:

145. Օնխոցերկոզի հետագա տարածումը կանխելու համար կենդանիներին արոտ տանելուց առաջ (մինչև արյունածուծ միջատների ակտիվ հարձակման ժամանակաշրջանը) օգտագործվում է իվոմեկ և ֆասկովերմ: Իվոմեկը նշանակվում է սույն հրահանգի 93-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն, Ֆասկովերմը՝ 5 մգ/կգ դեղաչափով 5 %-անոց լուծույթը ներարկվում է ներմկանային երկու տարբեր տեղերում՝ 1 մլ/10 կգ կենդանի զանգվածի հաշվարկով: Արյունածուծ միջատների ակտիվության ժամանակաշրջանում խոշոր եղջերավոր կենդանիներին լուծույթը ներարկվում է երկնվագ, 1,5 ամիս ընդմիջումով:

 

XXIII. ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՏԵՖԱՆՈՖԻԼԱՐԻՈԶ

 

146. Ստեֆանոֆիլարիոզը խոշոր եղջերավոր կենդանիների հիվանդություն է, որը հարուցվում է Stephanofilaria stilesi մանր նեմատոդով, մակաբուծելով մարմնի տարբեր մասերի (ականջակոնք, որովայն, կուրծք) մաշկի հաստաշերտերում: Հելմինթները զարգանում են միջանկյալ տիրոջ՝ այրող (ժիգալկա) ճանճի մասնակցությամբ:

147. Տնտեսություններում, որտեղ հայտնաբերվել է ստեֆանոֆիլարիոզով վարակվածություն, կազմակերպվում են ինֆեկցիայի կանխարգելման, ճանճերի ոչնչացման և խոշոր եղջերավոր կենդանիների մաշկային ծածկույթի ախտահարված հատվածների մշակմանն ուղղված միջոցառումներ: Ամառվա ընթացքում մաշկային ծածկույթի ախտահարված հատվածների առաջացման դեպքում նրանց յուրաքանչյուր 20 օրը մեկ օծում են 30-40 % քլորոֆոսային քսուքով (լանոլինի հիման վրա): Իվոմեկը օգտագործվում է սույն հրահանգի 93-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն:

 

XXIV. ՈՐՈՃՈՂՆԵՐԻ ՊԱՐԱԲՐՈՆԵՄՈԶ

 

148. Պարաբրոնեմոզը ուղտերի, խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների և այլ որոճողների հիվանդություն է, որը հարուցվում է Parabronema skrjabini նեմատոդով, մակաբուծելով շրդանի լորձաթաղանթում:

149. Տնտեսություններում, որտեղ հայտնաբերվել է պարաբրոնեմոզով վարակվածություն, կազմակերպվում է ճանճերի (միջանկյալ տերերի) ոչնչացում և կենդանիների ճիճվաթափում ապրիլ-մայիս ամիսներին անասնաբուժական ֆենոթիազինով՝ ուղտերին՝ 500-600 մգ/կգ, խոշոր եղջերավոր կենդանիներին՝ 200-300 մգ/կգ և ոչխարներին՝ 700 մգ/կգ դեղաչափերով:

 

XXV. ՍՏՐՈՆԳԻԼՈԻԴՈԶ

 

150. Ստրոնգիլոիդոզը ոչխարների, այծերի, խոշոր եղջերավոր կենդանիների, ձիերի, խոզերի և այլ կենդանիների հիվանդություն է, որը հարուցվում է Strongyloides սեռին պատկանող բարակ աղիներում մակաբուծող նեմատոդներով: Ոչխարների, այծերի և խոշոր եղջերավոր կենդանիների մոտ հիվանդությունը հարուցում են Strongyloides papillosus, ձիերի մոտ՝ S. westeri, խոզերի մոտ՝ S. raոsօmi հելմինթները: Հիվանդությունն ի հայտ է գալիս կենդանիների կյանքի առաջին ամիսներին: Ստրոնգիլոիդոզով հիվանդանում է նաև մարդը:

151. Ստրոնգիլոիդոզի հիմնական կանխարգելիչ միջոցառումներից մեկը մայրական կազմի և նորածին մատղաշի ընդհանուր սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումն է՝ ամեն օր հեռացնելով գոմաղբը: Խոզամայրերի ծնարանների և ծծկեր խոճկորների վանդակների հատակը պետք է լինի ամուր ծածկույթով: Խոզամայրերի շենքերը, վանդակները, ծնարանները և խնամքի առարկաները մայրերի յուրաքանչյուր ներմուծումից առաջ ենթարկվում է մանրակրկիտ մեխանիկական մաքրման և դեզինվազիայի:

152. Մաքիները ճիճվաթափվում են մսուրային պահվածքին անցնելուց առաջ: Վերարտադրման, տոհմային և բտման խոզաբուծական և ոչխարաբուծական տնտեսություններում խոզամայրերը և մաքիները հղիության երկրորդ շրջանում հետազոտվում են ստրոնգիլոիդոզի նկատմամբ (հելմինթոկոպրոսկոպիկ մեթոդով), հիվանդություն հայտնաբերելու դեպքում բոլոր կենդանիները ծնից մեկ ամիս առաջ ճիճվաթափվում են: Հորթերը, գառները, խոճկորները և մտրուկները 13-15 օրական հասակում ենթարկվում են հելմինթոկապրոսկոպիկ հետազոտության, վարակի հայտնաբերման դեպքում կենդանիները ճիճվաթափվում են խմբակային եղանակով: Բուժիչ ճիճվաթափությունը իրականացվում է հիվանդության կլինիկական նշանների ի հայտ գալուց տարվա ցանկացած ժամանակահատվածում:

153. Ճիճվաթափման համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Ֆենբենդազոլ՝ նշանակվում է ոչխարներին, այծերին, խոշոր եղջերավոր կենդանիներին և խոզերին 10 մգ/կգ դեղաչափով, միանվագ, անհատական կամ խմբակային եղանակով:

2) Տետրամիզոլ՝ նշանակվում է ոչխարներին և այծերին սույն հրահանգի 102-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, խոշոր եղջերավոր կենդանիներին՝ 93-րդ կետի 1-ին ենթակետի, իսկ խոզերին՝ սույն հրահանգի 159-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:

3) Ֆեբանթել՝ նշանակվում է խոշոր եղջերավոր կենդանիներին՝ 7.5 մգ/կգ, ոչխարներին՝ 10 մգ/կգ և խոզերին՝ 5 մգ/կգ դեղաչափերով միանվագ, ներքին:

4) Ալբենդազոլը, մեբենդազոլը և օքսֆենդազոլը նշանակվում է ոչխարներին և այծերին սույն հրահանգի 102-րդ կետի 5-րդ ենթակետի, իսկ խոշոր եղջերավոր կենդանիներին՝ 93-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն:

5) Իվոմեկ՝ նշանակվում է խոշոր եղջերավոր կենդանիներին սույն հրահանգի 93-րդ կետի 6-րդ ենթակետի, իսկ խոզերին՝ 159-րդ կետի համաձայն:

 

XXVI. ԽՈԶԵՐԻ ԱՍԿԱՐԻԴՈԶ

 

154. Ասկարիդոզը հարուցվում է խոզերի բարակ աղիներում մակաբուծող Ascaris suum նեմատոդներով: Առավել հաճախ հիվանդանում է 2-4 ամսական մատղաշը: Խոզերի ասկարիդոզով կարող է հիվանդանալ նաև մարդը:

155. Հակաասկարիդոզային միջոցառումները իրականացվում են հաշվի առնելով կենդանիների պահման տեխնոլոգիական առանձնահատկությունները, հիվանդության ընթացքը և տեղական բնակլիմայական պայմանները:

156. Վերարտադրման, տոհմային և բտման տնտեսություններում բոլոր խոզամայրերը ճիճվաթափվում են ծնից 2 շաբաթ առաջ: Ծնված խոճկորները սկսած 35-օրական հասակից ենթարկվում են պարտադիր պրեիմագինալ ճիճվաթափման: Եթե այդ հասակում անհնար է իրականացնել պրեիմագինալ ճիճվաթափում, ապա գոճիներին սկսում են ճիճվաթափել 2.5-3 ամսական հասակից: 10 օր հետո իրականացվում է հսկիչ հելմինթոօվոսկոպիկ հետազոտություն և խմբում 10 % ավելի վարակված կենդանիներ հայտնաբերելու դեպքում ճիճվաթափությունը կրկնվում է: Մայրերի խոզանոցներում հերթական ծնից առաջ, ինչպես նաև բտման խմբերի խոզանոցներում հերթական տեղափոխումից առաջ անցկացվում է դեզինվազիա:

157. Բտման տնտեսություններում բտման բերվող խոզերը կանխարգելիչ կարանտինի ընթացքում ենթարկվում են հելմինթոօվոսկոպիկ հետազոտման և անհրաժեշտության դեպքում ճիճվաթափության: Կարանտինային շենքերը և բտման խոզանոցները հերթական բտման ցիկլի ավարտից հետո ենթարկվում են դեզինվազիայի:

158. Բոլոր տեսակի տնտեսություններում խոզանոցների, զբոսաբակերի և հարթակների հատակը պետք է լինի շատ ամուր: Չի թույլատրվում խոզերի զբոսանքը չցանկապատված տնտեսության տարածքում:

159. Ճիճվաթափման համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Պիպերազին՝ նշանակվում է մինչև 4 ամսական գոճիներին (մինչև 50 կգ քաշով) միանվագ 300 մգ/կգ դեղաչափով, 2 օր անընդմեջ, առավոտյան կերակրման ժամանակ կերի հետ: Ուժեղ վարակվածության դեպքում պիպերազինը նշանակվում է օրը 2 անգամ, 2 օր անընդմեջ (1,2 գ/կգ բուժման գործողությունների ամբողջական դեղաչափով): 50 կգ-ից ավելի քաշով խոզերի համար դեղը նշանակվում է միանվագ 15 գ դեղաչափով, օրը 2 անգամ (յուրաքանչյուր կենդանուն 30 գ բուժման գործողությունների ամբողջական դեղաչափ): Ճիճվաթափման օրը կերի քանակը պակասեցվում է 2 անգամ, մատղաշի կերը բարելավվում է կաթնային շիճուկի խառնուրդով կամ այլ մթերքներով: Խոզերի ազատ պահվածքի կերամաններից չոր կերերով կերակրելու դեպքում պիպերազինը հատուկ խառնիչ մեքենայի միջոցով խառնվում է 1 օրվա համար սահմանված կերաբաժնի կեսի հետ: Ջրելը չի սահմանափակվում և չեն նշանակվում լուծողական միջոցներ: Թույլ խոճկորները առանձնացվում են, կազմում խմբեր (30 կենդանուց ոչ ավելի) և ճիճվաթափվում: Խոճկորների պրեիմագինալ ճիճվաթափման համար պիպերազինը նշանակվում է մայիսից մինչև դեկտեմբեր ամիսներին առաջին անգամ 35-40 օրական, երկրորդ անգամ՝ 50-55 և երրորդ անգամ՝ 90 օրական հասակներում, դեկտեմբերից մինչև մայիս ամիսները՝ առաջին անգամ 50-55 օրական և երկրորդ անգամ՝ 90 օրական հասակներում:

2) Տետրամիզոլ՝ նշանակվում է խոզերին միանվագ 7 մգ/կգ դեղաչափով, 2 օր անընդմեջ կերի հետ օրը 2 անգամ (14 մգ/կգ բուժման գործողությունների ամբողջական դեղաչափ), ուժեղ վարակվածության դեպքում՝ 3 օր անընդմեջ (21 մգ/կգ բուժման գործողությունների ամբողջության դեղաչափ):

3) Ֆենբենդազոլ՝ նշանակվում է կերի հետ խառնված, մեկ օրում երկնվագ 10 մգ/կգ դեղաչափով: Բարձր վարակվածության դեպքում դեղը նշանակվում է երկնվագ 15 մգ/կգ դեղաչափով:

4) Ֆեբանթել՝ նշանակվում է 5 մգ/կգ դեղաչափով 2 օր անընդմեջ կերի հետ: Ուժեղ վարակվածության դեպքում դեղը նշանակվում է նույն դեղաչափով 3 օր անընդմեջ:

5) Թիաբենդազոլ՝ նշանակվում է կերի հետ խառնված 100 մգ/կգ դեղաչափով 2 օր անընդմեջ: Ուժեղ վարակվածության դեպքում դեղը նշանակվում է նույն դեղաչափով 3 օր անընդմեջ:

6) Իվոմեկ՝ նշանակվում է 1 %-անոց լուծույթի ձևով ենթամաշկային, միանվագ 0.3 մգ/կգ դեղաչափով 1 մլ լուծութը 33 կգ կենդանու հաշվարկով:

160. Խոճկորներին պրեիմագինալ ճիճվաթափման համար 2 շաբաթականից մինչև 2 ամսական հասակը ամեն շաբաթ (7 օրը մեկ) կերի հետ 2 մգ/կգ դեղաչափով նշանակվում է տետրամիզոլ, ֆենբենդազոլ, ֆեբանթել: Մսի համար խոզերի սպանդը թույլատրվում է պիպերազինի, տետրամիզոլի, ֆենբենդազոլի, ֆեբանթելի թիաբենդազոլի և իվոմեկի օգտագործումից համապատասխան 4, 8, 7, 7, 3 և 28 օր անց:

 

XXVII. ԽՈԶԵՐԻ ԷԶՈՖԱԳՈՍՏՈՄՈԶ (ՀԱՆԳՈՒՑԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ)

 

161. Էզոֆագոստոմոզը (հանգուցային հիվանդություն) հարուցվում է Oesophagostomum սեռին պատկանող նեմատոդներով, որոնք մակաբուծում են հաստ աղիքներում:

162. Տնտեսություններում, որտեղ հաստատվել է Էզոֆագոստոմոզ, միջոցառումներն անցկացվում են հաշվի առնելով կենդանիների խնամքի տեխնոլոգիաները և դասակարգումը:

163. Վերարտադրման և տոհմային տնտեսություններում իրականացվում են հետևյալ միջոցառումները.

1) օրը մեջ երկու անգամ բոլոր խոզամայրերը և ընտրովի 3 ամսականից բարձր հասակի (խմբում 50 գլխից ոչ պակաս) խոճկորները ենթարկվում են հելմինթոսկոպիկ հետազոտության,

2) խոզամայրերը ճիճվաթափվում են ըստ հղիության առաջին շրջանի ցուցումների և ծնից 2 շաբաթ առաջ,

3) ուժեղ վարակվածության դեպքում վարազները ճիճվաթափվում են 3 անգամ յուրաքանչյուր 2 ամիսը մեկ, իսկ կանխարգելիչ մշակումներն իրականացվում են տարեկան 2 անգամ՝ գարնանն ու աշնանը,

4) 3 ամսականից բարձր բոլոր կենդանիները ճիճվաթափվում են գարնանը՝ մինչև կենդանիներին ճամբարներ հանելը և աշնանը՝ մինչև ստացիոնար պահվածքին անցնելը,

5) վերանորոգման մատղաշը ճիճվաթափվում է 6-8 ամսական հասակում:

164. Բտման տնտեսություններ բերված խոզերը կարանտինի շրջանում ենթարկվում են հելմինթոօվոսկոպիկ հետազոտության: Այն խմբերում, որտեղ հայտնաբերվում են վարակված կենդանիներ, կատարվում է ճիճվաթափություն:

165. Ընդհանուր կանխարգելիչ միջոցառումները կատարվում են սույն հրահանգի 155-րդ և 156-րդ կետերի համաձայն:

166. Ճիճվաթափման համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Տետրամիզոլ՝ նշանակվում է 3 ամսականից բարձր գոճիներին սույն հրահանգի 159-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:

2) Ֆենբենդազոլը, ֆեբանթելը, թիաբենդազոլը և իվոմեկը օգտագործվում են ասկարիդոզի համար սույն հրահանգի 159-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված կարգով:

3) Պիպերազին՝ նշանակվում է խոզամայրերին մեկանգամյա 50 գ մեկ կենդանու հաշվով, օրը 1 անգամ, 3 օր անընդմեջ կերի հետ (150 գ մեկ կենդանու բուժման գործողությունների ամբողջական դեղաչափով):

 

XXVIII. ԽՈԶԵՐԻ ՏՐԻԽՈՑԵՖԱԼՅՈԶ

 

167. Տրիխոցեֆալյոզը խոզերի մատղաշի հիվանդություն է, որը հարուցվում է հիմնականում կույր աղիքում մակաբուծող Trichocephalus suis նեմատոդով:

168. Տնտեսություններում, որտեղ հաստատվել է տրիխոցեֆալյոզով վարակվածություն, իրականացվում են սույն հրահանգի II բաժնով սահմանված ընդհանուր կանխարգելիչ միջոցառումները: Կոպրոսկոպիկ հետազոտությունները և կանխարգելիչ ճիճվաթափությունը իրականացվում են սույն հրահանգի 157-րդ, 158-րդ և 159-րդ կետերով սահմանված կարգով:

169. Ճիճվաթափության համար օգտագործվում են ֆենբենդազոլ և ֆեբանթել դեղամիջոցները: Ֆենբենդազոլը օգտագործվում է կերի հետ օրը 2 անգամ 33 մգ/կգ դեղաչափով: Ֆեբանթելը նշանակվում է կերի հետ 3 օր անընդմեջ 10 մգ/կգ դեղաչափով:

 

XXIX. ԽՈԶԵՐԻ ՄԵՏԱՍՏՐՈՆԳԻԼՅՈԶ

 

170. Մետաստրոնգիլյոզը ընտանի և վայրի խոզերի հիվանդություն է, որը հարուցում են բրոնխներում մակաբուծող Metastrongylus apri, M. pudendotectus, M. salmi և մի շարք այլ նեմատոդներ: Հարուցիչները զարգանում են միջանկյալ տեր հանդիսացող անձրևաորդերի մասնակցությամբ:

171. Մետաստրոնգիլներով կենդանիների վարակումը կանխելու համար խոզանոցները պետք է ունենան ամուր հատակ: Փայտե հատակները պատրաստվում են խիտ դասավորությամբ, տախտակները փռվում են կավի շերտի վրա այնպես, որ անձրևաորդերի կուտակմանը նպաստող ճեղքեր չլինեն: Զբոսաբակերը բետոնապատվում են: Խոզանոցները և ճամբարները կառուցվում են չոր և բարձր տեղերում, որտեղ անձրևաորդերի զարգացման համար անբարենպաստ պայմաններ են: Անձրևից հետո խոզերին չեն թողնում արոտի:

172. Կենդանիներին ճիճվաթափում են տարեկան 2 անգամ՝ աշնանը մսուրային պահվածքի անցնելուց 10 օր առաջ և գարնանը՝ մինչև արոտավայր կամ զբոսաբակ հանելը: Բուժման նպատակով ճիճվաթափումը կատարվում է տարվա ցանկացած եղանակին:

173. Ճիճվաթափման համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Տետրամիզոլ՝ նշանակվում է մինչև 20 կգ մեկ կենդանու հաշվով 100 մգ դեղաչափով, 50 կգ-ից բարձր՝ 250 մգ, իսկ 20-50 կգ զանգվածով կենդանիներին՝ 5 մգ/կգ դեղաչափով, օրական մեկ անգամ կերի հետ:

2) Ֆենբենդազոլ՝ նշանակվում է 2 անգամ 2 օր անընդմեջ 5 մգ/կգ դեղաչափով:

3) Ֆեբանթելը և իվոմեկը նշանակվում են ասկարիդոզի համար սույն հրահանգի 159-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սանմանված կարգով:

174. Նախաիմագինալ ճիճվաթափման համար դեղերը նշված դեղաչափերով օգտագործվում են 2 օր, իսկ բուժման համար՝ 3 օր անընդմեջ: Նախաիմագինալ ճիճվաթափումը իրականացվում է ենթադրվող վարակից 30-35 օր հետո և շարունակվում է յուրաքանչյուր 30-35 օրը մեկ ողջ արոտային շրջանի ընթացքում: Խոճկորները ճիճվաթափվում են 1,5-2 ամսական հասակից սկսած:

 

XXX. ԽՈԶԵՐԻ ՕԼՈՒԼԱՆՈԶ

 

175. Օլուլանոզը խոզերի հիվանդություն է, որը հարուցում են Ollulanus tricuspis և O. suis նեմատոդները և մակաբուծում ստամոքսում: Վարակվում են նաև կատուները:

176. Օլուլանոզի ախտորոշումը իրականացվում է ստամոքսի ֆունդալ (հիմնային) գոտու լորձաթաղանթի քերուկում հարուցիչների հայտնաբերման դեպքում:

177. Անապահով տնտեսություններում միջոցառումներն իրականացվում են հաշվի առնելով կենդանիների պահվածքի տեխնոլոգիաները:

178. Վերարտադրման, տոհմային և բտման տնտեսություններում իրականացնում են հետևյալ միջոցառումները.

1) խոզամայրերը ճիճվաթափվում են մինչև բեղմնավորումը և ծնից երկու շաբաթ առաջ,

2) գոճիները առաջին անգամ ճիճվաթափվում են ծնվելուց 30 օր հետո (պրեիմագինալ ճիճվաթափում) կամ 2-3 ամսական հասակում: Կենդանիների անապահով խմբերում նեմատոդների հայտնաբերման դեպքում ճիճվաթափությունը կրկնվում է: Մայրական կազմի խոզանոցները ենթարկվում են դեզինվազիայի յուրաքանչյուր ծնից առաջ, բտման խոճկորների պահման շինությունները՝ հերթական վերափոխադրումից առաջ, կարանտինացման շինությունները՝ կենդանիներին բտման փոխադրելուց հետո:

179. 54 և 108 հազար գլուխ խոզ ունեցող վերարտադրման, աճեցման և բտման խոզաբուծական համալիրներում յուրաքանչյուր տարի իրականացվում են հետևյալ միջոցառումները.

1) վերանորոգման մատղաշը (խոզամայր և արու խոզեր) բերվում է միայն օլուլանոզի նկատմամբ ապահով տնտեսություններից: Կարանտինի ընթացքում ընկած կամ հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների ստամոքսի լորձաթաղանթը հետազոտվում է նեմատոդների առկայության նկատմամբ, եթե հայտնաբերվում են վարակված կենդանիներ՝ ամբողջ խմբաքանակը խոզաբուծական համալիր չի թույլատրվում,

2) խոզերի աճեցման և բտման արտադրամասերում տեղակայվում են միայն տվյալ խոզաբուծական համալիրում ծնված կենդանիները: Բոլոր անկած 1 ամսականից մեծ գոճիների ստամոքսի լորձաթաղանթը հետազոտվում է հելմինթների առկայության նկատմամբ:

180. Անապահով տնտեսություններում արգելվում է.

1) խոզերի զբոսանքը տնտեսության տարածքում և բնակավայրերում,

2) բտվող գոճիներին համատեղ պահել խոտանված խոզամայրերի և վարազների հետ,

3) խոզանոցի տարածքում պահել կատուներ,

4) կատուներին կերակրել անկած և սպանդի ենթարկված խոզերի մկաններով, ստամոքսով և այլ օրգաններով:

181. Ճիճվաթափման համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Տետրամիզոլ՝ նշանակվում է խոզամայրերին, աճեցման և բտման կենդանիներին՝ 7 մգ/կգ դեղաչափով 3 օր անընդմեջ, գոճիներին մինչև 2 ամսական հասակը՝ 5 մգ/կգ 5 օր անընդմեջ:

2) Ֆենբենդազոլ՝ նշանակվում է մեծահասակներին՝ 10 մգ/կգ 2 օր, մինչև 2 ամսական գոճիներին՝ 2.5 մգ/կգ, իսկ 2 ամսականից բարձր մատղաշին՝ 5 մգ/կգ 3 օր շարունակ:

3) Իվոմեկ՝ նշանակվում է ասկարիդոզի համար սահմանված կարգով համաձայն 159-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն:

 

XXXI. ԽՈԶԵՐԻ ԵՎ ՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՄՈՐԹԱՏՈՒ ԳԱԶԱՆՆԵՐԻ ՏՐԻԽԻՆԵԼՅՈԶ

 

182. Խոզերի և այլ կենդանիների տրիխինելյոզ հիվանդությունը հարուցում են Trichinella spiralis և Tr. pseudospiralis կլոր որդերը, որոնց թրթուրները տեղակայվում են միջաձիգ զոլավոր մկաններում, իսկ հասուն որդերը՝ բարակ աղիքների լուսանցքում կամ էլ դրանց ենթալորձային շերտում: Տրիխինելաների զարգացումը իրականացվում է նույն տիրոջ օրգանիզմում: Տրիխինելյոզի նկատմամբ անապահով տնտեսությունների վրա դրվում են սահմանափակումներ և իրականացվում հետևյալ միջոցառումները.

1) խոզաբուծական և գազանաբուծական ֆերմաների, ինչպես նաև բնակավայրերի տարածքները հաճախակի մաքրվում են աղբից, փոքր կենդանիների դիակներից, ոչնչացվում են առնետներն ու մկները,

2) արգելվում է խոզերի վաճառքը տոհմային նպատակով,

3) խոզերին և մորթատու գազաններին չի թույլատրվում կերակրել որսի ժամանակ սպանված աղվեսների, գայլերի, շների, մանր գիշատիչների և այլ կենդանիների, ներառյալ թռչունների մսեղիքով,

4) խոզերի սպանդի թափոնները, ծովային կաթնասունների միսը և խոհանոցային թափոնները խոզերին տրվում է միայն եփած վիճակով (1 կգ-ոց ոչ ավելին մսի կտորները եփում են 2 ժամից ոչ պակաս),

5) մորթատու վանդակային գազանների և թռչունների մսեղիքները, որոնք օգտագործվում են շների, գազանների և թռչունների կերակրման համար, վարակազերծվում են եփելով կամ վերամշակվում են մսոսկրային ալյուրի:

183. Որսորդներին արգելվում է տրիխինելյոզի նկատմամբ անապահով գոտիներում որպես խայծ օգտագործել չվնասազերծված դիակները և կենդանիների մսեղիքը:

184. Տրիխինելյոզի նկատմամբ անապահով տնտեսություններում 3 ամսականից բարձր խոզերը հետազոտվում են իմունոլոգիական մեթոդներով (իմունոֆլուորեսցենտ անալիզ) տարին ոչ պակաս, քան 2 անգամ, դրական հակազդածներն ենթարկվում են սպանդի, այնուհետև՝ տրիխինելոսկոպիկ ստուգման, տրիխինելոզային մսեղիքը վերամշակվում է մսոսկրային ալյուրի կամ այրվում է: Իմունաբանական ռեակցիաներին դրական հակազդած կենդանիների մսեղիքները ուղարկվում են արդյունաբերական վերամշակման:

185. Խոզերի, ինչպես նաև տրիխինելյոզի նկատմամբ այլ ընկալունակ կենդանիների միսը (մարդկանց սննդում օգտագործվող) պարտադիր ենթակա է տրիխինելոսկոպիայի՝ կոմպրեսոր եղանակով հետազոտության, կամ մկանային հյուսվածքները մարսվում են արհեստական ստամոքսահյութով՝ ABT տիպի ապարատներում: Ներմուծվող խոզի միսը և մսեղիքը (բլոկներով) ընտրովի 10 %-ի չափով, իսկ փաթեթավորված միսը՝ ոչ պակաս, քան 1 %-ի չափով, ենթարկվում է տրիխինելյոզի նկատմամբ հետազոտության:

186. Սահմանափակումները տնտեսություններից հանվում են, եթե մեկ տարվա ընթացքում տրիխինելյոզի դեպքեր չեն գրանցվել:

187. Սպանդանոցների և անասնաբուժասանիտարական փորձաքննության լաբորատորիաների անասնաբուժական անձնակազմը պարտավոր է տրիխինելյոզի դեպք հայտնաբերելիս տեղեկացնել համապատասխան անասնաբուժական և առողջապահական հիմնարկներին՝ նշելով տնտեսությունը և համայնքը, որտեղից բերվել է վարակիչ կենդանին (մսեղիքը), ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների մասին:

188. Տրիխինելյոզի նկատմամբ ապահով և անապահով գոտիներում արգելվում է անասնաբուժասանիտարական փորձաքննություն չանցած մսի և մսամթերքների վաճառքը:

 

XXXII. ԽՈԶԵՐԻ ՄԱԿՐԱԿԱՆՏԱՐԻՆԽՈԶ

 

189. Մակրականտարինխոզը խոզերի հիվանդություն է, հարուցում է հսկա կարթաճիճուն՝ Macracanthorhynchus hyrudinaceus-ը, որը մակաբուծում է բարակ աղիքներում: Հիվանդությունը ի հայտ է գալիս խոզերի արոտային պահվածքի ժամանակ: Մակաբույծը զարգանում է միջանկյալ տիրոջ՝ բզեզների մասնակցությամբ:

190. Անապահով տնտեսություններում անցկացվում են հետազոտություններ արոտատեղերի և փարախների հատկապես գոմաղբի կուտակման վայրերում հսկա կարթաճիճվի թրթուրների, մայիսյան, կնճիթավոր բզեզների և այլ տեսակի թրթուրների նկատմամբ:

191. Անապահով տնտեսություններում մակրականտարինխոզի կանխարգելման նպատակով խոզերը փոխադրվում են մսուրային պահվածքի, կահավորվում է գոմաղբահորը, գոմաղբը վեց ամսվա ընթացքում ենթարկվում է կենսաջերմային վարակազերծման, նոր ծնված մատղաշները արածեցվում են մակրականտարինխոզից զերծ արոտավայրերում:

192. Անապահով տնտեսություններում խոզերը ճիճվաթափվում են առաջին անգամ արոտ դուրս բերելուց առաջ, երկրորդ անգամ՝ առաջին ճիճվաթափությունից 10-15 օր անց, երրորդ անգամ՝ մսուրային պահվածքի անցնելուց:

193. Խոզերի ճիճվաթափման համար օգտագործվում են ֆենդբենդազոլ՝ 20 մգ/կգ դեղաչափով, առավոտյան կերակրման ժամանակ 4 օր շարունակ:

 

XXXIII. ՁԻԵՐԻ ՊՐՈԲՍՏՄԱՅՐԻՈԶ

 

194. Պրոբստմայրիոզը ձիերի, ավանակների, ջորիների, զեբրների և այլ միասմբակ կենդանիների հիվանդություն է, հարուցվում է Probstmayria vivipara նեմատոդով, որն էլ մակաբուծում է մեծ շրջանակաձև աղիքում: Վարակման հիմնական ճանապարհը կղանքն ուտելն է (կոպրոֆագիա):

195. Պրոբստմայրիոզի ախտորոշումը իրականացվում է օգտագործելով թարմ կղանքի հաջորդական լվացման մեթոդը (5գ կղանքը լուծելով 200 մլ ջրում):

196. Տնտեսություններում, որտեղ հաստատվել է պրոբստմաիրիոզով վարակվածությունը, անցկացվում են հետևյալ միջոցառումները.

1) ընթացիկ տարվա ծնված մտրուկները ճիճվաթափվում են ապրիլ-մայիս ամիսներին և աշնանը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ մսուրային պահվածքի անցնելիս,

2) 1-2 տարեկան մտրուկները և մեծահասակ ձիերը ճիճվաթափվում են փետրվար-մարտ ամիսներին և երկրորդ անգամ սեպտեմբեր-հոկտեմբերի սկզբին՝ մսուրային պահվածքի անցնելիս:

197. Ճիճվաթափման համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Պիպերազին՝ նշանակվում է 100 մգ դեղաչափով 2 օր անընդմեջ,

2) Ֆենդբենդազոլ՝ նշանակվում է մեկ անգամ 5 մգ/կգ դեղաչափով,

3) Ֆեբանթել՝ նշանակվում է մեկ անգամ 6 մգ/կգ դեղաչափով:

198. Կենդանիների մսուրային պահվածքի ժամանակ ճիճվաթափությունից հետո կայանատեղը մաքրվում է գոմաղբից և ենթարկվում դեզինվազիայի:

 

XXXIV. ՁԻԵՐԻ ՊԱՐԱՍԿԱՐԻԴՈԶ

 

199. Պարասկարիդոզը ձիերի հիվանդություն է, որը հարուցվում է բարակ աղիքներում մակաբուծող Parascaris equorum նեմատոդի կողմից:

200. Այն տնտեսություններում, որտեղ հաստատվել է պարասկարիդոզ, իրականացվում են հետևյալ միջոցառումները.

1) յուրաքանչյուր ձիուն հատկացվում է մենակայոց, որը ամեն օր մաքրվում է գոմաղբից,

2) ախոռում, մենակայոցներում, կայանատեղիներում հատակն ապահովում են ասֆալտե կամ ցեմենտե ամուր ծածկույթով,

3) ամռանը ախոռները ամեն ամիս ենթարկում են դեզինվազիայի:

201. Ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Պիպերազին՝ նշանակվում է 6-ից մինչև 10 ամսականներին 8-10 գ դեղաչափով, 10-ից մինչև 12 ամսականներին՝ 11-12 գ, 1 տարեկանից մինչև 2 տարեկաններին՝ 13-20 գ, 2 տարեկանից բարձրերին՝ 21-25 գ մեկ գլխի հաշվարկով, անհատական կամ խմբակային եղանակով (10-15 ձիերի), 2 օր անընդմեջ կերին խառնելով թեթևակի խոնավեցնող խտացրած կերեր՝ (1 կգ կենդանու համար)՝ 7-10 ժամ սոված դիետայից հետո: Հետագայում կենդանիներին լուծողական չի տրվում: Ճիճվաթափության ընթացքում ձիերն օգտագործվում են միայն թեթև աշխատանքներում: Օրվա խտացրած կերերի քանակը պակասեցվում է 2 անգամ: Պիպերազինով ճիճվաթափության կուրսը չպետք է գերազանցի 100 մգ/կգ: Խմբակային ճիճվաթափության դեպքում դեղով կերը դասավորվում է տաշտերում փոքրիկ կույտերով (1 կգ) իրարից 30 սմ հեռավորությամբ, որից հետո ձիերը ներս են թողնվում:

2) Ֆենդբենդազոլ՝ նշանակվում է միանվագ, ներքին, 6 ամսականից մինչև 4 տարեկաններին 15 մգ/կգ դեղաչափով, 4 տարեկանից բարձր ձիերին՝ 10 մգ/կգ դեղաչափով:

3) Ֆեբանթել՝ նշանակվում է ներքին, միանվագ 6 մգ/կգ դեղաչափով:

202. Մսի համար ձիերի սպանդը թյուլատրվում է պիպերազինի, ֆենբենդազոլի, ֆեբանթելի օգտագործումից համապատասխանաբար 5, 8 և 7 օր անց:

203. Կանխարգելիչ նպատակով ճիճվաթափվում են.

1) ընթացիկ տարվա ծնված մտրուկները՝ օգոստոսին և մորից կտրելուց հետո,

2) 1-2 տարեկան մատղաշը և մեծահասակ ձիերը մարտ-ապրիլ ամիսներին՝ կրկնելով հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին,

3) ձիերի երամակային պահվածքի ժամանակ 3 ամսական կաթնակեր քուռակներին ամեն ամիս 2 օր շարունակ խմբակային եղանակով մեկ կենդանուն կերակրում են 10 գ պիպերազին, իսկ օգոստոսի վերջերին՝ 15 գրամ,

4) 1 տարեկանից մինչև 2 տարեկան հասակի քուռակներին պիպերազինը նշանակվում է 15 գ դեղաչափով 2 օր շարունակ 2-3 ամիսը մեկ:

204. Ձիարշավարաններում ձիերը ճիճվաթափվում են պիպերազինով ամեն 2-3 ամիսը մեկ:

205. Դոնոր ձիերը, որոնցից ստանում են արյան շիճուկ, ճիճվաթափվում են ամեն եռամսյակը մեկ:

 

XXXV. ՁԻԵՐԻ ՍՏՐՈՆԳԻԼԻԴՈԶՆԵՐ ԵՎ ՏՐԻԽՈՆԵՄԱՏԻԴՈԶՆԵՐ

 

206. Ստրոնգիլիդոզները և տրիխոնեմատիդոզները ձիերի հիվանդություններ են, որոնք հարուցվում են հաստ աղիներում մակաբուծող Strongylidae և Trichonematidae նեմատոդներով: Նրանցից առավել ախտածիններն են՝ Delafondia vulgaris (դելաֆոնդիոզ), Alfortia edentata (ալֆորտիոզ) և Strongylus equinus (ստրոնգիլոզ):

207. Մասնագիտացված տնտեսություններում ստրոնգիլիդոզով և տրիխոնեմատիդոզով վարակվածության ժամանակ իրականացվում են պարասկարիդոզի ժամանակ իրականացվող բուժկանխարգելիչ միջոցառումները:

208. Ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Ֆեբենդազոլը, ֆեբանթելը և պիպերազինը նշանակվում են պարասկարիդոզի բուժման համար սույն հրահանգի 201-րդ կետով սահմանված կարգով:

2) Անասնաբուժական ֆենոթիազին՝ նշանակվում է կանխարգելիչ ճիճվաթափության համար առաջին անգամ գարնանը արածեցումը սկսելուց 2 շաբաթ հետո կամ կենդանիներին կանաչ կերով կերակրելուց, և երկրորդ անգամ՝ դեղը առաջին անգամ տալուց 2 ամիս անց: Մսուրային պահվածքի դեպքում ֆենոթիազինը տրվում է նախապես խոնավացրած խտացրած կերի հետ (1 կգ) անհատական, միանվագ, մեկ գլխի հաշվարկով հետևյալ դեղաչափերով՝ 3-12 ամսական մտրուկներին՝ 5-10 գ, 1-2 տարեկաններին՝ 11-20 գ, 2-3 տարեկաններին՝ 21-30 գ, 3 տարեկանից բարձր մատղաշին՝ 31-40 գ: Ֆենոթիազինի դեղաչափը չպետք է գերազանցի 100 գրամը: Դեղամիջոցը տալուց հետո լուծողական պատրաստուկ չեն նշանակում՝ բացառությամբ փորկապությամբ ուղեկցվող ստամոքսաղիքային հիվանդությունների դեպքերում: Ձիերի երամակային պահվածքի ժամանակ կիրառվում է ֆենոթիազինով ճիճվաթափության խմբակային եղանակը: Ամեն մի խմբում ընդգրկվում է նույն տարիքի 20-25 ձի, դեղը կերակրում են ցորենով լցված տաշտերից 2 օր անընդմեջ, հետևյալ միանվագ դեղաչափերով՝ 3-12 ամսական մտրուկներին՝ 5-10 գ, 1-2 տարեկաններին՝ 15 գ, 2-3 տարեկաններին՝ 20 գ, 3 տարեկանից բարձր մատղաշին՝ 25 գ: Քիմիականխարգելման համար ձիերին արոտային շրջանում ամեն օր կերակրում են ֆենոթիազինաաղային խառնուրդով՝ 1:10 հարաբերությամբ:

209. Ֆենոթիազինի օգտագործման ժամանակ պահպանվում են հետևյալ կանոնները՝

1) ձիերը չեն ճիճվաթափվում ձմռանը և վաղ գարնանը՝ մինչ կանաչ խոտով կերակրելը,

2) զանգվածային ճիճվաթափումից առաջ նախապես փորձում են ֆենոթիազինի ազդեցությունը 5-10 ցածրարժեք ձիերի վրա, որոնք գտնվում են նույն պայմաններում և սնվում են նույն կերով, ինչով մյուս գլխաքանակը: Բարդությունների բացակայության դեպքում 5-7 օրվա ընթացքում կերակրվում են մյուս կենդանիները,

3) ճիճվաթափումից 8-10 ժամ առաջ ձիերը պահվում են սոված,

4) հղի զամբիկները հղիության երկրորդ կեսում չեն ճիճվաթափվում,

5) ճիճվաթափումից հետո առաջին 3 օրերի ընթացքում ձիերի կերաբաժնում խտացրած կերերի օրական քանակը կրճատվում է մինչև 2-3 կգ,

6) Ֆենոթիազինի ամբողջական դեղաչափի օգտագործումը հակացուցված է հյուծված, փորկապությամբ ուղեկցվող ստամոքսաղիքային հիվանդություններով, լյարդի և երիկամների հիվանդություններով ձիերին: Այդպիսի ձիերը ճիճվաթափվում են ավելի հաճախ՝ օրական բուժիչ դեղաչափի 1/3-ով:

 

XXXVI. ՁԻԵՐԻ ՊԱՐԱՖԻԼԱՐԻՈԶ

 

210. Պարաֆիլարիոզը ձիերի հիվանդություն է, որը հարուցվում է ենթամաշկային բջջանքում և միջմկանային շարակցական հյուսվածքում մակաբուծող Parafilaria multipapillosa նեմատոդի կողմից:

211. Ինվազիայի փոխանցումը (շրջանառությունը) տեղի է ունենում արոտային շրջանում գարնանը և ամռանը, միջանկյալ տերերի Haematobia սեռի արյունածուծ ճանճերի թռիչքի ժամանակ:

212. Տնտեսություններում, որտեղ հաստատվում է հիվանդությունը, անցկացվում է հեմատոբիաների հարձակումը և ինվազիայի փոխանցումը կանխարգելող միջոցառումներ: Մատղաշները աճեցվում են հասակավոր կենդանիներից զգալի հեռավորության վրա: Մի քանի կիլոմետրերի սահմաններում հեմատոբիաների ակտիվ հարձակման ժամանակ մատղաշները պահվում են փակ շենքերում կամ ծածկի տակ: Ձիերը արածեցվում են երեկոյան և գիշերային ժամերին, երբ վերջանում է հեմատոբիաների թռիչքը և նրանց հարձակումը կենդանիների վրա:

213. Կանխարգելման նպատակով արոտավայր հանելուց առաջ ձիերը մշակվում են էկվալան մածուկով: Էկվալան մածուկը կիրառվում է ներքին, երկնվագ, մեկ օր ընդմիջումով, 0,4 մգ դեղաչափով (քսուքի 2 սմ3 100 կգ մարմնի զանգվածին): Այս պատրաստուկը հղի զամբիկներին չի նշանակվում:

 

XXXVII. ՁԻԵՐԻ ԹԵԼԱԶԻՈԶ

 

214. Թելազիոզը ձիերի և այլ միասմբականի կենդանիների հիվանդություն է, հարուցվում է Thelazia lacrimalis նեմատոդով, որը մակաբուծում է արցունքային գեղձի ծորանի վերին և երրորդ կոպում: Թելազիաները զարգանում են միջանկյալ տերերի արոտային ճանճերի մի քանի տեսակների մասնակցությամբ:

215. Տնտեսություններում, որտեղ հաստատվում է թելազիոզ իրականացվում են ճանճերի քանակի նվազեցման և կենդանիների կանխարգելիչ ճիճվաթափությանն ուղղված միջոցառումներ:

216. Կանխարգելիչ ճիճվաթափություններն անցկացվում են տարին 2 անգամ՝ աշնանը` կենդանիներին մսուրային պահվածքի անցնելիս և գարնանը՝ մինչև արոտային պահվածքը:

217. Աչքերի լվացման համար օգտագործվում է 1 %-անոց քլորոֆոսի լուծույթ կամ 3 %-անոց իխտիոլի էմուլսիա՝ 2 անգամ 2-3 օր ընդմիջումով:

218. Թելազիոզի ծանր ընթացքի ժամանակ և նրա երկրորդական (սեկունդար) ինֆեկցիայով բարդացման ժամանակ (աչքի շաղկապենու հիվանդություն, աչքի եղջերաթաղանթի բորբոքում) նշանակվում է սիմտոմատիկ բուժում պենիցիլին, սուլֆանիլամիդային դեղամիջոցներ և այլն:

 

XXXVIII. ՁԻԵՐԻ ԱՆՈՊԼՈՑԵՖԱԼԻԴՈԶՆԵՐ

 

219. Անոպլոցեֆալիդոզները ձիերի հիվանդություններ են, որոնք հարուցվում են 3 տեսակի ցեստոդներով՝ Anoplocephala magna, որը մակաբուծում է բարակ աղիներում և զստաղիքում, A. perfoliana՝ կույր և շրջանակաձև աղիքում և Paranoplocephala mamillana՝ բարակ աղիներում: Այս հարուցիչները մակաբուծում են նաև ավանակների և ջորիների մոտ: Հիվանդությունների հարուցիչները զարգանում են միջանկյալ տերերի՝ վահանակիր տզերի մասնակցությամբ:

220. Տնտեսություններում, որտեղ հաստատվել են անոպլոցեֆալիդոզով վարակվածություն, մտրուկներին պահում են մեծահասակ կենդանիներից առանձնացված: Անհնարին լինելու դեպքում մատղաշները ենթարկվում են կանխարգելիչ ճիճվաթափման:

221. Մտրուկների կանխարգելիչ ճիճվաթափությունը անցկացվում է օգոստոսին և կրկնվում մսուրային պահվածքի անցնելուց հետո:

222. Ճիճվաթափության համար օգտագործվում է ֆենասալ: Ֆենասալը տրվում է անհատական, 0.5-1 կգ խոնավեցրած ցորենի կամ համակցված կերի հետ խառնուրդով 12-ժամյա սովածությունից հետո, միանվագ հետևյալ դեղաչափերով՝ մինչև մեկ տարեկան կենդանիներին՝ 200 մգ/կգ, մինչև 2 տարեկաններին՝ 250 մգ/կգ, մեծահասակներին՝ 300 մգ/կգ:

 

XXXIX. ՄՍԱԿԵՐՆԵՐԻ ՕՊԻՍՏՈՐԽՈԶ

 

223. Օպիստորխոզը շների, կատուների, աղվեսների, բևեռաղվեսների, ջրաքիսների, սամույրների, կզաքիսների և այլ մսակերների, ինչպես նաև խոզերի և մարդու հիվանդություն է, որը հարուցվում է լեղվածորաններում, ենթաստամոքսային գեղձում և լեղապարկում մակաբուծող Օpisthorchis felineus տրեմատոդով: Հելմինթները զարգանում են միջանկյալ տերերի՝ քաղցրահամ ջրերի խխունջների (բիթինիա) և լրացուցիչ միջանկյալ տերերի՝ քաղցրահամ ջրերի ծածանազգի ձկների (ծածան, մանրածածան, մանրակն, գետածածան, լաստ, բրամ և ուրիշներ) մասնակցությամբ:

224. Տնտեսություններում, որոնք տեղակայված են օպիստորխոզի նկատմամբ անապահով գոտիներում, իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ:

225. Կենդանիները օպիստորխոզի նկատմամբ անապահով ջրամբարներների ձկներով կերակրվում են միայն 100 գ-ից ոչ ավելի կտորներով լավ եփելուց (30 րոպե եռալուց) կամ 4 շաբաթվա ընթացքում մինչև -100C, 72 ժամ՝ -200C, 32 ժամ՝ -280C, 14 ժամ՝ -350C, 7 ժամ՝ -400C ջերմաստիճան սառեցնելուց հետո:

226. Մեծահասակ աղվեսների և բևեռաղվեսների կանխարգելիչ ճիճվաթափությունը անցկացվում է կտղուծից 1 ամիս առաջ, ձագերին անջատելուց հետո, իսկ ձագերին՝ երեք ամսական հասակից: Բուժիչ ճիճվաթափություն անցկացվում է ցուցումների առկայության դեպքում: Հղի կենդանիները ճիճվաթափվում են ոչ ուշ, քան ծնից մեկ ամիս առաջ:

227. Շների, կատուների, բևեռաղվեսների, աղվեսների ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Պոլիտրեմ և հեկսիխոլ՝ նշանակվում է ոչ մեծ քանակությամբ մսային կամ ձկնային աղացած մսի հետ անհատականորեն 12-ժամյա քաղցից հետո: Պոլիտրեմը նշանակվում է միանվագ, 120 մգ/կգ դեղաչափով: Հեկսիխոլը նշանակվում է միանվագ, 200 մգ/կգ դեղաչափով: Օպիստորխոզի ծանր ընթացքի դեպքում դեղը նշանակվում է 100 մգ/կգ դեղաչափով, երկու օրվա ընթացքում:

2) Պրազինկվանտել՝ նշանակվում է շներին ոչ մեծ քանակությամբ ձկնային կամ մսային աղացած մսի հետ 12-ժամյա քաղցից հետո, կատուներին՝ զոնդի միջոցով ոչ շատ քանակությամբ ջրի հետ, միանվագ, 100 մգ/կգ դեղաչափով, անհատական:

 

XXXX. ՄՍԱԿԵՐՆԵՐԻ ՏՈԿՍՈԿԱՐՈԶ, ՏՈԿՍԱՍԿԱՐԻԴՈԶ, ՈՒՆՑԻՆԱՐԻՈԶ ԵՎ ԱՆԿԻԼՈՍՏՈՄՈԶ

 

228. Տոկսոկարոզը, տոկսասկարիդոզը, ունցինարիոզը և անկիլոստոմոզը շների, կատուների, աղվեսների և այլ մսակեր կենդանիների հիվանդություններ են, որոնք հարուցվում են բարակ աղիներում մակաբուծող Toxocara canis, T. mystax (T. cati), Toxascaris leonina, Uncinaria stenocephala և Ancylostoma caninum նեմատոդներով: Շների, աղվեսների և բևեռաղվեսների տոկսոկարոզի դեպքում տարբերում են երկու տեսակ՝ թրթուրային, որը հարուցվում է օրգանիզմում գաղթող թրթուրներով և աղիքային, որը հարուցվում է սեռահասուն հելմինթներով:

229. Տնտեսություններում, որտեղ հաստատվել է շների տոկսոկարոզ, ունցինարիոզ, տոկսասկարիդոզ կամ անկիլոստոմոզ, կատարվում են կանխարգելիչ միջոցառումներ: Կանխարգելման նպատակով աղվեսները և բևեռաղվեսները պահվում են հողից բարձր գտնվող ցանցավոր հատակով վանդակներում, ամեն օր կղանքի կույտերից մաքրվում են վանդակներն ու տնակները: Հղի աղվեսներին և բևեռաղվեսներին ծնարաններ տեղափոխելուց առաջ հրակիզում են զոդալամպով: Մատղաշների վանդակները ամեն տարի տեղափոխվում են նոր տեղ: Մորթատու գազաններին բանջարեղենը կերակրելուց առաջ մանրակրկիտ լվացվում է հոսող ջրի տակ: Մորթատու գազաններին և շներին արգելվում է կերակրել անասնաբուժական փորձաքննության չենթարկված հում մսով և ներքին օրգաններով:

 230. Աղվեսների և բևեռաղվեսների կանխարգելիչ ճիճվաթափությունը կատարվում է տարին երկու անգամ՝ առաջինը ձագերին անջատելուց հետո հունիս-հուլիս ամիսներին, երկրորդը՝ կտղուծից առաջ դեկտեմբեր ամսին: Բուժիչ ճիճվաթափությունն իրականացվում է տարվա ցանկացած ժամանակ: Ծառայողական և պահակային շները պարբերաբար հետազոտվում և անհրաժեշտության դեպքում ճիճվաթափվում են: Շնաբուծարաններում և բևեռաաղվեսների տնտեսություններում տոկսոկարոզի և տոկսասկարիդոզի կանխարգելման համար ձագերը ճիճվաթափվում են համապատասխանաբար 22-25 և 70-80 օրական հասակում: Հղիները ճիճվաթափվում են ծնից մեկ ամիս առաջ և ծնից մեկ ամիս հետո:

231. Ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Տետրամիզոլ՝ նշանակվում է մեծահասակ շներին ներքին, միանվագ, կերի հետ խառնուրդի տեսքով՝ 20 մգ դեղաչափով, ձագերին՝ երկնվագ, 24-ժամյա ընդմիջումով, 1 %-անոց ջրային լուծույթի տեսքով, 10 մգ/կգ դեղաչափով:

2) Ֆեբանթել՝ նշանակվում է ներքին, միանվագ, 20 մգ/կգ դեղաչափով, 3 օր շարունակ կերի հետ խառնուրդի տեսքով կամ կախույթի ձևով:

3) Պիպերազին՝ նշանակվում է միանվագ, 200 մգ/կգ դեղաչափով, անհատական, 3 օր շարունակ կերի հետ խառնուրդի տեսքով աղացած մսի կամ շիլայի հետ:

 

XXXXI. ՃԱԳԱՐՆԵՐԻ ՊԱՍԱԼՈՒՐՈԶ

 

232. Պասալուրոզը ճագարների հիվանդություն է, որը հարուցվում է հաստ աղիքում մակաբուծող Passalurus ambiguus նեմատոդով:

233. Մասնագիտացված տնտեսություններում կամ ֆերմաններում, որտեղ հաստատվում է ճագարների պասալուրոզ, անցկացվում են կանխարգելիչ և բուժիչ ճիճվաթափություններ, ինչպես նաև քիմիականխարգելում:

234. Ճագարները ճիճվաթափվում են պիպերազինով կամ ֆենոթիազինով: Մեծահասակ ճագարներին պիպերազինը նշանակվում է միանվագ, 500 մգ/կգ դեղաչափով, 2 օր շարունակ, մատղաշին՝ մայրերից անջատելուց հետո միանվագ, 750 մգ/կգ դեղաչափով, 2 օր շարունակ: Մեծահասակ ճագարներին ֆենոթիազինը նշանակվում է միանվագ, կենդանի զանգվածի 1 գ/կգ դեղաչափով, մատղաշին՝ 1.5 գ/կգ դեղաչափով 2 օր շարունակ: Ուժեղ վարակվածության դեպքում ֆենոթիազինով ճիճվաթափությունը կրկնվում է 15-16 օրից: Դեղամիջոցները տրվում են կերի հետ խառնուրդի տեսքով (խոնավ, մանրացված արմատապտուղներ) 18-24-ժամյա սոված դիետայից հետո՝ անհատական կամ խմբակային եղանակով:

235. Պասալուրոզի կանխարգելման նպատակով մատղաշներին մայրերից անջատելուց հետո ազատ կերակրման ժամանակ տրվում են բուժիչ կերեր պիպերազինի հետ 100-150 մգ/կգ, կամ ֆենոթիազինի հետ 150-200 մգ/կգ դեղաչափով 50 օր շարունակ:

 

XXXXII. ՍԱԳԵՐԻ ԵՎ ԲԱԴԵՐԻ ՑԵՍՏՈԴՈԶՆԵՐ

 

236. Սագերի և բադերի ցեստոդոզները հիվանդություններ են, որոնք հարուցվում են ընտանի և վայրի ջրլող թռչունների բարակ աղիներում մակաբուծող Drepanidotaenia, Microsomacanthus, Fimbriaria և մի շարք այլ սեռերի երիզորդների կողմից:

237. Տնտեսություններում, որտեղ հաստատվում է ցեստոդոզ, ջրլող թռչունները պահվում են փակ պահվածքով (ցամաքում):

238. Ցեստոդոզների կանխարգելման նպատակով անցկացնում են հետևյալ միջոցառումները.

1) մայրական գլխաքանակը և մատղաշը պահվում են առանձին ջրամբարներում,

2) եթե միջանկյալ տերերը ցիկլոպիդներ, դիապտոմիդներ կամ ցիպրիդիներ են, ապա ջրամբարները թողնում են չօգտագործված մեկ տարի, իսկ եթե գամմարիդներ են՝ երկու տարի:

239. Բադերը և սագերը աճեցվում են հոսող ջրամբարներում, խոշոր արհեստական լճերում և ցեստոդոզների նկատմամբ ապահով լճերում: Սագերի և բադերի մայրական գլխաքանակը ճիճվաթափվում է տարեկան երկու անգամ՝ աշնանը բտումից հետո և գարնանը՝ թռչուններին ջրամբար թողնելուց մեկ ամիս առաջ, իսկ բուժիչ նպատակով ցուցումների առկայության դեպքում՝ ցանկացած ժամանակ: Եթե տնտեսությունը չունի բավարար քանակությամբ ջրամբարներ և հնարավոր չէ կազմակերպել դրանց փոփոխումը, իրականացվում է մատղաշների պրեիմագինալ ճիճվաթափություն: Միկրոսոմականթուսների և ֆիմբրիարիաների կողմից հարուցվող ցեստադոզների դեպքում մատղաշների պրեիմագինալ ճիճվաթափությունը իրականացվում է ջրամբար հանելուց 7 օր, իսկ դրեպանիդոտենիոզի դեպքում՝ 15-16 օր հետո:

240. Ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Ֆենասալ՝ նշանակվում է խմբակային (կերի հետ խարնուրդում) և անհատական եղանակով, միանվագ, բադերի և սագերի դրեպանիդոտենիոզի դեպքում՝ 300 մգ/կգ, մյուս հիմենոլեպիդոզների դեպքում՝ 600 մգ/կգ դեղաչափերով: Խմբակային նշանակման ժամանակ տրվում է խտացրած կերի հետ 1:30 հարաբերությամբ, առավոտյան 16-18 ժամ սոված պահելուց հետո: Լավ կերայուրացման համար կերի չափը պակասեցվում է 1/3-ով: Թռչունների ջրելը ճիճվաթափությունից հետո և առաջ չի սահմանափակվում:

2) Միկրոսալ (ֆենանսալի դեղորայքային ձևն է)՝ նշանակվում է 400 մգ/կգ դեղաչափով ջրլող թռչունների հիմենոլեպիդոզների դեպքում միանվագ խմբակային կերակրման ժամանակ՝ ֆենասալի օգտագործման համար սահմանված կարգով:

3) Բիթիոնոլ՝ նշանակվում է բադերին միանվագ 200-300 մգ/կգ, սագերին դրեպանիդոտենիոզի դեպքում՝ 600 մգ/կգ, մյուս ցեստոդոզների դեպքում՝ 900 մգ/կգ դեղաչափերով: Բիթիոնոլը օգտագործվում է ֆենասալի օգտագործման համար սահմանված կարգով և անհատական մեթոդներով 16-18 ժամ սոված պահելուց հետո կերի հետ 1:30 հարաբերությամբ:

 

XXXXIII. ՀԱՎԵՐԻ ՌԱՅԵՏԻՆՈԶ

 

241. Ռայետինոզը առավել հաճախ հարուցվում է հավերի զստաղիքում և բարակ աղիքում մակաբուծող Raillietina tetragona և R. echinobothrida ցեստոդների կողմից:

242. Տնտեսություններում, որտեղ հաստատվել է հավերի ռայետինոզով վարակվածություն, ամեն օր մաքրվում են կերամանները, ջրամանները և այլ սարքավորումները: Վնասազերծման համար թռչնաղբը հավաքվում է թռչնաղբահորերում: Ամեն շաբաթ մանրակրկիտ մեխանիկական մաքրումից հետո թռչնանոցը և զբոսահրապարակը ենթարկվում են դեզինվազիայի 3-5 %-ոց կրեոլինի էմուլսիայով կամ քսիլոնավտ-5-ով՝ մշակվող տարածքի 1 մ2-ին 1-2 լ հաշվարկով: Ստեղծվում են պայմաններ, որոնք բացառում են հարուցչի միջանկյալ տերերի՝ մրջյունների կուտակումը թռչնանոցներում և թռչունների զբոսահրապարակներում:

243. Թռչունները ճիճվաթափվում են ֆենասալով 200 մգ/կգ դեղաչափով 2 օր անընդմեջ, կամ բիթիոնոլով՝ երկնվագ 200 մգ/կգ դեղաչափով 4 օր ընդմիջումով: Դեղերը թռչուններին տրվում են համակցված կերի հետ խառնուրդի ձևով, 20-30 օր հետո ճիճվաթափությունը կրկնվում է: Յուրաքանչյուր ճիճվաթափությունից հետո թռչունները 2 օր պահվում են թռչնանոցում: Թռչնաղբը արտազատված ցեստոդների հետ միասին վարակազերծվում է:

 

XXXXIV. ՀԱՎԵՐԻ ԱՍԿԱՐԻԴԻՈԶ ԵՎ ՀԵՏԵՐԱԿԻԴՈԶ

 

244. Ասկարիդիոզը հարուցվում է Ascaridia galli նեմատոդով, որը մակաբուծում է բարակ աղիներում: Հետերակիդոզը հարուցվում է Heterakis gallinarum նեմատոդով, որը մակաբուծում է հավերի կույր աղիքում:

245. Թռչունների վանդակային պահվածքը գործնականորեն կանխարգելում է երկու հիվանդություններն էլ:

246. Հատակային և զբոսաբակային պահվածքի ժամանակ իրականացվում են հետևյալ անասնաբուժասանիտարական և կանխարգելիչ միջոցառումները.

1) վերանորոգման համար մատղաշը աճեցվում է մարտկոցային վանդակներում կամ բրուդերներում և ակլիմատիզատրներում փակ եղանակով առանց զբոսանքի,

2) մատղաշի ճամբարային տնտեսություններում վանդակները ամեն տարի տեղադրվում են նոր տարածքներում,

3) մայրական և ապրանքային գլխաքանակի մեծահասակ թռչուններին հատակային պահվածքի դեպքում տեղավորում են ամուր ծածկույթով (ասֆալտ, բետոն) հատակի վրա և զբոսահարթակ ունեցող թռչնանոցներում,

4) ոչ ամուր մակերես ունեցող զբոսահարթակները պարբերաբար մաքրվում են բուսականությունից և ապահովվում կողմնակի առարկաների կուտակումից,

5) թռչնաղբը և ցամքարը վարակազերծվում են կենսաջերմային կամ ջերմային եղանակով,

6) թռչնանոցների դեզինվազիան անցկացվում է թռչունների յուրաքանչյուր նոր խմբաքանակի տեղավորումից առաջ,

7) խնամքի պարագաները (բահերը, ցախավելները և այլն) միշտ պահվում են ախտահանիչ լուծույթում,

8) թռչնանոցի մուտքի մոտ տեղադրվում է ախտահանիչ գորգ, սպասարկող անձնակազմը ապահովվում է փոխնորդ կոշիկներով,

9) կերապահեստը և կերախոհանոցը պաշտպանվում են վայրի թռչունների ներթափանցումից,

10) բաց պահվածքի ժամանակ հորդառատ անձրևներից հետո հավերին չի թույլատրվում հանել զբոսանքի,

11) նոր կազմավորվող թռչնանոցներում և ֆերմաներում հելմինթների ներթափանցումից խուսափելու համար ինկուբացիոն ձուն և ճտերը բերվում են ապահով տնտեսություններից:

247. Կանխարգելիչ ճիճվաթափությունն անցկացվում է.

1) վանդակային պահվածքի դեպքում՝ հիվանդության հաստատման ժամանակ,

2) հատակային (հատակազբոսանքային) պահվածքի դեպքում՝ յուրաքանչյուր 45-60 օրը մեկ,

3) խառը պահվածքի դեպքում՝ մինչ վանդակային պահվածքի անցնելը և 1 ամիս հետո:

248. Բուժիչ ճիճվաթափությունը կազմակերպվում է ցուցումների առկայության դեպքում:

249. Ասկարիդիոզի դեպքում ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Պիպերազին՝ նշանակվում է 1 գլխին 500 մգ դեղաչափով 2 օր անընդմեջ:

2) Տետրամիզոլ՝ նշանակվում է 1 գլխին 40 մգ դեղաչափով 2 օր անընդմեջ:

3) Ֆենբենդազոլ՝ նշանակվում է 1 գլխին 5 մգ դեղաչափով 2 օր անընդմեջ, խառը ինվազիայի դեպքում (ասկարիդիոզ և հետերակիդոզ)՝ 10 մգ դեղաչափով:

4) Ֆեբանթել՝ նշանակվում է 1 գլխին 5 մգ դեղաչափով 2 օր անընդմեջ, խառը ինվազիայի դեպքում (ասկարիդիոզ և հետերակիդոզ)՝ 10 մգ դեղաչափով:

5) Պիպերազին և ֆենոթիազին խառնուրդը նշանակվում է միանվագ հետևյալ դեղաչափերով. մինչև 4 ամսական մատղաշին պիպերազին՝ 500 մգ, ֆենոթիազին՝ 300 մգ, 4 ամսականից բարձր թռչուններին՝ պիպերազինը՝ 500 մգ, ֆենոթիազինը՝ 700 մգ 1 գլխին 2 օր անընդմեջ:

6) Տետրամիզոլ և ֆենոթիազին խարնուրդը նշանակվում է միանվագ հետևյալ դեղաչափերով. մինչև 4 ամսական մատղաշին տետրամիզոլ՝ 40 մգ, ֆենոթիազին՝ 300 մգ, 4 ամսականից բարձր թռչուններին տետրամիզոլ՝ 40 մգ, ֆենոթիազին՝ 500 մգ 1 գլխին 2 օր անընդմեջ:

250. Դեղամիջոցները տրվում են խմբակային եղանակով առավոտյան սոված վիճակում կերի հետ:

 

XXXXV. ՍԱԳԵՐԻ ՈՒ ԲԱԴԵՐԻ ԱՄԻԴՈՍՏՈՄՈԶ ԵՎ ԳԱՆԳՈՒԼՀԵՏԵՐԱԿԻԴՈԶ

 

251. Ամիդոստոմոզը սագերի հիվանդություն է, որն հարուցվում է Amidostomum anseris նեմատոդով, մակաբուծում է մկանային ստամոքսի կուտիկուլայի տակ: Գանգուլետերակիդոզը սագերի հիվանդություն է, որն հարուցվում է Ganguleterakis dispar նեմատոդի կողմից և տեղակայվում է կույր աղիքում: Հիվանդություններն հազվադեպ են հանդիպում բադերի մոտ:

252. Թռչնաֆաբրիկաներում, որտեղ արձանագրվում են ամիդոստոմոզ և գանգուլետերակիդոզ, մատղաշը պահվում է մեկուսացված, բարենպաստ զբոսահարթակներում: Թռչունները չեն արածեցվում խոնավ արոտավայրերում: Բտման թռչունները պահվում են վերանորոգման և մայրական հոտից առանձին: Խորը անփոփոխ ցամքարի վրա պահելու ժամանակ առավոտյան և երեկոյան ավելացվում է թարմ ցամքար: Խորը ցամքարը հավաքվում է մինչ թռչունների յուրաքանչյուր նոր խմբաքանակի ընդունումը: Գանգուլետերակիդոզի կանխարգելման համար հորդառատ անձրևներից հետո սագերը զբոսանքի դուրս չեն բերվում՝ անձրևաորդեր չուտելու նպատակով, որոնք համարվում են պահեստային տերեր:

253. Սագերի ամիդոստոմոզի կանխարգելիչ ճիճվաթափությունը կատարվում է ձմեռային պահվածքի անցնելուց 1 ամիս հետո և գարնանը՝ արոտավայր կամ ջրամբար դուրս թողնելուց 1 ամիս առաջ:

254. Գանգուլետերակիդոզի հաստատման դեպքում անցկացվում է կանխարգելիչ ճիճվաթափություն՝ սագերի մատղաշին վերանորոգման հոտ փոխադրելուց 67-70 օրական հասակում և մայրական հոտ խմբավորելուց: Սագերի մայրական հոտը ճիճվաթափվում է տարին 2 անգամ՝ աշնանը թռչուններին ձմեռային պահվածքի անցնելուց և գարնանը՝ մինչև զբոսանքի բաց թողնելը:

255. Բուժիչ ճիճվաթափություններն անցկացվում են տարվա բոլոր ժամանակներին:

256. Ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Ֆենոթիազին՝ նշանակվում է սագերի գանգուլետերակիդոզի ժամանակ 1 գ/կգ դեղաչափով խմբակային եղանակով, առավոտյան կերակրման կերային խառնուրդի հետ 1:30 հարաբերությամբ,

2) Տետրամիզոլ՝ նշանակվում է սագերի գանգուլետերակիդոզի և ամիդոստոմոզի ժամանակ 40 մգ/կգ դեղաչափով խմբակային եղանակով, առավոտյան կերակրման կերային խառնուրդի հետ 1:30 հարաբերությամբ,

3) Ֆենբենդազոլ՝ նշանակվում է սագերի գանգուլետերակիդոզի ժամանակ 40 մգ/կգ դեղաչափով, խմբակային եղանակով, առավոտյան կերակրման կերային խտացված խառնուրդի հետ,

4) Պիպերազին՝ նշանակվում է սագերի ամիդոստոմոզի ժամանակ 1 գ/կգ դեղաչափով, խմբակային եղանակով, առավոտյան կերակրման կերային խառնուրդի հետ 1:10 հարաբերությամբ 3 օր անընդմեջ: Արդյունավետությունը բարձրացնելու նպատակով խառնուրդը համեղացվում է կաթնային շիճուկով կամ սերզատ կաթով:

 

XXXXVI. ԲԱԴԵՐԻ ԵՎ ՍԱԳԵՐԻ ԷԽԻՆՈՒՐԻՈԶ, ՍՏՐԵՊՏՈԿԱՐՈԶ ԵՎ ՏԵՏՐԱՄԵՐՈԶ

 

257. Էխինուրիոզը, ստրեպտոկարոզը և տետրամերոզը ընտանի և վայրի բադերի և սագերի հիվանդություններ են, հարուցվում են Echinuria uncinata, Streptocara crassicauda և Tetrameres fissispina նեմատոդներով, որոնք մակաբուծում են գեղձային ստամոքսում (էխինուրիաներ և տետրամերներ) և մկանային ստամոքսի կուտիկուլայի տակ:

258. Տնտեսություններում, որտեղ արձանագրվում է թռչունների էխինուրիոզ, ստրեպտոկարոզ կամ տետրամերոզ, կատարվում են հետևյալ միջոցառումները.

1) բադերը և սագերը արածեցվում են խորը կամ հոսող ջրամբարներում մեկ հեկտար տարածքում նստեցնելով ոչ ավելի, քան 250 թռչուն,

2) մատղաշները աճեցվում են մեծահասակ գլխաքանակից մեկուսացված՝ ինվազիոն հարուցիչներով չվարակված ջրամբարներում,

3) պարբերաբար որոշվում են միջանկյալ տերերի՝ դաֆնաների և բոկոպլավների վարակվածությունը նեմատոդների թրթուրներով,

4) խեցգետինների քանակության նվազեցման համար ջրամբարները հարստացվում են ձկներով (1 հա-ում ոչ պակաս, քան 30 000 մանրաձուկ):

259. Թռչունները ենթարկվում են կանխարգելիչ ճիճվաթափության աշնանը ջրամբարներում զբոսանքի ավարտից հետո և գարնանը՝ մինչ ջրամբարներ հանելը:

260. Հիվանդության կլինիկական արտահայտման և անկումների դեպքում դադարեցվում է թռչունների զբոսանքը անապահով ջրամբարներում և կատարվում թռչունների ճիճվաթափում:

261. Ճիճվաթափության համար օգտագործվում է տետրամիզոլ 125 մգ/կգ դեղաչափով 5 օր անընդմեջ կերի հետ, քառաքլոր ածխածին՝ 2 մգ/կգ դեղաչափով միանվագ, ներքին, զոնդի օգնությամբ կամ ներակվում կտնառքի մեջ ներարկիչով մինչ կերակրելը, ինչպես նաև բիթիոնոլ 300 մգ/կգ դեղաչափով կերի հետ 2 օր անընդմեջ:

 

XXXXVII. ՀԱՎԵՐԻ ԿԱՊԻԼԱՐԻՈԶ

 

262. Կապիլարիոզը հարուցվում է թռչունների բարակ աղիներում մակաբուծող Capillaria obsignata, C. caudinflata և C. bursata նեմատոդների կողմից:

263. Հիվանդության կանխարգելման նպատակով թռչնանոցների և զբոսանքի համար հատկացվող տարածքների կահավորման ժամանակ օգտագործվում են բարձրադիր վայրերի հողատարածքներ: Անձրևաորդերի՝ կապիլարիաների միջանկյալ տերերի կուտակումը բացառելու նպատակով թռչունների զբոսաբակերը պաշտպանում են թփերի, շինարարական և կենցաղային աղբի կուտակումից:

264. Հիվանդության կանխարգելման համար թռչունները աճեցվում և պահվում են ցանցային հատակով վանդակներում կամ ամուր մակերեսով հատակի վրա՝ թռչնաղբը մանրակրկիտ հավաքվում է տարվա տաք եղանակներին ոչ պակաս, քան ամեն 5-7 օրը մեկ:

265. Այն տնտեսություններում, որտեղ հաստատվում է կապիլարիոզ, մատղաշը աճեցվում է մեծահասակ թռչուններից առանձին:

266. Խառը պահվածքի ժամանակ անձրևաորդեր ուտելուց խուսափելու նպատակով հավերը չեն հանվում զբոսանքի հորդառատ անձրևներից հետո:

267. Տնտեսություն ինվազիայի ներթափանցումը կանխելու համար չի թույլատրվում վայրի թռչունների բնակալումը ֆերմայում և նրան կից տարածքներում:

268. Անապահով տնեսություններում, որտեղ կիրառվում է թռչունների զբոսանքային կամ ճամբարային պահվածք, անցկացվում է պլանային 2 ճիճվաթափություն՝ գարնանը թռչուններին զբոսանքի կամ ճամբար հանելուց առաջ և աշնանը՝ ձմեռային պահվածքի անցնելուց: Բուժիչ ճիճվաթափությունը անցկացվում է ցուցումների առկայության դեպքում ցանկացած ժամանակ:

269. Հավերի ճիճվաթափության համար օգտագործվում է տետրամիզոլ միանվագ 80 մգ/կգ դեղաչափով, ֆեմբենդազոլ՝ երկնվագ 45 մգ/կգ դեղաչափով, ֆենոթիազին՝ միանվագ 1,0 գ/կգ դեղաչափով: Հակաճիճվային դեղամիջոցները տրվում են խմբակային եղանակով առավոտյան խոնավացրած կերի հետ: Դեղը ավելի լավ յուրացնելու համար երեկոյան կերակրման նորման պակասեցվում է 40-50 %-ով:

 

XXXXVIII. ԲԱԴԵՐԻ ՊՈԼԻՄՈՐՖՈԶ ԵՎ ՖԻԼԻԿՈԼԻՈԶ

 

270. Պոլիմորֆոզը և ֆիլիկոլիոզը տնային բադերի և վայրի ջրլող թռչունների հիվանդություններ են, հարուցվում են Polymorphus minutes, Polymorphus magnus և Filicollis anatis կարթաճիճուներով (գլանաճիճու), որոնք մակաբուծում են աղիքներում:

271. Այն տնտեսություններում, որտեղ հաստատվում է պոլիմորֆոզով և ֆիլիկոլիոզով վարակվածություն, բադերը աճեցվում են փակ պահվածքում (ցամաքում):

272. Ջրամբարներում թռչուններին պահելու ժամանակ անցկացվում են հետևյալ կանխարգելիչ միջոցառումները.

