Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Համաձայնագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունման վայրը 
Թեհրան
Ընդունող մարմինը 
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվը 
06.05.1995
Ստորագրող մարմինը 
Ստորագրման ամսաթիվը 
06.05.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.02.1997
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Նախաբան

 

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր, ցանկանալով ամրապնդել երկու պետությունների փոխշահավետ տնտեսական համագործակցությունը, մտադրվելով ստեղծել և պահպանել մի Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների համար բարենպաստ պայմաններ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ընդունելով Կողմերից մեկի ներդրումների աջակցման և պաշտպանության անհրաժեշտությունը մյուս Կողմի տարածքում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1.

Սահմանումներ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար.

1. «Ներդրում» տերմինը վերաբերում է մի Պայմանավորվող կողմի բոլոր տեսակի ներդրումներին մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, որոնք ընդունվում և գրանցվում են այդ Կողմերի օրենսդրության և կանոնակարգերի համաձայն, մասնավորապես`

ա) շարժական և անշարժ գույքի սեփականություն, ինչպես նաև իրավունքներ` կապված գրավ դնելու, կալանքի պահանջի, ուրիշի գույքից և դրա շահույթից օգտվելու հետ,

բ) բաժնետոմսեր կամ ընկերություններում մասնակցելու ցանկացած ձև,

գ) դրամի կամ տնտեսական արժեք ներկայացնող որևէ գործողության իրավունք,

դ) հեղինակային իրավունքներ, արդյունաբերական սեփականության իրավունքներ, ինչպիսիք են արտոնագրերը, փորձանմուշը, արդյունաբերական նախագծերը կամ նմուշները, առևտրական կամ ծառայողական նշանները, առևտրային անվանումները, «նոու-հաու»-ն և բարի համբավը,

ե) իրավունքներ` կապված բնական պաշարների հետազոտության, արդյունահանման կամ շահագործման հետ, ինչպես նաև այլ գործարարության իրավունքներ, որոնք տրվում են օրենքով, համաձայնագրով կամ օրենքի սահմաններում ընդունված իշխանությունների որոշումներով:

2. «Ներդրող» տերմինը կներառի յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի`

ա) ֆիզիկական անձանց, որոնք, համաձայն տվյալ Պայմանավորվող կողմի օրենսդրության, տվյալ Կողմի քաղաքացիներ են,

բ) իրավաբանական անձանց, որոնք ստեղծված են Կողմերի օրենսդրության համաձայն և, տնտեսական գործունեությանը համապատասխան, ունեն նստատեղեր այդ Պայմանավորվող կողմի տարածքում, և որոնք ներդրում են կատարում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

3. «Եկամուտ» տերմինը նշանակում է ներդրումներից ստացված օրինական գումարները և, մասնավորապես, բայց ոչ բացառապես, ներառում է շահույթ, շահ, կապիտալի աճ, շահաբաժիններ, հոնորարներ և վճարումներ:

4. «Տարածք» տերմինը նշանակում է Պայմանավորվող կողմերի տարածք` ներառյալ պետությանը սահմանակից ջրային տարածքները, որոնց նկատմամբ այդ պետությունը կարող է ունենալ ինքնիշխան իրավունքներ կամ իրավազորություն` միջազգային իրավունքի համաձայն:

 

Հոդված 2.

Ներդրումների խրախուսում

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նպաստի և ստեղծի բարենպաստ պայմաններ իր քաղաքացիների համար մյուս Կողմի տարածքում ներդրումներ կատարելիս:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նպաստի և ստեղծի բարենպաստ պայմաններ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների համար իր տարածքում ներդրումներ կատարելիս:

 

Հոդված 3.

Ներդրումների նպաստում

 

Երբ մի Կողմի ներդրողների ներդրումներն ընդունված են մյուս Կողմի տարածքում, այդ ներդրումների իրականացման նպատակով վերջինս պետք է աջակցի ներդրողներին բոլոր անհրաժեշտ թույլտվությունները ստանալու համար:

 

Հոդված 4.

Ներդրումների պաշտպանությունը

 

1. Երբ Պայմանավորվող կողմերից մեկի ներդրողների ներդրումները ընդունված են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վերջինիս օրենսդրության և կանոնակարգերի համաձայն, մյուս Պայմանավորվող կողմի կողմից պետք է ստանան նույնպիսի օրինական պաշտպանություն, ինչպիսիք ստանում են երրորդ պետության ներդրողները նման պայմաններում:

2. Եթե Պայմանավորվող կողմը որևէ երրորդ պետության ներդրողներին տրամադրում է հատուկ արտոնություններ` շնորհիվ Համաձայնագրի, որը հաստատում է ազատ առևտրի գոտի, մաքսային միություններ, ընդհանուր շուկա կամ նման տարածաշրջանային կազմակերպություն, կամ շնորհիվ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ Համաձայնագրի, դա չի պարտադրում Պայմանավորվող կողմին` հատկացնել նույնպիսի արտոնություններ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին:

 

Հոդված 5.

Առավել բարենպաստ դրույթներ

 

Առավել բարենպաստ դրույթները, որոնք կան կամ կարող են համաձայնեցվել Կողմերի միջև, մյուս Կողմի ներդրողների համար միանգամայն ընդունելի են` չնայած այն պայմաններին, որ հաստատված են սույն Համաձայնագրով:

 

Հոդված 6.

Սեփականազրկում և փոխհատուցում

 

1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները չեն կարող սեփականազրկվել, ազգայնացվել կամ ենթարկվել ուղղակի կամ անուղղակի ձևով մյուս Պայմանավորվող կողմի կողմից նմանատիպ միջոցառումների, բացի հասարակական շահերից, խտրականության` ժամանակին վճարելով արդյունավետ և արդարացի փոխհատուցում` գործող օրենսդրության համաձայն:

2. Ներդրումների սեփականազրկման համար փոխհատուցումը պետք է համարժեք լինի ներդրումների արժեքին և պետք է տրվի անհապաղ` մինչև սեփականազրկման գործողությունը կամ հայտնի դառնալը:

 

Հոդված 7.

Վնասներ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողները, որոնք վնասներ են կրել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պատերազմի կամ որևէ այլ զինված կոնֆլիկտի, հեղափոխության, ծայրահեղ պայմանների, ապստամբության կամ այլ նման իրադարձության պատճառով, պետք է ստանան ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան այն, ինչ տրվում է սեփական ներդրողներին կամ որևէ երրորդ երկրի ներդրողներին, ինչը վերաբերում է այդպիսի վնասների փոխհատուցմանը, վերականգնմանը և երաշխավորմանը:

 

Հոդված 8.

Ռեպատրիացիա և փոխհատուցումներ

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պետք է հնարավորություն տա, որ ներդրումների հետ առնչվող բոլոր փոխանցումները իրենց տարածք և նրանից դուրս կատարվեն ազատորեն և առանց անհիմն ձգձգումների: Այդպիսի փոխանցումներն ընդգրկում են.

ա) եկամուտները,

բ) ներդրման լրիվ կամ մասնակի լիկվիդացիայից, վաճառքից ստացված եկամուտները,

գ) փոխհատուցում` համաձայն 6-րդ և 7-րդ հոդվածների,

դ) ներդրումների հետ կապված ծախսերի փոխհատուցում և վարկերից տոկոսների մուծում,

ե) աշխատավարձ և այլ վարձատրություններ, որոնք ստանում են մի Պայմանավորվող կողմի քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում համապատասխան աշխատանքի համար` այդ ներդրումների սահմաններում,

զ) մուծումներ` ներդրումների առնչությամբ վեճերի ծագման դեպքում:

2. Փոխանցումները պետք է արվեն կայուն տարադրամով և փոխանցումների կատարման օրվա պաշտոնական փոխանակային կուրսով:

 

Հոդված 9.

Սուբրոգացիա

 

1. Եթե Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումները օրենքով սահմանված կարգով ապահովագրված են ոչ կոմերցիոն ռիսկից այդ Պայմանավորվող կողմի ապահովագրական կազմակերպության կողմից, ապա մյուս Պայմանավորվող կողմը պետք է ճանաչի ապահովագրողի կողմից կատարված ներդրողի իրավունքների յուրաքանչյուր սուբրոգացիան:

2. Այդպիսի ապահովագրվողը չպետք է ունենա այլ իրավունքներ, քան նրանք, որոնք պետք է ունենար ներդրողը:

3. Տարաձայնությունները Պայմանավորվող կողմի և ապահովագրվողի միջև պետք է կարգավորվեն համաձայն սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի դրույթների:

 

Հոդված 10.

Պարտավորությունների կատարում

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է հաստատապես երաշխավորի պարտավորությունների կատարումը մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների վերաբերյալ:

 

Հոդված 11.

Տարաձայնություններ պայմանավորվող կողմի և ներդրողի միջև

 

1. Մի Պայմանավորվող կողմի և մեկ կամ ավելի ներդրողների միջև ներդրումների առնչությամբ ցանկացած վեճի դեպքում, ներդրումների վերաբերյալ, Պայմանավորվող կողմը և ներդրողները պետք է առաջին հերթին աշխատեն լուծել այդ վեճերը խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

2. Եթե Պայմանավորվող կողմը և հիշյալ ներդրողը(ները) չեն կարող հասնել համաձայնության վեճը սկսելուց 6 ամսվա ընթացքում, ապա վեճը Պայմանավորվող կողմի կամ ներդրողի(ների) պահանջով, համաձայն իրենց համապատասխան օրենսդրությունների և կանոնակարգերի, կտրվի արբիտրաժային դատարան` բաղկացած երեք անդամներից: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը և ներդրողը(ները) կնշանակեն մեկական դատավոր, իսկ այս երկուսը իրենց հերթին կնշանակեն նախագահին:

3. Պայմանավորվող կողմը կամ ներդրողը(ները), որը (որոնք) դիմել է (են) արբիտրաժին, պետք է պահանջի մեջ նշի իր դատավորին:

4. Եթե Պայմանավորվող կողմը կամ ներդրողը չեն նշանակում իրենց դատավորին արբիտրաժի պահանջի ստացման պահից 30 օրվա ընթացքում, դատավորը, Պայմանավորվող կողմի կամ ներդրողի խնդրանքով, կնշանակվի մշտական Միջնորդ դատարանի գլխավոր քարտուղարի կողմից: Այն դեպքում, երբ երկու դատավորները 60 օրվա ընթացքում համաձայնության չեն գալիս նախագահի նշանակման հարցում, վերջինս, Պայմանավորվող կողմի կամ ներդրող(ներ)ի խնդրանքով, կնշանակվի մշտական Միջնորդ դատարանի գլխավոր քարտուղարի կողմից:

5. Միջնորդ դատարանի նախագահը միշտ պետք է լինի երրորդ պետության քաղաքացի, որը դիվանագիտական հարաբերություններ ունի երրորդ պետության և երկու Պայմանավորվող կողմերի հետ:

6. Միջնորդ դատարանի նախագահը միշտ պետք է լինի երրորդ պետության քաղաքացի, որը դիվանագիտական հարաբերություններ ունի երրորդ պետության և երկու Պայմանավորվող կողմերի հետ:

7. Միջնորդ դատարանը պետք է առաջնորդվի «UNCITRAL»-ի կանոններով:

8. Միջնորդ դատարանը պետք է գտնվի Փարիզում:

9. Միջնորդ դատարանի որոշումները վերջնական են և պարտադիր ինչպես Պայմանավորվող կողմի, այնպես էլ ներդրող(ներ)ի համար:

 

Հոդված 12.

Վեճերի կարգավորումը պայմանավորվող կողմերի միջև

 

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ Պայմանավորվող կողմերի միջև վեճեր առաջանալու դեպքում Պայմանավորվող կողմերը առաջին հերթին պետք է փորձեն կարգավորել այն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

2. Եթե Պայմանավորվող կողմերը վեճը սկսելուց հետո 12 ամսվա ընթացքում համաձայնության չեն գալիս, ապա, կողմերի պահանջով, համաձայն համապատասխան օրենսդրության և կանոնակարգերի, այն պետք է քննարկվի միջնորդ դատարանում, որը կազմված է 3 անդամից: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պետք է նշանակի մեկ դատավոր, այնուհետև այդ երկու դատավորները պետք է ընտրեն նախագահին, որը նշանակման պահին պետք է լինի երկու Պայմանավորվող կողմերի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երրորդ պետության քաղաքացի:

3. Պայմանավորվող կողմը, որը դիմել է արբիտրաժ, պետք է արբիտրաժի պահանջի մեջ նշի իր դատավորին: Եթե մյուս Պայմանավորվող կողմը իր դատավորին չնշանակի 30 օրվա ընթացքում, դատավոր կնշանակվի այն Պայմանավորվող կողմի խնդրանքով, որը դիմել է արբիտրաժին Միջազգային դատարանի նախագահի միջոցով:

4. Եթե երկու դատավորները չեն կարող ընտրել նախագահին 60 օրվա ընթացքում, վերջինս, Պայմանավորվող կողմերից մեկի խնդրանքով, պետք է նշանակվի Միջազգային դատարանի նախագահի կողմից:

5. Եթե սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված դեպքերում Միջազգային դատարանի նախագահը չի կարող կատարել այդ գործառույթները, նաև այն դեպքում, եթե նա հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի, ապա նշանակումը կարվի Միջազգային դատարանի ավագ անդամի կողմից, որը չի հանդիսանում Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի:

6. Ելնելով Պայմանավորվող կողմերի հաստատված դրույթներից` միջնորդ դատարանը ինքը պետք է որոշի իր ընթացակարգը և դատավարության վայրը:

7. Միջնորդ դատարանի որոշումները վերջնական են և պարտադիր Պայմանավորվող կողմերի համար:

 

Հոդված 13.

Ուժի մեջ մտնելը

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում և պարտադիր է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի վերջին վավերագրի ներկայացման օրվանից:

 

Հոդված 14.

Համաձայնագրի տևողությունը և դադարեցումը

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է 10 տարվա ընթացքում և կշարունակի գործել, քանի դեռ այն չի դադարել սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը նախապես` մեկ տարի առաջ, գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին, կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը սկզբնական 10 տարվա ժամկետի վերջում կամ հետագայում` ցանկացած այլ ժամանակ:

3. Այն ներդրումների հանդեպ, որոնք կատարվել են մինչև սույն Համաձայնագրի դադարեցման մասին ծանուցման ուժի մեջ մտնելու օրը, սույն Համաձայնագրի բոլոր մյուս հոդվածների դրույթները կշարունակեն գործել, այդ օրվանից սկսած, 10 տարի:

Ի հավաստումն որի` իրենց կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Թեհրան քաղաքում 1995 թվականի մայիսի 6-ին (1374 թվականի օրդիբեհեշտի 16-ին), երկու օրինակով, հայերեն, պարսկերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Տարաձայն մեկնաբանությունների դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի փետրվարի 26-ին:

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 Սույնով հավաստում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը համաձայնության եկան` կնքելու կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր (այսուհետ` Համաձայնագիր):

Համաձայնագրում որոշ տերմինների պարզաբանման նպատակով Կողմերը պայմանավորվեցին հետևյալը.

1. Համաձայն Համաձայնագրի 1-ին հոդվածի, ինչպես նաև մյուս հոդվածների` «ներդրում» տերմինը վերաբերում է բացառապես այն ներդրումներին, որոնք ընդունվում և գրանցվում են համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գործող «Իրանում արտասահմանյան կապիտալ ներդրումների խրախուսման և պաշտպանության» օրենքի (LAPFI) և այն որոշումների և օրենքների, որոնք բխում են «Կապիտալ ներդրումների խրախուսման և պաշտպանության» օրենքից (LAPFI):

Հայաստանի Հանրապետության ներդրումների թույլատրումը և գրանցումը Իրանի տարածքում արտոնագրվում է թույլատրման սերտիֆիկատով, որը հատկացնում է Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության տնտեսական և տեխնիկական օգնության ներդրումների բաժինը (OIETAI)` համաձայն վերը նշված` արտասահմանյան ներդրումների մասին օրենքի և օրենսդրական ակտերի:

Այդ «սերտիֆիկատի» մեջ նշվում են ներդրման հատուկ պայմանները, որոնց համաձայն ներդրումը թույլատրվել և գրանցվել է: Այն ներդրումները, որոնք չեն ստացել այդ «սերտիֆիկատը», նրանց համար այս Համաձայնագիրը չի գործի:

2. Համաձայն Համաձայնագրի 1-ին հոդվածի, ինչպես նաև մյուս հոդվածների` «ներդրում» տերմինը վերաբերում է այն ներդրումներին, որոնք պետք է կատարվեն Իրանի կողմից Հայաստանում, և ընդունվում ու գրանցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի (31.07.1994) և այլ օրենսդրական ակտերի:

Օտարերկրյա ներդրումների թույլատրման և գրանցման այլ կարգ, բացի օրենքից, գոյություն չունի:

3. Համաձայնագրի 8.1-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատելու թույլտվություն ստանալու համար, ըստ օրենքի, հարկավոր է միայն ժամանակավոր գրանցման փաստաթուղթ:

4. Կողմերը կարող են համաձայնվել, որ Պայմանավորվող կողմերի կողմից մինչև սույն Համաձայնագրի ընդունումը կատարված ներդրումները նույնպես ենթարկվում են սույն Համաձայնագրի դրույթներին:

Փաստաթուղթը ստորագրվել է Թեհրանում 1995 թվականի մայիսի 6-ին (համապատասխանաբար` 1374 թվականի օրդիբեհեշտի 16-ին), հայերեն, պարսկերեն, անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Տարաձայնությունների դեպքում առաջնությունը տրվում է անգլերեն տեքստին: