Համարը 
N 35-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.02.09/6(1095) Հոդ.79
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.01.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.01.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2015 թվականի N 35-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարվա ընթացքում սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է՝ 10 տոկոս ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով` մեկ տարվա ընթացքում 4000 տոննայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի (թույլտվության) առկայության դեպքում.

2) սպիտակ շաքարի ( ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) ներմուծման մեկանգամյա լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

2. Հաստատել՝

1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) Հայաստանի Հանրապետություն երրորդ երկրներից ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների կողմից սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունվարի 30
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 22-ի N 35-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 ԵՎ 1701 99 100 9) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) Հայաստանի Հանրապետություն երրորդ երկրներից ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) երրորդ երկրներից ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման հետ կապված հարաբերություններն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև:

2. Սույն կարգը մշակվել է 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) N 3 հավելվածի 43-րդ կետին համապատասխան:

3. Սույն կարգով սահմանված հարաբերությունները կարգավորվում են նաև Մաքսային միության 2009 թվականի հունիսի 9-ի Արտաքին առևտրի ոլորտում ապրանքների լիցենզավորման կարգի մասին համաձայնագրին համապատասխան:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

1) ներմուծման թույլատրելի ծավալ` ծավալ, որը սահմանվում է՝ ելնելով վերջին երեք տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման միջին ծավալից.

2) մեկանգամյա լիցենզիա` պաշտոնական թույլտվություն է, որը տրվում է հաշվետու ժամանակաշրջանում որոշակի ծավալով (քանակով) ապրանքի ներմուծման համար.

3) ապրանք` ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9 ծածկագրին դասվող սպիտակ շաքար.

4) հաշվարկված ժամանակաշրջան` ներմուծման սահմանափակման կիրառման տարվան անմիջապես նախորդող երեք տարին.

5) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.

6) պատմական գնորդներ` հաշվարկված ժամանակաշրջանում ներքին սպառման համար ապրանք ներմուծող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ.

7) հայտատու` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակից.

8) լիազոր մարմին` ապրանքի ներմուծման լիցենզիա տալու իրավասություն ունեցող պետական մարմին:

 

III. ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 ԵՎ 1701 99 100 9) ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

5. Ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալները բաշխվում են հետևյալ կերպ՝

1) պատմական գնորդների համար` համապատասխան տարվա համար ընդհանուր թույլատրելի ծավալի 90 տոկոսը.

2) այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար` համապատասխան տարվա համար ընդհանուր թույլատրելի ծավալի 10 տոկոսը:

6. Այն դեպքերում, երբ նշված կարգով բաշխման արդյունքում ստացվում է կոտորակային թիվ, ապա բաշխման արդյունքները ենթակա են կլորացման՝ մինչև ամբողջ թիվ:

 

IV. ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

7. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև երրորդ երկրներից ներմուծման թույլատրելի ծավալը 2015 և 2016 թվականների համար բաշխվում է` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից դիմում ներկայացնելու ժամկետի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից լիազոր մարմին հայտեր ներկայացնելու ժամկետներն են՝

1) 2015 թվականի համար` պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում.

2) 2016 թվականի համար` մինչև 2015 թվականի օրացուցային տարվա նոյեմբերի 30-ը:

9. Մինչև սույն կարգի 8-րդ կետով սահմանված հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտն արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից հետ կանչված հայտերը համարվում են չներկայացված:

10. Համապատասխան տարվա համար ներմուծման մասին հայտ ներկայացրած պատմական գնորդի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով՝

 

Vi = Vid x D,

 

որտեղ`

Vi -ն i-րդ պատմական գնորդին հատկացվող ներմուծման թույլատրելի ծավալն է,

Vid-ն բոլոր պատմական գնորդներին՝ համապատասխան տարվա համար ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալն է,

D-ն գործակից է, որն արտացոլում է հաշվարկված ժամանակաշրջանում ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալում պատմական գնորդի մասը։

D գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով, ընդ որում, գործակցի մեծությունը կլորացվում է մինչև տասնորդական միավորը՝

 

D = Vipt / Vt,

 

որտեղ`

Vipt-ն պատմական գնորդի կողմից հաշվարկված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է,

Vt-ն բոլոր պատմական գնորդների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է:

11. Ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները մինչև հաշվետու ժամանակահատվածի հունիսի 1-ը լիազոր մարմին են ներկայացնում հայտ` սույն կարգի 14-րդ կետի պահանջներին համապատասխան:

12. Չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը լիազոր մարմնի կողմից բաշխվում է`

1) պատմական գնորդների համար` սույն կարգի 10-րդ կետի պահանջներին համապատասխան.

2) այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև` հավասարաչափ:

13. Մաքսային ոլորտի լիազոր մարմինը լիազոր մարմին է ներկայացնում`

1) 2015 թվականի համար` մինչև 2015 թվականի հունվարի 30-ը՝ սույն կարգի N 1 ձևով սահմանված` 2013-2014 թվականների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից ապրանքի ներմուծման բնաիրային ծավալների մասին տեղեկատվություն.

2) 2016 թվականի համար` մինչև 2015 թվականի նոյեմբերի 1-ը՝ սույն կարգի N 1 ձևով սահմանված` 2014-2015 թվականների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից ապրանքի ներմուծման բնաիրային ծավալների մասին տեղեկատվություն.

3) հաշվետու տարվա ընթացքում, մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը, եռամսյակային կտրվածքով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից ապրանքի ներմուծման բնաիրային ծավալների մասին տեղեկատվություն:

 

V. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

14. Հայտատուն ապրանքի ներմուծման համար մեկանգամյա լիցենզիա ստանալու համար լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) հայտ` համաձայն N 2 ձևի.

2) արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար ներմուծման մասին պայմանագրի կամ հաշիվ-ապրանքագրի պատճենը։

15. Մեկանգամյա լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ:

16. Մեկանգամյա լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` sekretariat@mineconomy.am), ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։

17. Հայտատուի կողմից, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան, փաստաթղթերը ներկայացվելու և հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում լիազոր մարմնի կողմից 15-օրյա ժամկետում կարող է տրամադրվել կամ մերժվել մեկանգամյա լիցենզիայի տրամադրումը:

18. Մեկանգամյա լիցենզիա ստացած անձինք մեկանգամյա լիցենզիայի ժամկետի ավարտման օրվանից 15 օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում նշված ապրանքի ներմուծման մասին տեղեկատվություն:

19. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

20. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

21. Մեկանգամյա լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:

22. Մեկանգամյա լիցենզիայի ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին: Մեկանգամյա լիցենզայի ժամկետի ավարտ է համարվում համապատասխան օրացուցային տարվա ավարտը:

23. Մեկանգամյա լիցենզիան մերժվում, տրամադրվում է, լիցենզիայի գործողությունը կասեցվում և դադարեցվում է լիազոր մարմնի որոշմամբ` Մաքսային միության 2009 թվականի հունիսի 9-ի Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին համաձայնագրով սահմանված դեպքերում և կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան

 

 Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 ԵՎ 1701 99 100 9) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲՆԱԻՐԱՅԻՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

(հաշվարկված ժամանակահատվածի համար)

NN
ը/կ

ԱՏԳ մասնակիցը

ՀՎՀՀ-ն

Ներմուծված ապրանքի ծավալը (տոննա)

Հաշվարկված ժամանակահատվածում ԱՏԳ մասնակցի ներմուծման բաժինն ընդհանուր ներմուծման նկատմամբ
 (տոկոս)

ընդամենը

այդ թվում`

201- թվական

201- թվական

 
             
             
             
             
             
             
             
             
             

Ընդամենը

         

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 ԵՎ 1701 99 100 9) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայտ N

2. Գործողության ժամկետը

3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը
 ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր

N  առ

5. Հայտատուն

6. Վաճառողը

7. Արտահանող երկիրը

8. Վաճառողի երկիրը

9. Պայմանագրով նախատեսված տարադրամը

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը

13. Քանակը

14. Չափի միավորը

15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

16. Լրացուցիչ տեղեկատվություն

- Նշել ներմուծվող ապրանքի օգտագործման նպատակը (արդյունաբերական կամ առևտրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 35 -Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված հաշվետու ժամանակաշրջանում օգտագործվելիք ծավալները) ----

- Նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 35 -Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված՝ հաշվարկված ժամանակաշրջանում արտադրության մեջ օգտագործված ծավալները -----

17. Մեկանգամյա լիցենզիա տալու հիմքը

18. Հայտատուի լիազորած անձ

Անունը, հայրանունը, ազգանունը
Պաշտոնը`
Հեռախոսահամարը`
Ստորագրությունը և կնիքը
_____ _____________ 201  թ.

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 22-ի N 35-Ն որոշման

 

Մ Ե Կ Ա Ն Գ Ա Մ Յ Ա   Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 ԵՎ 1701 99 100 9) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին

1. Մեկանգամյա լիցենզիա N

2. Գործողության ժամկետը

3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը
 ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր
N
առ

5. Հայտատուն

6. Վաճառողը

7. Ուղարկող երկիրը

8. Վաճառողի երկիրը

9. Պայմանագրով նախատեսված տարադրամը

10. Արժեքը

11. Վիճակագրական
արժեքը

12. Ծագման երկիրը

13. Ծավալը

14. Չափի միավորը

15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Լիցենզիան տալու հիմքը

18. Լիազորված անձ

Անունը, հայրանունը, ազգանունը
Պաշտոնը

Ստորագրությունը և կնիքը
_____ _____________ 201  թ.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան