Համարը 
N 1177-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.10.29/80(1438) Հոդ.1111
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.10.2018
Ստորագրող մարմինը 
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
26.10.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.10.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2018 թվականի N 1177-Ն

 

ԱՌԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու մասին արձանագրության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 26

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
հոկտեմբերի 25-ի N 1177-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 44-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` հարկային մարմնի կողմից առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները (այդ թվում` կանխավճարները) ճշտելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգին համապատասխան հարկային մարմնի կողմից հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտվում են, եթե`

1) հարկային մարմնին հայտնի են դարձել հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում անճշտություններ, որոնք օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով հնարավոր չէ ճշտել ճշտված հարկային հաշվարկներ ներկայացնելու միջոցով, կամ՝

2) օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում անհրաժեշտ է վերահաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունները:

3. Հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտվում (վերահաշվարկվում) են հարկային մարմնի նախաձեռնությամբ (այդ թվում` օրենսգրքով սահմանված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների կամ փաստաթղթերի հիման վրա) կամ հարկ վճարողի դիմումի հիման վրա:

4. Հարկային պարտավորությունները ճշտվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 67-րդ հոդվածներին համապատասխան վարչական վարույթ հարուցելու, վարչական ակտ ընդունելու և վերանայելու միջոցով` նույն օրենքով սահմանված ընթացակարգերով:

5. Հարկային պարտավորությունները ճշտվում են հետևյալ դեպքերում՝

1) օրենսգրքի 399-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` հարկային պատասխանատվության կիրառման համար կազմված ստուգման ակտով կամ ուսումնասիրության արձանագրությամբ, կամ օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում կազմված վարչական ակտով, կամ այլ վարչական ակտով (այսուհետ՝ վարչական ակտ) առաջադրված հարկային պարտավորությունների հաշվարկման ժամանակ հարկային մարմնի կողմից թույլ են տրվել թվաբանական, մեխանիկական, տեխնիկական սխալներ, կամ կիրառվել է պատասխանատվության սխալ չափ.

2) հարկային մարմնի կողմից իրականացված հարկային հսկողության արդյունքում առաջադրվել է պարտավորություն, կամ պարտավորությունը ծագել է հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկով, սակայն հետագայում օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանվել է արտոնություն, կամ փոխվել է հարկային պարտավորության չափը, կամ՝ հարկ վճարողի հարկման համակարգը.

3) հարկ վճարողի կողմից ներկայացված` արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում առկա են գործունեության իրականացման վայրի ելակետային տվյալի կամ լրացուցիչ գործակցի անճշտություններ.

4) եթե հարկ վճարողի մոտ հարկային մարմնի կողմից մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ նույնպիսի խախտում արձանագրված լինելու դեպքում առաջադրվել է տուգանք, սակայն հետագայում նախորդ նույնպիսի խախտումն արձանագրած ակտը հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անվավեր է ճանաչվել, կամ ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումը կամ դատական ակտն անվավեր է ճանաչվել (այդ թվում՝ մասամբ), որի հետևանքով կիրառված տուգանքի մեծությունը ենթակա է վերահաշվարկման.

5) վերադասության կարգով վերանայվել է վարչական ակտը:

6. Հարկային պարտավորությունների ճշտման գործընթացի վարույթը հարուցվում է՝

1) հարկ վճարողի դիմումը հարկային մարմնում ստացվելու օրվանից.

2) պարտավորությունների ճշտման անհրաժեշտության և հիմքերի վերաբերյալ հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից զեկուցագիր ներկայացվելու օրվանից:

7. Հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկային պարտավորությունները ճշտվում են հարկ վճարողի ներկայացրած տեղեկությունների, դիմումին կցված փաստաթղթերի, հարկային մարմնում առկա տեղեկությունների ուսումնասիրության արդյունքների հիման վրա:

8. Հարկ վճարողի դիմումի ստացման կամ հարկային մարմնի նախաձեռնությամբ զեկուցագիրը ներկայացվելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինն իրականացնում է համապատասխան տվյալների ուսումնասիրություն:

9. Ուսումնասիրության արդյունքներով՝ սույն կարգին համապատասխան վերահաշվարկ կատարելու անհրաժեշտության դեպքում սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 25-ի N 1177-Ն որոշմամբ սահմանված N 2 հավելվածի ձևով արձանագրություն (այսուհետ՝ արձանագրություն), որը կազմման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացում էլեկտրոնային եղանակով կամ փոստային կապի միջոցով, կամ առձեռն ներկայացվում է հարկ վճարողին:

10. Հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկային պարտավորությունները չեն ճշտվում, եթե՝

1) հարկային պարտավորությունները հաշվարկված են օրենսգրքին և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան.

2) դիմումին չեն կցվել հարկային պարտավորությունների ճշտման անհրաժեշտությունը հիմնավորող այն փաստաթղթերը, որոնք հարկային մարմնում առկա չեն.

3) ուսումնասիրության արդյունքներով չեն հիմնավորվել դիմումում նշված՝ հարկային պարտավորությունների ճշտման հիմք հանդիսացող հանգամանքները.

4) լրացել են հարկային պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների փոփոխությունների կատարման համար օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետները։

11. Հարկ վճարողի ներկայացրած դիմումին հարկային պարտավորությունների ճշտումը հիմնավորող փաստաթղթեր կցված չլինելու կամ ոչ լիարժեք ներկայացված դիմումների դեպքում հարկային մարմինը հարկ վճարողին գրավոր տեղեկացնում է առկա թերությունների մասին և առաջարկում է վերացնել դրանք՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Առկա թերությունները սույն կետում նշված ժամկետում չվերացվելու դեպքում դիմումը գրավոր հիմնավորմամբ մերժվում է:

12. Հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկային պարտավորությունների ճշտման գործընթաց չիրականացվելու դեպքում սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինն էլեկտրոնային եղանակով կամ փոստային կապի միջոցով, կամ առձեռն տրամադրում է ճշտման գործընթաց չիրականացվելու վերաբերյալ համապատասխան ակտ՝ նշելով ճշտման գործընթաց չիրականացվելու հիմքը:

13. Սույն կարգի 9-րդ կետին համապատասխան կազմված արձանագրությունների հիման վրա արձանագրության կազմման օրը հարկային մարմինը կազմում է եզրակացություն, որում ներառված տվյալները երեք աշխատանքային օրվա ընթացքում ինքնաշխատ կերպով արտացոլվում են հարկ վճարողի անձնական հաշվի քարտում:

14. Սույն կարգին համապատասխան կազմված արձանագրությունները և եզրակացությունները կարող են բողոքարկվել օրենսգրքի 80-րդ գլխով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2018 թվականի
հոկտեմբերի 25-ի N 1177-Ն որոշման

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՌԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 25-ի «Առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու կարգը սահմանելու մասին» N 1177-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան տվյալներն ուսումնասիրելու արդյունքներով ենթակա են ճշգրտման՝

 

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

2. Հարկ վճարողի անվանումը (կազմակերպության լրիվ անվանումը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը («անհատ ձեռնարկատեր» նշումով)

 

3. Կազմակերպության գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը

 

4. Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը

 

5. Արձանագրությունը կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

 

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՇՎԱՆՑՎՈՂ (ՊԱԿԱՍԵՑՎՈՂ) ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

NN
ը/կ

Հարկի (վճարի) տեսակը

Առաջացման ամսաթիվը

Հարկային պարտավորություն

Դեբետային գումարը

գումարը

տուգանքը

տույժը

վնասի հատուցման գումարը

նախկին

ճշտված

նախկին

ճշտված

նախկին

ճշտված

նախկին

ճշտված

նախկին

ճշտված

                         
                         
                         
                         
 

Հարկային պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների ճշգրտման հիմքերը՝

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

(նշվում են հարկային պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների ճշգրտման համար սահմանված հիմքերը և դրանք հիմնավորող համապատասխան փաստաթղթերը, որոնք կցվում են արձանագրությանը)

 

Հարկային մարմնի ստորաբաժանման ղեկավար

______________________

(ստորագրությունը) 

_______________________

(անունը, ազգանունը)  

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՂՆԵՐ

 

_______________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը,)

(ստորագրությունը)

_______________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

_______________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

Հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի 

___________________________  (անունը, ազգանունը)

_________________ (ստորագրությունը)  

 

(լրացվում է առձեռն ներկայացվելու դեպքում) 

 

 ______ __________________20   թ.

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան