Համարը 
N 335-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2007.12.28/34(274) Հոդ.458
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
12.12.2007
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ 1:25 000, 1:50 000, 1:100 000 ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 դեկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 32207455

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

12 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 335-Ն 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

1:25 000, 1:50 000, 1:100 000 ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքը սահմանելու մասին» N 222 որոշման 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի «Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին վերապահելու մասին» N 1028 որոշման պահանջներով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել 1:25 000, 1:50 000, 1:100 000 մասշտաբների տեղագրական քարտեզների պայմանական նշանների հրահանգը` համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանով հաստատված հրահանգը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

 

 

Հավելված N 1

 

Հաստատված է՝

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ

գույքի կադաստրի պետական

կոմիտեի նախագահի

2007 թ. դեկտեմբերի 12-ի

N 335-Ն հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

1:25 000, 1:50 000, 1:100 000 ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Սույն հրահանգում բերված պայմանական նշանները, տառատեսակների օրինակները և պայմանական կրճատումները պարտադիր են 1:25 000, 1:50 000, 1:100 000 մասշտաբի բոլոր տեղագրական քարտեզների համար:

2. Պայմանական նշանները և տառատեսակների օրինակները աղյուսակներում տրված են հերթական համարներով: Առանձին դեպքերում մի համարի տակ տրված են նշանակությամբ իրար մոտ երկու կամ ավելի նշաններ: Մի համարի տակ գտնվող պայմանական նշանների համար ընդունված է արաբական թվերով լրացուցիչ համարակալում (1, 2, 3 և այլն):

3. Պայմանական նշանները անհրաժեշտության դեպքում տրված են երկու տարբերակով.

1. քարտեզի մասշտաբով չարտահայտվող տեղագրական օբյեկտների (նշված են ա տառով) և

2. մասշտաբով արտահայտվող օբյեկտների պատկերման համար (նշված են բ տառով):

4. Արտամասշտաբային պայմանական նշանները կիրառվում են, եթե օբյեկտներն իրենց չափերով քարտեզի մասշտաբով չեն կարող արտահայտվել: Հիմնականում այդ նշաններն օգտագործվում են, երբ տվյալ մասշտաբում օբյեկտի չափերն ավելի փոքր են, քան համապատասխան պայմանական նշանը:

Պայմանական նշանները, որոնց համար բացատրական տեքստ է նախատեսված աղյուսակի գրաֆիկական մասում, տրված են [ ] քառակուսի փակագծերում համապատասխան տեքստի հերթական համարով: Բացատրական տեքստում պայմանական նշանի համարը, որին վերաբերում է տեքստը, տրված է ( ) կլոր փակագծերում` տեքստի հերթական համարից հետո:

5. Արտամասշտաբային պայմանական նշանները տրվում են քարտեզի հարավային շրջանակին ուղղահայաց: Բացառություն են կազմում մի շարք օբյեկտներ, որոնք տեղաբաշխվում են քարտեզի վրա իրենց տեղանքային դիրքին համապատասխան:

6. Աղյուսակներում նշանների պատկերները ուղեկցվում են թվերով, որոնք ցույց են տալիս դրանց չափերը միլիմետրերով: Եթե տրված է երկու թիվ, ապա առաջինը բնութագրում է նշանի բարձրությունը, երկրորդը` լայնությունը: Եթե պատկերի մոտ տրված է մեկ թիվ նշանակում է նշանի բարձրությունն ու լայնությունը նույնն են, իսկ եթե թիվը բացակայում է, ապա նշանի չափերը պետք է ընդունել աղյուսակի նկարին համապատասխան:

7. Պայմանական նշանների բոլոր չափերը տրված են միջին ծանրաբեռնվածության քարտեզների համար: Նշված չափերը քարտեզի մեծ ծանրաբեռնվածության կամ փոքր ուրվագծերի լրացման դեպքում խմբագրի հայեցողությամբ կարելի է փոքր-ինչ մեծացնել (համեմատաբար կարևոր օբյեկտներն առանձնացնելու համար) կամ փոքրացնել (քարտեզների մեծ ծանրաբեռնվածության դեպքում):

8. Բուսականության և գրունտների մակերեսների պատկերման պայմանական նշանների միջև հեռավորությունների աղյուսակներում ընդունված չափերը մեծ մակերեսների դեպքում կարող են ավելացվել 1.5, 2 կամ 3 անգամ` կախված տարածքի մեծությունից, փոքր մակերեսների դեպքում պայմանական նշանների միջև հեռավորությունները կարելի է մեկ երրորդով փոքրացնել, շատ փոքր ուրվագծած մակերեսների դեպքում թույլատրվում է մեկ նշան զետեղել:

9. Քարտեզի վրա տեղանքում օբյեկտի դիրքին պետք է համապատասխանեն արտամասշտաբային պայմանական նշանի հետևյալ կետերը.

- կանոնավոր երկրաչափական ձև ունեցող նշանների դեպքում (շրջանակ, քառակուսի, եռանկյունի, աստղ և այլն)` նշանի երկրաչափական կենտրոնը,

- օբյեկտի հեռանկարային պատկերի ձև ունեցող նշանների դեպքում (գործարանների և ֆաբրիկաների խողովակների պայմանական նշանները և այլն)` նշանի հիմքի կենտրոնը,

- հիմքում ուղիղ անկյուն կազմող նշանների դեպքում (լցակայանների, հողմաղացների, ծառերի տեսակների և այլն) անկյան գագաթը,

- մի քանի պատկերների համատեղմամբ նշանների դեպքում (եկեղեցիներ, մատուռներ, աշտարակակերպ կառույցներ, ժայռային հենանիշներ և այլն)` նշանի ստորին մասի կենտրոնը:

10. Առանձին պայմանական նշաններին կից պարզաբանող մակագրությունները ցույց են տալիս, որ այդպիսի նշանները պետք է ուղեկցվեն նշված մակագրություններով:

 

2. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐ

 

11. (1-4) Պետական և Ազգային գեոդեզիական ցանցի կետերի պայմանական նշաններով ցույց են տրվում 1, 2, 3, 4 դասի գեոդեզիական և 0, 1, 2 դասի արբանյակային կետերը, որոնք որոշված են գործող դրույթների պահանջներին համապատասխան և որոնց կոորդինատները հաշվված են գեոդեզիական կոորդինատների հաստատված համակարգում:

Շենքերի և եկեղեցիների վրայի Պետական և Ազգային գեոդեզիական ցանցի կետերի պայմանական նշանները կիրառվում են 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա այն շենքերը պատկերելիս, որոնց բարձրացող մասերը (սայրաձողեր, աշտարակներ) որոշված են որպես գեոդեզիական կետեր և դրանց կոորդինատները ընդգրկված են գեոդեզիական կետերի կոորդինատների կատալոգներում: Այդպիսի կետերի կոորդինատները վերաբերում են շրջանակների կենտրոններին, որոնք արտահայտում են շենքերի վրա սայրաձողերի դիրքը: 1:100 000 մասշտաբի քարտեզի վրա շենքերի վրայի պետական գեոդեզիական ցանցի կետերից ցույց են տրվում միայն եկեղեցիների վրայինները:

Տեղանքի այնպիսի օբյեկտները, ինչպիսիք են գործարանային խողովակները (36), գործարանները, խողովակներով ֆաբրիկաները և ալրաղացները (37), հեռուստաաշտարակները (53), հեռուստատեսային, ռադիո և ռադիոռելեային կայմերը (54), աշտարակակերպ կապիտալ շինությունները (57) և գեոդեզիական կետեր հանդիսացող այլ նմանատիպ օբյեկտները քարտեզների վրա հատուկ նշաններով չեն առանձնացվում:

12. (5, 6) Հանութային և խտացման ցանցի կետերի պայմանական նշաններով ցույց են տրվում տեղանքում կենտրոնով ամրացված եռանկյունավորման և պոլիգոնոնոմետրիայի, ինչպես նաև պետական գեոդեզիական ցանցի տեղափոխված կետերը: Այդպիսի պայմանական նշաններով ցույց են տրվում նաև գեոդեզիական ցանցի II, III և IV դասի կետերը:

13. (7) Պետական բարձունքային գեոդեզիական ցանցի դրոշմանիշների և հենանիշների պայմանական նշաններով ցույց են տրվում նիվելիրային դրոշմանիշներն ու հենանիշները, բացի պատային և ժամանակավոր դրոշմանիշներից և հենանիշներից, որոնց բարձրությունները որոշված են I, II, III և IV դասի երկրաչափական նիվելիրացմամբ:

14. (1, 2, 5-7) Պետական և Ազգային գեոդեզիական ցանցի կետերի պայմանական նշանները ուղեկցվում են կետի կենտրոնի վերին նիշի գրությամբ, իսկ նիվելիրային դրոշմանիշների և հենանիշների պայմանական նշանները՝ 0,1մ ճշտությամբ հենանիշի գլխիկի բարձունքային նիշի կամ դրոշմանիշի կենտրոնի բարձունքային նիշի գրությամբ: 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա ռելիեֆի 2.5 մ անկման և վերին կենտրոնի (հենանիշի գլխիկի կամ դրոշմանիշի կենտրոնի) ու հողի մակերևույթի նիշերի 0.2 մ և ավելի տարբերության դեպքում գեոդեզիական կետերի նիշերը տրվում են կոտորակի տեսքով, որոնց համարիչում նշվում է վերին կենտրոնի (հենանիշի գլխիկի կամ դրոշմանիշի կենտրոնի) նիշը, իսկ հայտարարում` հողի մակերևույթի նիշը:

15. (8) Աստղաբաշխական կետերի պայմանական նշանով ցույց են տրվում տեղանքի այն օբյեկտները, որոնք ունեն աստղագիտական դիտարկումների ճանապարհով որոշված աշխարհագրական կոորդինատներ (դրանք կարող են լինել առանձին քարեր, քարե սյուներ և այլն): Քարտեզների վրա անցկացվում են սակավաբնակ տարածքներում տեղաբաշխված աստղաբաշխական կետերը, եթե դրանք լավ կողմնորոշիչներ են հանդիսանում կամ էլ որպես սկզբնական կետեր են ծառայել հանութային ցանցը զարգացնելիս:

 

3. ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ

 

16. (9, 10, 24) Լցված ուղղանկյունների տեսքով պայմանական նշաններով ցույց են տրվում բնակելի և ոչ բնակելի, այդ թվում նաև՝ բնակավայրերում և դրանցից դուրս գտնվող կառուցվող շինությունները:

Քարտեզի մասշտաբով չարտահայտվող կառույցների պայմանական նշանները տրված են երեք չափի ուղղանկյուններով: Ամենափոքր չափի նշանները կիրառվում են խիտ կառուցապատված բնակավայրերի շինությունների պատկերման համար, միջին չափի նշանները` նոսր կառուցապատված բնակավայրերի կամ դրանցից դուրս գտնվող, ինչպես նաև խիտ կառուցապատված թաղամասերի առանձին շինությունների պատկերման համար: Ամենամեծ չափի նշանները կիրառվում են բնակավայրերից հեռու գտնվող և կողմնորոշիչ նշանակություն ունեցող շինությունների պատկերման համար:

Նշանները կողմնորոշվում են տեղանքում շինությունների կողմնորոշմանը համապատասխան:

Շրջանաձև կառույցները պատկերվում են 0.8 մմ տրամագծով լցված օղակներով:

Այն կառույցները, որոնց չափերը ստեղծվող քարտեզի մասշտաբում գերազանցում են արտամասշտաբային նշանների ամենամեծ չափերը, ցույց են տրվում իրենց իրական չափերով, պահպանելով արտաքին ձևը:

Եզրավորված ուղղանկյունների տեսքով պայմանական նշաններով 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում հրակայուն առանձնատիպ շենքերը, որոնք լավ առանձնանում են այլ կառույցներից և կարող են կողմնորոշիչներ հանդիսանալ: Եթե բնակավայրում գտնվող առանձնատիպ շենքը հարում է փողոցին, ապա քարտեզի վրա պատկերվում է այնպես, որ նշանի եզրավորումը համընկնի փողոցի գծի հետ: Եթե հնարավոր չէ նշանի եզրավորումը բոլոր կողմերից հստակ պատկերել, թույլատրվում է փողոցի կողմից եզրավորումը չտալ: 50 մ և ավելի բարձրությամբ առանձնատիպ շենքերի նշանները ուղեկցվում են բարձրությունը նշող մակագրություններով, եթե բնակավայրում նման շենքեր շատ կան, ապա բարձրությունների մակագրությունները տրվում են ամենանշանավոր շենքերի պատկերներին կից:

1:50 000 մասշտաբի քարտեզների վրա թաղամասերը ֆոնային գունավորմամբ պատկերելիս առանձնատիպ հրակայուն շենքերի համար պայմանական նշան չի կիրառվում, դրանք ցույց են տրվում բնակելի և ոչ բնակելի կառույցների պայմանական նշաններով, անհրաժեշտության դեպքում նշելով բարձրությունները: 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա առանձնատիպ հրակայուն շենքերը հատուկ պայմանական նշաններով չեն առանձնացվում, ընտրության ժամանակ դրանք ցույց են տրվում առաջին հերթին, անհրաժեշտության դեպքում նշելով բարձրությունները:

17. (11, 24, 33, 35) Քարտեզի մասշտաբով չարտահայտվող առանձին բակերի պայմանական նշանը կիրառվում է քարտեզների վրա բնակելի տնով և մանր շինություններով բակերի պատկերման համար այն դեպքերում, երբ դրանք գտնվում են բնակավայրերից դուրս կամ տարակենտրոնացած տիպի բնակավայրերում: Այդ նույն նշանով 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում շարքային կառուցապատմամբ գյուղական բնակավայրերի բակերը, երբ բակերի նշանների միջև արանքները 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա համապատասխանաբար 2 մմ-ից ավելի և 1 մմ են: 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա այդպիսի դեպքերում բակերը ցույց են տրվում շինությունների նշաններով:

Առանձին բակի պայմանական նշանի մեջ լցված ուղղանկյունը դրվում է բնակելի տան դիրքին համապատասխան, իսկ եթե բնակելի տան դիրքը հայտնի չէ` ապա համեմատաբար խոշոր կառույցի տեղին համապատասխան:

1:50 000 մասշտաբի քարտեզների վրա շարքային կառուցապատմամբ կամ տարակենտրոնացած տիպի գյուղական բնակավայրերը պատկերելիս քարտեզի ծանրաբեռնվածությունից խուսափելու համար առանձին բակերի պայմանական նշանները տրվում են 1:100 000 մասշտաբի քարտեզների համար նախատեսված չափերով:

Այն բակերը, որոնց մակերեսները քարտեզի մասշտաբով 1.5 անգամ գերազանցում են պայմանական նշանի չափերը, տրվում են մասշտաբով, դրանց ուրվագծերը տրվում են բարակ գծերով իրական եզրագծին համապատասխան և ուրվագծած մակերեսի վրա ցույց է տրվում բնակելի տունը և մնացած շինությունները:

18. (12) Ավերված կամ կիսավեր շինությունների պայմանական նշանով ցույց են տրվում պահպանված, տեղանքում լավ երևացող առանձին կառույցների մնացորդները (շենքերի քարե և երկաթբետոնե հիմքերը, մասնակիորեն պատերը):

19. (14-17, 24) Բնակավայրերի խիտ կառուցապատմամբ թաղամասեր են համարվում այն թաղամասերը և դրանց մասերը, որոնցում շինությունների միջև հեռավորությունները 50 մ-ից ավելի չեն:

1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա հրակայուն շինությունների գերակշռությամբ (50-ից ավելի) խիտ կառուցապատմամբ թաղամասերը հրատարակման ժամանակ առանձնանում են նարնջագույն գույնի ֆոնային գունավորմամբ, իսկ ոչ հրակայուն շինությունների գերակշռությամբ թաղամասերը` դեղին գույնով: 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա բնակավայրերը պատկերելիս թաղամասերը իրարից հրակայունությամբ չեն առանձնանում:

1:25 000 մասշտաբի քարտեզների վրա խիտ կառուցապատված թաղամասերը պատկերելիս գունավոր ֆոնի վրա, որպես կանոն, տրվում են բոլոր շենքերը: Թաղամասերի ներսում կարող են անտեսվել աննշան շինությունները: Պատկերվում են քարտեզի մասշտաբով տների միջև 0.3 մմ և ավելի լայնությամբ բոլոր արանքները, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ավելի փոքր լայնությամբ արանքները, այդ դեպքում բնօրինակի վրա դրանք ցույց են տրվում 0.3 մմ չափով:

1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա խոշոր քաղաքների խիտ կառուցապատ թաղամասերը ցույց են տրվում առանց կառուցապատման մանրամասների: Նարնջագույն կամ դեղին գույնի ֆոնի վրա 1:50 000 մասշտաբի և նարնջագույն ֆոնի վրա 1:100 000 մասշտաբի քարտեզի վրա պատկերվում են առանձնատիպ շենքերը, խոշոր արդյունաբերական կառույցները և կողմնորոշիչ նշանակության շինությունները (եկեղեցիներ, աշտարակներ): Խոշոր են համարվում 50 000 և ավելի բնակիչ ունեցող քաղաքները:

Թաղամասային նախագծմամբ փոքր քաղաքների խիտ կառուցապատ թաղամասերը 1:50 000 մասշտաբի քարտեզի վրա ցույց են տրվում կառուցապատման մանրամասն պատկերմամբ այն նույն կանոններով, ինչ որ 1:25 000 մասշտաբի քարտեզի վրա: 1:100 000 մասշտաբի քարտեզի վրա նման բնակավայրերի կառուցապատումը պատկերվում է սև գույնի լցվածքով, որը տրվում է 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա նարնջագույն կամ դեղին գույնի ֆոնային գունավորմամբ առանձնացված խիտ կառուցապատ թաղամասերի պատկերների վրա: Այդ ժամանակ պետք է ցույց տրված լինեն թաղամասերի ներսում չկառուցապատված տեղամասերը և փողոցների երկայնքով կառուցապատման մեջ բնորոշ անջրպետները: Լցված ֆիգուրների նվազագույն չափերը պետք է լինեն 0.5 X 0.5 մմ-ից ոչ պակաս, իսկ չկառուցապատված տեղամասերինը` 0.3 X 0.3 մմ:

Թաղամասային և շարքային կառուցապատմամբ գյուղերի խիտ կառուցապատված թաղամասերը համապատասխանաբար 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում 1.4-1.5 և 1.1-1.2 մմ լայնությամբ շերտերով: Եթե կառուցապատման շերտի լայնությունը քարտեզի մասշտաբով գերազանցում է նշված չափերը, ապա այն ցույց է տրվում մասշտաբով: Կառուցապատման շերտում ընդգրկվում են բնակելի տներով և ոչ բնակելի շինություններով մակերևույթները: Գերակշռող շինությունների հրակայունության հետ կապված տրվում է գունավորում, որի ֆոնի վրա ցույց են տրվում շինությունները: Եթե շինությունները փողոցների երկայնքով խիտ են դասավորված, առաջին հերթին ցույց են տրվում անկյունայինները, հրակայունները, հասարակական և այլ կարևոր նշանակություն ունեցող շենքերը և հետո մնացած շինությունները այն պայմանով, որ շինությունների նշանների միջև արանքները լինեն 0.3 մմ-ից ոչ պակաս:

1:100 000 մասշտաբի քարտեզի վրա թաղամասերի կառուցապատ մասերը ցույց են տրվում 0.5 մմ լայնությամբ լցված շերտով` կառուցապատման մեջ բնորոշ անջրպետների արտահայտմամբ: Փողոցների կամ կառուցապատման մեջ անջրպետների պատկերների միջև լցված շերտերի երկարությունները չպետք է գերազանցեն 5 մմ-ը:

Քարտեզների վրա նոսր կառուցապատմամբ թաղամասերը պատկերելիս (շինությունների միջև հեռավորությունը 50 մ-ից ավելի) շինություններն ու կառույցները ցույց են տրվում համապատասխան պայմանական նշաններով: Այդ ժամանակ առանձին բակերի պայմանական նշանները կիրառվում են միայն 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա շարքային կառուցապատմամբ թաղամասերը պատկերելիս: Քարտեզների վրա նոսր կառուցապատմամբ թաղամասերը պատկերելիս գունավորում չի տրվում:

Փողոցները, անցումները և բնակավայրերում թաղամասերի ուրվագծերը ցույց են տրվում 0.1 մմ հաստությամբ գծերով:

20. (18, 19) Նոր բնակեցված և նոր արդյունաբերական շինարարության տարածքները քարտեզների վրա տրվում են, եթե դրանք կառուցապատման տակ են գտնվում և շինարարական աշխատանքները սկսված են: Առանձնացված տարածքների մակերեսները քարտեզի մասշտաբով 0.5 սմ 2 պակաս չպետք է լինեն: Այդ տարածքների սահմանները տրվում են 0.15 մմ հաստությամբ գծերով, նրբանցքները տրվում են փողոցների նման, իսկ մատուցային ուղիները` ճանապարհների համապատասխան պայմանական նշաններով: Կառուցվող տներն ու արդյունաբերական կազմակերպությունների շենքերը ցույց են տրվում կառուցած շինությունների նշաններով:

21. (20) Ավերված և կիսավեր թաղամասերի պայմանական նշաններով պատկերվում են ավերված և կիսավեր բնակավայրերը և դրանց մասերը: Փողոցների և նրբանցքների լայնությունը այդ ժամանակ պետք է համապատասխանի տվյալ մասշտաբի քարտեզի ընդունված չափին: Այն փողոցները, որոնցով ավտոտրանսպորտի երթևեկությունը համատարած ավերվածության հետևանքով անհնար է, ցույց չեն տրվում: Քիչ վնասված շենքերն ու շինությունները ցույց են տրվում կառույցների ու շինությունների համապատասխան պայմանական նշաններով:

22. (21, 22, 104, 118) Թունելային և էստակադային ուղանցույցները ցույց են տրվում 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա, եթե փողոցի լայնությունն արտահայտվում է քարտեզի մասշտաբով (0.8մմ-ից ավելի): Փողոցների, երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների ստորգետնյա անցումները ցույց են տրվում 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա:

23. (24) Աղյուսակում բերված են տարբեր տիպի բնակավայրերի թաղամասային կառուցապատման պատկերների գեներալիզացիայի օրինակներ մի մասշտաբի քարտեզից հաջորդ ավելի փոքրամասշտաբ քարտեզին անցնելիս:

Օրինակի վրա ցույց տրված խոշոր քաղաքների թաղամասային կառուցապատումը (24.1) բնորոշ է հին քաղաքների կենտրոնական մասերին, որոնք տարբերվում են խիտ կառուցապատմամբ և մեծ քանակությամբ խոշոր շենքերով: 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա այդպիսի թաղամասերի կառուցապատումը պատկերելիս հնարավորության դեպքում պետք է պահպանվեն տների միջև տարածությունները և թաղամասերի ներսում առանձնացվեն չկառուցապատված տեղամասերը:

Պուրակները, այգիները, ամայի տարածքները (24.2) 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա առանձնացվում են, եթե դրանց չափերը քարտեզի մասշտաբով 1.5 X 2.0 մմ և ավելի են, 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա թաղամասերը գունավորմամբ պատկերելիս դրանք առանձնացվում են 1.0 X 1.0 մմ և ավելի մակերեսի դեպքում, իսկ կառուցապատումը սև գույնով լցված պատկերելիս ամայի տարածքները առանձնացվում են նաև փոքր մակերեսների դեպքում (0.3X0.3-ից ոչ պակաս), բայց առանց ծառային բուսականության պատկերման:

Խիտ կառուցապատված թաղամասերում 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա, ինչպես նաև փոքր քաղաքների թաղամասերում 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա ծառային բուսականությունը արտահայտվում է կողմնորոշիչ նշանակություն չունեցող առանձին ծառերի պայմանական նշաններով: 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա խոշոր քաղաքների թաղամասերում բուսականությունը արտահայտվում է գունավորմամբ, առանձին ծառերի պայմանական նշաններ չեն կիրառվում: Ամառանոցային տիպի բնակավայրերի թաղամասերը պատկերելիս կառուցապատումը արտահայտվում է բնակելի և ոչ բնակելի կառույցների պայմանական նշաններով: Խիտ կառուցապատման դեպքում կառույցները տրվում են ընտրությամբ, որի ժամանակ կառույցների պայմանական նշանների միջև տարածությունները պետք է լինեն 0.3 մմ-ից ոչ պակաս:

Ամառանոցային բնույթի կառուցապատում ունեցող թաղամասերում բուսականությունը տրվում է տեղանքում իր տեսակին համապատասխան (անտառ, պտղատու կամ հատապտղատու այգիներ, առանձին ծառեր):

24. (25-35) Աղյուսակներում բերված են տարբեր մասշտաբներում տարբեր տիպի բնակավայրերի պատկերման օրինակներ:

1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա քաղաքները և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա խոշոր քաղաքները պատկերելիս արդյունաբերական օբյեկտներով և պահեստներով թաղամասերի, ինչպես նաև երկաթուղային կայարանների և նմանատիպ այլ օբյեկտների գունավորում չի տրվում: Արդյունաբերական օբյեկտներով և բնակելի տներով ու հասարակական շենքերով զբաղեցրած թաղամասերը գունավորվում են սովորական ձևով:

25. (34, 35) Ոչ կանոնավոր կառուցապատմամբ բնակավայրերը պատկերելիս ցույց են տրվում ինչպես փողոցները, այնպես էլ հստակ արտահայտված նրբանցքները: Կառուցապատումը արտահայտվում է բնակելի և ոչ բնակելի կառույցների պայմանական նշաններով: Մի մասշտաբի քարտեզից հաջորդ ավելի փոքրամասշտաբ քարտեզին անցնելիս շինությունները տրվում են ընտրությամբ:

 

4. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ

 

26. (36, 37, 49, 50, 52-54, 57, 68-70, 72) Գործարանների, ֆաբրիկաների և այլ խողովակների պայմանական նշանները կիրառվում են քարտեզների վրա տեղանքում լավ առանձնացվող և կողմնորոշիչ հանդիսացող արդյունաբերական կազմակերպությունների, ջեռուցիչ համակարգերի և այլ օբյեկտների խողովակների պատկերման համար: Քարտեզների վրա գործարանների և ֆաբրիկաների 50 մ և ավելի բարձրությամբ խողովակների, ինչպես նաև խողովակներով գործարանների, ֆաբրիկաների, ալրաղացների, հովարանների, հեռուստաաշտարակների, հեռուստա, ռադիո և ռադիոռելեային կայմերի, աշտարակատիպ կապիտալ շինությունների, եկեղեցիների, նշանավոր հուշարձանների նշաններին կից տրվում է բարձրությունը արտահայտող մակագրություն: Բնակավայրերի թաղամասերում բոլոր օբյեկտների բարձրությունների մակագրությունները չտեղավորվելու դեպքում տրվում են միայն դրանցից նշանավորների բարձրությունների մակագրությունները:

27. (37, 38) Խողովակներով գործարանների, ֆաբրիկաների, ալրաղացների արտամասշտաբային պայմանական նշանը կիրառվում է խողովակներով արդյունաբերական օբյեկտների պատկերման համար, եթե դրանք քարտեզի մասշտաբով չեն արտահայտվում: Նշանը դրվում է խողովակին համապատասխան տեղում, իսկ եթե խողովակները մի քանիսն են, դրվում է դրանցից նշանավորի տեղում:

Քարտեզի մասշտաբով արտահայտվող արդյունաբերական օբյեկտները պատկերելիս համապատասխան պայմանական նշաններով պատկերվում են օբյեկտի տարածքում գտնվող շենքերը, խողովակները և այլ շինությունները: Ցույց է տրվում օբյեկտների ցանկապատումը:

Արդյունաբերական օբյեկտների պատկերներին կից պայմանական կրճատմամբ զետեղվում է օբյեկտի տեսակը նշող պարզաբանող մակագրություն (ալր., կաշ. գ-ն):

28. (39) Գործող և չգործող հանքահորերի հորաբերանների և հանքուղիների պայմանական նշանները կիրառվում են փակ եղանակով օգտակար հանածոներ արդյունահանող կազմակերպությունները պատկերելիս` հանքահորի և հանքուղու մուտքը ցույց տալու համար:

Քարտեզի մասշտաբով չարտահայտվող նման տիպի օբյեկտները պատկերելիս գործող և չգործող հանքահորերի հորաբերանների և հանքուղիների պայմանական նշանները զետեղվում են բարձրակի տեղադիրքին համապատասխան տեղում: Եթե հանքահորի և հանքուղու մուտքերը գտնվում են շենքի ներսում, ապա ցույց է տրվում շենքը, որին կից տրվում է արդյունահանվող հումքի տեսակը նշող պարզաբանող մակագրություն. օրինակ` ածխահանք: Բարձրակի 50 մ և ավելի բարձրության դեպքում բարձրությունը տրվում է. օրինակ` բրձ. 65:

29. (40) Օգտակար հանածոների բաց հանքերի արտամասշտաբային պայմանական նշանը ուռուցիկ կողմով ուղղվում է լանջն ի վեր:

30. (42, 43) Տորֆահանքերի մինչև 25 մմ2 մակերես ունեցող տեղամասերը պատկերվում են երեք ուղղանկյունների տեսք ունեցող մեկ նշանով, իսկ մեծ մակերես զբաղեցրած տարածքները ուրվագծվում են և ուրվագծի ներսում տրվում է մեկ կամ մի քանի նշան (2-3 սմ2 վրա մեկ նշան): Տորֆահանքերի տարածքներում չորացնող ջրանցքները և առվակները ցույց են տրվում ջրանցքների և առվակների պայմանական նշաններով:

31. (46, 47) Վառելիքի պահեստարանները և գազամբարները պատկերելիս ցույց են տրվում դրանց ցանկապատումները և ներսում իրենց տեղադիրքին համապատասխան դնում են ցիստեռնների, գազամբարների և կառույցների նշաններ: Անհրաժեշտության դեպքում այդ օբյեկտները տրվում են ընտրությամբ:

Բենզալցակայանները, դիզելային վառելիքի լցակայանները և գազալցակայանները տրվում են այն կառույցի տեղում, որում գտնվում է լցակայանի բաշխիչ վահանակը: Խոշոր լցակայանները պատկերելիս ցույց են տրվում ստորգետնյա ուղիները, բաշխիչ վահանակները և մնացած շինությունները:

32. (48, 49, 51) Քարտեզների վրա հիդրոէլեկտրակայանները (ՀԷԿ) պատկերելիս տեղանքում իրենց տեղադիրքին համապատասխան ցույց են տրվում ջրամբարը, ամբարտակը և էլեկտրակայանի շենքը: Եթե էլեկտրակայանի շենքը քարտեզի մասշտաբով չի արտահայտվում, ապա այն պատկերվում է շինությունների արտամասշտաբային պայմանական նշանով: Եթե ՀԷԿ-ի շենքը արտաքին կողմից ամբարտակից չի առանձնանում, ապա այն ցույց չի տրվում: Քարտեզի մասշտաբով արտահայտվող այլ էլեկտրակայանները պատկերվում են արդյունաբերական օբյեկտների շինությունների համապատասխան պայմանական նշաններով (կ. 17): Էլեկտրակայանների պատկերներին կից տրվում են պարզաբանող մակագրություններ (ՀԷԿ, ՋԷԿ, ԱԷԿ, էլ. կայ.):

Էլեկտրակայանների արտամասշտաբային պայմանական նշանը կիրառվում է 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա փոքր էլեկտրակայանները պատկերելիս, երբ էլեկտրակայանի շենքի չափերը քարտեզի մասշտաբով 0.8 X 1.2 մմ չեն գերազանցում:

Քարտեզի մասշտաբով չարտահայտվող էլեկտրաենթակայանները (այդ թվում նաև՝ փոքր տրանսֆորմատորային խցիկները) ցույց են տրվում արտամասշտաբային պայմանական նշանով: Քարտեզի մասշտաբով արտահայտվող էլեկտրաենթակայանները ցույց են տրվում շինությունների պայմանական նշաններով: Էլեկտրաենթակայանների պատկերներին կից տրվում է էլ. ենթ. պարզաբանող մակագրությունը:

33. (50) Հովարաններից քարտեզների վրա ցույց են տրվում միայն աշտարակատիպ հովարանները: Առանձնացած հովարանների պատկերներին կից տրվում է հով. պարզաբանող մակագրությունը:

34. (52) Ռադիոկայանների, հեռուստակենտրոնների պայմանական նշանը կիրառվում է քարտեզների վրա համապատասխան օբյեկտների պատկերման համար այն դեպքում, երբ հեռուստակայմը կամ ռադիոկայմը գտնվում են կայանի շենքի վրա կամ անմիջապես դրա մոտ: Եթե ռադիոկայանի կամ հեռուստակենտրոնի տարածքում կայանի կամ կայմի շենքը առանձնացած է և շինությունների ողջ համալիրը քարտեզի մասշտաբով արտահայտվում է, ապա համապատասխան պայմանական նշաններով պատկերվում են շենքերը, հեռուստակայմը կամ ռադիոկայմն ու այլ շինությունները և տրվում է ռադիո կամ հեռուստ. մակագրությունը:

35. (55, 56) Օդանավակայանները և վայրէջքային հրապարակները քարտեզների վրա ցույց են տրվում թռիչքի ու վայրէջքի ապահովման և ինքնաթիռների սպասարկման համար նախատեսված շինությունների հետ միասին: Օդանավակայանները պատկերելիս թռիչք-վայրէջքային շերտերը և ինքնաթիռների կանգառման հատուկ հարթակները ուրվագծվում են 0.15 մմ հաստությամբ հոծ գծով, գետնավարման վազքուղիները ցույց են տրվում ծածկույթով ավտոճանապարհների պայմանական նշանով առանց գունավորման, անգարները, արհեստանոցները, զորանոցները և ռադիոկայանները` շինությունների համապատասխան պայմանական նշաններով:

Ճանապարհների (ավտոմայրուղիների և բարեկարգված ճանապարհների) այն տեղամասերը, որոնք նախատեսված են ինքնաթիռների թռիչքի և վայրէջքի համար, տեղադրվում է ճանապարհի տվյալ տեղամասի պատկերի մեջտեղում առանցքին համաչափ և պատկերվում են 55.2 պայմանական նշանով:

36. (62) Ջերմոցները և ջերմատները կախված տեղաբաշխման խտությունից, կողմնորոշումից և տեղանքում կառույցի ձգվածությունից ցույց են տրվում առանձին նշաններով (ուղղահայաց գծիկներով բաժանված ուղղանկյուն) կամ խիտ տեղաբաշխման դեպքում` ընդհանուր ուրվագծով ուղղանկյուններով սյունակավորմամբ: Այդպիսի կառույցների առանձին խմբերի պատկերներին կից տրվում են պարզաբանող մակագրություններ: Այդպիսի պայմանական նշաններով 1:25 000 մասշտաբի քարտեզի վրա առանձնացվում են ջերմոցներով զբաղեցված տարածքները, եթե դրանք արտահայտվում են քարտեզի մասշտաբով: Ջերմոցների պատկերներին կից տրվում է ջեր. կամ ջերմոցներ պարզաբանող մակագրությունը:

37. (63) Մեղվանոցների պայմանական նշանները կիրառվում են մշտական մեղվանոցների պատկերման համար, որոնց տարածքում այլ շինություններ չկան: Եթե մեղվանոցը արտահայտվում է քարտեզի մասշտաբով, ապա դրա տարածքի սահմանները տրվում են բարակ գծերով, ցույց են տրվում առկա շինությունները և տրվում է մեղվանոց կամ մեղվ. մակագրությունը:

38 (64) Փարախների պայմանական նշանները կիրառվում են քարտեզի վրա կողմնորոշիչներ չունեցող տարածքներում փարախների պատկերման համար: Նշանը տրվում է տեղանքում փարախի տեղադիրքին համապատասխան: Փարախները, որոնց մակերեսները քարտեզի մասշտաբով գերազանցում են պայմանական նշանի չափերը, ցույց են տրվում իրենց իրական ուրվագծով: Նման փարախների պատկերներին կից տրվում է փարախ կամ փրխ. մակագրությունը:

39. (66, 67) Հեռագրային, ռադիոհեռագրային գրասենյակների ու բաժանմունքների և առանձին հեռախոսային կայանների պայմանական նշանները կիրառվում են քարտեզների վրա սակավաբնակ տարածքների գյուղական տիպի բնակավայրերում ու դրանցից դուրս գտնվող այդպիսի օբյեկտների պատկերման համար: Նշանը դրվում է այն տեղում, որը համապատասխանում է գրասենյակային շինության տեղադիրքին կամ եթե հնարավոր չէ հստակ պատկերել օբյեկտը իր տեղում` բնակավայրի անվան մակագրության տակը:

Օդերևութաբանական կայանի պայմանական նշանը դրվում է սարքավորումների համար նախատեսված խցիկներով հարթակի մեջտեղի մասում: Եթե հարթակի չափերը հնարավորություն են տալիս արտահայտելու այն մասշտաբով (3 X 3 մմ և ավելի), ապա կայանի տարածքի սահմանները անցկացվում են բարակ գծերով և նշանը դրվում է այն տեղում, որը համապատասխանում է հողմացույցի տեղադիրքին: Եթե օդերևութաբանական կայանը տեղադրված է շենքի տանիքին, ապա ցույց է տրվում շենքը և նրան կից տրվում է օդեր. կայ. մակագրությունը:

40. (68-70) 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա մեծ տարածք զբաղեցնող եկեղեցիները, մզկիթները և այլ տաճարները պատկերվում են քարտեզի մասշտաբով: Տաճարի ձևը ցույց տվող շրջանակի մեջ նշանը դրվում է շենքի բարձրացող մասի տեղում կամ շենքի պատկերի կենտրոնում, եթե աշտարակի դիրքը որոշված չէ:

41. (74) Քարտեզի մասշտաբով չարտահայտվող գերեզմանատների պայմանական նշանը տրվում է տեղանքում օբյեկտի դիրքին համապատասխան: Գերեզմանատան պայմանական նշանի խաչերը միշտ տրվում են թերթի հարավային շրջանակին ուղղահայաց:

42. (76, 78-80) Կապի և էլեկտրահաղորդման գծերի պայմանական նշանները բնակավայրերի պատկերների վրայով և երկաթուղիների ու ավտոճանապարհների պատկերների երկայնքով չեն անցկացվում (105-107): Եթե կապի կամ էլեկտրահաղորդակցման գիծը կողքից է մոտենում, ապա ճանապարհի պայմանական նշանի երկայնքով տրվում է համապատասխան պայմանական նշանից 1-2 սմ երկարությամբ հատված` գծի ուղղությունը ցույց տալու համար:

43. (77) Ստորջրյա կապի մալուխների պայմանական նշանը կիրառվում է քարտեզի մասշտաբով 10 մմ և ավելի լայնությամբ ջրային արգելքներով անցնող կապի գծի հատվածները պատկերելու համար: Ջրային արգելքի փոքր լայնության դեպքում օդային գծերը չեն ընդհատվում:

44. (78-80) Էլեկտրահաղորդման գծերի 14 մ-ից ցածր փայտե կամ բետոնե սյուների պայմանական նշանների կետերը բոլոր մասշտաբների քարտեզների վրա դրվում են յուրաքանչյուր 16 մմ-ի վրա: 14 մ և ավելի բարձրությամբ մետաղե կամ երկաթբետոնե հենասյուներով ԷՀԳ պատկերելիս հենասյուների միմյանցից 200 մ և ավելի հեռավորության դեպքում 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա լայնական գծիկները դրվում են հենասյուների իրական դիրքին համապատասխան տեղում, իսկ հենասյուների միջև փոքր հեռավորությունների դեպքում ինչպես նաև 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա լայնական գծիկները դրվում են յուրաքանչյուր 16 մմ-ի վրա: Բոլոր դեպքերում էլ ԷՀԳ շրջադարձերի կետերը պատկերվում են գծիկներով:

Քարտեզների վրա ԷՀԳ մետաղե և երկաթբետոնե հենասյուների նշանների մոտ յուրաքանչյուր 6-8 սմ-ի վրա զետեղվում են դրանց բարձրությունների մակագրությունները` մետրերով:

45. (80) Մի քանի կողքկողքի անցնող էլեկտրահաղորդման գծերը կարող են պատկերվել մեկ գծով` գծերի քանակի մակագրությամբ, եթե գծերի միջև հեռավորությունը քարտեզի մասշտաբով 0.8 մմ-ից պակաս է:

Քարտեզների վրա կառուցվող մետաղե և երկաթբետոնե հենասյուներով Էլեկտրահաղորդման գծերը ցույց են տրվում, եթե դրանց մայրուղային գծերը լավ արտահայտված են տեղանքում: Դրանք պատկերվում են գործող գծի պայմանական նշանով` կառուցվող մակագրությամբ:

46. (81-84) Նավթամուղների պայմանական նշաններով կարող են ցույց տրվել և այլ խողովակաշարեր (բացի գազամուղներից), այդ դեպքում խողովակաշարի պատկերի երկայնքով տրվում է տեղափոխվող նյութի անվան մակագրությունը:

Մի քանի կողք-կողքի անցնող գազամուղները ցույց են տրվում մեկ նշանով գծերի քանակը ցույց տվող մակագրությամբ:

Քարտեզների վրա կառուցվող գազամուղները և այլ խողովակաշարերը պատկերվում են գործող գծերի պայմանական նշանով` կառուցվող մակագրությամբ: Քարտեզների վրա անցկացնում են միայն այնպիսի կառուցվող խողովակաշարերը, որոնց դիրքը հստակ արտահայտված է տեղանքում:

47. (85, 86, 166) Դյուկերների պայմանական նշանով ցույց են տրվում խողովակաշարերի այն հատվածները, որոնք անցնում են քարտեզի մասշտաբով արտահայտվող բնական կամ արհեստական արգելքներով (գետեր, ջրանցքներ):

 

5. ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ

 

48. (90, 91) Երկաթուղիների պայմանական նշաններով ցույց են տրվում լայնածիր երկաթուղիները: ԱՊՀ երկրներում ռելսամեջի նորմալ լայնությունը 1524 մմ է:

Երկաթուղիների նշանների գծերի լայնակի գծիկները, որոնք ցույց են տալիս գծերի թիվը, 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա տրվում են յուրաքանչյուր 4 սմ-ի վրա, 1:50000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա` յուրաքանչյուր 3 սմ-ի վրա: Էլեկտրիֆիկացված երկաթգծերը պատկերելիս ուղիների թիվը նշող նշաններից մեկը տրվում է լրացուցիչ երկայնական գծիկով:

49. (93) Նեղածիր երկաթգծերը պատկերելիս ուղիների թիվը չի տրվում: Լիրաթմբերով անցնող նեղածիր երկաթգծերի հատվածները պատկերելիս պայմանական նշանի լայնակի գծիկները չեն դրվում, տրվում են միայն լիրաթմբի պայմանական նշանի գծիկները (100.2):

50. (95) 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա կախովի երկաթուղիները պատկերելիս տրվում են հենարանային ֆերմաները:

51. (96) Երկաթուղային կայարանների պայմանական նշանները ցանկացած կարգի կայարանի պատկերման համար կիրառվում են այն դեպքում, երբ կայարանների գլխավոր շենքերն ու շինությունները և կայարանային ուղիները քարտեզի մասշտաբով չեն արտահայտվում: Կայարանի պայմանական նշանի լցված ուղղանկյունը տրվում է կայարանի գլխավոր շենքի տեղադիրքին համապատասխան:

Եթե կայարանի գլխավոր շենքը գտնվում է երկաթգծից որոշ հեռավորության վրա, ապա կայարանի պայմանական նշանի փոխարեն տրվում է շինության նշանը կայ. մակագրությամբ:

52. (97) Կիսակայարանների, հարթակների, առաջանցման և կանգառման կետերի պայմանական նշանի լցված ուղղանկյունը տրվում է այն տեղում, որը համապատասխանում է պատկերվող օբյեկտի շինության տեղադիրքին:

53. (98) Քարտեզի մասշտաբով 1.5 մմ և ավելի երկարությամբ բեռնման-բեռնաթափման հրապարակները տրվում են իրենց իրական ձգվածությամբ: 5 սմ և ավելի երկարությամբ փակուղիները և մատուցային ուղիները տեղի առկայության դեպքում ցույց են տրվում այն նույն հաստությամբ գծով, ինչպես որ երկաթգծի նշանի գիծը (0.5 մմ):

Քարտեզների վրա մեծ թեքություններով հատվածները (20 և ավելի) առանձնացվում են անկյան ձևով (98.3):

Խողովակների պայմանական նշանը (98.4) կիրառվում է երկաթգծի հողե շերտի տակով ջրթող կառուցվածքները նշելու համար:

54. (99, 100, 123) Երկաթուղային և ավտոմոբիլային թունելների պատկերների վրա օղակներով ցույց են տրվում հանքափողերը: Հորիզոնական և թեք փողերը (հանքուղի), որոնք պետք է տեղադրվեն թունելի պատկերի կողքին, ցույց են տրվում 1.0 մմ տրամագիծ ունեցող օղակներով հանքուղի մակագրությամբ, հանքափողերի նշաններին կից տրվում է հանքահորի խորությունը (հանքուղու երկարությունը) ցույց տվող թվային մակագրություն:

Էստակադների պայմանական նշանի երկարությունը պետք է համապատասխանի քարտեզի մասշտաբով էստակադի երկարությանը, որը 2 մմ-ից պակաս չպետք է լինի: Մեծ ձգվածությամբ էստակադի պատկերին կից տրվում է էստակադ մակագրությունը:

55. (101) Քանդած երկաթգծի հատվածների պայմանական նշանները կիրառվում են տեղանքում պահպանված ինչպես լայնածիր, այնպես էլ նեղածիր երկաթուղու հատվածը պատկերելու համար: Պայմանական նշանի գծիկները պետք է տրվեն 600 անկյան տակ:

56. (102) Կառուցվող երկաթուղիների պայմանական նշաններով տրվում են կառուցման ընթացքում գտնվող երկաթգծերը:

Կառուցվող մերձճանապարհային կառույցները (կամուրջներ, կայարանային շենքեր և այլն) ցույց են տրվում գործող օբյեկտների պայմանական նշաններով, բացառությամբ քարտեզի մասշտաբով արտահայտվող կամուրջների, որոնց նշաններին կից տրվում է կառ. մակագրությունը:

57. (103) Մետրոպոլիտենի գծերը քարտեզների վրա պատկերվում են մետրոյի կայարանների մուտքերի և գետնի մակերևույթով անցնող գծերի նշաններով: Մակերևույթ դուրս եկող գծերի ելքի տեղը նշվում է լայնակի գծիկով, որի մի կողմում ցույց է տրվում թունելի պայմանական նշանի երկու-երեք կտոր, մյուս կողմում անցկացվում է էլեկտրիֆիկացված երկաթգիծը:

Մետրոպոլիտենի կայարանների պայմանական նշանը դրվում է այն տեղում, որը համապատասխանում է մետրոպոլիտենի կայարանի մուտքի դիրքին: 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա մետրոպոլիտենի կայարանները ցույց են տրվում ազատ տեղի առկայության դեպքում:

58. (104) Մասշտաբով երկաթուղային կայարանները պատկերելիս հիմնական մեկ ուղին տրվում է 0.5 մմ հաստությամբ գծով, մնացած ուղիները` 0.15 մմ հաստությամբ գծերով:

Լուսացույցներն ու լուսազդանշանները ցույց են տրվում միայն 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա:

 

6. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ, ԱՐԱՀԵՏՆԵՐ

 

59. (105-109) Տեղագրական քարտեզների վրա ավտոմոբիլային ճանապարհները պատկերելիս տարբեր ձևերի պայմանական նշաններ են կիրառվում կախված ճանապարհների տեխնիկական կատարելությունից, երթևեկելի մասի լայնությունից, հիմնատակի կոնստրուկցիայից, ծածկանյութի տեսակից և այլ բնութագրերից:

60. (105) Ավտոմայրուղիների պայմանական նշանը կիրառվում է բարձր կարգի ավտոմոբիլային ճանապարհների պատկերման համար: Այդպիսի ճանապարհներն ունեն 7.5 մ և ավելի լայնությամբ, ամուր հիմնատակով և բարեկարգված կապիտալ ծածկույթով երկու երթևեկելի մասեր, որոնց բաժանիչ շերտը 5 մ-ից, իսկ ճամփեզրերը 3.75 մ-ից պակաս չէ:

Ավտոմայրուղիների այն տեղամասերը, որոնց վրա բաժանիչ շերտը արտահայտվում է քարտեզի մասշտաբով, պատկերվում են որպես երկու բարեկարգված ավտոմոբիլային ճանապարհներ (106):

61. (106) Բարեկարգված ավտոմոբիլային ճանապարհների (բարեկարգված խճուղիներ) պայմանական նշանները կիրառվում են այն ճանապարհների պատկերման համար, որոնք պիտանի են տրանսպորտային միջոցների ինտենսիվ երթևեկության համար: Այդպիսի ճանապարհները պետք է ունենան 7մ և ավելի լայնություն, կարծր հիմնատակ և բարեկարգված կապիտալ ծածկույթ (ասֆալտբետոն, բիտումահանքային խառնուրդ և այլն): Այդպիսի պայմանական նշանով ցույց են տրվում II և III կարգի բոլոր ճանապարհները:

62. (107) Ծածկույթով ավտոմոբիլային ճանապարհների (խճուղիներ) պայմանական նշանները կիրառվում են 5-6 մ լայնությամբ երթևեկելի մասով ճանապարհների պատկերման համար: Այդպիսի պայմանական նշանով ցույց են տրվում IV և, մասնավորապես, V կարգի ճանապարհները:

63. (108) Առանց ծածկույթի ավտոմոբիլային ճանապարհների (բարեկարգված գրունտային ճանապարհներ) պայմանական նշանները կիրառվում են պրոֆիլավորված, կանոնավոր կերպով վերանորոգվող, կարծր հիմնատակ և ծածկույթ չունեցող, 4.5 մ լայնությամբ երթևեկելի մասով ճանապարհների պատկերման համար: Երթևեկելի մասի գրունտը պետք է ամրացված լինի կամ բարեկարգված զանազան տեղական նյութերով` կոպիճ, խիճ, ավազ և այլն:

64. (109) Փայտե ծածկույթով ավտոմոբիլային ճանապարհները անցկացվում են անտառային տարածքներում փայտանյութի տեղափոխման համար:

65. (105-109, 128, 345) Ավտոմոբիլային ճանապարհների պատկերների վրա մակագրվում են դրանց բնութագրերը.

- ավտոմայրուղիների պատկերների վրա` մեկ ուղղությամբ երթևեկելի մասի լայնությունը 0.5 մ ճշտությամբ, երթևեկելի մասերի թիվը և ծածկանյութը,

- բարեկարգված ծածկույթով ավտոմոբիլային ճանապարհների և ծածկույթով ավտոմոբիլային ճանապարհների պատկերների վրա` երթևեկելի մասի լայնությունը 0.5 մ ճշտությամբ, հողային շերտի լայնությունը և ծածկանյութը,

- առանց ծածկույթի ավտոմոբիլային ճանապարհների պատկերների վրա` երթևեկելի մասի լայնությունը (ամբողջական մետրերով):

Ծածկանյութը նշվում է պայմանական կրճատ մակագրություններով`

Ա - ասֆալտբետոն, ասֆալտ,

Գ - գետաքար,

Կ - կոպիճ,

Ք - մանրացված քար,

Ց - ցեմենտբետոն,

Խար. - խարամ,

Խ - խիճ:

Ծածկանյութի փոխման սահմանը ճանապարհի պատկերի վրա նշվում է լայնակի գծիկով, որի երկու կողմում էլ տրվում են ծածկանյութերի մակագրությունները:

66. (110) Միջգյուղային գրունտային ճանապարհների պայմանական նշանները կիրառվում են ոչ պրոֆիլավորված, ինչպես նաև պրոֆիլավորված փոքր բնակավայրերը միմյանց և խոշոր բնակավայրերին, կայարաններին և բարձրակարգ ճանապարհներին կապող ճանապարհները պատկերելու համար:

Այն վայրերում, որտեղ երթևեկել հնարավոր է միայն ճանապարհով (անտառում, ճահճոտ վայրերում), քարտեզի վրա անհրաժեշտ է նշել նաև միջգյուղային գրունտային ճանապարհի լայնությունը:

67. (111) Դաշտային և անտառային գրունտային ճանապարհներ են համարվում դաշտային աշխատանքների ընթացքում գործող ճանապարհները: Ժամանակավոր դաշտային ճանապարհները քարտեզների վրա չեն անցկացվում:

68. (112) Ձմեռային ճանապարհները հաղորդակցման սեզոնային ուղիներ են, որոնք ձմռանը անցնում են սառած ճահիճների, լճերի, ծոցերի և գետերի վրայով:

69. (113) Գրաստային արահետների պայմանական նշանը կիրառվում է կիսաանապատային, անապատային և լեռնային տարածքներում գրաստային տրանսպորտի համար օգտագործվող ուղիների պատկերման համար:

Լեռնային արահետների արհեստական քիվերով հատվածների պատկերներին կից տրվում է մակագրություն քիվի լայնության և երկարության վերաբերյալ:

70. (115) Կառուցվող ավտոմոբիլային ճանապարհների պայմանական նշաններով պատկերվում են այն ճանապարհները, որոնք կառուցման ընթացքում են գտնվում (ճանապարհի գծով շինարարական աշխատանքներ են ընթանում): Ճանապարհներին կից կառուցվող օբյեկտները (կամուրջներ, ավտոկայաններ և այլն) ցույց են տրվում գործող օբյեկտների պայմանական նշաններով, բացառությամբ քարտեզի մասշտաբով արտահայտվող կամուրջների, որոնց նշաններին կից տրվում է կառ. մակագրությունը:

71. (116) Ճանապարհների մեծ թեքությամբ (8 և ավելի) տեղամասերը առանձնանում են գծիկավոր նշաններով: Այդպիսի տեղամասերի քարտեզի մասշտաբով արտահայտվող մինչև 5 մմ երկարությունների դեպքում պատկերի մեջտեղում դրվում է մեկ նշան, 5 մմ-1 սմ` նշանները դրվում են տեղամասի պատկերի սկզբում և վերջում, 1 սմ և ավելի` նշանները դրվում են յուրաքանչյուր 5 մմ-ի վրա, ծայրամասայինները` մեծ թեքությամբ տեղամասի պատկերի սկզբում և վերջում:

72. (118) Ավտոմոբիլային ճանապարհների վրա տրանսպորտային ուղեբաժանքների արտամասշտաբային պայմանական նշանը կիրառվում է 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա ուղեբաժանքները պատկերելու համար, եթե քարտեզի մասշտաբով արտահայտված ուղեբաժանքների ողջ համակարգի զբաղեցրած տարածքն ունի 4 X 4 մմ-ից փոքր չափեր:

73. (119) Ավտոտրանսպորտի կայանատեղերի պայմանական նշանը կիրառվում է բարձրակարգ ավտոճանապարհներին կից հատուկ հարթակները ցույց տալու համար: Կայանատեղերի արտամասշտաբային պայմանական նշանը կիրառվում է 1:50 000 և 1:100000 մասշտաբի քարտեզների վրա: Եթե կայանատեղի հարթակի չափերը 2 մմ2 գերազանցում են, ապա այն պատկերվում է քարտեզի մասշտաբով: Մնացած դեպքերում պայմանական նշանին կից տրվում է P մակագրությունը:

Ավտոմոբիլային ճանապարհների վրա իջատեղերը ցույց են տրվում իրենց իրական ձգվածությանը համապատասխան, նշանի երկարությունը քարտեզի վրա 1 մմ-ից պակաս չպետք է լինի:

74. (120) Ավտոմոբիլային ճանապարհների համարների պայմանական նշանի ուղղանկյան երկարությունը պետք է հնարավորություն տա իր մեջ թվային մակագրություն տեղավորելու: Եթե ճանապարհին, բացի համարից, վերագրված է նաև տառային ցուցիչ, ապա այն գրվում է թվային մակագրության հետ:

Կիլոմետրային նշանները տրվում են կողմնորոշիչներ գրեթե չունեցող տարածքների քարտեզների վրա:

75. (120, 121, 124, 151) Երկաթուղային, ավտոմոբիլային և գրունտային ճանապարհների, ինչպես նաև գետերի և ջրանցքների երկայնքով տնկած ծառերի և թփերի նեղ շերտերը քարտեզի մասշտաբով 1.5 մմ-ից պակաս լայնության դեպքում ցույց են տրվում նեղ անտառաշերտերի և պաշտպանիչ անտառատնկարկների (215) կամ թփերի նեղ շերտերի և բուսացանկապատերի (229) համապատասխան պայմանական նշաններով:

Մեկ-երկու շարքով ծառերից կամ թփերից եզերատնկումները պատկերվում են օղակներով (120.3, 124) կամ օղակներով ու կետերով (124): Երկկողմանի եզերատնկումների ժամանակ նշանները դասավորվում են շախմատաձև:

Ճանապարհների, ինչպես նաև գետերի և ջրանցքների երկայնքով տնկած կողմնորոշիչներ չհանդիսացող ծառերն ու թփերը ցույց են տրվում ծառերի և թփերի համապատասխան պայմանական նշաններով` տեղանքում ծառերի ու թփերի դիրքին համապատասխան տեղերում:

76. (122, 124, 126) Այն դեպքերում, երբ երկու տարբեր ձևի կամ կարգի ճանապարհներ միմյանց զուգահեռ են և անցնում են մեկը մյուսին շատ մոտ հեռավորությամբ, դրանց պատկերման մեծ ճշտության և կոմպակտության նպատակով կիրառվում է ճանապարհների պայմանական նշանների զուգակցում: Կողք կողքի անցնող երկաթգիծն ու ավտոմոբիլային ճանապարհը պատկերելիս ավտոմոբիլային ճանապարհի նշանի գծին հպվող երկաթուղու նշանի գիծը համատեղվում է նախորդի հետ:

77. (125) Եթե գրունտային ճանապարհը անցնում է ջրաթմբով, ապա 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա այն ցույց է տրվում 1:100 000 մասշտաբի քարտեզների համար ընդունված (162) ջրաթմբի պայմանական նշանով:

78. (127) Ճանապարհների երկայնքով քարե պատերը և մետաղե ցանկապատերը ցույց են տրվում ճանապարհի պայմանական նշանին ուղղահայաց գծիկներով:

 

7. ՋՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

79. (129) Հաստատուն և որոշակի ափագծի պայմանական նշանը կիրառվում է ջրի ցածր և կայուն մակարդակի ժամանակաշրջանին համապատասխան ջրանիշներով գետերի և լճերի ափագծերը, ինչպես նաև նորմալ բարձրացման հորիզոնի գծերին համապատասխան ջրամբարների ափագծերը պատկերելու համար:

80. (130) Փոփոխական ափագծի պայմանական նշանը կիրառվում է 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա ցամաքող գետերի, լճերի, լճակների, ինչպես նաև լցման փուլում գտնվող ջրամբարների ափագծերի պատկերման համար:

Անորոշ ափագծի պայմանական նշանը կիրառվում է 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա ցածրավայրային ողողվող գետերի և լճերի, որոնք տեղանքում հստակ որոշված չեն, ափագծերի պատկերման համար:

1:100 000 մասշտաբի քարտեզների վրա փոփոխական և անորոշ ափագծերը տրվում են մեկ ընդհանուր պայմանական նշանով:

Ափագծերի պայմանական նշաններում (130) գծիկների երկարությունները և դրանց միջև հեռավորությունները նշված են միջին չափի ջրագրական օբյեկտները պատկերելու համար: Մանր և խոշոր օբյեկտները պատկերելիս այդ չափերը կարող են համապատասխանաբար փոքրացվել և մեծացվել` հասցնելով այն մեծություններին, որոնք նշված են աղյուսակում:

81. Առափնյա ծանծաղուտները ցույց են տրվում այն դեպքերում, երբ դրանց մակերեսները հստակ արտահայտվում են քարտեզի մասշտաբով (2.0 X 2.0 մմ-ից ոչ պակաս):

82. (131) Առանց լողափի դարափուլավոր և ժայռոտ ափերի պայմանական նշանը կիրառվում է լճերի և քարտեզի մասշտաբով 1.5 մմ և ավելի լայնությամբ գետերի դարափուլավոր և ժայռոտ ափերի պատկերման համար:

1.5 մմ-ից պակաս լայնությամբ գետերի առանց լողափի դարափուլավոր և ժայռոտ ափերը պատկերվում են քարտեզի մասշտաբով չարտահայտվող լողափով դարափուլավոր և ժայռոտ ափերի նման: Առանց լողափի դարափուլավոր և ժայռոտ ափերը պատկերելիս մակագրվում է դարափուլի կամ ժայռի վերջրյա մասի բարձրությունը:

 

Քարտեզի մասշտաբը:

Պատկերվող ջրագրական օբյեկտի անունը

Ջրագրական օբյեկտների պատկերման համար պայմանական նշանների չափերը

մանր

խոշոր

գծիկի երկարությունը

միջակայքի մեծությունը

գծիկի երկարությունը

միջակայքի մեծությունը

1:25 000, 1:50 000
Փոփոխական ափագիծ
(ցամաքող գետեր, լճեր)

1.0

0.5

3.0

1.0

Անորոշ ափագիծ
(ցածրավայրային գետերի և
լճերի ողողվող ափեր ու
կառուցվող ջրամբարներ)

2.0

0.5

5.0

1.0

1:100 000
Փոփոխական և անորոշ
ափագիծ

1.0

0.5

3.0

1.0

 

 

83. (132) Գետերը՝ լայնությունից կախված, պատկերվում են մեկ կամ երկու գծով:

Մեկ գծով գետերը պատկերվում են աստիճանաբար հաստացնելով գիծը ակունքից մինչև գետաբերան: Գետը մեկ գծով պատկերելիս գծի հաստությունը ակունքում պետք է լինի 0.15 մմ-ից ոչ պակաս, գետաբերանի մասում` 0.2-0.5 մմ և երկու գծով պատկերման անցնելիս` 0.5 մմ: Քարտեզի մասշտաբով չարտահայտվող գետը երկու գծով պատկերելիս յուրաքանչյուր գծի հաստությունը պետք է լինի 0.1 մմ, իսկ նրանց միջև արանքը 0.3 մմ: 15, 30 և 60 մ և ավելի լայնությամբ գետերը, համապատասխանաբար, 1:25 000, 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում քարտեզի մասշտաբով իրենց իրական չափերով 0.15 մմ հաստությամբ գծով: Այս դեպքում ափագծերի միջև միջակայքի լայնությունը պետք է լինի 0.4 մմ-ից ոչ պակաս:

84. (133, 134) Չորացող գետերն ու առուները կախված լայնությունից տրվում են մեկ կամ երկու գծով: Մեկ գծով տրվող չորացող գետերի և առուների պայմանական նշանների գծիկների երկարությունները ակունքում տրվում են աստիճանաբար ավելացնելով 1.0-ից մինչև 2.0 մմ, միջակայքերը այդ դեպքում պետք է լինեն 0.5 մմ: Գետերի մեծ ձգվածության դեպքում գծիկների երկարությունները ավելացվում են մինչև 3.0 մմ, իսկ միջակայքերի մեծությունները` մինչև 1.0 մմ:

Գետերի ստորգետնյա և անհետացող տեղամասերի պայմանական նշաններով ցույց են տրվում գետերի այն հատվածները, որոնցով բնական ծագման ջրեր են հոսում:

85. (135) Ջրվեժների և սահանքների պատկերներին կից տրվում է ջրվ. և սահ. մակագրությունները և թվային մակագրությամբ տրվում է ջրի անկման բարձրությունը: Ջրվեժները և սահանքները քարտեզի մասշտաբով 2 մմ-ից պակաս լայնությամբ ինչպես նաև մեկ գծով պատկերվող գետերի վրա ցույց են տրվում լայնակի գծիկով:

86. (137) Մշտական հոսք ունեցող գետերի և ջրանցքների հոսանքի ուղղությունը ցույց տվող սլաքների երկարությունը պետք է լինի 5-ից մինչև 15 մմ-ի սահմաններում` կախված գետի կամ ջրանցքի մեծությունից:

87. (138, 297) 5 մ և ավելի լայնությամբ գետերի պատկերներին կից տրվում է բնութագիր` լայնությունը (ամբողջական մետրերով չափվում է ափագծերի միջև եղած հեռավորությունը), խորությունը (մինչև 0.1 մ) և հատակի գրունտի բնույթը (Ճ-ճիլ, Ք- քարային, Ա- ավազային, Կ- կարծր): 3-5 մ լայնությամբ ջրանցքների պատկերներին կից տրվում է նույնատիպ բնութագիր առանց հատակի գրունտի բնութագրի:

88. (140-145) Ջրանցքները պատկերվում են մեկ կամ երկու գծով կախված լայնությունից: 3 մ-ից պակաս լայնությամբ ջրանցքները ցույց են տրվում.

հիմնականները 0.2 մմ հաստությամբ գծով,

մնացածները 0.15 մմ հաստությամբ գծով:

Նույն լայնությամբ կառուցվող ջրանցքները հատուկ նշանով չեն առանձնացվում, ցույց են տրվում որպես գործող ջրանցքներ:

Ջրանցքների ստորգետնյա տեղամասերի վրա ցույց են տրվում հանքափողերը և տրվում են դրանց խորությունների մակագրությունները:

89. (149) 3 մ-ից ավելի լայնությամբ չոր առվակները պատկերելիս լայնությունը մակագրվում է: 2 մ-ից ավելի խորության դեպքում չոր առվակների պատկերների երկայնքով դարչնագույն գույնով տրվում է խորության մակագրությունը, օրինակ` 2.5 մ -ից խոր:

90. (150, 297) Երկու գծով պատկերվող գետերի անցահուները ցույց են տրվում ընդհատվող գծերով անց. (անցահուն) մակագրությամբ: Ճանապարհների պայմանական նշանները այդ դեպքում 0.2-0.3 մմ հեռու են մնում ափագծից: Մեկ գծով պատկերվող գետերի անցահուները նշվում են միայն մակագրությամբ, ճանապարհների նշանները այդ դեպքում անցնում են գետի պատկերի վրայով առանց ընդհատելու: 5 մ և ավելի լայնությամբ գետերի անցահուների պատկերներին կից տրվում է բնութագիր, որի համարիչում տրվում է գետի խորությունն ու լայնությունը, հայտարարում` հատակի գրունտի բնույթը և ջրի հոսքի արագությունը:

91. (151) Փոքր կամուրջների և խողովակների պայմանական նշանը կիրառվում է 3 մ-ից պակաս լայնությամբ գետերի և ջրանցքների վրա կառուցած կամուրջները, ինչպես նաև երկաթուղիների և ավտոճանապարհների վրա խողովակատիպ կառույցները պատկերելու համար:

92. (152-155) Կամուրջների տարբեր պայմանական նշանները կիրառվում են կախված կամրջի չափերից և կոնստրուկցիայից: Հատուկ պայմանական նշաններով առանձնացվում են երկհարկանի կամուրջները` կամուրջներ ընդհանուր հենամեջ կառույցի և առանձին հենամեջերով կառույցի վրայով անցնող երկու ճանապարհների համար (երկաթուղային և ավտոմոբիլային):

93. (156, 299) Ավտոմոբիլային և գրունտային ճանապարհների 3 մետր և ավելի երկարությամբ կամուրջների նշանների մոտ տրվում է բնութագիր` տառերով հենամեջի կառուցվածքի վերաբերյալ կրճատ մակագրություն (Ք-քարե, Բետ.-բետոնե, ԵԲ-երկաթբետոնե), թվերով` համարիչում փռվածքի երկարությունն ու երթևեկելի մասի լայնությունը մետրերով, հայտարարում՝ բեռնատարողունակությունը տոննաներով, եթե վերջինս 100 տ-ից ավելի է գրվում է՝ 100-ից ավելի:

Երկաթուղային կամուրջների պատկերման ժամանակ տրվում են միայն 100 մ-ից ավելի երկարություն ունեցողների բնութագրերը, որոնք ընդգրկում են կառույցի նյութը, ջրի կամ հողի մակերևույթից հենամեջի ստորին մասի բարձրությունը և երկարությունն ու լայնությունը (ԵԲ 8-370-10):

94. (159) Քարտեզի մասշտաբով չարտահայտվող ջրարգելակների (շլյուզ) պայմանական նշաններով տրվում են այն ջրարգելակները, որոնց դարպասների ելքի և մուտքի միջև հեռավորությունը 2 մ-ից պակաս է, պայմանական նշանը դրվում է ջրարգելակային համակարգի կենտրոնին համապատասխան:

Ջրարգելակների կամրջով դարպասները տրվում են նշանների զուգակցմամբ: Ջրարգելակները պատկերելիս նշանի սուր կողմը ուղղվում է գետի կամ ջրանցքի հոսանքին հակառակ:

Ջրարգելակների պատկերներին կից տրվում է բնութագիր, որում նշվում է խցիկների քանակը, ամենափոքր խցիկի երկարությունն ու դարպասի լայնությունը և խորությունը դարպասի շեմին:

95. (158, 159) Քարե, բետոնե, երկաթբետոնե և փայտե առափնյակները, ափերի չամրացված և ամրացված դարալանջերը տրվում են քարտեզի մասշտաբով 3 մմ և ավելի երկարության դեպքում:

Ամրացված դարալանջերի պայմանական նշանը կիրառվում է բետոնե կամ քարե սալիկներով, երկաթբետոնե կարկասներով ամրացված դարալանջերով ջրանցքի վերածած գետերի և ջրանցքների ափերն առանձնացնելու համար, եթե գետերն ու ջրանցքները տրվում են երկու գծով և ամրացված դարալանջերի երկարությունը 3 մմ-ից պակաս չէ:

Առափնյակները ցույց են տրվում, եթե դրանք ընկած են երկու գծով տրվող գետերի վրա: Առափնյակի երկարությունը քարտեզի մասշտաբով պետք է լինի 3 մմ-ից ոչ պակաս:

96. (160-162, 299) Բնութագիր տրվում է 100 մ և ավելի երկարությամբ վերջրյա ամբարտակների պատկերներին կից, մնացած դեպքերում նաև 100 մ-ից պակաս երկարությամբ ամբարտակների պատկերներին կից: Բնութագրում նշվում է կառույցի նյութը (ԵԲ-երկաթբետոնե, Ք-քարե, Հողե), ամբարտակի վերին մասի երկարությունն ու լայնությունը և ջրի վերին և ստորին մասերի ջրանիշները: Անցանելի ամբարտակների պատկերներին կից տրվում է նաև ամբարտակի վերին եզրի բարձունքային նիշը: Ստորջրյա ամբարտակների պատկերներին կից տրվում են միայն ջրի վերին և ստորին մասերի ջրանիշները:

Հիդրոհանգույցները պատկերելիս, որոնք իրենցից հիդրոտեխնիկական համալիր են ներկայացնում, զետեղվում է ամբարտակի ավելի մանրամասն բնութագիր` նշվում է ամբարտակի ջրթափ և առանձին խուլ մասերի կառույցի նյութը, ջրթափ մասի և ամբարտակի ընդհանուր երկարությունը և ամբարտակի վերին մասի լայնությունը: Վերին և ստորին մակարդակների ջրանիշների փոխարեն տրվում է դրանց տարբերությունը:

97. (163, 164) 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա քարտեզի մասշտաբով չարտահայտվող լայնություն ունեցող ջրաթմբերը պատկերվում են լայնակի գծիկներով` երկու գծով: 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա բոլոր ջրաթմբերն ու արգելաթմբերը, որոնց լայնությունը քարտեզի մասշտաբով չի արտահայտվում պատկերվում են լայնակի գծիկներով` մեկ գծով:

98. (165) Ջրանցույցների պայմանական նշանների չափերը սահմանվում են ելնելով դրանց երկարություններից, ինչպես որ ընդունված է կամուրջների համար:

99. (166) Կառուցվող ջրամբարների մակերեսների և սահմանների պայմանական նշանը կիրառվում է քարտեզների վրա կառուցվող ջրամբարների հեղեղման մակերեսների արտապատկերման համար:

100. (167, 169, 170) Ջրագծերը (վերգետնյա և ստորգետնյա) պատկերվում են քարտեզի մասշտաբով 1 սմ և ավելի երկարության դեպքում, եթե դրանք անցնում են բնակավայրերից դուրս:

Քանքանների պայմանական նշանները կիրառվում են քարտեզների վրա ստորգետնյա ջրհորների համակարգի պատկերման համար: Դրանք կառուցվում են սակավաջուր շրջաններում գրունտային ջրերի հավաքման, տեղափոխման և երկրի մակերևույթ դուրս բերման նպատակով:

Քարտեզների վրա տրվում են 1 սմ-ից ոչ պակաս երկարությամբ քանքանները:

101. (171-175, 178, 179) Անանուն կողմնորոշիչ նշանակության ջրհորների նշաններին կից տրվում է Ջ մակագրությունը: Արտեզյան ջրհորների նշաններին կից տրվում է արտ. ջրհ. մակագրությունը:

1:25 000 մասշտաբի քարտեզների վրա ջրհորների նշաններին կից տրվում են հողի նիշը, ջրհորի խորությունը և ջրի որակական հատկանիշները:

102. (177) Քարտեզի մասշտաբով չարտահայտվող ջրամբարների և ջրերի հավաքման համար կառուցված այլ օբյեկտների պայմանական նշանները նախատեսված են քարտեզի մասշտաբով 1 մմ2-ից պակաս մակերեսի դեպքում ջրամբարների, ջրավազանների, անձրևափոսերի, անձրևաջրերի և գրունտային ջրերի հավաքման համար կառուցված օբյեկտների պատկերման համար: Նշված օբյեկտների պայմանական նշաններին կից տրվում են ջրմբ., ջրավ. բացատրական մակագրությունները:

1 մմ2  և ավելի մակերես ունեցող ջրերի հավաքման համար կառուցված օբյեկտները տրվում են քարտեզի մասշտաբով` կապույտ գույնի եզրագծով:

102. Քարտեզի մասշտաբով չարտահայտվող նավահանգիստների պայմանական նշաններով պատկերվում են 0.5 մմ-ից պակաս լայնությամբ նավահանգիստներն ու նավամատույցները: Այդ կառույցների պատկերների երկարությունները պետք է համապատասխանեն քարտեզի մասշտաբով իրենց իրական չափերին, բայց 1 մմ-ից պակաս չպետք է լինեն:

103. (184) Քարտեզի մասշտաբով չարտահայտվող ստորջրյա, վերջրյա և չորացող քարերը, վերջրյա ժայռերը քարտեզի վրա ցույց են տրվում առաջին հերթին:

104. (185, 186) Բարձունքային նիշերով և իզոբաթներով քարտեզների վրա արտապատկերվում է խոշոր լճերի և ջրամբարների հատակի ռելիեֆը: Մերձցամաքային ծանծաղուտների (շելֆ), լճերի և ջրամբարների տեղագրական հանույթի նյութերի առկայության դեպքում դրանց հատակները կարելի է պատկերել հորիզոնականներով (դարչնագույն) և Բալթյան համակարգի բարձունքային նիշերով:

105. (187) Փարոսների պայմանական նշանները կիրառվում են քարտեզների վրա լուսաօպտիկական համակարգով սարքավորված աշտարակակերպ կառույցների պատկերման համար: Դրանք կողմնորոշիչներ են հանդիսանում ափին մոտեցող նավի համար:

 

8. ՌԵԼԻԵՖ

 

106. (188) Հիմնական, լրացուցիչ (կիսահորիզոնականներ) և օժանդակ հորիզոնականները քարտեզների բնօրինակների վրա անցկացվում են 0.1 մմ հաստությամբ գծերով, հիմնական հաստացված հորիզոնականները` 0.2 մմ հաստությամբ գծերով: Լանջերի ուղղության ցուցիչները (բերգշտրիխները) ցույց են տրվում 0.6 մմ երկարությամբ բարակ գծիկներով:

Հրատարակչական բնօրինակի վրա հորիզոնականներն անցկացվում են բոլոր օբյեկտների պատկերների վրայով առանց կտրելու, բացառությամբ երկու գծով տրվող գետերի և ջրանցքների, քարտեզի մասշտաբով չարտահայտվող 3 մմ-ից պակաս լայնությամբ ողողատների և ձորակների, փոսերի, փորվածքների, բաց հանքերի, արգելաթմբերի և դայկաների:

Հորիզոնականների մակագրությունները տրվում են թվանշանի հիմքը ուղղելով դեպի լանջի ստորոտը, ընդ որում, հնարավորության դեպքում թերթի շրջանակի հարավային կամ արևելյան կողմին զուգահեռ:

107. (189) Չոր հուները կախված իրենց լայնությունից պատկերվում են մեկ կամ երկու գծով` ինչպես ընդունված է գետերի և դրանց վտակների համար, գծերը ակունքից մինչև գետաբերան աստիճանաբար հաստացնելով: Չոր հուները պատկերվում են ըստ չորացող գետերի և լճերի ցուցումների և տվյալների (կ. 70, 74): Քարտեզի մասշտաբով չոր հուների ափագծերը պատկերող գծերի միջև 3 մմ և ավելի լայնության դեպքում հորիզոնականները անցկացվում են, իսկ 1.5 մմ և ավելի լայնության դեպքում համապատասխան պայմանական նշաններով պատկերվում է հատակի գրունտը (ավազային, ճալաքարային և կոպճային մակերևույթներ, քարացրոններ): Այդպես պատկերվում է նաև չորացող լճերի գոգահովիտների հատակի գրունտը: Եթե չոր հուների կամ չորացող լճերի գոգահովիտների հատակի գրունտի պատկերման համար տվյալներ չկան, ապա ափագծերի միջև ցույց է տրվում ավազ:

108. (191) Ճանապարհների խաչմերուկների, կողմնորոշիչներ հանդիսացող առանձին ծառերի և կառույցների մոտի բարձունքային նիշերի մակագրությունները որպես օրինակ են բերված, բարձունքային նիշեր կարող են զետեղվել նաև այլ կողմնորոշիչներ հանդիսացող օբյեկտների պատկերներին կից:

109. (195) Մնացուկային ժայռերի պատկերման համար նախատեսված է երկու չափի պայմանական նշան: Մեծ չափի նշանը կիրառվում է ավելի խոշոր ժայռերի առանձնացման համար, որոնք կարող են լավ կողմնորոշիչներ հանդիսանալ:

100 (196) Առանձին քարերի և քարակույտերի պայմանական նշանները նախատեսված են կողմնորոշիչներ հանդիսացող առանձին խոշոր քարերի և քարակույտերի պատկերման համար:

111. (197) Փոսերի պայմանական նշաններով պատկերվում են մարդու գործունեության հետևանքով առաջացած տարբեր փոսերը (փորվածքներ, քանդված գետնատներ, մառաններ և այլն), ինչպես նաև բնական ծագման նման ձևերը (քարտեզի մասշտաբով արտահայտվող կարստային ձագարներ, անկումներ և այլն):

Բլրակների և թմբերի պայմանական նշաններով պատկերվում են ինչպես արհեստական թմբերը, այնպես էլ բնական ծագման տարբեր բլրակները:

112. (198) Ափային, պատմական և այլ արգելաթմբերի պայմանական նշաններով պատկերվում են տեղանքում առանձնացված բնական և արհեստական ծագման արգելաթմբերը, որոնք հորիզոնականներով կտրել չի կարելի:

113. (199) Քարտեզի մասշտաբով չարտահայտվող կարստային ձագարների պայմանական նշաններով պատկերվում են քարտեզի մասշտաբով 2 մմ-ից պակաս տրամագիծ ունեցող կարստային և ջերմակարստային ձագարները: Կարստային և ջերմակարստային գոյացությունների խոշոր ձևերը պատկերվում են փոսերի, դարափուլերի, ժայռերի պայմանական նշաններով, ինչպես նաև հորիզոնականներով: Կարստային և ջերմակարստային գոյացությունների պատկերներին կից տրվում է կարստ կամ ջերմակարստ մակագրությունը:

114. (200) Քարանձավների և քարայրների մուտքերը քարտեզների վրա պատկերվում են համապատասխան մակագրություններով պայմանական նշաններով:

105 (201) Քարտեզի մասշտաբով արտահայտվող հրաբխային խառնարանները ցույց են տրվում դարափուլերի, ժայռերի պայմանական նշաններով կամ հորիզոնականներով (եթե խառնարանի ներքին լանջերը մեղմաթեք են):

Ցեխային հրաբուխների խառնարանների պայմանական նշաններին կից տրվում է ցեխ. մակագրությունը:

116. (202) Դայկաների պայմանական նշաններով պատկերվում են շրջապատող տեղանքից բարձրացվող և ընդհանուր թեքության հետ չհամաձայնեցվող կարծր ապարներից կազմված նեղ ձգված թմբաշարերը: Նշանակալի ձգվածություն կամ բարձրություն ունեցող դայկաների նշաններին կից տրվում են դրանց հարաբերական բարձրությունների մակագրությունները:

117. (203) Լավային հոսքերի պայմանական նշաններով պատկերվում են գործող հրաբուխների խիստ էրոզիայի չենթարկված, հողային և բուսական ծածկույթից զուրկ լանջերին և ստորոտում սառած լավային հոսքերը: Լավային ծածկույթով մակերևույթների պատկերների վրա տրվում է Լավային ծածկույթ մակագրությունը:

118. (204, 205, 206, 207) Ֆիռնային դաշտերի սահմանները տրվում են կապույտ գույնի գծիկներով, բացի այն դեպքերից, երբ դրանք անցնում են բնական սահմաններով` ժայռերով և դարափուլերով: Սառցադաշտային լեզվակները ուրվագծվում են բարակ կապույտ գույնի գծերով: Ֆիռնային դաշտերի և սառցադաշտային լեզվակների պատկերները միմյանցից ուրվագծով չեն առանձնացվում:

Ժայռերի և թափվածքների պատկերների վրայով անցկացվում են միայն հաստացված հորիզոնականները, բայց 0.1 մմ հաստությամբ:

Թմբեզրերի պատկերների վրայով հորիզոնականները անցկացվում են առանց կտրելու:

109 (210) 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա մինչև 5 մ լայնությամբ և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա մինչև 10 մ լայնությամբ ողողատներն ու ձորակները պատկերվում են մեկ գծով, երկու գծով տրվում են դրանց մեծ լայնության դեպքում: Քարտեզի մասշտաբով 1մմ և ավելի լայնությամբ ձորակները տրվում են երկու ատամիկավոր գծերով: 3 մմ և ավելի լայնությամբ ձորակների հատակով հորիզոնականներն անցկացվում են: Ողողատների ու ձորակների պատկերներին կից տրվում է լայնության (վերին մասի) և խորության (մետրերով) բնութագիր: Բնութագիրը տրվում է ողողատի կամ ձորակի պատկերի մեջտեղի մասում, իսկ դրանց մեծ ձգվածության դեպքում` մի քանի տեղերում (յուրաքանչյուր 3-5 սմ-ի վրա): Փոքր ողողատների ու ձորակների մեծ քանակության դեպքում դրանց մի մասը տրվում է առանց բնութագրի:

120. (207, 208) Նալեդների (մակասառցաշերտ) պայմանական նշաններով ցույց են տրվում գետային` գետերի ողողատներում և գրունտային` ստորգետնյա ջրերի ելքերի մոտի նալեդները:

Սողանքային տեղամասերը պատկերվում են կտրտված հորիզոնականներով: Սողանքի պատկերի վերին եզրով ցույց է տրվում դարափուլը, եթե այն հստակ արտահայտված է տեղանքում: Սողանքների վրա բուսականությունը տրվում է համապատասխան պայմանական նշաններով:

 

9. ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐՈՒՆՏՆԵՐ

 

121. (212) Տեղանքում հստակ արտահայտվող բուսական ծածկույթի տեղամասերի, գրունտների և վարելահողերի սահմանները տրվում են կետային ուրվագծով: Վարելահողերը ոչ մի պայմանական նշանով չեն լրացվում: Վարելահողի ոչ մեծ տեղամասերը կողմնորոշիչներ չունեցող տարածքներում առանձնացվում են ուրվագծով և Վ մակագրությամբ:

122. (213, 214, 220-224) Բարձրաբուն, ցածրաբուն, մատղաշ անտառները և մինչև 4 մ բարձրությամբ տնկիները պատկերվում են բաժանվելով փշատերև, սաղարթավոր և խառը անտառների, որոնց համար կիրառվում են գծիկավոր պայմանական նշաններ: Ծառերի գերակշռող տեսակները նշվում են մակագրություններով: Խառը անտառի պատկերման ժամանակ նշվում են երկու հիմնական տեսակները: Խառը համարվում են այն անտառները, որտեղ ծառերի մի տեսակը կազմում է ծառույթի 80 %-ից ոչ ավելին: Անտառի տեսակի նշաններին կից տրվում է ծառույթի բնութագիրը: Անտառի ծառույթի բնութագրում նշվում են միջին մեծություններ` միջին բարձրություն, բնի միջին հաստություն և ծառերի միջև միջին հեռավորություն:

Նվազ և ցածրաբուն անտառներ են համարվում տարիքով ծառույթները, որոնք գտնվում են աճի համար անբարենպաստ պայմաններում (ճահիճներ, քարային գրունտներ և այլն), ունեն 6 մ-ից պակաս բարձրություն, բարակ բուն և թույլ զարգացած սաղարթ: Ցածրաբուն անտառների ծառույթի բնութագիրը տրվում է միայն մեծ զանգվածների պատկերման դեպքում սովորական անտառի բնութագրի նման:

Մատղաշ և նորատունկ անտառի պայմանական նշանով պատկերվում են մինչև 4 մ բարձրությամբ ծառերով անտառները: Մատղաշ և նորատունկ անտառի նշանների մոտ տրվում է միայն ծառերի միջին բարձրությունը (մետրերով), 1 մ-ից պակաս բարձրությամբ ծառերի համար տրվում է մետրի տասնորդական մասի ճշտությամբ:

Հողմաջարդոնների պայմանական նշաններով պատկերվում են անտառի այն տեղամասերը, որտեղ ծառերի կեսից ավելին կոտրված և շուռ եկած են: Անտառազանգվածում տարածված հողմաջարդոնի տեղամասերը առանձնացվում են քարտեզի մասշտաբով 25 մմ2 և ավելի մակերեսի դեպքում, իսկ բաց տեղանքում` 10 մմ2 և ավելի մակերեսի դեպքում:

Նոսր անտառների պայմանական նշանները կիրառվում են այն ծառույթների պատկերման համար, որոնք չունեն համատարած մեղմաթեքություն, այսինքն սաղարթների միջև հեռավորությունը 2-5 սաղարթի տրամագծի չափ է (կախված ծառատեսակից):

Սաղարթների միջև ավելի մեծ հեռավորությունների դեպքում կիրառվում են միայնակ ծառերի պայմանական նշանները: Նոսր անտառները քարտեզների վրա տրվում են հիմնական բուսածածկի` թփուտների, մացառուտների կամ մերկացած գրունտների` քարացրոնների, մոնոլիթ մակերևույթների նշանների հետ համատեղ:

Անտառի այրված և չորացած տեղամասերի պայմանական նշանները կիրառվում են անտառի այն տեղամասերի պատկերման համար, որտեղ ծառերի մեծ մասը այրված կամ չորացած են:

Հատած անտառների պայմանական նշանով ցույց են տրվում նախկին անտառի տեղամասերը, որտեղ պահպանվել են կոճղերը: Պայմանական նշանը կիրառվում է բուսական ծածկի նշանների հետ համատեղ:

123. (215, 229) Նեղ անտառաշերտերի ու պաշտպանիչ անտառատնկարկների և թփերի նեղ շերտերի ու բուսացանկապատերի պայմանական նշաններով ցույց են տրվում ծառային և թփային տնկարկների շերտերը, որոնց լայնությունը քարտեզի մասշտաբով 1.5 մմ-ից պակաս է: Այդպիսի տնկարկները մեծ լայնության դեպքում ցույց են տրվում անտառի կամ համատարած թփուտների նշաններով:

Թվերով նշվում է ծառերի միջին բարձրությունը, մինչև 1 մ բարձրությամբ տնկարկների բարձրությունը տրվում է մետրի տասնորդական մասի ճշտությամբ:

124. (216-219) Քարտեզի մասշտաբով չարտահայտվող անտառի ոչ մեծ տարածքի պայմանական նշանով պատկերվում են անտառատափաստաններում և այլ տարածքներում ոչ մեծ պուրակները, երբ տեղանքում կողմնորոշիչների քանակը մեծ է և դրանք կողմնորոշիչ նշանակություն չունեն:

Քարտեզի մասշտաբով չարտահայտվող պուրակների պայմանական նշանները և առանձին ծառերի նշանները կիրառվում են կողմնորոշիչներ հանդիսացող համապատասխանաբար ոչ մեծ պուրակների ու ծառերի պատկերման համար:

Կողմնորոշիչներ չհանդիսացող առանձին ծառերի պայմանական նշանները կիրառվում են բնակավայրերի թաղամասերում, առանձին բակերում, բանջարանոցներում և վարելահողերում ծառերը ցույց տալու համար:

125. (225) 20, 40 և 60 մ և ավելի լայնությամբ անտառուղիները համապատասխանաբար 1:25 000 մասշտաբի, 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում քարտեզի մասշտաբով իրենց իրական լայնությանն համապատասխան երկու ընդհատվող բարակ գծերով: Նեղ անտառուղիները ցույց են տրվում մեկ ընդհատվող գծով:

Քարտեզի մասշտաբով չարտահայտվող անտառուղիներով անցնող ճանապարհները, սահմանները, կապի գծերը, առվակները և այլ օբյեկտները ցույց են տրվում ընդունված պայմանական նշաններով, այսպիսի դեպքերում անտառուղու պայմանական նշանը չի տրվում:

126. (226-228, 230-232) Թփուտների պայմանական նշաններով պատկերվում են այն թփուտները, որոնք կազմված են 0.8-6.0 մ բարձրությամբ, հողից անմիջապես ճյուղավորվող բազմամյա ծառանման բուսականությունից: Առանձին թփերը և թփերի խմբերը ցույց են տրվում մեկ ընդհանուր պայմանական նշանով, որի շրջանակը պետք է համապատասխանի տեղանքում թփի դիրքին կամ թփերի խմբի կենտրոնին: Թփուտների տեսակն ու բարձրությունը նշվում են համատարած թփուտների պատկերման ժամանակ: Թփերի միջին բարձրությունը տրվում է մետրի տասնորդական մասի ճշտությամբ, եթե այն 1 մ-ից ցածր է և ամբողջական մետրերով, եթե 1 մ-ից բարձր է:

127. (234, 235) Պտղատու և խաղողի ու պտղատու և հատապտղատու այգիների պայմանական նշանները կիրառվում են խառը այգիների պատկերման համար, որոնցում պտղատու ծառերի տնկիներին հերթագայում են խաղողի կամ հատապտղատու տնկիները:

128. (236) Տեխնիկական կուլտուրաների պլանտացիաների պայմանական նշաններով տրվում են ծառային, թփային կամ խոտային տեխնիկական կուլտուրաների պլանտացիաները, որոնց պատկերման համար հատուկ նշաններ նախատեսված չեն: Առանձնացվում են այն կուլտուրաների պլանտացիաները, որոնցով հողային տարածքները զբաղեցված են մշտապես: Կուլտուրաների ձևերը նշվում են մակագրություններով` վարդ, ծխախոտ:

129. (237-241) Խոտային բուսականությունը 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա պատկերելիս բաժանում է` մարգագետնային, ցածրախոտ խոնավասեր և բարձրախոտ խոտային բուսականության: 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա մարգագետնային և ցածրախոտ խոնավասեր բուսականությունը տրվում է միևնույն` մարգագետնի պայմանական նշանով:

Եղեգնային մացառուտները տրվում են ցածրադիր ափերի, գետերի ու ճահճացող լճերի ջրային մակերևույթների վրա: Այդպիսի բուսականության պայմանական նշանները տրվում են առանց սյունակավորման 0.5-1 սմ-ի վրա:

Քարտեզի մասշտաբով չարտահայտվող ճահճաբույսերի պայմանական նշանը նախատեսված է տեղանքում առանձնացված, քարտեզի մասշտաբով 10 մմ2 -ից պակաս մակերես զբաղեցնող ոչ մեծ ճահճացած տարածքների պատկերման համար, ճահճաբույսերի մեծ տարածքները քարտեզների վրա տրվում են ուրվագծմամբ: Ճահճաբույսերը խոտային բուսականության հետ ցույց են տրվում միայն 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա: Ճահճացած տեղամասերը բոլոր երեք մասշտաբների քարտեզների վրա քարտեզի մասշտաբով 10 մմ2 -ից ոչ պակաս մակերեսի դեպքում տրվում են, եթե դրանք բնորոշ են տվյալ տարածքին կամ էլ կողմնորոշիչ են հանդիսանում:

Փոքրիկ թփուտների պայմանական նշանները կիրառվում են 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա փոքրիկ թփուտները այլ տեսակի բույսերի կամ գրունտների հետ զուգակցմամբ պատկերելու համար: Ավելի բարձր բուսականության առկայության դեպքում փոքրիկ թփուտները ցույց չեն տրվում:

Մամռային և քարաքոսային բուսականության պայմանական նշանները կիրառվում են այս տեսակի բույսերի պատկերման համար այն դեպքերում, երբ տվյալ տարածքում ուրիշ ավելի բարձր համատարած բուսականություն չկա: 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա բուսականության այս տիպերը ցույց են տրվում մեկ պայմանական նշանով` մամռային և քարաքոսային բուսականության:

130. (242, 243) Ոչ մեծ ճահիճները և աղուտները պատկերելիս (քարտեզի մասշտաբով 1 սմ2 -ից պակաս մակերեսով) պայմանական նշանի գծիկների միջև հեռավորությունը 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա փոքրացվում է մինչև 0.8 մմ և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա մինչև 0.6 մմ: Ճահիճների պատկերների վրա բուսականության պայմանական նշանները տրվում են առանց սյունակավորման:

Ճահիճների 0.5-2 մ խորությունը տրվում է 0.1 մ ճշտությամբ, մեծ խորության դեպքում տրվում է 2 մ-ից խոր մակագրությունը:

131. (244) Թակիրների պայմանական նշանները կիրառվում են անապատային և կիսաանապատային տարածքներում հանդիպող պինդ կեղևով, մանր ճաքերով մասնատված կավային մակերևույթների պատկերման համար: Քարտեզի մասշտաբով 25 սմ2 -ից պակաս մակերեսով թակիրները ցույց են տրվում մեկ գծիկով նշանով:

132. (245) Կավային մակերևույթների պայմանական նշանները կիրառվում են 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա անապատային տարածքներում հանդիպող քարտեզի մասշտաբով 1 սմ2 -ից ոչ պակաս մակերեսով կավային կամ ավազակավային մերկացած տեղամասերի պատկերման համար:

133. (247.1) Քարացրոններին և խճային մակերևույթներին բնորոշ են սրածայր բեկորատված նյութի կուտակումները: Քարացրոնները տարածված են հարթ գագաթներին, մեղմաթեք լանջերին և լեռների ստորոտներին: Խճային մակերևույթները տարածված են անապատային և կիսաանապատային հարթություններում, որտեղ դրանք կարող են մեծ տարածքներ զբաղեցնել: Այս մակերևույթները պատկերող նշանը կարող է օգտագործվել ծառային և թփային բուսականության նշանների հետ համատեղ:

134. (247.2) Քարային մակերևույթները պատկերող նշանը օգտագործվում է քարտեզի մասշտաբով 1 սմ2 -ից ոչ պակաս մակերեսով մերկացած կամ հողմնահարման կեղևով թույլ ծածկված մոնոլիթ (միաձույլ) ապարների ելքերով տարածքները պատկերելու դեպքում:

135. (249) 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա ավազային ռելիեֆի ձևերը ցույց են տրվում հորիզոնականներով, իսկ ավազային գրունտի առկայությունն արտահայտվում է ավազների պայմանական նշանով: 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա հորիզոնականները կիրառվում են ավազային ռելիեֆի խոշոր ձևերի պատկերման համար, ավազային ռելիեֆի մանր ձևերը պատկերվում են համապատասխան պայմանական նշաններով:

136. (250-270) Աղյուսակներում տրված օրինակները ցույց են տալիս, թե ինչպես են քարտեզների վրա պատկերվում գրունտների և բուսականության համեմատաբար մեծ տարածում ունեցող կապակցությունները: Ուրվագծված մեկ տարածքում 3 տեսակի պայմանական նշանից ավելի չի կարելի միավորել:

137. (252, 254) Տեղանքում ոչ հստակ արտահայտվող բուսական ծածկույթի և գրունտների տեղամասերի սահմանները կազմողական բնօրինակների վրա ցույց են տրվում կարմիր գույնի նոսր գծիկներով:

 

10. ՍԱՀՄԱՆՆԵՐ

 

138. (271) Պետական սահմանն անցկացվում է հատուկ մանրամասնությամբ, սահմանազատման նյութերին խիստ համապատասխան:

ՀՀ պետական սահմանը տեղանքում գծանշվում է պարզ տեսանելի սահմանանշաններով, որոնց ձևերը, տեղադրման կարգն ու նկարագիրը սահմանում է ՀՀ կառավարությունը ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան:

Բոլոր սահմանասյուների նշանները պետք է տրվեն կոորդինատներով: Տեղանքը, որով անցնում է պետական սահմանը պատկերվում է հնարավորության սահմաններում մանրամասնորեն, պահպանելով բոլոր բնորոշ առանձնահատկությունները, հատուկ մանրամասնությամբ մշակվում են պետական սահմանի շրջադարձերն ու ուղղագիծ տեղամասերը, որի ժամանակ բոլոր կտրուկ շրջադարձերը նշվում են պայմանական նշանի կետերով:

Եթե պետական սահմանը անցնում է գետով, ջրանցքով, նեղ նեղուցով, ապա քարտեզի վրա գետի երկու կողմում ցույց են տրվում տեղանքում տեղակայված սահմանանշանները: Սահմանանշանների համարները տրվում են միայն մեկ կողմում:

139. (271, 272, 274-277) Պետական սահմանը պատկերելիս պահպանվում են հետևյալ դրույթները.

տեղանքի գծային օբյեկտների հետ չհամընկնող սահմանները ցույց են տրվում չընդհատվող պայմանական նշաններով, ընդ որում, պայմանական նշանի առանցքը պետք է համընկնի սահմանի իրական դիրքին, գծային օբյեկտների (ճանապարհի, ջրանցքի, գետի) հետ համընկնող սահմանները ցույց են տրվում պայմանական նշանի հատվածներով` յուրաքանչյուր հատվածում 3-4 օղակ պատկերված փոփոխաբար օբյեկտի երկու կողմում` հատվածների միջև հեռավորությունները 4 սմ-ից ավելի չպետք է լինեն, եթե սահմանը համընկնում է ուրվագծի հետ, ապա ուրվագծի նշանը չի տրվում, տրվում է սահմանի պայմանական նշանը, երկու գծով պատկերված գետերով անցնող սահմանները ցույց են տրվում ափագծերի մեջտեղում, պահպանելով քարտեզագրական նյութի վրա եղած կորություններն ու շրջադարձերը:

140. (273) Քարտեզների վրա ցույց են տրվում բոլոր պետական արգելանոցների և ազգային պարկերի սահմանները: Արգելանոցի սահմանի պայմանական նշանը կարելի է կտրել միայն այն տեղերում, որտեղ սահմանն անցնում է քարտեզի վրա հստակ պատկերված իրական սահմանով` լճափով, գետի ափով և այլն:

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐ

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ

 

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ ՏՎՅԱԼ ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՐ

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ

 

ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՈՒ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ, ԱՐԱՀԵՏՆԵՐ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

ՋՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՋՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՋՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՋՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՋՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՌԵԼԻԵՖ

 

ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՎՐԱ ՌԵԼԻԵՖԻ ՈՐՈՇ ՏԱՐՐԵՐԻ ՊԱՏԿԵՐՈՒՄԸ

 

ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐՈՒՆՏՆԵՐ

 

ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐՈՒՆՏՆԵՐ

 

ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐՈՒՆՏՆԵՐ

 

ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

ՍԱՀՄԱՆՆԵՐ

 

ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