Համարը 
N 905-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.08.09/50(1325) Հոդ.778
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.07.2017
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.08.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 128-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 2017 թվականի N 905-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 128-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագրերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. օգոստոսի 1
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հուլիսի 27-ի N 905-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 128-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 128-րդ հոդվածով սահմանված ծրագրերի` Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի կիրառության իմաստով`

1) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ շահութահարկ վճարողների խումբ` Հայաստանի Հանրապետության երկու և ավելի թվով ռեզիդենտ շահութահարկ վճարողներ կամ ռեզիդենտ շահութահարկ վճարող, որոնք հայտ են ներկայացրել արտահանման ծրագրի իրականացման համար, ունեն ընդհանուր բաժնետեր, որն ունի առնվազն 20 տոկոսի բաժնետոմսերի բաժնեմաս և ընդգրկվել է հաստատված արտահանման ծրագրում.

2) հայտատու` օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագրերի հայտերը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնող անձ:

3. Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագրերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացման համար հայտատուն Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում`

1) հայտ.

2) ծրագիր, որը ներառում է արտահանման ծավալները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանվող և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխվող ապրանքների ծավալները, ծրագրում ներգրավված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների ցանկը, պետական գրանցման վկայականները (համարները), տեղեկություններ հարկ վճարողների ՀՎՀՀ-ների մասին, ինչպես նաև ծրագրի շրջանակներում նրանց կողմից իրականացվող գործունեության մանրամասն նկարագրությունը, իսկ շինարարության և շինմոնտաժային ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում՝ նաև տեղեկություն աշխատանքների կատարման, աշխատատեղերի թվի և միջին աշխատավարձերի վերաբերյալ.

3) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից հայտը ներկայացվելու դեպքում խմբի անդամ հանդիսացող հայտատուն ներկայացնում է խմբի մյուս անդամների կողմից իրեն տրված լիազորագիրը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում ներկայացվող ծրագրի հաստատումից հետո ծրագրի գործողության ամբողջ ժամկետում, եթե պահպանվում են օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները, ապա ծրագիր իրականացնող և այդ ծրագրում ընդգրկված ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի մեջ մտնող ռեզիդենտ շահութահարկ վճարողը շահութահարկը հաշվարկում և վճարում է օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերով:

5. Եթե Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից իրականացվում են ինչպես օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, այնպես էլ՝ նույն մասի 3-րդ կետով նախատեսված ծրագրերի շրջանակներում իրականացման ենթակա գործունեության տեսակներ, ապա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված ու հավանության արժանացած` օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ծրագրի առկայության պարագայում համարվում է, որ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից իրականացվում է նաև նույն մասի 3-րդ կետով նախատեսված ծրագիրը:

6. Ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի մեջ մտնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերում բացված բանկային հաշիվներին ծրագրին վերաբերող գործունեությունից մուտքագրված գումարների հաշվարկման համար հիմք է ընդունվում ռեզիդենտ շահութահարկ վճարողի բանկային հաշվին արտարժույթի մուտքագրման օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված տվյալ արտարժույթի փոխարժեքը:

7. Արտոնության կիրառության նպատակով հաշվի են առնվում միայն ծրագրի գործողության ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից «արտահանում» մաքսային ընթացակարգով փաստացի կատարված արտահանումների և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխումների գծով բանկային հաշիվներին մուտքագրված գումարները:

8. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ծրագիրը հավանության արժանացնելը` ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից իրականացված արտահանումները կամ Եվրասիական տնտեսական միության տարածք տեղափոխումները, վերջիններիս բանկային հաշիվներին մուտքագրվող գումարները, ինչպես նաև օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները պահպանած չլինելու հանգամանքն արտոնության կիրառության նպատակով հաշվի չեն առնվում:

9. Հայտատուի կողմից հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն:

10. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտը մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված ծրագրի համապատասխանությունը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված պահանջներին: Նշված պահանջներին համապատասխանության դեպքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, մշակում է ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` նախագիծ) և ծրագրի հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և համապատասխան ոլորտային նախարարության (նախարարությունների) քննարկմանը, որոնք նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն:

11. Նախագծի վերաբերյալ կարծիքներն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է նախագիծը և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

12. Սույն կարգի 9-11-րդ կետերի դրույթները տարածվում են նաև ծրագրում փոփոխություն կատարելու համար ներկայացված հայտի վրա:

13. Եթե հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուից պահանջվում է լրացնել չներկայացված փաստաթղթերը:

14. Հայտը տասն աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է հայտատուին, եթե հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը, կամ ներկայացված ծրագիրը չի համապատասխանում սույն կարգի 3-րդ կետով սահմանված պահանջներին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան