Համարը 
N 617
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 1998.11.16/14(20)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվը 
31.08.1998
Ստորագրող մարմինը 
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.08.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 617

 

31 օգոստոսի 1998 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 15.04.98 թ. «ՀՀ նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի հ. 161 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» հ. 240 որոշմամբ ոգելից խմիչքների մանրածախ վաճառքն իրականացվում է առանց լիցենզավորման, ի կատարումն Երևանի քաղաքապետի 05.06.98 թ. 296 որոշման և ղեկավարվելով ՀՀ նախագահի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» 6.05.97 թ. հրամանագրի 1.16 կետով.

1.

Չեղյալ համարել Երևանի քաղաքապետի 20.10.97 թ. «Երևան քաղաքում ալկոհոլային խմիչքների մանրածախ վաճառքի և հանրային սննդի կազմակերպման լիցենզիաների տրման կարգը հաստատելու մասին» N 1212 որոշումը:

2.

Հաստատել Երևան քաղաքում հանրային սննդի կազմակերպման և իրացման լիցենզիաների տրման կարգը (կցվում է):

3.

Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությանը (Լ. Հարությունյան) և իրավաբանական բաժնին (Գ. Մինասյան)` սույն կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման համար:

4.

Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության (Լ. Հարությունյան) վրա:

5.

Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Վարդապետյանի վրա:

      

Քաղաքապետ

Ա. Աբրահամյան

 

Հաստատված է
Երևանի քաղաքապետի
1998 թ. օգոստոսի 31-ի
հ. 617 որոշմամբ
Երևանի քաղաքապետարանի
քարտուղար` Գ. Ղազարյան

 

Կ Ա Ր Գ

 

ԵրԵՎան քաղաքի տարածքում հանրային սննդի կազմակերպման ու իրացման լիցենզիաների տրման

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Երևան քաղաքում հանրային սննդի կազմակերպման ու իրացման լիցենզիաների տրման կարգը:

2. Հանրային սննդի կազմակերպման ու իրացման լիցենզիան (հետագայում լիցենզիա) տրվում է Երևանի քաղաքապետարանի կողմից (հետագայում տարածքային կառավարման մարմին), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկություններին և անհատ ձեռներեցներին (հետագայում տնտեսավարող սուբյեկտներ) անկախ սեփականության ձևից:

3. Հանրային սննդի գործունեության կազմակերպման լիցենզիաների համար սահմանվում է գործողության ժամկետ մինչև 2 տարի:

4. Տրված լիցենզիաների համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափերով:

 

2. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

5. Հանրային սննդի կազմակերպման ու իրացման լիցենզիա ստանալու նպատակով տնտեսավարող սուբյեկտներն ըստ իրենց գտնվելու վայրի, լիցենզավորումն իրականացնող տարածքային կառավարման մարմին են ներկայացնում.

ա) գործունեության իրականացման հայտ,

բ) հանրային սննդի կազմակերպման վայրի` շինության, տաղավարի, կրպակի և այլն, կառուցման կամ վերակառուցման և տեղադրման օրինականությունը հաստատող փաստաթղթերը,

գ) հիմնադիր փաստաթղթերի պատճենները (եթե տնտեսավարող սուբյեկտը չունի պետական գրանցում, ապա այդ մասին համապատասխան գրառում է կատարվում «հատուկ պահանջներ» մասում),

դ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիր,

ե) ոչ պրոֆիլային գործունեությամբ զբաղվող պետական ձեռնարկությունների համար վերադաս պետական կառավարման լիազոր մարմնի միջնորդագիրը, համապատասխան գործունեություն իրականացնելու համաձայնության մասին,

զ) տեղեկանք տարածքի և սպասարկող անձնակազմի սանիտարահիգիենիկ նորմաներն ապահովելու մասին,

է) տեղեկանք հակահրդեհային անվտանգության միջոցառումներն ապահովելու մասին,

ը) խոհարարական արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական նկարագիրը,

թ) սպասարկող անձնակազմի (խոհարար, հրուշակագործ, մատուցող) մասնագիտական կրթության, համապատասխան որակավորման մասին վկայականների պատճենները կամ քաղվածք աշխատանքային գրքույկից որակավորման համապատասխան կարգ ունենալու վերաբերյալ:

 

3. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

6. Հանրային սննդի կազմակերպման և իրացման նպատակով լիցենզիա ստանալու համար տնտեսավարող սուբյեկտները սույն կարգով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում են իրենց տնտեսավարման վայրի տարածքային կառավարման մարմին:

7. Փաստաթղթերի ընդունումը կատարվում է գրամատյանում համապատասխան գրանցում կատարելու միջոցով:

8. Տնտեսավարող սուբյեկտի կողմից հայտի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է ընդունված փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրություն և դրական եզրակացության դեպքում Երևանի քաղաքապետի հաստատմանն է ներկայացվում լիցենզիա տրամադրելու վերաբերյալ որոշման կամ կարգադրության նախագիծ:

9. Կարգադրության ստորագրման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացվում է համապատասխան լիցենզիան և տրվում տնտեսավարող սուբյեկտին:

10. Անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին տրվող լիցենզիայում նշվում են լիցենզիայի գրանցման համարը, պետական ռեգիստրում վկայականի սերիան և համարը, անունը, ազգանունը, հայրանունը, տնտեսական գործունեություն իրականացնելու հասցեն և տեսակը, լիցենզիայի տրման ամսաթիվը և տնտեսական գործունեություն իրականացնելու ժամկետը:

11. Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններին տրվող լիցենզիայում նշվում են կազմակերպա-իրավական տեսակը, ֆիրմայի անվանումը, լիցենզիայի գրանցման համարը, պետական ռեգիստրում գրանցման վկայականի սերիան և համարը, տնտեսական գործունեությունն իրականացնելու հասցեն և տեսակը, լիցենզիայի տրման ամսաթիվը և տնտեսական գործունեություն իրականացնելու ժամկետը:

12. Լիցենզիայի գործունեության ժամկետի երկարացումը իրականացվում է լիցենզիա ստանալու համար սահմանված կարգին համապատասխան:

13. Լիցենզիան անվանական փաստաթուղթ է, այն չի կարող փոխանցվել, տրամադրել կամ վաճառել այլ տնտեսավարող սուբյեկտներին:

14. Տնտեսավարող սուբյեկտի տնտեսական գործունեությունն իրականացնելու հասցեն փոփոխվելու դեպքում լիցենզիան ենթակա է վերափոխման ՀՀ օրենսդրության և սույն կարգի համաձայն:

15. Ձեռնարկության իրավական-կազմակերպական տեսակի փոփոխման, ինչպես նաև հիմնադիր փաստաթղթերում փոփոխումներ կատարվելու դեպքում, տնտեսավարող սուբյեկտը դիմում է տարածքային կառավարման մարմնին և ստանում է լիցենզիայի վերաձևակերպված տարբերակը:

16. Լիցենզիայի բնօրինակը կորցնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցներում և դիմում է տարածքային կառավարման մարմնին կրկնօրինակ ստանալու համար:

 

4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

17. Տնտեսավարող սուբյեկտները տնտեսական գործունեությունն իրականացնելու ողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել լիցենզիայի տրման ժամանակ ներկայացված պահանջները և լիցենզիայում նշված հատուկ պահանջները:

 

5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԵՐԺՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

18. Գործունեության իրականացման հայտը կարող է մերժվել հետևյալ պատճառներով`

ա) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերման դեպքում.

բ) եթե հայտատուի ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին:

19. Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիայի տրամադրման մերժումն արգելվում է:

 

6. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

20. Տարածքային կառավարման մարմնի համապատասխան ստորաբաժանման որոշմամբ լիցենզիայի գործողությունը կարող է ժամանակավորապես դադարեցվել:

21. Լիցենզիայի գործողության դադարեցման կամ ժամանակավորապես դադարեցման հիմք կարող են հանդիսանալ ՀՀ օրենսդրությամբ վերահսկողություն իրականացնող գործադիր մարմինների կողմից տարածքային կառավարման մարմիններին ներկայացված հայտերը:

22. Արգելվում է լիցենզիայով նախատեսված գործունեության կասեցումը մինչև դադարեցման կամ ժամանակավոր դադարեցման մասին որոշման ընդունումը:

23. Լիցենզիայի դադարեցման մասին որոշման ընդունումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը գրավոր իրազեկվում է որոշման մասին, որին կցվում է քաղվածք որոշումից, իսկ ժամանակավորապես դադարեցման դեպքում նաև թերությունների վերացման միջոցառումների ցանկը:

24. Լիցենզիան չեղյալ համարելու համար հիմքերի ի հայտ գալու դեպքում թույլտվություն տված համապատասխան մարմինը սահմանում է ժամկետ ձեռնարկության կողմից թույլ տրված խախտումները վերացնելու համար:

25. Սահմանված ժամկետում թույլ տրված խախտումները չվերացնելու դեպքում գործունեության թույլտվությունը կարող է չեղյալ համարվել այն տրված մարմնի կողմից հետևյալ հիմքերով`

ա) եթե թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտի և հիմնավորումների մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ,

բ) եթե ձեռնարկության գործունեությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրի կամ մարդկանց առողջությանը,

դ) եթե ձեռնարկությունը չի կատարում թույլտվության մեջ նշված հատուկ պահանջները:

26. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումը տնտեսավարող սուբյեկտը կարող է գանգատարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

27. Տնտեսավարող սուբյեկտին, լիցենզիային կից տրվում է քաղվածք սույն կարգի 22, 23, 24, 25, 26 կետերի դրույթների վերաբերյալ:

28. Տնտեսավարող սուբյեկտի գործունեության դադարեցման դեպքում լիցենզիան համարվում է ուժը կորցրած:

29. Լիցենզիան չեղյալ համարելու մասին որոշման պատճենն ստանալուց հետո, 30 օրվա ընթացքում ձեռնարկությունն իրավունք ունի այն գանգատարկել դատարանում:

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

31. Տնտեսավարող սուբյեկտները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնտեսական գործունեությունն իրականացնելու ողջ ժամանակահատվածում պատասխանատվություն են կրում լիցենզիայի հատուկ պահանջների, առևտրի և հանրային սննդի կազմակերպման կանոնների կատարման համար:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
8 հոկտեմբերի 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 70980192