1) բադերի աճեցման համար հատկացվում են պոլիմորֆոզի և ֆիլիկոլիոզի նկատմամբ ապահով ջրամբարներ և պարբերաբար իրականացվում է ջրամբարների հելմինթոլոգիական գնահատում,

2) բադերի մայրական գլխաքանակը և մատղաշը պահվում է առանձին ջրամբարներում,

3) ապահովվում է անապահով ջրամբարների բնական վարակազերծումը կարթաճիճուների թրթուռներից և 2 տարով դադարեցվում դրանց օգտագործումը,

4) կազմակերպվում է բադերի աճեցում հոսող ջրամբարներում, ինչպես նաև այն լճերում և լճակներում, որտեղ բացակայում են գամառուսները և ջրային իշուկները՝ հարուցիչների միջանկյալ տերերը:

273. Հիվանդության առկայության դեպքում բադերը ճիճվաթափվում և տեղափոխվում են փակ պահվածքի կամ այնպիսի ջրամբարներ, որոնք ապահով են պոլիմորֆոզի և ֆիլիկոլիոզի նկատմամբ:

274. Ճիճվաթափության համար օգտագործվում է բիթիոնոլ կամ քառաքլոր ածխածին: Բիթիոնոլը պոլիմորֆոզի ժամանակ տրվում է 500 մգ/կգ դեղաչափով կերի հետ 1:50 հարաբերությամբ 12-ժամյա սոված դիետայից հետո 2 օր անընդմեջ: Քառաքլոր ածխածինը պոլիմորֆոզի և ֆիլիկոլիոզի ժամանակ 2 մլ/կգ դեղաչափով ներարկվում է կտնառքի մեջ կամ տրվում է կերային զոնդի միջոցով: Ճիճվաթափությունից հետո բադերը մեկ օր չեն հանվում զբոսանքի:

 

XXXXIX. ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊՐՈՍՏՈԳՈՆԻՄՈԶ ԵՎ ՊԼԱԳԻՈՐԽՈԶ

 

275. Պրոստոգոնիմոզը հավերի, հնդկահավերի, սագերի և բադերի հիվանդություն է, որը հարուցվում է Prosthogonimus ovatus, P. cuneatus և P. macrorchis տրեմատոդներով, որոնք մակաբուծում են մատղաշի ֆաբրիցյան պայուսակում, իսկ հասակավոր թռչունների մոտ՝ ձվատար խողովակում, երբեմն կլոակայում և ուղիղ աղիքում: Պլագիորխոզը հավերի և հնդկահավերի հիվանդություն է, որը հարուցվում է Plagiorchis arcuatus տրեմատոդով, որը տեղակայում է ֆաբրիցյան պայուսակում և ձվատար խողովակում: Հիվանդությունը բնութագրվում է ձվադրման խախտմամբ և առանց կեղևի ձվերի ձևավորմամբ:

276. Հիվանդության կանխարգելման նպատակով թռչնանոցների և զբոսանքի համար հատկացվում են գետերի, արհեստական լճակների և լճերի ափերից հեռու տարածքներ:

277. Պրոստոգոնիմոզով և պլագիորխոզով անապահով տնտեսություններում չի թույլատրվում թռչունների արածեցումը լճերի, արհեստական լճակների և ճահիճների մոտակայքում: Թռչուններին բաց չեն թողնում առավոտ շուտ, անձրևի ժամանակ և 2-5 ժամ անձրևից հետո, քանի որ ճպուռները գտնվում են խոտի, հողի և թփերի վրա և հեշտությամբ կարող են կլանվել թռչունների կողմից:

278. Ճիճվաթափության համար օգտագործվում է քառաքլոր ածխածին. հավերի համար՝ միանվագ 1 գլխին 2-5 մլ դեղաչափով, հնդկահավերի համար՝ երկնվագ 1 գլխին 8-12 մլ դեղաչափով 5-7 օր ընդմիջումով: Դեղամիջոցը ներարկվում է կտնառքի մեջ կամ կերակրային զոնդի միջոցով:

 

XXXXX. ՀԱՎԵՐԻ, ՀՆԴԿԱՀԱՎԵՐԻ ԵՎ ԽԱՅՏԱՀԱՎԵՐԻ ԴԱՎԵՆԻՈԶ

 

279. Դավենիոզը հավերի, հնդկահավերի և խայտահավերի հիվանդություն է, որը հարուցվում է թռչունների 12-մատնյա աղիքում մակաբուծող Davainea proglottina, D. meleagridis և D. nana ցեստոդներով:

280. Տնտեսություններում, որտեղ հաստատվում է դավենիոզով վարակվածություն, մատղաշը աճեցվում է մեկուսացված՝ չոր արոտներում: Հիվանդության հարուցչի միջանկյալ տերեր հանդիսացող ցամաքային կակղամորթներին ոչնչացնելու նպատակով իրականացվում է արոտների վերահերկում:

281. Ճիճվաթափությունը կատարվում է թռչուններին արոտավայր հանելուց 10 օր հետո: Ճիճվաթափության համար օգտագործվում է բիթիոնոլ երկնվագ 200 մգ/կգ դեղաչափով խոնավ կերի խառնուրդով 4 օր ընդմիջումով: Յուրաքանչյուր ճիճվաթափությունից հետո թռչունները 2 օր պահվում են թռչնանոցում: Հավաքվում է նրանց թռչնաղբը և պահեստավորվում գոմաղբապահեստում՝ կենսաջերմային վարակազերծման համար:

 

XXXXXI. ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԷՈՒՐԻՏՐԵՄՈԶ

 

282. Խոշոր եղջերավոր կենդանիների էուրիտրեմոզը հարուցվում է Euritrema pancreaticum տրեմատոդով, մակաբուծելով ենթաստամոքսային գեղձի ծորաններում: Էուրիտրեմոզի հարուցիչը զարգանում է միջանկյալ և լրացուցիչ (երկրորդ միջանկյալ) տիրոջ մասնակցությամբ: Միջանկյալ տիրոջ դերն են կատարում ցամաքային խխունջների մի քանի տեսակներ: Լրացուցիչ տեր են հանդիսանում ծղրիդները: Թրթուռները պահպանվում են կակղամորթների մեջ նրանց ամբողջ կյանքի ընթացքում, իսկ ծղրիդների մեջ 2,5 ամիս, այսինքն հասունացած ձևերի հայտնվելու պահից մինչև մահ: Կենդանիների վարակումը տեղի է ունենում հուլիսի վերջից մինչ սեպտեմբեր՝ արոտավայրերում վարակված ծղրիդներով խոտը ուտելով: Վերջնական տիրոջ օրգանիզմում էուրիտրեմաները հասնում են հասունացման փուլին 50-100 օր հետո և մակաբուծում են 4 տարուց ավելի:

283. Մեծահասակ խոշոր եղջերավոր կենդանիների մոտ Էուրիտրեմոզի ախտորոշման համար օգտագործվում է գոմաղբի հաջորդական լվացման մեթոդը: Հետմահու ախտորոշումը դրվում է ենթաստամոքսային գեղձի հերձմամբ:

284. Տնտեսություններում, որտեղ հաստատվում է Էուրիտրեմոզ, անցկացվում են հետևյալ միջոցառումները.

1) կազմակերպվում է հորթերի մսուրազբոսանքային պահվածք: Ցուլիկները այդ մեթոդով աճեցվում են մինչև մսի կոմբինատ հանձնելը, իսկ երինջները՝ մինչև զուգավորելը,

2) ձմեռամսուրային շրջանում անցկացվում է կովերի բուժկանխարգելիչ ճիճվաթափություն:

285. Ճիճվաթափության համար օգտագործվում է պրազիկվանտել (ազինոկս, դրոմցիտ) 25 մգ/կգ դեղաչափով: Դեղը օգտագործվում է անհատական կամ խմբակային եղանակով համակցված կերային խառնուրդով առանց կենդանիներին նախնական քաղցած պահելու:

286. Կովերը և երինջները (մինչև զուգավորումը) ճիճվաթափությունից հետո արածեցվում են մսուրազբոսանքային եղանակով յուրաքանչյուր արոտավայրում մինչև հուլիսի առաջին կեսը, իսկ հուլիսի երկրորդ կեսին (երբ հայտնվում են ինվազիոն թրթուռներ պարունակող մեծահասակ ծղրիդները) և մինչ ձմեռամսուրային շրջան անցնելը՝ բաց մարգագետիններում կամ արհեստական արոտավայրերում:

287. Հակաճիճվային դեղամիջոցները, հոմանիշները և դրանց դեղորայքային ձևերը սահմանվում են աղյուսակում:

 

Աղյուսակ

 

Հ/հ

Անվանումը

Հոմանիշներ

Ազդող նյութի պարունակությունը և դեղորայքային ձևը

1.

Ֆենբենդազոլ

պանակուռ
ֆենկուր
սիբկուր
ֆենբենատ

22,2 %-ոց հատիկներ
22,2 %-ոց հատիկներ
22,2 %-ոց հատիկներ

2.

Տետրամիզոլ

նիլվերմ, տետրամիզոլ

20 %-ոց հատիկներ, հաբեր, փոշի

3.

Ռաֆոկսանիդ

Դիսանալ
ռանիդ
ուրսովերմիտ

2,5 %-ոց սուսպենզիա

4.

Բիթիոնոլ

պլատենոլ

20 %-ոց հատիկներ

5.

Ֆեբանթել

ռինտալ

10 %-ոց հատիկներ

6.

Դիտրազինի ցիտրատ

լոկսուրան

40 %-ոց լուծույթ

7.

Ացեմիդոֆեն

ացետվիկոլ

15 %-ոց սուսպենզիա

8.

Ալբենդազոլ

վալբազեն, վերմիտան

1,9, 2,5 և 10 %-ոց սուսպենզիաներ

9.

Օկսֆենդազոլ

սիստամեկս

9,06 %-ոց սուսպենզիա

10.

Իվերմեկտին

իվոմեկ
իվոմեկ պլյուս
էկվալան-մածուկ

1 %-ոց լուծույթ
1 %-ոց լուծույթ