Համարը 
թիվ 42
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Մոսկվա
Ընդունող մարմինը 
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվը 
27.03.2018
Ստորագրող մարմինը 
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.03.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈԻՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2018 թվականի

թիվ 42

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-ին կետին և 313-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողություն իրականացնելու առանձնահատկությունների մասին» հիմնադրույթը:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 15-րդ կետի 42-րդ ենթակետի քսաներորդ պարբերությունը (աղյուսակից հետո) շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ապրանքների հայտարարագրի գրանցման համարը՝ առավել վաղ ներմուծված նույնական ապրանքների համար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2018 թվականի մարտի 27-ի թիվ 42 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների մաքսային արժեքի հսկողության առանձնահատկությունների մասին» հիմնադրույթի 6-րդ կետով նախատեսված դեպքում».

բ) 43-րդ կետի 4-րդ ենթակետի քսանութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«տարր 6՝ նշվում է այն ժամկետի ավարտի ամսաթիվը, որի ընթացքում հայտարարատուն պետք է մաքսային մարմին ներկայացնի ապրանքների մաքսային արժեքի հսկողություն իրականացնելիս Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` մաքսային մարմնի կողմից հայտարարատուից հարցված փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, այդ թվում՝ գրավոր պարզաբանումներ:»:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 283 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների մաքսային արժեքը` ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի հիման վրա որոշելու մեթոդը (մեթոդ 1) կիրառելու կանոններում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 14–րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված՝ ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողության իրականացման ընթացքում մաքսային մարմնի կողմից չեն հայտնաբերվում փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա՝ գնորդի և վաճառողի միջև փոխկապակցվածության ազդեցության հատկանիշներ, որոնք հիմք են` ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով գործարքի արժեքն անընդունելի համարելու համար, ապա ապրանքների մաքսային արժեքի սխալ որոշման այլ հատկանիշների բացակայության պարագայում գործարքի արժեքն ընդունվում է որպես ապրանքների մաքսային արժեք:».

բ) 15-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակության պարբերությամբ՝

«15. Եթե մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված՝ ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողության իրականացման ընթացքում մաքսային մարմնի կողմից հայտնաբերվում են փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա՝ գնորդի և վաճառողի միջև փոխկապակցվածության ազդեցության հատկանիշներ, և վաճառքին զուգորդված հանգամանքներն արտացոլող՝ հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ներկայացված փաստաթղթերն ու տեղեկությունները չեն վերացնում այդպիսի հայտնաբերված հատկանիշները, ապա հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) իրավունք ունի ներկայացնելու փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք հաստատում են, որ ներմուծվող ապրանքների հետ գործարքի արժեքը մոտ է ստուգիչ մեծություններից մեկին:».

գ) 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

4. Ուժը կորցրած ճանաչել՝

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման, հսկողության և ճշգրտման կարգերի մասին» թիվ 376 որոշման 1-ին կետի երրորդ և չորրորդ պարբերությունները.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 273 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների մաքսային արժեքը որոշելիս գումարման մեթոդի (մեթոդ 5) կիրառման կանոնների 13-րդ կետը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու և Մաքսային միության հանձնաժողովի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 289 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգի» 11-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությունը, ինչպես նաև նշված որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունների 2-րդ կետը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի «Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 38 որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունների 9-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 3-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 139 որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունների 2-րդ կետը.

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի մարտի 27-ի թիվ 42 որոշմամբ